Նանե Եղիազարյանի բոլոր հրապարակումները

Nane Eghiazaryan

Առաջին շաբաթը

Երբեմն-երբեմն մոռանում ենք, որ փոքր ենք եղել: Մոռանում ենք, որ դեռ անցյալ տարի ամբողջ հոգով ուզում էինք դպրոցն ավարտել, իսկ հիմա՞: Հիմա՝ ճիշտ է, դեռ 11-րդ դասարանում ենք, բայց արդեն հասկանում ու գնահատում ենք այն օրերը, որ անց ենք կացնում դպրոցում:

Դպրոցում մի փոքր զբոսանք կատարելուց հետո հասկանում ես, որ էլ չես կարող մեծ միջանցքներով ընկերներիդ հետ «բռնոցի» խաղալ, էլ չես կարող ասել, թե տետրը մոռացել ես տանը, որովհետև տնային աշխատանքը չես գրել, քանի որ հասկանում ես, որ ուսուցիչն էլ է քեզ նման դպրոց գնացել:

Իսկ ինչպե՞ս եմ սովորել գրել: Այս հարցը ես ինձ տվեցի այն ժամանակ, երբ փորձում էի եղբորս օգնել թեք գծեր գծել: Հետո նայելով նրա առաջին «գլուխգործոցներին»՝ հասկացա ու միևնույն ժամանակ զարմացա, որ փոքր տարիքում միգուցե նաև դժվարացել եմ թեք գիծ գծել:

Առաջին դպրոցական շաբաթն է, ու դու պատկերացնում ես, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ, միգուցե, ուսուցիչը դասարան մտնելուց հետո մի ամբողջ դասաժամ քննարկի քո ու դասընկերներիդ ամառային արձակուրդները, բայց դրա փոխարեն` մի փոքր երկխոսությունից հետո հանկարծ հայտնվում ես գրատախտակի մոտ, տետրերիդ առաջին էջերը լցնում նոր նախադասություններով, ու առաջին ժամն ավարտվելուց հետո գրատախտակի վրա արդեն հայտնված են լինում նոր երկրաչափական գծագրեր ու նոր բանաձևեր, որոնցով արդեն հաջորդ ժամին դու պետք է լցնես գրատախտակի դատարկությունը:

Հիմա, երբ ասում են՝ դպրոց, առաջին հերթին ոչ թե պատկերացնում ես ձանձրալի դասեր, ոչ այնքան սիրելի դասաժամեր, այլ միանգամից մտաբերում ես հարազատ դարձած դասընկերներիդ, ուսուցիչներիդ, որոնց արդեն մեկ-երկու տարի հետո միգուցե էլ չհանդիպես, դասղեկիդ, որ ամեն հարցում քեզ աջակցում է, ու երբ խորհրդի կարիք ես զգում՝ օգնության հասնում:

Ինչ շուտ մեծացանք: Իսկ եթե աչքս մի անգամ էլ թարթեմ ու նույն մտքերով հայտնվեմ արդեն ոչ թե դպրոցի դասարաններից մեկում, այլ համալսարանի լսարաններո՞ւմ, կամ էլ աշխատասեղանի մոտ նստա՞ծ:

Nane Eghiazaryan

Թող մի քիչ էլ ջրեն

Բոլորը խոսում են Վարդավառի մասին:Մարդկանց մեծ մասի ամենասիրելի տոնն է, որի ժամանակ պիտի վերջապես դուրս գան փողոց ու ծանոթ-անծանոթի վրա ջուր լցնեն: Դեռ տոնի նախորդ օրը ես պարզեցի, որ պետք է Վարդավառին Եղեգնաձորից գնամ Ջերմուկ: Դե հա, պատկերացնում էի, որ մինչև ավտոբուսին հասնելը պետք է ամբողջովին ջրի մեջ կորած լինեմ, ու հավատացեք, ես դեմ չէի, որովհետև 40 աստիճան շոգի դեպքում ոչ ոք էլ դեմ չէր լինի:

Հասել է պահը. տնից դուրս եմ գալիս և ուղևորվում եմ դեպի ավտոբուսը: Ամբողջ ճանապարհին ես հանդիպեցի դույլերով զինված մարդկանց, (ի դեպ, մոռացա նշել, որ ես քայլել եմ 20 րոպե, այսինքն, ճանապարհը այնքան էլ կարճ չէր): Ես նստել եմ ավտոբուս, ու ինձ վրա ջրի մի կաթիլ էլ չկար: Ամբողջ ճանապարհին մտածում էի, թե ինչի համար էին դույլով ջրերը: Ու հավատացեք, եթե չամաչեի, միգուցե անցորդներին ուղղակի խնդրեի, որ ջրեին, ախր, շատ շոգ էր, է:

Հետո հասա տուն: Մեր բակում արդեն ջրոցին ավարտվել էր, այսինքն, երեխաները գնացել էին ուրիշ բակ խաղալու: Հասա տուն ու ապշած դեմքով նստել եմ բազմոցին: Այդ պահին մայրս հարցրեց, թե ինչ է պատահել, ես էլ սկսեցի պատմել, որ այսօր դեռ չեմ ջրվել, իսկ դեռ պատմությունս չավարտած, մայրս հանկարծ չգիտեմ որտեղից, հանեց դույլով ջուրը ու լցրեց գլխիս: Ջուրը շատ սառն էր, բայց իսկապես հաճելի էր…

Շատ հաճախ է պատահում, երբ Վարդավառին պատահական անցորդներին վախենում ես ջրել, մտածում ես, թե կսկսեն բողոքել, ու չես էլ ջրում, իսկ ես մտածում եմ՝ թող մի քիչ էլ բողոքեն, ի՞նչ կա որ…

Nane Eghiazaryan

Հուլիսի չորսին

Հուլիսի չորսին Եղեգնաձորի զորամասում տեղի ունեցավ մատուռի բացում: Ներկա էին հիմնականում ժամկետային զինծառայողները: Իսկ ես ներկա էի որպես իմ քաղաքի Սուրբ Գայանե եկեղեցու երգչախմբի անդամ: Պարզվեց, որ մատուռի գաղափարը զորամասի հրամանատարն ունեցել էր վաղուց, բայց չէր գտել այն կառուցելու ճիշտ ժամանակը: Եվ, վերջապես, ճիշտ ժամանակը եկել էր. հուլիսի չորսին Եղեգնաձորի զորամասի 20-ամյակն էր, և նոր Սուրբ Գրիգոր Տաթևացի մատուռի բացումը:

Շոգ էր, բայց մարդկանց երեսին դժգոհության մի նշույլ էլ չկար, չնայած՝ շատերը կանգնած էին արևի տակ: Մատուռը կառուցելիս ամեն զինվոր իր ներդրումն էր ունեցել, իսկ ֆինանսապես օգնության էին հասել շատ բարերաներ: Թեմի առաջնորդն ասաց, որ դեռ շատ այսպիսի մատուռներ են բացվելու, ու մի անգամ ևս նշեց, թե ինչքան կարևոր և ամուր է ազգ-եկեղեցի-բանակ-հայրենիք կապը:

Դե, մեր երգչախումբը երգեց, ավարտվեց միջոցառումը, և մենք վերադառնում էինք Ջերմուկ, երբ որոշեցինք գետի ափի մոտ մի փոքր զովանալ: Կանգ առանք մեզ հարազատ Արփայի ափերին: Ընկերուհիս անընդհատ չորս կողմն էր նայում, և ինչ-որ բան էր փնտրում, հետո երևի իր ուզածը չգտնելով՝ ինձ հարցրեց, արդյոք մոտակայքում աղբարկղ կար: Ես էլ նայեցի շուրջս ու տեսա տոպրակների ու էլի պիկնիկից հետո մնացած աղբի հետքերը, իսկ երբ ուզում էի նրան պատասխանել, հանկարծ մեր երգչախմբի փոքրիկ անդամներից մեկը ուրախ-զվարթ ասաց.

-Չե՞ս տեսնում, ամբողջ շրջակայքումդ աղբ է: Ուրիշ մարդիկ գցել են, դու էլ գցիր նրանց պես:

Ճիշտ է, մենք նրան բացատրեցինք, որ շրջակայքը աղտոտել չի կարելի, բայց գուցե ուրիշ այդպիսի շատ-շատ երեխաներին բացատրողներ չգտնվեն:

Nane Eghiazaryan

Հանուն ավելի կարևորի

Այս ամառ ես փնտրում եմ աշխույժ զբաղմունքներ, բայց մինչ օրս չեմ գտնում: Շատերի համար աչքերը բացելուն պես արև տեսնելն արդեն լավ օրվա սկիզբ է, բայց ինձ լավ տրամադրություն ունենալու համար միայն արևը չի հերիքում: Իմ կարծիքով, ամռանը պետք է հանգստանալ լիովին. պետք է հայտնվել մի աշխույժ խմբում, ընտրել թեմա՝ հետաքրքիր զրույց վարելու համար, կամ ինչ-որ լավ բան անել, ու օրը դարձնել անմոռանալի:

Հունիսի առաջին օրերը հենց այսպես էլ երևի անցնում էին, երբ հանկարծ մայրս ինձ հարցրեց՝ արդյոք ուզո՞ւմ եմ անգլերենս բարելավել: Նա շատ զարմացավ, երբ տեղիցս վեր թռչելով՝ «այո» ճչացի: Անկեղծ ասած, ես էլ զարմացա իմ այդ մեծ ուրախության վրա: Մայրս ասաց, որ Հայաստանում Ամերիկյան համալսարանի դասախոսներից մեկը անգլերենի դասեր է տալիս Եղեգնաձորի «Գալիք» համալսարանում ամեն շաբաթ և կիրակի օրերին: Ես համաձայնեցի ամեն շաբաթ օր հանուն անգլերենի արթնանալ առավոտյան շուտ, Ջերմուկից գնալ Եղեգնաձոր, և ամեն երկուշաբթի վերադառնալ Ջերմուկ:

Սկսվեցին դասերը, որոնցից ես իսկապես հաճույք էի ստանում: Հանկարծ տեղեկացա, որ էկոտուրիզմի փառատոն կա, որին կարող եմ մասնակցել, բայց շաբաթ և կիրակի օրերին է: Որոշեցի դրանից հրաժարվել հանուն գիտելիքի, հետո ամբողջ ֆեյսբուքյան էջս սկսեց լցվել ամառային ճամբարների մասնակցելու հայտերով, բայց ես ոչ մեկին չեմ կարող մասնակցել, որովհետև շաբաթ-կիրակի զբաղված եմ: Սկսեցի իմ սովորության համաձայն դժգոհելով ման գալ, երբ եղբայրս ինձ մի լավ խորհուրդ տվեց. «Երբեմն ամենամեծ գանձին հասնելու համար պետք է հրաժարվել մանրերից, որոնք միգուցե շատ են, բայց այնքան արժեք չեն ունենա, ինչքան մեծը»: Եվ իսկապես, եղբորս խոսքերը լսելուց հետո դադարեցի դժգոհելուց: Ամեն տարի էլ կլինեն ճամբարներ, էկոտուրիզմի նոր փառատոներ և միջոցառումներ, բայց ամեն տարի հնարավորություն չես ունենա մասնակցելու նման դասերի: Դեռ մեկ ամիս էլ չեմ գնացել պարապմունքների, բայց գրեթե ամբողջությամբ հասկանում եմ, թե ինչ են խոսում անգլիացխոսները (իմ քաղաքում նրանց հանդիպելը դժվար չէ):

Հուսով եմ, որ իսկապես կկարողանամ հասնել արդյունքի, որովհետև այս ամռան հետ կապված բոլոր պլաններս մի կողմ եմ դրել, որպեսզի հասնեմ «ամենամեծ գանձին»:

Nane Eghiazaryan

Ավտոբուսում

Ժամը ութին հինգ է պակաս: Ավտոբուս եմ նստում ինձ ծանոթ ու անծանոթ մարդկանց հետ: Երկուշաբթի է, և գրեթե բոլորը նայում են ինձ և իրենց մեջ հարց են տալիս, թե  ինչու այս աղջիկը հիմա դպրոցում չէ… Ոմանք միգուցե հիշում են, որ տարեվերջ է, և ավելի են զարմանում. չէ՞  որ եկել է կիսամյակայինների ժամանակը: Ավտոբուսը վերջապես շարժվեց: Հետևում նստել էին տղամարդիկ, իսկ դիմացս՝ կանայք: Ասում են, որ կանայք բամբասկոտ են, բայց եթե այդ արտահայտությունը լսած չլինեի, դա կվերագրեի տղամարդկանց:

(Ավտոբուսի կանգառում կանգնած մարդկանցից մեկը՝ Իքս, իմ հետևում նստած մարդիկ՝ Իգրեկ, Զեթ)

-Տեսա՞ր՝ նոր ում հետ էի խոսում:

-Ո՞ւմ:

-Իքսն էր, սկսել էր էլի գլուխ գովել:

-Ի՞նչ էր ասում, որ…

-Ասում էր՝ թե բա գիտեմ, չէ՞, որ բոլորին բանջարի տեղերը ինքն է ցույց տվել, որ դու ու ինքը միշտ իրար հետ եք գնացել, ու երբ իրա իմացած տեղերը իմացել ես, էլ իրա հետ չես գնում:

-Պա՜հ, ինքն ա սովորեցրել հա՞… Բա չասի՞ր՝ դու ո՞ւր էիր, երբ Իգրեկը գնում էր բանջարի: Ինչ ա՝ մի անգամ իրար հետ տեղ ենք գնացել, ինքը աջ ա գնացել, ես՝ ձախ: Հետո կանչել ա, թե՝ ստեղ լավն ա բանջարը: Գնացել եմ, ուրեմն, ինքն ա, հա՞, սաղ տեղերը ինձ ցույց տվել:

-Հա, բա… Ասում ա, թե՝ մի հատ լավ տեղ գիտեմ, որ քարի տակ լիքն ա, գնում եմ ընդեղ:

-Հա բա, կիմանա, բա ի՞նչ կանի: Էրեկ էր տեղերը հարցնում: Վա՜յ Իքս, Իքս…

-Լավ, էդ հեչ, պատմի տենամ՝ էրեկ հլը դա՞շտն էիր, որ անձրևը եկավ:

-Հա, հլը դաշտն էի: Լավ էր, մի հատ տեղ գտա, մտա, էնքան էլ չթրջվեցի: Դու ասա, ի՞նչ արիր:

-Ես էրեկ էն անձրևին հլը քաղում էի, ասիմ՝ գնամ ծածկի տակ, էն էլ տեղը հեռու էր, մինչև հասա՝ կտրվեց: Ոտից գլուխ ջուր էի էղել…

Մի քանի րոպե, ի զարմանս ինձ, ավտոբուսում լռություն տիրեց, հետո Զեթը նորից շարունակեց:

-Գիտե՞ս չէ, կաթիլային եմ քաշել:

-Հա բա, ճիշտ ես արել: Շուտվանից պիտի քաշեիր, ծառերդ ափսոս են:

-Հա, իմ խելքն ասա: Էնքան լավ ա, ծառերիս խոնավությունը միշտ պահում ա…

Էլի մի քանի րոպե լռությունից հետո Զեթը տագնապի մեջ ասաց.

-Էս քո իջնելու տեղը չի՞:

-Հա է, լավ էր հիշեցրիր… էստեղ կանգնի, էլի,- ավտոբուսը կանգնեց, Իգրեկը մոտեցավ վարորդին, վճարեց, հետո ամբողջ ավտոբուսով մեկ գոռաց,- դե հաջող, գնացի քաղելու:

Ավտոբուսը շարժվեց: Իգրեկն սկսեց բարձրանալ մոտակա սարը, և երբ կորավ իմ տեսադաշտից, Զեթը նույնպես իջավ ու անհետացավ:

Այդ օրը ես Ջերմուկից գնում էի Եղեգնաձոր, ու ճանապարհին էլի մարդիկ իջան ու բարձրացան: Ավտոբուսների մեջ երկար ժամանակ իրար չտեսած մարդիկ հանդիպում են, մյուսները պարզում, որ ամեն անգամ իրար ավտոբուսում են միայն հանդիպում, մյուսները նոր են ծանոթանում ու խոստանում, որ անպայման պիտի միմյանց այցելեն: Ամեն անգամ, կապ չունի, թե ուր ճանապարհորդելիս, մարդիկ լսում են տարբեր զրույցներ, տարբեր կարծիքներ ու հանդիպում տարբեր ծիծաղաշարժ դեպքերի: Երբեմն նույնիսկ այնպիսի բաներ ես լսում, որ ուզում ես բոլորին պատմել:

Եթե գոնե մեր ճանապարհորդություններից կեսը կարողանայինք գրի առնել, պահել մեր հիշողություններում, ինչքան շատ բան կունենայինք հետագայում պատմելու մեր ծանոթներին: Ավա՜ղ, դրանք երբեմն չքանում են, թաքնվում մեր հիշողության անկյուններում, ու երբ ուզում ենք հիշել, չենք կարողանում:

Nane Eghiazaryan

Հնչում է կոմիտասյան մեղեդին

Մարմնովդ սարսուռ է անցնում, իսկ հոգիդ տակնուվրա է լինում, զգում ես ցավ, թախիծ, սիրտդ մորմոքվում է այն մեղեդուց, որ ստեղծել է Կոմիտասը: Նա իր ազգի տառապանքն է դրել մեղեդու մեջ, նրա ամենօրյա ուրախությունն ու թախիծը, հոգսերն ու պարերը: Նրա կախարդական նոտաների մեջ լսվում է այն ձայնը, զգում ես այն զգացմունքը, որն ապրել է այդ պահին: Այդ մեղեդին դիպչում է քեզ, մտնում սիրտդ, և երբ զգում ես այն, չես ուզում բաց թողնել: Նա հոգուցդ մի կտոր է պոկում ու տանում իր հետ: Այդ մեղեդին արցունք է պոկում աչքիցդ, ու էլ չես կարողանում այն բաց թողնել:

Կոմիտասի մեղեդին չես կարող փոխարինել ոչնչով: Այն յուրահատուկ է իր ձևով, զգացմունքների տեղատարափով: Բառեր, բառեր ու էլի բառեր, որոնք միգուցե փորձում են գեղեցկացնել մեղեդին, ու շատերի համար հենց դա է կարևորվում:

Գիտե՞ք, պետք չէ լսել բառերը, որ պատկերցանես՝ ինչի մասին է Կոմիտասի ստեղծագործությունը: Ո՛չ, Կոմիտասին կարելի է հասկանալ նրա մեղեդու միջոցով: Մարդի՛կ, ինչո՞ւ եք ամեն ինչին թռուցիկ կերպով վերաբերվում, ախր, Կոմիտասը հանճար է, իսկ շատ երիտասարդներ նրան նույնիսկ չեն հասկանում: Կոմիտասը հայ էր, բայց այժմ այլազգիները  ավելի շատ են լսում նրա մեղեդիները, քան մենք, ու ավելի շատ են նրան գնահատում: Չնայած՝ հանճարին ոչ բոլորը կարող են հասկանալ:

Կուզեի մարդկանց հարցնել, հայությանը հարցնել, թե այս աշխարհում եղե՞լ է, կամ կա՞ մեկը, ով այդքան խորն ու այդքան գեղեցիկ է ներկայացնում թե՛ ցավը, թե՛ ուրախությունը:

Հնչում է կոմիտասյան մեղեդին, որի ժամանակ մարդիկ լարվում են, ու ինչպես մի քանի տարի գեղեցիկ հագուստ չտեսած մարդը՝ խլում են այն ու չեն կարողանում բաց թողնել: Վերջ: Մեղեդին դադարեց: Ամբողջ դահլիճում լռություն է: Մարդիկ քարացել են, իսկ նրանց աչքերից արցունքներ են հոսում: Նրանցից մեկը վերջապես ուշքի եկավ և ոտքի կանգնելով՝ սկսեց ծափահարել: Նրա ծափի ձայնից այդ սքանչելի ու հեքիաթային քնից արթնացան և մյուսներն ու սկսեցին հետևել առաջին մարդու օրինակին:

Իմ կարծիքով հենց այդպես է պատահում, երբ մի շքեղ դահլիճի բեմում հնչում է կոմիտասյան մեղեդին:

Nane Eghiazaryan

Նապոլեոնների երկրում

Հայ ժողովուրդը արարող ժողովուրդներց մեկն է…
Իմ կարծիքով` ամեն հայ գիտի այս նախադասությունը, և եթե չգիտի, պետք է իմանա, բայց մարդ ինչքան էլ ստեղծում է, գալիս է մի պահ, երբ այլևս դրա դիմաց ստացած վարձը բավական չի լինում ընտանիք պահելու համար: Երբեմն մարդն իսկապես հոգնում է չարչարվելուց և, ստանալով չնչին աշխատավարձ, այլ ճար չի տեսնում, բացի հայրենիքից դուրս աշխատանք փնտրելը: Այդ մարդկանցից շատերին կարող ենք հարցնել, թե ո՞ւր է նրանց հայրենասիրությունը ու պարտքի զգացումը դեպի սահմանին կանգնած զինվորը, բայց մի՞թե նա էլ չի ասի, թե որտե՞ղ է իմ չարչարանքի արդյունքը: Ամեն դեպքում կան շատ կարծիքներ դեպի արտեկիր մեկնողները: Շատերն են ասում, որ մարդ, եթե լավ փնտրի աշխատանք, անպայման կգտնի, բայց ի՞նչ անեն այն մարդիկ, ովքեր փնտրում են և իրենց հարմար գործ չեն գտնում: Էստեղ էլ մի ուրիշը կասի, թե պիտի հարմարվի ուրիշ աշխատանքին, բայց մարդն ինչո՞ւ պետք է հարյուր հազարավոր դրամներ ծախսի և չորսից տասը տարի տրամադրի համալսարանում ուսում ստանալուն, որ հետո էլ ուրիշ գործին հարմարվի: Կամ, լա՛վ, ասում են, որ լավ մասնագետները չեն կորչում և գտնում են իրենց աշխատավայրերը։ Համաձայն եմ, իսկ ի՞նչ անեն միջին մակարդակի մասնագետները, նստեն տանը ու վե՞րջ…

Ես ուղղակի ուզում եմ հասկանալ նրանց, ովքեր ասում են, որ ապագան մեր հայրենիքում է… Լա՛վ, ես էլ եմ համաձայն ձեզ հետ, եկեք ամբողջ ազգով մնանք մեր երկրում, նստենք տներում ու զբաղվենք անգործությամբ ու մեկ էլ կտեսնենք՝ հո՛պ, արդեն տուն չունենք, դրա փոխարեն շատ պարտքեր ունենք:

Դե, ի՞նչ ասեմ, երևի Հայաստանում կան ընդամենը հազվագյուտ մարդիկ, ովքեր պարտքեր չունեն: Լա՛վ, սա էլ հասկացանք, մնում են մեր երկրում, կուտակում պարտքեր ու աշխատում: Աշխատում ենք, նորմալ աշխատավարձ ենք ստանում, բայց մեկ է, պարտքեր ունենում ենք, իսկ սա ինչի՞ հետևանքով է:

Հայը հայրենասեր է, նա սիրում է աշխատել և իր քրտինքով հաց ստեղծել, բայց հայը նաև փառասեր է:

Ինչպես ասում էր Րաֆֆին՝ հային պետք է բացատրել, որ ինքը չի կարող միայն նապոլեոններ ծնել:

Nane Eghiazaryan

Անսպասելի պատմություններ

Է՜հ, նորից բան չկա անելու, ինչո՞վ զբաղվեմ: Վայ, համակարգիչն ազատ է: Ու սկսվե՜ց… Ֆիլմեր, խաղեր, սոցցանցեր, մինչև հոգնելը, կամ էլ՝ որոշ մարդկանց նման՝ երբեք չհոգնելով:

Ըհը, մաման կրկին ասաց, որ փոխարենը գիրք կարդամ, բայց դե, ի՞նչ գիրք, գիրքը միշտ էլ կա, իսկ խաղը չի սպասի…

Երևի թե շատերն են այսպես մտածում, ու կարծում եմ, որ շատ սխալ են անում։ Երբ ամառային արձակուրդների համար գրքեր են հանձնարարում, որ կարդաք, մտածում ենք, որ դեռ ժամանակ կա, կսպասենք մինչև հասնենք այդ դասերին ու կկարդանք: Հասանք դասերին՝ լա՜վ, կսպասենք մինչև հարմար լինի՝ կարդամ: Բայց այդպես էլ հարմար ժամանակ չենք գտնում, ու գրքերի մի ամբողջ շարան է հավաքվում գրադարակումս, որնք արդեն որոշել եմ, որ արձակուրդներին կարդամ… Եվ այսպես, մինչև հասնում ես միասնական քննություն տալու պահին ու քեզ մեջտեղից ճղում, որ հասցնես պատրաստվել ու ոչինչ բաց չթողնես:

Կան մարդիկ, ովքեր իսկապես կարդում են գրքերն ու դրանք շատ-շատ են սիրում`չէ, ես նրանց շարքին չեմ պատկանում: Ես, չգիտեմ ինչու, բայց գրքեր չեմ սիրում կարդալ ու կարդում եմ հազվագյուտ հեղինակների ստեղծագործություններ։ Գիտեմ՝ վատ է, բայց դե, ի՞նչ արած՝ այդպիսին եմ ես։ Եթե կա մեկն, ով ինձ կառաջարկի մի գիրք, որը կարդալուց հետո ես իսկապես կսիրեմ կարդալ ավելի շատ, քան հիմա, խնդրեմ՝ գրե՛ք: Ես էլ անկեղծացա, երևի նրա համար, որ ինձ իսկապես էդպիսի գիրք առաջարկեք:

Հ.Գ. Սիրում եմ անսպասելի ու խառնաշփոթ պատմություններ, գրքեր, որոնց սյուժեն նախապես անհնար կլինի գուշակել…

Nane Eghiazaryan

Վերջապես նահանջիր

Հա, բայց ինչի՞ համար… Այս հարցն եմ ինձ տալիս ամեն տարվա փետրվարի վերջին օրը, որովհետև գիտեմ, որ վերջանում է սառը ձմեռը, բայց մեր քաղաքում՝ Ջերմուկում, դեռ ամենաշուտը մարտի կեսերին, նոր ձյունը ամբողջությամբ կանհետանա, իսկ գարունը… Ախր, ես գարունը պատկերացնում եմ ծաղկած ծառերի, պարզկա եղանակի ու հողից նոր դուրս եկող ծաղիկների ներկայությամբ, իսկ այստեղ… Իմ կարծիքով մարդիկ պետք է ավելացնեն մի եղանակ իրենց օրացույցներում, ի՞նչ կա: Այս եղանակային շրջանում ոչ կարգին ձյուն կա, ոչ էլ գեղեցիկ շրջակայք: Մարդիկ միայն դժգոհում են, ես էլ եմ դժգոհում, որովհետև բակերում առավոտյան` դասի գնալիս սառույց է, իսկ արդեն տուն վերադառնալիս ոտքդ վախենում ես ձյանը դնել, որովհետև գիտես, որ դնելդ նույնը կլինի, ինչ ինքնակամ մտնել ջրափոսի մեջ: Դե լավ, շատ չդժգոհեմ, թե չէ բողոքի գիրք կգրեմ (ի դեպ, որոշել եմ բողոքի գիրք սարքել ու գրել մեջը իմ բոլոր բողոքները, որ բողոքելուց հետո «Դե տենց լավ չի, մի հատ բողոքի գիրք էլ գրի, ու վերջ» ասողներին ցույց տամ, և ասեմ, որ հետևել եմ իրենց խորհրդին):

Հուսով եմ, որ այս տարի գարունը շուտ կհաղթի ձմռան հետ մենամարտում, որովհետև ես գարուն եմ ուզում, այս սառը, բայց հրաշքներով ձմռանից հետո ուզում ես տեսնել արդեն կանաչ խոտը, շնչել ծաղիկներից եկող բուրավետ հոտը, ուզում եմ տեսնել աշխարհի փթթելը…

Ձմեռ, այս անգամ (և մյուս անգամներն էլ) զիջիր գարնանը, որովհետև մենք նրան սպասում ենք, սպասում ենք նրա բերած աշխուժությանը ու նոր գույներին:

Nane Eghiazaryan

Ես դեռ լսում եմ

Սեր ասելիս հասկանում ենք մի ամբողջ կյանք: Սեր, քո անունը լսելիս բոլորն ընկնում են հետևիցդ ու չեն ուզում բաց թողնել, չեն ուզում, որ գնաս, և ուզում են, որ միայն իրենցը լինես: Ախր, ի՞նչ կա քո մեջ այդքան յուրօրինակ, հը՞: Մարդկանց հյուր ես գալիս, խաղում ես նրանց հետ, ինչպես մի կամակոր երեխա, և ուզում ես, որ ամեն ինչ քո ասածով լինի: Ուզում ես՝ քո կանոններով ապրեն մարդիկ, որոնց հյուր ես գնացել, իսկ հետո, երբ հոգնում ես անընդհատ նույն մարդկանց հետ խաղալուց, հեռանում ես ու նույնիսկ հրաժեշտ չես տալիս:

Գիտե՞ս, մարդիկ արդեն այդ կամակոր երեխայի կարիքն ամեն օր զգում են: Երբ հեռանում ես, նրանք այդ երեխայի պայծառությունն ու խելառությունն են ուզում ապրել ամեն օր, ուզում են աշխարհին նայել երեխայի աչքերով, իսկ դո՞ւ: Հոգնեցիր, ու վերջ, ոնց որ ձեռ առնես մարդկանց: Գնում ես՝ նույնիսկ չասելով. «Դե, լավ, գնացի, հոգնեցի արդեն նույն խաղալիքից»: Մարդիկ քեզ համար խաղալիքներ են, որոնցով խաղում ես ու դեն ես շպրտում: Գիտե՞ս վատը որն է, որ դու չես մեծանում, մարդիկ են քո փոխարեն մեծանում, ապրում, իսկ դու նրանց աչքերին լույս ես սփռում՝ դեպի հիասքանչ ու պայծառ ապագան: Շատ մարդիկ կասեն, որ դու եկել ու մնացել ես իրենց սրտերում մինչև կյանքի վերջը, երբ իսկապես դու տեղափոխվել ես նոր բնակարան ոչ թե քո հանգիստը վայելելու, այլ տարիներով նոր խրճիթում հանգրվանելու համար: Ա՜խ, դու երեխա, եթե մարդկանց գոնե կեսն իմանար, որ գալիս ես ուղղակի խաղալու համար, քեզ ներս չէր թողնի, որ ճանապարհելիս արցունքները քեզ որպես բեռ տա: Եթե մարդկանց կեսն իմանար, որ գալիս ես ժամանակավոր, ու որ նույնիսկ հրաժեշտ դու չես տալու, քեզ հաստատ իր տուն չէր հրավիրի: Եթե միայն այսքան միամիտ խաղալիքներիս գոնե կեսն իմանար, որ հեռանալու ես այնպես անսպասելի, ինչպես որ եկար, էլ չէր վազի քո հետևից, որ բռներ ու պահեր քեզ իր կյանքում:

Հիմա ինձ ասա, ա՛յ դու, կամակոր ու չարաճճի փոքրիկ երեխա, ինչո՞ւ ես գալիս: Դե, սպասում եմ, պատասխան եմ ուզում, տե՛ս, ես դեռ սպասում եմ քո պատասխանին, ախր, դու ինչո՞ւ էլ հետս չես խոսում: Առաջ միգուցե ես քեզ չէի լսում, բայց հիմա՝ խնդրեմ, խոսիր, բղավիր աշխարհով մեկ, դե, խոսիր, ասա՝ ինչո՞ւ ես գալիս, սողոսկում մեր կյանք, տակնուվրա անում այն, ինչպես մի փոթորիկ, իսկ հանդարտվելիս ոչնչացրած ես լինում ամեն ինչ:

Ես դեռ լսում եմ, կարող ես խոսել…