hasmik givargizyan

Բարևն Աստծունն է

Հաստատ գիտեմ, որ յուրաքանչյուրիս շրջապատում էլ կա մեկը, ով միշտ ուրախ է ու անդադար ծիծաղում է՝ չնայած նրան, որ երբեմն կարող է բոլորիցս ավելի լուրջ լինել: Ես բացառություն չեմ, ու իմ այդ ծանոթի անունը Սոնա է: Մեկ-մեկ նայում եմ նրան ու մտածում. «Այ մարդ, էս աջղիկը ոնց ա սենց ուրախ: Հեչ ոչ մի բանի մասին չի՞ մտածում: Չէ, հաստատ մտածում է, բայց դե, ինքն էլ իր ձևով»:

Ես, Անին ու Սոնան պիտի գնայինք հանրահաշվի պարապմունքի: Մինչև Սոնայենց տանը հասնելը հանգստություն էր տիրում իմ ու Անիի միջև: Աչքներս չհասցրինք թարթել, Սոնան հայտնվեց խաչմերուկում, իհարկե՝ ժպիտը դեմքին:

-Վայ, վայ, վայ, ի՞նչ հոգնած եք քայլում,- ասաց Սոնան:

-Սոն, մենք քո էներգիան չունենք,-պատասխանեցի ես:

Սոնան եկավ, ու «սփռելով» իր էներգիան մեզ վրա՝ ստիպեց բոլորիս շատախոսել:

Համարյա դուրս էինք եկել Սոնայենց թաղից, երբ բացականչեց.
-Վա՜յ, Հաս, տեսար, չէ՞, Քնար տոտային չբարևեցի:

-Քնար տոտան ո՞վ ա,-հարցական հայացքով մեզ նայեց Անին:

-էս վերևի տան տերը: Ան, լսի` բան եմ ասում: Էս Սոնան, ում կողքից անցնում ա` բարև ա տալիս. ու կապ չունի` էդ մարդն իրան տենում ա, թե չէ, կամ ճանաչում ա, թե չէ:

-Սոն, բայց իմաստը ո՞րն ա,- հարցրեց Անին:

-Խոսում ա էլի, որ չճանաչեմ` ո՞նց կբարևեմ,- ասաց Սոնան, ու խոսքը դեռ չավարտած, դիմեց ճանապարհի եզրին կանգնած պապիկին,- բարև, Արգամ պապի:

Ես ու Անին նայեցինք իրար ու սկսեցինք ծիծաղել:

Պարապմունքից վերադառնալիս Սոնան ասաց.

-Հաս, հենց հասնենք մեր թաղ` հիշեցրու Քնար տոտային բարևեմ:

-Լավ, լավ, հասկացանք:

Էլ չեմ հիշում, որտեղից էր գալիս խոսակցությունը, բայց հանկարծ հիշեցինք Սևակին:

-Էն ո՞նց էր, է, որ ասում էր` աչքերս սառում են, թե ինչ:

-Գիտե՞ս որն ա, որ ասում ա.

«Մենակություն բառից դողդողում է օդը իմ սենյակի,

Ու ես հասկանում եմ,

Որ աչքերն են մարդու ամենաթաց տեղը…»

Բառերը դուրս են թռչում իմ բերանից անկախ իմ կամքի, և ես հաճույք էի ստանում առաջացած մթնոլորտից: Մի պահ բոլորս՝ անգամ շատախոս Սոնան, լռել էինք, բայց երբ Սոնան նկատեց, որ Քնար տոտայենց տունն անցել ենք, սկսեց իր «խրատներով» ու շատախոսությամբ ևս մեկ անգամ ստուգել մեր ականջերի ընկալունակությունը:

Մի անգամ տատս ասաց, որ բարևն Աստծունն է, բայց երբ մեզ հետ Սոնան է, երբեմն ուզում եմ ուղղակի կապել նրա բերանը:

Դրվագներ իմ կյանքից

sofya abrahamyan

Ապերը

Երեկո էր, երբ մեզ հյուր եկավ հայրիկիս ընկերը՝ իր փոքր տղայի ձեռքը բռնած:

Հաճախ փոքրերը չեն կարողանում արտասանել իրենց սեփական անունը. օրինակ ես «թլոշ» էի ու ինքս ինձ Ֆոֆան էի ասում: Այս երեխան նույնպես չէր կարողանում արտասանել իր անունը, բայց հակառակ դրան ինձ նման «թլոշ» չէր: Ուղղակի ուներ իր ստեղծած փոքրիկ աշխարհը:

Նա ուներ շատ գեղեցիկ, խոշոր և կապույտ աչքեր: Իսկ բառե՜րը…

Երբ տեսա, որ արդեն ձանձրանում է հայրիկիս և իր ընկերոջ խոսակցությունից՝ որոշեցի տուն տանել և զբաղեցնել: Ճանապարհին, ի զարմանս ինձ, առաջինը նա խոսեց (չէ՞ որ առաջինը միշտ մեծերն են խոսում).

-Ողջույն, ես Ապերն եմ, իսկ դո՞ւ,-զարմանալի է, և սա ասում է ընդամենը երեք տարեկան երեխան՝ այն էլ գրական հայերենով (սակայն Ապերի իրական անունը Վահրամ է):

-Ախ, Ապե~ր, ես էլ Սոֆյան եմ:

-Չէ՛, դու Աստղիկն ես:

-Աստղի՞կ, ինչի՞:

-Որովհետև բարձրահասակ ես, քեզ նայելուց գլուխս բարձրացնում եմ, համ էլ, որ մթության մեջ ժպտում ես` աստղի պես փայլում ես:

Ի՜նչ հետաքրքիր է, ուրեմն ինձ աստղի նմանեցրին:

Քիչ անց հասանք պատշգամբին, որտեղ տատիկը լվացքն էր փռում:

-Բարև տատիկ, ես Ապերն եմ, բա որտե՞ղ ա պապիկը, ախր, առանց պապիկի տատիկ չի լինում, -վրա հասավ Ապերը:

Տատիկը զարմացած շուռ եկավ, նայեց կապուտաչյա փոքրիկին ու ջերմ ժպիտով ասաց.

-Վա՜յ, բալիկ ջան, պապը ներսում հեռուստացույց ա դիտում:

Ապերը ներս վազեց, հետո հետ նայեց դեպի ինձ ու ասաց.

-Աստղի՜կ, Աստղի՜կ, դուրսը ցուրտ ա, կաթ եմ ուզում:

Ինչ արած, գնացի խոհանոց, ու մինչ ես կաթն էի տաքացնում, Ապերը պապիկի հետ զրույցի էր բռնվել.

-Պապիկ, արդեն ձմեռ ա գալիս, ես էլ նամակ պետք ա գրեմ Ձմեռ Պապին, գիտե՞ս ինչ եմ ուզելու:

-Է՜հ բալիկ ջան, ի՜նչ Ձմեռ Պապ, ես որ քո տարիքին էի՝ սով էր, ու մի կտոր հաց էի ուզում: Ասա տեսնեմ` դո՞ւ ինչ ես ուզում:

-Ես որոշել եմ Ձմեռ Պապ դառնալ, դրա համար էլ խաղալիքներ եմ ուզում ու մորուք, որ մեծանամ, եղնիկները ինձ Լապլանդիա տանեն:

Մինչ Ապերը կաթն էր խմում, եկել էր ժամանակը տուն գնալու, և նա շտապեց, խոստանալով նորից այցելել:

Ապերը իմ տեսած ամենահետաքրքիր երեխան էր:

vahe stepanyan

Խոսքը այլ բանի մասին էր

Երևի բոլոր մարդկանց մոտ էլ էդպես ա: Երբ ուժերի գերլարումով, ինքդ քեզ խաբելով, մի կերպ նստում ես դաս անելու, պարտադիր պայման ա, որ «ֆոնի վրա» հեռուստացույցից ինչ-որ ձայներ դուրս գան: Ու հեչ էլ կարևոր չի, թե ինչ են ցույց տալիս: Կարող ա լինի` լուրեր, ինչ-որ ֆիլմ, հաղորդում… Ու կարող ա լինի հայկական սերիալ: Հիմա կասեք, որ «մեյնսթրիմ» ա. եկավ հայկական սերիալները «քլնգի» ու գնա: Չէ, չէ: Ուրիշ բան եմ ուզում ասել:

Ամեն միջին վիճակագրական տան մեջ, ամեն օր գալիս ա էն պահը, երբ մայրիկները ու տատիկները կազմում են «սերիալային կոալիցիա», գրավում են հեռակառավարման վահանակը (թող ինձ ներեն ոսկեղենիկ հայերենի բոլոր ջատագովները, բայց, էս ի՞նչ հիմար բառ ա) ու հյուրասենյակում զբաղեցնում այնպիսի մի դիրք, որտեղից հեռուստացույցի վրա կբացվի հրաշագեղ տեսարան: Ու գնա՜ց: Կոտրված սրտեր, խեղված ճակատագրեր, ես քո հորեղբայրն եմ, ես էլ քո մորաքույրը: Ու էսպես շարունակ: Լավ, ես դրա մասին չէի ուզում գրել:

Չնայած առիթից օգտվելով հայկական հեռուստաընկերություններին կխնդրեմ, որ էդ ձեր գրողի տարած սերիալների ժամերը փոխեք: Գիշերվա 4-ին, օրինակ, որ ես քնած լինեմ: Կամ էլ ցերեկը՝ 2-ի մոտերը, որ տանը չլինեմ: Համ էլ էդ ժամին 2×2-ով կարգին սերիալ ա գնում: Փոխեք ժամը, թողեք ես էլ հեռուստացույց նայեմ մեկ-մեկ: Լավ շեղվեցի:
Հա: Ուրեմն նստած անգլերենի պարապմունք եմ անում: Ու մեկ էլ սկսվեց աշխարհի ամենահիմար երկխոսությունների ժողովածուն: Էլ չեմ ասում հերոսների էն «բարձրաձայն մտածելակերպի» մասին: Դե արի ու դիմացի: Սրանից մենակ մի պրծում կա: Ականջակալներս դրեցի: Մի 5 րոպե ինձնից գոհ գրում եմ: Հետո կարդում եմ:
Mafia is famous party game created in the USSR in 1986. It models a sky full of stars, cause you’re sky full of stars. I’m gonna give you my heart …
Էս ի՞նչ եմ արել: Coldplay-ի երգի բառերը խառնել եմ Mafia-ի մասին տեքստին: Ըհ: Լավ էլի: Ականջակալներով դաս անելը անհնար բան ա: Սենց չի լինի: Հանում եմ ականջակալներս ու ստիպված «սերիալ լսելով» եմ գրում: Վերջում ստուգում եմ: Լավ ա: Վազգենի ու Աստղիկի (այստեղ կարող է լինել ձեր սիրելի «սերիալային ընտանիքը») ընտանեկան վեճը չեմ խառնել տնայինիս:
Ու էսպես ամեն օր լսում եմ էդ սերիալները ու հիշում ամեն ինչը մինչև վերջին դետալը: Ու երբ դասարանում կռիվ են անում, թե ով ում ա սպանել սերիալում, կամ ով ում երեխան ա, կողքից լսելով «նրանց ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը սերիալներին» մեջ եմ մտնում ու տալիս ճշգրիտ ինֆորմացիա: Նրանք ցինիկ հայացքով նայում են ինձ ու ոչ պակաս ցինիկ տոնով ասում են.
-Բա հետո էլ ասում ես` սերիալ չեմ նայում. հենա մեզնից լավ գիտես:

Ու իմ պատասխանը՝ «չեմ նայում է, լսում եմ, էն էլ իմ կամքից անկախ», ոչ-ոք չի լսում:

Խոսքս հղում եմ ձեզ: Էդ ձեր սերիալները մի քիչ ուշադիր նայեք: Թե չէ կողքից ապատեղեկատվություն լսելն ու կուլ տալը իմ ուժերից վեր է: Մի ստիպեք ինձ ուղղել ձեզ: Ես մեղավոր չեմ, որ նույնիսկ չիմանալով սերիալի անունը, ամբողջ սցենարը անգիր գիտեմ:

Հ.Գ. Եթե այս նյութում ես վիրավորում եմ ձեր սիրելի հայկական սերիալները, իմացեք, ես … Ես չեմ պատրաստվում ներողություն խնդրել ձեզնից: Հեհե: Էդ էր պակաս: «Զիբիլ» ա էլի , հո սուտ չե՞մ ասում:

Mari Baghdasaryan malishka

Գրադարանում

Եղեգնաձորի մարդաշատ փողոցներում անձրևոտ աշուն է: Մարդիկ քայլում են անձրևանոցով կամ առանց անձրևանոցի: Ու ես էլ շատ մարդկանց նման քայլում եմ առանց անձրևանոցի, անցնելով ծանոթ մայթերով` տեսնում եմ ջրափոսերում իրենց գեղեցկությունը կորցրած տերևներ: Ցանկություն է առաջանում գրադարան մտնելու: Մտնում եմ ու դուռը բացելուն պես իրենց ջերմ ժպիտով ինձ ողջունում են գրադարանավարուհիները: Հետո հարցնում են, թե այս անգամ ի՞նչ գիրք եմ ուզում կարդալ:

-Դե, այս անգամ որոշել եմ կարդալ Ալեքսանդր Դյումայի «Սև կակաչ» վեպը:

Գրքի անունը լսելուց անմիջապես հետո բերում և ինձ են տալիս:
Իսկ հետո մտքովս անցնում է հարցազրույց վերցնել գրադարանավարուհիներից:

-Վաղո՞ւց եք աշխատում գրադարանում:

-Եթե տարիներով հետ գնամ ու փորձեմ հիշել, կասեմ, որ 1989 թվականից աշխատում եմ գրադարանում, արդեն քսանյոթ տարի,- պատասխանում է ընկեր Կարինեն:

-Շա՞տ ընթերցողներ ունեք:

-Այո, չենք դժգոհում:

-Կա՞ն գրքեր, որ երիտասարդներն ավելի շատ են ընթերցում:

-Այո, իհարկե կան, օրինակ՝ Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք» վեպը կամ Հերման Հեսսեի «Տափաստանի գայլը»:
Լսելով գրքերի անունները` հանկարծ հիշեցի այս տողերը, որ կարդացել էի Հեսսեի «Տափաստանի գայլը» գրքում. «Հավերժության մեջ ժամանակ չկա, հավերժությունը սոսկ մի ակնթարթ է, որը բավական է հենց մի կատակի համար»:
Հետո շարունակեցի հարցերս:

-Իսկ ո՞րն է Ձեր ամենասիրելի գիրքը, որ խորհուրդ կտայիք կարդալ:

-Սոմերսեթ Մոեմի «Լուսին և վեցպենսանոց»-ը:

-Ի՞նչ նոր գրքեր ունեք, և հեղինակներն ովքե՞ր են:

-Վերջերս նոր հեղինակների գրքեր ենք ստացել. Էլիֆ Սաֆակ «Ստամբուլի ընկեցիկը», Կիմ Բակշի «Արցախի հոգևոր գանձերը»:

-Գիտեմ, որ գրադարանը միշտ հետաքրքիր միջոցառումներ է կազմակերպում, մոտ ժամանակներս ի՞նչ է սպասվում:

-Պատրաստվում ենք Վայոց Ձորի Քարագլուխ համայնքի բնակիչ, գրող Ֆոլիկ Հակոբյանի «Քարագլուխ» գրքի շնորհանդեսին, բայց ամսաթիվը դեռ որոշված չէ:

-Այլ գրողներ ներկա լինելո՞ւ են այդ շնորհանդեսին:

-Այո, ներկա են լինելու մեր մարզի գրողները՝ Նորիկ Առաքելյանը, Լուսիկ Մկրտչյանը և հենց ինքը` գրքի հեղինակ Ֆոլիկ Հակոբյանը:
Մի քիչ էլ զրուցեցինք, և երբ դուրս եկա, առաջինը, որ նկատեցի, արևն էր:
Սիրում եմ նոյեմբերյան աշնան արևը:

Sona Tumanyan

Նորից քննություններ

Անգլերենի դասաժամն էր, երբ ինչ-որ թերթ ձեռքին ներս մտավ տնօրենը.

-Երեխանե՛ր, ԳԹԿ-ի կողմից տրվելու են արտաքին գնահատականը ստուգող քննական թեստեր:

-Էլի՛ քննություններ,- բացականչեցինք մենք:

Առարկաներն ընտրովի էին. կային նաև պարտադիր` բնագիտական կամ լեզուներ: Մեր դասարանում կա տասնինը աշակերտ, որոնցից տասնվեցն ընտրեցին լեզու եւ գրականություն, մեկը` պատմություն, իսկ ես ու Հասմիկը հանրահաշիվ, քանի որ երկուսս էլ շատ ենք սիրում այդ առարկան:

Բնագիտականից ընտրեցի ֆիզիկա, բայց ցավոք, ոչ ոք չընտրեց այդ առարկան, մնացի մենակ: Եկավ հանրահաշվի ժամը, և մենք ուսուցչուհուն պատմեցինք նոր քննության մասին: Նա ասաց, որ շատ բարդ քննական թեստեր են, պիտի շատ պատրաստվենք: Այսպես ասած, վախը գցեց մեջներս: Ասաց նաև, որ արտագրելը բացառվում է: Հույսներս պետք է դնենք միայն ինքներս մեզ վրա:

Էլի՛ քննություններ, էլի՛ պարապմունքներ, նորից սկսվեց ուսումնական քառորդը:

Բոլորիս հաջողություն:

Այսպես սկսվեց նոյեմբերը

vahe stepanyan

Մենք անմահ ենք

Նախ զգուշացնեմ, որ այս նյութը կարող է շատ երկար ստացվել: Ինքս էլ չգիտեմ դեռ: Այսինքն, եթե դու հավես չունես ու համոզված չես, որ կկարողանաս մինչև վերջ կարդալ, ավելի լավ ա` մի սկսիր: Փակիր էջը ու կբացես, երբ մի քիչ ազատ ժամանակ ունենաս և ուզես մի հետաքրքիր բան իմանալ:

Ասում են` մարդիկ անմահ չեն լինում: Հիմա կասեք` «ասում են»-ը ո՞րն ա. պարզ ա, անմահ չեն լինում: Հեհե: Դու չարաչար սխալվում ես: Հա, ու ես անմահ ասելով նկատի չունեմ, օրինակ, Շեքսպիրին կամ Բեթհովենին (ճիշտն ասած, ես կլասիկայի սիրահար չեմ, բայց դե փաստը մնում է փաստ` նրանք անմահ են): Ես նկատի ունեմ անմահ՝ ֆիզիկապես: Մահը հարաբերական է: Ուզո՞ւմ եք մի քիչ գլուխներդ տանեմ:

Հա, ինչի՞ եմ հարցնում որ. մեկ ա, պիտի պատմեմ: Դե, եթե դու դեռ չես քնել ու շարունակում ես կարդալ, ուրեմն, լարիր ուղեղդ ու շարունակիր: Էստեղ մի 2 հետաքրքիր բան ունեմ ձեզ համար:
(Ստորև ներկայացված մասը իմի եմ բերում այն գիտելիքներից, որոնք ինձ «տվել են» Մայք Սթիվենսը ու Բիլ Բրայսոնը: Այն կարող է հետաքրքիր լինել, կարող է նաև՝ ոչ: Դրա համար էլ խորհուրդ եմ տալիս մի բաժակ սուրճով կամ թեյով զինվել):

Ֆուհ: Հլը մի հատ լուսամուտից նայեք: Նայեք, կարող ա` հենց հիմա պատահաբար անցնում ա էն աղջիկը (կամ էլ տղան), ով ձեզ վաղուց դուր ա գալիս: Բայց քանի որ դու շատ ամաչկոտ երիտասարդ ես ու չգիտես ինչ պիտի ասես նրան, երբ նայես նրա աչքերին, քանի որ երբեք չես մոտեցել նրան: Դե, հիմա հանկարծ պահը բաց չթողնեք: Վազեք փողոց, հասեք նրան, բռնեք նրա թևից ու ասեք.
-Իսկ դու գիտե՞ս, որ մենք բարեկամներ ենք:
Ու մինչ ինքը ձեռքը կազատի, կնայի քեզ ու կասի. «Կարո՞ղ է դեբիլ ես», դու կհիշես իմ գրածը ու առանց ստելու կպնդես, որ ինքը քո բարեկամն ա:

Դե, գիտեք, եթե նայենք գենետիկայի տեսանկյունից, հավանականությունն ուղղակի ահռելի ա, որ քո երկրում ապրող ու քո ազգին պատկանող ամեն պատահական մարդ քո հետ ունեցել է ընտանիքի ընդհանուր անդամ ամենաշատը 10 սերունդ առաջ: Այսինքն, 1600-ականներում ապրող մի մարդ կարող է լինել երկուսիդ ընդհանուր նախնին: Ու սա հեչ էլ դատարկ խոսքեր չեն: Մաքուր գիտական հաշվարկ:
Քանի մտածում եք. «Ի՞նչ ա անկապ խոսում», մի բան էլ ավելացնեմ:
Հիմա Երկիր մոլորակի վրա ապրող 7 միլիարդ մարդկանց ընդհանուր նախնին հնարավոր է, որ գոյություն է ունեցել մոլորակի վրա արդեն մ.թ.ա. 300 թվականին: Ըստ երևույթին, նա ապրել է Թայվանում, որտեղից իր հաջորդները կարողացել են արագ տարածվել ամբողջ աշխարհում: Թեթև հաշվարկը ցույց է տալիս, որ մոլորակի վրա ապրող ամեն մարդ մյուսի «պիծիձիսիտիյուռդնի» ( չգիտեմ հայերեն համարժեքը, դե «դվայուռդնիի» պես էլի, ուղղակի 50 պորտ) զարմիկն է կամ զարմուհին: Հասկանո՞ւմ եք, ամեն պատահական մարդ: Մինչև սա մարսեք, մի ուրիշ բան էլ ասեմ, որ գուցե ձեզ հետաքրքրի, գուցե և` ոչ:
Երկու բառ տեսությունից:
Մեր մարմնի բջիջները ու բակտերիաները մշտապես մահանում են ու փոխվում նորերով: Նույնիսկ մեր ուղեղի բջիջները՝ նեյրոնները, որ ահագին երկարակյաց են, անընդհատ փոփոխվում են: Նորից մի երկու կտկտոց հաշվիչի վրա, ու կպարզվի, որ մեր մարմնի մաս կազմող ատոմներից յուրաքանչյուրը 5 տարին մեկ փոխվում է ուրիշով: Հիշեք ձեզ 5 տարի առաջ: Դուք ատոմային մակարդակով ոչ մի ընդհանուր բան չունեք նրա հետ: Ոչ մի ատոմ: Գուցե դուք արդեն ձանձրացե՞լ եք, բայց ես միևնույն է, պիտի շարունակեմ:
Եթե մարդ վայրկյանում մի թիվ հաշվեր, մինչև միլիոնը հաշվելու համար նրանից կպահանջվեր 12 օր, իսկ մինչև միլիարդը` 34: 34 տարի… Էս ուղղակի, որ պատկերացնեք, թե միլիարդը ինչքան մեծ թիվ ա: Որովհետև հեսա վերջում միլիարդների հետ ենք գործ ունենալու: Հա ու մեկ էլ. եթե ունենաք մի միլիարդ նատրիումի ատոմ, նրանց ընդհանուր կշիռը միասին կկազմի 0 ամբողջ 13 հատ 0 վերջում 38 գրամ: Էս էլ որ պատկեարցնեք, թե ինչ փոքր ա ատոմը, որովհետև հեսա ատոմների հետ ենք գործ ունենալու:
Հեսա սպասեք: Մարդու ամեն բջիջ իր մեջ ունի 100 անգամ ավելի շատ ատոմ, քան աստղ կա մեր գալակտիկայում: Այսինքն, մի մարդու մարմնում ավելի շատ ատոմ կա, քան գիտությանը հայտնի ամբողջ տիեզերքում (ուղղակի ֆիզիկայով հետաքրքրվողների համար էստեղ թողնեմ, որ գիտությանը հայտնի տիեզերքը իրենից ներկայացնում է 130 միլիարդ լուսային տարի տրամագծով մի գունդ):
Բիլ Բրայսոնը (իմիջայլոց, մի շատ կայֆ մարդ) իմի բերեց էս փաստերը, մի քիչ կռվեց թվերի հետ ու հասավ մի հասարակ վիճակագրության: Դե, եթե մեր մարմնում էդքան անընդհատ փոփոխվող ատոմներ կան, ըստ Բիլի հաշվարկների, ներկա պահին քո մարմնում կա մի միլիարդ ատոմ, որ ժամանակին եղել են նույն Շեքսպիրի կամ Բեթհովենի մարմնում: Հենց հիմա տվյալ պահին մի միլիարդ ատոմ քո մարմնից Չինգիզ Խանինն են, մի միլիարդը` Դա Վինչիինը: Չէ, բայց դու զգո՞ւմ ես:
Մյուս կողմից, հենց հիմա քո մարմնի մասը կազմող մի միլիարդ ատոմ 1000 տարի հետո կարող են լինել ԱՄՆ 200-րդ նախագահի մարմնի մասը: Դու մասը կլինես այն մարդու, ով 1000 տարի հետո առաջինը ոտք կդնի մի անհայտ մոլորակի վրա ու կսեղմի այլմոլորակայինի ձեռքը (դե, կամ կմեռնի նրա ձեռքով):

Հասկանո՞ւմ ես, քո մի մասը միշտ էլ կմնա: Դու անմահ ես: Դե, գուցե մասամբ, բայց դու միշտ կթողնես քո հետքը տիեզերքում:

Մենք անմահ ենք: Ու պահում ենք մեր մեջ անմահներին: Ու ամենևին էլ կապ չունի` մարդը քո թշնամին է, թե բարեկամը. դու կապված ես նրա հետ: Դու կապված ես բոլորի հետ: Մենք բոլորս իրար հետ ենք կապված: Ինչ Հարաբերական բան ա դառնում կյանքը:

Մի ջարդեք ձեր գլուխը դատարկ բաների վրա: Ուղղակի սիրեք իրար:

Հ.Գ. Շնորհակալ եմ, եթե դու դիմացար ու կարդացիր մինչև վերջ, որովհետև ես ահագին լարեցի միտքս նյութս գրելուց:Հուսով եմ, հասկացար` ինչ էի ուզում ասել:

Հա, ու մեկ էլ. հիշիր, որ մենք բարեկամներ ենք:

narek babayan

Ես 17-ի թղթակի՛ց եմ

-Վերջին ժամը չենք պարապելու, Երևանից ինչ-որ մարդիկ են գալու՝ սեմինար անցկացնեն։

Այս խոսքերը ես լսեցի գրեթե մի տարի առաջ։ Թվում էր, թե հերթական անհետաքրքիր սեմինարն է լինելու, որի տված միակ օգուտը վերջի ժամը չպարապելն էր։

Մեր` Մալիշկայի դպրոց էր եկել «Մանանա» թիմն ու ներկայացնում էր իրենց ծրագիրը։ Հանդիպման ընթացքում ուղեղումս մոտավորապես այսպիսի իրավիճակ էր․

-Վայ, կինոներ են նկարում, դզեց։ Մի րոպե, ահ, ի՞նչ շարադրություն։ Չեմ գրանցվի։ Վայ քո, Վահեի՞ն որտեղից գիտեն։ Ֆոտո՞․․․Լավ, տեսնեմ` ինչ կանեմ։

Հանդիպումից հետո ընկերս՝ Սերոժն ասաց, որ անպայման գրանցվելու է։ Դե, ես էլ ունեի նման ծրագիր։

Հաջորդ օրը Սերոժը ասաց, որ արդեն դիմել է ու պիտի երկու շարադրություն գրի։ Ես նույնպես դիմել էի, սակայն դեռ պատասխան չէի ստացել։

Հասա տուն, ու պարզվեց, որ ես էլ պիտի գրեմ այդ շարադրությունները։ Այստեղ ես մի քիչ կանկեղծանամ։

Այդ ժամանակ համակարգչով հայերեն գրել ընդհանրապես չգիտեի, ու բացի այն, որ պիտի ամենաչսիրածս գործն անեմ, գումարվում էր անհարմար գրելաձևը։ Մի խոսքով, որոշեցի չպատասխանել, դե ինչ անենք, հո չսպանեցին…

Քայլում էի Վահեի հետ, չեմ հիշում` որտեղից ու դեպի ուր։ Նրան զանգեց տիկին Ռուզանն ու ինչ-որ բան ասաց։ Զանգից հետո Վահեն մի քիչ թռվռաց ու ասաց, որ մեզ մոտ դասընթացի են գալու, ու հարցրեց․

-Դու դիմել էիր, չէ՞:

-Չէ հա, հավես չկա:

-Արա գնա դիմի, կայֆ բանա։

-Լավ, տեսնեմ։

Գնացի տուն ու նորից դիմեցի։ Ստացա նույն պատասխանը, գումարած այն, որ շուտով մեզ մոտ դասընթաց կլինի։

Հավատացեք, ես ստացա այս ստի պատիժը։ Երեք ժամ նստած համակարգչի առաջ հայերեն տառերն էի ման գալիս ստեղնաշարի վրա։ Էդպիսի տանջանք ոչ մեկին չեմ ցանկանա։

Մի խոսքով, գրանցվեցի, մասնակցեցի դասընթացին։ Սկսեցի ակտիվ թղթակցել։ Օրը մի նյութ էի ուղարկում։ Անգամ մեր մեր գյուղի թղթակիցների հետ ամանորյա մուլտ նկարեցինք։ Մուլտի մասին առանձին նյութ ունեմ։ Եթե հավես ունեք՝ կարդացեք։

Հիմա ես արդեն 10 ամսվա թղթակից եմ, ունեմ մոտ երեսուն նյութ, նկարած երկու ֆիլմ ու մի քանի ֆոտոշարք։ Համարվելով ամենակտիվ թղթակիցներից մեկը, մասնակցել եմ մեդիա ճամբարին։ Ու միայն հիմա եմ հասկանում, թե ինչ մեծ բան արեց ինձ համար Վահեն, ասելով, որ անպայման ուղարկեմ նյութերս։ Երեքժամյա տանջանքի դիմաց ես ստացա բոլոր իմաստներով ամեն ինչ։ Նոր ընկերներ ողջ Հայաստանից։ Լրիվ ուրիշ մտածելակերպ, ամեն ինչի նայում եմ, որպես նոր նյութի կամ ֆիլմի թեմայի։ Էն որ ասում են, է, դպրոցը մեր երկրորդ տունն է, ուսուցիչն էլ` երկրորդ մայրը։ Իմ երկրորդ տունը «Մանանայի» գրասենյակն է, իսկ երկրորդ մայրը՝ տիկին Ռուզանը։ Երկրորդ մոր հետ ձեռք բերեցի նաև երկրորդ ընտանիք՝ «Մանանա» թիմը, ում ի դեպ, արդեն երկար ժամանակ է, ինչ չեմ տեսել, հասցրել եմ կարոտել: Հուսանք այս տարի ևս հանդիպում կլինի։

Լավ, էլ չշարունակեմ, երևի այսքանը հերիք էր զգացմունքներս արտահայտելու համար։ Գնամ, տեսնեմ` եղեգնաձորցի թղթակիցներն ի՞նչ թեմա կառաջարկեն իրենց քաղաքում ֆիլմ նկարելու համար։

Հ․Գ․ Սպասում եմ Վայոց ձորյան որքշոփին, կգաք չէ՞:

Հ․ Գ ․Գ․ Եղեգնաձորի ֆիլմն էլ մինչև նոր տարի կաշխատենք նկարել։

Ani v. Shahbazyan

Սիրո խոստովանություն

Ամենաբարի, ամենահոգատար, ամենակամեցող, ամենա-ամենա…  Բառեր չեմ գտնում, որոնցով կարողանամ նկարագրել տատիկիս: Ինձ թվում է նրա նման տատիկ աշխարհում չկա: Յուրահատուկ ձևով եմ սիրում նրան: Հիանալի խոհարար է տատիկս, շատ եմ սիրում նրա պատրաստած կերակուրները, որոնցից երբեք չեմ կշտանում: Տատիկս նույնիսկ բանաստեղծություններ է գրում, որոնցից մեկն էլ ինձ է նվիրված, որը նա գրել է ծնվելուցս մի օր հետո: Ամեն անգամ կարդալիս հուզվում եմ, հետո գրկում ու համբուրում եմ նրան:

Տատս իմ երկրորդ մայրն է: 

Ես փոքր ժամանակից էլ կապված եմ եղել նրա հետ: Եղել է ժամանակ, որ ծնողներս այստեղ չէին, և ես երեք տարի մնացել եմ տատիկիս հետ: Շատ հետաքրքիր և անմոռանալի օրեր էին:

Տատիկիս հետ երբեք չեմ ձանձրանում, նրա հետ միշտ ուրախ է անցնում: Դե, էլ չխոսեմ նրա անսպառ կատակների մասին: Երբ ինչ-որ տեղ եմ գնում նրա հետ, բոլորը մտածում են, թե մայրիկս է,  հետո, որ իմանում են տատիկս է՝  մտածում են, թե կատակ եմ անում, որովհետև նա ծեր չէ, ընդամենը 57 տարեկան է:

Տատս ինձ այնքան լավ գիտի, որ կես խոսքից ինձ հասկանում է:  Չէ, ինչ կես խոսք՝  կես հայացքից: Շատ լավ է կարդում մտքերս ու երբեք չի սխալվում, ու ես ամեն անգամ զարմանում եմ դրա վրա ու սկսում եմ ծիծաղել:

Շատ եմ սիրում նրա բարությունը, որը սահմաններ չունի…

Ես միշտ պարտական եմ նրան ու ինձ թվում է, որ մի ամբողջ կյանք բավական չի լինի տալու նրան այն, ինչ նա է ինձ տվել:

Տատ ջան, հավատա, ես ամեն ինչ հասկանում ու գնահատում եմ: Ես գիտեմ, որ ինչքան էլ մեծանամ, մեկ է` մնալու եմ քո փոքրիկ Անին: Այս նյութս նվիրում եմ քեզ և ուզում եմ ասեմ որ…

Շնորհակալ եմ քեզ, տատ ջան, շնորհակալ եմ, որ կաս: Գիտեմ, քեզ շատ եմ բարկացնում ու ամեն անգամ զղջում եմ: Կներես տատ, ես իրոք դա անգիտակցաբար եմ անում: Ուզում եմ միշտ լինես կողքիս, միշտ: Ուզում եմ միշտ լսել քո խորհուրդները, որոնք այնքան կարևոր ու թանկ են ինձ համար, տատ…

Ես քեզ շատ եմ սիրում: