Հերոս Հենրիկ Հովհաննիսյանի մասին

Արտենին տվեց իր երրորդ հերոսին։

Հենրիկ Հովհաննիսյանը ծնվել է 1998թ. մարտի 5-ին Արտենի գյուղում։ Ծառայության է անցել 2019թ. հունվարին Հադրութում, եղել է կապավոր։ Անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում։

IMG-e013de4381a5b70e3dc9386b235c4e59-V

Ընկերներից Ավետիսը պատմում է.

֊Նվիրված էր, ընկերասեր, կատակասեր, պարզ ճակատ, այնքան հիշողություններ կան իր հետ կապված։ Պատերազմի օրերին երբ զանգում էր, մենակ ասում էր` լավ ա, մենք լավ ենք, դուք չմտածեք։  Հենրիկի մասին մենակ լավն ենք հիշում, ամեն հարցով օգնում էր բոլորին, կապ չուներ` ով էր:  Ընկերասեր էր շատ, բարի, հոգատար, բոլորի մասին մտածող, հասնող, ճշմարտախոս էր, ինչ մտածում էր մարդկանց մասին` ասում էր։ Շատ ուրախ եմ ու հպարտ եմ, որ ճանաչել եմ Հենրիկի նման անձնավորությանը: Իր  նման մարդկանց շատ քիչ կարող ենք հանդիպել, ամեն առումով անթերի ա եղել: Հենրիկը ծնողասեր էր շատ, ծնողներին պաշտող, մեծերի հանդեպ այդքան հարգանքով մարդ երբևէ չեմ հանդիպել։

Եղբայրը` Արմենը, պատմում է.

- Չէի սպասում էդպիսի բանի. մենք գիտեինք, որ ինքը գալու է: Չէր լինում մտածել կամ պատկերացնել, որ կարող է ինքը չգա։ Մինչև հիմա չենք հավատում, որ ինքը չկա: Կարծես դեռ սպասենք իրեն։ Իր դեմքից ժպիտը միշտ անպակաս էր, միշտ ժպտում էր, անգամ, երբ ջղայնանում էր, կամ իր վրա էին ջղայնանում, էլի ժպտում էր սիրուն։

Ես չեմ ճանաչում Հենրիկին, սակայն միայն լավն եմ լսել իր մասին, միշտ պատմում էին, թե որքան համեստ և նվիրված է եղել։ Այո, նվիրված բառիս  բուն իմաստով, նա իր կյանքը նվիրեց հայրենիքին և պայքարեց մինչև վերջին շունչը։

Հերոս, դու մեր ապագայի համար ես անմահացել…

Այնքան դժվար է հերոսի մասին գրելը, չես գտնում ճիշտ բառեր հերոսությունը նկարագրելու։

Շնորհակալ եմ Քեզ, Հայ զինվոր, իմ հավիտյան պաշտպան։

marianush eghiazaryan

68 համարի ավտոբուսում

Սովորական մի օր 68 համարի ավտոբուսում կողքիս նստած պապիկը, բարի ձայնով ինձ պատմում էր լուսանկարչական ապարատի բոլոր գաղտնիքները և լավ լուսանկարներ անելու բոլոր նրբությունները (դե, դա պատահական չէր, ես և ընկերուհիս խոսում էինք այդ օրվա մեր լուսանկարներից և նայում դրանք)։

Ի պատասխան հարցիս, թե լուսանկարի՞չ է պապիկը, հնչեց պատասխանը.

-Ես ամեն ինչից գլուխ հանում եմ,- հետո ավելացրեց,- Ամեն ինչից մի քիչ֊մի քիչ, իսկ արդյունքում` կլոր ոչինչ։

Պապիկը հիանալի զրուցակից էր: Հստակ խոսքից հասկանալի էր, որ երկար տարիների կյանքը չի անցկացրել հեռուստացույցի դիմաց, քաղաքականությունից էլ չի խոսում, ինչպես շատ ու շատ այդ տարիքի մարդիկ։

Դե, ես առանձնապես չհասցրի շատ բան իմանալ պապիկի մասին: Միայն կարող եմ ասել, որ այդ օրը ողջ ավտոբուսի ուղևորները ժպիտով շարունակեցին իրենց օրը։

Պապիկը սկսեց հանելուկներ պատմել (հիմա չեմ կարողանում բոլորը հիշել), բայց այս մեկը առաջինն էր.

-Այն ի՞նչն է. փոքր պարկ է, մեջը` այլուր ու գրտնակ։

Չկարողացանք պատասխանել: Դիմացս նստած կինը հնչեցրեց պատասխանը։

Պապիկը սկսեց էլի ու էլի հանելուկներ ասել, արդեն ոչ միայն իմ և ընկերուհուս համար, այլ բոլորի համար։

Տարբեր կողմերից հնչում էին պատասխանները, և բոլորը սպասում էին մյուս հանելուկին։

Դիմացը նստած մի մարդ ձայն տվեց և խնդրեց բարձր պատմել, որ ինքն էլ լսի։

Հանելուկներից հետո հերթը կատակներինն էր։

Առաջվա սառը անտարբեր դեմքերը փոխվել էին: Բոլորը ժպտում էին, կարծես ինչ֊որ  լուրջ բան էր փոխվել։

Ուրախ ավտոբուսը …

Մի կին ասաց, որ արդեն քանի ամիս է ուրախ մարդկանց չէր տեսել։

Պապն էլ իր խնդիրները ուներ: Երևի պատերազմը պապի մեջ էլ էր մի բան փոխել, բայց մի հստակ բան հասկացա կյանքում, որ մարդիկ մարդկության կարիք ունեն: Մեծերը իրենց կարծիքը հայտնելու կարիք ունեն, մեկի հետ իրենց փորձը կիսելու, ապրած տարիների ընթացքում սովորածը մեկին պատմելու, իսկ հասարակությունը  բարության ու դրականի կարիք ունի, մարդկային հասարակ վերաբերմունքի, բարի խոսքի ու կատակի։

68 համարի ավտոբուսի ուղևորները ուրախ էին, ժպտում էին, բոլորը մոռացել էին իրենց խնդիրները, խնդիրը մեկն էր` գտնել հանելուկի պատասխանը։

Ինչքան լավ է, երբ մարդիկ անտարբեր չեն դառնում, երբ ամեն բան չի թաղվել անտարբերության տակ։

Երբ կարող ես ժպտալ ու դրանով փոխել մնացածի օրվա ընթացքը, երբ կարող ես մտահոգ մեկին օգնությունդ առաջարկել, թեկուզ և դրան պատասխանեն արհամարհանքով։

Իրականում լավ վերաբերմունքը ցանկացած մարդու տանում է դեպի լավը։

Պապիկի փոխարեն մի աղջիկ վճարեց։ Պապիկի փոխարեն բոլորն էին ուզում վճարել։

Պապիկին բոլորը շնորհակալ էին։

Մարդիկ շնորհակալ լինելն էլ չէին մոռացել։

Մեր հերոս Ռուբիկ Ալեքսանյանը

Ռուբիկ Ալեքսանյանը  ծնվել է 2002թ ապրիլի 3-ին Արտենի գյուղում, սովորել  Արտենիի հիմնական դպրոցում, դպրոցն ավարտելուց հետո կրթությունը շարունակել է Արմավիրի Եվգենյան քոլեջում: 2020 թվականի հուլիսին զորակոչվել է բանակ, ծառայել է Ջաբրայիլում,  մասնակցել Արցախի համար մղվող մարտերին: Վերջին անգամ ծնողների հետ խոսել է հոկտեմբերի 28-ին, որից հետո երկու ամիս տեղեկություն չի եղել: Հոկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը զոհվել է ԱԹՍ-ի հարվածից:

Նրա մասին բոլոր հիշողությունները բարի են, հաճախում էր ռոբոտաշինության խմբակ: Ռոբոտաշինության խմբակի ընկերներն էլ պատմում են Ռուբիկի մասին:

- Ռուբիկն ասում էր մաթեմատիկայից զրո եմ, բայց ծրագրավորման հանդեպ հետաքրքրված էր, խմբակի ամենալավ ու աշխատասեր մասնակիցն է եղել,-պատմում է խմբակի ղեկավար Հայարփի Այվազյանը,-  Բոլորի հետ ընկերական էր: Մեկը, որ մի բան չգիտեր, հանգիստ ասում էր իրեն, ինքը բացատրում էր: Հենց սկսվում էր խմբակի պարապմունքը, սկսում էր պրինտերի վրա աշխատել մինչև ժամը վերջանար:

Խմբակի մասնակիցներից մեկն էլ ավելացրեց.

- Ռուբիկի հետ խմբակում ենք ընկերացել:  Շատ արագ ընկերացանք: Իր հետ շատ հեշտ էր ընկերանալը: Ընկերների կողմից սիրված էր: Մի անգամ պարապմունքից դուրս եկանք, տուն էինք գնում: Տղաներից մեկն ասաց` շուտ հասնեմ տուն, հաց ուտեմ` սոված եմ: Ռուբիկը կատակով ասաց. «Բոլորդ մտածում եք գնաք տուն, հաց ուտեք, իսկ իմ մտքի մեջ էն ա, որ տուն հասնեմ, մի նոր բան սարքեմ»:

Նորից պամում է ուսուցչուհին.

- Լավ էր տիրապետում Arduino ծրագրին: Դրանով էր հետաքրքրված: Մի օր հետաքրքիր բան էր տեսել, եկավ փորձեց ռոբոտաշինության ժամանակ ու ստացվեց:  Էնքան էինք ուրախացել:

Ընկերը` Ավետիսը, պատմում է.

- Ես ուրախ եմ, որ իրեն ճանաչել եմ: Ինքը իր տեսակով լավ մարդ էր, ընկերասեր, բարի, եթե մի բան որոշում էր աներ, ու չէր ստացվում, էնքան էր խորանում, փորձում, մինչև հասկանար ինչից է…

Արմենը` մտերիմ ընկերը, ասում է.

- Ես հպարտ եմ, որ ճանաչել եմ Ռուբիկին… Ինքը իմ հերոս ընկերն է, ով հանուն բոլորիս ապագայի անմահացավ… Երբեք չէինք պատկերացնի, որ հետո իր ամեն բառը էս առիթով ենք հիշելու:

Եվ այո, հպարտ ենք, որ նման հերոս ունենք: Ես էլ երբեք չէի պատկերացնի, որ մի օր կգրեմ հերոս դարձած Ռուբիկի մասին: Հավերժ փառք քեզ, անմահ ՀԵՐՈՍ` ՌՈւԲԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ: Քո սխրանքն անմահ է, քո անունը` մեր սրտերում: Հազար փառք և խոնարհում պատերազմում ընկած մեր քաջ հայորդի զինվորներին:

Հրաժեշտ

Հրաժեշտները միշտ էլ բացասական ավարտ են ունենում։
Դրանք կամ ոչնչացնում են մարդու ինքնազգացողությունը կամ կործանման տանում, կամ էլ առհասարակ առողջությունն են վնասում։

Բայց հրաժեշտները լինում են երկու տեսակ՝ հավերժ հրաժեշտներ և կրկին հանդիպելու նախապայմանով հրաժեշտներ։ Երկու դեպքում էլ ընթացքը ծանր է, բայց դիմանալ լինում է։

Մենք ու մեր ազգը հավերժ սպասողներ ենք։

Մեր մայրերն ու հայրերը հավիտենական կարոտով սպասում են մոտալուտ հանդիպմանը, որ երկարաշունչ ձմռան է նման։
Ու կան հանդիպումներ, որ նման են կյանքին՝ իմաստ ունեն, բայց միշտ ցավալի են։

Հրաժեշտները ունեն նաև դրական կողմ՝սովորեցնում են ճիշտ սպասել ու ապրել կանոնակարգված, որ ինչ էլ լինի, այդ օրը կգա։ Պարզապես դա հասու է միայն նրանց, ովքեր զգում են պահի կարևորությունը ու լրջությունը։

Հասու է նրանց, ովքեր գիտակցում են կյանքի գինը։
Ինչ էլ լինի, աշխարհի որ ծագում էլ ապրենք, ինչ էլ որ արարենք, ում էլ որ սպասենք, մեկ է, մի օր մենք էլ հավերժ հրաժեշտ կտանք, ոչ միայն բոլորին, այլ նաև աշխարհին։

Հրաժեշտ կտանք, ու կսովորեցնենք սպասելու կարողությունը։
Կսովորեցնենք հավատարիմ լինել, թեկուզ մեր մահվան գնով։
Գուցե աշխարհ ենք եկել, որ պարզապես սովորեցնե՞նք։

Հայրենիքից հեռու, հայրենիքի կարոտով

Մերին մեր դասարան եկավ, երբ Արցախում պատերազմն արդեն սկսվել էր։ Նա Շահումյանի շրջանի Նոր Գետաշեն գյուղից է։ Սեպտեմբերի վերջին սկսված պատերազմը Մերիի ընտանիքին էլ էր ստիպել թողնել գյուղն ու տեղափոխվել Հայաստան։ Արդեն մի քանի ամիս նրանք ապրում են Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղում։ Լռակյաց, համեստ, ինքնամփոփ աղջիկ է Մերին, բայց կարճ ժամանակ անց դարձավ մեզ շատ հարազատ մարդ։ Շուտով տեղեկացա, որ դասընկերուհիս լինելուց բացի նա նաև հարևանուհիս է։

Ընտանիքում հինգ երեխա են՝ չորս աղջիկ և մեկ տղա։ Մերին ինձ ծանոթացրեց իր մյուս քույրիկի՝ Անիի հետ։ Անին 18 տարեկան է ու Մերիից շատ տարբեր։ Անին ավելի աշխույժ է, կյանքով լի։ Երբեմն երեքով հանդիպում էինք և զրուցում։ Քույրերի համար դժվար է խոսել կորցրած գյուղի մասին: Երբ հարցրի, Անին տխուր ժպտաց, Մերին՝ հուզվեց։

Հայրենական գյուղը Նոր Գետաշենն է։ Այն հիմնադրել էին  հին գետաշենցիները։ Գետաշենը Արցախի Շահումյանի շրջանի ամենահայտնի գյուղերից է։ Այն Ադրբեջանի տիրապետության տակ մնաց Արցախյան առաջին պատերազմից հետո։ Իսկ գյուղի բնակիչները Քարվաճառում (Շահումյանի շրջան) հիմնեցին Նոր Գետաշենը։ Ինչու՞ հենց այդտեղ, որովհետև  այդ տարածքը նման էր Գետաշենին։ Փոքր էր գյուղը, բայց պարուրված էր հրաշալի  բնությամբ, նրա կենտրոնով հոսում էր Թարթառ գետը։ Անին հիշում է. «Անասելի գեղեցկություն ուներ Նոր Գետաշենը։ Դեպի իրեն էր ձգում ամեն անցորդի»։ Բնակիչները նույնպես քիչ էին։ Նրանց հիմնական զբաղմունքը հողագործությունն էր, քանի որ հողն անչափ բերրի էր։ Պատմում են, որ գյուղում ապրում էին սիրո և ջերմության մթնոլորտում, չնայած ամենասկզբում, երբ բնակիչները նոր էին հաստատվել այնտեղ, չկար նույնիսկ էլեկտրականություն։ Ընտանիքի անդամները հիշում էին, թե ինչպես էր ամբողջ գյուղը հավաքվում մի տեղում և նշում ցանկացած տոն։ «Գյուղի երեխաների մեջ գերակշռում էին աղջիկները։ Բոլորս` աղջիկ թե տղա, ցանկացած ժամի հավաքվում էինք գետում լողալու կամ ձմռանը ձյուների հետ խաղալու համար»,- ասում էր Անին։

Վերջին տարիներին գյուղի վիճակը բարելավվել էր։ Չնայած բոլոր դժվարություններին՝ սիրում էին գյուղը և չէին ցանկանում լքել, բայց պատերազմն այլ ելք չթողեց։ Պատերազմի առաջին օրերին գյուղում տագնապը մեծ չէր,   սակայն վտանգավոր ու ինտենսիվ պայքարը նրանց ստիպեց տեղափոխվել Հայաստան։ Ընտանիքը վստահ էր, որ մի քանի օր անց վերադառնալու է։ Վերցրել էին միայն առաջին անհրաժեշտության պարագաներ։ Պատերազմից հետո, սակայն, Նոր Գետաշենը ևս հանձնվեց Ադրբեջանին։

Մեծ քույրը` Սոնան, իր երեխաների և ամուսնու հետ դեռ ավելի վաղ էր որոշել տեղափոխվել Հայաստան։ Բայց չէր էլ պատկերացնում, որ տեղափոխությունը նման կերպ կլինի, և այսքան ցավ ու դառնություն կպատճառի իրենց։ Նրանց հաջողվել էր տնից որոշ իրեր վերադարձնել։

Վերջին օրերին տարիներ շարունակ կառուցած տունն այրել էին՝ ամբողջ իրերով։ «Սա ավելի նախընտրելի էր, քան մտածելը, թե ինչ որ թշնամի ապրում է քո սեփական տանն ու վայելում ստեղծածդ»,- համոզված է մայրը։

Այս մեծ վիշտը մեծ ընտանիքը կարողացավ որոշ չափով հաղթահարել Հայաստանում ստացած ջերմ ընդունելության շնորհիվ։ Հավանել են մեր գյուղը, և եթե հնարավորություն լինի, կցանկանան հենց այստեղ էլ հաստատվել։  Արցախ վերադառնալու մտադրություն առայժմ չունեն։ «Ապրես Արցախում և չկարողանաս այցելել քո սեփական գյուղը։ Մեզ համար դա սարսափելի է»,-ասում էր մայրը։ Անիի և Մերիի  մայրիկը ուսուցչուհի է, իսկ ամենամեծ քույրիկը`  երեք երեխաների մայր, ասում է, որ միակ ցանկությունն է` իր փոքրիկները ապահով պայմաններում մեծանալու հնարավորություն ունենան։ Հայաստանում նրանք արդեն աշխատում են, որպեսզի հոգան իրենց կարիքները։

Երեխաները տարբեր նպատակներ ու ցանկություններ ունեն։ Մեկն ապագա լրագրող է, մյուսը` խոհարար, իսկ ամենափոքրը` Շողերը, ուզում է ուսուցչուհի դառնալ։ Նրանց ամենամեծ ցանկությունը, սակայն, խաղաղությունն է։ Նրանք հավատով սպասում են այն օրվան, որ կարողանան նորից տեսնել հայրենի բնօրրանը` այն վայրը, ուր անցկացրել են մանկությունը և թողել են լավագույն հուշերը։

Կորյունը

Հերոս, ով իր կյանքը չխնայեց Հայրենիքի սուրբ գործի համար, ով Հայրենիքն  ավելի բարձր գնահատեց, քան իր կյանքը։

Կորյուն Արմենի Հայրապետյանը ծնվել  է՝ 1997թ.դեկտեմբերի 18-ին՝ Թաթարստանի մայրաքաղաք Կազանում։ Ավարտել է Կազանի թիվ 3֊րդ դպրոցը, ավարտելուց հետո սովորել է Կազանի ավտոճանապարհային տեխնիկումում, որն ավարտել է գերազանցությամբ։ Չնայած դրան Կորյունը չի հրաժարվել Հայրենիքի հանդեպ իր պարտքը տալուց և տեղախոխվել է Հայաստան՝ զորակոչվել բանակ, ծառայել Արցախի Հանրապետության  Ասկերանի շրջանում։

Կորյունը շատ կատակասեր էր, հումորով, աշխույժ, կյանքով լեցուն տղա, ով ուներ շատ նպատակներ ու երազանքներ։ Նա տան միակ զավակն էր։ Ամեն անգամ տուն խոսելիս մորը միշտ ասել է. «Մամ ջան, ամեն ինչ շատ լավ է, ծառայություն է, էլի: Ծառայեմ` կգամ»:

Լավ ծառայության համար Կորյունը արժանացել է կրտսեր սերժանտի կոչման և եղել է հրետանու հրամանատար։ Վերջին անգամ խոսել է իր մայրիկի հետ  հոկտեմբերի 10-ին՝ ասելով, որ  իրեն տեղափոխում են Հադրութ՝ որտեղ իսկական կռիվ է։ Կորյունը անմահացավ հոկտեմբերի 12-ին՝ Հադրութում։ Ծնողներն ու հարազատները ոչ մի լուր չունեին նրանից: Փնտրում էին այն հույսով, որ կգտնեն իրենց որդուն։ Անգամ հուսահատված մայրը մտածում էր, որ իր որդին գերի է։

Մոտ երեք ամիս որոնողական աշխատանքներից հետո հունվարի 4-ին, նրան գտան, սակայն արդեն անմահացած։ Կորյունին հուղարկավորեցին հունվարի 7-ին՝ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի գերեզմանատանը։

Փառք ու պատիվ մեր հերոսներին, հավերժ խոնարհում:

Հերոս Ղուկաս Պողոսյան

Ղուկաս Սամվելի Պողոսյան, ծնվել է 1990թ. հոկտեմբերի 21-ին Արագածոտնի մարզի Արտենի գյուղում, սովորել տեղի հիմնական դպրոցում: Միշտ եղել է բարի և հոգատար բոլորի հանդեպ: Բոլորս էլ իրեն հիշում ենք որպես լուսավոր ու ընկերասեր մարդու:

2017թ.-ից զինվորագրվում է` պայմանագրային ծառայության անցնելով Քարվաճառի զորամասում, որտեղ  նույնպես իրեն դրսևորել է կարգապահբարի և հոգատար զինվորական: Ծառայության անցնելու առաջին օրվանից վայելել է ծառայակիցների սերը և հարգանքը, դարձել ընկեր և եղբայր նրանց համար:

Սեպտեմբերի 27. Ղուկասը գտնվել է արձակուրդում: Լսելով պատերազմի մասին, ժամ առաջ ընկերների հետ մեկնել է առաջնագիծ, որտեղ այդ պահին գտնվում էր եղբայրը՝ Հովհաննեսը:

Ընկերները պատմում են.

- Ամբողջ ճանապարհին խոսում էր եղբոր մասին, ասում էր` եթե եղբորս մի բան լինի, բոլորին կսպանեմ…

Հասնելով առաջնագիծ, հանդիպել է եղբորը:

-Եկավ փաթաթվեց ինձ, համբուրեց ու ասաց, որ իջնեմ ցած, -պատմում է եղբայրը,-արգելեց մնալ այդ դիրքում: Հետո ձեռքով արեց ու ասաց` անպայման կհանդիպենք: Դիրքավորվեց և շարունակեց մարտ վարել:

Հոկտեմբերի 2-ին Ղուկասը և ընկերները ձեռնարկել են կորսված դիրքի հետբերման օպերացիան, որը կատարել են փառքով: Ընկերը պամում է, թե ինչպես էր Ղուկասը «կարդում» մարտը: Նա այնքան ծանոթ էր տեղանքին, որ կարողանում էր ճիշտ թիրախավորել հակառակորդին:

Բարեհաջող օպերացիայից հետո Ղուկասը տեղափոխվել է իր դիտակետ և շարունակել պատվով կատարել իրեն վստահված հայրենանվեր գործը:

Հոկտեմբերի 9-ի առավոտյան կրկին սկսվել է հրետակոծությունը Ղուկասի և ընկերների հետ գրաված դիրքի ուղղությամբ: Պատերազմելիս եղբորը հորդորում էր դուրս չգալ թաքստոցից, բայց ինքը իրեն չէր խնայում:  տեսնում է, որ ընկերը վիրավորվել է, նետվում է նրան օգնելու: Սակայն Ղուկասին է դիպչում ականանետից արձակված  արկի բեկորը, և խլում նրա եռանդուն ու թանկ կյանքը:

Ղուկասն անմահացավ հոկտեմբերի 9-ին, զոհելով իր կյանքը հանուն մարտական ընկերների և իր կողքին կռվող եղբոր:

Ղուկասը իրական Մարտիկ է, դժվար է նրա մասին խոսել անցյալով: Նա հերոս է, անկախ ցանկացած պետական պարգևից:

Ղուկաս, մեր հերոս, մեր լուսավոր և բարի մարտիկ, այնքան հպարտ ենք քեզանով, կրկնապատկեցիր քո հայրենասիրությամբ մեր  հարգանքը և հպարտությունը քո հանդեպ:

Հպարտ եմ, որ ճանաչել եմ Ղուկասի պես Մեծ Մարդու, ով իրեն չխնայեց բոլորիս համար: Դու անմահ ես, Հերոս, դու դարձել ես բոլորիս պահապան հրեշտակը:

Հավերժ փառք և խոնարհում, Հերոս Ղուկաս:

Svetlana Davtyan new

Տղերք, երանի մի օր հանդիպենք

Ու ամեն կորսված զինվորի հետ, ես ինքս ինձ եմ կորցնում:

Ու չուզելով, բայց գիտակցում եմ, որ ինչ-որ պահից,

Ինչ-որ տեղ, ինչ-որ մեկին, պարտվում եմ այս պատերազմին:

Ամեն հերոսացած զինվորի հետ, ես էլ եմ բարձրանում երկինք:

Այդքան անծանոթ եք ինձ, բայց միևնույն ժամանակ, այդքան ծանոթ:

Ամեն մի գրած երկտողից, սիրտս պոկվում է տեղից:

 

Ասում են հրեշտակները առաքելությամբ են գալիս երկիր,

Բայց ես չէի ուզում, որ դուք այսքան շուտ վերադառնաք երկինք:

Ու նեղանում եմ ձեզանից, մազերս պոկում գլխիցս,

Որ էդպես էլ գոնե մի անգամ չհասցրի ձեր ձայնը լսեմ:

Սա մեր ընտրությունը չէր, ձերն էր, բայց ոչ մերը:

Դուք գնացիք, ու այս գրողի տարած կարոտը կոկորդիս կանգնած խեղդում է:

Բայց վերջում գալիս է հավատը, կրկին հանդիպելու հույսով ողողված,

Ու ամեն երկնքում ճախրող աղավնի տեսնելիս, կիմանամ, որ հյուր եք ինձ: