Ես Հայկն եմ` լի բազմաթիվ երազանքներով: Երազում եմ կայանալ ընտրածս մասնագիտության մեջ: Ունեմ շատ նախասիրություններ, որոնցից կառանձնացնեմ մեկը`լուսանկարչությունը, որով սկսել եմ զբաղվել վերջերս: Զբաղվում եմ նաև լեռնադահուկային սպորտով: Ազատ ժամանակ սիրում եմ նվագել կիթառ, լսել երաժշտություն և ժամանակ անցկացնել ընկերներիս հետ:
Հարազատ է լողը. լողալ սովորել եմ մեր գողտրիկ ժայռերի ծոցում գտնվող Քասախ գետում:
Սիրում եմ կատակերգական և ֆանտաստիկ ժանրերի ֆիլմեր դիտել:
Բայց այս ամենից այն կողմ ինձ համար կա մի ուրիշ աշխարհ՝ Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցին: Ծառայելով եկեղեցուն, որոշեցի դառնալ հոգևորական և ընդունվեցի Հառիճավանքի Թրբանճյան ընծայարան: Սովորելով մեկ տարուց ավելի՝ հասկացա, որ իմ նախասիրությունները այլ են, և վերադառնալով իմ դպրոց՝ որոշեցի, որ իմ տեղը կինոյում է, և նպատակներս կապեցի օպերատորական արվեստի հետ:
Երազանքներս մեծ են, ապագաս՝ առջևում:
Հայկ Գալստյան 16տ.
***
Ես Անուշիկն եմ: Ես գիտեմ, թե ով եմ ես, գիտեմ իմ առավելություններն ու թերությունները, բայց սրանք իմանալով հանդերձ, դեռ չեմ բացահայտել իմ իրական «ես»-ը:
Ընկերասեր եմ, հոգատար, ուշադիր եմ ոչ միայն ընկերներիս, այլ նաև այն մարդկանց հանդեպ, որոնք ունեն դրա կարիքը: Նեղացկոտ եմ, ինչը ինձ միշտ խանգարում է: Լավատես եմ և երբեք հույսս չեմ կորցնում: Ես անչափ հետաքրքրասեր եմ և շփվող: Մարդկանց մեջ ոչ մի դասակարգում չեմ դնում: Չնայած համարձակ եմ, բայց, միաժամանակ, հուզվող անձնավորություն եմ: Նույնիսկ ամենաչնչին բանից կարող եմ նեղվել և սրտիս մոտ ընդունել: Բարի եմ, սակայն իմ բարությունը կավարտվի այնտեղ, որտեղից կսկսվի մտերիմներիս պաշտպանելու ժամանակը: Սիրում եմ կարդալ հետաքրքիր փաստեր դերասանների, ռեժիսորների և ընդհանրապես այն մարդկանց մասին, որոնք կապ ունեն ֆիլմերի հետ: Դպրոցում սովորում եմ լավ առաջադիմությամբ: Փորձում եմ հնարավորին չափ լավ սովորել, որպեսզի հասնեմ նպատակիս՝ դառնալ լավ սցենարիստ, բայց նպատակս իրագործելու համար պետք է ունենամ կամքի ուժ և նպատակասլացություն: Պետք է լինեն նպատակ և ցանկություն՝ երազանքն իրագործելու համար: Նաև ուզում եմ լինել լավ մարդ, լավ ընկեր և արժանի զավակ ծնողներիս համար:
Այս ամենը իմանալով հանդերձ՝ դեռևս շատ անբացատրելի հարցեր, զգացողություններ ու մտքեր են ծնվում իմ մեջ, իմ «ես»- ի մասին մտածելիս:
Անուշիկ Մկրտչյան 14տ.
Ինձ հուզում է մեր դպրոցի շինարարությունը։ Դպրոցում չկա բուֆետ, որ երեխաները սնվեն։ Ուրիշ դպրոցներում երեխաները վերցնում են գումար, որ բուֆետից ուտելիք գնեն, իսկ մենք ուտելիքն ենք մեզ հետ տանում։ Լավ կլիներ, որ մեր դպրոցը վերանորոգեին, որ այն մյուս դպրոցների նման լիներ։ 




