Հարդագողի ճանապարհը

Բայց աչքերը մեր ― արևներ չտեսան,

Եվ մեր սրտերը ― լուսավոր հեռուներ։

Ու մշուշոտ մեր աչքերը հավիտյան

Որոնեցին պատահական աչքերում

Հարդագողի ուղիները ոսկեման,

Նրա անծիր, անծայրածիր այն հեռուն։

Ե. Չարենց

Բարձր լեռան գագաթին թառած արծիվը սուր ճիչ արձակեց, բացեց լայն թևերը ու ճախրեց: Իր ետևից ժայռից պոկվեց ու վայր ընկավ հսկայական մի ձնագունդ։ Լեռներով շրջապատված ճանապարհին, որը գալարվում էր օձի պես, թեժ ձնաբքի մեղմանալուց հետո երևացին երեք մարդ` մի կին և երկու փոքրիկ տղա: Գրեթե չէր երևում նրանցից ոչ մեկի դեմքը, փակված էր՝ հաստ շարֆերով ու բրդյա գլխարկներով։ Տղաների ձեռքերին գունավոր ձեռնոցներ կային, իսկ կնոջ ձեռքերը մերկ էին ու սառած։ Մի ձեռքում կտորից կարված կապույտ գույնի տոպրակ կար` մեջը մինչև ծայրը լցված կարտոֆիլ,  մյուս ձեռքով բռնել էր փոքր տղայի  ձեռքից, իսկ ուսին գցված էր սև, մեծ, մաշված պայուսակ: Գնալով ավելի մեղմանում էր բուքը: Մեծ տղան, որ մոտ յոթ տարեկան էր, քայլում  էր առջևից, երբ նկատում էր, որ շատ է հեռացել մորից և եղբորից, կանգնում ու սպասում էր մինչև  հասնեն իրեն: Փոքրը հինգ տարեկան էր, քայլում էր դժվարությամբ՝ գլուխը կախ: Քայլելով նեղլիկ ճանապարհով, նրանց դիմաց բացվեց  լայն արահետը․ հեռվում երևաց Սևանա լիճը: Փոքր տղան թողեց մոր ձեռքը ու  վազեց դեպի ժայռի գագաթը,  որտեղից  լիճը երևում էր ավելի պարզ: Երկու եղբայր նայում էին մեծ անտառին ու անգույն թվացող լճին,  բայց հանկարծ  քամի բարձրացավ ու քշեց փոքրի գլխարկը: Մեծ տղան վազեց գլխարկի ուղղությամբ: Մորը թվաց, թե որդին վայր ընկավ, ոտքերը թուլացան, ձեռքից վայր գցեց տոպրակը, կարտոֆիլները գլորվեցին ճանապարհով մեկ: Մայրը վազեց  ու տեսավ, որ որդին բարձրանում է ժայռը, սառած ձեռքը մեկնեց ու քաշեց հետ՝ իրեն,  հետո պինդ գրկեց, խորը շունչ քաշեց և ուժեղ ապտակեց անմիտ քայլի համար, բայց տղան ձայն չհանեց: Փոխարենը փոքրիկը լացեց ու փաթաթվեց մորը՝ եղբայրը գլխարկը դրեց փոքրի գլխին: Մայրը մյուսին էլ գրկեց: Հետո հետ վերադառնալով սկսեցին հավաքել ճանապարհով մեկ  գլորված կարտոֆիլները: Անցնելով արահետը, երևաց մռայլ գյուղը, գյուղի գորշ տները ու նույնքան գորշ` երդիկներից դուրս եկող ծուխը: Գյուղ մտնելուն պես շները վրա եկան և շրջապատեցին նրանց: Փոքր տղան վախեցավ ու փաթաթվեց մորը, մեծը, ընդհակառակը, մոտ գնաց ու շոյեց մեծ սև շան դունչը:  Ճամփորդները դանդաղ  գյուղ մտան, նրանց ետևից էլ` շները, մառախուղը, ու մայրամուտը պատեց գյուղը:

Այս  հիշողություններն արթնացան մոր սրտում այն ժամանակ, երբ հավաքում էր տան իրերը ու հանկարծ ձեռքն ընկավ  տղաների միակ լուսանկարը, այդ հասակում:  Լուսանկարը արվել էր մի ֆրանսիացի զբոսաշրջիկի կողմից, նկարում տղաներն էին շների հետ: Նկարել էր ու մի օրինակ թողել գյուղապետարանում: Հետո նկարը հասել էր մորը: Հավաքում էր իրերը դանդաղ, դժվարությամբ քայլելով ու մի ձեռքը դողում՝ դժվար էր աշխատեցնում: Քառասունհինգ տարեկան չկար, բայց մազերը ճերմակած էին, դեմքը՝ կնճռոտած: Նկարներն էլ հավաքելուց հետո մի կերպ քաշեց աթոռն ու նստեց, դեմքն առավ ափերի մեջ: Լսվում էր միայն ժամացույցի տկտկոցը:

-Աշխեն, վեր կաց: Կմրսես, այ բալա,- սեղանի մոտ քնած կնոջը արթնացրեց մի պառավ:

- Տիգրանս դեռ  չի եկե՞լ..,- մի կերպ հարցրեց  նա:

-Չեմ տեսել, ու՞ր է գնացել:

- Գնացել է ավտո ճարի, շատ բան չենք տանելու հետներս` երեխու հագուստն ու նկարները: Ինձ էլ ոչինչ պետք չի այս տանից:

- Քո տունն է, այ բալա,- ասաց պառավը՝ նստելով:

- Երբ նոր էի հարս եկել, իմը չէր, քոնն էր ու տղունդ: Տղուդ  մահից հետո դուրս էիր հանում: Իմն է, բա իմը չէ՞:  Գնում ենք  քաղաք, նանի ջան, տուն կառնեմ, Տիգրանիս ուսման կտամ՝  հերը երազում էր անասնաբույժ դառնար, ինքը օդաչու է ուզում:  Բանակ չեն տանի, կմնա ինձ  խնամակալ, ես էլ կաշխատեմ: Երեխուս կամուսնացնեմ, թե կուզես, նանի ջան, դու էլ արի,  թոռանդ մոտ եղի: Երեխես մենակ ա մնացել էս գեշ աշխարհում, դու էլ էստեղ  մենակ կմնաս: Ամոթ է, մարդը մարդուն մենակ չի թողնի:

-Չեմ հարմարվի, հարս ջան,- ասաց պառավը հոգոց հանելով:

- Կհարմարվես, ես որ ձեզ հարմարվել եմ, դու էլ քաղաքին կհարմարվես,- ասաց, նայեց սկեսուրին ժպտալով:

Երկուսն էլ լռեցին, չնայած շատ բան կար ասելու, բայց  տարիները մարդուն ավելի հասուն են դարձնում` սովորեցնում են լռել, իսկ ցավը` սիրել,  և որ ամենակարևորն է, ներել: Չնայած  խարխուլ է աշխարհը,  մեկ էլ տեսար`  փոխվում է լրիվ հակառակը:

Առավոտյան Տիգրանը իջեցնում էր իրերը ավտոմեքենայի մոտ, իսկ վարորդը դասավորում էր: Աշխենը հայելու դիմաց հավաքում էր վարսերը: Հետո ներս մտավ Տիգրանը.

-Ամեն ինչ պատրաստ է, մամ, տատիկն էլ է եկել, գնա՞նք:

-Գնա, հիմա կգամ,- ասաց մայրը:

Դուրս եկավ, որ նստի ավտոն, մի պահ կանգ առավ, հետո փոխեց ճանապարհը, Տիգրանը վազեց մոր ետևից: Մայրը մտավ գերեզմանատուն, քարերի մոտով անցավ, իսկ  հետո փռվեց որդու գերեզմանաքարին, հեծկլտալով լաց էր լինում . «Իմ տղես, առաջնեկս, սիրտս, մոտիցդ ես էլ ո՞նց գնամ»:

Տիգրանը  լուռ մոտեցավ մորը՝ գրկեց, հիշեց այդ չարաբաստիկ օրը, թե ոնց ամբողջ գյուղով թնդաց եղբոր մահվան բոթը: Մայրը այգում բերք էր հավաքում, երբ հարևանները ներս մտան: Խոսեցին հետը, ձեռքը դրեց սրտին ու ուշագնաց եղավ: Պատերազմը տարավ իր եղբորը,  գուցե նաև մորը: Զինկոմիսարիատից  երեք շաբաթ հետո գրկած մայրը տուն բերեց որդու  հագուստը, լվաց ու արդուկեց առանձին, խնամքով կախեց պահարանի առջևի մասում, ասես թե հետ պետք է գար…

Աշուն էր, ուշ աշուն: Քամին լճից սուլելով բարձրանում էր ու գնում դեպի լեռները:  Գյուղից քաղաք տանող հնամենի ճանապարհով  քայլում էր մի ծեր կին` ձեռքին երկու  կտորից կարված տոպրակ,  մեջը` լիքը խնձոր: Կաղում էր կինը, տոպրակները կարծես քարշ էր տալիս: Հանկարծ կանգնեց, որ հանգստանա: Տոպրակը շուռ եկավ, և գլորվեցին խնձորները ճանապարհով մեկ: Մի տղա երեխա շան հետ  մոտ վազեց, բայց կնոջը տեսնելով կաշկանդվեց: Կինը չհավաքեց խնձորները, այլ տոպրակից հանեց մի քանի հատ և մեկնեց նրան.

-Վերցրու, իմ բալա:

Երեխան երկու ձեռքերով վերցրեց դրանք ու նայեց հեռացող կնոջ հետևից: Լեռների կիրճում ճանապարհն ամայի էր, միայն մի ժայռի կատարին հպարտ նստել էր սեգ արծիվ: Հանկարծ թռչունը սուր ճիչ արձակեց ու թռավ: Ճեղքեց կապույտ երկինքը ու կարծես մխրճվեց մեռնող արևի վերջին շողերի մեջ:

Նվիրվում է ընկերոջս հիշատակին։

Անցյալի հետքերով

-Վարսենի՜կ, ա՜յ Վարսենիկ, դու՛րս արի, այ աղջի, ուլերդ չկան, կորել են։

Վարսենիկը, որ այդ պահին երկունքի ցավերի մեջ էր, մի կերպ դուրս եկավ։ Ուլերի կորուստը սարսափելի կլիներ, չէ՞ որ իրենց ապրուստն էր։ Մի կերպ՝ ցավից գալարվելով ընկավ սար ու ձոր, գտավ ուլերին, ետ բերեց ու Արագած լեռան հեռավոր լանջերից մեկին 1939 թվականի սեպտեմբերին ծնեց հինգերորդ զավակին։ Ամուսինը կողքին չէր, գյուղ էր գնացել՝ վար ու ցանք անելու։ Որդու ծնվելու լուրը իմանալուն պես վերադաձավ։ Նրան կոչեցին Սարիբեկ։ Երեխայի ծնունդից 2 տարի անց հայրը մեկնեց պատերազմ, ու տղան այլևս հորը չտեսավ։

Սարիբեկը պապս է՝ մորս հայրը։ Ցավոք երկար չապրեց, չտեսավ ինը թոռներից ոչ մեկին։ Մահացավ 50 տարեկանում։

Օրեր առաջ սեպտեմբերի տասին՝ նրա ծննդյան 82-րդ ամյակին փորձեցինք գտնել այն վայրը, որտեղ ծնվել էր։ Ավագ քեռիս ու մայրս որոշ չափով հիշում էին այդ վայրը։

Մի անգամ իրենց ավագ հորեղբոր հետ էին գնացել։

Բարձրացանք Արագած սար։ Երբ արդեն շեղվեցինք գլխավոր ուղուց, ճանապարհն ուղղակի ահավոր էր։ Շատ քիչ մեքենաներ էին գնացել այդ ճանապարհով։ Երբեմն մեքենան վարում էինք հսկայական քարերի վրայով։ Ի  վերջո հասանք։ Այդքան վեր բարձրանալուց հետո, հասանք լեռան գրկում թաքնված հսկայական հարթ տարածության։  82 տարի անց դեռ պահպանվել էին պատերի մնացորդները, որոնց վրա որպես տանիք ամրացնում էին ինչ-որ կտոր, ու ամռանը տեղափոխվում այնտեղ՝ անասուններին պահելու։ Մի փոքր այն կողմ հսկայական ձոր էր։

Քեռիս ցույց տվեց անգամ այն անկյունը, որտեղ դրված էր եղել պապիս օրորոցը (դա նույնպես ցույց էր տվել հորեղբայրը)։ Հետաքրքիր ու հուզիչ էր տեսնել այն վայրը, որտեղ սկիզբ էր առել իմ արմատներից մեկը։

Երկիր

Երբ  ծնվեցի, դու  վեց տարեկան էիր,

Ու անկախ գրքերից ու երգերից քո անցյալի մասին,

Ես չգիտեմ` «չանկախությունն» ինչ է,

Մեզանից մեծը դու ես:

 

Հորեղբորս նկարը պատից կախված,

Կարծում էի, թե ասում է. «Ձեզ երկիր ենք նվիրել»,

Բայց  մեզ սկիզբ էին նվիրել,

Անցնելու ճանապարհ  ու գործ,

Որ չարեցինք:

 

Երկիր, դու՛, որ հիմա ոտ-ոտ լքում ես մեզ,

Կամ մենք ենք քեզ լքում,

Հիվանդ մոր ես նման, ցավոտ ա քեզ նայելը,

Եվ անսովոր, որ անկողին ես ընկել:

Մինչդեռ դու ընկնում ես ամեն անգամվա պես,

Հինգ մատիդ պես ճանաչելով մեզ,

Արդեն քանի հազար տարի:

 

Մենք էլի բանաստեղծություններ ենք գրում քո մասին, երգեր ու կենացներ,

Կարծում, թե կբուժենք,

Իսկ դու աշխատանք ես ամենօրյա,

Անցնելու ճանապարհ ու գործ:

 

Տարեդարձդ` 30-րդը,

Նշում ենք` գումարելով 5000 տարի,

Քեզ վերագրում ենք «սահմանված հարատեւություն»,

Մեզ` «Աստծո ժողովուրդ»,

Որ վաղվա օրդ մեզ հետ չկապենք:

 

Երկիր, (չգիտեմ քեզ հետ դո՞ւ-ով խոսել),

Սովորեցրու` քեզ ինչպես սիրենք,

Որ կենացները էժան չլինեն,

Բանաստեղծություններն այսպես անպատեհ,

Մինչ դու ոտ-ոտ լքում ես մեզ,

Իսկ մենք տոնում…

ՀԱՅԵՐԸ քիչ են, Հայաստանցիներն են շատ

Մենք մեր երկրում՝ մեր երկրի տերը չենք։

Չեմ սիրում քաղաքական քննարկումներ անել, սակայն այն ամենը, ինչ հիմա կատարվում է, կարծում եմ յուրաքանչյուր մարդու անհանգստացնում է, եթե իրեն հայ է համարում։ Ես մի հոդված գրեցի ոգևորված 2018թ․-ի հեղափոխությունից ու վերջում հատուկ շեշտադրում արեցի`

Աստված տա դեպի լույս տանող այս քայլը ավարտվի լիարժեք հաղթանակով, և Հայաստանում տիրի օրինականությունը, և երկրիս սահմանները լինեն անսասան, ու մենք հաղթենք թե՛ մեր մեջ եղած թշնամուն, և թե՛ արտաքին թշնամուն: Իսկ նրանց, ովքեր կփորձեն իրենց օգուտը քաղել իմ սերնդի տարած հաղթանակից, զգուշացնում եմ, որ նորից կբռունցքվենք ու այն ժամանակ ավելի շռնդալից կհաղթենք:

Իմ քայլի պատմությունը

Սակայն պիտի նկատեմ, որ սա գրելուց երեք տարի անց իմ սերնդի տարած հաղթանակից օգուտ քաղողները շատ են` ի դեմս Ն․ Փաշինյանի և ոչ ստաբիլ թիմի։ Ուզում եմ փաստել ու ևս մեկ անգամ ասել, որ հեռու չէ այն պահը, որ բռունցքվելու ու բոլոր նրանց, ովքեր վտանգ կհանդիսանան հայ հասարակության ծաղկմանը՝ հայ երիտասարդների բռունցքը շատ հուժկու է լինելու և չի խնայելու ոչ նախկին, և ոչ ներկա կառավարություններին։ Ոչ Արցախյան առաջին պատերազմի, ոչ Ապրիլյան քառօրյա պատերազմի և ոչ էլ 44 օրյա Հերոս եղբայրներիս արյունը հենց այնպես չի թափվել, և ես այդ 44 օրյա պատերազմի ժամանակ հենց այնպես չէ, որ անզորությունից կիսախելագար վիճակում էի հայտնվել ու վերջերս եմ վերականգնվել։

Հայը Հայաստանում Հայաստանի Տերը չէ։ Սա կարծում եմ նորություն չեմ ասում, ու շատերը քննարկման ժամանակ փորձում են համեմատել մեր երկիրը մյուս երկրների հետ։ Սակայն չեն ուզում հասկանալ, որ մենք անհամեմատելի ենք։ Մենք մեր քաղաքակրթությամբ, նիստ ու կացով տարբերվում ենք յուրաքանչյուր ազգից։ Եվ ոչ միայն նսեմ չենք մյուս ազգերից, այլ նաև առավել չենք ոչ ոքից՝ մենք ունենք մեր ազգային յուրօրինակ խնդիրները, հույս ունեմ նաև` նպատակներն ու Հայկական Երազը։

Փորձեմ անկեղծ լինել՝ երբեմն ես մտածում եմ արտագաղթելու մասին, որովհետև հիմա այն տպավորությունն է, որ հայը չի տերը Հայաստանի, ու արհեստականորեն ընդունվում են այնպիսի օրենքներ, որոնք մարդկանց ուղղակի հիասթափեցնում են այս երկրից։ Երբ ասենք, ասում են, որ բոլորը պետք է պատվաստվեն, բացի կառավարական պաշտոնյաներից, դա ինձ համար աբսուրդ է։ Երբ պատերազմից մի քանի տարի առաջ տխրահռչակ ԿԳՄՍ նախարարը ավիրում էր այդ ոլորտը, դա աբսուրդ էր, երբ պատերազմի  մեկ տարին չլրացած մենք գունագեղ միջոցառում ենք անում Անկախության օրվա կապակցությամբ, դա աբսուրդ է: Ես իհարկե, դեմ չեմ միջոցառմանը, սակայն ոչ գունագեղ ու ոչ տոնակատարություն: Ու սա իրականություն է։

Շատ բան է փոխվել մեր հոգեբանության մեջ։ Ինձ պատմել են, որ գյումրեցին երկրաշարժից հետո մոտ երկու տարի հարսանիք չէր անում, անելու դեպքում էլ` առանց երաժշտության։ Իսկ հիմա՞, չեմ կարող հասկանալ, թե ինչ է կատարվում մեր ժողովրդի հետ։ Միգուցե բոլորս թմբիրի մեջ ենք ու պետք է դո՞ւրս գանք։

Ճիշտն ասած, եթե մի փոքր չլինեի պատվախնդիր, Հայրենիքի հանդեպ պարտքի ու հայրենասիրության զգացումը (որը փորձում են արմատախիլ անել, ու որը հույս ունեմ, չի ստացվի), ուսումս ու հայրենիքի համար օգտակար լինելու ցանկությունս, ես վաղուց արտագաղթած կլինեի Հայաստանից։ Քանի որ երբ Հայաստանը համեմատում ենք մյուս երկրների հետ, այստեղ թե ապրելն է դժվար, թե հնարավորություններն են քիչ։ Ու երբ ասում ենք, որ այլ երկրում էլ է Հայաստանի նման, չարաչար սխալվում ենք։ Այլ երկրներում գոնե իրենց քաղաքացիներին ու իրենց տեսակին հարգում են, և շատ ավելի լավ են վերաբերվում օտարերկրացու նկատմամբ, քան հիմա հայը հային է վերաբերվում։

Հայը երբեք թուրքի հետ «աղբերություն» չէր անի, թուրքի հետ առևտուր չէր անի։

Եվ վերջում ուզում եմ ասել. ՀԱՅԵՐԸ քիչ են, անհամեմատ ավելի քիչ, քան կարող ենք պատկերացնել: Հայաստանցիներն են շատ։ Բայց ի հեճուկս այս ամենի՝

Մենք կռնանք ետ բերել Հայի թասիբը։

Իմ Հայաստան

Մեր կյանքի առաջին իսկ օրից մենք անում ենք աննշան թվացող քայլեր և ձգտում ենք ինքնուրույն կայացնել փոքրիկ որոշումները։

Ժամանակի ընթացքում փոքրիկ որոշումները վերածվում են մեծ վճռի կայացման, որն այսուհետ պետք է բխի ոչ միայն սեփական անձիդ, այլ նաև ընտանիքիդ, ընկերներիդ, ազգիդ շահերից։

Այս գիտակցմամբ է, որ մի ամբողջ ազգ 30 տարի առաջ կայացրեց վճռորոշ և պատմական որոշում։

Այդ օրը ամեն ոք հաստատակամորեն և մտածված անում էր իր քայլը, կառուցում իր գալիք օրը, որը միտված էր լինելու մի ողջ ժողովրդի բարեկեցիկ և արժանապատիվ կյանքի ապահովմանը։

Մանուկը, որը դեռ երեկ որոշում էր կայացնում բազմապիսի և գույնզգույն խաղալիքների ընտրության հարցում, այսօր արդեն գիտակից, հասուն, համառ, հայրենասեր զավակ է, կշռադատում է արդարորեն, գործում է մտքի թելադրանքով, առաջնորդվում սրտի ցույց տված ճանապարհով, նա գիտի անկախության գինը, նա գիտի` ինչ է հայ լինելու վեհ զգացումը, գիտի` ինչ է միասնականությունը, թե ինչ է արժանապատվությունը, ազգի համար մղվող պայքարը և արդարությունը, ազատությունն ու անկախությունը վայելելու բերկրանքը, գիտի, թե ինչ է …

Ես հայ եմ։

Ես սյունեցի եմ:

Հասկանում եմ, թե ինչ է իրական հայ լինելը…

Պայքարում եմ, մարտնչում, մթության մեջ լույս եմ գտնում և հուսահատության մեջ հույսի շող տեսնում։

Այսօր ավելի քան երբևէ, կարևոր է հասկանալ հայրենիքի արժեքը, զգալ անկախության գինը, վերջապես ըմբռնել` ինչ է իրական ազատությունը։

Ես հավատում եմ գալիք օրվանդ, սպասում եմ լիակատար անկախ և ազատ մի նոր պատմության սկզբի…

Շնորհավոր երեսնամյա անկախության տոնդ, Հայաստանի Հանրապետություն, դու հազարների մեջ իմ ամենահարազատ, լուսավորների մեջ իմ ամենապայծառ…

Միշտ ազատ, միշտ անկախ ու միշտ հայինը։

Իմ Հայաստան…

Naira Gukasyan

Անքեզ օրեր են առանց մենքի

Անքեզ օրեր են,

և առանց «մենք»ի։

Դատա՜րկ ժամեր են

ակնթարթներս՝

քանի դեռ չկաս։

 

Սոսկալի է, որ

օրս անգամ չի սոսկում

դեռ այն մտքից, որ

չե՜ս էլ լինելու…

 

Անքեզ օրեր են,

որ դեռ գնալով

դա՛ր են կոչվելու…

 

Բայց ես ուզում եմ,

որ ինձ վիճակվի

պահի արվեստը։

Գե՜թ մեկ անգամ…

artyom avetisyan portret

Արտյոմ Ավետիսյան, լսո՞ւմ ես մեզ

Հայաստանի պատանի թղթակիցների ցանցի լավագույն թղթակիցներից էր Արտյոմ Ավետիսյանը:

Սեպտեմբերի 15-ին նա կդառնար  21 տարեկան…

Արտյոմի մասին անցյալ ժամանակով երբեք չի լինում խոսել: Իսկույն պատկերանում են ջինջ կապույտ աչքերն ու անսահման վարակիչ ժպիտը:

Արտյոմը սիրում էր գրել, նկարահանել, լուսանկարել: Նա բացահայտում էր աշխարհը, և այդ աշխարհը ստանում էր պայծառ գույներ, շաղախվում սիրով ու թախիծով:

Այսօր էլի հետահայաց կարդում ենք Արտյոմի պատմությունները, էն պատառիկները, որ մնացին մեզ ու մտածում էն ամենի մասին, որ մնացին նրա սրտում…

 

ԱՐՑՈՒՆՔՆԵՐԻ ՄԵՋ ԽԵՂԴՎԱԾ ՏԱՏՍ

 

Հույզերը եռում են տատիս սրտում ու հոգում և պարզ արցունքների տեսքով թափվում են նրա կույր աչքերից՝ գլորվելով ցամաքած և թառամած այտերի վրայով: Տատս կուրացել է վերջին մի քանի տարում և անգամ իր արցունքները չի կարողանում տեսնել, սակայն զգում է, անգամ ասում է դրանց գույնը.

-Սև է, սև են արցունքներս: Պապդ ու հորեղբայրդ թափանցիկ արցունքներս ներկեցին սև գույնով, սևով լցրին ամեն ինչ, անգամ սիրտս է սևացել, հոգիս…

Տատս արդեն 11 տարի է, ինչ կորցրել է պապիս, և 40 տարի՝ հորեղբորս:  Ես չեմ հասցրել զգալ հորեղբորս ներկայությունը, իսկ պապիս դեմքը իմ հիշողության մեջ շատ աղոտ է, որովհետև փոքր տարիքում եմ նրան տեսել:

Տատս կույր է աչքերից, բայց ոչ հիշողությունից: Պատմում է իր երիտասարդության տարիներից մինչև պապիս մահը, իսկ դրանից հետո միայն արտասվում: Պատմում է «կոլխոզի, սովխոզի» տարիներից: Թութուն շարելուց մինչև գիշերվա ուշ ժամին այգուց խնձոր, տանձ գողանալը:

Պատմել է, որ պապս եղել է այգու պահակը, եղել է խիստ ու պարտաճանաչ և ոչինչ չի գողացել ու ոչ մի սխալ թույլ չի տվել: Իսկ ինքը՝ տատիկս, այգուց «գողացել» է մրգեր, բանջարեղեն, որպեսզի կարողանար պահել տան տասն անդամներին:

Պատմել է, թե ինչպես է մի անգամ պապիկը նրան բռնել խնձոր գողանալու ժամանակ: Պապիկի գործողությունները եղել են հետևյալը. դատարկել է պարկը, պատռել այն և տատիկին փնովելուց հետո ուղարկել է տուն:

Այս պատմությունից հետո տատիկիս կույր աչքերը կրկնակի են կուրանում, այս անգամ՝ արցունքների մեջ շաղախվելով:

Տատիկիս, երբ նստեցնում եմ աթոռին՝ արևի տակ, հարցնում եմ.

-Տատ, արևի շո՞ղն էլ չես տեսնում:

Իսկ նա պատասխանում է.

-Չէ՜, բալա՛ ջան, ոչ մի բան էլ չտեսնամ, աչքերուս դեմն սև՜, սև ա: Ինչ որ մութ անտառի մեջ նստուկ էղնիմ, բան չերևա: Թե օր ձեն տաք, գիմնամ` ով ա, էնքան, օր ձեր սիֆաթներն ա պատկերացում:

Տատս արդեն 90 տարեկան է, և միայն աչքերն են նրա առողջական խնդիրը, թե չէ ասում է.

-Օր աչքերսի բաց էղներ, տեսնենք, մեկ ժամվա մեջ կհասնենք Մաղմաղան:

Տատս Ալաշկերտի բարբառով է խոսում, իսկ Մաղմաղանը դա մեր Արմաղան լեռն է: Գյուղիցս՝ Լիճքից, կարճ ճանապարհներ կան այնտեղ հասնելու: Երբ նրան մահճակալում նստած վիճակում եմ տեսնում, նկատում եմ, թե ինչպես է թարթում աչքերը, բայց չի տեսնում, իսկ երբ ձեռքերն իրար է կպցնում, արդեն ուշադիր նայում եմ դրանց, թե ինչքան են ծերացել, ինչքան են մաշվել և ինչքան արցունքներ են մաքրել: Երբեմն փորձում եմ տատիկիս ուրախացնել՝ մեջբերելով «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմից մի հատված և նրան անվանելով Արուսյակ Վարդանյան: Հա՜, մոռացա ասել, տատիս անունը հենց Արուսյակ է: Իսկ երբ ինչ-որ բան եմ ուզում կամ հարցնում և արժանանում բացասական պատասխանի, նրան ասում եմ.

-Ուրեմն ես՝ Վաղինակի տղա Արտյոմս, գամ հասնեմ էստեղ, որ ինձ ասես՝ «նյե՜տ»:

Տատիս տրամադրությունը բարձրանում է իմ կատակներից:

 

ԶԱՐԶԱՆԴ ՊԱՊԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ

 

Երբ տուն վերադարձա, պապս հավաքում էր այգու ծառերի չորացած ճյուղերը:

-Մաքրվել է այգին, որ չորացած ճյուղերը հավաքել ես:

-Կարո՞ղ ես ինձ օգնել;

-Լսիր պապի, ուզում եմ ասես, թե ինչո՞ւ են քեզ ասում «Զարզանդ»:

-Դե, որովհետև շատ ավելի պահանջկոտ ու խիստ եմ եղել, քան հիմա: Հիմա դուք ինձ չեք լսում: Չգիտեմ` դա՞րն է փոխվել, թե՞ դուք եք ավելի չարաճճի դարձել:

-Պա՛պ, որ դու այդքան պահանջկոտ ես եղել, տատը ո՞նց է հավանել քեզ:

-Դե, եսիմ, հավանել է, էլի: Խստության հետ մեկտեղ, եղել եմ նաև կատակասեր: Հիշում եմ, որ ընկերոջս՝ Աշոտին, աղջիկ չէին տալիս իր տգեղ լինելու պաճառով: Իսկ նա աղջիկ էր հավանել և ուզում էր ամուսնանալ նրա հետ: Աշոտը ինձ առաջարկեց ներկայանալ իր փոխարեն: Երբ ընկերոջս ծնողները գնացին խնամախոսության, ինձ տարան իրենց հետ: Մինչ ծնողները զրուցում էին, ես աղջկան փախցրեցի և տարա ընկերոջս տուն:

«Ահա ընկերս, սա էլ քո հարսնացուն,  տես ինչ բացատրություն պետք է տաս նրան»: Ես տուն վերադարձա, մայրս զարմացել էր իմ պահվածքի վրա:

-Բա դու ինչպե՞ս ամուսնացար

-Ես տատիդ հավանել էի դեռ դպրոցում: Նա բարետես արտաքինով աղջիկ էր, սովորում էր գերազանց: Տատիկդ էլ ինձ էր հավանել, բայց չէր խոստովանում:

-Իսկ ինչպե՞ս իմացար, որ քեզ հավանել է:

-Երբ կանանց տոն էր լինում, նվեր անելիս տատդ չէր մերժում: Իսկ երբ սեր խոստովանեցի, չմերժեց. և մենք թաքուն ամուսնացանք;

-Թաքո՞ւն, ո՞նց, այ պապի, ոչ մեկ չիմացա՞վ:

-Էդ մեկն էլ չեմ ասի, դա իմ ու տատիդ գաղտնիքն է: Դու ինձ խոսեցնում ես, որ չաշխատե՞ս:

-Չէ՛ պապի, ինձ ուղղակի հետաքրքիր է քո անցած ճանապարհը:

-Էհ, իմ անցած ճանապարհը շատ դժվար է եղել: Այսօրվա նման ամեն ինչ այդքան հեշտ չի եղել: Մի կտոր հաց ստեղծելը շատ դժվար էր: Այդ պատճառով սկսեցի զբաղվել ձկնորսությամբ և խոհարարությամբ: Ես և կրտսեր եղբայրս ուռկան սարքեցինք և բոլորից թաքուն գնացինք ձուկ բռնելու: Վերցրեցինք նավակը և մտանք ծով (Սևանա լիճ): Սկսեցինք ձուկ բռնել: Ինչքան շատ էինք բռնում, այնքան ավելի ոգևորված գնում էինք խորքերը: Մի անգամ հենց գնացինք ծով, եղանակը վատացավ: Սկսեց ուժեղ քամի, և ծովն ալեկոծվեց: Մեր անզգուշության պատճառով եղբայրս ջուրն ընկավ: Ես մի կերպ փրկեցի նրան:

-Շա՞տ էիք վախեցել:

-Վախեցել էինք, բայց ոչ այնքան շատ, որ ես նորից չգնայի ծով: Ես արդեն մենակ էի գնում ծով և ավելի շատ ձկներ բռնում:

-Իսկ ի՞նչ էիր անում այդքան շատ ձկները:

-Վաճառում էի, չորացնում էի: Մի անգամ չափից ավելի շատ էի բռնել, և ոստիկանները տեսան:

-Բա քեզ ի՞նչ արեցին, պա՛պի:

-Ձերբակալեցին: Ինձ պատժամիջոց նշանակեցին. մեկ տարի տնային կալանք:

-Բա այդ ժամանակ ի՞նչ էիր աշխատում:

-Սկսեցի խոհարարությամբ զբաղվել:

-Ինչ դժվար է եղել քո կյանքը, պա՛պ:

-Հիշելը նույնպես դժվար է: Մի բաժակ ջուր բեր, շատ խոսեցի, կոկորդս չորացավ:

-Ա՛ռ պապի, ծովից եմ բերել, բայց մեջը ձուկ չկա:

-Դուռա՛կ, արդեն ձեռք ե՞ս առնում:

-Չէ պա՛պի, ուղղակի կատակեցի:

-Գնանք տուն, արդեն ցուրտ է, ճյուղերն էլ վերցրու, որ վառարանը վառենք:

Զարզանդ պապի ասածն ինձ համար օրենք է

 

Nelli Margaryan

Ես ծնվեցի

Ես ծնվեցի

Երբ ես ծնվեցի, արվեստը կար,
Մի քանի դար մեծացել ու մարդկանց գույներն էր փոխել,
Մի քանի մարդիկ էլ արվեստն էին փոխել…
Ու երբ ես եկա, արվեստն ու մարդը իրար բարեկամ էին,
Բարեկամներ, որ ամեն դժվար պահի օգնության էին հասնում,
Բարեկամներ, որ ամեն սևին ու սպիտակին գույներ էին հաղորդում,
Երանգնե՜ր…
Հոգու վառ կարմիրը միաձուլած շրջապատի մուգ սևի հետ,
Ու ստանում մի երանգ, որ ժպիտ է կոչվում,
Որ արցունքի տակից է ժպտում.
Արվեստն ու մարդը ծանոթներ դարձան, երբ մարդիկ կորցրեցին իրենց,
Կորցրին արժեքներ, որ կոչվում էին` Սեր,
Նկարչություն,
Երաժշտություն,
Պար,
Ծիծաղ,
Հոգու երանգ…
Կորցրին էն ժամանակ, երբ ամեն ինչ նյութականացվեց,
Ու նյութականն էլ համակարգչի մեջ,
Գեղեցիկ ծուղակ է, մարդիկ հեշտ են տրվում,
Իսկ արվեստին տրվելը դժվար է, արվեստին պետք է դանդաղ տրվել,
Իսկ արվեստին առանց սեր տրվել չի ստացվի…
Ծուղակին տրվելը արագ է պատահում
Առանց սիրել, առանց գիտակցության…
Արվեստը մեռնում է, իսկ մարդիկ ծրագրավորում…

 

Մուսաս սահմանին է 

Սպասել մուսային,

խզբզել

կամ իսկապես

գրել տողեր։

 

Երկար ժամանակ է՝ չէի գրում,

երկար ժամանակ է, ինչ մուսաս գնացել էր դիրքեր`

սահմանը պահելու։

Ոչինչ անել չի ստացվում,

նույնիսկ խելագարվել չի ստացվում,

իսկ սպասել՝ առավել ևս։ Ինչի՞ն սպասես.

սահմանի խաղաղությա՞նը,

թե՞ մուսայի վերադարձին։

Ախր, էդպես կկործանվես, երկու տարի ոչինչ չգրել ու միայն սպասել։

Իսկ գուցե մուսաս հավերժի բաժին է դարձել,

Գուցե էլ չգա՞։

Չէ՛,

Չէ՛,

Կգա՛, սպասում եմ,

Կգա, գրչիս կփաթաթվի, չի թողնի մենակ,

կգա ու կմնա,

և անքուն գիշերներիս հետքը կմաքրի,

արցունքոտ աչքերիս սևաներկը կսրբի

Կամ կթողնի, որ հետքը բոլորը տեսնեն,

բայց կգա հաստատ։

Խոստում է տվել.

Մտքերիս անտեր չի թողնելու,

Թանաքամանն էլ հաճախ է դատարկ մնալու,

Տան պատերին ճաքեր չի պարգևելու,

Ու գինին էլ բացվելու է առաջվա պես,

երկու լիքը բաժակի մասին գրեմ։

Բայց հիմա մուսաս սահմանին է:

Գնացել է խաղաղություն բերելու:

Իսկ ես բարձր-բարձր գոռում եմ`

Խաղաղությունը սահմանին չէ, խաղաղությունը գիրկդ է՝

սահմանից ես բերել։

Իմ սիրելի Արտյոմը

Ինձ համար  դժվար է խոսել այս թեմայով, սակայն որոշեցի գրել ու ինչ որ կերպ մտքերս արտահայտելու միջոցով փորձել դարմանել ու դուրս հանել այն ցավը, որը  մեկ տարի է, ինչ կա։ Ես այս անգամ ուզում եմ պատմել իմ զոհված մտերիմ ընկերոջ մասին, չնայած նրան, որ չեմ կարողանում պատկերացնել ու հավատալ, որ նա այլևս չկա։

Մենք կարծես երկու եղբայր լինեինք, իրար հետ անցել ենք և դպրոցական, և ուսանողական, և թաղի ընկերության բոլոր ուրախությունները, լավ ու վատ պահերը: Ճիշտ է, վերջին շրջանում մի փոքր ուշ-ուշ էինք շփվում, բայց նա իմ կյանքում շատ կարևոր մարդ էր, ու միշտ փորձում էի տեղեկացված լինել իրենից։ Ես մեկ տարի է ուշքի չեմ գալիս և չեմ համակերպվում  նրա զոհվելու փաստի հետ։

Հայրենասիրության մասին սակավախոս այս տղան, ով շատ ժամանակ թեման փոխում էր, երբ հայրենասիրության մասին էինք խոսում, հիշում եմ՝ ինչպիսի ոգևորվածությամբ էր պատմում, թե ինչպես է մտել զինկոմիսարիատ, գեներալի սենյակ, ու գեներալի այն հարցին, թե ինչ առողջական խնդիր ունի, ասել է, որ ոչ մի խնդիր չունի ու պատրաստ է գնալ առաջնագիծ (Արցախ)։ Գեներալը շատ է զարմացել, քանի որ շատերը նույնիսկ փոքր խնդիրը այնպես են ուռճացնում, միայն թե չծառայեն: Ու ասում էր, որ հետախուզությունում է ուզում ժամկետային ծառայությունը անցկացնել ու պատկերացնում էր, թե ինչպիսի աշխարհայացքային փոփոխությամբ, կոփվածությամբ ու ֆիզիկական պատրաստվածությամբ է վերադառնալու։ Արտյոմի կյանքում անպակաս էր կատակն ու ուրախությունը։ Լինում էր, որ կռվում էինք, թե իրար հետ, թե մեր մյուս ընդհանուր ընկերների, բայց չանցած մի քանի րոպե կրկին հաշտվում: Արտյոմը բացարձակ նեղացկոտ չէր ու շատ շուտ մոռանում էր այն ամենը, ինչ կարող էր մեկ ուրիշը տարիներով հիշել։

Մի անգամ մի դեպք եղավ, և քոլեջի ուսուցիչներից մեկը դիտողություն արեց մեզ ու օրինակ բերեց համարյա մեր հասակակից ընկերներին ու ասաց, որ իրենք էնտեղ իրենց կյանքն են վտանգում, իսկ մենք քաղաքում մեր կյանքն ենք վայելում։

Արտյոմը սրտնեղած ասաց, որ համոզված է, համարյա նույն բանը այդ տղաների ուսուցիչները այդ տղաներին են ասում կամ ասել, սակայն երբ գնում են սահման կռվում, պաշտպանում մեզ ու զոհվում մեզ համար, միայն այդ ժամանակ ենք նրանց արժեվորում: Հարկավոր է, որ միշտ արժեվորենք բոլոր տղաներին, ովքեր ապագայում կամ անցյալում մեզ համար արյուն ու քրտինք են թափել, թափելու ու թափում։ Ես ճիշտն ասած չէի սպասում իրենից այդպիսի պատասխան, ու ինձ համար և զարմանալի էր, և ուրախալի, քանի որ այդ այն ժամանակ էր, երբ ես խորապես հետաքրքրված էի ազգային մշակույթով և ունեի իմ համոզմունքները։

Արտյոմի մասին կարելի է խոսել շատ երկար ու շատ դրվագներ հիշել։ Մեկը այն, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ իրար հետ մտածում էինք, թե ինչպես օգնություն ուղարկենք սահման, իսկ մենք այդ ժամանակ ընդամենը 15 տարեկան պատանիներ էինք։

Ես մինչև հիմա էլ չեմ կարողանում գնալ նրա գերեզմանին ու չգիտեմ, թե ինչպես ինձ կպահեմ այնտեղ լինելուց, ու ինչպես պիտի նայեմ Արտյոմի մայրիկի աչքերին, երբ փորձում էի հույս տալ, որ ամեն ինչ լավ է լինելու, ու Արտյոմը ամենաբարդ իրավիճակից էլ ելք կգտնի, քանի որ գիտի` տանը սպասող ունի: Սակայն բախտը ավելի դաժան գտնվեց, թե մեր, թե Արտյոմիս հանդեպ։

Ինձ համար Արտյոմը միշտ կա ու մեր կողքին է, այնքան ժամանակ, քանի դեռ մենք նրան հիշում ու խոսում ենք նրա մասին։ Իսկ ես հաստատ չեմ կարող մոռանալ մեր անցած տարիները ու արած խենթությունները։

Մենք սպասում ու հույս ունեինք որ նա հետ է գալու, սակայն պարզվեց, որ զոհվել է հրամանատարին օգնության շտապելիս, պատերազմի հենց սկզբում` սեպտեմբերի 27-ին կամ 28-ին։

Հ․Գ. Ախպերս գործդ շարունակողներ կան, չկասկածես։

marat sirunyan

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ

Կյանքն անիրավ, այնպե՜ս, մեզ կապում է իրար,

Որ այդ անխիղճ կապի ձեռքից պրծում չկա,

Հետո ինքն իր արած անմտության համար,

Քմծիծաղ է տալիս ու հեգնում է՝ չկա՜…

 

Հետո չար կատակով բաժանում է նա մեզ,

Հույս տալով, թե մի օր խլածը հետ կտա,

Ու երբ որ ուշացած հասկանում ենք՝ խաբեց,

Ծիծաղում է ուժգին ու կանչում է՝ չե՜մ տա…

 

Ու մենք կրկին անճար, սպասում ենք հույսով,

Թե գոնե նա ինքը ինչ-որ կերպ ետ կգա,

Բայց կյանքի չար խաղով, անիրական կապով,

Մեզ կապվածն այդպես էլ, ա՜խ, չկա ու չկա…

 

Մարատ Սիրունց