seda mkhitaryan

Բոլոր հնչեղ ու խուլ բաղաձայներով ու ձայնավորներով

Երբ արդեն տանը նստած ես, տաք ծածկոցում փաթաթված ու կարդում ես ընկերներիդ նյութերը մրցանակաբաշխության մասին, կարդում նրանց տպավորությունների մասին, հասկանում ես (կամ գուցե դեռ չես հասկանում), ինչ է կատարվել արդեն երեք օր առաջ։ Երբ թերթում ես այդ օրվա նկարները, նայում տարբեր տեսանյութերը, կարդում շնորհավորական մեկնաբանությունները, ուղեղիդ մեջ գտնում ես այն կիսագնդի կիսատ մասը, որ երկու օր առաջ լրացվեց։ Քո նկարը 100 և ավելի մրցանակակիրների նկարների կողքին հայտնվում է էկրանին, դիմացի շարքի նստածները շրջվում են, հասկանալու համար, թե էս աղջիկը հետևիս չէ՞ր նստած, շրջվում էին, համոզվում, ժպտում ու փնտրում հաջորդ նկարում պատկերվածին։ Նայում ես մրցանակներիդ, որոնց մեջ ամենաարժեքավորը ամենափոքրն է՝ քարտը, որի վրա մի քանի տառ հաստատում են քո կարգավիճակը՝ ԹՂԹԱԿԻՑ, դու ամեն անգամ այդ քարտին նայելով , մտքումդ կրկնում ես. «Այո, թղթակից, այո, երազանքս քայլ առ քայլ գալիս է ինձ մոտ (կամ ես եմ գնում նրա մոտ)»։

Մի խոսքով՝ հասկանում ես, որ զուր չես գիշերները մտքերդ հավաքել, առավոտյան վազելով հասել համակարգչի մոտ ու մտքերդ դարձրել word-ի փաստաթուղթ, հետո՝ մեյլի նամակ ու ուղարկել 17.am-ին։ Հիմա մի բառ, որ շատ տարածված է ու կրկնվող՝ շնորհակալություն, այս բառի բոլոր իմաստներով, բոլոր երանգներով, բոլոր տառերով ու վանկերով, իրենց բոլոր հնչեղ ու խուլ բաղաձայներով, մի խոսքով, բոլոր հնարավոր ձևերով. ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ …

 

Lilit Grigoryan

Հաջորդ տարի ես կլինեմ

Ինչպես միշտ ծանրաբեռնված  շաբաթ օր էր:  Խորացել էր  շտեմարանի, բառարանների մեջ,ու չէի նկատում, որ շուրջս կյանք գոյություն ունի, որ մի քիչ կարելի է վայելել: Մեկ էլ մտածեցի, թե արդյո՞ք հնարավորություն կունենամ 17.am-ի  մրցանակաբաշխությանը մասնակցելու, դե ես նոր թղթակից եմ, շատ բան դեռ պետք է անեմ: Արդեն  իսկ համարում եմ ինձ 17-ի անդամ, սկսած մեր  դասընթացի  առաջին օրվանից, երբ սիրահարվեցի թիմի յուրաքանչյուր անդամին: Նրանք սեր են  տածում, լիքը սեր, անչափ ու անսահման սեր, որ  դարձրել եմ իմը:

Էդպես մտածում էի, մեկ էլ  հեռախոսիս զանգ եկավ  (սովորություն  ունեմ  զանգի հետ վեր թռչել): Լուսինեն էր: Ես էլ  եմ հրավիրված մրցանակաբաշխությանը: Չեք պատկերացնի, թե ինչքան ուրախացա: Կարդում եմ բոլորի նյութերը, դեմքերով գիտեմ, և  էս ամեն ինչից հետո պատկերացնո՞ւմ եք, որ նրանց, ում հետ միայն ֆեյսբուքով եմ շփվել, վերջապես կտեսնեմ: Վերջապես 200 հոգանոց ընտանիքս  եմ տեսնելու: Ու  սրանից մեծ ուրախություն չկա: 17-ի  երեխեքը  ինձ  թվում են  մշտական  ընկերներ, ամենալավ  ընկերներ, ամեն ինչ. օդ, ջուր:

Ինձ համար անմոռաց օր էր, ես տեսա, ծանոթացա, բոլորի հետ ուրախացա իրենց հաղթանակներով և լսեցի բարեմաղթանքներ, որ հաջորդ տարի ես եմ լինեմ հաղթողների մեջ:

Ամեն ինչ կանեմ:

Առաջին և ոչ վերջին մրցանակաբաշխությունը

Ես այն պահից սկսեցի ուրախանալ, երբ հեռախոսիս զանգ եկավ Երևանից, նույն վայրկյանից հասկացա, որ դա «Մանանայից» է, էլ ավելի ուրախացա, որ իմացա ներկա եմ լինելու Առաջին մրցանակաբաշխությանը, ու նույնքան ուրախալի էր, երբ Շուշանը ասաց, որ իմ ներկայությունը պարտադիր է: Ավելի շատ ուրախացա, որ տեսնելու եմ այն մարդկանց, ում հետ ապրել եմ 7 անմոռանալի օրեր մեդիա ճամբարում (էլի հուզվեցի), որ տեսնելու եմ «Մանանայի» թիմին:

Տեսնո՞ւմ եք քանի անգամ օգտագործեցի ուրախանալ բառը, որովհետև ուրիշ բառ չեմ գտնում արտահայտելու այն, ինչ զգում եմ. միայն ուրախություն, միայն հաճելի պահեր: Աչքերս սկսեցին արևի պես փայլել, երբ այդ լավագույն 100 թղթակիցներից մեկն էլ ես էի, երբ մեծ էկրանին հայտնվեց իմ նկարը, հայտարարեցին իմ անուն ազգանունը, ու լսվեց ծափահարություն, ես զգացի, թե ինչքան երջանիկ եմ, ինչքան գնահատված, հասկացա, որ իմ ամեն նյութի համար ինձ այսօր գնահատեցին: Այդ այն պահն էր, երբ իսկապես գլուխ գովելու տեղ ունես, որ լավագույն թղթակից ես: Ճիշտ է, իմ անունը չլսվեց հատուկ նվերներ ստացողների անունների մեջ (շնորհավորում եմ ի սրտե), բայց դեռ երկրորդ մրցանակաբաշխությունը մեզ է սպասում, ես այնպես կաշխատեմ, որ արժանանամ այդ պարգևին, իսկ դրա համար պետք է աշխատել, աշխատել, աշխատել, մեծ-մեծ քայլերով առաջ գնալ, որպեսզի հաջորդ մրցանակաբաշխությանը նորից այդ փայլուն աչքերով տեսնեմ ու զգամ այն ամենը, ինչ զգացի երեկ:

Հ.Գ Հա, ու ոչ միայն իմ աչքերն էին փայլում, այլ այնտեղ բոլորի, առանց տարիքային սահմանափակության:

«Սահմանապահ գյուղի պատանիների առօրյան արտացոլելու համար»

Մինչև հիմա չեմ հավատում, որ մրցանակակիր եմ։ Չեմ կարողանում պատկերացնել, որ այս ամենը ինձ հետ է կատարվում։ Հիմա կհարցնեք՝ ինչ մրցանակ, ինչ է կատարվում։ Ամեն ինչ սկսեմ սկզբից, որ բոլորին պարզ լինի։

Մեկ տարի և մեկ ամիս առաջ էր, երբ նստած էինք ՆԶՊ-ի դասին, ու դուռը բացվեց։ Հենց այդ դռան բացվելուց հետո իմ կյանքը 180 աստիճանի տակ փոխվեց։ Դուռը բացվելուց հետո մտավ դպրոցի տնօրենն ու ասաց, որ մարդիկ են եկել ինչ-որ ծրագիր են ներկայացնում։ Այս ամենը բոլորիդ հետ տեղի ունեցած կլինի։ Ես գնացի այն դասասենյակ, որտեղ այդ մարդիկ էին։ Արեցի նրանց բոլոր ասածներն ու դարձա պատանի թղթակից։ Դե հետագայում մասնակցեցի մեդիա ճամբարի։ Ինչպես արդեն իմացել եք, մի քանի օր առաջ տեղի ունեցավ Հայաստանի պատանի թղթակիցների առաջին մրցանակաբաշխությունը, որին մասնակցեցի նաև ես։ Ես մրցանակաբաշխության օրը գնացի նշված վայր՝ Կոմիտասի անվան կամերային տուն, նշված ժամին՝ 14։30։ Հանդիպեցի ճամբարակիցներիս հետ, հիշեցինք այն հիանալի օրերը, որ անց էինք կացրել միասին։ Կարծում էի, որ սա արդեն ամենալավ մրցանակն է՝ հանդիպել տարբեր մարզերի ընկերներիս: Շատ չանցած տրվեց մրցանակաբաշխության մեկնարկը։ Ցուցադրում էին պատանի թղթակիցների նկարահանած դոկումենտալ ֆիլմերից հատվածներ, ամբողջ ծրագրի ընթացքում արած աշխատանքային կադրեր։ Մեկ էլ սկսեցին ցուցադրել այն մասնակիցերի նկարներ ու անունները, ովքեր արժանացել էին հաղթողի կոչման։ Այնտեղ իմ անունն էլ կար։ Հետո լսվեց հաղորդավարի ձայնը, և նա ասաց, որ հատուկ անվանակարգերով մրցանակներ էլ կան։ Այդ ժամանակ ես զրուցում էի Նարեի հետ և անգամ չէի էլ մտածում, որ կարող է իմ անունն էլ այնտեղ լինել։ Հանկարծ լսվեց իմ անունն ու ասացին, որ մրցանակ է հանձնվում «Սահմանապահ գյուղի պատանիների առօրյան արտացոլելու համար» անվանակարգում։ Մինչև հիմա չեմ հավատում, որ մրցանակակիր եմ։

Հ.Գ Շնորհավորում եմ բոլորին։ «Մանանա» թիմ ԴՈՒՔ ամենալավն ԵՔ։

Լուսանկարչությունը դռներ է բացում…

Երբ առաջին անգամ օգտագործեցի հեռախոսիս ֆոտոխցիկը, մտքովս անգամ չանցավ, որ ես կցանկանամ լուսանկարչությամբ զբաղվել և դրա միջոցով փոխել մարդկանց կամ ինձ շրջապատող հասարակությունը: Ես այն ժամանակ ամեն ինչից գոհ էի (թող տպավորություն չստեղծվի, թե հիմա դժգոհ եմ), ինձ ամեն ինչ սովորական էր թվում, և ես ինչ-բան փոխելու կարիքը չէի զգում: Եվ անգամ չէի էլ մտածի, որ մի օր կարժանանամ մրցանակի այն լուսանկարների համար, որոնք իմ մի մասն են կազմում: Եվ այդ գնահատանքը կլինի ոչ թե իմ հարազատի, ընկերոջ կամ որևէ մեկի կողմից, ով ինձ ճանաչում է, այլ մի մարդու` ով զբաղվում է լուսանկարչությամբ, հասել է մեծ հաջողությունների և ով ինձ պես ապրում է լուսանկարչությամբ:

Այդ մարդը ինձ համար դարձավ Նազիկ Արմենակյանը: Նա առանց ինձ ճանաչելու, իմանալու` իմ ով լինելը, բազմաթիվ թղթակիցների լուսանկարներից ընտրել էր հենց իմ լուսանկարները: Չգիտեմ, դա մի ուրիշ զգացողություն է` գնահատված լինել մասնագետի կողմից: Նամանավանդ այն դեպքում, երբ ինչ-որ մեկը նայում է քո լուսանկարները և ասում. «Հա, լավ, էս իբր խի՞ ես նկարել, ինչիդ ա, մեկ ա՝ էս երկրում առանց փողի բանի չես կարա հասնես», իսկ մեկ ուրիշը կարող է նայել բազմաթիվ լուսանկարներ և առանձնացնել հենց քոնը:

Ցուցահանդեսում ևս ներկայացված էին իմ լուսանկարներից, որը նույնպես գնահատական և պարգևատրում էր ինձ համար այս անգամ արդեն իմ սիրելի «Մանանայի» կողմից, երբ մյուսների լուսանկարների հետ միասին բազմաթիվ հյուրերի դատին հանձնվեցին նաև իմ լուսանկարները:

Բացի դրանից կցանկանայի առանձնացնել հատկապես մի հետաքրքիր երևույթ: Ես շատ եմ սիրում թեյի բաժակներ և նոթատետրեր ու արդեն բավականին մեծ տեսականի ունեմ: Եվ շատ հաճելի էր ստանալ նվեր այն երկու բաները, որոնք ես այդքան շատ եմ սիրում: Հիմա դրանք իրենց պատվավոր տեղն են զբաղեցնում իմ մեծ տեսականու շարքում:

Երբ սկսվեց մրցանակաբաշխության արարողությունը, ամեն մեկն իր խոսքն ասաց, և հերթը ժյուրիի անդամ Նազիկ Արմենակյանինն էր: Նա ևս ասաց իր խոսքը և հասավ այն պահը, երբ պատրաստվում էր ասել, թե ով է իր նախընտրած թղթակիցը.

-Բոլորն էլ լավ էին, բայց ինձ համար առանձնացրեցի մի աղջկա:

«Կարող ա՝ ես եմ, ասեց աղջիկ, չէ հա, դժվար թե, էնքան լավ աղջիկ նկարողներ կան, չէ, ես չեմ»,- ինքս ինձ հետ ակտիվորեն վիճում էի ես:

-Ինձ հատկապես դուր եկավ մարդկանց լուսանկարելու նրա մոտեցումը:

«Կարող ա ամեն դեպքում ես լինեմ, է չէ, ինչ եմ մեծ-մեծ բաներ մտածում, հաստատ ես չեմ»,- ինքս ինձ շարունակում էի հանգիստ չտալ:

-Հռիփսիմե Եղիազարյան,- վերջապես Նազիկ Արմենակյանը հնչեցրեց իր նախընտրած թղթակցի անուն-ազգանունը:

«Ե՞ս, ե՞ս, հաստա՞տ ես եմ, կարող ա՞ սխալ լսեցի, չէ, ես էի, հիմա ինչ անեմ, ոնց գնամ, բա որ չիմանամ՝ բեմի որ կողմից բարձրանամ (հենց սկզբից վատ տեսողությանս պատճառով անհագստանում էի, որ եթե անհրաժեշտություն լինի բեմ բարձրանալ, որ կողմից եմ բարձրանալու և այդպես էլ չէի գտել աստիճանները), իսկ եթե ինչ-որ բան էն չանեմ»,- իրար հերթ չտալով մեկը մյուսի հետևից մտքեր էին գալիս և գնում, երբ ոտքերս արդեն ինձ առաջ էին տանում:

Ճանապարհի կեսն անցնելով, չգիտեմ ինչու, նոր մտքեր եկան և շփոթեցրեցին ինձ. «Կարող ա պետք ա չբարձրանամ բեմ», ու մի պահ կանգնել էի, սակայն երբ հասկացա, որ ինձ են սպասում, արագ շարունակեցի ճանապարհս և նույնիսկ տեսա այն աստիճանները, որոնք ինձ այդքան անհանգստություն էին պատճառել: Դրանք այն երեք-չորս աստիճաններն էին, որոնք ինձ տանելու էին իմ առաջին մրցանակի հետևից (առաջին մրցանակը միշտ էլ ամենաթանկն ու հիշարժանն է լինում) և առաջինները այն բազմաթիվ աստիճաններից, որոնք ինձ պետք է տանեին իմ երազանքի հետևից: Ես արդեն բեմի վրա էի. Նազիկ Արմենակյանը կարդաց ինձ ուղղված իր խոսքերը. «Լուսանկարչությունը դռներ է բացում», շնորհավորեց և ինձ հանձնեց իր հեղինակած «Վերապրածներ» գիրքը: Ես իջա բեմից և միայն այն ժամանակ կարողացա հանգիստ շունչ քաշել, երբ արդեն նստած էի աթոռիս` ընկերուհուս կողքին (ում շնորհիվ իրականություն էր դառնում իմ երազանքը), և այս անգամ մտքերս պատերազմի մեջ չէին, միայն մտածեցի. «Ինչ լավ ա, ամեն ինչ հաջող անցավ»: Ականջներումս Նազիկ Արմենակյանի խոսքերն էին. «Լուսանկարչությունը դռներ է բացում»… Եվ իրոք, այն ինձ համար բացեց իմ առաջին հաջողության դուռը և գուցե էլի շատ դռներ կբացի, բայց ես միայն իմ մասին չէ, որ մտածում էի: Ես ցանկանում եմ, որպեսզի լուսանկարչության միջոցով ես այդ դռները բացեմ նաև մյուսների համար` նրանց օգնելով:

Երբ հասա տուն, տատիկս ուրախ-ուրախ շնորհավորեց ու ասաց. «Արաքսիին ասել եմ, որ մրցանակ ես ստացել: Հեսա սաղ գյուղը ռեկլամ կանի»: Ահա այպիսին էր «իմ Օսկարի պատմությունը»:

Anush abrahamyan

Մի մրցանակի պատմություն

«Գրավիչ գյուղական պատմությունների համար»Սովորաբար պետք է սկսել սկզբից, բայց լավ, հիմա շտապում եմ, ճանապարհին կասեմ: Մենք գրեթե վազում էինք, իսկ ուր են նրանք: Ահա, ես ամենաառաջինը տեսա Սեդային ու դեռ չէի հասցրել ձեռքով անել, երբ արագ քայլերով ինձ մոտեցան ճամբարի իմ մյուս ընկերները: Դա շատ արագ տեղի ունեցավ, և ես անգամ չհասցրի բարևել նրանց, հասցրի միայն տեսնել շփոթմունքը, ուրախությունը, որ կախվել էր նրանց աչքերից: Մենք ամուր գրկախառնվելուց հետո մի քանի րոպեում հասցրինք պատմել միմյանց ամենակարևորների մասին ու էլի ամուր գրկեցինք իրար:

Շուրջս դեմքեր էին. բոլորը երջանիկ ու զննող աչքերով: Այնքան ծանոթ էին ինձ այդ մարդիկ, բայց երբևէ չէի զրուցել նրանց հետ, ուղղակի հիշում էի նրանց գրած նյութերը: Կոմիտասի անվան երաժշտության տանն էր տեղի ունենալու առաջին փառատոնը, որի մասնակիցներից էի նաև ես: Ինձ համար կյանքում ամենակարևոր օրերից մեկն էր, հավանաբար հենց այդ պատճառով էլ ողջ գիշեր չքնեցի: Այնտեղ հավաքված բազմության մեջ ես դեռ փնտրում էի, այս անգամ «Մանանայի» թիմին: Մի քիչ այն կողմ, բեմի մոտ կանգնած տեսա Դիանային ու պատրաստվում էի մոտենալ, երբ բեմին երևացին հաղորդավարները: Պետք է ասեմ, որ երբեք էլ աչքի չեմ ընկել համբերատարությումբ, բայց այդ անգամ ուրիշ էր, նրանց յուրաքանչյուր խոսք հստակ էր ու հաճելի էր լսել: Ամբողջ ընթացքում ուշադիր լսում էի, ոչ մի բառ բաց չթողնելու սկզբունքով : Այս ժամանակ ցուցադրվեցին նաև մի քանի տեսանյութեր, որոնք մեծ ու միասնական աշխատաքի արդյուք էին ու որոնք հաստատ շատ բան հիշեցրին մասնակիցներին: Այդ թվում և ինձ:

Մի քանի րոպե հետո հնարավոր էր լսել սեփական սրտի ձայը, քանի որ հաղորդում էին մրցանակակիրների անունները: Պետք է ասեմ, սպասելը ծանր էր, բայց երկար չտևեց, հանկարծ լսեցի իմ անունը: Շփոթմունքից չգիտեի ինչ անել, բայց հավաքվել էր պետք, չէ որ այդքան հայացքներ քեզ են ուղղված: Քայլեցի դեպի բեմ, ու թվում էր, թե ահա մի բան այն չի լինի, ու ես բոլոր աչքի առաջ խայտառակ կլինեմ: Ամեն ինչ հիանալի անցավ, բարձրացա բեմ ու անգամ չնայեցի ինձ հետևող ոչ մի հայացքի, այլ հպարտությամբ վերցրի մրցանակս ու քայլեցի ընկերներիս մոտ:

Երբ ավարտվեց փառատոնը, ես մյուսների նման չէի ցանկանում լուսանկարվել, որ ապահովեմ տարիներ հետո հիշողություններ, այլ հայացքս չէի կտրում մարդկանց աչքերից, որովհետև դրանք երբեք չեն մոռացվում:

Երբ 17.am-ը հայտնվեց իմ կյանքում, ես մտածում էի, որ այն այնտեղ երկար չի մնա, բայց ոչ միայն մնում է, այլև աստիճանաբար փոխում է ինձ: Դա կյանքում ամենակարևորն է: Շնորհակալ եմ:

lia avagyan

«Սահմանապահ գյուղի իրականությունն արտացոլելու համար»

Երևի ճիշտ կլինի՝ սկսեմ սկզբից: Երբեք չեմ պատմել, թե ինչպես ենք ես և նյութերս հայտնվել 17.am-ում: Համարյա երկու տարի առաջ էր. մեր դպրոցը վերանորոգել էին, բացումն էր: Մեզ՝ աշակերտներիս, ասացին, որ գնանք շախմատի սենյակ: Բոլորը գնացին, իսկ ես մի քիչ ուշացա, չեմ հիշում՝ ինչ պատճառով: Ուշացած հասա շախմատի սենյակ: Դուռը կիսաբաց էր. ճեղքից ներս նայեցի, տեսա ահագին մարդ ու ահագին տեսախցիկ: Անկեղծ ասած՝ ամաչում էի ներս մտնել: Անգամ արդեն հետ էի դառնում, բայց մի անհասկանալի ներքին ուժ ինձ ձգեց ներս: Երբ ներս մտա, ֆիլմերի մասին էին խոսում: Հետո մեզ թերթեր բաժանեցին, հանձնարարեցին «Ինչն է ինձ հուզում» թեմայով ինչ-որ բան գրել: Դա իմ առաջին նյութը պետք է լիներ: Այնքան ոգևորվեցի. արագ էի գրում, որ հասցնեմ գրել կյանքիս տարիների կուտակվածը: Մի քիչ էլ ջղայնացած էի գրում, դա էլ չեմ հիշում՝ ինչու: Անկեղծ էի գրում, «է»-ի փոխարեն՝ «ա»: Հետո՝ երբ վերջացրի, բոլոր սխալներն ուղղեցի ու նյութս հանձնեցի: Հետո մի քիչ էլ ֆոտոներից ու ֆիլմերից խոսեցինք ու գնացինք տուն: Գնացի տուն ու նամակ գրեցի 17.am-ին, որ ուզում եմ թղթակցել: Հաջորդ օրը նյութս տպագրել էին: Դրանից էլ ավելի ոգևորվեցի:

Մի քանի շաբաթ հետո գնացի «Մանանա» կենտրոնի կազմակերպած մեդիա ճամբարին: Այնտեղ սովորեցինք ֆիլմերի, ֆոտոների «լեզուն»: Շատ մարդկանց հետ ծանոթացա և նոր ընկերներ ձեռք բերեցի: Կյանքիս ամենահիշվող շաբաթներից մեկն էր, որի յուրաքանչյուր օրը դետալ առ դետալ հիշում եմ: Ճամբարից հետո էլ շարունակում եմ գրել: Հիմնականում գրում եմ սահմանի, իմ առօրյայի, տատիկիս պատմած պատմությունների մասին: Բայց, անկեղծ ասած, երբ գրում էի, չէի մտածում, որ իմ նյութերը կկարդան, նույնիսկ կսկսեն սիրել: Ամեն նյութից հետո արձագանքները տարբեր են լինում՝ թե՛ դրական, թե՛ բացասական: Բայց այդ երկու կարծիքներն էլ ինձ ստիպում էին ավելի պարտավորված գրել:

Ընդամենը երկու օր առաջ մասնակցեցի առաջին մրցանակաբաշխությանը: Ծանոթ դեմքեր, հետաքրքիր ու հարազատ մարդիկ: Ինձ զգում էի ինչպես տանը՝ հարազատներով շրջապատված: Այնքան ոգևորված էի եկել մրցանակաբաշխությանը, անգամ նկարագրելու չէ: Ստացա մրցանակ՝ «Սահմանապահ գյուղի իրականությունն արտացոլելու համար»: Մրցանակն էլ տրամադրել էր «Արփի Սոլար ընկերությունը», ինձ ու էլի մի տավուշցի աղջկա: 16 տարիներիս ամենամեծ ձեռքբերումս էր: Այսպիսի փայլուն սկիզբ երևի չէի կարող ինձ համար պատկերացնել: Ամեն կողմից փայլուն աչքեր էին, որոնք շնորհավորում էին: Այս խառնաշփոթի մեջ մտածում էի, թե ինչպես հայտնվեցի այստեղ, այս բեմում, այսքան հարազատ դարձած մարդանց մոտ: Հիշեցի շախմատի սենյակի կիսաբաց դուռն ու այն անհասկանալի ներքին ուժը, որն ինձ ստիպեց մինչև վերջ բացել դուռն ու ներս մտնել:

Astghik Ghazaryan

«Գեղարվեստական վավերագրության համար»

«Գեղարվեստական վավերագրության համար»Երեկ տեսա՞ր` ինչպես էր խախտվել աշխարհի քարտեզը: Չե՞ս տեսել… Երևի դու Հայաստանի պատանի թղթակիցների ցանցի մրցանակաբաշխությանը ներկա չէիր… Տեսնե՜լ էր պետք…

Ժամը երկուսն անց էր. մեկ էլ տեսնեմ` աշխարհի քարտեզի վրա մի կերպ նշմարվող Հայաստանում գաճաճ, աննշան (բնականաբար չափերով) Գետահովիտը, Դարբասը, Մալիշկան…. մեծանում են, մեծանում, և դրա հետ Հայաստանը ձգվում է, ձգվում ու… Ու ի՞նչ… Ու ամբողջ երկրագունդը դառնում է Հայաստան:

Ցավոք, տիեզերքում ոչ մի սարք էլ չկարողացավ արձանագրել: Դե, որովհետև դա ամենևին էլ հսկա տիեզերքում չէր, այլ իմ փոքր սրտում, կամ էլ Սոնայի, կամ էլ Վահեի, կամ էլ… Չգիտեմ՝ ում…

Բայց սա մի օրում չեղավ, պարզապես հենց մրցանակաբաշխության օրը հասկացա, որ մենք մեր փոքր ուղեղով Գետահովիտը, Դարբասը կամ էլ Մալիշկան դարձրել ենք աշխարհի կենտրոնը. չէ՞ որ երկիրը կլոր է, և քո գյուղի կենտրոն լինելը կամ չլինելը կախված է նրանից, թե ինչ կետից ես նայում աշխարհին: Եվ ամեն ինչն էլ հենց այդ կետից է կախված:

Ցավոք, պայմանականորեն այդ կետ անվանվածը, որը մեր մտածողությունն է, աշխարհայացքը, ոչ խանութում են վաճառում, ոչ էլ մեկ այլ տեղ: Այն ունենալու համար պետք է անցնել «Մանանայի» «դպրոցը», որտեղ պատանիները սովորում կամ էլ սովորեցնում են ոչ թե աշխարհի կամ Հայաստանի պատմություն, այլ Գետահովիտի պատմություն, Դարբասի կամ էլ Մալիշկայի…

lilit khlghatyan portret

Առաջին քայլերս, հույզերս և հաղթանակս…

Տարբեր մարդիկ իրենց զգացմունքները արտահայտում են տարբեր կերպ: Ես մարդկանց այն խմբին եմ պատկանում, որոնց հուզելը դժվար է: Չեմ ասում զգացմունքային չեմ, ուղղակի միշտ չէ, որ կարողանում եմ լաց լինել…

Առաջին իսկ օրվանից, երբ ոտք դրեցի 17.am, միշտ ուրախ պահեր եմ ունեցել: Ամեն մի փոքրիկ հաջողությունից թռվռացել եմ, այդ պահերին կարծես աշխարհը նվիրեն ինձ: «Մանանա»-ից ամեն անգամ զանգ ստանալուց սիրտս սկսում էր շատ արագ բաբախել: Արդեն իսկ զգում էի, որ մի բան փոխվելու է:

Վերջին զանգին ստացա մրցանակաբաշխությանը մասնակցելու հրավեր: Ոգևորված էի: Հաճախ չէ, որ կրկին կհանդիպեի ամենաբարի աշխատողներին և կտեսնեի ընկերներիս, որոնց հետ միայն 17.am-ի միջոցով ծանոթացա:
Եվ ահա ոգևորված հասա Երևան: Գրեթե մեկ շաբաթ պլաններ էի կազմում: Հասա, և սկսվեց մրցանակաբաշխությունը, այնքան ոգևորված էի… 17.am-ը ժյուրի ուներ, և նրանք ընտրել էին նաև իրենց հավանած ակտիվ թղթակցին՝ իրենց կողմից պարգևատրելու համար:

Առաջինը բեմ բարձրացավ լրագրող  Ռուզան Մինասյանը, մի քանի խոսք ասելուց հետո արտաբերեց իմ անուն ազգանունը: Հուզված էի, չգիտեի՝ ինչ անել: Ուղղակի չէի հավատում: Մի քայլ առաջ եկա, հետո հետ քաշվեցի՝ մտածելով, որ գուցե սխալվել են, բայց փաստորեն, չէ… Բարձրացա բեմ, կանգնեցի նրա կողքին, ասաց, որ իմ արած գործերը շատ է հավանել, որ կարողանում եմ պատկերացնել շատ լավ և ինձ մեկնեց մի մեծ նվեր… Նա ինձ հանձնեց լրագրողի իր աշխատանքային գործիքը՝ տեսախցիկը, որով ինքն էր իր նյութերը նկարահանում ու նկարում:

Երբեք չէի պատկերացնի, որ ինձ հետ նման բան կլինի: Գլուխս մեխանիկորեն կախեցի: Մեծ հպարտություն էի զգում, շատ ոգևորված էի և շատ հուզված: Գրկախառնվեցինք և իջա բեմից: Ոտքերս դողում էին, մի պահ մտածեցի, թե երազ է…Աչքերս լցվել էին, եթե մենակ լինեի, հաստատ մի լավ ժպիտով կլացեի` ժպիտով, որովհետև դրանք ուրախության արցունքներ կլինեին: Շատ պարտավորեցնող էր Ռուզան Մինասյանից նման նվեր ստանալը: Բեմիս իջնելուց հետո արդեն մտածեցի, որ չպետք է բավարարվեմ միայն լուսանկարներ անելով`պետք է նաև ֆիլմի սցենարներ մտածեմ: Շատ շնորհակալ եմ նրան ինձ այդպիսի հնարավորություն տալու համար, հավատացած եղեք, որ ձեր հույսերը կարդարացնեմ`անպայման կարդարացնեմ…Ախ, որ պատկերացնում եմ, թե ինչեր կկորցնեի, եթե չթղթակցեի 17.am-ին… Սա իմ առաջին հաջողությունն էր, բայց ոչ վերջինը: Այժմ նստած եմ երթուղային մեքենայում և Երևանից-Լիճք եմ վերադառնում, գալիս եմ իմ գյուղ՝ ուրախությունս ընտանիքիս, ընկերներիս հետ կիսելու համար:

Իմ հետևում մի կին էր նստած իր երեխաների հետ, որդին մեկ տարեկան էր և արտասանում էր իր առաջին բառերը` մայրիկ, հայրիկ, ամենաթանկ բառերը աշխարհում…

Նա ասում էր իր առաջին բառերը, ես անում եմ իմ առաջին քայլերը: Եվ այդ ամենի համար շնորհակալ եմ ծնողներիս, շնորհակալ եմ 17.am-ի աշխատակազմին և իհարկե, Ռուզան Մինասյանին՝ ինձ այսպես ոգևորելու և խրախուսելու համար:

Սպասեք ապագա լրագրող Լիլիթ Խլղաթյանին, ես արդեն արել եմ իմ առաջին քայլը:

milena khachikyan

17.am-ը մենք ենք

«Լրագրողական դիտարկումների համար»

Սոնան ասում է, որ քաղաքի գարունը սկսվում է այն ժամանակ, երբ նա նայում է իր տատի զմրուխտե, կանաչ աչքերին: Ինչքան մեծ կարոտ կա սրանում, չէ՞: Այ, նման մի կարոտ էլ մենք՝ տասնյոթցիներս, ունենք, որ հաճախ իրար հենց այստեղ էլ գտնում ենք՝ պարզ ու անկեղծ պատմությունների, ուրախ ու տխուր նյութերի էջերում:

Դժվար թե ես գրեի այս մասին, եթե չլիներ երեկվա մրցանակաբաշխությունը, որի մասին դեռ երկար պիտի հիշեմ, եւ եթե չլիներ հանդիպումը մարդկանց հետ, որոնց մի մասին մեկ էլ երկու տարի առաջ տեսել կամ չէի տեսել:

Դվժար թե մտածեի այս մասին, եթե չլիներ Անահիտը, որ, ինձ տեսնելով, ամեն անգամ վազում է ընդառաջ՝ մոռանալով փողոցը, մեքենաներն ու մարդկանց: Դժվար թե մտածեի այս մասին, եթե չլինեին Լիդուշի ու Լուսոյի ամուր գրկերը, Միլենի խաղաղությունն ու Դիանի ժպիտը: Դժվար թե մտածեի այս մասին, եթե չլինեին Սոֆին, Զարան, Աստղիկը, Սոնան, Մանեն ու Անին՝ ճամբարային մեր ուրախ հուշերով: Եվ դժվար թե մտածեի, եթե չկարդայի տիկին Ռուզանի գրածը այն մասին, որ ինքն օրվա լռության մեջ լսում է միշտ քչքչոցը հարյուրավոր աղբյուրների, որոնք հենց մենք ենք՝ մեր հոգսերով ու երազանքներով:

Եվ մենք երեկվա «Խաբարբզիկ»-ի համարն ենք՝ այդ նույն հոգսերով ու երազանքներով, որը կարդալուց հետո ես հանկարծ այնքա՜ն բան ուզեցի…

Նախ ուզում եմ, որ բոլորիս աղոթքները՝ խաղաղության համար, մի օր տեղ հասնեն վերջնականապես, ինչպես Կարենի քեռու դեպքում է եղել:

Ուզում եմ, որ  Հեղինեի եղբայրը, Արտյոմը, Մուշը, Դավիթն ու բոլոր մյուսները ծառայությունից անվնաս վերադառնան տուն:

Ուզում եմ, որ Սերյոժայի հայրն այլեւս չասի՝ հագուստով պառկեք՝ քնելու, որ եթե կրակեն, հագնվելու համար ժամանակ չկորցնեք:

Ուզում եմ, որ Անահիտը Մարտունիում ծառայող իր ընկերոջ համար անհանգստանալու առիթներ չունենա, եւ Լյուբեի «Комбат»-ից արտասվողներ էլ չլինեն:

Ուզում եմ, որ բոլորս Սերինեի պես հավատանք, որ տարիներով գիտակցության չեկող զինվորը մի օր իր հոր հետ ավարտին կհասցնի իրենց տան վերանորոգումը:

Ուզում եմ, որ բոլորս գտնենք ու մի անգամ էլ կարդանք Մարատի «Քա չթողին, քասկնա՞ք» պատմությունը Ապրիլյանի ու այն ծերունու մասին, ում անունն այդպես էլ չենք իմանա:

Եվ ուզում եմ, որ Լիան չմտածի տարիներ անց իր թոռներին միայն պատերազմից պատմելու մասին, ինչպես իր տատի դեպքում է, եւ որ իրեն տխուր չտեսնեմ երբեք:

Ուզում եմ, որ Լիլիթի գրած կարոտի թեւերը երկար չձգվեն, ու օրերից մի օր բոլոր գնացողները վերադառնան իրենց հայրենի գյուղ:

Ուզում եմ, որ Կարինեն ծնողների կարոտը առնի ոչ համակարգչի էկրանից, ու իր իրականությունը մի օր դառնա երազածի պես լուսավոր:

Ուզում եմ, որ Մարիամը հաճախ ժամանակ ունենա՝ իր Ամասիա վերադառնալու, եւ հետո ինձ պատմելու նույն Ամասիայի, գնացքներով մեկնելու ու սպասումների մասին:

Ուզում եմ, որ Գյումրին մի օր այնքան ծաղկի, որ ոչ Լեյլին փակված դռներ գտնի, ոչ էլ Աշոտը գրի, որ իրենց մոտ գրախանութներ մեծ հաշվով չկան:

Ուզում եմ, որ Վահեի պատմած հերոսը մի օր գլուխը կախ չքայլի, եւ մազերն անորոշ շոյելու փոխարեն իր պես երաժշտություն լսի կամ ժպտա:

Ուզում եմ, որ ոչ Սեդայի մայրը, ոչ պարոն Արան եւ ոչ էլ ուրիշ մեկը էլ երբեք չհիվանդանան:

Ուզում եմ, որ Ամալյայի նավակը կարողանա ամուր լինել պայքարելու եւ ափ հասնելու համար:

Ուզում եմ, որ բոլորս Նարեի պես տեսնենք այն մաքուրն ու բարին, որ կա ժեստերի լեզվի կամ այն մարդկանց մեջ, ովքեր կիրառում են դա:

Ուզում եմ, որ Անին գտնի ուժը՝ կամրջից այն կողմ անցնելու, եւ գրի իր փոքր գյուղի մեծ մարդկանց մասին:

Ուզում եմ, որ Սարգիսի գյուղում կոտրվածքների եւ դույլերով ջուր կրելու ձմեռ էլ երբեք չլինի:

Ուզում եմ, որ Սուրենը, Հարութը, Էրիկն ու մյուսները հաջողությամբ ընդունվեն համալսարան, ու իրենց երազանքների հետեւից Երեւան գալով՝ մի օր անպայման հասնեն դրանց:

Եվ ի վերջո, ուզում եմ, որ մեր «քչքչոցը» միշտ լսելի լինի 17.am-ում, ու մենք միշտ կարողանանք գրել փշաքաղեցնելու չափ ազնիվ՝ դիմանալով կարոտի ամեն դրսեւորմանը, հույսով՝ նոր հանդիպումների: