Նոր տրամադրություն

 

Լուսանկարը՝ Լիա Ավագյանի

Լուսանկարը՝ Լիա Ավագյանի

Ուխ, արդեն գարուն է: Իմ գյուղ Ներքին Կարմիրաղբյուրում եռուզեռ է: Էսկողմ-էնկողմ քայլող մարդիկ բահը, փոցխը ձեռքներին գնում են այգիները մաքրելու, որպեսզի հետո վարեն-ցանեն: Այնքան հետաքրքիր է գյուղը, ոնց որ վերակենդանացած լինի:

«Բայց էն ժամանակվա եռուզեռը չկա»,- պատմում է հայրիկս: Նաև ավելացնում, որ սովետի ժամանակ գյուղում ոչ մի կտոր հող անմշակ չէր մնում, բոլորը մշակում էին: Ու իրենք՝ դպրոցի բարձր դասարանի երեխաները, գնում էին դպրոցի հողը մշակելու: Էն ժամանակ դպրոցը հողեր ուներ, աշակերտներն էին մշակում:

Լուսանկարը՝ Լիա Ավագյանի

Լուսանկարը՝ Լիա Ավագյանի

Բայց հիմա, հիմա գյուղում անմշակ հողերն ավելի շատ են, քան էն հողերը, որ մենք ենք մշակում: Չէ, ոչ թե նրա համար, որ չենք ուզում, ընդհակառակը: Մեր հողերի մեծ մասը թշնամու կրակի տակ է, ու գյուղացիները չեն կարող դրանք մշակել: Բազմիցս եղել են դեպքեր, որ գյուղացիներն իրենց այգիներում վիրավորվել են թշնամու գնդակից:

Բայց վերադառնամ ավելի ուրախ թեմաների: Մի քանի օր առաջ տեսա հայրիկս բահը, փոցխը ու էլի ուրիշ  գործիքներ հանել պատրաստել էր, որ արդեն մենք էլ սկսենք գարնանային աշխատանքները: Այնպես որ, մենք էլ ենք գարնանային տրամադրության մեջ:

Լուսանկարը՝ Լիա Ավագյանի

Լուսանկարը՝ Լիա Ավագյանի

Քայլում եմ գյուղի փողոցներով. շխկոց, թխկոց, բահերի դրոփյուն, հեռվում աշխատող տրակտորներ, դրանց միախառնվող համահունչ երաժշտությունը տարածվել էր ամբողջ գյուղով` ստեղծելով հաճելի տրամադրություն: Կարծես` ոչ հեռվում գտնվող թշնամուն ուզում ենք հասկացնել տանք, որ մենք  այստեղ ենք, մնալու ենք ապրելու, արարելու, ու իրենք թող մտքներովն անգամ չանցկացնեն ոտք դնել մեր հողին:

Ինձ մեկ-մեկ թվում է, թե այս եղանակին մարդկանց հոգիները թևեր են առնում՝ պարում, երգում, ու իսկապես գարունը նոր տրամադրություն է բերում:

Լուսանկարը՝ Լիա Ավագյանի

Լուսանկարը՝ Լիա Ավագյանի

Խաչմերուկ

 

Լուսանկարը՝Դավիթ Ալեքսանյանի

Լուսանկարը՝Դավիթ Ալեքսանյանի

Մեր գյուղի` Բաղանիսի միջով անցնում է երկու ճանապարհ: Երկուսն էլ տանում են Երևանից Թբիլիսի: Ամենազարմանալին այն է, որ այդ ճանապարհները հատվում են մեր գյուղի մեջտեղում, իսկ այդ ճանապարհների հատման տեղը գյուղացիները անվանում են Խաչմերուկ: Հիմա կմտածեք, թե ինչու եմ ճանապարհներից խոսում: Ճանապարհները երբեմն լինում են դժվարանցանելի, հանգիստ, հանդարտ, բայց այս երկուսն ունեն իրենց կառուցողական իմաստը մեզ համար, իսկ որոշ մարդկանց համար այդ ճանապարհները ընդամենը սովորական ճանապարհներ են: Նրանք գալիս անցնում են ու մոռանում այդ ճանապարհների մասին: 

Լուսանկարը՝Դավիթ Ալեքսանյանի

Լուսանկարը՝Դավիթ Ալեքսանյանի

Ճանապարհներից մեկն անցնում է գյուղի երկայնքով և գտնվում է հակառակորդի դիրքերից մոտ 150 մետր հեռավորության վրա: Այն գնդակոծվում է թշնամու դիրքից, և այդ պատճառով ութ տարի առաջ կառուցվել է երկրորդը, որն անցնում է  գյուղի հանդիպակած Հարսնաքար լեռան լանջով և գրեթե անտեսանելի է թշնամու դիրքից: Այդ մի ճանապարհը կիսով չափ անցնում է գյուղի միջով:

Մի դեպք պատմեմ: Երեխաներով կանգնած էինք այդ խաչմերուկում, երբ Ռուսաստանից մարդիկ էին անցնում: Նրանք կանգ առան.

-Բարի օր, տղե՛րք:

-Բարի օր,- պատասխանեցինք մենք:

-Ո՞ր ճանապարհով գնանք, որ վտանգավոր չլինի:

Մեր տղաներից մեկը կատակեց.

-Է՜ն ճանապարհը վտանգավոր ա, իսկ է՜ն մինը՝ «ապասնի»:

…Ճանապարհները նման են մեր կյանքին:

Աշխարհն իմ պատշգամբից

Իմ պատշգամբից աշխարհն ուրիշ է. հատուկ, գունավոր, պայծառ, մի խոսքով ուրիշ, իմ ուրիշը: Այդ ուրիշը միայն ես եմ տեսնում: Հա՜, մեկ էլ անբաժան ընկերս՝ դե, տեսախցիկս, էլի: Մեր պատշգամբն իմ ամենասիրելի վայրն է: Ու կապ չունի, թե տարվա որ եղանակն է, օրվա որ ժամն է: Դուրս եմ գալիս, ժամերով կանգնում, նայում շուրջս, հետո լուսանկարում: Երանի իմ աչքերին, որ ամեն օր տեսնում են այդ հրաշքը: 

Մեր տունը գտնվում է Կոթի գյուղում, ճիշտ դիրքերի դիմաց: Ես նայում եմ մերթ մեր դիրքերին, մերթ՝ հակառակորդի: Հասկանալով, թե ինչքան հեռավորություն կա մեր տղերքի ու հակառակորդի միջև, մի պահ փշաքաղվում եմ. «Բայց չէ՞ որ մեր տղերքն ուժեղ են, ամեն ինչ լավ կլինի»,- հանգստացնում եմ ինքս ինձ՝ անընդհատ նույնը կրկնելով:

Մեր դիրքերը գտնվում են մի լեռան վրա, որը հնուց բազմիցս ենթարկվել է թշնամու սադրանքներին, բայց այն մեր տղերքի շնորհիվ միշտ կանգուն է եղել ու դեռ հավերժ կմնա: Լեռան անունը Փայտասար է, բայց երբ հարցնեք գյուղացիներին, թերևս մի քանի հոգի կպատասխանեն Փայտասար: Մեր՝ կոթեցիներիս համար դա մեր Օդնդաղն է, մեր լավ ու վատ օրերի ականատես Օդնդաղը:

Ամռան մի պայծառ օր էր, երբ սովորությանս համաձայն դուրս եկա պատշգամբ. գյուղը կրակի մեջ էր, պատճառն էլ, դե երևի հասկացաք, Ադրբեջանն էր գնդակոծել: Վայրկյան առ վայրկյան ահագնացող կրակ, որ արագ տարածվում էր, մոտենում գյուղին, չհանգցնելու դեպքում ժամեր անց կհասներ բնակելի տներին: Բայց դե բոլորդ էլ հասկանում ենք, որ ադրբեջանական դիրքի դեմ-հանդիման կրակը հանգցնել հնարավոր չէր, վտագնավոր էր: Անցավ երկու ժամ, օրը մռայլվեց, անձրև սկսվեց, կարծես վայրկենական: Մի քիչ անհասկանալի ու հետաքրքիր: Ամառային պայծառ օր, ու հանկարծ` անձրև: Գյուղը վատ վիճակում էր, կրակի մեջ, ու օգնության հասավ բնությունը…

Այդպես կրակի մեջ էլ ապրում ենք, էլի:

Պատշգամբից հիմնականում լուսանկարներ եմ անում վաղ առավոտյան, դպրոց գնալուց առաջ: Արթնանում եմ զարթուցիչիս ձայնից, չէ՛, ավելի ճիշտ չեմ արթնանում, այլ վեր եմ կենում տեղիցս, մի կերպ, կիսաքնած դուրս եմ գալիս պատշգամբ ու հաճախ՝ վազելով հետ եմ գալիս, մտնում սենյակս:

-Սերինե՛, ո՞ւր, ի՞նչ եղավ,- սկզբում հարցնում էր մայրիկս, իսկ հիմա արդեն գիտի` ուր ու ինչի համար:

-Մա՛մ, հիմա դրա ժամանակը չի, կգամ, կասեմ,- ասում էի ես ու վազելով դուրս գալիս:

Գնում էի, կանգնում, երկար նայում շուրջս, լուսանկարում…

-Աղջի՛, ուշացանք, արի, շուտ արա,- գոռում էր տնից քույրս ու դեռ շարունակում է գոռալ գրեթե ամեն օր, ու դեռ ես եմ միշտ ասում. «Քո պատճառով ուշանալու եմ»:

Ու էդպես ինձ ամեն օր կտրում են իմ խորհրդավոր, ուրիշ աշխարհից, իմ ուրիշ պատշգամբից ու տեսախցիկից:

Աշխարհն իմ պատշգամբից ուրիշ է, իմ ուրիշը…

 

 

davit chilingaryan

Ես սիրում եմ սարը, իսկ սարը` ինձ

Գարնանը` մայիսին, բոլորը վերցնում են իրենց անասուններին և գնում են սարերը, որպեսզի ամռանը կաթը ավելի առատ լինի և կովերի «արոտը լավ լինի»: Ամռանը պանիրը, ջիլը (թել պանիր) ավելի համով է լինում: Սովորաբար երեխաները չեն սիրում սարերը: Ինձ համար աշխարհից կտրված  վայր է, ճիշտ է, օդը մաքուր է, բայց չկա էլեկտրականություն, ինտերնետ, հեռուստացույց, իսկ այս դարում կյանքն առանց տեխնիկայի անհետաքրքիր է. երեխաների մեծամասնությունը այդպես է կարծում: Առաջ, պատմում են, որ սարերում շատ երեխաներ էին լինում, հիմա` մեկ-երկու երեխա: Մեծերը պատմում են, որ էն ժամանակ կրակ էին վառում և բոլորով հավաքվում էին շուրջը, խոսում դեսից-դենից:
Ամառային մի օր էր, կովերի բառաչից վեր կացա, տեսա, տատիկս կթում է փրփրալից տաք կաթը: Խանում տատս ձայն տվեց և ասաց.
-Դավի’թ, արի կաթը տար:
-Տատի’, տատի’, կաթը կտա՞ս:
Վերջացնելով կթելու գործը, տատս սկսեց կաթը մշակել: Պանրի մերանը` պեպսինը, տատս լցնում է կաթսայի մեջ կաթի վրա, հետո գդալն առնում ու խաչեր է անում, որպեսզի կաթն առատ լինի: Տատս ասում է, որ իր մայրն ու տատն էլ այդպես են արել պանիր մերելուց: Տատս մերեց կաթը, և ես ցանկացա ուտել «ղազանդիբի», որը կիսախմորված կաթն է:

Տարվա այդ շրջանում բոլոր թոռներով սարում ենք լինում, խաղում տարբեր խաղեր, օգնում տատիկիս: Սարում երբեմն դժվար է լինում, երբեմն կարող ես հանդիպել գայլերի , բայց մենք չենք վախենում, որովհետև և’ մենք ենք սովորել նրանց ներկայությանը, և’ նրանք` մեր:  Շատ եմ սիրում, երբ մարդիկ սարում գոռում են. «Հո’ արի,ա’ կով» կամ «Արի’, ջեյրան ջա’ն, արի’, մարալ ջա’ն» և խոր-խոր ձորերից ի պատասխան լսվում է անասունների  բառաչը: Ես սիրում եմ սարը, իսկ սարը` ինձ:

 

anahit israyelyan

Ջուջևան. այսօր և վաղը

Բազում այլ բնակավայրերի նման Տավուշի մարզի Ջուջևան գյուղում ևս առկա է այն մեծ խնդիրը, որը կոչվում է գործազրկություն: Մեր թաղում, որ մի ժամանակ գյուղի ծաղկուն շրջաններից էր, այնքան մեծ, որ թաղի մեծահասակները բողոքում էին երեխաների աղմուկից, այսօր անգամ երեխա չկա, որ աղմկի: 

Ընդամենը երկու ամիս առաջ, աշխատանք չգտնելով հայրենիքում,  արտագաղթեց մեր հարևաններից մեկը` իր հետ տանելով  ամբողջ ընտանիքը` երկու երեխաներին ու կնոջը: Տարիներ շարունակ նա գյուղում թողնում էր ընտանիքը և միայնակ գնում արտագնա աշխատանքի: Պատկերացրեք` ինչ դժվար կլինի կնոջ համար ընտանիքի մասին հոգ տանելը, երբ տանը չէ ամուսինը, երբ որդին ծառայում է սահմանին, որտեղից գրեթե ամեն օր վատ լուրեր են հասնում, երբ աղջիկը սովորում է տասներկուերորդ դասարանում, և շուտով անհրաժեշտություն է առաջանալու նրան բարձրագույն կրթության տալու, իսկ ընտանիքի ֆինանսական վիճակը հիմա էլ, մեղմ ասած, լավ չէ:
Երկու ամիս առաջ նրանք ամուսնացրին իրենց աղջկան, որդին եկավ բանակից, և նրանք գնացին արտասահման` աշխատելու: Ի՞նչ իմանաս, վաղը գուցե նրանց տղան ամուսնանա օտարերկրուհու հետ, այդպիսով կիսով չափ կորցնելով իր հայ լինելը:
Եթե  անգամ հեռու չգնանք, իմ հայրն էլ, դպրոցում սովորել է գերազանց, համալսարանը ավարտել է կարմիր դիպլոմով (այնքան լավ է սովորել, որ նույնիսկ առաջարկ է ստացել որպես դասախոս աշխատելու), իսկ այսօր ինչո՞վ է նա զբաղված` անասնապահությամբ ու հողագործությամբ:
Այսօր  էլ ես աշխատում եմ լավ սովորել, սովորել այն, ինչ կարող եմ, փորձում եմ յուրաքանչյուրից մի բան սովորել, իսկ վաղը չգիտեմ` ինչ կլինի: Այսօր, որ ես երեք առարկա եմ պարապում, որ իմ ծնողները ամեն օր ինձ տանում ու բերում են Նոյեմբերյան պարապմունքի, որ երկու տարուց ես գնալու եմ սովորելու համալսարանում  ու իմ ծնողները պետք է վճարեն  ոչ միայն իմ ուսման վարձը, այլ նաև իմ այնտեղ մնալու համար գուցե տուն վարձեն ու մնացած ծախսերը հոգան: Թեև սահմանամերձ գոտի ենք, սակայն մեր գյուղին ոչ մի արտոնություն չեն տվել: Այդ ամենից հետո ես կունենա՞մ աշխատանք, որ կարողանամ  վերադարձնել այդ ծախսերը, որ կարողանամ ստեղծել  իմը: Չգիտեմ…

Աննա Էզդանյան

Բերդավանի մեկ օրը

Ողջույն: Ես Աննան եմ, 17 տարեկան:  Ծնվել և մեծացել եմ Տավուշի մարզի Բերդավան գյուղում, որը գտնվում է ադրբեջանական սահմանից 2 կմ հեռավորության վրա: Գյուղի շրջակայքում է գտնվում Ղալինջաքարբերդ ամրոցը, որը կառուցվել է դեռևս 13-րդ դարում: Ըստ որոշ տվյալների, այդտեղ է եղել նաև Աշոտ Երկաթը իր զորքով:

Ընտանիքս բաղկացած է 4 հոգուց` հայրս, մայրս, եղբայրս և ես: Ընտանիքիս գլխավորը հայրս է, ով աշխատում է ալյուրի արտադրամասում: Նա աֆղանական և հայ-ադրբեջանական պատերազմների մասնակից է, ունի բազմաթիվ շքանշաններ և պատվոգրեր: Տան հաջորդ անդամը, ով ամբողջ օրը ոտքի վրա է,  մայրս է: Նա փորձում է ամեն ինչ անել, որպեսզի մենք ոչ մի բանի պակասություն չզգանք: Մայրս բանասեր է և աշխատում է գյուղի դպրոցում որպես ուսուցչուհի: Տան կրտսերը եղբայրս է` Արտյոմը, ով սովորում է  7-րդ դասարանում: Արտյոմը  զբաղվում է ֆուտբոլով և երազում է ֆուտբոլիստ դառնալ:

Այժմ պատմեմ իմ մասին: 2-րդ դասարանից հաճախել եմ երաժշտական դպրոց, որտեղ սովորել եմ 7 տարի դաշնամուրային բաժնում: Դեռ փոքր հասակից շատ եմ սիրել նվագել և երգել: Երազանքներիցս մեկը երգչուհի դառնալն էր, սակայն հայրս միշտ ասում էր. «Դա քու բանը չի: Նստի` դասերովդ զբաղվի»:

Քանի որ այս տարի ավարտում եմ դպրոցը, արդեն որոշել եմ ապագա մասնագիտությունս և ուզում եմ դառնալ տնտեսագետ: Անդամակցում եմ մի քանի կազմակերպությունների:                                                  Մասնակցում եմ գրեթե բոլոր ծրագրերին, որոնք անց են կացվում մեր գյուղում: Մեր դպրոցում նաև աշակերտական խորհրդի անդամ եմ` տեղեկատվական  բաժնի ղեկավար: Դպրոցն ունի բասկետբոլի  խմբակ, որում ներառված եմ նաև ես: Ահա այսպիսին եմ ես: Չգիտեմ` կարողացա՞ պատկերացում տալ իմ մասին, թե ոչ, բայց հույս ունեմ, որ հետագայում նույնպես կգրեմ նյութեր իմ, ընկերներիս, ընտանիքիս և այլ թեմաներով, որոնք կհետաքրքրեն ձեզ: Սա իմ կյանքն է ամենօրյա, իմ և իմ հասակակիցների առօրյան, սակայն մի օր այս ամենը խառնվեց իրար և ասես, կանգ առավ:

2015 թ… Սեպտեմբերի 24-ը… Բերդավանում խաղաղ օր էր, բայց աղետալի ավարտ ունեցավ: Մինչև հիմա հիշում եմ: Ժամը մոտավորապես 5:30-ի սահմաններում էր, երբ լսվեց մի բարձր ձայն: Մարդկանց մի մասը դրսում հողագործությամբ էր զբաղված, մի մասը աշխատանքի վայրում էր, իսկ մի խումբ երեխաներ գյուղի մերձակայքում գտնվող մարզադաշտում ֆուտբոլ էին պարապում: Մարդիկ նույնիսկ չէին պատկերացնում թե ինչ կարող էր լինել: Բոլորը թաքնվելու փոխարեն դուրս էին եկել և գոռում էին.  «Էս ո՞ւմ տանն ա դիբե՜լ, էս ո՞ւմ տանն ա դիբե՜լ»:  Բարձր ճիչեր… Մանկան լաց…

Գնդակոծությունը շարունակվեց մոտավորապես 2 ժամ: Հակառակորդը ինտենսիվորեն կրակ էր բացել ոչ միայն դիրքերի, այլև բնակավայրի վրա: Հակառակորդը կրակ էր բացել մշակույթի տան, մանկապարտեզի, ինչպես նաև երաժշտական դպրոցի և բնակելի տների ուղղությամբ: Այդ ընթացքում եղան անմեղ զոհեր, վիրավորներ: Ազերիների գնդակին զոհ գնացին 90-ամյա Շուշան Ասատրյանը, ով գտնվում էր հենց իրենց տան ներսում և 40-ամյա Սոնա Ռևազյանը, ով եղել էր իրենց բակում:

Որոշ մարդիկ գյուղից դուրս էին հանում երեխաներին, որոշներն էլ պնդում էին, որ եթե իրենք գյուղից հեռանան, էլ ով պետք է պահի գյուղը: Գնդակոծությունը ծանր հետք թողեց մարդկանց սրտերում, որը վերականգնել այլևս հնարավոր չէ:

Գնդակոծության հենց հաջորդ օրը ժամանեցին բարեգործական խմբեր, մի շարք լրագրողներ, գրանցեցին կորստի չափը և սկսեցին օգնություն ցուցաբերել:

Ավերվել էին մշակույթի տան պատուհանների և աստիճանների մի մասը, երաժշտական դպրոցի պատուհանների մի մասը, և շուրջ բոլորը կիսավեր տներ էին:

Այդ դեպքից հետո գրեթե ամեն շաբաթ գալիս էին տարբեր կազմակերպություններից և սովորեցնում էին, թե ինչպես պետք է պաշտպանվել կրակոցների ժամանակ: Սա նույնպես ես համարում եմ բարեգործական աշխատանք: Մենք մեզ մենակ չէինք զգում: Ես համոզվեցի, որ մեր օրերում էլ կան մարդիկ, ովքեր դեռևս մտածում են ոչ միայն իրենց՝ այլ նաև դիմացինների մասին:

Հիմա Բերդավանում կյանքն էլի իր հունով է ընթանում, ինչպես այդ աղետալի օրից առաջ: Շնորհակալություն ենք հայտնում այն բոլոր կազմակերպություններին և անձանց, ովքեր աջակցել են մեզ վերականգնել կորուստները: