karen

Պարտությունների դասերը

Երբ ես փոքր էի, մտածում էի, որ պետք է մեծանամ և շոկոլադի իմ գործարանը ունենամ, բայց այդ երազանքիս հավատարիմ երկար չմնացի: Որոշ ժամանակ անց ես սկսեցի ավելի շատ հետաքրքրվել սպորտով, քան տարվել շոկոլադի գործարանով: Չեմ հիշում` ե՞ս համոզեցի ծնողներիս, թե ծնողներս համոզեցին ինձ, բայց 5 տարեկանում արդեն Վայքի կարատեի խմբի անդամ էի: 

Կարատե մարզաձևում կարևորը գոտիներն են, իսկ դրանք շատ են: Դրանցից ամենացածրը սպիտակն է, իսկ ամենաբարձրը` սևը: Հիմա մուգ դարչնագույն գոտու տեր եմ,  որը սևից ցածր  է մեկ աստիճանով: Գոտիները ստանում են քննություններ հանձնելով, բացի այդ էլ կարատեում անց են կացվում  տարբեր  մրցումներ:  Մասնակցել եմ 3 տասնյակից ավելի մրցումների, ունեմ 3 գավաթ, 10 մեդալ և 20-ից ավելի հավաստագրեր և շնորհակալագրեր:

Ես հիմա ուզում եմ պատմել իմ առաջին հաջողության և դրան նախորդող անհաջողությունների մասին: Առաջին 9 մրցումներս ինձ համար անհաջող են եղել:  Այդ ժամանակ իմ մեծագույն երազանքը դարձավ մրցանակային երեք տեղերից գոնե մեկը գրավելը: Չնայած 9 մրցում տանուլ էի տվել, բայց հավատում էի, որ մի օր մրցումներից հետո գլուխս կախ չեմ մտնի տուն (չնայած ծնողներս միշտ էլ ինձ համարում էին հաղթած):

10-րդ մրցումը հաջողված էր, որովհետև ես այդ ժամանակ գրավեցի 2-րդ տեղը: Կարծես թե երազանքս կատարվում էր: Այդ մրցաշարը, որին ես ունեցա հաջողություն, Երևանում էր կայանում: Լավ հիշում եմ, թե ինչ էր տեղի ունենում: Վստահ էի, որ տանը անհամբեր սպասում են և անհանգստանում, ինչպես նախորդ անգամները: Ես նաև գիտեի, որ հանդերձարանում դրված հեռախոսս բազմաթիվ զանգեր ընդունած կլինի, բայց միևնույնն է, փորձում էի կենտրոնանալ մրցման վրա:   Այդ ժամանակ ես մենամարտեցի 4 հոգու հետ: Կիսաեզրափակիչում մենամարտեցի այն տղայի հետ, ով նախորդ մրցումներում հաղթել էր ինձ: Նա ինձ թերագնահատեց և համեմատաբար թույլ խաղ ցույց տվեց , ու երևի դա եղավ պատճառը, որ ես կարողացա հաղթել նրան: Եզրափակիչում ես կրկնեցի նույն սխալը, ինչ մրցակիցս էր գործի դրել կիսաեզրափակչում: Ես մենամարտում էի մի տղայի հետ  ով դրա նախորդ մրցաշարում պարտվել էր ինձ: Երբ սկսվեց մենամարտը, ես շատ ուրախ էի, որովհետև նախորդ մրցաշարում հաղթել էի իրեն  և փոքր ինչ ինձանից թույլ էի համարում:  Դրա համար առաջին  իսկ րոպեում պարտվում էի նրան 2-0 հաշվով: Հետո ես կատարեցի երկու միավորանոց հարված և հաշիվը հավասարեցրի: Այնուամենայնիվ, ես չկարողացա հետո գերազանցել հաշվով:

Ահա իմ առաջին մեդալի պատմությունը: Տանն արդեն սկսվել էին իմ առաջին մեդալի շնորհավորանքները, բայց ես այդ օրվանից ավելի մեծ բան եմ սովորել:

Սովորել եմ, որ չպետք է թերագնահատել ոչ ոքի: Այս դասը միշտ ինձ հետ կլինի:

emanina

Կյանքը` վերքոտ ծնկների ցավ

Երբ մանուկ էի, մտածում էի, որ կյանքը արդեն դասավորված մի ծրագրերի գիծ է, որ ինչ էլ անես, մեկ է, կանցնես քո ուղին, ամեն ինչ հարթ կլինի, կմեծանաս, աշխատանք կունենաս, և վերջ: Ու այդպես բոլոր մարդկանց կյանքերը նույն ծրագրով պլանավորված են, և միայն սպասում են մարդկանց իրենց ապրելուն: Բոլոր այդ կյանքերը ունեն հետաքրքիր ընթացք և երջանիկ ավարտ: 

Կվազես քամու հետ հավասար, քեզ կորցնելով, և առանց վախի: Անգամ երբ կընկնես և կվնասես ծնկներդ, միշտ մայրիկդ կողքիդ կգտնվի և կտա քեզ դեղը` ծնկներիդ վերքերի դեմ:

Սակայն փոքր ժամանակ ինձ իրոք միայն ու միայն հուզում էին ծնկներիս վերքերը, և մայրիկի համբույրները, որպեսզի ցավն անցնի: Հետագայում մեծանալով ես հասկացա, որ կյանքը միշտ չէ, որ դասավորված է հեշտ, գեղեցիկ և ուրախ ավարտով: Որոշ Ժամանակ այն «վերքոտ ծնկներ» են` առանց համբույրների: Դժվար անցանելի ճանապարհներ: Ցեխոտ ոտքեր` մաշված կոշիկների մեջ: Անքուն գլուխներ: Կոտրված սրտեր առանց բացատրությունների: Այդ հին և շատ ծանոթ փայտե դուռն է` փոխված կողպեքով և քո անհամապատասխան բանալիով:

Ճիշտ է, կան անհոգ ապրողներ, որոնց համար կյանքը ուղղակի թեթև քայլվածք է բեմի վրա, բայց և կան երեխաներ, որոնք դեռ մանկություն չունենալով, ծանր աշխատանքներ են կատարում: Մարդիկ, ովքեր օրվա հացի գումար վաստակելուց հետո անգամ ուժ չեն ունենում այդ  վաստակած հացն ուտելու:

Կյանքը իրականում շատ դժվար է: Ավելի ճիշտ ամենադժվար բանն է: Իսկ դու դրա հենց գլխավոր հերոսն ես, ով պետք է պատվով անցնի այդ ամեն փորձությունների միջով և վերջում հաղթական դրոշակը թափահարի:

Երևի հենց ցավը և տխրությունն են կյանքը դարձնում իրական: Իրական, այլ ոչ թե երևակայական մի երազ: Չէ՞ որ երազներից արթնանալու համար մենք միշտ կսմթում ենք մեզ: Երևի…

Հենց «երևին» է, որ ստիպում է շարունակել հուսալ: Կյանքը միշտ չէ, որ գեղեցիկ է լինում, ինչպես գովազդների գեղեցիկ և երջանիկ դեմքերը, ես դա արդեն հասկանում եմ:

Diana Grigoryan

Առանց «անտեր» Հայաստանի

«Կընդունվեմ համալսարան ու կգնամ էս անտեր երկրից»: Քանի ու քանի անգամ եմ լսել ու մտածել իմ անտեր երկրից գնալու մասին: Չէ՛, չեմ գնա: Կամ էլ կգնամ, բայց մի օր կվերադառնամ իմ անտեր երկրում ապրելու…

Չնայած նրան, որ տեր ունի ու անունն էլ ժողովուրդ է, ասում ենք անտեր: Անտեր է , որովհետև ժողովուրդս մաս առ մաս գնում է երկրից ու մի քանի տարի հետո օդանավակայաններս կդատարկվեն… Տերերը գնում են՝ իրենց տիրակալ լինելը մոռանալու պատճառով: Մոռացել են, որովհետև լեզուները ժայռերի նման քարացել են, իսկ ձեռքերն արդեն վաղուց սովորել են հրաման կատարելուն: Ունենք-չունենք` 29,8 հազար կիլոմետր քառակուսի տարածք ունենք ու այստեղից էլ, որ հեռանանք, էլ ինչո՞ւ ենք հայ կոչվում:

Հայը, որ գնա, էլ ո՞վ է թոնրում լավաշ թխելու, այգում ծառ տնկելու, Արարատ բարձրանալու մասին երազելու ու Հայաստանից բողոքելու: Հայաստանում ենք ապրում, դրա համար էլ բողոքում ենք, ու անունը տալիս` մեր ծնկները չեն ծալվում: Հայաստանում ենք ապրում, դրա համար էլ գնում ենք, որ հեռվից սիրենք ու կարոտենք մեր երկիրը:

Մի օր Հայաստան ասելիս ձեռքերս կդողան: Մի օր հայը կհասկանա, որ չի կարող առանց Հայաստանի: Չի կարող այնպես,ինչպես ես չեմ կարող առանց Երևանի մայրամուտի, Արարատի գագաթների, Գյումրու հարյուրամյա տների, Դիլիջանի ծառերի, Սևանի կապույտի ու Վանաձորի անձրևների:
Չեմ գնալու, որովհետև չեմ կարող առանց իմ տերերով լցված անտեր Հայաստանի:

seroja baboyan

Այդ անձրևը

-Ու~ֆ , Սերոժ, անձրև ա էլի, ո՞նց ենք տուն գնալու…

Ինչ որ մեկը ցածր ու դժգոհ ձայնով ասաց դասարանից դուրս գալու պահին:

-Էլի անձրև ա, զզվացրեց արդեն, էլի, հերիք չի` թրջվում եմ, մի հատ էլ կոշիկներիս ցեխ եմ կերցնում,- ես էլ` ոչ պակաս դժգոհ տոնով։

Այ ժամանակ ես տանել չէի կարողանում անձրևը։ Բայց…

Մի օր ես ինչ-որ տեղ էի փախչում անձրևից, որ չթրջվեի ու մտքիս մեջ ասացի.

-Անձրևը էդքան վախենալու ա, որ բոլորը փախչո՞ւմ են: Էհ, մի օր էլ թող թրջվեմ:

Ու կամաց-կամաց քայլեր գցելով` բռնեցի տան ճանապարհը, մտածելով. «Անձրևը հեչ էլ վատը չի, ոչ էլ վնաս ա տալիս, ինչի՞ էի զզվում անձրևից»:

Եվ իրոք` ինչո՞ւ չէի սիրում: Միայն անձրևի ձայնը հերիք է, որ մտնես քո մտքերի աշխարհ, և ում ասես` չես հանդիպի էդ աշխարհում, ինչ ասես կհիշես։ Էդ պահին անգամ չէի մտածում, որ կհիվանդանամ կամ շորերս կթրջվեն, կամ մաման կբարկանա։ Ինձ համար քայլում էի` ջրափոսերը չշրջանցելով ու թքած, թե կոշիկներիս մեջ ջուր էր լցվում։

Վայելում էի, մտածում, հիշում, էլի մտածում։ Հիշեցի երրորդ դասարանում սեպտեմբերի մեկի գովասանագիրս, որը հիմա մաման ինչ-որ տեղ պահել ա, որ թոռներին ցույց տա։ Եվ չգիտես ինչի` հիշեցի Sam Smith – I’m Not The Only One երգը: Ես մենակ չեմ երևի, որ էդ երգը անձրևի ժամանակ լսում ա, երևի մենակ չեմ, ինձ նման մեկնել կա, որ անձրևի տակ կարող է ժամերով քայլել ու չնկատել ոչինչ: Հա, կա, վստահ եմ` կա:

Մարդկանց մի ստվար զանգված, ապրում ա հենց այնպես` չնկատելով իր շուրջը գոյությունունեցող մարմինները` աստղերը, արևը, լուսինը: Դրանք մնայուն են, համենայնդեպս, մոտակա 100 000 տարվա ընթացքում: Հենց այդ է երևի պատճառը, որ մարդիկ չեն նկատում դրանց` մտածելով, որ դրանք մնայուն են։

-Միլիոն տարի էղել ա, էդքան էլ կլինի: Շատ պետքս ա` խորանամ ու ինչ-որ աստղի, լուսնի, արևի, կամ առավել ևս, անձրևի մասին մտածեմ:

Հա, ես ճանաչում եմ մարդկանց, որ այդպես են մտածում: Գուցե պետք չէզբաղվել գիտականորեն, բայց դիտել դրանք քո տեսանկյունից ու մտածել դրանց մասին, հաստատ բան չես կորցնելու։

Շնորհակալ եմ բնության երևույթներին ու նրան, ով օգնեց ինձ նկատել ու հետաքրքրվել դրանցով։

qristine epremyan

23-ը

Ասում են՝ ուսանողը իրավունք ունի դասի չգնալու, եթե նա մահացել է։ Դե՜, քանի որ ես չեմ մահացել, այլ պարզապես ունեմ գլխացավ ու բարձր ջերմություն, ստիպված եմ վերցնել իմ չեղած տրամադրությունը, վեր կենալ և գնալ համալսարան…

Էլի կանգառում եմ ու էլի սպասում եմ «իմ սիրելի» 23-ին։ Հեռվից էլ տեսանելի էր, որ ավտոբուսը լիքն է, և էլի ոտքի վրա եմ գնալու ողջ ճանապարհս։

Բացվեցին ավտոբուսի դռները։ Մի ոտքս դեռ դրսում էր, երբ զգացի, որ պայուսակս այլևս ձեռքիս չէ։ Ինչ որ մեկն անմիջապես վերցրեց այն, առանց զգուշացնելու…

-Էս ինչ սիրուն-սիրուն աղջիկներ են գալիս։ Արի՜, արի՜, բալա ջան։ Էս ինչ բոյով, սիրուն աղջիկ ես: Արի մոտս կանգնի, բռնեմ քեզ` հանկարծ չընկնես։- Բարձացնում եմ գլուխս ու նկատում տատիկին, ով կլիներ մոտ 70-75 տարեկան, բայց ուներ 20 տարեկանի աշխուժություն։

Երկու տեղանոց նստարանին նստել էին երեք հոգի՝ մի կին, մի երիտասարդ աղջիկ և տատիկը՝ նրանց մեջտեղում։ Մի ձեռքում պայուսակն էր, մյուս ձեռքով պինդ բռնել էր երիտասարդ աղջկա ոտքերից, որ ավտոբուսի տատանումներից հանկարծ չընկնի։ Նրա դիմաց էլ, իրար կողքի նստել էին մի կին և մի երիտասարդ։ Ու տատը դիմում է երիտասարդին․

-Այ տղա, վեր կաց։ Դու ֆայմ չունե՞ս։ Վեր կաց, թող էս երեխեն նստի,-մատնանշում է ինձ։ Իսկ տղան ծիծաղում է ու ասում՝ չէ։

Մի քանի րոպե տատի դիտողությունները լսելուց հետո, երևի ամոթից, տղան վեր կացավ և զիջեց իր տեղը ինձ։ Վերցրի պայուսակս ու տեղավորվեցի։

Տղայի ձեռքին սև տոպրակ կար։ Երբ նա ոտքի ելավ, տատը վերցրեց նրա ձեռքից այն ասելով.

-Մյուս անգամ սև տոպրակի մեջ նվեր չդնես,- բացեց այն։ Տոպրակի մեջ էլի սև տոպրակ կար։- Էլի սենց բան տեսնեմ, վերցնելու եմ ձեռքիցդ ու շպրտեմ մի կողմ։-շարունակեց, արդեն մի փոքր բարկացած։

Տղան ծիծաղելով հետ քաշվեց։

Ավտոբուս բարձրացան երկու կին, որոնցից մեկին տատը «կլոր» անվանեց, երևի մի փոքր գեր լինելու պատճառով։ Նրանց ձեռքից էլ քաշեց ու վերցրեց պայուսակները՝ խեղճերին շփոթմունքի մեջ գցելով։

Ամբողջ ճանապարհին խոսում էր, պատմում իր մասին, մեզ էլ հաճոյախոսություններ անում։

-Էս իմ ասել-խոսելը որ չլիներ, ես շուտվանից մեռած կլինեի։ Բայց ինձ սենց աշխույժ մի նայեք։ Ես շատ ցավ եմ տեսել։ Հեսա, հասնում եմ իմ կանգառին։ Կիջնեմ` ինձանից կպրծնեք։ Տանեմ էս եղածն էլ ծախեմ, որ մի քիչ փող գա ձեռքս,- ու կարծես տխրություն իջավ աչքերին։

Հասավ իր կանգառին․

-Սիրու՜ն տիկին, ա՛ռ, վերցրու պայուսակդ։ Ա՛յ տղա, ո՞ւր ես, արի դու էլ տոպրակդ վերցրու, տատին իջնում ա։ Դե՜, երեխեք ջան, Աստված օրհնի ձեզ։ Լավ մնացեք։ Ձեր բալեքին էլ լավպահի,- դիմեց երկու կանանց։

Երկու մեծ տոպրակ ուներ, երևի՝ ծանր։ Ու անգամ իջնելիս էն խեղճ տղային էլի նախատեց․

-Այ տղա, չես ֆայմո՞ւմ, օգնի՛։ Էս տոպրակներս իջեցրու։

Տրամադրությունս բարձրացնելուց զատ, տատը ինձ մի խրատ տվեց. անկախ սոցիալական վիճակից, անկախ կյանքի տված հարվածներից, մարդը պիտի շարունակի ՄԱՐԴ մնալ, ժպտալ ու սիրել կյանքը, քանի որ այն տրվում է միայն մեկ անգամ…

Meri Muradyan

Սարի կյանքը

Արդեն աշուն է: Շատերը գնում են փայտ բերելու, այգիներց միրգ հավաքելու: Իսկ սարերում արդեն հավաքում են իրենց իրերը գյուղ վերադառնալու համար:

Առաջ  գրեթե բոլոր ընտանիքները անասուն էին պահում, գարնանը գնում սար, իսկ խոր աշնանը հետ վերադառնում: Այդ ամենը այդքան էլ հեշտ չէր, գնալ-գալ, ամեն անգամ տանել-բերել և այդպես:

Սարերում առաջ մարդիկ շատ վատ էին ապրում: Ապրում էին փայտից պատրաստված խարխուլ տնակներում: Հոսանք, բջջային հեռախոսներ, մեքենաներ չկային: Երբ որ ինչ-որ բան էին ուզում գյուղից կամ ինչ որ լուր ստանալ, շատ բարդ էր:

Գարնանը այնտեղ գնալու կամ աշնանը այնտեղից վերադառնալու համար գյուղից ոտքով կտրում անցնում էին տասնյակ կիլոմետրեր, որպեսզի անասունները գյուղ բերեին և նորից  ոտքով հետ էին վերադառնում: Իսկ այնտեղից բերվող իրերը դնում էին էշի կամ ձիու վրա և այդպես հասցում գյուղ:

Իսկ հիմա պայմանները փոխվել են. կան մեքենաներ, հեռախոսներ, հոսանք և նրանց այդ յոթ ամիսները  մի քիչ հեշտացել են: Բայց կան խնդիրներ, որոնք գրեթե լուծելի չեն: Օրինակ՝ ճանապարհների, ջրի, փայտի խնդիրը: Բայց այս ամենի հետ մեկտեղ, երբ գնում ես այնտեղ` մի քանի օր մնում, այդ մի քանի օրերը միշտ հիշվում են:

Ես նույնպես մնացել եմ սարում: Վերջին մի քանի տարիներին Վարդավառը նշել ենք այնտեղ: Դա ամենահաճելի պահերն էին, երբ համարյա քսան հոգով գնում էինք ջրվելու, երբ հեռվից լսում ես, որ քեզ արդեն կանչում են, բայց դու չես ուզում թողնել այդ ամենը և գնալ: Այդ օրը հարևան տնակների երեխաներով հավաքվում էինք, գնում ձոր, այնտեղից էին սարվորները իրենց խմելու ջուրը տանում: Հենց այդ ձորում մեծ գետ էր հոսում, գնում էինք այնտեղ և սկսում ջրվել: Հետ էինք գնում, փոխվում և ուտում Ղուշիկ տատի ոսկե ձեռքերով պատրաստած նազուկը: Երեկոյան մեծ խարույկ էինք վառում, բոլորով նստում նրա շուրջը և հետաքրքիր պատմություններ պատմում, խաղեր խաղում: Հաջորդ օրը նստում էինք մեքենաները և վերադառնում: Հեռվից երևում էր տնակի առաջ կանգնած սարվորը, ով երկար նայում էր մեքենային այնքան ժամանակ, քանի դեռ մեքենան սարի մյուս կողմը չէր անցել:

Հուսով եմ, որ մի քանի տարի հետո էլ երեխաները կվայելեն այդ հաճելի պահերը:

Իմ ճանապարհը

Լուսանկարը՝ Տիգրան Մալխասյանի

Լուսանկարը՝ Տիգրան Մալխասյանի

Ես Մալխասն եմ: Երկրորդ դասարանից այդ մականվամբ ինձ կնքել է ընկերս` Արտյոմը, ով այնքան է ինձ Մալխասով դիմել, որ իրական անունս մոռացել է: Սկսած այս հոդվածից, ուզում եմ կիսվել իմ պատմությունով: Այս հարցում ինձ ձեռք մեկնեց էլի Արտյոմը, ով հայտնի է իր  հոդվածներով 17.am-ում: Այս ծրագրին մասնակցելու ցանկությունս առաջացել էր դեռ վաղուց, և ընկերոջս հետ խորհրդակցելով, փորձեցի կյանքի կոչել մտադրությունս:

Եկեղեցին դարձել է իմ կյանքի  կարևորագույն մասը: Երկար տարիներ եկեղեցում սպասավոր լինելս օգնեց ինձ հասկանալ եկեղեցու անգնահատելի դերը ոչ միայն որպես շինություն, այլև որպես հոգևոր բնօրրան իմ կյանքում:

Տատիկս պատմում է, որ երբ 3 ամսեկան էի, և սովորականի պես ինձ բարուր էր անում, այդ ժամանակ ասում էր.

-Աստված ջան, էս ինչ լավ բալա ես տվել մեզ:

Եվ չգիտես ինչու, այդ խոսքերից անմիջապես դադարում էր հնչել իմ երեխայական լացի ձայնը, և դրա հետ մեկտեղ, արտասվելը. կարծես թե հասկանում էի տատիկի ասածը:

Եվս մեկ դեպք տատիկի հիշողություններից. մոտ 3 տարեկան հասակում (այդ տարիքում է տեղի ունեցել մկրտությունս  մեր շատ սիրելի  և արժանապատիվ Տեր Իսահակ քահանա Մարգարյանի օրհնությամբ) խաչաձև տեսքով իրար էի ամրացնում 2 փոքր փայտեր և դնելով ընտանիքի անդամների գլխին՝ ասում.

-Ես տերտեր եմ, ես օրհնում եմ ձեզ…

Եվ ահա եկավ ժամանակը, և կյանքումս տեղի ունեցավ շրջադարձային իրադարձություն:

Արդեն 5-րդ դասարան էի: Դպրոցում Հայ Եկեղեցու Պատմության  հերթական դասն էր: Մտնելով դասարան, ընկեր Գոգատաշվիլին հարցրեց, թե ովքեր են տղաներից մկրտված: Եվ գրանցելով իր մոտ 7 հոգու անուն, նա հայտնեց, որ լինելու է Ոտնլվայի կարգ, և մենք էլ պետք է մասնակցենք: Արարողությանը մասնակցելուց հետո Էմին սարկավագը (ներկայումս` Հայր Թովմա Խաչատրյանը) մեզ մի երկու խոսք ասաց մեր հետագա անելիքների մասին. առաջարկեց գալ կիրակնօրյա պատարագին և խոստացավ սովորեցնել բուրվառ գցել: Այսպիսով, նախքան պատարագը, բոլորս հերթով գցում էինք` իրար հերթ չտալով, և փորձելով մյուսներից ավելի լավ գցել այն: Ահա անցավ ժամանակ, և տղաները դադարեցին գալ պատարագներին, ժամերգություններին, մնացի միայն ես՝ հավատարիմ ու ծառա մինչ օրս: Այդ բուրվառը այնքան էր ինձ հետաքրքրել, որ մոգոնեցի փոքրիկ բուրվառ: Տանը ածուխ կար, սակայն առանց խունկի, այդ իսկ պատճառով պատարագներից  մեկի ժամանակ խնդրեցի Տեր Հորը, որ ինձ խունկ տա: Զարմացած հարցրեց, թե ինչ եմ անում այդ խունկը, իսկ ես պատասխանեցի, որ փոքր բուրվառ եմ սարքել և տանը իմ աղոթքներով, անուշաբույր հոտը տարածելով վերացնում եմ չար հոգիներին: Նա ժպտաց ու ասաց.

-Բալես, ինչքան ուզում ես վերցրու:

Լուսանկարը՝ Տիգրան Մալխասյանի

Լուսանկարը՝ Տիգրան Մալխասյանի

Մյուս դեպքը շատ հուզիչ է և տպավորվել է իմ մեջ… Չգիտեմ… Դա երևի գերբնական ինչ-որ բան էր, կամ իրոք Աստծո կողմից ուղարկված հրաշք: Պատարագներից մեկի ժամանակ մեր բուրվառակիրներից մեկը` Արտակը, սովորականի պես  գցում էր  այն` առաջ և հետ: Ծուխ, որը միշտ տեսնում ենք՝ ամեն պատարագի ժամանակ, բայց այս մեկը շատ հիասքանչ տեսարան էր ինձ համար: Երեք անգամ գցելուց հետո ես ուշադրություն դարձրի այդ ծխի ձևավորվելուն, թե ինչպես է այն խառնվում իրար և պատկերում ինձ համար Հիսուսի դեմքը: Այո՛, ես տեսա Քրիստոսին, և այդ անշարժացած դիրքով պատկերը հայտնվեց ինձ ու հանգիստ անցավ խորանի դիմացով: Ուղղակի աննկարագրելի զգացողություն էր, շատ անհավատալի էր այդ հրաշքը տեսնելը: Դրանից հետո ես միշտ փորձել եմ տեսնել դա ևս մեկ անգամ, և մինչ օրս չեմ դադարում ուշադրություն դարձնել:

Ես Աստծուն հիշում էի նեղության կամ դժվարության մեջ, սակայն ժամանակի ընթացքում հասկացա, որ պետք է Աստծուն հիշել և շնորհակալ լինել ամեն տված լավ թե վատ վայրկյանի համար, ամեն ինչի համար, որ մենք ունենք: Նրա համար, որ մեզ տվել է լավ ծնողներ, լավ շրջապատ, և անկեղծ մարդկանց, ովքեր մեր կողքին են ու իրենց ընկերակցությամբ և ժպիտով լիացնում են մեր օրը:

Շատ զորավոր է, երբ աղոթելուս ժամանակ մարմինս փշաքաղվում է. դրանով զգում եմ, որ աղոթքներս հասնում են երկինք, և Աստված լսում է ինձ:

Gayane Avagyan

Ուսուցիչներիս

Ինձ նորից հարցրեք այն անցած դասերից.

Այն անցած խոսքերից անհամար,

Ու եթե սխալվեմ, ուղղեցեք ինձ նորից,

Ես հավե~րժ աշակերտ ձեզ համար:

Արամայիս Սահակյան

Երբ փոքր էի, մտածում էի շուտ մեծանալ ու դպրոց գնալ: Հիշում եմ, առաջին սեպտեմբերի մեկս, իմ առաջին ուսուցչուհուն: Երբ տեսա նրան, նայեցի աչքերին, լսեցի նրա խոսքերը, անկախ ինձնից ցանկացա նրան նմանվել: Իմ ընկեր Պողոսյանին, իմ առաջին գիտելիքների համար հենց նրան եմ շնորհակալ: Անցել է տասներկու տարի, բայց այսօրվա պես հիշում եմ ուսուցչիս խոսքերն ու խորհուրդները` «Ժամանակը ոսկի է երեխաներ, մեկ րոպեում գիտե՞ք ինչքան բան կհասցնենք սովորել: Սովորեք, միշտ հիշեք. ինչքան շատ սովորեք, այնքան լավ մարդ կլինեք»:  Տասնյակ սերունդներ կրթած ուսուցիչի խոսքերը շատ կարևոր էին մեզ` աշակերտներիս համար: Հիմա էլ արդեն կավարտեմ դպրոցս, բայց ընկեր Պողոսյանի` իմ առաջին ուսուցչուհու խրատները ու խորհուրդները միշտ ինձ հետ են լինելու: Տեսնում եմ ուսուցչուհուս, բայց արդեն ճերմակած մազերով ու հիշում Սահակյանի տողերը.

             Սիրելի ուսուցիչ,տեսնում եմ ձեզ նորից,

             Բայց արդեն ճերմակած ավելի:

              Եվ գիտեմ, որ մեկն էլ` այդ ճերմակ մազերից,

              Եղել է իմ մեղքով երևի:

Ներեցեք մեր չարաճճիությունների համար, ներեցեք, որ երբեմն չենք լսել ձեզ, խանգարել ենք դասը: Բայց դուք միշտ մեզ ներել եք, փոխարենը պահանջել` լավ սովորել:

Լավ է, երբ քո ուսուցիչը քեզ համար է և ուսուցանող  է, և հարազատ: Մարդ, ով հասկանում է քեզ, օգնում, խորհուրդներ տալիս, ցույց տալիս կյանքի ճիշտ ուղին, բացահայտում քո բոլո~ր ինչուների պատասխանները:

Ավարտում եմ դպրոցս  այս տարի, բայց ձեզանից ունեցած հուշերս միշտ ինձ հետ են լինելու: Շնորհակալ եմ ձեզ` իմ ուսուցիչներ, իմ այսպիսին լինելու համար: Բոլորդ էլ իմ կյանքում մեծ դեր ունեք:

Ու էլի Սահակյան

Նոր ենք հասկանում, որ մեր մշտական

  Ուղեկիցներն եք ու միշտ կլինեք:

   Մեր լավի համար ձեզ ենք պարտական,

   Իսկ վատի համար մեղավոր ենք մենք:

Shushan stepanyan

Ու ինչ-որ մեկին մենք կարոտում ենք

Ինչ-որ մի պահ, ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի բան ու ինչ-որ մեկին մենք կարոտում ենք: Ես էլ եմ կարոտում: Հաճախ ինձ թվում է, թե իմ կարոտն ուրիշ է, ուրիշ գույնի է, ուրիշ են ապրումները նրա: Ես կարոտել եմ, ու այնքան բան կա կարոտիս գրկում՝ սրտիս մեջ պահված:

Երբ ցերեկ է, կարոտում եմ մայրամուտի կարմիրն ու դեղինը, գիշերվա սև ու մութ ամպերը, կապույտում լողացող աստղերը քնքուշ, իսկ երբ գիշեր է, արևն եմ կարոտում, ցերեկվա լույսը, դեռ նոր բացված օրը: Ամռանը ես ձմռան սպիտակն եմ կարոտում, ձյան ձայնը, սառույցի հետ իմ պարը, օդի մաքուր սառնությունը, ձմռանը ամառն եմ կարոտում, արևի ժպիտն ու աչքերս ծակող տաք ջերմությունը:

Ես կարոտում եմ աշնան գույները՝ մայթերին քնած, քամու ձայնն ու անորոշ տխրությունը: Ես կարոտում եմ ասված-խոսված բառերը, լսված ձայներն ու տեսնված հայացքները, ամեն մի անցած պահը, մի վայրկյան առաջն ու հենց այս պահը:

Ես կարոտում եմ օտարացած ծանոթ հայացքները, գիշերային փողոցի տխուր լուսավորությունն ու մարդաշատ քաղաքի դատարկ անկյունը:

Երբեմն էլ ինքս ինձ եմ կարոտում, երբ երկար ժամանակ սրտիս ձայնը լսած, նրա  հետ զրույց արած չեմ լինում:

Ես դպրոցս ու պարապմունքներս եմ կարոտում, աղմկոտ դասամիջոցներն ու դասի ժամին կողքիս նստողի հետ մեր զրույցները: Ես մեր բակի խաղերն եմ կարոտում՝ «ռեզին», «հալամուլա», «տուն-տունիկ», «խանութ-խանութ», «պատի հիսուն»…

Կարոտում եմ նրանց, ովքեր հիմա երկնքում են, մեզ են նայում վերևից:

Ինչ-որ մի պահ, ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի բան ու ինչ-որ մեկը մեր կարոտի կանչն են կարծես:

Մենք կարոտում ենք…

Nane Eghiazaryan

Երկրաչափական խնդրի նման

Առաջ «ավագ դպրոց» բառակապակցությունը լսելիս պատկերացնում էի շատ լուրջ միջավայր, որտեղ դասը պետք է անցներ քար լռության մեջ ու նույնիսկ շնչելը լիներ արգելված: Կարծում էի, որ այնտեղ սովորում են դոկտոր-պրոֆեսորներ  ու իրենց գիտական մտքերից ցնդված մարդիկ: Իսկ հիմա արդեն ես էլ եմ սովորում ավագ դպրոցում ու հասկացել եմ, որ պատկերացումներս եղել են ֆանտաստիկայի ժանրից: Ավագ դպրոցում էլ են սովորում ինձ նման հասարակ մարդիկ, իսկ մարդկանց մեջ հաստատ կգտնվեն խելացիներ ու ավելի խելացիներ:

Դե, մեր դպրոցում տասներորդ դասարանցիներս ընդամենը երեսունհինգ հոգի ենք, ու չի կարող ձևավորվել երեք հոսք, այդ իսկ պատճառով ստեղծվեցին ընդհանուր և բնագիտամաթեմատիկական  հոսքերը: Դե, իսկ ես գնացի բնագիտական հոսք: Գիտե՞ք, որ հենց այդ դասարանում, իմ կողքին սովորում են ապագա բժիշկներ, տնտեսագետներ ու ծրագրավորողներ: Ես գիտեի, որ ամեն մեկս դեռ իններորդ դասարանում որոշ պատկերացումներ ունենք մեր մասնագիտության ընտրության հարցում, բայց երբ ավագ դպրոց ես գալիս ու տեսնում քո ընկերներին, ովքեր ջանասիրաբար արդեն սկսել են աշխատել, որպեսզի հասնեն իրենց նպատակին, մի տեսակ դու էլ ես ոգևորվում:

Միգուցե ոմանք ասեն, որ ավագ դպրոցը ոչնչով չի տարբերվում միջին դպրոցից, բայց ինձ համար տարբերությունը շատ մեծ է: Միջին դպրոցում միգուցե դասեր կային, որ չէի սովորում, որ թերանում էի, իսկ այստեղ, թեկուզ ամենաչսիրածս թեման պետք է շատ լավ սովորեմ, որովհետև հասկանում եմ, որ դա ինձ պետք կգա հետագայում: Ու հիմա էլ, ճիշտ է, դեռ հոկտեմբերը նոր է սկսել, բայց կան դասեր, որոնք սովորելիս ակամայից հիշում եմ անցած դպրոցական տարիները, որտեղ նույնպես այդ նյութը կար, ու ես լավ չէի սերտել այդ դասը, դրա համար էլ հիմա դժվարանում եմ:

Մի խոսքով, ավագ դպրոցը իմ և երևի ձեզնից շատերի համար մի նոր աշխարհ է, նոր բարդ երկրաչափական խնդիր, որը լուծելուց հետո կթերթես էջը ու կանցնես մյուս խնդրին… Իսկ խնդիրները, իմ կարծիքով, շարունակում են դառնալ ավելի հետաքրքիր, բայց նաև ավելի բարդ…