mariam gevorgyan yerevan

Անցյալից երկու քայլ առաջ

Վերջերս նկատել եմ, որ ժամանակը չի հերիքում, ինձ՝ հաճախ գրելու, մյուսներին նույնիսկ սիրահարվելու համար: Որոշել եմ ժամանակն ուղարկել պարապուրդի՝ կարծես վայրկյան առաջ ազատվելու ականատես-լրտեսից, որ գիտի գրեթե ամեն ինչ: Իմ հայտնագործած գյուտից մի ակնթարթ շփոթվեցի: Նյարդերս սկսեցին տեղի տալ. ումի՞ց եմ փախչում կամ ինչո՞ւ: Անցկացրածս օրը մոռանալու անօգուտ ճիգերը աչքիս առաջ բերեցին այն մուրացիկ կնոջը, որ առավոտյան ինձնից գումար խնդրեց ու անգամ ժպիտ չստացավ (նրա ինչի՞ն էր պետք իմ ժպիտը, նրան փող էր պետք):

Հիշեցի բակը մաքրող ծերունուն, որ բարևեց ինձ, բայց նրա բարևին անգամ չպատասխանեցի, որովհետև կամ ինձ խաբել էի, թե դասից ուշանում եմ (անիմաստ արդարացում) կամ էլ այն պատճառով, որ իսկական սրիկա եմ (այս մեկը հաստատ ավելի ճիշտ է): Անցկացրածս օրը այնքան փուչ ու այնպես ավելորդ թվաց. առաջին անգամ պարտությանս ականատեսը դարձա ու խոստովանեցի պարտվողիս հաղթանակը:

Ճիշտ ու սխալի քննադատության մեջ իրեն գերագնահատող չնչին մարդուս արդարացումները վերջապես տեղի տվեցին. եսս փշրվեց: Հետագա կյանքը վերափոխելու կամքը բացահայտեց ներսիս փոթորիկները, որ թշնամի էին դարձրել իմ մեջ եղած մարդուն և եսին, որ ապրում էր, քանի որ ծնվել էր… Եսին սեղմելու, ժամանակը կանգնեցնելու և սխալները ուղղելու անհամբերությամբ վերցրի ժամացույցս՝ կյանքիս անկեղծ ուղեկցիս, որ տեսել էր իմ պարտություններն ու դառնությունները:

Հանկարծ խավարում մի լույս երևաց. լույսի պայծառության մեջ երևացին բակը մաքրող ծերունին, մուրացիկ կինը. նրանք երջանիկ էին:

Իրականության աչքերին նայելը թող այլևս ոչ ոքի չվախեցնի. անցածը ինքնախաբեություն է, վեճ է ու կռիվ, այլևս նրանով ապրելը ծիծաղելի է, անհեթեթ, անպատիվ: Պետք է նորից սկսել՝ չկրկնելով անցյալի սխալները:

Լուսանկարը` Արինա Հարությունյանի

Հայաստանի գյուղերը. Վաղաշեն, Գեղարքունիքի մարզ

marine israyelyan

Օտարություն

Հրաժեշտի պահին ամենաճիշտ բանը գնալն է, և նա գնաց՝ կրծքի տակ սեղմելով հուզմունքից բարձրացող փոթորիկը: Ծանր, մշուշապատ հորիզոնում բարձրահարկ շենքերը վեր էին խոյանում՝ իրենց կողքին շեշտելու իմ նվաստությունը. ժամանակից արագ սլացող գնացքով ես մեկնել էի օտար երկիր: Ողջ երկրագունդը ջերմացնող արևն այնտեղ գորշ էր, սառը, մառախուղի թաց կաթիլները նստում էին թարթիչներիս վրա և խոնարհում հայացքս, ցուրտը սառեցնում էր ոսկորներս, ոտքերիս տակ գետինն էր երերում. հայրենական հողս չէր: Շուրջս վխտում էին թաց գետնի պես գորշ վերարկուները, որոնց մեջ մարդիկ չկային, ճերմակ օձի պես մարմնիս էր փաթաթվում արհամարհանքի ալիքը՝ իր լպրծուն սառնությամբ սեղմելով հոգիս. ես զատված էի գորշ վերարկուների այդ հասարակությունից:

Կյանքում առաջին անգամ ինձ որբ զգացի. մինչ ոտքերս ծակծկվում էին օտար հողի անբարյացակամությունից, մտքիս մեջ ավելի ու ավելի թանձր մշուշով էր սքողվում հեռվում, ինչ-որ տեղ ծվարած հայրենիքիս կնճռոտված հայացքը, խոնավությունից թրջված ձեռքերիս մեջ զգացի այդ հայրենիքիս հողից մի բուռ և խոնավ հաճույքով մատներս խրեցի նրա մեջ, հողը բուրեց մանկությանս երազների քնքշությամբ: Արցունքներով թրջեցի ափիս հայրենիքը և համբուրեցի սիրածին վայելող սիրահարից ավելի կրքոտ ու մայրական համբույրից ավելի ջերմ: Հողն աղահամ էր. այն հեռավոր երկրում անցյալի բերրի հողերի այժմյան աղիությունն էր դա, իսկ նրա զավակները ցրվել էին աշխարհի այն հողերի վրա, որոնք ծակծկում էին իրենց ոտքերը: Ես հայր չունեի, հայրենիք չունեի. նրանք հավերժորեն հեռու էին: Արյունը, ցամաքող աղբյուրի նման, լցվում էր սրտիս մեջ և լճանում, սրտիս սափորում նվաղուն թպրտում էր նշույլ մի, որ հրաժարվեց չար Պանդորայի ձեռքով դուրս թռչել կաշկանդիչ պատերից, հույսի փշուր մի. հազար տարի հետո ես պիտի տեսնեի հորս, և գրկիս մեջ նրանից առնեի հայրենյաց հողի բույրը: Հազար տարին ոչինչ է Բուդդայի համար, որ կարող է միևնույն դիրքով նստած փակել հավերժությունից ծանրացած կոպերն ու վայելել հազար տարիների հանգիստը: Դառնալ Սֆինքս և նայել Սահարայի ավազե ժամացույցին. ես տեսնելու էի հորս… Մերկ օվկիանոսի ծոցում դատարկ նավակով օրորվող աղետյալ էի՝ կես բուռ ջրի կարոտով տոչորվող: Ես փակում էի աչքերս և զգում կենարար հեղուկի շփումը ճաքճքած շրթունքներիս, ջուրն այնպե՜ս քաղցր էր. ես ըմպում էի սեփական արյունս:

Օտարություն էր, հայրենիք չկար, ես որբ էի, որ ինչ-որ տեղ հայր ուներ, ես ողջ ուժով ձայնում էի նրան, բայց այդ ճիչը ասեղի նման խրվում էր կոկորդիս մեջ, խտացված լռությունն էր ճեղքում անտարբեր երկնքի կուրծքը: Հայրս բռիս մեջ մնացած հողի փշրանքն էր, այնտեղ, որտեղ դրանից շատ կար, կարող էի այդ քարախառն հողը քրտինքով ջրելով՝ արևահամ խաղող ստանալ, բայց եկա այս անսիրտ ափերում այն արցունքով ջրելու: Նույն աղն ու ջուրն է, օտար մշուշում ես անպտուղ էի, ես հայր չունեի, հայրենիք չունեի:

Մենակ էի, մրսում էի, մարմնիս բյուրեղներով էի զգում վրաս հառված ֆոսֆորափայլ կայծկլտացող աչքերի բազմաթիվ զույգեր: Ես օտար էի, և շուրջս մեղմորեն սեղմվում էր բազմաթիվ գայլերի օղակը, իմ էությունը պիտի հոշոտվեր, հողը հոսում էր ոտքերիս տակից. ես հայր չունեի, չունեի հայրենիք:

Տուն էր, խոնավ երեկոներին վառարանի բոցավառ կրակի մոտ ննջում էի հորս գրկի մեջ, և հեռավոր արևելքի զրնգուն դափերի ու սուլթանների հեքիաթային հարստությունների մասին պատմությունները, նրա՝ հողի նման հանդարտ ձայնով օրորում էին իմ երազները: Կորել էին արևելքն ու դափերը, սուլթաններն ու գանձերը չքացել էին, հայրենիքը միֆ էր, հայրը չկար, և օտարության դալուկ մշուշը պարուրում էր ինձ:

Ես ձուլվում էի այդ մշուշին ու վերանում. ես փոշի էի:

seda harutynyan-2

Ես կապրեմ

Ես Սեդան եմ: Մեծացել եմ տատիս ու պապիս երգերի, տաք ձեռքերի ու ջերմ համբույրների ներքո: Ամենավառ հիշողությունները մանկությունիցս տատիս կատակներն ու պապիս համբուրելիս նրա ծակող ընչացքն են: Տարիներ են անցնում: Ես՝ մեծացել, տատս ու պապս էլ գնալով փոքրացել են: Չնայած տարիքին՝ երկուսն էլ քրտնաջան աշխատում են, կառուցում տուն՝ լեցուն ժպիտներով ու լավ հիշողություններով:

Եկավ մի օր, երբ իմացա, որ շուտով միգուցե էլ չլսեմ տատիս հաճելի ձայնը, չտեսնեմ բարի ժպիտը, չլսեմ հոգնած տնքտնքոցը:
Ու եկավ մի օր, երբ համախմբվեցին մեր տան սյուները, պատերը… Համախմբվեցինք մենք, համախմբվեց մի ընտանիք՝ աշխարհի տարբեր ծայրերից, այդ օրերին բոլորս միասին աղոթեցինք, ու աննկատ չմնացին մեր աղոթքները:

Միայն տատիս անկոտրում կամքն ինձ ստիպում էր եկեղեցում ոչ թե ծնկաչոք լացել, այլ գլուխս բարձր աղոթել: Երանի տատիս` «Ես կապրեմ, ինձ բան չի լինի»-ն լսելու փոխարեն նորից գլուխս դնեի ծնկներին ու զգայի, թե ինչքան ջերմություն կա այդ ծերացած ձեռքերի մեջ:

Ես Սեդան եմ: Անունս դրել են տատիս պատվին, բայց Սեդա տատիցս ոչ միայն անունն եմ ժառանգել, այլ նաև կամքի ուժ, եռանդ ու ժպիտ: Մի ժպիտ, որը ամենահիվանդ ժամանակ էլ կապրեցնի, ամենացուրտ ժամանակ՝ կջերմացնի, ամենաանհույս ժամանակ էլ հույս կծնի ապրելու ու պայքարելու՝ հանուն տան սյուների ու պատերի:

sveta davtyan

High tech forum

Հայաստանի բոլոր մարզերից տեխնոլոգիաներով հետաքրքրվող հարյուրից ավելի երիտասարդներ էին հավաքվել Գյումրիում՝ մասնակցելու առաջին անգամ անցկացվող «High tech» համաժողովին: Համաժողովը նպատակ ուներ ցույց տալու և բացահայտելու կրթությունից բիզնես հնարավորությունները:

Ինչպես Գյումրիում և Վանաձորում, այնպես էլ մյուս մարզերում, ցանկանում են ստեղծել տեխնոլոգիական կենտրոններ: Երկրում պետք է զարգանա այս ոլորտը, քանի որ այն տնտեսությունը առաջ մղող ուժերից մեկն է: Նաև հաջողություններ են սպասվում ճանապարհների թվայնացման ոլորտում, հուշագիր ստորագրվեց ծրագրի պիլոտային մեկնարկի մասին՝ Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի և «Թվային նուռ» ընկերության հիմնադիր Թոդդ Ֆաբաքերի կողմից:

Երկրորդ օրը ավելի գործնական բնույթ էր կրում: Թոդդ Ֆաբաքերի հետ քննարկում էինք տուրիզմում տեխնոլոգիական գործիքների կիրառման հետ կապված հարցերը: Տարբեր մասնագետների կողմից անցկացվում էին վորքշոփեր: Պատմում էին սեփական հաջողությունների, բիզնես ստեղծելու ու կառավարելու մասին: «High tech forum»-ը լավագույն հարթակն էր նոր ծանոթություններ ձեռք բերելու և համատեղ նախագծեր ստեղծելու համար:

Nane Eghiazaryan

Ժամանակներ

Ասում են, որ կյանքում ամեն ինչ անցողիկ է, ամեն ինչն էլ իր ժամանակն ունի: Ասում են, որ մարդիկ մեր գալակտիկայում ամենափոքր մասնիկներն են, բայց ամենահսկա աստղերը նույնպես ծնվում, ապրում ու մահանում են:

Հաճախ մարդիկ ունենում են պարտականություններ, կամ էլ ինչ-որ բան ուղղակի պետք է անեն, բայց ասում են, թե ժամանակ չունեն: Ժամանա՞կ: Ժամանակը Աստծո տված ամենակարևոր բաներից մեկն է, որը տրվում է մարդուն այն չափաբաժնով միայն, ինչքան ինքը՝ Արարիչը գիտի: Կյանքում ամեն ինչն ունի իր ժամանակը: Երազելու ու երազանքներն իրականացնելու համար ժամանակն անվանում եմ «հեքիաթային»: Վատ իրադարձությունների համար տրված ժամանակը հաստատ հավասարակշռում է մարդու կյանքը, դրա համար այն անվանում եմ «հավասարակշռող ժամանակ»: Սիրելու ու սիրվելու համար տրված ժամանակն ամենագեղեցիկն ու դրախտայինն է: Այն ժամանակ, երբ մարդը սիրում է մեկին, ու սիրված է նրա կամ, թեկուզ, ուրիշի կողմից, գտնվում է դրախտում: Այդ ժամանակը ամենասպասվածն է, ու երևի թե այն անվանեմ «դրախտային ժամանակ»: Երբեմն ուղղակի կարոտում ես ու վերջ: Կարոտում ես ծնողներիդ, երբ նրանցից հեռու ես, կամ հարազատ-բարեկամներիդ, միգուցե պատահական անցորդներին, կամ էլ նրան, ում սիրում ես, ում մասին մտածում ես ամեն վայրկյան… Կարոտում ես խենթություններդ, կարոտում ես մարդկանց ընկերակցությունը, կարոտում ես զրույցները, որոնք քեզ մոռացնել էին տալիս ժամանակի մասին: Կարոտելու ժամանակը ամենայուրահատուկն է: Այդ ժամանակ դու լալիս ես, քահ-քահ ծիծաղում, արցունքներդ խառնվում են ժպիտիդ, ու դա դառնում է անհասկանալի մի զգացում, որ երբեք էլ չես կարող կրկնել, չէ՞ որ ամեն անգամ տարբեր կերպ ես կարոտում: Այդ ժամանակն անվանում եմ «յուրահատուկ ժամանակ»:

Այս ամբողջի մեջ տարբեր մարդկանց տարբեր ժամանակ է բաժին հասնում: Մեկի մանկության երազանքն է իրականանում, մյուսի ամբողջ կյանքը գլխիվայր շրջվում է դեպի վատը, մեկը նոր ընկեր է ձեռք բերում, իսկ մյուսը իր հիմարության պատճառով կորցնում իր ամենամտերիմին: Մեկը լալիս է, ու արցունքները ոչ մի կերպ չեն դադարում, իսկ մյուսն այնքան բարձր է ծիծաղում, որ ամբողջ քաղաքն է լսում: Մեկն այնքան տխուր է, փորձում է գտնել կյանքի իմաստը, իսկ մյուսը գտել է իր կյանքի իմաստը, ունի ամեն ինչ, և ոչինչ նրան էլ չի գոհացնում:

Ժամանակը միակ բանն է, որ երբեք շատ չի լինում: Այն կարող է լինել մի փոքր քիչ, կամ էլ ընդհանրապես չլինել: Եթե մարդը խելացի է, ապա պետք է ճիշտ օգտագործի իր ժամանակը:

mariam tonoyan

Կյանքի արժեքը մեկ փամփուշտում. Մաս 4

-Մայիսի 6-ի առավոտն էր: Դիրքեր գնալու համար Բաբայանի հրամանով շարվեցինք: 20 հոգի կամավոր էր պետք երրորդ՝ ամենավտանգավոր դիրքի համար: Ոչ ոք կամավոր դուրս չեկավ շարքից: «Ես գնամ, ինձ բան չի պատահի: Արդեն փորձ ունեմ, կարողանում եմ զգայարանների միջոցով կողմնորոշվել (ըստ ձայնի), թե որտեղ կընկնի սնարյադը»,- մտածեցի ես ու դուրս եկա շարքից:

-Քյավառ,- ասաց Բաբայանը,- քեզ ուրիշ դիրք կուղարկենք, շարք կանգնիր:

Հարցը կրկնեց երեք անգամ: Երբ նորից շարքից դուրս եկա, մի քանի տղաներ ևս իմ օրինակով դուրս եկան շարքից: Ինձ թույլ տրվեց երրորդ դիրք գնալ: Ճանապարհին մեքենան փչացավ, ճանապարհը շարունակեցինք ոտքով:

Գիշերը խաղաղ անցավ: Ազգությամբ եզդի Թամոյան Մաջիթը, վրանում նստած, հետաքրքրաշարժ պատմություններ էր պատմում: Մենք էլ, նրա շուրջը նստած, կլանված լսում էինք:

03 պոստում պետք է փոխարինեի Մարատ Մխիթարյանին: Մարատը դիրք գնալուց առաջ խնդրել էր ինքնաձիգս, քանի որ նրանը «SFD սնայպեր» էր ու գիշերով պետք չէր գա՝ մեջն էլեմենտ չկար նշանառության համար: Տվեցի, որ երբ գնամ փոխարինելու, հետ վերցնեմ: Մարատն ու արտաշատցի Արմենը գնացին դիրքեր:

Լուսադեմին կրակոցներ լսվեցին, ապա զանգ ստացանք: Արմենն էր: Հակառակորդն անցել էր հարձակման, Մարատին էլ խփել էին: Օմարի բարձունքում, երբ արևի շողերն ընկնում են ձյան վրա, այդ անդրադարձումից մարդու աչքերը կարծես կուրանում են, և ոչինչ չի երևում: Դրանից պաշտպանվելու համար դահուկորդի ակնոցներ էինք կրում:

Մարատն ակնոցով էր, արևից փայլել էր ապակին, հակառակորդի դիպուկահարն էլ, դա նկատելով, խփել էր նրա աչքին: Մարատը գալարվում էր ցավից, ոտքով խփում, քանդում էր դիրքը: Վիրավորվել էր Էլոյան Խաչիկը աջ կոնքից: Իր ցավի մասին մոռացած՝ դառնացած հայացքով նայում էր տանջվող ընկերոջը: Հանկարծ դժվարությամբ վեր կացավ.

-Չեմ կարող տեսնել նրա տանջանքը,- ասաց նա՝ վերցնելով ինքնաձիգը,- վերջ դնեմ տանջանքին:

Խիղճս տանջեց, թույլ չտվեցի.

-Թուրքի ձեռքով եղել է, բայց թող մեր ձեռքով չլինի: Ավելի լավ կլինի՝ վրան գնաս:

-Պա՛պ, մի քիչ դադար տուր,- ճնշված խնդրում եմ ես,- ծանր են դեպքերը, խիղճս չի մարսում:

Գնում, շրջում եմ տան մեջ այս անկյունից այն անկյունը, զայրանում, էլ ավելի թշնամանքով լցվում դեպի թշնամին, ապա մի բաժակ ջրով վերադառնում եմ, թե՝ էլի պատմիր: Հայրս շարունակում է սառը ժպիտով.

-Էլոյանը վրան գնաց: Ես վերցրի ինքնաձիգս ու սկսեցի կրակել հակառակորդի կողմը՝ մտքումս անիծելով հայի բախտը: Դիրքում նստում էինք ծալապատիկ, որ բեկորներից ոտքներս չկտրվեն: Թշնամու գնդակից մեր գնդացիրի փողը կտրվել ու կեռվել էր: Չէր աշխատում:

Դիրքում էինք ես, Թամոյան Մաջիթը, շամշադինցի Թումոն: Ժամը 11-ի կողմերն էր: Փամփուշտները վերջացան: Յուրաքանչյուր ինքնաձիգում մնաց երեք փամփուշտ, որոնք պահել էինք, որ գերի ընկնելու դեպքում ինքնասպան լինենք: Զանգեցի 26-րդ դիրք՝ Բաբայան Էդիկին, ու օգնություն խնդրեցի: Ոգեշնչեց ու կոչ արեց դիմանալ, մինչև օգնությունը կհասնի: Թշնամին մոտ էր:

-Փրկեք ինձ,- լացակումած աղերսում էր Թումոն:

-Որ կարողանանք, ինքներս մեզ կփրկենք,- ճարահատյալ պատասխանում էինք մենք:

Դժվար էր դիմանալը: Թումոն լքեց դիրքն ու փախավ: Ի՞նչ անել: Կամ ելք գտնել, կամ զոհվել:

Զանգեցի 9-րդ դիրք ու խնդրեցի, որ կրակեն սարն ի վեր դեպի մեզ բարձրացող թշնամու վրա:

Լսելով օգնության կանչի մասին՝ մեզ մոտ էր եկել Ռաֆիկ Ավետիսյանը: 26-րդ դիրքից օգնության եկավ նաև վարձկան կազակ զինվոր Տամերլանը: Վերջինս արագ գործի անցավ: Չէի հասցնում լիցքավորել նրա ինքնաձիգի փամփշտակալները: Կրակում էր երկու ինքնաձիգով միաժամանակ ու աներևակայելի արագությամբ: Նռնակները նետում էր Արմենը, ով վիրավորվելով՝ վերադարձավ վրան: Դիրքում մնացինք ես, Տամերլանը, Մաջիթը, Ռաֆիկը և էլի մի զինվոր, ում անունը չեմ կարողանում մտաբերել:

-Հակո՛բ, վեր կաց, գնանք,- ասաց Ռաֆիկը,- առավոտից այստեղ ես՝ սոված ու հոգնած: Մեզ փոխարինող կուղարկենք:

-Դե, լավ, մնանք, մեկ է՝ ճանապարհին կխփեն: Եթե ուզում ես, դու գնա:

Ի վերջո, համոզեց ինձ: Թեքվել էի նրա կողմը: Երբ շրջվեցի, որ վերցնեմ ինքնաձիգս, ականանետը խփեց մեզնից քսան մետր հեռավորության վրա գտնվող ժայռին, բեկորները պոկվեցին, մի բեկոր խփեց բերանիս, մյուսը՝ գլխիս: Հակառակորդի դիպուկահարն այդ պահին խփեց Տամերլանին: Տամերլանը զոհվեց՝ ընկնելով Մաջիթի վրա, ես էլ, հարված ստանալով գլխիս, ուշագնաց ընկա Տամերլանի վրա:

Այդ ընթացքում վիրավորվել էր Ռաֆիկը: Բեկորը կտրել էր նրա ոտքը, վիրավորվել էր նաև Մաջիթը՝ գլխի աջ կողմից: Ես ուշագնաց ընկել էի, բայց գիտակցությունս տեղն էր, լսում էի ձայները, փորձում էի բարձրանալ, բայց չէր ստացվում: Կարծում էի՝ մահացել եմ, ու այսպես են մեռնում: Վճռեցի շարժել ձեռքս, եթե կարողանամ՝ ուրեմն ողջ եմ: Զգացի, որ շարժում եմ մատներս, ճիգեր գործադրելով մի կերպ նստեցի, աչքերիս առաջ սպիտակ էր, մշուշոտ, ոչինչ չէր երևում: Լսում էի միայն Ռաֆիկի ձայնը, ով գոռում էր.

-Տոնոյա՛ն, փախի՛ր, թուրքերը հասան: Նա սողալով հասել էր սարի գագաթ ու տեսնում էր իմ ու թշնամու հեռավորությունը: Ես գոռացի, որ նա գնա, ես չեմ կարող փախչել: Այս սարսափելի տեսարանից, թե ինչքան ժամանակ էր անցել, չգիտեմ, երբ նորից վերականգնվեց տեսողությունս: Չկորցնելով ինձ՝ սկսեցի նռնակներով ու գնդացիրով կրակել թշնամուն, որն ինձնից յոթ մետր էր հեռու: Վիրավոր Մաջիթը գոռում էր. «Тамерлан, вставай!»: Ես ասացի՝ նա զոհվել է՝ իր մարմնով պաշտպանելով քեզ: Ռացիայով օգնություն կանչեցինք: Հակառակորդը նահանջեց:

Մեկ օր հաց չէինք կերել, վրանից հանեցի սնունդը, հացի վրա կարագ քսեցի ու բաժանեցի վիրավորներին: Ոչ ոք չէր ուզում ուտել: Ինքս ինձ մտածում էի՝ գոնե թող կուշտ մեռնեն: Ինքս էլ ուտել չէի կարողանում բերանիս վնասվածքի պատճառով: Այն ժամանակ գլխիս վնասվածքը իրեն զգացնել չէր տալիս, բայց հետևանքներն ակնհայտ են այսօր, երբ տեսողությունս վատթար վիճակում է: Վիրավորվելուց հետո շարունակեցի ծառայությունս մինչև 1994թ. դեկտեմբերի զորացրում:

Սրանք հորս մարտական գործողությունների պատմությունից շատ փոքր կտորներ էին միայն, բայց թե ինչեր են կատարվել այսքանից բացի՝ գերադասում եմ թողնել վարագույրից այն կողմ՝ ընթերցողի մեջ ևս սառնասրտություն ու ատելություն չառաջացնելու նպատակով:

sona zaqaryan

Ոչ ավելի լավ, ոչ ավելի վատ, ուղղակի՝ տարբեր

Երբ իմացա, որ հնարավորություն եմ ունենալու ԱՄՆ-ում սովորելու, առաջին բառը, որը մտքիս եկավ, դա դպրոցն էր։ Անընդհատ հարցեր էի տալիս նախորդ տարիների Ֆլեքս շրջանավարտներին, որպեսզի ինչքան հնարավոր է՝ շատ բան իմանամ դպրոցի ու կրթական համակարգի վերաբերյալ։ Ամեն ինչ շատ հետաքրքիր, հեշտ և միևնույն ժամանակ, շատ բարդ էր թվում։ Բայց դե, ինչպես ասում են, լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել։

Սկզբում, երբ սկսեցի այստեղ դպրոց հաճախել, շոկի մեջ էի, որովհետև ամեն ինչ իրոք շատ տարբեր էր, բայց քիչ-քիչ հարմարվեցի, և հիմա ամեն ինչ լրիվ սովորական է դարձել։

Ամերիկյան դպրոցն ու կրթական համակարգը իրոք շատ տարբեր են ու հետաքրքիր։

Օրինակ, ամերիկյան դպրոցում կա մի բան, որը Հայաստանում շատ աշակերտներ են ցանկանում ունենալ։ Գուշակեցի՞ք՝ ինչի մասին է խոսքը։ Եթե ոչ, ապա ասեմ, որ խոսքը կողպվող պահարանի, այսպես ասած լոքերի (locker) մասին է։ Լոքերը իրոք շատ պետքական բան է, չնայած շատ աշակերտներ անգամ այն չեն օգտագործում։ Ես անձամբ օգտագործում եմ, քանի որ այնպիսի ծանր գրքեր ունեմ, որ պետք է առնվազն ծանրամարտ պարապեմ դրանք դասարանից դասարան անընդհատ տանել-բերելու համար։ Բայց դա սկզբում էր, հիմա էլ արդեն չեմ զգում դրանց ծանրությունը, բավականին լավ ծանրամարտիկ եմ դարձել։ Ծանր գրքե՞ր։ Այո՛, ծանր գրքեր, բայց բնականաբար ոչ տասնհինգից ավելի առարկաների համար, քանի որ աշակերտները այստեղ սովորում են ընդամենը 7-8 առարկա։ Եվ իհարկե, ամեն օր նույն դասացուցակով։ Կարծում եմ այստեղից եզրակացրեցիք, որ բոլոր առարկաները այստեղ պարտադիր չեն։ Պարտադիր կարող են լինել ամենաշատը չորս առարկա, որոնց մեծ մասը հիմնականում նույնպես ընտրությամբ են։ Օրինակ, պետք է պարտադիր սովորել կա՛մ Միացյալ Նահանգների պատմության, կա՛մ Միացյալ Նահանգների կառավարման համակարգի մասին։

Հնարավոր է ընտրել ոչ միայն առարկաները, այլև որոշ դեպքերում դրանց մակարդակները։ Օրինակ, Իսպաներեն 1-ը սկսնակների համար է, իսկ Իսպաներեն 2-ը` ավելի լավ իսպաներեն իմացողների և այլն։

Ի դեպ, օտար լեզվի մասին։ Շատ ամերիկացի աշակերտների համար երկրորդ լեզու սովորելը (որը սովորաբար իսպաներենն է լինում) իրոք շատ բարդ է։ Շատերը անգամ զարմանում են, երբ իմանում են, որ շատ փոխանակման ծրագրի աշակերտներ երեքից ավելի լեզուների են տիրապետում։

Հայաստանում սովոր ենք, որ ամեն դասարան իրար հետ դաս անի, բայց այստեղ այդպես չէ։ Քանի որ առարկաները ընտրովի են և մակարդակներով, ապա ամեն մի դասաժամի կարող ես լինել տարբեր տարիքի ու դասարանների աշակերտների հետ։

9-12-րդ դասարանները համարվում են ավագ դպրոց։  9-րդ դասարանի աշակերտները կոչվում են freshman, 10-րդ դասարանցիները՝ sophomore, 11-երը՝ junior և վերջապես 12-ները՝ senior։

Դասաժամերի տևողությունները տարբեր են լինում, իսկ դասամիջոցները հիմնականում կարճ, այնքան կարճ, որ հազիվ ես հասցնում մի դասարանից մյուսը գնալ։ Իսկ կարո՞ղ եք ասել, թե ո՞րն է դպրոցում ամենասպասված և սիրելի ժամը։ Դե իհարկե, լանչի (ճաշի) ժամը։ Չնայած շատ աղմուկին և երկար հերթերին, սա դպրոցում ամենասպասված ժամն է։

Մի քիչ էլ գնահատման համակարգից խոսեմ։ Թվերի փոխարեն գնահատումը այստեղ տառերով է ու տոկոսներով։ Գնահատում են՝ A, B, C, D, F։ A-ը համարվում է ամենաբարձր գնահատականը, իսկ F-ը՝ ամենացածրը։ Տոկոսային հարաբերությամբ որոշվում է, թե որ տառն է քո գնահատականը։ Իսկ տոկոսները կազմվում են թեստերի և տնայինների հավաքած միավորների արդյունքում։ Իմ դպրոցում 90%-ից բարձրը համարվում է A։ Ինչու եմ կոնկրետ իմ դպրոցը նշում, քանի որ տարբեր դպրոցներում գնահատման համակարգը կարող է տաբեր լինել։

Չնայած այսքան տարբերությունների պատճառով կարող ենք շատ համեմամատություններ անել, բայց չեմ ուզում ասել, որ Հայաստանի կրթական համակարգը լավն է ԱՄՆ-ի կրթական համակարգից, կամ հակառակը, քանի որ յուրաքանչյուրն էլ ունի իր թերություններն ու առավելությունները։ Եվ ինչպես մենք՝ փոխանակման ծրագրի աշակերտներս ենք սովոր ասել. «Ոչ ավելի լավ է, ոչ ավելի վատ, ուղղակի տարբեր է»։

Ani avetisyan

Չգրել չեմ կարող

Նստում եմ, վերցնում գրիչն ու սպասում նորին գերազանցություն Մուսային: Չի գալիս: Աբիսողոմ աղայի մեթոդը մի քանի անգամ փորձել եմ. կաշառել չի ստացվում: Ոնց որ նստես օգոստոսյան արևի տակ ու սպասես, որ անձրև գա: Կամ սիրահարված չլինելով սիրո մասին ռոմանտիկ-պոետիկ մի բան գրես: Չէ, հավատացեք՝ կյանքին սիրահարված լինելը միշտ չի, որ օգնում է: Ոչ էլ թուղթ ու գրիչին:

Թվաց՝ առանց գրչիդ ծայրը թղթին հենելու կյանքդ անիմաստ կլինի, ու սկսեցիր գրել: Բայց էդ ե՞րբ, ո՞նց թվաց: Դա հասկանալ չեմ կարողանում: Կուզեի մի օր  Դոստոևսկուն հարցնել, կամ Բալզակին:  Իսկ ասենք Գոգոլը ո՞նց է որոշել «Մեռած հոգիները» գրել:

Ասում են՝ գրում եմ, որովհետև չգրել չեմ կարողանա: Վերջերս մի ժամանակակից գրողի ինքնակենսագրականն էի կարդում, ասում էր՝ փորձեցի ու հեշտությամբ կարող եմ չգրել: Ուրեմն ինչո՞ւ:

Մեկ-մեկ գրելը քարից հաց քամելու պես է ստացվում, մեկ-մեկ՝  անձրևանոցը ձեռքիդ թրջվելով քայլելու, ինչ է թե՝ ալարում ես բացել:

Շատերի մոտ օրերի, տարիների անընդհատ հերթափոխից հուսախաբ բեռնաձիու հոգեբանությունն է զարթնում: Գրելն էլ՝ ամենածանր բեռը: Ոնց որ սկսած ու չկառուցած շենքի հիմքը ավազով դնելու, գրած-չհասկացած տողերն արագ-արագ իրար հետևից շարելու մեղքը քո վրա չի լինելու, այլ նրա, որ կարդալու-ապրելու է էդ ամենը: Իսկ իրականում՝ էդպես էլ կա: Կկարդան, իսկ թե չեն հասկանում, մեղքը գրքինը չէ, այլ իրենցը: Ոչ միշտ: Ափսոս կամ բարեբախտաբար:

Գրքի էջերը  համարակալում եմ՝ հերթով, մեկ-մեկ նրանք, որ կարդացել, հասել եմ ամենակարևորին ու կանգնել: Չեմ նախանձում հեղինակներին: Տեսնես՝ գիտե՞ն, որ հեշտ չի իրենց գրածը կարդալը: Երբեմն էլ՝ անհնար: Գուցե իրոք նախանձելու բան է: Չգիտեմ: Լավ է գոնե, որ դրանից ոչինչ այս ու այն կողմ չի լինում: Ոչ իմ՝ կարդացողիս «չիներն» են ընկնում, ոչ էլ գրողի փառքի դափնիներն են չորանում: Երբեմն էլ կարելի է մտածել, թե գրողը դիտավորյալ է այդպես գրել: Բայց միայն երբեմն:

Որ մի օր երկար ինչ-որ բան գրելու լինեմ՝ կաշխատեմ էդպես չանել: Վախենում եմ զգալ, որ մինչև վերջ չեն կարդում գրածներս:

Իսկ եթե գրքեր ու դրանք գրողները մի օր չլինեն, ի՞նչ կլինի: Եթե մի օր Բրեդբերիի պատմությունն էլ երևակայական չլինի:

Առանց թուղթ սևացնողների ու դրանով պատմություն դարձողների Երկիրը հակառակ չէր պտտվի, չէ՞:

Չնայած, վստահ չեմ:

Mane Minasyan

Եթե չեք սիրում սովորել, համալսարան մի եկեք

Փոքր տարիքից սովորություն ունեմ ամեն երեկո օրացույցից ջնջել անցնող օրվա ամսաթիվը: Տարիների սովորություն դարձած գործողությունն էի կատարում հերթական անգամ, երբ նկատեցի, որ նոյեմբերն արդեն երկու մասի է բաժանվել՝ անցյալում ավելի մեծ քանակով օրեր թողնելով:

Սեպտեմբեր 2017, հոկտեմբեր 2017 ու նոյեմբեր 2017-ի կես: Ահա այն ժամանակահատվածը, որ ես ու հասակակիցներս ապրում ենք նոր ու ավելի հագեցած, հետաքրքիր ու, ինչու չէ, նաև բարդ ու ավելի պատասխանատու կյանքով, որը մեկ բառով անվանում ենք ուսանողություն:

Վստահ կարող եմ ասել, որ մենք՝ ուսանողներս, այս ամենին հասնելու համար անցել ենք տարբեր փորձությունների միջով:

Այս նոր փուլի, համալսարանի ու ուսանողական կյանքի հետ, հուսով եմ, բոլորս էլ ինչ-ինչ հույսեր ենք կապել, մտովի այն հազար անգամ կառուցել ու քանդել ենք:

Արդյոք որքանո՞վ են արդարացել հույսերը, ինչքանո՞վ էին դրանք համապատասխանում մեր սպասումներին, փորձել եմ պարզել՝ զրուցելով հասակակիցներիս հետ:

Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Անյան պատմում է, որ իր մանկության երազանքներից մեկն է եղել հեռուստաստուդիայում աշխատելը: Փոքր տարիքից բոլորն իրեն ասել են, որ հաղորդավարուհու կեցվածք ունի: Անյան պատմում է, որ ինչպես բոլոր դեռահասների գլխում, այնպես էլ իր, հազարավոր մասնագիտություններ են պտտվել, մինչև վերջապես ընտրել է այս ուղին: Նա նաև նշեց, որ իր սպասումներն ու իրականությունն իրարից այդքան էլ տարբեր չեն, իսկ նպատակները կամաց-կամաց իրականանում են: Գիտի, որ սա այն մասնագիտությունն է, որն իրեն հնարավորություն կտա ներկայանալ իր բոլոր կարողություններով:

Նույն ֆակուլտետի ուսանողուհի Սիլվին էլ պատմում է, որ փոքր տարիքից երազել է դառնալ դերասանուհի, սակայն տանը համաձայն չեն եղել: Բայց մի օր հեռուստացույց դիտելու ժամանակ հասկացել է, որ իրեն դուր է գալիս լրագրողի աշխատանքը և որոշել է սովորել այդ մասնագիտությունը: Նշում է նաև, որ ունի այդ մասնագիտությանը բնորոշ շատ հատկանիշներ՝ ակտիվ է, հետաքրքրասեր, շփվող ու զրուցասեր:

Սիլվին խորհուրդ է տալիս այն մարդկանց, ովքեր շատ հետաքրքրասեր են, սիրում են ակտիվ կյանք, ունեն գրագետ ու ճկուն խոսք, գալ ու սովորել այս ֆակուլտետում, որովհետև ժուռնալիստիկան հենց այդ մարդկանց համար է: Սակայն այս ֆակուլտետ պետք է մասնագիտությունը սիրելով գալ, որովհետև սա այն մասնագիտությունն է, որին պետք է ամբողջ սրտով ու հոգով նվիրվել: Սիլվին նշում է նաև, որ երբեք չի զղջա, որ ընտրել է հենց այս համալսարանն ու այս բաժինը:

Իսկ ահա Սոնան, ով սովորում է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի հոգեբանության ֆակուլտետի առաջին կուրսում, պատմում է, որ սկզբում ամեն ինչ խորթ է եղել, անգամ մտածել է, որ սխալ ու իրեն ոչ համապատասխան բաժին է ընտրել: Սկսել է համեմատություններ տանել դպրոցի ու համալսարանի միջև և մինչև հիմա էլ այն կարծիքին է, որ դպրոցն ուրիշ է և միշտ ուրիշ կմնա իր կյանքում, բայց ուսանողական կյանքն էլ իր համն ու հոտն ունի, իսկ կուրսի մասին միայն լավը կարող է ասել:

Զրուցելով մյուս ընկերներիս հետ՝ լսել եմ շատ նման ու տարբեր կարծիքներ: Նրանցից ոմանք անգամ ստիպված են դասի գնում, որովհետև իրենց ընտրած մասնագիտությամբ չեն սովորում, ընկերներ էլ ունեմ, ովքեր իրենք են ընտրել, սակայն փոշմանել են: Իսկ համալսարանն այն վայրն է, որտեղ պետք է գալ սիրով ու սովորելու ցանկությամբ:

Առայժմ այսքանը, իսկ հիմա շարունակեմ դասերս, չէ՞ որ ես էլ առաջին կուրսի ուսանողուհի եմ, ով գնում է իր նպատակի հետևից: