Մոմավառություն՝ հերոս Վաչիկ Սարգսյանի հիշատակին

Հոկտեմբերի 8-ին Արարատի մարզի Բաղրամյան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ մոմավառություն՝ ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, դպրոցի սան՝ Վաչիկ Սարգսյանի մահվան տարելիցի։

Հերոսի դասընկերները մոմավառություն էին կազմակերպել դպրոցում, որին ներկա էին Վաչեի ընտանիքի անդամները, ընկերներն ու համագյուղացիները։

Միջոցառումը սկսեցին մեկ րոպե լռությամբ և Տերունական աղոթքով։

Դասընկերները նաև երգեցին հերոսի պատվին, որից հետո դպրոցի տնօրեն Ա. Հարությունյանն իր խոսքն ասաց ներկաներին.

-Նախ շնորհակալություն եմ ուզում հայտնել հերոսի դասընկերներին՝  նրա հիշատակը վառ պահելու  ու նման միջոցառում կազմակերպելու համար։ Նման միջոցառումները, որոնք կազմակերպվում են ի հիշատակ մեր հերոսների՝ իրենց սխրանքի դիմաց փոքրագույնն է, որ կարող ենք ու պարտավոր ենք անել։

Հերոսի դասընկերուհի Էլմիրա Խաչատրյանը նույնպես խոսեց.

-Այս կորուստը մեզ համար անսահման է, վիշտը՝ անչափելի։

Արդեն մեկ տարի է, ինչ մեր ընկերը մեզ հետ չէ։

Հայրենասիրությունը Վաչեի համար լոկ գաղափար չէր։

Վաչեի անունը միշտ կմնա մեր սրտում՝ որպես իսկական հայի ու հայրենանվեր մարտիկի։

Մոմավառությունից հետո ներկաները քայլերթ կազմակերպեցին դեպի Բաղրամյան համայնքի զոհված հերոսների հուշահամալիր՝ ծաղիկներ խոնարհելու՝ ի հիշատակ անմահացած հայորդիների։

Ani Sahakyan

Առցանց գնումների մասին

Վերջին տարիներին Հայաստանում մեծ տարածում են գտել առցանց գնումները՝ ինչպես երկրի ներսում գործող, այնպես էլ երկրից դուրս գործունեություն ծավալող տարատեսակ ընկերություններից։ Ինքս էլ հաճախ նախընտրում եմ գնումների այս տեսակը որոշ դրական կողմերից ելնելով՝ ժամանակի և էներգիայի խնայողություն, Հայաստանում հասանելի չեղող ապրանքների ձեռքբերում, գումարային մատչելիություն և այլն։ Սակայն վերջերս վկա եղա մի դեպքի, որը ստիպեց առավել ուշադիր և զգույշ լինել առցանց գնումների հարցում և մի լավ ուսումնասիրել ընկերությունը, որից պատրաստվում եմ օգտվել։

Ահա, թե ինչ. ընտանիքիս անդամներից մեկը արտասահմանյան X ընկերությունից (որն, ի դեպ, ակտուալ է Հայաստանում և քիչ օգտատերեր չունի) որոշում է ապրանք պատվիրել։ Ապրանքի գնմանը համապատասխան գումարը գանձվում է բանկային քարտից, բայց միևնույն ժամանակ տեղեկացնում են, որ տվյալ ապրանքը առկա չէ։ Այս տեղեկացումից հետո, սակայն, գումարը ետ չի վերադարձվում, և ստացվում է, որ մարդն անկախ իր կամքից «գնել է» առկա չեղող ապրանք։ Այսպես, իր գումարն օրինականորեն հետ ստանալու նպատակով հաճախորդը դիմում է այն բանկ, որի տրամադրած քարտից ինքն օգտվում է և տեղեկանք է ստանում՝ առ այն, որ իր հաշվից այսինչ օրը, այսինչ ժամին, այսինչ նպատակով, այսինչ ընկերության կողմից գանձվել է այսքան գումար։ Եվ, «զինված» այդ տեղեկանքով, հաճախորդը դիմում է ընկերությանը՝ իր գումարը ետ վերադարձնելու պահանջով։ Այսպես, նախ՝ նրան մի բաժնից մյուսն են ուղղորդում, և, երկար ջանքերից հետո հազիվ ստացվում է հաղորդագրություններով կապվել համապատասխան աշխատակիցների հետ, և եթե կարծում եք, որ happy end է սպասվում, ապա պետք է հիասթափեցնեմ ընթերցողին։ Աշխատակիցները ոչ միայն չեն լուծում խնդիրը, հաշվի չեն առնում բանկային տեղեկանքը, այլև այնքան անիմաստ, կրկնվող հարցեր և պատասխաններ են ներկայացնում, որ ես թերևս կհամարեի, որ կորցրել եմ այդ գումարը և այլևս չէի շարունակի հետ պահանջել այն։

Բարեբախտաբար, հաճախորդը դեռ չի հանձնվում և շարունակում է նամակագրությամբ պահանջել իր գումարը, սակայն դեռ հույս տվող արդյունք չկա։ Գլխավոր խնդիրն այս պարագայում այն է, թե քանի անձ է աշխարհի տարբեր կետերից վճարում գոյություն չունեցող ապրանքի համար, նրանցից քանիսն են ինձ նման (ցավոք՝ ի շահ այսպիսի ընկերությունների) հակված համարելու, որ պարզապես կորցրել են այդ գումարը, քանիսն են ընտանիքիս անդամի համառ օրինակին հետևում, և արդյո՞ք այդ համառությունն այս պարագայում պտուղ կտա։

mariam tonoyan

Վիշտը

Արդեն երրորդ օրն էր՝ անձրևը չէր դադարում. աշնան առաջին տեղումներն էին։ Շենքի երկրորդ հարկի պատշգամբում՝ կաթկթող տանիքի տակ, անհանգիստ թռչկոտում էր մոխրագույն, փողոցային մի կատու, որ փորձում էր հասնել ներսում կախված, բայց շեղ անձրևից թրջված լվացքին։ Նույն պահին ներքևում մեկը անձրևանոցը բացելու ապարդյուն ջանքերով շտապ կտրում էր փողոցը՝ ոտքերն անփութորեն ջրափոսերի զուգահեռ աշխարհները նետելով և, ավաղ, արդեն ոտքից գլուխ թաց։ Դարիվայր ճանապարհով հոսող ջուրը մեքենաների անդադար սլացքից չլմփալով՝ հասնում էր մայթերին, որոնց վրա արտացոլված նրբալույսերի մեջ միակ վառ երանգը դեղատան թռթռացող կանաչ լուսախաղն էր։ Աշխատանքային ժամն արդեն ավարտվել էր․ դեղատան դուռը կողպելուց հետո Անահիտը վազելով հասավ շքամուտքին, չորս հարկ բարձրացավ, շունչը տեղը բերեց, բացեց դուռն ու ներս անցավ։

-Մա՞մ,-ձայն տվեց, բայց արձագանք չստացավ և իրեն կարգի բերելուց հետո շուտով հյուրասենյակ մտավ։

Բազմոցի մի կողմում կուչ եկած, գլուխը դեպի աջ՝ սուր անկյամբ դուրս պարզած արմունկին` նիրհել էր մայրը՝ Մարգարիտան։ Կոկիկ հյուսքից դուրս պրծած մի փոքրիկ մազափունջ շոյում էր նրա այտը, հանգիստ միմյանց հպված թափանցիկ կոպերի տակից երևում էին երկնագույն գետակներ հիշեցնող մազանոթները, իսկ մուգ, երկար թարթիչները սև կամրջակների նման հասնում էին դրանց։ Դեմքն այնքան խաղաղ արտահայտություն էր ընդունել, ասես նա զուրկ էր ամեն տեսակ անհանգստությունից, իսկ շունչը մակընթացության ու տեղատվության նման համաչափ հոսքով մերթ փոքր-ինչ վեր էր ձգում թույլ մարմինը, մերթ նորից բաց թողնում։

Անահիտը նայում էր մորը։ Քնած մարդը երեխայի է նման․ երբ փակում է աչքերը, թուլացնում մարմինը ու դառնում անպաշտպան, դիմագծերը ևս մանկանում են, և նայողը կարող է կամ ոչնչացնել նրան, կամ պաշտպանել փորձել, անգամ երբ դրա կարիքը չկա։ Անահիտը զգուշորեն ծածկոցը նրա վրա գցեց, բայց, ինչպես ամեն անգամ, զգայուն կինն իսկույն բաց արեց աչքերը ու ծուլորեն ուղղվեց։ Նայելով աղջկան՝ նա ժպտաց իր ամենագեղեցիկ, մելանուշ ժպիտով։ Անահիտը նույնպես ժպտաց ու զննեց երազային անհոգությունից ակնթարթորեն արթնացած, հասունացած նրա դեմքը․ թավ, կամար հոնքերի տակից նրան էին նայում հոգնաբեկ ու փոքր-ինչ ուռչած աչքեր, որոնց վերին կոպերը խմորի նման ծալվել ու ցած էին թափվում։ Մաշկը գնալով կենդանացավ, կարմրեց, բայց ժպտալու պահից բերանի ու աչքերի շուրջ առաջացած օղակաձև խորշերը չանհետացան, անգամ երբ նա դադարեց ժպտալ, իսկ մազերն ուղղելիս ցավագին կծկումով մի ձեռքն իջեցրեց և մյուսով շարունակեց կարգի բերել իրեն՝ աչքը պատուհանից չկտրելով։ Այժմ Մարգարիտային նայելիս հնարավոր չէր կռահել, որ նա հանգիստ քնից նոր էր արթնացել և ընդամենը երեսունհինգ տարեկան էր։

-Անձրև՞ է գալիս,- քիչ անց անհանգիստ հարցրեց նա։

-Ըհը,-սկուտեղը ձեոքին խոհանոցից գալով՝ պատասխանեց Անահիտն ու մորը փոխանցեց գոլորշի արտաշնչող սուրճի բաժակը։

Պատասխանն էլ ավելի վշտացրեց կնոջը, աչքերը կարմրեցին, մարմնով դող անցավ, դալկացավ արձանի նման։ Հիշեց ամռանն իրեն ու աշխարհը լքած ամուսնուն, նորից նայեց պատուհանից դուրս՝ հորդացող անձրևին, ձեռքը ճակատին մոտեցրեց ու ակամա բարձրաձայնեց մտքին եկածը․

-Հորդ մոտ պետք է գնանք։ Կոշիկին նստած փոշին տանել չէր կարողանում, ցեխերի մեջ ինչպե՞ս կդիմանա․․․

jenya yeghikyan

ԱնՍԱՀՄԱՆ խաղաղություն

Էս ծուռումուռ աշխարհի ուղեծիրը ո՞ր կողմ պտտեմ, որ որդեկորույս մոր աղոթքը լսվի՝ ողբից հետո։

Էս մոլորված մոլորակի ո՞ր ծայրին կանգնեմ ու բղավեմ.

-Ինձ չհասած բոլոր փամփուշտները աղոթք էին՝ հույս ծնող։

Անպատիժ չթողնելու պայմանն էին՝ չպայմանավորված նահանջով։

Էս խուլ աշխարհի խլացնող կանչն էին՝

Եկեղեցու զանգի ղողանջին հավասար։

Ինձնից ձմեռ պահանջողն էին՝

Բոլորի՛ս,

Բոլորի՛ս աշնան համբերության հաշվին։

Սիրտս լցված է, Տե՛ր իմ.

Աղոթքներս քեզ չհասան,

Երկինքս է խոցվել։

Հոգի՛ս խաղաղ չէ, Տե՜ր իմ,

Մի գիշերվա մեջ լքեց,

Մնացել եմ նույն գիշերում,

Օրերս չեն լուսանում։

Տե՜ր իմ, ողորմե՜ա

Խաղաղ կյանքին կարոտված՝ Ամեն…

Կներե՞ս մեզ

Մի օր երազիս արի, Սամ, արի` նստենք, խոսենք մեր կյանքից…

Քո կիսատ թողած, իմ ուսերիս վերցրած քո ու ձեր…

Արի նստենք մեր սերերից խոսենք, քո չհասցրած, իմ պարտավորված, որ արժանի լինի։

Արի մեզանից խոսենք… Մեր մանկությունից խոսենք… Հիմա մենակ էդ ունենք իրար հետ, որ ոչ մեկի չենք տա ու չենք փոխի աշխարհում ուրիշ ոչ մի թանկարժեք բանի հետ։

Սամ, արի երազիս, նստիր կողքս, արի ուշացած, արի ասա, որ սխալվել ենք, որ նեղացել էիր, դրա համար չէիր գալիս, արի, ու մենք քեզ երգեր կնվիրենք, ներողություններ ու շնորհակալություններ, որ եկար, մենակ թե արի…

Դու էնքան համեստ ես, որ չէիր ուզենա, որ էսքան խոսեինք քո մասին, որ Սամը «Հայր մեր» դառնար մեր շուրթերին, դու չես ուզենա, որ արցունքները անուն ունենան մեր աչքերին, դու հաստատ չես ուզենա, որ անունդ կապույտ երանգ ստանա միշտ ու ամենուր։

Դու ուժեղ տեսակ ես, քեզ ուժեղ գույներ կսազեն, ու սազեցին… Դու կարմիրը ընտրեցիր… Սիրահարվեցիր ու հեռացար։

Դու ճանաչում ես, չէ՞, ինձ, գիտես, որ չեմ ասի զգացածս, ինչքան էլ որ ուզենամ, բայց Սամ, ասում եմ բարձր, որ լսես. ես կարոտում եմ քեզ, ախպերս։

Արի նստենք, բարձր ծիծաղենք, արի «հարսիկ» կանչի, ասա քեզ համար չեմ եկել, Գոհար, բայց արի, մենակ թե արի, Սամ։

Ես գիտեմ, որ կգաս, եթե անգամ ուշացած, մեկ է, գալու ես։ Գալու ես, որ քեզ հետ մեզ էլ տանես։

Իմ լուսավոր… Լույս իջնի հոգուդ…

Դու անմահացել ես քո սիրո՝ Հայրենիքի համար, մեր սիրո ու ապագայի համար։

Գոնե սովորեցնեիր մեզ ապրել առանց քեզ, նոր գնայիր, Սամ։

Կներես ինձ, որ քիչ եմ գալիս քեզ մոտ, կներես ինձ, որ էդպես էլ չհավատացի, որ մշտական բնակություն գտար էնտեղ… Կներես, որ չեմ հավատում…

Կրկին կներես ինձ, ընկերներիս, մեր ապագա երեխաներին ու թոռներին…

Ներիր մեզ ու պահապան թևերդ փռիր մեզ վրա, իմ հրեշտակ…

Սիրում եմ քեզ, քանի կամ։

Հիմա ոչ մի հաց ինձ համար համեղ չէ

Իմ տատը եղել է ամենաբարի տատիկներից (բոլոր տատիկներն էլ բարի են)։ Հիշում եմ… Թոնրի մեջ համով լավաշ էր թխում։ Ամեն անգամ թոնրատուն մտնելիս ասում էր.

-Դուրս արի’, այ բալա’, ծուխ ա, աչքերդ կցավեն։

Ու հենց նոր թոնրի միջից հանած հացը ձեռքս էր տալիս, ասում էր.

- Էս տար տուն, կերեք, թազա հաց ա…

Տատս չէր թողնում երբեք դեռ յոթ հացը չլրացած, որևէ մեկը կպներ հացին։ Ասում էր, թե իբրև եթե 7-ը չլրացած հացից ուտեն, այդ աղջկա մարդը կմեռնի։ Դե իհարկե, հազար անգամ թաքուն մի փոքր կողքից կտրել ու վերցրել եմ, որովհետև անհնար էր դիմանալ թոնրից նոր դուրս հանած տատիս թխած համով լավաշի բույրին։ Տատս ամեն հարցում էր այդպես…

Նրա ձեռքերով պատրաստածն իսկապես այլ համ ուներ։ Հիշում եմ, տատս թոնրի կողքին նստելու համար նախատեսված փոքրիկ այդ աթոռակին էր նստում ու ոտքերը դնում մի փոքր ավելի ներքև, իսկ ինձ թվում էր, թե նա թոնրի մեջ է ոտքերը կախել։ Ամեն անգամ զարմանում էի, տատս ոտքերը կրակի մեջ է դնո՞ւմ… Մի օր հարցրի տատիս, իսկ նա սկսեց ծիծաղել ինձ վրա, հետո բացատրեց, թե որտեղ է նստում ու ինչպես։

Տատս… Թվում է, թե նրա բարությունը սահմաններ չուներ։ Մեր տուն եկած յուրաքանչյուր հյուր երբեք դատարկաձեռն դուրս չէր գալիս, տատս չէր թողնի երբեք։

Իր թխած տաք-տաք լավաշն եմ կարոտել, նոր թոնրից հանած, յոթը չլրացած…

Հիմա նույն տեղում ամեն բան լքված է, հիմա տատս չկա, որ թոնրի լավաշներից ձեռքս տա, որ տուն տանեմ, նոր թոնրից հանած, խրթխրթան լավաշները…

Հիմա ոչ մի հաց ինձ համար համեղ չէ…

Lilit Vardanyan new

Սեպտեմբերյան օրագիր

Խորհուրդ է տրվում կարդալ անձրևոտ եղանակի ժամանակ (անձրևոտ եղանակը ցանակալի է, բայց ոչ պարտադիր)։ Պատմությունները բավականին անձնական են։ Բոլոր գործող անձիք անոնիմ են, բայց իրական։

 

Չբուժվող վերքեր

«Ձեռքերս սկսել են նորից չորանալ։ Արդեն աշուն ա»։ Սեպտեմբերի 23, ըստ իմ ձեռքերի սեզոնային ռեակցիայի և եղանակի կտրուկ փոփոխության, հայտարարեցի ջինսից վերարկուի սեզոնը բացված։

Կյանքի անընդհատ կրկնվող ցիկլը այնքան է հոգնեցնում, որ մի օր հասկանում եմ` արդեն մի ամիս է, ինչ գնում եմ դասի, իսկ իմ ձեռքերը սկսել են չորանալ, ու վերքերի բուժման համար պետք է սպասել գարնան կեսերին։

(Կոնվերսների) ամբոխում կորած

Հագնում եմ հայրիկի՝ Ուկրաինայից բերած կոնվերսները։ Գրողը տանի, ո՞վ է հորինել կեդերի չափսերը։ «36-ը չէր լինի»։ Բայց իմ կոշիկների իդեալական չափսը միշտ եղել է 37-ը։ Իսկ 1.5 սմ (չափել եմ, ազնիվ խոսք) մեծ լինելու պատճառով ո՞վ է մեծ պատմություն սարքում։ Անուղղելի պերֆեկցիոնիստ։

Հետո իմ երազած կեդերով գնում եմ համալսարան ու արդեն ոչնչով չեմ տարբերվում կեդեր հագնել սիրող մյուս ուսանողներից։ Եթե հասցնեի գնել դրանք մի տարի առաջ, դժվար թե այդքան նույնատիպ կեդերի մեջ խառնվեի։

Մինչ կուրսեցիս խոսում էր իր առաջին կուրսեցի ծանոթի հետ, այդ աղջկան սպասում էին իր՝ մի խումբ սև կոնվերս հագած ընկերները։ Նրանց հարցական ու զննող հայացքները ուղղված էին դեպի ինձ, կարծես ուզում էին հասկանալ՝ արդյո՞ք ես էլ եմ պատկանում իրենց խմբին։

Իսկ ես նայում էի իրենց ոտքերին, հետո հայացքներին մտածելով` արդյո՞ք նրանց հայացքները ավելի շատ ճանաչողական են, թե՞ ուղղակի ճաշակի գնահատում։ Իմ կոնվերսը մուգ կապույտ էր։ Մոխրագույն, վանդակավոր, կարճ կիսաշրջազգեստ, սպիտակ շապիկ՝ Սայտամայի դեմքով (անիմեի կերպարի), բաց կապույտ, վանդակավոր, նուրբ վերնաշապիկ։

Հայացքները տևեցին այնքան ժամանակ, մինչև կուրսեցիս վերջացրեց իր զրույցը, որից ոչ մի վայրկյան չէի լսել։

 

Կողմնակի ազդեցություններ

-Ինքը կորոնավակով ա պատվաստվել,- ինքս էլ դա չնկատելով իջեցրի համալսարան գնալու ճանապարհին ականջներումս միացրած երաժշտության ձայնը, երբ լսեցի «կորոնավակ» բառը։

Այդ օրը պետք է ստանայի երկրորդ դեղաչափը։ Վախեցա՞ծ էի, անորո՞շ, անվստա՞հ։ Չէ, ոչինչ էլ չէի զգում։ Չէի ուզում զգալ։

-Ոչ մի բան չի զգացել,- պատասխան, որին սպասում էի։ Վիճակագրությունը վկա, պատվաստանյութն ընտրելուց առաջ գուգլում որոնումներս վկա։

-Դե էսօր հենց պատվաստվես` կգրեմ, որ իմանամ՝ ո՞ղջ ես,- ուղղակի առօրյա սև հումոր կուրսեցուս կողմից։

Երբեք ինձ չեմ համարել գիտափորձի ճագար` մյուսների պատվաստվելու որոշումների վրա ազդելու համար։

Բժիշկը վերցրեց ասեղը, վրան լցրեց ախտահանող հեղուկ և առանց մեկ վայրկյան վարանելու մտցրեց այն իմ մաշկի տակ։ Աչքերս չտեսնեին այդ անփույթ տեսարանը։

Դրանից անհեթեթ միայն կարող էր եղբորս պատվաստվելու ընթացքում ինչ-որ մեկի՝ նրա ներարկիչին կպնելով անցնելը, և նրա ձեռքում ասեղի ծռվելը, որը հետագայում առաջացրեց եղբորս պատվաստման միակ հայտնաբերված կողմնակի էֆֆեկտը՝ ձեռքի վրա մնացած վերքը։

 

Այն, ինչ իմ ձեռքերում է, ինձ է պատկանում

-Տվեք իմ տոպրակը։

-Ի՞նչ տոպրակ։

-Էն տոպրակը, տվեք, պետք ա իջնեմ։

Հերթական արկածը տրանսպորտում՝ համալսարան գնալու ճանապարհին։

Հայացքս թեքեցի պատուհանից։ Դիմացից աջ նստարանին նկատեցի 50-60 տարեկան կնոջ, որը մի քանի րոպե առաջ չգիտեր, թե որ ուղղությամբ է գնում այս համարը և, ենթադրաբար, չգիտեր, թե որտեղ պետք է իջնի։

-Էս իմ տոպրակն ա։ Քոնը չի,- կյանքում երբեք չէի տեսել, որ մարդ այդքան համոզված լինի իր ստի մեջ, որ դա բնականից որպես ճիշտ ընկալվի։

«Երևի տղան ուզում է գողանալ տատիկի տոպրակը»,- եղավ առաջին վարկածս։

Բայց տեսնելով, թե որքան մեծ ջանք և ուժ է գործադրում տղան, որպեսզի համոզի` հետ վերադարձնեն իր իրերը, կարծիքս միանգամից փոխվեց, իսկ այդ կինը դարձավ մարդ, որի հետ ուղղակի պետք չէ գործ ունենալ, շատ վտանգավոր է հասարակության համար։

Հուսահատված տղան հասկացավ դա և ուղղակի իջավ՝ քայլելով առանց հետ նայելու։

Պարզվեց, որ տղան կնոջը տեղ էր տվել, իսկ կինը առաջարկել էր պահել տղայի տոպրակը, որի հետևանքով այն դարձել էր իր սեփականությունը։

Հաջորդ հինգ րոպեն ուղևորների վեճն էր այդ կնոջ հետ, որը հասավ այն աստիճանի, որ մի ուղևոր կին, փորձեց խլել այդ տոպրակը, բայց նա տոպրակը դրել էր իր ձեռքում մի ուրիշ տոպրակի տակ և պահում էր այն, ինչպես իր կյանքի ամենաթանկ գանձը։

Իսկ վերջում կինը ցույց տվեց իր փիլիսոփայությունը՝ ասելով, որ «ինչ իր ձեռքերում է, իրեն է պատկանում»։

Միակ բանը, որ կարող էի անել այդ իրավիճակում, դիմակի տակ ժպտալն էր, որովհետև այդ փիլիսոփայությունը իսկապես արդարացնում էր իրեն, և իրականում ոչ մի կերպ նա չէր կարող մեղավոր համարվել։ Անիմաստ փորձեր, անիմաստ խոսակցություն, համալսարան գնալու ճանապարհ, որը օտար է կնոջ համար, ով չգիտի, թե ուր է գնում։

 

Անսպասելի պարանոյա

(ջինսից վերարկուի եղանակ․ օր 1)

Իմ սիրած ջինսե վերարկուի եղանակի հայտարարումից մեկ օր անց հագա իմ վանդակավոր վերնաշապիկը և կես տարվա ընթացքում առաջին անգամ հագա ջինսից նեղ շալվարս մուգ կապույտ կոնվերսների հետ։

-Լիլիթ, վերարկու հագիր,-ինչ լավ է, որ տատիկը հիշեցրեց դրա մասին, վերջապես հագնում եմ այն, ինչին սպասել եմ երկու շաբաթ։

-Տատ, ասա, որ ինձ ջինսից շալվար շատ ա սազում,- ուղղակի ուզում էի լսել դա, դրա համար բարձրաձայնեցի և աստիճաններով վազեցի ներքև, որովհետև խորապես համոզված էի, որ ժամը 5-ին հաշվապահության դաս ունեմ։

Համալսարանի մոտի կամուրջով իջնելուց տեսա իմ խմբից երկու հոգու, որը մի փոքր տարօրինակ թվաց։ Շենքերի մուտքի դիմաց տեսնելով մյուսներին՝ համոզվեցի իմ սխալի մեջ։

-էրեխե՜ք, հեսա կլացեմ, մեր խու՞մբն էր էս ժամին,- բողոքեցի, բայց միանգամից կողմնորոշվեցի և արագացրի քայլերս, որ հասցնեմ մյուս խմբի դասին նստել։

Դասի ընթացքում չէի էլ նկատել դրսում սկսվող անձրևը, որովհետև այն դեռ չէր ուժեղացել։

-Վայ, կներես,- ասաց քսերոքսները ձեռքին աղջիկը, որը նույնպես ուզում էր նստել 3 համարի ավտոբուսը, երբ ավտոբուսում կանգնելու տեղ չգտնելուց հետո շրջվելու պատճառով քիչ էր մնում բախվեր ինձ։

Մտածում էի՝ նա էլ է մեզ մոտ սովորում, պարզվեց նախապատրաստականից է, որոշեցի վախեցնել նրան՝ ասելով, որ ես նրա ապագան եմ, ով տուն է վերադառնում երկրորդ հերթից։

Անձրևի պատճառով գլխիս էի քաշել վերարկուիս գլխարկը, կոնվերսներս թրջվում էին, իսկ վերնաշապիկիս չկոճկած մի կոճակի պատճառով, անրակս բաց էր։

Մի կին, որը տեսել էր, որ մենք էլ էինք ուզում 3-ը նստել, իմացավ, որ նույն ուղղությամբ ենք գնում, առաջարկեց տաքսի կանչել։ Անձրև, տաքսիի առանց այդ էլ անտանելի բարձր գներ և մի կին, որը ուզում է շուտ տեղ հասնել։

Կուրսեցիս, ով գնացել էր համալսարանում ինչ-որ բան ճշտելու, վերադարձավ։ Մի քանի րոպե միասին սպասելուց հետո եկավ իմ տրոլեյբուսը, որը միշտ հավատարմորեն փրկել է ինձ ավտոբուսում կանգնելու տեղ չունենալու իրավիճակներում։

Վաղուց պարանոյա չէի ունեցել, բայց ուղեղս որոշեց ստուգել. արդյո՞ք ճիշտ համարն եմ նստել։ Տրոլեյբուսի ներսում գրված համարը ուրիշ էր։ Դուրս եկա հաջորդ կանգառում միայն նրա համար, որ տեսնեի, որ դրսից հենց այն համարն էր գրված, որը ինձ պետք էր։ Տարօրինակի տպավորություն չթողնելուց խուսափելով՝ ներս մտա ուրիշ մուտքով։

Իսկ տանը ինձ սպասվում էր ամենօրյա տաք թեյը։

Ջինսից վերարկուի եղանակ, սիրում եմ քեզ։

Margarita Khazaryan

Մեկ տարի առաջ

Մեկ տարի առաջ  պատերազմ անունով մի դաշույն խրվեց մեզնից յուրաքանչյուրի սրտում ու արնաքամ արեց բոլորիս, շատերին ֆիզիկապես սպանեց, իսկ մեզ՝ ընկածների կորստի  ծանր վիշտը կրողներիս՝ հոգեպես։ Մեկ տարի առաջ շատերի կյանքն ավարտվեց հանուն մեզ, և մեր սրտերն էլ քանի՜ անգամ կանգ առան նրանցից ամեն մեկի մահվան լուրը լսելիս։ Բայց մեզ հերոսներ պե՞տք էին։

Մեկ տարի առաջ մենք հայրեր, եղբայրներ ու որդիներ կորցրինք, կորցրինք ծանոթ-անծանոթ հարազատների, որոնցից ամեն մեկի մահվան պատճառը հենց մեզ ենք համարում, ամեն մեկի առաջ մեզ մեղավոր ու պարտավորված ենք զգում։ Պատերազմը  կյանքը, հայրենիքը, սիրելիներին կարևորելու դասեր տվեց, իսկ փոխարենը կյանքեր վերցրեց, այն էլ ինչպիսի՜ կյանքեր։ Ա՜խ, անտանելի բան է պատերազմը։

Տարիներ անց պատմության գրքերում կգրվի այս պատերազմի մասին, վերջում էլ երևի էլի բարոյական հաղթանակ կլինենք տարած։ Աշակերտներից ոմանք նույնիսկ չեն էլ կարդա այդ դասը, կմտածեն, որ անցած դասին են պատասխանել, իրենց չի հարցնի ուսուցիչը, գուցե կմտածեն՝ հերթական հեքիաթն է, չսովորեն էլ, մեծ բան կորցրած չեն լինի, կլինեն երեխաներ, որ անգիր կանեն՝ բաց չթողնելով ոչ մի բառ, բայց հնարավոր է, որ  հաջորդ օրն այդ դասից ոչինչ էլ չհիշեն, կլինեն աշակերտներ, որոնք դասը միայն դասարանում կարդալով սովորած կհամարեն ու պատմելիս էլ կկմկման, կլինեն նաև այնպիսինները, որ շատ լավ կսովորեն այդ դասը, կսովորեն՝ չպատկերացնելով, որ այն մեզ սովորեցրել է հենց կյանքը՝ ամենախստապահանջ ուսուցիչը։

Եվ երանի  գալիք սերնդին, որ այս անիծյալ պատերազմը չի ընկալի այնպես, ինչպես մենք։ Երևի ժամանակին էլ մեզ են այսպես երանի տվել…

Երանի՜, երանի՜ մեզնից հետո եկող սերունդները չզգան այն, ինչ մենք ենք զգացել, չտեսնեն մեր տեսածը, չկրեն մեր հոգու ցավը։

Մեկ տարի առաջ մենք արևներ կորցրինք, ովքեր  անգամ չհասցրին տեսնել կյանքի, աշխարհի գույներն ու լույսերը։

Մեկ տարի առաջ շատ տներում սեղաններին դրվող ափսեների քանակը փոխվեց, լույսեր մարեցին, սևազգեստ կանայք շատացան։

Մեկ տարի առաջ մենք այդ անտանելի աղմուկից խլացանք և… շատերի ձայները այլևս երբեք չլսեցինք։ Մեկ տարի առաջ երկինքը հարստացավ, ու մենք դատարկվեցինք, մեր հոգիներն ու տները ամայացան։

Ասում էին՝ պատերազմը կավարտվի, ամեն ինչ կմոռացվի, շատերի համար այս ամենը գուցե շատ ավելի վաղուց է փակված էջ համարվում, բայց Եռաբլուրն արդեն շատ է լիացել, և փողոցում հանդիպող հաշմանդամ տղաներն էլ քիչ չեն, որոնցից ամեն մեկին նայելիս հասկանում ես, որ պատերազմը միայն զենք-զինամթերքով պայքարելը չէ, և այն  մեզ հետ դեռ երկար ժամանակ է քայլելու։ Չէ՛, պատերազմը չի լռում…

Մեկ տարի առաջ քառասունչորս օրում մեզնից յուրաքանչյուրը մեծացավ մի քանի տարով, իսկ մեր եղբայրներից շատերը չբոլորեցին նույնիսկ քսանը։ Նրանք ընկան, որ մենք կարողանանք կանգնած ապրել, չծնկենք, բայց մենք մինչ օրս էլ տերևի նման երերում ենք, քամիները մեզ ամեն կողմից են հրում. հայի ճակատագիրն  է սա։

Ճակատագիրը միայն հերոսների  առումով է շռայլ գտնվել մեր նկատմամբ, բայց երանի նրանք բոլորն էլ ողջ լինեին…

Մեզ միայն ողջ ու առողջ հերոսներ են հարկավոր։

Մեկ տարի է անցել, բայց մենք էլի կախված ենք օդից, սրտներումս վախ է՝ այս ամենը նորից տեսնելու։

Արդեն մեկ տարի է անցել, և շատ տարիներ կանցնեն, բայց մեր սերունդը ամեն անգամ հետ նայելիս խորը հոգոց կհանի ու կլռի, փոխարենը մեր աչքերը կխոսեն։ Եվ մեր ներսում դեռ էլի կշարունակվի այն կռիվը, որ հայրենի հողի կորստի ու եղբայրների անմահացման սև պատճառ է դարձել։

Խոցված ենք, զրկված, բայց կրկին ապրելու հսկա տենչը բեռ արած և անսահման շնորհակալ այն տղաներին, որոնք այլևս չկան, որ մենք լինենք…

Այսքան տարբեր, բայց այսքան հոգեհարազատ…

Բարև, ես Արմենն եմ, 16 տարեկան, Տավուշի մարզի Թեղուտ գյուղից։

Գիտեմ՝ դժվար թե իմանաք իմ գյուղի մասին, ու հենց դրա համար էլ որոշեցի գրել ու պատմել ձեզ էս հրաշքի մասին։

«Այսքան տարբեր» ասելով նկատի ունեմ ինձ։ Հա, շատ տարբեր եմ իմ գյուղում թե իմ մտքերով, թե պահվածքով։ Իսկ հոգեհարազատ՝ գյուղս։ Փոքր ժամանակ գիտեի, թե մեր գյուղը շրջափակված է անտառներով, ու որևէ տեղ գնալու համար պետք է շատ մեծ ճանապարհ կտրել ու անցնել։ Էստեղ մարդիկ նույնպես հոգեհարազատ են (չգիտեմ, միգուցե գյո՞ւղն է իր գեղատեսիլությամբ մարդկանց «ստիպել» բարեհոգի լինել)։ Յուրաքանչյուրն էլ պատրաստ է օգնել իր մերձավորին։ Հիմա էլ մեր գյուղ են այցելում բազում զբոսաշրջիկներ ու մեր հայրենակիցները (ես էլ պահը բաց չեմ թողնում իրենց հետ անգլերեն շփվելու ու հաղորդակցվելու համար)։ Բոլորը կարծում են, թե մի դրախտ են ընկել։ Ես ու իմ համագյուղացիներն էլ մտածում էինք, որ նրանք գժվել են (ինչպես կարելի էր այդպես զմայլվել մի վայրից, որտեղ նույնիսկ ինտերնետն է վատ աշխատում)։ Բայց երբ գյուղից երկար ժամանակով բացակայեցի, հասկացա, որ նրանք չեն գժվել, այլ մեզ համար դա սովորական էր, և չէինք կարող տեսնել այն, ինչը տեսնում էին մեր գյուղ եկող համերկրացիներն ու զբոսաշրջիկները։ Ես հասկացա, որ պետք է ինչ որ բանից որոշ ժամանակ հեռու մնալ այն իրոք ու ի սրտե գնահատելու համար։

Էստեղ դու կարող ես շատ բան սովորել թե՛ երեխաներից, թե՛ մեծահասակներից (հիմնականում բոլորը ներգրավված են գյուղատնտեսության մեջ)։

Էստեղ էլ ուզում եմ մի քանի նկար թողնել, որպեսզի դուք էլ շնչեք ու զգաք էն ներդաշնակությունը, որը կա էստեղ՝ բոլորիս մեջ։

Ու էլի եմ գրելու, գրելու եմ մեր գյուղի ու իր հրաշքների, էստեղ ապրող հյուրասեր մարդկանց ու էն առօրյայի մասին, որը հաստատ ձեզ կմոտիվացնի։

Հուշամրցաշար հերոս Գեղամ Գրիգորյանի հիշատակին

Սեպտեմբերի 29-ին Արտաշատ քաղաքի համալիր-մարզադպրոցում անցկացվեց հեռացատկ և եռացատկ մարզաձևերի հուշամրցաշար՝ նվիրված Արցախյան 2-րդ պատերազմի հերոս Գեղամ Գրիգորյանի հիշատակին։

Գեղամ Գրիգորյանը ծնվել է 2002 թ. փետրվարի 28-ին Արարատի մարզի Դալար գյուղում։ Սովորել է Դալարի միջնակարգ դպրոցում, այնուհետև՝ ուսումը շարունակել Արարատի տարածաշրջանային պետական քոլեջում։

Գեղամը ծառայության է անցել 2020 թվականի օգոստոսի 10-ին՝ Մատաղիսում։

Պատերազմի օրերին եղել է առաջնագծում։

Զոհվել է նոյեմբերի 7-ին՝ Շուշիում։

Միջոցառմանը ներկա էին Գեղամ Գրիգորյանի ընտանիքի անդամները, ընկերներն ու հարազատները։ Արտաշատ քաղաքի սպորտի բաժնի ղեկավարի խոսքով՝ միջոցառումը երկու նպատակ ունի.

- Առաջին հերթին վառ պահել ինչպես Գեղամ Գրիգորյանի, այնպես էլ՝ 44-օրյա պատերազմի մեր բոլոր հերոս տղերքի հիշատակը և 2-րդ հերթին՝ այն օգնում է ի հայտ բերել մեր հանրապետության ուժեղագույն մարզիկներին, ովքեր փորձ են ձեռք բերում և հետագայում միջազգային հարթակներում բարձր են պահելու Հայաստանի եռագույնը։

Հերոսի մարզիչը՝ Արսեն Դերմոյանն էլ նշեց, որ Գեղամ Գրիգորյանը շատ կարգապահ մարզիկ էր․

-Գեղամը բազում հաջողությունների է հասել  սպորտաձևում։ Ծառայության մեկնելուց առաջ մասնակցեց հանրապետության պատանեկան առաջնությանը, որտեղ զբաղեցրեց 2-րդ տեղը։

 

Հուշամրցաշարում հաղթողներ ճանաչվեցին  Մարիամ Ստեփանյանը, Սվետլանա Ավդալյանը, Էլեն Խաչատրյանը, Ռուբեն Բաբագուլյանը, Գոռ Ղևոնդյանը և Գոռ Հովակիմյանը։ Մրցանակները  հանձնեց հերոսի հայրը՝ Գարեգին Գրիգորյանը։ Միջոցառման ավարտին կազմակերպիչները շնորհակալագիր և հուշանվեր հանձնեցին հերոսի ընտանիքին՝ ի նշան իրենց երախտագիտության։