Sona

Իմ և իմ աշխարհի մասին

Ես Սոնան եմ: Ապրում եմ Ակնալիճ գյուղում: Ես շատ եմ սիրում երազել. դրա համար ժամանակ եմ գտնում միայն գիշերը: Երբ պառկում եմ քնելու, միշտ երաժշտություն եմ լսում և ընկնում երազանքների գիրկը: Միևնույն ժամանակ, չեմ մոռանում վերադառնալ իրականություն, որովհետև ճիշտ ապրելու համար չպետք է կտրվել իրականությունից: Ես շատ ինքնավստահ եմ. մարդը պետք է իր ուժերի վրա վստահ լինի: Դա ապացուցելու համար պատմեմ մի դեպք: Մեր դպրոցում տեղի էր ունենալու Եղեռնի տարելիցին նվիրված նկարների ցուցահանդես: Իմ նկարները քիչ էին, և կազմակերպիչին ասացի, որ նորը կնկարեմ ու կբերեմ: Ես ունեի 2 օր նկարելու համար: Պատմության ուսուցչուհին ինձ առաջարկեց Պիկասոյի «Գերնիկա» նկարը, բայց ասաց, որ շատ բարդ նկար է, և ես դժվար թե կարողանամ նկարել: Ես տանը ուսումնասիրեցի այդ նկարը և որոշեցի, որ հենց դա պիտի նկարեմ: Նկարեցի շատ մեծ չափսի և ապացուցեցի, որ չստացվող ոչինչ չկա. միայն պետք է ցանկություն և վստահություն:

Սիրում եմ, երբ ընկերներս ինձ իրենց գաղտնիքներն են վստահում, խորհուրդ են հարցնում. դա ինձ համար ամեն ինչ արժե: Իսկ այ, ես չեմ կարողանում վստահել և իմ գաղտնիքներով կիսվել նույնիսկ այն մարդկանց հետ, ովքեր ինձ վստահել են: Իմ աշխարհը փակ է, ես եմ փակ:

Ես ընկեր անվանում եմ միայն այն մարդկանց, ովքեր ինձ ճանաչում են ինձնից լավ: Մարդկանց մի քանի տեսակ կա. ըստ իս, ես մելանխոլիկ եմ: Պաշտում եմ մենակությունը, երբ մենակությունը լցնող հաճելի երաժշտություն կա: Մենության մեջ ամեն ինչ լուռ է, հանգիստ: Չկա որևէ մեկը, որ ինձ խանգարի, նյարդայնացնի: Հենց մենակ եմ լինում, անիմաստ օրս չեմ անցկացնում, այլ նկարում եմ, իսկ դա նշանակում է, որ հանգստություն է տիրում շուրջս: Ինձ երբեմն թվում է` ինձ միայն ես եմ հասկանում:

Նկարելիս աշխարհը գունավոր է թվում, ամեն ինչն է գունավոր` մարդիկ, տները, շենքերը, փողոցները և ամեն բան, բայց ինչպես ասացի, դա թվում է: Երբ նկարում եմ սև և սպիտակ գույներով, ամեն ինչ մի վայրկյանում խամրում է: Ես տխուր անձնավորություն չեմ, բայց սևի և սպիտակի մեջ մի ուրիշ զգացում կա, որը ձգում է ինձ: Միշտ չեմ ընդունել այն փաստը, որ մարդիկ ձգտում են այնպես ապրել, որ հանկարծ կողմնակի որևէ մեկը սխալ կարծիք չկազմի իրենց մասին: Ճիշտ է, դա վատ չէ, բայց հաճախ դա տանում է նրան, որ մարդը ինքն իր կարծիքը այլևս չի արժևորում: Մարդկանց կարծիքները նման են եղանակին. ամեն պահի կարող են փոխվել: Մարդ պետք է ապրի այնպես, որ իր խղճի առաջ «պարտքեր» չունենա, իսկ մնացածը հետին պլան մղված հարցեր են: Եվ վերջապես, լավ մարդ ասելով ամեն մեկը մի կերպար է պատկերացնում, և հնարավոր չէ բոլորին գոհացնել:

Մի տեսակ հուզառատ գրառում ստացվեց, բայց ես դրական, կենսուրախ և կատակասեր աղջիկ եմ:

anahit ghazaxecyan lori

Ասելիք` ցպահանջ

Աշխարհում
էնքան ուրվական կա.
գալիս, մնում են մեջս,
քաշ չունեն,
բայց ծանրությունից քիչ ա մնում
շունչս փչեմ:

Էնքան ուրվական կա.
անտարբեր, մոխրագույն,
կանաչ հայացքով,
երեքշաբթին օրերին
թափառող:

Տատիկն ասում ա՝
շորդ հանի, մարդու վրա
ինչ-որ բան կարել չի կարելի:

Չեմ հանում:

Կարելի ա, տատ:
Ոչ թե մենակ շոր կարել, տատ,
մարդուն կարելի է
ուրվականակապ անել,
մարդուն խաբել ա կարելի, տատ,
մարդուն կարելի է միտք տալ
ու գրիչը ձեռքից վերցնել,

Տատ, մարդուց գողանալ էլ ա կարելի,
պոկել,ուզում ես հավատա, ուզում ես` չէ,
բայց սպանելն էլ ա արդարացում գտնում,

տատիկ,
կասես՝
հա՞:

Հա, կարելի ա էդ էլ, տատ.
անտեսելով,
ապրելու հենակ չտալով,
ստեղծելու հնար չթողնելով,
դե կարելի ա, տատ: Ի՞նչ կա որ:

-իրիկունը աղբ թափել չի կարելի,-

էլի կրակն ես ընկնում, տա՛տ

Ասում եմ՝ հիմա չի կարելին
կրճատվել,
սեղմվել ա մի քանի պատվիրանի,
մի քանի դիմացող օրենքի մեջ.
չ տառը տեղի ա տալիս:
տատ, մի բան ասե՞մ.

հիմա սիրել ա կարելի:

-Վա՜յ, էդ ո՞նց…ամոթ չի բա՞:

-Ամաչել չկա, տատ:

-Սիրելու համար շուտ չի՞:

-Սիրելու համար մենակ ուշ ա լինում, տատ:

Տատ, էդպես մի նայիր էլի:

-Մեր ժամանակ ուրիշ էր…

հա, տատ, ուրիշ էր:

Ատամները սրած ժամանակ էր, տատիկ,
խելքը գլխին
սիրելը մեղք էր,
դու պապիկին կարգին չես էլ ճանաչել, չէ՞:

Գիտեմ,
հիմա սիրելու ժամանակն ա,
իրար ճանաչել ու սիրելուց հետո
չսիրել էլ ա կարելի, տատ:

Բանաստեղծություններ գրել ա կարելի,
տարբեր մարդկանց մասին գրելը ներվում ա,
հիմա ուզում ենք հասկանալ
Մայակովսկու աննորմալ սերը,
ուզում ենք արվեստից չամաչել:
հիմա Մանոն Լեսկոն, կարծեմ,
դպրոցի գրադարանավարը թարս-թարս նայելով չի տալիս:

(Աշխարհում էնքան ուրվական կա-

ու ինձ մեկ-մեկ թվում ա՝

հերթով մեջս ապրել են:

Քեզ էլ ա թվում, տա՞տ:)

Տատ, այ տատ,
վերնաշապիկիս կոճակը ընկել ա,
կկարե՞ս,
ասեղը թելել եմ, տատ,
չէ,
չեմ հանելու,
շտապում եմ,
ուշանում եմ սիրելու ժամանակից, տատիկ…
ուշանում եմ, ուշանալ չի կարելի, տատ,

էդ մի բանը

չի կարելի…

sona saribekyan

Երբ հենքը սերն է

Մի օր գրադարակս էի փորփրում ու ձեռքիս տակ ընկավ մի գիրք՝ Ալ. Դյումայի «Ասկանիո»-ն, ու ես որոշեցի այն կարդալ: Գիրքը ինձ գրավեց հենց առաջին տողերից: Կարդում էի մեծ բավականությամբ, հետաքրքրությամբ ու արագ-արագ փորձելով շուտ բացահայտել մեկը մյուսի հետևից եկող ու մեկը մյուսից հետաքրքիր գաղտնիքները:

Կարդալու ընթացքում մի քանի օր շարունակ գրքի հերոսները դարձել էին իմ բարեկամները, և ինչպես վերջում երևաց, ես մեծ տխրությամբ բաժանվեցի նրանցից: Եվ որպեսզի բաժանումը ձգձգեմ, սկսեցի դանդաղորեն կարդալ վերջին մի քանի էջը:

Կցանկանայի ձեզ ծանոթացնել իմ, այսպես ասած, «բարեկամների»՝ իմ ամենասիրելի հերոս Բենվենուտո Չելլինիի, գեղեցկադեմ ու ազնիվ Ասկանիոյի, փառասեր դքսուհի դ’Էտամպի, հրեշտակային Կոլոմբայի հետ:

Բենվենուտոն ուներ արտասովոր դեմք, որ զարմանալի ուժ ու եռանդ էր արտահայտում, գրավելով նույնիսկ նրանց ուշադրությունը, ովքեր չէին ցանկանում նրան նկատել:

Նա ջլուտ, բարձրահասակ, զորեղ մի մարդ էր, մոտ քառասուն տարեկան, նուրբ արտահայտիչ դեմքով: Ազնիվ, խորաթափանց աչքերը երբեմն արքայական զայրույթի շանթեր էին արձակում՝ բարի ու ներողամիտ, բայց միաժամանակ, մի քիչ հեգնական ժպիտը և հրամայում էր, և երկյուղածություն ներշնչում: Բենվենուտոն, բացի իմաստուն մարդ լինելուց, առաջին հերթին հանճարեղ արվեստագետ էր, նկարիչ, քանդակագործ, որն այնպես վարպետորեն էր անում յուրաքանչյուր իր ստեղծագործություն, այնպես նուրբ ու բնական, որ թվում էր, թե շուտով այն կկենդանանա: Իզուր չէր, որ նրա աշխատանքներով հիանում էին մեծ թագավորները, սրբազան Պապերը, անսահման իշխանություն ունեցող կայսրերը…

Եվ այս ամենը պատահական չէ, քանզի նրա իսկական անդավաճան ու առաջին սերը համարվում էր արվեստը:

Երկար կարող եմ խոսել Բենվենուտոյի մասին, սակայն կցանկանամ մի քանի տողով ներկայացնել նաև մեր մյուս հերոսներին:

Ասկանիո: Տակավին նոր կյանք մտած մի պատանի էր, Բենվենուտոյի աշակերտը և սիրելին: Ասկանիոն չափազանց գեղեցիկ, նուրբ ու համաչափ դիմագծեր ուներ: Նայելով նրան ոչ ոք չէր կարող անտարբեր անցնել, չնայած համեստ ու մի քիչ ամաչկոտ բնավորությանը: Նա բարի էր, ազնիվ, բարեկիրթ, անկեղծ: Ինչպես Ասկանիոյի կյանքում, այնպես էլ արվեստում, շինծու ու կեղծ ոչինչ չկար:

Չմոռանանք նաև նշել, որ նա անհույս սիրահար էր: Իսկ նրա սիրեցյալը՝ Կոլոմբան, երկնագույն մեծ աչքերով, սքանչելի շեկ մազերով, սպիտակաթույր, նուրբ դեմքով, նազելի քայլվածքով, նրբագեղ շարժումներով, անբիծ ու մաքուր մի էակ էր, որը կարծես հրեշտակ լիներ երկնքից իջած:

Չմոռանանք մեր մյուս կարևոր հերոսուհուն՝ դքսուհի դ’Էտամպին: Նա աչքի էր ընկնում իր գեղեցկությամբ ու շքեղությամբ, ուժեղ, հախուռն ու փառասեր բնավորությամբ:

Դքսուհու դեպքում յուրաքանչյուր նպատակի իրականացման համար արդարացված էին բոլոր միջոցները: Նա խելացի, նպատակասլաց ու հնարամիտ էր: Ընթերցողին հայտնենք, որ նա էլ իր հերթին սիրում էր Ասկանիոյին, ցանկանալով ամեն կերպ բաժանել նրան Կոլոմբայից և հանդիսանում էր Բենվենուտոյի ոխերիմ թշնամին:

Իհարկե, մենք ունենք նաև այլ հերոսներ, սակայն ես ցանկացա խոսել ինձ համար առանցքային ու կարևոր հերոսների մասին:

Գրքի հիմքում ընկած է սերը՝ սեր արվեստի հանդեպ (Բենվենուտոյի դեպքում), սեր փառքի հանդեպ (դ’Էտամպի դեպքում), և պարզ ու մաքուր պատանեկան սեր (Ասկանիոյի դեպքում):

Մեր այսօրվա կյանքում կցանկանայի մարդկանց մեջ ավելի շատ տեսնել Բենվենուտոյի նման արվեստագետներ, որոնք իսկական ու անմնացորդ սիրով են լցված դեպի արվեստը: Նրա նման խիզախ, վստահ ու նվիրված մարդկանց: Կցանականայի տեսնել Ասկանիոյի ու Կոլոմբայի նման գեղեցիկ, բախտավոր, անբիծ ու մաքուր երիտասարդների:

Ինչու չէ, նաև դ’Էտամպի նման մարդկանց, որոնք նպատակասլաց են ու խելացի:

Կյանքում յուրաքանչյուր տհաճ իրավիճակ կարելի է օգտագործել ի շահ մեզ և մեզ շրջապատող մարդկանց ավելի լավ հասկանալու: Եվ միայն մենք ենք որոշում. Կոնկրետ որևէ իրավիճակում մենք կլինե՞նք հաղթող, թե՞ պարտվող:

Anjik

Ինչ եմ ուզում

Ի՞նչ եմ ուզում… Հըմմմմ… Չգիտեմ, ախր, շատ բարդ հարց եք տալիս:

Լավ, սպասեք պատասխանեմ: Եթե կրկնեմ ու ասեմ՝ առողջություն եմ ուզում, խաղաղություն եմ ուզում, այդ ամենը հաստատ չի լինի: Չէ, բայց չմտածեք, որ չեմ ուզում խաղաղ ապրենք, ու բոլորն  առողջ լինեն:

Բայց այսպես էլ չէ.

-Լսի, Անգել, իմացե՞լ ես, ի՞նչ ա եղել:

-Ի՞նչ ա եղել: Կարո՞ղ ա դժբախտ պատահար ա եղել:

-Վայ, դե, չէ էլի, ավելի վատ բան ա եղել:

-Իսկ այդ դեպքում ի՞նչ:

-iPhone-ի նոր մոդել ա դուրս եկել, ոնց եմ ուզու՜մ:

-Ծո, տնաշեն, լեղաճաք էրիր, ես էլ կըսեմ` ինչ կըսե:

Չէ:  iPhone էլ չեմ ուզում: Որ մեր հեռախոսների հետևը կծած խնձոր չի, ուրեմն հեռախո՞ս չի:

Լավ, իմացա ինչ եմ ուզում: Ուզում եմ հասկանալ էն մարդկանց, որ ասում են.

-Վայ, ո՞նց ես այսքան շոկոլադ ուտում, ախր, վնասակար ա, համ էլ` կչաղանաս:

Ուզում եմ ասել՝ երեխեք ջան, շոկոլադ հանգիստ կերեք,  ձեզ բան չի լինի: Բացի այն, որ շոկոլադը համով ա, ունի օգտակար հատկություններ: Լավ, սպասեք մի քանիսն ասեմ, որ հետո շոկոլադ չսիրողները չասեն` առանց փաստերի խոսում ա:

Սկսենք նրանից, որ շոկոլադը պատրաստվում է կակաոյից, ինչը թարգմանաբար նշանակում է` «աստվածային սնունդ»: Ո՞նց կարելի է այս աստվածային ուտելիքը չսիրել:

Շոկոլադն իր մեջ պարունակում է կալցիում և երկաթ, որտեղից էլ հետևում է` ամրացնում և լավ է անդրադառնում ոսկորների աճի վրա, արևից պաշտպանվելու հիանալի միջոց է:

Մարդիկ կան ասում են.

-Քիչ կեր շոկոլադ, ամբողջ թևերիդ ցան կլինի:

Ապասեք, սպասեք: Ասեմ, որ շոկոլադը հարթեցնում է մաշկը և դարձնում այն ավելի ձիգ:

Բա այնպես եմ նյարդայնանում, որ ասում են.

-Չէ, ինձ շոկոլադ մի հյուրասիրեք: Ես շոկոլադից ալերգիա ունեմ:

Լավատեսական տեղեկություն շոկոլադասերներս համար` շոկոլադի նկատմամբ ալերգիա շատ հազվադեպ է լինում:

Լավ, դե սպասեք, մի բան էլ մամայիս ուղղեմ, ու վերջ:

Մամ ջան, տան շոկոլադներն իմաստ չունի ինձանից պահես: Միևնույնն ա, գտնելու եմ և ուտելու:

Նյամ-նյամ: 

Պապի այցից հետո

Մի կարևոր, առանձնահատուկ իրադարձություն՝ Ֆրանցիսկոս Պապի այցելությունը առաջին քրիստոնյա երկիր: Բոլոր մարդկանց ցանկությունն էր գեթ մեկ անգամ դիպչել նրան և ստանալ նրա օրհնությունը: Եվ ես այդ ամբոխից մեկն էի, որի ցանկությունը որոշ չափով իրականացավ: Երբ կանգնած ես արևի տակ, ոստիկանները կրկնում են՝ «հետ գնացեք, ժողովուրդ», քեզ հրում են, տրորում ոտքերդ, հրմշտելով շարժվում ես առաջ, խցկվում ես քեզնից ֆիզիկապես և տարիքով մեծ մարդկանց մեջ և վերջում, այս բոլոր բացասական բաներից հետո, մի դրական բան՝ մատիդ ծայրը դիպչում է Պապին, արժե այս ամենի միջով անցնել:

Լուսանկարը` Տաթև Աղազարյանի

Լուսանկարը` Տաթև Աղազարյանի

Մի մարդ, ով չի սիրում ճոխություններ, ցուցադրություններ, համոզված եմ, որ նա մեր երկիր բերեց միայն բարություն և խաղաղություն: Ի՞նչ կարիք կա քեզնից հեռու պահել այն մարդկանցից, ովքեր քեզ հետ ցանկանում են խոսել, սեղմել ձեռքդ, մեկ անգամ դիպչել և ստանալ օրհնություն: Բայց շատ-շատերն են այդպես անում: Մենք բոլորս էլ գիտենք Պապի հնարավորությունները, բայց պարզության մեջ է նրա մեծությունը: Ես էլի շատ հետևություններ արեցի նրա պահվածքից: Կարծում եմ, միայն ես չէ, որ պիտի հետևություններ անեի: Գնահատելի է մեր ժողովրդի պատրաստակամությունը, թե ինչպես մարդկանց մեծ մասը միանման հագուստներ էին հագել հենց հատուկ Պապի համար: Նրան հյուրասիրեցին հայկական ծիրան, բայց մենք՝ հայերս, միայն ծիրանով չէ, որ պիտի հպարտանանք:

Լուսանկարը` Տաթև Աղազարյանի

Լուսանկարը` Տաթև Աղազարյանի

Երբ սպասում էինք նրան, նկատեցի շատ ու շատ հետաքրքիր պահեր: Օրինակ՝ մի աղջիկ, վարդագույն զգեստով, մտազբաղ կանգնել էր, այսպես ասած, ճաղերի հետևում և սպասում էր Պապին: Իսկ նրա դիմաց կանգնել էր մի մեծ ոստիկան, որը թույլ չէր տալիս անցնել մյուս կողմ: Ախր, գոնե այդ փոքրիկին թողնեին մոտենալ նրան: Ամեն մեկը մի ձևով էր դիմակայում արևի «հարվածներին»: Եվ բոլորս էլ համբերատար սպասում էինք Հռոմի Պապին:

Լուսանկարը` Տաթև Աղազարյանի

Լուսանկարը` Տաթև Աղազարյանի

Բազմաթիվ քննարկումներ, սոցիալական կայքերում նկարներ, վիդեոներ, մեկնաբանություններ, ինչու չէ, նաև հումորներ, որոնցով մեր հայերի տրամադրությունը բարձրանում է (ինչպես նաև իմը): Եվ վերջում, Պապը նորից ցույց տվեց իր պարզությունը: Բայց այնպես էին փակել իմ դիմացը, որ նկարումս հազիվ մի արանքից երևում է:

Լուսանկարը` Տաթև Աղազարյանի

Լուսանկարը` Տաթև Աղազարյանի

gyulnara vardanyan

Ինչու եմ սիրում ամառը

Արև, շոգ, տոթ… Այս բառերն են նկարագրում ամառը: Երբ ամռան ցանկացած օր խոսեցնես որևէ մարդու, նա ընդամենը կբողոքի շոգից: Չեմ համաձայնվի այդ մարդկանց հետ և կասեմ` սիրում եմ ամառը իր բոլոր վատ և լավ կողմերով: Ամռան այն պահը, երբ ծառից քո ձեռքով քաղում ես հասած ծիրանը և ուտում, երբ անհամբեր սպասում ես, թե երբ է հասնելու խաղողը: Երբ խմում ես մայրիկի պատրաստած խառը և թարմ մրգերով կոմպոտը: Սա արժե ամեն ինչ: Բակում ամեն պահի խաղում են փողոցի փոքրերը, ու երբեմն մենք էլ, իրենց ջրերը ընկնելով, սկսում ենք խաղալ ու մոռանալ, որ լիքը գրքեր ունենք կարդալու, որոնք հանձնարարել է ուսուցիչը:
Երբ բանջարեղենն է հասնում, մոռանում ենք մնացած բոլոր ուտելիքները ու մեծ հաճույքով ուտում մեր իսկ ձեռքով մշակած սմբուկը, լոլիկը, վարունգը, լոբին, պղպեղը, և էլի նման մի շարք համեղ, առողջարար ու օգտակար ուտեստներ:
Մեր փողոցում արդեն համարյա հինգ տարուց ավելի ձևավորվել է ավանդույթ, ըստ որի, հուլիս ամսին փողոցի բոլոր հարևաններով գնում ենք գյուղից դուրս` բնության գրկում հանգստի: Շատ լավ է անցնում:

Իսկ մեր դասարանի մասին խոսք լինել չի կարող: Եթե դպրոցի ուրիշ դասարաններն ամռան ընթացքում մեկ կամ, լավագույն դեպքում, երկու անգամ են գնում էքսկուրսիայի, ապա մենք գոնե երեք-չորս անգամ ենք գնում և անցկացնում շատ լավ օր մեր դասղեկի ու մեր ծնողների հետ: Ամռանն է անցնում մեր գյուղի, փողոցի, դասարանի ամենալավ օրերը:

Ահա ունեցածս պատճառների մի մասը, որոնց համար շատ եմ սիրում ամառը և ուզում, որ այն չվերջանա:

lia avagyan portret

Լեզվի հարստությունը

Ամեն անգամ մտածում եմ՝ մեր  բարբառից լավը չկա, (խոսքս վերաբերվում է Շամշադինի տարածաշրջանին), բայց նույնիսկ մեր տարածաշրջանի գյուղերի բարբառները տարբերվում են մեկը մյուսից: Օրինակ, մեր գյուղի (Ներքին Կարմիրաղբյուր) բարբառը թուրքերենի ու հայերենի միախառնուրդ է (ինչքան էլ դա չեմ ուզում ընդունել),  այն ժամանակվա շփումից որոշ բառեր «փոխանակել» ենք: Հիմա արդեն բարբառը կամաց-կամաց մաքրվում է թուրքերենից: Հիմնականում հարեւան պետության բառերը մեր մեծահասակներն են օգտագործում:

Ուզում եմ մի քանի բառ նշել մեր բարբառից իրենց «թարգմանություններով», որոնք հիմնականում օգտագործվում է տատիս ու իր հասակակիցների կողմից:

Դովրա-ժամանակաշրջան

ղալաթ անիլ-վատ բան անել

դյերիլ-բարձրանալ

գաբա-գորգ

ղլմըղալ-աղմուկ

դբա-դեպի

ղոնաղ-հյուր

ղիյբաթ անիլ-բամբասել

Իրականում շատ ու շատ երկար կարող էի շարունակել, բայց երեւի այս մի քանի բառից պարզ դարձավ, թե ինչքան յուրահատուկ ու գեղեցիկ է մեր բարբառը:

Բարբառը լեզվի ամենասիրուն ճյուղն է: Հիմնականում իսկական բարբառով խոսում են մեծահասակները, 21-րդ դարի ջահելները ՝ մենք, մտածում ենք, թե մեր գյուղի «լեզվով» խոսելը ամոթ է,  չգիտակցելով,  որ մեր, այսպես կոչված, կոմպլեքսների պատճառով «սպանում» ենք մեզ բնորոշը: Ես, օրինակ, գյուղում իմ հարազատ «լեզուն» եմ օգտագործում, ու ոչ թե ստիպված, այլ այն պատճառով, որ հաճույք եմ ստանում:

Բարբառները մեր հարստությունն են, դրանք պետք է աչքի լույսի պես պահենք եւ օգտագործենք:

Շատ կուզենայի, որ դուք էլ գրեիք ու պատմեիք ձեր բարբառի մասին:

Lusine Karapetyan

Գյումրվա էսքիզներ

Հիանալի էր, ուղղակի չեմ կարող մի քանի տողով նկարագրել: Այնքան հակասական ու իրարամերժ երևույթների հանդիպեցի, այնքան մտքերս մեկը մյուսին հակասեցին, միևնույնն է, ամեն ինչ ներդաշնակ էր, ավելի քան ներդաշնակ, քանի որ Գյումրիում էի: Հա, Գյումրին աշխարհի կենտրոնը չի, ինչպես Արսենն է ասում, բայց ավելի հանգիստ  ու տագնապած միաժամանակ չէի եղել:

-Մի մարդ էլ գա, ու կշարժվինք,- ութն էր, արդեն պարզ էր, որ չէր հասցնի ճիշտ ժամանակին տեղում լինել ու չէր էլ անհանգստանում: Հռոմի պապը ուղղակի առիթն էր Գյումրի գնալու, ոչ թե իսկական պատճառը: Իսկական պատճառից խոսելիս ասեմ, որ մի անգամ էլ էի ուզում թափառել Գյումրու փողոցներով:

-Ա՛խ, էդ խեղջ մարդը զարտնե՞լ է, օր…
-Զարտնի-չզարտնի, իրան քնած էլ կբերեն: Գիտեք, օր Պուտինն էկել էր, զարտնա՞ծ էր էկել:

Դե, Գյումրի էինք գնում, բնական է, կատակներ, հումորներ: Մենակ հրավիրատոմսով կկարողանայինք  Պապին տեսնել,  հրավիրատոմսս գյումրեցի ընկերուհուս մոտ էր, իրեն պետք է տեսնեի, վերցնեի տոմսը, ու միասին մտնեինք: Բնականաբար, ես ուշացա, հետո էն մի հոգին, որ պիտի գար ու շարժվեինք, ինքն ուշացավ: Հետո գազելը դանդաղ գնաց, հետո Պապն ուշացավ, բոլորս ուշացանք… Դե, հայ ենք, Պապն էլ է հայ, գյումրեցիներն են ասել: Գյումրիում ճանապարհները փակ էին, ինչ-որ սխալ տեղ կանգնեցինք: Մինչև հարցուփորձ անելով  ուզում էինք ճանապարհը գտնել, մեկը հասկացավ, որ տեղացի չենք, ու որոշեց օգնել: Մարդիկ շատ էին, փողոցները` փակ, ոստիկաններն էլ տեղում էին, հեշտ  չէինք հասկանում մեկս մյուսին: Բնիկ գյումրեցիներն էլ մի քիչ վրդոված էին: Մի քի՞չ:

-Ինչքան օր արդասահմանցի կա, էկել է ստեղ, հերիք չէ, ինձ էլ չեք թողնի գնամ Պապին տեսնիմ: Էս ի՞նչ էրգիր է: Դուք (նայում էր ոստիկաններին) գնացեք սահմանը պահեք, դուք ստեղ հեչ էլ պետք չեք:

Երիտասարդի անունը  Բագրատ էր: Լավ է, որ նա գյումրեցի էր, հրապարակ տանող բոլոր ճանապարհները գիտեր, չնայած բոլորն էլ փակ էին: Մի խուլ փողոց պետք է շրջանցեինք, էդ խուլ փողոցում հռոմիպապյան աժիոտաժը դեռ չէր սկսվել, կարծում եմ, չէր էլ պատրաստվում: Մի տատիկ փորձում էր լռեցներ երեխային, մի տղա, չնայած կիզիչ արևին, ձմեռային հագնված իր հետևից քարշ էր տալիս պլաստիկ շշեր` մի մեծ տոպրակի մեջ լցրած: Միայն մի երիտասարդ զույգ, շքեղ հագնված, շտապում էր նույն ճանապարհով, որով մենք էինք պատրաստվում անցնել:

-Էստեղ մի քիչ ավանդապահ են,- Բագրատը մեզ հետ գյումրու բարբառով չէր խոսում, ասում է, որ ապրում է Լենինգրադում,- շատ բաներ, որ ընդունելի է այլ քաղաքներում , այստեղ դժվար նորմալ ընդունվի: Մինչև հիմա կարճ յուբկա դեռ անընդունելի է, բարձր խոսքը շատ են քննարկում: Ով էլ տեղացի չի, արդեն մինուս ա, թարս են նայում, բան: Զգուշացնեմ, որ հետո խնդիրներ չլինեն: Մեր Լեննագանն է, մենք ենք:

Իրեն ասեցի, որ Աբովյան փողոցում մեր տոմսերը մի աղջիկ ոստիկանի մոտ են: Փորձում էի մոտավորապես բացատրել, թե ինչ կորդինատներ է տալիս ընկերուհիս, բայց մոտս նման բաները լավ չի ստացվում, հեռախոսը փոխանցեցի իրեն. սկսեցին արագ գյումրու բարբառով խոսել, ես բան չհասկացա: Գիտեք, բարբառները ինձ սկսել են հետաքրքրել:

-Հիմա, որ ասես Աբովյան փողոց, ոչ մեկը չի հիշի, նույնիսկ ջահելները սովետական անուններով են հիշում , կամ Տերյան փողոց, էլի չեն հիշի կասեն 30-ի փողոց, էդ է: Մենակ ամառներն եմ գալիս էստեղ, սաղ տարին Լենինգրադ եմ: Բայց փողոցները անգիր գիտեմ: Փողոցները միանգամից եմ ֆիկսում, Լենինգրադն էլ, որ Լեննական չէ, հինգ-վեց Երևանի չափ է, բայց երբեք չեմ կորել էնտեղ:

Արդեն հասանք էդ ոստիկանուհուն՝ մի քանի ոստիկանական փորձություններ անցնելով: Բնիկների «ընդվզումը» չէր դադարել, մեկը  կանգնել ու բարձր կգոռար, որ Պապը մարդ է, ոստիկանները անմարդկային բաներ կենեն: Փոխարենը ոստիկաննեը ժպտում են, իրենք իրենց գործը ունեն, հյուրերը իրենց: Չգիտեմ` Բագրատին ինչքան գործից կտրեցինք, բայց Բագրատ ջան, եթե կարդում ես, մի անգամ էլ մեծ շնորհակալություն:

-Մի անգամ էլ ոտս ձեր քաղաք կկպնի, կհիշեմ, դուք էլ չեք թողնի, որ ես մոլորվեմ:

Էստեղ ես մտքում ծիծաղում էի, որովհետև իմ քաղաքում, նույնիսկ մեծ ցանկության դեպքում, չես կարող կորել. փոքր է, շատ փոքր:

Պապի ձայնը զրնգուն էր, գյումրեցիների կատակները՝ էլ ավելի: Պապին թողնենք մի կողմ, գյումրեցիները լրիվ ապրելու մոտիվացիա են: Գյումրեցու մի քանի սերունդ, որ մնացել է քանդված շենքերի ու կիսախարխուլ ու չկառուցվածների, 18-րդ դարի արվեստների ու 20-րդ դարի ոբերգության արանքում: Այն հույսի զգացումով, որ հաջորդ սերունդը ճգնաժամ չի ապրի, որ իրենց պես չեն ապրի, չեն տանջվի, այնինչ հաջորդ սերնդի տրագեդիան ավելի մեծ է լինում, ավելի ցավոտ:  Սերունդներ, որ ապրում են, ընկճվում են, բայց չեն դադարում կատակել, ապրեցնող կատակներ, ֆրազաներ, որ միշտ էլ հետդ կմնան, խոսքեր, որ ամենատխուր օրերին կգան մտքիդ ու մի անհարմար տեղում կսկսես հիմարի պես ծիծաղել: Մնացածին կթվա, որ գժվել ես, քեզ էլ կթվա, որ մնացածը էնքան երջանիկ չեն, որ էդ մտքիդ կատակը չգիտեն: Ես բոլոր գյումրեցիներին ժպիտ եմ պարտք, դրա համար Գյումի շատ պիտի գնամ:

Մի հավեսով կատակ կարող էի հիշել գնացքում, հիշեի ու ժպտայի, չմտածեի, որ հիմարի տեղ կդնեն: Չհիշեցի, չժպացի: Անընդհատ մտածում էի, թե ինչքան դժվար կարող էր լիներ, 18-րդ դարի արվեստի ու 20-րդ դարի աղետի արանքում, չեմպիոններ ու այդքան մեծ կորուստի արանքում, հանգամանքների ու ճակատագրի արանքում, ճզմված ֆինանսականի ու հոգեկանի արանքում, ամենակորողության ու անզորության արանքում: Մտածում էի, գյումրեցի ընկերներիս խոսակցությունները հիշում տրամադրությունս բալանսի բերելու համար, բայց չկարողացա: Մի փոքրիկ տղա, որ այդքան վտանգավոր ռելսեը դարձրել էր հարմար նստարան, ձեռքով թափահարեց` ողջունելով կամ բարի ճանապարհ մաղթելով բոլորիս, այն նույն ձևով, ինչպես մենք էինք մանուկ ժամանակ ողջունում «Պարսիկի ավտոներին» (բոլոր բեռնատարնեը պարսիկի ավտո էին), մեզնից գնում էր ուղակի բարևելը, որի դիմաց կամ քաղցր էինք ստանում, կամ արհամարհվում էինք: Դանդաղ գնացքը մեզ կհասցնի մեր նպատակակետին, բայց քանի ժամից ու ինչպես` ճաշակի հարց է: Ամեն մի կանգառում  նոր մեկին ընդունում  կամ ճանապարհում էինք: Որոշները իրենց շների հետ էին, որոնք տրամադրություն էին հաղորդում, թողնում իրենց սիրենք, մռայլությունը` ցրենք:

Դանդաղ գնացքի ու մտքերի արանքում: Գյումրու շենքերի ճարտարապետությամբ հրճվող, գորշ շենքերի նկարազարդումների պատճառով ու պարտքերս մարելու միտումով ես էլի կգամ, Պապը այս անգամ առիթը չի լինի, ուղղակի` անառիթ…

hripsime vardanyan

Միապաղաղության դեմ

Մարդիկ ինչքան նման են իրար: Կյանքը ավելի ուրախ, լուսավոր ու լիքը դարձնելու ոչ մի փորձ: Միապաղաղ անցկացնում են կյանքի ամենահետաքրքիր տարիները:

Այ, օրինակ ես ձգտում եմ տարբերվել: Թե՛ արտաքինով, թե բնավորությամբ: Փորձում եմ առանձնանալ մյուսների անգույն ֆոնից: Փորձում եմ իմ և ինձ շրջապատողների կյանքը լցնել գույներով: Մարդկանց կարծիքով, հասարակության մեջ տարբերվել նշանակում է` լինել այլմոլորակային: Տեսա նամակը, որով ինձ ասվում էր, որ ընդգրկված եմ Արարատի մարզի պատանի թղթակիցների Արտաշատյան դասընթացին: Ասացի ծանոթներիս, բարեկամներիս, ընկերներիս: Ստացա հետևյալ պատասխանները.

-Ինչ լավ է, կգնաս, կսովորես: Դու էլ մտածում էիր` ինչ դառնալ: Հնարավոր է հենց լրագրող էլ դառնաս:

-Է՜… Ի՞նչ էլ հավես ունես:

Ուզում եմ պայքարել հենց սրա դեմ. անտարբերության, անհավեսության դեմ:

Իմ կարծիքով, մարդ օժտված լինելով մտածելու և ստեղծագործելու կարողությամբ, պետք է կարողանա նաև ձգտել՝ դեպի լավը: Չամաչի իր հետաքրքրասիրությունից՝ տա հարցեր, ստանա պատասխաններ և զգա իրեն բավարարված: Ամեն մարդ պետք է ձգտի ինչ որ հետք թողել իր հետևից: Ես նույնպես ձգտում եմ, այնքանով, որ փորձում եմ տարբերվել: Թող յուրաքանչյուր մարդ ձգտի դրան: Հակառակ դեպքում, էլ ի՞նչ իմաստ կա:

elen gevorgyan

Մեր սերունդը

Այսօր սովորականի նման դուրս եկա բակ` արևոտ, պայծառ եղանակ, բակում ինչպես միշտ, շատ էին երեխաները: Մի պահ կանգ առա,  մտովի գնացի անցյալ ու հիշեցի ինձ, իմ հրաշալի մանկությունը: Մանկություն, որտեղ ամենը թվում էր հեքիաթ, բակի խաղեր, որոնք խաղալիս մոռանում էինք ժամանակի, տան, դասերի մասին: Խենթ ու չարաճճի երեխաներ: Այսօրվա նման հիշում եմ, երբ մեր մայրիկները մեզ  բակից տուն էին կանչում,  բոլորս միասին ասում էինք. «Մամ, մի քիչ էլ խաղամ ու գամ, հա՞», և այդպես մի քանի անգամ, մինչև մայրիկները կգային ու մեզ տուն կտանեին:

Այնքան լավ և դրական հուշեր արթնացան մեջս, հիշում եմ, երբ փոքր էի, միշտ մայրիկիս ասում էի, որ չեմ ցանկանում շուտ մեծանալ, քանի որ մտածում էի, որ մեծանամ, կոնֆետ հնարավոր է շատ չսիրեմ, և մայրիկս բակ չի թողնի էլ ինձ:

Մտածեցի` մոտենալ մի քանի երեխաների և հարցնել, արդյո՞ք նրանք ցանկանում են շուտ մեծանալ, թե ոչ: Քայլերս ինձ տարան բակի ամենաչարաճճի աղջնակի` ութամյա Վարդուհու մոտ, որին մենք Վարդուկ ենք ասում: Հարցրեցի նրան` ցանկանո՞ւմ է մեծանալ, և նա ասաց` ոչ,  քանի որ ցանկանում է գնալ միշտ դպրոց, խաղալ ընկերների հետ: Մոտեցա նրա եղբորը`  իննամյա Գրիգորին, ով հարցս լսելով միանգամից և հստակ պատասխանեց.

-Այո, ուզում  եմ, պիտի դառնամ զինվոր, հայրենիքս պաշտպանեմ:

Գնացի տասնամյա Անահիտի և ութնամյա Դավիթի մոտ: Անահիտը տվեց սպառիչ և անսպասելի մի պատասխան.

-Ինչի՞ ժամանակից շուտ մեծանամ: Չէ որ մանկությունս էլ հետ չեմ բերի:

Իսկ Դավիթը խրոխտ ձայնով ասաց.

-Ես պիտի շուտ մեծանամ, գնամ բանակ, ընտանիքիս ու հարազատներիս պաշտպանեմ:

Բոլորի պատասխանն էլ ապշեցնող էր, ու ես հասկացա, որ մեր երեխաները դեռ այնքան շատ տարված չեն համակարգչային խաղերով, հեռախոսային խաղերով և դեռ ապրում են իրենց մանկական խաղերով: