juli abrahamyan

Ես պատրաստ չեմ

Իմ սերունդը անցումային սերունդն է: Ինչ-որ բանի համար մենք չափից դուրս փոքր ենք, բայց այ, դրա կողքի բանի համար չափից դուրս մեծ ենք: Իմ թվականը չի տեսել 90-ականների խաղերի սկիզբը, հարաբերությունները, բայց հոգին նույնն էր: Ես չեմ մեծացել բլոգերների կամ էլ ժամանակակից հեռախոսների հետ, բայց չգիտես` ինչու, ավագ սերունդը միշտ ինձ հենց դրանց հետ է ասոցացնում:

Ինչևէ, այսօր ես բնավ էլ չեմ խոսի իմ սերնդի, տարիքային խմբերի ու անցումային շրջանների մասին. դրանց մասին առանց այդ էլ չափից դուրս շատ են խոսում: Մենակ կասեմ մի բան` ծերանում ենք, ժողովուրդ:

Ոչ, չենք ծերանում սպիտակ մազերով, կնճիռներով, դա կամաց-կամաց է լինում: Ծերանում ենք քիչ-քիչ: Այսօր տասնվեց ես, իսկ վաղն արդեն քառասունն աչքով է անում:
Դեպրեսիայի նոր փուլը, որը եղավ գարնանը, ինչին ես ընդհանրապես պատրաստ չէի, մեջքից դանակով հարվածեց երթուղային տրանսպորտում, երբ ինձ առաջին դասարանի երեխան տեղ տվեց` ասելով.

-Անցեք, նստեք:

Լավ, հերիք չի տեղ տվեց, մի հատ էլ` «նստԵՔ»: Ախր, առաջին դասարանի երեխա, որի պայուսակն իրենից ծանր է, ինձ տեղ տվեց: Ես, իհարկե, նստեցի, որովհետև չափից դուրս հոգնած էի (հոգնածության պատճառներն իմանալու համար կարդալ նախորդ նյութերս, ծանոթանալ հումանիտար հոսքի վշտին ու սլենգին), բայց ինձ նայող յոթից ութ զույգ աչքերը դա չէին հասկանում:

Մի խոսքով, ես մտքումս շնորհակալությունների տեղատարափ սկսեցի առաջին դասարանի հերոսի համար, բայց բարձրաձայն ասացի.

-Մերսի:

Նստեցի ու մեկ-երկու կանգառ հետո ինքս ինձ ասացի` վայ քո: Այ, այստեղ էլ սկսվում է իմ պատմությունը:

Բավականին անտրամադիր հասա տուն, մի կողմ դրեցի իրերս ու նստեցի բազկաթոռին` խորհելու նպատակով: Ստացվում է ի՞նչ` ես հիմա տասնվեց տարեկան եմ, համարյա տասնյոթ, այսինքն` մեկ տարի ու մի քանի ամիս հետո ես չափահաս եմ, ինչն իր հերթին նշանակում է, որ չեն լինի «էս անչափահասն ով ա» անհամ կատակներ, ինձ վերջապես նոր տարվա համար գինի կվաճառեն խանութներում, ու «էդ նեղ մաջալին» մայրս կամ էլ հայրս ստիպված չեն լինի իջնել խանութ, գրադարաններում կներկայացնեմ արդեն անձնագիր, ու ամենակարևորը` կունենամ ստորագրություն:
Դրամատիկ, սառած հայացք ու լռություն:
Հետևություն. ես պատրաստ չէի երթուղային տրանսպորտում նստելուն, իսկ դա հանդիսացավ իմ մտահոգությունների պատճառը, բայց ինչպես առանց ոչ մի իմաստի` կասեր մեր առաջին հարկի հարևանը յոթից ութ տարեկան տղա երեխաներին.

-Աբրածն աբրած ա, երեխեք ջան:

mane tonoyan

Ինչո՞ւ ենք մենք թախծում…

Թախիծը բնորոշելը շատ դժվար է: Այդ զգացողությունը մշուշոտ մի բանի է նման: Թախծի ժամանակ մարդը կարծես մի տեսակ մեկուսանում, առանձնանում է շրջակա աշխարհից: Շուրջդ կատարվող իրադարձությունները կարծես քո կողքով են ացնում: Թվում է, թե մի վարագույր առանձնացրել է քեզ ներկայից, այնպես, որ քո ուշադրությունը ավելի շատ «քո անցյալն է փորփրում», քան նկատում է ներկան, դու կենտրոնանում ես թախծի վրա:

Թախծելիս փոխվում է մեր հոգեվիճակը, սակայն, դժվար է ասել` ավելի շատ տխրում ենք, թե ուրախություն զգում: Բոլորին հայտնի է «լուսավոր թախիծ» արտահայտությունը: Եթե որոշ գիտնականներ թախիծը համարում են հուզական մի վիճակ, հույս, որը ավելի շատ բացասական զգացողությունների է հարում, ապա կան նաև այն կարծիքի կողմնակիցները, որ գոյություն ունի «լուսավոր թախիծ» ևս: «Լուսավոր թախիծ» մարդը սովորաբար զգում է վերհուշի ժամանակ, երբ հյուր են գալիս այն անցած իրադարձությունները, որոնցում դրական երանգներ կան:

Յուրաքանչյուրս էլ ժամանակ առ ժամանակ թախծում ենք: Դժվար է ասել` որ տարիքի մարդիկ են ավելի շատ թախծում: Վաղ և միջին մանկությանը թախիծն այնքան էլ բնորոշ չէ: Սակայն պատանեկության շրջանում տեղի ունեցող հոգեկան փոփոխությունները մեզ «սովորեցնում են թախծել»: Նախևառաջ, պատանեկության տարիքում մարդը արդեն ունի կյանքի փորձի զգալի պաշար, որը արդեն իսկ հիշողութունների, վերհուշների, անցյալի նկատմամբ քննադատական մտքերի առաջացման աղբյուր է: Բացի այդ, փոփոխված մտածողությունը հանգեցնում է կյանքի նկատմամբ փիլիսոփայական աշխարհայացքի զարգացմանը, պատճառները` կյանքի փորձը, մտածողության փոփոխությունը ավելի են նպաստում թախծի առաջացմանը:

Իսկ ինչի՞ համար է թախիծը:

Թախիծը թեև տևողությամբ և հաճախականությամբ պակաս արտահայտվող հույզ է, սակայն դրան ևս պետք է պատրաստ լինել դիմավորել: Թախիծը պետք է կարողանալ ընդունել և հանդուրժել: Այն հեշտ հույզ չէ, սակայն հարուստ է փորձով, հիշողություններով: Պետք է կարողանալ պարզապես հասկանալ, թե ինչու ենք մենք այդքան հաճախ թախծում այս կամ այն իրադարձության շուրջ, ինչն է մեզ հատկապես տխրեցնում, զայրացնում, ուրախացնում այդ իրադարձություններում, այլ կերպ` փորձել հույզի ներսում հասկանալ միտքը:

Թախծի հիմքում ընկած մտքերը հաճախ վարքը վերափոխելու, ապագայում այլ կերպ վարվելու մեծ խթան են հանդիսանում: Ամենակարևորը` ասելով «բարև, թախի´ծ»` մենք պետք է փորձենք հասկանալ այն և անպայաման, անպայաման չմոռանանք ասել ` «հաջողությու˜ն, թախիծ»:

hripsime vardanyan

Մեկ տարվա դադարից հետո

Իմ լավ ընկերներից մեկը մի անգամ ասաց ինձ, որ ես պետք է գրեմ: Եվ ոչ միայն ես, այլ նաև մնացած բոլորը: Գրելով մենք արտահայտում ենք մեր մտքերը, պատմում ենք մեզ հետ պատահած զարմանալի կամ հետաքրքիր դեպքերը` տեղեկացնելով մարդկանց մեր կյանքի մասին: Նա ասաց, որ հոդվածների շնորհիվ որոշ մարդիկ կստանան շատ հարցերի պատասխաններ, կհասկանան մեր արարքների նպատակը և մեզ ավելի լավ կճանաչեն:

Բավականին երկար ժամանակ էր, ինչ չէի գրել: Գրեթե մեկ տարի: Այս մեկ տարվա ընթացքում շատ բան է փոխվել: Կարող եմ ասել, որ ամեն ինչ է փոխվել:

Դպրոցն ավարտելուն պես ընդունվեցի Երևանի պետական մանկավարժական համալսարանի Ռուսաց լեզվի և գրականության բաժին: Ամբողջ ամռան ընթացքում սպասում էի, թե երբ է գալու սեպտեմբերը, երբ է սկսվելու այն նոր կյանքը, որի մասին այդքան լսել եմ:

Սեպտեմբերի 3: Իմ առաջին օրը համալսարանում որպես ուսանող: Ամբողջ օրը քայլելուց և շնորհավորանքներ լսելուց հետո վերադարձա տուն: Առաջին խոսքերը, որոնք տանեցիները լսեցին ինձանից, այն էր, որ ես այլևս համալսարան գնալու միտք չունեմ: Ասացի, որ համալսարանում անցկացրած մեկ օրը ինձ լրիվ բավական էր: Չգիտեմ՝ ինչու էր այդպես: Սակայն մի քանի օր անց, երբ ծանոթացա կուրսընկերներիս և դասախոսներիս հետ, հասկացա, որ հապճեպ որոշումներ կայացնել և կարծիք կազմել պետք չէ:

Այս մեկ տարվա ընթացքում երևի մեկ միլիոն անգամ մտածել եմ այն հարցի շուրջ` արդյո՞ք ճիշտ որոշում եմ կայացրել՝ ընտրելով հենց այս մասնագիտությունը կամ հենց այս համալսարանը: Մտքերս ինձ հանգիստ չէին տալիս, սակայն ինչ-որ ժամանակ անց հասկացա, որ ես հենց այնտեղ եմ, որտեղ պետք է լինեմ և կատարել եմ ճիշտ ընտրություն:

Հիմա կարդում եմ հոդվածս և հասկանում, որ գրելու կարիք էի զգում դեռ վաղուց:

Լուսանկարը` Անուշ Մուրադյանի

Վանաձոր, 24-ը ապրիլի

Լուսանկարը` Սեդա Մխիթարյանի

Քարինջ գյուղը

Լուսանկարը` Սեդա Մխիթարյանի

Լուսանկարը` Սեդա Մխիթարյանի

Գյուղը իր ճանապարհի նման է. քարքարոտ ու տխուր։

Ճանապարհին հանդիպող ամեն ոլորանից հետո թվում է, որ ճանապարհը ավարտվեց, ու արդեն հասար գյուղին։ Բայց հենց այդ ոլորանի վերջում մի նոր այդպիսի ոլորան է սկսվում։ Այս գյուղի ճանապարհը` որպես այս բառի հիմնական իմաստ, ավարտվում է գյուղից դեռ շատ հեռու մի տեղ։ Ու շարունակվում է որպես արահետ, գիծ, ծիր, բայց ոչ ճանապարհ։

Լուսանկարը` Սեդա Մխիթարյանի

Լուսանկարը` Սեդա Մխիթարյանի

 

Ու դժվար ճանապարհի նման ձգվում է նաև այս գյուղում ապրող մարդկանց կյանքը։ Մարդկանց, որոնց թիվը գնալով ավելի քիչ է դառնում։ Այս գյուղը Քարինջն է՝ Լոռու մարզի փոքր գյուղերից մեկը, որը ունի մոտ 700 բնակիչ։

Լուսանկարը` Սեդա Մխիթարյանի

Լուսանկարը` Սեդա Մխիթարյանի

Փաստացի տվյալներով գյուղի բնակչությունը համարյա չի փոխվել, բայց երբ քայլում ես ու տեսնում, որ կողպված դռներով տները այնքան էլ քիչ չեն, հասկանում ես, որ մարդիկ գնացել են։ Լավ կյանքի ձգտումով թողել են այս քարքարոտ գյուղն ու հեռացել։ Քարինջ գյուղը հիմնադրվել է 1800-ական թվականներին։ Սակայն կան աղբյուրներ, որ գյուղը եղել է ավելի վաղուց։ Քարինջում եղել է բնակատեղի, որն անհայտ պայմաններում անապատացել է ու դարձել «խարաբա»` անբնակ տարածք։ Բնակիչները պատմում են, որ հետագայում`1800-ականներին, հարևան Մարց գյուղից 5 ընտանիք եկել ու վերաբնակեցրել է գյուղը՝ «շելլիգ են արել խարաբեն»։ Այս բառերով է կազմված այն փաստաթուղթը, որի տակ ստորագրել են այդ 5 ընտանիքների ներկայացուցիչները։

Գյուղի անվան հիմքում էլ քար արմատն է։

Լուսանկարը` Սեդա Մխիթարյանի

Լուսանկարը` Սեդա Մխիթարյանի

Բնակիչները պատմում են, որ երբ Մարց գյուղից եկել են Քարինջի տեղանքը նայելու և հետ են գնացել Մարց, բնակիչները հարցրել են, թե ինչ կար այդ գյուղում, ուսումնասիրողներից մեկը պատասխանել է` քար, ի՞նչ։ Հենց այսպես էլ կոչել են գյուղը։ Ու իրոք, այստեղ բացի քարից, այլ բան գտնելը մի քիչ դժվար է, իհարկե, չհաշված գեղեցիկ բնությունն ու հյուրասեր բնակիչներին։

Նախկինում քարինջեցիները հենց այս քարի շնորհիվ էլ կարողանում էին վաստակել իրենց ապրուստը։ Կային քարհանքեր, որոնց շնորհիվ աշխատատեղեր կային ու բավականին լավ շահույթ։ Այսօր գյուղում գործում է միայն երկու քարհանք, որոնք նախկին թափն ու հզորությունը չունեն։

Քարինջի բնությունը անտարբեր չի թողել մեծն Մարտիրոս Սարյանին։ Սարյանը Դսեղում հյուրընկալվել է Թումանյանին։ Այնտեղից տեսել է Քարինջն ու նկարել։ «Քարինջ գյուղի կոլտնտեսությունը Թումանյանի լեռներում»՝ այսպես է կոչվում կտավը, որն այժմ տպված է 5000-անոց թղթադրամի դարձերեսին։

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն է։ Բայց սա այնքան էլ շահութաբեր չէ, քանի որ չկան լայնարձակ արոտավայրեր կամ խոտհարքեր։ Ահա, այս պատճառներով էլ դռների վրա կողպեքներ են հայտնվում։

Լուսանկարը` Սեդա Մխիթարյանի

Գյուղը 2016 թվականին մասը դարձավ Թումանյան խոշորացված համայնքի։ Խոշորացումից հետո բազմաթիվ փոփոխություններ եղան, որոնք բնակիչների մի մասը դրական է համարում, մյուսները դժգոհում են։ Օրինակ, աղբահանության հարցը լուծվեց, բայց բնակիչների մի մասը հրաժարվում է ամսական գումար մուծել, որպեսզի այդ աշխատանքները լավ կատարվեն։

2018-ի ամռանը գյուղի երիտասարդները փորձեցին օգտագործել Քարինջի չքնաղ բնության գործոնը ու զարկ տալ զբոսաշրջությանը։ Գյուղ այցելած մարդկանցից առաջին խոսքերը, որ կարելի էր լսել, դժգոհություններն էին ճանապարհից և հիացմունքը՝ նույն այդ ճանապարհով։ Ճանապարհի շուրջը բնությունը իրոք հիացնող է, բայց միայն գեղեցկությունը քիչ է, մարդիկ նաև հարմարավետություն են փնտրում։ Այո, քարինջեցու կյանքը հարմարավետ չէ։ Այս տարի բնակիչների դժվարությունները կրկնապատկվեցին աշնանը տեղացած ուժեղ կարկուտի պատճառով։ Գյուղում սարքին տանիքներ գրեթե չկային, այգիները, ծառերը ջարդվել ու ավերվել էին։

Լուսանկարը` Սեդա Մխիթարյանի

Լուսանկարը` Սեդա Մխիթարյանի

Այժմ Քարինջի հին ու կղմինդրե տանիքները, որոնք ինչ-որ չափով նաև կոլորիտ էին ապահովում, փոխարինվել են մետաղյա ու փայլուն թիթեղով։ Քարինջեցիները հույսը չեն կորցնում, նրանք հավատում են, որ անպայման մի օր իրենք էլ կունենան ասֆալտապատ ճանապարհ, փողոցային լուսավորություն ու կարևորը՝ ավելի բարեկեցիկ կյանք։

mariam yavrumyan

25 րոպեով

Ընդհանրապես զբոսնել չեմ սիրում, բայց չափազանց հագեցած (դե, ոչ դրական առումով) օր էի ունեցել, ու գլուխս ինչ-որ անհասկանալի նոպայով էլի ցավում էր։ Ուրեմն մաքուր օդ էր պետք։ Բնականաբար, ընկերներիցս ոչ ոք չեկավ հետս, որովհետև չափից դուրս ձանձրալին եմ։ Երկար ու լիքը մտածելուց հետո հասկացա, որ մենակ պետք է դուրս գամ։

Դուրս եկա ու ընտրելով ամենախառը ու երկար ճանապարհը՝ հասա այգի։ Այգին արագ անցա, որովհետև զզվելի էին աղմուկը, շատրվանների ձայները, փոփ-քորնի հոտն ու ընդհանրապես, ամեն ինչ։ Անգամ ոտքի տակ ընկնող համով երեխեքը, որոնց սովորաբար ժպտում եմ, ազդեցին նյարդային համակարգիս վրա։

Տեսա լիքը մարդկանց, ում չպետք է տեսնեի, ու այգուց վերջապես պրծա։

Հիմա փողոցն էր՝ անգույն, անմարդաբնակ ու մոխրագույն տրամադրություն փոխանցող։ Անբացատրելի հանգիստ զգացի ու մի պահ չգիտեմ՝ ինչի, հիշեցի, որ կատարյալ հանգստության համար պետք է մարմինդ ու հոգիդ ներդաշնակ լինեն։ Իրականում չգիտեմ՝ ինչ է նշանակում, բայց հաստատ զգացի դրա իմաստը։ Հիմա որ վերլուծում եմ, հասկանում եմ, որ ուղղակի միտք էր, որ սահեց ու անցավ։ Իսկ մոռացված միտքը երբեք ինչ-որ դարակում չի պահվում։ Կորչում, գնում է։ Իսկ այդ ժամանակ ես ինձ ներդաշնակության վերջին փուլում էի զգում։

Մտա շենքի մուտք ու պատշգամբից մի քիչ էլ իդեալականություն խլելով՝ շնչեցի երբևէ ամենամաքուր օդը։ Հետո մտա տուն ու զգացի, որ գլխիս ցավն ընդամենը 25 րոպեով ու հրաշքով անհետացել էր։

«Բնության գրկում»

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

Ապրիլի չորսին Եղեգնաձորի պատկերասրահում տեղի ունեցավ գեղանկարիչ Մհեր Հարությունյանի «Բնության գրկում» խորագիրը կրող ցուցահանդեսը։

Մհեր Հարությունյանը ծնվել է 1976 թվականին Գնդեվազ գյուղում։ 1986-1990 թվականներին սովորել է Ջերմուկի արվեստի դպրոցում։ 1991-1995 թվականներին սովորել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարի բաժնում։ 1996-2002 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարչության բաժնում։ Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների, և այս ցուցահանդեսը դրանցից մեկն էր։

Ցուցահանդեսի ներկաների թվում Վայոց Ձորի մարզպետի տեղակալ Նանե Բագրատունին էր, որը շնորհավորեց գեղանկարչին և իր սրտի խոսքն ասաց.

-Ես վերջերս տեղեկացա, որ գեղարվեստի թանգարանում նույնպես բացվել է գեղանկարիչ Մհեր Հարությունյանի ցուցահանդեսը։ Շատ ուրախ եմ, որ մեր մարզի ստեղծագործող անձինք ոչ միայն այստեղ, այլ նաև ավելի լայն հարթակներում ներկայանալու հնարավորություն ունեն։ Գարունները հայ ժողովրդի համար դժվար ու հետաքրքիր են։ Ջերմուկում գարունները ձնառատ են լինում, հետո բնությունը շռայլ է գտնվում, և մենք այժմ կտավներին նայելով՝ վայելում ենք Վայոց Ձորի բնության հրաշքները։ Ես վստահ եմ, որ արվեստագետների գործը ամենակարևորն է, որովհետև նրանք տպավորվում, ընկալում և վերաիմաստավորված անգնահատելի կտավներ են փոխանցում սերունդներին։ Այն ժառանգությունը, որ թողնում են արվեստագետները՝ հանձինս այս կտավների, շատ ավելի երկար են պատմելու մեր Վայոց Ձորի մասին, մեր բնության մասին։

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

Այնուհետև խոսքը փոխանցվեց Ջերմուկի պատկերասրահի տնօրեն Վարդան Ավետյանին։

-Ես եկել եմ այստեղ՝ ներկայացնելու գեղանկարիչ Մհեր Հարությունյանին իմ աչքերով։ Այնպես, ինչպես մարդկանցից յուրաքանչյուրն է անհատականություն, այդպես էլ յուրաքանչյուր նկար իր առանձնահատկությունն ունի։ Եթե յուրաքանչյուր մարդ նույն նկարը նկարի, նա իր տեսածն է վերարտադրելու, իր գույներով։ Ես շատ կարևոր եմ համարում պրոֆեսիոնալիզմը բոլոր առումներով և բոլոր մասնագիտությունների մեջ։ Եթե բժշկության մեջ բժիշկը պրոֆեսիոնալ չեղավ, նրան ոչ ոք չի վստահի իր առողջությունը։ Իսկ գիտե՞ք՝ ինչքան լավ է, երբ իր գործում պրոֆեսիոնալ է արվեստագետը, տվյալ դեպքում՝ գեղանկարիչը։ Հարգի է և մնայուն այն նկարիչը, որը անցել է պրոֆեսիոնալ ճանապարհ և իր աշխատանքները կարողանում է ներկայացնել պրոֆեսիոնալ մակարդակով։
Ինչպես ասում է մեծ արվեստաբան Շահեն Խաչատրյանը՝ նկարիչը նկարիչ է անպայման, երբ կարողանում է առաջին հերթին իր զգացածը վերարտադրել կտավի վրա։
Նկարիչ են նրանք, ում բնությունը այդ կոչումը տվել է, և իրենք իրենց սովորած, անցած ճանապարհը համադրում են այդ տաղանդի հետ։
Մհեր Հարությունյանը այն եզակի նկարիչներից է, որը միշտ զարգացնում է իր նկարները, զուգահեռ օգտվում է գրականությունից, անընդհատ կարդում է, նկարում է, և այդ ամբողջը համակցում է իրար՝ արդյունքում ստանալով իրական նկարներ։
Ես սրտանց շնորհավորում եմ Մհեր Հարությունյանին՝ այս ցուցահանդեսի առթիվ։

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

Իսկ հետո խոսեց գեղանկարիչ Մհեր Հարությունյանը.

-Երբ նկարը դրված է արվեստանոցում, մենք նայում ենք։ Ես նայում եմ նկարներին, շատ ժամանակ հիանում եմ, շատ ժամանակ դրանք ինձ դուր չեն գալիս։ Նկարներ են լինում, որոնք տարիներով մնում են մի անկյունում դրված, բայց երբ նկարները կախում ես ցուցասրահում և տեսնում ես, որ մարդիկ եկել և նայում են նկարները, գնահատում են աշխատանքներդ, ինչ-որ հարազատ մի բան են գտնում նկարներում, հենց այդ ժամանակ է, որ քեզ բավարարված և գնահատված ես զգում։ Ցուցահանդեսները շատ լավ առիթ են այն մարդկանց համար, ովքեր հետաքրքրված են արվեստով։ Նայում ու տեսնում ես, որ հարազատներդ, ընկերներդ և շատ մարդիկ են եկել ցուցահանդեսդ նայելու, և միտք է առաջանում ավելի շատ ցուցահանդեսներ կազմակերպելու։
Ես շատ ուրախ եմ, որ կան պատկերասրահներ, որոնցում ցուցադրվում են տարբեր նկարիչների աշխատանքները։
Շնորհակալություն եմ հայտնում Եղեգնաձորի պատկերասրահի աշխատակիցներին, որոնք աջակցեցին ինձ, և հնարավորություն ունեցա մեր մարզում կազմակերպելու իմ գեղանկարների ցուցահանդեսը։

Ներկաների թվում էր նաև Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը։
Բոլոր ներկաները շնորհավորեցին գեղանկարչին ցուցահանդեսի կապակցությամբ՝ մաղթելով բազմաթիվ հաջողություններ։

«Նոր հայացք գրքին»

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Ամփոփվեց Գևորգ Տեր-Գաբրիելյանի «Անաստված կինո թատրոն» գրքի անդրադարձների մրցույթը:

Ապրիլի հինգին «Մանանա» կենտրոնում կայացավ Գևորգ Տեր-Գաբրիելյանի «Անաստված կինո թատրոն» գրքի անդրադարձների մրցույթի ամփոփումը: Ամփոփմանը հրավիրված էին անդրադարձների հեղինակները, գրականագետներ, գրողներ, լրագրողներ, ընթերցասրներ, ինչպես նաև գրքի հեղինակը` Գևորգ Տեր-Գաբրիելյանը:

Մրցույթին ներկայացված աշխատանքները հրապարակվել էին 17.am կայքում:

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Եվ այսպես, ժյուրին ամփոփոփեց մրցույթը: Ինչպես իրենք խոստովանեցին` ընտրել լավագույն աշխատանքները, անչափ բարդ էր: Նախ, որովհետև չկային նախապես ընդունված հստակ չափորոշիչներ: Սա առաջին փորձն էր` գրքի վերլուծություն առաջարկելու պատանիներին և երիտասարդներին` թողնելով նրանց ազատ: Մրցույթի խորագիրն էլ հաստատում էր ազատության մեծ չափաբաժինը` «Նոր հայացք գրքին»:

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Մի խումբ երիտասարդներ, ովքեր, թվում է՝ որոշել են ապացուցել, որ «էս սերունդը» իրականում այնքան էլ հեռու չէ գրքերից, որքան մեծերն են մտածում, հավաքվել էր «Մանանա» կենտրոնում՝ խոսելու գրքերից, գրականությունից ու գրաքննադատությունից։

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Հայաստանի պատանի թղթակիցների և, առհասարակ, ընթերցասեր երիտասարդների գրախոսությունները, էսսեներն ու անդրադարձները գնահատվեցին մասնագիտական ժյուրիի կողմից: Նախ, բոլոր մասնակիցները շնորհակալագրեր ու նվերներ ստացան մրցույթին մասնակցելու համար, իսկ հաղթող ճանաչվեցին.

Վարդգես Ավագյանը` 1-ին տեղ,

Սեդա Մխիթարյանը` 2-րդ տեղ,

Նաիրա Ջիվանյանը` 3-րդ տեղ,

Մարինե Իսրայելյանը` 3-րդ տեղ,

Անահիտ Բաղշեցյանը` խրախուսական մրցանակ:IMG_4894

Գևորգ Տեր-Գաբրիելյանը իր կողմից էլ սահմանել էր մրցանակներ իրեն ամենից առավել դուր եկած անդրադարձների հեղինակներին`

Անի Ավետիսյանին,

Անուշ Աբրահամյանին:

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

«Մանանա» կենտրոնի տնօրեն Ռուզաննա Բաղդասարյանը իր խոսքում նշեց, որ այս մրցույթը նախ և առաջ նպատակ ունի դրդել երիտասարդությանը՝ կարդալ ժամանակակից գրականություն և կարողանալ թարմ ու նոր հայացքով քննել գիրքը, առհասարակ արվեստի գործերը: Ինչպես ժյուրիի անդամ, արձակագիր Սուսաննա Հարությունյանն էլ նշեց, գրողի համար շատ կարևոր է լսել ընթերցողի կարծիքը, կարդալ երիտասարդների անդրադարձները, և խիստ կարևոր է գրող-ընթերցող այս երկխոսությունը դարձնել շարունակական:

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Ժյուրիի նախագահ Թադևոս Տոնոյանն էլ նշեց, որ գրագետ հեղինակ ունենալուց առավել կարևոր է գրագետ ընթերցող ունենալը, իսկ այս նախաձեռնությունը վստահություն է ներշնչում, որ գրագետ ընթերցող այսօր կա։

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Հանդիպումը նաև առիթ էր՝ գրքի սահմաններից դուրս ճանաչելու հեղինակին, ուղղելու հարցեր, որոնք, գուցե առաջացել էին մասնակիցների շրջանում ընթերցանության ընթացքում։ Եվ, ինչպես անդրադարձներում, այնպես էլ սեղանի շուրջ մրցանակաբաշխությունից հետո, շարունակվեց ազատ և անկաշկանդ զրույցը հեղինակի հետ գրքի, առհասարակ ժամանակակից հայ գրականության խնդիրների մասին:

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Ամենից շատ քննարկվող թեմաներից էր ժամանակակից գրականության լեզվի հարցը։ Գևորգ Տեր-Գաբրիելյանի խոսակցական լեզուն՝ գրականության մեջ և գրականը՝ առօրյայում, կարող էր զարմացնել ընթերցողին։ Մինչդեռ նա համոզիչ պատասխան ունի․

-Գրական լեզուն գրական գործերում արհեստականություն է ստեղծում, հեռացնում ընթերցողին գրքից, իսկ բանավոր խոսքում այդ խնդիրը չկա, որովհետև անկեղծությունը ցույց տալու այլ եղանակներ կան:

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Բայց սեղանի շուրջ միայն գրական հայերենով գրողները չեն, որովհետև, ինչպես ասաց Գևորգ Տեր-Գաբրիելյանը՝ ամենակարևորը լեզուն չէ, այլ այն նյութը, որ մատուցելու ես լսարանին, և այն, թե ինչպես ես պատրաստվում մատուցել։

Արձակագիր Սուսաննա Հարությունյանի համար էլ առավել ընդունելի է գրական լեզվով գրել հեղինակի խոսքերը, իսկ հերոսները կարող են նաև խոսակցականով խոսել։ «Հերոսները կարող են այնպես անել, որ ստեղծագործության անկեղծությունը չկորչի»,- ասում է նա։

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

 

Բանաստեղծ, գրականագետ, ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Թադևոս Տոնոյանը, սակայն, ժամանակակիցների՝ գրական հայերենի օգտագործման տեսակետներին վերապահումներով է մոտենում։ Չնայած, միաժամանակ ասում է, որ մեր դասական դարձած գրողներից շատերն էլ չեն գրել գրական հայերենով։

-Այսօր արդեն ասում եմ՝ կարևոր է գրել ոչ թե գրական հայերենով, այլ հայոց լեզվով։

Գևորգ Տեր-Գաբրիելյանի ստեղծագործություններում գաղափարական, բովանդակային ու ոճական և նույնիսկ՝ ֆիզիկային վերաբերող էլի շատ հարցեր հնչեցին։ Օրինակ, պարզվեց, որ ֆանտաստիկ թվացած «լոգոֆիլ» սարքի հիմքում ամենևին էլ ֆանտաստիկան չէ, այլ զուտ գիտական հայտնագործություն, որը հեղինակը «հարմարեցրել է» «Յաթաղան սինդրոմի» գաղափարին։ Իսկ «Ինսպեկցիան ինչպես որ կա» գործի մասին խոսելիս ասաց, որ մի ժամանակ (երևի նաև այն ժամանակ, երբ գրում էր գործը) բացարձակ ճշմարիտ էր համարում այն, որ որևէ երկրում (ինքն ապրել է վեց երկրներում) իշխանությունը չի կարող լավը լինել։ Իսկ այսօր՝ Հայաստանում, ասում է, սկսել է մտածել, որ բացարձակ ճշմարտություններ չպիտի լինեն մարդու համար։

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Մի հարցում թե մասնակիցները, թե հյուրերն ու ժյուրին համամիտ էին. մրցույթը պետք է լինի շարունակական, երիտասարդ ընթերցողների «դատին» պետք է հանձնվեն ժամանակակից գրողների ստեղծագործությունները:

Գրական քննադատության զարգացմանն ու ժամանակակից գրականության տարածման ուղղված առաջին միջոցառումը նաև սկիզբն էր հաջորդ նման նախաձեռնության մեկնարկի։

Եվ այսպես, «Նոր հայացք գրքին» մրցույթը շարունակվում է: Առաջիկայում կհրապարակենք նոր գրքի անդրադարձների մրցույթը, հետևեք մեզ:

mane. minasyan

19-րդ գարունս

1,2,3… Իմ կյանքի 3-ը: Ինձ կյանք տվող 3-ը: Այն 3-ը, որ ընտանիքս էլ դարձրեց 3:

19 տարի առաջ՝ հայրիկիս ծննդյան օրը ծնվեցի ես: (Հայրիկիս 3-ն էլ է հատկանշական: 3-րդն է երեխաներից):

Ասում են` ծնունդս սպասված է եղել: Ասում են՝ ծնունդովս փոխել եմ ինչ-որ բան:

Փոքր տարիքից սիրել եմ այդ օրը: Բայց… Այս անգամ, երբ դառնում եմ 19, հասկանում եմ, որ էլ չկա առաջվա սպասումը, որ էլ չեմ ջնջում մարտն արագությամբ, որ գա ապրիլը՝ իմ ապրիլը:

Բայց եթե փորձեմ մի քանի բառով ամփոփել 18-րդ գարունս, կասեմ, որ ունեցել եմ կորուստներ, այն էլ անդառնալի: Միևնույն ժամանակ, վերելք եմ ապրել: Հա, իրոք զգում եմ, որ 18-ում սկսեցի ճանաչել մարդկանց. փորձեցի չնվիրվել, չհավատալ ու չվստահել բոլորին:

Վերելք եմ ապրել մասնագիտական առումով:

Հասկացա, որ լրագրությունը միայն սիրուն հարցազրույցներն ու ակնարկները չեն:

Գրեցի խնդրահարույց նյութեր, բարձրացրի ձայնս:

Շատերն են փորձում ինձ կոտրել, բայց հարգելիներս, պատրաստվում եմ ձեզ հիասթափեցնել:

Չեմ կոտրվելու, չեմ վախենալու ու էլ ավելի մեծ քայլերով եմ առաջ գնալու:

18-րդ գարնանս հեղափոխվեցի ու հեղափոխեցի: Ապրեցի հեղափոխություն:

Առաջին անգամ ընտրեցի ու ասեմ ավելին, շտկեցի ընտրական կեղծիքներ:

Այո, 18-ում ես մեծացա, ու մեծացավ աշխարհայացքս:

18-ում հասկացա, թե ի՞նչ է նշանակում նայել կյանքին սև ու սպիտակ ակնոցով:

18, շնորհակալ եմ քեզ տվածդ կյանքի դասերից: Խոստանում եմ 19-ում կիրառել ու կատարելագործվել:

Բարով ես եկել, 19:

Հ.գ Պապ ջան, շնորհակալ եմ, որ ծնվեցիր, ու քո ծնունդով ինձ էլ կյանք տվեցիր:

Բարով ենք ծնվել: