vahe stepanyan

Երկուսուկես միլիարդ ճտտոց

Չեմ հասկանում` ինչ պատճառով, բայց վերջերս մտքումս միշտ երկար մտածում եմ ժամանակի մասին: Երևի սկսել եմ արժևորել ժամանակը: Էն 3-րդ դասարանի գրքի մեջ, որ ասում էր` ժամանակը ոսկի է, հո անկապ չէ՞ր ասում: Ոսկի է: Բայց ես ոսկի չեմ սիրում… Լավ անցանք: 

Մի բան ասեմ՝ չծիծաղեք: Էսպես մի հատ գրող կա, է, Ալբեր Քամյու: Հա, ես նրա գրքերից ոչ մեկը չեմ կարդացել, բայց քանի որ ամբողջ օրը համացանցում նրա մեջբերումներն են աչքովս անցնում, ստիպված նրա մտքերից շատ-շատերը անգիր գիտեմ: Այ, մի օր կարդացի այս տողերը, տակն էլ մակագրված Ալբեր Քամյու. «Ժամանակը կանգ է առնում, երբ մենք հետևում ենք նրան, բայց հենց մեր ուշադրությունը շեղվում է ուրիշ բանի վրա, այն սկսում է թռչել»: Գուցե ճիշտ չցիտեցի: Քամյուի սիրահարները թող ներող լինեն: Ինչևէ:

Դե լավ, ինչ-որ նոր բան չիմացաք Քամյուի ասածներից: Մենք դա բոլորս էլ նկատել ենք: Ուղղակի մեջբերումներով խոսելը ավելի հետաքրքիր է: Ֆիզիկոսներն էլ ասում են (ցավոք սրտի, կոնկրետ ֆիզիկոս չգիտեմ, ով նման բան է ասել), որ ժամանակը գոյություն չունի: Հա: Դա մարդկանց հորինած միավորներն են` իրենց հեռացող կյանքը չափելու համար: Երևի ֆիզիկոսներն էլ են ճիշտ ասում:

Հա, մենք հիշում ենք ժամանակի մասին միայն, երբ ինչ-որ տեղից ուշանում ենք: Դե կամ անհամբեր սպասում ինչ-որ բանի: Իսկ մնացած պահերի՞ն: Երբ չես մտածում ժամանակի մասին: Եսիմ: Կյանքը ուղղակի հոսում է իր հունով: Ի՞նչ ժամանակ, ի՞նչ բան: Խառը թեմաներ են, չգիտեմ:
Մինչ դու սա էիր կարդում, որոշակի ժամանակ անցավ, երևի մի րոպե: Գուցե՝ կես: Վայրկյաններ են, էլի: Ի՞նչ մեծ ժամանակ է: Ըմ… Մատներով ճտացնել գիտե՞ս: Դե, էն, որ պարելուց ճտտացնում ես: Երևի հա: Իսկ եթե չէ, ուրեմն, էս մի կտորը կարդալուց էն հաճույքը չես ստանա:

Իսկ հիմա: Ուղղակի ճտտացրեք՝ հենց ասեմ: Ուշադրություն: Ճըտ: Հենց նոր 4 մարդ առաջին անգամ իրենց կյանքում շնչեցին: Ճըտ: Իրականում այս ճտտոցի հետ 3 հոգի վերջին շունչը քաշեց իր կյանքում: Ճըտ: Բիլլ Գեյթսը նույնիսկ չճտտացրեց, բայց հերթական 100 դոլարը աշխատեց: Ճըտ: Մեծ Պայթյունից հետո տիեզերքը ընդարձակվեց ու լայնացավ ևս 75 կմ-ով:

Գիտեք, չէ՞, այդ ճտտոցների հետ ինչքան բաներ են տեղի ունենում: Ես ահագին գիտեմ, եթե հետաքրքիր է, հետո կհարցնեք: Դուք էլ ահագին վայրկյաններ ծախսեցիք գրածս կարդալով: Ահագին ժամանակ: Ո՞նց օգտագործենք վայրկյանները, որ հետո չափսոսենք: Մի՞թե վայրկյանը ձեզ կարճ է թվում: Մի ճտտոց չի՞: Միջին վիճակագրական մարդու կյանքի տևողությունը մոտ երկուսուկես միլիարդ վայրկյան է: Մի տեսակ շատ խղճուկ չի՞ հնչում: Ընդամենը երկուսուկես միլիարդ ճտտոց: Գիտե՞ք՝ ինչ կա: Դուք կարող եք վայրկյանն օգտագործել ամեն, նույնիսկ, ամենադատարկ բանի վրա: Բայց: Բայց խորհուրդ չեմ տա նստել ու հաշվել մինչև երկուսուկես միլիարդը…

Պապ, գնալու ենք, չէ՞, գյուղի տուն

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Նյութերիս մեջ հանդիպած կլինեք այն տողերին, որտեղ նշված է, որ մանկությունս Ռուսաստանում է անցել: Այսօր պատահական հանդիպեցի իմ փոքր ժամանակվա նկարներին, այո, Ռուսաստանի իմ մանկության նկարներին: Ընկա հիշողությունների գիրկը: Ճիշտն ասած, բացեցի պահարանի դուռը, որ ակնոցս վերցնեմ, բայց նկարներին հանդիպելուց հետո մոռացա դրա մասին: Մի պահ հիշեցի մեր բակը, մեր խաղահրապարակը, շիկահեր երեխաներին ու անծայրածիր աղմուկը… Դե, բնականաբար Մոսկվան է, չունի սկիզբ և վերջ: Հա, որ ասացի սկիզբ կամ վերջ, հիշեցի հեռավորություն: Մի անգամ, երբ հայրիկիս հետ մեքենայով գնում էի, քաղաքի միջով հոսող գետի այն կողմում տեսա էլի մեծ շենքեր, մեծ շինություններ, որոնք նման էին մանր փազլների: Նայեցի երկար և մանկական իմ անմեղ ձայնով հարցրեցի.

-Պապա, էն հեռվինը մեր գյեղի տունն ա՞: Հիմա տատիկ-պապիկը էնտեղ ե՞ն:

-Չէ, տղա ջան, դա չէ գյուղի տունը: Դա քաղաքի շարունակությունն է, գյուղի տունը շատ հեռու է:

-Պապա, գնալու ենք, չէ՞, գյուղի տուն:

-Այո, իհարկե գնալու ենք:

Վեց տարեկան հասակում ես եկա Հայաստան: Եկա, և չգիտեմ ինչու, ոչ մեկի հետ չէի ուզում շփվել: Նախ վախենում էի մարդաշատ վայրերից, և երկրորդ, չէի կարողանում հայերեն նորմալ խոսել: Ամբողջ օրը տունն էի, անգամ երբ համոզում էին, որ գնամ խաղալու, չէի գնում ու պնդում էի, որ Ռուսաստանն եմ ուզում: Այստեղ չկա ոչ խաղահրապարակ, ոչ էլ իմ ընկեր Արտյոմը: Մոտ մեկ ամիս պահանջվեց ինձ համակերպվելու համար, չնայած չէ, ի՞նչ մեկ ամիս: Մեկ տարի: Իմ այդ բարդ բնավորության պատճառով ես չգնացի դպրոց և մեկ տարի հետ ընկա: Մեկ տարի չգնացի և չգնալու պատճառով իմ հասակակիցները ինձնից առաջ ընկան: Դե լավ, ոչ գովում եմ ինձ, ոչ էլ մեղադրում: Եղածը հետ չես բերի:

Հա, խոսքս կիսատ մնաց: Մեկ ամիս հետո, ընտելացել էի, արդեն դուրս էի գալիս, շրջում գյուղով և ծանոթանում: Սկզբում դժվար էր: Ոչ ես էի հայերեն հասկանում, ոչ իրենք՝ ռուսերեն: Բայց ամեն ինչ իր տեղն ընկավ: Հիմա պատմեմ իմ արկածներից:

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Դե բնականաբար եկել էի քաղաքից: Ամեն ինչ հետաքրքրում էր, անգամ ամենաանհավանականը: Չկար իմ անբաժան վերամբարձ կռունկը, և շուտով փոխարինվեց մի շարք հետաքրքրություններով: Ինձ համար անչափ հետաքրքիր էր թռչնի բույնը, ժայռանման քարերը, կովերը՝ երբ ամեն տեսնելուց ուզում էի ձեռք տալ պոզերին և տեսնել, թե ինչից է այն սարքված: Հա, ու չծիծաղեք՝ հավերը: Հենց տեսնում էի, ուզում էի դիպչել իրենց կարմիր կատարներին: Սիրում էի չարաճճիություններ, քանդում էի թռչունների բույները, ջարդում ձվերը, ավիրում ծիծեռնակի ցեխից պատրաստված բները կամ երբ տեսնում էի, թե ոնց են պատրաստում, ես նույնպես ուզում էի օգնել, բույնի մոտ փոքրիկ գթալով կամ ցեխ էի դնում կամ խոտ, որպեսզի, իբր թե, փափուկ լինի: Բարձրանում էի քարերի վրա և գոռում. «Я Бетмен»: Իսկ այստեղ՝ գյուղում, երբ ասում էի Բեթմեն, զարմացած նայում էին ինձ: Արդեն մոռացել էի գունավոր խաղահրապարակը, այնտեղի աղմուկը, որը հիմա փոխարինվում է կրակոցով կամ գյուղի անդորրով: Չնայած ես մեր գյուղը գյուղ չեմ համարում: Գյուղ եմ համարում այն տարածքները, որոնք հեռու են ճանապարհային երթևեկությունից, իսկ մեր գյուղը, կարելի է ասել, անընդհատ աղմուկի մեջ է: Երևան – Թբիլիսի ճանապարհը մեր գյուղով է անցնում: Էլ չեմ ասում տարբեր պետությունների բեռնատարները, ավտոբուսները և զբոսաշրջիկների մեծ խմբերը: Շուտով ճանապարհներին կհանդիպեմ նաև հեծանվորդների: Երբ հեծանվորդը ռուս է լինում, մեկ էլ տեսնում եմ՝ անկախ ինձնից, սկսեցի խոսել իրենց հետ հեծանիվին հավասար քայլելով, իսկ եթե չինացի է կամ ամերիկացի, նույն պահին հետ եմ շրջվում:

Գալիս է պահ, երբ փոշմանում եմ, որ եկել եմ Հայաստան, փոշմանում, որ թողել եմ ընկերներիս և շատ ժամանակ ասում, որ այնտեղ միգուցե ավելի առաջ գնայի: Ճիշտ է, ընկերներիս հետ կապը մինչ հիմա պահպանվում է, բայց իրական հանդիպմանը չի փոխարինի: Բայց երբ հետ եմ նայում, տեսնում գյուղս կամ հիշում այստեղի իմ ընկերությունը և ջերմությունը, հասկանում եմ, որ հայրենիքից լավ տեղ չկա: Համ էլ, եթե ես չվերադառնայի, հաստատ կսառեի ու կմոռանայի Հայաստանը: Չէի հաճախի հայկական դպրոց, չէի հասկանա, թե ինչ է հայի ջերմությունը, չէի ճանաչի 17.am-ը, չէի ուտի ավանդական փռի մեջ պատրաստված հաց ու նաև, չէի գնահատի սահմանի կարևորությունը, որտեղից սկսում է հայրենիքս:

Sargis Melkonyan

Իմն ու քոնը

Հաճախ կարոտում եմ իմ Վանը, Կարսը, Բիթլիսը, իմ Սարգիս պապի Թիմար գյուղը: Ախր, չեմ հասկանում. ո՞նց կարելի է կարոտել մի բան, որը երբեք չեմ տեսել: Չգիտեմ, բայց կարոտում եմ: Ու գիտե՞ս, հաճախ Հայաստանը իմ իրական հայրենիքը չեմ համարում, այլ համոզված ասում եմ, որ իմ հայրենիքը մնաց Արաքսից այն կողմ: Բայց հետո հիշում եմ, որ իմ ճակատագիրն է դարձել ոչ թե Արևմտյան, այլ Արևելյան Հայաստանում ապրելը: Այժմ այս է իմ հայրենիքը, ու պիտի սիրեմ ու ամեն կերպ փայփայեմ այն, հակառակ դեպքում՝ կզրկվեմ իմ երկրորդ հայրենիքից ևս:

Ամեն կերպ ձգտում եմ գնալ «Թուրքիա»՝ Արևմտյան Հայաստան և բնակվել Վանում: Կամաց-կամաց սովորում եմ թուրքերեն: Ես սիրում եմ թուրքերեն լեզուն: Ոչ նրա համար, որ հեշտ է սովորելը, ոչ նրա համար, որ թշնամու լեզու է, ու պետք է անպայման իմանալ: Այլ՝ ուղղակի: Ես ինքս էլ չգիտեմ՝ ինչու: Շրջապատում հաճախ ինձ թուրքամոլ են համարում: Ու երևի հիմա դու էլ ես մտածում նույնը: Գիտե՞ս, ինձ թուրքամոլ համարողների վրա ես ծիծաղում եմ: Հա, որովհետև ես լսում եմ «Սարի աղջիկ» («Sarı Gelin») երգը թուրքերեն բառերով, որը բացառապես հայկական երգ է (դա նույնիսկ Դավութօղլին է ասել), իսկ շատերը լսում են հայերեն բառերով «մեյդ ին Թուրքիա կամ Ադրբեջան» երգեր: Ախր, ես ուղղակի զարմանում եմ մեր ազգի վրա. առաջ մենք էինք աշխարհին հագեցնում մեր մշակույթով, հիմա թուրքերը, բայց էլի մեր մշակույթով, որ ներկայացնում են իբրև թուրքական: Չէ, ես իրենց նույնիսկ մի գրամ էլ չեմ մեղադրում. ինչո՞ւ մեր մեղքը գցենք նրանց վրա: Այ, որ ժամանակին «բայաթիներ», «մուղամներ» ու մյուս անճաշակություններ լսող ազգս օրեկան գոնե մեկ անգամ Կոմիտաս, Շերամ կամ Շահեն, գուսան Աշոտ կամ Ջիվանի լսեր, շատ չէ՝ մեկ անգամ, հիմա մեր վիճակը էս չէր լինի:

Արի խոսենք փաստերով. 2016 թվականին «Եվրատեսիլ» երգի մրցույթի մասնակիցների մամլո ասուլիսի ժամանակ մեր պատվիրակ Իվետա Մուկուչյանը երգեց «Մարտիկի երգը», իսկ Ադրբեջանի պատվիրակը՝ մեր «Սարի աղջիկ»-ը՝ ադրբեջանցիներին ու թուրքերին հատուկ կլկլոցով: 2014 թվականին Եվրոպական խաղերի ժամանակ Բաքվում որպես ազգային խորհրդանիշ ներկայացրին նուռը, իսկ ազգային պար՝ «Բերդ»-ը: Հիմա էլ ընկել են «Քոչարի» պարի հետևից: Ադրբեջանական և թուրքական որոշ լրատվամիջոցներ պնդում են, որ «Քոչարի»-ն թյուրքական, հա, հա, թյուրքական ծագում ունի: Իսկ մեկնաբանությունը տալիս են հետևյալ կերպ. քոչը մի բնակավայրից մյուսը գնալն է՝ տեղափոխվելը, իսկ թյուրքերը քոչվոր են, արի՝ արեցի, քոչարի՝ քոչ արեցի: Հիմա երևի դու էլ սկսեցիր կասկածել, որ քոչարին գուցե հայկական չէ: Բայց՝ կանգ առ: Մենք այդ պարն անգամ Բեռլինում ենք պարել, դե, ես ու դու՝ հաստատ չէ, 89-րդ հայկական դիվիզիայի տղերքը՝ 1945 թվին: Այդ մասին գրել են ոչ միայն խորհրդային, այլև եվրոպական ու կարծեմ նաև մի քանի ամերիկյան թերթեր: Ախր, այդ պարը հայկական է: Բայց մենք քոչելու, քոչի ու ընդհանրապես «քոչ» բառի հետ ի՞նչ կապ ունենք: Հիմա կբացատրեմ: Դու գիտես, որ մենք շատ բարբառներ ունենք, իսկ բառերը տարբեր բարբառներով խոսող մարդիկ տարբեր կերպ են արտասանում: Հա, ու հաստատ ծանոթ ես մեր մանկության «Փչացած հեռախոսին»: Դե, այն, որ ականջին մի բառ ես ասում ու շարքով այդ բառը փոխանցելով՝ ուրիշ բան է ստացվում: Մեր «քոչարի» բառը ոչ թե «քոչ արեցի» է, այլ «քաջարի»: Հիշիր բարբառներն ու բերնեբերան փոխանցվելու հանգամանքը, ու ամեն ինչ պարզ կլինի:

Ու մեկ էլ մի խնդրանք ունեմ. ամեն օր քնելուց առաջ գոնե երկու րոպե անարատ հայկական երաժշտություն լսիր ու տես, թե կյանքդ ինչպես է փոխվելու: Արի պահենք հայկականը, որովհետև մենք հայ ենք:

Mariam barseghyan

Մենք այն սերունդն ենք…

Յուրաքանչյուր նոր սերունդ գերազանցում է իր նախորդ սերնդին: Հաճախ եք երևի լսում ձեր ծնողներից, տատիկներից, պապիկներից, որ նրանց ժամանակներն ուրիշ էին, որ իրենք ավելի լավն էին, ավելի լավ էին սովորում, շատ էին կարդում և այլն: Ես նման խոսքեր ծնողներիցս չեմ լսել և փոքր տարիքից մեծացել եմ այն համոզմունքով, որ մենք ավելի ընդունակ ենք և ավելի խելացի: Սեփական կարծիքը, ուրույն մտածելակերպը, ոճը, համարձակությունը` ահա թե ինչն է բնորոշ մեր սերնդին: Չկա ոչինչ, ինչի շուրջ մենք բոլորս նույն կերպ կմտածենք: Նույն ֆիլմը մենք կարող ենք մեկնաբանել տարբեր տեսանկյուններից, նույն գիրքը մենք կարող ենք ընկալել յուրովի:

Մենք տարբերվում ենք մեր ծնողներից, որովհետև մենք ծնվել ենք ազատ, անկախ երկրում և առաջնորդվում ենք ազգային գաղափարներով: Մենք այն սերունդն ենք, որը ցանկանում է ապրել և ստեղծագործել անկախ Հայաստանում, մենք պատրաստ ենք զարգացնել և պաշտպանել Հայաստանը:

Մենք հետաքրքրված ենք քաղաքականությամբ, հաճախ ենք ակտիվ գործունեություն ծավալում այդ ասպարեզում, քան մեզանից մեծերը: Ուսուցիչներս ասում են, որ իմ տարիքում նրանք ուրիշ հետաքրքրություններ ունեին և քաղաքական գործերին չէին խառնվում: Այո, դուք ուրիշ էիք: Բայց ասեք ինձ, ինչո՞ւ քաղաքականությունը չպետք է հետաքրքրի ինձ: Չէ՞ որ հենց այդ ասպարեզում կատարվող գործողություններն են որոշում իմ և իմ երկրի ապագան: Մենք դեռ չունենք ընտրելու իրավունք, բայց հասկանում ենք, որ մենք նույնպես կարող ենք ինչ-որ ազդեցություն ունենալ ընտրությունների վրա և կունենանք: Այսօր յուրաքանչյուր խելացի քաղաքական գործիչ փորձում է իր գործունեության մեջ ավելի շատ պատանիներ և երիտասարդներ ընդգրկել:

Մեր սերունդը ստեղծագործ և ստեղծարար է: Այն ինչ մեր նախորդ սերունդները անվանում են «նորագույն տեխնոլոգիաներ», մեր համար դա արդեն սովորական բան է: Մենք ենք այսօրվա տեխնիկական նվաճումների կրողը և դրանք շարունակողը: Կողքս այսօր տեսնում եմ ապագա ծրագրավորողներ, ճարտարագետներ, ինժեներներ, դիզայներներ և ռոբոտաշինարարներ, ովքեր կդառնան ապագայի նորարարներն ու գյուտարարները:

Մենք ունենք այլ արժեքներ և այլ պատկերացումներ կյանքի մասին:

Մենք կարևորում ենք տպավորությունները, որ ստանում ենք կյանքից: Առաջնային ենք համարում մեր կյանքի այն հնարավորությունները, որոնք մեզ թույլ կտան ճանապարհորդել, սովորել ավելին այս կյանքից: Մենք նոր սերունդ ենք, որը անցյալում է թողնում բոլոր պատերազմները և նայում է առաջ, որը վայելում է կյանքը և ձգտում ավելիին: Հնում ասված շատ արտահայտություններ էլ ավելի արդիական են այսօր, քան առաջ` oրինակ` «Ինչքան լեզու գիտես, այդքան մարդ ես»: Մեր սերունդը ավելի է գնահատում գիտելիքը և նրա ուժը, մենք քաջ գիտակցում ենք, որ առանց գիտելիքի դու ոչ ոք ես:

Ես և իմ հասակակիցները այն սերունդն ենք, որը յուրաքանչյուր հարցի շուրջ ունի իր սեփական կարծիքը, մենք այն սերունդն ենք, որը չի վախենում բարձրաձայնել իր մտքերը, պնդել իր համոզմունքները: Բոլոր ժամանակաշրջաններում ապրել են տարբեր մարդիկ, և ժամանակի հետ մենք փոխվում ենք, այսօր մենք գերազանցում ենք մեր նախորդ սերունդներին, վաղը մեզ կգերազանցեն մեր ապագա սերունդները:

milena antonyan (aragacotn)

Եթե ոսկե ձկնիկ ունենայիր

Շատ հաճախ հասկանում ես, որ կյանքումդ ամեն ինչ նույնն է. 24 ժամը քեզ չի բավականացնում գործերդ ավարտելու համար, բայց միևնույնն է՝ ամեն ինչ ձանձրալի է, իսկ դա կարող է մի բան նշանակել: Ժամանակն է ինչ-որ խենթ, զվարճալի բան անելու, մի բան, որը մարդիկ անիմաստ կհամարեն ու ևս մեկ անգամ կհիշեցնեն քեզ, որ դու աննորմալ ես:

Եվ այսպես, երբ որոշեցի, որ ամեն ինչ ձանձրալի է, որոշեցի մարդկանց հարցնել, թե ինչ կուզեին, եթե ոսկե ձկնիկ բռնեին: Ես միանշանակ գիտեի՝ որն է լինելու իմ ցանկությունը:

-Շատ գումար կուզեի:

Օ՜, ոչ, մի՞թե աշխարհում ավելի կարևոր բան չկա, քան գումարը:

-Շատ փող:

-Շատ փող:

Երեք հոգու հարցնելուց հետո մտածեցի, որ չեն կարող բոլորը մտածել միայն փողի մասին ու քանի որ այս ամենն անում էի նյութիս համար, որոշեցի հարցնել իմ հասակակիցներին՝ կարծելով, որ պատանիները ավելի երազկոտ են ու հետաքրքիր պատասխաններ կտան:

-Ի՞նչ կուզեիր, եթե ոսկե ձկնիկ բռնեիր:

-Ընդամենը մեկ ցանկության հնարավորությո՞ւն ունեմ:

-Այո:

-Ուրեմն սկզբում կուզեի, որ նա կատարեր բոլոր ցանկություններս:

-Իսկ կնշե՞ս ցանկություններիցդ մի քանիսը, որ հետո պիտի խնդրես կատարել:

-Դե, շատ գումար, մեծ առանձնատուն…

Օ՜, ոչ: Այս պատասխանից հետո որոշեցի այլևս ոչ մեկին չհարցնել: Ու, ինչպես նկատեցիք, այս անգամ հարցումս չստացվեց: Ոչինչ, էլի կփորձեմ:

Հ.Գ. Եթե կուզեք իմանալ, ասեմ, որ ես կցանկանայի ժամանակի մեքենա ունենալ, որ ամեն պահի կարողանայի հետ գնալ մանկություն:

Ani Harutyunyan

Փոխվե՞նք

Մութն էլ կարծես իմ կողմից էր այսօր. սպասվածից էլ շուտ իջավ։ Չնայած մութն այդքան էլ տեղին չէ, ավելի ճիշտ կլինի ասել խավարը։ Հազիվ էին ուրվագծվում մարդկանց կերպարանքները։ Պատուհաններից երևացող լույսերը մի տեսակ պայծառ էին. ուզում էին ազատվել վարագույրե պատնեշից ու ավելի ուժեղ լուսավորել արտաքին խավարը։ Ահա այնտեղ մի տուն կա, երևում է՝ ինչպես է վարագույրը պար գալիս. տանը չարաճճի երեխա կա։ Լույսի աչքն էլ լույս. ճանապարհ է բացվում։

Հաճախ չեք տեսնի ինձ գյուղի փողոցներում այս ժամերին, բայց եթե տեսնեք, չնեղանաք, որ ի պատասխան ձեր բարևի մի ցրված հայացք ստանաք։ Ինքս էլ չգիտեմ՝ ինչն է ստիպում այդքան շատ զգալ երեկոյի այդ ժամը, փողոցը, սառը օդը, իմ մտքերը։ Հուզվելու աստիճան շատ։ Ինձ թվում է՝ ոչ ոք այդքան չի զգում։

Քայլում եմ։ Գյուղում մի շենք կա, տարիներ առաջ այրվել է, ու անունը հենց այդպես էլ կնքել ենք՝ «վառված շենք»։ Տարիները կարծես արհամարհանքով թարս նայել ու անցել են այդ շենքի կողքով կամ, որ ավելի վատ է, դեռ մի քանի անգամ էլ հարվածել նրան։

Ինչ-որ մեկի կյանքին է նման այդ շենքը՝ լքված, տխուր, անէ։ Կյանք, որի կողքով ամեն օր ավելի պայծառ ու լուսավոր կյանքեր են անցնում՝ իրենց երջանկության մեջ չնկատելով, չզգալով նրա ցավը։ Ես էլ շատ եմ անցել, չեմ էլ նայել նրա կողմը։ Բայց այս երեկո խավարի մեջ շենքն ավելի տխուր տեսք է ստացել, մանավանդ այսօր, երբ կարծես ինչ-որ մի բան ստիպեց ինձ նայել ու մտածել նրա մասին։ Ինչքան է այն խորհրդավոր, առեղծվածային, վախ ներշնչող, ամբողջությամբ սպասում դարձած։

Սովորական ճանապարհից ավելի բարձր է տեղակայված. դիրքն ավելի ազդեցիկ է դարձնում։

Ուշադիր նայում ես ու լսում. պատերն իրենց ներսում դեռ պահում են բնակիչների աղմուկն ու երեխաների զվարթ ծիծաղը։

Հա, ասում էի՝ մենք անցնում ենք ու չենք մտածում օգնել այն կյանքերին, որոնց ընդամենը մի կայծ է հարկավոր։ Մեր մեծ լույսից մի փոքր հույս։

Անտարբեր ենք։

Փոխվե՞նք։

anna sargsyan

Ով եմ ես

Բարև: Ես Աննան եմ: Ճիշտն ասած, ես շատ երկար եմ մտածել թղթակից դառնալու մասին, մինչև 17.am-ի թղթակիցներից մեկը՝ Սոնան, ինձ չտրամադրեց դրան: Հիմա կմտածեք՝ ախր ի՞նչ կար մտածելու, ու ես կասեմ՝ եսիմ:

Ես հետաքրքրասեր ու սովորական մարդ եմ, երևի: Շատ եմ սիրում կատակել ու ժպտալ, չէ, ժպտալ չէ, ծիծաղել: Շատ եմ սիրում ծիծաղել: Հաճախել եմ դաշնամուրի դասերի յոթ տարի: Այդ տարիները ինձ շատ բան են տվել:
Հա, մոռացա ասել, որ ես Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղից եմ: Ես սիրում եմ իմ գյուղը:
Իմ ընկերները, որոնք թղթակցում են 17.am-ին, ինձ շատ էին պատմել այս կայքի մասին: Միշտ ունեցել եմ ցանկություն թղթակցելու, բայց քանի որ դասերս շատ էին, չէի հասցնում:
Դեռ չեմ կարող ասել, թե ինչ մասնագիտություն կսովորեմ, բայց իմ ամենասիրելի մասնագիտությունը հոգեբանն է:
Ես տան փոքրն եմ: Արդեն երևի հասկացաք, որ մի քիչ չարաճճի եմ, ու իմ խոսքն այդքան էլ տան մեջ չեն ընդունում: Ունեմ քույր և եղբայր: Քույրս ուսանողուհի է, իսկ եղբայրս ծառայում է հայոց բանակում: Ես նրան շա՜տ եմ կարոտում: Կարդում եմ գրքեր, ու շատ եմ սիրում սարսափ ֆիլմեր դիտել:
Ես և ընկերներս ինձ համարում ենք շփվող մարդ, և հուսով եմ, որ նոր ընկերներ ձեռք կբերեմ 17.am-ի շնորհիվ:
Դե ինչ, ահա և ես մինչև այս օրը: Իսկ ինչպիսին կդառնամ թղթակից դառնալուց հետո՝ կպարզենք միասին:

seda mkhitaryan

Շնորհակալությունների շարքից

Երբ հայտնվում են մարդիկ, ովքեր պատրաստ են առանց որևէ պատճառի օգնել քեզ, աջակցել, տաք թեյ կամ խմորեղեն առաջարկել, միայն քո մասին իմանալով այնքանը, որ իրենց աղջկա հետ 7 օր ճամբարում ես եղել, հասկանում ես, որ լավ ու բարի մարդիկ դեռ բոլորովին էլ չեն անհետացել, ինչպես կյանքից հոգնած մարդկանց ստատուսներում է, այդպիսի մարդիկ դեռ կան, ու վստահ եմ, լինելու են։

Խոսքս ավելի հստակեցնեմ: Ուզում եմ պատմել ճամբարային ընկերոջս՝ Անի Ղուլինյանի ընտանիքի մասին։ Նախ, երևի պատմեմ, թե ինչպես կամ ավելի ճիշտ, ինչ խնդրի պատճառով հանդիպեցի իրենց գեղեցիկ ընտանիքին ու մարդկային վերաբերմունքին: Մրցանակաբաշխությանը (որի մասին գիտեք, էլ չեմ պատմում) մասնակցելու համար նախ և առաջ պետք էր հասնել Երևան, իսկ իմ դեպքում պետք էր Քարինջ գյուղից հասնել Դսեղ, Վանաձոր ու հետո միայն Երևան: Երևի հասկացաք. ուղիղ տրանսպորտ չկա, բայց ոչ միայն դեպի Երևան, այլ նաև Դսեղ, ու սարսափելի է, բայց նաև Վանաձոր (սա առանձին նյութի թեմա է)։ Դասավորվեց այնպես, ավելի ճիշտ, Անին դասավորեց այնպես, որ իր հայրիկը ինձ կհասցնի Դսեղ, հետո այնտեղից միասին կգնանք։

Գյուղամեջ հասնելուն պես տեսա նրանց մեքենան, Անին էր ու իր հայրիկը, եկել էին ինձ երազանքիս հետևից տանելու, Անին իջավ մեքենայից, ամուր գրկեցինք միմյանց ու ճանապարհվեցինք Դսեղ։ Տեղ հասանք 9:30-ին, բայց պիտի Երևան ճանապարհվեինք 10:00-ին, այսինքն կես ժամ կա։ Գնացինք Անիենց տուն: Պարզ, հայկական ընտանիք էր, լցված սիրով ու ջերմությամբ, ինձ ընդունեցին ինչպես հին ծանոթի։ Սենյակում լսվում էր Անիի փոքր եղբոր՝ Հայկի լացի ձայնը, ում փորը ցավում էր, կամ մրսածությունից, կամ անծանոթ աղջկա ներկայությունից։ Մի քանի րոպե անց նրա լացը անցավ, ընկերացանք, ու ես արդեն ծանոթանում էի նրա ավտոմեքենաներին ու բանալիների հավաքածուին։ Անիի մայրիկի հետ մի քանի րոպե խոսելուց հետո բացահայտեցինք, որ ինչպես հայկական ընտանիքների մեծամասնության դեպքում է, մեր երկուսի դեպքում էլ նույնն է. հայրիկները գնում են արտագնա աշխատանքի (սա էլ է առանձին նյութի թեմա), չնայած ի ուրախություն Անիի ու նրա ընտանիքի անդամների, նրա հայրը քանի տարի է՝ տանն է ու գյուղում աշխատանք է գտել։ Հետո գնացինք Երևան, թե ինչ տեղի ունեցավ, արդեն բոլորդ գիտեք, մենք հետ եկանք Անիենց տուն՝ մի քիչ հանգստանալու համար: Հայկը արդեն քնել էր, ինչպես Անիի մայրն ասաց, շատ էր սպասել Սեդաներին, բայց քունը տարել էր ու քնել էր, փոխարենը նոր անդամ էր ավելացել՝ Սյուզին, Անիի քույրը, որն առավոտյան դասի էր, իսկ հիմա տանն էր, մի քանի րոպե հանգստանալուց ու կատակելուց հետո Անին ու իր հայրը ինձ հետ բերեցին Քարինջ։

Հիմա ինչ եմ ուզում ասել՝ այնքան ուրախ եմ, որ ճանաչեցի ու հնարավորություն ունեցա շփվելու այս գեղեցիկ ու հյուրընկալ ընտանիքի հետ։ Շնորհակալ եմ, այս բառի մեջ տեղավորվում է միայն մի փոքրիկ պատառիկ զգացողությունների, բայց դժբախտաբար մարդկությունը դեռ ավելի արտահայտիչ բառ չի հորինել, շնորհակալ եմ…

seroja baboyan

Ի՞նչ է լինում, երբ մարդ քայլում է փողոցով

Շատերդ կասեք` ի՞նչ է պատահել որ, հենց այստեղից էլ սկսում եմ իմ նյութը։

Այդ հարցի պատասխանը շատերն են դժվարանում գտնել, շատերը նույնիսկ չգիտեն դրա պատասխանը։ Պատճառը. այդ փողոցում քայլող մարդու անտարբերությունն է։

Ամեն մեկն իր մասին մտածելով, տարված ինչ որ մտքերով, խնդիրներով քայլում են փողոցով և ոչ մեկին չի հետաքրքրում, թե ինչ է կատարվում իրենց շուրջը: Ինձ թվում է, եթե անգամ նրանց կողքին ռումբ պայթի` նրանք չեն էլ նկատի ու կշարունակեն իրենց ճանապարհը։ Ես ինքս եմ այդպիսին, բայց ունեմ արդարացում` ոչ միշտ եմ այդպես անում։

Վերջին շրջանում սկսել եմ նայել շուրջս, հետաքրքրվել ամեն մի մանրուքով: Ինձ թվում է` դա լավ է, որովհետև անտարբերությամբ ապրելն էլ ավելի վատ է։ Դադարում եմ իմ մտքերի մեջ թափառել, սկսում եմ դանդաղ քայլել, ինչ- որ տեղ շտապելու փոխարեն: Նայում եմ շուրջս, մարդկանց, փորձում հասկանալ նրանց, հետաքրքրվել նրանցով, հասկանալ` ով է ուրախ, ով տխուր:

Ահա` էլի քայլում եմ, մի երեխա ընկավ ու սկսեց լաց լինել, ինչ-որ երկու տղամարդ վիճում են, այս նույն փողոցի մի անկյունում պապիկները հավաքվել նարդի են խաղում, իսկ ով էլ որ չի խաղում, մեկնաբանում է խաղը, այն էլ ինչ հավեսով։ Նրանց կողքով անցնելիս զգում ես չիբուխի ծխի հոտ, քայլում առաջ ու նկատում այնպիսի բաներ, որ նախկինում երբեք չես նկատել ու չես էլ փորձել նկատել։

Շատերդ կասեք` իմ հոգսերն ու խնդիրները թողած շո՞ւրջս նայեմ, ինչի՞ս է պետք։ Ձեզ ոչ ոք չի ստիպում, բայց անտարբերությունն է, որ մարդկանց վերածում է զոմբիների։ Ասես նրանց կյանքի կարգախոսը լինի «Ես, իմ մտքերը և վերջ»։

Օրինակ վերցրեք հասարակ գյուղացուց, որի խնդիրները շատ-շատ են, բայց երբ նրան ինչ-որ բան պետք լինի, օգնության կհասնեն մնացած գյուղացիները: Եթե գյուղում ինչ-որ մեկին մի բան պատահի, ամբողջ գյուղը կկանգնի և կաջակցի այդ մարդուն` ինչով կարող է։

Ես, իհարկե, չգիտեմ, թե ինչից է դա, բայց դա է իրական մարդկությունը: Հիշեցի Պարուր Սևակին, ասում էր. «Մարդ եղեք, մարդիկ»։

Սևակն ի՞նչ իմանար, որ իր երազած մեծատառով Մարդը, այսօր էլ երազանք է մնացել:

Հ.Գ. Կյանքը ունի սկիզբ, ունի և վերջ, էլ ի՞նչ իմաստ ունի կյանքը, եթե պետք է ապրել այդ կյանքը անտարբերությամբ։

arman arshak

Մուշը

Երեկ հերթական անգամ երեկոյան «ստուգայց» էի անում 17-ի կայքէջում։ Տեսա, որ Լիդուշը նյութ է գրել Ծյոմի մասին, տեսա Ծյոմի լուսանկարները զինվորական շորերով ու էլի Մուշին հիշեցի, ապրեցի այն նույն զգացողությունները, ինչ զգացի, երբ 17-ի մրցանակաբաշխության ժամանակ դահլիճի բակում անակնկալ կերպով Ծյոմը առջևս կանգնեց, հիշեցի այն բացը, երբ հայտարարվեց լավագույն 100 թղթակիցների անուններից «Մուշեղ Կուրեխյան»-ը, բայց այդ ամենը յուրաքանչյուր պահի համեմված էր հպարտությամբ` Մուշը հայոց բանակում է, իր պարտքն է կատարում, ու ինչպես նրա վերջին հոդվածն էր փաստում, իր պարտքը կատարում է հրաշալիորեն, իսկ մեզ այստեղ` թիկունքում հպարտանալու լիքը առիթ է տալիս։

Ու երբ վերցրեցի թուղթն ու գրիչը և պատրաստվում էի գրել այս հոդվածս ու մտաբերել մեր ծանոթացման շարժառիթը, Մուշից հերթական նամակը ստացա «Հըն, Արմ, դու ո՞ր անվանակարգում ես հաղթող ճանաչվել, չասես ոչ մի: Մեկա՝ չեմ հավատալու», ու Մուշի այս խոսքերը առաջ քայլելու ուժ տվեցին, որպեսզի հաջորդ տարի չսպասեցնեմ Մուշին, ես գրեմ ու ասեմ. «Մուշ, հաղթող եմ ճանաչվել, Մուշ, դու էլ ես հաղթող ճանաչվել: Մրցանակդ քեզ է սպասում»…
2016 թվականն էր: 17-ի բոլոր թղթակիցներին հայտնի բարի ու հոգատար Լուսինե Կարապետյանն ասաց, որ ՏՆԱԿ ծրագիրն է անելու: Դե, գրանցվեցի, ընտրվեցի որպես մասնակից ու գնացի Վայք։ Առաջին օրն էր ծրագրի, ծանոթացման խաղի ժամանակ Լուսինեն ասաց, որ մի քանի մասնակից ուշացումով կգան։ Անցավ մի քանի ժամ, հեռվից նկատելի դարձան 3-4 երիտասարդ: «Սա էլ մեր մյուս մասնակիցներն են»,- մեզ մոտեցողներից մեկը Մուշն էր,17-ի էջին հաճախ էր հայտնվում նրա լուսանկարը շատ հետաքրքիր նյութերի հետ հանդերձ: ՏՆԱԿ-ի ընթացքում բոլոր հանդիպումների ժամանակ Մուշի հետ հասցրեցի մտերմանալ։ Դե, ՏՆԱԿ-ը վերջացավ, բայց Մուշի հետ շփումը շարունակվում էր սոց.հարթակում։
Եվ հերթական անգամ քայլում էի Երևանի փողոցներում ու էլի նույն պատկերը, էլի հեռվից նկատում եմ Մուշին ու մի քանի ժամ անցկացնում Մուշի հետ: Գիտակցելով, որ առաջիկա 2 տարին չես տեսնելու նրան, այլ միայն հպարտանալու ես, որ նրա նման ընկեր ունես, ու նա ծառայում է հայոց բանակում։
Մո՛ւշ, հիշիր, որ ընկերներդ քեզ են սպասում, սպասում են այն բարի ու հոգատար Մուշին, ով ցանկացած հարցով պատրաստ է կանգնել ընկերոջ կողքին։

Բարի ծառայություն, զինվոր։