meri antonyan

Դիլիջանյան մեդիա ճամբար. Հուշապատում

Այսօր արդեն տանն եմ, ու զգում եմ,  որ ինձ պակասում են դիլիջանյան հովն ու ճամբարական միջավայրի ջերմությունը։ Իդեալական դուետ-համադրություն էր հոգումս բարենպաստ կլիմա ստեղծելու համար։

Իհարկե, միայն հոգու եղանակով հիանալու համար չէինք մոտ հիսուն հոգի Հայաստանի տարբեր ծայրերից հավաքվել Դիլիջանում։ Եթե միայն դա լիներ, ես դժվար թե հիմա իմ տպավորություններով կիսվեի, որովհետև վաղուց արդեն զգացել եմ, որ ինձ համար առօրյա դարձած երևույթների գեղեցկությունն սկսում եմ չնկատել։ Ամեն նոր բանով հիանում եմ միայն առաջին տպավորության պահին, հետո ժամանակի հետ այն դառնում է սովորական, իսկ որ մի քիչ էլ սպասեմ, գուցե սկսի ձանձրացնել, ո՞վ իմանա։ Ու այլևս հարկ չեմ համարի գրել այդ մասին, ինչպես, օրինակ, չեմ գրում ջուր խմելուս, ոտքերիս վրա քայլելու կամ էլ, ասենք, ծանոթ մարդիկ հանդիպելիս նրանց բարևելու մասին։ Սովորական բաներ են, չէ՞։ Բայց չէ որ մեր ծնողներն իրենց աշխարհի տեր են զգացել, երբ մենք առաջին անգամ ինքնուրույն քայլեր ենք արել, խոսել, առաջին անգամ ատամ հանել,  առաջին անգամ դպրոց ենք գնացել, առաջին տառն ենք գրել, առաջին գերազանց գնահատականն ստացել, երբ առաջին անգամ արդեն այնքան ենք հասունացած եղել, որ մասնակցել ենք իրենց լուրջ խոսակցություններին, արդեն մեծավարի իրենցից խորհուրդ ենք հարցրել ու այդպես շարունակ։ Ճիշտ է, որովհետև դա եղել է առաջին անգամ։ Հիմա մեր ամեն քայլի կամ արտասանած բառի համար չեն ուրախանում, մեկ-մեկ գուցե շատ խոսելու համար էլ բարկանում են։

Մի բան կար մեր ճամբարում, որ թույլ չէր տալիս առաջին հիացական տպավորությանը ցրվել, ու հիմա ստիպում է ինձ գրել ավելի մեծ եռանդով ու սրտի ջերմությամբ, քան ճամբարական առաջին օրը կգրեի։ Առաջին պահին չես կարող միանգամից զգալ հետագա օրերի կուտակվելիք  ջերմության, հարազատության ու մտերիմ կապերի ամբողջ հոգեկան ուժը, չես կարող նախապես զգալ, թե ինչքան շատ ես ուզելու բաժանման պահը հետաձգել ու թե բաժանվելուց հետո էլ վերադառնալու ինչ մեծ ցանկությամբ ես հիշելու արդեն անցյալում մնացած մեկ շաբաթը։ Նշածս զգացողություններն աստիճանաբար են սողոսկում ներսդ, աստիճանաբար, դանդաղ՝ համատեղ աշխատանքի ընթացքում։  Ըհըն, աշխատանքը, տրիոն լրացնողը, ա՜յ ն երրորդը, որն էլ հենց թույլ չտվեց նման օրակարգով մի քանի օրերին դառնալ ուղղակի միօրինակ առօրյայով երկարուձիգ, անհետաքրքիր օրերի շարասյուն։ Շարասյուն ասվածը երկար բան է, չէ՞, թվում։ Հա՜ հա, հենց այդպես էլ կա, ինձ նույնիսկ մեկ օրն է այդքան երկար թվում, երբ որ զբաղմունքս ձանձրալի է լինում։ Բայց մեր օրերն ակնթարթի պես անցան, իսկ ակնթարթը ժամանակի չափման իմ իմացած ամենափոքր միավորն է (մի կողմ դնենք վայրկյանի մեկ հարյուրերորդական ու հազարերորդական մասերը, դրանք անուններ չունեն)։ Բայց աշխատանքը, մանավանդ թիմային աշխատանքը, որտեղ անդամները պատանիներ են (ու սա ամենևին էլ տարիքի հետ կապ չունի, խոսքը ներքին երիտասարդության մասին է)՝ ամեն մեկն իր աշխարհայացքով, հետաքրքրություններով ու հոգու հարստությամբ, երբեք չի կարող ձանձրալի դառնալ, նամանավանդ՝ մեդիա ոլորտում։ Ամեն պահի կա մի անսպասելի հետաքրքրություն, մի նոր դիպված, մի նոր ծանոթություն։ Մեր ճամբարականներից ում հարցնես իր, իր բնակավայրի կամ իր ընտանիքի մասին, կասի. «Արդեն էդ մասին գրել եմ, կարաս կարդաս»։ Իսկ մենք անհետաքրքիր բաների մասին չենք գրում… Դե պատկերացրեք, որ ամեն մեկն ունի իր սիրուն պատմությունը։

Բա այսպիսի միջավայրը երբևէ կհոգնեցնի՞։  Բա այսպիսի իրադարձության մասին չգրե՞ս նույն ոգևորությամբ, չհիշե՞ս ներսդ հուշերով տաքացնելով, մի քիչ էլ աչքերդ թրջելով, թեկուզ թող ամիսներ անցած լինեն…

violeta mkrtchyan

Դիլիջանյան մեդիա ճամբար. հրաժեշտի արցունքներ

Ճամբարի առօրյայի ընթացքում չէի պատկերացնի, որ երեխեքի հետ այսպես կմտերմանամ: Այնքան սիրեցի նրանց, որ հրաժեշտը նաև հուզիչ եղավ:

Օգոստոսի 18-ին, մեր մեդիա ճամբարի վերջին օրն էր: Օրակարգի վերջին կետում գրված էր. «Լացուկոծ, հրաժեշտ, հեռացող ավտոբուս…», ուշադրություն չդարձրի դրան:

-Ի՞նչ լացել, ի՞նչ բան, ուղղակի գնում ենք, էլի, -ասացի ես մտքիս մեջ մտածելով:

Բայց արի ու տես, թե ինչպես եղավ:

Կեսօրին մոտ, ավտոբուսը պետք է գար Դիլիջան մեր հետևից: Մենք արդեն երեկոյան իրերը հավաքել, դասավորել էինք, որպեսզի պատրաստ լինի ամեն ինչ: Վերջին անգամ հավաքվեցինք կոնֆերանս- դահլիճում: Խոսեցինք մեր կարծիքներից, տպավորություններից և իհարկե շնորհակալական խոսքեր ասացինք: Տիկին Ռուզանն ասաց, որ դեռ անակնկալներ կլինեն, իսկ մենք բոլորս անհամբեր կսպասենք անակնկալներին և հետագա ճամբարներին ու միջոցառումներին: Քննարկումներից հետո, բոլորս մեր իրերը դրեցինք դրսում, և տխուր-տրտում նստած սպասում էինք ավտոբուսին: Եկավ մեր հուշերը տանող ավտոբուսը: Մենք տեղավորվեցինք, հրաժեշտ տվեցինք այս մեկ շաբաթում մեզ պահած, խնամած հյուրանոցին, աշխատակազմին, նաև խոհարարներին, որոնց հետ շատ մտերմացել էինք: Նստեցինք ավտոբուսի մեջ ու ճանապարհ ընկանք դեպի Երևան՝ «Մանանա» կենտրոն: Ճանապարհին մի լավ քնեցի, գիշերը չէի քնել, ոնց որ ասում են՝ լուսաբացն էի դիմավորում: Հաշված ժամերից հասանք Երևան: Իջանք ավտոբուսներից, իրերը դատարկեցինք, և Լիլիթը ասաց, որ շրջան կազմենք ու հերթով բոլորս միմյանց հրաժեշտ տանք: Եկավ իմ հերթը, բոլորին համբուրելով, գրկելով մոտ 1-2 րոպե, ուզում էի կարոտս առնել: Հազիվ էի ինձ զսպում, որ չլացեմ, երեխեքին ասել էի՝ չտեսնեմ լացեք հանկարծ: Հենց հասա արդեն Հասմիկին, գրկեցի, նա սկսեց ակամայից պատմել ճամբարում անցկացրած մեր չարաճճիությունները, արկածները և հիշելով ու կարոտելով այդ ամենը, ինքնըստինքյան արցունքերը իջան աչքերիցս ու սկսեցի լաց լինել: Փաստորեն այնպես ստացվեց, որ ես բոլորին ասել էի՝ չլացեք, ու վերջում ես եմ լացում: Հիշել ուրախ և երջանիկ օրերը  և չլացել, չգիտեմ քար պետք  է լինես ուղղակի, որ զսպես քեզ: Հասմիկին գրկելուց հետո հասա տղաներին: Այդ պահին աչքերս լցված էին, ամաչեցի գրկեմ տղերքին ու միայն ձեռքները սեղմեցի: Կողքից չգիտեմ՝ երեխեքից ով էր, բայց ձեռքով տղաներին հաջող անելու ժամանակ ասաց.

-Խի՞ տենց պաշտոնական, ո՞ր:

Ասեմ, որ ես շատ-շատ եմ ամաչում տղաներից: Քանի որ աչքերս թաց էին, ես քաշվեցի նայեմ իրենց ու գրկեմ, միակ պատճառը դա էր, թե չէ՝ ես մեծ հաճույքով կգրկեի բոլորին անխտիր, որովհետև սիրում եմ նրանց: Ուսուցիչներին էլ գրկեցի: Գրկում ես մեկին ու չես ուզում բաց թողնել: Ջերմություն է գալիս դեպի քեզ ու դրանով ամեն բան ասված էր:

Համարյա բոլորի աչքերն էլ լցվել էր, բայց զսպում էին իրենց: Անկեղծ, բոլորիդ շատ-շատ եմ սիրում ու արդեն կարոտում եմ: Այս մեկ շաբաթը իմ կյանքի ամենահիանալի շաբաթներից մեկն էր:

Պատուհանից ներս

Շուրջը հանգստություն էր տիրում: Հանգստություն` բնության ու մարդկանց ներդաշնակ կյանքով: Սիսիանն է: Ուր որ նայում ես՝ լեռներ են, սարեր, ծառեր ու էլի սարեր, որոնք, թվում է, ներթափանցել ու ամրացել են մարդկանց հոգիներում… Սարերի ժողովուրդն ուրիշ է, դե′… Այս  մտքերն էին թափառում գլխումս, երբ նայում էի շուրջս:

Ահա, ավարտվեցին բարձրահարկերն, ու սկսվեց սեփական  տների շարքը: Այդ շարքում, կարծես, բոլորից անկախ, մի բարձրահարկ էլ կար: Արտաքինից առանձնապես չգրավող, ցանկապատով առանձնացված շենքը, որին ես տուն կանվանեմ` ձգեց ինձ: Նեղլիկ միջանցք էր, որի պատերից «փաթիլներ» էին թափվում: Արտաքինից՝ մեռած, ավերակ դարձած այդ շինությունից երեխաների աղմուկ էր գալիս: Չնայած մութ էր ներսում, ու չէի կարողնում հասկանալ, որ կողմից են ձայները, բայց արագ-արագ վերև բարձրացա:

Երեք երեխա էին՝ 1 տղա և 2 աղջիկ: Միջանցքում թելով պարաններ էին կապված: Ամեն սենյակի պատի կողքին լվացք էր փռված՝ բազմատեսակ ու բազմագույն:  Սենյակների դռները հիմնականում բաց էին, և ուզած-չուզած լսում էի կանանց զրույցները. սուրճի ժամն էր:

-Ասամ՝ տեսնամ խոխեքը հո՞ւնց են։

-Բալաս, տոն եկեք:
-Ա՜ջ, դա՛րձ:
-Էհ, մենք՝ հեչ ,մինակ  թա՝  ըրեխերքը լավ ինին։
-Տո, շան տղա, էս չոր երգրումը շտե՞ղ ես ցեխուտ տառալ։

 -Բարև,-լսեցի հետևից: Խաղացող երեխաներից մեկն էր՝ փոքրամարմին, մեծ աչքերով ու զրնգուն ձայնով: Ասաց ու գնաց ընկերների մոտ. ես հետևեցի նրան: Հենց այդ փոքրամարմին աղջիկը վերցրեց քարի մեծ կտորներ ու սկսեց համաչափ քայլել դեպի միջանցքի վերջը:

Տղան հաշիվ էր տալիս.

-Մեկ, երկու, մեկ, երկու, ձախ, ձախ, ձախ, աջ, ձախ…Հետո «պաշտոններով» փոխվեցին: Ուզում էի հասկանալ, թե որտեղ են այդպես քայլել կամ հրամաններ տալ սովորել: Ու սկսվեց նրանց պատմությունը:

Պարզվեց, որ Նարեի ու Ավագի հայրիկները պայմանագրային զինծառայողներ են, իսկ Արևիկը` նրանց հետ խաղացող մյուս աղջիկը, ուզում էր սովորել խաղի կանոնները, դե նրանք էլ սովորեցնում էին: Ես էլ միացա նրան: Դարձումներ էինք անում, քայլում, քարերով վազում ու շարք կանգնելու կանոններ սովորում: Ասում եմ՝ սովորում, որովհետև ես էլ էի նրանց հետ սովորում: Տեսնել էր պետք, թե ինչքան հավասար ու ճիշտ էին Նարեն ու Ավագը կատարում Արևիկի հրամանները:

-Պապաս հիմա գնացել է, 15 օրից կգա, ուզում եմ պարապեմ, որ հաջորդ անգամ նրա հետ գնամ,- ասաց Նարեն, որին հետևեց Ավագի պատասխանը.

-Ինքը երևանցի չի, խե՞ ես գրական խոսում,- հետո նայեց ինձ ու ծիծաղելով ավերլացրեց,-  ինքը մրջյունից վախում ա, բայց սահման ա գնում, շաշ ա, չէ՞:

Ու մինչև ես կհասցնեի ծիծաղել, կռիվը սկսվեց…

Վերջապես, վեճին վերջ տալու համար, Ավագն ասաց.
-Լավ, ծեզ ալ կտանեմ սահման, հինչ էլ չլի՝ թշնամին ծեր ղարաչի ձեներան կփախնի:

Նրանց թողեցի  «շարահրապարակում»  ու շարժվեցի վերև: Բնակիչները հերթով իջնում էին, ներքև `դույլերով ջուր բարձրացնելու.  ջուր չկար այդ օրը: Փնթփնթոց չլսեցի,  դժգոհ դեմքեր չկային. հակառակը՝ այնքան ջերմ էին բարևում, կարծես իրենց բարեկամի, հարսի, աղջկա, փեսայի թոռն էի:

Լուսանկարը` Լյուսի Ուլունցի

Լուսանկարը` Լյուսի Ուլունցի

Հետաքրքիր էր,  որ բոլորի դռները բաց էին. «հա՛մ մաքուր օդ ա, համ էլ՝ մարդն իրա մղակը (շեմը) միշտ էլ պիտի պահպանի»: Սենյակներում մի կամ երկու անկողին կար, սեղան ու հեռուստացույց.  ո՛չ «ռոկոկո-մոկոկո» պահարաններ, ո՛չ երեք մետր բարձրությամբ ու երկարությամբ անկողիններ,ոչ է լ զարդանախշերով առաստաղ: Ամեն ինչ հասարակ էր, պարզ ու մաքուր: Միջանցքի պատուհանից ներս նայողը, սա չէր տեսնի, միայն լվաքն էր երևում: Իսկ այդ նույն պատուհաններից  դուրս, երևում էր հանրահայտ «անմոռուկը» : Ողջ մեծությամբ այն փակցված էր դիմացի շենքի պատին:

Լուսանկարը` Լյուսի Ուլունցի

Լուսանկարը` Լյուսի Ուլունցի

Եթե միայն շատերը պատուհանից ներս նայեին, երբեմն…

Հանրակացարան էր, բայց մի մեծ տուն թվաց իմ աչքին: Կարծես նահապետական գերդաստանի բոլոր անդամներն այդտեղ էին ապրում. օդն ընտանեկան համերաշխությամբ էր լցված: Չնայած մեկ-մեկ, ինչ որ կին` ճղան ձայնով, խախտում էր ներդաշնակ հանգստությունը:

Արդեն գնալուս ժամանակն էր: Չէի նկատել՝ ոնց էր մթնել: «Ծառայակից» ընկերներս եկան, ճանապարհեցին: Դուրս գալու ժամանակ էլի փաթիլներ էին թափվում պատերից, էլի խոնավության հոտ էր գալիս, մարդիկ ջուր էին բարձրացնում: Նույն սենյակներն էին՝ նեղ ու տարրական  պայմաններից զուրկ, բայց այդ ամենն, ինձ արդեն քանդված շենք չէր թվում. այստեղ «մարդկության» հոտն ավելի ուժեղ էր, քան՝ խոնավության ու բորբոսի: Լվացքը չորանում էր միջանցքներում, երեխաները «սահմանին» էին խաղում, դույլերի չրխկոց-դրխկոց էր լսվում:

Քանդված պատերը վկա` մարդկության հոտ էր գալիս:

Ժամանակի պտտվող անիվը

Մարդկությունը վախենում է գրեթե ամեն ինչից,  բայց ամենաշատը՝ ժամանակից։  Մենք սիրում ենք կրկնել՝ «կգա ժամանակը,  կանեմ»,  և մոռանում ենք,  որ ժամանակը չի գալիս,  այն միայն գնում է։

Լուսանկարը` Ժորա Պետրոսյանի

Լուսանկարը` Ժորա Պետրոսյանի

Անվերջ պտտվող այս անիվը իր հետ մշտական շարժման մեջ է պահում Տիեզերքը,  Երկիրը,  մեր կյանքը։ Եվ իր անդադար շարժման մեջ ժամանակը մեզ պարգևում է անմոռանալի պահեր,  որոնք չեն կրկնվում։ Ամեն օրը եզակի է իր գեղեցկությամբ։ Ոչ մի առավոտ չի կրկնվում,  ոչ մի մայրամուտ չի գերազանցում մյուսին՝ իր գույների մաքրությամբ։
Ահա,  կախարդական ժամանակն իր հերթական մայրամուտն է պատկերել իմ քաղաքի երկնքին։
Ես մարդկություն կոչված մեծ ընտանիքի մի մասնիկն եմ, ի նձ էլ ժամանակը տանում է իր հետ:

Անցնում են պահերը, րոպեները,  ժամերը։ Դրանք բոլորն էլ անկրկնելի գեղեցիկ են,  և կտավների պես զարդարում են կյանքի պատկերասրահը:

khachikyan

Դիլիջանյան մեդիա ճամբար. կապի մեջ

Մի շաբաթ է, ինչ երևանյան միապաղաղ օրերը փոխարինվել են Դիլիջանի անհանգիստ կենսակերպով, դրան գումարվել է նոր մարդկանց հոսքը, ու ստացվել է ինչ-որ լուսավոր շրջան, որից դեռ կարգին գլուխ չեմ հանում: Հա, այսօր ճամբարի յոթերորդ օրն էր, յոթերորդ կամ էլ՝ վերջին:

-Երանի էսօր իրիկուն գնայինք:

-Ըսիգ գիժ է:

-Չէ,  ուղղակի մի ամիս ա՝ տանը չեմ եղել:

Մի ամիս չէ, բայց ես էլ տանը երկար չեմ եղել, և քանի որ ցանկացած բացակայություն իրենից հետո կարոտ է թելադրում, ես էլ կարոտել եմ և շատ:

Մեր տունը բարձրահարկի վերջին կանգառն է, որտեղից երևում են շենքեր, դրանցից այն կողմ՝ էլի նույնը: Չէ, ես սիրում եմ իմ քաղաքի գունավոր տանիքները, բայց ժամանակ առ ժամանակ պետք են լինում երկինքն ու նրանում կորած սարերը՝ ճիշտ և ճիշտ այստեղի պես, իսկ այստեղ, դե գիտեք, մենք ենք ու մեր 17.am-ը:

-Կլորնե՛ր, պտտվե՛ք:

-Մի՛ ժպտացեք, դուք ջղայնացած եք… Դե, իբր:

Անսովոր բան չկա, անիմացիայի նկարահանումներն են, որին շուտով կարոտելու ենք բոլորս: Ու կարոտելու ենք նաև իրար, ինքներս մեզ:

Մարդիկ կան, չէ՞, իրենց ներսում մեծ էներգիա ունեն, մտնում են սենյակ՝ լուսավորվում է, դուրս են գալիս՝ միանգամից նկատվում է: Կան, չէ՞, որ կան պարզապես, ու դա արդեն հերիք է:

-Մար, ո՞նց ես:

-Ընդիր, – պատասխանում է Մարիամն ու այնպես ժպտում, որ իմ ժպտալն էլ ինձնից անկախ գալիս է, և ես իսկապես զգում եմ այդ ընտիրը: Այ, այդ մարդկանցից է նա: Նա ու մեկ էլ պարոն Արան, որ կարծես «Գտնված երազի» հերոսը լինի՝ համբերատար ու ներող, բարի ու ժպտացող:

Հա, իսկ մոծակների մասին արդեն ասել եմ. հանգիստ չեն տալիս ոչ մեկիս ոչ ցերեկները, ոչ էլ առավել ևս` գիշերը։

-Ան, դու ո՞նց ես դիմանում կծածներին, – հարցնում եմ Անահիտին: Դե հա, համեմատած ինձ` իրեն ուղղակի քամել են։

-Ուրեմն` նայիր. չեմ մտածում իրենց մասին, աշխատում եմ չմտածել։ Էդ կծածները մարդկանց նման են. ժամանակ առ ժամանակ հիշեցնում են իրենց մասին, ցավեցնում, մեկ-մեկ վերքեր թողնում իրենցից հետո, սպիներ… Եսիմ, է։

Ու Անահիտը սա ասում ա ամենայն լրջությամբ, նույն ձև էլ ես եմ ընդունում։ Սկսում եմ հիշել, թե ինչքան մարդ կա, մտածել` քանի անգամ ավել վերքեր, սպիներ… Ու գիտե՞ք  ինչ. մոծակները ու իրենց հետքերը իրականում ամենափոքր ու աննշան բաներն են, որ կարող են պատահել մարդուն… Բայց սա մի կողմ:

-Ո՞ւր ենք գնում:

-Անտառ:

-Չէ հա:

-Հա, չէ՞:

Վերջին երկու տողը շաբաթվա հայտնի արտահայտությունն է, որ իմ ու Լիդուշի կողմից դարձել է ամենաշատ գործածվողը: Իսկ ինչ վերաբերում է անտառին, մենք իսկապես գնում ենք, շրջան ենք կազմում, խաղեր խաղում, խարույկ վառում, երգում, երգում և էլի…

«Լուսամփոփի պես աղջիկ», «Եթե իմանայիր», «Գինի լից», հետո Ադել, Զեմֆիրա, Բիթլզ… Հետո կեսգիշեր, կեսգիշերն անց ու…

-Վաղը քանիսի՞ն ենք շարժվում:

-Վա՞ղը:

…Արդեն այսօր ամեն բան խառնվեց իրար: Մի մասը անհոգ ընդունեց վերջը, մի  մասն էլ՝ լաց ու կոծով, ոնց օրակարգում էր գրված: Մարդուց է, գիտե՞ք, մեկը ամեն բանում սենտիմենտ է ստեղծում, մյուսը չի էլ մտածում՝ ինչ է բաժանումը: Բայց երկուսն էլ պետք են, երկուսն էլ՝ կարևոր:

-Դժվար ա բաժանվելը:

-Մեկ ա՝ էլի հանդիպելու ենք:

Հա, հանդիպելու ենք, եթե հավատում ենք, և եթե հավատում ենք, առավել ևս: Այ, օրինակ ես, երբ մի քանի ամիս առաջ Անահիտին պատմում էի 17.am-ի մասին, առաջարկում էի միանալ այդ նույն հանդիպման հույսով, իսկ այսօր արդեն իրար հրաժեշտ ենք տալիս կարոտի մի նոր շղթայի երկարաձգման սպասումով:

-Կապի մեջ:

-Կապի վերջ:

Ani harutyunyan

Դիլիջանյան մեդիա ճամբարը վերջացավ…

-Ա՛ն, հել, ժամը ինն ա:

-Ահ, աչքս լույս…

Ու սկսվեց մեր Դիլիջանյան ճամբարի վերջին կեսօրը: Վերջին անգամ Քրիստինեն հավաքեց սենյակը, բարկացավ, որ մազերս արագ ուղղեմ, շորերս դասավորեմ…

Է՜հ, բա ինչպե՞ս չկարոտեմ Քրիստինեի մայրական հոգատարությունը,  նախաճաշի էն համով, տնական կաթնաշոռը, «Կոնֆերանս դահլիճ» գնացող երկար, տանջալից ճանապարհը:
Չի լինի չկարոտել Մարիամի «երեխե՛ք»-ը, Կառլոսի մեծ աչքերն ու թշի «վերջակետ» խալը, ոնց ասում էր Լուսինեն: Հա, բա ո՞նց չկարոտեմ մեր ՎԵՀ Լուսինեին:

Ախր, պարոն Արայի հանգիստ խոսքը, միշտ ներքև նայող հայացքը, ամեն խոսքից հետո ասած «չէ՞»-երը չկարոտել հնարավոր չի:

Ինչպե՞ս չկարոտեմ Հովնանի պարելով քայլելը, մեծ էկրանին ծիծաղելի նկարներ միացնելը, երբ մենք լուրջ բան էինք քննարկում: Սիսակի հավեսով տարօրինակությունը, Դիանայի անուշ օծանելիքի հոտը, Լիլիթի ու Շուշանի (ով, ի դեպ, պարզվեց հորեղբորս աղջիկն է) ճարտար լեզուն: Իհարկե Լորիկի լուռումունջ քայլելը, Աիդայի ձայնը, որ այդպես էլ չլսեցի, Աշոտի կիսամուննաթ, բայց երկար լսելու ցանկություն առաջացնող ձայնը, Մուշի՝ պարոն Արայի հայացքին անչափ նման հայացքը: Դե, իհարկե, ո՞նց չկարոտեմ տիկին Ռուզանի խիստ ու միաժամանակ հաճելի բարկությունը:

Կկարոտեմ Դիլիջանի աննման բնությունը: Էն սարերը, որոնց մոտով անցնելիս պարտադիր ասում էի՝ Քի՜ս, բայց ի՛նչ սիրուն են:

lida armenakyan

Դիլիջանյան մեդիա ճամբար. նոր բանի սպասումով

Վերջին օրն էր: Դե նախորդ օրերի նման, բայց միաժամանակ արտասովոր: Էլի վեր կաց, նախաճաշ, նկարահանումներ, ճաշ, վարպետության դաս, ընթրիք… Էլի սովորական առավոտ էր, իջանք ճաշարան. նախաճաշի թեյն ամեն ինչ արժե: Գնում ենք կոնֆերանս- դահլիճ: Բաժանվում ենք խմբերի ու մեկնում: Մի մասը` Վանաձոր, մյուս մասն էլ՝ Գոշ ու Դիլիջան: Ընկնում ենք փողոցներով, քայլում, գտնում, նկարում… Մի լավ հոգնում ենք: Մեքենայի մեջ ենք, արդեն հետ ենք դառնում, աչքներս կամաց փակվում են, բայց մեր կամքին հակառակ: Փակվում են ու քնում ենք: Մեկ էլ արթնանում ենք դեպի հյուրանոց տանող ճանապարհի ոլորապտույտներին: Հասանք: Վերջ, գնում ենք հաց ուտենք: Ճաշարանում էլ քննարկում ենք նկարահանումները՝ ոնց անցավ, ինչ արեցինք, ով, ում նկարեց, ու էդպես մի շարք բաներ: Վարպետության դասին ֆիլմի մոնտաժ ենք սովորում ու միասին աշխատանքային վիդեոն ենք մոնտաժում: Ու… մե խինդ, մե ուրախություն…

Էս ամենից հետո օրվա ամփոփումն է տեղի ուենում, ու կիսվում ենք մեր տպավորություններով: Գնում ենք սենյակներ, ու թվում է, թե սովորական օրերից է: Պիտի զրուցենք սենյակակիցներով ու քնենք: Բայց, հոպ: Մեկ էլ կանչում են ներքև: Հովնանի ձայնն է հեռվից.

-Տաք կհագնվեք:

Ինչքան տաքուկ ժակետներ, շարֆեր ու պիջակներ ունենք, վերցնում ենք: Մեր տաքուկ երգերն էլ ենք վերցնում մեզ հետ ու գնում անտառ: Ա… Ան-տառ: Դիլիջանի ծառաշատ ու մութ, խավար, բայց դե լուսնի լույսից լուսավորված անտառները: Ցուրտ է: Բարձրանում ենք անտառ, հարմար տեղավորվում գետնին ու սկսում խաղեր խաղալ: Ասում, խոսում, ծիծաղում ենք: Մեկ էլ տեսնենք՝ տղերքը չկան: Վահ: Էս ո՞ւր կորան: Ու մեկ էլ տեսնում ենք, որ ծանր-ծանր իջնում են վերևից, բայց ոչ դատարկ ձեռքերով: Լիքը չոր փայտ են բերել, կրակ ենք վառում, նստում շուրջն ու սկսում երգել, խաղալ ու զրուցել: Կրակի բոցն էլ բարձրանում է մութ երկինք ու էնտեղ կարմիր լույսեր վառում:

Գիշերվա ժամը մեկն է: Իրար բարի գիշեր ենք ասում ու գնում սենյակ: Էնտեղ օրն ավարտվում է, բայց մի ուրիշ բան երևի նոր է սկսվելու:

Քաղաքակիրթ հավը

Միշտ տեսնում ու մեկ-մեկ էլ ծիծաղում եմ, թե ինչպես են բակում նստած մի քանի տատիկ միասին փորձում նրանցից մեկի հեռախոսազանգին պատասխանել:

Ի՜նչ արած, երբ նրանք մեր տարիքի էին, անգամ պատկերացնել չէին կարող, որ կարող են խոսել անլար հեռախոսով, որը կոճակներ էլ չունի: Խոսել-վերջացնելուց հետո օրհնում են այն ստեղծողին, ու սկսում քննարկել, թե ուր են հասել գիտական նվաճումները:

Ամառվա շոգ օրերից էր: Որոշեցի այցելել բարեկամներիս: Վաղուց չէինք հանդիպել: Մինչ մենք զրուցում էինք, հանկարծ նկատեցի, որ հավը ձու էր ածում այնտեղ, որտեղ նրանք տեղավորում էին ձվերը (ապրում են սեփական տանը):

Լուսանկարը` Անահիտ Նազարյանի

Լուսանկարը` Անահիտ Նազարյանի

Ածելուց հետո վերադարձավ «ընկերների» մոտ: Պարզվեց, որ բարեկամներս նկատել էին իրենց քաղաքակիրթ հավին, ասում են, որ դա նրա սովորությունն է:

Այդ ժամանակ արդեն ես սկսեցի մտածել, թե ինչ հետաքրքիր դարաշրջանում ենք ապրում, անգամ հավերն են դարձել խելացի: Գիտական նվաճումներով երիտասարդներին էլ չես զարմացնի:

Եթե միայն հավատաս` հրաշքներ վրանում էլ կլինեն

Արարատից՝ Լոռի, Վանաշենից՝ Լեռնավան ձգված ուղի: Ավերված տնից՝ մինչև մեռածի հարություն տեսած աչքեր: Ցավալի կորուստներից՝ մինչև դժվարությունների հաղթահարում ու ժպիտ…  49 տարվա խրթին ճանապարհ, որը լի է եղել ինչպես հետաքրքիր ու դրական, այնպես էլ հուզիչ, ծանր ու դժվարին իրադարձություններով ու պատմություններով:

Զրույց մորս՝ Ժաննա Այվազյանի հետ:

-Կխնդրեի՝ մի փոքր պատմեիր քո մասին:

-Ծնվել եմ 1966թ.-ին Արարատի շրջանի Վանաշեն գյուղում: 1974-1984 թթ. սովորել եմ գյուղի միջնակարգ դպրոցում, այնուհետև ընդունվել եմ ԵՊՀ Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ: Նախքան ավարտելս ամուսնացել և եկել եմ Լոռու մարզի Լեռնավան գյուղ: Ավարտել եմ 1989թ.-ին և նույն տարում էլ ընդունվել եմ Սպիտակի Ֆ. Նանսենի անվան հիվանդանոցում որպես ավագ տնտեսագետ: Այնտեղ աշխատել եմ 7 տարի: Մոտ 10 տարի ընդմիջումից հետո, որի ընթացքում մեծացրել եմ 3 երեխա, 2010թ.-ից աշխատանքի եմ անցել Լեռնավանի գյուղապետարանում, որպես՝ գյուղապետի օգնական:

-Ի՞նչ կպատմես ձեր հայրական գյուղից՝ Վանաշենից:

-Գյուղի բնակչության մի մասը գաղթել է Վանից, իսկ մյուս մասը հայրենադարձվել են Իրանից և Սիրիայից: Գյուղի նախկին անունը եղել է Թայթան, հետո, երբ Հովհաննես Շիրազը այցելել է գյուղ, իր առաջարկությամբ գյուղը անվանափոխվել է՝ Վանաշեն: Գյուղն ունի շատ գեղեցիկ դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն, իսկ վերջերս Եղեռնի հարյուրամյակի առթիվ գյուղում բացվել է հուշակոթող: Գյուղի բնակչությունը հիմնականում զբաղվում է հողագործությամբ, այգեգործությամբ: Գյուղում հայերի հետ կողք-կողքի համերաշխ ապրում են նաև եզդիներ: Բավականին բարեկեցիկ գյուղ է:

- Ի՞նչ կասես Լեռնավանի մասին, որտեղ այժմ բնակվում ես:

-Լեռնավան համայնքը ոչ մեծ գյուղ է: Ունի 1600 բնակչություն: Այս գյուղի նախկին անունը եղել է ՝ Ղաչաղան: Տեղացիների մի մասը գաղթել է Արևմտյան Հայաստանի Բասեն գավառից, իսկ ավելի փոքրաթիվ մասը՝ Մշո Գոպալ գյուղից: Գյուղը  շատ է տուժել երկրաշարժից. երկրաշարժի ժամանակ քանդվել են բոլոր կարևոր նշանակության շինությունները: Նախկինում ունեցել է մշակույթի տուն, մանկապարտեզ, գրադարան, որոնք մինչև այժմ չեն վերականգնվել: Գյուղում կա 19-րդ դարի եկեղեցի, որը վերակառուցվել է բարերար Մանվել Կարապետյանի միջոցներով 1996 թ.-ին: Գյուղի աջաթևյան բարձունքում կա պուրակ, որտեղ տեղադրված են Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների անվանական  հուշաքար և հուշակոթող, դրանց հարակից՝ երկրաշարժի զոհերի հիշատակին՝ խաչքար, ինչպես նաև վերջերս՝ գյուղի ազատամարտիկներից՝ Վոլոդյա Հովհաննիսյանի (Քեռի) մահից հետո տեղադրվեց աղբյուր-հուշաքար: Գյուղը շրջապատող լեռներից մի քանիսում կան դեռևս չուսումնասիրված քարանձավներ, օրինակ՝ Արջի բուն, Թագավորի թախտ անունները ստացած քարանձավները: Գյուղում գործում է դպրոց և նախակրթարան՝ մեկ շենքում: Գյուղի տղամարդկանց մեծ մասը մեկնում է արտագնա աշխատանքի, իսկ բնակչությունը հիմնականում զբաղվում է հողագործությամբ և անասնապահությամբ:

-Որո՞նք են Վանաշենի և Լեռնավանի գլխավոր տարբերությունները:

-Վանաշեն գյուղը ունենալով մշակույթի տուն, գրադարան, մարզասրահ, գյուղի երեխաներին, երիտասարդությանը լրացուցիչ կրթվելու և հագեցած առօրյա ունենալու հնարավորություն է տալիս: Իսկ Լեռնավանը չունի նմանատիպ կառույցներ: Վանաշենը, գտնվելով մայրաքաղաքին մոտ, ավելի լայն հնարավորություն է ստեղծում բնակչության համար: Շատ է նաև կլիմայական տարբերությունը, քանի որ Արարատյան դաշտավայրում ամռանը շատ շոգ է, իսկ Լեռնավանը գտնվելով լեռնային շրջանում, գտնվելով ծովի մակարդակից 1700մ բարձրության վրա ավելի զով է:

-Մեկում ծնվել, հասակ ես առել, իսկ մյուսում ապրում ես արդեն երկար տարիներ, այժմ ո՞ր գյուղն է քեզ ավելի հոգեհարազատ և ինչո՞ւ:

-Այս գյուղը, որովհետև այստեղ ես տուն եմ կառուցել, լավ այգի եմ հիմնել, իմ երեխաները այստեղ են ծնվել, մեծացել: Այստեղ աշխատում եմ և իմ աշխատանքով ինչ-որ չափով իմ ներդրումն ունեմ գյուղի զարգացման հարցում: Եվ հետո, ես Վանաշենում ապրել եմ ընդամենը 17 տարի, այսպես ասած, երեխա հասակում, և շատերին չեմ ճանաչել, այդ պատճառով շատ կապված չեմ այնտեղի բնակչության հետ: Իսկ Լեռնավանում ապրել եմ իմ գիտակից կյանքի տարիները և աշխատանքի բերումով արդեն կապվել եմ, կարելի է ասել, ամբողջ գյուղի բնակչության հետ:

-Դու նշեցիր, որ ԵՊՀ-ն ավարտել ես 1989թ.-ին, այսինքն՝ Սպիտակի երկրաշարժից մեկ տարի անց, բայց ամուսնացել և Լեռնավան ես տեղափոխվել ավելի վաղ: Երկրաշարժի ժամանակ դու գյուղո՞ւմ ես եղել, ի՞նչ հիշողություններ ունես կապված այդ չարաբաստիկ աղետի հետ:

-Ոչ, գյուղում չեմ եղել: Քանի որ դեռևս ուսանող էի, ամսի 6-ի երեկոյան Սպիտակից ամուսնուս հետ եկանք Երևան: Երկրաշարժի պահին գտնվել եմ հանրակացարանի իմ սենյակում: Շենքն ահավոր ցնցվեց, վազեցի միջանցք, բոլորը խառնվել էին իրար՝ չհասկանալով՝ ինչ է կատարվում: Երբ ցնցումն անցավ, մի քանի համակուրսեցիներով հավաքվեցինք մի սենյակում, քննարկում  և անգամ կատակում էինք՝ չիմանալով, թե ինչ է կատարվել այստեղ…

-Ինչպե՞ս իմացար, թե ինչ է եղել:

-Այն ժամանակ ամուսինս նույնպես ուսանող էր և այդ պահին դասի էր: Երբ վերադարձավ դասից, որոշեցինք գնալ Երևանում ապրող իր քրոջ տուն: Երբ գնացինք, քրոջ ամուսինն արդեն իմացել էր, և ամուսինս վերջինիս հետ եկան Սպիտակ, իսկ ինձ ասաց, որ առավոտյան գնամ Վանաշեն: Երբ ես առավոտյան գնացի Վանաշեն, պարզվեց՝ հայրս երեկոյան իմանալով դեպքի մասին, և չիմանալով, որ ես արդեն Երևանում եմ եղել այդ ժամանակ, մեքենայով անհապաղ մեկնել է Լեռնավան: Հեռվից քանդված տեսնելով ամուսնուս հայրական տունը, մեծ վախ է ապրել, հետո մոտենալով, դրսում տեսել է ամուսնուս հորն ու մորը: Բայց քանի որ մեզ չի տեսել, մտածել է, թե մենք մնացել ենք փլատակների տակ, և ընկել է ծանր հոգեկան վիճակի մեջ: Հետո է միայն իմացել, որ մենք դեռ ամսի 6-ին մեկնել էինք Երևան: Բայց դեռ չէր հավատում: Ինքը լինելով Լեռնավանի հարևանությամբ գտնվող՝ Ջրաշեն գյուղի ծնունդ, գնում է այնտեղ, տեսնելու իր հարազատների վիճակը: Դրսում՝ անօթևան մնացած  հարազատներից մի քանիսի երեխաներին իր եկած մեքենայով, իր հետ եկած մարդու հետ ուղարկում է Վանաշեն, և պատվիրում է այդ մարդուն, տեսնել՝ իրո՞ք ես այնտեղ եմ, թե ոչ, ու վերադառնա: Այդ մարդը գալ-գնալով հաստատում է իմ ողջ լինելը, բայց հայրս 40 օր մնաց Ջրաշենում՝ օգնելու ում ինչպես կարողանա…

-Ձեր ընտանիքը ինչպիսի՞ կորուստներ ունեցավ երկրաշարժի պատճառով:

-Ամենամեծ կորուստը մարդկային էր… Մահացան ամուսնուս քույրը և տղան… Քանդվեց տունը: Հայրդ, գիտես, մասնագիտությամբ նկարիչ էր, թեև երիտասարդ տարիքին, արդեն հասցրել էր ունենալ մի քանի ցուցահանդեսներ և բավականին ճանաչում: Պատրաստվում էր հերթական ցուցահանդեսին՝ Վանաձորում, և ներկայացվելիք նկարները թողել էր հայրական տանը: Երկրաշարժի հետևանքով նկարների մեծ մասը վնասվեցին… Փրկվեցին միայն մի քանիսը… Մեծ կորուստ էր նաև այն, որ Երկրաշարժից հետո հետո նա այլևս երբեք վրձին ձեռքը չառավ…

-Ի՞նչ ապրումներ ունեցար, երբ  եկար և ամեն ինչ տեսար ավերված:

-Երբ եկա ու տեսա, սարսափ ապրեցի… Ինձ թվում էր, որ էլ երբեք հնարավոր չի լինի վերականգնել այդ ավերածությունները: Շատ մեծ ցավ ապրեցի:
Հայրիկիդ պատմած մի դեպք եմ հիշում: Երբ գալիս հասնում են Սպիտակ, գիշեր է լինում: Դե, պարզ է, որ այն ժամանակ էլ լույսի հնարավորություն չկար: Երբ քայլերն ուղղում է քրոջ բնակարանի կողմը, ասում էր՝ զգացի, որ ոտքս մի կլոր բանի դիպավ, մտածեցի ինչ-որ առարկա է, բայց… Կրակայրիչի լույսը երբ գցում է ոտքի ճամփան տեսնելու համար, տեսնում է մահացած կնոջ գլուխ… Եվ այդ պահին ահավոր վախ է ապրում…
Երբ ավարտեցի՝ 1989թ.-ի ամռանը, վերադարձա Լեռնավան: Ապրում էինք վագոն-տնակում: Երբ աշխատանքի անցա Սպիտակի հիվանդանոցում, հիվանդանոցը գործում էր Սպիտակի ստադիոնում՝ վրանային պայմաններում, և մի քանի վագոն-տնակներում: Այդ ժամանակ հիմնականում Երևանից եկած բժիշկներ էին, մի տղայի՝ 17 տարեկան, հոսանքահարված վիճակում բերել էին մեզ մոտ: Ծնողները կարծում էին, թե այլևս հույս չկա: Մի երիտասարդ բժիշկ՝ Գուրգեն Հարությունյան էր անուն-ազգանունը՝ լավ եմ հիշում, արեց նույնիսկ անհնարինը, և շատ ջանք թափելուց հետո կարողացավ կյանք տալ գրեթե մահացած այդ պատանուն… Բոլորը ասում էին, թե մահացած է, իզուր մի տանջվիր, բայց փառք Աստծո, իր բարձր գիտելիքների, թե մեծ հավատի շնորհիվ՝ չգիտեմ,  չլսեց ոչ ոքի, և արդյունքում փրկվեց մի երիտասարդ կյանք… Բոլորը մտածում էին, որ դա հրաշք է… Դա տպավորվել է իմ մեջ, քանի որ այդ ժամանակ հասկացա, որ հրաշքներ լինում են, անգամ վրաններում…
Եվ հիմա զարմանում եմ նաև մի բանի վրա, թե ինչպե՞ս էի այն ժամանակ, երբ շատ բաների հետ մեկտեղ չկար նաև տրանսպորտ, ոտքով մոտ 10կմ անցնում՝ անգամ ձմռան ցրտին, որը այս շրջանում սարսափելի է լինում,  որպեսզի հասնեմ աշխատանքի, և նույն կերպ այդ նույն ճանապարհով վերադառնում…

Երևի մարդ արարածը պետք է համակերպվի նրան, ինչն իր համար բախտորոշված է: Գիտակցում էի, որ դա միայն իմ տառապանքը չէր, այլ շատ-շատերս էինք նույն օրի… Հասկանում էինք, որ երկիրն ավերվել էր, պատերազմ էր… Կարևորը մեզ համար այն էր, որ խաղաղություն հաստատվեր, քանի որ խաղաղ պայմաններում արդեն մարդն ամեն ինչ էլ կստեղծի…

-Իսկ Արցախյան պատերազմից ի՞նչ ես հիշում:

-Այն ժամանակ շատ երիտասարդ էինք: 1988-ին, երբ սկսվեց Արցախյան շարժումը, մենք նույնպես մասնակցել ենք: Քանի որ Ղարաբաղ կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը մեր ֆակուլտետում դասախոս էր, ինքն էր մեզ առաջնորդում ցույցերին: Դժվար տարիներ էին… Իմ երկու գյուղերից էլ եղան կամավորներ: Այստեղի՝ Լեռնավանի 6 կամավորները բոլորը, փառք Աստծո, վերադարձան, միայն Քեռին էր վիրավոր,  իսկ Վանաշենի մոտ 40 կամավորներից եղան զոհեր և անհետ կորածներ…

-Ես այդ տարիներից շատ հետո եմ ծնվել, և ուզում եմ իմանալ այդ դժվար տարիներին արդյոք չկա՞ր ինչ-որ լուսավոր կետ: Մի՞թե «մութ ու ցուրտ»  որակում ստացած տարիները իրոք ամբողջությամբ սև ու սպիտակ էին:

-Ինձ համար այդ լուսավոր կետը եղել է բարի մարդկանց գոյությունը: Շրջապատված եմ եղել բարի, լուսավոր մարդկանցով: Հենց այդ տարիներին եմ աշխատել այդպիսի մարդկանց՝ բժիշկների հետ, և այդ տեսանկյունից կարող եմ այդ տարիները համարել նաև՝ լավ: Ինչպես նաև, լավ՝ պատերազմի հաղթական ավարտի շնորհիվ…

-Ինչպե՞ս կարողացար դիմակայել այդ տարիներին, արդյոք չեկա՞վ մի պահ, որ ուզեցիր դուք էլ շատերի պես թողնել ու հեռանալ երկրից:

-Երբ մարդու մեջ կա մեծ սեր՝ իր ամուսնու, իր ընտանիքի, իր երկրի, աշխատանքի, իր երեխաների և շրջապատող ամեն ինչի հանդեպ, կարողանում է հաղթահարել ամեն դժվարություն… Մարդու համար ամենաթանկն իր հայրենիքն ա, իր հողն ա. Ուրիշ ոչ մի տեղ չես կարող քեզ ազատ զգալ ու երջանիկ…
Մենք ինքներս պիտի ստեղծենք թե լավ տունը, թե լավ ապրելակերպը, բայց հենց հայրենիքում: Եթե մարդը ունի ձգտում ու աշխատասեր է, իր հայրենիքում էլ կարող է լավ ապրի… Չէ՞ որ կան նյութականից ավելի վեհ արժեքներ… Մի բան էլ պատմեմ…
Էդ դժվար տարիների օրերից մեկն էր: Աշխատավարձը քիչ էր, հոգսերը գնալով շատանում էին: Ամուսինս որոշեց ու իր նկարած նկարներից երեք նկար տարավ, որ վաճառի… Շատերն էին հետաքրքրվել, որ գնեն՝ ընդ որում, շատ բարձր գնով, սակայն չէր վաճառել ու հետ էր բերել… Ասում էր՝ ինձ թվում էր, թե իմ էրեխուց պիտի բաժանվեի… Իմ ստեղծածն էր, չկարողացա տալ ոչ մեկին…

-Իսկ ի՞նչ հետաքրքիր պատմություններ կան հիշողությանդ գանձանակում՝ քո հայրենի երկու գյուղերի մասին:

-Այս գյուղի հետ կապված պատմություններին, անկեղծ ասած, լավ չեմ տիրապետում, դա ավելի լավ կարող են տեղացիները պատմել: Իսկ այ, Վանաշեն գյուղի հետ կապված փորձեմ հիշել մեկ-երկուսը:

Իմ մանկության տարիներին մեզ համար շատ հետաքրքիր էր եզդիների հարսանիքը: Երբ հարսին պետք է բերեին փեսայի տուն, փեսան բարձրանում էր կտուրը, ծառի ճյուղի վրա կապում էին կոնֆետներ, փող: Փեսան այդ ճյուղը թափ էր տալիս այնպես, որ վրայի եղածները թափվի հարսի գլխին, ու փեսան կտուրից խնձորով պետք է խփեր հարսի գլխին… Մենք էլ սրտի թրթիռով նայում էինք ՝ հո չի՞ դիպչի, վնասի… Բայց մարդիկ կողքից օդում բռնում էին խնձորը, որ չկպչի… Բացի դա հարսանիքների ժամանակ եզդիների աղջիկներն ու կանայք հագնում էին փայլփլուն, գույնզգույն տարազներ՝ ազգային, շրջան էին բռնում, պարում էին, և մեզ համար գեղեցիկ տեսարան էր դա…
Եվ նորից այդ գյուղի հետ կապված, մի զվարճալի պատմություն պատմեմ:
Քանի որ ասում են, թե վանեցիները ժլատ են, գյուղացիները պատմում են, որ գյուղացի մի վանեցի ծեր կին, տեսնում է, որ աղվեսը իր հավին բռնել, տանում է, վազում է հետևից ու կանչում. «Աղվե՜ս ջան, աղվե՜ս, էտի ածան խավ (հավ) ի, բեր՝ ես քզի հայլոր (աքլոր) կիտամ…»:
Երևի թե այսքանը…

Դիլիջանյան մեդիա ճամբար. Վարպետության դաս. «Մանանա Ֆիլմս» կինոստուդիա

Լուսանկարը՝ GlobalGaz

Լուսանկարը՝ GlobalGaz

«Մանանա Ֆիլմսը» հիմնադրվել է 2009 թվականին` Գոռ և Մուշեղ Բաղդասարյան եղբայրների կողմից, որտեղ նկարահանվում են վավերագրական ֆիլմեր, երաժշտական հոլովակներ ու գովազդային ֆիլմեր: Ստուդիան ունի երեսունից ավել միջազգային մրցանակներ` կինոյի և գովազդի ոլորտում, այդ թվում` մրցանակներ ու անվանակարգումներ աշխարհի գլխավոր վավերագրական փառատոներում` Ամստերդամի «IDFA»-ում, Շեֆիլդի վավերագրական կինոփառատոնում, և այլն:

Այս պահին «Մանանա Ֆիլմսը» աշխատում է մի քանի տարբեր նախագծերի վրա, դրանցից մեկը «Ճանապարհ» արկածային վավերագրական ֆիլմաշարն է, որի առաջին մասը` «Ճանապարհ. Հնդկաստան» ֆիլմը 2014 թվականին համարվել էր «Այթյունզի» 5 ամենահանրաճանաչ վավերագրական ֆիլմերից մեկը, վաճառվել է շուրջ 40 երկրներում և ցուցադրվել է մի շարք միջազգային ավիաուղիների կողմից: «Vimeo»-ն, «Huffington Post»-ը և «Vanity Fair» ամսագիրն անվանել են այն «տարվա լավագույն ճանապարհորդական ֆիլմը»: Այս տարի լույս կտեսնի շարքի երկրորդ սերիան, որը նկարահանվել է Կամբոջայում:

Ստուդիայի մյուս խոշոր նախագծերից է «Գուգլ» ընկերության պատվերով նկարահանվող «YouTube Gamers» ֆիլմաշարը, որը պատմում է տարբեր երկրներում ապրող Յութուբի աստղերի մասին: Առաջին շարքը, որն արդեն հրապարակվել է այս ամառ, նկարահանվել էր Ռուսաստանում, երկրորդ շարքն այժմ նկարահանվում է Մեծ Բրիտանիայում և Արաբական Միացյալ Էմիրություններում և լույս կտեսնի տարվա վերջում:

«Մանանա Ֆիլմսի» մյուս երկարաժամկետ նախագիծն է «Ultrasounds» ֆիլմաշարը` աշխարհի տարբեր նորարարական երաժիշտների մասին: Առաջին կարճամետրաժ սերիան լոնդոնյան «Astronauts» խմբի մասին էր:

Լուսանկարը՝ GlobalGaz

Լուսանկարը՝ GlobalGaz

Պատառիկներ հարցուփորձից

Այսօր մեդիա ճամբարում վարպետաց դաս վարելու համար մեզ հյուր էր եկել «Manana Films»-ի համահիմնադիր Մուշեղ Բաղդասարյանը։ Ֆիլմարտադրության ասպարեզում շատ մրցանակներ ունի, բայց ես, ճիշտն ասած, չհասցրի ամբողջը գրի առնել։ Բայց դե, ինձ թվում է, կարևորը այդ մրցանակների քանակներն ու անունները չեն, այլ այն շոշափելի, տեսանելի արդյունքները, որոնց նա հասել է։ Ու այդ տեսանելի արդյունքների հետ ծանոթանալու նպատակով մենք սկզբից նայեցինք իրենց  նկարած ֆիլմերից թրեյլերները, սոցիալական գովազդներն ու տեսահոլովակները։ Նայելու ընթացքում ամեն տեսանյութի վերջում ուզում էի հարցնել. «Այս ամբողջը դո՞ւք եք նկարել։ Ինչպե՞ս անենք, որ մենք էլ կարողանանք այսպես նկարել»։

Դիտումից հետո էլ բոլորն սկսեցին խառնաշփոթ հարցեր տալ, ես էլ, սուս-փուս նստած, ինչ կարողացա, գրի առա.

-Ինչ-որ տեղ ֆիլմ նկարել սովորե՞լ եք։

-Չէ, ես ավարտել եմ Երևանի պետհամալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը։ Ֆիլմ նկարել սկսել եմ «Մանանա» կենտրոնում։ Հիմա երկուսով էլ` ծրագրավորմամբ և կինոյով զբաղվում եմ՝ նայած որ պահին որով եմ ավելի շատ ոգևորվում։

-Նկարելուց ի՞նչ չափանիշներով եք առաջնորդվում։

-Նկարում ենք այն, ինչ մեզ հետաքրքրում է։

-Խաղարկային ֆիլմեր ունե՞ք։

-Ձեր պատկերացրած գեղարվեստական ֆիլմերը չենք նկարում, դերասանների հետ աշխատել չեմ սիրում։ Ունենք բեմականացված նախագծեր, օրինակ` երաժշտական հոլովակներ, որտեղ բեմականացված դերասանական խաղ կա, բայց խաղարկային ֆիլմեր` ոչ:

-Ես չեմ պատկերացնում, նախապատրաստական աշխատանքներն ինչպե՞ս  են ընթանում։

-Դա էլ է կախված նրանից, թե ինչ ես ուզում նկարել։ Նախապատրաստական աշխատանքները համարյա միշտ ավելի երկար են տևում, քան նկարահանումները: Պետք է մանրամասն ուսումնասիրենք թեման, պլան մշակենք, հավաքենք մարդկանց, ում հետ պետք է աշխատենք, ուսումնասիրենք տեղանքները, որտեղ նկարահանելու ենք, և այլն:

-Նկարահանման մեջ կա՞ մի փուլ, որ չեք սիրում։

-Ամեն փուլում էլ կան բաներ, որ դուրդ չի գալիս։ Ես ամենաշատը մոնտաժն եմ սիրում։ Նկարահանումներն ամենալարվածն են, դրա համար չեմ սիրում։

-Մոնտաժի ընթացում դուք անընդհատ նայում եք նույն կադրը, հետ ու առաջ տանում, եթե արդեն մոնտաժել եք:

-Ամենալավ մոնտաժն այն է, որ հանդիսատեսը նայելիս չի հասկանում, թե ոնց կադրը փոխվեց: Եթե ուշադիր ուսումնասիրի` կհասկանա, բայց ոչ պրոֆեսիոնալ հանդիսատեսի համար անցումները ակնհայտ չեն։ Կադրը անընդհատ նայում ես, որ հասկանաս` ինչպես կպցնես, որ անցումն աննկատ լինի։

-Ես կուզեի, որ պատմեք նկարահանումների բարդությունների մասին։

-Մենք լիամետրաժ արկածային վավերագրական ֆիլմերի շարք ունենք, կոչվում է «Ճանապարհ» (Hit The Road): Դրանք ճանապարհորդական ֆիլմեր են, որտեղ երկու ընկեր մասնակցում են տարբեր երկրներում տեղի ունեցող մրցարշավների: Առաջին սերիան նկարել էինք Հնդկաստանում, երկրորդը, որ հիմա ենք վերջացնում` Կամբոջայում: Դրանք երևի ամենաբարդ ֆիլմերն էին: Ֆիզիկապես շատ դժվար էր, որովհետև երկու հոգով էինք նկարում` շատ դաժան պայմաններում ու անընդհատ շարժման մեջ:

-Անձրևի տակ ինչպե՞ս էիք նկարում, դժվար չէ՞ր։

-Հնդկաստանում ամենադժվարը մուսոնային անձրևներն էին, ոնց որ ցնցուղի տակ կանգնած լինեիր, ոչ թե անձրև լիներ։ Կարող է գնայինք, ամբողջ գիշեր վարսահարդարիչով տեխնիկան չորացնեինք, որ հաջորդ օրը նորից նկարեինք։ Կամբոջայում էլ հաճախ մնում էինք վրանի տակ` ջունգլիներում, իսկ մենք պիտի նկարահանած նյութերը դատարկեինք, տեխնիկան նորից լիցքավորեինք: Նման շատ դժվարություններ:

-Ֆիլմերի դերասանները հիմնականում հայե՞ր են, թե՞ օտարերկրացիներ։

-Սրանք վավերագրական ֆիլմեր են, այսինքն, հերոսները իրական մարդիկ են: Հերոսներից մեկը Ամերիկայից է, մյուսը` Կանադայից։ Նրանք մրցարշավին մասնակցող մեկ թիմ էին ներկայացնում, որոնց մենք ընտրել ենք ֆիլմի հերոսներ և իրենց միջոցով նկարահանել մրցարշավը:

-Կա՞ մի դերասան, թեկուզ աշխարհահռչակ, որ կուզեիք իր հետ աշխատել։

-Դե որ գեղարվեստական ֆիլմերի նկարահանմամբ չենք զբաղվում, ոչ մի անգամ չեմ մտածել, թե ում հետ կուզեի աշխատել։

-Իսկ եղե՞լ է ֆիլմ, որ կիսատ եք թողել:

-Այո, եղել է, շատ բաներ հաճախ կիսատ են մնում տարբեր պատճառներով: Օրինակ` պատվերները հաճախ սառեցվում են ու չեն շարունակվում, կամ կարող են դադարեցվել ու շարունակվել մի տարի հետո: Ֆիլմերը կարող են կանգնեցվել ֆինանսական պատճառներով: Լինում են դեպքեր, երբ մի նախագիծ վերջացնում ենք, բայց վերջում որոշում ենք չթողարկել, որովհետև արդյունքը մեզ դուր չի գալիս:

-Լինո՞ւմ է, որ պատվիրատուն չհավանի գործը։

-Պատվիրատուները միշտ մասնակցում են աշխատանքներին ինչ-որ չափով: Նրանք պետք է հաստատեն սցենարն ու պլանը մինչև նկարահանումը, նաև պետք է դիտեն աշխատանքային մոնտաժն ու սևագիր տարբերակները, որպեսզի անակնկալներ չլինեն: Որոշ պատվիրատուներ ներկա են լինում նկարահանումներին: Բայց վերջում միշտ էլ փոխելու բաներ լինում են:

-Իսկ եղե՞լ է այնպիսի պատվեր, որ մերժել եք, ինչո՞ւ։

-Կարելի է ասել` ամեն երկրորդ պատվերը մերժում ենք: Դե կարող է այնպիսի բան ուզեն, որ մեր դուրը չի գալիս, հետաքրքիր չի: Լինում են պատվիրատուներ, որոնք ուզում են իրենք փողը տան ու որոշեն, թե ինչն ինչպես է լինելու։ Դրանք մերժել ենք։

-Հիմա հովանավորներ ունե՞ք։

-Չէ, այնպիսի հովանավոր չունենք, որ մեզ փող տան, ասեն` այսպիսի մի բան նկարեք։ Առանձին նախագծեր կարող են լինել, որ ունեն հովանավորներ, բայց այդպես քիչ է լինում: Սովորաբար դրանք կամ պատվերներ են, կամ ներդրումներ, երբ ինչ-որ մարդ կամ կազմակերպություն հետագայում ֆիլմից շահույթի ակնկալիք ունի:

-Կա՞ այդպիսի  ֆիլմի գաղափար, որ կուզեիք նկարել, բայց հովանավոր չկա։

-Մի ֆիլմաշար ունենք երաժիշտների մասին, կոչվում է «Ultrasounds», որ ուզում ենք մի քանի սերիայով նկարել, առաջին կարճ սերիան փորձնական արդեն նկարել ենք: Հիմա դրա համար բյուջե ենք փնտրում:

-Ձեր նկարածներից կա՞ մի ֆիլմ, որ կառանձնացնեք մյուսներից։

-Հիմնականում ամենավերջին նկարածներն են, որ դուրդ գալիս են, որ տեսնում ես ինչպես ես հատ-հատ աճել։

-Ձեր ֆիլմերից ո՞րն ամենաշատ դիտում ունի։

-Վերջերս նկարածներից ամենաշատը նայում են «Ultrasounds»-ի` երաժիշտների մասին շարքի առաջին սերիան, Լոնդոնում մի իտալական ռեստորանի պատվերով իրենց հիմնադրման պատմության մասին ֆիլմ էինք նկարել, դա միլիոնից ավել դիտում ունի: «Ճանապարհ» ֆիլմի առաջի սերիան էլ են շատ դիտել` վաճառվել է համարյա քառասուն երկրներում: Բայց մենք դիտումները չենք հաշվում, դա մեզ համար այդպես կարևոր չի։

-Հիմա ինչի՞ վրա եք աշխատում։

-Հիմա «Ճանապարհ» շարքի երկրորդ ֆիլմն ենք վերջացնում` Կամբոջայի մրցարշավը: Բացի այդ` հիմա Գուգլի պատվերով կարճամետրաժ ֆիլմաշար ենք նկարահանում` «Յութուբի» տարբեր աստղերի մասին: Առաջին շարքը Ռուսաստանում էր նկարահանվել` ռուսախոս հանդիսատեսների համար, հիմա երկրորդ շարքն ենք նկարահանում` Անգլիայում ու Էմիրաթներում, սա արդեն արաբախոս հանդիսատեսների համար է լինելու:

-Ապագայի համար կա՞ ինչ-որ միտք կամ գաղափար, որ պետք է նկարվի։

-Գաղափարներ շատ ունենք ու աստիճանաբար փորձում ենք բոլորն իրականացնել: Բայց շատ հետաքրքիր նախագծեր հաճախ առաջանում են անսպասելի, օրինակ ինչ-որ հետաքրքիր պատվեր ենք ստանում:

-Այ հիմա այստեղ երիտասարդներ կան, որ կարող է վաղը օպերատորությամբ կամ ռեժիսուրայով զբաղվեն, իրենց ի՞նչ  խորհուրդ կտաք, ի՞նչն է ամենակարևորը։

-Երևի ամենակարևորը`ոգևորված լինեք, ու սիրեք այն, ինչով զբաղվում եք: Պետք է անընդհատ դուք ձեր ճանապարհը բացեք, ու որ դժվար պահերին հետ չկանգնեք։ Երկրորդ կարևոր բանն այն է, որ չմեծամտանաք։

Մեր զրուցակիցը, ինչպես հասկացաք, այդքան էլ չէր սիրում խոսել, ու մեզ շատ բարդ իրավիճակում էր դրել, բայց դե մենք այնքան հարց տվեցինք, որ մի պատառ հարցազրույց ունենանք։ 

Կարծես թե ստացվեց, հը՞ն։