«Հայաստանի մեկ օրը» – վավերագրական ֆիլմ, որի նկարահանումներին մասնակցել են 40-ից ավելի պատանի թղթակիցներ Հայաստանի բոլոր մարզերից

«Հայաստանի մեկ օրը» – վավերագրական ֆիլմ, որի նկարահանումներին մասնակցել են 40-ից ավելի պատանի թղթակիցներ Հայաստանի բոլոր մարզերից
Արդեն երկար ժամանակ է, ինչ ոչ մի նյութ չեմ գրել: Խոստովանեմ` փնտրտուքների մեջ եմ: Գիշեր-ցերեկ մտածում եմ իմ ամենամեծ նախասիրության` միշտ հանելուկ թվացող աշխարհի լեզուների ու նրանց գաղտնիքների մասին:
Ամեն մի լեզու ունի դարավոր մի ուրույն պատմություն ու իր հիմքում թաքնված տարբեր զարմանալի ու հետաքրքրաշարժ տեղեկություններ ժողովրդի էության ու պատմության մասին:
Օրինակներ բերեմ գերմաներենից: Գերմաներենում կա մի արտահայտություն «փոշուց փախչել», որը նշանակում է ինչ-որ բանից վախենալով խուսափել, խույս տալ: Սա գալիս է միջնադարից, երբ ռազմի դաշտից (այն է` դաշտի փոշուց) կռվողը թողնում էր ռազմի դաշտը և փախչում: Կամ «սա ոչ մի կաշվի վրա չի գրվի» արտահայտությունը, որն ունի «չափն անցնել» իմաստը: Միջնադարում մարդիկ հավատում էին, որ սատանան մարդկանց մեղքերը կովի կաշվից պատրաստված մագաղաթի վրա է գրում, ու երբ մեկը շատ էր մեղքեր գործում ու չափն անցնում էր, գործածում էին այդ արտահայտությունը: «Ձեռքը զամբյուղ տա » գերմաներենում նշանակում է՝ մերժել: Առաջներում աղջկա ձեռք խնդրելիս, երբ նրանց մերժում էին, որպես մերժում նրանց զամբյուղ էին տալիս: Նորվեգերենում մինչ օրս շաբաթ օրվան անվանում են «լողանալու օր», քանի որ իրենց նախնիները` վիկինգները, շաբաթ օրն էին լողանում: Սրանք ոչ թե բարբառային են, այլ սովորական արտահայտություններ, որոնք օգտագործվում են առօրյա խոսակցական լեզվում:
Այսինքն, այսօրվա լեզուն սովորելով ` տեսնում ես` ինչպես են մարդիկ ապրել ու մտածել նաև անցյալում: Վերոհիշյալ օրինակներն իմ մեջ առաջացրել են տխուր ենթադրություններ, որ հայերենում պատմական անցյալն ամփոփված չէ, ինչպես այլ լեզուներում: Բայց կարծում եմ, ես դեռ լավ չեմ ուսումնասիրել մեր լեզուն, թե չէ ինչպես է հնարավոր, որ ամենահին լեզուներից մեկի մեջ պատմությունն ամփոփված չլինի:
Սիրելի՛ ընթերցող, եթե մտաբերես նման օրինակներ հայոց լեզվում, խնդրում եմ արձագանքիր նյութիս և վերջ տուր փնտրտուքներիս:
Հարցազրույց 60 տարվա պատմագետ, Լիճք գյուղի մանկավարժ Սերյոժա Գևորգյանի հետ:
-Ընկեր Գևորգյան ո՞ր թվականին եք ծնվել: Ի՞նչ հետաքրքիր դեպքեր եք հիշում Ձեր մանկության և պատանեկության տարիներից:
-Ծնվել եմ 1928 թ. սեպտեմբերի 21-ին, սովորական, տոհմիկ գյուղացու ընտանիքում:
Մանկությունս և պատանեկությունս ընթացել է շատ ծանր պայմաններում: Հիշում եմ, թե ինչպես 1931 թ. այդ սուղ պայմաններում Սովետական Միությունը բռնագրավեց 8 գլուխ խոշոր եղջերավոր անասուն՝ համարելով, որ մենք կուլակ ենք։ Եվ կուլակաթափ արեցին ոչ միայն մեզ, այլև ամբողջ գյուղին: Գոմում թողեցին ընդամենը 2 եզ, որոնց հայրս օգտագործում էր ցորեն, գարի և այլ հացահատիկի ցանքսի, հողը մշակելու և վարելու համար: Բայց 1933 թ. ձմռանը գյուղղեկավարները եկան և առանց որևէ մեկին հարցնելու, տեղյակ պահելու, տարան այդ 2 եզին:
Դպրոց գնացել եմ 1935 թվականին։ Աշակերտական աթոռներին նստում էինք երեքով: Աջ կողքս նստում էր Գալստյան Վարազդատը, իսկ ձախ կողքս՝ Ենոքյան Բաբկենը: Երկուսն էլ սովորում էին գերազանց, և հիշում եմ, թե ինչպես նրանց տանը բեմադրվեց «Անուշ» պոեմը։ Ամբողջ գյուղը հավաքվել էր նրանց տանը: Իսկ ինչո՞ւ նրանց տունը մի քանի ժամով դարձավ թատրո՞ն։ Որովհետև այն համարվում էր գյուղի ամենամեծ տունը: Անգամ ժողովների ու խորհուրդների համար հավաքվում էին նրանց տանը:
Հիշում եմ, մի անգամ դասարանիս աշակերտուհիներից մեկը, (ով նաև գրելու տաղանդ ուներ) իր եղբորը՝ Սուրենին (ով ծառայում էր բանակում) նամակ էր գրել, ես ու ընկերներս, հետաքրքրությունից ելնելով, քրքրեցինք նրա գրքերը և պատահաբար գտանք նամակը։ Սկսեցինք կարդալ, ծիծաղել ու կատակել: Դե այդ ժամանակ երեխա էինք և չէինք հասկանում:
Նամակում գրել էր․ «Ալխանմից, Բալխանմից, Գուլխանմից, Յուրդաբեկից, Բոյխանմից Չապաևից բարև մեր ախպեր Սուրենին»:
-Ինչո՞ւ ընտրեցիք հենց պատմագետի մասնագիտությունը, ինչպե՞ս պատահեց:
-Դե գիտեք, պատանիները հիմնականում ռոմանտիկ մտածելակերպ են ունենում: Նախ ուզում էի բժշկի մասնագիտություն ընտրել, բայց երբ ծանր ու թեթև արեցի, հասկացա, որ ես բաց աչքով չեմ կարող նայել վերքին կամ բուժել այն: Եվ երբ 10-րդ դասարանում պատմությունից ինձ հանձնարարվեց ռեֆերատ կարդալ Ստալինի զեկուցումը ՍՍՀՄ սովետին ութերորդ համագումարի ծրագրի մասին, այդ ամենը տպավորվեց իմ մեջ և հիմք դարձավ պատմագետի մասնագիտության ընտրության հարցում:
-Երբվանի՞ց սկսեցիք աշխատել դպրոցում: Քանի՞ տարվա մանկավարժական փորձ ունեք:
-Երբ 1954 թ. վերջին բանակից վերադարձա, 1955թ. մարտի 1-ից դպրոցում անցա աշխատանքի: Նույն տարում ընդունվեցի համալսարան: Ինձ հանձնարարեցին դասարաններ, և սկսեցի աշխատել՝ միաժամանակ սովորելով համալսարանում: Եվ երբ ավարտեցի ուսումը, 1962թ. նշանակվեցի փոխտնօրեն՝ ընթացքում ավելացնելով դասաժամերիս քանակը:
Ունեմ 61 տարվա մանկավարժի փորձ: 61 տարի դասամատյանները ձեռքիս մտել եմ դասարաններ, դասավանդել և դուրս եմ եկել:
-Ճի՞շտ է, որ Դուք եղել եք Լիճք համայնքի գյուղապետ: Մի փոքր կմանրամասնե՞ք այդ տարիներից: Տարիների ընթացքում փոփոխություններ եղե՞լ են:
-Երբ 1969 թ. փոխտնօրեն էի աշխատում, ինձ կանչեցին Մարտունու շրջկոմ և երկար զրույցից հետո եկան այն եզրահանգման, որ ես պետք է դառնամ կուսկազմակերպության քարտուղար: Սակայն ես դեմ գնացի նրանց որոշմանը և հրաժարվեցի: Բայց նրանք պնդեցին և ասացին, որ կդիմեն բյուրո, իսկ բյուրոյի որոշումը պարտադիր է: Եվ այդպես ես ընտրվեցի կուսկազմակերպության քարտուղար և աշխատեցի 1969 թ նոյեմբերի 5-ից մինչև 1982 թ. մայիսը: Արդեն 1982 թ. մայիսին առաջարկ ստացա ստանձնել համայնքի ղեկավարի պաշտոնը: Եվ մայիսի 4-ին գումարվեց ժողով, որի արդյունքում ես դարձա գյուղապետ: Այդ ժամանակ գյուղապետի հնարավորությունները շատ սահմանափակ էր: Գյուղում չկար կուլտուրայի պալատ, չկար կուլտուրայի շենք, չկար փողոցային լուսավորվածություն, բայց իմ ղեկավարության ժամանակ կիսով չափ նորոգվեցին և կառուցվեցին մի քանի շենքեր և կառույցներ: Իսկ այժմ գրեթե ամեն ինչ բարվոք վիճակում է գտնվում՝ ճանապարհները, կառույցները և այլն, շնորհիվ ներկայիս գյուղապետի՝ Գնել Գրիգորյանի:
-Իսկ այժմ կուզենայի՞ք կրկին ուսուցչություն անել դպրոցում:
-Գիտե՞ս, ցանկանալը ուրիշ բան է, հնարավորությունը՝ մեկ ուրիշ բան: Պայմանները չեն թույլատրում: Դժվար է գնալ-գալը, այն էլ իմ ծեր տարիքում: Բնությունը ինձ հրամայում է դպրոց մտնել, դասավանդել, բայց հանգամանքները ուրիշ կերպ են թելադրում:
-Դուք ունեք շատ լավ հիշողություն, որը զարմացնում է բոլորին: Ո՞րն է Ձեր փայլուն հիշողություն ունենալու գաղտնիքը:
-Ինձ թվում է՝ լավ հիշողություն ունենալու համար պետք է կարդալ, որպեսզի տեղեկանաս և մտապահես: Գիրքը ամենամեծ գանձն է, ամենամեծ հարստությունն է, ամենամեծ կարողությունն է: Ինչպես նաև պետք է հոգով ապրել յուրաքանչյուր պահը, վայրկյանը, որպեսզի այն տպավորվի քո հիշողության մեջ և հարկ եղած ժամանակ վերարտադրել այն:
Վարդենիսը մի քաղաք է, որն ունի իր ամենահետաքրքիր ճաշատեսակները, սովորույթներն ու ավանդազրույցները։ Այդպիսին է «Պառվու ուլեր» ասվածը։ Երևի թե, ձեր մեջ հարց առաջացավ, թե ի՞նչ է դա. միգուցե որևէ վարդենիսյան ուտեստ, կամ մեկ ուրիշ նման բա՞ն։ Ո՛չ, ո՛չ ու էլի ո՛չ։ Խոսքը վերաբերում է մի երևույթի, որի ժամանակ ապրիլ ամսվա սկզբին եղանակը մի քանի օրով վատանում է՝ սկսվում է Վարդենիսի ձմեռվա բուք ու բորանը։ Այդ ամենը իհարկե ունի իր պատմությունը։
Եղել է մի տատիկ, ով ունեցել է իր սեփական ուլիկները։ Նրանց կաթը վաճառելով օրվա հացն է ձեռք բերել։ Կաթը վաճառելուց առաջ, զանգվածին միշտ ջուր է ավելացրել։ Մեկ օր տեսնելով, որ եղանակը բավականին տաքացել է, իսկ սարերն էլ արդեն ներկվել են կանաչ, որոշել է իր ուլերին տանել հանդերը՝ արածեցնելու։ Ինչպես միշտ, այս անգամ նույնպես ամեն ինչ խաբուսիկ է եղել։ Այնտեղ հասնելուն պես սկսվել է ուժեղ քամի, որը ուղեկցվել է առատ ձնով։ Չկարողանալով պատսպարվել որևէ մի տեղ, ձնախեղդ է եղել ինչպես տատիկը, այնպես էլ ուլիկները։
Դե բնական է, որ սա լեգենդի կամ առակի նման մի բան է, բայց բնականաբար դա ունի իր դաստիարակչական նշանակությունը։ Պետք չէ երբեք դիմել խարդախության հօգուտ շահի, որովհետև մի օր անպայման պատասխան կտաս դրա համար։ Իսկ ինչ մնում է նրան, թե որքանով է այդ պատմությունը համապատասխանում իրականությանը, ոչ ոք չգիտի, իսկ ապրիլ ամսվա եղանակային կտրուկ փոփոխությունների մասին կփաստեն հենց վարդենիսցիները…
Տարիներ առաջ, երբ փոքր էի, ամեն անգամ պատերազմի մասին լսելիս հետաքրքրությանս չափ ու սահման չկար: Միշտ միջամտում էի մեծերի խոսակցությանը, ամեն կերպ ուզում էի հասկանալ պատերազմի էությունը: Գիտեի, թե պատերազմն էն ա, որ հայերն ու թուրքերը կանգնում են դեմ դիմաց ու սկսում իրար կրակել: Երբ ինչ-որ մի առիթով հավաքվում էինք բարեկամներով, պարտադիր միշտ խոսակցություն էր բացվում Արցախյան ազատամարտի մասին: Ու էդ պատմությունները ինձ շա՜տ էին հետաքրքրում: Հետաքրքիր էր հատկապես «նկուղային» կյանքն ու մոմի լույսի տակ մի կերպ յոլա գնալը:
Իսկ Հայաստանն ինձ համար մի ուղիղ գիծ էր, որի ամենածայրում մեր գյուղն էր, իսկ մեզանից հետո սկսվում էր մի ուրիշ գիծ, էդ էլ Ադրբեջանն էր: Գիտեի, թե մեր գյուղից հետո էլ Հայաստան չկա:
Անցան տարիներ: Հայաստանի ուղիղ գիծ լինելու պատկերացումներս վերացան, պատերազմ վարելու ձևը՝ նույնպես: Սահմանն օրեցօր լարվում էր, զոհված զինծառայողների անունները՝ ավելանում: Իսկ երբ արդեն խոսք էր գնում սպառնացող պատերազմի մասին, ամեն կերպ ժխտում էի (կամ էլ ինձ հույս էի տալիս), որ չի կարող պատերազմ սկսվել:
Էսպես անցնում էին օրերը: Հայաստանի, հայ ժողովրդի ու, ընդհանրապես ամեն ինչի մասին պատկերացումներս փոխվում էին, բացի պատերազմ սկսվելու հավանականությունից: Ուղեղիս ծալքերում ոչ մի կերպ չէր տեղավորվում էդ փաստը, մինչև… Մինչև եկավ ապրիլը:
Ամսի երկուսն էր, սովորականի նման դպրոցում էինք ու պատրաստվում էինք Գրիգոր Խանջյանին նվիրված «Հայից հայը» խորագրով միջոցառմանը: Փաստորեն, մինչ մենք տարված էինք փորձերով, արդեն սկսվել էր իմ ուղեղի ծալքերում ոչ մի ձև չտեղավորվող պատերազմը: Պատերազմը…
Սովորականից շուտ գնացինք տուն: Սկզբից ոչ մի արտասովոր բան չկար: Մտածում էի. «Դե, միշտ էլ սենց ա էլի եղել, շատ որ՝ էս անգամ մի քիչ մեծածավալ ա»:
Արդեն երկու օրից համակարգիչն ու հեռուստացույցը դարձել էին իմ ամեն րոպեի վկաները՝ ինչ-որ նոր ինֆորմացիա կորզելու համար:
Ամեն վայրկյան մտքով դիրքերում էի, Տղերքի կողքին: Նրանց հետ կռիվ էի տալիս թուրքի դեմ, նրանց հետ ընկնում էի, նրանց նման իմ սիրտն էլ էր խոցվում թշնամու գնդակներից: Միակ տարբերությունն այն էր, որ սրանք զուտ իմ պատկեացումներն էին, իսկ Տղերքը կանգնած էին սահմանին, հող էին պաշտպանում, էդ հողը ներկում արյունով, ընկնում էդ հողի համար…
Անցան օրեր, ամիսներ, մի տարի… Պատերազմի վտանգը երևի անցել է, չգիտեմ:
Ես արդեն էլ չեմ ժխտում, որ պատերազմը միշտ մեզ հետ է, մեր կողքին և մի օր կարող է քնած հրաբուխի նման հանկարծ ժայթքել, ինչպես ապրիլին էր, մի տարի առաջ…
Լուսանկարը՝ Լիլիթ Խլղաթյանի
Երբ արդեն ամբողջությամբ հավատում էի, որ եկել է գարունը, կրկին եկավ ձյունը և ամեն ինչ փչացրեց:
Շաբաթ օր էր՝ մռայլ եղանակ էր, և ձյուն էր տեղում: Հանկարծ, քույրս արագ տուն մտնելով, գոռաց.
-Լի՜լ, արագ ջուր բեր:
Նրա ձեռքերի մեջ մի փոքրիկ ճնճղուկ կար։ Թռչունը կարծես գիտակցությունը կորցրել էր: Ես արագ, մի փոքր ջուր վերցրեցի և շաղ տվեցի նրա վրա, մի քանի անկանոն շարժում անելուց հետո նա բացեց աչքերը…
Քույրս` Սոֆին, մի քանի բառով պատմեց. «Դրսում էի, երբ նա վերևից ցած ընկավ, չեմ ուզում պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե ես այնտեղ չլինեի»: Փոքր եղբայրս` Արեգը, շատ էր ուրախացել։ Նա ուրախությունից վազում էր այս ու այն կողմ: Ու մեկ էլ՝ հո՜պ, ճնճղուկը քույրիկիս ձեռքերից թռավ: Մի քանի րոպե նա թռչում էր այս ու այն կողմ, և Սոֆիին շատ դժվարությամբ հաջողվեց բռնել նրան: Մի քանի րոպե էլ նրան պահեցինք մեր տանը, որպեսզի տաքանա, և հետո որոշեցինք դուրս հանել և թողնել, որ գնա:
Եվ այդպես էլ արեցինք, տնից դուրս եկանք` Սոֆին բացեց ձեռքերը, և այդ փոքրիկ թոչունը թռավ հեռո՜ւ, շա՜տ հեռու:
Չեք պատկերացնի, թե ինչքան մեծ էր մեր ուրախությունը։ Չէ՞ որ մենք կարողացանք օգնել նրան․․․
Վերադարձանք տուն, Արեգը լաց էր լինում: Նա լալիս էր, որովհետև մենք բաց թողեցինք իր նոր ընկերոջը: Բայց ուրիշ ի՞նչ կարող էինք անել, չէ՞ որ այդ խեղճ թռչունը սովոր է ազատ թռիչքին և սիրում է ազատությունը։ Ինչպե՞ս պահեինք մեր տանը: Ճիշտ է, Արեգը մի քանի րոպե լաց եղավ, բայց դե փոքր է՝ չի հասկանում, իսկ մենք շատ ուրախ էինք և գոհ, որովհետև կարողացանք օգնել մի անմեղ էակի և նրան ազատ թռիչքի հնարավորություն տվեցինք․․․
-Տա՛տ, բա չէիր վախենո՞ւմ,- անհամբերությամբ լի աչքերով ասաց նստածներից մեկը:
-Այ տղա՛, լա փեջն փեդ թալ, ցրտեց: Տո, չէ՜, այ բալամ, ի՞նչ վախենենք: Էն վախտ էդի նորմալ էր:
Վառարանը նորից սկսեց ագահությամբ խժռել փայտի կտորը ու եփել իր վրա շերտ-շերտ դրված կարտոֆիլը, որը սկսում էր կարմրել:
Երեխաները լռել էին: Չէ՞ որ շատ չեն նման դեպքերը, երբ տատիկը միանում է վառարանի շուրջը հավաքված չարաճճի երեխաներին:
-Հա՛,- կարծես հիշելով՝ շարունակեց տատիկը,-երբ օր էրգու մեշոկն բերնեբերան լցի (այստեղ տատս երկու ձեռքով այնպես ցույց տվեց լցված պարկն, ասես այն հենց մեր առաջ էր)՝ քաշելով հետ դարձա ավտոյի մոտ: Արդեն իրգուն էր, մութն էլ հա՜-հա էր (համարյա) վրա կհասներ: Հասա էն տեղն, դոր օր ավտոն պդի էղներ, է՛ ի՞նչ՝ ավտոն չկար, կող ու կուշտս էլ՝ չոլ: Հա կնայիմ, հա կնայիմ էս յան, էն յան, մտածիմ՝ կարող ա՞ ավտոն ա տեղն փոխե: Է, ո′չ ավտոն կա, ո′չ էլ՝ էդ կընգտիք: Մեշոկներն էլ՝ չարչրվիմ, խո չթողի՞մ:
Բոլորը շունչները պահեցին:
-Դու մի ըսա, էս ավտոն ընձի թողե, գածե, էսրա շոֆերն էլ ըսե, թե երևի ուրիշ ավտոյով ա գացե, արեք էրտանք: Ինչքա՜ն քուրըս լացե, թե բա՝ չէ՜, քուրս մացե դաշտ, չլսած, ելած, էկած: Օր էկած, խեղջ մերըս ըսե, թե իմ մեկել ախճիգ դո՞ր ա: Ըսած` ընչի չեգե՞: Էս խեղջ մերըս էլ ձենը թալա գլոխ, թե իմ ախճգան տարաք էրիք գիլու փայ: Հերըս էլ տրակտոր վերծա, գընգնի դար ու դաշտ: Սաղ հարևաներ գիկան, բա՝ ոչինչ, Մարկրիդ ջան, հեսա Ապետն կբերա: Մարդըս էլ էդ վախտ գեղն ա, դը մենք Զոմեն (յայլայի անուն) ինք:
Մգա հասեմ գիլու ձորի մոտ ահն ընգե սիրտս, կմտածիմ, թե մգա գելն է՞ս կողմից կերևա, չէ՛ էս մեգել: Մեգ էլ տենամ հեռվից հեռու երկու հադ լուս գիկա, ըսի գիլու աչքերն ին, բայց օր ձենն լսի հասկցա, օր ավտոյա: Եկավ, եկավ, տենամ հերըս ա: Նոր մեշոկներս թալի տրակտոր, ես էլ նստա ու էգանք:
-Տատ, բա էդ վիջագով իմալ է՞ր կերտեր դաշտ:
-Հա ի՞նճ կեղներ, 8 ամսկան ենք հղի, էլի:
-Վա՜յ, տատ,- լսվեց բոլոր կողմերից գոհունակությամբ:
Տատս վերցրեց վառարանի վրա դրված կարտոֆիլներց մեկը, աղ լցրեց և տվեց մեզնից ամենափոքրին:
…Երեխաները նորից սկսեցին աղմկել:
Այսօր ընտրություններ են:
Արդեն մի ամիս է, ինչ տարբեր կուսակցություններ և դաշինքներ ընտրական քարոզչություն են անցկացնում: Ամեն պահի հեռուստացույցով կարելի էր տեսնել դրանք: Բոլոր լրատվամիջոցները տարված են ընտրություններով:
Երեկ ապրիլի մեկն էր, և արգելված էր քարոզչություն անցկացնել: Հեռուստացույցով լրիվ ուրիշ հաղորդումներ են ցույց տալիս: Մթնոլորտը փոխվել է: Բայց, մի տեսակ անսովոր է. արդեն սովորել էինք ամեն օր լսել ընտրական քարոզչությունները: Չէ որ մի ամիս անընդմեջ քարոզչություն էր անցկացվում:
Ճիշտ է, ես քաղաքականություն չեմ սիրում, բայց ինձ հետաքրքրում են նախընտրական քարոզարշավները և երբեմն հետաքրքրությամբ դիտում էի քարոզչությունը:
Երեկ տոն էր՝ ապրիլի մեկը: Ծիծաղի, կատակ անելու, խաբելու օրն էր: Վստահությամբ կարող եմ ասել, որ բոլոր դպրոցականները սիրում են այս տոնը. ոչ միայն դպրոցականները, այլ նաև փոքրերը և մեծահասակները: Կատակասերների և հումորով մարդկանց ամենասիրելի օրերից մեկն էր, որոնց մեջ մտնում եմ նաև ես: Ասում են՝ ինչքան շատ ծիծաղես, այնքան կյանքդ երկար կլինի: Ո՛չ, սա կատակ չէ, ճիշտ է: Այնպես որ, ծիծաղելը ոչ միայն հաճելի է, այլ նաև օգտակար: Ստացվում է այնպես, որ ապրիլի մեկը շատ օգտակար տոն է:
Դե, իսկ այսօր արդեն դժվար թե մեկնումեկը կատակ անի. ընտրություններ են:
Ես շատ հետաքրքրասեր եմ: Իմ կարծիքով, դա և՛ լավ է, և՛ վատ։ Լավ է, քանի որ դրա շնորհիվ կարողանում եմ ավելին իմանալ ու ընդլայնել գիտելիքներիս պաշարը, և վատ, քանի որ հաճախ դրա պատճառով տուժում եմ:
Այ, օրինակ՝ մի անգամ կարդացի 17.am–ի թղթակիցներից մեկի՝ Արտյոմ Ավետիսյանի՝ «Հիվանդությո՞ւն, թե՞ մրցակցություն» վերնագրով նյութը, որտեղ նա պատմում էր Color Switch խաղի մասին և վերջում հավելել էր, որ ովքեր չգիտեն խաղի մասին՝ ոչ էլ փնտրեն, թե չէ, կրակը կընկնեն: Իսկ ես… Իսկ ես սովորությանս համաձայն՝ փնտրեցի, ներբեռնեցի ու սկսեցի խաղալ: Սկզբում հիմարություն թվաց (ինչպես մյուս բոլոր խաղերը), բայց դա միայն սկիզբն էր, իսկ հետո, երբ խորացա, այլևս չկարողացա կտրվել խաղից: Երբեմն հոգնում եմ այդ խաղից և ուզում եմ ջնջել, բայց հետո հասկանում եմ, որ մեկ է` մի քանի ժամից կրկին ներբեռնելու եմ:
Ես նույնպես խորհուրդ կտամ չփնտրել խաղը, թե չէ, դուք էլ իմ նման՝ կընկնեք այդ խաղի ծուղակը: