sona zaqaryan

Հին ու բարի ժամանակներ

Ձմեռային մի ցուրտ ու մռայլ օր էր: Դպրոցից տուն էի գնում: Դրսում շա՜տ ցուրտ էր: Տանել չեմ կարողանում ցուրտը: Եկա տուն ու անմիջապես նստեցի վառարանի մոտ.

-Տա՜տ, շատ ցուրտ ա, մրսում եմ:

-Այ բալա, տատին հի՞նչ անի, սպասի երկու փեդ տինեմ փիչին մեջ՝ տքանաս: Է՜հ բալա, հիշըմ եմ՝ էն ժամանակ սաղս հվաքվըմ էինք քյուրսուն տակ, լյավ տաք էր իլըմ տեղներս:

-Տատ, քյուրսի՞: Կպատմե՞ս մի քիչ դրա մասին:

-Թոնիրը վառըմ էինք, վիրան քյուրսի տինըմ: Քյուրսին ալ տախտակներով էին սարքըմ: Սեղանի նման էր, բայց ավելի ցածր: Վիրան ալ կարպետ էինք քցըմ: Կողքին քեչա էինք քցըմ, նստըմ վիրան: Քեչան բրդից էինք սարքըմ, մի հինգ-վեց կիլո բուրդ էինք լիվանըմ, հետո գզըմ: Մի հատ մեծ շոր էինք քցըմ, էդ բուրդը վիրան լցնում ու ջուր շաղ տալիս, հետո փեդ էին տինըմ մեջին ու էդ շորավը փթաթում: Մի քանի ջահիլ տղա ուս-ուսի տված ոններով տալիս էին էդ փթաթածին, տանըմ էին էն ղոլ (կողմ), նորից պիրըմ էս ղոլ: Էնքան էին տալիս վեր էդ բուրդը կպնըմ էր իրար: Հետո պիրըմ էին պացըմ, քեչան հանըմ: Քեչան քըցըմ էին քյուրսուն չորս ղոլին: Վեր թոնրում ճաշ էինք եփում, քյուրսին մի ղոլ էինք տինում: Կճոճը իջացնըմ էինք թոնրին մեջին, ճաշ եփըմ: Ճաշը եփիլից հետո, քյուրսուն վիրա հաց էինք տինըմ, նըստըմ քեչայի վիրան, ոններնիս մեկնըմ քյուրսուն տակը, հաց օտըմ: Քյուրսուն վիրա դաս էինք գըրըմ, սըվերըմ, բա հինչ:

Տատիկի պատմելուց հետո հիշողությունների գիրկը ընկա: Հիշեցի մեր թոնիրը, որ արդեն բավականին ժամանակ է` չենք օգտագործում:

Երբ փոքր էի, թոնրում հաց էինք թխում: Հիշում եմ՝ ամեն անգամ, երբ գիտեի, որ հաջորդ օրը պետք է հաց թխենք, շուտ էի արթնանում: Գնում էի այնտեղ, որտեղ շարված էին պյուլերը (խմորի գնդերը) և սկսում դիպչել դրանց: Տատիկն ու մայրիկը բարկանում էին վրաս, ես էլ թողնում էի ու փախչում, մինչև որ զգում էի նոր թխված հացի հոտը ու շտապում թոնրից հանած առաջին լավաշը համտեսելու:

Այնքա՜ն մեծ ոգևորությամբ էր կատարվում լավաշ թխելու արարողությունը: Ամեն մեկը մի գործ էր անում: Մեկը պյուլերն էր բերում, մյուսները գրտնակում էին, մեկը լավաշն էր թխում թոնրի մեջ, մյուսը հանում էր լավաշները և հերթով դասավորում: Բոլորը շատ մեծ նվիրումով էին այս աշխատանքը կատարում, դրա համար էլ լավաշը այդքան համեղ էր ստացվում:

Երբ գյուղում մեկը լավաշ էր թխում, թաղում բոլորը իմանում էին, որովհետև լավաշի հոտը արագ տարածվում էր: Բակում խաղալու ժամանակ, երբ երեխաներով լավաշի հոտ էինք առնում, սկսում էինք մեր խուզարկությունը, որ պարզենք, թե ում տանն են լավաշ թխում: Այսպիսի ավանդույթ էլ կար. այն տանից, որտեղ լավաշ էր թխվում, թխվելուց հետո լավաշ էր բաժանվում թաղի բնակիչներին: Այդ գործը մեծերը մեզ` երեխաներիս էին վստահում: Մենք էլ մեծ ոգևորությամբ բաժանում էինք այդ երկար, բարակ գանձերը: Ինչքան լավ ու հետաքրքիր էր անցնում այդ ամենը…

Է՜հ, մանկությունս կարոտեցի:

Թոնիրը դեռ պահպանվում է, բայց էլ չի օգտագործվում: Ամեն անգամ, երբ մտնում եմ հացատուն, հիշում եմ այս ամենը: Նայում եմ թոնրին: Այն կարծես մոռացված լինի, բայց իր մեջ դեռ պահպանում է հին ու բարի օրերի շունչը և ամեն րոպե պատրաստ է վերակենդանանալու: Իսկ ես հույսով սպասում եմ, որ կգա մի օր ու ես նորից կզգամ այդ հին ու բարի ժամանակների շունչը:

hasmik givargizyan

Սովորական երեքշաբթի կամ ուշացած խոստովանություն

Ձմեռային երեքշաբթին սովորական էր. ցուրտ, ձմեռոտ, սպիտակ: Եղանակը տարօրինակ էր ճիշտ այնքան, որքան սովորական էր այդ օրը: Բացասական ջերմաստիճանից սառած ոտքերով մտա դպրոց: Առաջին հարկում ամեն ինչ նույնն էր, միայն երեխաների ոտքերից պոկված ձյունն էր, որ սպիտակ գորգի պես փռվելով գետնին, ուղեկցում էր ինձ երրորդ հարկ: Սպիտակ սալիկներ, որոնց սահմանագծերը վաղուց արդեն սևացել էին, և տարիների վաղեմության մի դուռ, որն իր վրա կրում էր նոր վերքեր ու սպիներ՝ մեր դասարանի կողմից ստացած: Աղմկոտ դասարան, զանգ, ու հինգ րոպե ուշացող ուսուցիչ (իսկական երջանկություն):

-Ժո՜ղ, էսօր Վալենտին ա,- ասաց մեկը:

Նայում եմ մի տեսակ անհասկացող հայացքով, հետո ավելացնում.

-Էսօր ուղղակի երեքշաբթի ա, մի չափազանցրեք:

Ամբողջ օրը նույն բանն ասացի, հետո ինքս էլ դրանից զզվեցի ու սկսեցի մտածել. «Սիրո տոն, է հա, բայց, ո՞վ ասաց, որ սերս պիտի պարտադիր հակառակ սեռի նկատմամբ լինի…»: Հավաքեցի մտքերս, դրեցի կենսաբանությունից ստացած 9-իս կողքին ու տուն եկա: Արագ ճաշելուց հետո օգնեցի մայրիկին ավարտել տան գործերը: Մի պահ կանգ առա, նայեցի սառը ու տաք ջրերի փոփոխությունից ուռած մորս ձեռքերին. «Մա՜մ, մենակ թե իմանաս, թե ինչքան եմ սիրում քեզ, հազար տիեզերքի չափ, ու դեռ մի քիչ էլ ավել: Միայն թե իմանաս…»: Մտածում եմ, բայց մայրիկի ձայնը խլացնում է մտքերս: Գնամ խոհանոցն ավլեմ, թե չէ մայրիկիս մեջքն էլի կցավի…

Ես այդպես էլ համարձակություն չունեցա շնորհավորելու մայրիկիս տոնը բարձրաձայն… Ոչինչ, կսիրեմ կամաց, բայց ուժեղ…

Hripsime Vardanyan

Մի փոքր անկեղծությունը չէր խանգարի

Դասերի վերջում դասղեկի հետ պոեզիայի ժամ էինք կազմակերպել, թեման՝ սեր: Ամեն մեկս ընտրել էինք մեր սիրած բանաստեղծությունը սիրո մասին: Կարդացինք, քննարկեցինք: Ուսուցչուհիս հարցրեց, թե ինչ ենք պատկերացնում, երբ ասում ենք՝ իրական սեր:

Այստեղ առաջ եկավ «բարդույթ» ասվածը: Չգիտեմ ինչու, երբ հարցը վերաբերվում է անկեղծ խոսելուն՝ բոլորը լռում են: Մեզ մի փոքր անկեղծությունը չէր խանգարի: Լռեցինք, բայց երբ մեկը՝ կոնկրետ մեր դասարանի միակ տղան, խոսեց, սկսեցինք խոսել: Չգիտեմ, «սեր» բառի բացատրությունը կարող եմ տալ, թե ոչ, բայց հաստատ գիտեմ, որ սահմանումը դեռ ոչ ոք չի տվել: Ամեն մեկը իր ձևով է պատկերացնում այդ զգացմունքը:

Սիրում եմ զրուցել այն թեմաներով, որոնց մասին սովորաբար լռում են: Այդ թեմաների շուրջ ավելի շատ հարցեր են առաջանում:

Ուսուցչուհուս հարցերը ստիպում էին մեզ լավ մտածել այն հարցերի շուրջ, որոնք մենք համարում էինք դեռ անհասանելի մեզ համար: Երբեմն մոռանում ենք, որ մեծանում ենք: Ասաց օրինակ.

-Զոհաբերություն հանուն սիրո:

Պատասխանները տարբեր էին.

-Այո:

-Չգիտեմ:

-Եթե հարյուր տոկոսով վստահում ես:

Այսպես շարունակ: Մեր պոեզիայի ժամը ավարտվեց այս խոսքերով.

-Առաջին սերը, առաջին հացի նման կուտ է գնում,- և ավելացվեց,- բայց չի մոռացվում:

seda mkhitaryan

Հնարավորություն կա՝ օգտվեք

Կյանքը երբեմն մեզ շատ լավ հնարավորություններ է ընձեռում, որոնցից, սակայն, պետք է օգտվել սովորենք: Ես միշտ մտածել եմ, որ ցանկացած հնարավորություն կամ առաջարկ պետք է օգտագործել ի նպաստ անձնային զարգացմանն ու կատարելագործմանը: Բայց շատ հաճախ ինքս էլ չեմ կարողանում օգտվել հնարավորություններից, որոնք ինձ են ընձեռնվում: Մի անգամ ես հրաժարվեցի մի շատ լավ հնարավորությունից: Պիտի մասնակցեի մի միջոցառման, որի ընթացքում պիտի պատմեի մասնագիտությանս ընտրության մասին, թե ինչ առանձնահատկություններ ու դժվարություններ ունի այն: Ամեն ինչ պատրաստ էր՝ տեքստը, տրամադրությունը, բայց ես հիմարաբար հրաժարվեցի: Իհարկե, հետո զղջացի, մանավանդ, երբ տեսա այդ միջոցառման լուսանկարներն ու կարդացի ընկերներիս տպավորությունները սոցիալական ցանցերում:

Պետք չէ բաց թողնել ոչ մի հնարավորություն, պետք է մասնակցել բոլոր միջոցառումներին, եթե, իհարկե, ճանաչում ու վստահում ենք կազմակերպիչներին: Ամեն նոր բան հնարավորություն է տալիս իմանալու նոր, հետաքրքիր ու անծանոթ ինֆորմացիա, շփվելու ու ծանոթանալու նոր ու հետաքրքիր մարդկանց հետ: Երբեք պետք չէ մտածել, որ այդ ամենը ժամանակի անիմաստ կորուստ է, այլ պետք է դիտարկել որպես հնարավորություն, որից օգտվելու արդյունքում դառնալու ենք ավելին, քան կայինք:

jora petrosyan

Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ

Վերնագրից թվում է, թե պիտի խոսեմ համաշխարհային գրականության մեծագույններից մեկի՝ Շեքսպիրի և նրա թողած ժառանգության մասին: Ամենևին: Խոսքս տասնամյակի «հանցագործության»՝ սելֆիի մասին է: Սելֆի անող մարդկանց կարելի է հանդիպել ամենուր՝ հասարակական տրանսպորտում, թանգարաններում, պատկերասրահներում, նույնիսկ զուգարաններում: Չնայած՝ ինչո՞ւ նույնիսկ, զուգարանում դա անելը ամենատարածվածն է: Սելֆին ծնվեց սմարթֆոնների, կամ, որ նույնն է՝ խելախոսների հետ: Բայց կա հակասություն, քանի որ սելֆիի «ծնունդը» վերագրվում է 1900-ական թվականներին, երբ մի ամերիկուհի հայելու առաջ «Կոդակ» լուսանկարչական տեսախցիկով ինքնանկար արեց: Սելֆիի հետ ծնվեցին նաև լուսանկարվելու տարբեր դիրքերը: Նույն վայրում տարբեր դիրքով նկարվում են ու ավելացնում համաշխարհային սարդոստայնում՝ սոցիալական էջերում: Նկարներ, որոնց նույնատիպությունը հոգնեցուցիչ է, իսկ նկարին կցված լատինատառ, անգրագետ հայերենով գրված տողերը՝ նյարդայնացնող:

Սելֆիի մայրը հանդիսանում է հայուհի Քիմ Քարդաշյանը, ով նույնիսկ իր անձնական սելֆիների գիրքն է հրապարակել:
90-ականների երեխաները (չնայած, որ այժմ երեխա չեն) գաղափար չունեին սելֆի բառի մասին, իսկ հիմա բոլոր երեխաները՝ 2-4 տարեկան, գիտեն, թե ինչ է սելֆին: Իսկ ընդհանրապես ի՞նչ է սելֆին գիտական առումով: Ըստ Օքսֆորդյան բառարանի՝ սելֆին այն ինքնալուսանկարն է, որտեղ մարդն ինքն իրեն է նկարում հեռախոսի, պլանշետի կամ համակարգչի միջոցով ու տեղադրում համացանցում:
Սելֆի բառը 2013-ին համարվել է տարվա բառը: Սելֆի-սելֆի-սելֆի: Հոգնեցինք արդեն: Հոգնեցինք բադի մռութով, «ռետրիկայով» նկարած, դզած-փչած նկարներից, որտեղ մարդը կերպարանափոխված է 180 աստիճանով: Բնականն ենք ուզում, միայն բնականը, չէ՞ որ այն, ինչ բնական է, այն էլ բարոյական է:
Ամենն ամփոփելով մեկ հարց է առաջանում. ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ՝ լայքե՞լ սելֆիները, թե՞ ոչ:

Երբ սերերը տարբեր են լինում

Լուսանկարը՝ Լիդա Արմենակյանի

Լուսանկարը՝ Լիդա Արմենակյանի

Ինձ հավանաբար հիշում ես: Ամեն դեպքում, ես էդպես եմ ցանկանում ու մեծ հույսեր ունեմ, որ էդպես էլ կա: Ես ուզում եմ քեզ մի հարց տալ: Չէ որ մենք արդեն մտերիմներ ենք, գուցե նաև հարազատներ: Քո կյանքում կա՞ որևէ երևույթ, որին «սեր» անունն ես տվել և միաժամանակ վախենում ես այն «սեր» կոչել: Չկա՞: Եթե կա, հրաշալի բան է, եթե ոչ… Եթե ոչ, ուրեմն, լսիր իմ պատմությունը: Բայց եթե քեզ հետաքրքրում է, թե քանի տարեկան է իմ ընկերը, որքան է վաստակում նրա հայրը և եթե քեզ պետք է իմանալ, թե քանի հազար ֆրանկ արժեցող տուն եմ տեսել, ապա կարող ես փակել այս պատուհանը և չշարունակել կարդալը: Վստահեցնում եմ` ոչինչ դուր չի գա: Իսկ եթե կհետաքրքրի՝ արդյո՞ք ընկերս թիթեռների հավաքածու ունի, թե ոչ, ապա սա համարիր նամակ` իմ տիեզերքից քո տիեզերք:

Լուսանկարը՝ Լիդա Արմենակյանի

Լուսանկարը՝ Լիդա Արմենակյանի

Գիտե՞ս սերերը տարբեր են լինում:
Այ, օրինակ, երբ վարդ տեսնելիս մտածում ես, որ…
-Վայ, սա իմ Փոքրիկ Իշխանի վարդն է, որ միակն է իր տեսակի մեջ:
…Որ աշխատանքը չի կարելի հետաձգել, երբ խոսքը վերաբերում է բաոբաբներին…
Երբ քո ամենասիրելի կենդանին կամ գոնե սիրելիներից մեկը աղվեսն է:
…Որ խոսքերը խանգարում են իրար լավ հասկանալուն:
Տխուր լինելիս մայրամուտին ես նայում, հետո հասկանում, որ եթե հնարավոր լիներ, հենց 43 անգամ կնայեիր` ինչպես է արևը մայր մտնում:
…Ու որ ինչքան էլ լպրծուն թվան սողունները, դու իրենց չես ատի, դեռ մի բան էլ կսիրես… Օձերին, որ հաստատ:
Գլխարկի նմանվող պատկեր տեսնելիս էլ առաջինը կմտածես, որ փիղ մարսող վիշապօձ է, արկղ տեսնելիս կմտածես, որ քո ուզած գառնուկը դրա մեջ է:
…Որ աստղերը քոնն են, քանի որ քեզնից առաջ ոչ ոք չի մտածել դրանք ձեռք բերելու մասին:
Երբ հավատում ես, որ ինչ-որ մոլորակի վրա օրը մեկ րոպե է տևում:
…Ու եթե երբևէ քեզ էլ է հետաքրքրել, թե աստղերն ինչու են փայլում, հիմա դրա պատասխանը գիտես:
…Որ հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես:

Լուսանկարը՝ Լիդա Արմենակյանի

Լուսանկարը՝ Լիդա Արմենակյանի

Էքզյուպերիի այս գիրքը իմ կյանքի ուղեկիցն է արդեն յոթ տարի: 2010 թվականն էր, երբ ուսուցչուհիս մտավ դասարան և առաջարկեց «Փոքրիկ Իշխանը» գրքի մասին բաց դաս անել: Հենց նույն ժամանակ էլ մեզ ծանոթացրեց գրքին: Հիշում եմ` դասարանում գրքի մի երկու-երեք օրինակ կար, իսկ համակարգիչ բոլորս չէ, որ ունեինք մեր տներում այդ ոչ հեռավոր 2010 թվականին: Գիրքը մեկ գիշերում կարդացի: Կարդալ բառը հարմար չեմ համարում օգտագործելու համար: Ես այդ գիրքը մի գիշերում ոչ թե կարդացել, այլ ապրել էի: Դա իմ ու Փոքրիկ Իշխանի առաջին հանդիպումն էր, բայց ինքն էլ գիտեր, որ վերջինը չէ: Ամեն տարի, երբ ծնունդովս մեծանում էի, գիրքն անպայման նորից կարդում էի: Ու ամեն անգամ տարբեր կերպ էի ընկալում Իշխանին ու իր մոլորակի բնակիչներին: Տարիների հետ ավելի շատ էի սիրում B612 աստղակերպը, ավելի լավ էի հասկանում աղվեսին և, այնուամենայնիվ, ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ այդ մեծահասակներին, ովքեր չգիտեին, թե ինչու պետք է իրենց վախեցներ «գլխարկը»: Չէի հասկանում այն մեծահասակներին, ովքեր սիրում են թվեր: Գիտե՞ս` մինչև հիմա էլ չեմ հասկանում:

Լուսանկարը՝ Լիդա Արմենակյանի

Լուսանկարը՝ Լիդա Արմենակյանի

Եթե ինձ ճանաչում ես, ուրեմն անպայման գիտես, որ աշխարհում իմ ամենասիրելի գիրքը «Փոքրիկ Իշխանն» է, որի մոտ պատրաստ եմ վերադառնալ հարյուր հազարավոր անգամներ (եթե դեռ չեմ արել այդպես): Իսկ եթե իմ մտերիմ ընկերն ես, ապա գիտես նաև այն մասին, որ ինձ պետք չէ հարցնել.
-Այս տուփի մեջ, ախր, ո՞նց կարող է գառնուկ լինել:

Լուսանկարը՝ Լիդա Արմենակյանի

Լուսանկարը՝ Լիդա Արմենակյանի

Եթե ասածներիցս գլուխ չես հանում, կարծում եմ, որ գիրքը կարդալու ճիշտ ժամանակն է: Էլ պետք չէ համբերել: Անպայման կարդա: Իսկ եթե մի անգամ կարդալով քեզ ոչինչ չտա, հավատա ինձ, դու այն դեռ չես հասկացել (մի անգամ էլ կարդա, հաստատ չես ափսոսա): Խորհուրդ կտամ մուլտֆիլմն էլ նայել: Մի ուրիշ աշխարհ է քեզ տեղափոխում, կտրում տանում է իրականությունից, որտեղ ապրում ես ու որտեղ գուցե դեռ չես գտել քո աղվեսին ու չգիտես, թե ինչ գլխացավանք են բաոբաբները:

Ով կա այնտեղ

Լուսանկարը` Սիրան Մանուկյանի

Լուսանկարը` Սիրան Մանուկյանի

Յուրաքանչյուր պատուհանից այն կողմ ապրում է մի մեծ աշխարհ: Աշխարհ՝ իր գույներով, իր պատմություններով, առօրյայով:

Ես առանձնահատուկ շատ եմ սիրում գիշերը, երբ ժամանակը հավերժ է թվում, իսկ երևակայությունը անսահման հեռու թռչում:

Եվ ամեն գիշեր, երբ բոլորը քնում են, ես դուրս եմ գալիս պատշգամբ և երկար նայում շենքի վառվող պատուհաններին ու փորձում պատկերացնել, թե ինչ է կատարվում յուրաքանչյուրից այն կողմ:  «Գուցե այդ աշխարհում ապրողները երջանիկ են, գուցե շատ միայնակ են և ինչ-որ մեկի հետ զրուցելու կարիքն ունեն, կամ էլ ով գիտե, գուցե այնտեղ խնջույք է»,- ամեն անգամ մտածում եմ ես:

Լուսանկարը` Սիրան Մանուկյանի

Լուսանկարը` Սիրան Մանուկյանի

Հետո լույսերը հատ-հատ մարում ու անհետանում են, իրենց հետ տանելով դեռևս չբացահայտված նորանոր պատմությունները: Ու ես այդպես էլ երբեք չեմ իմանում, թե արդյոք այդ աշխարհում տիրում էր երջանկությո՞ւնը, թե՞ սենյակում նստած միայնակ մեկը  երազում էր  երջանկության մասին: Իսկ գուցե ինչ-որ մեկն էլ կանգնած նայում է ի՞մ աշխարհին:

Լուսանկարը` Սիրան Մանուկյանի

Լուսանկարը` Սիրան Մանուկյանի

Առաջին սեր

Լուսանկարը՝ Սիրան Մանուկյանի

Լուսանկարը՝ Սիրան Մանուկյանի

Խոստովանություն

«Ես շատ եմ սիրում նրան: Նրա աչքերը, մազերը… Ես ամեն օր նրան տեսնում եմ: Նա մեր դասարանից է: Եթե նա դասի չի գալիս, ես գիշերը չեմ քնում: Ամեն օր նրա հետ խոսում եմ: Ես միշտ նրան զանգում եմ, հարցնում տարբեր բաներ: Նա էլ ինձ է զանգում: Մենք խոսում ենք, իսկ երբ չեմ խոսում նրա հետ, գիշերը չեմ քնում: Նա մեր դասարանի գեղեցկուհին է…»:

Այս ամենը ես կարդացի Դավիթի տետրում, որը նա ոչ մեկին ցույց չի տալիս, բայց ինձ ցույց տվեց: Արտագրել էր Կարոյի օրագրից:

Մուշեղ Բաղդասարյան, 12տ., 2002թ.

***

Հիմնավոր պատճառ

Եղբորս կնունքի օրը, ես ու իմ կնքահոր աղջիկը՝ Ծովոն, գնացինք Այրուձի: Բոլորը գիտեին, որ նա իմ քույրն է:

Մի օր հանկարծ ինձ մոտեցան մի քանի տղաներ ու սկսեցին երկար-բարակ խոսել.

-Ախպեր ջան, մեր ընկերը լացում ա,- ես անտարբեր շարունակեցի իմ ձիու բաշը սանրել:

-Ի՞նչ անեմ:

-Ո՞նց, բա չգիտե՞ս, սիրահարվել է քրոջդ, արի, մի բան արա՝ թող քույրդ հետը ընկերություն անի:

-Հա, եղավ, մի բան կանեմ,- ես մտքումս ծիծաղեցի. «Թողեք՝ էս ձիուն մաքրեմ»:

Քիչ անց եկավ Ծովոն:

-Դավ, իմացա՞ր, Արմանը ինձ է սիրահարվել:

-Ա՜, դուք էլ, ձեր սերն էլ, ի՞նչ ա սիրահարվել: Թողեք՝ էս խեղճ ձիուն մաքրեմ, էլի:

Գնացի Արմանի տնակը, տեսնեմ՝ իսկապես, պառկած լաց է լինում: Շատ բարկացա նրա վրա, բա մա՞րդ էլ այսօրն ընկնի: Ես գիտեմ, Ծովոն նրան երբեք էլ չի սիրի: Ընդհանրապես, նա հիմա միայն խաղալ է սիրում: Ասացի Արմանին այդ մասին, իսկ նա ավելի ուժեղ սկսեց լաց լինել: Ստիպված ծեծկռտվեցինք: Հիմա թող իսկականից լաց լինի:

Դավիթ Մարտիրոսյան, 11տ., 2002թ.

***

Ճակատագրական սխալ

Դպրոցական կյանքը նման է գյուղական առօրյայի: Դպրոցում, երբ ինչ-որ դասարանում մի բան է պատահում, մյուս օրն ամբողջ դպրոցը քննարկում է այդ հարցը: Ինչպես գյուղում, այնպես էլ դպրոցում, ուրիշ դասարաններից այցելության են գալիս աղջիկները և սկսում բամբասել տղաներից: Իսկ մի փոքր բանն ուռճացնում, ճոխացնում են և սիրո պատմություն սարքում:

Օրինակ, մի անգամ ես մի կողմ տարա մեր դասարանի աղջիկներից մեկին, որպեսզի մի բան պարզեմ: Իսկ կողքի դասարանում արդեն քննարկում էին մեր ապագա կյանքը: Քիչ հետո ես մտա դասարան:

-Արա, Դավ, քանի անգամ եմ ասել՝ Քնարիկը իմ ընկերուհին է,- ես դեռ չէի հասցրել պատասխանել, երբ Հարութը մոտեցավ:

-Հը՞, Դավ, ո՞նց աղջիկ է:

-Ո՞վ:

-Քնարիկը:

-Այ տղա, ես ի՞նչ գործ ունեմ Քնարիկի հետ:

-Բա ինչու՞ էիր իրեն մի կողմ տարել,- մի խոսքով դեռ չպատասխանած, հասկացա, որ դասարանցիները ինձ ամուսնացրել են Քնարիկի հետ: Սակայն ես ընդամենն ուզում էի դասի տեղն իմանալ: Իսկ մի քանի օր հետո իմ դասղեկն ասաց.

- Այ տղա, չլինեմ- չիմանամ, այդ աղջկան մի բան ասես:

-Ու՞մ:

-Քնարիկին:

Ես նյարդայնացած բղավեցի, որ զզվում եմ նրանից: Դասղեկս զարմացած լռեց, իսկ ես մտածեցի, որ այսքանով կվերջանա այդ պատմությունը: Սակայն դա դեռ սկիզբն էր:

Ամեն օր երեխաներն ինձ տարօրինակ հարցեր էին տալիս և հետաքրքրվում, թե վերջիվերջո, երբ են գալու մեր հարսանիքին: Մի խոսքով, այդ ամենը մինչև այսօր էլ շարունակվում է: Իսկ մեր դպրոցում, նույնիսկ դասարանում, այդպիսի այնքան պատմություններ են եղել, որ մի հաստափոր գիրք կլցնի:

Դավիթ Բաբայան, 13տ., 2002թ.

***

Անժամանակ զրույց

-Դուք արդեն յոթերորդ դասարանում եք, ձեր սիրահարվելու ժամանակն է,- ասում է դասղեկը,- ի՞նչ եք ծիծաղում, Արմինե և Էլլա:

-Ըմմ, չենք ծիծաղում,- մզմզալով ասացի ես:

-Էլլ,- կամաց ասաց Արմինեն,- արդեն հոգնեցրեց, 5-րդ դասարանից նույնն է ասում, բա 8-ում ի՞նչ է ասելու:

Այդպես անցավ աշխատանքի դասը: Ռուսերենի ժամ է: Բացում եմ գիրքս… Էլի սիրո մասին:

Դասը պատմեցինք: Հետո էլ ուսուցչուհին սկսեց խոսել.

-Օյ, ձեր սիրահարվելու ժամանակը եկել է…

-Օֆ,- սա դաս է՞, թե՞ ինչ,-փնչացրի ես:

Երևի դասի կեսը խոսեց սիրո մասին: Ես արդեն ձանձրույթից գլուխս դրել էի սեղանին և քիչ էր մնում՝ քնեի, բայց…

Ուսուցչուհին, չգիտեմ ինչու, հանկարծ սկսեց ինձ գովել, և ես թարմացա, գլուխս բարձրացրեցի և տեսա, որ բոլորն ինձ են նայում:

Լավ էր:

Էհ, չգիտեմ՝ ինչու այսքանը գրեցի: Երևի նրա համար, որ ասեմ, որ մեր դասարանցիները դեռ իսկական երեխաներ են: Ոչ ոք դեռ սիրահարված չէ, և բոլորը ձանձրանում են, երբ ուսուցիչները սիրո մասին են խոսում:

Այնպես, որ… Սպասեք:

Էլեոնորա Հարությունյան, 13տ., 2002թ.

***

Կրկնվող պատմություն

-Սաք, ի՞նչ կա:

-Էհ, Գոռ: Էնքան բան կա պատմելու:

-Ի՞նչ:

-Այստեղ չէ: Ուրիշ տեղ: Գաղտնի:

Սարգիսը հանդիսավոր լռեց և հետո ասաց.

-Նորից:

-Հը՞:

-Էհ, դե, Գոռ, նորից: Սիրահարվել եմ:

-Ու՞մ:

-Մի սիրուն, բոյով, շեկ մազերով:

-Յախք,- ընդհատեց Մուշը:

-Այ, Մուշ, դու, օրինակ, այդպես ես ասում, չէ՞, իսկ ես սիրահարվել եմ:

-Երկու օր հետո կփոշմանես, էլի:

-Չէ, Գոռ, այս անգամ իսկականից եմ սիրահարվել: Մնացածները անկապ, հենց էնպես, իսկ հիմա, օ՜հ:

-Ի՞նչը՝ օհ:

-Է-հ, Գոռ, դու դեռ երեխա ես: Իսկ ես… Ես, երևի, նրա հետ կամուսնանամ: Առանց նրա իմ կյանքն իմաստ չունի:

Այս խոսքերը Սարգիսը կրկնեց ամբողջ օրը:

Հաջորդ օրը նա ինձ կրկին զանգահարեց.

-Գոռ, ասացի՞՝ սիրահարվել եմ:

-Հա, երեկ ասացիր:

-Չէ, նորից: Այս անգամ այդ աղջկա քրոջը: Գոռ, չես պատկերացնում՝ բոյով, շեկ, կանաչ աչքերով: Ես նրա հետ, այ, հաստատ կամուսնանամ: Առանց նրա կյանք չունեմ….

Գոռ Բաղդասարյան, 14տ., 2002թ.

***

Հիասթափություն

-Լիլ,- ասացի ես,- արի գնանք դիսկոտեկա:

-Լավ, է, Արամ, հավես չկա:

-Լավ էլի, Լիլ:

-Լավ, համոզեցիր:

Գնացինք երկրորդ փողոց, երեխաները լույսերը վառել էին: Սպասում էին մեզ: Մագնիտոֆոնը միացրեցինք` պարեցինք: Մեկ էլ տեսա, որ Լիլիթը պարում է Ժորիկի հետ: Ես հիասթափվեցի Լիլիթից և էլ ոչ ոքի չեմ սիրում:

Արամ Աբրահամյան, 12տ., 2002թ.

***

Որտե՞ղ է Նանեն

Մանկապարտեզում մի աղջիկ կար, անունը՝ Նանե: Ամբողջ օրը նրան կոնֆետ էի տանում, իսկ նա իմ կոնֆետն ուտում էր և գնում ուրիշի կողքին նստում: Ինքը գիրք էր բերում, ես էլ էի տանում, որ իրեն նմանվեմ: Հետո անգլերենի խմբակի գնաց, ես էլ գնացի, որ կողքին նստեմ: Հիմա էլ մանկապարտեզ չեմ գնում: Նանեին ուրիշ դպրոց տարան, ինձ՝ ուրիշ: Էլ նրան չեմ տեսնում: Տեսնես հիմա ի՞նչ է անում:

Հովնան Բաղդասարյան, 7տ., 2002թ.

***

Ներիր ինձ

Սիրելի իմ գիրք, ես քեզ խոստանում եմ, որ երբեք էլ քեզ վրա չեմ գրելու: Խնդրում եմ, ներիր ինձ, որ այսքան ժամանակ գրել եմ վրադ:

Ծովինար Տալյան, 8տ., 1999թ.

Nelli Khachatryan

Մի երկար ու կարճ օր

Քնած ես, ոչինչ չես զգում, նույնիսկ ժամանակը: Մեկ էլ ականջիդ, ուղեղիդ ու սրտիդ ամենաատելի ձայնը սկսում է զնգալ: Արթնանում ես, անջատում զարթուցիչի ձայնը, նայում ժամին և ուրախանում հնարամտությանդ վրա. գիշերը ժամը 4-ն է: Նորից քնում ես, բայց հաջորդ զնգոցից փրկություն չկա: Դողալով վեր ես կենում վերմակի մեջ փաթաթված, հագուստդ հագնում նույնպես վերմակիդ մեջ փաթաթված, բայց մի քիչ անհարմար է այդպես լվացվել: Ստիպված վերմակդ պոկում ես ու սկսում պատրաստվել: Նայում ես հայելու մեջ, նախորդ օրվա պլաններդ մազերիդ ու շորերիդ հետ կապված իրենց տեղն են զիջում տաք շորերին ու արագ կապվող պոչիկին։ Դուրս ես գալիս, ու ականջդ որսում է 15 համարի ավտոբուսի շարժիչի ձայնը, մոռանում ես, որ քիչ առաջ պինգվինաքայլով էիր առաջ գնում սառույցի վրա ու սկսում ես վազել: Հասնում ես: Դռները բացվում են, այս անգամ ազատ տեղ չկա, կանգնում ես վերջում. այնտեղից բոլորը երևում են: Դնում ես ականջակալները, ծանոթ դեմքեր նստում են ծանոթ կանգառներից: Մարդիկ այնքան խիտ են կանգնած, որ համոզված ես՝ հաստատ չես ընկնի… Երաժշտության ձայնը մեխանիկաբար իջեցնում ես, որ հետաքրքրությունդ լրացնես որոշ մարդկանց խոսակցությունները լսելով… Իմանում ես նրանց անունները, սիրելի միրգը, ինչ որ զավեշտալի պատմություններ ես լսում, մտքում ծիծաղում, համաձայնում կամ ջղայնանում ես: Վարորդը գոռում է և ասում, որ այնպես անեն՝ դռները փակվի… էլի էն ջղայն մարդն է… Երաժշտության ձայնը բարձրացնում ես ու սկսում զննել դիմացի աղջկա մազերի գանգուրները, կողքինիդ մատները ու նստած ուսանողի ձեռքի պարսկերենի գիրքը։

Կանգառներում պարզում ես, թե խոսող ուսանողներից ով որտեղ է սովորում, իջնում ես քո կանգառում… Գնում ես դասի, դասերն ու դասախոսները նույնն են, միայն դասամիջոցներն են տարբեր… Ավարտում ես դասերդ ու գնում կանգառ: Ջղայնանում ես 15-ի վրա, որ այդքան դանդաղ է աշխատում, բայց մի քանի րոպեից հեռվից նկատում ես դեղինիդ, ու ժպիտ է գալիս դեմքիդ: Բարձրանում ես: Ափսոս, մի տեղանի նստարանները զբաղված են (թե՞ բարեբախտաբար): Նստում ես պատուհանի մոտ, կանգառում բարետես երիտասարդ է բարձրանում, անհանգիստ նստում է կողքիդ… Ձեռքերով լարված շարժումներ է անում, մի ոչ այնքան մեծ կին է բարձրանում, միանգամից կանգնում է ու տեղը զիջում… Կանգնած կարծես ավելի հանգիստ է … Հոգնած ես: Աչքերդ ու ականջներդ փակում ես ու շատ արագ հասնում տուն: Լավ է, տանը հետաքրքիր է, սիրտդ մի քիչ թափառել է ուզում, բայց ցուրտ է, ինչ արած, ֆիլմ կնայեք, բայց մի քիչ էլ քաղցր եք ուզում, ամենաարդար «չինգաչունգով» կորոշեք՝ ով խանութ կգնա, երաժշտություն կլսեք, ձեր տարիքակիցների ամուսնության լուրերով կկիսվեք ու կզարմանաք, հետո կհասկանաք, որ գրեթե տանտիրուհու առօրյայով եք ապրում:

Որոշել ես այսօր շուտ քնել, բայց արդեն ժամը 12-ն է: Լավ, մի սերիա էլ նայես ու կքնես…

Ախ, այդ անտանելի զարթուցիչի ձայնը, բայց լավ է, դեռ ժամը 4-ն է…

Sose Zaqaryan

Պարզապես ճանապարհին

Սովորական  օրերից էր: Գնացել էի համալսարան և առաջարկ ստացա մասնակցել «Երգ-երգոց» հաղորդման նկարահանումներին։ Իհարկե, չմերժեցի։ Ամեն ինչ շատ լավ ու հաճելի անցավ։ Վերջացնելուց հետո մենք քայլում էինք, հանկարծ մի  մեքենա կանգ առավ․

-Երեխե՛ք, ո՞ւր եք գնում, եկե՛ք՝ տանեմ։

Դե ով լիներ, որ ուրախությամբ չհամաձայներ, երբ առաջարկողը ոչ ավել, ոչ պակաս  Սասուն Պասկևիչյանն էր։ Մենք շատ էինք, բայց բոլորս տեղավորվեցինք և սկսեցինք զրուցել․

-Համալսարանի կողմից երկու աղջիկ էին իջնում, կանգնեցրեցին մեքենան, իրենց թվաց տաքսի է,  հետո տեսան, որ տաքսի չի, ասացի․ «Եկեք, եկեք, երեխեք, ո՞ւր եք գնում»: Բա՝ Վարդաշեն: «Կակռազ իմ ճանապարհի վրա է»։ Երկու աղջիկ էին, որոնցից մեկը հիմա իմ կինն է։

Քանի որ հաղորդումը նվիրված էր Ռուբեն Մաթևոսյանին, և ինքը մեզ տեսել էր այնտեղ, սկսեց խոսել:

-Ռուբիկը վեց երգ է երգել իմ երգերից․ երեքը Չարենցի տաղերից է, մեկը՝ Սիլվա Կապուտիկյանի, երկուսն էլ իմ գրած բառերով է։ Ռուբենի նման երգիչ չկա,- ասաց նա և մեզ տվեց իր այցեքարտը։ Այնտեղ գրված էր, որ լրագրող է: Մենք ասացինք, որ մենք էլ ենք սովորում ժուռնալիստիկայի ֆակուլտետում, և մեզ հետաքրքիր է, թե ինքը ինչ գործունեություն է ծավալել այդ  ոլորտում։

-Ես 1997 թվականին տուրիստ էի եկել և համալսարանում ժուռնալիստիկայի բաժնի երեխաներին նկարել եմ ու հաղարդում եմ պատրաստել։ Ես ունեի իմ հեռուստաժամը Լոս Անջելեսում։ Այն ժամանակ ձեր  դեկանը ինձ շատ սիրելի Գառնիկ Անանյանն էր։ Ես Լոս Անջելեսում քսանչորս տարի եմ ապրել և ամբողջ ժամանակ եղել եմ մամուլի ասպարեզում։ Սկզբից թերթերում էի, հետո խմբագրի տեղակալ էի։  1988 թվականի երկրաշարժից հետո ես որոշեցի հիմնադրել հեռուստաժամը, բայց կյանքում ոչ կամերա էի բռնել, ոչ էլ մոնտաժ անել գիտեի։ Հետո սովորեցի։ Մինչ հայրենիք վերադառնալս այդ հեռուստաժամը գոյություն ուներ։ Երեխեք ի՞նչ տարբերություն ոգու և հոգու միջև: Երբևէ մտածե՞լ եք։ Հոգին բոլոր կենդանիների մեջ կա, իսկ ոգին լրիվ ուրիշ բան է։ Եթե դուք կարդաք կամ ուսումնասիրեք Կտակարանը, այնտեղ  այդ մասին  կա։ Մուսան ինքը ոգի է (կարողանո՞ւմ եմ միտքս բացատրել), որովհետև շատերին ասում եմ՝ մուսան ի՞նչ ա, կարո՞ղ է «մարշրուտնի տաքսի է՝ եկավ ու գնաց։ Մուսան ոգի է։ Հիմա դուք լրագրողներ եք, չէ՞, դա շատ բարդ մասնագիտություն է: Ես դժգոհ եմ ներկայիս լրագրողներից, բայց ներողամտորոն եմ  դժգոհ, որովհետև ես չգիտեմ որևէ լրագրողի, որ ինչ ուզենա՝  թույլ տան ասի։ Այ, այդպիսի մեծ, շատ մեծ լրագրող էր Արմեն Հովհաննիսյանը,  ով մեր ռադիոյի և հեռուստատեսության երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագիրն էր և դասախոսում էր նաև մանկավարժականի  ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Նա ինչ  ուզում էր՝ ասում էր։  Ներկայիս լրագրողները չեն կարողանում ասել, որովհետև կհանեն գործից, և վերջ։ Ես  քսանհինգ տարի է, երբևէ չեմ ասել «Անկախ Հայաստան»։ Ի՞նչ անկախություն: Անկախություն հռչակվել է, բայց անկախ չենք ի ողբերգություն մեզ, որովհետև մեզ չեն թողնի, որ անկախ լինենք։

Ուրեմն 1988 թվականի  հուլիս ամսին Լոս Անջելեսում ես հանդիպեցի  Համո Սահյանի, Վահագն Դավթյանի և Սիլվա Յուզբաշյանի հետ: Երեք ժամանոց հարցազրույց վարեցի Համո Սահյանի հետ, որը տպագրվել է Լոս Անջելեսի «Ասպարեզ» թերթում: Հարցրեցի․ «Ի՞նչ կարծիքի եք ակնկալվող անկախության մասին»:

«Ի՞նչ անկախություն, մեզ ո՞վ թույլ կտա, որ մենք անկախանանք: Մեր անկախությունը կլիներ նրա մեջ, որ թողնեին գոնե մեր մշակույթը զարգացնենք, մեր ուզած գործարանը կառուցենք»։

Հետո անմիջապես փոխեց խոսքը։

- Ի՞նչ է կոչվում լավ երգ։ Ինչպե՞ս եք հասկանում։ Հիմա ասենք՝ մեկը զարգացած դոկտոր է, իսկ մյուսը քառասուն տարի պանիր է վաճառել: Նրանը իմ «Ախպերս, ջան, ջան, ջան» երգն է։ Հիմա նա ասում է՝ դա է  լավը, իսկ պրոֆեսորը ասում է Սայաթ-Նովան։ Ուրեմն լավ երգի գլխավոր նախապայմանը երաժշտության և բառերի համահունչ լինելն է: Այսինքն, երգի մեջ պետք է երաժշտությամբ արտահայտես բանաստեղծության ասելիքը,  ընդ որում, ես շեշտում եմ բանաստեղծության ասելիքը,  ոչ թե բառակույտը։ Այսօր հայ երգեր գրողները շատ անգամ չեն հասկանում ինչ են գրում։

Ես մեկնել եմ Ամերիկա 1980 թվականին և վերադարձել եմ 2004 թվին, բայց այդ ընթացքում մի 30 անգամ գնացել-եկել եմ: Դա չէ խնդիրը: Այն տարիներին երգի ձայնագրությունը ընթացք ուներ․ այսինքն, երգիչը սովորում էր, այնուհետև գործիքավորում, փորձեր, ձայնագրություն և այլն: Այն ժամանակ ամեն ինչ պետական էր, իսկ հիմա ես, և ոչ միայն ես, յուրաքանչյուր երգահան կամ կոմպոզիտոր շանս չունի երգ ձայնագրելու: Ես հենց հիմա առնվազն մի վաթսուն  երգ ունեմ ավարտած, որ չեմ կարողանում ձայնագրել։ Պատճառը փողն է։ Օրինակ, մի երգ կա, որ շուրջ քառասուն տարի առաջ եմ գրել, գրել չէ, ստեղծել (գրել բառը չեմ սիրում), և չեմ կարողանում ձայնագրել։

Սասուն Պասկևիչյանը  պատմեց մեզ, որ նախկինում  ակորդեոն  է նվագել, հիմա էլ դաշնամուր է նվագում, բայց չունի ոչ մի երաժշտական կրթություն, չգիտի ոչ մի նոտա։ Մեր այն հարցին, թե որն է իր ամենասիրած ստեղծագործությունը, ասաց․

-Ստեղծագործությունները երեխաների են նման: Ոնց որ մարդիկ իրենց  բոլոր երեխաներին են սիրում, այնպես էլ ես՝ իմ ստեղծագործությունները։ Նայած ինչ, նայած ոնց, տարբեր բաներ կան էլի․․․

Հետո ավելացրեց, որ Աշտարակում ստեղծել է «Վերնատուն 2»-ը, որի նպատակն էր՝ միավորել արվեստագետներին։

Արդեն մեր կանգառն էր, զրույցը վերջացավ, մենք հրաժեշտ տվեցինք անվանի երգահանին: Իջանք մեքենայից, իրար նայեցինք. Ահա և քեզ մի մեծ ու կարևոր դաս, որ տեղի ունեցավ ոչ թե լսարանում, այլ ավտոմեքենայի մեջ, պարզապես ճանապարհին: