Emma Kosakyan

Աշունը չորացած տերև չէ

Շատերի համար եկել է երկար սպասված ժամանակը սոցկայքերում աշնան մասին բանաստեղծություններ ու աշնանային բնության նկարներ տեղադրելու համար: Բնականաբար, փոխվում է նաև էջի գլխավոր նկարը. հաստ ժակետով, թեյով ու գրքով նկար է պետք: Սովորաբար այդ նկարներում բաժակը լինում է դատարկ, քանի որ այն պետք է միայն թեյի տեսք ունենա, խմելու կարիք չկա: Դե, իսկ նկարի գիրքը շատերի համար առաջին պատահած գիրքն է լինում, իսկ ավելի ճիշտ՝ այն գիրքը, որն ունենում է առավել գեղեցիկ ու աշունոտ կազմ: Ու մնաց վերջին քայլը՝ սոցկայքում նշելը, որ դու լսում ես Ռուբեն Հախվերդյանի «Մեր սիրո աշունը» երգը: Վերջ, ամեն ինչ արված է:

Իմ աշունն այսպիսին չէ, բայց ես սիրում եմ այն ամենը, ինչ կապված է աշնան հետ: Երբեք չեմ հասկացել այն մարդկանց, ովքեր ասում են, որ աշունը ռոմանտիկների եղանակն է ու հպարտորեն ավելացնում, որ իրենք աշունը չեն սիրում, ռոմանտիկ չեն: Մի կողմ դնենք, որ ռոմանտիկ լինելը իրենց պատկերացրած սարսափելի հատկանիշը չէ, բայց մյուս կողմից միանշանակ չէ, որ աշունը սիրող բոլոր մարդիկ խիստ ռոմանտիկներ են: Կարծում եմ՝ այդպես մտածողները պարզապես լսել են այն գիտական նյութի միայն առաջին մասը, ըստ որի աշնանը բոլոր մարդիկ դառնում են առավել զգացմունքային:

Մենք գրքեր ենք կարդում, դասընթացների մասնակցում, որոնք մեզ սովորեցնում են ինչ-որ օրենքներ, մեխանիզմներ երջանիկ, հաջողակ լինելու համար: Սակայն իրականում այդ ամենը մեզ տրվում է ավելի պարզ տեսքով. պետք է պարզապես վերցնել: Բնության մեջ կատարվող ցանկացած երևույթ մարդկանց ինչ-որ բան ունի սովորեցնելու: Աշնանը քամին ծառերից պոկում է չորացած տերևներն ու քշում ծառից հեռու, փոխարենը որոշ ժամանակ անց ծառն ունենում է նոր տերևներ՝ կանա՜չ, կյանքով լի: Այդպես էլ պետք է թույլ տանք աշնան քամին անցնի նաև մեր զգացմունքների կողքով՝ պոկելով այնտեղ եղած չորացած զգացմունքները, որոնք մեզ այլևս պետք չեն: Դրանց փոխարեն մենք ունենալու ենք նորերը ՝ կանաչ, կյանքով լի: Պետք է թույլ տանք, որ աշնան քամու հետ գնան այն մարդիկ, ովքեր մեր կողքին են դողացող տերևի նման ու միևնույնն է՝ մի օր գնալու են: Թող գնան հիմա այս թեթև, աշնանային քամուց և ոչ թե անսպասելի փոթորկի պահին նկատենք, որ մենակ ենք մնացել: Աշնանը սիրում ենք փաթաթվել վերմակի մեջ ու թեյել: Բայց ամենահաստ վերմակն էլ մեզ չի տաքացնի, եթե մեր ներսում չունենք ջերմություն դեպի կյանքը, ընտանիքը, դեպի մի սեր: Դե, իսկ թեյն առանց ընկերների ոչինչ է:

Anushik Mkrtchyan

Ապարանի գյուղերը

Ապարան քաղաքը ունի 21 գյուղ, որից 4-ը մեր գյուղին՝ Արագածին (նախկին անվանումը՝ Ղազնաֆար) մոտ են:

Որոշեցի ներկայացնել այդ չորս գյուղերի ու մեր գյուղի դրական և բացասական կողմերը:

Առաջինը սկսեմ Շենավանից (նախկին անվանումը՝ Բլխեր): Այս գյուղում բոլորը զբաղվում են առևտրով: Գյուղում չես հանդիպի մեկհարկանի առանձնատուն: Բոլորինն էլ երկհարկանի են: Գրեթե բոլոր փողոցներն ասֆալտապատված են: Իսկ բացասական կողմը կապված է ժողովրդի հետ: Նրանք ժլատ են, ես այդպես եմ կարծում:

Երկրորդը Ծաղկաշենն է (նախկին անվանումը՝ Թաքարլու): Այս գյուղի ժողովուրդն այնքան լավն է, համեստ: Նրանք չեն խառնվում ոչ մեկի գործերին: Սակայն գյուղում շատ քիչ են փողոցները, որոնք ասֆալտ ապատված են: Աչքի ընկնող վայրեր չկան:

Հաջորդը Վարդենուտն է (նախկին անվանումը՝ Շիրախալա): Գյուղում փողոցներն ասֆալտապատված են, բնակչությունը՝ շատ: Գյուղը աչքի է ընկնում իր անասնապահությամբ, ինչն էլ գյուղ մտնելուն ես անմիջապես զգում ես (դե, հոտից):

Արայի (նախկին անվանումը՝ Բազառջուխ): Այս գյուղը շատ մաքուր է, փողոցներն ասֆալտապատված են: Աչքի է ընկնում գեղեցիկ բնությամբ. չորս կողմդ ծառեր են, դաշտեր: Սակայն վատն այն է, որ բնակչությունն է քիչ:

Շատ եմ սիրում մեր բոլոր գյուղերը: Բոլոր գյուղերից ունեմ ընկերներ, և տարբեր գյուղերից լինելու փաստը չի խանգարում մեր շփմանը:

Հերթը հասավ մեր գյուղին՝ Արագածին: Մեր գյուղը կարելի է համարել թվարկածս գյուղերի շարքում ամենազարգացած գյուղը: Սա չեմ ասում նրա համար, որ մեր գյուղն է, այլ իրոք այդպես է: Թվարկեմ, ասեմ՝ դուք էլ կհամոզվեք: Գյուղն ունի երկու դպրոց, մանկապարտեզ, արվեստի դպրոց՝ իր բոլոր բաժիններով: Ի դեպ, արվեստի դպրոցի սաներից և մանկապարտեզի երեխաներից շատերը վերոնշյալ գյուղերից են: Ունի երկու հանդիսությունների սրահ, մշակույթի տուն, գրադարան, «Բիստրո» կոչվող սննդի կետ, որը վերջերս է բացվել, հյուրանոց և եկեղեցիներ: Թվարկածներիցս միայն դպրոցն է, որ կա մյուս գյուղերում: Բայց մեր գյուղի ժողովուրդը, հիմնականում՝ մեծահասակները, շատ բամբասկոտ են: Նրանց բոլորին հետաքրքրում է, թե ով ես դու, ում աղջիկն ես, ում թոռն ես, ուր ես գնում, որտեղից ես գալիս: Վարորդները մեքենաներից են ուսումնասիրում, իսկ սա չեմ նկատել մյուս գյուղերում: Մյուս վարորդներին ճանապարհն է հետաքրքրում, ոչ թե ինչ-որ անցորդ:

Եվ վերջում ուզում եմ հետգրություն թողնել: Հնարավոր է՝ նշված գյուղերի բնակիչները նյութը կարդան: Ուզում եմ ասել, որ նյութում գրվածը իմ կարծիքն է, որը կարող է չհամընկնել ձեր տեսակետների հետ:

mariam tonoyan

Եթե մի փոքր այլ լիներ

Մեր ծանոթության առաջին օրը նա լուռ էր: Նստած դպրոցական վերջին շարքի նստարանին՝ հայացքով լուռ տնտղում էր մեզ՝ իր նոր դասընկերներին: «Ինձ նման դժվար է հարմարվում նոր շրջապատին»,- մտածեցի ես ու ակամա քայլեցի դեպի այն նստարանը, որտեղ նա էր նստած: Նստեցի նրա կողքին: Դարձյալ լուռ էր, մինչև որ հարցրի նրա անունն ու, ի զարմանս ինձ, նա միայն ասաց անունն ու կատարյալ անտարբերությամբ երեսը շրջեց դեպի պատուհանը: Հաջորդ օրերին ինձ հաջողվեց փոքրիշատե մտերմանալ նրա հետ ու հասկանալ նրա՝ շրջապատից մեկուսանալու պատճառը:

-Ես մանկատնից եմ,- մի օր հանկարծ իր խոսքին հատուկ լակոնիկ ոճով ասաց նա՝ հազիվ իրեն զսպելով, որ հայացքն անբնականորեն չփախցնի աչքերիցս: Այն փաստից, որ ես դա անմիջական ու ժպիտով ընդունեցի, նա զարմացավ.

-Կարծում էի, թե էլ ընկերություն չես անի ինձ հետ…

Այդ փոքրիկ դժվարությունը հաղթահարելով՝ շուտով մտերմացավ ողջ դասարանի հետ ու ամրապնդեց վստահությունը մեր նկատմամբ:

-Ես շատ երազանքներ ունեմ,- պատմում էր նա, երբ դասամիջոցին զրույցի էինք բռնվում,- ամենամեծ երազանքս լավ մարդ լինելն է, իսկ հետո՝ տաղանդավոր ու ճանաչված նկարչուհի: Կարծում եմ՝ ցանկացած մարդ նախքան մասնագիտություն ընտրելը պետք է մարդ լինելու արվեստին տիրապետի՝ լինի հարգալից, շնորհքով, դաստիարակված, արդար, լավությունը գնահատող ու բարեհոգի: Ժամանակ առ ժամանակ բոլորս էլ կանգնում ենք ինչ-ինչ դժվարությունների առաջ, որոնք մարդուն որոշ չափով ընկճում են: Նման դեպքերում ես խորհուրդ եմ հարցնում ինձնից մեծ մարդկանցից, քանի որ գիտեմ, որ նրանցից շատ բան կարելի է սովորել, բայց երբեք չեմ կոտրվում: Եթե մեզ ի վերուստ տրված է դժվարություններով լեցուն կյանքի ճանապարհ, մենք պարտավոր ենք հաղթահարել դրանք պատվով՝ առանց դժգոհությունների, ու մեր համառ կամքի շնորհիվ կհասնենք մեր բոլոր երազանքներին:

-Ես շատ դեպքերում անհամարձակ ու վախկոտ եմ,- շարունակեցի ես,- դա երբեմն խանգարում է իմ առաջընթացին: Իսկ դու վախեր ունե՞ս:

-Ցանկացած վախ հաղթահարելի է: Ես ամենաշատը վախենում եմ սխալներ թույլ տալուց ու մենակությունից: Բայց դա քո պատկերացրած մենակությունը չէ: Ես կարող եմ լինել հազարավոր մարդկանց մեջ, բայց, միևնույն է, ինձ մենակ զգալ: Իսկ քո պատկերացրած մենակությունը ես շատ եմ սիրում, երբ կարող ես նստել ու անվերջ մտածել:

-Բայց ինչո՞ւ մենության մեջ:

-Մարդիկ հաճախ ինձ չեն հասկանում, երբեմն նեղացնում են խտրական վերաբերմունքով՝ մոռանալով, որ բոլորս էլ Աստծո առաջ հավասար ենք, երբեմն բարձրից են նայում:

-Ինչպե՞ս բարելավենք մեր հասարակության վատ կողմերը,- տխրեցի ես:

-Կարծրատիպեր են, ի՞նչ կարող ես անել: Մարդիկ իրենց երեխաներին ուսման են տալիս, բայց մոռանում զուգահեռաբար դաստիարակել, բարձր գնահատականներ են պահանջում, փոխարենը մեծամիտ են դարձնում: Եթե դա մի փոքր այլ լիներ, ոչինչ էլ բարելավելու կարիք չէր լինի:

Մեր հասցեն է՝ Լոռու մարզ, ՍՄԱՐԹ կրթական կենտրոն

Լուսանկարը՝ Հովիկ Վանյանի

Լուսանկարը՝ Հովիկ Վանյանի

2018 թվականի հունվարից,  հուրախություն  Լոռու մարզի երեխաների, իր դռները կբացի ՍՄԱՐԹ  կրթական կենտրոնը: Բացմանը ընդառաջ լրագրողների հետ ունեցած զրույցում COAF-ի Smart նախաձեռնությունների պատասխանատու  Շահանե Հալաջյանը  մեզ պատմեց կենտրոնի  նպատակների, շահառու համայնքերի  և մինչև այս իրենց ծավալած գործունեության մասին:

-Կենտրոնը կառուցելու համար ինչո՞ւ ընտրեցիք հենց Լոռին:
-Առաջին մարզը, որտեղ մենք սկսել ենք աշխատել՝ Արմավիրն է: Արմավիրում մենք 10 տարի շարունակ աշխատել ենք 10 և ավելի գյուղերում: Մեր հիմնադրամի աշխատակիցները յուրաքանչյուր օր այցելել են Արմավիրի գյուղեր և  աշխատել դպրոցների, բուժամբուլատորիաների և մի շարք այլ հաստատությունների հետ, 4 ծրագրերով` կրթական, առողջապահական, երեխայի և ընտանիքի պաշտպանության ու տնտեսական զարգացման: 10 տարի ինտենսիվ աշխատելուց հետո, քանի որ մոտեցումը հաջողված էր, մեր տնօրենը՝ ամերիկաբնակ բարերար Գարո Արմենը, որոշեց, որ պետք է այս հաջողված մոդելը գործի դնել այլ համայնքների զարգացման մեջ և, որ հետագա 10 տարում գյուղերը ոչ թե պետք է լինեն 10-ը, այլ` 100-ը: Սա նշանակում էր, որ ծրագիրը պետք է տարածվեր այլ մարզերում նույնպես:

2014թ-ին հիմնադրամի գործունեության տասնամյակից հետո նոր գյուղերի ընտրության խնդիր դրվեց: Իհարկե, պրոֆեսիոնալ թիմ հավաքվեց, ովքեր տեղեկացված էին Հայաստանի համայնքների խնդիրներից: Մեկ տարուց ավել աշխատանքներից հետո որոշվեց, որ ծրագիրը կիրականացվի Լոռիում: Ինչու հենց Լոռիում, որովհետև այստեղ բարձր էին որոշ ցուցանիշներ կապված աղքատության, արտագաղթի և այլ խնդիրների հետ, և բացի այդ, Լոռին ուներ դրական կողմեր, որոնցից մեկը մարզի իտելեկտուալ պոտենցիալն էր: Հիմնադրամի համար հետաքրքիր էր նաև նոր միջավայրը, որովհետև այսպես ասած, տափաստանային, ջրի սակավության խնդիր ունեցող Արմավիրից հետո մենք գալիս ենք Լոռի` լեռնային, խոնավ տարածաշրջան:

-Որքան գիտենք,  կենտրոնը միակն է իր տեսակի մեջ: Ինչպե՞ս ծնվեց այն ստեղծելու գաղափարը:
-Արմավիրում մենք շաբաթական երեքից  չորս անգամ գնում էինք գյուղ, անմիջականորեն մարդկանց հետ աշխատելու, իսկ այս պարագայում դա հնարավոր չէր: Եթե նույնիսկ առավոտ վաղ Երևանից սկսեինք մեր աշխատանքը, միևնույն է, ունենում էինք ժամանակի  կորուստ: Հասկացանք, որ աշխատանքի համար նոր մոդել է պետք, իսկ այդպիսին դեռ չկար,  և արդյունքում մի շարք քննարկումներից հետո ծնվեց ՍՄԱՐԹ-ը:

-Իսկ ինչո՞ւ հենց  ՍՄԱՐԹ:
-Ի սկզբանե, մեր աշխատանքի հիմքը անմիջական մարդ-մարդ հարաբերություններն էին,
բայց 21-րդ դարը մեզ առաջարկում է նոր հնարավորություններ, ավելի արդյունավետ հարաբերությունները կազմակերպելու և աշխատելու համար: Որոշեցինք , որ տեխնոլոգիաներին ավելի մեծ առավելություն պետք է տրվի, և հենց տեխնոլոգիաները  կիրառելով պետք է փորձենք կազմակերպել մեր աշխատանքը: ՍՄԱՐԹԸ, այսպես ասած, այս ամենի կենտրոնացումն է: Սմարթ կենտրոնից առաջ ստեղծվեցին վեց սմարթ սենյակներ Լոռու մարզի տարբեր գյուղերում, և ունենք ևս երկու Սմարթ-ապահով սենյակներ  Տավուշի մարզում, որոնք կառուցվեցին  ապրիլյան պատերազմից հետո սահմանին հարող գյուղերում, դպրոցի ներքին հարկում`երեխաներին ապաստարանով ապահովելու համար: Սմարթ սենյակները իրար հետ կապված են հեռահաղորդակցության նորագույն մեթոդներով, տեխնոլոգիաներով հագեցված սենյակներ են, որտեղ գյուղի  երեխաները կարող են օգտվել այն բոլոր հնարավորություններից, որն ընձեռում է քաղաքը: Այսինքն, այն միտքը, որ ամեն ինչ միայն Երևանում է, Վանաձորում կամ Գյումրիում, կամաց-կամաց սկսում է չհամապատասխանել իրականությանը:

Լուսանկարը՝ Հովիկ Վանյանի

Լուսանկարը՝ Հովիկ Վանյանի

-Որտեղի՞ց  են հրավիրվելու մասնագետները, ովքեր պետք է դասավանդեն այստեղ:
-Հիմնադրամի աշխատանքային սկզբունքը այսպիսին է. մեր մասնագետները այցելում են գյուղ, բայց միշտ մենք վերապատրաստում ենք տեղի մասնագետներին, որպեսզի հետագայում ապահովվի ծրագրի շարունակականությունը: Այսինքն, եթե այսօր մենք գիտենք, որ Արմավիրում այլևս գործ չունենք անելու, դա միայն այն պատճառով, որ այնտեղ կան որակյալ  վերապատրաստված մասնագետներ, ովքեր շարունակում են մեր գործը: Այստեղ մասնագետները լինելու են թե´ դրսից, թե´ Լոռիից:

 -Դասընթացները անվճա՞ր են լինելու,  թե՞ վճարովի:
-Ամեն ինչ անվճար է: Մեր հիմնադրամը բարեգործական է, և այլ կերպ չէր էլ կարող լինել:

-Ի՞նչ տարածքների է բաժանված շենքը:
-Շենքի ծայրում տեղակայված է գրադարանը: Այն բաղկացած է երեք հարթակներից: Ինչպես այս, այնպես էլ կենտրոնում գտնվող մյուս սենյակները հարմարեցված են հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: Առաջին հարթակը հատկացվելու է մեր հիմնական` COAF-ական ծրագրերին: Այս հարթակում կլինի նաև գրադարանավարի  գոտին: Մեր գրադարանը լինելու է կապող օղակ մյուս բոլոր ծրագրերի համար: Նշեմ որ շեշտը չենք դրել միայն տպագիր գրքերի վրա, այլ նաև Audio, 3D, էլեկտրոնային, թվային գրականության վրա: Այս գրադարանում լինելու է մինիմալ քանակով տպագիր գիրք, ավելի շատ փորձելու ենք համագործակցել հարևան համայնքների գրադարանների հետ,  խթանելու համար նրանց աշխատանը, և վերապատրաստելու գրադարանավարներին: Այստեղ կարող են լրացնել նաև մասնագիտական գրականության պակասը:

-Արդյո՞ք  այս կենտրոնը կարող է դիտվել որպես դպրոցի մրցակից:
-Իրականում հակառակն է, եթե մենք ունենանք լավ էքսպերտ, կուժեղացնենք ուսուցիչներին և կունենանք մեզ օգնող հզոր թիմ: Մեր գերնպատակը, ընդհանուր առմամբ, կրթության որակի բարելավումն է, անկախ նրանից, դա կլինի կենտրոնո՞ւմ, թե՞ դրանից դուրս:

Լուսանկարը՝ Հովիկ Վանյանի

Լուսանկարը՝ Հովիկ Վանյանի

-Ո՞ր համայնքների երեխաները կարող են հաճախել կենտրոն:
-Թիրախային մարզը Լոռին է, բայց Շիրակից  ու Տավուշից ևս նախատեսվում են ժամանակ առ ժամանակ այցեր կազմակերպել: Հիմնականում նախատեսում ենք պիլոտային ծրագիրը  հունվարից  փորձարկել Լոռում: Տեսական մասը պետք է վերածել գործնականի, կենտրոնը պետք է դառնա շնչող օրգանիզմ, որպեսզի մայիսից սկսած մենք գործենք լրիվ թափով: Սկզբում կաշխատենք 30 կմ ռադիուսի շրջանակներում ընկած գյուղերի հետ, որպեսզի տեղափոխման խնդիր չառաջանա:

-Ինչպե՞ս եք իրականացնելու երեխաների փոխադրումը:
-Կենտրոնը տեղափոխման մեծ հոգսը վերցնում է իր վրա, բայց փորձում ենք համագործակցել նաև  պետական մարմինների հետ, ակնկալում ենք նաև ծնողների աջակցությունը:

-Ֆինանսավորման առումով ովքե՞ր են աջակցել:
-Հիմնադրամի հովանավորը  և տնօրենը Գարո Արմենն է: Ի սկզբանե նա ամեն բան զրոյից սկսել է իր միջոցներով, բայց քանի որ շատ հայտնի գիտնական ու բարերար է արտասահմանում,  ունի բազմաթիվ ազդեցիկ ընկերներ, ովքեր ընթացքում միացան նախաձեռնությանը: Մենք ունենք ձևավորված հոգաբարձուների խորհուրդ, որի կազմում կան աշխարհահռչակ հայեր, գիտնականներ, բարերարներ, արվեստագետներ, կամաց-կամաց այդ շրջանակը ընդլայնվում է: Բացի այդ, ամեն տարի դեկտեմբերին մենք ունենում ենք դրամահավաք-երեկո, այս տարի արդեն 14-րդ անգամ: Մեզ օգնում են նաև շատ անհատներ, առանձին կառույցներ ու կազմակերպություններ: Մենք ակտիվ համագործակցում ենք Ամերիկյան դեսպանատան, VivaCelL MTS-ի, Beeline-ի հետ:

-Ինչպե՞ս  եք կազմակերպելու դասավանդողների կեցության հարցը:
-Մենք ունենք հյուրատուն, որը գտնվում է կենտրոնի աջ մասում, այստեղ կհյուրընկալվեն այլ երկրներից հրավիրված մասնագետները, աշխատողները, ժամանակ առ ժամանակ կկազմակերպվեն ճամբարներ:

-Ի՞նչ տարիքային խմբերի համար է նախատեսված կենտրոնը և ի՞նչ  քանակությամբ այցելու կարող է ընդունել:
-Տարիքային սահմանափակում չկա, նվազագույն տարիքը չորսն է, դրանից մեծ կարող է այցելել ցանկացած մարդ: Առավելագույնը կարող ենք ընդունել 150 ուսանող:

Լուսանկարը՝ Հովիկ Վանյանի

Լուսանկարը՝ Հովիկ Վանյանի

-Ի՞նչ կարող եք առաջարկել  4 տարեկան երեխաներին:
-Մենք շատ ենք կարևորում վաղ մանկական զարգացումը: Փորձը ցույց է տալիս, որ հենց այդ տարիքն է կարևոր, երբ նոր է սկսում զարգանալ երեխայի գիտակցությունը, և հենց այդ տարիքից է պետք երեխային սկսել գիտելիք տալ: Այս տարիքային խմբին առաջարկվելու է ուսում խաղերի միջոցով, գործընթացի մեջ կկիրառվեն նաև տարբեր տեխնոլոգիաներ: Բնականաբար մեր մանկապարտեզներում այդ տեխնոլոգիաները չեն կիրառվում, բայց մենք մեր մասնագետների միջոցով մատուցելու ենք այդ ծառայությունները: Բացի երեխաներից մենք աշխատելու ենք նաև ծնողների հետ, կունենանք հատուկ դասընթացներ նաև երիտասարդ մայրիկների համար:
-Ե՞րբ սկսվեց շինարարությունը, և ո՞վ է այս յուրահատուկ ճարտարապետական լուծման հեղինակը:

-Սմարթը հիմնվեց 2015թ-ին,  2 տարի է արդեն ընթանում է շինարարությունը, և դրա արդյունքում է, որ ունենք յուրահատուկ ճարտարապետական նախագծով, և բոլոր մեր եղած կրթական համալիրներից տարբերվող կենտրոն: Ճարտարապետը բեյրութահայ Փոլ Գալուստյանն է, ով հատուկ հրավիրվել է այս նախագիծը կյանքի կոչելու համար: Եթե նկատեցիք, շենքը ատիպիկ է, և շատ հատվածներում պատերի փոխարեն պատուհաններ են: Ճարտարագիտական նման լուծումների գաղափարը  բնության հետ ներդաշնակ լինելու և երեխաներին իրենց հոգեհարազատ միջավայրից չհեռացնելու, կապը բնության հետ պահելու մեջ է:

Զրուցեցինք նաև  COAF -ի Լոռու թիմի ղեկավար Քրիստ Մարուքյանի հետ:

-Ի՞նչ եք կարծում, ի՞նչ դժվարությունների կհանդիպի կենտրոնը իր աշխատանքի սկզբում:
-Խոչընդոտ  կարող են հանդիսանալ տրանսպորտային, ճանապարհների հետ կապված որոշակի խնդիրները, կամ սկզբնական շրջանում ծնողների թերհավատությունը, բայց դրանք տեխնիկական հարցեր են, որոնք կարծում եմ շատ արագ կլուծվեն:

-Իսկ ի՞նչ է դասավանդվելու:
-Կլինեն գյուղատնտեսության, ջերմոցային տնտեսության հետ կապված դասընթացներ, անգլերեն, ծրագրավորում, ռոբոտաշինություն, բիզնես հմտություններ,  ինչպես նաև կունենանք արվեստների, արհեստների ակումբներ, յոգա, պար: Մենք փորձելու ենք այս հմտությունները գյուղական համայնքներում ապրող մարդկանց համար վերածել եկամտի աղբյուրների:

-Ինչքանո՞վ կաջակցի կենտրոնը հետաքրքիր գաղափարներ ունեցող երեխաներին:
-Կենտրոնը ինքը արդեն իսկ մեծ աջակցություն է երիտասարդներին: Որովհետև նման կենտրոնի առկայության դեպքում երիտասարդները արդեն ունենում են մեծ տեխնիկական հնարավորություններ, որոնք անհատի համար ձեռք բերելը մեծ միջոցներ կպահանջեր:

-Արդյո՞ք ձեր կրթած մասնագետները պահանջարկ կվայելեն համաշխարհային շուկայում:
-Մենք չենք կրթում մասնագետներ այլ երկրների զարգացմանը նպաստելու համար: Մենք կրթում ենք, որպեսզի մեր տված գիտելիքով զարգանան մեր համայնքները: Կենտրոնի գործունեությունը ինքնին պետք է նպաստի արտագաղթի կանխարգելմանը:

Լուսանկարը՝ Հովիկ Վանյանի

Լուսանկարը՝ Հովիկ Վանյանի

ՍՄԱՐԹԻ գործնեությամբ առանձնապես ոգևորված են նրան ամենամոտ համայնքի`Դեբեդի երեխաները, ովքեր մեզ հետ զրույցում նշեցին, որ COAF-ը իր ծրագրերով շատ է նպաստել գյուղի զարգացմանը, իրենց անհատական  որակների բարելավմանը, մասնավորապես «Աքսես» խմբակը, որը շարունակելու է իր գործունեությունը կենտրոնում, տվել է անգլերեն լեզվի անգնահատելի գիտելիքներ, նոր ծանոթություններ ու ազատ խոսք: ՍՄԱՐԹԻ շահառու համայնքներն են նաև Թումանյանը, Դսեղը, Քարինջը և այլն:

Կենտրոնի գործունեությունը հիմնված է լինելու 4 գաղափարական հիմնասյուների վրա` նորարարություն և ստեղծարարություն, լեզու և հաղորդակցություն, անձնային զարգացում, ձեռնարկատիրություն: Կենտրոնի նպատակն է՝ կրթել երկրի ակտիվ և արժանի քաղաքացիներ, անհատականություններ, ովքեր կկարողանան իրենց գաղափարները կյանքի կոչել իրենց համայնքներում և կխթանեն արտագաղթի կանխումը:

Լուսանկարը՝ Հովիկ Վանյանի

Լուսանկարը՝ Հովիկ Վանյանի

Հարցազրույցները վարեցին՝ Մարիամ Բարսեղյանը, Անի Ղուլինյանը, Հովիկ Վանյանը

anush hovhannisyan

Կար ու չկա

Մայրիկս միշտ պատմում է իր մանկությունից, և դա իմ ամենասիրելի զրույցներից է: Ես հետաքրքրասիրությամբ անընդհատ հարցեր եմ տալիս, իսկ նա սիրով ու համբերատարությամբ պատասխանում է: Պաշտում եմ, երբ նա սկսում է պատմել իրենց բակային խաղերից, որոնք նրանց առօրյայի մի մասն են եղել, իսկ մենք անգամ դրանց անունները չենք լսել:

Այ, օրինակ՝ յոթ քարը: Դա խաղացել են այսպես. ռետինե գնդակը (պայթած ու անպետք) կտրել են 7 շրջանների, որոնք 1-ից 7 համարակալված են եղել, և «գործնագործի» նման բաժանվել են 2 խմբի: Կենտրոնում իրար վրա շարված են եղել գնդակի կտորները, իսկ խաղի կենտրոնում գտնվողը պետք է գնդակից պաշտպանվելու հետ մեկտեղ կարողանար հարթ գետնին դասավորել կտորները և հակառակը՝ հավաքեր իրար վրա: Ակտիվ, շարժուն ու շատ հետաքրքիր խաղ, որի մասին լսելիս էլ անգամ ցանկանում ես ինքդ խաղալ:

Իսկ մյուս խաղի անունն է «չլիկ դաստա», որը, ըստ բակային կանոնների, խաղում էին միայն տղաները: Խաղում էին ընդամենը 2 փայտի կտորով, որոնցից մեկի օգնությամբ մյուսը պետք է կարողանային հարվածելով պտտեցնել: Երկու փայտի օգնությամբ նրանք կարողացել են խաղ մտածել ու հետաքրքրացնել իրենց առօրյան: Իսկ աղջիկները խաղում էին «ռեզին», պարան, «լյագուշկա»: Այսպես կարելի է խաղերի անվերջանալի մի շարք գրել ու անպայման շարքի վերջում չմոռանալ նշել բակային ճամբարները: Ինչպես ասում է մայրիկս՝ իրենց բակը լրիվ վերածված է եղել օլիմպիական խաղերի մարզադաշտի:

Միայն լսելուց այս ամենի մասին, մի պահ նախանձ եմ զգում, որ եղածը խաղեր են, բայց ես դրանք չեմ խաղացել: Չնայած՝ ես դեռ մի փոքր ուրախանալու տեղ ունեմ, քանի որ երբ փոքր էի, մեր բակում դեռ չկային տներ՝ համակարգիչներով զինված, ու մենք էլ էինք խաղում՝ մոռանալով ժամանակի մասին, խաղում էինք մինչև ուշ գիշեր:

Սիրում եմ, երբ մայրիկս սկսում է իրենց չարաճճիություններից պատմել, ու երբ հարցնում եմ, թե նա ինչ կաներ, եթե հիմա նույնը մենք անեինք, սկսում է ծիծաղել ու ասում, որ շատ խիստ կբարկանար ու կզրկեր բջջայինից: Իսկ իրենց ժամանակ ամենածանր պատիժը բակ իջնելու հնարավորությունից զրկվելն էր:

Այո, փոխվել է ժամանակը, անգամ պատժի մասին պատկերացումներն են փոխվել:

Lusine Karapetyan

#տարկետումլինելուԱ

Արդեն վաղը Ազգային Ժողովում քվեարկության է դրվելու «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը։ Նախագծի հաստատումը իրենից ենթադրում է տղա ուսանողների ակադեմիական տարկետման վերացում, բացառությամբ այն քաղաքացիների, ովքեր կնքում են պայմանագիր հավատարմագրված բուհերի հետ, որ համապատասխան մասնագիտություններ ձեռք բերելուց հետո միայն կանցնեն զինվորական ծառայության։ Ստացվում է այնպես, որ ներկայումս սովորող և ակադեմիական տարկետում ունեցող տղաները, իրենց կրթական շրջանն ավարտելուց հետո և մնացած տղաները՝ համալսարանը նույնիսկ անվճար ընդունվելու դեպքում, պարտադիր պետք է ծառայեն Հայոց բանակում։

Նախագիծը առաջադրվել է Պաշտպանության նախարարության կողմից և իր դրական արձագանքն է ստացել Կրթության և Գիտության նախարարության կողմից։ Սա «Ազգ-բանակ» հայեցակարգի անվտանգության ամրապնդման օրենսդրական արմատներն են դեռ։

Երևի նորություն չի լինի, թե ասեմ, որ յուրաքանչյուր երկրի ու հասարակության շարժիչ ուժը երիտասարդներն են։ Իսկ երիտասարդների ամենաակտիվ ու, պայմանականորեն ասած, փոփոխություն բերող կորիզը մեծամասամբ ուսանողներն են։ Հայաստանը երբեք չի եղել բացառություն։ Լինելով նախկինում զինվորականի դուստր, երկու հնարավոր վերաբերմունք պիտի ունենայի այս հարցի շուրջ․ դրական՝ քանզի փոքրիշատե միլիտարիստական գաղափարների շուրջ եմ մեծացել, չեզոք, քանի որ աղջիկ եմ, ու ինձ երբեք չի սպառնա ծառայելու կամ չծառայելու խնդիրը։ Բայց ամեն ինչ չէ, որ պետք է դիտարկել անհատական մակարդակում։

Այս խնդրի առնչությամբ ստեղծվեց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը՝ կազմված ամեն ինչ անհատական մակարդակում չդիտարկող երիտասարդ աղջիկներից ու տղաներից։ Նախաձեռնությունը արդեն տևական ժամանակ քննարկումներ, հանրային լսումներ, խաղաղ ակցիաներ է իրականացնում նախագծի դեմ։ Կարծիքների և քննարկումների մասին ամբողջական պատկեր կարող եք ստանալ խմբից և ֆեյսբուքյան էջից, ինչպես նաև Վիգեն Սարգսյանին և Լևոն Մկրտչյանին ուղղված բաց նամակից։

Այսպես․ անվճար ընդունված և տարկետում ստացած միայն 140 երիտասարդի համար է սույն տարկետումը դառնում բանակից «խուսափելու» միջոց, որովհետև միայն այդքան երիտասարդ կարող են շարունակել ուսումը ասպիրանտուրայում։ Իսկ բակալավրիատում անվճար տեղերի քանակը տատանվում է 1800-ի, իսկ մագիստրատուրայում՝ 400-ի սահմաններում։ Ինչպես հասկացանք, նրանցից միայն 140-ն է ամբողջապես ազատվելու բանակից, մնացածը՝ ծառայելու են, բայց որոշակի դադարից հետո։

Արծրուն Հովհաննիսյանը հարցազրույցներից մեկում նշում է, որ լրագրողներից մեկի ուսումնասիրությունը հանգեցրել է այն կարծիքին, որ պաշտոնյաների տղաները խուսափում են ծառայությունից երկու հիմնական ոլորտները կոռումպացնելով՝ կրթության և առողջապահության։ Ինձ իրավունք չեմ վերապահում բացառել ասպիրանտուրայում սովորող ոչ ահռելի քանակի երիտասարդներից մի քանիսի՝ համակարգի կոռումպացված լինելու պատճառով այդտեղ հայտնվելու և բանակից ազատվելու փաստը, բայց, արդյո՞ք ամենաօպտիմալ տարբերակն է՝ չորացած ճյուղը կտրելու փոխարեն կտրել ամբողջ ծառը։ Կամ չե՞ք կարծում, որ պետք է աշխատել ոչ թե ակադեմիական տարկետումները վերացնելու, այլ կոռումպացված կառույցների վրա վերահսկողությունը մեծացնելու ուղղությամբ։ Եվ այս մեթոդի օգտագործումը կոռուպցիան ուղղում է միայն առողջապահական ոլորտ․ կաշառք տվողի համար ոչինչ չի փոխվում, բայց երիտասարդ գիտնականների, գենդերազգայուն գիտական ոլորտի և առողջ հասարակության համար շատ բան է տանուլ տրվում։

Ամենաշատը ինձ համար հիասթափեցնող է այն փասը, որ այս օրինագիծը հավանության է արժանացել ոչ միայն Կրթության, այլ նաև Գիտության նախարարության կողմից։ Չէ՞ որ հայրենիքին ծառայելը միայն զենքով պաշտպանելու մեջ չէ, այդ դեպքում ինչի՞ համար են մասնագիտությունները։

Նախաձեռնության դեմ անհատների, ինչպես նաև Արծրուն Հովհաննիսյանի անձնական փորձի վրա հիմնված այն փաստարկին, թե՝ «գիտությամբ զբաղվել ցանկացողը կշարունակի գործունեությունը բանակից հետո», մեծամասնություն կազմող դեպքերում սին են: Ես դա հասկացել եմ իմ փոքր դիտարկումների արդյունքում՝ և՛ իմ կուրսում, և՛ ծառայած ընկերների շրջանակում։ Չընդհանրացնելով ուղղակի ասեմ, որ բանակից հետո տղաների ընկալումները աշխարհի նկատմամբ փոխվում են՝ հաստատ ոչ հօգուտ գիտության։

Այնուամենայնիվ, ևս մի դիտարկում․ ամենաուշը 4 տարի հետո զորակոչիկները կլինեն բացառապես 18 տարեկան, և տարիքային բազմազանությունը, ինչպես որ հիմա է, պարտադիր զինծառայողների շրջանում կվերանա ակադեմիական տարկետման հետ միասին, և միգուցե իրականանա նախագիծը կազմողների երազած սոցիալական արդարությունը՝ գիտնականներին դեմոտիվացնելով, և «վերացնելով կոռուպցիան» պաշտպանության ոլորտում։

«Ռինդ» ազգագրական պարային համույթը

«Ռինդ» ազգագրական պարային համույթը, որտեղ այժմ պարում եմ նաև ես, ստեղծվել է 2014 թվականին համայնքի ղեկավարի՝ պարոն Հուսիկ Սահակյանի աջակցությամբ: Հարցազրույց խմբի ղեկավար և պարուսույց Դավիթ Հովհաննիսյաննի հետ:

-Պատմեք «Ռինդ» պարային համույթի մասին: Ե՞րբ է ստեղծվել այն և ներկայումս քանի՞ աշակերտ կա խմբում: 

-Համույթը ստեղծվել է 2014 թվականի փետրվարին: Համույթը գործում է երկու խմբով: Ներկայումս կա մոտ 60 աշակերտ, և նրանց թիվը օր օրի ավելանում է:

-Պարային ո՞ր ոճերում է հանդես գալիս խումբը: 

-Պարում ենք հայկական ազգագրական պարեր՝ քոչարի, յարխուշտա, իշխանապար, և այլ ազգերի ժողովուրդների պարեր՝ ռուսական, վրացական, իտալական, հունական:

-Մասնակցո՞ւմ եք փառատոների կամ միջոցառումների: Եթե այո, ապա ի՞նչ մասշտաբի միջոցառումներ են լինում դրանք: 

-Մասնակցում ենք հանրապետական՝ մրցութային և ցուցադրական տարբեր փառատոների: Օրինակ, մասնակցել ենք «Նազանք-2014» և «Նազանք-2015» պարի հանրապետական մրցույթ-փառատոներին: Մասնակցում ենք նաև մշակութային միջոցառումների: Հենց վերջերս պարել ենք Արենիում՝ գինու փառատոնի ժամանակ: Անցած ամիս պարել ենք Եղեգնաձորում կազմակերպված անկախության օրվան նվիրված միջոցառմանը, հոկտեմբերի 21-ին` Ռինդ գյուղի տոնին նվիրված միջոցառմանը:

-Ի՞նչ մրցանակների է արժանացել խումբը: 

-Համույթի սաները ստացել են պատվոգրեր «Մինորա» մշակութային կենտրոնից՝ «Նազանք-2014», «Նազանք-2015» պարի հանրապետական մրցույթ-փառատոներին և 2017 թվականի հունիսի 1-ին «Հայ մանուկներ» երաժշտական հանրապետական համերգ-փառատոնին փայլուն մասնակցություն ցուցաբերելու համար: Խումբը հրավերներ է ստացել Վրաստանից և Հունաստանից:

-Ի՞նչ խնդիրներ ունի խումբը: 

-Պետական աջակցությունը շատ քիչ է, ճանապարհածախսի և սննդի համար գումար տրամադրում են ծնողները, նաև համայնքապետարանը: Մեր հիմնական խնդիրը պարային հագուստների խնդիրն է, որոնք բացակայում են միջոցների սղության պատճառով:

-Ինչպիսի՞ն եք պատկերացնում խմբի ապագան: 

-Խմբի ապագան շատ տեսանելի է և հուսադրող, քանի որ երեխաները մեծ սիրով են հաճախում պարապմունքներին: Իսկ մենք արդեն իսկ ունենք պարուսույցներ, որոնք չնայած դեռ 16-17 տարեկան են, բայց արդեն բավականին մեծ փորձ են ձեռք բերել այդ ասպարեզում:

-Բացի «Ռինդ» պարային համույթը՝ ունե՞ք այլ խմբեր: 

-Այո: Խումբ ունեմ նաև Արենի համայնքում, որը հենց այդպես էլ կոչվում է՝ «Արենի» պարային համույթ:

-Մի փոքր պատմեք Ձեր մասին: Ե՞րբ եք սկսել պարել, որտե՞ղ եք սովորել, ե՞րբ եք դարձել պարուսույց: 

-Պարել սկսել եմ դեռ փոքր տարիքից: Պարել եմ Եղեգնաձորի ՄՍԿ (Մանկական ստեղծագործական կենտրոն) մշակույթի տան «Սալմաստ» ազգագրական երգի-պարի համույթում, նաև ՀՀ ՊՆ «Սպայի տան» «Սարդարապատ» պարային համույթում: Հստակ չեմ հիշում, բայց մոտավորապես 5-ից 6 տարի է՝ պարուսույց եմ:

-Սիրո՞ւմ եք Ձեր աշխատանքը: 

-Այո, իհարկե: Սիրում եմ աշխատել երեխաների հետ: Երբ որևէ աշխատանք անում ես սիրով և տեսնում ես, որ այն արդյունք է տալիս, սկսում ես ավելի ու ավելի շատ նվիրվել քո գործին: Ես սիրով եմ անում իմ գործը:

-Ո՞րն է Ձեր կարգախոսը: 

-Պահպանել և տարածել մեր հայկական ազգագրական պարերը: Սա է իմ կարգախոսը, և ես հնարավորինս փորձում եմ հետևել դրան: Իմ աշակերտներին ևս սովորեցնում ու խորհուրդ եմ տալիս հետևել այդ կարգախոսին:

Ավստրալական մշակույթն Աբովյան 64-ում է

 

Լուսանկարը՝ Էլիզաբեթ Հարությունյանի

Լուսանկարը՝ Էլիզաբեթ Հարությունյանի

«Արևմտյան Ավստրալիայի տափաստանի աբորիգենների արվեստը» ցուցահանդեսի բացման արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 19-ին՝ ժամը 19:00-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի կենտրոնում:
Բացման արարողության հատուկ հյուրերից էր Մոսկվայում Ավստրալիայի դեսպանատնից Դամիեն Բրակարդը՝ մշակույթի բաժնի պատասխանատուն:

Լուսանկարը՝ Էլիզաբեթ Հարությունյանի

Լուսանկարը՝ Էլիզաբեթ Հարությունյանի

Ցուցահանդեսը նվիրված է հայ-ավստրալական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-
ամյակին: Այն արվեստասեր հասարակությանը ներկայացնում է Արևմտյան Ավստրալիայի տափաստաններում
ապրող աբորիգենների աշխատանքների վերատպությունները:
-Նկարներում ցույց է տրված տեղաբնիկների և նրանց երկիրը գրաված սպիտակամորթների մշակույթների
բախումը, ինչպես նաև աբորիգենների իրենց կորսյալ հայրենիքի վերագտնման ձգտումը,-մեկնաբանեց
թանգարանի գիտական գծով տեղակալ Ժենյա Քալանթարյանը:
Աշխատանքները սիմվոլիկ են: Հիշեցնում են քարտեզային պատկերներ: Դրանք արտացոլում են 20-րդ դարի
երկրորդ կեսին տեղաբնիկների կյանքի վրա մեծ ազդեցություն թողած «Canning Stock Route» կոչվող
աշխարհի ամենաերկար արահետի պատկերները: 1850 կմ երկարությամբ արահետը ձգվում էր ամբողջ
Արևմտյան Ավստրալիայով՝ Կիմբերլիից մինչև Հարավային Գոլդֆիլդի շրջան:
Նկարների դիտակետն ընտրված է վերևից:

Լուսանկարը՝ Էլիզաբեթ Հարությունյանի

Լուսանկարը՝ Էլիզաբեթ Հարությունյանի

Խոսելով ցուցահանդեսի կազմակերպման նպատակի մասին՝ տիկին Ժենյան նշեց.
-Աբորիգենների ստեղծած մշակույթը ոչնչացման եզրին է: Ցուցահանդեսի կազմակերպման գլխավոր նպատակը,
հասարակությանը այս յուրահատուկ արվեստը ներկայացնելու միջոցով, այն պահպանելն է, քանի որ սա այդ
ժողովրդի էթնիկ մշակույթն է:

Լուսանկարը՝ Էլիզաբեթ Հարությունյանի

Լուսանկարը՝ Էլիզաբեթ Հարությունյանի

Ցուցահանդեսը շրջիկ է: Նրա նախորդ կանգառը Բուլղարիան էր: Կազմակերպիչները նախատեսում են մեկ
տարվա ընթացքում կատարել հինգ այսպիսի շրջագայություն տարբեր երկրներով: Հայաստանյան այցը
կավարտվի նոյեմբերի 10-ին:
Այցելեք:

Օրդ սկսիր և ավարտիր մեկ բաժակ սուրճով կամ թեյով

Երևանում հոկտեմբերի 20-ին և 21-ին տեղի ունեցավ Թեյի ու սուրճի առաջին փառատոնը: Փառատոնն իրականացվում էր Կարապի լճում:

Չափազանց հետաքրքիր փառատոն, որտեղ ներկայացված են ոչ միայն տեղական արտադրանքի թեյեր և սուրճեր, այլ նաև միջազգային ընկերությունների: Վճարելով 2000 դրամ՝ այցելուները կարող են համտեսել թեյի և սուրճի ցուցադրվող տեսականուց որքան որ ուզեն: Բարձր երաժշտություն, ահել-ջահել, ուրախ մարդիկ, աշնան տաք արև ու թեյի, սուրճի անուշ բուրմունք: Փառատոնը բոլոր թեյասերների ու սուրճից չհագեցողների համար լիարժեք տոն է:

Մասնակցող ամեն մի կազմակերպություն յուրովի և մյուսներից հնարավորինս տարբերվող դիզայնով փորձել է ներկայացնել իր արտադրանքը, քանի որ սա էլ հրաշալի հնարավորություն է իրենց արտադրանքը գովազդելու և շուկայում դրա սպառումը խթանելու համար:

Օրինակ, տեղական արտադրության «Ար Ֆիտո-Ֆարմ» ընկերությունը ներկայացնում է խոտաբույսերով բնական թեյեր, որոնք ունեն բուժիչ նշանակություն: Խոտաբույսերը հիմնականում Հայաստանում հանդիպող տեսակներ են, սակայն կան նաև թեյեր, որոնք պատրաստված են ներմուծված խոտաբույսերից:

Իսկ օրինակ, «Իմպերիալ» թեյերը Հայաստան են ներմուծվում Մոսկվայից և համեմատաբար նոր են շուկայում: Առաջարկում են ինչպես բարձր, այնպես էլ միջին ու ցածր արժողությամբ թեյեր՝ հասանելի բոլորին:

arxiv

Հայրենիքը այս է ահա

Առավոտ

Ձեռքս բռնած մի լավ հայրիկ,

Պատշգամբից նայող մայրիկ,

Մանկապարտեզ տաքուկ, սիրուն,

Ուսուցչուհի ինձ սպասող,

Զվարթ, զնգուն աղջիկ, տղա-

Հայրենիքը այս է ահա

Հրանտ Մաթևոսյան

 

Փոքր էի: Մանկապարտեզում հանդեսից առաջ ինձ ասել էին, որ եթե պապիկս Հրանտ Մաթևոսյանն է, թող ինձ համար բանաստեղծություն գրի: Այս օրվանից սկսած՝ երբ գնում էի պապիկիս տուն, խնդրում ու համոզում էի նրան, որ գրի այդ բանաստեղծությունը: Տատիկս ասում էր՝ պապիկը բանաստեղծ չէ: Հայրիկս էլ ասում էր, որ պետք է մանկապարտեզում ասել այդ մասին: Հաջորդ օրը մայրիկս հետս եկավ մանկապարտեզ և խոսեց տնօրենի հետ: Բայց դա ինձ չկանգնեցրեց: Մեկ ամիս շարունակ այնքան խնդրեցի պապիկիս, որ գրեց «Առավոտը»: Ես մինչև հիմա պահել եմ թղթի կտորի վրա ինձ համար գրված նրա երևի միակ բանաստեղծությունը:

Անի Մաթևոսյան, 13 տարեկան

Երբ Անին պատմեց պապիկի՝ գրող Հրանտ Մաթևոսյանի՝ իր համար գրած բանաստեղծության մասին, մտածեցինք. իսկ մեզ համար ո՞րն է հայրենիքը:

***

Դպրոցից շուտ դուրս եկա և սկսեցի արագ քայլել: Երբ ես բարկացած եմ լինում, արագ եմ քայլում՝ չնայելով շուրջս, չլսելով ոչինչ. ես այդպես հանգստանում եմ: Արագ քայլում էի՝ նույնիսկ չիմանալով, թե ուր եմ գնում, ուղղակի քայլում էի: Չգիտեմ՝ այսպես ինչքան կգնայի, եթե… Հանկարծ դիմացս տեսա մի փոքրիկ աղջկա, որը կանգնել և ժպտում էր՝ անդադար ինձ նայելով: Ես էլ ակամա նրան ժպտացի: Չեմ հիշում՝ ինչքան այդպես կանգնած մնացի, բայց երբ ուշքի եկա, աղջիկը չկար: Ես, ամեն ինչի մասին մոռացած, տուն գնացի:

Սիրան Մանուկյան, 13 տարեկան

***

Ընտանիքով տեղափոխվել ենք նոր բնակարան: Չնայած հին ու նոր շենքերն իրարից այնքան էլ հեռու չեն, բայց ես, այնուամենայնիվ, կարոտում եմ իմ հին բակը: Կարոտում եմ կոշկակար Ռուբիկին, ով ամբողջ օրն անցկացնում էր վարսավիր Արայիկի մոտ՝ վիճաբանելով քաղաքական տարբեր թեմաների շուրջ: Կարոտում եմ Արջուկին՝ մեր բակի շնիկին, որն ընդհանրապես նման էլ չէ արջուկի: Կարոտում եմ մեր հարևան տիկին Սուսանին, ով ամեն առավոտ արթնանում և իր համար մի նոր հիվանդություն է հնարում: Կարոտում եմ մեր բակի տաղավարը, որտեղ ամեն երեկո հավաքվում ու խաղեր էինք խաղում առանց տարիքային սահմանափակման: Բայց այն ժամանակ, երբ այնտեղ էի ապրում, նույնիսկ ուշադրություն չէի դարձնում այդ ամենի վրա:

Տեսնես հիմա ինչո՞ւ եմ կարոտում:

Գայանե Մարտիրոսյան, 16 տարեկան

***

Մենք ընտանիքով ամեն տարի ամռանը գնում ենք հանգստանալու: Երբ վերադառնում ենք տուն, ամեն անգամ ցանկություն եմ ունենում վազելու տան մեջ, որպեսզի վերհիշեմ մեր բնակարանը: Քաղաքից դուրս ես կարոտում եմ իմ տունը: Տեսնես՝ ինչի՞ց է: Ինձ թվում է՝ ես կարոտում եմ իմ մահճակալը, հեռուստացույցը և տան մյուս իրերը: Ես այնքան եմ մտերմացել մեր տան հետ… Արդեն աչքերս փակ կարողանում եմ տան մեջ քայլել:

Արամ Մնացականյան, 9 տարեկան

***

Լույսը բացվեց: Ես, դեռ լրիվ չարթնացած, լսեցի աղբի մեքենայի ձայնը, որից նորից դժգոհեցին մեր հարևան Սերոբ պապիկը և նրա շունը…

Քայլում էի փողոցով: Անցա կանգառի մոտով, որտեղ կանգնած քնաթաթախ մարդիկ սպասում էին իրենց երթուղայինին…

Դասարանում խոսում էի իմ դիմաց նստած Կարենի և Դավթի հետ…

Պատմության ժամին դասից մի փոքր շեղվելով՝ հիշեցի մեր բակի վարդենին, որն ամռանը պատված է լինում կանաչ տերևներով և ալ կարմիր վարդերով: Հետո հիշեցի ընկեր Սարգսյանի պատմած պատմությունները, և զանգը հնչեց…

Դպրոցից դուրս գալիս ականջիս հասավ մեր պահակի՝ պարոն Զորիկի մշտական հարցը.

-Փիլիպոսյանի դասարանն է, չէ՞:

Եվ այդ հարցի մշտական պատասխանը.

-Այո՛…

Նորայր Բարոյան, 13 տարեկան
***

Հայրենիքը իմ տունն է, իմ մանկությունը, հիշողությունները, բոլոր այն դեմքերը, որոնք տեսնում եմ ամեն օր: Ամռանն առավոտյան բացում եմ խոհանոցի պատուհանը, իսկ աջ կողմից Արարատն է ասում. «Բարի լույս»: Երեկոյան էլ ծիծեռնակների ձայնը հիշեցնում է, որ կարելի է դուրս գալ բակ՝ զբոսնելու: Հայրենիքը տատիկիս գյուղի տան սպիտակ թթի ծառն է: Փոքր ժամանակ, երբ բարձրանում էի գոմի տանիքին և վայելում թթի քաղցր համը, մայրիկս և տատիկս ներքևից բղավում էին.

-Նանե՜, զգո՛ւյշ, չընկնես, վտանգավոր է:

Նանե Աբելյան, 15 տարեկան

***

-Իջի՛ր, շո՛ւտ արա, իջի՛ր, վա՜յ, հիմա կընկնես,- դեռ չիմանալով, որ կատուները կարողանում են ծառ բարձրանալ, բղավում էի ես:

-Վա՜յ, դե, իջի՛ր, ուզում եմ մոտս լինես,- արդեն իմանալով, որ կատուները կարողանում են ծառ բարձրանալ, բղավում եմ ես:

Ու կատվիս գրկելով՝ գնում նստում եմ տաղավարում ու կարդում իմ սիրելի գրքերից մեկը: Գյուղում էի…

Հիմա էլ եմ նստում տաղավարում ու գիրք կարդում, բայց այն ժամանակ ուրիշ էր: Կատուս էլ հետս չի:

Մարիամ Նալբանդյան, 12 տարեկան

***

Շատ եմ սիրում նրանց, նրանք այնքան լավն են… Երբ ես նեղված եմ լինում կամ էլ ուրախացած, միշտ կարողանում եմ նրանց հետ կիսվել: Մենք շատ ենք սիրում երաժշտություն լսել, մանավանդ՝ ռեփ, սիրում ենք խենթություններ անել: Երբ ես ցանկանում եմ մենակ մնալ կամ էլ կիսվել ինչ-որ մեկի հետ, նրանք միշտ ինձ հետ են լինում, լսում են ինձ և երբեք չեն դավաճանում: Ես առանց նրանց չեմ կարող… Շատ եմ սիրում իմ նկարչական և բանաստեղծությունների տետրերը, բջջայինս և ֆոտոխցիկս, իմ մահճակալը, որի պատերի շուրջ տարբեր նկարներ ու պաստառներ են փակցված: Նրանք ինձ ավելի լավ են հասկանում, քան ընկերուհիներս:

Հայաստան Ապրեսյան, 16 տարեկան

***

«Էհ, ե՞րբ է գալու կիրակին: Գնամ, հասնեմ «Յոթն աղբյուրի» մոտ, կանգնեմ և կես ժամ սպասեմ Ջուլիետին, Դինջ Վհուկին, Գոգուշին և մյուս ընկերներիս: Ու երբ նրանք կհավաքվեն, կշարժվենք «Մեռյալ պողոտայով» դեպի «Վերածննդի պոնչիկանոց»: Ես Դինջի տեղը հաշիվ կփակեմ ու կլսեմ «Հաջորդ անգամ ես եմ վճարելու» նախադասությունը: Բայց ավելի շուտ ես ականջներս կհասցնեմ մինչև բերանս, քան Դինջը հաշիվ կփակի: «Վերածննդի պոնչիկանոցի» մոտից կհասնենք «Կասկադի վերին հարկ», Ջուլիետը կնստի ու իմ հաշվին կանի կերպարվեստի տնայինը: Ամբողջ Կասկադով մեկ կլսվի մեր աղմուկը: Հետո կգնանք Օպերայի բակ, որտեղ հաստատ կհանդիպենք Սերինեին, ու արագ քայլքով կգնանք Հանրապետության հրապարակի մետրո…»:

Այսպիսի անուշ երազանքների գիրկն էի ընկել, քանի որ մինչև հաջորդ կիրակի դեռ վեց դպրոցական օր կար:

Լուսինե Համբարձումյան, 15 տարեկան

***

Երբ մեր տան ժամացույցը չի աշխատում, ես անպայման առաջինն եմ իմանում այդ մասին: Ձեզ տարօրինակ կթվա, բայց իմ սիրած գործերից է գնալ ու մարտկոց գնել: Հետո էլ մեծագույն հաճույքով տեղադրում եմ այն ինձ հարազատ դարձած ժամացույցի մեջ: Սիրում եմ պատուհանից դուրս նայել դեպի մեր բակը և, տեսնելով ավտոտնակներն ու աղբը, պատկերացնել, որ մի օր այդ բակը կլինի մաքուր՝ ծաղկած ծառերով ու ծաղիկներով:

Փորձում եմ համակերպվել «քյառթուների» հետ և հուսալ, որ մի օր նրանք էլ բազմազբաղ կդառնան (միայն պատի տակ չեն նստի):

Սիրում եմ երազել և ապա տեղափոխվել իրականություն. այն իրականություն, որի մեջ ես ապրում եմ, և որն էլ իմ հայրենիքն է:

Շանթ Հակոբյան, 14 տարեկան

***

Ինքնաթիռը դանդաղ իջնում էր:

-Հեսա կհասնենք, մի քիչ էլ դիմացի,- ասաց մայրիկս:

Հանկարծ մենք մի ձայն լսեցինք.

-Սիրելի՛ ուղևորներ, մեր ինքնաթիռը վայրէջք է կատարում «Զվարթնոց» օդանավակայանում:

Ես չէի կարողանում զսպել ուրախությունս: Մի թխկոց լսվեց. ինքնաթիռը վայրէջք կատարեց: Ես ինքնաթիռից դուրս վազեցի և խորը շունչ քաշեցի:

-Իմ հայրենիքը այս է ահա,- ասացի ինքս ինձ:

Նելլի Հարությունյան, 10 տարեկան

***

Առավոտյան վաղ զարթնում էի, դեռ մութ էր լինում: 6:30-ին միայն թռչունների և թութակիս ձայնն էր լսվում: Հավաքում էի պայուսակս, նախաճաշում և դուրս գալիս տանից: Փողոցները դատարկ էին լինում: Բարձր տրամադրությամբ քայլելով հասնում էի դպրոց: Շատ էր դուրս գալիս առավոտյան շուտ տանից դուրս գալը: Դպրոցից վերադառնալիս պայուսակս միշտ նետում էի ծառի տակ և վազում դեպի ցայտաղբյուրը…

Բայց հիմա մի բան այն չէ: Արթնանում եմ ժամը ութին և վազում դպրոց: Հոգնած տուն եմ վերադառնում և զբաղվում տնային հանձնարարություններով: Օրս տխուր է անցնում առանց հարազատներիս: Նրանք մեկնել են Կանադա:

Դավիթ Բաղդասարյան, 12 տարեկան

***

-Մա՛մ, էսօր ի՞նչ ենք ուտելու,- ժպիտը դեմքիս հարցրի:

-Արի՛, քո սիրելի ուտելիքներն են՝ հավ, պիցա, սալաթ:

-Վա՜խ, գալիս եմ: Արագ ուտեմ ու Ռոնիին տանեմ դուրս,- ասացի ես և վազեցի ձեռքերս լվալու:

Երբ զգացի, որ կշտացել եմ, կանչեցի դուրս:

Կապելով նրա պարանոցակապը՝ տարա դուրս: Ես գիտեի, թե ինձ ինչ էր սպասվում դրսում: Դեռ դռնից դուրս չեկած՝ զգացի, որ կորցնում եմ կառավարումս, քանի որ ուզում էի գնալ դեպի ձախ, իսկ նա՝ այդ չարաճճին, քաշեց ինձ աջ: 15 րոպե անդադար ես վազում էի նրա հետևից և «խելոք» գնում այնտեղ, ուր տանում էր ինձ Ռոնին: Ես նույնսիկ մի պահ մտածեցի, որ նա է ինձ դուրս տարել՝ ման տալու: Վերջում, երբ արդեն սկսեց հանգիստ քայլել իմ կողքով, հասկացա, որ շա՜տ է հոգնել: Մենք գնացինք տուն, և Ռոնին անմիջապես գնաց քնելու, իսկ ես՝ ծնողներիս հետ ֆիլմ դիտելու և հանգստանալու:

Շանս ուրախ հաչոցը և վազվզոցը, մայրիկիս ուտեստները, ընտանեկան ուրախ տրամադրությունը, իմ սովորական և արտասովոր առօրյան. հայրենիքը այս է ահա:

Ինեսա Մանուկյան, 14 տարեկան

***

Եղբորս ձայնն արթնացրեց ինձ առավոտյան:

-Բարի առավոտ,- ասաց նա:

-Բարի առավոտ,- պատասխանեցի ես:

Եղբայրս գնաց դասի, իսկ ես մնացի անկողնում և սկսեցի մտածել: Մտածմունքներիս թեման ամեն օր նույնն է: Մտածում եմ, թե ինչ լավ է, որ արթնանում եմ իմ անկողնում, մեր տանը, գնում դպրոց, որտեղ ժամանակ առ ժամանակ հաճելի եմ անցկացնում ժամանակս, հետո՝ պարապմունքների գնալն էլ հաճելի է… Սակայն, ինչպես միշտ, դարձյալ չի հաջողվում մտածել մինչև վերջ, քանի որ գալիս է մայրիկս և ինձ վերջնականապես արթնացնում:

Ալեքսանդր Սարգսյան, 13 տարեկան

2011թ.