Արդեն մի ամիս էր, ինչ մամայի հետ քննարկում էինք նվերների հարցը.
-Տե՛ս, Վահրամն ինչ ա ուզում, նամակ գրեք:
-Ես գիրք եմ ուզում՝ նոտաների ու ոչ միայն:
-Մանեին ի՞նչ առնեմ, որ դուրը գա:
-Նարեին խաղալիք առ:
Դեկտեմբերի սկզբից մաման սկսել էր ցուցակ կազմել, որի մեջ առանձնահատուկ տեղ էին գրավում մեր նվերները, նախ՝ Ձմեռ պապինը, հետո՝ իր կողմիցը: Վահրամը փոքր եղբայրս է, ինը տարեկան, ամբողջ սրտով հավատում է Ձմեռ պապին, և երբ ինչ-որ մեկը ասում է, թե Ձմեռ պապ չկա, նա սկսում է վիճել և հակառակը պնդել:
-Ախր սենց ինչքա՞ն, արդեն մեծ ա, մի օր պիտի՞ իմանա, թե՞ չէ:
-Ինչքան ուշ իմանա, էդքան լավ: Հենց իմացավ, մանկությունը կվերջանա:
-Էս վերջին տարին ա, դե, կտեսնես:
Մաման ամեն օր մի նվեր էր տուն բերում, իսկ ես զբաղեցնում էի եղբորս, որ չտեսներ մամայի ներս մտնելը, որ շարունակեր հավատալ, որ շարունակեր երեխա մնալ:
-Միամիտ ա, իսկական միամիտ:
-Է՜, մա՛մ:
Մի հարմար օր, երբ եղբայրս տանը չի լինում, նվերները զգուշությամբ տալիս ենք մեր բարի հարևանին, ում շնորհիվ ամեն տարի եղբայրս չի հասցնում Ձմեռ պապին տեսնել: Դա ծանոթ ցանկություն է, մի տարի, երբ դեռ երեխա էի, Ամանորի գիշերը բացել էի դրսի դուռը, կանգնել մուտքի մոտ ու սպասում էի Ձմեռ պապին: Նա այդպես էլ չեկավ, մինչև դուռը չփակեցի: Ես տարիներ հետո հասկացա, որ նրան միշտ էլ տեսել եմ: Մի օր եղբայրս էլ կհասկանա:
Այս տարի Ամանորը տատիկենցս տանը դիմավորեցինք՝ մեր մեծ ու լավ ընտանիքով, և ինչպես մեր հին Ամանորները, այս գիշերն էլ նմանվեց իսկական հեքիաթի:
-Արագացրեք, արդեն նախագահն ա խոսում:
-Էս որ սենց թողնեմ, կվառվի:
-Անջատի՛:
Արդեն տասներկուսն էր, բոլորս շնորհավորում էինք իրար, մեկ էլ դուռը թակեցին: Փոքրերը միանգամից վազեցին դուռը բացելու, մի անգամ էլ զարմացան, թե Ձմեռ պապը ոնց է այդքան արագ փախչում, և իրենց նվերները վերցնելով՝ եկան ներս: Տոպրակների մեջ ես միանգամից ճանաչեցի իմը, վերցրի և մի կողմ քաշվեցի: Սկսեցի հետևել փոքրերին, ովքեր անսահման երջանիկ ուսումնասիրում էին իրենց նվերները և հրճվում: Ես էլ բացեցի իմ տոպրակը, սկսեցի նայել նվերներս, իբր առաջին անգամ էի տեսնում:
-Միլե՞ն, քո Ձմեռ պապը ոնց որ գրադարանում ա աշխատում, հա՞,- ասում է հորաքույրս, որովհետև նվերներս հիմնականում գրքեր էին:
Տանը աղմուկ էր, բայց հաճելի, ինչը ինձ հիշեցրեց իմ մանկության մաքուր ու անկեղծ Ամանորները, երբ էլի Ձմեռ պապ կար, երբ էլի այսքանով էինք ու մի քիչ ավել, երբ էլի աղմուկ էր ու էլի հաճելի…
-Միլենը հուզվել ա՞:
-Վա՜յ, հա:
-Հլը ճիշտն ասա՝ ինչի՞ էր լացում:
-Ուղղակի շատ էր ջերմ:
-Ի՞նչը:
-Ամեն ինչը…


Սպիտակ մազերն ու երկար մորուքը մատնում էին նրա իրական տարիքը: Իսկ կնճիռներն ու աչքերի տակ գոյացած պարկերն ասում էին, որ նա երիտասարդ է ծերություն կոչվող թագավորությունում: Ֆիդայական մորուքը դեռ պատերազմ էր շնչում, բայց արտաշնչում միայն ու միայն խաղաղություն: Խոսում էր ամեն ինչից, պատմում իր գյուղից, իր պատանեկությունից: Հոգու խորքում հայտնված թախիծը, որն արտահայտված էր աչքերում, ասում էր, որ նա ամեն ինչ կտար այդ մաքուր չպղծված բնությունը նորից վայելելու համար, նորից այն գյուղ գնալու, որտեղ ծնվել ու մեծացել էր: Բայց այն, ինչ չէին արել քաղաքային փոշին ու գործարանները, արեց թշնամին՝ փակելով դրախտը բոլոր կողմերից: Աչքերում հայտնված թախիծը կարոտի ու անհասանելիության խառնուրդ է: Յուրաքանչյուր պահի համար մի ավանդական խորհուրդ կար լեզվի տակ, մի խրատ, որ խորհրդավորություն էր մտցնում սովորական, առօրյա զրույցների մեջ, որը լսել և չանել չէինք կարող, քանի որ ոչ թե վախենում, այլ հարգում էինք նրան և այն ճշմարտությունը, որը թաքնված էր նրա խոսքերի մեջ, այն ճշմարտությունը, որը զերծ էր պահում մեզ տարբեր ստերից: Յուրաքանչյուր մանկանան «հանցագործություն» կամ պատանեկան «անօրինություն» պատասխան էր ստանում շատ հանգիստ և ուսուցողական կերպով: Զարմանալի է՝ պատերազմի թոհ ու բոհի մեջ թրծված այդ մարդը մեր՝ իր երեխաների հետ զրուցելիս և այդ զրույցներով մեզ դաստիարակելիս դառնում էր մի ուրիշ մարդ. պատերազմի ընկերները նրան տանը տեսնեին, երևի չճանաչեին, որ ինքն է:
