«Ոտքի կանգնեք. Նա արժանի է դրան»

Աշխեն Մարգարյան` մարդ ով օրինակ պետք է ծառայի ամեն մեկի համար: Այս կյանքով լեցուն կնոջ մասին ես շատ եմ լսել, նրա մասին բոլորը գիտեն: Նա թխում է խմորեղեններ տարբեր առիթներով: Սկսել է իր գործը միայնակ, իսկ այժմ ունի արտադրամաս: Իսկ թե որն է նրա հաջողության գաղտնիքը և այլ մանրամասներ, դուք կիմանաք իմ հարցազրույցից: Կարդալով այս հարցազրույցը, դուք կունենաք տարբեր ապրումներ, որ ես եմ զգացել: Հաճելի ընթերցում:

-Մենք գիտենք, որ Դուք տարածաշրջանի լավագույն թխվածք թխողներից եք: Ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը:

-Իմ հաջողության գաղտնիքը իմ աշխատասիրությունն է, նպատակասլացությունը և կամքի ուժը: Ցանկացած աշխատանք պահանջում է աշխատասիրություն: Ես իմ բոլոր աշխատանքներում հոգի եմ դնում և սիրով պատրաստում: Հիմա շատ դժվար է ապրել և աշխատել: Բայց, փառք Աստծո, ոտքս անդամահատելուց հետո ես սկսել եմ աշխատել ինքնուրույն` արդեն 11-րդ տարի է: Ես, երբ որ 24 տարեկանում մտնում էի խանութ, տեսնում էի տորթերը, զարմանում էի, ինձ թվում էր, դա մարդ արարածը չի կարող պատրաստել. դրանց մեջ մի հեքիաթային բան կար: Տանը թխելով, իմ սխալների վրա սովորելով, հասել եմ այս արդյունքին: Ես շատ ուրախ եմ, որ հասարակությունը գնահատում է իմ աշխատանքը: Ինձ համար դա ամենակարևորն է:

-Պատմեք մի փոքր ձեր մասին: Օրինակ, ինչպիսի՞ն էիք երիտասարդ հասակում, ի՞նչ երազանքներ ունեիք և այլն:

-Իմ մանկությունը շատ արագ է անցել: Երազել եմ ունենալ մասնագիտություն: Հիմնականում ինձ ձգում էր երաժշտությունը: Ստացել եմ երաժշտական կրթություն`5 տարի նվագել եմ քանոն: Հայրս մահացել է, երբ ես երեք տարեկան էի, իսկ մայրս չի կարողացել հասցնել լիարժեք կատարել իր պարտականությունները: Ելնելով սոցիալական վիճակից, այլևս չեմ հաճախել երաժշտական դպրոց: Դժվարություններ, դժվարություններ հաղթահարելով` դպրոցն ավարտել եմ: Սիրել եմ երաժշտությունը, շա~տ եմ սիրել ու հիմա էլ եմ սիրում: Իմ հանգստի ժամին միշտ երաժշտություն է իմ կողքին լինում: Դրանից հետո զուտ սոցիալական պայմաններից ելնելով՝ չեմ շարունակել այդ ուղին: Դպրոցն ավարտելուց հետո ամուսնացել եմ, ունեմ 2 երեխա` աղջիկներ: Իսկ հիվանդությունս փոքր հասակից եկած հիվանդություն էր՝ տանջվելով ինձ հետ բերեցի, մինչև որ հասավ անդամահատման: Երիտասարդությունս այդքան էլ լավ և հարթ չի անցել՝ դժվարություններով և դրանք հաղթահարելով:

-Իսկ ի՞նչ երաժշտություն եք սիրում լսել:

-Շա՜տ եմ սիրում կիթառ: Երազում եմ կիթառ սովորել: Լսում եմ Ռուբեն Հախվերդյանի երգերից: Մի անգամ ամուսնուս հետ գնացինք Ռուբեն Հախվերդյանի համերգին: Նա, երբ եկավ բեմ, հարցրեց. «Պատրա՞ստ եք մինչև առավոտ լսել ինձ»: Մենք բոլորս զարմացած էինք, բայց միևնույն ժամանակ, ուրախ: Լսում էինք, լսում և անդադար հիանում նրանով: Արդեն ուշ գիշեր էր: Հանկարծ այլևս ձայն չլսվեց, բոլորս տարակուսած նայեցինք միմյանց` Ռուբեն Հախվերդյանը այնքան էր հոգնել, որ քնել էր կիթառի վրա: Մենք բարձր ծափահարեցինք նրան և դուրս եկանք: Դա շատ հիշարժան օր էր ինձ համար:

-Հիշո՞ւմ եք ինչից եք սկսել ձեր գործը, ո՞րն էր ձեր առաջին պատվերը:

-Մինչև իմ հիվանդանալը կյանքով լեցուն կին եմ եղել: Ես հանգիստ չեմ ունեցել` աշխատել եմ, շարժվել եմ, որտեղ էլ որ եղել եմ, ինձ համար հարմարավետ պայմաններ եմ ստեղծել: Բայց հետո կյանքի դժվարությունները ինձ արդեն շատ կարևոր որոշման առաջ կանգնեցրին. հանկարծակի որոշվեց, որ եթե կա կյանքի ու մահվան խնդիր, ապա պետք է հեռացվի ոտքս: Ես դա չէի ընդունում: Առանց ոտքի ես չէի ուզում ապրել: Նայելով ու լսելով ընտանիքիս խնդրանքը, երեխեքս ասում էին, որ մեզ պետք ես, որոշեցի համաձայնվել անդամահատման: Իմ ոտքը անդամահատեցին: Ես չէի հարմարվում դրան ընդհանրապես. խելագարվում էի: Հետո երեխաներս ինձ էնքան ուժ տվեցին ապրելու: Հուսահատությունից անգամ ինքնասպանության փորձ եմ կատարել: Բայց հիմա արդեն շատ գոհ և երջանիկ եմ կյանքից և իմ ընտանիքից: Մի ժամանակ, որ հաշմանդամ չէի, մտածում էի՝ ոտքը կտրած մարդիկ ապրում են, էլի, ի՞նչ ա եղել: Մի ոտքի վրա մենք «կլաս» չէի՞նք խաղում, չէի՞նք թռվռում… Բայց դա այդպես չի, ես անգամ թշնամուս չեմ ցանկանա: Բայց դե կյանք ա, ոչ մեկն էլ ապահովագրված չի, թե վաղն ինչ կլինի իր հետ: Մոտ 4-5 ամիս անց վիրահատությունից, մի գեղեցիկ օր ծնվեց թոռնիկս` հոկտեմբերի 2-ին: Առավոտը ժամը 7-ին հիվանդանոցից զանգ են տալիս ինձ, և աչքալուսանք են տալիս, ու ես մոռանում եմ, որ ես հաշմանդամ եմ, որ անկողնուց դուրս չեմ եկել արդեն 4-5 ամիս: Հանկարծ զգացի մի տարօրինակ զգացում: Դուրս եմ գալիս անկողնուց, և ասում եմ. «Բերեք ինձ մոտ՝ ինչ կասեմ»: Պատրաստում եմ խմորեղեն, որպեսզի տանեն հիվանդանոց: Առավոտյան ժամը 6-ին խնդրում եմ ինձ տանել Նորավանք՝ մոմ վառելու և աղոթելու: Հարազատներս զարմացել էին: Բարեկամս ասաց.
- Դու միայն վեր կաց, ես քեզ անպայման կտանեմ:

Իմ թոռնիկը ինձ ապրեցրեց և կյանքի կոչեց: Ինձ օգնել են՝ մոմ եմ վառել և դրանից հետո եկել եմ ու սկսել եմ աշխատանքս տնից: Այնուհետև տեղափոխվել եմ այս տարածք: Բարի մարդկանց հետ շփվելով, ուսուցիչներիս խրատները հիշելով սկսել եմ աշխատել ու ապրել: Մինչև երկու տարի առաջ ես ինձ վարպետ չէի համարում: Ուսանողները հարցնում էին՝ ձեզ վարպետ ասե՞նք, իսկ ես չէի համաձայնվում: Իսկ այժմ ես կարող եմ ցանկացած աշխատանք կատարել և կրել Վարպետի լիարժեք կոչումը:

-Ձեր կարծիքով, ո՞րն է Ձեր աշխատանքի առավելությունը կամ ինչո՞վ է ձեր աշխատանքը տարբերվում մյուսների աշխատանքից:

-Ես չեմ կարող ասել, որ իմ աշխատանքը տարբերվում է մնացածների աշխատանքից, քանի որ մարդ եթե ինչ-որ բան սիրով է անում, հոգի է դնում, դա լավ աշխատանք է:

-Ո՞րն է Ձեր երջանկության բանաձևը:

- Իմ երջանկությունը դա իմ ընտանիքն է` նրանց առողջ և երջանիկ տեսնելը: Ես երջանիկ եմ, որ կան այնպիսի մարդիկ, որ գնահատում են իմ աշխատանքը:

-Ունե՞ք հուզող խնդիրներ:

- Իհարկե, հուզող խնդիրներ շատ կան: Առաջին հերթին ինձ հուզում է մեր բանակի վիճակը, դիրքեր պահող և ծառայող զինվորների առողջությունը: Ինձ համար ցավալի է ամեն մի զինվորի մասին վատ լուր լսելը: Ճիշտ ա, ես տղա չեմ ունեցել, որ գնար դիրքեր, բայց ես հասկանում եմ բոլոր մայրերին:
Ես զինվորներին օգնելու և քաջալերելու համար ամեն տարի Ամանորին մեր պատրաստած խմորեղենն եմ ուղարկում, ամսի 28-ին բարձրանում ենք դիրքեր: Բոլորը արդեն գիտեն և սպասում են, որ ես ամեն տարի պետք է իմ խմորեղենով նրանց հյուր գամ, գեներալից ստացել եմ շնորհակալագիր` զինվորի կողքին լինելու և հայրենիքին օգնելու համար: Այդ պահը ինձ համար շատ հուզիչ պահ էր: Ճիշտ է, ես ուժեղ կին եմ, բայց երբ գեներալը շնորհակալագիրը հանձնելիս ասաց. «Ոտքի՛ կանգնեք, զիվորներ, նա արժանի է դրան»,-ես չկարողացա զսպել ինձ: Ես շատ եմ ուզում, որ մեր դիրքերը խաղաղ լինեն: Դա է ինձ հուզող խնդիրը:

-Ի՞նչ խորհուրդ կտայիք արտերկրում աշխատողներին: Կարելի՞ է արդյոք այսօր ապրել և գործունեություն ծավալել Հայաստանում:

-Իհարկե կարելի է: Երբ մարդը իրոք ուզենա աշխատել, կարող է ցանկացած տեղում աշխատել և ստեղծագործել: Ես, որ հաշմանդամ կին եմ և կարողացել եմ իմ արտադրամասը ստեղծել և աշխատել, ապա բոլորը կարող են: Ոչ ոք ինձ առավելություն չի տվել, որպեսզի ես աշխատեմ: Ամեն ինչ ես ինքս եմ ստեղծել` հարկային դաշտում եմ, մուծում եմ հարկեր, տարածքը ես ինքս եմ ձեռք բերել: Այս կարգավիճակում ինձ համար էլ հեշտ չի աշխատելը, բայց երբեք չեմ զանգի ինչ-որ ղեկավարի, ասեմ գիտե՞ք ինչ, ես հաշմանդամ եմ, խնդրում եմ ինձ հացի փող տվեք, դա իմ սկզբունքներին դեմ է: Մարդկանց թվում է, թե մի անգամ աշխատելով պետք է տուն կամ մեքենա գնեն… Չէ, այդպես չի լինում: Այս տորթերից մեզ գումար չի հասնում: Չեն աշխատում, համբերություն չունեն, մի դժվարության հանդիպելով ասում են՝ վերջ, չի ստացվում, և հետո էլ իբրև գործ չկա: Ամեն ինչ չի, որ պատրաստ սկուտեղի դրված է: Ծանոթներիցս մեկի դուռը թակել են, փող էին ուզել: Դե էդ կինը խղճացել էր և ասել, որ նկուղում շշեր կան դրված, վերցրեք, տարեք հանձնեք, փողը պահեք ձեզ, և ի՞նչ էին պատասխանել դռան ետևից. «Մենք հո ձեր շիշ հավաքողը չե՞նք»: Ամեն տեղ մուրացկաններ են և փող են մուրում: Աշխատանք կա, աշխատող չկա:

- Եվ վերջում, ի՞նչ կուզենայիք ավելացնել Ձեր մասին:

-Ես կուզենամ, որ իմ աշխատանքը էլ ավելի բարգավաճի, որպեսզի աշխատատեղեր տրամադրեմ բոլոր փնթփնթացողներին, ովքեր ասում են՝ աշխատանք չկա:

Տիկին Աշխենի մասին պետք է իմանան բոլորը: Նա իրոք արժանի է այդ գովասանքին: Զարմանալին այն էր, որ երդվել էր այլևս ոչ-ոքի հարցազրույց չտալ, բայց կարդալով իմ նյութերը և տեսնելով իմ տարիքը, որ ես այս տարիքում հետաքրքրվում եմ իրենով, համաձայնվեց: Ես շատ բան սովորեցի այս հարցազրույցից և տիկին Աշխենից:

Հա քիչ մնաց մոռանայի: Ինչպես նշել էր տիկին Աշխենը, ինքը շատ է սիրում կիթառ և մանկուց երազել է կիթառ նվագել, իսկ քույրս միշտ ցանկացել է խմորեղեն թխել սովորել…Դե ինչ, կարծում եմ հասկացաք՝ ինչ պատահեց հետո: Մենք եկանք փոխհամաձայնության:

Դասամիջոց

Զանգը տվեց:
-Ձեզ ո՞վ ասաց` ազատ եք: Ես դեռ դասարանում եմ, ախր:
Օյ: Եվս կես վայրկյան, ու արդեն ես դասարանում չէի լինի, որովհետև ես այս բառերը լսեցի այն ժամանակ արդեն, երբ ձեռքս ձգում էի դուռը դրսից փակելու: Հետ գնացի ու նստեցի տեղս: Ընկեր «Իքսը» ասաց տնայինի տեղը, հետո նայեց իմ դեմքին, որի վրա երևի բացահայտ երևում են իմ մտքերը. «Արագ ասեք, էլի, ինձ հիմա ձեր տնայինները ընդհանրապես չեն հետաքրքրում»: Նայեց ու հարցրեց.
-Վահե, իմացա՞ր տնայինի տեղը:
-Հա, բա ոնց:
-Լավ, դե ազատ եք:
Մեկ, երկու… Երկուսուկես վայրկյանից, բացառությամբ մի քանի հոգու, ամբողջ դասարանը դրսում ա: Մեր «տարածքով» քայլեցինք` խույս տալով երկրորդ դասարանցիների գրոհներից, որոնք՝ «չմշկելով» անցնում են մեր միջանցքի մի ծայրից մյուսը, հետո կանգնեցինք լուսամուտի մոտ: Լուսամուտի մոտ կանգնել նշանակում է` իմանալ, թե ինչ հետաքրքիր բաներ են եղել դասարանցիների հետ երեկ, լսել թարմ «անեկդոտներ», կամ լուսամուտից նայել գնացող-եկող մեքենաներին՝ քննարկելով, թե, որ մեքենան ումն է, կամ վերջին անգամ երբ են «խփել» : «Լուսամուտի մոտի էտապն» անցավ: Մենք էլ անցանք դասարան, որովհետև դրսում արդեն ոչ մի հետաքրքիր բան չկար: Դասարանում մի 2 անհամ կատակ արեցինք, մի 2-ն էլ` համով: «Զարմացանք», թե ինչու է պատմության դասն էսքան երկար, փոխանակվեցինք տնայիններով ՝ որ դասի ժամանակ «հանգիստ» արտագրենք: Հետո արդեն պարտադիր մեկը ջրիկանում ու «հանաքով» գրատախտակի բարձիկով տալիս է մյուսի դեմքին: Հաջորդող վայրկյանները իրենցից ներկայացնում են «սպեցէֆեկտներով» լի մի տեսարան, որը ասես վերցրած լիներ հոլիվուդյան «բլոքբասթերից». պատերի վրա վազող մարդիկ, սեղանների,աթոռների ու նույնիսկ մարդկանց վրա «պարկուրի» էլեմենտներ կիրառող «կասկադյորներ»: Ահա մի պահ հայտնվեցի Հարի Փոթերի աշխարհում: Քթիս մոտով անցավ թռչող ավելը: Ավելը թռավ ուղիղ դռան կողմ: Զանգը վաղուց արդեն տվել է: Դուռը բացվեց, ու ավելը իր «ճախրանքը» ավարտեց՝ դիպչելով ընկեր «Իգրեկի» ոտքերին: Կայծակի արագությամբ մենք հայտվնեցինք մեր տեղերում` սպասելով խրատական դասի …

Աստղերի վաճառքը

Լուսանկարը՝ Մուշեղ Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Մուշեղ Բաղդասարյանի

Աստղ բառն ասելիս մարդկանց մեծ մասը հիմնականում հասկանում է երկնքում փայլող լույս: Որքան էլ տարօրինակ թվա, աստղերը չեն շողում երկնքում. դա գիտականորեն ապացուցված փաստ է: Անզեն աչքով կարելի է տեսնել մոտավորապես 6000 աստղ, 300-ական ամեն կիսագնդում, որոնք բոլորն էլ գտնվում են մեր գալակտիկայում: Հետաքրքիր պատմություններ կան աստղերի մասին: Դրանցից մեկն ասում է, որ երբ աստղ է ընկնում, շուտ երազանք պետք է պահես և եթե հասցնես մինչև ընկնելը պահել, ապա այն անպայման կիրականանա:

Աստղերից շատերը ունեն անուներ, օրինակ` Պոլուքս, Ալթաիր, Ալգոլ և այլն: Այդ անունները դրվել են գիտնականների, աստղագետների կողմից: Հետաքրքիրն այն է, որ երեկ համացանցում կարդացի, որ հիմա որոշ մարդիկ մեծ գումարներ են վատնում աստղեր գնելու համար և դրանց տալիս են իրենց նախընտրած անունը: Եվ  նրանց հավաստիացնում են, թե երբ ուզենան, կարող են տեսնել իրենց աստղը:

Տեսնես` ի՞նչ պետք է անեն այդ աստղերի հետ: Մանուկ հասակում շատ էի սիրում գիշերները ժամերով նստել պատշգամբում: Նստում էի ու երկա~ր նայում աստղերին, կարծես նրանց մեջ գտնում էի իմ հարցերի պատասխանները: Եվ ահա այդպիսի մի գիշեր էր, շուրջբոլորը լռություն էր տիրում: Բոլորը քնած էին, իհարկե, բացառությամբ ինձ: Ես, ինչպես միշտ, վայելում էի աստղերով լի անծայրածիր երկնքի խաղաղությունը: Եվ հենց այդ ժամանակ երկնքում նկատեցի պայծառ շողացող մի աստղ: Եվ այդպես մի քանի օր շարունակ մեծ ուշադրությամբ հետևում էի այդ աստղին: Ես նայում էի նրան և երազանք էի պահում:

Աշխարհում ամեն մի ծննդի հետ մի աստղ է հայտնվում երկնակամարում և մահվան հետ էլ անհետանում…

Հուզող խնդիրներ. Վայոց Ձոր

Վայոց Ձորի պատանիները խորհում են այս մասին

Ընկերներիս հետ գնում էինք դաշտ` ֆուտբոլ խաղալու, երբ նկատեցինք, որ կտրում են դաշտի շրջակայքի առողջ ծառերը: Ընկերոջս հետ որոշեցինք մոտենալ ու հարցնել, թե ինչո՞ւ են կտրում ծառերը: Մոտեցանք և հարցրեցինք, նրանք պատախանեցին.

-Գալիս եք, ծառերի ցոգոլները ուտում եք, դրա համար էլ կտրում ենք:

-Բայց արժե՞ ցոգոլի համար ծառ կտրել:

-Ախր, երեխեք ջան, ձմռան փայտ չունեմ, փող էլ չեմ կարողանում աշխատել, որ փայտ գնեմ: Ստիպված ծառերն եմ կտրում:

Մենք ոչինչ չասացինք և հեռացանք, քանի որ նա ճիշտ էր:  Տեսնո՞ւմ եք, մի խնդրից առաջանում է մեկ այլ խնդիր: Եթե այդ մարդն ունենար գումար փայտ գնելու համար, ապա չէր կտրի իր նոր տնկած, առողջ ծառերը, այլ կգներ գոնե չորացած ծառի փայտ:   

Բորիս Իսրայելյան, գ. Մալիշկա

***

Ես կցանկանայի, որ հայրս աշխատեր Հայաստանում, որպեսզի ես նրա կողքին լինեի: Հայրս անգամ իմ ծնվելու ժամանակ Հայաստանում չի եղել: Ամեն անգամ, երբ նա տուն է վերադառնում, ինքս ինձ խոստանում եմ, որ էլ թույլ չեմ տալու նա մեկնի արտերկիր, բայց չի ստացվում: Իմ երկու քույրերն էլ ուսանող են, ես դպրոց եմ գնում, տատիկս ու պապիկս հիվանդ են: Այդ ամենի մասին հոգալ է պետք: Մայրս նույնպես աշխատում է: Հայրս չի կարողանում այստեղ աշխատանք գտնել, իսկ եթե որևէ հարմար աշխատանք է պատահում, շատ չնչին աշխատավարձով է լինում, իսկ դրանով բոլորիս չի կարող պահել: Պետք է ուսման վարձերը տալ, հագուստի, ուտելիքի, կոմունալները մուծելու, հողը մշակելու համար սերմեր, սածիլներ գնելու գումար վաստակել:
Ես Հայաստանում շատ աշխատատեղեր կստեղծեի, որ բոլոր հայրերը իրենց երեխաների կողքին լինեն, տեսնեն նրանց ամեն օր կամ շաբաթը մեկ անգամ: Ես գիտեմ, որ միայն իմ հայրը չի, որ արտագնա աշխատանքի է մեկնել: Իմ ընկերների մեծ մասի ծնողները աշխատում են ամենատարբեր երկրներում:

Ես ուզում եմ ավելի հաճախ տեսնել հորս, նրա ժպիտը: Տեսնել, թե ինչպես է նա դահլիճի վերջում կանգնած ոգևորում ինձ, որպեսզի ավելի լավ ելույթ ունենամ:

Հասմիկ Գիվարգիզյան, գ. Մալիշկա

***

Ես շատ անհանգստացած եմ ներկայիս իրադարձություններով: Այժմ միայն կարոտով կարող եմ հիշել այն ժամանակները, երբ փոքր էի, շատ բան չէի հասկանում, իսկ այժմ, տեսնելով, թե ինչ է կատարվում աշխարհում, մեր շուրջը, ուղղակի սարսափում եմ, թե որքան անմեղ մարդ դարձավ ահաբեկչության զոհ, որքան երազանքներ և որքան կյանքեր մնացին անավարտ: Ահաբեկչությունը բռնության այնպիսի ձև է, ինչին կարող են զոհ դառնալ բոլորովին անմեղ և կոնֆլիկտի հետ բացարձակ կապ չունեցող մարդիկ: Մարդիկ շատ են փոխվել, չարացել են միմյանց նկատմամբ: Յուրաքանչյուրը մտածում է միայն իր մասին, ինչը ցավոք սրտի, լավ բանի չի հանգեցնի:

Լիլիթ Գասպարյան, ք. Վայք

***

Կա մի բան, ինչն ինձ ամենից շատ է հուզում: Թող ներեն ինձ բոլորը, իմ կարծիքը կարող է սուբյեկտիվ լինել, բայց ինձ միշտ անհանգստացրել է դպրոցների կրթական մեթոդների խնդիրը, ավելի կոնկրետ՝ գնահատականներն ու թեմատիկ-կիսամյակային աշխատանքները: Շատերը կմտածեն, թե ես ծուլանում եմ սովորել և, բայց դա ընդհանրապես կապ չունի, ես բազմիցս տեսել եմ, թե ինչպես են աշակերտները լարվում թեմատիկների ժամանակ: Ես էլ բացառություն չեմ: Ինքս շատ եմ մտածում գնահատականներիս մասին, որոշ դեպքերում, անգամ մոռանալով այն մասին, որ գնահատականն ընդամենը աշակերտի գիտելիքները գնահատելու միջոց  է: Դեմ եմ նաև նրան, որ ուսուցիչը «վախեցնում է» աշակերտին՝ սպառնալով ցածր գնահատել…
Գիտեմ՝ այսքանից հետո շատերը հարց կտան՝ բա ի՞նչ անել: Ցավոք, ես չեմ կարող պատասխանել այս հարցին, բայց խոսք եմ տալիս ապագայում նոր մեթոդ մշակել:

Նարեկ Բաբայան, գ.Մալիշկա

***

Ինձ հուզում է շրջապատում եղած շերտավորումը, որի հիմքում ընկած է «փող» կոչվածը: Ես ականատեսն եմ եղել մի դեպքի, որը խորը հետք է թողել իմ հոգում: Սովորական հագնված աղջիկը, ով ուներ մաքուր և անբիծ հոգի, դպրոցում և հասարակության մեջ արժանացավ արհամարհանքի, ենթարկվեց ծաղրանքի ընդամենը իր հագուստի պատճառով: Նա շատ էր ջանում հարգանք վայելել, բայց չէր ստացվում: Իսկ մեկ ուրիշը, ով պճնված էր ժամանակակից հագուստներով, ուներ թանկարժեք հեռախոս, նրան շրջապատում էին իրենց իր նման հարուստները: Աղջիկը չար էր, անգութ և կարծես վերևից էր նայում իմ նկարագրած աղջկան: Ես դատապարտում եմ այդ շերտավորումը, որից փչանում է մեր մատաղ հոգին: Գուցե մի բան մտածվեր, որպեսզի դպրոցում գոնե չզգացվեր, թե ով է հարուստ, ով է աղքատ:

Նոնա Բարսեղյան, ք.Եղեգնաձոր

 ***

Վերջին ժամանակներում նկատել եմ, որ մարդիկ ավելի կարևորում են իրենց հագուստը, քան իրենց վարքը։ Իմ շրջապատում կան մարդիկ, որոնց ընդհանրապես չի հուզում, թե ինչ է կատարվում աշխարհում, ինչ է կատարվում իրենց շուրջը։ Եվ կան շատերը, որոնք ուղղակի անհանգստացած են իրենց քաղաքի մաքրության համար։ Ինձ հուզում են այն հարցերը, որոնց մասին մտածում են բոլորը։ Ուզում եմ անդրադառնալ դրանցից մեկին՝ գործազրկությանը։ Երբ սկսեն արձակուրդները, իմ հասակակիցների շրջանում կբարձրանա պարապության և ձանձրույթի մակարդակը, կսահմանափակվի զբաղվածությունը։ Այդ իսկ պատճառով ես դեմ չեմ, որ իմ հասակակիցները աշխատեն (խոսքը ծանր աշխատանքների մասին չէ)։ Բայց բոլորս էլ գիտենք, թե ինչ երկրում ենք ապրում, և որ մեր հնարավորությունները սահմանափակ են։ Մասնավորապես ինձ հուզում է այն հարցը, թե ինչպես մեր ազատ ժամանակը ավելի հետաքրքիր դարձնենք և դրան համատեղ վաստակենք գումար։

 Սեդա Սամվելյան, ք. Եղեգնաձոր 

***

Մի անգամ ես Երևանում էի։ Շենքերից մեկի բակում մի պապիկ էր նստած, նա շատ դժվար էր տեղաշարժվում։ Ես դա իմացա նրա ձեռքի ձեռնափայտից։ Հանկարծ անձրև սկսվեց։ Այդ պապիկը ցանկացավ վեր կենալ և գնալ մի տեղ, որտեղ չէր թրջվի։ Բայց ձեռքի տոպրակը և նրա դժվար տեղաշարժվելը խանգարում էին իրեն։ Մոտակայքում կային մի քանի երիտասարդներ, որոնք խոսում էին ինչ-որ բանից։ Երբ անձրևը սկսվեց, բոլորը հեռացան, մի քանիսը անցան այդ պապիկի կողքով և անգամ ուշադրություն չդարձրեցին։ Շատ չանցած՝ մի տղամարդ եկավ և անտարբեր անցավ նրա կողքով։ Ես այդ ամենին հետևում էի պատուհանից։ Արդեն ուզում էի ցած իջնել, բայց այդ նույն վայրկյանին մի փոքրիկ տղա, ով երևի 8 կամ 9 տարեկան էր, եկավ և օգնեց նրան հասնել այնտեղ, որտեղ ուզում էր այդ պապիկը։ Ես այդ պահին հանգիստ շունչ քաշեցի։

Ինձ ամենից շատ հուզում է մարդանց անտարբերությունն ամեն ինչի նկատմամբ։ Թե՛ մարդկանց, թե՛ կյանքի, թե՛ այն ամենի նկատմամբ, ինչը տեղի է ունենում մեր կյանքում։ Ես չգիտեմ դա ինչից է, բայց գիտեմ, որ շատ վատ է։ Ոչ մեկին դուր չի գա, որ իր հանդեպ բոլորն անտարբեր լինեն և արհամարհեն։ Ավելի վատ է, երբ տարեց մարդկանց հանդեպ են անտարբեր լինում։ Իսկ երբ երեխան է արհամարհում և սկսում անտարբեր լինել իր ծնողների նկատմամբ, դա արդեն գագաթնակետն է։

Սերյոժա Բաբոյան, գ․ Մալիշկա

***

Ինձ հուզում է այն միտքը, որ այսօրվա երիտասարդության մեծ մասը չունի հետաքրքրություններ: Շատ քչերին եմ հանդիպում, ովքեր փորձում են ուսումնական հաստատություններից ստացած իրենց գիտելիքներից բացի, ավելին իմանալ: Ճիշտ է, մեր մարզում կազմակերպվող միջոցառումները և հետաքրքիր ծրագրերը քիչ են, բայց մարդիկ կան, ովքեր մեծ սիրով են մասնակցում դրանց: Ես մտածում եմ, որ բացի մասնագիտական հմտությունները, մարդը կարող է իր աշխատասիրության և հետաքրքրասիրության շնորհիվ կյանքում մեծ բարձունքների հասնել, նաև հայրենիքի համար պիտանի մարդ դառնալ: Այդ պատճառով ինձ թվում է, որ այդ հարցին պետք է լուծում տալ: Օրինակ, ստեղծել ավելի նոր, յուրօրինակ և ինքնատիպ ծրագրեր և միջոցառումներ, որոնց մեջ կներգրավվեն տարբեր մտածողության և ոլորտի մարդիկ: Օրինակ, մի քանիսը կարող են հանդես գալ իրենց պարային, մյուսները՝ հումորային, իսկ մնացածը իրենց դերասանական և այլ ընդունակություններով: Որպեսզի իրենց մեջ ունեցած տաղանդը կարողանան զարգացնել և օգտագործել:

Սոֆյա Աբրահամյան, ք.Եղեգնաձոր

***

Մեր համայնքում կան շատ խնդիրներ, որոնք հուզում և անհանգստացնում են ինձ: Բայց կա մի խնդիր, որը անհանգստացնում է նաև համայնքի բնակչությանը. դա արտագաղթն է: Ծնողները՝ հիմնականում տղամարդիկ, գնում են արտագնա ախատանքի: Շատ երեխաներ, ինչպես նաև ես, մեծանում են առանց հայր: Հայրիկս երկար տարիներ աշխատում էր Ռուսաստանում: Նրան տեսնում եմ հազվադեպ: Ես շատ կցանկանամ, որ մեր մարզում բացվեն աշխատավայրեր, և հնարավոր է, որ մի օր լուծվի ինձ հուզող այս խնդիրը:

Սոնա Թումանյան, գ. Մալիշկա

***

Մի օր մտա տուն և մայրիկը հարցրեց.

-Հը՞, Գոհար ջան, ուզո՞ւմ ես գնալ դաշնամուրի:

Շատ ուրախ էի և շատ էի ուզում գնալ դաշնամուր նվագել սովորելու: Համաձայնվեցի: Առաջին և երկրորդ դասարաններում մեծ հաճույքով էի գնում և նվագում, հետո կամաց-կամաց սկսեցի չսիրել դաշնամուրը և քիչ էի նվագում: Շատ էի ուզում ավարտել և էլ երբեք չնվագել դաշնամուր: Միշտ լավ եմ նվագել, միշտ բարձր գնահատականներ եմ ստացել, սակայն միշտ էլ մայրիկի բարկանալու արդյունքն է դա եղել: Նա ասում էր.

-Սովորի՛ր, նվագի՛ր, շատ ես գլուխ պահում, մի օր քեզ հաստատ պետք կգա, կփոշմանես, որ չես սովորում:

Սակայն ես չէի լսում: Իսկ հիմա, երբ ավարտել եմ, էլ չեմ նվագում, բայց մայրիկի խոսքերը միշտ ականջումս են, և շատ եմ փոշմանում, երբ տեսնում եմ, թե ինչպես են հայտնի դաշնակահարուհիները նվագում, շատ եմ ուզում նրանց պես նվագել:

Եթե ինչ-որ ձևով հնարավորություն ունենայի ժամանակը ետ տալու, անպայման նորից կգնայի դաշնամուրի, բայց այս անգամ շատ կնվագեի, մեծ հաճույքով և մեծ բարձունքների կհասնեի:

Գոհար Զաքարյան, գ.Մալիշկա 

***

Հաճախ հայրենիք բառը կարդում ենք, լսում, գործածում, բայց արդյո՞ք ճիշտ ենք հասկանում նրա իմաստը: Շատերի համար հայրենիքն այն վայրն է, առանց ինչի չեն պատկերացնում իրենց կյանքը, իսկ մարդկանց մեկ այլ խմբի համար այն սոսկ վերամբարձ բառ է, որը չի առաջացնում հոգու թրթիռ: Հայրենիքը սիրելու, գնահատելու և նրա իմաստն ու նշանակությունը իրապես հասկանալու համար նախ անհրաժեշտ է ճանաչել այն: Բայց ինչպե՞ս: Մի՞թե միայն հայտնի վայրեր այցելելով կամ պատմությունից մի քանի դրվագ իմանալով կարելի է սահմանափակվել և համարել, որ ճանաչում ենք հայրենիքը: Քիչ չէ, բայց բավական էլ չէ: Ոմանք կկարծեն, որ դա բավական է և գուցե իրենց վրա կվերցնեն «հայրենասեր» կոչվելու պատասխանատվությունը: Բայց ինձ համար հայրենասերի կերպարը լիովին այլ է: Նախ, պետք է ստեղծել մարդ և բնություն հարաբերությունը, որպեսզի հասկանանք հայրենիքի լեզուն բնության միջոցով: Հայրենիքի յուրաքանչյուր հիմնախնդիր պետք է սովորենք դարձնել մերը: Ամեն անգամ գլուխը բարձին դնելուց առաջ, մի պահ պետք է հարց տանք ինքներս մեզ. «Ի՞նչ արեցինք այսօր հայրենիքի համար, մե՛ր հայրենիքի համար»:

 Էրիկ Ղազարյան, ք.Եղեգնաձոր

***

Ինձ հուզում է մարդ տեսակը, նայելով շուրջս, ես հասկանում եմ, որ մարդկություն չէ, այլ մարդաշփոթ: Քծնում, դավաճանում, անպատվում են միմյանց և առանց մի վայրկյան մտածելու, թե ինչ է զգում դիմացինը, խաբում և խաբվում են: Շատացել են ստախոսները, առաջ է եկել նյութապաշտությունը. մարդն ավելի շատ գնահատում է նյութականը, քան մարդ լինելը: Եթե ամեն հայ հպարտ լինի իր հայ լինելով, ապա մեր ազգը կդառնա ավելի լավը, քան այսօր: Մենք քննադատում ենք իշխանություններին, սակայն երբ գալիս է ընտրելու պահը, ընտրում ենք նրանց, ում քննադատում էինք: Մարդի՛կ, եկեք լինենք բարի և ապրենք ազատ, առանց փնովելու ինչ-որ մեկին, համերաշխությունը հարգանք է միմյանց նկատմամբ:

Նանե Դանիելյան, ք. Եղեգնաձոր

seryoja baboyan

Եվ այսպես մինչև ամառ

Հո՜ւհ: Հազիվ, վերջապես վերջացան մեր այդքան սիրելի ու այդքան ձանձրալի արձակուրդները։ Ընդհանրապես արձակուրդները տալիս են նրա համար, որպեսզի մարդիկ՝ այս պարագայում աշակերտները, չակերտավոր ասած հանգստանան, բայց այս անգամ այդպես չէր։

Մեր և մեր հարևան պետություններում տարածվեց H1N1 վիրուսը։ Դե լավ, մի կողմ դնենք տխուր թեմաները ու շարունակենք։ Այդ վիրուսի պատճառով էլ երկարաձգվեցին արձակուրդները։ Ու այդ արձակուրդը ոչ թե հանգստանալու, այլ ավելի շատ հոգնելու առիթ հանդիսացավ։

Եվ այսպես, սկսվեց ամենաանտանելի երևույթը, դե ես միշտ էլ չեմ սիրել դա։ Արթնանալ վաղ առավոտյան, մինչդեռ արձակուրդներին՝ քնի՛ր ինչքան ուզում ես, նստի՛ր ինչքան ուզում ես, խաղա՛ ինչքան ուզում ես․․․ Բայց դե ձմռանը առավելագույնը 1 ժամից ավել չի լինում դրսում կանգնել, առավել ևս խաղալ։

Դե, ինչպես միշտ զարթուցիչը ապտակեց ինձ, և ես վեր թռա անկողնուցս։ Գնացի դպրոց, բարևեցի բոլորին ում հանդիպեցի ու հեռվում նկատեցի Բորիսին։ Մեր երկուսի միջև բարև բառը հարաբերական է ասված, ձեռքով-ոտքով, աչքով-ունքով, վերև-ներքև ու տենց մի երեսուն վայրկյան, մինչև ավարտվեց մեր այդ «ծիսակարգը»։ Դասերը լավից-վատից վերջացան։ Ճանապարհին տղաների հետ խոսելով ու մտովի կիսվելով մեր ամանորյա սեղանի պարունակությամբ ու կարոտելով այդ համով օրերը, գնում էինք տուն։ Իսկ երբ ոգևորված խոսում ենք ինչ-որ համով կամ հետաքրքիր բաներից, հասնում եմ տուն դասերի ավարտից մեկ ժամ անց, մինչդեռ դպրոցից տուն տասը րոպեի ճանապարհ է։

Մտա տուն հոգնած, սոված, ընկա բազմոցին, հանգստացա, ճաշեցի, օրս անցկացրեցի ու հիմա նստած գրիչը ձեռքիս գրում եմ այն մասին, ինչը հենց նոր դուք կարդացիք։

Հ․Գ․ Դե արի ու ամեն օր զարթուցիչի ապտակին դիմացիր մինչև ամառ։

nane eghiazaryan

Որքան էի կարոտել

Ահա և վերջ մինչև ժամը տասնմեկին քնելուն,առանց մտահոգությունների մեր կյանքին: Վերջապես հայտնվեցինք դպրոցում: Դե առավոտյան մի կերպ իմ քաղցր քնից ելնելով, ինչպես միշտ առաջին ժամից ուշացած, հասա դպրոց: Ի ուրախություն ինձ, ուսուցիչը դեռ դասարան չէր մտել: Մի լավ կարոտս առա ընկերներիցս, կիսով չափ իմացա նրանց արկածների մասին, և հանկարծ ընկեր Շահգելդյանը մտավ դասարան, և մենք սկսեցինք հայոց լեզվի դասը: Սկզբի քսան րոպեն միմյանց հետ էինք խոսում և նույնիսկ չէինք էլ նկատում ուսուցչին, բայց հանկարծ լսվեց նրա ձայնը, և մենք լռեցինք: Պարզվեց համարյա ամբողջ դասարանի կեսը անցածը չի հիշում, և մենք սկսեցինք կրկնել անցածը, հետո նոր դաս հանձնարարվեց, և մենք նշեցինք տնային աշխատանքը: Զանգը հնչեց, և մենք բոլորս միասին ուրախ տեղներիցս վեր թռանք կիսատ-պռատ լսելով ուսուցչի վերջին հանձնարարությունները: Բոլորս ուրախ էինք դպրոց վերադառնալու համար: Հաջորդ երկու ժամերը պարզվեց, որ հանրահաշիվ է, և մենք շատ տխրեցինք, որովհետև հանրահաշիվ այդքան էլ չենք սիրում՝մանավանդ երկուշաբթի օրը, որովհետև երկու ժամ ունենք: Դասարան մտավ մեր սիրելի ընկեր Օհանջանյանը: Նա շատ խիստ, բայց միևնույն ժամանակ, շատ լավ դասատու է: Դե մի քիչ քննարկեցինք արձակուրդները, հետո անցանք դասին: «Մեկ միանդամով բազմանդամներ»,- բարձր ասաց ընկեր Օհանջանյանը: Է՜հ, ի՞նչ, ամեն կողմից լսվեցին տարբեր ձայներ: Առաջին ժամին գրեցինք հաշվեկանոնը և դրա հետ մեկտեղ մեր մտքի գրատախտակին նաև՝ նկատողությունները: Երբ ուսուցիչը նկատողություն արեց երեխաներից մեկին, ասելով. «Դե, հերիք է, էլի, լռեք»,- ես պատահաբար գրեցի. «Բազմանդամներ են կոչվում` դե, լռեք, էլի»: Երբ դա կարդացի, սկսեցի ծիծաղել, իսկ երբ ուսուցչի հայացքը դեպի ինձ ուղղվեց, ես այդ ծիծաղը զսպեցի: Դասամիջոցներին մեզ ծիծաղեցնող աղջիկների զույգը՝ Արփինեն և Լիանան, մեզ ապահովեցին բարձր տրամադրություն: Ես տուն եկա դպրոցից մեկ ժամ շուտ, որովհետև ֆիզկուլտուրա այդպես էլ չարեցինք: Եկա տուն բարձր տրամադրությամբ:

Ուրախացա լիաթոք և կարոտս առա դպրոցից:

hasmik givargizyan

Մարդիկ իրական կյանքում

Ամեն մարդ ունի իր դերն այս կյանքում. մեկը խոհարար է, մեկը` շինարար, մյուսը՝ տնօրեն կամ ուրիշ ինչ որ բան: Հիմնականում մենք ճանաչում ենք նրանց հենց այնպիսին, ինչպիսին տեսնում ենք: Դե իրենց պաշտոնով կամ մասնագիտությամբ, էլի: Բայց շատերի մտքով չի էլ անցնում, որ նրանք մեզ պես մարդիկ են: Իհարկե, մենք գիտենք, որ նրանք ամուսնացած են, երեխաներ ու թոռներ ունեն, բայց թե ինչպես են նրանց հետ շփվում՝ չենք պատկերացնում:

Վերջերս քայլում էի փողոցով ու մի պաշտոնյա մարդու տեսա՝ իր թոռնիկի հետ: Բոլորը նրան գիտեն որպես խիստ և լուրջ մարդու: Սակայն այդ ժամանակ նա բոլորովին նման չէր մեր իմացած մարդուն: Նա շատ քնքուշ և բարի խաղում էր իր թոռնիկի հետ, համբերատար կերպով պատասխանում նրա բոլոր հարցերին: Նա նստեցրեց փոքրիկին ճոճանակին և սկսեց ճոճել, պատմելով, երևի, մի հետաքրքիր պատմություն, քանի որ թոռնիկն իրեն ուշադիր լսում էր և բա՜րձր ծիծաղում: Այնքան հաճելի տեսարան էր: Ես կանգնել էի ու նայում էի նրանց, հիշելով իմ մանկությունը, և բոլոր այն հետաքրքիր դեպքերը, որոնք կապված են պապիկիս հետ:

Երբ դուրս եկա հիշողությունների քարանձավից, տեսա, որ պաշտոնյան ու իր թոռնիկը արդեն հեռացել են, մինչ ես վերապրում էի իմ կյանքի երջանիկ պահերից մի քանիսը: Այդ դեպքը ստիպեց ինձ հասկանալ, որ մարդիկ այնպիսին չեն, ինչպիսին առաջին հայացքից են թվում: Երբեմն նրանք ավելի բարի կամ խիստ են, ավելի քնքուշ և հասկացող: Երբեմն նրանք ուղղակի քողարկվում են: Այնպես որ, պետք չէ մարդկանց որևէ բան վերագրել առանց ճանաչելու:

ani shahbazyan

Մենակ մնալուց վատ բան չկա

17.am-ի նյութերն էի կարդում, ու պատահական տեսա իմ  համագյուղացի Սերոժի նյութը: Վերնագիրը կարդալուց հետո, հետաքրքրություն առաջացավ, թե ինչ է գրել: Բացեցի և կարդացի: Նա գրել էր, թե տանը  մենակ մնալուց լավ բան չկա, իսկ եթե անկեղծ, ես նրա հետ մի փոքր համամիտ չեմ: Կարծում եմ, ամենաանտանելի բաներից մեկը մենակությունն է: Երբ կարդացի վերջացրեցի նյութը, մի դեպք հիշեցի, երբ տանը մենակ էի մնացել: Տատիկս գնացել էր քույրիկներիս հյուր, իսկ պապիկս և եղբայրս չեմ հիշում, թե ուր էին գնացել: Տեղս չէի գտնում: Համակարգչով ֆիլմեր դիտեցի, դասերս սովորեցի, հարևանի տուն գնացի, բայց էլի օրս չէր անցնում: Որոշեցի թխվածք թխել: Շատ լավ ստացվեց: Զանգեցի մորական կողմից տատիկիս և ասացի , որ գա թխվածք ուտելու: Համոզված էի, որ կգա, բայց երբ ասաց, որ զբաղված է և չի կարող գալ, ես շատ տխրեցի: 

Արդեն մթնել էր, և ես վախենում էի մթությունից, տանը մենակ մնալուց: Որոշեցի կրկին գնալ հարևանի տուն: Գնացի, մի որոշ ժամանակ մնացի, իսկ հետո նրանք ինձ չարախնդորեն ասացին.

-Անի ջան, քել ծեր տուն:
-Ինչի՞: Մնամ մի քիչ, մինչև տատիկս գա:
-Մեյ տեղ եյ էթալ, քել ծեր տուն,- ասացին նրանք:
-Լավ, դե որ տեղ եք գնում, գնամ մեր տուն,- ասացի ես:

Մի երկու ժամ անց դուրս եկա տանից, և տեսա, որ  նրանք ոչ մի տեղ էլ չեն գնացել, պարզապես նրանք չցանկացան, որ մնամ իրենց տանը:

Ում համար է տունը կառուցվել

 

Լուսանկարը՝ Նանե Դանիելյանի

Լուսանկարը՝ Նանե Դանիելյանի

Վայոց ձորի պատանի թղթակիցներով գնացել էինք գյուղ Մալիշկա նկարահանման, որը Հայաստանի ամենամեծ գյուղերից մեկն է: 

Փողոցները խուլ էին, կարծես բնակչություն չլիներ, մարդ էինք ման գալիս որ «չըրխկացնեինք»: Մեղավորը նաև եղանակն էր, որ բոլորին տուն էր տարել, տեղավորել տաք վառարանների մոտ:
Շատ գնացինք-քիչ գնացինք, մեկ էլ, ըհը` հանդիպեցինք Լավրենտ պապիկին ու Անիկ տատիկին:
Անմիջապես վազեցի և սկսեցի զրույցի թեմա փնտրել:
Հարցրեցի.
-Պապի, կարո՞ղ եմ ձեզ նկարել:
-Հա, բալա ջան, մաշինիս հետ նկարի, որ տելեվիզրով ցույց տաս:

-Պապի, ձեր անունն ի՞նչ է:
-Խալիվոր:
-Խալիվո՞ր,- մի պահ զարմացա, թե ինչպես կարող է մարդու անունը Խալիվոր լինի: Ու հետաքրքրությունից ելնելով հարցրեցի.
-Պապի, բայց ինչի՞ Խալիվոր:
-ԷԷհհհ, դե քիչ ա մնացել:
Իմ ու Խալիվոր պապի զրույցը «շաքարով կտրեց» Անիկ տատը:
-Այ մարդ, ո՞վ ա էս նախշունը:
-Էկել են մեզ նկարեն

-Բալա ջան, ուրեմն ասեմ. ես ու Լավրենտս ուղիղ հիսուն տարի ա, ինչ իրար խետ էյ: Նայի, բալա ջան, նայի. էս տան քարերը մենք ենք դրել իրար վրա` ես ու Լավրենտս: Երկու տղա ունեմ, մի աղջիկ, էսօր էլ աղջկաս ճամփեցի Մոսկվա: Հիմա մենակ եմ մնացել Խալիվորիս հետ: Տասը թոռ ունեմ, բայց կեսին չեմ տեսել: Բա սենց էլ կյա՞նք կլինի: Մարդ մտածում ա` գնա ուրիշ երկիր, մի կողմից էլ` ո՞նց թողնեմ, ոնց… Բա մեր քյոռփեքը ընչի համար են գնում ծառայելու:
Անիկ տատին փորձում էի հանգստացնել, իսկ նա շարունակեց.

-Բալա ջան, չմոռանաս գրել` Անիկ և Լավրենտ Այվազյաններ:

Ինչ հետաքրքիր է, չէ, մարդիկ իրար հետ ապրում են մի ամբողջ կյանք, իսկ կյանքի վերջում այսքան տխուր հարցականներ, որոնք այլևս չեն կարողանում լուծել:

նարեկ բաբայան

Հե՞շտ է արդյոք լինել աշակերտ

Հե՞շտ է արդյոք լինել աշակերտ։ Լինել աշակերտ, նշանակում է՝ ամեն օր սովորել ու բացահայտել նոր ու նոր բաներ, բացահայտել տարբեր գիտությունների գաղտնիքներ։ Այս հարցին կա միայն մի պատասխան՝ դժվար է։ Իհարկե դժվար է ամեն օր սովորել, հիշել, վարժվել։  Հնարավոր է, որ որոշ առարկաներ դժվար տրվեն, այդ դժվարությունները հաղթահարելու համար պետք է աշխատել, աշխատել ու աշխատել։ Ամենակարևորը՝ պետք չէ վհատվել, պատրաստ եղեք, քանզի դուք սխալվելու, սխալվելու ու էլի սխալվելու եք։ Առանց սխալվելու ինչ-որ բան սովորելն անհնար է։ Եթե նույնիսկ հնարավոր է, ապա առանց սխալների սովորածը դուք շատ շուտ կմոռանաք, քանզի այդ սխալների միջոցով է ձեր սովորածը տպավորվում ձեր մեջ։ Իմ կարծիքով, սովորելն այդքան դժվար չէր լինի, եթե ուսումնական օրերը միօրինակ չլինեին։ Դե իհարկե, սովորելն ավելի հեշտ է դառնում, երբ ուզելով ես սովորում։ Ստիպված ինչ-որ բան սովորելուց դժվար բան չկա։ Սակայն դա չի նշանակում, որ եթե սիրում ես՝ ապա պետք չէ շատ աշխատել։ Աշխատել միշտ էլ պետք է։

Ինչպես սպորտում կամ ուրիշ բնագավառներում, հաջողությունների հասնելու համար պետք է շատ ջանքեր գործադրել, նույնն էլ ուսման մեջ է։ Պետք է հաղթահարել այդ դժվարությունները, «մարիոյի» փուլերի պես, քանզի խաղի վերջում դուք կստանաք խոշոր մրցանակ, տվյալ դեպքում՝ լավ ապագա։ Մի ռուսական ասացվածք կա. «Ուսման արմատը դառն է, բայց արդյունքը՝ քաղցր»։

Մի խոսքով, աշակերտ լինելն ամենևին էլ հեշտ բան չէ, սակայն, անկասկած, կարևոր է։ Լավ կամ վատ աշակերտ լինելն է որոշում ձեր ապագան։