Աղվերանի մեդիա ճամբար. Ախր, ամեն ինչ սկսվել է գյուղից

Մեզանից շատերը հաճախ բողոքում են, որ իրենց քաղաքում, օրինակ` Երևանում կամ Գյումրիում, քչացել են մարդիկ, փողոցները դատարկվել են և այլն:Իսկ դուք եղե՞լ եք Հայաստանի գյուղերից մեկում:

Երեկ ֆոտոարշավի էինք մեկնել Հայաստանի Ալափարս գյուղ, որը երևի ձեզանից շատերը չգիտեն,  գտնվում է Կոտայքի մարզում: Առաջին հայացքից բավականին հետաքրքիր ու պատմությունով հարուստ գյուղ էր թվում, բայց… Լրիվ էն «Սուտլիկ որսկանի»  պատմությունը հիշեցի, որն ասում էր, թե մի տուն կար, մեջը` երեք պառավ, երկուսը` մեռած, բայց էս դեպքում ես կըսէի` կիսամեռ,  մինի բերանում էլ ըսկի շունչ չկար: Տների դռները փակ էին. մեկը փակ էր, որովհետև տան տերերը տեղափոխվել էին, մյուսի տերը հավանաբար իր կովերին էր տարել արածեցնելու, դե իսկ երրորդի տերն էլ երևի էն կիսամեռ տատիկներից մեկն է, ով պառկել է իր խոնավ ու մութ տանը` առանձնանալով ինքն իր հետ…

Ինչքա~ն պատմություններ են ստեղծվել էս գյուղում, ինչքա~ն նոր կյանքեր են եղել էստեղ, ու ինչքա~ն տարիներ են անցել էս ամեն ինչից:  Թվում էր, թե էն տեղափոխված բնակիչներից մեկը իր հետ տարել է ամեն ուրախ պատմություն ու թողել գյուղի լավն ու բարին էն իմ նկարած ժանգոտված դռներից մեկի հետևում:

Նախքան գյուղ հասնելը մտածում էի, որ գյուղում հաստատ տարածված կլինի նոր թխած լավաշի անու~շ հոտը, գյուղ մտնելիս կտեսնենք էդ լավաշներից մեկը թաքուն վերցրած մի երեխայի, նոր տարվա չիր պատրաստող նորահարսերի ու էս տեսակ լիքը երևակայական պատկերներ, որոնք էդպես էլ իրականություն չդարձան` ինձ «դիլխոր» թողնելով:

Ինձ թվում էր, թե գյուղում ընդհանրապես մարդ չի ապրում, ու երբ հանկարծ վերջապես տեսանք մեկին, որը պլշած աչքերով մեզ էր նայում, մեր էրեխեքից մեկը ասաց.

-Լա’վ, խեղճին շատ վրա չտաք, վախեցնեք: Առանց էն էլ ինքը մեզանից վախենում է:

Ողջ օրվա ընթացքում էդ գյուղը, որ հաստատ նման է Հայաստանի ներկայիս գյուղերի մեծ մասին, մտքիցս դուրս չեկավ ու մինչև հիմա էլ չի գալիս: Ախր, ամեն ինչ սկսվել է գյուղից, ու մենք ներկայանալի ենք մեր հին ու ավանդական առօրյայով, որ, ցավո~ք, վաղուց սկսել է հեռանալ մեզանից:

Երբ 17 տարի անց լքում ես հայրենի եզերքդ

Լուսանկարը՝ Հարություն Հայրապետյանի

Լուսանկարը՝ Հարություն Հայրապետյանի

Ծնվել մեծանալով Ամասիայում, տարիները ինձ կապել են նրա հետ: Ես դպրոց գնացի, և  հենց նույն տարում նոր մանկապարտեզ բացվեց իմ համայնքում, սկսեցի դժգոհել, թե իմ ժամանակ մանկապարտեզ չկար, և ես չկարողացա հաճախել:

Երբ բարձր դասարանում էի սովորում, բարենորոգվեցին մեր տարրական դասարանները, համալրվեցին նոր գույքով, գորգերով, խաղալիքներով: Ես էլի դժգոհեցի, որովհետև  դրանից նույնպես չհասցրեցի օգտվել:
Ես սկսեցի հաճախել պարի դասարան: Մեր դպրոցը անհավոր անմխիթար վիճակում էր, և ձմեռները ասես դրսում անցներ մեր դասերը, այդպես ցուրտ էր: Սակայն հակառակ բոլոր դժվարությունների, ես 7 տարի շարունակ հաճախեցի պարի, և գրանցեցի բավականին մեծ հաջողություններ իմ համույթի հետ: Մենք անցանք բավականին երկար ճանապարհէ` լի դժվարություններով, ընվզումներով, ինչպես նաև վերելքներով: Սակայն երբ ես ինչ-ինչ պատճառներով լքեցի պարարվեստը, հենց նույն տարում մեր դպրոցին նոր, վերանորոգված մասնաշենք հատկացրեցին, շատ գեղեցիկ  վերանորոգված և կահավորված: Պարի դասարանում դրված էին այն նույն մեծ հայելիները, որի մասին երազել էինք ժամանակին:
Այսպիսի  տասնյակ պատմություններ կարող եմ պատմել, երբ ես  եղել եմ ամենաառաջիններից, ով գրանցել է հաջողություններ իսկապես պայմանների բացակայությամբ:
Երբ փոքր էի, իմ դպրոցի շրջանավարտներին նայում էի հիացած աչքերով, մտածելով, որ այն ժամանակը, երբ ես կհայտնվեմ այդ կարգավիճակում, սարերի հետևում է հաստատ: Ու այդպես անցան տարիներ: Ամեն վերջին զանգի ես նույն հարցն էի տալիս ինձ, և հենց 2016 թվականի մայիսի 28-ին, երբ բարձրանում էի բեմ, հասկացա, որ արդեն եկել է ժամանակը, և ինձ են նայում նույն աչքերով ավելի փոքրերը: Հուզվեցի: Այդ օրվանից անցել է 2 ամիս, և ամեն հիշելուց այդ օրվա իմ հուզական աշխարհը, նույնը վերապրում եմ: Այդ օրվանից չի դադարել ինձ մի միտք տանջել. «բան չմնաց, շուտով կերտամ»:

Հաճախ էի խոսակցության մեջ օգտագործում այդ արտահայտությունը ու ծիծաղում, բայց հիմա նոր եմ հասկանում այդ բառերի իրական արժեքը: Հա, էլի «կերտամ ստեղից» ու չեմ կարող խոստանալ, որ հետ կգամ: Ո՞վ գիտե` կյանքի ալիքը նպատակներին հասնելու ճանապարհին ում ուր կշպրտի, բայց մի բան հաստատ է, չեմ ուզում գնալ, չեմ ուզում թողնել իմ փոքր, ծուռումուռ ճանապարհներով, խիստ ձմեռներով, մեղմ ամառներով, մաքուր օդով, հրաշալի բնությունով, Ախուրյան գետով, ու լիքը լավ մարդկանցով Ամասիա գյուղս:
Բայց խոստանում եմ վերադառնալ կյանքիս ամենակարևոր պահերին: Չափասա դառնալ այստեղ, ընտրական իրավունք ստանալուց հետո շատ երազած անվավեր քվեաթերթիկը այստեղ ստեղծել, վարորդական իրավունքս ստանալ այստեղ, մեքենաս խփել այստեղ, ու լիքը առիթներով էլի ու էլի հետ գալ:

Լուսանկարը՝ Մարիամ Հայրապետյանի

Լուսանկարը՝ Մարիամ Հայրապետյանի

Մի երկու տարի առաջ  մեր համայնքի երիտասարդներով  ստեղծեցինք «Սբ. Գևորգ» եկեղեցու եկեղեցասեր  երիտասարդաց միություն: Ես էլ դարձա նրա առաջին ու հավատարիմ անդամներից մեկը: Միությունը իմ ամենաջերմ, հարազատ բանն է, որ թողնում եմ: Ու այսօր հեռանալիս կասեմ` «Միությունս, ես քեզի սիրեմգը»: Կգան ինձ փոխարինողներ, ինձնից լավերը, բայց  ես երբեք ձեզ հանգիստ չեմ թողնի:

Լուսանկարը`Ժորա Պետրոսյանի

Չկորցնե՛լ մեր մեջ ապրող երեխային…

Երեկ քայլում էի փողոցով և տեսա երկու փոքրիկ երեխաների, որոնք վազվզում էին խոտերի վրայով, ձեռքերով կպչում հողին, փակում աչքերը և վայելում այդ ակնթարթը, իսկ նրանցից մեկը կանգնել էր խոտերի վրա ու դեմքը ուղղել արևին:  

Նրանց տեսնելով մի պահ նույնիսկ մոռացա, թե որտեղ եմ, և թե ուր եմ գնում: Այնքան հազվագյուտ ու հոգեհարազատ տեսարան էր, որ կարծես մանկությունիցս էր ինձ հյուր եկել: Մի քիչ հետո վերադարձա իրականություն ու սկսեցի մտածել: Ես զգում էի, թե որքան ենք մենք՝ մարդիկս, տարիքի հետ դառնում անտարբեր ամեն հնի ու առհասարակ, ամեն ինչի նկատմամբ: Մենք դեռ ունենք փոխվելու հնարավորություն և ժամանակ, դեռ կարող ենք լինել երեխաների նման մաքուր, անկեղծ և հետաքրքրասեր: Մենք ենք մեր ընտրության տերը և իհարկե մենք  բոլորս էլ համարյա ամեն օր կանգնում ենք  բարդ ընտրության  առաջ: Եվ հենց այդ որոշումներից է կազմված մեր կյանքը: Ոմանք անընդհատ դժգոհում են կյանքից, մյուսները ամեն տեսակի դժվարություները հաղթահարում են ժպիտով և լավատեսորեն տրամադրված, մյուսները հուզվում են, մնացածն էլ ընկճվում և հետ են նահանջում: Բայց ինչքան վատ տրամադրվենք, դժգոհենք, դաժանանանք ու նեղվենք, այնքան դժվար կլինի մեզ և այն մարդկանց համար, ովքեր մեզ սիրում են, մեզանով հպարտանում և առհասարակ բոլոր նրանց համար, ովքեր մեզ շրջապատում են: Կյանքում լինում են պահեր, երբ մահը այքան շատ է օդում, որ կյանքը խեղդվում է: Այդ պատճռով կյանքին պետք է նայել լավատեսորեն, վայելել նրա մատուցած անակնկալները՝  թե լավ, թե վատ, չհիշել տխուր պահերը, հիանալ արևածագով և մայրամուտով, գիշերային երկնքով, լուսնի հմայքով, արևի ջերմությամբ,  ինչպես դա անում են երեխաները: Նրանք այնքա՜ն ամուր են տպվել հիշաղությանս մեջ, որ նրանց էլ երբեք չեմ մոռանա: Եվ միթե մենք՝ մարդիկս չենք կարող ապրել այս պահով՝ թրջվել անձրևի տակ, խաղալ փոքրերի հետ, պառկել ձյան վրա և հրեշտակ պատկերել, ճանապարհորդել և կյանքը զգալ:  Նայել մի փոքրիկի դեմքին, ժպտալ ու պատասխան ժպիտ ստանալ, մեծերին օգնել, մանկության գիրկը ընկնել, առաջին անգամ հրավառություն տեսած երեխայի նման զարմանալ, սիրահարվել, ինքնաթիռ նստել:
Պետք է  փորձել ամեն ինչում տեսնել միայն բարին, լուսավորը և այն ամենալավը, ինչը կյանքը դարձնում է անկրկնելի ու յուրօրինակ: Երևի պետք է աշխարհին նայել երեխաների աչքերով:

leyli tadevosyan

Բալքի դյուզն ալ տի ա

Նկատե՞լ եք, թե ժամանակներն ինչպես են փոխում մարդկանց, նույնիսկ ժպիտներն ու դեմքերն են փոխվում… Ասում են` այս ամենը զգալու և հասկանալու համար, որոշ ժամանակ պետք է բացակայես այն վայրից, որտեղ ապրում ես: Ես ունեի այդ «հնարավորությունը»` զգալու և համեմատելու:

Այն, ինչ տեսնում եմ հիմա` մեկ տարի անց…

Նախքան տուն վերադառնալը, ընկերներիցս միշտ լսում էի, որ Հայաստանում պայմաններն ավելի են վատացել, որ մարդիկ ավելի տխուր են, որ խնդիրներն ավելացել են: Լսում էի, բայց նաև մտածում, որ մենք` հայերս, ամեն ինչ չափազանցնելու հակում ունենք: Հիմա եկել եմ Հայաստան ու հասկանում եմ, թե ինչի մասին էին խոսում ընկերներս…Տեսնում եմ, որ մարդիկ չեն փոխվել, բայց անվերջանալի խնդիրները չեն թողնում, որ նրանք ազատ շնչեն ու փոքր-ինչ անհոգ ապրեն…

Օրեր առաջ զրուցում էի ամենամոտ ընկերուհուս հետ ու պատմում, որ հայերի համեմատ, ամերիկացիներն ավելի «բոյով-ջանով» են: Ընկերուհիս, առանց երկար-բարակ մտածելու, ասաց.

-Է~հ , Լի~լ ջան, ըստեղ պրոբլեմները վերևից կսեղմեն մարդկանց, ըդոր համար էլ չեն բոյովնա…

Էդ պահին ուշադրություն չդարձրի նրա ասածին, բայց հետո այդ միտքը դարձավ իմ օրվա դարձվածքը… Երևի նա ճիշտ է, բայց ինչպես ղարաբաղցիներն են ասում` գյուդըմ չըմ…

Մտածում եմ, կամ, ավելի ճիշտ, համոզված եմ, որ խնդիրներ ամեն տեղ էլ կան, ու դրանց պատճառով Հայաստանը լքելը` թողնել-հեռանալը` հարցի լուծում չէ: Սա մե’ր տունն է, մենք էստե’ղ ենք մեզ ՀԱՅ զգում, մեզ էստե’ղ են հավասարը հավասարի աչքով նայում: Բայց մենք չենք սովորել և չենք տիրապետում ամենակարևոր արվեստին… Չենք գնահատում մեր ունեցածը…

Բալքի դյուզն ալ տի ա…

hripsime baloyan

Նպատակաերազանքային

Շատերս նպատակ եւ երազանք բառերը սխալ ենք ընկալում եւ կյանքում էլ սխալ օգտագործում: Երբեմն  էլ նույն իմաստի տակ ենք գործածում: Օրինակ, երբ ասում ենք նպատակներիդ, երազանքներիդ իրականացում եմ ցանկանում: Առաջին հայացքից ամեն բան կարգին  եւ ճիշտ է թվում, բայց ես հիմա կփորձեմ բացատրել այդ բառերի իմաստը եւ նրանց մեջ եղած հսկայական տարբերությունը:

Ըստ իս, երազանքները անհնարին պետք է լինեն, եւ դրանց իրականացում ցանկանալը սխալ է: Օրինակ, երբ տվյալ անձը ուզում է ձեռք տալ աստղերին, լուսնին կամ արեգակին,  դա երազանք է, ոչ թե նպատակ, որովհետեւ դա անհնարին է: Իսկ երբ ասում է` երազում եմ դառնալ բժիշկ, արդեն սխալ է, հարկ է ասել` նպատակ ունեմ դառնալ բժիշկ, որովհետեւ այն իրատեսական է եւ հնարավոր: Եթե հնարավոր բան է մտքինը, ապա այն պետք է դարձնել նպատակ եւ նրա հետեւից գնալ:

Եկեք առանձնացնենք մեր նպատակները երազանքներից եւ հնարավորը չդարձնենք անհնար: Փորձենք անել ամեն ինչ մեր նպատակներին հասնելու համար, որպեսզի դրանք չդառնան երազանք, բայց դրա հետ մեկ տեղ չդադարենք երազել, քանի որ երազելը մնում եւ մնալու է հաճելի  ու գեղեցիկ երեւույթ:

Ահա եւ փորձեցի իմ տեսանկյունից պարզաբանել այդ բառերը իրենց իմաստով, սակայն յուրաքանչյուրն ունի իր մոտեցումը,հետաքրքիր կլիներ իմանալ նաեւ ձերը:

Շուշան Վահանյան

Ավարտելուց հետո

Երբ ինձ ասում էին.

-Վերջ, էլի, դպրոցը ավարտեցիր:
Ես միշտ հակառակվում էի: Չէ, հլը չեմ ավարտել, կավարտեմ էն ժամանակ, երբ քննություններս բարեհաջող հանձնեմ:

Քննություններս էլ հանձնեցի, էլի շնորհավորում էին ավարտելու կապակցությամբ ու էլի ասացի` չէ, հլը չեմ ավարտել: Սպասեք` վկայականն էլ ստանամ, ու նոր: Ու իրոք, ինձ համար դպրոցն ավատելը վկայականն ստանալն էր:

Չեք պատկերացնի, երբ դասընկերուհիս եկավ մեր տուն ու ասաց.
-Վաղը գնալու ենք դպրոց` վկայական ստանալու:
Ուրախացա:
-Վերջապես… Ինչքան էի սպասում:
Առավոտյան եկանք դպրոց: Ճիշտ է, ուրախ էինք, կատակներ էինք անում, խոսում, քննարկում առաջիկա էքսկուրսիայի, անելիքների մասին, բայց կար խորը հուզմունք, ու բոլորս էլ հասկանում էինք: Վերջ դպրոցական կյանքին. վերջին զանգ, դպրոցական վերջին ավարտական քննություններ, վկայական…
Ու այդ օրը ես հասկացա, որ վերջ, մենք արդեն էլ սրտատրոփ չենք սպասելու սեպտեմբերի մեկին, որ գնանք մեր սիրելի դասարան, տեսնենք սիրելի դասընկերներին, սիրելի դասղեկին և ուսուցիչներին: Հետո մի պահ ուշքի եկա: Ես ապրում եմ Շիրակի մարզի Բանդիվան գյուղում: Նրանք, ովքեր բուհ կընդունվեն, արձակուրդներին կտեսնենք, տղաներին` 2 տարի բանակում ծառայելուց հետո, իսկ մյուսները… Մյուսնե՞րը, ի՞նչ են անելու մյուսները, որոնք հնարավորություն չեն ունենա ուսումը շարունակելու, աշխատանք կգտնե՞ն գյուղում: Երևի ամենաշատը այս անորոշությունից էինք տխուր:

Ամառը զուր մի վատնեք

Եթե հանկարծ նավաբեկության ենթարկվեմ ու ընկնեմ Խաղաղ օվկիանոսի արխիպելագներից մեկը. «Խորհրադավոր կղզին»

Մոտ կես ամիս առաջ էր, երբ սկսեցի կարդալ մի գիրք, որն ինձ գրավեց իր հետաքրքիր վերնագրով: Գրքի հեղինակն իր հեղինակած գրքերով ճանաչված է, թե՛ Հայաստանում, թե՛ ողջ աշխարհում: Դա ֆրանսիացի հայտնի գրող, աշխարհագրագետ Ժյուլ Վեռնն էր, իսկ գիրքը՝ «Խորհրդավոր կղզին»:

Ես մի սովորություն ունեմ. կարդում եմ գրքի սկզբի մի քանի էջը, որից հետո կարդում եմ գրքի ամենավերջը: Գիտեմ, հիմա կասեք` հետո կարդալը հետաքրքիր չի լինի, ու ես կասեմ հակառակը:

Երբ սկզբում կարդում էի, գիրքն ինձ համար այնքան էլ հետաքրքիր չէր, բայց երբ շարունակեցի, ավելի ու ավելի հետաքրքրեց:

Գրքի հինգ հերոսները՝ լրագրող Գեդեոն Սպիլեթը, ինժեներ Սայերս Սմիթը, նավապետ Պենկրոֆը, Հերբերտն ու Նաբը, ինչպես նաև ինժեների շունը՝ հավատարիմ Տոպը, օդապարիկով փախչելով պաշարված Ռիչմոնդ քաղաքից, հինգ օր օդում մնալով, ընկնում են մի անմարդաբնակ կղզի, որը հետո ի պատիվ ԱՄՆ նախագահի, անվանում են Լինքոլնի կղզի:

Այնտեղ նրանք մնում են չորս տարի: Շատ չարչարանքներ են կրում, բայց շնորհիվ Սայերս Սմիթի խելացիության և նրանց աշխատասիրության, այնտեղ ապրում են արժանապատիվ կյանքով:

Ասածս ինչ է. երբ մի օր գնամ ճանապարհորդության, ինձ հետ անպայման վերցնելու եմ «Խորհրդավոր կղզին» գիրքը, որ եթե հանկարծ նավաբեկության ենթարկվեմ ու ընկնեմ Խաղաղ օվկիանոսի արխիպելագներից մեկը, կարողանամ գոյատևել:

Հավատացած եմ, որ այս գրքի օգնությամբ ամայի կղզիները կդառնան փոքրիկ «քաղաք-պետություններ»: Գրքից մի բան երևի երբեք չեմ մոռանա: Մի առիթով նավապետ Պենկրոֆն ասում է. «Եթե ես ընկնեմ ամայի օվկիանոսի մեջ մի փոքրիկ ժայռի վրա, միայն թե ինձ հետ լինի Սայերս Սմիթը, հավատացած եմ՝ ամեն բան լավ կավարտվի»:

Խորհուրդս հասակակիցներիս` ամառը զուր չվատնեք. ավելի շատ գրքեր կարդացեք:

Մեր կողքին ապրող երեխաները

davit ayvazyan

Հրաշք

Հրաշք. ոմանք հավատում են դրան, ոմանք` ոչ: Հավատում են բոլոր նրանք, ովքեր գոնե մեկ անգամ ականատես են եղել հրաշքի, բայց երբեք էլ չես տեսնի, եթե չես հավատում, որ այն կա: Հրաշք կտեսնես յուրաքանչյուր պահի, եթե աշխարհին նայես հրաշքով լի աչքերով: Մի՞թե հրաշք չէ նորածին երեխան, մի՞թե հրաշք չէ, երբ նա արտաբերում է իր առաջին բառը, հնչյունը:

Ես հավատում եմ, որ կա հրաշագործ, ուստի նաև հավատում եմ հրաշքին: Հրաշագործ կարող ես դառնալ ինքդ` տալով աղքատին օգնություն, կամ հիվանդին բուժվելու հնարավորություն: Ամեն ինչ փողկապակցված է, ուղղակի պետք է գիտակցել, որ եթե կա վատ, ուրեմն կա նաև լավ, եթե կա ծնունդ, պարտադիր է մահը:

Բոլոր մարդիկ ունեն և չար, և բարի կողմ, հաղթում է այն կողմը, որին ավելի շատ ես վստահում: Եթե աշխարհին նայես չար աչքերով, կտեսնես միայն չարը: Եթե նայես բարի աչքերով, կտեսնես երկուսին էլ` և չարին, և բարուն, բայց հավատալով, որ բարին կհաղթի: Հավատ, որը քեզ կարող է հասցնել ամեն ինչի` և փառքի, և կործանման: Եթե հասնես փառքի ու կորցնես հավատդ, կհասնես կործանման: Իսկ եթե հասնես կործանման ու չկորցնես հավատդ` կհասնես փառքի:

Կյանքի պարզ տրամաբանություն, բայց հիմնականում հաձնվում ենք, գրեթե հաղթանակին հասնելու պահին, իսկ երբեմն էլ պարտությանը մոտ հաղթում ենք: Մի՞թե սա հրաշք չէ:

Հրաշք կա միանշանակ, ուղղակի պետք է հավատալ հրաշքին:

Մի դադարեք հավատալ, ու ամենածանր պահին հավատը չկորցնելով, արդեն իսկ հրաշք կգործեք: