milena khachikyan

17.am-ը մենք ենք

«Լրագրողական դիտարկումների համար»

Սոնան ասում է, որ քաղաքի գարունը սկսվում է այն ժամանակ, երբ նա նայում է իր տատի զմրուխտե, կանաչ աչքերին: Ինչքան մեծ կարոտ կա սրանում, չէ՞: Այ, նման մի կարոտ էլ մենք՝ տասնյոթցիներս, ունենք, որ հաճախ իրար հենց այստեղ էլ գտնում ենք՝ պարզ ու անկեղծ պատմությունների, ուրախ ու տխուր նյութերի էջերում:

Դժվար թե ես գրեի այս մասին, եթե չլիներ երեկվա մրցանակաբաշխությունը, որի մասին դեռ երկար պիտի հիշեմ, եւ եթե չլիներ հանդիպումը մարդկանց հետ, որոնց մի մասին մեկ էլ երկու տարի առաջ տեսել կամ չէի տեսել:

Դվժար թե մտածեի այս մասին, եթե չլիներ Անահիտը, որ, ինձ տեսնելով, ամեն անգամ վազում է ընդառաջ՝ մոռանալով փողոցը, մեքենաներն ու մարդկանց: Դժվար թե մտածեի այս մասին, եթե չլինեին Լիդուշի ու Լուսոյի ամուր գրկերը, Միլենի խաղաղությունն ու Դիանի ժպիտը: Դժվար թե մտածեի այս մասին, եթե չլինեին Սոֆին, Զարան, Աստղիկը, Սոնան, Մանեն ու Անին՝ ճամբարային մեր ուրախ հուշերով: Եվ դժվար թե մտածեի, եթե չկարդայի տիկին Ռուզանի գրածը այն մասին, որ ինքն օրվա լռության մեջ լսում է միշտ քչքչոցը հարյուրավոր աղբյուրների, որոնք հենց մենք ենք՝ մեր հոգսերով ու երազանքներով:

Եվ մենք երեկվա «Խաբարբզիկ»-ի համարն ենք՝ այդ նույն հոգսերով ու երազանքներով, որը կարդալուց հետո ես հանկարծ այնքա՜ն բան ուզեցի…

Նախ ուզում եմ, որ բոլորիս աղոթքները՝ խաղաղության համար, մի օր տեղ հասնեն վերջնականապես, ինչպես Կարենի քեռու դեպքում է եղել:

Ուզում եմ, որ  Հեղինեի եղբայրը, Արտյոմը, Մուշը, Դավիթն ու բոլոր մյուսները ծառայությունից անվնաս վերադառնան տուն:

Ուզում եմ, որ Սերյոժայի հայրն այլեւս չասի՝ հագուստով պառկեք՝ քնելու, որ եթե կրակեն, հագնվելու համար ժամանակ չկորցնեք:

Ուզում եմ, որ Անահիտը Մարտունիում ծառայող իր ընկերոջ համար անհանգստանալու առիթներ չունենա, եւ Լյուբեի «Комбат»-ից արտասվողներ էլ չլինեն:

Ուզում եմ, որ բոլորս Սերինեի պես հավատանք, որ տարիներով գիտակցության չեկող զինվորը մի օր իր հոր հետ ավարտին կհասցնի իրենց տան վերանորոգումը:

Ուզում եմ, որ բոլորս գտնենք ու մի անգամ էլ կարդանք Մարատի «Քա չթողին, քասկնա՞ք» պատմությունը Ապրիլյանի ու այն ծերունու մասին, ում անունն այդպես էլ չենք իմանա:

Եվ ուզում եմ, որ Լիան չմտածի տարիներ անց իր թոռներին միայն պատերազմից պատմելու մասին, ինչպես իր տատի դեպքում է, եւ որ իրեն տխուր չտեսնեմ երբեք:

Ուզում եմ, որ Լիլիթի գրած կարոտի թեւերը երկար չձգվեն, ու օրերից մի օր բոլոր գնացողները վերադառնան իրենց հայրենի գյուղ:

Ուզում եմ, որ Կարինեն ծնողների կարոտը առնի ոչ համակարգչի էկրանից, ու իր իրականությունը մի օր դառնա երազածի պես լուսավոր:

Ուզում եմ, որ Մարիամը հաճախ ժամանակ ունենա՝ իր Ամասիա վերադառնալու, եւ հետո ինձ պատմելու նույն Ամասիայի, գնացքներով մեկնելու ու սպասումների մասին:

Ուզում եմ, որ Գյումրին մի օր այնքան ծաղկի, որ ոչ Լեյլին փակված դռներ գտնի, ոչ էլ Աշոտը գրի, որ իրենց մոտ գրախանութներ մեծ հաշվով չկան:

Ուզում եմ, որ Վահեի պատմած հերոսը մի օր գլուխը կախ չքայլի, եւ մազերն անորոշ շոյելու փոխարեն իր պես երաժշտություն լսի կամ ժպտա:

Ուզում եմ, որ ոչ Սեդայի մայրը, ոչ պարոն Արան եւ ոչ էլ ուրիշ մեկը էլ երբեք չհիվանդանան:

Ուզում եմ, որ Ամալյայի նավակը կարողանա ամուր լինել պայքարելու եւ ափ հասնելու համար:

Ուզում եմ, որ բոլորս Նարեի պես տեսնենք այն մաքուրն ու բարին, որ կա ժեստերի լեզվի կամ այն մարդկանց մեջ, ովքեր կիրառում են դա:

Ուզում եմ, որ Անին գտնի ուժը՝ կամրջից այն կողմ անցնելու, եւ գրի իր փոքր գյուղի մեծ մարդկանց մասին:

Ուզում եմ, որ Սարգիսի գյուղում կոտրվածքների եւ դույլերով ջուր կրելու ձմեռ էլ երբեք չլինի:

Ուզում եմ, որ Սուրենը, Հարութը, Էրիկն ու մյուսները հաջողությամբ ընդունվեն համալսարան, ու իրենց երազանքների հետեւից Երեւան գալով՝ մի օր անպայման հասնեն դրանց:

Եվ ի վերջո, ուզում եմ, որ մեր «քչքչոցը» միշտ լսելի լինի 17.am-ում, ու մենք միշտ կարողանանք գրել փշաքաղեցնելու չափ ազնիվ՝ դիմանալով կարոտի ամեն դրսեւորմանը, հույսով՝ նոր հանդիպումների:

marat sirunyan

Իսկ դո՞ւ

«Ամենաբազմակողմանի թղթակից»

17.am-ն իմ կյանքում հայտնվեց ճիշտ ժամանակին, կարծես դիտմամբ կամ ճակատագրով որոշված: Դա այն շրջանն էր, երբ նոր հետաքրքրություն էր առաջացել ինձ մոտ՝ լրագրության, լուսանկարչության և ֆիլմերի նկարահանման հանդեպ: Եվ այդ ժամանակ, օրերից մի օր բոլորովին պատահաբար համացանցում հանդիպեցի մի հայտարարության, որը շրջադարձային էր լինելու իմ կյանքում: Հայտարարությունը մոտավորապես էսպիսին էր. «14-24 տարեկա՞ն ես, անտարբեր չե՞ս , ուզո՞ւմ ես սովորել լրագրություն, լուսանկարչություն, ֆիլմերի նկարահանում և գործնականում կիրառել գիտելիքներդ: Ուրեմն դու ճիշտ տեղում ես…»: Եվ փաստորեն իրոք՝ ես ճիշտ տեղում էի և դա զգացի Վանաձորում կայացած դասընթացների առաջին իսկ պահերից: Հետո մասնակցեցի Դիլիջանում կայացած մեդիա ճամբարին, որտեղ ավելի խորացրեցի երկօրյա դասընթացում ստացած գիտելիքներս, գործնականում կիրառեցի դրանք, և վերջինս շարունակական դարձավ: Ես սկսեցի այլ աչքերով նայել ամեն ինչին: Կյանքի, մարդկանց բնության ու ամեն-ամեն ինչի հանդեպ հետաքրքրություններս կրկնապատվեցին ու հազարապատկվեցին:

Ես չեմ կարող ասել, թե ինչ են ինձ համար, և ինչ են տվել ինձ 17.am-ն ու «Մանանա» կենտրոնը. դա նման է ծնողին գնահատելու կամ շնորհակալություն հայտնելու՝ ինչ էլ ասես՝ քիչ է ու չի հերիքի, իսկ արած գործն անգնահատելի է:

_MG_0510-28Ես միայն կփորձեմ պատմել այն, ինչն իմ աչքերով տեսել ու մաշկի վրա զգացել եմ 17-ի հետ:
Գիտեք չէ՞, որ մարգարիտները ծովի խորքում են լինում: «Մանանա»-ն հենց այդ «մարգարիտներն» է գտնում, ովքեր հետո դառնում են 17-ցիներ, նրանք գալիքը կերտող լուսավոր պատանիներն են, ովքեր էլ իրենց հերթին են գտնում իրենց շրջապատի «մարգարիտներին» ու պատմում նրանց մասին՝ հոդվածի, լուսանկարի կամ վավերագրական ֆիլմի միջոցով: Իսկ այդ «մարգարիտները» շատ հաճախ ոչ թե պաշտոնյաներն են, շոու բիզնեսի ներկայացուցիչներ կամ այլ հայտնիներ, որոնք որ կողմ էլ շրջվեն՝ մի տեսախցիկի կադրում կհայտնվեն, այլ հասարակ մարդիկ, ովքեր ապրում են մեր կողքին, ունեն մեծ արժանիքներ, կյանքի փորձ, տաղանդ, արած մեծ գործեր, կամ ուղղակի հետաքրքիր կերպար, բայց հանրութան աչքից վրիպել են:
Եվ այդ գործունեության արդյունքում ակտիվություն է մտնում ոչ միայն թղթակցի կյանքում, այլ նաև իր շրջապատում, այնտեղ, ուր նա լինում է:
Բացատրեմ ավելի պատկերավոր: Թեև գիտության առաջընթացին, շատ վայրերում, հիմնականում գյուղերում, մտածելակերպը մի փոքր այլ է: Եթե օրինակ, մեկին տեսնում են տեսախցիկը ձեռքին գյուղով շրջելիս, դա տարօրինակ է թվում, և նրան «թարս աչքով» են նայում: Բայց, երբ այդ նույն վայրում հայտնվում և գործունեություն է սկսում 17-ցի, այդ ամենը քիչ-քիչ դառնում է սովորական, մարդիկ սկսում են վստահել նրան ու «նրա տեսախցիկին»: Քիչ է՝ չեն փախչում տեսախցիկից, դեռ ամեն անգամ ոգևորությամբ սպասում են, թե նկարածը ե՞րբ կհրապարակվի, ու կտեսնեն:

Կամ պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ոգևորություն է ապրում հասակն առած մարդը, ով կյանքի երկար տարիների ընթացքում ինչեր ասես, որ չի տեսել, հանկարծ իմանում է, որ ինչ որ մեկը կամ մարդիկ հետաքրքրված են իրենով, ուզում են իր հետ զրուցել, հարցազրույց վերցնել, կամ ֆիլմ նկարել: Պատկերացնո՞ւմ եք՝ ի՜նչ գնահատվածություն ու ներքին հպարտություն է ապրում նա:
Մոտենում ես մի մարդու, ով իր գրեթե ողջ կյանքում զբաղվել է հովվությամբ և իր հայրենի գյուղի սարերից այն կողմ ոչինչ չի տեսել և հիմա ծերությունն է վայելում, ու ասում.

-Ես լսել եմ, որ դուք շատ իմաստուն, գիտելիքներով ու հետաքրքիր պատմություններով լի մարդ եք, դրա համար ուզում եմ մի փոքր զրուցել:

Հանկարծ նույն պահին աչքերը փայլում են, դեմքին հայտնվում է ժպիտ, ու այդ մարդը նույն վայրկյանին իրոք իմաստնանում է, սկսում է ոգևորված խոսել, պատմել, բացատրել, և դա երկկողմանի հպարտություն է և քեզ, և նրա համար: Քեզ՝ որ այդ մարդու ոգևորությունը, երջանկությունը, անկեղծությունը ստացար որպես պարգև, նրան՝ որ գնահատված ու արժանի զգաց: Ես այս ամենն զգացել եմ, իսկ դո՞ւ…

Պետք է կարողանալ գնահատել այն, ինչ կա մեզ շրջապատող աշխարհում: Այ դա է սովորեցնում «Մանանա»-ն` գնահատել և չլինել անտարբեր: Իսկ դա դրականով է լցնում թե քո, թե շրջապատիդ կյանքը: Իսկ թղթակցի համար իր արածի մասին ամեն լավ խոսք մեծ պարգև ու վարձ է իր գործին: Ես օրինակ, երբեք չեմ մոռանա վերջերս մահկանացուն կնքած Մարիամ տատի խոսքերը, ում հետ հարցազրույց էի անցկացրել ամիսներ առաջ, ինչից հետո ասել էր. «Վայ, աբռի հա էդ տղեն. էգավ-գնած, գեղածոնծ ըսի, որ էգե ընձմե հարծազրույծ գվերծեին, ըսել եմ, որ դռնեն գողուտյուն է կենին… Ըդրաց հեդո էլ իմ դռնեն գողուտյուն չըն էնի (չեն անում)»: Հասկանո՞ւմ եք, թե ինչ արժի սա «էդ տղի»՝ այսինքն, ինձ համար: Այ սա ու մյուս նկարագրածս պահերն են ինձ ու հայ հասարակության մի մեծ մասին կամա և ակամա պարգևել 17.am-ն ու «Մանանա» կենտրոնը…

_MG_0515-29Իսկ 28.04.2017-ին կայացած առաջին մրցանակաբաշխությունը անմոռանալի օր դարձավ ինձ համար: Ես «Մանանաֆիլմս» կինոստուդիայի կողմից պարգևատրվեցի համակարգչով՝ «Ամենաբազմակողմանի թղթակից» անվանակարգում: Դա ինձ համար այնքան մեծ նշանակություն ունեցավ, որ հիմա անհնար կլինի բառերով նկարագրել: Դրա փոխարեն պարտավորվում եմ իմ հետագա գործունեությամբ հայտնել շնորհակալությունս, և արդարացնել իմ հանդեպ վստահությունը, հույսերն ու սպասումները: Եվ այս մրցանակը փորձելու եմ ծառայեցնել ոչ միայն իմ, այլ նաև հասարակության շահերին, այսինքն՝ հնարավորինս նպաստել 17.am-ի գործունեությանը: Կատարել ավելի բազմակողմանի ու բազմապիսի աշխատանքներ…

lida armenakyan

Ժամային գոտի կամ կարճագույն խոսքս

«Լավագույն հրապարակախոսական նյութեր»

IMG_9866-2Շնորհակալություն օրվա, ժպիտների ու գեղեցիկ նվերների համար: Հաճելի է լինել գնահատված, արժևորված… Չէ:
29.04  16:53

Շնորհակալություն… ՉԷ:
29.04  18:02

Մոտենում եմ բեմին գուցե և դողացող ոտքերով կամ էլ գուցե հաստատուն քայլերով, հիմա չեմ հիշում… ՉԷ:
29.04  21:36

IMG_0018-4Ես էսպես էլ չեմ ուզում սկսել ասելիքս: Ու երևի չգիտեմ էլ` ոնց սկսեմ: Չգիտեմ ոնց սկսեմ, ինչից սկսեմ, ուր տանեմ, ուր հասնեմ: Բայց մի րոպե: Ես արդեն ինչ-որ բանի հասել եմ: Ինչ-որ լուրջ ու կարևոր բանի: Անիմաստ է ասելս, թե ապրիլի 28-ը ինչ օր էր: Ես էլ գիտեմ, դու էլ, այն երրորդ մեկն էլ: Դրա մասին արդեն շատ է խոսվել: Ոչ էլ ուզում եմ պատմել, թե ես ինչպես եմ հայտնվել այստեղ: Հնարավոր է, որ քո պատմությանը նման է: Ասենք, որ դպրոցից եմ իմացել: Բայց չէ: Էդպես չի եղել: Ինչը նշանակում է, որ հնարավոր չէ: Բայց երևի նրա պատմությանն է նման: Հիմա դրա մասին խոսելու հավես չունեմ ու ամենայն հավանականությամբ դու էլ դրա մասին լսել-կարդալու հավես չունես: Շատ ես լսել:

Դահլիճում նստած մի տեսակ անջատված ծափահարում էի, երբ հանկարծ անունս հնչեց: Չէի սպասում անունս լսելուն: Բայց ստացվեց: Ես երկրորդ շարքում էի նստած ու դահլիճից բեմ տանող ճանապարհը ոչ երկար էր թվում, ոչ կարճ, ոչ տագնապող: Կարճ ասած, չէր էլ թվում: Քայլում էի, որովհետև դահլիճում արդեն շողացող ու հարազատ դեմքեր էին նշմարվում:  Դե ես էլ եմ մրցանակակիր:

Մտքերս չեն հավաքվում իրար գլխի: Դժվար է, երբ օրվա մեջ երկու պարապմունք ես ունեցել ու հոգնած քեզ տուն ես գցել ու դեռ հաջորդ օրն էլ երեքն ունես: Գիշեր է: Քունս տանում է: Փակում եմ նոթատետրս, ուզում եմ փակել Word-ի պատուհանը: Աչքերս փակվում են:
30.04   1:07

Փակվ…

mariam tonoyan

«Իրական կյանքը լավագույնս արտացոլելու համար»

Օրը սկսվեց տարօրինակ տագնապի զգացումով: Առջևում ինձ էր սպասում 17-ի առաջին մրցանակաբաշխությունը, որին ես նույնպես պատիվ ունեի մասնակցելու: Վերջապես հնարավորություն էի ունենալու կրկին հանդիպել 17.am-ի անձնակազմի ու թղթակից ընկերներիս հետ, որոնց այնքա՜ն կարոտել էի: Շտապողականությունս Գավառ-Երևան միկրոավտոբուսում մեծացավ, երբ նստարանիս կողքին տեղավորեցին մեքենայով տեղափոխվող ձկների չորս մեծ պայուսակներ:

Ի վերջո հասանք Կոմիտասի անվան երաժշտական կամերային տուն, որտեղ էլ կայանալու էր մրցանակաբաշխությունը: Դեռ մեկ ժամ կար մինչ կսկսվեր փառատոնը: Անհամբեր շուրջս էի նայում, փնտրում ծանոթ ու հարազատ դեմքեր, այս ու այն կողմ շրջում… Գնալով մարդկանց հոսքը մեծացավ, ու հանդիպեցի ճամբարական ընկերներիս: Ջերմ ողջույնների ու գրկախառնությունների միջից նկատում էի ընկերներիս կարոտած ու հուզմունքից արցունքոտված փայլուն աչքերը: Մեզնից ոմանք հիշում էին ճամբարական խենթությունները, կատակում, ծիծաղում, ոմանք հարցնում միմյանց առօրյայի մասին, որի մի մասնիկն է կազմում 17.am-ի հետ աշխատանքը: Իմ այդ փոքրիկ ընտանիքի մարզերով սփռված մասնիկները կրկին հավաքվել էին ու սպասումով լեցուն որոնում էին «մերոնց», իսկ «անծանոթների» հետ, որոնք արդեն մեզ այնքա՜ն ծանոթ են իրենց մտքերով, լուսանկարների իրենց ոճով, իրենց նկարահանած ֆիլմերի յուրօրինակ բովանդակությամբ, սկսում էին նոր ընկերական կապեր ձևավորել: Ահա և գանգրահեր Անահիտը, ում նյութերն այնքան հաճույքով եմ կարդում, ու Կարինեն, Սոսեն ևս…

Սկսվեց փառատոնը: Բեմին երևացին հաղորդավարները, ովքեր նույնպես թղթակիցներ էին ու այնքան վարժ ու բնական ներկայացրեցին փառատոնի նպատակը, ժյուրիներին, մրցանակակիրներին: Ցուցադրվեցին մեր կատարած միահամուռ աշխատանքների մասին տեսանյութերը, աշխատանքային լուսանկարներ, հատվածներ նկարահանած ֆիլմերից: Որքա՜ն աշխատանք ու ներդրում էր ցայտում այդ տեսանյութից, որքան նվիրվածություն ու ջանքեր…

Հաղորդավարները փառատոնի ավարտին կարդացին ծրագրի արդյունքները ու աչքի ընկած պատանիներին հանձնվեցին տարբեր մրցանակներ:

Անակնկալի եկա, երբ անունների վերջում հնչեց նաև իմ անունը, ու ես՝ Մանանայի շրջանավարտ և աշխատակից Մանե Տոնոյանի անհատական հովանավորությամբ, ում շնորհակալ եմ իմ նյութերը կարևորելու, գնահատելու ու մրցանակի արժանացնելու համար, արժանացա մրցանակի, ստացա դիպլոմ «Իրական կյանքը լավագույնս արտացոլելու համար»: Հուզմունք ու անսպասելի անակնկալի արժանանալու զգացումը պարուրեց ինձ:
Անշուշտ, 17.am-ի նշանակությունն իմ կյանքում ահռելի է, քանի որ այն ինձ հնարավորություն է տվել արտահայտվելու, խոսելու ինձ հուզող տարբեր խնդիրների մասին, կարդալով իմ հասակակիցների նյութերը` նոր գիտելիքներ ու տեղեկատվություն ձեռք բերել, ընկերանալ տարբեր մարզերից երիտասարդների հետ ու համատեղ աշխատել ու այս ոլորտում դրական արդյունքի հասնել:

serine harutyunyan

«Սահմանապահ գյուղի իրականությունը արտացոլելու համար»

«Սահմանապահ գյուղի իրականությունը արտացոլելու համար»

Ասում են՝ ոչնչի հեշտությամբ չեն հասնում, իսկ եթե նույնիսկ հասնում են, դա դեռ այնքան էլ հասնել չի նշանակում:
«Մանանայի» մե՜ծ ու սիրու՜ն ընտանիքի անդամ դառնալը շատ հեշտ է, բայց նույնը չեմ կարող ասել այդ ընտանիքում մնալու, «Մանանայի» հետ քո իսկ ուղին ստեղծելու ու դրանով քայլելու մասին: Իրոք, մի քիչ դժվար է համատեղել դասերի, պարապմունքների ու դպրոցի այլ գործերի հետ, բայց հաճելի է, անչափ հաճելի, իսկ հաճելիի համար միշտ էլ ժամանակ գտնվում է: Հա, չմնալու պատճառը հենց չմնացողներն են: Չեմ հասկանում նրանց ու երևի երբեք էլ չեմ կարողանա հասկանալ:
Ուզում եմ ամեն ինչ հենց սկզբից պատմել: Չէ, մեր դպրոցի տնօրենը իր սիրելի աշակերտներին չկանչեց ու ասաց, որ դետեկտիվ ֆիլմ պիտի նկարենք, ու ոչ էլ ասաց, որ եթե հավես ու ժամանակ ունենանք՝ նայենք: Ուսմասվարը մտավ դասարան և հայտարարեց, որ ինչ-որ մարդիկ են եկել, արագ, առանց աղմուկի բարձրանանք դահլիճ: Շատերը դասից ազատվելու համար գնացին, ոմանք էլ իմ նման ուղղակի հետաքրքրված էին դպրոց եկած մարդկանցով ու նրանց գալու նպատակով:
Ծանոթություն, հետո դողացող մատներով առաջին նամակը 17-ին, պատմություն իմ ու ինձ հուզող հարցերի մասին…
Առաջին նամակը 17-ից՝ Կողբում դասընթացի մասնակցելու հրավեր: Մե՜ծ ջանքեր գործադրելուց հետո ի վերջո ստացա հայրիկիս թույլտվությունը: Դասընթացը 4 օր տևեց, կյանքիս ամենահետաքրքիր օրերից չորսն էին: Ու կապ չուներ, թե ինչքան շատ էինք աշխատում, կապ չուներ, որ ինձ համար դա իսկապես անսովոր էր, չէի հոգնում, դեռ մի բան էլ ուզում էի ավելի երկար մնալ ու աշխատել:
Էլի մի քանի ամիս, ու արդեն մեդիա ճամբարին մասնակցելու հրավեր: Տանը թույլտվություն ստանալն այս անգամ շատ ավելի բարդ էր, քան ես կամ դու կարող էինք երբևէ պատկերացնել: «Տիկին Ռուզան-դպրոցի տնօրեն-մեր տան տնօրեն» բանակցությունները ավարտվեցին ի օգուտ ինձ: Ճամբարի մասին չեմ ուզում պատմել, եթե սկսեմ, շա՜տ երկար եմ գրելու:
Առաջին մրցանակաբաշխությանն ու ֆոտոցուցահանդեսին մասնակցելու պատիվ ևս ունեցա: Ինչքա՜ն լավ էր ամեն ինչ ու ինչքա՜ն ջերմ էր մթնոլորտը: Շատ ավելի լավը, քան սպասում էի, քան կարող էի պատկերացնել…  Թղթակիցները բոլորն էլ այնքան լավն են ու այնքան յուրահատուկ, որ առանձնացնելն ու ինչ-որ մեկին ավելի շատ ու քիչ գովելն իսկապես անչափ դժվար է: Լավագույն 100-ի մեջ անունս լսելը անսպասելի էր, անհատական մրցանակ ստանալը՝ առավել ևս: Անունս լսելուց հետո ինքս ինձ ասում էի. «Կարո՞ղ ա Նարեկը սխալ անուն կարդաց»: Բայց չէ, փաստորեն ես էի լավագույն թղթակիցներից մեկը՝ «Սահմանապահ գյուղի իրականությունն արտացոլելու համար»…

_MG_0433-19Մի օրվա մեջ 7-8 ժամ ճանապարհ գնալու և հոգնածության մասին մոռանում ես, երբ հանդիպում ես «Մանանայի» անդամներին, երբ հիշում ես նրանց հետ անցկացրած ակնթարթները…
Ի՞նչ ասեմ, իրականում այնքան շատ բան կա ասելու, ուղղակի, բառերն այդքան էլ լավ չեն նկարագրում զգացածս…

Չեմ ուզում «Մանանային» ուղղակի շնորհակալություն հայտնել, ու վերջ, ուզում եմ ավելին ասել, քան շնորհակալությունը, երևի այդպիսի բառ, այդպիսի տերմին, այդպիսի չափման միավոր չկա դա նկարագրելու համար… Այ հենց այդ անհայտ տերմինով ու գոյություն չունեցող չափման միավորի չափ շնորհակալությամբ դիմում եմ ձեզ բոլորիդ… Ապրեք, որ կաք, որ մեր կողքին եք ձեր անսահման հոգատարությամբ, ձեր այդչափ սիրալիր վերաբերմունքով ու մեր կյանքը լցնող վառ գույներով… Սիրում եմ բոլորիդ, շա՜տ-շա՜տ…

vahe stepanyan

«Լավագույն ակնարկագիր»

Մի աչքս բացեցի: Ձեռքս տարա մահճակալիս կողքին դրված դարակի գլխին՝ հեռախոսս շոշափելու հույսով: Մի բան վերցրեցի դարակի վրայից ու բերեցի դեմքիս մոտ: Ժամացույցներիցս մեկն էր: Ժամն էլ 1անց կես էր: Ո՞նց մեկ անց: Հը՞: Ես պիտի 11-ին «Մանանայում» լինեի: Պանիկայի մեջ թռա նստեցի: Մի անգամ էլ նայեցի ժամին: Ֆուհ: Թարս էի բռնել: Ժամը յոթն է: Վրայիցս հանում եմ շալվարիս մի փողքը, որը հագել էի միլիվայրկյանների ընթացքում ու նորից հետ ընկնում մահճակալիս: Հետո, ինչպես միշտ, համարյա ուշանում եմ: Մի բաժակ սուրճը քաշում եմ գլուխս, նստում վերելակը, իջնում: Հետո նստում ու վերադառնում ականջակալներիս հետևից: Վազելով հասնում եմ մետրո: Բոլորին հրմշտելով իջնում եմ շարժասանդուղքներով՝ դե, «յանիմ, վռազ եմ», հետո այդ նույն մարդիկ գալիս են ու իրար հետ նստում ենք նույն վագոնը: Իջնում եմ հրապարակ, վերցնում Նարեկին ու դեպի «Մանանա»: Չգիտեմ՝ օգնում էինք, թե խանգարում: Է, այսինքն, ո՞նց չգիտեմ: «Մանանայից» հանեցին, ասացին՝ զբոսնելով գնացեք Կամերային տուն: Դե իրոք, արդեն խանգարում էինք: Դե, ես երեկ այդպես էլ ոչ մի պահի իսկապես չէի հասկանում, թե ինչ կարևոր բանի եմ մասնակից: Հայաստանի պատանի թղթակիցների առաջին մրցանակաբաշխություն: Ոնց նկատեցիք, ես չեմ կարողանում նորմալ խոսել ինչ-որ բանի մասին՝ ներկայացնելով այդ բանի գաղափարը: Դրա համար էլ ես ոնց սկսեցի պատմել՝ ուղղակի ներկայացնելով իմ օրը ժամանակագրական հաջորդականությամբ դասավորված, էդպես էլ կշարունակեմ: Դե «Մանանա» կենտրոնի ու Կամերային տան ճանապարհին ես տեսա այն վաղուց սպասված դեմքերից մի քանիսին, ունեցա նոր անսպասելի ընկերներ ու շատ գոհ եմ դրա համար:

Կամերային տան դիմաց հին ընկերներս էին հավաքվել: Ու ամենակարևորը: Ծյոմը: Շատ էի, է, կարոտել: Ծյոմը մեր թղթակից Արտյոմ Սաֆարյանն է ու իմ լավ ընկերը: Մի օրով «փախել էր» հոսպիտալից ու եկել մեզ տեսնելու: Ու էսպես մի կերպ ժամանակը սպանեցինք, մինչև եկավ բաղձալի «սկսում ենք»-ի պահը: Ինչ-ինչ, բայց հաղորդավարները շատ ճիշտ էին ընտրված. շլացուցիչ, տիեզերական գեղեցկությամբ օժտված, սլացիկ ու վայելչակազմ Նարեկը ու Սիրանը: Հա, լավ, ես ուղղակի Սիրանին չեմ ճանաչում: Ինչևէ շատ լավ վարեցին: Ժյուրին էլ «Մանանայի» ընկերներից էր կազմված: Ես շատ գոհ մնացի նրանց որոշումներից: Չէ , չէ: Դրա համար չէ, որ ես արժանացա դիպլոմի (ու մեկ էլ նոթբուքի)՝ լավագույն ակնարկների համար: Ուղղակի իմ 17-ի ամենասիրելի համարյա բոլոր թղթակիցները ստացան այն մրցանակները, որոնց արժանի էին: Չեմ ասի՝ ովքեր:

Հետո եկավ ինձ համար այդ օրվա ամենահիշարժան պահը: Ծյոմը երկու խոսք ուներ ասելու: Անկեղծ, շատ հուզվեցի: Թող նրա մնացած ասածները մնան այնտեղ, որովհետև ես դա խիստ անձնական եմ համարում: Բայց էս մի կտորը պիտի ասեմ:
Ասաց. «Որ էնտեղ՝ դիրքերում կանգնած եմ լինում ու մտածում եմ, թե ում համար եմ էստեղ կանգնած, ես իմ ընտանիքից ու հարազատներից զատ, նաև ձեր մասին եմ մտածում»: Էհ: Էլ ի՞նչ ասեմ էսքանից հետո: Ու էսպես էլ անցավ երևի կյանքիս ամենալավ օրերից մեկը: Ի՞նչ ասեմ: Շնորհակալ եմ բոլորիցդ: Ամեն կարդացողից: Ձեզ շատ սիրող ՝ Վահե:

Հ.Գ. Իմ այս հաղթանակի համար վերջին երկու տարվա ընթացքում առաջին անգամ մայրս ասաց՝ ապրես:

sona zaqaryan

«Գյուղական պատմությունների համար»

«Գյուղական պատմությունների համար»

17.am-ը մտավ իմ կյանք, ինչպես մի գունավոր ու պայծառ լույս։ Կյանքս փոխվեց, ու ես սկսեցի մեծ հետաքրքրություն գտնել այն ամենի մեջ, ինչը որ ինձ երբեք չէր հետաքրքրել։ Երբեմն մեր շրջապատում ինչ-որ բաներ տեսնելով կարևորություն չենք տալիս դրանց, մտածելով, որ դրանք չնչին բաներ են։ 17-ի շնորհիվ ես հասկացա, որ այդ չնչին բաները կարող են ամենահետաքրքիր նյութի թեմա դառնալ, որ դրանց մեջ գեղեցիկը տեսնելով կարող եմ շունչ հաղորդել դրանց և արդյունքում ստանալ մի հրաշալի ու հետաքրքիր նյութ։

Եվ ահա սկսվեց իմ գունավոր ստեղծագործական կյանքը։ Երկու տարվա թղթակցությունից հետո, եկավ բոլորիս տքնաջան աշխատանքը գնահատելու օրը։ Տեղի ունեցավ Հայաստանի պատանի թղթակիցների ցանցի առաջին մրցանակաբաշխությունը։ Շատ ոգևորված էի, որ պետք է մասնակցեմ, շա՜տ էի կարոտել մեր «Մանանայի» մեծ ընտանիքին։ Այդքան թղթակիցների միաժամանակ տեսնելը այնքա՜ն հաճելի էր։ Միշտ մտածել եմ, որ եթե մարդ տքնաջան աշխատում է ինչ-որ բանի հասնելու համար, այդ աշխատանքը միշտ գնահատվում է։

Երեկ իմ աշխատանքի արդյունքը գնահատվեց։ Ստացա դիպլոմ և մրցանակ «Գյուղական պատմությունների համար»: Աննկարագրելի ուրախ էի։ Մրցանակը ստանալուց հետո մեծ երախտագիտություն ու պատասխանատվություն եմ զգում։ Այնքան պահեր են եղել, երբ չեմ կարողացել նյութ գրել, «մուսա» չեմ ունեցել։ Բայց երբ ինձ քաջալերել են, որ նյութ գրեմ, «մուսաս» միանգամից եկել է։ Այսօր առավոտյան էլ կարծես 17-ի աշխատակազմի ձայնն էր ակաջներիս մեջ, և ես արթնացա ու հիշեցի, որ պետք է անպայման նյութ գրեմ։

Լրագրությունը կյանքիս ամենակարևոր ու անբաժան մասն է դարձել, ու այսօրվանից ինձ ավելի պատասխանատու եմ զգում և շարունակելու եմ ստեղծագործել, չնայած որ այս տարի օտար երկրում եմ սովորելու։

Չեմ կարող իմ մեծ շնորհակալությունը չհայտնել ձեզ։ Շնորհակալ եմ, որ ջերմացնում ու գունավորում եք այդքան պատանիների ու երիտասարդների կյանքը։

Seroj araqelyan

«Սահմանապահ գյուղի իրականությունը արտացոլելու համար»

«Սահմանապահ գյուղի իրականությունը արտացոլելու համար»

Դեռ Դիլիջանում էինք, երբ իմացա մեր փառատոնի մասին: Այո, հենց իմացա, մի տեսակ ավելի տրամադրվեցի, որ պետք է նյութ գրեմ, դե հա, եթե երկու օրը մեկ էի ուղարկում, հիմա պետք է ամեն օր, կամ ինչու չէ, նաև օրը մի քանի անգամ: Դե էդպես էի պլանավորել, բայց դե գիտեք՝ դպրոց, տուն, պարապմունքներ ու չստացվեց: Էլի իմ նույն ձևով էի. երկու օրը մեկ, բացառությամբ շաբաթ, կիրակին, երբ որոշ չափով ազատ էի ու ժամանակ կար ավելի շատ գրելու: Ամեն անգամ նյութ ուղարկելով նայում էի ամիս ամսաթվին, նայում էի ու ասում. «Մնաց այսքան օր»: Ու շատ ժամանակ ասում, բա որ չկանչե՞ն: Արդեն ավելի մեծ թափով էինք աշխատում: Աշխատում-աշխատում էինք, ու օրերը հաշվում մրցանակաբաշխության: Գնացել էի պարապմունքի, այդ օրը գնալու էինք անտառ՝ նկարելու (ճեպանկարների): Նոր էի տեղավորվել, հանեցի մատիտներս, թուղթս ամրացրեցի ու ուզում էի նստել նկարելու: Անտառում էի միայնակ, ես ու մտքերս, ու մեկ էլ տեսնեմ՝ զանգ հեռախոսիս: Դեռ չհանած ասացի՝
-Օֆ՜, ժամանակ գտա՞ն զանգելու:
Գրպանիցս հանեցի հեռախոսս ու տեսնեմ անծանոթ համար, չկա անունը, լուրջ ձայնով պատասխանեցի.
-Սերյոժա ջան, բարև, Լուսինեն ա «Մանանայից», ո՞նց ես:
Արդեն հասկացա, թե ինչի համար էր զանգել, բայց երբ համոզվեցի, նկարելուս ցանկությունը կորավ, և ուզում էի միայն ժամանակը առաջ տայի: Ճիշտ է, չորս օր էր մնացել, բայց ինձ չորս տարի էր թվում: Ասում էի՝ ինչ լավ է, որ կանչեցին, երկարատև սպասումից հետո կհանդիպեմ ընկերներիս, դա արդեն ինձ համար փառատոն է: Բայց արի ու տես, միայն ընկերները չուրախացրեցին: Հիմա կպատմեմ: Կիսատ-պռատ, երբ կարոտս առա ընկերներիցս ու աստիճաններին նստած զրուցում էինք՝ լսեցինք բարձրախոսի ձայնը: Արագ գնացինք և տեղավորվեցինք: Անցել էր երևի տասը րոպե, և ժյուրիի անդամներից մեկը բարձրացել էր բեմ և ասաց.

-Ո՞վ է «Վառարան, մասուր, դասեր» նկարի հեղինակը:

Տեղումս նստած, զարմանքիցս ցածր ասացի՝ ես, բայց դա քիչ էր, պիտի բեմ գնայի: Գնացի, և աննկարագրելի հաճելի է, երբ նկարդ գովաբանում է լուսանկարիչը՝ Վարո Ռաֆայելյանը, ու այն էլ մի նկար, որը հեռախոսով էի նկարել: Դե, ես ուրիշ նկարելու սարք չունեմ էլ: Մի տեսակ հպարտացա, որ այդ նկարս գնահատվեց:

Ծափահարություններից հետո գնացի նստեցի, անցավ երկու րոպե և մոտեցավ Լիլիթը:

-Սերոժ, արի հարցազրույց տուր, սպասում ենք:

Կարծեմ «Շողակաթից» էին: Եթե առաջ հուզմունքից կլռեի, ապա հիմա կարողացա կիսվել տպավորություններովս: Հարցազրույցը վերջացնելուց հետո եկա նստեցի Քրիստինեի կողքին, ուզում էինք մեր ճամբարային օրերը հիշել, երբ Էլի զրույցը կիսատ կանչեցին բեմ: Մեզ՝ ինձ, Դավիթ Ալեքսանյանին և Սերինե Հարությունյանին մրցանակները նվիրել էին Մոնրեալի «Առագաստ» խմբի երիտասարդները: Ինձ թվում էր՝ կլինի մի հուշանվեր կամ 17.am-ի նոթատետր: Մրցանակը տուփ էր: Պլանշե՞տ, չեմ հավատում, բացեցի տեսա, իսկապես պլանշետ է, ուրախացա: Բայց մի րոպե, իսկ նարնջագույն տո՞ւփը: Մի քանի րոպե նայելուց հետո տեսա ֆոտոխցիկի նկարը: Չեմ հավատում, էս ի՞նչ ա կատարվում: Դեռ տպավորությունների տակ էի, ու էլի հարցազրույց: Այս անգամ միայն գիրքը և ընկերներին տեսնելը չէր, գումարած թանկարժեք մրցանակները: Այդ անգամ մի քանի անգամ ավելի խոսեցի, որովհետև տպավորությունները նույնպես մի քանի անգամ շատ էին:

_MG_0433-19Արդեն ավարտին էր մոտենում մրցանակաբաշխությունը, երեխաները կամաց-կամաց դուրս էին գալիս, էլ չենք տեսնելու, ափսոս: Բայց եկեք մի անգամ էլ նայենք ֆոտոցուցահանդեսի նկարները ու գնանք: Հա, մոռացա նշել նաև ֆոտոցուցահանդեսի մասին, որտեղ կար նաև իմ ֆոտոն, ու դա նույնպես համարում եմ մրցանակ: Դե լավ, եկեք մի հատ էլ նկարվենք ու գնանք: Ճանապարհ ընկանք, փողոցում զրուցում էին անցած օրերի լավ հիշողություններից, ժպտում ենք, բայց ժպիտի տակ կա մի փոքր տխրություն, մեքենաներին ենք մոտենում, պիտի նստենք, բայց եթե չլիներ փառատոնը, ապա անգամ այս կարճ ժամանակով չէինք տեսնի իրար:

Ցտեսություն մաղթելուց հետո բաժանվեցինք: Վայ, բայց մի րոպե, իսկ դիմանկարնե՞րը: Մոռացա ասել, որ սիրում եմ անակնկալներ անել մարդկանց, երբ գիտես, որ նվիրելուց հետո ժպտում են ու գնահատում: Կարևոր չէ, թե քանի գիշեր չեմ քնել, կարևորը, երբ գիտես՝ գործդ հիշելու են ու գնահատելու, այդ թվում նաև փառատոնը, որ իր մեջ ներառում էր թե մրցանակները, թե այն հաճելի պահերը, որոնք մենք ապրեցինք, և այդ պահերը նույնպես գնահատում ենք, ու համոզված եմ, որ այդ օրը՝ ապրիլի 28-ը, երբեք չի մոռացվի, երբեք:

Բոլոր թղթակիցների և իմ անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել «Մանանա» կենտրոնի աշխատակազմին և Եվրամիությանը՝ աջակցելու համար: Իսկ ես, Սերինեն և Դավիթը մեր առանձնահատուկ շնորհակալությունն ենք ուզում հայտնել կանադահայ երիտասարդների ԱՌԱԳԱՍՏ միությանը, որոնց աջակցությամբ մենք մրցանակներ ստացանք:

Շնորհակալությունը միայն ասելով շա՜տ քիչ է, քանի որ այդ օրը դժվար թե մոռացվի:

seroja baboyan

«Լավագույն թիմային աշխատանք»

«Լավագույն թիմային աշխատանք»

Ես էլ նույն ձևով եմ սկսել: Մեկուկես տարի առաջ դպրոցի տնօրենն ասաց, թե ժուռնալիստներ են գալիս հարցազրույց վերցնելու: Վահեն երկար ժամանակ թղթակցում էր 17-ին ու ոչ մի անգամ չէր ասել. «Երեխեք, սենց բան կա, կարաք դուք էլ մասնակցեք»: Ինչևէ, հիմա արդեն «Մանանայի» սան եմ: Ես ու Նարեկը այնքան աչքի չենք ընկնում նյութեր գրելով, ավելի շատ մենք անում ենք ֆոտոներ ու նկարում ֆիլմեր: Երևի ծիծաղելի կհնչի, բայց մեր առաջին լուրջ վավերագրական ֆիլմը մենք նկարել ենք հեռախոսներով: Հա, հա, հենց հեռախոսներով: Իմ կարծիքով, դա շատ հաջողված ֆիլմ էր: «Մանանայի» շնորհիվ էլ սկսվեց մեր երազանքների իրականացումը: Ես երկար երազելուց հետո ունեցա պրոֆեսիոնալ ֆոտոխցիկ, որով կկարողանայի ավելի լավացնել ֆիլմի որակը, իսկ հիմա արդեն «Մանանայի» ջանքերով ես ու Նարեկը, հա, ավելացնեմ, մեզ միշտ ասում են եղբայրներ ենք, բայց չէ, ընկերներ ենք: Ես ու Նարեկը որպես լավագույն թիմ ստացանք  GoPro տեսախցիկ, էքստրեմալ վիդեոներ են սպասվում: Սրանից հետո մենք արդեն պարտավորված ենք անել ամեն ինչ մեր պատանի թղթակիցների ցանցի համար: Հա, մոռացա ավելացնեմ, որ կարող է շատերիդ համար երկրորդ տունը դպրոցը լինի, բայց ինձ համար իմ երկրորդ տունը «Մանանայի» գրասենյակն է, որտեղ բոլորն ինձ հարազատ են: Եվ այսպես, լավագույն թի՞մ: Ուրեմն սպասեք լավագույն թիմից լավագույն ֆիլմերը: Նարեկի հետ՝ ի գործ: