erik alexsanyan tavush

Խոսքի և գործի տարբերությունը

Բաղանիսը շատ հերոսներ է տվել հայրենիքին: Արցախյան պատերազմի ժամանակ ստեղծվել է մահապարտների ջոկատ: Այդ ջոկատի երկու անդամ էլ բաղանիսցի էին`ազատամարտիկներ Սարգիս Ղուզանյանը և Անդրանիկ Սահակյանը: Նրանք իրենց ընտանիքների  միակ տղամարդիկ էին: Թողնելով իրենց ընտանիքները, մեկնել են Արցախի ամենաթեժ վայրերը: Այս երկու հերոսները իրենց կյանքի մասին չմտածելով՝ մեկնել են ռազմաճակատ: 

Նրանք կարող էին մնալ Բաղանիսում և պաշտպանել իրենց գյուղը, որտեղ համեմատաբար ավելի թույլ մարտեր էին ընթանում, քան  պատերազմի ամենաթեժ և ամենավտանգավոր կետում՝ առաջին գծում: Սակայն նրանց որոշումը չէր քննարկվում: Մահապարտների ջոկատից քիչ մարդիկ են ողջ մնացել: Ողջ են մնացել նաև Անդրանիկը և Սարգիսը: Սակայն պատերազմի ժամանակ վիրավորվել են: Անդրանիկն ականի պայթյունից կորցրել է աջ ոտքը: Սարգիսը վիրավորվել է կրծքի շրջանում և շնչում է արհեստական ապարատով:

Թվում է, նրանք այսօր պետք է շրջապատված լինեին մեծ հոգատարությամբ, բայց… Սարգիսն ապրում է նկուղում՝ կնոջ և թոռների հետ: Մի քանի տարի առաջ վառարանից կայծ էր թռել, և վառվել էր Սարգսի տունը: Հիմա նրա ընտանիքը ստիպված բնակություն է հաստատել նկուղում: Նա շատ անգամներ է տարբեր տեղեր նամակներ ուղարկել, խնդրել օգնել իր ընտանիքին, սակայն ոչ մի պատասխան չի ստացել:

Անդրանիկն ապրում է մոր, կնոջ և երեք երեխաների հետ: Թեև Անդրանիկը չի ապրում նկուղում, սակայն ապրում է շատ ծանր պայմաններում: Նա ընտանիքը պահում է երգելով՝ ծնունդների, կնունքների և տարբեր առիթների ժամանակ: Նրա մայրը ադրբեջանուհի է եղել: Ամուսնացել  է Անդրանիկի հոր հետ և ծնվել է նրանց առաջին զավակը՝ Անդրանիկը: Թեև նրա մայրը ադրբեջանուհի է եղել, սակայն բոլորը սիրել են նրան ինչպես շատ լավ համագյուղացու: Անդրանիկի փոքր տղան հինգ տարեկան է, միջնեկը սովորում է տասներկուերորդ դասարանում, մեծ տղան սովորում է Իջևանի պետական համալսարանում: Թեև նրանք ապրում են ծանր վիճակում, սակայն ջանք չեն խնայում իրենց երեխաներիլավ կրթություն տալու  համար

Ինձ շատ է հուզում իմ հայրենակից երկու հերոսների այս վիճակը: Մենք խոսքով միշտ գովաբանում ենք նրանց սխրանքը, բայց գործով ոչինչ չենք անում: Բայց չէ որ նրանք հանուն հայրենիքի պատրաստ են եղել իրենց կյանքը զոհաբերել, կորցրել են իրենց առողջությունը, և այսօր իրենց ընտանիքները հայտնվել են նման դժվար կացության մեջ:

մարինե իսրայելյան

Պայքար խնձորի այգու համար

Ես Մարինեն եմ: Ապրում եմ Հայաստանի գողտրիկ անկյուններից մեկում` Ջուջևանում: Այստեղ է գտնվում մեր չքնաղ այգին` տասնամյա խնձորենիներով:  Այգին ողջ ընտանիքով ենք մշակում, և աշխատանքի մեծագույն վարձատրությունը կարմրաթուշ խնձորներն են: Մինչև բերքի հասունացումը երեք-չորս անգամ ջրում ենք:  Շատ եմ սիրում նստել ջրվող ծառի կողքին, նայել, թե ինչպես է ջուրը թափանցում չորացած հողի փշրանքների մեջ, լցնում ճեղքերը, ինչպես  է հողը հագենում և ծառը պայծառանում: Բացի ջրելը, ծառերին անհրաժեշտ է նաև ամենամյա  բուժիչ սրսկումներ, և ամեն անգամ սրսկումից հետո սրտի տրոփյունով ես սպասում եմ, որ հանկարծ անձրև  չգա: Սակայն արդեն չորս տարի է, չնայած հոգատար խնամքին, այգին ոչ մի հատ խնձոր չի տվել: Գարնանը` ծառերի ծաղկման շրջանում, սպիտակ ծաղիկները ծածկվում են սպիտակ ձյան փաթիլներով ու թափվում: Հայրս որոշել է այս տարի չմշակել այգին:
Գարուն է, ես սկսել եմ փխրեցնել ծառերի հիմքի հողը, հաճույքով եմ անում այդ ամենը, բայց միայնակ ամբողջը չեմ կարողանա:

Մենք շատ ենք սիրում մեր այգին, և համոզված եմ , որ հայրս էլ իմ եռանդից կոգևորվի և ևս  մեկ անգամ կփորձի վաստակել բնության բարեհաճությունը:

artur toneyan

Ես ապագա սպա եմ

Ես սովորում եմ ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում: Ճիշտ է, սովորում ենք վարժարանում, բայց մենք նույնպես զինվորի կյանքով ենք ապրում: Ես հիմա կպատմեմ, թե ինչպես է անցնում մեր ուսումը: Առավոտյան ժամը յոթին «վեր կաց»-ն է,  և մենք քառասունհինգ վայրկյանում պետք է հասցնենք հագնվել, պատրաստվել և շարք կանգնել: Հետո գնում ենք շարահրապարակ՝ առավոտյան մարմնամարզությունը կատարելու: Այս ամենից հետո վազում ենք, պտտաձողի վրա ձգումներ ենք կատարում ու գնում զորանոց՝ հարդարելու մեր անկողիններն ու նորից շարք կանգնում, որ գնանք ճաշարան: 

Դե, քանի դեռ մենք նախաճաշում ենք, այդ ժամին զորամասից դուրս մեր տարիքի տղաները դեռ արթնացած չեն էլ լինում: Նախաճաշելուց հետո գնում ենք առավոտյան ստուգատեսի, որը վերջանում է ժամը ինին: Իսկ հետո գնում ենք դասասենյակներ ու մինչև երեկոյան վեցն անց կես տարբեր դասեր ենք սովորում:

Մեր՝ մոնթեականներիս համար, շատ հետաքրքիր են անցնում դասերը, քանի որ մեզ հետ պարապում են լավագույն մասնագետները: Մեր մահճակալները զինվորների մահճակալների նման են, քնում ու արթնանում ենք միասին, մենք միշտ միասին ենք և այս ընթացքում մտերմանում ենք, նոր ընկերներ ենք ձեռք բերում, բոլորս միանման կյանքով ենք ապրում, նույն համազգեստն ենք հանգնում, նույն ուտելիքն ենք ուտում: Մենք, բոլորս հավասար ենք, ոչ ոք մյուսից առավել չի կամ հակառակը: Ինձ սա շատ է դուր գալիս:

Ես հպարտ եմ, որ սովորում եմ Մոնթեի անվան վարժարանում և հայոց բանակի ապագա սպա եմ: Հենց այդ պատճառով պետք է ավելի լավ սովորեմ, որ ապագայում սովորեցնեմ ինձ վստահված զինվորներին:

Ղահրամանյանները

Հայրական պապիկս և իր նախնիները` Ղահրամանյանները, ծնվել և մեծացել են Ներքին Կարմիրաղբյուր գյուղում: Ունեցել են մեծ գերդաստան, որի մի ճյուղը պապիկս է իր հինգ երեխաներով, որոնցից հորաքույրներս ամուսնացել են հարևան տարբեր գյուղերում, իսկ հայրս և երկու հորեղբայրներս ապրում են գյուղում: Երեքն էլ պայմանագրային զինծառայողներ են: Փոքր հորեղբայրս` Մանվել Ղահրամանյանը, ապրում է հայրական օջախում: Ամուսնացած է: Ունի երեք տղա, ովքեր ապագա զինվորներ են: Երեխաներից երկուսը` Կարենը և Ռոբերտը, հաճախում են դպրոց, իսկ փոքրը` Ալեքսը,  երկու տարեկան է: Հայրս միջնեկ տղան է` Արայիկ Ղահրամանյանը, նույնպես ամուսնացած է: Մենք չորս քույրիկներ ենք: Երեքս հաճախում ենք դպրոց, իսկ փոքր քույրիկս` Մանեն, հաճախում է մանկապարտեզ: Մայրս տնային տնտեսուհի է:

Մեծ հորեղբայրս` Սամվել Ղահրամանյանը, ունի չորս երեխա: Ավագ որդին Ալբերտն է, ով կրում է պապիկիս անունը, Հայկ և Տիգրան զույգերը և փոքրիկ Սիլվին, ով 20 օր առաջ է լույս աշխարհ եկել:
Հիմնականում ընտանիքներով կապված ենք միմյանց հետ: Ծառայությանը զուգահեռ ազատ ժամանակ հայրս և հորեղբայրներս զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ: Ընդհանուր առմամբ, այդքան էլ հեշտ չէ գյուղում ապրելը, մանավանդ սահմանամերձ գյուղում: Ճիշտ է, դժվարանում ենք, բայց եղածով բավարարվում ենք: Առաջին կարևոր պայմանը. ցանկանում ենք, որ լինի խաղաղություն, որի պաշտպաններից են սահմանում ապրող երեք  բազմազավակ եղբայրները, որոնցով մենք հպարտանում ենք:

Իմիջիայլոց, հորաքույրներս էլ են բազմազավակ մայրեր: Մեծ գերդաստան ենք: Պապիկս ու տատիկս արդեն նաև 2 ամսական ծուռ ունեն:

Քանի որ արդեն գարուն է, հիմնականում զբաղվում ենք գարնանային աշխատանքներով: Ակնկալում ենք, որ ավելի լավ կլինի, ապրելու միջոցները ավելի բարենպաստ կլինեն:
Պապիկս ու իր երեխաները գյուղում հարգված և օրինակելի մարդկանցից են:

Ահա մի քանի տողով, թե ինչպիսի մարդիկ են ապրում սահմանապահ գյուղում:

davit aslanyan

Նախաքննական մրցավազք, ուղեղային մորմոք

Իսկ դուք քանի ՞ անգամ եք մտածել ցեղասպանության մասին, որպես երևույթի, ոչ թե որպես մի բանի, որը պատահել է ձեր ազգի հետ: Մի հետաքրքիր օրինաչափություն կա. հաջողված ցեղասպանությունները չեն դատապարտվում: Իսկ կիսատ մնացածները, կամ , այսպես ասած, չհաջողված ցեղասպանությունների համար ցեղասպանությունն իրագործող երկիրը կամ տվյալ երկրի իրավահաջորդները ունենում են խոչընդոտներ ամբողջ գոյության ընթացքում: Ինչի ՞ է սա նման: Ահա այս մասին էի մտածում, որ նյութս շարունակեմ և հենց որոշեցի կանգ առնել, հասկացա, որ ընդունելության հետ համեմատելու շատ բան կա:

Սկսեմ հենց դրդապատճառներից: Որոշ դեպքերում ցեղասպանություններ կատարվում են հանուն մի վեհ գաղափարի. օրինակ` կայսրությունները կործանումից փրկելու համար: Այսպես ընտրվում են նաև մասնագիտություններ: Օրինակ` բժշկություն և իրավաբանություն. մարդկանց առողջ և իրավահավասար հասարակությունում տեսնելու համար և այլն: Անցնեմ մյուս պատճառներին: Ցեղասպանություններ իրագործվում են ազգայնամոլությունից դրդված, տվյալ ազգի անցյալը մյուսներից ավելի լավը համարելուց ելնելով (գոյություն ունե ՞ ն լավ անցյալներ, անցյալը ինչ-որ ուժ ունի ՞): Չեմ ուզում ինչ-որ մեկին վիրավորել, բայց վերոհիշյալ ցեղասպանության հիմար դրդապատճառներից մեկի հիման վրա էլ ընտրվում է պատմագիտությունը որպես մասնագիտություն (ո՞ւմ մտքով է անցել մարդանց պարտադրել տեսողությունն ու ժամանակը վատնել հիմարությունների վրա), այն սովորելով աշխարհում ոչինչ չի փոխվի, քո և շրջապատիդ կյանքը չի բարելավվի:

Երկար-բարակ գրելուց էլի կանգ առա մասնագիտությունների ու կյանքի խաչմերուկում և ցանկանում եմ խոսքս ավարտել հետևյալ հարցով. «Ճիշտ չի՞ լինի արդյոք արգելել բոլոր գիտությունների պարտադրումը, որոնք քեզ և քո շրջապատը չեն դարձնում ավելի լավը»:

Arshak

Գյուղամեջ

Ամեն անգամ երկար ու հոգնեցնող դպրոցական օրվանից հետո քայլում եմ մեր գյուղամիջով, որտեղ արդեն առավոտվանից նստած են գյուղի մեծերը՝ պապիկները: Նրանք միշտ հավաքվում են պապիկիս խանութի դիմաց, ուր ես միշտ այցելում եմ տան բանալին վերցնելու և ավելի շատ այդ պապիկների հետաքրքիր ու զվարճալի զրույցը լսելու համար: Նրանց քննարկման հիմնական թեման աշխարհում տեղի ունեցող անարդարություններն են: Նրանք միշտ արտահայտում են իրենց կարծիքները, և եթե հակադիր կարծիքներ են առաջանում, նրանք երկար ու ձանձրալի վիճում են, թե ո՞վ է ճիշտ, և ո՞ր քաղաքական գործիչն է լավը կամ վատը: Խոսակցության կեսից միշտ մոտենում է ծեր վարսավիր Աղինը և ասում.

-Ա՜, դե, հերիք ա լի զրից անիք, եկեք մազիրներուդ կտրիմ:

Եվ իհարկե, նրա աչքերն արդեն լավ չեն տեսնում, և նա առաջվա պես լավ չի հարդարում մազերը, բայց նրա հաճախորդները միշտ հավատարմությամբ այցելում են, ինչպես իրենք են ասում` «Աղնի մոտ»:

Ամեն անգամ, երբ մոտենում եմ պապիս խանութին, այդտեղ կանգնած պապիները ինձ առաջարկում են իրենց գրպանների խորը անկյուններում պահած կոնֆետները, ասելով.

-Բալա ջե՛ն, արի էս կամֆետներիցը համտիս արա:

Մտնելով պապիս խանութ՝ միշտ լսում եմ նույն խոսքերը.

-Բալա ջե՛ն, արի քոմակ արա, էս յաշիկնին տեղափոխ անինք:

Ես արագորեն արկղերը վերցնում եմ պապիս ձեռքից և դնում սեղանի տակ: Հետո պապս սկսում է ինչ-որ թղթեր լրացնել, որ ես երբեք չեմ հասկացել, թե ինչի համար են: Հանկարծ դրսից լսվում է պապիս ընկերոջ ձայնը.

-Միխայի՛լ, գալիս ե՞ս նարդի խաղանք:

Պապս նստեցնում է ինձ իր աթոռին, որպեսզի հետևեմ խանութի անց ու դարձին, իսկ ինքը գնում է նարդի խաղալու:

Aspram Parsadanyan

Երբ է գյուղը լքվում

Գարնանային լուսավոր օրերից մեկն էր: Ցուրտ ձմեռը սկսել էր զիջել իր տեղը արևաբույր գարնանը: Գարնան կախարդական վրձինն իր երփնավառ ներկապնակով սկսել էր գունավորել Բերդավան գյուղի բնությունը:

Օրն այնքան տաք ու հաճելի էր, որ որոշեցի  դուրս գալ տանից, նստել բակի նստարանին ու կարդալ: Չգիտեմ՝ շատ էի կարդացել, թե քիչ, երբ ինձ գրքից ու իմ մտքերից  կտրեց մի ծանոթ ձայն:  Դա ամենամոտ ընկերներիցս մեկի՝ Նարեկի ձայնն էր: Նա ժպիտը դեմքին մոտեցավ ինձ ու ասաց.
-Գալիս ե՞ս մանուշակ քաղելու:
Ես մերժել չկարողացա: Տան  դարպասների մոտ մեզ սպասում էին մեր ընկերներից մի քանիսը ևս: Մեր խումբը առաջ էր գնում երգելով, աղմուկ-աղաղակով, բարձր ծիծաղելով: Մենք որոշեցինք  թիմի ավագ դնել Նարեկին:  Նա բոլորիցս մեծ էր և ավելի խելացի էր, քան մենք: Ճանապարհին մենք հիշում էինք  հին պատմություններ, ուրախ դեպքեր: Ճանապարհը մեզ կարճ թվաց:  Մենք հասանք մանուշակի  թմբերին, ի զարմանս մեզ՝ դրանց մեջ դեռ կային ձնծաղիկների հատիկներ: Երբ ծաղիկներից գեղեցիկ փնջերը պատրաստ էին, ընկերներիցս մեկը գոռաց.
-Հեյ՜, բերդի գլխի դրոշն ընկել է:
Մյուս ընկերս ցատկեց նստած տեղից ու խոժոռելով դեմքն ասաց.
-Վե’ր կացեք, գնում ենք դրոշը տեղը դնելու: Մեր դրոշը չպետք է գետնին մնա:
Մենք շատ էինք հոգնել, մի կերպ ալարելով ոտքի կանգնեցինք ու սկսեցինք առաջ շարժվել:
Մի քանի  մետր հազիվ էին քայլել (մեր և բերդի միջև եղած հեռավորությունը հարյուր մետր չկար), երբ մեր խմբի ավագն ասաց.
-Կուզե՞ք պատմեմ ձեզ մեր բերդի պատմությունը:
-Այո, իհարկե,- միաձայն ասացինք մենք:
-Մեր բերդը կոչվում է Ղալինջաքար,- սկսեց պատմել Նարեկը,- Այն կառուցվել է տասներեքերորդ դարում: Այդ ժամանակ մեր գյուղը եղել է հենց բերդի  մոտ և կոչվել է  Թխաձոր: Գյուղացիները կառուցել են բերդը, որպեսզի պաշտպանվեն թշնամուց: Բերդի կառուցման մասին կա այսպիսի մի ավանդազրույց: Ասում են՝ մարդիկ  երկար ժամանակ փորձում էին կառուցել Ղալինջաքարը, սակայն, երբ քարերի հարկերն ավելանում էին, պատն առանց որևէ պատճառի փլվում էր: Եվ մի անգամ, երբ շինարարները հոգնել էին այդ կախարդանքից, գյուղի իմաստուններից մեկն ասում է.
-Պատի մեջ, շաղախի հետ մի նորածնի բարուր դրեք, դրանից հետո պատն ամուր կմնա:
Ասում են, որ շինարարները հենց այդպես էլ անում են, իսկ նորածնի մայրը խելագարվում է:
-Օ՜յ , ի՜նչ դաժան է,- ասաց ընկերուհիս, երբ մեր ավագը վերջացրեց իր պատմությունը:
-Վերջ տուր, դա ընդամենը  պատմություն է, ով գիտի՝ ճիշտ է, թե սխալ,- ծիծաղելով ասաց մեր խմբի ամենափոքր անդամը:
-Բա հետո՞, ինչո՞ւ մեր գյուղը հիմա այստեղ չէ:
-Որովհետև  այստեղ ջուր չկար, և մարդիկ իջան ավելի ցածր վայր, որտեղ գետ կար (գետը կոչվում է Կողբ) : Բացի այդ, այս տարածքն ավելի մոտ է սահմանին:
-Նարեկ, իսկ ի՞նչ է նշանակում Ղալինջաքար,- հարցրեց ընկերուհիս:
-Դե՜,  եթե անկեղծ լինեմ, իրական բացատրությունը չգիտեմ, բայց, եթե բառը բաժանենք մասերի, կստացվի՝ ղալին, որը մեր բարբառով նշանակում է շատ, առատ, հորդ, և քար: Այսինքն՝ շատ ու ամուր քարեր ունեցող: Հա՜, մոռացա նշել, որ մեր գյուղը կոչվում է նաև Ղալաչա, որը թուրքերենից թարգմանած նշանակում է` պղտոր ջուր:
Շուտով հասանք բերդին: Տղաները բարձրացան  բերդի գլուխը՝ դրոշը դնելու: Տղաներն իջնում էին, երբ սկսեցին կրակել. երևի  թշնամիները նկատել էին նրանց: Մենք մի քանի  րոպե մնացինք պառկած մինչև կրակոցները  դադարեցին: Մենք շատ էինք  վախեցել: Ջուր խմելուց և վախներս թոթափելուց հետո նստեցինք կանաչ խոտին ու սկսեցինք զրուցել: Ընկերուհիս ասաց.
-Երանի՜ աշխարհում խաղաղություն լինի ու կրակոցներ չլսվեն:
-Մարդիկ սովոր չեն խաղաղ կյանքին: Մարդկության ծննդից ի վեր կռվում են: Ավելի լավ է` հնարավոր բաներ ուզիր, – քմծիծաղով ասաց Նարեկը:
-Օրինակ` ի՞նչ:
-Օրինակ՝ ես կուզենայի, որ մի բարեգործ գար ու փոխեր գյուղի կյանքը:
-Այսի՞նքն:
-Այսինքն երեխաների համար այգի սարքեր, մեծերի համար՝ խաղասրահ, դպրոցը վերանորոգեր, ու, վերջապես, գյուղում ապաստարան կառուցվեր:
-Բայց քո ասածներն էլ իրական չեն, – քթիս տակ ասացի ես:
-Իրոք որ, գյուղում շատ խնդիրներ կան:

Հետ էինք վերադառնում, երբ մեր «ղեկավարը» մեզ պատմեց ավերված ժամի ու մի քանի խաղաքարերի մասին:
-Նայեցե՛ք օրինակ՝ այս խաչքարից միայն մեզ մոտ կա. հազվադեպ հանդիպող հարստություն է: Լսել եմ, որ նման խաչքարեր եղել են միայն Արևմտյան Հայաստանում, որոնք բարբարոսները ավերել են:

Խաչքարերի մեջ կան նաև տապանաքարեր: Մենք գտանք մեր նախնիներից մի քանիսի գերեզմանները: Երբ վերջացրինք փնտրտուքը, նկատեցի, որ մեր ավագը տխուր նայում է մի խաչքարի:
-Տե՛ս, տապանաքարի վրա պապիս հոր անունն է: Տապանաքարերը վնասում են անասունները, իսկ մամուռը պատել է խաչքարերը: Մեր հարստությունները վերացման եզրին են:

Երկար ժամանակ է անցել այդ օրից, բայց ընկերոջս խոսքերը չեմ կարողանում մոռանալ: Մեր՝ Բերդավանցի երեխաներիս ներկան միապաղաղ է, որովհետև չկան ժամանցի կենտրոններ, մեր ապագան հարցականի տակ է, դեպի գյուղ բերող ճամփաներ չկան…

Բոլորս ուզում ենք մնալ քաղաքում, և դրա պատճառը ամենևին էլ հայրենասիրության պակասը չէ, այլ՝ բարեկեցիկ կյանք ունենալու ձգտումը: Այս խնդիրների լուծումը թվում է անիրականանալի: Այս հարցը հուզում է ոչ միայն ինձ, այլ ողջ գյուղին:

Ինչպես ժամանակին մեր պապերը Ղալինջա բերդի շրջակայքից իջան հովիտ, քանի որ ջուր չկար, այժմ էլ գյուղի երիտասարդությունն է լքում գյուղը, քանի որ դարձյալ ապրելու պայմաններ չկան…

«Դեպի թաքստոց»…

Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի

Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի

Ապաստարանը տխուր բառ է: Դե, թերևս նրանց համար, ովքեր հասկանում են, թե ի՞նչ է ապաստարանը, ե՞րբ է օգտագործվում և ինչի՞ համար: 

Ինչպես գիտեք, Կոթին ևս սահմանամերձ գյուղ է: Դեռևս վաղ ժամանակներից բազմիցս ենթարկվել է թշնամու հարձակումներին, ու դեռ հին ժամանակներում մեր պապերն էլ մտածել են այդ հարձակումներից  պաշտպանվելու մասին և կառուցել են բազմաթիվ ապաստարաններ:

Լուսանկարը՝ Անդրանիկ Մանեսյանի

Լուսանկարը՝ Անդրանիկ Մանեսյանի

Ապաստարան կառուցվել էր նաև ոչ վաղ անցյալում մեր դպրոցում, դեռևս 1985-1986 թվականներին, որը մինչև օրս էլ գոյություն ունի: Մեր դպրոցում ամեն քայլափոխի  ցուցանակներ են փակցված. «Դեպի թաքստոց»: Կրակոցների ժամանակ մեր դպրոցն էլ է տուժել: Լուսամուտների ու պատերի վրա հետքեր կան, որոնք առաջացել են երեկոյան ժամերի կամ գիշերվա գնդակոծության հետևանքով: Բայց փառք Աստծո, որ երեկոյան ժամերին են եղել կրակոցները, և մենք առիթ չենք ունեցել, և հույս ունեմ, որ չենք էլ ունենա այն օգտագործելու իր բուն նպատակի՝ թշնամու գնդակոծության ժամանակ թաքնվելու համար:

Ուզում եմ, որ այն, ինչպես այժմ, այնպես էլ  հետագայում, ծառայի միայն ու միայն որպես թաքստոց երեխաների պահմտոցի խաղալու ժամանակ: Մենք` բարձր դասարանի տղաներով, վերջերս էլ աշխատանքներ ենք արել ապաստարանում: Բացել ենք օդատար ուղիները, մաքրել ապաստարանի աղբը: Այնուամենայնիվ , ուզում եմ խոսել խնդիրների մասին, որ գոյություն ունեն մեր դպրոցի ապաստարանում. խոնավություն, լույսի և անհրաժեշտ գույքի բացակայություն:

Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի

Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի

Ուզում եմ բոլորին ասել,  որ երեխաները ցանկանում են խաղալ վերանորոգված ապաստարանում: Միայն խաղալ և ոչ թաքնվել գնդակոծությունից:

Sose zaqaryan

Աշխարհից տարբերվող Ույծը

Սամալյոթ, Ալֆրեդ, Կոպերնիկես, Յմադին, Իմավել, Դոլար, Պարիժ, Շտանգեն, Ազնիվ, Անատոլիկ… Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ են այդ բառերը գրվում մեծատառով: Այո, այո, դուք ճիշտ գուշակեցիք: Սրանք հատուկ անուններ են, անուններ, որոնք ույծեցիներինն են: Ույծը փոքրիկ գյուղ է Սիսիանին շատ մոտիկ` փռված Որոտանի Այրի վտակի աջ ու ձախ կողմերում: Այս գյուղացիները չափազանց համեստ ու շիտակ մարդիկ են, հեռու այժմյան թոհուբոհից, գողական «ռազբորկաներից» ու խոսակցություններից: Ույծեցիներից շատերը բարձրագույն կրթություն ունեն և հանրապետությունում շատ հայտնի մարդիկ են:

Սիսիանի շրջանի բոլոր գյուղերում տարիներ շարունակ ույծեցիներ են դասավանդել, դասավանդել են ու իրենց հետքը թողել այդ դպրոցների տարեգրության մեջ: Ասում են` ույծեցիները ինչ կրթություն էլ ստանան, գիտության ինչ բարձրունքի էլ հասած լինեն, երբեք իրենց բարբառից չեն հեռանում:

Պատմում են, որ Ույծից մի հայտնի բժիշկ իր գիտնական տղային ուղարկում է Մոսկվա, որ տղան իր լեզուն փոխի ու դասախոսություններն էլ գրական հայերենով կարդա: Անցնում են տարիներ, հայրը գնում է որդուն այցելության, սեղմում է դռան զանգը և դուռը բացում է բժշկի ռուս կինը: Հայրը բացատրում է, որ ինքը Ռուբիկի հայրն է: Կինը մոտենում է բազմոցին քնած ամուսնուն.

-Ուռուբիկ, էլի վեր, պապեն էկեր ա:

Փաստորեն ոչ թե Ռուբիկն էր իր լեզուն փոխել, այլ հարսին էր մեծ ոգևորությամբ սովորեցրել ուզերեն:

Իսկ անունների մասին չի կարելի ծիծաղով չհիշել. Օրինակ, շտանգենը գործիք է: Երբ ծնվել է ույծեցու որդին, շտանգենը հոր ձեռքին է եղել, և որդու անունը Շտանգեն են դրել, իսկ Յմադինը մեքենայի անուն է, Ալֆրեդը, Վոլտերը, Կոպերնիկոսը` հայտնի մարդկանց ազգանուններ: Պարիժը Փարիզի ռուսերեն տարբերակն է: Մեկը զանգում է Պարիժի կնոջը, հեռախոսը Պարիժն է վերցնում:

-Ալո, Պարիժը լսում է…

-Խոյ զանգել եմ Ուզ, ընկել ա Պարիժ…

Պապիկիս անուն էլ Ազնիվ է, նա էլ իր անվան պատճառով շատ քաշքշուկների մեջ է ընկել: Համալսարանի իրավաբանական ֆակուլտետում ընդունվածների ցուցակները կարդալիս առաջին կուրսեցիները մտածել են, թե իրենց կուրսում երեք աղջիկ կա: Երբ եկել է սեպտեմբերի մեկը, բոլորը անհամբեր սպասել են իրենց կուրսի 3 աղջիկներին, բայց դասի են եկել երկուսը: Հետո ազգանունները կարդալիս իմացել են, որ Ազնիվը ոչ թե աղջիկ է, այլ տղա: Իսկ ռուսերենի դասախոսը ստուգողական գրավորը հետ է ուղարկել և ամբողջ կուրսի առաջ հայտարարել է, որ մարդը սովորում է իրավաբանականում, բայց արական և իգական սեռը չի տարբերում: Օրինակ, «Վարդանյան Ազնիվ Բագրատովիչ»: Պապիկս հասկացել է, թե ինչու իր աշխատանքը չի ընդունվել, կանգնել է լսարանում և ասել, որ Ազնիվը ինքն է:

Ահա և մեր Ույծը` աշխարհից տարբերվող իր մարդկանցով ու սովորություններով:

Մենք տուն ենք կառուցում

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Ամենուրեք լաց ու աղաղակ էր, հուսահատ դեմքեր, փնտրող աչքեր, փլատակ շենքեր։ Խեղդող ծխի ու փոշու մեջ մայրը երեխային էր փնտրում, երեխան՝ վախեցած, մորը, քույրը՝ եղբորը, եղբայրը՝ քրոջը։ Պատճառը 1988-ի ավերիչ երկրաշարժն էր։ Տասնյակ հազարավոր մարդիկ մահացան, իսկ ովքեր էլ որ ողջ մնացին, վայրկյանների ընթացքում կորցրին այն ամենը, ինչ դիզել էին տասնյակ տարիների ընթացքում։ Այս  մարդկանց մեջ էին մտնում նաև հորս ու մորս ընտանիքները, որոնք ապրում էին Ստեփանավանում, և այս մասին իրենք են ինձ պատմել:

Հորս ընտանիքը,  տատիկիս եղբայրների ընտանիքները և քույրը երկրաշարժից հետո հացատանն են ապրել։ Հայրս պատմում է, որ իրենք նառերի (որտեղ որ հացն էն շարում) վրա  են քնել։ Մի անգամ էլ հերթական ցնցման ժամանակ բոլորը դուրս են փախել, իսկ այդ ժամանակ հայրս ու հորեղբայրս քնած են եղել։ Տատիկս էլ գնացել ա կողքները նստել ու լաց է եղել։ Բարեբախտաբար ոչ ոքի բան չէր պատահել։

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

1990-ական թթ․-ին  եկել են այստեղ (այսինքն` հիմա, որտեղ մենք ապրում ենք) ու ժամանակավոր տնակներ գնել։ Այստեղ է սկսել ապրել նաև մորս ընտանիքը։ Ինչպես հասկացաք, մորս ու հորս ընտանիքները հարևաններ են եղել։ Ինը տարի հետո ես եմ ծնվել։ Մենք նույնպես սկսեցինք ապրել այդ տնակներում, բայց ազնիվ խոսք, երբեք էլ չեմ զգացել դրանց ժամանակավորը։

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Տասնվեց տարի է անցել, ու այսքան տարվա ընթացքում մեր տուն ձեռք բերելու փորձերը ձախողվել են: Ամեն անգամ մի բան խանգարել է։ Նույնիսկ միտք կար, որ հայրիկս գնա արտերկիր` բնակարանի համար գումար վաստակելու, բայց ինչ-որ բան  հորս, և նաև մեզ հետ էր պահում, ինչ-որ բան  թույլ չէր տալիս գնալ: Միշտ մտածում էինք, որ ավելի լավ է ժամանակավոր կացարանում, սակայն բոլորս միասին լինենք: Գուցե դա հարազատ հողն ու ջո՞ւրն էին հետ պահում։ Չգիտեմ։  Բայց այն, որ հիմա հայրս մեր կողքին է, իսկ դա ամեն բանից վեր էր մեզ համար, և այն, որ մենք  հիմա մեր սեփական տունն ենք կառուցում մեր հարազատ հողի վրա, փաստ է։

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Շաբաթներ առաջ տեղեկացանք, որ մի կազմակերպություն կա` «Ֆուլեր», որն աջակցում է կիսակառույց տներ ունեցող ընտանիքներին, դրանք ավարտին հասցնել։ Որոշեցինք դիմել։ Մի քանի օր հետո մորս Երևանից զանգահարեցին ու որոշ տվյալներ իմացան։ Իսկ վերջերս, երբ դասից տուն  եկա, մայրս ասաց, որ մեկ անգամ էլ են զանգահարել, բայց այս անգամ արդեն Վանաձորից և տեղեկացրել, որ պետք է այցելեն մեզ ու ուսումնասիրեն մեր կիսակառույցը։ Հերթական անգամ, երբ  դասից տուն եկա, մայրս ասաց, որ օգնելու են մեզ։ Ես երևի այդ պահին աշխարհի ամենաերջանիկն էի, բայց զգացմունքներս զսպելով ուղղակի ասացի․

-Իրո՞ք, ինչ լավ ա։

Բոլորն ուրախացել էին։ Այժմ հարազատներով, բարեկամներով, ընկերներով հավաքվել ու սկսել ենք շինարարական աշխատանքները։  Ես էլ մայրիկենց եմ օգնում ուտելիքի պատրաստման գործում։ Բոլորին շնորհակալություն աջակցելու համար։

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Շինարարական աշխատանքները շարունակվում են։ Ես էլի կգրեմ, թե ինչպես ենք կառուցում մեր տունը մեր հայրենի քաղաքում: