anna andreasyan

Կորցնելուց հետո

Երեկ մեր դպրոցում վերջին զանգի արարողությունն էր: Ես էլ, ինչպես միշտ, ընկերուհուս հետ գնացի նայելու այն: Երբ հասանք դպրոց, միջոցառումն արդեն սկսվել էր: Ուշացել էինք: Բայց չեմ կարծում ինչ-որ մեկը նկատեր դա, քանի որ բոլորի ուշադրությունը շրջանավարտներն էին: Նրանք փայլում էին:

Մոտեցանք: Հավաքվածների կեսը նստած էին, իսկ մենք էլ, ինչպես միշտ՝ կանգնած: Դե, մեր ուսուցիչների անձրևանոցները մեզ երբեք էլ չեն թողել հանգիստ դիտել: Եվ ես անընդհատ այս ու այն կողմ էի գնում` մի հարմար տեղ գտնելու համար: Վերջապես գտա և սկսեցի հանգիստ ուսումնասիրել շրջանավարտներին: Բոլորը շատ գեղեցիկ էին:

Նրանք ներկայացնում էին մեր ուսուցիչների ամենահաճախ կրկնվող արտահայտությունների թոփ տասնյակը: Ես դրանց հետ լիովին համաձայն էի: Բոլորս մի լավ ծիծաղեցինք, բայց այդ պահին ես մի տեսակ տխրեցի` հիշելով, որ ընդամենը երկու տարի հետո ես էլ եմ ավարտելու դպրոցը: Այն արտահայտությունները, որոնք նրանք թվարկում էին, այնքան ծանոթ էին ու հարազատ: Եվ այնքան հաճելի էր այն զգացումը, որ ես դեռ չեմ ավարտել, որ իմ սիրելի դպրոց դեռ երկու տարի էլ պետք է գնամ:

Դպրոց հաճախելու ընթացքում բոլորն էլ անհամբեր սպասում են վերջին զանգին, բայց հենց մոտենում են ավարտելու օրերը, սկսում են կարոտել դպրոցը: Հասկանում ես, որ դպրոցական տարիները կյանքիդ ամենաանհոգ ու երջանիկ տարիներն էին;

Չէ որ մենք միշտ կորցնելուց հետո ենք գնահատում մեր կորցրածի իսկական արժեքը:

Ani Kirakosyan

Տատիկիս անուշ բարբառը

Հարցազրույց տատիկիս` Աիդա Կիրակոսյան հետ

 -Տատ ջան, ուզում եմ քեզ հետ զրուցել, իմանալ ինձ հուզող հարցերի պատասխանները:

-Սա բալես, ինչ հարց գուզես` տուր:

-Տատ ջան, Գյումրին քանի՞ անուն է ունեցել:

-Սկզբում եղել է Կումայրի, հետո` Ալեքսանդրապոլ, Լենինական, Գյումրի:

-Իսկ քո մանկության տարիներին ինչպե՞ս է կոչվել քաղաքը:

-Մեռնիմ ջանիդ, երբ օր ես փոքր էի, մեր քաղաքը կոչվեր գը Լենինական:

-Լավ, տատ ջան, իսկ որտեղի՞ց  են եղել ծնողներդ:

-Հորս պապը գաղթել է Ալաշկերտից ու բնակություն է հաստատել Ղուկասյանի շրջանում, բայց պատերազմի տարիներին գյուղերի մեծահասակներին հավաքագրել-տարել են Լենինական` նորաբաց գործարաններում աշխատելու: Իսկ մորս ծնողները գաղթել են Էրզրումից: Մերս ծնվել է Կրասնոդար քաղաքում: Երբ օր մորական պապիկս ջահել մահացել է, իրանք տեղափոխվել են Լենինական: Նորաբաց Մսի կոմբինատում մտել են աշխատելու մորական տատիկս ու հորական պապիկս: Հետագայում, երբ հերս բանակից եկել է, մտել է Կոմբինատ աշխատելու ու ընդեղ է հանդիպե մորս: Ամուսնացել են ու քիչ-քիչ տուն-տեղ են եղե: Բայց հըմի ո’չ Մսի Կոմբինատը կա, ո’չ էլ հին Լենինականը:

-1988 թվականի երկրաշարժը շատ բան փոխեց Գյումրիում: Իսկ ինչպիսի՞ն էր Լենինականը նախքան երկրաշարժը:

-Լենինականը ուներ մեծ Մսի Կոմբինատ, հսկայական Տեքստիլ Կոմբինատ, Հղկող հաստոցների մեծ գործարան, Միկրոէլեկտրաշարժիչ գործարան և այլն: Ըդոնք երկրին կուդային արդյունաբերության 90%-ը: Մարդիկ կաբռեին ուրախ, հարուստ, երջանիկ, կրթություն կստանային: Բայց էդ ամենը ավիրվավ մէ քանիմ րոպեյվա ընթացքում:

-Ին՞չ ազդեցություն թողեց Սպիտակի երկրաշարժը գյումրեցիների վրա:

-Երկրաշարժը օր եղավ, մենք մեր աչքերով տեսանք ըդքան զոհեր, վիշտ ու արհավիրք: Կային ընտանիքներ, օր լրիվ զոհվան: Բայց էլի լեննագանցիք էնքան  թասիբ ունեին, օր նորից ընտանիքներ կազմեցին, երեխեք ունեցան, տներ սարքեցին, 30 տարի դոմիկների մեջ ապռան, բայց իրանց հումորը  չկորցրին ու, հակառակը, սաղ դառնությունները իրանց մեջ թաղելով` նորից վերածնվան:

-Տատ, դու ապրել ես ևհին Գյումրիում, ևնոր: Կա՞ն  արդյոք  տարբերություններ: Ի՞նչն  է  քեզ դուր գալիս Գյումրի քաղաքում:

-Հինն ու նորը կապ չունի: Բոլոր ժամանակներում էլ ընձի շատ դուր է եկել Լեննականի ժողովուրդը` հյուրասեր,  թասիբով,  կամեցող,  ուրախ ու  հանաքչի:

-Իսկ ի՞նչ կասես երևույթների մասին, որոնք քեզ դուր չեն գալիս:

-Բալես, լեննականցիք, անկախ ժամանակաշրջանից, մեծախոս են, միամիտ ու շատ տաքարյուն:

-Ո՞ր ավանդույթն է քեզ դուր գալիս, և ո՞րն է մինչ օրս պահպանվել:

-Լեննականցիք շատ ավանդապաշտ, ադաթներով ու հին սովորույթներով մարդիկ են: Ազիզ ջան, շատ շուտ ադաթ է էղե, օր աղջկան ուզեցել են նշանել, նախօրոք տարել են բաղնիք, լողցրել են, օր էդ աղջկա լավ ու վատ կողմերը տեսնին: Բայց ընձի դուր գուկա ուզնգան էրթլու ադաթը, որը մինչև հըմի ժողովրդի մեջ կա:

-Իսկ  ինչպե՞ս  կբնութագրես գյումրեցի տղաներին:

-Մեր տղեքը շատ հայրենասեր են, աշխատասեր, նամուսով ու թասիբով ու երբեք չեն թողնի, օր մեգը կբնի իրանց ազաբ աղջիկների պատվին:

-Մտածե՞լ ես երբևէ թողնել հարազատ Գյումրին:

-Ես երբեք չեմ ուզեցե թողնիմ  Լենինականը ու հմի էլ չեմ ուզե, քանի օր արդեն ես 65 տարեկան եմ, չեմ ուզե երտամ ուրիշի հողի մեջ  մեռնիմ: Գուզեմ իմ հանգրվանս գտնիմ իմ ծնված հողում:

 -Սիրո՞ւմ ես գյումրեցու բարբառը: Մտածե՞լ  ես երբևէ փոխել բարբառդ:

-Ես ուր էլ երտամ, որ քաղաքն էլ աբռիմ, երբեք չեմ փոխե իմ լեզուս, քանի օր շատ կսիրեմ մեր բարբառը, վռազըմ կարծիք կկազմեն, օր սոնք լավ մարդիկ են:  Ես ծնվել ու մեծցել եմ Լենինականում ու կմնամ մինչև վերջ պատվավոր լեննականցի: Հերիք է, օր Ֆրունզի երկրացին եմ…

Միշտ հիշե, մեռնիմ ջանիդ, ուր էլ էրտաս, ինչ էլ դառնաս, հանկարծ չմոռանաս, օր դու ծնվել ես Լենինականում: Մինչև վերջ հոգով ու սրտով մնա լենինականցի:

անի հարությունյան /մայիսյան/

Ալաշկերտից Ալաշկերտ

Վարդգես Հարությունյանը հայրիկիս պապն է՝ 84 տարեկան։ Նրա ընտանիքը եղեռնից է մազապուրծ եղել։ Մինչև հիմա, երբ խոսում է նրանց մասին, արցունքներ են երևում աչքերին…

-Պապ, որտեղի՞ց եք արմատներով:

-Արմատներով Ալաշկերտից եմ (Արևմտյան Հայաստան): Նանիս (մայրս) ու հայրս այնտեղից են սերում:

-Ինչպե՞ս և ե՞րբ են եկել Հայաստան:

-1918 թվականին, երբ թուրքերը սկսել են այդ տարածքում ջարդերը, ծնողներս ոտքով փախել, եկել են: Մայրս պատմում էր, որ երբ անցել են Մուրադ գետը, գետի ափին բարուրով երեխաներ են եղել դրված: Նրանց չեն կարողացել անցկացնել ու թողել են այն ափին: Ես այստեղ եմ ծնվել, բայց ինձնից առաջ ծնողներս 8 երեխա են ունեցել: Ճանապարհին 6-ը մահացել են:

Մայրս նաև պատմում էր, որ մեր Հարություն պապը շատ խիստ մարդ է եղել և ոչ մի կերպ չի համաձայնել լքել իր տունն ու ունեցվածքը։ Երբ նրանք արդեն բարձրացել են սարը, լուր է եկել, որ Հարություն պապին ողջ-ողջ այրել են։

-Հայաստանի ո՞ր շրջանում են հաստատվել ծնողներդ: 

-Սկզբում Էջմիածնի տարածքում` վանքի պատերի տակ են ապրել: Հետո գնացել են Ապարան, այնտեղ չեն կարողացել ապրել ու հետ են եկել Արարատյան դաշտավայր: Այն ժամանակ Քյարիմախ գյուղում են հաստատվել, որը հետո վերանվանվել է Սովետական, իսկ հիմա` Ալաշկերտ:

-Մանկությունդ անցել է Ալաշկերտում (Հայաստան): Ի՞նչ ես հիշում:

-Թերի միջնակարգ դպրոց եմ գնացել` մինչև 7-րդ դասարան: Փող չունեինք պայուսակ գնելու: Շորից «չանթիկ» էինք սարքում պայուսակի փոխարեն: 7-րդ դասարանն ավարտելուց հետո գնացի Արմավիր գյուղ` պոլիտեխնիկում սովորելու:

-Ե՞րբ եք եկել Մայիսյան:

-1954թ. գնացել եմ ծառայության, վերադարձել եմ միանգամից Մայիսյան: Մեկ տարի աշխատել եմ, ու ինձ տուն են տվել, որտեղ հիմա ապրում ենք:

-Երբ եկաք Մայիսյան` ինչպիսի՞ն էր կյանքն այստեղ:

-Սկզբում ապրում էինք «բարակներում»։ Նեղ, երկար միջանցքներով շենք էր՝ իրար շատ մոտիկ սենյակներով։ Տարբեր տեղերից եկած փախստականներն այդտեղ էին ապրում։

-Ի՞նչ եք աշխատել Մայիսյանում:

-Աշխատել եմ «բրիգադիր»: Հետևում էի դաշտերի աշխատանքներին, բանվորների հետ էտում էինք ծառերը, բերքահավաք անում: Աշխատել եմ մինչև 90-ականները ու անցել թոշակի:

-Պապի, իսկ ձեզ համար «ձեր ժամանակներն» էի՞ն լավ, թե՞ հիմա:

-Էն թվերին շատ լավ էր: Ապրելը հեշտ էր: 100 մանեթ ստանում էինք` ամբողջ ամիս ամեն ինչով ապահովված էինք: Հիմա աշխատանք չկա, ամեն ինչ թանկանում է, դժվարացել է:

Մեր անմահ զինվորը` Սաշա Գալստյանը

Սաշա Վաչագանի Գալստյան. զոհվել է Արցախյան քառօրյա պատերազմում:

Սաշան ծնվել է 1996 թվականին Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում: Սաշան բարի, հավասարակշռված, հոգատար, մեծահոգի, համեստ, խելացի և ընկերասեր երիտասարդ էր: Սիրում էր շփվել և նոր ընկերներ ձեռք բերել, լսել, օգնել և խորհուրդներ տալ մարդկանց: Չկար Սաշին ճանաչող և չսիրող գոնե մեկ մարդ: Մանկուց երազում էր բժիշկ դառնալ և հետաքրքրված էր բժշկությամբ:Սաշը ընկերների և ծնողների հպարտությունն էր: Դպրոցն ավարտելուց հետո որոշեց մանկության երազանքը ի կատար ածել և քրտնաջան աշխատանքի շնորհիվ հասավ նպատակին: Սովորել և կարմիր դիպլոմով ավարտել էր Արմավիրի բժշկական պետական քոլեջը: Հետո ընդունվել էր Երևանի «Հայբուսակ» համալսարան և առաջին կուրսն ավարտելուց հետո զորակոչվել բանակ:

Չէր սիրում ընտանիքին նեղություն տալ: Ճանապարհածախս անգամ չվերցնելու համար, ծնողներից թաքուն, դասերից հետո գնում էր ավտոլվացման կետ և մեքենաներ լվանում:

Բանակում շատ լավ էր ծառայում և հպարտությամբ էր կրում զինվորական համազգեստը: Սաշան իր լավ ծառայության համար ստացել էր նաև սերժանտի կոչում: Ուրախությանը չափ չկար: Ծնողների հետ վերջին անգամ խոսել է ապրիլի մեկին, ասել, որ դիրքեր է գնում, ամեն ինչ լավ է, և պետք չէ անհանգստանալ:

Նա եղել է առաջին գծում: Նրան հրամայել են նպաստավոր դիրք զբաղեցնել  և  գնդացիրով կրակ բացել հակառակորդի ուղղությամբ: Նա գերազանց կատարել է առաջադրանքը և ճնշել հակառակորդին իր դիպուկ հարվածների շնորհիվ: Սակայն Սաշը գլխից ծանր վիրավորվում է: Կապի միջոցով փորձել են կազմակերպել նրա տարհանումը, սակայն կրակը գնալով ուժեղացել է: Բժիշկները չեն կարողացել մոտենալ և փրկել Սաշի կյանքը:

Սաշան տան միակ տղան էր, և, ինչպես մեծերն են ասում, այդ օջախի կրակը մարեց: Ունի երկու քույր՝ Անահիտը և Լուսինեն: Երկուսն էլ իրենից փոքր էին:

Լուսինեն վերջերս է երեխա ունեցել, սակայն փոքրիկին նա այդպես էլ չտեսավ:

Սաշայի հայրը՝ Վաչագան Գալստյանը, մեկ այլ հարցազրույցի ժամանակ ասել է.  «Ինչ ունեի` հայրենիքիս տվեցի»:

Ինձ հիմա հուզում է Գալստյանների ընտանիքի վիճակը: Ինչպես ասացի, Սաշան տան մինուճար տղան էր, և ծնողները մեծ հույսեր էին կապում տղայի հետ: Մորը և քույրերին խոստացել էր վերադառնալ, աշխատել և թեթևացնել նրանց հոգսը: Հիմա ընտանիքը դժվար կացության մեջ է, սակայն շնորհակալ եմ այն բարերաներին, ովքեր վարկերի մի մասը փակեցին:

Ինչն այս  աշխարհում  ամենաթանկն է` Սաշան տվեց հայրենիքին: Գիտեմ, այս բառերը չեն մեղմելու կորստյան ցավը, սակայն ես ու ամբողջ հայությունը շնորհակալ ենք Սաշային, Սաշայի ընտանիքին և ծնողներին, որոնք մեծացրել և դաստիարակել են նման հերոսի:

Ծնողների հետ այդպես էլ չհամարձակվեցի զրուցել, սակայն զրուցեցի Սաշայի զարմիկի` Մարգար Մկրտչյանի հետ:  Մի քանի ամսից Մարգարը նույնպես կզորակոչվի բանակ:

- Սաշն ինձ համար միակն էր… Նա իմ մեծ եղբայրն էր, խորհրդատուն: Քանի Սաշը կար, ես հանգիստ էի, որ ցանկացած հարցում ինձ կօգնի:

-Իսկ ինչպե՞ս իմացար այդ ցավալի լուրը:

-Ապրիլի չորսին, ժամը երեքը կլիներ, հայրս ասաց: Մի պահ աշխարհը կանգ առավ, ոչ մի բան չէի զգում: Փորձում էի հավատալ, սակայն մինչ օրս չի ստացվում: Կորցրել եմ ուրախ լինելու  զգացումը, կարծես մի բան ներսումս կոտրվել է:

-Սաշի բնավորության ո՞ր գծերն էին քեզ դուր գալիս:

-Անձնազոհությունը, հոգատարությունը, բարությունը, ամենակարևորը` կարեկցելու և սիրելու կարողությունը:-Կպատմե՞ս որևէ հետաքրքիր դեպք Սաշայի հետ կապված:

-Մի օր իրենց ամառանոցի մոտերքում զբոսնում էինք և խոսում տարբեր թեմաներից: Մոտակայքում կար մի լիճ, դրա կողքով անցնելիս ոտքս սայթաքեց, և ընկա լճի մեջ: Այդ պահին Սաշն ինձ օգնելու փոխարեն բարձր ծիծաղում էր: Երբ դուրս եկա, նրան հարցրի. «Այ ախպեր, բա որ խեղդվեի, ի՞նչ էիր անելու»: «Կկանգնեի մի բարձր բլրի վրա ու կգոռայի` ուռա ՜ ուռա՜…»: Սակայն մի քանի ամիս հետո նա իր կյանքը տվեց, որ ես կյանք ունենամ…

-Եթե իմանայիր, որ այս դեպքը լինելու է, ի՞նչ կասեիր Սաշին:

-Կասեի… Կասեի` ինձ էլ հետդ տար…  Ինչքան էլ ցավով տանեմ եղբորս մահը, կուզեի բոլորին մի բան ասել: Երբ կորցնում եք հարազատ ու թանկ մարդու, այդ ժամանակ էլ մի հուսահատվեք: Մենք քրիստոնյաներ ենք, և Աստված է միայն, որ կարող է մխիթարել մեզ:

Հայաստանի գյուղերը. Սարդարապատ, Արմավիրի մարզ

Բաց երկնքի տակ

Երկար ժամանակ է, ինչ Արմավիրում խոսում են մի կնոջ մասին, ով ապրում է զբոսայգում` բաց երկնքի տակ: Որոշեցինք գնալ և համոզվել: Մեր զարմանքը չափ չուներ: Տեսարանը իրոք շատ տխուր էր:

Կնոջ անոոնը, ում հետ զրուցում էինք, Արևիկ էր: Արևի պես ուրախ էր հոգին, սակայն կյանքի անակնկալը նրան հուսախաբ արեց… Երբ գնացինք ճաշում էր.

-Բարև ձեզ, բարի ախորժակ:

-Հազար բարին, երեխեք ջան, սոված չե՞ք, ընկերովի հաց ուտելը լավ բան ա:

Միայն այս խոսքերը բավական էր, որ հասկանայինք, թե ինչքան տխրություն է թաքնված նրա հոգում:

Մեր զրուցակիցը` Հակոբյան Արևիկը, մի քանի օր առաջ դարձել էր 57 տարեկան:

-Ես ծնվել եմ Արմավիրի մարզի Երասխահուն գյուղում: Ծանր հիվանդություն եմ տարել, իմ տունը վաճառել եմ ու ինձ բուժել եմ: Հետո, որ տուն չեմ ունեցել, եկել եմ այստեղ, վարձով եմ ապրել: Հիմա չեմ կարում վարձը տամ, շատ ա գումարը, ու վարձով տնից հանեցին ինձ: Ես էլ եկել եմ, այստեղ եմ ապրում:

-Իսկ ոչ ոք ձեզ տուն չի՞ առաջարկել:

-Տուն առաջարկել են, բայց դրանք տան նման չեն, սաղ պետական կառույցներ են` Ախպարաշենի կինոյի շենքն ա, որ ոչ մի հարմարություն չունի` ջուր չկա, լույս չկա, «կռիսանոց», ջարդած-փշրած, իսկ մեկն էլ մեր «շուշի» գործարանի հանրակացարանն ա: Դրա կողքն էլ մի հատ կիսակառույց շենք կա, դա են առաջարկում: Դրանք ահավոր են. բնակչություն չկա:

-Իսկ այս պայմաններից ավելի լավ չի՞, գոնե տանիք կա:

-Չէ, էստեղ ավելի մաքուր, ավելի գեղեցիկ, «զիբիլ» չկա, օձ ու կարիճներ չկան, հարևանությունը ստեղ լիքն են: Լույս կա, ընդեղ ոչ մի բան չկա:

-Իսկ բարեկամներ չունե՞ք, որ օգնեն ձեզ` ապաստան տան:

-Բարեկամություն շատ ունեմ, բայց հավասար ա չլինելուն:

-Ինչքա՞ն ժամանակ է, որ այստեղ եք:

-Ապրիլի 26-ի իրիկունը ժամը 6-ից էսօր մայիսի 23-ն ա, արդեն ամսից ավել ա: Էդքան երկար ստեղ եմ` կարկուտի, անձրևի տակ:

-Աշխատանք ունեցե՞լ եք:

-Ունեմ, հիմա էլ աշխատում եմ, ավել եմ անում:

-Իսկ աշխատավարձը չէ՞ր բավարարում:

-55 հազար ա, էդքանը հերիք չի անում, եթե հերիք աներ, չէի գա ստեղ: Կգնայի, վարձով կապրեի:

-Մենա՞կ եք այստեղ:

-Հա մենակ եմ, ամուսնացած չեմ, չեմ էլ ցանկանում ամուսնանալ:

-Իսկ գիշերը չե՞ք վախենում:

-Չէ, ես ընդհանրապես վախ չեմ ունեցել, սահման եմ հելե, կռվել եմ Գասպարյան Ռուստամի ջոկատում, բուժքույր եմ եղել, «պովր» եմ եղել:

-Իսկ այդ ջոկատը ձեզ չի՞ օգնում:

-Չէ, սաղ սուտ ա, ազիզ ջան: Մենակ էդ տանջանքը մնաց ինձ, որ ես էդքան տարի ծառայեցի: Սաղ սուտ ա…

-Իսկ այստեղ հարևանները օգնու՞մ են ձեզ:

-Ոչ, ոչ… Ոչ մեկը:

-Իսկ դուք սպասու՞մ եք ինչ-որ աջակցության, թե՞ ձեր ուժերով եք ուզում մի բան անել:

-Հույսով ապրում եմ: Ես իրանց հույսին չեմ, ես Աստծու հույսին եմ: Կան մարդիկ, մեկ-մեկ, հազվադեպ գալիս են, ասենք սնունդով, փող ա, բան ա, քիչ տալիս են ու գնում են: Բայց էդ էլ սկզբում էին տալիս, հիմա` չէ:

-Իսկ մարդիկ, որ անցնում են, ուշադրություն դարձնու՞մ են:

-Շատ-շատ: Ես ամաչում եմ: Շատ ժամանակ մարդիկ չհասկանալով ոնց որ ձեռ առնեն, ծիծաղում են: Ես էլ աներես չեմ, ազդվում եմ: Ասում եմ` տես, ինչ եմ դառե: Ճիշտ ա, էսքան ծանր պայմաններում եմ, բայց դեռ ունեմ պահածոներ փակած: Հլը օգնում եմ ուրիշներին: Մի տուն կա, որ տալիս եմ, ասում եմ` տարեք, կերեք, ոչինչ: Ի՞նչ անեմ: Ես շատ եմ օգնել ծերանոցներին, մանկատներին, իսկ էսօրվա օրով ես ունեմ կարիքը էդ օգնության: Հասկանում եք (հուզվում է)…

Երկար լռեց, հետո նայեց մեզ տխուր ու ասաց.

-Է՜, սաղ էլ սուտ ա, այ բալա: Էս կյանքը էնքան բարդ ա… Իմ ուզածը չորս պատ ա, որ գլխիս տանիք ունենամ:

 

Զրույցը վարեցին Անուշ Հովհաննիսյանը, Մերի Դավթյանը, Աննա Եղոյանը

Kristina Epremyan

Հիշողություններ իմ Մայիսյանից

«Առավոտ էր, Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը»: Այսպես է սկսում Րաֆֆին Արարատյան դաշտի նկարագրությունը և էլ ավելի գեղեցիկ շարունակում այն. «Արևի առաջին ճառագայթների ներքո՝ Մասիսի սպիտակափառ գագաթը փայլում էր վարդագույն շողերով, որ աչք էին շլացնում: Արագածի պսակաձև գագաթը չէր երևում: Նա դեռ պատած էր ձյունի ճերմակ մշուշով, որպես մի ամոթխած հարսիկ, որ սքողում էր իր դեմքը անթափանցիկ շղարշով: Կանաչազարդ դաշտավայրը, ցողված մարգագետիններով, վառվում էր ծիածանի ամենանուրբ գույներով: Փչում էր մեղմ հովիկը, ծաղիկները ժպտում էին, դալար խոտաբույսերը ծփում ու ծածանվում էին, և դաշտի խաղաղ տարածությունը օրորվում էր սքանչելի ալեկոծությամբ: Գեղեցիկ էր այդ առավոտը»:

Այս դրախտային Արարատյան դաշտավայրում էլ գտնվում է իմ հայրական գյուղը՝ Արմավիրի մարզի Մայիսյան գյուղը: Փոքրիկ, բայց մեծանուն այս գյուղն արդեն ութսունչորս տարեկան է: Ինչո՞ւ մեծանուն, որովհետև նրա անունն իսկ արդեն հզորություն է խորհրդանշում:

«Մայսիյան»՝ մայիս ամսի, հաղթանակի ու աշխատավորի անունն է կրում իմ մի բուռ գյուղը…

Կյանքիս տասնութ գարուններն անցել են այս գյուղում: Ծնվել, մեծացել, կրթվել և դաստիարակվել եմ այստեղ: Այժմ հանգամանքների բերումով օրերիս մեծ մասն անցկացնում եմ գյուղից հեռու, և կարծես սա խթան լինի, որ ավելի շատ սիրեմ այն, կարոտեմ ու անհամբերությամբ սպասեմ տուն գալուս օրվան:

Ահա և հանգստյան օրեր են: Վերադարձել եմ տուն և չգիտեմ ինչպես առնեմ կարոտս գյուղից…

Առավոտ էր, Մայիսյանի լուսապայծառ առավոտներից մեկը: Չնայած անցած օրվա հոգնածությանս՝ զարմանալիորեն շուտ էի արթնացել, այնքան շուտ, որ գյուղում դատարկություն էր տիրում (բոլորն այդ ժամին քնած են լինում): Որոշել էի շրջել գյուղով, ես էլ չգիտեմ՝ ինչու… Դուրս եկա և քայլում էի անհայտ ուղղություններով: Ընկել էի հիշողությունների գիրկը և հանկարծ հասկացա, որ քայլերս ինձ բերել են իմ դպրոց: Ոչ ոք չկար դպրոցում, բացի տնօրենից: Նա չէր ազատվել իր վաղեմի սովորությունից՝ դասերը սկսվելուց երկու ժամ շուտ էր գալիս դպրոց (ապրում է ք. Արմավիրում, բայց մեր գյուղի լիիրավ բնակիչն է): Տեսնելով նրան, շատ ուրախացա…

-Հիշում եք, ընկեր Պետրոսյան, միշտ ուշանում էի դասերից, և միշտ Ձեր դիտողությանն արժանանում: Տեսեք՝ այսօր ինչ շուտ եմ եկել՝ բոլորից շուտ,-ասացի ու երկուսս էլ ծիծաղեցինք:

Քայլում էինք դպրոցում, հիշում լավ օրերը:

Բակում արդեն երևան էին գալիս վազվզող երեխաներ, դասի ժամն էր մոտենում: Դպրոցի ռադիոն առաջվա նման երգում էր: Ամեն ինչ նույնն էր, միայն մենք չկայինք…

Դուրս եկա դպրոցից ահագին թեթևացած:

Արդեն կեսօր էր, արևը փայլում էր երկնքում և ջերմացնում շրջապատը: Այն սկսել էր ջերմացնել նաև իմ կարոտած սիրտը:

Գյուղում արդեն շարժ կար, մարդիկ իրենց առօրյա գործերով էին: Նրանց համար դա սովորական օր էր, իսկ ինձ համար… Ես կարծես այդ օրը ուրիշ լինեի:

Երեխաները դպրոցից տուն վերադառնալուն պես, գցել էին պայուսակները ու վազել դուրս: Խաղում էին, վիճում, երբեմն իրար չէին հասկանում… Ակամայից հիշեցի ինձ, եղբորս: Հասնում էինք տուն թե չէ, առանց որևէ բան ուտելու դուրս էինք վազում: Խաղում էինք մինչև մութն ընկնելը, և երբ արդեն մթից իրար չէինք տեսնում, այդ ժամանակ միայն վերադառնում էինք տուն:

Արևը քիչ-քիչ մայր էր մտնում, օդի մեջ արդեն դուրեկան սառնություն կար, և հենց դա ինձ սթափեցրեց ամբողջ օրվա դյութանքից: Հասկացա, որ շատ ուշ է, պետք է տուն վերադառնալ: Չէի էլ նկատել՝ ինչպես էր ժամանակն անցել, ինչպես էի ամբողջ գյուղը ոտնատակ տվել: Բայց մի բան հստակ գիտեմ՝ չէի ուզում այդ օրը վերջանար: Ես կարծես գտել էի ինձ և չէի ուզում նորից կորցնել…

Այսպես ամեն անգամ գյուղ վերադառնալիս հիշողությունները լցնում են օրերս: Ժամանակս թռչում է, և չեմ էլ հասցնում մի կարգին հագեցնել կարոտի ծարավս:

Մի բան անհերքելի է. այստեղ, թե այստեղից հեռու, ես սիրում եմ գյուղս և հպարտ եմ, որ ծնվել եմ այստեղ:

jibrayil alexsanyan

Հայրիկս հոգեբույժ է

Հարցազրոյց հայրիկիս` Ռոբերտ Ալեքսանյանի հետ:

-Հայրիկ, ի՞նչ կրթություն ես ստացել:

-Սովորել եմ բժշկական ինստիտուտում, ավարտել եմ այն, որից հետո գնացել եմ վերապատրաստման հոգեբույժի մասնագիտությամբ, որը տևել է 2 տարի։

-Որտե՞ղ ես աշխատում։

-Աշխատում եմ Արմավիրի բժշկական կենտրոնում որպես հոգեբույժ արդեն 16 տարի:

-Ինչո՞ւ որոշեցիր հոգեբուժությունը ընտրել։

-Միշտ հետաքրքրել է մարդկանց գիտակցությունը, գործելու օրենքները, մարդու ուղեղի աշխատանքը, շարժառիթները, գործողությունների դրդապատճառը, առողջ և հիվանդ մարդու հոգեբանությունը։

-Ինչպիսի՞ հատկանիշներ ու գիտելիքներ են պետք հոգեբույժ դառնալու համար։

-Հոգեբույժը առաջնահերթ պետք է ունենա ամուր կամք, անվախ լինի, միշտ տիրապետի իրեն։ Պետք է ունենա հատուկ բժշկական կրթություն: Բացի բուն հոգեբուժությանը տիրապետելուց պետք է ունենա ընդհանուր բժշկական լավ կրթություն, որպեսզի հարկ եղած դեպքում հասկանա, թե իր հիվանդը ինչ այլ հիվանդություններով է տառապում, և այլ մասնագետների մոտ էլ կարողանա ուղարկել հետազոտման։

-Հոգեկան հիվանդությունը ձեռքբերովի՞ է, թե՞ ժառանգական։

-Հոգեկան հիվանդությունների պատճառագիտությունը մինչև վերջ ուսումնասիրված չէ: Կան բազում տեսություններ` ինֆեկցիոն, ժառանգական տեսություններ։ Մարդը կարող է սթրես ապրի և ձեռք բերի հոգեկան հիվանդություն։

-Հոգեբուժությունը ի՞նչ ճյուղեր ունի։

-Հոգեթերապիա, հոգեբանություն, նարկոլոգիա, հոգեբուժություն։ Հոգեբանությունը իր հերթին տրոհվում է ընդհանուր եւ կլինիկական հոգեբանության։

-Ի՞նչ դեպք է եղել քո պրակտիկայում, որը տպավորել է։

-Հետաքրքիր դեպքեր շատ են եղել։ Մի անգամ լուսաբացին ժամը 3-ից 4-ը գնացել էի կանչի: Հիվանդը մի մեծ դանակ ձեռքին ասում էր. «Վայ, բժիշկ ջան, դու մի կողմ։ Պապա, մտել ես հայաթ` ես քեզ կմորթեմ»։

Նաև հիստերիկ կուրության դեպք է եղել։ Մարդը զայրանալուց կորցրել էր տեսողությունը, երբ նա երբևէ չէր ունեցել աչքերի հետ կապված խնդիր։ Դեղ ներարկեցինք, տեսողությունը վերականգնվեց։

-Եթե հնարավորություն ունենայիր մասնագիտությունդ նորից ընտրելու, ի՞նչ կընտրեիր։

-Իհարկե, նորից կընտրեի հոգեբուժությունը։

Մի կյանքի պատմություն

Հարցազրույց հարևանուհուս՝ Դիանա Մանուկյանի հետ

-Ես գիտեմ, որ դուք Բաքվից եք եկել Հայաստան: Կպատմե՞ք` ինչքա՞ն ժամանակ եք ապրել Բաքվում և քանի՞ հոգի եք եղել ընտանիքում:

-Ես ութ տարեկան եմ եղել, երբ Բաքվից գաղթեցինք: Ընտանիքում եղել ենք վեց հոգի՝ ես, մայրս, հայրս, տատիս, պապիս ու հորաքույրս:

-Ինչո՞վ էիք Բաքվում զբաղվում:

-Մամաս հորաքրոջս հետ աշխատում էր ֆաբրիկայում, պապաս՝ պահեստում, տատիս ու պապիս էլ թոշակառու էին: Ես ծնվել եմ Բաքվում, իսկ մայրս ծնվել է Գորիսում:

-Ինչո՞ւ Բաքվից տեղափոխվեցիք Հայաստան:

-Ես 8 տարեկան էի, երբ տեղափոխվեցինք: 1988թվականին ենք եկել, երբ սկսեց Ղարաբաղյան շարժումը: Մենք հավաքեցինք մեր ունեցվածքը ու ինքնաթիռով եկանք Հայաստան, որպես փախստական ընտանիքի մեզ օգնեցին: Թողեցինք մեր տունը. հայրս շատ դժվարությամբ համաձայնվեց փախչել: Չէր ուզում թողնել իր արդեն հարազատ դարձած տունը և ապրելակերպը: Բաքվում ահավոր իրավիճակ էր: Սումգայիթյան ջարդերից հետո հայերը հասկանում էին, որ այնտեղ այլևս անհնար է ապրել: Երբ հասանք Հայաստան, ապրեցինք հորս հորեղբոր տանը: Մայրս հղի էր, ու ծննդաբերելու ժամանակն էր: Քույրս ծնվեց դեկտեմբերի չորսին: Մենք բոլորս մեկ տխրում էինք, մեկ ուրախանում քրոջս ծնունդով: Չգիտեինք, թե ինչպես պիտի պահենք երեխային, բայց միևնույն ժամանակ, երջանիկ էինք: Բայց այդ երջանկությունը շատ կարճ տևեց: Դեկտեմբերի յոթին տեղի ունեցավ այդ չարաբաստիկ երկրաշարժը: Մայրս, չգիտեմ թե ինչպես, բայց հրաշքով կարողացել է փրկել իրեն ու երեխային: Անցավ որոշ ժամանակ, պետությունը մեզ տուն տվեց Արմավիր քաղաքում, որտեղ մինչև հիմա ապրում են ծնողներս:

-Իսկ ի՞նչ կրթություն եք ստացել Հայաստանում:

-Ես մեկ տարի Բաքվում դպրոց եմ գնացել: Երբ տեղափոխվեցինք, ես 2-րդ դասարան գնացի: Արմավիրի 5-րդ դպրոցն եմ հաճախել ու ավարտել: Բարձրագույն կրթություն չունեմ:

-Իսկ Հայաստանում որպես փախստականի ձեր հանդեպ խտրականություն եղե՞լ է:

-Այո: Երբ փոքր էի, ինձ հետ ոչ մեկը չէր խաղում: Բոլորն ինձ թուրք էին ասում: Կռվում էին հետս, քարերով հարվածում էին, հագուստս պատռում էին, ու ես ամեն օր պատռված շորերով տուն էի գնում:

-Ձեր հարևանները ինչպիսի՞ վերաբերմունք էին ցուցաբերում ձեր հանդեպ:

-Մեր հարևանները շատ լավ էին վերաբերվում մեզ: Այդ հարցում մեր բախտը բերել է: Ամեն պահի մեկը գալիս էր, որ տեսներ, թե ինչի կարիք ունենք:

-Կպատմե՞ք ձեր ընտանիքի ներկայիս կյանքի մասին:

-Դե հայրս բանվոր է աշխատում, իսկ այ, մայրս հիվանդ է: Երկրաշարժի, կռիվների հետևանքով մայրս մեծ սթրես էր տարել, որն էլ անհետևանք չմնաց: Հիմա մամաս բուժման կարիք ունի, բայց հնարավորություն չկա. դեղերը շատ թանկ են:

-Դիմե՞լ եք որևէ պետական կառույցի օգնություն ստանալու նպատակով:

-Ոչ: Ոչ մի տեղ չենք դիմել, ոչ մի կազմակերպության: Մենակ նպաստ ստանալու համար հետաքրքրվեցին, բայց ասացին` չի հասնում:

Հիմա ես ունեմ ևս երկու եղբայր: Փոքրը ծնվեց, երբ մամաս քառասուն տարեկան էր: Նրան ես էի պահում, երբ ընդամենը ինը տարեկան էի: Ծնողներս անդադար աշխատում էին և ժամանակ չունեին: Մեծ եղբայրս Ռուսաստան է գնում-գալիս. աշխատում է: Նա ամուսնացած էր և ուներ մեկ տղա: Բայց… Տղան վեցերորդ հարկի պատշգամբից ընկավ ու մահացավ, երբ ընդամենը հինգ տարեկան էր: Դեպքը մորս առողջության վրա նույնպես շատ վատ անդրադարձավ: Փոքր եղբայրս երկու տարեկան էր, երբ ես ամուսնացա: Ես նույնպես միջոց չունեմ մամայիս օգնելու, որովհետև ես հաշմանդամ երեխա ունեմ: Բժիշկները ասում են, որ պիտի ամեն տարի երեխայիս տանեմ Գերմանիա վիրահատության, որը շատ մեծ գումարների հետ է կապված…

Տխուր պատմություն է, որի մասին ես ոչինչ չգիտեի, մինչև որոշեցի հարցազրույց անել հարևանուհուս հետ: Հուսով եմ, նրանց կյանքում ամեն բան դեպի լավը կփոխվի: