Ազատ տարածք խորագրի արխիվներ

Ազգային պատկերների տոն Ֆրանսիայում

Լուսանկարը՝ Խաչիկ Բունիաթյանի

Լուսանկարը՝ Խաչիկ Բունիաթյանի

Անցած դարերում՝ հենց այն ժամանակից, երբ մարդիկ կարողացան թղթի վրա տպագրել, Ֆրանսիայում սկսեցին վաճառել տպագրված նկարներ: Հենց դրանք էլ կոչվում են «ազգային պատկերներ»: Նկարները վաճառվում էին էժան գներով թե՛ քաղաքային, և թե՛ գյուղական բնակավայրերում: Դրանք իրենց մեջ էին ներառում ամենատարբեր ասպարեզները, կարող էին ունենալ կրոնական, մշակութային, կրթական, ժամանցային բովանդակություն: Պատկերները նախատեսված են թե՛ երեխաների, և թե՛ մեծահասակների համար: Երեխաների համար նախատեսված պատկերները ուսուցողական, դաստիարակչական էին, իսկ մեծահասակներինը՝ ավելի խրատական, երգիծական, իրենց մեջ ներառում էին նաև քաղաքական սատիրա: Տպագրության զարգացման հետ բարձրացել է նաև ազգային պատկերների որակը: Էվոլյուցիայի ընթացքում պատկերների հետ սկսել են հայտնվել նաև տեքստեր, քանի որ ժողովուրդը արդեն հիմնականում դարձել էր գրագետ, մինչ այդ պատկերներն առանց մեկնաբանությունների էին: 1820 թվականից սկսած այդ պատկերներն արդեն տպագրվում էին թերթերում, ամսագրերում, ալմանախներում: Իսկ այսօր արդեն վերածվել են կարճամետրաժ ապլիկացիոն ֆիլմերի: Ազգային պատկերներն այնքան մեծ տարածում ունեն Ֆրանսիայում, որ առաջացել է դրանց տոնը:

Լուսանկարը՝ Խաչիկ Բունիաթյանի

Լուսանկարը՝ Խաչիկ Բունիաթյանի

Ամեն տարի հունիսի 23-24-ը Ֆրանսիայում տոնում են Ազգային պատկերների տոնը (Imagerie Populaire): Բոլոր քաղաքներում տեղի է ունենում ապլիկացիոն կարճամետրաժ ֆիլմերի ցուցահանդես: Այս տարի առաջին անգամ եմ մասնակցել տոնին Էպինակ փոքրիկ քաղաքում և շատ մեծ բավականություն եմ ստացել, լավ տպավորություններով եմ լցված։ Նայելով ֆիլմերը՝ կարծես իրական հրաշքի ես մասնակցում։

Ուղարկում եմ նաև մի կարճ տեսանյութ այդ տոնից: Ձայնի որակի համար կներեք:

Չինական թեյերի փառատոն

Լուսանկարը՝ Տաթև Աղազարյանի

Լուսանկարը՝ Տաթև Աղազարյանի

Չինացիներ, հաճելի բույրեր, հետաքրքրասեր մարդիկ, չինական հանգստացնող երաժշտություն, բարձրակարգ թեյեր. ահա այս ամենը Չինական թեյերի փառատոնում: Ինչպես նշեցին կազմակերպիչները. «Այս փառատոնի նպատակը չինական գեղեցիկ մշակույթն ավելի լայն զանգվածներին ծանոթացնելն է: Ցավոք, Հայաստանում թեյի մասին ինֆորմացիան բավականին քիչ է: Մարդիկ շատ հաճախ ամեն մի բույս, թուրմ հասկանում են թեյ, բայց թեյն ունի առանձին մշակույթ, և հենց այդ մշակույթի մասին էլ մենք կծանոթացնենք ձեզ:

Լուսանկարը՝ Տաթև Աղազարյանի

Լուսանկարը՝ Տաթև Աղազարյանի

Չինաստանը հանդիսանում է իսկական թեյի մշակույթի օրրան: Առաջին անգամ թեյը հայտնաբերվել է Չինաստանում: Այժմ Չինաստանի հարավային շրջաններում աճեցվում են հիմնականում ութ տեսակի թեյեր: Յուրաքանչյուր թեյ ունի և՛ համային, և՛ օգտակար առանձնահատկություններ: Չինական ավանդական բժշկության մեջ թեյը սովորական ըմպելիք չէ, այլ դեղամիջոց, որով բուժում են բազմաթիվ հիվանդություններ:

Լուսանկարը՝ Տաթև Աղազարյանի

Լուսանկարը՝ Տաթև Աղազարյանի

Ցանկանում ենք, որ չինական թեյի բույրը լցնի այս փողոցը և մաղթում, որ հայ-չինական հարաբերությունները լինեն հավետ»:

Թեյի պատրաստման արարողությունը երկար ու կարևոր գործընթաց է, որը մեզ մանրամասն բացատրեցին: Ուրեմն սկզբում տաք ջուրը լցնում են կավե թեյնիկի վրա և վրձինով տարածում, որ այն փափկի ու համն էլ ավելի լավը լինի: Ի դեպ, ինչքան շատ է օգտագործված թեյնիկը, այնքան բարձր է նրա արժեքը:

Լուսանկարը՝ Տաթև Աղազարյանի

Լուսանկարը՝ Տաթև Աղազարյանի

Դրանից հետո տաք ջուրն արդեն լցնում ենք բաժակների մեջ, որ բաժակներն էլ տաքանան: Այնուհետև ամենակարևոր փուլը՝ տաք ջուրը լցնում են հարստության և հաջողության արձանիկների վրա: Եվ այս ամենից հետո նոր թեյը լցնում են ջրի մեջ, բայց այստեղ ևս մեկ կարևոր պայման՝ յուրաքանչյուր թեյ ունի իր ջերմաստիճանը, որը չափում են հատուկ ջերմաչափով: Օրինակ՝ մեզնից ո՞վ է կանաչ թեյ պատրաստելիս ստուգում. արդյո՞ք ջուրը 80-85 աստիճան է: Քանի որ թեյը «մեռած» բույս է, մենք պետք է այն վերակենդանացնենք, և այդ պատճառով, եթե ջուրը լինի եռման ջերմաստիճանի, մենք «կսպանենք» նրան, իսկ տվյալ թեյի համապատասխան ջերմաստիճանի դեպքում թեյն իր կյանքը կտա ջրին:

Լուսանկարը՝ Տաթև Աղազարյանի

Լուսանկարը՝ Տաթև Աղազարյանի

Փառատոնի ընթացքում մեզ հյուրասիրեցին շա՜տ համեղ թեյեր: Վայելեցինք սև թեյ մեղրի համով, «Ուլոն» (սրան անվանում են թեյի կատարելություն Երկնքի և Երկրի որդի, որը միահյուսում է նրանց ներդաշնակությունը: Այն կարծես կանաչ և կարմիր թեյերի միախառնումը լինի), «Գենմայչա», «Դա Հոնդ Պաո», «Տի Գուան ին», «Հուանշան Հուանգյան» և հնեցված «Պուեր» (այն շատ արժեքավոր թեյ է, հնեցվում է կարմիր հողում, որով էլ պայմանավորված է նրա բարձր որակը): Եվ այս բոլոր թեյերը մենք խմեցինք առանց շաքարի, այդ սխալը մեզ մոտ հնուց է գալիս:

Թեյն այնքա՜ն լավ կողմեր ունի՝ ամրացնում է իմունային համակարգը, հարուստ է վիտամիններով և միկրոէլեմետներով, պարունակում է հակաօքսիդանտներ, կարգավորում է մարսողական, նյարդային և սրտանոթային համակարգը, հանգստացնում է նյարդերը (դրա համար էլ ինձ ասում են, թե ինչո՞ւ եմ այդքան հանգիստ), երիտասարդացնում է, օրգանիզմից հանում է տոքսիսնները, դրանով իսկ նպաստում նիհարելուն:

Այս հետաքրքիր փառատոնի համար շնորհակալություն Երևանի քաղաքապետարանին, «Կոնֆուցիոս» ինստիտուտին, «Սանգուան» կենտրոնին և առանձնահատուկ շնորհակալություն «Թի Արթ» կենտրոնի անձնակազմի անդամներ Ինգա Սեդրակյանին, Էլինա և Ալեքսանդր Դավշյաններին:

Հ.Գ. Հա, մոռացա, լավ թեյ պատրաստելու համար հարկավոր չէ չինացի լինել:

ruslan aleqsanyan

Ամառ

Ամբողջ կիսամյակի ընթացքում, երբ գնում էի դպրոց, ունեի մեկ ցանկություն՝ որ արձակուրդները շուտ գան: Իսկ հիմա, երբ արդեն համարյա անցել է արձակուրդների առաջին ամիսը, հակառակ ցանկությունն ունեմ. անհամբեր սպասում եմ դասերի սկսվելուն: Դպրոցում օրն անցնում էր հետաքրքիր, և չէի նկատում, թե ինչպես է անցնում ժամանակը: Դե, արձակուրդներն էլ են հետաքրքիր անցնում, բայց, միևնույնն է, զգում եմ դպրոցի կարիքը: Արձակուրդների ժամանակ սկսվում է «լողալու սեզոնը»: Մեր Բաղանիս գյուղի մոտով փոքրիկ գետակ է հոսում: Այնտեղ կա նաև մի փոքրիկ ջրվեժ, որին գյուղացիները Ձախլիկ են կոչում: Օրվա մեծ մասն անցնում է հենց այնտեղ: Երեկոյան, երբ հովն ընկնում է, հավաքվում ենք դաշտում ու սկսում տարբեր խաղեր խաղալ: Մեծ ու փոքր չեն տարբերվում. բոլորը խաղերին մասնակցում են հավասար: Երեկոյան ավելի ուշ՝ մութն ընկած ժամանակ, հավաքվում ենք գյուղամիջում ու զրույցի բռնվում:

jemmapetrosyan

Ակնթարթներ

Երբ առաջին անգամ դպրոց գնացի, շատ ուրախ էի: Հետո դասարանում տեսա կլոր թշերով մի աղջկա, որը լաց էր լինում: Ես էլ սկսեցի արտասվել, մինչ այսօր աչքիս առաջ այդ տեսարանն է գալիս։ Այս ամենից նեղված՝ ես արտասվում էի, մինչ մայրիկը հանգստացրեց ինձ ու կտրեց ձայնս։ Մտածում էի դպրոցը վատն է, քանի որ ստիպում է ինչ-որ մեկին արտասվել։

Տարիներն անցնում են շատ արագ, ու չես հասցնում հասկանալ պահի լրջությունը։ Այսօր, երբ փոխադրվել եմ տասներկուերորդ դասարան, հասկանում եմ, որ կյանքիս մի շրջան մեկ տարի հետո պետք է ավարտվի։

Հիշում եմ դասարանում կատարված բոլոր հետաքրքիր դեպքերը։ Հատ-հատ կարող եմ թվարկել մեր կռիվները, կարող եմ ասել, թե քանի անգամ եմ «անբավարար» ստացել։ Երբ ուսուցչուհիներից մեկը բարկանում էր ինձ վրա, մտածում էի ժամանակի արագ անցնելու մասին։ Բայց հիմա, երբ սկսել եմ կարոտել թեկուզ և այդ ժամանակները, հասկանում եմ, որ պետք է գնահատել դպրոցում անցկացրած ամեն մի պահը։ Չէ՞ որ յուրաքանչյուր մարդու կյանքում դպրոցական տարիները մեկ անգամ են լինում։

Այս տարի էլ պատրաստվում ենք գնալ էքսկուրսիայի: Մտածելով, որ կարելի է չգնալ՝ ինքս ինձ հետ խոսում էի.

-Մեկ ա՝ եսիմ ուր չենք գնում։ Էս տարի չգնամ։ Բայց, եթե չգնամ, էլ ե՞րբ պիտի գնամ։ Էս տարի մեր վերջին տարին է։ Մյուս տարի անելու շատ բան կունենանք ու երևի չենք հասցնի մտածել էքսկուրսիայի մասին։

Ու մտքերիս մեջ խորասուզվելով՝ սկսեցի հիշել դպրոցում անցկացրած լավ ու վատ օրերը: Մտածելիս ժպտում էի: Քույրս, կողքից նկատելով իմ ժպիտը, սկսեց հարցեր տալ.

-Ջեմ, գժվե՞լ ես:

-Հը՜մ:

-Ջե՜մ:

-Հա, հա, ասա։ Ի՞նչ էիր ասում:

-Հեչ, ուղղակի մի տեսակ ուրախ ես։ Ի՞նչ ա եղել՝ սենց ոգևորվել ես։

-Հիշում եմ, որ ձմեռվա կեսին դիպմամբ դասից փախանք ձնագնդի խաղալու, որ հետո էսպես նստենք ու հիշենք մեր դպրոցական օրերը։

-Հա, հետո ի՞նչ։ Կարո՞ղ ա մոռացել ես՝ ոնց էր դասղեկդ բոլոր ծնողներին խառնել իրար։

-Չէ, Էմ, չեմ մոռացել։ Ուղղակի վախեցանք։ Հիշո՞ւմ ես, որ տուն մտա: Մեր մոտի երեխեքին բոլորին հետս բերել էի, որ արդարանալիս բոլորս միասին արդարանանք…

anush hovhannisyan

Դպրոցական «ընտրություններ»

Ի՞նչ, արձակուրդներից երեք շաբա՞թ է անցել: Ա՜խ, կարծես մի ողջ հավերժություն անցած լինի: Արդեն հասցրել եմ կարոտել դասարանիս, երեխեքին, մեր ընտրական դասամիջոցները: Ինչո՞ւ ընտրական, հիմա բացատրեմ:

Ուրեմն, մենք դասարանում 13 աղջիկ ենք և 3 տղա: Դե, աղջիկներն էլ ոչ պակաս թիթիզ են, իսկ բարձր դասարանի տղաներն էլ «սրտից թույլ»: Երբ զանգը հնչում էր, պետք է հասցնեինք արագ դասարանից դուրս գալ, որովհետև վայրկյաններ հետո դասարանի դռան առաջ ընտրական շտաբ էր ձևավորվում: Մեր «շատ սիրելի» տղաները մեզ չափում-ձևում, ոտքից գլուխ տնտղում էին, իսկ հետո ընտրված աղջիկը դպրոցում պահակազորով էր քայլում: Ա՜խ, տղաներ, ինչ հետաքրքիր եք դուք: Մի կարգին ծիծաղում էինք մենք ձեզ վրա ախր:

Մի դեպք էլ պատմեմ: Մի անգամ այնքան եկան դուռը թակեցին՝ գրիչի կամ այլ իրի պատրվակով, որ մենք` հանճարեղ աղջիկներս, որոշեցինք դռան վրա գրություն փակցնել, որը հետևյալն էր.

«Դուռը չբացե՛լ: Գրիչ, մատիտ, ռետին կամ քանոն չպահանջե՛լ, չկա՛»:

Դե իհարկե, նրանք չհանդուրժեցին այդ արգելքը, և հաջորդ օրը չկար գրությունը, բայց մենք մեր զենքերը վայր չդրեցինք. մի քանի անգամ էլ գրեցինք ու փակցրինք:

Իսկ արդեն այս սեպտեմբերից ընտրական հանձնաժողովը փոխված կլինի. դե, ավարտել են ու գնացել: Ճիշտ է, շատ էինք բարկանում նրանց վրա, բայց դե, չեմ կարող չխոստովանել, որ առանց նրանց էլ անհետաքրքիր ու տխուր կլինի: Հիմա էլ ո՞ւմ վրա պետք է ծիծաղենք:

Է՜հ, կարոտել եմ դպրոցս: Ուզում եմ քնել և առավոտյան արթնանալ ու իմանալ, որ սեպտեմբերի 1-ն է:

Մանդակի հետևից

Լուսանկարը` Զարուհի Գևորգյանի

Լուսանկարը` Զարուհի Գևորգյանի

Ապրուստի միջոց վաստակելու համար գյուղի տղամարդիկ մեկնում են արտերկիր, բայց կանայք էլ անգործ չեն նստում և սպասում, թե երբ ամուսինները կաշխատեն ու մի քիչ գումար կուղարկեն: Նրանք փորձում են ամեն կերպ թեթևացնել ամուսինների «վզին դրված» հոգսերը:

Մայիսից մինչև հունիս մեր գյուղում ամեն օր կանայք ոտքով կտրում և հասնում են գյուղից մի քանի կիլոմետր հեռու գտնվող դաշտերը, որպեսզի մանդակ հանեն: Մանդակը վաճառում են, կամ էլ իրենք են կերակուր պատրաստում դրանից: Մայրս նույնպես բոլոր կանանց հետ գնում է դաշտ:

Գիտե՞ք, տարիներ առաջ, երբ շատ փոքր էի, ուրախանում էի, որ նա գնում է դաշտ՝ մանդակի, որովհետև գիտեի, որ մանդակի գումարով մեզ կոնֆետներ ու պաղպաղակ է գնելու, իսկ հիմա… Հիմա ամեն անգամ, երբ մայրս դաշտից վերադառնում է, ես տեսնում եմ, որ նա շատ հոգնած է: Ինձ այնքան վատ եմ զգում, որ չեմ աշխատում ու հնարավորություն էլ չունեմ աշխատելու, իսկ դրա փոխարեն մայրս ամեն օր՝ թե՛ ցուրտ, և թե՛ տաք եղանակին դաշտերում է: Բայց այն հարցին, թե չե՞ն հոգնում արդյոք այդքան քայլելուց ու կռացած մանդակ հանելուց, մայրիկս պատասխանեց, որ որքան էլ հոգնեն, միևնույնն է, նորից գնալու են: Երբ մանդակը տանում են շուկա, վաճառում, սեփական քրտինքով գումար են վաստակում իրենց երեխաների համար՝ մի ամբողջ աշխարհ արժե:

marta minasyan

Արջը՝ կով

Սովորության համաձայն ամռանը դասարանով գնացինք էքսկուրսիայի: Այս տարի՝ դեպի Արցախ: Գիշերվա 2-ն անց 30 էր, և բոլորս՝ այդ թվում նաև վարորդը, շատ հոգնած էինք: Մի պատահական վայրում կանգնեցինք, որպեսզի հանգստանանք մի քիչ ու սնվենք, վարորդն էլ այդ ընթացքում փորձեց քնել: Դե, մենք ուտում ու կատակում էինք: Այդ ժամանակ ծնողներից մեկը մեզնից քիչ հեռու հեռախոսով էր խոսում: Հանկարծ մի ձայն լսեց, հետո կարծեց, թե թվացել է, բայց մեր դասարանի տղաներից մեկն էլ ասաց, որ նույնպես լսել է: Հետո բոլորս լսեցինք այդ ձայնը, և մի քանի աղջիկներ վախից մտան մեքենան, 2 րոպե չանցած՝ նորից դուրս եկան: Ստուգելու համար տղաներից մեկը քար նետեց ձայնի կողմը, իսկ այնտեղից արջի բարձր ձայն ելավ:

-Հորս արև, երեխեք, արջ ա,- բղավեց նա:

Բոլորս՝ տղաները նույնպես, բարձր ձայներ արձակելով՝ մտանք մեքենան: Վարորդն այդ պահին տեղից վեր թռավ, իսկ նրա վրայի ծածկոցը թռավ օդ: Դե, ես այդ ամենը տեսա: Բայց մի տեսակ չհավատացի, որ արջ եմ տեսնում, ավտոբուսից գլուխս հանեցի: Այդ պահին մի մեքենա անցավ և լույս գցեց արջի վրա, բոլորը նորից վախեցած հետ քաշվեցին, իսկ ես հետաքրքրությունից դրդված ուշադիր նայեցի ու տեսա, որ դա ընդամենը կով է ու բարձր ծիծաղեցի՝ ասելով, որ այնտեղ կով է: Նրանք շարունակում էին մտածել, որ արջ է, ու կարծես նրանց վրա ազդել էր վախի գործոնը. սմբակավոր կովին արջի տեղ էին դրել: Դե, բոլորը հանգստացան, ու ամբողջ ճանապարհին մի կուշտ ծիծաղեցինք՝ ամեն մեկս մյուսի վախեցած պահվածքը ծաղրելով:

Ani avetisyan

Անցած և անցնելիք ճանապարհի մասին

Եթե չլինեին սեղանին ու որևէ բան դնելու համար հարմար տեղերում շարված թերթերն ու ամեն տեսակի թղթերը, պատկերացնել անգամ չէի կարող, որ վայրը, որտեղ հայտնվել էի, թերթի խմբագրություն էր, թեև նախապես էլ գիտեի։ Խմբագրությունն իրականում մի երկու փոքրիկ սենյակ էր զբաղեցնում բարձրահարկ շենքի ներսում։ Երբ թերթի աշխատակցի հետ ներս մտա, ներսում մի քանի հոգի էին, որոնցից «տեղը բերեցի» միայն գլխավոր խմբագրին, թեև նրա հետ կապ հեռախոսով է եղել, այն էլ՝ միայն մի քանի անգամ։ Հա, այնտեղ՝ սեղանի մոտ, գրականագետ, լրագրող Լյուդվիգ Կարապետյանն է, ում հետ հանդիպելու էլ եկել էի: Իսկ թե ինչից պետք է զրուցեինք, ինքս էլ դեռ լավ չէի պատկերացնում։ Վաղ առավոտյան զանգահարել էր մարզային «Արագած աշխարհ» թերթի խմբագիր Վարդևան Գրիգորյանն ու ասել, որ գնամ. կեսօրին պիտի հանդիպեմ Լյուդվիգ Կարապետյանի հետ։

Երկու րոպե չանցած սենյակում արդեն մնացել էինք ես, պրն Գրիգորյանը, պրն Կարապետյանն ու խմբագրատան աշխատակցուհին. նա, ում ուղեկցությամբ հասել էի այնտեղ։

-Եզդիներ էին,- հյուրերին ճանապարհելուց հետո ասում է ճերմակահեր լրագրողը, ժպտում ու նստում՝ մի աթոռ էլ ինձ առաջարկելով։ Քիչ հետո աշխատանքային հարցերով դուրս է գալիս նաև թերթի խմբագիրը, իսկ այդ ընթացքում զրուցակիցս արդեն պատմում էր իր տարիների աշխատանքի ու ձեռք բերած փորձի մասին՝ աշխատելով չանցնել՝ հավանաբար իր իսկ գծած համեստության սահմանները։ Հետո, նույնքան համեստորեն, ավելացնում է.

-Մոտ հինգ տասնյակ գրքերի հեղինակ եմ…

Գրքերից մեկն էլ մակագրում է ու նվիրում ինձ, բացում վերջին էջն ու ասում, որ այն, ինչ ինքը պիտի պատմեր, գրված է այնտեղ։

Լյուդվիգ Կարապետյանը ծնունդով Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղից է, մասնագիտությամբ գրականագետ, զբաղվել է լրագրությամբ, լրագրություն է դասավանդել ԵՊՀ-ում, «Հրաչյա Աճառյան» համալսարանում, Հեռուստառադիո ակադեմիայում, իսկ այժմ Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանում հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչն է։ Մի շարք գիտական և գրական գործերի հեղինակ է:

Տարիների աշխատանքը խորացել էր ծերացած աչքերում, երկար ճանապարհ անցած, մի փոքր էլ հոգնած ձայնի, մեղմ ժպիտի մեջ:

-Վերջերս մանկավարժական համալսարանում դասախոսելու առաջարկ ստացա, բայց առողջությունս էլ, տարիքս էլ այլևս չեն ներում:

Հետո լրագրությունից՝ իր անցյալ ու ներկա, և իմ ապագա մասնագիտությունից խոսեցինք: 17-ում իմ նյութերիցս որոշներն էլ էր կարդացել, ասաց՝ հավանել է:

-Հիմա շատերը մտածում են, թե լրագրությունը «այս օրը այս տեղում այսինչ բանը եղավ»-ն է: Կարևոր է նաև խոսքը ճիշտ ներկայացնելը:

Մի քիչ էլ կրթությունից, դասերից ու համալսարաններից զրուցեցինք: Զարմացավ, երևի տխրեց էլ, երբ լսեց, թե որքան քիչ են այն ֆակուլտետի դիմորդները, որտեղ ինքը դասավանդել է ժամանակին:

Դե, իսկ զրույցի ամենահետաքրքիր մասն էլ ինձ համար նրա արձագանքն էր, երբ լսեց «Մանանա» կենտրոնի անունը, իմացավ, որ կենտրոնի սան եմ: Ժպտաց.

-Տնօրենը հիմա՞ էլ է Ռուզաննա Բաղդասարյանը:

-Այո,- ասացի, ժպտացի, մի քիչ էլ զարմացա, բայց շա՜տ ուրախացա:

Արդեն ժամանակն էր բաժանվելու: Իսկ միմյանցից բաժանվեցինք հույսով, որ մի օր նորից կհանդիպենք, նա ինձ կնվիրի իր «Լրագիտարան»-ը, իսկ ես իրեն՝ «Խաբարբզիկի» իմ համարները:

Հունիսի 17-ի ու Սուրբ Գրիգոր Լուսավորչի վանքի մասին

Լուսանկարը` Ստելլա Ավետիքյանի

Լուսանկարը` Ստելլա Ավետիքյանի

Հունիսի 17-ին Գրիգոր Լուսավորիչը դուրս է եկել Խոր Վիրապից, որտեղ անցկացրել էր 13 տարի: Այս կապակցությամբ այդ օրը մոտ 30 ուխտավոր Երևանից եկել էր Սբ. Գրիգորի վանքը, որը կառուցվել է Գրիգոր Ա Մամիկոնյանի կողմից: Վանքը գտնվում է Սբ. Գրիգորի ձորում, իսկ այնտեղ գնացող ճանապարհին կտեսնեք նաև «Գիքորի ախպիրը», այնպես որ՝ համեցեք:

Լուսանկարը` Ստելլա Ավետիքյանի

Լուսանկարը` Ստելլա Ավետիքյանի

Երբ նախորդ անգամ գնացել էի վանք, ի դեպ՝ դա անցած տարվա հուլիսի 14-ն էր, տեսա, որ վանքը վերակառուցվում է: Հովանավորը Մշակույթի նախարարությունն է: Շինարարական աշխատանքները կընթանան մի քանի փուլով, որոնք կիրականացվեն առաջիկա հինգ տարիների ընթացքում: Նաև պարզեցի, որ վանքը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 7 ամենավտանգված շինությունների շարքում, սակայն դա դեռ չի հաստատվել պաշտոնապես: Հաստատվելուց հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ն նույնպես հովանավոր կլինի:

Լուսանկարը` Ստելլա Ավետիքյանի

Լուսանկարը` Ստելլա Ավետիքյանի

Աշխատանքները սկսվել են 2016 թվականի մայիսին: Արդեն նկատելի է՝ բավականին աշխատանք է կատարված:

naira mkhitaryan

Անուշը մոռացել էր երազանքը

-Վայ, յասաման: Էս ինչ սիրուն ա: Կարա՞մ քաղեմ, որ տանեմ տուն, դնեմ ջրի մեջ:

-Հա, Անուշս, քաղի:

Զրուցակիցս յոթնամյա Անուշն էր, որը կորցրել էր մորը:

-Շատ սիրուն ա: Կարա՞մ մի հատ էլ քաղեմ:

-Ըհըն: Ա՛ն, գիտես, չէ՞, եթե հինգ թերթիկանոց յասամանի ծաղիկ ուտես ու երազանք պահես, կկատարվի:

-Ուտե՞մ:

-Դե, հա: Արի՛ փորձենք:

Հինգ թերթիկանոց ծաղիկ չգտանք, բայց ես անպայման ուզում էի լսել Անուշի երազաքը, չնայած՝ պատկերացնում էի՝ ում մասին այն կլիներ:

-Ան, ոչինչ, որ չորս թերթիկանոց էլ ուտես, էլի կկատարվի երազանքդ:

-Ուտե՞մ:

-Հա, Ան, ուտես,- ծիծաղելով ասացի ես:

-Լավ:

Քաղեց չորս թերթիկանոցն ու կերավ:

-Հըն, ի՞նչ երազանք պահեցիր:

-Յասաման,- ասաց նա՝ անտեղյակ հայացքով ինձ նայելով:

-Հա, յասաման կերար, բա ի՞նչ երազանք պահեցիր:

-Երազա՞նք, չգիտեմ, մոռացա:

-Ան, գիտե՞ս երազանքն ինչ ա:

-Չէ:

-Մեր, դու գիտե՞ս,- հարցրի Անուշի մորեղբոր աղջկան՝ ութնամյա Մերիին:

-Հա: Անուշ, երազանքը էն ա, որ մի բան շատ ես ուզում, ամեն ինչ անում ես, որ կատարվի, ու մարդու չես ասում քո երազանքը: Հասկացա՞ր:

-Եկեք գնանք խաղանք, ես չեմ հիշում իմ երազանքը:

Գնացինք. Անուշը մոռացել էր իր երազանքը, բայց ես գիտեի՝ ուզում էր, որ մայրը հետ գա: Երևի հենց այդ պատճառով, որ երազանքը չէր կատարվելու, հինգ թերթիկանոց ծաղիկ չգտանք:

Երազանքը մոռացած Անուշը ամուր գրկել էր ինձ, իսկ Մերին պահում էր արդեն հինգերորդ երազանքը.

-Էս մեկը, որ լիքը գովասանագիր ունենամ, էս էլ՝ որ դառնամ պարի դասատու…