«Ես ապրում եմ»

«Խաղաղ երեկո»-ից «Մեր Բոհեմը», «Մարտիկի երգ»-ից «Կյանք ու կռիվ». բոլոր զինվորական և երբեմն էլ ոչ զինվորական երգերը հնչեցին ապրիլի 17-ին՝ «Ես ապրում եմ» խորագիրը կրող միջոցառմանը՝ մի շարք ծանոթ և անծանոթ մարդկանց կողմից, որոնց նպատակը մեկն էր՝ ապրեցնել Վազգենին:

Վազգեն Գալստյանը Արցախյան վերջին պատերազմի հերոսներից է: Անմահացել է հոկտեմբերի 2-ին՝ Ջրականում: Նա այդ օրը կդառնար19 տարեկան:
Հիշատակը վառ պահելու համար Վազգենի ծննդյան օրը իր ընկերները, մասնավորապես սիրած աղջիկը՝ Գրետա Սարգսյանը, կազմակերպել էին փոքրիկ միջոցառում՝ Երևանի կենտրոնում, որտեղ հնչում էր երաժշտություն: Երիտասարդները նվագում էին տարբեր երաժշտական գործիքներ, երգում էին ու այս կերպ նշում Վազգենի 19 ամյակը:

«Վազգենի հետ կապված որևէ բան պլանավորելիս ես ու իր ծնողները մտածում ենք այն մասին, որ ամենը Վազգենին վայել լինի, ու սա էլ բացառություն չէր: Նպատակը այն էր, որ քաղաքի կենտրոնում երաժշտություն հնչեր ու իր շուրջը հավաքեր ծանոթ-անծանոթ մարդկանց, ու այդպես էլ ստացվեց: Կարելի է ասել, որ Վազգենի ծնունդը քաղաքի կենտրոնում նշեցինք՝ ծանոթ-անծանոթների հետ: Ովքեր չէին ճանաչում, մոտեցան, տեսան, ծանոթացան, ու այսպես վառ պահեցինք նրա հիշատակը»,- նշեց Գրետան:

Գրետայի խոսքով՝ երիտասարդները, ովքեր երգում կամ նվագում էին, շատ մեծ պատասխանատվությամբ էին միջոցառմանը մոտեցել:
«Շնորհակալ եմ երիտասարդներին: Իսկապես շատ հուզիչ ու ազդեցիկ էր: Բանն այն է, որ երկու օր առաջ էլ իմ ծննդյան օրն էր: Միշտ սկզբում ինքն էր գալիս, համբուրում ու շնորհավորում ինձ, հետո իր ծննդյան օրը ես էի նույնն անում: Մի տեղ գնում էինք, նստում կամ մտերիմների, ընկերների հետ որոշում էինք տանը նշել: Երկու տարի առաջ, երբ Վազգենը ընդունվեց «Էօրնեկեան» հանրակրթական դպրոց, ամբողջ դասարանին հրավիրեցինք բացօթյա ռեստորան ու նշեցինք տարեդարձը: Շատ երջանիկ էր, շատ, աչքերը փայլում էին: Ցավոք սրտի, դա վերջին ծնունդն էր, որ նշեցինք»,-ասաց Վազգենի հայրը՝ Յուրի Գալստյանը:
Վազգենի մայրը շնորհակալություն հայտնեց բոլորին, ասելով, որ ամեն բան չէ, որ պետք է տխուր անցնի:

«Անցած տարի իմ ծննդյան օրվա գիշերը մի նամակ եկավ, տեսա իրենից է. կողքի սենյակից էր ուղարկել: Սլայդ շոու էր պատրաստել իր նորածին տարիքի լուսանկարներից մինչև իր մեծ տարիքը: Շատ հուզվեցի: Իր կողմից նրա վերջին նվերն էր ինձ»:
Գրետան մոտ մեկ ամիս առաջ՝ մարտի 4-ին, հրապարակեց իր գիրքը՝ «Բարևն էր մեղավոր» վերնագրով: Գրքում եղածը իրական պատմություն է անկեղծ սիրո մասին, որն ընդհատվում է Արցախյան երկրորդ պատերազմի պատճառով: Գրքի ամբողջ հասույթը տրամադրվելու է «Վազգեն Գալստյան» գիտակրթամշակութային հիմնադրամին:

«Ես հիմնադրամ եմ բացել ու հուսով եմ, որ հիմնադրամը իր նպատակին կծառայի ու կգործի: Նպատակը բարեգործությունն է, որպեսզի գիտությունը, մշակույթը զարգանա, ինչպես նաև որդուս անունը վառ պահվի»,-ասաց Վազգենի հայրը:

Գիտե՞ս` ինչ է կորստի ցավը

Պատերազմից արդեն անցել է համարյա 7 ամիս, ու շատերը հավանաբար մոռացել են, որ պատերազմ է եղել, որ 18-20 տարեկան տղերք են անմահացել։ Նրանք, ինչպես մինչ պատերազմը, այնպես էլ հիմա, մեքենաների երաժշտության ձայնը բարձրացրած անցնում են Երևանի փողոցներով` չմտածելով սգացող մայրերի, քույրերի հոգեվիճակի մասին։

Գիտեք, արդեն 6 ամիս է անցել, ինչ եղբայրս մեզ հետ չէ։ Բայց ես չեմ համակերպվում այդ մտքի հետ, չեմ ուզում հավատալ, որ նա էլ չկա, չի գալու, չի ժպտալու ու չի խոսելու ինձ հետ։ Մինչև հիմա ես ինքս ինձ չեմ կարողանում խոստովանել, որ Սևակս էլ մեզ հետ չէ, որ թողել է մեզ և բռնել է հավերժի ճամփան։

Գիտեք, ինչքան դժվար է, որ դու չես կարողանում համակերպվել այդ մտքին, որ արդեն 6 ամիս է անցել, ու դու չես գնացել եղբորդ գերեզմանին, խունկ չես վառել ու ծաղիկներ չես խոնհարել։ Ինչքան դժվար է, երբ լսում եմ էդ անիծյալ «պատերազմ» բառը ու ինքնաբերաբար ամբողջ ներսս տակնուվրա է լինում, երբ լսում եմ Սևակ անունը, աչքերիցս արցունքները  գնում են։

Երբ դու քո մեջ ուժ չես գնում գնալ, դու ինքդ քեզ չես կարողանում խոստովանել, որ ինքը էլ չկա, որ դու ինքդ քեզ համոզում ես, որ կզանգի, կասի, թե ողջ է էսքան ամիս անց, կգա կասի, որ  փախել էր, թաքնվել էր, ապաստարան էր գտել իր համար, որ կազդուրվել է, ամեն ինչ հիշել է, տուն է վերադարձել։ Բայց չկա, չէ, ինքը չկա։ Արդեն ժամանակն է ինքս ինձ խոստովանելու։ Գիտեք, ինչքան դժվար է ցավը սրտում պահել և ինքդ քո մեջ տառապել, չկիսվել ոչ մեկի հետ, չասել ոչ մեկին ոչինչ, թե ինչ ես զգում, ինչ է կատարվում հոգումդ, որ չկարողանաս գոռալ ցավից, չկարողանաս լացել,  չկարողանաս հավատալ իրականությանը։ Հավատով սպասես, որ եղբայրդ կզանգի քեզ ու կասի, որ ինքը չի մահացել, բայց ամեն անգամ նայելով հեռախոսիդ, սիրտդ փշուր-փշուր է լինում, հոգիդ մղկտում է ցավից։

Սևակ… Դու գնացիր ու քեզ հետ տարար մեր դեմքի ժպիտը, տարար մեր ուրախությունը, մեզ դարձրեցիր սառնասիրտ, դարձրեցիր քար, անզգացմունք ու կյանքից հիասթափված։ Գիտե՞ս, Սև, երբ կուրսընկերս պատմեց, թե ոնց է փրկվել այդ պահին, երանի է տալիս, որ դու էլ փրկվեիր, դու ֆիզիկական ցավից գոռայիր ու չթողեիր, որ մեր հոգիները ցավից գոռային։ Թող ոտք, թև չունենայիր, Սև, բայց մեզ հետ լինեիր։ Մենակ թե իմանաս, թե ինչքան եմ քեզ կարոտել, թե ինչպես է կարոտը խեղդում կոկորդս, իսկ սիրտս ցավից կուչ է եկել։

Իմ հավերժ հերոս, դու միշտ ինձ հետ կլինես, իմ Սևակ։

Ուխտագնացություն դեպի Սուրբ Սարգիս

Սուրբ Սարգիս վանքը Հայաստանի խոշոր վանքային համալիրներից է, գտնվում է Արագածոտն մարզի Ուշի գյուղում: Այն գրանցված է Ուշիի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում: 1827 թվականին եկեղեցին երկրաշարժից ավերվել է: Այսօր վանքին կից փոքրիկ բազիլիկ եկեղեցին է միայն կանգուն:

Ամեն տարի, սուրբ Հարության տոնին հաջորդող օրը, տարբեր բնակավայրերից և հատկապես Ուշիին մոտ գտնվող բնակավայրերից, մարդիկ, ճանապարհի մեծ մասը քայլելով, բարձրանում են դեպի եկեղեցի։ Չնայած որ բլուրի վրա է գտնվում եկեղեցին, և ճանապարհը այդքան էլ հարթ չէ, դա մարդկանց չի խանգարում, որ բարձրանան ուխտատեղի:

Եկեղեցին հիմնադրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի կողմից, ով Սուրբ Սարգսի աճյունը բերել է սկզբում հարակից գյուղ` Կարբի, այնուհետեւ Ուշի և սրբի մասունքների վրա հիմնել եկեղեցի:

1999-ից արքեպիսկոպոս, բանասիրության և փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր Շահե Աճեմյանի նախաձեռնությամբ սկսվել են վանական համալիրի պեղումները, որի արդյունքում հայտնաբերվել են կարևոր մշակութային, հնագիտական նյութեր:

Վաղ առավոտից սկսվում է երթը դեպի ուխտատեղի: Մինչ եկեղեցի բարձրանալը, ճանապարհին մարդիկ բացում են իրենց տաղավարները և տարբեր իրեր են վաճառում՝ մոմ, զարդեր, սրբապատկերներ, քաղցրավենիք և այլն:

Մարդկանց հոսքը մինչև երեկո չի դադարում: Կարելի է տեսնել ինչպես փոքր տարիքի երեխաների, այնպես էլ տարեցների, որոնք կարող են ունենալ հենաշարժողական խնդիրներ, բայց անցնում են ուխտի ճանապարհը:

Svetlana Davtyan new

Նամակ հրաժեշտից առաջ

Շատ տարիներ հետո, երբ փողոցում լքված ու միայնակ կանգնած կլինես, մի անծանոթ քեզ ծրարով մաշված նամակ կփոխանցի: Չտանջվե՛ս զուր, ծրարը շուռ ու մուռ չտաս, միևնույն է, ո՛չ հասցե ես գտնելու, ո՛չ էլ անուն կամ պիտակ: Երբ չգտնես ոչինչ, նույն վայրկյանին կհասկանաս, որ ես եմ քեզ տարիներ առաջ նամակ գրել ու ծրարել, խնամքով թաքցրել բոլորի աչքից հեռու, մի փականով պահարանում դրած, վստահ իմանալով՝ մի օր քեզ կհասնի:

Կնայես շուրջբոլորդ, հասկանալով, որ ոչ ոք չտեսավ, կանհետանաս փողոցից: Կսլանաս տուն, արագ բարձրանալով ձեր տան աստիճանները, կգնաս սենյակ, ներսից դուռը կկողպես, որպեսզի ոչ ոք չխանգարի ընթերցելուդ: Հենց այդ պահին խլացնող զանգ կհնչի, մի պահ կքարանաս, հետո սթափվելով կպատասխանես անհասցե զանգին, բայց ոչ ոք չի խոսի, միայն կհամոզվեմ, որ նամակը ձեռքումդ է:

Լսափողը կկախես ու կվերադառնաս սեղանի մոտ, նամակը ձեռքդ կառնես, ու հենց այդ պահին ամեն ինչ երկրի երեսից ջնջող անձրև կսկսվի: Չես հասկանա, թե ինչ է կատարվում, ինչո՞ւ է ամեն ինչ սկսել շուրջդ իրար խառնվել: Անձրևի ձայնից կխլանաս, հասկանալով ու զգալով, թե ինչպես եմ ես տարիներ առաջ խլացել, ու քո ներսն էլ տակնուվրա կլինի:

Ու միևնույն է, վախենալով, ամեն դեպքում կբացես նամակը, ու ամեն նախադասության հետ քո ներսում ինչ-որ բան կկոտրվի, սրտխփոցդ կուժեղանա ու մարմինդ կցավի, ասես տարիների հոգնությունը իջավ ուսերիդ: Ու այդ ժամանակ կհասկանաս, թե ինչքան ուժեղ էր իմ սիրտը ցավում, որ անհրաժեշտ պահին այդպես էլ չհասկացար, կներե՛ս, չուզեցիր հասկանալ:

Այո՛, այդ ես եմ եղել: Որ ոչ մի անգամ քեզ չանհանգստացրի ու չիմացար` ինչ է հոգսը:

Ու հիմա էլ, ոչինչ չեմ ասելու, ամեն ինչ կգտնես տողերի արանքում, ու չհարցնես՝ որտե՞ղ սխալվեցի:

Հայոց անմահները. Աբրահամ Բարնջյան

Բարձրահասակ, գեղեցիկ, անչափ խելացի և հայրենասեր, ահա այսպիսին էր մեր հերոսը։ Նա Աբրահամն է, իրական հայրենասերը և նվիրյալը, գիտելիքի հզոր զենքով և գեղեցիկ ժպիտով։ Ուժեղ կամք, հաստատակամություն, մտքի թռիչք… Ահա նրա որակական հատկանիշները:

Աբրահամ Արտաշեսի Բարնջյան, ծնվել է 1993թ մայիսի 12-ին Արագածոտնի մարզի Արտենի գյուղում, սովորել Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցում, դպրոցն ավարտել է գերազանց առաջադիմությամբ:  2010թ-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ։ Ընդունվելուց կես տարի անց զորակոչվել է, ծառայել Ռուսաստանի Դաշնության Արտաշատի սահմանապահ զորամասում։ 2013 թվականից նույն զորամասում ծառայությունը շարունակել է որպես պայմանագրային զինվորական, և  2016 թվականին զորացրվելով,  շարունակել է ուսումը Երևանի պետական համալսարանում՝ ուսումը համատեղելով աշխատանքի հետ։ 2016 թվականի նոյեմբերի 27-ին նա երդում տվեց և ընդունվեց Հայ Յեղափոխական Դաշնակցության Թալինի «Արամ» կոմիտեության շարքերը։ 2019 թ. մարտ ամսից Աբրահամը ընդգրկվում է «ՀՅԴ Կամավորական շարժում» հասարակական կազմակերպությունում, և պատերազմի առաջին օրերին այդ կազմակերպության և իր մարտական ընկերների հետ մեկնում է Արցախ:

Աբրահամի համար «հայրենիք», «հայրենասիրություն» պարզապես հասկացություններ չէին, այլ վեհ գաղափարներ, ինչը կրում էր ամբողջ հոգով և էությամբ: Հայրենասիրության ամենաթանձր գույնը խտացված էր Աբրահամի մարդ-հայրենասերի կերպարում: Պատերազմը սկսվելու հենց առաջին օրը Աբրահամը գիտակցված կամավորագրվել և մեկնել է Արցախ:

Եղբայրը պատմում է.

-Երբ զանգեց, միանգամից ասաց. «Թշնամին հարձակվել է, ես գնում եմ պատերազմ, սկսվել է…»:

Կամավորագրվելուց  և մեկնելուց առաջ Աբրահամը ասել էր. «Ես գնում եմ, բայց դուք չմտածեք, որ չեք գալու, դուք էլ եք մեզ միանալու»:  Սա գիտակցված քայլ էր…

Մարտական թեժ գործողություններ են ընթացել Վարանգաթաղում, Աբրահամը աչքի է ընկել իր արիությամբ, անձնուրաց պայքարով՝ անտեսելով մահը:

Արցախյան 44-օրյա պատերազմի տասներորդ  օրը՝ հոկտեմբերի 6-ին, հերոսի մահով ընկավ կամավորական Աբրահամ Բարնջյանը՝ թշնամու ձեռքն անցած Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը գրոհելիս։ Վարանգաթաղի ճակատամարտում նրա հետ անմահացան տասնյակ հերոս դաշնակցականներ։

Աբրահամ, քո սխրանքն անմահ է, քեզ միշտ ենք հիշելու, դու միշտ կմնաս մեզ համար վառ օրինակ իսկական Հայ զինվորի, կամավորի… Դու անմահացել ես հանուն հայրենիքիդ, գիտակցված կռվել և ընկել ես հանուն ժողովրդիդ ազատության և հայրենիքիդ խաղաղության… Դժվար է բառեր գտնել քո հերոսությունը նկարագրելու համար…

Հավերժ փառք քեզ, Անմահ Հերոս:

Susanna Grigoryan

Հեռուստացույցը լռում է

Արդեն երկու ամիս է, ինչ հեռուստացույցը լռում էր։ Նա եկող-գնացողներին ասում էր, որ փչացել է․ դե ով չգիտի՝ հիմիկվա տեխնիկան էլ առաջվանը չէ, բայց հարևանները իրար մեջ փսփսում էին, որ ծերունին հերթական լուրերի թողարկումից  հետո ինքն է իր ձեռքով փշուր-փշուր արել չարագույժ հեռուստացույցը։

Որդին ամեն անգամ այցելելիս  նոր հեռուստացույցի մասին խոսք էր բացում, մինչև հասկացավ՝ հայրը խոսող մարդուկներին պատերազմի լուրը չի ներել ու ներել չի պատրաստվում։

Աշունը շատ էր երկարել, գարունն էլ գալ չէր ուզում։ Մոխրագույն շենքի պատերը մեկը կարծես շուտվանից ջնջել էր, ձյունն ու անձրևը գալիս նստում էին ծերունու ուսերին։ Օր ու գիշեր իր չորս պատի մեջ  աջ ու ձախ էր անում՝ բոլոր կողմերից ուսումնասիրելով օդում կախված հարցը․ էս ո՞նց էսպես եղավ։ Խունացած պատերը պատասխան չունեին։

Մեկ-մեկ տնից դուրս էր գալիս, ծաղիկներ էր դնում զոհվածների շիրիմներին, ու խնկի բույրից աչքերը լցվում էին։ Հիշում էր արդեն վաղուց անցած էն ժամանակները, երբ դպրոցում աշխարհագրություն էր դասավանդում։ Հայաստանի Հանրապետությունը ծերացող պետություն է․․․

Խանութներում հացը, սուրճը թանկացել են։ Որդու տված գումարը էլ չի հերիքում, բայց ավել խնդրել էլ չի կարող։ Մեծ թոռը նոր է համալսարան ընդունվել, բիզնեսի բաժնում է սովորելու։ Փոքր թոռն էլ ռոբոտաշինությամբ է զբաղվում, անցած անգամ ականջին թաքուն փսփսաց, որ նոր հեռուստացույց է հայտնագործելու, որ միայն լավ լուրեր հայտնի։ Ինքը մտածում է, որ  դժվար էդքան երկար ապրի, ու անկեղծ ասած, ոչ էլ ցանկանում է։ Բայց թոռան միտքը լավն է։ Երիտասարդները առաջ են շարժվում։ Մեղադրել չի կարող, ինքն էլ էդպես կուզեր, ուղղակի 20 տարի առաջ, երբ դպրոցում աշխարհագրություն էր դասավանդում ու ամեն անգամ ջանասիրաբար պնդում, որ Հայաստանի Հանրապետությունը ծերացող պետություն է, այդ նախադասության ծանրությունը սրտին էսպես չէր զգում։

Որդու հետ խոսակցության թեմաները վերջացել են։ Սուրճը միշտ տան եղած ամենափոքր բաժակներով է դնում, բայց էլի չի վերջանում։

-  էհ, պապ ջան, Աստված երբեք չի ուշանում:

Նրան թվում էր, որ Աստված մեկ-մեկ ուղղակի չի գալիս։