arxiv

Հայրենիքը այս է ահա

Առավոտ

Ձեռքս բռնած մի լավ հայրիկ,

Պատշգամբից նայող մայրիկ,

Մանկապարտեզ տաքուկ, սիրուն,

Ուսուցչուհի ինձ սպասող,

Զվարթ, զնգուն աղջիկ, տղա-

Հայրենիքը այս է ահա

Հրանտ Մաթևոսյան

 

Փոքր էի: Մանկապարտեզում հանդեսից առաջ ինձ ասել էին, որ եթե պապիկս Հրանտ Մաթևոսյանն է, թող ինձ համար բանաստեղծություն գրի: Այս օրվանից սկսած՝ երբ գնում էի պապիկիս տուն, խնդրում ու համոզում էի նրան, որ գրի այդ բանաստեղծությունը: Տատիկս ասում էր՝ պապիկը բանաստեղծ չէ: Հայրիկս էլ ասում էր, որ պետք է մանկապարտեզում ասել այդ մասին: Հաջորդ օրը մայրիկս հետս եկավ մանկապարտեզ և խոսեց տնօրենի հետ: Բայց դա ինձ չկանգնեցրեց: Մեկ ամիս շարունակ այնքան խնդրեցի պապիկիս, որ գրեց «Առավոտը»: Ես մինչև հիմա պահել եմ թղթի կտորի վրա ինձ համար գրված նրա երևի միակ բանաստեղծությունը:

Անի Մաթևոսյան, 13 տարեկան

Երբ Անին պատմեց պապիկի՝ գրող Հրանտ Մաթևոսյանի՝ իր համար գրած բանաստեղծության մասին, մտածեցինք. իսկ մեզ համար ո՞րն է հայրենիքը:

***

Դպրոցից շուտ դուրս եկա և սկսեցի արագ քայլել: Երբ ես բարկացած եմ լինում, արագ եմ քայլում՝ չնայելով շուրջս, չլսելով ոչինչ. ես այդպես հանգստանում եմ: Արագ քայլում էի՝ նույնիսկ չիմանալով, թե ուր եմ գնում, ուղղակի քայլում էի: Չգիտեմ՝ այսպես ինչքան կգնայի, եթե… Հանկարծ դիմացս տեսա մի փոքրիկ աղջկա, որը կանգնել և ժպտում էր՝ անդադար ինձ նայելով: Ես էլ ակամա նրան ժպտացի: Չեմ հիշում՝ ինչքան այդպես կանգնած մնացի, բայց երբ ուշքի եկա, աղջիկը չկար: Ես, ամեն ինչի մասին մոռացած, տուն գնացի:

Սիրան Մանուկյան, 13 տարեկան

***

Ընտանիքով տեղափոխվել ենք նոր բնակարան: Չնայած հին ու նոր շենքերն իրարից այնքան էլ հեռու չեն, բայց ես, այնուամենայնիվ, կարոտում եմ իմ հին բակը: Կարոտում եմ կոշկակար Ռուբիկին, ով ամբողջ օրն անցկացնում էր վարսավիր Արայիկի մոտ՝ վիճաբանելով քաղաքական տարբեր թեմաների շուրջ: Կարոտում եմ Արջուկին՝ մեր բակի շնիկին, որն ընդհանրապես նման էլ չէ արջուկի: Կարոտում եմ մեր հարևան տիկին Սուսանին, ով ամեն առավոտ արթնանում և իր համար մի նոր հիվանդություն է հնարում: Կարոտում եմ մեր բակի տաղավարը, որտեղ ամեն երեկո հավաքվում ու խաղեր էինք խաղում առանց տարիքային սահմանափակման: Բայց այն ժամանակ, երբ այնտեղ էի ապրում, նույնիսկ ուշադրություն չէի դարձնում այդ ամենի վրա:

Տեսնես հիմա ինչո՞ւ եմ կարոտում:

Գայանե Մարտիրոսյան, 16 տարեկան

***

Մենք ընտանիքով ամեն տարի ամռանը գնում ենք հանգստանալու: Երբ վերադառնում ենք տուն, ամեն անգամ ցանկություն եմ ունենում վազելու տան մեջ, որպեսզի վերհիշեմ մեր բնակարանը: Քաղաքից դուրս ես կարոտում եմ իմ տունը: Տեսնես՝ ինչի՞ց է: Ինձ թվում է՝ ես կարոտում եմ իմ մահճակալը, հեռուստացույցը և տան մյուս իրերը: Ես այնքան եմ մտերմացել մեր տան հետ… Արդեն աչքերս փակ կարողանում եմ տան մեջ քայլել:

Արամ Մնացականյան, 9 տարեկան

***

Լույսը բացվեց: Ես, դեռ լրիվ չարթնացած, լսեցի աղբի մեքենայի ձայնը, որից նորից դժգոհեցին մեր հարևան Սերոբ պապիկը և նրա շունը…

Քայլում էի փողոցով: Անցա կանգառի մոտով, որտեղ կանգնած քնաթաթախ մարդիկ սպասում էին իրենց երթուղայինին…

Դասարանում խոսում էի իմ դիմաց նստած Կարենի և Դավթի հետ…

Պատմության ժամին դասից մի փոքր շեղվելով՝ հիշեցի մեր բակի վարդենին, որն ամռանը պատված է լինում կանաչ տերևներով և ալ կարմիր վարդերով: Հետո հիշեցի ընկեր Սարգսյանի պատմած պատմությունները, և զանգը հնչեց…

Դպրոցից դուրս գալիս ականջիս հասավ մեր պահակի՝ պարոն Զորիկի մշտական հարցը.

-Փիլիպոսյանի դասարանն է, չէ՞:

Եվ այդ հարցի մշտական պատասխանը.

-Այո՛…

Նորայր Բարոյան, 13 տարեկան
***

Հայրենիքը իմ տունն է, իմ մանկությունը, հիշողությունները, բոլոր այն դեմքերը, որոնք տեսնում եմ ամեն օր: Ամռանն առավոտյան բացում եմ խոհանոցի պատուհանը, իսկ աջ կողմից Արարատն է ասում. «Բարի լույս»: Երեկոյան էլ ծիծեռնակների ձայնը հիշեցնում է, որ կարելի է դուրս գալ բակ՝ զբոսնելու: Հայրենիքը տատիկիս գյուղի տան սպիտակ թթի ծառն է: Փոքր ժամանակ, երբ բարձրանում էի գոմի տանիքին և վայելում թթի քաղցր համը, մայրիկս և տատիկս ներքևից բղավում էին.

-Նանե՜, զգո՛ւյշ, չընկնես, վտանգավոր է:

Նանե Աբելյան, 15 տարեկան

***

-Իջի՛ր, շո՛ւտ արա, իջի՛ր, վա՜յ, հիմա կընկնես,- դեռ չիմանալով, որ կատուները կարողանում են ծառ բարձրանալ, բղավում էի ես:

-Վա՜յ, դե, իջի՛ր, ուզում եմ մոտս լինես,- արդեն իմանալով, որ կատուները կարողանում են ծառ բարձրանալ, բղավում եմ ես:

Ու կատվիս գրկելով՝ գնում նստում եմ տաղավարում ու կարդում իմ սիրելի գրքերից մեկը: Գյուղում էի…

Հիմա էլ եմ նստում տաղավարում ու գիրք կարդում, բայց այն ժամանակ ուրիշ էր: Կատուս էլ հետս չի:

Մարիամ Նալբանդյան, 12 տարեկան

***

Շատ եմ սիրում նրանց, նրանք այնքան լավն են… Երբ ես նեղված եմ լինում կամ էլ ուրախացած, միշտ կարողանում եմ նրանց հետ կիսվել: Մենք շատ ենք սիրում երաժշտություն լսել, մանավանդ՝ ռեփ, սիրում ենք խենթություններ անել: Երբ ես ցանկանում եմ մենակ մնալ կամ էլ կիսվել ինչ-որ մեկի հետ, նրանք միշտ ինձ հետ են լինում, լսում են ինձ և երբեք չեն դավաճանում: Ես առանց նրանց չեմ կարող… Շատ եմ սիրում իմ նկարչական և բանաստեղծությունների տետրերը, բջջայինս և ֆոտոխցիկս, իմ մահճակալը, որի պատերի շուրջ տարբեր նկարներ ու պաստառներ են փակցված: Նրանք ինձ ավելի լավ են հասկանում, քան ընկերուհիներս:

Հայաստան Ապրեսյան, 16 տարեկան

***

«Էհ, ե՞րբ է գալու կիրակին: Գնամ, հասնեմ «Յոթն աղբյուրի» մոտ, կանգնեմ և կես ժամ սպասեմ Ջուլիետին, Դինջ Վհուկին, Գոգուշին և մյուս ընկերներիս: Ու երբ նրանք կհավաքվեն, կշարժվենք «Մեռյալ պողոտայով» դեպի «Վերածննդի պոնչիկանոց»: Ես Դինջի տեղը հաշիվ կփակեմ ու կլսեմ «Հաջորդ անգամ ես եմ վճարելու» նախադասությունը: Բայց ավելի շուտ ես ականջներս կհասցնեմ մինչև բերանս, քան Դինջը հաշիվ կփակի: «Վերածննդի պոնչիկանոցի» մոտից կհասնենք «Կասկադի վերին հարկ», Ջուլիետը կնստի ու իմ հաշվին կանի կերպարվեստի տնայինը: Ամբողջ Կասկադով մեկ կլսվի մեր աղմուկը: Հետո կգնանք Օպերայի բակ, որտեղ հաստատ կհանդիպենք Սերինեին, ու արագ քայլքով կգնանք Հանրապետության հրապարակի մետրո…»:

Այսպիսի անուշ երազանքների գիրկն էի ընկել, քանի որ մինչև հաջորդ կիրակի դեռ վեց դպրոցական օր կար:

Լուսինե Համբարձումյան, 15 տարեկան

***

Երբ մեր տան ժամացույցը չի աշխատում, ես անպայման առաջինն եմ իմանում այդ մասին: Ձեզ տարօրինակ կթվա, բայց իմ սիրած գործերից է գնալ ու մարտկոց գնել: Հետո էլ մեծագույն հաճույքով տեղադրում եմ այն ինձ հարազատ դարձած ժամացույցի մեջ: Սիրում եմ պատուհանից դուրս նայել դեպի մեր բակը և, տեսնելով ավտոտնակներն ու աղբը, պատկերացնել, որ մի օր այդ բակը կլինի մաքուր՝ ծաղկած ծառերով ու ծաղիկներով:

Փորձում եմ համակերպվել «քյառթուների» հետ և հուսալ, որ մի օր նրանք էլ բազմազբաղ կդառնան (միայն պատի տակ չեն նստի):

Սիրում եմ երազել և ապա տեղափոխվել իրականություն. այն իրականություն, որի մեջ ես ապրում եմ, և որն էլ իմ հայրենիքն է:

Շանթ Հակոբյան, 14 տարեկան

***

Ինքնաթիռը դանդաղ իջնում էր:

-Հեսա կհասնենք, մի քիչ էլ դիմացի,- ասաց մայրիկս:

Հանկարծ մենք մի ձայն լսեցինք.

-Սիրելի՛ ուղևորներ, մեր ինքնաթիռը վայրէջք է կատարում «Զվարթնոց» օդանավակայանում:

Ես չէի կարողանում զսպել ուրախությունս: Մի թխկոց լսվեց. ինքնաթիռը վայրէջք կատարեց: Ես ինքնաթիռից դուրս վազեցի և խորը շունչ քաշեցի:

-Իմ հայրենիքը այս է ահա,- ասացի ինքս ինձ:

Նելլի Հարությունյան, 10 տարեկան

***

Առավոտյան վաղ զարթնում էի, դեռ մութ էր լինում: 6:30-ին միայն թռչունների և թութակիս ձայնն էր լսվում: Հավաքում էի պայուսակս, նախաճաշում և դուրս գալիս տանից: Փողոցները դատարկ էին լինում: Բարձր տրամադրությամբ քայլելով հասնում էի դպրոց: Շատ էր դուրս գալիս առավոտյան շուտ տանից դուրս գալը: Դպրոցից վերադառնալիս պայուսակս միշտ նետում էի ծառի տակ և վազում դեպի ցայտաղբյուրը…

Բայց հիմա մի բան այն չէ: Արթնանում եմ ժամը ութին և վազում դպրոց: Հոգնած տուն եմ վերադառնում և զբաղվում տնային հանձնարարություններով: Օրս տխուր է անցնում առանց հարազատներիս: Նրանք մեկնել են Կանադա:

Դավիթ Բաղդասարյան, 12 տարեկան

***

-Մա՛մ, էսօր ի՞նչ ենք ուտելու,- ժպիտը դեմքիս հարցրի:

-Արի՛, քո սիրելի ուտելիքներն են՝ հավ, պիցա, սալաթ:

-Վա՜խ, գալիս եմ: Արագ ուտեմ ու Ռոնիին տանեմ դուրս,- ասացի ես և վազեցի ձեռքերս լվալու:

Երբ զգացի, որ կշտացել եմ, կանչեցի դուրս:

Կապելով նրա պարանոցակապը՝ տարա դուրս: Ես գիտեի, թե ինձ ինչ էր սպասվում դրսում: Դեռ դռնից դուրս չեկած՝ զգացի, որ կորցնում եմ կառավարումս, քանի որ ուզում էի գնալ դեպի ձախ, իսկ նա՝ այդ չարաճճին, քաշեց ինձ աջ: 15 րոպե անդադար ես վազում էի նրա հետևից և «խելոք» գնում այնտեղ, ուր տանում էր ինձ Ռոնին: Ես նույնսիկ մի պահ մտածեցի, որ նա է ինձ դուրս տարել՝ ման տալու: Վերջում, երբ արդեն սկսեց հանգիստ քայլել իմ կողքով, հասկացա, որ շա՜տ է հոգնել: Մենք գնացինք տուն, և Ռոնին անմիջապես գնաց քնելու, իսկ ես՝ ծնողներիս հետ ֆիլմ դիտելու և հանգստանալու:

Շանս ուրախ հաչոցը և վազվզոցը, մայրիկիս ուտեստները, ընտանեկան ուրախ տրամադրությունը, իմ սովորական և արտասովոր առօրյան. հայրենիքը այս է ահա:

Ինեսա Մանուկյան, 14 տարեկան

***

Եղբորս ձայնն արթնացրեց ինձ առավոտյան:

-Բարի առավոտ,- ասաց նա:

-Բարի առավոտ,- պատասխանեցի ես:

Եղբայրս գնաց դասի, իսկ ես մնացի անկողնում և սկսեցի մտածել: Մտածմունքներիս թեման ամեն օր նույնն է: Մտածում եմ, թե ինչ լավ է, որ արթնանում եմ իմ անկողնում, մեր տանը, գնում դպրոց, որտեղ ժամանակ առ ժամանակ հաճելի եմ անցկացնում ժամանակս, հետո՝ պարապմունքների գնալն էլ հաճելի է… Սակայն, ինչպես միշտ, դարձյալ չի հաջողվում մտածել մինչև վերջ, քանի որ գալիս է մայրիկս և ինձ վերջնականապես արթնացնում:

Ալեքսանդր Սարգսյան, 13 տարեկան

2011թ.

Կկարոտեմ քեզ, պապիկ

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Չգիտեմ, նյութս ոնց սկսեմ ու ոնց ավարտեմ, չգիտեմ, որովհետև չեմ հավատում, չեմ հավատում, որ էլ չկա պապիկս:

Դեռ համալսարանի քննությունները չէին սկսվել, երբ պապիկիս բերեցին հիվանդանոց: Մտածում էինք՝ ամեն ինչ լավ կլինի, ու մի քանի օրվա բուժում է պահանջվում, բայց՝ ոչ: Չկար ավելի վատ բան, քան լսել, որ ինքը անբուժելի հիվանդ է:

Երբ իմացա լուրը հիվանդանոցում՝ չգիտեմ հետս ինչ կատարվեց: Թվում էր, թե երազ է, ուր որ է՝ աչքերս կբացեմ, ու ամեն ինչ նույնը կլինի: Բայց չէ, ամեն ինչ իրական էր. հիվանդանոցի սառը պատեր, աղմկոտ միջանցք ու այդ վատ լուրը, որը պետք էր պապիկս չիմանա: Իսկ պապիկս այդ ժամանակ հիվանդանոցի այգում նստած էր, նստած էր ու սպասում էր, որ պետք է դուրս գանք լավ լուրով ու հետ գնանք: Չեմ ուզում հիշել այդ պահը, երբ հիվանդանոցից դուրս եկա ու մոտեցա իրեն: Ինքն անտեղյակ էր ու հարցրեց.

-Ի՞նչ ասացին, այ բալա, էդ խի՞ էդքան ուշացաք:

Ես էլ ասացի.

-Հերթ էր, պապիկ, բժիշկն էլ ասաց՝ ամեն ինչ լավ ա: Ուղղակի տարիքիդ պատճառով հրաժարվեցին վիրահատել: Ամեն ինչ լավ է:

-Հա, դե լավ ա, ցավդ տանեմ: Ես էլ մտածում էի՝ էն վատ անտերից ա…

Այդ պահին արցունքներս մի կերպ զսպելով հեռախոսս հանեցի, դրեցի ականջիս ու շրջվեցի, թե իբր՝ զանգում են: Բայց ոչ մի զանգ էլ չկար, եթե իրեն նայեի, ամեն ինչ կհասկանար:

Ես մնացի Երևանում, իսկ պապիկս մերոնց հետ հետ գնաց Բաղանիս: Էլ ինձ չէին հետաքրքրում համալսարան ընդունվելու նախապատրաստական դասերը, չէր հետաքրքրում ոչինչ: Ես ուղղակի ամեն ինչ ուզում էի թողնել, նստել մեքենա ու իր հետ լինել՝ լավ գիտակցելով, որ իր հետ անցկացրած ամեն մի պահը ինձ համար շատ թանկ է:

Չթողեցին գնամ իրենց հետ: Մնացի միայն մի նպատակով. ինքը երկար էր սպասել իմ դպրոցն ավարտելուն, և երազանքն էր, որ ընդունվեմ համալսարան, հետո բանակից դիմավորի ինձ… Բայց ցավոք, անգամ չհասցրեց բանակ ուղարկել:

Դեռ Երևանում եմ, սովորում եմ համալսարանում: Սովորականի պես գնում եմ դասի, գալիս տուն: Այդ օրն էլ դասի էի: Դասամիջոցին դուրս եկա և սովորությանս համաձայն զանգեցի տուն, տեսնելու, թե ինչպես են ու ինչ են անում: Բայց երբ պապիկս արդեն այդ վիճակում էր, առաջին հերթին հարցնում էի՝ պապիկս ոնց է, հետո նոր մնացածին էի անցնում: Նստեցի ծառի մոտի հին նստարանին ու զանգեցի տուն: Զանգեցի մայրիկիս, տեսա, որ ձայնը այն չի:

-Մամ, ի՞նչ ա պատահել:

Բայց մայրիկս անընդհատ ուզում էր թեման փոխել: Երկար խոսելուց հետո իմացա, որ պապիկս հենց այդ առավոտ մահացել է: Անջատեցի հեռախոսը ու սառած մնացի նստարանին նստած: Դասի զանգը խփեց, բայց ինձ համար չէր. ես ի վիճակի չէի դասի նստելու:

Մտա լսարան, տեղեկացնելով պատճառը, գնացի տուն: Չգիտեի՝ ոնց գնամ, որ շուտ հասնեմ, բայց երբ հիշում էի՝ ինչի համար եմ գնում, տեղումս քարանում էի, ինձ մտքերով խեղդում ու էլի առաջ գնում:

Երբ շարժվեցի դեպի գյուղ, չեմ էլ զգացել, թե ինչպես անցավ Երևան-Բաղանիս ճանապարհը: Մտքումս այն էր, որ գնամ, բազմոցից վեր է կենալու, դեպի ինձ գա ու գրկի, դասերից հարցուփորձ անի, հարցնի՝ քաղա՞քն ա լավը, թե՞ գյուղը: Ու ես էլ միշտ, ինչպես ասում էի կատակով. «Պապիկ, հոգնած եմ, հետո կպատմեմ»: Կամ երբ նյութ էի գրում, ու իմանում էր, որ տեղադրել են 17-ում, ասում էր՝ բացի կարդամ:

Ու կարդալոց հետո կանչում, համբուրում էր ճակատս: Շատ ժամանակ, երբ բացում էի պլանշետը և տալիս իրեն ու ասում՝ ես էստեղ եմ, էսա կգամ, մի քանի րոպե անցնելուց հետո կանչում էր.

-Սերոժի~կ, արի, արի բաց, մատս կպավ՝ եսիմ էս ինչ եղավ…

Ես էլ ջղայնացնելու համար ասում էի.

-Պապիկ, նյութս ջնջել ես:

Հետո արագ բացում էի, որ շարունակի կարդալ: Նայում էր ինձ, ժպտում ու ասում.

-Գնա, դե գնա՝ թող կարդամ:

Արդեն սովորել էր օգտվել պլանշետից, բայց ամեն ինչ կիսատ մնաց:
Երբ ականջակալներ էի դնում, ու ինձ հարց էր ուղղում, դե բնականաբար, չէի լսում, իսկ իրեն թվում էր, թե արհամարհում եմ ու նեղանում ինձնից: Մի անգամ էլ, երբ զգացի, որ ինչ-որ բան է ուզում ասի, արագ հանեցի և ասացի՝ չլսեցի, այ պապիկ: Նա ասաց.

-Էդ ի՞նչ ա, էդ հանի: Դա բան չի: Կամ՝ մի քիչ կամաց լսի, էլի, դա բան ա՞: Հանի կորցրու…

Որ շատ էդպես ասաց, հանեցի ու դրեցի իր ականջներին:

-Պահ… Էս ի՞նչ բարձր ա, իջացրու:

Բայց ինքը վերջում նույնպես խոստովանեց, որ լավ բան ա, ու էլ չասաց՝ հանի: Անգամ ինքն էր հաճույքով կրում, իր սիրած երգն էր միացնում ու լսում էր:

Ամեն առավոտ ինքն էր վառարանը վառում ու տունը ջերմացնում ու մեզ՝ ինձ ու եղբորս, արթնացնում քնից, որ գնանք դպրոց: Շատ ժամանակ անգամ կիրակի օրն էր գալիս, ասում.

-Վեր կաց, ուշանում ես:

Ես էլ ասում էի.

-Պապիկ, լավ էլի: Էսօր եմ մենակ ազատ, էն էլ արթնացրեցիր:

Կամ այդպես էր արթնացնում կամ հեռուստացույցի բարձր ձայնից: Այս ամենը ու էլի շատ պահեր ես հիշեցի ճանապարհին ու ինձ հույս էի տալիս, որ ամեն ինչ նույնն է լինելու: Էլի նույն զգացողությունները կլինեն: Բայց երբ մտա տուն, չէ, անգամ տուն չմտա: Կես ժամ դրսում էի, ուժ չէի գտնում ներս գնալու և տեսնելու այդ ամենը, որովհետև ես իմ հին առօրյան էի ուզում, որը սկսվում և ավարտվում էր իր հետ:

Պապիկս էլ չկա, ու մինչև այս պահն էլ չեմ հավատում, ու ինձ մեղադրում եմ վերջին օրերին իր մոտ չլինելու համար: Բոլորն ասում են՝ մի մեղադրիր քեզ, ինքն արդեն ազատվեց տանջվելուց, ու լավ է, որ իրեն էդ վիճակում չտեսար:

Մի քանի անգամ փորձել եմ գրել պապիկիս մասին, բայց կեսից համակարգիչը փակել եմ ու չեմ կարողացել, հետո իմ մեջ ուժ գտել ու ասել ինքս ինձ, որ պապիկիս մասին իրոք արժի նյութ գրել, որովհետև ինքը մեծատառով մարդ էր: Իրեն բոլորն են սիրել, բոլորն են դիմել տարբեր հարցերով, ու ոչ մեկին չի մերժել: Հին ժամանակ գյուղի մեխանիկն է եղել և առաջին տրակտորիստներից:

Այս վատ ապրումների մեջ նաև մի բան հասկացա, որ մարդ իր հետ ոչինչ չի տանում, միայն անունն է թողնում, որն էլ գնահատվում է կյանքի ապրած տարիներով: Պապիկս լավ անուն է թողել, լավ, բարի, ազնիվ մարդու, ինչի համար էլ ես իրոք հպարտ եմ, որ նման պապիկ եմ ունեցել: Հորաքույրներս ասում են՝ այս պահից մեր հայրը դու ես, երկրորդ Սերոժն ես: Ես էլ իմ մեջ գտնում պապիկիս բնավորության գծերից:

Մոտ օրերս գնալու եմ տուն, բայց էլի թվում է, թե ամեն ինչ նույնը կլինի, առաջվա նման ինձ կդիմավորի, բայց ոչ, ափսոս, հազար ափսոս, իր փոխարեն միայն իր նկարն է ինձ դիմավորում:

eva khechoyan

Պատմություններ օվկիանոսի այն կողմից. Հեքիաթնե՛ր կարդացեք

Ու նորից ես կգրեմ հերթական մի ցավոտ իրողության մասին, որի հետ չեմ հաշտվում:

Դպրոցում, որտեղ սովորում եմ, կա մտավոր տարբեր խնդիրներ ունեցող աշակերտների համար ստեղծված խումբ: Խումբն ունի առանձին ղեկավար, ով ուղեկցում է նրանց դասարանից դասարան ու օգնում դժվարությունների կամ արտառոց իրադարձությունների դեպքում:

Նստած էի դպրոցի գրադարանում, երբ խումբը մտավ ներս: Անկախ ինձանից փակեցի գիրքս ու սկսեցի հետևել: Տղաներից մեկը մոտեցավ գրաֆիկական նովելների բաժնին՝ կոմիքսների: Լարված հետևում էի, թե որտեղ կանգ կառնի ընտրությունը: Ձեռքը սահում է գրքերի վրայով:

Ես լարում եմ տեսողությունս… Կանգ առավ «Քայլող մեռյալները» գրքի վրա:

-Գտա, հենց էս էի փնտրում,- դժվարությամբ ընկալում եմ տղայի արտասանածը:

«Դե, բնականաբար…»,- մտքում ասում եմ ես ու նայում գրադարակի մյուս գրքերի վերնագրերին:

«Վամպիրների օրագիր», «Ֆրանկենշտեյն»…

Իսկ ես էդ տղայի ձեռքի տակ Անդերսենի հեքիաթները կդնեի:

Իբր առողջ վիճակով դիմանում ենք էդ հակամարդկային, արյունահեղ գրականությանը, որ մեկ էլ հոգեպես ավելի խոցելի մարդկանց ենք առաջարկում:

Հեքիաթնե՛ր կարդացեք, հեքիաթնե՛ր…

#Տարկետումլինելուա

Լուսանկարը՝ Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը՝ Սուրեն Կարապետյանի

«Ով չի ծառայել բանակում, տղամարդ կոչվել չի կարող… Ցավոք ես չեմ ծառայել»: Մշակութաբանության դասախոսիս մտքերն են (տղամարդ է, մոտ 70 տարեկան): Դե պատկերացրեք լսարանի վիճակը այս խոսքերը լսելուց անմիջապես հետո: Դասախոսությունը շարունակվեց միայն դասախոսի ցածր, բայց ամեն ինչ ասող նկատողության «օգնությամբ»:

Եվ իրոք, բանակը միջոց է, որը թույլ է տալիս ճանաչել ինքդ քեզ, որովհետև հայտնվելով բոլորովին նոր ու անծանոթ շրջապատում, դու սկսում ես նորից կառուցել այն ամենը, ինչը միգուցե քեզ ուղղակիորեն է տրվել (հարգանք, շրջապատ, ապահովություն…):

Իսկ եթե երիտասարդ գիտնակա՞ն ես, առողջական խնդիրներ կամ հիմնավորված պատճառ ունես չծառայելո՞ւ (գործող սահմանադրության համաձայն, ոչ թե…):

Պետությանը ծառայելը և անվտանգությունն ապահովելը յուրաքանչյուրիս պարտականությունն է: Բայց պարտադի՞ր է, որ միայն բանակում ծառայելով կատարած լինենք մեր պարտականությունները: Պատասխանը թվում է հեշտ`այո, չէ որ միշտ «թուրքին» պիտի արժանի պատասխան տանք: Իսկ եթե պատասխանը գիտության ոլորտում տա՞նք…

Պատմությունից պարզ է, որ մեր գոյությունն ուղղակիորեն կախված է սեփական մարտունակ ու խելացի բանակից: Մարտունակության մասին խոսելն անիմաստ է (ուղղակի հիշենք քառօրյան, հա, ու «խելացիներին», որ շարքային զինվորից չտարբերվեցին, նվիրված ու անվախ խելացին…

Այսօր ամենաքննարկվող թեման ակադեմիական տարկետման մասին օրենքի վերանայումն է, համաձայն որի այն կորցնելու է իր ուժը, և մենք էլ կորցնելու ենք մեր գիտական ներուժի հիմնական մասերից մեկին` ապագա գիտնականին, ով դժվար թե ցանկանա հետագայում շարունակել իր բռնած ուղին (երկու տարի գիտական ոլորտից հեռու, լեզվական ու աշխատանքային հմտությունները մոռացած): Այսինքն, մենք ընտրում ենք ֆիզիկականը` մտավորը թողնելով բախտի քմահաճույքին:

Ով չի ծառայել բանակում, դեռ չի նշանակում, որ տղամարդ կոչվել չի կարող: Ցավոք, ես դեռ չեմ ծառայել, բայց մի բան գիտեմ հաստատ` տղամարդ դառնալու ճանապարհը միակը չէ…

 

naira mkhitaryan

Կարևոր դաս

Ֆրանսերենի դասաժամն էր: Դասի թեման… Չէ, թեման հիմա այդքան էլ կարևոր չէ, կարևորը ուսուցչուհուս խոսքերն էին, սովորելու պատգամն ու որպես օրինակ բերված՝ ուսուցչուհուս մոր պատմությունը.

«Մորս անունը Անժելա է, նա ծնվել է 1937 թվականին՝ շինականի ընտանիքում: Իր չորս եղբայրների և երեք քույրերի մեջ միայն ինքն էր անտառաճանաչ մնացել, որովհետև դեռ չորս տարին չբոլորած՝ պայթել էր Մեծ Հայրենականը, և հայրը մեկնել էր ռազմաճակատ: Պատերազմից վերադարձել էր երկու տարի գերեվարվելուց հետո՝ իր հետ բերելով դառը հուշեր ու մի սպի, որը միշտ հիշեցնում էր պատերազմի դաժան տարիները: 1947 թվականին ծնվել էր քույրերից մեկը, որին մայրս պիտի խնամեր՝ իր կրթության հաշվին: Մայրս պատմում էր, որ տատիկս նույնիսկ այրել էր իր գրքերն ու տետրերը, որ դպրոց չգնա: Տետրերի հետ այրել էր մորս ապագան…

Մի անգամ գյուղում ֆիլմ էին ցուցադրելու Չապաևի մասին, ու պապիկս խոստացել էր մայրիկին տանել ֆիլմ դիտելու: Ֆիլմի ժամանակ մայրս տարվել է անկյունում դրված ինչ-որ սարքով, որն ինչպես ասել է մայրս՝ լույս էր վառում ու ձեն հանում: Ֆիլմի վերջում պապիկս մորս ասել է.

-Հլա տե՛ս, հեսա Չապաևին կսպանեն, բալա ջան:

-Ո՞ւր ա, պա:

-Հենա, պատին, տե՛ս,- մատով ցույց է տվել պապս:

Ու մայրս սկսել է լաց լինել, քանի որ ֆիլմն արդեն վերջանում էր, իսկ ինքը չէր դիտել այն:

50-ականների վերջին ռադիո չունեինք ու հաճախ էինք հավաքվում հարևանի տանը, զրուցում: Մի անգամ, երբ հարևանի աղջիկը, որն արդեն ավարտական դասարանում էր սովորում, մորս խնդրանքով կարդաց մի հատված «Սովետական Հայաստան» թերթից, մայրս մի պահ լռելուց հետո ասաց.

-Աստված ջան, կէղնի՞ մեկ օր էլ իմ էրեխեքը մեծնան, դպրոց էրթան, կարդան, ես էլ լսեմ»: Ուսուցչուհուս աչքերից արցունքները հոսեցին:

«6-րդ դասարանում սկսել էի կարդալ «Գևորգ Մարզպետունին», ու մայրս ուշի ուշով լսում էր ինձ, ես ժամերով բարձրաձայն ընթերցում էի նրա համար:

Ձմեռ էր: Անասուններին կեր տալու ժամն էր, ու մայրս պիտի մի քանի րոպեով գնար: Մինչ գնալն ինձ պատվիրեց.

-Բալա ջան, հանկարծ չկարդաս, շուտ հասնիմ, դառնամ:

Իրեն դուր եկած հատվածները խնդրում էր նորից կարդալ.

-Բալա, լա թագուհու ու դայակի երկխոսությունը մեհատլե կարդա՞ս:

Կարդում էի, ու մայրս բառ առ բառ անգիր էր անում լսածը: Անտառաճանաչ մայրս անգիր գիտեր Թումանյանի բանաստեղծությունները:

Հետագայում, երբ մայրս հիսունն անց էր, փորձեց տառերը սովորել, ցավոք, չստացվեց: Ես կատակի էի վերածում նրա խոսքերը՝ սովորել չկարողանալու մասին.

-Լավ, Անժիկ, ձև մի թափի, ո՞նց թե չես կարում սովորես:

-Բալա ջան, կո չեմ կարում էլի»:

Զանգը հնչեց, ուսուցչուհիս դուրս եկավ դասարանից, ես հանեցի թուղթն ու գրիչը ու սկսեցի շարադրել նրա պատմածը: Ես ինձ ամենաերջանիկ մարդն զգացի, որովհետև ունեմ սովորելու հնարավորություն, ինչն այսուհետ ավելի եմ գնահատում ու արժեւորում:

Անկախության սերո՞ւնդ

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի

Համակարգչիս ստեղնաշարի կտկտոցների տակ ծնված հերոսս այսօր անանուն է:

Անուն ունի, իհարկե: Երբ լույս աշխարհ եկավ, հայրն ուրախ-ուրախ քաղաքացիական կացության ակտերի գրանցման վարչություն գնաց՝ որդուն իր հոր, հորեղբոր կամ մի երևելի ազգականի անունով կոչելու, որ գերդաստանի պատիվն ու հպարտությունը դառնա, երբ մեծանա: Ազգանուն էլ ունի, բնականաբար: Անպայման «յան»-ով վերջացող:

Անցյալի ու ներկայի, հնի ու նորի կռիվը հերոսիս օրվա ամենաէական մասն է: Նորից վախենալով դեպի հինը փախչելն էլ ազգային է, արյան մեջ:

Նրանից, որ քաջություն չունի առաջ նայելու, պայքարելու ինչ-որ նորի, տարբերվողի համար, կամա թե ակամա փարվում է հնին ու այդպես էլ մնում։

Չգիտեմ, երևի քչերը գիտեն՝ որտեղ է սկսվում այդ հինն ու որտեղ պիտի ավարտվի։

Երեկվա սերունդը մեզ անկախության սերունդ է կոչում՝ պայմանականորեն, մենք նրանց՝ պատերազմի սերունդ։ Հիմա ամեն բան խառնվեց։ Արդեն մենք էլ ենք պատերազմի սերնդից։ Նրանք անկախություն չունեին։ Հարց է, թե մենք որքանով ունենք։ Հիմա մենք երևի կիսաանկախ- կիսապատերազմի սերունդն ենք։ Հնի ու նորի իսկական խառնուրդ։

Իսկ իրականում բարդ է այդպիսին լինելը:

Նա 91-92 թվականներին է ծնվել: Անկախության հաստատման, մութ ու ցուրտ կամ պատերազմի տարիներից շատ բան չի հիշում: Նորմալ է: Թերևս միայն հիշի, թե ինչպես մեծերը մի օր ասացին, որ էլ կռիվ չի լինի: Ավարտվեց: Ու նա հավատացել էր: Երևի շատերն էին հավատացել, կամ փորձել իրենց հավատացնել, որ այդպես է: Այդպես կլինի: Հա, մոտ 25 տարի մեզ մի կերպ հավատացնում էինք, որ կռիվ չկա: Էլի մի կերպ՝ հնից կախված, նորերի միջով քայլում ու երկաթե շերեփ կամ, գոնե, գդալ էինք փնտրում: Չէինք գտնում: Բողոքում էինք, ընդվզում, բայց միայն ցածրաձայն, իսկ ավելի ճիշտ՝ մտքում: Չհասկացվելու ու ունեցած-չունեցած անցյալն էլ կորցնելու վախից անգամ չենք էլ շշնջացել:

Նա մեկ էլ հիշում է գրքերում կարդացածը: Այն, որ երևի բոլորս ենք հիշում կամ չենք հիշում:

Մենք գերբ, դրոշ, հիմն ու հազարամյակների պատմություն ունենք: Ավարայր, Սարդարապատ, Արցախ, հիմա էլ պատմության գրքի կես էջի վրա Քառօրյան են տեղավորել:

Ուժեղ երկիր ենք, իրոք: Առանց կատակի ու հեգնանքի: Միայն երբեմն ինքներս մեզ մոռանում ենք գրքերի էջերում: Նոր գրքեր գրելու համար էլ երևի «մոտիվացիա» չունենք։

hovik vanyan dsex

Առանց ընտանիքի

Մտածում էի՝ հեշտ է լինելու ծնողներից, տնից, գյուղից հեռու ապրելը: Կարծես այլ աշխարհ ընկած լինեմ: Եթե նախկինում պատասխանատվության զգացումս այնքան էլ շատ չէր, որովհետև ծնողներիս կողքին էի, հիմա արդեն ես եմ իմ յուրաքանչյուր քայլի համար պատասխանատու:

Նյութերիցս մեկի մեջ գրել էի, որ Երևանը Մարսի վրա չէ, բայց հիմա համոզվում եմ, որ Երևանը միգուցե Մարսի վրա չէ, բայց ես հաստատ Մարսի վրա եմ, ու այնպես է ստացվում, որ Մարսի վրա պատասխանատվությունը պետք է լինի ամենաբարձր կետի վրա: Փորձում եմ հնարավորինս խելացի ու զգույշ լինել, որպեսզի ծնողներս համոզված լինեն, որ իզուր չեն ինձ վստահել ու թողել, որ հեռանամ իրենցից:

Արդեն մեկուկես ամիս է, որ ծնողներիս հետ չեմ ապրում ու հիմա, ամփոփելով այսքան ժամանակը, հասկանում եմ, թե ինչքան եմ փոխվել ու դարձել ավելի զգոն: Փաստորեն, ստացվում է այնպես, որ յուրաքանչյուր մարդ պետք է հասկանա ու գնահատի իր կարողություններն ու կարողանա ճիշտ որոշումներ կայացնել:

Հետ դառնալով անցյալ՝ տեսնում եմ, թե ինչքան տարբերություններ կան իմ «ես»-երի միջև: Մենակ ապրելը, ծնողներից հեռու լինելն ու ինքնուրույն գործելն օգնեցին ինձ հասուն մտածելակերպ ձեռք բերել ու աշխարհին նայել իրական աչքերով: Հիմա պետք է ուղղակի համակերպվել ու մտածել ապագայի մասին:

Հ. Գ. Քիչ մնաց աշնանային արձակուրդներին: Կարոտել եմ գյուղը…

Լիլիթ Համբարյանը

Զրուցակիցս Հայաստանը միջազգային մրցույթներում ներկայացրած, «Հայաստանի ձայնը» 4-րդ եթերաշրջանի մասնակից, երգչուհի Լիլիթ Համբարյանն է: 

-Պատմեք Ձեր մասին: Ինչպե՞ս եք սկսել երգել: Ձեր ընտանիքում երգողներ եղե՞լ են: Երգի, երաժշտության հանդեպ սերը ումի՞ց եք ժառանգել: 

-Ես ծնունդով Վանաձորից եմ, հենց այնտեղ էլ սկսվել է իմ երաժշտական կյանքը: Առաջին քայլերս սկսել եմ Վանաձորի երգի պետական թատրոնի ստուդիայից, այդ ժամանակ ընդամենը տասը տարեկան էի: Հետագայում դարձա Երգի պետական թատրոնի մեներգչուհիներից: Երգելուն զուգահեռ՝ որոշեցի նաև երաժշտական գործիքներ նվագել: Ընտրեցի ժողովրդական գործիքները, աղջկա համար ավելի բարդ` շվին, դուդուկը, զուռնան:
Սկզբում երաժշտական դպրոցում էի դասերի գնում, իսկ հետո՝ ավելի հմտանալու համար սկսեցի հաճախել մասնավոր պարապմունքների:
Մանկուց երգել եմ տարբեր մանկական երգչախմբերում: Երկար տարիներ հանդես եմ եկել առաքելական եկեղեցիների երգչախմբերում թե՛ Հայաստանում, և թե՛ Հայաստանից դուրս:
Բարձրագույն կրթություն ստացել եմ Վանաձորի մանկավարժական համալսարանում: Սովորել եմ «երաժշտական կրթություն» բաժնում, մասնագիտությամբ՝ երգչախմբի ղեկավար: Ավարտելուց հետո նույն բուհում աշխատանքի եմ անցել որպես վոկալ-գործիքային անսամբլի գեղարվեստական ղեկավար: Մեկ տարի անց տեղափոխվեցի Շվեյցարիա՝ բնակվելու, բայց ամիսներ անց վերադարձա ոչ թե Վանաձոր, այլ Երևան: Մինչ օրս ապրում և երգ-երաժշտությամբ եմ զբաղվում ինձ համար հարազատ դարձած քաղաքում: Այստեղ մասնակցում եմ տարբեր քաղաքային միջոցառումների: Ի ուրախություն ինձ՝ էնթրո ժանրում որպես մեներգչուհի հանդես եմ գալիս «Colors of music entro band» խմբում:
Առաջին անգամ Հայաստանը միջազգային մրցույթում ներկայացրել եմ 2016 թվականին: Մալթայում էր «Arpeggio-2016» մրցույթը, որի ժամանակ գրավեցի առաջին տեղը՝ արժանանալով բացարձակ հաղթողի կոչման:
Իսկ երկրորդ մրցույթը վերջերս էր՝ հուլիս ամսին, Լիտվայում: Մրցույթը կոչվում էր «Klaipeda-2017»: Ինձ համար շատ կարևոր էր այդ մրցույթում մասնակցությունս, որովհետև կյանքումս առաջին անգամ պատիվ ունեի հանդես գալու պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ: Մրցույթում դարձա գլխավոր մրցանակակիր՝ արժանանալով «Գրան պրի» մրցանակի:
Երգելու տաղանդս ժառանգել եմ տատիկիցս, որը փոքր տարիքիցս ապրում է իմ հաջողություններով և մինչ օրս ինձ ուժ է տալիս:
Այժմ «Հայաստանի ձայնը» 4-րդ եթերաշրջանին եմ մասնակցում: Հուսամ՝ այստեղ էլ հաջողություններ կգրանցեմ:

-«YKCB» խմբի ռեփեր Տիգրան Կարապետյանի հետ եք համագործակցել: Ինչպե՞ս սկսվեց Ձեր համագործակցությունը: 

-Ես և Տիգրանը միասին սովորում էինք Աբել Աբելյանի անվան դերասանական ստուդիայում, դեռ վաղուց մտածում էինք միասին հանդես գալու մասին, և, ի վերջո, մեր համատեղ աշխատանքը ստացվեց, որի շրջանակներում էլ նկարահանվեց տեսահոլովակը, և մենք հանդես եկանք «Հետ գաս էլի» երգով, որը, կարծում եմ, հատկապես երիտասարդների կողմից սիրվեց:

-Իսկ համերգների մասնակցության հրավերներ հաճա՞խ եք ստանում: Երգերը, որոնք պետք է կատարեք, ինչպե՞ս եք ընտրում:

-Ե՛վ համերգների, և՛ երաժշտական տարբեր միջոցառումների հրավերներ հաճախ եմ ստանում: Երգացանկս բավականին լայն է և բազմաժանր, քանի որ ես հանդես եմ գալիս տարբեր երաժշտական ճաշակ ունեցող մարդկանց համար, փորձում եմ հանդես գալ տարբեր ժանրերում:

-Միայն լավ ձայն ունենալը բավակա՞ն է երգչուհի լինելու համար: 

-Իհարկե, ըստ իս՝ ամենակարևորը ձայնն է, եթե իհարկե, կոչումդ երգիչ կամ երգչուհի դառնալն է: Բայց ձայն ունենալուց բացի՝ պետք է ունենալ երաժշտական ճաշակ, արտաքին գրավչություն, բեմական կեցվածք, անկեղծություն և ինքնատիպություն:
Հանդիսատեսին պետք է ճիշտ ներկայանալ կարողանաս, պետք է միշտ ասելիք ունենաս:
Ես և շատ կատարողներ հիմնականում հանդես ենք գալիս արդեն ճանաչում գտած երգիչների երգացանկով: Ես կցանկանայի ստեղծել իմ ոճը, որպեսզի կարողանայի ինձ ամբողջությամբ դրսևորել և ասելիքս տեղ հասցնել:

-Ի՞նչ եք կարծում՝ երգչուհու կարիերան խոստումնալից ապագա ունի՞, թե՞ լրացուցիչ մասնագիտություն ունենալն անհրաժեշտ է: 

-Հստակ պատասխան տալ չեմ կարող: Ամեն դեպքում՝ լրացուցիչ մասնագիտություն, կարծում եմ, արժե ունենալ: Թեկուզ և բազմակողմանի զարգացած լինելու համար:

-Ի՞նչ նախասիրություններ ունեք: 

-Ազատ ժամանակ սիրում եմ սպորտով զբաղվել: Սիրում եմ գրքեր կարդալ՝ Սևակ, Չարենց, Լևոն Շանթ: Տպավորված էի Լևոն Շանթի «Հին աստվածներ» գրքով, որը լիարժեք հասկանալու համար մի քանի անգամ եմ ընթերցել:
Սիրում եմ նաև շրջագայել, հնարավորության դեպքում առիթը բաց չեմ թողնում:

lilit harutyunyan lchshen

Մեկ տարի 17-ի հետ

Բարև ձեզ: Հիմա կասեք՝ ինչի որոշեցի այսօր բարևել բոլորիդ, դեռևս ոչ մի նյութիս մեջ չէի բարևել: Բայց այսօր ուրիշ է, այսօր չափից շատ ուրախ եմ: Ուղիղ 1 տարի առաջ այս օրը 17.am-ը հրապարակեց իմ առաջին նյութը: Հիշում եմ, թե քանի օր էի տանջվել իմ առաջին, պարզունակ, սակայն ինձ համար շատ կարևոր նյութի վրա, ու այն հրապարակված տեսնելը աննկարագրելի զգացողություն էր:

Առաջին անգամ էր, որ հարցազրույց էի վերցրել ինչ-որ մեկից ու առաջին անգամ այն հայտնվեց մի կայքում, որի նյութերը կարդում են հազարավոր մարդիկ: Հիմա հստակ գիտեմ ու կարող եմ ասել, թե ինչ տվեց ինձ 17-ը: Այն ինձ տվեց նոր ընկերներ, մտքերս ազատ արտահայտելու հնարավորություն և մասնագիտական ճիշտ կողմնորոշում: Եթե մինչ այս երկմտում էի մասնագիտության ընտրության հարցում, ապա հիմա հաստատ գիտեմ, որ լրագրողի մասնագիտությունն եմ ընտրելու:

17-ը ինձ տվեց գիտելիքներ, որոնք իմ հետագա կյանքում մեծ դեր են ունենալու և այնպիսի գիտելիքներ, որ հաստատ ուրիշ ոչ ոքից հնարավոր չէր ստանալ: 17-ը մի աշխարհ է, փոքրիկ, բայց միևնույն ժամանակ մեծ ընտանիք, որտեղ ամեն մեկն իր ուրույն տեղն ունի:

Երբեմն ծուլանում եմ նյութ գրելու հարցում, երբեմն էլ ժամանակը չի բավականացնում, բայց աշխատում եմ որքան հնարավոր է շուտ-շուտ գրել: Մի խոսքով՝ չեմ ուզում երկար գրել, քանի որ ինքս էլ երկար-բարակ նյութեր կարդալ չեմ սիրում: Միայն շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր նրանց, ովքեր միշտ իմ կողքին են և ինձ օգնում են նյութերս ավելի լավը դարձնելու գործում:

Շնորհակալ եմ, 17, դու ինձ համար ուրիշ աշխարհ ես: