Ազատ տարածք խորագրի արխիվներ

lia avagyan

«Սահմանապահ գյուղի իրականությունն արտացոլելու համար»

Երևի ճիշտ կլինի՝ սկսեմ սկզբից: Երբեք չեմ պատմել, թե ինչպես ենք ես և նյութերս հայտնվել 17.am-ում: Համարյա երկու տարի առաջ էր. մեր դպրոցը վերանորոգել էին, բացումն էր: Մեզ՝ աշակերտներիս, ասացին, որ գնանք շախմատի սենյակ: Բոլորը գնացին, իսկ ես մի քիչ ուշացա, չեմ հիշում՝ ինչ պատճառով: Ուշացած հասա շախմատի սենյակ: Դուռը կիսաբաց էր. ճեղքից ներս նայեցի, տեսա ահագին մարդ ու ահագին տեսախցիկ: Անկեղծ ասած՝ ամաչում էի ներս մտնել: Անգամ արդեն հետ էի դառնում, բայց մի անհասկանալի ներքին ուժ ինձ ձգեց ներս: Երբ ներս մտա, ֆիլմերի մասին էին խոսում: Հետո մեզ թերթեր բաժանեցին, հանձնարարեցին «Ինչն է ինձ հուզում» թեմայով ինչ-որ բան գրել: Դա իմ առաջին նյութը պետք է լիներ: Այնքան ոգևորվեցի. արագ էի գրում, որ հասցնեմ գրել կյանքիս տարիների կուտակվածը: Մի քիչ էլ ջղայնացած էի գրում, դա էլ չեմ հիշում՝ ինչու: Անկեղծ էի գրում, «է»-ի փոխարեն՝ «ա»: Հետո՝ երբ վերջացրի, բոլոր սխալներն ուղղեցի ու նյութս հանձնեցի: Հետո մի քիչ էլ ֆոտոներից ու ֆիլմերից խոսեցինք ու գնացինք տուն: Գնացի տուն ու նամակ գրեցի 17.am-ին, որ ուզում եմ թղթակցել: Հաջորդ օրը նյութս տպագրել էին: Դրանից էլ ավելի ոգևորվեցի:

Մի քանի շաբաթ հետո գնացի «Մանանա» կենտրոնի կազմակերպած մեդիա ճամբարին: Այնտեղ սովորեցինք ֆիլմերի, ֆոտոների «լեզուն»: Շատ մարդկանց հետ ծանոթացա և նոր ընկերներ ձեռք բերեցի: Կյանքիս ամենահիշվող շաբաթներից մեկն էր, որի յուրաքանչյուր օրը դետալ առ դետալ հիշում եմ: Ճամբարից հետո էլ շարունակում եմ գրել: Հիմնականում գրում եմ սահմանի, իմ առօրյայի, տատիկիս պատմած պատմությունների մասին: Բայց, անկեղծ ասած, երբ գրում էի, չէի մտածում, որ իմ նյութերը կկարդան, նույնիսկ կսկսեն սիրել: Ամեն նյութից հետո արձագանքները տարբեր են լինում՝ թե՛ դրական, թե՛ բացասական: Բայց այդ երկու կարծիքներն էլ ինձ ստիպում էին ավելի պարտավորված գրել:

Ընդամենը երկու օր առաջ մասնակցեցի առաջին մրցանակաբաշխությանը: Ծանոթ դեմքեր, հետաքրքիր ու հարազատ մարդիկ: Ինձ զգում էի ինչպես տանը՝ հարազատներով շրջապատված: Այնքան ոգևորված էի եկել մրցանակաբաշխությանը, անգամ նկարագրելու չէ: Ստացա մրցանակ՝ «Սահմանապահ գյուղի իրականությունն արտացոլելու համար»: Մրցանակն էլ տրամադրել էր «Արփի Սոլար ընկերությունը», ինձ ու էլի մի տավուշցի աղջկա: 16 տարիներիս ամենամեծ ձեռքբերումս էր: Այսպիսի փայլուն սկիզբ երևի չէի կարող ինձ համար պատկերացնել: Ամեն կողմից փայլուն աչքեր էին, որոնք շնորհավորում էին: Այս խառնաշփոթի մեջ մտածում էի, թե ինչպես հայտնվեցի այստեղ, այս բեմում, այսքան հարազատ դարձած մարդանց մոտ: Հիշեցի շախմատի սենյակի կիսաբաց դուռն ու այն անհասկանալի ներքին ուժը, որն ինձ ստիպեց մինչև վերջ բացել դուռն ու ներս մտնել:

Astghik Ghazaryan

«Գեղարվեստական վավերագրության համար»

«Գեղարվեստական վավերագրության համար»Երեկ տեսա՞ր` ինչպես էր խախտվել աշխարհի քարտեզը: Չե՞ս տեսել… Երևի դու Հայաստանի պատանի թղթակիցների ցանցի մրցանակաբաշխությանը ներկա չէիր… Տեսնե՜լ էր պետք…

Ժամը երկուսն անց էր. մեկ էլ տեսնեմ` աշխարհի քարտեզի վրա մի կերպ նշմարվող Հայաստանում գաճաճ, աննշան (բնականաբար չափերով) Գետահովիտը, Դարբասը, Մալիշկան…. մեծանում են, մեծանում, և դրա հետ Հայաստանը ձգվում է, ձգվում ու… Ու ի՞նչ… Ու ամբողջ երկրագունդը դառնում է Հայաստան:

Ցավոք, տիեզերքում ոչ մի սարք էլ չկարողացավ արձանագրել: Դե, որովհետև դա ամենևին էլ հսկա տիեզերքում չէր, այլ իմ փոքր սրտում, կամ էլ Սոնայի, կամ էլ Վահեի, կամ էլ… Չգիտեմ՝ ում…

Բայց սա մի օրում չեղավ, պարզապես հենց մրցանակաբաշխության օրը հասկացա, որ մենք մեր փոքր ուղեղով Գետահովիտը, Դարբասը կամ էլ Մալիշկան դարձրել ենք աշխարհի կենտրոնը. չէ՞ որ երկիրը կլոր է, և քո գյուղի կենտրոն լինելը կամ չլինելը կախված է նրանից, թե ինչ կետից ես նայում աշխարհին: Եվ ամեն ինչն էլ հենց այդ կետից է կախված:

Ցավոք, պայմանականորեն այդ կետ անվանվածը, որը մեր մտածողությունն է, աշխարհայացքը, ոչ խանութում են վաճառում, ոչ էլ մեկ այլ տեղ: Այն ունենալու համար պետք է անցնել «Մանանայի» «դպրոցը», որտեղ պատանիները սովորում կամ էլ սովորեցնում են ոչ թե աշխարհի կամ Հայաստանի պատմություն, այլ Գետահովիտի պատմություն, Դարբասի կամ էլ Մալիշկայի…

lilit khlghatyan portret

Առաջին քայլերս, հույզերս և հաղթանակս…

Տարբեր մարդիկ իրենց զգացմունքները արտահայտում են տարբեր կերպ: Ես մարդկանց այն խմբին եմ պատկանում, որոնց հուզելը դժվար է: Չեմ ասում զգացմունքային չեմ, ուղղակի միշտ չէ, որ կարողանում եմ լաց լինել…

Առաջին իսկ օրվանից, երբ ոտք դրեցի 17.am, միշտ ուրախ պահեր եմ ունեցել: Ամեն մի փոքրիկ հաջողությունից թռվռացել եմ, այդ պահերին կարծես աշխարհը նվիրեն ինձ: «Մանանա»-ից ամեն անգամ զանգ ստանալուց սիրտս սկսում էր շատ արագ բաբախել: Արդեն իսկ զգում էի, որ մի բան փոխվելու է:

Վերջին զանգին ստացա մրցանակաբաշխությանը մասնակցելու հրավեր: Ոգևորված էի: Հաճախ չէ, որ կրկին կհանդիպեի ամենաբարի աշխատողներին և կտեսնեի ընկերներիս, որոնց հետ միայն 17.am-ի միջոցով ծանոթացա:
Եվ ահա ոգևորված հասա Երևան: Գրեթե մեկ շաբաթ պլաններ էի կազմում: Հասա, և սկսվեց մրցանակաբաշխությունը, այնքան ոգևորված էի… 17.am-ը ժյուրի ուներ, և նրանք ընտրել էին նաև իրենց հավանած ակտիվ թղթակցին՝ իրենց կողմից պարգևատրելու համար:

Առաջինը բեմ բարձրացավ լրագրող  Ռուզան Մինասյանը, մի քանի խոսք ասելուց հետո արտաբերեց իմ անուն ազգանունը: Հուզված էի, չգիտեի՝ ինչ անել: Ուղղակի չէի հավատում: Մի քայլ առաջ եկա, հետո հետ քաշվեցի՝ մտածելով, որ գուցե սխալվել են, բայց փաստորեն, չէ… Բարձրացա բեմ, կանգնեցի նրա կողքին, ասաց, որ իմ արած գործերը շատ է հավանել, որ կարողանում եմ պատկերացնել շատ լավ և ինձ մեկնեց մի մեծ նվեր… Նա ինձ հանձնեց լրագրողի իր աշխատանքային գործիքը՝ տեսախցիկը, որով ինքն էր իր նյութերը նկարահանում ու նկարում:

Երբեք չէի պատկերացնի, որ ինձ հետ նման բան կլինի: Գլուխս մեխանիկորեն կախեցի: Մեծ հպարտություն էի զգում, շատ ոգևորված էի և շատ հուզված: Գրկախառնվեցինք և իջա բեմից: Ոտքերս դողում էին, մի պահ մտածեցի, թե երազ է…Աչքերս լցվել էին, եթե մենակ լինեի, հաստատ մի լավ ժպիտով կլացեի` ժպիտով, որովհետև դրանք ուրախության արցունքներ կլինեին: Շատ պարտավորեցնող էր Ռուզան Մինասյանից նման նվեր ստանալը: Բեմիս իջնելուց հետո արդեն մտածեցի, որ չպետք է բավարարվեմ միայն լուսանկարներ անելով`պետք է նաև ֆիլմի սցենարներ մտածեմ: Շատ շնորհակալ եմ նրան ինձ այդպիսի հնարավորություն տալու համար, հավատացած եղեք, որ ձեր հույսերը կարդարացնեմ`անպայման կարդարացնեմ…Ախ, որ պատկերացնում եմ, թե ինչեր կկորցնեի, եթե չթղթակցեի 17.am-ին… Սա իմ առաջին հաջողությունն էր, բայց ոչ վերջինը: Այժմ նստած եմ երթուղային մեքենայում և Երևանից-Լիճք եմ վերադառնում, գալիս եմ իմ գյուղ՝ ուրախությունս ընտանիքիս, ընկերներիս հետ կիսելու համար:

Իմ հետևում մի կին էր նստած իր երեխաների հետ, որդին մեկ տարեկան էր և արտասանում էր իր առաջին բառերը` մայրիկ, հայրիկ, ամենաթանկ բառերը աշխարհում…

Նա ասում էր իր առաջին բառերը, ես անում եմ իմ առաջին քայլերը: Եվ այդ ամենի համար շնորհակալ եմ ծնողներիս, շնորհակալ եմ 17.am-ի աշխատակազմին և իհարկե, Ռուզան Մինասյանին՝ ինձ այսպես ոգևորելու և խրախուսելու համար:

Սպասեք ապագա լրագրող Լիլիթ Խլղաթյանին, ես արդեն արել եմ իմ առաջին քայլը:

milena khachikyan

17.am-ը մենք ենք

«Լրագրողական դիտարկումների համար»

Սոնան ասում է, որ քաղաքի գարունը սկսվում է այն ժամանակ, երբ նա նայում է իր տատի զմրուխտե, կանաչ աչքերին: Ինչքան մեծ կարոտ կա սրանում, չէ՞: Այ, նման մի կարոտ էլ մենք՝ տասնյոթցիներս, ունենք, որ հաճախ իրար հենց այստեղ էլ գտնում ենք՝ պարզ ու անկեղծ պատմությունների, ուրախ ու տխուր նյութերի էջերում:

Դժվար թե ես գրեի այս մասին, եթե չլիներ երեկվա մրցանակաբաշխությունը, որի մասին դեռ երկար պիտի հիշեմ, եւ եթե չլիներ հանդիպումը մարդկանց հետ, որոնց մի մասին մեկ էլ երկու տարի առաջ տեսել կամ չէի տեսել:

Դվժար թե մտածեի այս մասին, եթե չլիներ Անահիտը, որ, ինձ տեսնելով, ամեն անգամ վազում է ընդառաջ՝ մոռանալով փողոցը, մեքենաներն ու մարդկանց: Դժվար թե մտածեի այս մասին, եթե չլինեին Լիդուշի ու Լուսոյի ամուր գրկերը, Միլենի խաղաղությունն ու Դիանի ժպիտը: Դժվար թե մտածեի այս մասին, եթե չլինեին Սոֆին, Զարան, Աստղիկը, Սոնան, Մանեն ու Անին՝ ճամբարային մեր ուրախ հուշերով: Եվ դժվար թե մտածեի, եթե չկարդայի տիկին Ռուզանի գրածը այն մասին, որ ինքն օրվա լռության մեջ լսում է միշտ քչքչոցը հարյուրավոր աղբյուրների, որոնք հենց մենք ենք՝ մեր հոգսերով ու երազանքներով:

Եվ մենք երեկվա «Խաբարբզիկ»-ի համարն ենք՝ այդ նույն հոգսերով ու երազանքներով, որը կարդալուց հետո ես հանկարծ այնքա՜ն բան ուզեցի…

Նախ ուզում եմ, որ բոլորիս աղոթքները՝ խաղաղության համար, մի օր տեղ հասնեն վերջնականապես, ինչպես Կարենի քեռու դեպքում է եղել:

Ուզում եմ, որ  Հեղինեի եղբայրը, Արտյոմը, Մուշը, Դավիթն ու բոլոր մյուսները ծառայությունից անվնաս վերադառնան տուն:

Ուզում եմ, որ Սերյոժայի հայրն այլեւս չասի՝ հագուստով պառկեք՝ քնելու, որ եթե կրակեն, հագնվելու համար ժամանակ չկորցնեք:

Ուզում եմ, որ Անահիտը Մարտունիում ծառայող իր ընկերոջ համար անհանգստանալու առիթներ չունենա, եւ Լյուբեի «Комбат»-ից արտասվողներ էլ չլինեն:

Ուզում եմ, որ բոլորս Սերինեի պես հավատանք, որ տարիներով գիտակցության չեկող զինվորը մի օր իր հոր հետ ավարտին կհասցնի իրենց տան վերանորոգումը:

Ուզում եմ, որ բոլորս գտնենք ու մի անգամ էլ կարդանք Մարատի «Քա չթողին, քասկնա՞ք» պատմությունը Ապրիլյանի ու այն ծերունու մասին, ում անունն այդպես էլ չենք իմանա:

Եվ ուզում եմ, որ Լիան չմտածի տարիներ անց իր թոռներին միայն պատերազմից պատմելու մասին, ինչպես իր տատի դեպքում է, եւ որ իրեն տխուր չտեսնեմ երբեք:

Ուզում եմ, որ Լիլիթի գրած կարոտի թեւերը երկար չձգվեն, ու օրերից մի օր բոլոր գնացողները վերադառնան իրենց հայրենի գյուղ:

Ուզում եմ, որ Կարինեն ծնողների կարոտը առնի ոչ համակարգչի էկրանից, ու իր իրականությունը մի օր դառնա երազածի պես լուսավոր:

Ուզում եմ, որ Մարիամը հաճախ ժամանակ ունենա՝ իր Ամասիա վերադառնալու, եւ հետո ինձ պատմելու նույն Ամասիայի, գնացքներով մեկնելու ու սպասումների մասին:

Ուզում եմ, որ Գյումրին մի օր այնքան ծաղկի, որ ոչ Լեյլին փակված դռներ գտնի, ոչ էլ Աշոտը գրի, որ իրենց մոտ գրախանութներ մեծ հաշվով չկան:

Ուզում եմ, որ Վահեի պատմած հերոսը մի օր գլուխը կախ չքայլի, եւ մազերն անորոշ շոյելու փոխարեն իր պես երաժշտություն լսի կամ ժպտա:

Ուզում եմ, որ ոչ Սեդայի մայրը, ոչ պարոն Արան եւ ոչ էլ ուրիշ մեկը էլ երբեք չհիվանդանան:

Ուզում եմ, որ Ամալյայի նավակը կարողանա ամուր լինել պայքարելու եւ ափ հասնելու համար:

Ուզում եմ, որ բոլորս Նարեի պես տեսնենք այն մաքուրն ու բարին, որ կա ժեստերի լեզվի կամ այն մարդկանց մեջ, ովքեր կիրառում են դա:

Ուզում եմ, որ Անին գտնի ուժը՝ կամրջից այն կողմ անցնելու, եւ գրի իր փոքր գյուղի մեծ մարդկանց մասին:

Ուզում եմ, որ Սարգիսի գյուղում կոտրվածքների եւ դույլերով ջուր կրելու ձմեռ էլ երբեք չլինի:

Ուզում եմ, որ Սուրենը, Հարութը, Էրիկն ու մյուսները հաջողությամբ ընդունվեն համալսարան, ու իրենց երազանքների հետեւից Երեւան գալով՝ մի օր անպայման հասնեն դրանց:

Եվ ի վերջո, ուզում եմ, որ մեր «քչքչոցը» միշտ լսելի լինի 17.am-ում, ու մենք միշտ կարողանանք գրել փշաքաղեցնելու չափ ազնիվ՝ դիմանալով կարոտի ամեն դրսեւորմանը, հույսով՝ նոր հանդիպումների:

lida armenakyan

Ժամային գոտի կամ կարճագույն խոսքս

«Լավագույն հրապարակախոսական նյութեր»

IMG_9866-2Շնորհակալություն օրվա, ժպիտների ու գեղեցիկ նվերների համար: Հաճելի է լինել գնահատված, արժևորված… Չէ:
29.04  16:53

Շնորհակալություն… ՉԷ:
29.04  18:02

Մոտենում եմ բեմին գուցե և դողացող ոտքերով կամ էլ գուցե հաստատուն քայլերով, հիմա չեմ հիշում… ՉԷ:
29.04  21:36

IMG_0018-4Ես էսպես էլ չեմ ուզում սկսել ասելիքս: Ու երևի չգիտեմ էլ` ոնց սկսեմ: Չգիտեմ ոնց սկսեմ, ինչից սկսեմ, ուր տանեմ, ուր հասնեմ: Բայց մի րոպե: Ես արդեն ինչ-որ բանի հասել եմ: Ինչ-որ լուրջ ու կարևոր բանի: Անիմաստ է ասելս, թե ապրիլի 28-ը ինչ օր էր: Ես էլ գիտեմ, դու էլ, այն երրորդ մեկն էլ: Դրա մասին արդեն շատ է խոսվել: Ոչ էլ ուզում եմ պատմել, թե ես ինչպես եմ հայտնվել այստեղ: Հնարավոր է, որ քո պատմությանը նման է: Ասենք, որ դպրոցից եմ իմացել: Բայց չէ: Էդպես չի եղել: Ինչը նշանակում է, որ հնարավոր չէ: Բայց երևի նրա պատմությանն է նման: Հիմա դրա մասին խոսելու հավես չունեմ ու ամենայն հավանականությամբ դու էլ դրա մասին լսել-կարդալու հավես չունես: Շատ ես լսել:

Դահլիճում նստած մի տեսակ անջատված ծափահարում էի, երբ հանկարծ անունս հնչեց: Չէի սպասում անունս լսելուն: Բայց ստացվեց: Ես երկրորդ շարքում էի նստած ու դահլիճից բեմ տանող ճանապարհը ոչ երկար էր թվում, ոչ կարճ, ոչ տագնապող: Կարճ ասած, չէր էլ թվում: Քայլում էի, որովհետև դահլիճում արդեն շողացող ու հարազատ դեմքեր էին նշմարվում:  Դե ես էլ եմ մրցանակակիր:

Մտքերս չեն հավաքվում իրար գլխի: Դժվար է, երբ օրվա մեջ երկու պարապմունք ես ունեցել ու հոգնած քեզ տուն ես գցել ու դեռ հաջորդ օրն էլ երեքն ունես: Գիշեր է: Քունս տանում է: Փակում եմ նոթատետրս, ուզում եմ փակել Word-ի պատուհանը: Աչքերս փակվում են:
30.04   1:07

Փակվ…

mariam tonoyan

«Իրական կյանքը լավագույնս արտացոլելու համար»

Օրը սկսվեց տարօրինակ տագնապի զգացումով: Առջևում ինձ էր սպասում 17-ի առաջին մրցանակաբաշխությունը, որին ես նույնպես պատիվ ունեի մասնակցելու: Վերջապես հնարավորություն էի ունենալու կրկին հանդիպել 17.am-ի անձնակազմի ու թղթակից ընկերներիս հետ, որոնց այնքա՜ն կարոտել էի: Շտապողականությունս Գավառ-Երևան միկրոավտոբուսում մեծացավ, երբ նստարանիս կողքին տեղավորեցին մեքենայով տեղափոխվող ձկների չորս մեծ պայուսակներ:

Ի վերջո հասանք Կոմիտասի անվան երաժշտական կամերային տուն, որտեղ էլ կայանալու էր մրցանակաբաշխությունը: Դեռ մեկ ժամ կար մինչ կսկսվեր փառատոնը: Անհամբեր շուրջս էի նայում, փնտրում ծանոթ ու հարազատ դեմքեր, այս ու այն կողմ շրջում… Գնալով մարդկանց հոսքը մեծացավ, ու հանդիպեցի ճամբարական ընկերներիս: Ջերմ ողջույնների ու գրկախառնությունների միջից նկատում էի ընկերներիս կարոտած ու հուզմունքից արցունքոտված փայլուն աչքերը: Մեզնից ոմանք հիշում էին ճամբարական խենթությունները, կատակում, ծիծաղում, ոմանք հարցնում միմյանց առօրյայի մասին, որի մի մասնիկն է կազմում 17.am-ի հետ աշխատանքը: Իմ այդ փոքրիկ ընտանիքի մարզերով սփռված մասնիկները կրկին հավաքվել էին ու սպասումով լեցուն որոնում էին «մերոնց», իսկ «անծանոթների» հետ, որոնք արդեն մեզ այնքա՜ն ծանոթ են իրենց մտքերով, լուսանկարների իրենց ոճով, իրենց նկարահանած ֆիլմերի յուրօրինակ բովանդակությամբ, սկսում էին նոր ընկերական կապեր ձևավորել: Ահա և գանգրահեր Անահիտը, ում նյութերն այնքան հաճույքով եմ կարդում, ու Կարինեն, Սոսեն ևս…

Սկսվեց փառատոնը: Բեմին երևացին հաղորդավարները, ովքեր նույնպես թղթակիցներ էին ու այնքան վարժ ու բնական ներկայացրեցին փառատոնի նպատակը, ժյուրիներին, մրցանակակիրներին: Ցուցադրվեցին մեր կատարած միահամուռ աշխատանքների մասին տեսանյութերը, աշխատանքային լուսանկարներ, հատվածներ նկարահանած ֆիլմերից: Որքա՜ն աշխատանք ու ներդրում էր ցայտում այդ տեսանյութից, որքան նվիրվածություն ու ջանքեր…

Հաղորդավարները փառատոնի ավարտին կարդացին ծրագրի արդյունքները ու աչքի ընկած պատանիներին հանձնվեցին տարբեր մրցանակներ:

Անակնկալի եկա, երբ անունների վերջում հնչեց նաև իմ անունը, ու ես՝ Մանանայի շրջանավարտ և աշխատակից Մանե Տոնոյանի անհատական հովանավորությամբ, ում շնորհակալ եմ իմ նյութերը կարևորելու, գնահատելու ու մրցանակի արժանացնելու համար, արժանացա մրցանակի, ստացա դիպլոմ «Իրական կյանքը լավագույնս արտացոլելու համար»: Հուզմունք ու անսպասելի անակնկալի արժանանալու զգացումը պարուրեց ինձ:
Անշուշտ, 17.am-ի նշանակությունն իմ կյանքում ահռելի է, քանի որ այն ինձ հնարավորություն է տվել արտահայտվելու, խոսելու ինձ հուզող տարբեր խնդիրների մասին, կարդալով իմ հասակակիցների նյութերը` նոր գիտելիքներ ու տեղեկատվություն ձեռք բերել, ընկերանալ տարբեր մարզերից երիտասարդների հետ ու համատեղ աշխատել ու այս ոլորտում դրական արդյունքի հասնել:

serine harutyunyan

«Սահմանապահ գյուղի իրականությունը արտացոլելու համար»

«Սահմանապահ գյուղի իրականությունը արտացոլելու համար»

Ասում են՝ ոչնչի հեշտությամբ չեն հասնում, իսկ եթե նույնիսկ հասնում են, դա դեռ այնքան էլ հասնել չի նշանակում:
«Մանանայի» մե՜ծ ու սիրու՜ն ընտանիքի անդամ դառնալը շատ հեշտ է, բայց նույնը չեմ կարող ասել այդ ընտանիքում մնալու, «Մանանայի» հետ քո իսկ ուղին ստեղծելու ու դրանով քայլելու մասին: Իրոք, մի քիչ դժվար է համատեղել դասերի, պարապմունքների ու դպրոցի այլ գործերի հետ, բայց հաճելի է, անչափ հաճելի, իսկ հաճելիի համար միշտ էլ ժամանակ գտնվում է: Հա, չմնալու պատճառը հենց չմնացողներն են: Չեմ հասկանում նրանց ու երևի երբեք էլ չեմ կարողանա հասկանալ:
Ուզում եմ ամեն ինչ հենց սկզբից պատմել: Չէ, մեր դպրոցի տնօրենը իր սիրելի աշակերտներին չկանչեց ու ասաց, որ դետեկտիվ ֆիլմ պիտի նկարենք, ու ոչ էլ ասաց, որ եթե հավես ու ժամանակ ունենանք՝ նայենք: Ուսմասվարը մտավ դասարան և հայտարարեց, որ ինչ-որ մարդիկ են եկել, արագ, առանց աղմուկի բարձրանանք դահլիճ: Շատերը դասից ազատվելու համար գնացին, ոմանք էլ իմ նման ուղղակի հետաքրքրված էին դպրոց եկած մարդկանցով ու նրանց գալու նպատակով:
Ծանոթություն, հետո դողացող մատներով առաջին նամակը 17-ին, պատմություն իմ ու ինձ հուզող հարցերի մասին…
Առաջին նամակը 17-ից՝ Կողբում դասընթացի մասնակցելու հրավեր: Մե՜ծ ջանքեր գործադրելուց հետո ի վերջո ստացա հայրիկիս թույլտվությունը: Դասընթացը 4 օր տևեց, կյանքիս ամենահետաքրքիր օրերից չորսն էին: Ու կապ չուներ, թե ինչքան շատ էինք աշխատում, կապ չուներ, որ ինձ համար դա իսկապես անսովոր էր, չէի հոգնում, դեռ մի բան էլ ուզում էի ավելի երկար մնալ ու աշխատել:
Էլի մի քանի ամիս, ու արդեն մեդիա ճամբարին մասնակցելու հրավեր: Տանը թույլտվություն ստանալն այս անգամ շատ ավելի բարդ էր, քան ես կամ դու կարող էինք երբևէ պատկերացնել: «Տիկին Ռուզան-դպրոցի տնօրեն-մեր տան տնօրեն» բանակցությունները ավարտվեցին ի օգուտ ինձ: Ճամբարի մասին չեմ ուզում պատմել, եթե սկսեմ, շա՜տ երկար եմ գրելու:
Առաջին մրցանակաբաշխությանն ու ֆոտոցուցահանդեսին մասնակցելու պատիվ ևս ունեցա: Ինչքա՜ն լավ էր ամեն ինչ ու ինչքա՜ն ջերմ էր մթնոլորտը: Շատ ավելի լավը, քան սպասում էի, քան կարող էի պատկերացնել…  Թղթակիցները բոլորն էլ այնքան լավն են ու այնքան յուրահատուկ, որ առանձնացնելն ու ինչ-որ մեկին ավելի շատ ու քիչ գովելն իսկապես անչափ դժվար է: Լավագույն 100-ի մեջ անունս լսելը անսպասելի էր, անհատական մրցանակ ստանալը՝ առավել ևս: Անունս լսելուց հետո ինքս ինձ ասում էի. «Կարո՞ղ ա Նարեկը սխալ անուն կարդաց»: Բայց չէ, փաստորեն ես էի լավագույն թղթակիցներից մեկը՝ «Սահմանապահ գյուղի իրականությունն արտացոլելու համար»…

_MG_0433-19Մի օրվա մեջ 7-8 ժամ ճանապարհ գնալու և հոգնածության մասին մոռանում ես, երբ հանդիպում ես «Մանանայի» անդամներին, երբ հիշում ես նրանց հետ անցկացրած ակնթարթները…
Ի՞նչ ասեմ, իրականում այնքան շատ բան կա ասելու, ուղղակի, բառերն այդքան էլ լավ չեն նկարագրում զգացածս…

Չեմ ուզում «Մանանային» ուղղակի շնորհակալություն հայտնել, ու վերջ, ուզում եմ ավելին ասել, քան շնորհակալությունը, երևի այդպիսի բառ, այդպիսի տերմին, այդպիսի չափման միավոր չկա դա նկարագրելու համար… Այ հենց այդ անհայտ տերմինով ու գոյություն չունեցող չափման միավորի չափ շնորհակալությամբ դիմում եմ ձեզ բոլորիդ… Ապրեք, որ կաք, որ մեր կողքին եք ձեր անսահման հոգատարությամբ, ձեր այդչափ սիրալիր վերաբերմունքով ու մեր կյանքը լցնող վառ գույներով… Սիրում եմ բոլորիդ, շա՜տ-շա՜տ…

vahe stepanyan

«Լավագույն ակնարկագիր»

Մի աչքս բացեցի: Ձեռքս տարա մահճակալիս կողքին դրված դարակի գլխին՝ հեռախոսս շոշափելու հույսով: Մի բան վերցրեցի դարակի վրայից ու բերեցի դեմքիս մոտ: Ժամացույցներիցս մեկն էր: Ժամն էլ 1անց կես էր: Ո՞նց մեկ անց: Հը՞: Ես պիտի 11-ին «Մանանայում» լինեի: Պանիկայի մեջ թռա նստեցի: Մի անգամ էլ նայեցի ժամին: Ֆուհ: Թարս էի բռնել: Ժամը յոթն է: Վրայիցս հանում եմ շալվարիս մի փողքը, որը հագել էի միլիվայրկյանների ընթացքում ու նորից հետ ընկնում մահճակալիս: Հետո, ինչպես միշտ, համարյա ուշանում եմ: Մի բաժակ սուրճը քաշում եմ գլուխս, նստում վերելակը, իջնում: Հետո նստում ու վերադառնում ականջակալներիս հետևից: Վազելով հասնում եմ մետրո: Բոլորին հրմշտելով իջնում եմ շարժասանդուղքներով՝ դե, «յանիմ, վռազ եմ», հետո այդ նույն մարդիկ գալիս են ու իրար հետ նստում ենք նույն վագոնը: Իջնում եմ հրապարակ, վերցնում Նարեկին ու դեպի «Մանանա»: Չգիտեմ՝ օգնում էինք, թե խանգարում: Է, այսինքն, ո՞նց չգիտեմ: «Մանանայից» հանեցին, ասացին՝ զբոսնելով գնացեք Կամերային տուն: Դե իրոք, արդեն խանգարում էինք: Դե, ես երեկ այդպես էլ ոչ մի պահի իսկապես չէի հասկանում, թե ինչ կարևոր բանի եմ մասնակից: Հայաստանի պատանի թղթակիցների առաջին մրցանակաբաշխություն: Ոնց նկատեցիք, ես չեմ կարողանում նորմալ խոսել ինչ-որ բանի մասին՝ ներկայացնելով այդ բանի գաղափարը: Դրա համար էլ ես ոնց սկսեցի պատմել՝ ուղղակի ներկայացնելով իմ օրը ժամանակագրական հաջորդականությամբ դասավորված, էդպես էլ կշարունակեմ: Դե «Մանանա» կենտրոնի ու Կամերային տան ճանապարհին ես տեսա այն վաղուց սպասված դեմքերից մի քանիսին, ունեցա նոր անսպասելի ընկերներ ու շատ գոհ եմ դրա համար:

Կամերային տան դիմաց հին ընկերներս էին հավաքվել: Ու ամենակարևորը: Ծյոմը: Շատ էի, է, կարոտել: Ծյոմը մեր թղթակից Արտյոմ Սաֆարյանն է ու իմ լավ ընկերը: Մի օրով «փախել էր» հոսպիտալից ու եկել մեզ տեսնելու: Ու էսպես մի կերպ ժամանակը սպանեցինք, մինչև եկավ բաղձալի «սկսում ենք»-ի պահը: Ինչ-ինչ, բայց հաղորդավարները շատ ճիշտ էին ընտրված. շլացուցիչ, տիեզերական գեղեցկությամբ օժտված, սլացիկ ու վայելչակազմ Նարեկը ու Սիրանը: Հա, լավ, ես ուղղակի Սիրանին չեմ ճանաչում: Ինչևէ շատ լավ վարեցին: Ժյուրին էլ «Մանանայի» ընկերներից էր կազմված: Ես շատ գոհ մնացի նրանց որոշումներից: Չէ , չէ: Դրա համար չէ, որ ես արժանացա դիպլոմի (ու մեկ էլ նոթբուքի)՝ լավագույն ակնարկների համար: Ուղղակի իմ 17-ի ամենասիրելի համարյա բոլոր թղթակիցները ստացան այն մրցանակները, որոնց արժանի էին: Չեմ ասի՝ ովքեր:

Հետո եկավ ինձ համար այդ օրվա ամենահիշարժան պահը: Ծյոմը երկու խոսք ուներ ասելու: Անկեղծ, շատ հուզվեցի: Թող նրա մնացած ասածները մնան այնտեղ, որովհետև ես դա խիստ անձնական եմ համարում: Բայց էս մի կտորը պիտի ասեմ:
Ասաց. «Որ էնտեղ՝ դիրքերում կանգնած եմ լինում ու մտածում եմ, թե ում համար եմ էստեղ կանգնած, ես իմ ընտանիքից ու հարազատներից զատ, նաև ձեր մասին եմ մտածում»: Էհ: Էլ ի՞նչ ասեմ էսքանից հետո: Ու էսպես էլ անցավ երևի կյանքիս ամենալավ օրերից մեկը: Ի՞նչ ասեմ: Շնորհակալ եմ բոլորիցդ: Ամեն կարդացողից: Ձեզ շատ սիրող ՝ Վահե:

Հ.Գ. Իմ այս հաղթանակի համար վերջին երկու տարվա ընթացքում առաջին անգամ մայրս ասաց՝ ապրես:

sona zaqaryan

«Գյուղական պատմությունների համար»

«Գյուղական պատմությունների համար»

17.am-ը մտավ իմ կյանք, ինչպես մի գունավոր ու պայծառ լույս։ Կյանքս փոխվեց, ու ես սկսեցի մեծ հետաքրքրություն գտնել այն ամենի մեջ, ինչը որ ինձ երբեք չէր հետաքրքրել։ Երբեմն մեր շրջապատում ինչ-որ բաներ տեսնելով կարևորություն չենք տալիս դրանց, մտածելով, որ դրանք չնչին բաներ են։ 17-ի շնորհիվ ես հասկացա, որ այդ չնչին բաները կարող են ամենահետաքրքիր նյութի թեմա դառնալ, որ դրանց մեջ գեղեցիկը տեսնելով կարող եմ շունչ հաղորդել դրանց և արդյունքում ստանալ մի հրաշալի ու հետաքրքիր նյութ։

Եվ ահա սկսվեց իմ գունավոր ստեղծագործական կյանքը։ Երկու տարվա թղթակցությունից հետո, եկավ բոլորիս տքնաջան աշխատանքը գնահատելու օրը։ Տեղի ունեցավ Հայաստանի պատանի թղթակիցների ցանցի առաջին մրցանակաբաշխությունը։ Շատ ոգևորված էի, որ պետք է մասնակցեմ, շա՜տ էի կարոտել մեր «Մանանայի» մեծ ընտանիքին։ Այդքան թղթակիցների միաժամանակ տեսնելը այնքա՜ն հաճելի էր։ Միշտ մտածել եմ, որ եթե մարդ տքնաջան աշխատում է ինչ-որ բանի հասնելու համար, այդ աշխատանքը միշտ գնահատվում է։

Երեկ իմ աշխատանքի արդյունքը գնահատվեց։ Ստացա դիպլոմ և մրցանակ «Գյուղական պատմությունների համար»: Աննկարագրելի ուրախ էի։ Մրցանակը ստանալուց հետո մեծ երախտագիտություն ու պատասխանատվություն եմ զգում։ Այնքան պահեր են եղել, երբ չեմ կարողացել նյութ գրել, «մուսա» չեմ ունեցել։ Բայց երբ ինձ քաջալերել են, որ նյութ գրեմ, «մուսաս» միանգամից եկել է։ Այսօր առավոտյան էլ կարծես 17-ի աշխատակազմի ձայնն էր ակաջներիս մեջ, և ես արթնացա ու հիշեցի, որ պետք է անպայման նյութ գրեմ։

Լրագրությունը կյանքիս ամենակարևոր ու անբաժան մասն է դարձել, ու այսօրվանից ինձ ավելի պատասխանատու եմ զգում և շարունակելու եմ ստեղծագործել, չնայած որ այս տարի օտար երկրում եմ սովորելու։

Չեմ կարող իմ մեծ շնորհակալությունը չհայտնել ձեզ։ Շնորհակալ եմ, որ ջերմացնում ու գունավորում եք այդքան պատանիների ու երիտասարդների կյանքը։