arxiv

Ում վիճակն է ավելի ծանր

Երևի կարդացել եք քույրիկիս՝ Արփինե Գրիգորյանի «Ծանր վիճակի»-ի մասին:

Նա տասներորդցի է, ամբողջ օրը պարապում է և, ինչպես ինքն էլ գրել էր, միակ փրկությունը երաժշտություն լսելու մեջ է գտնում: Մի կերպ համոզել ենք, որ երաժշտություն լսելիս ականջակալներ դնի ու մեզ չխանգարի: Իսկ երբ ականջակալներ է դնում, սկսում է բարձր ձայնով բաղաձայն երգել: Ես, մայրիկս, հայրիկս տարբեր սենյակներից բղավում ենք, որ ձայնը կտրի, բայց նա մեզ չի լսում: Սկսվում է աղմուկ-աղաղակ, բայց դա դեռ ոչինչ: Պարապելու համար սեփականացրել է իմ գրասեղանը, այդպես դասերս էլ կարգին չեմ սովորում: Դա էլ ոչինչ: Քնելուց հեքիաթի փոխարեն լսում եմ ֆիզիկայի տեսություն, վերջին երազս տրանսֆորմատորների մասին էր: Երբ բողոքում եմ, ասում է, թե միևնույն է, այդ դասը անցնելու եմ, երբ մեծանամ: Այն ժամանակ ավելորդ տեղը չեմ սովորի:

Բանավոր դասերից հետո անցնում է գրավորներին: Մինչև գիշերվա երեքը լույսը վառ է թողնում: Լույսի տակ քնել չի լինում:

Հեռուստատեսային իմ սիրած հաղորդումների ժամերը համընկնում են քրոջս սիրած հաղորդումների ժամերին, ստիպված զիջում եմ, որովհետև ուրիշ ժամերի նրան հեռուստացույց դիտել չեն թողնում: Եթե այս ամենին ավելացնենք նաև այն, որ շաբաթը մեկ վազում եմ նրա համար տետր ու գրիչ առնելու, պատկերը պարզ կդառնա:

Ոչինչ, մյուս տարի կգա իմ պարապելու հերթը, կհասկանա, թե որն է իսկական ծանր վիճակը:

Էվելինա Գրիգորյան, 16տ., 2002թ.

mane minasyan -2

Ամփոփում ենք կրթական 2016-ը

Ամեն տարի Նոր տարվա նախամուտին բոլորս էլ մտքում փորձում ենք ամփոփել անցնող տարին, ու հասկանալ, արդյոք այն մեզ տվեց ինչ-որ բան, թե չէ:

2016-ը սկսվեց մեծ սպասումով, սակայն սպասումներիս դիմաց ստացա մի մեծ արկղ՝ այն էլ փաթեթավորված մեծ կարմիր ժապավենով:
2016-ի գարնանը ընտրվեցի «Հույսի Կամուրջ»-ի կազմակերպած Մեդիագրագիտության դասընթացներին մասնակցելու:
«Հույսի Կամուրջն» ինձ տվեց մի մեծ փունջ «Արևածաղիկ»:

Արևածաղիկներից յուրաքանչյուրն իր կարևոր տեղը գտավ իմ կյանքում:
2016-ին մեր դպրոցը մասնակցեց Հայաստանի պատանեկան նվաճումների ամենամյա բիզնես ծրագրին, ու, չգիտեմ էլ ոնց, քննությանը բարձր միավորներ հավաքելով, ես էլ մասնակցեցի Հայաստանի պատանեկան նվաճումների դպրոցական ճամբարին, որտեղից վերադարձա գիտելիքների մեծ պաշարով ու լիքը ընկերներով՝ ամբողջ Հայաստանից:
2016-ին մեր դպրոց եկան «Մանանա» կենտրոնից, ու էլի ես ընտրվեցի դասընթացին մասնակցելու, ու հենց «Մանանայի» շնորհիվ երազանքներիցս մեկն իրականացավ, ու դարձա թղթակից 17.am-ում:
Ասեմ ավելին, դարձա ակտիվ թղթակից ու մասնակցեցի մեդիաճամբարի, որն էլի շատ գիտելիքներ ու ընկերներ տվեց:
Դե, այս տարի վերջին սեպտեմբերս էր դպրոցում, սակայն, եթե անկեղծ լինեմ, այս տարի չհասցրեցի դպրոց գնալ ամեն օր, քանի որ ինձ հյուր էին եկել շտեմարանները:
2016-ին սկսեցի թղթակցել «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթում:
2016-ին սկսեցի հանդես գալ eJournal.am կայքում:
2016-ին նորից միացա «Արևորդուն, սակայն այս տարի որպես կամավոր:
2016-ին ես հասկացա, թե ինչ է նշանակում «ժամանակ չունեմ»-ը:
Եթե փորձեմ մի քանի բառով նկարագրել 2016-ը, ուրեմն կասեմ՝ այն ինձ համար կրթական տարի էր:
Շնորհակալություն 2016, որ եկար, ու մի քիչ էլ ինձ մեծացրեցիր:
Մնաս բարով…

artur badoyan

Շնորհավոր նոր տարի

Է՜, հոգնեցի տանը նստելուց, ի՞նչ անեմ, մի քիչ զբաղվեմ: Եվ մտքովս մի հետաքրքիր բան անցավ: Որոշեցի դուրս գալ տանից և մի քիչ ման գալ ու տեսնել, թե ինչ են անում մարդիկ մինչ Նոր տարին: Որոշեցի ու գնացի: Դրսում շատ հետաքրքիր էր, ամեն քայլափոխի մարդիկ միայն առևտրով էին տարված, հոգնեցի, բայց միևնույնն է, հետաքրքիր էր:

Քայլեցի և ճանապարհին մի մեծ և նոր խանութ տեսա: Լսել էի, բայց չէի տեսել այդ խանութը: Երբ մտա, զարմացա, որ այդքան գեղեցիկ խանութ էլ կա: Ու մի պահ մոռացել էի, որ հաջորդ օրը քույրիկիս ծննդյան օրն է, և ես ոչինչ չեմ արել: Փուչիկներ, նվերներ ու ժապավեններ գնեցի ու շտապեցի տուն: Գաղտնի մտա սենյակս, որ քույրս չտեսնի իմ պատրաստած անակնկալը: Ամեն ինչ դասավորեցի ու սպասում էի հաջորդ օրվան: Նախօրոք մեր հարևանին խնդրեցի, որ մի քանի ժամով զբաղեցնի քույրիկիս, մինչ ես կզարդարեմ մեր տունը: Առավոտյան իմ սենյակից դուրս չեկա, մինչև քույրս գնար: Շուտով զանգ եկավ, զանգողը մեր հարևանն էր.

-Կարինե ջան, բարև, կգա՞ս մեր տուն՝ սուրճ խմենք:

Քույրս գնաց, իսկ ես արագ սկսեցի տունը զարդարել մինչ նրա վերադառնալը: Վերջացրի և սպասում էի նրա գալուն, երբ արագ ներս եկան հարևաններն ու քրոջս ընկերուհիները, ու երկու րոպե չանցած՝ ներս եկավ քույրս:

Բոլորը սկսեցին ասել «շնորհավոր», իսկ ես պատահական ասացի.

-Շնորհավոր Նոր տարիդ:

Բոլորը սկսեցին ծիծաղել: Ես էլ ծիծաղեցի իմ ասածի վրա:

Ani asryan

Փոքրիկ քայլ

Սկսենք ամենաառաջին քայլից:

Սոսեն, Հերմինեն, Սոնան և Մերին թղթակցում էին 17-ին: Մի օր մտածեցի, ինչպե՞ս ես էլ թղթակցեմ: Ինձ այս հարցում օգնեց ընկերությունը: Իմ մտերիմ ընկերուհին առաջարկեց իր օգնությունը: Նա ինձ տեղեկություններ հայտնեց 17-ի մասին, օգնեց կապ հաստատել: Ես չէի գիտակցում, որ այս փոքրիկ քայլը ճակատագրական կլինի: 17-ը շատ բան փոխեց իմ կյանքում և շատ բան տվեց ինձ: Մեկ տարի էլ չկա, ինչ թղթակցում եմ, բայց արդեն գյուղում ինձ անվանում են «լրագրող»: Երբ քայլում եմ փողոցով, անցնող-դարձողը հարցնում է, թե ինչպե՞ս են լրագրողական աշխատանքներս և էլի մեծ ոգևորություն են ներշնչում: Ավելի շատ հպարտանում եմ, երբ աշխատանքիս մասին խոսում են դպրոցում: Տնօրենը ամեն վճռական հարցի պատասխան ուզում է ինձնից ստանալ: Նրա կարծիքով լրագրողների մտածելակերպը տարբերվում է: Շատ բան կա, որ 17-ը նվիրեց ինձ: Ծանոթացա տարբեր մարզերի թղթակիցների հետ և ձեռք բերեցի նոր ընկերներ, հավատարիմ ընկերուհի՝ Հասմիկը Մալիշկա գյուղից:

Մինչ 17-ին թղթակցելը ոչ ոք չէր ճանաչում ինձ, իսկ հիմա հանրապետության բնակչությունը կարող է կարդալ իմ մտքերը և շարադրանքը: Շնորհակալ եմ քեզ, «Մանանա»: Իմ կարծիքով «Մանանա» թիմը մի ամբողջականություն է, որտեղ գրեթե բոլորն ունեն բնավորության նույն գծերը:

Այս տարի կավարտեմ դպրոցը և ոտք կդնեմ կյանքի նոր փուլ, բայց այս ամենը ինձ հետ կմնա միշտ: Ես կշարունակեմ թղթակցել՝ անկախ զբաղվածությանս աստիճանից: Ես բաժանվելու եմ գյուղից, դպրոցից, ընկերներից և Մերիից: Զարմացաք, թե ինչո՞ւ Մերիին առանձնացրի ընկերներիցս: Մերին է այն մարդը, ով օգնեց ինձ հանդիպել 17-ին: Շնորհակալ եմ քեզ 17, որ ինձ դարձրիր ստեղծագործ մտքիս տերը:

Angelina Karapetyan

Հրաշքն է կորել

Նկատե՞լ եք, Ամանորը կորցրել է իր հեքիաթային բնույթը և դարձել պարտադրված տոն:

Բնականաբար, մեծանալով հասկանում ենք, որ մեր երազանքների Ձմեռ պապը գոյություն չունի, դե կամ էլ ունի, պարզապես շատ հեռու է մեզանից գտնվում, և չի կարող կատարել մեր ամենանվիրական երազանքը: Սակայն գալիս է մի ժամանակ, երբ հասկանում ես, որ քո ստեղծած երազանքների հեքիաթում ապրելը ավելի հաճելի է, նվիրական ու բաղձալի, քան դուրս գալ հեքիաթից և ապրել իրականությամբ և ընկալել այն:

Հեքիաթում այսպես էր. մանուկները լիովին հավատում են Ձմեռ պապիկի գոյությանը, գրում են նամակ, ծրարի մեջ դնում և տալիս ծնողներին` համոզված լինելով, որ փոստատարի միջոցով կհասնի Ձմեռ պապիկին, և նա կայցելի իրենց: Իսկ Ամանորի գիշերը ուշ են քնում, որպեսզի տեսնեն նրան: Երբ արթնանում են, տեսնում են տոնածառի տակի նվերները, իրենց մտատանջում հարցերով.

-Ո՞նց ա Ձմեռ պապին տեղավորվել ծխնելույզում, ո՞նց չհասցրի տեսնել նրան:

Տոնածառը զարդարելիս ամեն խաղալիք կախելուց հետո երազանք էինք պահում, իսկ հիմա՞:

Ամանորը դադարել է շնչել, մոռացել է արտաշնչել, անհետացել է ամանորյա հեքիաթը:

Milena sedrakyan

Նոր տարի՞ է, հա՞ որ…

Վե՛րջ, հա՞:

2016-ն էլ վերջացավ, ախր, ինչպե՞ս, է՞: Երբ ինձ ասում էին՝ կյանքն արագ է անցնում, չէի հավատում, իսկ հիմա, աչքս էլ չեմ հասցնում թարթել, ու մթնում է:

Չգիտեմ՝ դուք ինչպես, բայց այս տարի ես այդքան էլ անհամբեր չեմ սպասում Ամանորին: Նախորդ տարիներին հյուրասենյակում նստած՝ անհամբեր սպասում էի, թե երբ պիտի զարկի տասներկուսը, որ գրկեմ ու շնորհավորեմ ընտանիքիս անդամներին ու բարձր երաժշտության տակ խենթություններ անեմ: Իսկ այս տարի ծրագրերս մի փոքր այլ են. շնորհավորել հարազատներիս, վերցնել նվերներս և ուղիղ քնելու:

Հա՛, նվեր ասացի, հիշեցի: Մեր ընտանիքում մի գեղեցիկ ավանդույթ կա. հավատում ես Ձմեռ պապիկին՝ կստանաս նվեր, չես հավատում ՝ չես ստանա: Դրա համար ես շարունակում եմ նամակ գրել ու սպասել… Մի խոսքով, ծնողներս այդպես են անում, որ մենք չդադարենք երազել ու հավատալ:

Չեմ սիրում, երբ Ամանորին այդքան համբուրում և շնորհավորում են ինձ այն մարդիկ, որոնց առաջին անգամ հենց այդ պահին եմ տեսնում: Զարմանալիորեն նրանք ինձ շատ լավ են ճանաչում: Ու մի հարց է ինձ տանջում՝ ինչո՞ւ է այս՝ ուտելիքով լեցուն օրերին, ախորժակս փակվում, ինչո՞ւ:

Լավ, լա՛վ շատ բողոքեցի… Իրականում՝ Նոր տարվա հենց օրերին` հունվարի 6-ին ամենակարևոր տոնն է մարդկության համար` Հիսուս Քրիստոսի ծննդյան տարեդարձը, և մենք պիտի ուրախ լինենք և շնորհակալ, որ մի տարի էլ ապրեցինք և գոհունակ սրտով մտնենք 2017` մեր տխրություններն ու խնդիրները թողնելով հին տարվա մեջ, բացենք մի նոր էջ՝ հավատարիմ մնալով մեր երազանքներին:

hakob melqonyan

Երազանքի հետևից

Այդ օրը սովորականի նման գնացի դպրոց: Երկրորդ ժամին եկան և հայտնեցին, որ Երիտասարդական հիմնադրամը մեր դպրոցից մի քանի աշակերտի իր հովանավորությամբ ուղարկելու է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Երբ կարդացի ընտրվածների անունները, շատ զարմացա և ուրախացա, քանի որ այդ ցուցակում կար նաև իմ անունը: Ոգևորված այդ լուրից՝ գնացի տուն և սկսեցի պատրաստվել:

Հաջորդ օրը՝ վաղ առավոտյան, մենք ճանապարհ ընկանք: Մի քանի ժամ անց, մենք արդեն ինստիտուտում էինք: Սկսվեց մեր անմոռանալի հանդիպումներով լի օրը: Մենք հանդիպում ունեցանք ինստիտուտի սաների հետ, ծանոթացանք նրանց առօրյային: Ամենակարևոր հանդիպումը գեներալի հետ էր: Նա շատ հաճելի և մարդամոտ անձնավորություն էր, մեզ հետ զրուցեց և սիրով պատասխանեց մեր հարցերին:

Այնուհետև այցելեցինք ինստիտուտի թանգարան, որը լի էր ամենատարբեր զինատեսակներով, որոնք մնացել էին արցախյան գոյամարտի տարիներից: Այնտեղ գնտվող յուրաքանչյուր զենք իր պատմությունն ուներ: Թանգարան այցելելուց հետո մենք հրաժեշտ տվեցինք բոլորին և ճանապարհ ընկանք տուն:

Այդ այցելությունից մեծ բավականություն ստացած՝ որոշեցի մի օր վերադառնալ այդ ինստիտուտ, բայց այս անգամ ոչ թե որպես այցելու, այլ որպես այդ ինստիտուտի սան…

arxiv

Իմիջիայլոց

-11 համար` Կարապետյան Լիլիթ, արի դաս պատասխանելու,- ասաց քիմիայիս ուսուցիչը (իմիջիայլոց, նրա առարկան ես շատ եմ սիրում):

Ես էլ գնացի գրատախտակի մոտ և սկսեցի.

-Պղնձի երկարժեք քլորիդի և ջրի փոխազդեցությունից առաջանում է կանաչ գույնի լուծույթ (իմիջիայլոց, կանաչն իմ ամենասիրած գույնն է):

Քիմիայից հետո գրականություն էր: Իսահակյան էինք անցնում (իմիջիայլոց, Իսահակյանն իմ ամենասիրած գրողն է): Ես սովորել էի «Մի մրահոն աղջիկ տեսա» բանաստեղծությունը (իմիջիայլոց, դա իմ ամենասիրած բանաստեղծությունն է): Դասամիջոցին գնացի բուֆետ և գնեցի «Թվիքս» (իմիջիայլոց, դա իմ ամենասիրած քաղցրավենիքն է):

Հաջորդը քաղաքացիական կրթության դասն էր, որի ժամանակ մենք միշտ «Այգեպան» խաղն ենք խաղում: Ես, ինչպես միշտ, «դեղձն» էի (իմիջիայլոց, դեղձն իմ ամենասիրած միրգն է, չնայած որ ես դրանից ալերգիա ունեմ):

Դասերից հետո ես շնչակտուր շտապում էի «Մանանա»: Այդ օրը Բանավիճային ակումբի օրն էր: Վերջինս վարում է մեր հոգեբանը` Մանեն ( իմիջիայլոց, ես էլ եմ ուզում հոգեբան դառնալ):

Լիլիթ Կարապետյան, 14տ., 2007թ.

Sargis Melkonyan

Պատկերը երկու կողմից

Դեկտեմբերի 24-ին Հայաստան մտավ հերթական ցիկլոնը, որը բերեց ձյուն, մառախուղ, տարբեր տրամադրություններ։ Առատ տեղումների մասին կարծիքները տարբեր են։ 

Շատերն են ասում, որ ձյունն իսկապես ձմռան հրաշքն է, որ տեղում է՝ ծածկելով վատն ու չարը, և ստիպում է ամեն ինչին նայել վարդագույն ակնոցներով։ Բայց հեքիաթն իրականում ավարտվում է այն ժամանակ, երբ հիշում ես հոգսերի մասին, չնայած այն շատերի համար չի էլ սկսում։ Օրինակ, ի՞նչ ասի այն գյուղացի տաքսու վարորդը, ով տառապում է տոկոսների տակ, ում մեքենան չունի ձմեռային անվադողեր, բայց ինքը հույս ուներ, որ այս օրերին գյուղից Երևան կարող է տեղափոխել առևտուր անող համագյուղացիներին ու ստացված գումարով մի կերպ մարել տոկոսագումարը ու Նոր տարի նշել։

Եվ այս վիճակում են գյուղի գրեթե բոլոր մեքենա ունեցողները։ Իսկ գյուղացիք ստիպված պիտի գյուղի խանութից թանկ գնով ապրանք գնեն։ Իսկ ով պլանավորել էր, որ խոզ կամ անասուն մորթի, չգիտի էլ ինչ անի։

Գյուղի խանութպաններն ընդհանրապես բողոքելու տեղ չպիտի ունենան։ Էլ չեմ ասում`երեխաները… Ձյունն այնպես են ուտում, ոնց որ աշխարհի վրա ուրիշ ուտելու բան չլինի։ Բայց մյուս կողմից ձմեռն առանց ձյուն, ոնց որ Նոր տարին առանց տոնածառ։

Էհ, ինչ արած․․․ Սա է մեր ձմեռը։ Վաղը հարցազրույց կվերցնեմ անցնորդներից, պարզելու համար իրական տրամադրությունը և տրամադրվածությունը։

Meri Muradyan

Յուղն ու բրինձը

Այս պատմությունը կատարվել է շատ տարիներ առաջ և ցույց է տալիս, թե ինչ կարող է անել սուտը: Այս պատմությունը պատմել է տատիկս:
Երբ պապիկս երկու տարեկան է եղել, նրա հայրը գնացել է Հայրենական մեծ պատերազմին մասնակցելու և չի վերադարձել: Երեք երեխաների հոգսը մնացել է նրանց մոր՝ Կեկել տատի վրա: Նա միշտ կարևոր գործեր անելիս տեղյակ էր պահում եղբորը: Բայց մի անգամ երկու տղամարդ են գալիս և ասում, որ եթե գումար տա իրենց, ապա նրանք կգնան և յուղ ու բրինձ կբերեն: Այս անգամ չգիտեմ՝ ինչու, մեր Կեկել տատը չի հարցնում իր եղբորը, հանում ու մեծ գումար է տալիս նրանց:
Ամբողջ գիշեր տանջվում է, քանի որ եղբորը չէր հարցրել և մտածում է, որ եթե առավոտյան գնա եղբոր մոտ, արդեն շատ ուշ կլինի: Վեր է կենում, գիշերվա ժամը երեքին, քնած երեխաներին թողնելով մեծ աղջկա հույսին, գնում է այդ տղամարդկանց մոտ և ասում, որ hետ վերադարձնեն իր գումարը: Տղամարդիկ սկսում են համոզել, որ անպայման մի քանի օրից կբերեն յուղն ու բրինձը, բայց Կեկել տատը երկու ոտքը դնում է մեկ կոշիկի մեջ և հետ պահանջում գումարը՝ ասելով, որ երբ կլինի եղն ու բրինձը, այն ժամանակ էլ կտա գումարը: Վերցնում է գումարը և գալիս տուն:
Անցնում է որոշ ժամանակ, նրանք հետ չեն վերադառնում: Իմանալով այս պատմությունը՝ մարդիկ հասկանում են, որ այդ «բարեկենդանները» իրականում խաբեբաներ են եղել: Օգտվելով մարդկանց միամտությունից և ծանր կացությունից՝ վերցրել են գումարը և գնացել: Նրանք խաբել էին տասնյակ ընտանիքների, բայց ի տարբերություն Կեկել տատի, նրանք շատ ուշ են հասկացել, թե իրականում ինչ էր կատարվել: Այդ երկու տղամարդիկ մինչև հիմա գնացել են յուղ ու բրինձ բերելու:

Ինչպես Հովհաննես Թումանյանի «Բարեկենդանը» հեքիաթը, այնպես էլ մյուս հեքիաթները գրվում են իրական պատմությունների հիման վրա: Եվ եթե չենք ուզում դառնալ հեքիաթի հերոսներից մեկը, պիտի դասեր քաղենք մեզ հասած պատմություններից: