Նանե Եղիազարյանի բոլոր հրապարակումները

Nane Eghiazaryan

Ինչու եմ գրում

Հաճախ են ինձ հարցնում, թե ինչու եմ գրում 17-ին ու սպասում պատասխանի, որովհետև հարցնողների մեծ մասը գիտի, որ լրագրողի մասնագիտություն երևի չեմ ընտրի: Նրանցից շատերին չեմ կարողանում պատասխանել, իսկ մնացածը իրենք իրենց պատասխանում են ու անցնում ուրիշ թեմայի: Կամ էլ մեկ-մեկ հարցնում են, թե ինձ ինչ է տալիս այդ կայքը: Այսօր որոշել եմ այդ հարցերի պատասխանները տալ:

Մինչև 17-ը ես էլի նույն Նանեն էի, չէ, չնայած այն ժամանակ ավելի ամաչկոտ էի ու վախենում էի մի փոքր էլ, բարձրաձայնել իմ կարծիքը: Այն ժամանակ զբաղվում էի միայն դասերով, ու վերջ: Պատկերացո՞ւմ եք ամբողջ օրը՝ դաս, դաս, դաս ու ազատ ժամանակ: Նույնիսկ կարող էր պատահել, որ մի ամբողջ շաբաթվա դասերս մի օրում վերջացնեի: Դե հա, ես չեմ բողոքում, դասից բացի խմբակների էլ էի հաճախում ու գոնե մի քիչ ցրվում էի, իսկ հիմա, երբ արդեն գրում եմ, ամբողջ օրը հաստատ միայն դաս չեմ անի: Հիմա արդեն ամաչկոտությունս մի փոքր անցել է, դե, մնացել է այնքան, ինչքան որ պետք է ունենա աղջիկը: Հիմա էլ չեմ վախենում բարձրաձայնել իմ կարծիքը ու ինձ ավելի ինքնավստահ եմ զգում: Արդեն մեկ տարի է, ինչ գրում եմ 17-ին ու ոչ մի պահ չի եղել, որ դրա համար փոշմանեմ: Ամեն անգամ, երբ ինձ հարցնում են, թե ինչ է տվել ինձ «Մանանան», ես ինքս էլ եմ ինձ այդ հարցը տալիս: Ամենաառաջինը, որ ինձ տվել է, դա ինքնավստահությունն է, հետո առանց նրա ես չէի ճանաչի շատ հետաքրքիր մարդկանց, որոնցից մի քանիսի հետ շատ եմ ուզում հանդիպել ու հաստատ մի օր կհանդիպեմ: Հետո «Մանանան» ինձ տվել է գիտելիք, որի մասին նույնպես պետք է հիշել: Գիտե՞ք, մինչ այս կայքում գրելը, ես ընդհանրապես շարադրություններ չէի սիրում գրել, ու եթե գրում էի , ապա հաստատ սահմանափակվում էի միայն բառերի ու կետադրության ուղղագրությամբ, իսկ այսօր արդեն իմ ամենասիրելի զբաղմունքներից մեկն է գրել այդ շարադրությունը: Հիմա էլ չեմ կենտրոնանում միայն բառերի վրա, հիմա գրում եմ հաճույքով, ու զգացմունքներս են ինձ թելադրում այն բառերը, որոնք պիտի գրեմ: Հիմա չեմ ուզում գրել ուղղակի լավ շարադրություն, հիմա ուզում եմ գրել այնպիսի տեքստ, որի մեջ կա նաև իմ կաիծիքը, որի մեջ ես եմ խոսում ու ներկայացնում եմ շարադրության թեման իմ կողմից ու տեսակետից: Հիմա ուզում եմ գրել այնպես, որ ընթերցողը, կապ չունի՝ ուսուցիչս, թե ընկերուհիս, այն կարդալուց ինձ հարցնեն, թե ինչու եմ այդպես մտածում, ու քննադատեն իմ գրածը, կամ ընդունեն այն: Ահա թե ինչ է ինձ տվել «Մանանան»: Ես դեռ չեմ կարող ասել՝ կընտրեմ լրագրողի մասնագիտությունը, թե ոչ, բայց ես համոզված եմ, որ ձեռք եմ բերել նոր հայացք, նոր հմտություններ ու նոր ընկերներ:

Այս ամենի համար ես ու ինձ նման էլի շատ թղթակիցներ, իմ կարծիքով, հաստատ կհայտնեն իրենց շնորհակալությունը «Մանանա» թիմին:

Ջերմուկի երիտասարդները

Հարցազրույց  Ջերմուկի Երիտասարդական կենտրոնի տնօրեն Սյուզաննա Ավետիսյանի հետ

-Ինչպե՞ս հիմնադրվեց Ջերմուկի ԵԿ-ն:

-Ջերմուկի ԵԿ-ն հիմնադրվել է 2013 թվականի հուլիսին: Համայնքի ղեկավարը ու համայնքի ավագանին որոշում են կայացրել, որ պետք է քաղաքում գործի ԵԿ, որը հենց կֆինանսավորվի համայնքային բյուջեից: Չնայած կենտրոնը ինքնին կառուցվել է պետական բյուջեից հատկացված գումարներով, բայց մնացած ֆինանսավորումը մինչև հիմա կատարում է քաղաքապետարանը:

-Կներկայացնե՞ք քաղաքի երիտասարդությունը ԵԿ-ի ստեղծումից առաջ և հետո:

-Մինչև ԵԿ-ն քաղաքում բնականաբար կար երիտասարդություն, բայց ոչ համախմբված էր, ոչ այն ծրագրերն էր իրականացնում, որը հիմա ենք իրականացնում: Մենք ունենք բուն նպատակ ու առաքելություն, որը  արդեն համարյա չորս տարիների ընթացքում փորձում ենք իրականացնել՝ կամավորների բանկ ենք հավաքում, կամավորների ցանց, տարբեր տեսակի ծրագրեր ենք իրականացնում, փորձում ենք համախմբել ողջ երիտասարդությանը՝ տալով նրանց որոշակի հմտություններ, գիտելիքներ: Փորձում ենք նրանց ներգրավել տարբեր հասարակական ու կամավորական գործունեության մեջ:

Բացի այդ,այժմ  երիտասարդությունը ունի մի տեղ, մի միջավայր, որտեղ ինքը կարող է իր գաղափարները առաջարկել, որտեղ երիտասարդները միջոցառումներ են անցկացնում, որտեղ անցկացնում են իրենց ժամանցը, փորձում են իրենց նպատակներին հասնել, կամ որոշակի ուղիներ փնտրել դրանց հասնելու համար:

-Նշեցիք, որ երիտասարդությունը համախմբված չէր, իսկ դժվար չէ՞ր նրանց համախմբելը:

-Ջերմուկում, ինչպես նաև մարզային այլ համայնքներում, դպրոցը ավարտելուց հետո երիտասարդների մեծ մասը գնում է Երևան` կրթություն ստանալու: Այսինքն, այդ միջակայքի երիտասարդները բացակայում են քաղաքից: Նրանք, ովքեր վերադառնում են, արդեն մոտ 22-23 տարեկան, աշխատանքի են անցնում, կամ աղջիկները ամուսնանում են, իսկ տղաները կամ այստեղ, կամ էլ արտագնա աշխատանքի են մեկնում… Շատ դժվար է:

-Իսկ ի՞նչ միջոցառումներ եք կազմակերպում երիտասարդների ակտիվության բարձրացմանը խթանելու համար:

-Մենք օգնում ենք երիտասարդներին` բացահայտել և զարգացնել իրենց տաղանդը, կատարելագործել մասնագիտական հմտությունները և խթանել կամավորականության մշակույթի ձևավորմանը կրթական միջոցառումների և այլ նախաձեռնությունների միջոցով: Ջերմուկի երիտասարդական կենտրոնն աջակցում է համայնքի զարգացմանը՝ կազմակերպելով և իրականացնելով համայնքի ներգրավվածությամբ ծրագրեր, որոնք ծառայում են համայնքի սոցիալական, առողջապահական, կրթական, մշակութային, սպորտային և բնապահպանական կարիքներին, ինչպես նաև միտված են խորացնելու համագործակցային կապերը տեղական ինքնակառավարման մարմինների, համայնքային և մարզային հասարակական և բիզնես սեկտորի, ազգային և միջազգային կազմակերպությունների հետ:

-Կարո՞ղ ենք ասել, որ ԵԿ-ի ստեղծումը արմատական փոփոխություն մտցրեց քաղաքում:

-Այո,իհարկե: Այժմ մենք  շատ մեծ համբավ ունենք քաղաքում,ու եթե երիտասարդների շրջանում հարցում անցկացնենք, հաստատ նրանց մեծամասնությունը կիմանան, թե որտեղ է գտնվում ԵԿ-ն, ընդհանրապես ինչ է իրենից ներկայացնում: Ի դեպ, կարող եմ ասել,որ մեր կանանց ակումբի անդամներից մեկը այսօր  դարձել է ավագանու անդամ:

-Կպատմե՞ք ձեր կազմակերպած միջոցառումների մասին:

-Միջոցառումները տարբեր ոլորտների են առնչվում,ժամանցային միջոցառումներ,որոնք հենց ԵԿ-ում ենք իրականացնում ամեն ամիս, հանդիպումներ երիտասարդների հետ, ասմունքի երեկոներ, ունենք անգլերենի ակումբ: Մեր իրականացրած ծրագրերը բխում են երիտասարդի ու համայնքի բնակչի կարիքից: Բացել ենք համակարգչային ռեսուրս կենտրոն, որն էլ հենց կատարում է հարցումները և ներկայացնում անհրաժեշտ ծրագրերը, որից հետո մենք դրան իրականացնում ենք: Ի դեպ, մեր ֆեյսբուքյան էջում մենք տեղադրում ենք բոլոր կազմակերպված միջոցումներըև տեղեկացնում ենք մեր գործունեության մասին:

-Ասացիք, որ երիտասարդական կենտրոնը իր մեջ ներառում է տարբեր տարիքային խմբեր, հետաքրքիր է, ո՞րն է ավելի աչքի ընկնող խումբը:

-Ավագ դպրոցի սաները՝ 15-16 տարեկանները, ավելի ակտիվ են, բայց նաև ասացի, որ միջանկյալ տարիքը մեզ մոտ չկա՝ բացակայում է: Մենք շատ լավ ուսանողներ ունենք  ու հենց դրա հիման վրա ուզում ենք ուսանողական խորհուրդ ձևավորել: Դա էլ է եղել մեր նպատակներից մեկը՝ ակտիվացնել երիտասարդներին, որ իրենք ուրիշ  համայնքներում էլ ակտիվ լինեն:

-ՀՀ-ի մակարդակով Ձեր կազմակերպած միջոցառումներից մեծ ճանաչում է գտել «Ձնեմարդուկ» փառատոնը: 

-«Ձնեմարդուկ»-ը իրականացվում է արդեն չորս տարի: Հենց այս փառատոնը ինքը երիտասարդական նախաձեռնություն է, որը իրականացնում են ԵԿ-ի կամավորները և «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ն: Փառատոնի նպատակը ձմեռային տուրիզմի զարգացումն է, ու քանի որ Ջերմուկը հենց ինքը տուրիստական քաղաք է, ու ձմռանը շատ հյուրանոցներ փակվում են, մարդիկ էլ չեն աշխատում, փառատոնը ստիպում է բացվել մի շարք հյուրանոցների, քանի որ քաղաք են այցելում շատ հյուրեր, ու նորից մարդիկ սկսում են աշխատել:

-Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես անցկացվում էր մրցույթ՝ «Երիտասարդական մայրաքաղաք» վերնագրով: Ջերմուկը մասնակցո՞ւմ էր մրցույթին:

-Այս տարի մեր քաղաքը հայտ էր ներկայացրել և մասնակցում էր մրցույթին, մենք մրցակցում էինք Չարենցավանի ու Ծաղկաձորի հետ, sms քվեարկություն էր ու փորձագետների քվեարկություն: Ցավոք, երկու միավորով հետ մնացինք: Պատճառը մեր անփորձ լինելն էր, Ջերմուկը հնարավորություն ունի դառնալու երիտասարդական մայրաքաղաք:

-Իսկ ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդներին, որպես Ջերմուկ քաղաքի երիտասարդների առաջնորդ:

-Դե, կասեմ, որ լինեն ակտիվ, չվախենան ոչնչից ու իրենց մեջ կոտրեն այն կարծրատիպը, որ իրենք որևէ լավ բան չեն կարող անել: Ամեն ինչ միանգամից չի ստացվում, ու պետք է համբերել ու ջանասիրաբար աշխատել դրա համար: Երբեք չասեք՝ ես չեմ կարող: Դուք ամեն ինչ կարող եք:

Ամանորը Գետափում

Լուսանկարը` Նանե Եղիազարյանի

Լուսանկարը` Նանե Եղիազարյանի

Ահա նորից եկավ իմ սիրելի տոներից մեկը` Նոր տարին: Դե հա, այն դեռ չի հասել տեղ, բայց ճանապարհին է, իսկ ինչպես գիտեն բոլոր այն մարդիկ, ովքեր հավատում են հրաշքների, Նոր տարվա ճանապարհին Ձմեռ պապը մտնում է բոլոր քաղաքներ ու գյուղեր, երջանկացնում երեխաներին իր նվերներով ու մեծ ջերմությամբ: Դեկտեմբերի 27-ին Ձմեռ պապիկը այցելել էր Գետափ գյուղը, և ի ուրախություն ինձ, ես այնտեղ էի գտնվում: Երեխաները մեծ ուրախությամբ ու ջերմառատ ծիծաղներով դիմավորեցին նրան, ասացին հատուկ Ձմեռ պապի համար պատրաստած անգիրները, կամ երգերը և ստացան շատ սպասված նվերները:

Լուսանկարը` Նանե Եղիազարյանի

Լուսանկարը` Նանե Եղիազարյանի

Համոզված եմ, որ բոլոր քաղաքներում ու գյուղերում էլ երեխաները սպասում են Նոր տարվա տոնին այնպես, ինչպես ոչ մի ուրիշ տոնի չեն սպասել, ու ինձ թվում է, որ չեն էլ սպասի: Երեխաների համար այդ օրը իրականանում են ամենասպասված երազանքները: Երեխաների հետ այս տոնին սպասում են նաև մեծահասակները: Դե լինում են դեպքեր, երբ մարդիկ դժգոհում են, թե շատ ձյուն է եկել, ճանապարհներն են փակվել, տոլման լավ չի եփվել, բայց չէ՞ որ հենց գալիս է տոնը նշելու ժամանակը, բոլորը հագնում են տոնական զգեստները, ժպտում են ու լցնում բաժակները: Եվ ինձ չհամոզեք, թե կա ավելի լավ տոն, քան Ամանորն է: Ոչ մի տոնի ժամանակ ամբողջ աշխարհը չի երջանկանում, չի մոռանում վատը ու դիմացինին մաղթում ամենաբարին ու լավը, զարդարում տունը ու գնում նվերներ  ընտանիքի անդամների համար…

Լուսանկարը` Նանե Եղիազարյանի

Լուսանկարը` Նանե Եղիազարյանի

Այո, ես գրեցի Ամանորի մասին, բայց երբ 17-ի թղթակիցը գտնվում է գյուղում, ու իր ձեռքում էլ լինում է ֆոտոխցիկ, հաստատ չի կարողանա մի քանի նկարներ էլ չանել գյուղի մասին, ու ես էլ բացառություն չեմ:

Լուսանկարը` Նանե Եղիազարյանի

Լուսանկարը` Նանե Եղիազարյանի

Գետափը իմ ամենասիրելի գյուղերից մեկն է և ունի իր բարբառը, որը նման է Մալիշկայի բարբառին, բայց ինչքանով որ ես եմ տեղեկացված, տարբերություններ ունեն: Իսկ գյուղի բնակիչները բարեհամբույր ու հյուրասեր մարդիկ են:

Իմ եղանակը

Դեկտեմբերյան երեկոներից մեկն է: Կանգնած եմ պատուհանի մոտ ու հիանում եմ ձյան ադամանդանման փաթիլներով, որոնք երկնքից մեղմորեն իջնում են ցած ու իրենց հետ խաղաղություն ու վճիտություն են բերում: Նայում եմ նրանց ու սիրտս միանգամից սիրով ու ջերմությամբ է լցվում: Նրանց հետևելու ընթացքում ցանկանում ես դուրս վազել ու դառնալ նրանց մի մասը, դիպչել նրանց ու զգալ այն հանդարտությունը, որ բերում են մեր աշխարհ: Փաթիլները սկսում են ավելի ու ավելի դյութել, փարվել ու ջերմացնել, որ մոռանաս ձմռան ցրտի ու սառնամանիքների մասին ու մի պահ նաև ուշադրություն դարձնես ու հիանաս նրա գեղեցկությամբ, խորհրդավորությամբ ու հրաշքներով:

Նայում եմ այդ փոքրիկ աստղերին, որոնք երկնքից իջնում ու գրկում են խոնջացած հողը, և միանգամից հիշում եմ «Գտնված երազ» մուլտֆիլմը: Հիշում եմ բարի ծերուկին, ով իր քունն էր կորցրել, արծաթե գեղեցկուհուն, ու Ռուբեն Հախվերդյանի «Ձյունը» երգը: Երևի բոլորն էլ տեսել են այդ մուլտը, ու համոզված եմ, որ բոլորն էլ այն շատ սիրում են: Սիրում եմ այդ մուլտի բարությունը, պարզությունը, այն ինձ միանգամից հիշեցնում է ձմեռը:

Գիտե՞ք, առաջ չէի սիրում ձմեռը: Այն ինձ համար միշտ եղել է կոպիտ, դաժան ու սառնասիրտ, բայց վերջերս իմ շատ սիրելի ընկերուհիներից մեկը ասաց, որ ձմեռն ամենաշատն է սիրում: Նա շատ արևոտ ու խինդով լցված մարդ է, և ինձ զարմացրեց նրա ասածը, բացի այդ, ես սկսեցի բացատրություններ փնտրել նրա ասածի մեջ: Կարծում էի, որ աշունն է սիրում, բացի այդ նա նյութ էլ ունի գրած աշնան մասին, իսկ հիմա`ձմեռ… Հասկացա՜, ես վերջապես այսօր հասկացա, թե կոպտության ու սառնասրտության հետևում ինչ է թաքցնում ձմեռը: Այն իր խորքում ավելի շատ արև է պահում, քան ամառը, ավելի մեծ սեր, քան աշունը ու ավելի շատ բարություն, քան գարունը: Այն երազանքների ու դրանց իրականացման, հրաշքների ու կախարդանքի համաձուլվածքն է… Կարծում եմ գտել եմ իմ եղանակը…

 

Nane Eghiazaryan

Դպրոցի ճամփան դժվար է, երկար շատերի համար

Զարմանում եմ, երբ մարդիկ դպրոց են հաճախում ու ընդհանրապես ոչինչ չեն սովորում: Նրանց ի՞նչ կա. իրենք գալիս են դպրոց, գնահատականներ շորթում, ու վերջ: Ի՞նչ սովորել, ի՞նչ բան: Նրանց ուսման հնարավորությունը շատ հեշտ է տրվում, իսկ ինչը մարդուն հեշտ է տրվում, համապատասխանաբար չի գնահատվում: Հարգելիներս, գոնե գիտե՞ք, որ կան երկրներ, որտեղ երեխաները մեծ փորձությունների միջով են անցնում ու նույնիսկ կյանքը վտանգելով են գնում դպրոց:

Կոլումբիայի շրջաններից մեկում երեխաները սահում են պողպատյա մալուխի վրայով, որպեսզի անցնեն գետը և հասնեն դպրոց: Պատկերացնո՞ւմ եք վեցամյա փոքրկներին, ովքեր պետք է սահեն ամեն օր ու մեջքներին էլ գցեն իրենց ծանր պայուսակները: Մալուխի վրայով սահելը այժմ մեր երկրում համարվում է էքստրեմալ սպորտաձև:

Չինաստանի Հենհուան գյուղից դպրոց հասնելու համար, որը գտնվում է Բիջի քաղաքում, երեխաները անցնում են մի ամբողջ լեռնաշղթայով, որը տևում է 5 ժամ: Ասենք, որ հենց դպրոցի ճանապարհին երեխաներից շատերը մահանում են: Հարգելի հասակակիցներ, դուք հինգ ժամ կքայլեի՞ք անդունդների ու կիրճերի վրայով, ձեր ճանապարհին հանդիպելով շատ մահեր, որպեսզի գնայիք դպրոց:

Կանադայում Տորոնտո քաղաքի բնակիչներին պետք չէ պատմել ցրտի, ձնաբքի կամ ձնամրրիկի մասին: Այնտեղ ձյան շերտի բարձրությունը հասնում է կես մետրի ու խոչընդոտ հանդիսանում դպրոց հաճախելու համար, բայց նրանց դպրոցը միշտ լիքն է աշակերտներով: Հիմա անձամբ ես էլ դպրոցում արդեն առաջին ժամերին ջեռուցման մարտկոցի մոտից ուրիշ տեղ չեմ գնում: Իսկ ի՞նչ անեն նրանք, որ միգուցե նույնիսկ դպրոցում ջեռուցման համակարգ չունեն:

Ես կարող եմ թվել շատ ու շատ օրինակներ, որտեղ երեխաները իրենց կյանքն են վտանգում դպրոց գնալու համար, բայց այս երեքն էլ ինձ թվում է բավական են, որ երեխաները հասկանան ու գոնե մի քիչ գնահատեն իրենց համար այդքան դյուրին դարձած դպրոցը: Ձեզնից շատերին երևի թե տանջեց այն հարցը, թե արժե՞ արդյոք կյանքը վտանգել հանուն ուսման: Այո՜, արժե, քանի որ ամբողջ աշխարհը հենված է հենց գիտության ու նոր տեխնոլոգիաների վրա: Ու բացի դրանից, եթե հիմա միայն մարդկության 20%-ն են կազմում ուսումնական հաստատություններ հաճախող մարդիկ, ապա մի քանի տարի անց նրանք կկազմեն մարդկության 80%-ը: Չէ՞ որ սերունդները գալիս ու գնում են: Եթե նայենք, ամեն սերունդ ունի իր նորամուծությունները, որոնցից օգտվում է հաջորդ սերունդը: Եթե մարդիկ չկրթվեն, ինչո՞վ պիտի տարբերվեն նախնադարյան մարդկանցից, չէ՞ որ նրանք էլ էին անկիրթ:

Գնահատեք ձեր ունեցածը և երբեք մի դժգոհեք ինչ-որ բանից, քանի որ այդ բանը մի ուրիշի հետ համեմատելիս, ձերը մանրուք կթվա:

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ. Իսկ դո՞ւ ինչ ես կարծում: Մի՞թե Հայաստանում էլ չկան դպրոցներ, ուր հասնելը բարդ է, պայմանները նույնպես ծանրագույն: Եթե այդպիսի վայրում ես սովորում, արձագանքիր:

Nane Eghiazaryan

Երկրաչափական խնդրի նման

Առաջ «ավագ դպրոց» բառակապակցությունը լսելիս պատկերացնում էի շատ լուրջ միջավայր, որտեղ դասը պետք է անցներ քար լռության մեջ ու նույնիսկ շնչելը լիներ արգելված: Կարծում էի, որ այնտեղ սովորում են դոկտոր-պրոֆեսորներ  ու իրենց գիտական մտքերից ցնդված մարդիկ: Իսկ հիմա արդեն ես էլ եմ սովորում ավագ դպրոցում ու հասկացել եմ, որ պատկերացումներս եղել են ֆանտաստիկայի ժանրից: Ավագ դպրոցում էլ են սովորում ինձ նման հասարակ մարդիկ, իսկ մարդկանց մեջ հաստատ կգտնվեն խելացիներ ու ավելի խելացիներ:

Դե, մեր դպրոցում տասներորդ դասարանցիներս ընդամենը երեսունհինգ հոգի ենք, ու չի կարող ձևավորվել երեք հոսք, այդ իսկ պատճառով ստեղծվեցին ընդհանուր և բնագիտամաթեմատիկական  հոսքերը: Դե, իսկ ես գնացի բնագիտական հոսք: Գիտե՞ք, որ հենց այդ դասարանում, իմ կողքին սովորում են ապագա բժիշկներ, տնտեսագետներ ու ծրագրավորողներ: Ես գիտեի, որ ամեն մեկս դեռ իններորդ դասարանում որոշ պատկերացումներ ունենք մեր մասնագիտության ընտրության հարցում, բայց երբ ավագ դպրոց ես գալիս ու տեսնում քո ընկերներին, ովքեր ջանասիրաբար արդեն սկսել են աշխատել, որպեսզի հասնեն իրենց նպատակին, մի տեսակ դու էլ ես ոգևորվում:

Միգուցե ոմանք ասեն, որ ավագ դպրոցը ոչնչով չի տարբերվում միջին դպրոցից, բայց ինձ համար տարբերությունը շատ մեծ է: Միջին դպրոցում միգուցե դասեր կային, որ չէի սովորում, որ թերանում էի, իսկ այստեղ, թեկուզ ամենաչսիրածս թեման պետք է շատ լավ սովորեմ, որովհետև հասկանում եմ, որ դա ինձ պետք կգա հետագայում: Ու հիմա էլ, ճիշտ է, դեռ հոկտեմբերը նոր է սկսել, բայց կան դասեր, որոնք սովորելիս ակամայից հիշում եմ անցած դպրոցական տարիները, որտեղ նույնպես այդ նյութը կար, ու ես լավ չէի սերտել այդ դասը, դրա համար էլ հիմա դժվարանում եմ:

Մի խոսքով, ավագ դպրոցը իմ և երևի ձեզնից շատերի համար մի նոր աշխարհ է, նոր բարդ երկրաչափական խնդիր, որը լուծելուց հետո կթերթես էջը ու կանցնես մյուս խնդրին… Իսկ խնդիրները, իմ կարծիքով, շարունակում են դառնալ ավելի հետաքրքիր, բայց նաև ավելի բարդ…

Nane Eghiazaryan

Եղբայրս

-Նան, գիտե՞ս, ես ոսկե փողեր ունեմ ու որ մեծանա՜մ, գնալու եմ խանութ, ինչ ուզեմ` առնեմ: Ու մի պարկ կանֆետ ու մեկ էլ լիքը, շատ-շատ զենք առնեմ, որ խաղամ:
Սա իմ փոքր եղբոր երևակայությունն է, որը առավոտ շուտ ինձ քնից հանելուց հետո պատմում էր: Եղբայրս ինձնից 10 տարով փոքր է, բայց շատ հարցերում, հավատացե՛ք, ինձնից խելացի է: Ինչպես բոլոր փոքրիկները, ինքն էլ ունի պայծառ և աշխույժ երևակայություն: Գիտե՞ք, ամեն անգամ անկարգություն անելուց հետո, վազում, թաքնվում է իմ կամ քրոջս մոտ՝ նայած, թե ով է առաջինը բարկացել վրան: Երբեմն պատահում է, որ նույնիսկ նրան պաշտպանելու ընթացքում ես ու քույրս էլ ենք վիճում, բայց դե ամեն ինչ հարթվում է, երբ գնում ու տեսնում ենք, որ մեր վեճի ընթացքում եղբայրս հասցրել է նոր անկարգություն անել:

Ու նորից սկսվեց հավաքելը, քթի տակ փնթփնթալը, թե ինչու պետք է նա թափի, իսկ մենք հավաքենք, բայց դե, ինչ արած, դեռ փոքր է ու դեռ շատ բան չի հասկանում:
Եղբայրս շատ ընկերներ ունի ու կապ չունի` իր տարիքի են, թե չէ: Փողոցում նրա հետ զբոսնելիս միգուցե հանդիպենք անծանոթ մարդկանց, ու հանկարծ եղբորս բարձր ձայնը լսենք.
-Բարև, ախպեր, ո՞նց ես…
Բացի այս ամենից, նա նաև շատ արկածներ է ունեցել, չնայած իր տարիքին:
Ուրեմն մի անգամ նա իր նոր ընկերոջ հետ անհետացել էր: Մենք առավոտյան ժամը 11-ից մինչ 2-ը ամբողջ Ջերմուկով փնտրում էինք երկու 3 տարեկան երեխաների, և արդեն ուրիշ ճար չունենալով, ոստիկանություն զանգահարելուց հետո, ոստիկանները ասացին, որ իրենց տեղեկացրել են, որ անծանոթ երկու կին վերցրել են ու տարել իրենց տուն երկու երեխաների և խնդրում են տեղեկացնել երեխաների ծնողներին: Այսպես հայրիկս գնաց եղբորս տուն բերելու և այդ կանանց շնորհակալություն հայտնելու: Ամբողջ բակը սպասում էր
հայրիկիս և երեխաների վերադարձին: Մի խոսքով, երեխաները եկան տուն, բայց հայրիկս մեզ ցույց տվեց մի լուսանկար, որտեղ երկուսն էլ բառացիորեն ոտքից գլուխ ցեխոտ էին, ու մենք նայելով նրանց մաքուր  մարմնին, սկսեցինք հարցեր տալ: Պարզվեց, որ նրանք ցեխերի հետ խաղալով իջել և հասել էին  արդեն դեպի Կեչուտ տանող ճանապարհը, իսկ երկու բարեհամբույր կանայք նրանց ցեխոտ ու
մոլորված տեսնելով, տարել են իրենց տուն, լողացրել, ու երբ հայրիկս արդեն մտել է նրանց տուն, երեխաներն առոք-փառոք նստած են եղել սեղանի շուրջ ու իրենց համար անհոգ ու զվարթ թեյ ու կարկանդակներ են համտեսելիս եղել… Եղբայրս շատ չարաճճի է ու վառ երևակայությամբ, ու ես միշտ նրան այդպիսին կընդունեմ: Միգուցե երբեմն բարկանում եմ նրա արարքների վրա, բայց նրա շատ-շատ-շատ սիրում եմ:

Nane Eghiazaryan

Կապույտը և սպիտակը

Դեռ փոքր ժամանակից սիրել եմ դրսում քայլելուց անջատվել այս աշխարհից ու հիանալով քաղաքիս` Ջերմուկի բնությամբ, սկսել երգել: Մի անգամ եղբորս հետ քայլելուց էլի սկսել էի երգել, երբ ասաց, որ ուշադրություն դարձնեմ մեր բակի տաղավարում նստած տատիկներին: Տաղավարի տատիկները ուշադիր նայում էին ինձ: Մեկը ժպտում էր, մյուսը ինչ-որ բան էր քչփչում մյուսի ականջին… Հենց այդ օրվանից էլ սկսեցի ուշադրություն դարձնել մեր բակի տաղավարում նստած տատիկներին:

Համոզված եմ, որ բոլոր բակերում էլ բամբասող կանայք ու տատիկներ կան, ովքեր տեղյակ են, թե ով ուր գնաց, ինչու գնաց ու ում հետ, բայց մեր բակի տատիկները ուրիշ են. մի տեսակ, չգիտեմ, ժպտերես ու ջերմությամբ լի են: Եթե բակով անցնելիս հանկարծ չբարևես նրանց, համոզված եղիր, որ կսկսեն
քննարկումներ անցկացնել այս հերթականությամբ.
1. Էս ո՞ւմ թոռն ա:
2. Ո՞ւր էր գնում:
3. Ինչի՞ էր գնում:
4. Ինչո՞ւ մեզ բարև չտվեց:
Չնայած, մեկ է, այս քննարկումը միշտ էլ կա, եթե իհարկե, այդ պահին ուրիշի մասին չեն խոսում, ու եթե բարև ես տալիս, վերջին կետը փոխարինվում է այս արտահայտությամբ. «Ինչ էլ լավ աղջիկ է: Ամեն անգամ անցնելիս բարև է տալիս, երևում է, որ ծնողները ճիշտ են դաստիարակել»:
Մեր բակի սպիտակ տաղավարը հին էր, ու կարելի է ասել, արդեն ժանգոտել էր, երբ բակում կանգնեցվեց նոր ու ավելի գեղեցիկ կապույտ տաղավարը: Դրանից հետո տատիկները միշտ հավաքվում են այնտեղ ու սկսում իրենց «աշխատանքը»: Իսկ այս հինը, իմ կարծիքով, հենց նրանց բացակայությունից էր, որ ավելի արագ էր սկսել ժանգոտել, բայց դե մենք էլ դա նկատեցինք ու սկսեցինք վերանորոգման աշխատանքները: Մեկ շաբաթ հետո տաղավարը նորից դարձավ առաջվա նման հյուրընկալ, բայց այս անգամ այստեղ
ավելի շատ հյուրընկալում էին երեխաները: Մենք գնում ու նստում ենք այնտեղ, խաղում տարբեր խաղեր, կամ էլ ուղղակի զրուցում միմյանց հետ: Ու հենց այս տաղավարն էլ, ինչպես տատիկների համար կապույտ տաղավարը, մեզ համար դարձել է երկրորդ տուն ու լավ ժամանակ անցկացնելու համար հիանալի վայր… Ամռանը ու աշնան մի քանի շաբաթը, երբ դեռ ցրտերը չեն ընկել, առավոտյան ժամը իննից մինչ ժամը վեցը կապույտ տաղավարում նստած են մեր բակի տատիկները, իսկ արդեն ժամը հինգից մինչ ուշ գիշեր սպիտակ տաղավարում է հանգրվանում մեր բակի երիտասարդությունը:

Աղվերանի մեդիա ճամբար. Օր հինգերորդ

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Ահա սկսվեց ևս մեկ հիանալի օր ճամբարում: Առավոտյան նախաճաշը մեզ համար դարձավ հետաքրքիր խաղ: Մինչ ճաշարան մտնելը` բոլորս  թղթեր էինք քաշել տոպրակից, որոնց վրա գրված էր որևէ մարմնի մաս, որը չէինք կարող օգտագործել մինչև նախաճաշի ավարտը: Մեր շարքերում հայտնվել էին աչքեր, մեկ կամ երկու ձեռք ու ոտք չունեցող մարդիկ: Մեկս մյուսին օգնում էինք բոլոր հնարավոր տարբերակներով, իսկ Կարինեն, որի թղթի վրա գրված էր «ջոկեր», օգնում էր բոլորին:

Նախաճաշից հետո անցանք երեկոյան չքննարկված «Հարևաններ» ֆիլմի քննարկմանը: Դրանից հետո մեզ բացատրեցին, թե ինչպես են մոնտաժ անում ու ընդհանրապես, թե ինչ է մոնտաժը:

Ահա և ձևավորվեց մոնտաժ անող առաջին խումբը, որը արդեն պետք է սկսեր ճամբարի մասին ֆիլմի  մոնտաժը: Այս  ընթացքում նաև նկարեցինք pixilation-ը, որը դարձավ օրվա ծիծաղաշարժ դեպքերից մեկը: Օրվա ընթացքում շատ մարդիկ էլ ավելի մտերմացան, պարզեցինք, որ Լյուբայենց սենյակում հոգի կա, ու չորրորդ հարկից ոտնաձայներ են լսվում (մեր հյուրանոցում չորրորդ հարկ գոյություն չունի):

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Ճաշից հետո  մեր թղթակիցների մի մասը գնաց Հրազդան՝ ֆիլմ նկարելու, իսկ մյուսներս արդեն սկսեցինք հոդվածներ գրել: Երեկոյան վարպետության դաս տալու նպատակով մեզ էր այցելել վավերագրող ռեժիսոր Լևոն Քալանթարը: Նա հետաքրքիր անձնավորություն էր, ով մեզ հետ կիսվեց իր մասնագիտության նրբություններով ու գաղտնիքներով:

Իսկ արդեն ժամը իննին մեզ մոտ ազատ ժամանց էր, որի ընթացքում հասցրեցինք դիտել կարճամետրաժ դոկումենտալ ֆիլմ, պարել ու խաղեր խաղալ:

Ահա և վերջ, այսպես ավարտվեց մեր ճամբարի հինգերորդ օրը, ու տխրությամբ կարող եմ ասել, որ մեզ մնաց միասին անցկացնել ընդամենը երկու օր:

nane eghiazaryan

Խենթություններ անելու ժամանակը

Ո՞վ իր կյանքում խենթություններ չի արել: Եթե լարենք մեր միտքը և մտովի հետ գնանք, հաստատ ինչ-որ դեպքեր կհիշենք՝ կապված ընկերների, դպրոցի կամ ընտանիքի հետ:

Կան խենթություններ, որոնց պատճառով մենք հայտնվում ենք անհարմար իրավիճակներում: Ես այդ տիպի խենթություններ մի անգամ չէ, որ արել եմ: Հիմա ձեզ այդ դեպքերից մեկը կպատմեմ: Դե, նախ ասեմ, որ ես պարել շատ եմ սիրում, և առանց պարի ու դաշնամուրի չեմ պատկերացնում ինձ: Ճիշտ է, հիմա այդքան էլ հաճախ չեմ պարում, բայց առաջ պարից դուրս գալուց հետո մի երկու ժամ էր պետք լինում, որ ազդեցությունից դուրս գայի:

Մի անգամ հորաքրոջս ընտանիքը մեզ հյուր էր եկել, և ես քրոջս հետ մի փոքր պարային միջոցառում էի պատրաստել: Ահա արդեն վերջն էր, երբ ես հանկարծակի որոշեցի գնչուական պար պարել: Մայրիկիս երկար կիսաշրջազգեստը հագա, բայց գոտին, ինչքան էլ ման եկա, չգտա: Իսկապես, ախր, ես չգիտեի գնչուական պարեր: Երևի մի երկու անգամ հեռուստացույցով էի տեսել և որոշել էի փորձել: Պարային երևակայության մեջ էի, երբ հանկարծ մի պտույտի ժամանակ կիսաշրջազգեստս վրայիցս ընկավ: Ես աչքերս միանգամից լցրեցի և վազեցի մայրիկիս մոտ, իսկ ներկաները՝ տատիկս, հորաքույրս և քույրս ծիծաղից աչքերը լցրել էին:

Այս պատմությունը քույրս ամեն հարմար առիթով ինձ հիշեցնում է, իսկ ես հետ չեմ մնում՝ հիշեցնելով, թե ո՞վ էր հավերի կուտը վերցրած վազում Եղեգնաձորի պապիկիս տան ամբողջ հողամասով, երբ հավերը ընկել էին նրա հետևից:

Եվ այսպես, այնքա՜ն խենթություններ կան, որ հաշվել էլ չեմ կարող, բայց եթե չլիներ իմ կիսաշրջազգեստի ընկնելը կամ հավերի և քրոջս «բռնոցին», ապա ամեն անգամ դա հիշելիս չէին ապրի այն զվարճանքը, որ զգում եմ հիմա: Ինձ թվում է՝ մարդիկ կարիք ունեն խենթությունների: Ես խենթություն ասելով հասկանում եմ ուրախ պահեր, վախ և միևնույն ժամանակ, շատ մեծ համարձակություն, որոնք քեզ ստիպում են զգալ ինքնաբուխ պահի հաճույքը: Երբեմն մարդիկ ասում են, որ իրենց կյանքը ձանձրալի է, միապաղաղ. գուցե խենթություններ անելու ժամանա՞կն է: Նամանավանդ ամառ է: