«Պառվի ուլերը» Հրազդանում

Լուսանկարը՝ Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը՝ Սուրեն Կարապետյանի

Առավոտ էր: Հրազդանյան սովորական առավոտներից մեկը, սակայն հետո կպարզենք, որ ամենևին էլ սովորական չէր: 

Այսօր ընկերոջս զանգից արթնանում եմ և սկսում առօրյա զրույցը, սակայն զգում եմ, որ ինչ որ խորհրդավոր ձևով է խոսում: Անընդհատ հարցնում է` դուրս նայել եմ, իսկ ես ամեն անգամ պատասխանում եմ. «Ի՞նչ պիտի լինի, գարուն ա էլի…»:

Այդպես էլ չասաց, թե ինչ է պատահել և ավարտեց զրույցը: Հագնվեցի և պատուհանից նայեցի դուրս, իսկ դրսում…

Լուսանկարը՝ Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը՝ Սուրեն Կարապետյանի

Դրսում իսկական ձմեռ է`իր ամենակարևոր բաղադրիչով. ձյուն է գալիս: Ծառերն անընդհատ օրորվում են` իրենց ճյուղերը ծանր ձնից «ազատելով»: Ակնթարթորեն հիշեցի տատիս պատմությունը, որն ամեն գարնանը պատմում էր ինձ և քույրերիս: Այն մի պառավի մասին էր (տատիս խոսքերով), ով գարնան մի այսպիսի օր իր ուլերին տարել էր դաշտ, բայց եղանակը միանգամից փոխվել էր` վերածվելով փոթորկի ու ձյան: Ու և’ պառավը, և’ ուլերը կորել էին:

Պատուհանից դուրս նայելիս մտածեցի, որ այս օրվա դեպքն ինձ ևս մեկ անգամ ապացուցեց` ինչքան էլ գիտությունը զարգանա, մեկ է,  ժողովուրդն ու ժողովրդականը միշտ էլ կունենան իրենց յուրահատկությունն ու խորհրդավորությունը…

sara harutyunyan

Խոհեր հազար խնդիրների շուրջ

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչն է ձեզ հուզում, և արդյո՞ք գտել եք պատասխանը: Իսկ ես ահա մտածում եմ, մտածում եմ, թե ինչն է ինձ ստիպում խորհել, ինչն է ինձ տանջում  այս կյանքում առավել շատ: Միգուցե անորոշությունը: Ո՛չ, անորոշությունը պետք է լիներ: Ինչո՞ւ: Մի պահ պատկերացրեք, որ ձեզ հայտնի է ամեն ինչ, ինչ պետք է կատարվեր հաջորդ ակնթարթին: Ի՞նչ կլիներ: Պարզապես կյանքը կկորցներ իր հետաքրքրությունը, իր համն ու բույրը:

Իսկ մարդկանց  անտարբերությո՞ւնը: Սա նույնպես ստիպում է մտածել, մտածել մարդկանց սառնասրտության ու անտարբերության մասին: Բայց արդյո՞ք սա իմ ձեռքերում է, արդյո՞ք ես կարող եմ փոխել, այնպես անել, որ մարդիկ բացի իրենց հոգսերից սկսեն մտածել նաև դիմացինի զգացմունքների, հույզերի մասին, անտարբեր չլինեն նրանց տխրությանը:

Ի՛նձ, ձե՛զ, մե՛զ բոլորիս պետք է հուզի այն ամենը, ինչ կախված է մեզանից, մեր ձեռքերում է, և մենք կարող ենք այն փոխել դեպի լավը: Ինչո՞ւ զուր ժամանակ վատնել այն հարցերի, խնդիրների շուրջ, որոնք մարդկանց վերահսկողությունից դուրս են: Նայում եմ շուրջս. ի՞նչ է կատարվում, ի՞նչ է կատարվում, և արդյո՞ք այսպես պետք է լիներ: Ես պարզապես գտնում եմ ինձ հուզող խնդիրը: Մի՞թե հայի ընտանիքը, որն օրինակ կարող է լինել բոլորին, այսօր պետք է կազմված լիներ մորից ու զավակներից: Իսկ ո՞ւր է հայրը, որը պետք է գլուխ կանգներ իր հայրական գորովանքով ու խստությամբ: Ինչո՞ւ է մանուկը իր մանկությունն անցկացնում առանց հոր: Անցկացնում է առանց հոր, որովհետև մեր երկրում աշխատանք չկա: Ինչո՞ւ  հայրը պետք է խեղդվի կարոտից օտար ու ամայի ճամփեքի վրա: Ո՞ւր ենք գնում մենք: Ո՞ւր ենք շարժվում, և ո՞րն է լինելու մեր երկրի վերջնակետը:

Ասում են, եթե ուզում ենք փոխել ինչ-որ բան, ապա պետք է սկսենք հենց մեզնից: Միգուցե սա ճիշտ է, միգուցե հայի ինքնագիտակցությունից ջնջել եսասիրությունը, մոլուցքը դեպի իշխանություն: Բոլորը ցանկանում են առաջնորդել: Իսկ երբ ենք հասկանալու, որ միասնականությունը մեզ կօգնի, կստիպի աշխարհին ուշադրություն դարձնել մեզ վրա: Անընդհատ հիշում ենք մեր պատմությունը, հարուստ մշակույթը, «Ծովից ծով Հայաստանը»: Իսկ ի՞նչ ունենք մենք հիմա, ինչ ունենք ներկայում, որով ապագա սերունդները կարող են հպարտանալ:

Այս կյանքում ամեն ինչ հարաբերական է, հարաբերական է երջանկությունը, փառքը, իշխանությունը: Այս կյանքը հեքիաթային է թվում նախկինի նկատմամբ: Մենք ապրում ենք այն կյանքով, որը լավ է նախկինից: Բայց այս այն չէ, ինչ պետք  է լիներ: Բոլորը մեկնում են, հեռանում՝  երկիրը  թողնելով  անտերունչ, թողնելով բախտի քմահաճույքին: Վաղ թե ուշ, եթե այսպես շարունակվի, կսկսեք իշխել ամայության մեջ, իշխել ավերակների վրա: Երիտասարդ ուժերը հեռանում են: Հեռանում են՝ իրենց նպատակների իրականացումները կապելով այլ երկրների հետ: Իսկ ինչո՞ւ մեզ չեն տալիս հնարավորություն` մեր երազանքներին, նպատակներին հասնել մեր երկրում: Տվե՛ք հայ երիտասարդին հնարավորություն, և նա կբացի գիտության այն բոլոր դռները, որոնք մինչ այդ փակ են եղել: Ու ես սպասում եմ, սպասում եմ այն ժամանակին, որը պետք է գա և իր լույսով ցրի Հայաստանի ապագան պարուրած միգը:

Մնաց երեք ամիս

 

Լուսանկարը՝ Հայարփի Բաղդասարյան

Լուսանկարը՝ Հայարփի Բաղդասարյան

Եվս մի փետրվարյան մառախլապատ օր: Քնաթաթախ աչքերով, սառած մտանք դպրոց: Ինն անց վեց րոպե է:

-Մի՛ ուշացեք, էրեխե՛ք, էլ չտեսնեմ նման բան,- կիսաջղային ու կիսաներողամիտ տոնով ասում է փոխտնօրենը`արագ-արագ աստիճաններն իջնելով:

-Ու՛ֆ, էս ինչ անիմաստ համակարգ ա է, մեռանք արդեն, դաս, պարապմունք, դաս, շտեմարան, տնային, պարապմունք… Հետո էլ ասում էին` ավագ դպրոցում կրկնուսույց հարկավոր չի լինի,- փնթփնթում եմ ես ու շտապում Արևի հետ մի նոր ու համոզիչ պատճառ մտածել մեր ուշանալու համար:

Լուսանկարը՝ Հայարփի Բաղդասարյան

Լուսանկարը՝ Հայարփի Բաղդասարյան

Վերջապես ծիծաղներս մի կերպ զսպելով բացում ենք դասարանի դուռն ու «Շռեկ» մուլտֆիլմի կատվի անմեղ հայացքով նայում ուսուցչուհուն:

-Ընկե՛ր Հունանյան, կոշիկն էր պոկվել, գնացինք, որ փոխի,-արդարանում է Արևը:

-Սուտասանի տունը հրդեհվում է, ոչ ոք չի հավատում,- սուր պատասխանում է ընկեր Հունանյանը:

-Հա, բայց ճիշտ ենք ասում, է,- ու ես էլի սկսում եմ ծիծաղել, ամոթից կարմրելու փոխարեն:

Մի կերպ ուղեղիս հրահանգում եմ, որ շարժվեմ դեպի տեղս: Վերջին նստարանին «հանգչում» է Մերին` մաթեմատիկայի բանաձևերը քթի տակ արտաբերելով, իսկ Լիան հավասարման անհայտի հայացքով նստած է կողքին: Վերջապես հասա այնքան սպասված աթոռիս ու ինձ հանձնեցի նրան: Հիմա մտածում եմ, թե որ ժամին եմ լուծելու «անըստգյուտ հայոց լեզվի սինլքոր շտեմարանի տարտարոսյան 70 վարժությունները»:

Ոչ մի կերպ չենք հասցնում համատեղել դասերն ու պարապմունքները: Էլ չեմ ասում երեք առարկա պարապող աշակերտների մասին. ոչ քուն ունեն, ոչ էլ հասցնում են հաց ուտել: Ու, չգիտես ինչու, բացակայության ժամերն էլ կրճատել, դարձրել են 80, 5 րոպե էլ ուշանում ես՝ պիտի անպայման նշանակեն: Ախր, մինչև գիշերվա մեկը, երկուսը պարապմունք անելուց հետո այնպես ենք մրափում, որ թեկուզ գան ասեն` 20 ենք ստացել ու ընդունվել համալսարան, մեկ է` չենք կարողանա վեր կենալ:

Իրար հույս ենք տալիս, որ մնաց 3 ամիս, և վերջ այս դժվար օրերին:

Լուսանկարը՝ Հայարփի Բաղդասարյան

Լուսանկարը՝ Հայարփի Բաղդասարյան