Հարցազրույցն անցկացվում է «Mybookstore crowdfunding for books» խմբի գլխավոր համակարգող Հասմիկ Ավագյանի հետ։ Մարդասիրական խումբը նրանց համար է, ովքեր ցանկանում են գիրք գնել, սակայն գումարը չի բավականացնում։
–Ինչո՞վ էր պայմանավորված մարդասիրական խումբ ստեղծելու գաղափարը:
-«MYbookstore crowdfunding for books» խմբի գաղափարը հղացել է «MYbookstore» օնլայն գրախանութի հիմնադիրը՝ Լևոն Ստեփանյանը: Լևոնի բոլոր գաղափարները, որոնք կապված են գրքի հետ, միտված են գրքասիրությանը և գրքի տարածմանը: Ու այս մեկն էլ բացառություն չէր:
–Ինչքա՞ն ժամանակ է, որ գործում է խումբը:
-Խումբը ստեղծվել է 2018 թվականի փետրվար ամսին: Արդեն, փաստորեն, չորս ամսից ավելի է, ինչ գրքաշխարհում crowdfunding-ը իրականություն է:
–Երբ նոր էր ստեղծվել խումբը, արդյոք հե՞շտ էր խմբակիցներ հավաքելը:
-Խմբակիցներ հավաքելու խնդիր չկար, որովհետև կա ֆեյսբուքյան օգտատերերի մի զանգված, որ բավականին արագ է արձագանքում գրքաշխարհի ցանկացած նորության, հատկապես, եթե այն առաջարկվել է Հայաստանում առաջին օնլայն գրախանութի՝ «MYbookstore»-ի կողմից: Իսկ հիմա արդեն խմբի անդամներն են անընդհատ իրենց ընկերներին հրավիրում մեր խումբ, ինչի համար մենք շատ ուրախ ենք:
–Հիմնականում ի՞նչ ժանրի գրքեր են հայտագրում խմբակիցները:
-Խմբի հայտերում գերիշխողը գեղարվեստական գրականությունն է։ Միլան Կունդերա, Գաբրիել Գարսիա Մարկես․ ահա այն երկու հեղինակները, առանց որոնց խումբը արդեն չեմ պատկերացնում։ Մեծ պահանջարկ են վայելում նաև բիզնես և մարքեթինգային գրքերը, որոնցից չեմ կարող չառանձնացնել Սամվել Գևորգյանի «Քո սեփական բիզնեսը» և Վահագն
Դիլբարյանի «100 բիզնես գաղտնիքներ» գրքերը:
–Օրվա ընթացքում քանի՞ գիրք է հայտագրվում, և ինչքա՞ն ժամանակ է պահանջվում գրքի համար անհրաժեշտ գումարի հավաքման համար:
-Հայտերը խմբում շատ են, սակայն դրանք հաստատվում են հերթով: Օրեր են եղել, որ մինչև 7-8 գրքի հայտ եմ ընդունել, և գումարը արագ հավաքվել է: Միջինում խմբում օրական 3-4 գիրք է հաստատվում, իսկ դրանց գումարների հավաքման պրոցեսը տևում է մոտ մեկ ժամ: Լինում են բազում դեպքեր, երբ հաշված րոպեների ընթացքում հավաքվում է անհրաժեշտ գումարը:
–Ի՞նչ սկզբունքով է գումարը հավաքվում առհասարակ, և եթե հայտագրողը զինվոր է, ինչպիսի՞ պայմաններ են գործում: Ինչպե՞ս եք պարզում, որ հայտագրողը իրոք զինվոր է:
-Խմբում կա հստակ կանոնակարգ, ըստ որի, յուրաքանչյուր հայտագրող ինքն է վճարում իր հայտագրած գրքի արժեքի 50%-ը: Գումարի 10%-ը վճարում է մեր գրախանութը, իսկ մնացած 40%-ը հավաքվում է խմբի անդամների կողմից:
Այսպիսով, ցանկացած գրքասեր ունի հնարավորություն գնելու իր սիրելի գիրքը 50% զեղչով: Իսկ զինվորների համար պայմանները քիչ այլ են: Նրանք մեր խմբում արտոնյալ են: Գրքի գումարի որոշակի սանդղակ ունենք, որը չգերազանցելու դեպքում գրքի ողջ գումարը հավաքում է խումբը: Զինվորի անվան տակ ներկայացողներ շատ չկան մեր խմբում, բայց հավաստիացնում եմ, որ լինելու դեպքում նրանք շատ արագ բացահայտվում են, ինչի համար շնորհակալ եմ բոլոր աջակիցներին:
–Գրքերը ինչպե՞ս են հասնում հասցեատերերին:
-Հասցեատերերը իրենք են մոտենում մեր գրասենյակ, որ գտվում է Զաքյան 10 հասցեում և վերցնում իրենց գրքերը՝ իմ հաստատումից հետո:
-Croudfunding խումբը ի՞նչ առնչություն ունի «Mybookstore» գրախանութի հետ:
-Ինչպես քիչ առաջ ասացի՝ խմբի գաղափարը հենց «MYbookstore»-ի հիմնադրինն է՝ Լևոն Ստեփանյանինը, և խումբը գրախանութի սկսած բազմաթիվ ծրագրերից մեկն է:
–Լինելով խմբում գլխավոր համակարգող, ի՞նչ կարծիք ունեք, արդյո՞ք մեր երիտասարդությունը գրքասեր է:
-Շատ կարևոր հարց է, որովհետև տարիներ շարունակ այլ է եղել մթնոլորտը այս հարցի շուրջ, սակայն իմ պատասխանը միանշանակ է՝ այո: Ես վերջին տարիներին միշտ եմ այս կարծիքին եղել, իսկ խմբի համակարգողի շատ պատասխանատու գործը ստանձնելուց հետո ավելի եմ համոզվել, ու ինչպես նախկինում, այնպես էլ հիմա իմ կարծիքը հիմնավորված է:
Երիտասարդները կարդում են, նրանք հետաքրքրված են՝ հատկապես հիմա, երբ շատ լուրջ հեղինակներ են հայերեն թարգմանվում: Իսկ իրապես հետաքրքրված ու շահագրգիռ երիտասարդը միշտ գտնում է կարդալու իր տարբերակը ու օգտվում ստեղծված հնարավորություններից, ինչպիսին օրինակ մեր խումբն է: Իսկ նրանք, ովքեր ավելի սուղ
հնարավորություններ ունեն կամ գուցե գրքեր կարդալու, բայց ոչ գնելու սիրահար են, օգտվում են մեր այլ ծրագրերից, որոնցից է, օրինակ, «MYգրադարանը», որը լի է բազմաթիվ նոր տպագրված գրքերով: «MYbookstore»-ը իր բոլոր մարդասիրական ծրագրերի արդյունքում շրջապատված է կարդացող երիտասարդներով և ոչ միայն երիտասարդներով: Մենք միշտ պատրաստ ենք նորը մատուցելու մեր հաճախորդներին ու հասարակությանը:
Արդեն գրեթե մեկ տարի է, ինչ դարձել եմ ինձ համար նոր ընտանիքի մի մասնիկը՝ խելացի, նորարար ու հավես։ Խոսքը ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի մասին է։ Մեր ֆակուլտետի ամենասիրված ու սպասված միջոցառումներից է ՍոցՔեմփը, որն արդեն չորրորդ տարին է, ինչ կազմակերպվում է: Ես առաջին անգամ եմ ներկա լինելու այս կոնֆերասին կամ ավելի ճիշտ՝ «չկոնֆերանսին», և անհամբեր սպասում եմ այդ օրվան։ ՍոցՔեմփի մասին զրուցել եմ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի և ֆակուլտետի ՈՒԳԸ քարտուղար Մանյա Կիրակոսյանի հետ:



