
Հարցազրույց «Հորովել» երգի և պարի անսամբլի երաժշտական մասի ղեկավար, քանոնահարուհի Էլմիրա Կռոյանի հետ:
-Ինչպե՞ս է սկսվել Ձեր ուղին որպես արվեստագետ:
-Իմ ուղին սկիզբ է առել հենց իմ ընտանիքից: Հայրս դուդուկահար է եղել, և մանկուց ես շրջապատված եմ եղել ժողովրդական երգով, պարով: Երիտասարդ տարիներին զբաղվել եմ պարով և եղել եմ բավականին մեծ հաջողությունների հասած պարուհի: Մասնակցել եմ տարբեր հանրապետական մրցույթների և առաջին ոսկե մեդալս ստացել եմ որպես մենապարուհի` 16 տարեկան հասակում: Դրան զուգահեռ ես ստացել եմ դաշնամուրային կրթություն: Բեմը դարձել էր ինձ համար մի հարազատ վայր, որը երբեք չէի ցանկանա լքել: Բայց ինչպես հայտնի է` պարարվեստը երիտասարդ արվեստ է, և գիտակցելով, որ կգա մի ժամանակ, երբ ես էլ չեմ պարի, և բացի այդ հայրս էլ կողմ չէր, ես որոշեցի ընտրել մի այնպիսի մասնագիտություն, որով դեռ երկար կմնամ բեմում: Արդյունքում ես ընտրեցի ամենագեղեցիկ ժողովրդական գործիքը` քանոնը:
-Որտե՞ղ եք սովորել, ովքե՞ր են եղել ձեր ուսուցիչները:
-Սովորել եմ երաժշտական ուսումնարանի ժողգործիքների բաժնում: Իմ ուսուցիչը եղել է հանրապետության ժողովրդական արտիստ` Անժելա Աթաբեկյանը: Ամեն շաբաթ ես գնում էի նրա մոտ դասեր վերցնելու, և հենց նրանից էլ ստացել եմ այն բոլոր մասնագիտական որակները, որոնք հիմա ունեմ: Հաջորդ վարպետս եղել է Խաչատուր Ավետիսյանը, ով սովորեցրել է ինձ ժողովրդական նվագարանների գործիքավորումը: Խաչատուր Ավետիսյանից ես ստացել եմ այնպիսի հմտություններ, որոնց ոչ բոլորն են տիրապետում: Նման ուսուցիչներ ունենալը ես մեծ հաջողություն եմ համարում:
-Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ ձեռքբերումը որպես արվեստագետ և որպես կին:
-Ե’վ որպես կին, և’ որպես արվեստագետ ինձ համար ամենամեծ ձեռքբերումը իմ ընտանիքն է: Մեծ երջանկություն է տեսնել քո երեխաների հաջողությունները որպես արվեստագետներ: Ես երջանիկ եմ, որ իմ երեխաները սիրեցին արվեստը այնպես, ինչպես սիրում եմ ես, ինչպես սիրել են ծնողներս: Երեխաներիցս մեկը գերազանց ավարտել է երաժշտական ուսումնարանը, այնուհետև կոնսերվատորիան, իսկ մյուսը դաշնակահարուհի է: Թոռներս նույնպես շարունակում են մեր ընտանեկան գործը: Տասնհինգամյա տղա թոռս արդեն 5 միջազգային մրցույթների դափնեկիր է:
-Ո՞վ է կնոջ Ձեր իդեալը:
-Ինձ համար իդելական կնոջ մարմնացում է մայրս: Մայրս եղել է բարի, քնքուշ, բայց նաև խիստ մայր: Նա է եղել այն մարդը, ով ստիպել է վերցնել գործիքը և նվագել, աշխատել սեփական որակների վրա: Մայրս է մեր մեջ սերմանել սերը արվեստի հանդեպ, նա է դաստիարակել մեզ, և նրանից ենք ժառանգել շատ մարդկային որակներ, որոնք պետք է ունենա յուրաքանչյուր կին և մայր: Նա եղել է այն մեկը, ում կարելի էր ընդօրինակել և ումից կարելի էր սովորել:
-Դուք նաև մեծ նվագախումբ եք ղեկավարում: Հե՞շտ է համատեղելը ընտանիքն ու աշխատանքը:
-Չեմ կարող ասել, որ հեշտ է: Բայց, ի երջանկություն ինձ, ամուսինս ըմբռնումով է մոտեցել այդ հարցին և միշտ փորձել է աջակցել և քաջալերել ինձ: Մենք արդեն 45 տարի է ամուսնացած ենք, և նա երբեք չի խանգարել իմ աշխատանքին ու միշտ կանգնած է եղել իմ կողքին, և ես շնորհակալ եմ նրան այն ամենի համար, ինչ նա արել է:
-Ի՞նչ կցանկանաք մաղթել կանանց:
-Բոլոր կանանց կցանկանայի մաղթել երջանկություն: Յուրաքանչյուր կին երջանիկ կլինի, եթե երջանիկ լինեն իր երեխաները: Ես ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ կանանց, ովքեր ստիպված կատարում են ծանր աշխատանք, որպեսզի կարողանան տալ իրենց զավակներին այն ամենը, ինչ անհրաժեշտ է: Թող ոչ մի կին չունենա այն զգացումը, որ ինքը իր երեխային ինչ-որ բան չի կարողացել տալ: Կարևորը սերն է: Եվ հենց սեր էլ կմաղթեմ բոլոր կանանց: Սիրե’ք և եղեք սիրված:

Շփման կետը «Ե» տառը





Ես Էմման եմ, անվանս բացատրության համաձայն՝ խորհրդավոր, դա չգիտեմ, բայց այն, որ հետաքրքրասեր եմ, դա հաստատ գիտեմ։ Խոսքը միանշանակ այլոց կյանքով հետաքրքրվելը չէ, այլ այն ամենով, ինչ ը կարող է դրական փոփոխություն մտցնել իմ ու իմ շրջապատի կյանքում։