seda mkhitaryan

Ձմեռային ավանդույթներ

Կան ավանդույթներ ու արարողություններ, որոնք բնորոշ են ձմռանը։ Օրինակ՝ Նոր տարվան պատրաստվելը։ Բայց, մինչ Նոր տարին կան մի շարք գործողություններ, որոնք դարձել են ավանդույթ մեր գյուղում։ Դեկտեմբերի կեսերից դուք կարող եք մեր գյուղի տարբեր ծայրերից լսել մորթվող խոզերի վերջին կաղկանձները։

Մեր խոզն էլ մորթեցին վերջերս, ու ամեն տարվա պես, այս տարի էլ դա դարձավ մի մեծ իրադարձություն։ Մեր բակում էին հավաքվել մեր թաղի բոլոր տղամարդիկ՝ իրենց սուր դանակներով։ Երբ նրանք «հարձակվեցին» կենդանու վրա, ես ականջներս փակեցի ու տուն վազեցի, որ չլսեմ խեղճ կենդանու ճվաղոցը։

Լուսանկարը՝ Սեդա Մխիթարյանի

Լուսանկարը՝ Սեդա Մխիթարյանի

Հետո խոզը հանձեցին, ու այդ ժամանակ եկավ իմ ամենասիրելի պահը՝ «կաշի ուտելու» ժամանակը։ Դա շատ հետաքրքիր ու համեղ գործընթաց է։ Խոզի կաշին՝ մաշկը մաքրում են մազերից, ու դա դառնում է անմահական ուտելիք և խոզ մորթելու գործընթացի խորհրդանիշը։

Հետո այդ միսը մենք մշակում ենք ու պատրաստում զանազան կերակուրներ, որոնց մեծ մասը հայրիկիս սեփական բաղադրատոմսով են պատրաստվում։

Համեցեք…

hovhannes ghulijanyan

Ավագ դպրոցում

Միջնակարգ և ավագ դպրոցների հիմնական տարբերությունը հոսքային ուսուցումն է: Ես սովորում եմ տնտեսագիտական հոսքում, այստեղ խորացված անցնում ենք մաթեմատիկա, հայոց լեզու և անգլերեն առարկաները: Ճիշտ է, իմ նախասիրությունները այլ են, սակայն ես այժմ այս հոսքում եմ, քանի որ իմ՝ դեռ միջնակարգ դասարանի ընկերները ևս այստեղ են, և ես չէի ցանկանում նրանցից բաժանվել:

Երբ միջնակարգ դպրոցում էինք, մեզ ասում էին, որ տասից տասներկուերորդ դասարաններում նույն միջնակարգ դասարանների կրկնությունն է: Սակայն հիմա այնքան նոր բաներ ենք անցնում, որոնց մասին նույնիսկ գաղափար չունեինք:

Մի քանի օր առաջ, երբ դասընկերուհուս հետ էի զրուցում, նա ասաց, թե ինչպես էր իրենց ուսուցչուհին ասում, որ վայելեն իրենց անհոգ օրերը, որոնք ավագ դպրոցում այլևս չեն լինի: Եվ իրոք, ավագ դպրոցում մեր օրը շատ ավելի հագեցած է լինում:

hasmik vardanyan

Ամփոփելով 2016-ը

Անցավ ևս մեկ տարի: Տարի, որը լի էր հույզերով ու ապրումներով, սպասումներով ու ձեռքբերումներով, հույսերով ու ակնկալիքներով: Դրանց մի մասն իրականացավ, մի մասն էլ երևի մնաց հաջորդ տարվան: 2016 թվականին ես ունեցա մեծ հաջողություններ: Դրանցից կառանձնացնեմ երկուսը: Առաջինը, այն էր որ ես հայտնվեցի նախագահական նստավայրում, իսկ երկրորդը՝ հանդիպեցի 17.am-ի անձնակազմին ու դարձա այդ ընտանիքի մի մասնիկը: Բայց ինչպես գիտենք, կյանքում շատ են հակադրությունները: Ուրախությունն ու տխրությունը միշտ միասին են: Ասում են, եթե կյանքում լինի միայն ուրախություն, մարդը երևի երբեք չհասկանա ուրախության արժեքը: Այս տարին լի էր ոչ միայն ձեռքբերումներով, այլև կորուստներով. մեր երկրի և ամեն մեկիս համար անդառնալի:

Ես շատ եմ ուզում, որ այն ամենից հետո, ինչ եղավ անցած տարի սահմանի վրա, այլևս նման բան չկրկնվի: Ոչ մի սերունդ պատերազմ չտեսնի, որ այն մայրերը, որոնց զավակները ծառայում են Հայոց բանակում, անհոգ լինեն: Ես գիտեմ, որ եթե մի բան շատ ես ուզում ու լավ տրամադրվածություն ունես, իրականություն է դառնում…

Իսկ մեզ` այս տարվա շրջանավարտներիս, ցանկանում եմ, որ ով, ինչ մասնագիտական կողմնորոշում ունի՝ այդ ոլորտում մեծ հաջողությունների հասնի:

hakob melqonyan

Տարեվերջյան հանդիպումներ

Դեռևս մեկ ամիս առաջ որոշել էինք, որ դեկտեմբերի կեսերին պիտի միջոցառում կազմակերպենք` նվիրված մեր համագյուղացի երկրապահներին և Գեղարքունիքի մարզի ԵԿՄ (Երկրապահ Կամավորների Միություն) նախագահ` Աշոտ Տաճատի Գասպարյանին, որը նույնպես մեր համագյուղացին է:

Սկսեցինք պատրաստվել միջոցառմանը ամենայն պատասխանատվությամբ և սիրով: Երբ ամեն ինչ պատրաստ էր, սկսեցինք միջոցառման պատվավոր հյուրերի հրավերը: Մեր հրավերը  ոչ ոք չմերժեց: Միջոցառման սկզբում ներկայացրինք Աշոտ Գասպարյանի կենսագրությունը: Պետք է նշեմ նաև, որ Աշոտ Գասպարյանը իր սխրանքներին ավելացրեց նաև ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցելը, որի ժամանակ նա զրկվեց ոտքից: Միջոցառումը անցավ շատ հաճելի մթնոլորտում՝ մասնակիցների վկայությամբ: Միջոցառման վերջում մեր երախտիքի խոսքը հայտնեցինք Աշոտ Գասպարյանին և երկրապահներին, ցանկացանք նրանց առողջություն, երկար տարիների կյանք և անսահման հայրենասիրություն:

Նշեմ նաև, որ Աշոտ Գասպարյանը ևս ձեռնունայն չեր եկել: Նա պատվոգրեր հանձնեց  միջոցառման կազմակերպիչներին` Հասմիկ Ումրշատյանին՝ դպրոցում տարվող մեծ աշխատանքների համար և Լուսինե Ջրաղացպանյանին՝ միջոցառումը  կազմակերպելու համար:

Իսկ վերջում Գասպարյանը «Մայրական» մեդալ հանձնեց մեր դպրոցի տնօրեն Կարինե Շահբազյանին, նաև դպրոցին նվիրեց համակարգիչ:

Ամենամեծ ռիսկը ռիսկի չդիմելն է

Ասում են` ես զարմանալի մարդ եմ։ Մի տարվա ընթացքում երեք անգամ փոխեցի որոշումս` մասնագիտության ընտրության հարցում։ Սկզբում ցանկանում էի ընտրել Ամերիկյան համալսարանի  «Անգլերեն և հաղորդակցություն» բաժինը։ Հետո (մոտ վեց ամիս անց) մասնակցեցի մի բիզնես սեմինարի, որից հետո որոշեցի ընտրել «Բիզնես» բաժինը, բայց մինչ այդ դեպքը, բիզնեսը ինձ համար «անհասանելի» ոլորտ էի համարում։ Իսկ հիմա՝ հինգ ամիս անց, մտածում եմ սովորել ծրագրավորում։

Ամբողջ կյանքում ատել եմ ծրագրավորումը։ Դեռ մեկ շաբաթ առաջ էլ ատում էի այն։

Ինչքան էլ որ չեմ սիրել ծրագրավորումը, միշտ էլ հարգել եմ ծրագրավորողներին և ծրագրավորում սովորողներին։ Նրանք ոչ միայն ապագայում կունենան բարձր վարձատրվող աշխատանք, այլ նաև մեծապես կօգնեն Հայաստանին։ Հայաստանը կարիք ունի շատ և լավ ծրագրավորողների։

Մինչև ընդունելության համար նախատեսված դիմումի հանձնման ժամկետը ունեմ երեք ամիս։ Քիչ չէ։ Կհասնեմ ներբեռնել ծրագիր՝ կոդեր գրելու համար, ինչպես նաև ձեռք կբերեմ մի լավ գիրք և կփորձեմ պարզել. արդյոք արժե՞ ծրագրավորում ընտրել, թե՞ ոչ։ Ում պատմում եմ այս մտքի մասին, բոլորն ասում են, որ խուսափեմ այսպիսի կտրուկ որոշումներ կայացնելուց, քանի որ երկար ժամանակ որոշված էր, որ բիզնես եմ սովորելու, այդպես էլ անեմ։ Բայց ինչո՞ւ ոչ։ Ի՞նչ պարտադիր է սովորեմ այն, ինչի մասին ավելի երկար եմ մտածել։ Շատ մարդիկ կան, ովքեր դեռ մանկուց որոշում են իրենց մասնագիտությունը, կամ գուցե իրենց ծնողներն են որոշած լինում, ինչը շատ հաճախ է լինում, և ընտրում են հենց այդ մասնագիտությունը։ Այդպիսով նրանք չեն նկատում տարիների ընթացքում իրենց շրջապատում ի հայտ եկող փոփոխությունները։ Չեն նկատում, որ որոշ մասնագիտություններ ժամանակի ընթացքում ավելի պահանջված են դառնում։

Կարծում եմ՝ պետք չէ խուսափել կտրուկ որոշումներ կայացնելուց կամ ինչ-որ փոփոխության հետ առերեսվելուց։ Պետք չէ կառչել անցյալում ունեցած որոշումներից կամ մտքերից։ Չէ ՞ որ մենք ժամանակի ընթացքում ավելի ու ավելի ենք զարգանում և բացահայտում նոր հետաքրքրություններ:

Ես շնորհակալ եմ ինձնից, որ ցածր ստացա անգլերենի քննությունս և չդիմեցի համալսարան։ Այլապես սովորելու էի «Անգլերեն և հաղորդակցություն» բաժնում ու, հավանաբար, հետո չէի էլ մտածելու այլ բաժին ընտրելու մասին։ Այս ամիսների ընթացքում ես, երկար ժամանակ մենակ մնալով իմ մտքերի հետ, շատ բան հասկացա ու բացահայտեցի։ Հասկացա, թե ինչ եմ ուզում իրականում, և թե ինչն է ինձ հետաքրքրում։

Ես շատ եմ հետաքրքրված բիզնեսով։ Հնարավորության դեպքում անպայման հիմնելու եմ իմ սեփական բիզնեսը, երբ էլ որ դա լինի։ Եթե անգամ ծրագրավորում սովորեմ, երբեք չեմ մոռանա ուսումնասիրել բիզնեսի գաղտնիքները։ Ամերիկյան համալսարանում հնարավորություն եմ ունենալու ծրագրավորմանը զուգահեռ ուսումնասիրել նաև բիզնես։

Եթե երեք ամսվա ընթացքում հասկանամ, որ այնուամենայնիվ ծրագրավորումը իմը չէ, ապա կսովորեմ բիզնես, բայց բակալավրիատի տարիներին չեմ դադարի ուսումնասիրել ծրագրավորումը։ Եվ հնարավոր է մագիստրատուրայում սովորեմ ծրագրավորում։ Ինչպես ասել է Մարկ Ցուկերբերգը. «Ամենամեծ ռիսկը ռիսկի չդիմելն է։ Մի աշխարհում, որը փոխվում է իսկապես արագ, միակ ստրատեգիան, որը երաշխավորում է ձախողում, ռիսկի չդիմելն է»։

qristine stepanyan

Կեսգիշերային զրույց

«Նրա համար տարօրինակ է, որ մարդիկ հիշում են, թե մյուսն ինչ է սիրում, իսկ դա ի՜նչ երանելի բան է»:

Դեռ երբեք ուրիշի զրույցը չէր դարձել մեր մասնիկը, քանի նա չէր գրել իր «Կեսգիշերային զրույցը»: Զրույց հոր ու որդու, ներկա ու ապագա «ես»-երի միջև: Եվ իսկապես ի՜նչ երանելի է հիշել մյուսի աչքերը, ձեռագիրը, բույրը: Չէ՞ որ այդ դեպքում կարող ենք նրան դիպչել ընդամենը աչքերը փակելով: Ի՜նչ երանելի է իմանալ նրա անունը ու ամեն անգամ արտասանելով գրկել նրան, ով ֆիզիկապես կողքիդ չէ: Ի՜նչ երանելի է ինչ-որ մեկին հայր անվանելը ու հայր լինելը ինչ-որ մեկի համար: Բնավ պարտադիր չէ զավակ ունենալ հայր կոչվելու համար, բայց պարտադիր է ունենալ հայր, քեզ թևավոր զգալու համար գոնե մի վայրկյան:

Մենք հայրն ենք մեր կարոտների: Ի՜նչ երանելի բան է ունենալ կարոտ, նույնիսկ եթե երբեք չի հագենալու, նույնիսկ եթե կարոտդ հավերժական է լինելու ու երբեք չի փարատվելու: Հրաշալի բան է՝ կարոտել ինչ-որ մեկին:

«Մենք կարոտում ենք հազար ու մի բանի, բայց մտածել ե՞ք արդյոք, որ ամենից շատ կարոտում ենք ինքներս մեզ»:

Վարդգես Պետրոսյան, «Կեսգիշերային զրույց»:

Հեղինակը ներկայացնում է զրույց, որը երբեք չի կորցնի իր արդիականությունը: Այստեղ կան ափսոսանքներ, ապրումներ և մարդ, ով շատ բաներ կփոխեր, եթե միայն կողքին լիներ նա, ումով թևեր ենք առնում ու կորցնում թևերը: Այստեղ մեզանից մեկը խոսում է բոլորիս անունից ու բոլորիս համար: Այստեղ հեղինակը զգում է այն, ինչ զգացել ենք ամենքս կյանքում առնվազն մեկ անգամ: Կարդալով այս մի քանի էջը՝ հասկանում ենք մեր հայրերին, որդիներին ու աշխարհն ամբողջովին:

Կան երազանքներ, որոնք կոչված են իրականանալ միայն երազներում:

«Պիտի վերջին անգամ հավատաս այն երազին, որով կամար ես սարքել»:

Ani Ghulinyan

Նոր քննակարգը

Ավարտական դասարանների նոր քննակարգի հետ կապված արդեն շատ աշակերտների կարծիքներ ենք լսել: Հիմա հերթը ուսուցիչներինն է: Իմ դպրցի մի քանի ուսուցիչների հետ ես հարցում եմ անցկացրել, իմացել նրանց դիրքորոշումը ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Ստորև ներկայանցնում եմ նրանց կարծիքները.

Մաթեմատիկայի ուսուցչուհի Ջեմմա Վարդանյան.

-Գտնում եմ, որ այս նոր օրենքը լավ արդյունքներ կարող է գրանցել միայն ավագ դպրոցում: Իսկ հանրակրթականում կիրառելը վատ գաղափար է ու անարդյունավետ: Ավագ դպրոցներում կան հոսքային դասարաններ, որտեղ գրեթե բոլորը հետագայում բարձրագույն կրթություն են ստանալու, նրանց հետ առարկան ընտրելը, խորացնելը, կիսամյակի վերջում էլ քննություն տալը ավելի հեշտ է:

Աշխարհագրության ուսուցչուհի Արևհատ Ղուլինյան.

-Այս օրենքի գործածության մեջ մտնլուց առաջ աշակերտներին պետք է տեղեկացնեին սպասվելիք քննությունների մասին, քանի որ ամեն դեպքում պետք է պատրաստվել: Մի կողմից լավ է, քանի որ երկրորդ կիսամյակում միասնական քննությունների պատրաստվողների հետ խորացված աշխատելն ավելի հեշտ կլինի: Մյուս կողմից էլ՝ պարտադիր քննական դարձած՝ հայոց պատմություն, հայոց լեզու և մաթեմատիկա առարկաները, որոշ չափով խանգարում են հստակ առարկայական ուղղվածություն ունեցող աշակերտների կենտրոնացմանը:

Հայոց լեզվի ուսուցչուհի Էդիտա Խաչատրյան.

-Կրթական համակարգում դեպի դրականը փոփոխություններ կատարելու փոխարեն, այն ավելի են վատացնում: Ավագ դպրոցը նախատեսված է նրա համար, որ երեխաները բուհ ընդունվելու համար չգնան արտաժամյա պարապմունքների, իսկ այսպես՝ նրանք չեն կարող կենտրոնանալ իրենց անհրաժեշտ առարկաների վրա: Իսկ այն աշակերտները, ովքեր հետագայում բարձրագույն կրթություն չեն ստանալու, դասարան գալով, հնարավորություն չեն տալիս մյուսներին, ընտրած առարկաների վրա ավելի խորացված աշխատել: Մեր դպրոցի երեխաներից ոչ մեկը չի պատրաստվում կիսամյակի վերջում քննություն տալ:

12-րդ դասարանցի մի քանի աշակերտի հետ զրուցելուց հետո էլ պարզ դարձավ, որ աշակերտներն էլ կողմ չեն նոր փոփոխություններին, նույնիսկ դեռ հստակ պատկերացում չունեն, թե այս ամենն ինչպես է կատարվելու:

davit aleqsanyan

Ես էլ եմ ուզում խոսել Նոր տարուց, բայց…

Ես էլ եմ ուզում խոսել Նոր տարուց, բայց ոչ այն մասին, թե ինչպես են նշում այն մեզ մոտ: Ուզում եմ խոսել դրանից բխող հետևանքների մասին: Դե, ինչպես գիտեք, փոքր երեխաները սիրում են պայթուցիկներ պայթեցնել այս տոնի ժամանակ: Սակայն դրանից շատ մարդիկ վախենում են: Չէ, չէ, սխալ եք հասկանում. ոչ թե այդ փոքր բաներից, այլ կարծում են` թշնամին է կրակ բացել գյուղի վրա:

Երբ ես տանն եմ լինում, մեկ-մեկ նկատում եմ, թե ինչպես է մայրս ամեն պայթուցիկի ձայնից վեր թռչում: Դե, իհարկե, այս ամենը վերջին մի քանի տարիներին է առաջացել, որովհետև մի քանի տարի առաջ չկար և ոչ մի կրակոց մեր` Բաղանիս գյուղի վրա:

Մի անգամ հիշում եմ, ես էլ էի պայթուցիկ պայթեցրել, և հարևանը, կարծելով, թե կրակում են, անհանգստացած զանգահարել էր մայրիկին ճշտելու` կրակո՞ց էր, թե՞ ոչ: Մայրս հանգստացրեց, ասելով, որ Դավիթն է եղել:

Էս էլ մենք` մեր սահմանի հետ:

serine harutyunyan

Լռության ժամ

Երևի շատ տներում գոյություն ունի «լռության ժամ» կոչվածը: Չէ՛, չէ՛, դա հաց ուտելու ժամը չէ, և ոչ էլ գիշերվա այն ժամը, երբ բոլորը քնած են: Լռության ժամն ավելի հաճախ այն տներում է պատահում, որտեղ տատիկներ կան: Եթե տատիկ, ուրեմն՝ հեռուստասերիալ… Հիմա հասկացա՞ք, թե ինչ նկատի ունեի լռության ժամ ասելով…

Եթե տանը տատիկ կա, ուրեմն հեռուստասերիալի սկսվելուն պես բոլոր բերանները պարտավոր են փակվել, բոլոր գործերը պարտավոր են սպասել, բոլոր հանդիպումները՝ հետաձգվել… Այսինքն՝ բոլորը՝ մեծից փոքր, ստիպված են ձկան պես լուռ նստել…
Սիրում եմ, երբ ինչ-որ տատիկ հեռուստասերիալ է նայում, իսկ ես ուղղակի դրա ականատեսն եմ լինում: Տատիկների սերիալ նայելը կարծես մի հատուկ արարողակարգ լինի, միշտ նույնը, նույն հերթականությամբ՝
1. նստել հեռուստացույցի առաջ գովազդով նշված ժամից մի քիչ շուտ,
2. ինչ-որ մեկից խնդրել հեռակառավարման վահանակը,
3. բարձրացնել հեռուստացույցի ձայնը ինչքան հնարավոր է,
4. սպասել ֆիլմի սկսվելուն…
Վերը նշված երրորդ կետը՝ ձայնը մինչև վերջ բարձրացնելը պարտադիր նախապայման է, եթե անգամ տատիկը ի վիճակի է ավելի ցածր ձայնով էլ լսել: Դեռ դա ոչինչ, ամենահետաքրքիր պահերը սկսվում են ֆիլմի սկսվելուն պես… Քար լռություն, միայն դերասանների ձայն, ու, ու ինձ թվում է սերիալ նայող տատիկի ձայնի մասին նշելն անգամ ավելորդ է… Այս արարողակարգին գոնե մի անգամ ականատես եղածներից շատերը կարող են հաստատել այն, որ ամբողջ ֆիլմի ընթացքում տատիկի ձայնն ավելի շատ է լսվում, քան բոլոր դերասանների ձայները միասին վերցրած: Սպորտային մեկնաբանի նման, տատիկները կարող են անվերջ խոսել ամբողջ ֆիլմի ընթացքում, շարունակ բարձրաձայնել իրենց անմեղ մեկնաբանությունները: Սիրում եմ, երբ սկսում են գովել դերասանին, հաճախ էլ՝ անիծել… Սիրում եմ, երբ հեռուստացույցի դիմաց նստած տատիկը անմեղորեն հուշում է դերասանին, թե ինչ պետք է անի… Սիրում եմ, տատիկների այդ անմեղ մեկնաբանությունները…

Շա՜տ կուզեի, որ տատիկս ողջ լիներ… Շա՜տ կուզեի ենթարկվել տատիկիս կողմից մշակված այդ հատուկ կանոնակարգին…

milena antonyan (aragacotn)

Լինել պատանի

Ես կարծում եմ, որ պատանեկությունը մարդու կյանքի ամենահետաքրքիր հատվածն է: Հենց այս ժամանակ է, որ իրար են խառնվում երգերն ու դեպքերը, գրքերն ու գիտելիքները, մտքերն ու հեքիաթները: Փորձությունների շարան է սկսվում: Մենք` պատանիներս, փորձում ենք ամեն ինչին նայել փիլիսոփայորեն: Մեզ թվում է, թե այնքան ենք լսել նույն արտահայտությունները ու տեսել ուրիշի սխալները, որ արդեն անգիր ենք արել կյանքի ճիշտն ու սխալը, բայց… Բայց հետո հասկանում ենք, որ կյանքում ճիշտն ու սխալը տարբեր են ամեն մեկիս համար: Ու մենք, որ մի պահ դարձել էինք իմաստուններ, ճանապարհի մեջտեղում զարմացած կանգ ենք առել ու հետ ենք նայում մանկությանը՝ այնպես կարոտով… Մտածում ենք. երևի այն ժամանակ լավ էր, երբ չկար կեղծիք, միայն անկեղծ ժպիտներ էին, անկեղծ ընկերություն, անկեղծ ու մանկական խաղ ու ոչ թե ճակատագրի խաղ, որը ստիպում է քեզ որոշել՝ թաքնվե՞լ, թե՞ փնտրել, ցատկե՞լ, թե՞ քարանալ:

Հենց այս տարիքում ենք գործում մեծ սխալներ ու խախտում կյանքի կարևոր թեորեմները: Բայց հենց այս տարիներն ենք հիշում փայլող ժպիտով, երբ արդեն ուշ է լինում խենթությունների համար: Երբ հասկանում ենք, որ սառել ենք ամեն ինչի հանդեպ: Որ առաջվա նման այլևս չենք ուզում վայրկենական պատասխանել ընկերուհու նամակին: Երբ ավելի հաճելի են մթությունն ու մենությունը, քան ամբոխն ու երաժշտությունը: Բայց ցանկանում եմ, որ բոլորն ունենան ուրախ ու հետաքրքիր, իրադարձություններով լի պատանեկան կյանք: Ժպտացե՛ք, ինչքան էլ դժվար թվա պահը: Ամեն ինչ կանցնի, ինչպես պատանեկան տարիները: Միայն հիշողությունն է մնայուն:

 

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ. Քանի որ դու ինքդ այդ տարիքում ես, մենք ավելի մեծ հետաքրքրությամբ կկարդանք այն նյութերը, որոնք պատանեկան տարիքից կոնկրետ դրվագներ են: Ինչպես եք ապրում, ինչպես եք լուծում բարդ խնդիրները, ինչն է ձեզ ավելի շատ հուզում, ի վերջո, ինչպես եք հասունանում: Դե ինչ, սպասում ենք ոչ միայն քո, այլ քո հասակակիցների հոդվածներին: