Լինել երիտասարդ խորագրի արխիվներ

milena khachikyan

Բարեւ, ԵՊՀ

«Ջան, հաստատ անվճար եմ, բայց կարո՞ղ ա` չէ: Ի՞նչ եմ էշ-էշ ուրախացել, պարզ ա, որ անվճար չեմ: Թե՞ անվճար չեմ: Հա, ամեն դեպքում անվճար կլինեմ: Կամ երևի` չէ: Հաստատ առաջին վճարովին եմ: Գնամ՝ մեռնեմ: Չէ, այ դոդ, ի՞նչ մեռնել, անվճար եմ: Թե՞ չէ: Թե՞ հա»:

Չէ, սրանք իմ մտքերը չեն, սրանք Քեշիշյան Աստղիկի տասներկուօրյա տանջանքներն են, որ ծանոթ են երևի շատերին:

-Ա՜ստղ, շնորհավո՜ր:

Մինչ Աստղը փորձում է ուշքի գալ իր՝ համալսարանն անվճար ընդունվելու բաղձալի նորությունից եւ թողնել մեռնել-չմեռնելու անհիմն կասկածները, ես մտքով հետ-հետ եմ գնում ու հասնում ամենասկզբին:

Կար ժամանակ, երբ հարցին, թե ինչ եմ ուզում դառնալ, երբ մեծանամ, ես պատասխանում էի խորագույն լռությամբ:

«Ի՞նչ եմ ուզում դառնալ,- մտածում էի, – իսկ պարտադի՞ր է դառնալը, չե՞մ կարող մնալ այն, ինչ կամ, մնալ, ասենք, նույն Միլենան»:

Սրանք մտքեր են, որ գալիս են վաղ, ընդգծում քո պարզությունն ու անհետանում: Բայց մի օր հասկանում ես, որ անիսկական չէին, որ կարելի էր փորձել, ինչո՞ւ չէ:

Հիմնական դպրոցում ինձ հանդիպեց հայոց լեզվի լավագույն ուսուցչուհին, ում շնորհիվ կամ պատճառով ես երկար ժամանակ ուզում էի մեծանալուն պես շարունակել իր գործը: Նա թերեւս ամենալուսավոր կետն էր այդ դպրոցի, ում այսօր պինդ-պինդ պահում եմ հուշերումս: Ավագ դպրոցում արժանացա նույն ճակատագրին, եւ հայոց լեզվի ուսուցչուհիս նպաստեց գիտելիքներիս եւ ցանկությանս ամրապնդմանը: Բայց պատմությունը սրանով չավարտվեց, այսինքն՝ ավարտվեց այնքանով, որ քննություն հանձնեցի նաեւ բանասիրության ֆակուլտետի համար (դե հա, ես սիրում եմ ինձ տանջել) եւ անվճար ընդունվելով՝ տեղս զիջեցի անհայտ մեկին: Բայց սա՝ մի կողմ:

Այս տարիների մեջ ես հասցրի տարվել «Մանանա»-յով, կապվել 17.am-ին, սիրել խմբագրությունը, սիրել «Շավիղ»-ը, հայտնվել Լրագրողների տանը, անվերջ գրել, մի խոսքով՝ ապրել գրելով: Երազանքները՝ ինչ-որ մեկը դառնալու, բազմացան եւ վերջիվերջո հանգեցին լրագրողի մասնագիտությանը:

Աշնանը հայտնվեցի Լրագրողների տանը: Առաջին օրը հուսադրող էր, մեր ընկեր Աստղիկը՝ անսահման բարի: Սկսեցինք հանդիպել ամեն շաբաթ, մի քանի կարճ ամիսներում ընկերացանք իրար հետ: Իսկ այսօր համակուրսեցիներ դառնալու ճանապարհի վերջնակետին ենք, ու արդեն սիրում ենք իրար:

Մի քանի օր առաջ էր: Ազատված քննական մտածմունքներից՝ ինձ համար ապրում էի ու վայելում հանգիստս, մեկ էլ սկսեցին շնորհավորել: Ըստ ԵՊՀ-ի պաշտոնական կայքի` ընդունվել էի լրագրության ֆակուլտետ։ Դա հերիք չէր, մի բան էլ…

-Միլ, Միլ…Դու էլ ես անվճար,- Նանեն էր:

«Սա երազ է, վատագույն դեպքում՝ չար կատակ»:

-Իսկ լավագույն դեպքում՝ իրականություն, – կասեր վերջինս:

Գուցեեւ ասել է, որովհետեւ ես չեմ հիշում, առհասարակ ոչինչ չեմ հիշում, թե ինչ եղավ ինձ հետ այդ հաղորդագրությունից հետո: Ախր, բոլորը գիտեին, ես` դեռ չէ։ Ու չհավատացի էլ, չկարողացա… Տասնհինգ րոպե հետո համալսարանի բակում էի`արդեն լացած, քիչ մը հանգստացած ու երջանիկ։ Մեքենայից իջել էի ու վազելով հասել ցուցակներին: Թերևս ամենաէմոցիոնալ վազքն էր կյանքիս, դժվար թե մոռանամ երբեւէ. մե խինդ, մե ուրախություն, մե լաց…

Օրվա վերջն էր, ես՝ դեռ ցուցակների մոտ: Ինձ համար կանգնած էի, երբ երկու տղամարդ եկան։ Սկսեցին ուսումնասիրել ցուցակները, փնտրել իրենց ուզած անունը։ Տեղը մի փոքր լավը չէր, համ էլ` բավականին մութ էր արդեն: Տղամարդկանցից մեկը ջղայնացավ.
-Էս ի՞նչ պայմաններ են, չէի՞ն կարող կայքում դնել։
Մտածեցի` օգնեմ, դե մարդ է, չի նկատել կամ էլ չգիտի:
-Կայքում դրվել ա, ի դեպ, շատ ավելի վաղ։
Լռեց: Էն չջղայնացողն էլ մնաց-մնաց, մեկ էլ ժպտալով ասաց.
-Մեզ կայքը պետք չի, մենք հին մարդիկ ենք, մեր աչքով ենք ուզում տեսնել։
Համաձայն վերոնշյալ տրամաբանության` ես`  ևս հին մարդս, այլևս ուսանող եմ:

ԵՊՀ Ժուռֆա՞կ, բռնվի՜ր՝ գալիս ենք:

gevorg sargsyan

Մի փոքր հույս

Շատերի կյանքում լինում են դեպքեր, որոնց ժամանակ ասում ես` վերջ, այլևս ինչ-որ բան փոխել անհնարին է:

Իմ կյանքի դրվագններից մեկում  էլ եղել  է նման մի դեպք:  Ես ունեի ոտքերի հետ կապված խնդիր և  մտածում էի ոչինչ անել  հնարավոր  չէ: Ես պետք է ապրեմ այդ խնդրով ամբողջ կյանքս:
Որոշ ժամանակ  անց ես հանդիպեցի մի մարդու, որը նման խնդրով էր ապրում, բայց նա, մոռանալով այդ խնդրի մասին, ապրում էր այնպես, կարծես նման խնդիր իր կյանքում  չկա, չի էլ  եղել:

Համարձակությունս հավաքեցի և նրա հետ զրուցեցի: Նա ասաց.

-Կյանքը  կարճ է, իսկ մեր ժամանակը շատ երկար, որպեսզի ապրենք այնպես, որ մահվան  մահճում ունենանք  այնպիսի հաճելի հուշեր, որոնք մեզ հետ կլինեն հավերժ: Դրա համար պետք է ամեն ինչ անես, որ  լիարժեք ապրես, առաջ նայես և հույս ունենաս, որ ամեն ինչ կարող ես և լավ է լինելու։

Նրա հետ զրուցելուց  հետո, փորձեցի իմ կյանքում որոշ  փոփոխություններ մտցնել: Սկսեցի մարզվել, ջանք գործադրել, որպեսզի ոտքս  որոշ չափով  վերականգնվի: Պատկերացրեք, ստացվեց: Շատերի, անգամ ինձ համար անհավանական երազանք ունեի.  շատ էի ուզում պարի գնալ: Ծնողներս դեմ էին: Իմ կարծիքով մտածում էին, որ իմ այս ոտքով ինչ կարող եմ անել, որ  հիմա էլ
պարել կարողանամ, մտածում էին, որ գուցե ավելի վատթարանա ոտքիս վիճակը: Բայց ես նրանց ապացուցեցի, որ կարող եմ: Ես նրանց շատ համոզեցի, և նրանք ինձ պարի տարան։ Ութ տարի անընդմեջ ես պարի էի գնում: Տարիները  հաջորդում  էին իրար, կարծես մոռացել էի, որ ոտքս հիվանդ է, նույնիսկ իմ ծնողներն էին  մոռացել այդ մասին:

Ես արդեն 16 տարեկան եմ և ունեմ մասնագիտություն: Ես այսօր ունեմ իմ պարի խումբը: Թվում է, անհավանական է, բայց ես հասել եմ դրան իմ ջանքերի  շնորհիվ, հաճախ անտեսելով ցավը, չեմ հուսահատվել դժվարություններից: Ես շարունակելու եմ իմ սիրած  գործով  զբաղվել: Սովորացնելու եմ ուրիշներին էլ պարել:
Իսկ հիմա կասեմ, թե ինչու որոշեցի այս մասին գրել: Հաճախ եմ տեսնում, թե ինչպես են մարդիկ ամեն փոքր դժվարությունից հուսահատվում: Իմ  խորհուրդը ձեզ. երբեք   հույսը  մի կորցրեք: Հույս  կա ամենուր,  նույնիսկ այնտեղ, որտեղ այլևս  թվում է` հույս  չկա: Մի աննշան  մանրուք, մի խոսք, մի մեծ երազանք  կարող  է կյանքի  կոչել մարդուն, ինչպես  իմ  դեպքում եղավ։

nane eghiazaryan

Խենթություններ անելու ժամանակը

Ո՞վ իր կյանքում խենթություններ չի արել: Եթե լարենք մեր միտքը և մտովի հետ գնանք, հաստատ ինչ-որ դեպքեր կհիշենք՝ կապված ընկերների, դպրոցի կամ ընտանիքի հետ:

Կան խենթություններ, որոնց պատճառով մենք հայտնվում ենք անհարմար իրավիճակներում: Ես այդ տիպի խենթություններ մի անգամ չէ, որ արել եմ: Հիմա ձեզ այդ դեպքերից մեկը կպատմեմ: Դե, նախ ասեմ, որ ես պարել շատ եմ սիրում, և առանց պարի ու դաշնամուրի չեմ պատկերացնում ինձ: Ճիշտ է, հիմա այդքան էլ հաճախ չեմ պարում, բայց առաջ պարից դուրս գալուց հետո մի երկու ժամ էր պետք լինում, որ ազդեցությունից դուրս գայի:

Մի անգամ հորաքրոջս ընտանիքը մեզ հյուր էր եկել, և ես քրոջս հետ մի փոքր պարային միջոցառում էի պատրաստել: Ահա արդեն վերջն էր, երբ ես հանկարծակի որոշեցի գնչուական պար պարել: Մայրիկիս երկար կիսաշրջազգեստը հագա, բայց գոտին, ինչքան էլ ման եկա, չգտա: Իսկապես, ախր, ես չգիտեի գնչուական պարեր: Երևի մի երկու անգամ հեռուստացույցով էի տեսել և որոշել էի փորձել: Պարային երևակայության մեջ էի, երբ հանկարծ մի պտույտի ժամանակ կիսաշրջազգեստս վրայիցս ընկավ: Ես աչքերս միանգամից լցրեցի և վազեցի մայրիկիս մոտ, իսկ ներկաները՝ տատիկս, հորաքույրս և քույրս ծիծաղից աչքերը լցրել էին:

Այս պատմությունը քույրս ամեն հարմար առիթով ինձ հիշեցնում է, իսկ ես հետ չեմ մնում՝ հիշեցնելով, թե ո՞վ էր հավերի կուտը վերցրած վազում Եղեգնաձորի պապիկիս տան ամբողջ հողամասով, երբ հավերը ընկել էին նրա հետևից:

Եվ այսպես, այնքա՜ն խենթություններ կան, որ հաշվել էլ չեմ կարող, բայց եթե չլիներ իմ կիսաշրջազգեստի ընկնելը կամ հավերի և քրոջս «բռնոցին», ապա ամեն անգամ դա հիշելիս չէին ապրի այն զվարճանքը, որ զգում եմ հիմա: Ինձ թվում է՝ մարդիկ կարիք ունեն խենթությունների: Ես խենթություն ասելով հասկանում եմ ուրախ պահեր, վախ և միևնույն ժամանակ, շատ մեծ համարձակություն, որոնք քեզ ստիպում են զգալ ինքնաբուխ պահի հաճույքը: Երբեմն մարդիկ ասում են, որ իրենց կյանքը ձանձրալի է, միապաղաղ. գուցե խենթություններ անելու ժամանա՞կն է: Նամանավանդ ամառ է:

Մենք ՄԱԿ-ի գրասենյակում

«2016 թիվն էր, մտանք ՄԱԿ»… Սա ընդամենը ավտոբուսում հնչող արտահայտություններից էր: Իսկ թե ուր էինք գնում ավտոբուսով՝ երևի արդեն գուշակեցիք, բայց չգիտեք, թե ինչու էինք գնում: Եթե Ձեզ հետաքրքրեց՝ կարդացե՛ք շարունակությունը, որով լիովին կտեղեկանաք մի կարևոր իրադարձության մասին:

Դպրոցում մենք ունենք հասարակական կազմակերպություն, որի անունը  «Զատիկ» է: Այդ կազմակերպության մեջ ընդգրկված են 8-րդ և 9-րդ դասարանի որոշ աշակերտներ՝ ընկեր Գրիգորյանի գլխավորությամբ (հայոց պատմության, համաշխարհային պատմության և Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհին) :

Կատարել ենք հարցումներ Եղեգնաձորի տարբեր բնագավառի մարդկանցից՝ մեր արտադրանքի միջին գինը, ձևը և այլ բաներ որոշելու համար:

Խորհրդակցելով բազմաթիվ մասնագետների հետ և ստանալով մեզ անհրաժեշտ հարցերի պատասխանները՝ ստեղծեցինք մեր արտադրանքը՝ հայկական զարդանախշերով օձիքներ, ժանյակներ ու թիթեռնիկներ: Պատրաստման մեջ մեզ օգնեց «Մոշ» նորաձևության սրահը:

Այդ արտադրանքը վաճառել ենք Երևանում կազմակերպված տոնավաճառում (ի դեպ դրանից նաև գնել է Կրթության և գիտության նախկին նախարար Ա. Աշոտյանը): Ձեռք բերած փոքր գումարը  տրամադրել ենք  դպրոցին՝ բարեկարգման աշխատանքների համար:

Այդ գործերում ավելի հմտանալու և ՄԱԿ-ի գործունեությանը ծանոթանալու համար՝ ընկեր Գրիգորյանը և Հայաստանի «Պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության Վայոց ձորի համակարգող Երանուհի Մանուկյանը  որոշեցին մեզ տանել ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակ:

Ինձ համար ամեն ինչ շատ հետաքրքիր էր, և  անհամբեր սպասում էի, թե երբ եմ վերջապես մտնելու ՄԱԿ-ի գրասենյակ: Մենք անցանք անվտանգության գոտին  ու ներս մտանք: Անկեղծ ասած, ինձ ամենաշատը շենքի ձևավոր առաստաղը դուր եկավ, որի վրա կապույտ և սպիտակ գույներով երկրագունդն էր պատկերված:

Այդ շաբաթվա կիրակին համաշխարհային Երջանկության օրն էր:

Խոսեցինք երջանկության մասին, ամեն մեկս արտահայտեց իր կարծիքը: Օրինակ, ես մտածում եմ, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է ստեղծել այն, լավատես լինել, եղածով բավարարվել:

Հետո ՄԱԿ-ի աշխատակիցները պատմեցին իրենց գործունեության մասին՝ հետաքրքիր տեսագրություններով, սլայդներով և նկարներով: Ես ուշադիր լսում էի, որովհետև ամեն ինչ շատ հետաքրքիր էր: Խոսվում էր այնպիսի բաներից, որոնց մասին երբեք չէի լսել: Քննարկեցինք նաև համաշխարհային հիմնախնդիրները և դրանց լուծման համար նախաձեռնվող միջոցառումները (մանրամասն տեղեկությունները կներկայացնի Նոնան):

Մոռացա ասել, որ ինչպես Նոնան, այնպես էլ ես, Միավորված Ազգերի Կազմակերպություն անվանումից ելնելով կարծում էինք, որ այնտեղ պետք է լինեն տարբեր ազգերի ներկայացուցիչներ՝ իրար հետ անգլերեն լեզվով աշխատելիս (ես նույնիկ նրանց հայացքներն էի պատկերացնում): Սակայն մեր պատկերացումները իրականությանը բոլորովին չէին համապատասխանում:

Այդ օրը բավական տեղեկութուններ ստացանք, հասցրեցինք նաև ֆիլմ դիտել: Երեկոյան վերադարձանք մեր հարազատ  Եղեգաձոր:

Սոֆյա Աբրահամյան

***

-Երեխաներ պատրաստվեք, մարտի 18-ին գնալու ենք Երևան` ՄԱԿ-ի գրասենյակ` իրազեկման միջոցառման,-հայտնեց ընկեր Գրիգորյանը,- մենք իզուր չենք ձեզ ընտրել: Հուսով եմ, կարդարացնեք մեր հույսերը:

Մենք բոլորս շատ ուրախ էինք, միևնույն ժամանակ, նաև հպարտ, որ կանք այդ երեխաների շարքում:

Ահա եկավ օրը, որ պիտի շարժվենք Երևան: Ճանապարհը այդքան էլ արագ չանցավ, չնայած դրան, որ շատ ուրախ էր: Ես ճանապարհին արդեն պատկերացնում էի ՄԱԿ-ի շենքը և դրա ներսը: ՄԱԿ-ի գրասենյակ ասելով ես պատկերացնում էի 193 պետությունների ներկայացուցիչների մեկ հարկի տակ: Պատկերացնում էի մեծ կառույց, ներսում` այդ բոլոր պետությունների ներկայացուցիչներին աշխատելիս, ամեն մեկին` տարբեր սենյակներում:  Մտածում էի, թե ո՞վ պիտի լուծի այդքան պետությունների հարցերը, օգնի նրանց և հաշտեցնի: Վերջապես մենք հասանք ՄԱԿ-ի գրասենյակ: Մենք հերթով մտնում էինք  ներս` անցնելով անվտանգության գոտին: Մինչ իմ հերթը կգար, ես ուշադրությամբ զննում էի այդ կառույցը: Ասեմ, որ այն իմ պատկերացրածի նման շքեղ չէր: Բայց չէ, որ շենքերն էլ նման են մարդկանց, և կարևոր է նրա պարունակությունը, այլ ոչ արտաքինը:

Մենք բոլորս  անցնելով անվտանգության գոտով, մտանք ներս: Մեզ տարան  ուղիղ մեր առջև գտնվող մի մեծ սենյակ, որտեղ կար մեծ կլոր սեղան, և շատ հարմարավետ էր: Ասեմ որ, երբ մտանք  ներս, ես իմ պատկերացրածի նման ոչ մի այլ երկրի ներկայացուցիչ չտեսա. բոլորը հայեր էին:

Միանգամից տեղավորվեցինք և սկսեցինք խոսել Միացյալ Ազգերի Կազմակերպության ստեղծման, պատճառների և նրա հիմնական գործունեության մասին:

Հիմնադրվել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին, Երկրորդ համաշխարհային պատերազմների նման ընդհարումներից խուսափելու համար: Այն նաև պիտի փոխարիներ զգալի արդյունքներ չտված Ազգերի Լիգային: Այժմ նրան անդամակցում են 193 երկիր: Գլխավոր գրասենյակները  գտնվում են Ժնևում, Նայրոբիում ու Վիեննայում:  Կազմակերպությունը գործում է անդամ երկրների կամավոր նվիրատվություններով։ Նպատակն է՝ պահպանել միջազգային անվտանգությունն ու խաղաղությունը, բարձրացնել մարդու իրավունքների իրազեկությունը, խթանել հասարակական ու տնտեսական զարգացումը, պահպանել շրջակա միջավայրը, հումանիտար օգնություն տրամադրել սովի, բնական աղետների ու զինված հակամարտությունների դեպքերում:

Մի փոքր ՄԱԿ-ի մասին խոսելուց հետո սկսսեցինք զրուցել երջանկության մասին: Այո, այո, երջանկության: Ինչ է մեզ համար երջանկությունը, և ինչ պետք է անել երջանիկ լինելու համար:

Ամեն մեկս հայտնեց իր կարծիքը:

Երջանիկ է այն մարդը, ով ունի առողջություն, լավ ընտանիք և ընկերներ:

Երջանիկ է այն մարդը, ով ամեն բացվող օր ապրում է ուրախ:

Երջանիկ լինելու համար պետք է ամեն մի երևույթի մեջ փնտրել լավ կողմերը և դրանով երջանկանալ:

Հետո նրանք ցույց տվեցին հատուկ ՄԱԿ-ի կողմից կազմված երջանկության բանալիները: Դրանք համարյա համընկնում էին մեր տեսակետների հետ: Հետո մեզ ասացին, որ մենք պետք է ներկա գտնվեինք ՄԱԿ- ի գրասենյակում կազմակերպվող Երջանկության միջազգային օրվան նվիրված միջոցառմանը, սակայն այդ օրը կիրակի էր: Իմ կարծիքով, այս տոնը շատ կարևոր օր է մարդկանց հիշեցնելու համար երջանկության, ընտանիքի և առողջության մասին:

Մենք այնտեղ մնացինք մոտ մեկուկես ժամ: Սակայն ես այդպես էլ չտեսա իմ պատկերացրած ամբողջ գրասենյակը,  քանի որ մենք ամբողջ ընթացքում նստած էինք նույն սենյակում: Այնուհետև խոսեցինք Կայուն զարգացման նպատակներից, որոնք տասնյոթն էին: Դրանք վերցրել էին ամբողջ աշխարհում տիրող իրավիճակներից` գլոբալ խնդիրներ էին: Շատերս «մոլորակը պաշտպանել» արտահայտությունը հնչեցնում է ուղղակի առանց հասկանալու դրա լրջությունը: Հետազոտությունների արդյունքում պարզել են, որ ամբողջ երկիր մոլորակի ռեսուրսները պակասել են շուրջ տասն անգամ: Եթե այսպես շարունակվի, ապա մենք այլևս ոչ մի ռեսուրս չենք ունենա: Երկիր մոլորակի գլոբալ խնդիրների մասին մենք անպայման կխոսենք: Այդ խնդիրները լուծելու համար ՄԱԿ-ն ունի 6 մարմիներ` գլխավոր Ասամբլեա (գլխավոր խորհուրդ), Անվտանգության խորհուրդ (ընդունում է խաղաղությանն ու անվտանգությանը վերաբերող բանաձևեր), Տնտեսական ու սոցիալական խորհուրդ (նպատակն է` զարկ տալ տնտեսական և սոցիալական միջազգային համագործակցությանն ու զարգացմանը), ՄԱԿ-ի քարտուղարություն (ՄԱԿ-ին անհրաժեշտ ուսունասիրություններ կատարելու, ինֆորմացիա և հարմարանք տրամադրելու համար), Միջազգային դատարան (գլխավոր դատական մարմինը): ՄԱԿ-ի համակարգային գործակալություններից են` Համաշխարհային բանկը, Միջազգային առողջապահական կազմակերպությունը, Համաշխարհային սննդի ծրագիրը, Միավորված Ազգերի Կրթության, Գիտության և Մշակույթի Կազմակերպությունը`  ՅՈՒՆԵՍԿՈ (UNESCO), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը` ՅՈՒՆԻՍԵՖ (UNICEF): Գլխավոր քարտուղարի պաշտոնն ամենակարևորն է ՄԱԿ-ում, որը 2007 թվականից զբաղեցնում է Բան Կի-Մունը Հարավային Կորեայից։

Այսպիսի տեղեկություններ ստացանք ՄԱԿ-ի մասին: Իսկ ես այդպես էլ չտեսա 193 պետությունների ներկայցուցիչներ:

Ետդարձի ճանապարհը էլ ավելի հետաքրքիր եղավ: Ստացանք քարտեզներ, որի մեջ պատկերված էին 193 պետություններն իրենց դրոշներով:

Հ.Գ.  Մենք պետք է ամենքս մեր տնից, փողոցից սկսենք Երկիր մոլորակին օգնելու գործողությունները, և հավատացեք, որ խնդիրը միայն աղբը չէ, ինչպես շատերն են կարծում:

Նոնա Պետրոսյան

Իմ առաջին հեռուստահարցազրույցը

Ձմռան մի բքառատ օր մեզ համար դասի էինք նստած, ու մեկ էլ տեղեկանում ենք, որ լրագրողներ են գալու դպրոց: Առաջին շաբաթն էր, ինչ ձմռան երկարատև արձակուրդներից հետո դասի էինք եկել, իսկ այդ շրջանում շատ ակտուալ էր դպրոցներում սենյակային ջերմաստիճանների ստուգումը: Մենք էլ կարծեցինք, թե գալիս են ստուգելու, նկարահանելու և հեռուստացույցով ցույց տալու, ինչպես Գյումրիի շատ դպրոցներ: Դե այդ կասկածանքն էլ սրտներում տնօրենն ու ուսուցիչները ասում էին.

-Երեխաներ, ինչի դասասենյակներում ցո՞ւրտ է, որ վերարկուներով եք նստել: Հանեք շուտ վերարկուներդ, թե չէ եկողը կմտածի` դպրոցը չի ջեռուցվում:
Մենք ծիծաղով վերաբերվեցինք այդ խուճապին: Ապա պարզվեց, որ բոլորովին այդ չէ նկարահանման թեման, պարզապես եկել էին նկարահանելու  «Հայաստանի Սիբիրը»: Դե քանի որ եկել էին դպրոց, պետք է խոսեին նաև աշակերտները: Մեր տնօրենը որպես «գրագետ  աղջիկ» ինձ առաջարկեց.
-Մեր Մարիամը` դպրոցի լավագույն աշակերտներից է…
-Լավ, որ այդպես է, հենց Մարիամից էլ հարցազրույց կվերցնենք,- ընդհատեց և միանգամից ավելացրեց լրագրողը:
-Մարիամ ջան, ուզո՞ւմ ես` մազիկներդ հավաքի,- նկատեց տնօրենը: Ես ծիծաղեցի: Դե, այդ  դիտողությունը հատուկ է բոլոր ուսուցիչներին, պարզապես ավելի կոպիտ ձևով:
-Չէ, թող չհավաքի, մազերը մեզ չեն խանգարի,- ասաց լրագրողը:
Եկավ խոսելու իմ հերթը: Ես խոսեցի, պատմեցի Ամասիայի, մեր զբաղմունքի, ապա իմ նպատակների մասին: Մի որոշ ժամանակ  բոլորս սպասում էինք  այդ հաղորդման հեռարձակմանը: Անցավ մեկ ամիս և ավելի, հանկարծ ես մի օր  համացանցում տեսա, որ այդ երեկո արդեն կհեռարձակվենք:
Հաղորդումը հեռարձակվեց: Արձագանքը մեծ եղավ: Հենց այդ երեկո համարյա բոլոր հարազատներս զանգահարեցին և ասացին, որ տեսել են, շնորհավորեցին: Համայնքում նույնպես «իմ հեռուստացույցում հայտնվելը» մեծ արձագանք ունեցավ: Իմ մայրիկի գործընկերներից մեկը նույնիսկ ասել էր.
-Աղջիկդ ապագա արդարադատության նախարարն է լինելու:
Նրանց այդ միտքը բխել էր իմ այն խոսքից, որ ես կրթություն ստանալուց հետո անպայման վերադառնալու եմ իմ համայնք, աշխատանք եմ գտնելու և օգնելու եմ իմ հայրենիքին: Ուսուցիչներից շատերը իմ խոսքն ընդունեցին որպես կեղծավորություն:
-Դե հա, իհարկե, տեսախցիկի դիմաց այդպես էլ ասելու էիր, թե չէ` հետ գաս, ի՞նչ անես:
Ես լռեցի: Համարյա ոչ ոք չգիտակցեց իմ խոսքերի լրջությունը:

Լուսանկարը՝ Մարիամ Հայրապետյանի

Լուսանկարը՝ Մարիամ Հայրապետյանի

Ես սիրում  եմ իմ հայրենիքը, իմ Ամասիան: Շատերն այն համարում են ճահիճ, հեռու մայրաքաղաքից, մեծ հնարավորություններից: Խուլ, ցուրտ տեղ են համարում շատերը, բայց  բոլորը չարաչար սխալվում են: Եթե չսիրենք այն տեղը, որտեղից եկել ենք, չենք հարմարվի երբևէ մեր ուզած բարեկեցիկ բնակավայրին, որովհետև չենք գիտակցի, որ դա հենց մեր հայրենիքն է:

Ձեզանից շատերը հիմա որևէ արտառոց բան չեք տեսնի իմ հայրենասիրության մեջ, կամ որ հարցազրույցի եմ մասնակցել, բայց ինձ նման հասարակ դեռահասի համար, որի ձգտումներն ու նպատակները դեռ ավելի են վեր սլանալու, հավատացեք, ամեն բան այդ մի փոքրիկ տեխնիկական սարքի մեջ հայտնվելով է ամեն ինչ սկսվում:

Զբաղվածություն

Լուսանկարը՝ Սոֆյա Աբրահամյանի

Լուսանկարը՝ Սոֆյա Աբրահամյանի

Ինձ համար գոյություն ունի երեք ռեժիմ՝ ամենազբաղված օրեր, երբ՝

ա. մեկից ավելի պարապմունք եմ ունենում,
բ. սովորական դպրոցական օրեր, երբ պարապմունք չեմ ունենում,
գ. հանգստյան օրեր, երբ փորձում եմ վայելել օրս:

Երևի զարմացաք այս բաժանումից, բայց հիմա կբացատրեմ: Սկսեմ կեսօրից, որպեսզի ձեզ ավելի հասկանալի լինի:

Տարբերակ Ա

Դասերը վերջանում են 15.30-ին, և ես դասընկերուհիներիս հետ զրույցի բռնվելով՝ հասնում եմ մայրիկի աշխատավայր: Ճանապարհին, ինչպես միշտ, հետևյալ հարցերն ենք քննարկվում.

-Էսօր քանի՞ դաս ունենք…
-Ա՜հ, գործնական ունենք գրելու…
-Բայց էսօր կենսաբի դասը հետաքրքիր էր…

Ու… Զրույցն ավարտվում է մեր բաժանման կետում, երբ գնում ենք տարբեր ուղղություններով:

Մտնելով մայրիկիս աշխատասենյակ, վերցնում եմ ինձ հասանելիք գումարը՝ այն գումարը, որով պետք է ինչ որ բան ուտեի` երկու պարապմունքի դիմանալու համար: Մտածում եմ… Կես ժամ ազատ եմ ու որոշում եմ զբաղվել այդ գործով… Հետո բատիկայի համար կտոր կգնեմ, էսքիզ կմտածեմ, հետո էլ գերմաներենի բառատետրը կկրկնեմ: Բայց, ինչպես միշտ, ժամանակը չի հերիքում, և ես շտապում եմ գերմաներենի պարապմունքի: Առաջին պարապմունքը վերջացնելուց հետո շնչակտուր հասնում եմ երկրորդին, որովհետև արդեն ուշացել էի: Դա բատիկայի ժամն է, որը շատ եմ սիրում : Բատիկան հանգստացնում է նյարդերս, և կարծես ազատվում եմ լարվածությունից: Այդ ժամին լսում եմ իմ սիրած երաժշտությունը և նկարում փափուկ կտորի վրա:

Դե, ի՞նչ… Նայում եմ ժամացույցին` 6 անց կես է, և ես ընկերուհուս` Նանեի հետ բարձրանում եմ տուն: Քայլելով տուն եմ հասնում 30 րոպեում:

Վերջապես հասնում եմ տուն՝ անշարժ պառկում եմ այնքան ժամանակ, մինչև լսում եմ.

-Սոֆյա՛, վեր կաց լվացվիր, փոխվիր, նստիր հաց ուտելու:

-Սոֆյա՛, քեզ հեռախոսով կանչում են:

-Գնա՛ կենդանիներին կերակրի՛ր՝ մեղք են, հետո էլ նստի՛ր դասերիդ, ժամը 7-ն ա:

Ես գնում եմ շանը, կատուներին կերակրելու, հետո հաց եմ ուտում, դասացուցակս եմ աչքի անցկացնում ու սկսում եմ դարակս փորփրել ՝ պետքական գրքերը գտնելու համար: Սովորում եմ, վերջացնում, նայում ժամացույցին` արդեն 10-ն է լինում: Ստիպված անցնում եմ պարապմունքներիս՝ գերմաներեն, անգլերեն, երկրաչափություն… Դրանք էլ`մի կերպ սովորելուց հետո պառկում եմ ու հանկարծ…

-Ա՜հ, էլի մոռացա… Ծառատունկի նկարը, քիմիայի պատի թերթը, աշակերտական խորհրդի ծաղիկը, 17.am-ի նյութը…

Բայց արդեն գիշերվա մեկն է , իսկ ես պետք է արթնանամ 8-ին` այս ձայնից.

-Սոֆյ՜ա, հազար անգամ ասացի, արդեն 8 անց քսան դարձավ, վե՛ր կաց:

Ես արթնանում եմ այն համոզմունքով, որ պետք է 5 րոպե ուշացումով դասարան մտնեմ ու տեսնեմ քիմիայի ուսուցչուհու տարօրինակ հայացքը, որից հետո դասը պատմեմ ու պատասխանեմ նրա հարցերին:

Տարբերակ Բ

Երբ պարապմունքներ չեմ ունենում, այսինքն, սովորական դպրոցական օրերին, գալիս եմ տուն, դաս սովորում, լրացուցիչ բաներով զբաղվում (նյութ գրում, նկարում, երգ բեռնում, շանս հետ ֆուտբոլ եմ խաղում) ու երեկոյան անպայման ֆիլմ եմ դիտում:

Տարբերակ Գ

Հանգստյան օրերին էլ `առավոտյան 9 անց կես, քնաթաթախ իջնում եմ անգլերենի պարապմունքի (պատկերացնո՞ւմ եք, ես շաբաթվա ոչ մի օր չեմ կարողանում լիարժեք քնել): Հետո կամավորականներից մեկի հետ պարապում եմ անգլերենի բանաստեղծության մրցույթի համար: Վերջացնելուց հետո, ընկերուհուս` Նոնայի հետ դուրս եմ գալիս զբոսնելու ու ֆոտոներ եմ անում: Վերջում` 17. 00-ին գնում եմ երկրաչափության պարապմունքի: Ինչպես միշտ տուն եմ վերադառնում երեկոյան ժամը 7-ին:

Սա էլ իմ զբաղվածության մասին: Ճիշտ է, ծանրաբեռնված եմ, բայց ես սիրում եմ ինչ-որ բան անել: Եվ նույնիսկ ազատ պահերին փորձում եմ մի հետաքրքիր բան մտածել:

Առաջին թարգմանությունը

Ընկերուհիներիցս մեկը իր լավագույն ընկերուհու համար գիրք էր թարգմանել ռուսերենից հայերեն, և այդ գիրքը հետաքրքրություն էր առաջացրել ոչ միայն մեր գյուղի` Մալիշկայի, այլև այլ տարածաշրջանների երիտասարդների շրջանում: Սվետլանան թարգմանել էր գիրքը, քանի որ Արփինեն՝ իր ընկերուհին, այնքան էլ լավ չէր տիրապետում ռուսերենին, բայց շատ էր ցանկանում կարդալ գիրքը: Արփինեն ստացավ գիրքը իր ծննդյան օրը, կարծում եմ լավ անակնկալ է եղել: 

Ստորև ներկայացնում եմ հարցազրույցները Սվետլանա Ստեփանյանի՝ գրքի թարգմանչուհու և նրա ընկերուհու՝ Արփինե Մնացականյանի հետ:

-Ես ընդհանրապես շատ եմ սիրում կարդալ: Սիրում եմ ժամանակակից գրականություն, բայց քանի որ հայերեն թարգմանած քիչ գրքեր կան, կարդում եմ ռուսերենով,- մեր զրույցի ընթացքում ասաց Սվետլանա Ստեփանյանը,- սակայն կան բոլորը չէ, որ բավականաչափ տիրապետում են օտար լեզուներին:

Մի անգամ իմ մտերիմ ընկերուհու հետ կիսվեցի կարդացածս վերջին գրքի տպավորություններով: Գիրքը կարդալուց հետո երկար ժամանակ չէի կարողանում մոռանալ նրա մասին, և Արփինեն նույնպես ցանկություն հայտնեց կարդալ այն: Բայց նա ռուսերենին այդքան լավ չէր տիրապետում: Հենց դա էլ դարձավ գրքի թարգմանության գլխավոր պատճառը:

-Արդյո՞ք գիտելիքներդ բավարա՞ր էին գիրքն ինքնուրույն թարգմանելու համար,- հարցրեցինք մենք:

-Քանի որ սա առաջին մեծածավալ ստեղծագործությունն էր, որ ես թարգմանում էի, օգնության կարիք ունենալու մտավախություն կար, բայց երբ սկսեցի թարգմանել, ամեն ինչ սահուն ու հարթ ընթացավ: Այնպես որ օգնության կարիք չունեցա: Ես գիրքը թարգմանել եմ ինքնուրույն, ինչքան էլ որ շատերի համար այդ փաստը անհավատալի է:

-Ե՞րբ Արփինեն ստացավ իր նվերը:

-Իր ծննդյան օրը:

-Ի՞նչ կարծիք ունես գրքի մասին:

-Ինչպես ցանկացած գիրք, այս գիրքը ևս ունի իր թե՛ լավ, թե՛ վատ կողմերը: Ես չեմ կարող ասել, որ այս գիրքը գրականության գլուխգործոցներից մեկն է: Նախ, քանի որ գրքի մեջ կան շատ անհամապատասխանություններ, որոնք ես նկատել եմ միայն թարգմանության ժամանակ: Կա անհարգալից բառապաշար, որը թարգմանելու ժամանակ բավականին մեծ խնդիր էր դառնում, սակայն ես ինչքան հնարավոր է, այդ հատվածները մեղմ եմ թարգմանել, կան բռնության տեսարաններ, որոնք կարող են շատ մեծ ազդեցություն ունենալ այն մարդկանց վրա, ում ներաշխարհը լիովին ձևավորված չէ: Չնայած գիրքը նախատեսված է 16 տարեկանից բարձր անձանց համար, պետք է հաշվի առնել այն փաստը, որ ընթերցողների մեծ մասը 12 տարեկանից բարձր անձինք են: Բայց այս ամենից զատ գիրքը շատ ուսուցողական է, այն չի քարոզում ինքնասպանության գաղափարը, այլ հակառակը, սովորեցնում է ապրել և գնահատել կյանքը՝  հաճույք ստանալով մանրուքներից:

-Միայն Արփինե՞ն կարող է կարդալ գիրքը:

-Սկզբում կար գրքի միայն մեկ՝ ձեռագիր տարբերակ: Ես չէի ցանկանում գիրքը որևէ տեղ հրապարակել, քանի որ մտածում էի, որ ոչ ոք չի կարդա, և որ թարգմանությունը որակյալ չէ: Սակայն երբ շատ մարդիկ իմացան գրքի մասին և ցանկացան կարդալ, բացվեց ֆեյսբուքյան էջ, որտեղ տեղադրվեց գիրքը: Այն կարճ ժամանակահատվածում հայտնի դարձավ և սիրվեց շատերի կողմից: Այժմ գիրքը հասանելի է online և offline տիրույթներում: Ես նաև ցանկանում եմ տպագրել գիրքը, և այժմ զբաղվում եմ տպագրման հարցերով:

Այս և նմանատիպ գրքերը օգնում են, որ անհատի աշխարհայացքը զարգանա, որ կյանքի այս կամ այն իրավիճակներում գտնի ճիշտ ելք և չհուսահատվի: Սակայն այնուամենայտիվ, միևնույն գիրքը կարող է կարդալ 10 հոգի, և յուրաքանչյուրը կհասկանա այն յուրովի:

-Պատրաստվո՞ւմ ես էլի գրքեր թարգմանել, ե՞րբ դրանք պատրաստ կլինեն կամ ե՞րբ կսկսես թարգմանության աշխատանքները:

-Այո, պատրաստվում եմ, շատ շուտով սկսելու եմ թարգմանել Ֆորման Գեյլի «Եթե ես մնամ» գիրքը: Ամռանը թարգմանությունը լիովին ավարտված կլինի:

-Ի՞նչ տվեց քեզ գրքի թարգմանությունը:

-Գրքի թարգմանությունը ինձ տվեց շատ մեծ փորձ: Մարդիկ, ովքեր քննադական մեկնաբանություններ էին թողում գրքի վերաբերյալ, օգնեցին ինձ ավելի կատարելագործել թարգմանությունը: Հիմնականում ինձ շատ քննադատեցին, որ թարգմանության մեջ շատ էին 18+ բառերի քանակը, բայց ես շատ լավ գիտեի, որ եթե նրանք կարդային բնօրինակը, կտեսնեին, որ իմ թարգմանության մեջ այդ բառերի ամենաչնչին քանակն է:

-Ինչպիսի՞ գրականություն խորհուրդ կտաս ընթերցել քո հասակակիցներին:

-Խորհուրդ կտամ կարդալ անդադար, ամենուրեք և միշտ: Կապ չունի, թե ինչ ոճի, ժանրի կամ տարիքի համար է գիրքը, կարդացեք այն, ինչ հոգեհարազատ է, և գրքերից միայն ու միայն լավ դասեր քաղեք:

Մենք նաև զրուցեցինք Սվետլանայի ընկերուհու` Արփինեի հետ, ում համար Սվետլանան թարգմանել էր գիրքը:

-Դուք Սվետլանայի հետ սովորում ես արդեն 11 տարի, բայց մտերմացել ես վերջին երեք տարում: Ի՞նչն էր պատճառը:

-Կոնկրետ պատճառ չեմ կարող նշել, քանի որ մենք մտերմացել ենք ժամանակի ընթացքում և մինչ օրս էլ շատ մտերիմ ենք, ինչպես հարազատ քույրեր:

Սվետլանան ունի հրաշալի բնավորություն և բարի հոգի: Չի սիրում կեղծավոր մարդկանց, խելացի է և միշտ դրական էներգիայով է լցված: Նպատակասլաց է, եթե իր առջև նպատակ է դնում՝ ապա անպայման հասնում է դրան: Սիրում է կարդալ գրքեր, երգել և դիտել ֆիլմեր: Կարող եմ ասել, որ մեր ճաշակները համընկնում են գրեթե բոլոր առումներով:

-Ամեն մարդ չէ որ իր ընկերոջ կամ ընկերուհու համար գիրք կթարգմաներ: Որքանո՞վ ես գնահատում այն, որ նա հենց քեզ համար է թարգմանել գիրքը:

-Ես շատ եմ գնահատում նրա աշխատանքը և հպարտանում եմ նրանով, քանի որ ինչպես դուք ասացիք, ամեն մարդ չէ, որ իր ընկերոջ կամ ընկերուհու համար գիրք կթարգմաներ: Դա ինձ համար շատ մեծ անակնկալ էր, քանի որ ես չգիտեի, որ նա թարգմանում է այդ գիրքը, որպեսզի նվիրի ինձ իմ ծննդյան օրվա առթիվ: Ես ուղղակի հիացած էի: Ամեն ինչ խառնվել էր իրար, և չհասկացա, թե այդ պահին ինչ կատարվեց ինձ հետ: Ես ուղղակի կարող եմ ասել, որ անչափ երջանիկ էի:

Զրույցը վարեցին Հասմիկ Գիվարգիզյանը և Գոհար Զաքարյանը

Մտքի թղթե ինքնաթիռները

Հիմա նոր եմ հասկանում, թե ինչու քչերի մոտ է ստացվում ստեղծագործել: Ես երևի այն միջանկյալ տեղ գրավող մարդկանցից եմ, որը և՛ կարողանում է, և՝ չէ:

Սկսեմ բացատրել:
Հանկարծ մի դեպք է պատահում  կամ մի փաստ, մի միտք շատ է տանջում, ստիպված հանձնում եմ թղթին, ու ստացվում է, որ գրում եմ: Դե, նաև մի քիչ գեղարվեստական համ ու հոտ եմ հաղորդում  թղթին, ու ստացվում է: Ու սա է հիմնական շարժառիթը: Չունեմ ոգեշնչում, շատ հաճախ՝ նույնիսկ շարժառիթ, դրա համար չի ստացվում մտքերս հավաքել: Եղել է պահ, երբ մեքենայով  երկար ճանապարհ եմ գնացել, հանկարծ անձրևել է, ականջակալներով երաժշտություն եմ լսել, ու նկատել եմ, թե ինչպես դանդաղորեն ապակիների վրա սկսել են անձրևի կաթիլներ կուտակվել: Կուտակված կաթիլներից շատերը, որոնք ավելի վերևում են գտնվել, բազմաթիվ փորձություններ հաղթահարելով  իջել են ապակու վրայից ու անհետացել: Մտածել եմ գրել այդ թեմայով. «Ու չկա էլ կաթիլը…»  վերնագրով: Բայց մինչև հասել եմ տուն, մտքերս ցրվել են հազարավոր ուղղություններով, ու չեմ գրել:
Մի անգամ էլ գազօջախն էի վառում, վերցրեցի լուցկու տուփը, բացեցի և տեսա, որ ընդամենը մեկ հատիկ է մնացել, մտածեցի, թե ի՞նչ կլինի, եթե հանկարծ այդ մի հատիկով չկարողանամ միանգամից վառել. պետք է գնամ նոր տուփ բերեմ ու վառեմ, իսկ այն մի հատիկի «կյանքի առաքելությունը»  պարզապես  կտապալվեր: Վառեցի այդ մի հատիկով գազօջախը և ուզում էի գրել «Երբ վառվում է լուցկու վերջին հատիկը…» վերնագրով, բայց մինչև ավարտեցի գործս, մոռացա իմ այդ մտադրության մասին:
Մի անգամ ել ուզեցի գրել իմ պատրաստած առաջին թխվածքի մասին: Գնացի գնեցի ամեն պարագա, սկսեցի պատրաստել: Բացել էի բաղադրատոմսերի գիրքը, ընտրել էի մի եռաշերտ  թխվածք ու արդեն մի շերտը պատրաստել էի, իսկ երկրորդ շերտի պատրաստման ժամանակ լույսերը անջատվեցին, և վառարանը անջատվեց: 2 ժամ շարունակ լույս չկար, իսկ ես վհատվեցի, դեն նետեցի չստացված շերտերը և իմ այդ մեկ շերտը զարդարեցի եռաշերտ թխվածքի համար նախատեսած  պարագաներով: Ստացվածից այնքան էլ գոհ չէի, բայց հարազատներս շատ քաջալերեցին ինձ, որ համեղ է ստացվել, ու ես ինձ առավել երջանիկ զգացի, այդ պահին ցանկություն ունեի գրել. «Երբ ոչինչ չի ստացվում, ու հանկարծ  ամեն ինչ ստացվում է…», բայց դուրս եկա բակ խաղալու:  Իմ մտքերը ամպերի պես բարձրացան ինձանից:
Սա մի քանի չստացված պատմություններ, որոնք եթե ստացվեին, հաստատ ամեն ինչ ավելի լավ կստացվեր, քան հիմա: Եթե հանկարծ քայլեմ փողոցով, այգում, կամ մի ուրիշ այլ վայրում (օրինակ, շքերթի ժամանակ շարքում կամ որևէ այլ կարևոր արարողության  ժամանակ) իմ ուշադրությունը գրավի մի հետաքրքիր նյութ, որին  լրագրողի աչքով կնայեմ, պետք է հենց այդ պահին, չգիտեմ որտեղից, միանգամից գտնեմ թուղթ և գրիչ, հարմար տեղավորվեմ ու սկսեմ գրել: Թե չէ` էլի կդառնան մտքերս թղթե ինքնաթիռներ ու կհեռանան ինձնից: Գուցե գնան մեկ ուրիշի մոտ, ով չի ալարի, գրի կառնի դրանք ու կդիտվի որպես յուրօրինակ մտածող:
Առակիս վերջում գրեմ եզրակացությունս. ձեր ինքնաթիռները պահեք ձեր օդանավակայաններում, պարզապես  գրեք այն, ինչը հարմար եք գտնում: Եթե իմ ծանոթներին կամ բարեկամներին հարցնեք, ես միշտ պայուսակով եմ, ու ոչ-ոք չգիտի պատճառը, թե ինչու: Կարծում եմ արդեն կռահեցիք:

mane m sargsyan

Առայժմ պարապում ենք

Անցյալ, ներկա, ապագա: Ընտրություն և մասնագիտություն: Աշխատանքի պահանջարկ և ցանկություն աշխատելու: Հարցեր, որոնք մեզ` ավարտականներիս տանջում են ամենից շատ: Հարցեր, որոնց պատասխանները մենք փորձում ենք գտնել մեր ծնողների խորհուրդների, ընկերների կարծիքների և երկրում տվյալ մասնագիտության պահանջարկի մեջ: Եվ վերջում «դասավորելով» ցանկությունները, երազանքները, անցնում ենք պարապելու «հաճելի» գործընթացին: Ընտրում ենք առարկան և անցնում գործի:

Մաթեմատիկա, ֆիզիկա, իսկ միգուցե կենսաբանություն, քիմիա, կամ թեկուզ` մաթեմատիկա, օտար լեզու… Այնքան բարդ է…Վերջապես որոշում ես: Եվ արդեն երկու-երեք տարի է, պարապում ես: Իսկ եթե վերջում աշխատանք չգտնե՞ս: Ստիպված կամ պետք է ուրիշ մասնագիտությամբ աշխատես, կամ էլ լքես երկիրդ: Սակայն չէ, դա լուծում չէ…

Հերթական քննարկումն է մաթեմատիկայի (երկրաչափության, հանրահաշվի) ժամանակ: Դաս, որը շատ հաճախ վեր է ածվում դասղեկի ժամի:

-Պետք է գրենք, թե ով ինչ միասնական քննություն պետք է տա,- ասաց դասղեկս, որպես կանոն բարևից հետո:

-Ես գրե՞մ,- հարցրեց մեր դասարանի ամենահումորով և կենսուրախ աղջիկներից մեկը…

Նա վերցրեց գրիչը և իմ օգնությամբ սկսեց գրել ըստ մատյանի հերթականության, թե ով որտեղ է ուզում ընդունվել, ինչ քննություն պետք է տա:

Այնքան տարբեր ընտրություններ ունեինք: Մեկը ուզում է Խամփերյան, մյուսը` բժշկականի ռազմականը, կամ բուժֆակը ունենք, նաև` ԵՊՀ-ի կիրառական մաթեմատիկա տարբերակը… Առայժմ պարապում ենք, շատ քիչ մնաց: Չենք մտածում դրանից այն կողմ, ընդունվել` սա առաջնայինն է, իսկ թե հետո ինչ կլինի, կմտածենք ընդունվելուց հետո: Մեզ հաջողություն և ոսկեգույն հորիզոններ…

Անելանելի երազներից մինչև մոդուլով սեր

Սենյակում, չգիտեմ ինչու, մութ է, ես էլ, չգիտեմ ինչու, պառկած եմ, բայց դա կապ չունի, ես պարզ նախադասությունները փոխակերպում եմ բարդի: Ես շատ կարևոր գործ եմ անում, շատ: Ինչ-որ զարթուցիչիս ձայնին նման ձայն է լսվում: Միայն թե ոչ հիմա, ախր ես փոխակերպումներ եմ անում, չի կարելի հիմա արթնանալ: Հինգ րոպեից, գոնե հինգ րոպեից, գոնե մի նախադասություն էլ գրեմ, նոր: Զարթուցիչս ձայնը չի կտրում: Ես ամուր զգում եմ գրիչը ձեռքերիս մեջ: Գրի՞չ, ձեռքերիս մե՞ջ, հիմա հաստատ բարձս կթանաքոտեմ: Զարթուցիչի ձայնը գնալով ուժեղանում է: Ի՞նչ գրիչ, ձեռքերիս մե՞ջ, անկողնու՞մ: Հա, էլի իմ աննորմալ երազներից էր: Լավ է արթնացա: Մի կերպ բացում եմ աչքերս, կամ հաճախ չեմ էլ բացում ու սողում եմ դեպի լոգարան: Կարևորը վեր կենալն է, արթնանալը` հետո: Պատրաստվում եմ ու գնում դեպի կանգառ, որ դպրոց գնամ: Երթուղայինում գարնանային հաճելի արևը ընկնում է վրաս, աչքերս նորից փակվում են: 

-Արագացրու, Մարիամ, արագացրու:

-Չէ, ես չգիտեմ պատասխանը: Իսկ գուցե հատույթը AC կողմո՞վ է անցնում:

-Ես չգիտեմ:

-Դու հիմա բաց կթողնես կանգառդ: Դու պետք է լուծես խնդիրը, թե չէ չես կարող իջնել:

Կանգառը մոտենում է: Ես պետք է լուծեմ տարածաչափական բարդ խնդիրը, թե չէ չեմ կարողանա իջնել: Տագնապը ուժեղանում է, և ես զգում եմ սրտիս զարկերը: Մտածիր, մտածիր, մտածիր, թե չէ հավերժ երթուղայինում կմնաս: Վախն ավելի է ուժեղանում ու վերջապես բացում եմ աչքերս:

-Կանգառում կկանգնեք:

Ինչ լավ է, որ իրականում երթուղայինի դռների վրա ծածկագիր չկա երկրաչափության խնդրի տեսքով: Լուծիր խնդիրը, թե չէ հավերժ քնած կմնաս, կամ երթուղայինի մեջ: Ինչ լավ է, որ սրանք ընդամենը իմ երազներն են, արդեն սովորական դարձած իմ հիմար երազները: Դպրոցի մոտ ինչ-որ կատվի հետևից եմ ընկնում ու գնում դասի:

-Էլի փիսոների հետևի՞ց էիր վազում,- հարցնում է ընկերուհիս:

-Հա,- պատասխանում եմ ես ու տեսնելով մշտական դեմքը` ինձնից ու իմ փիսոներից հոգնած, շարունակում եմ,- չէ, դու չես հասկանում: Իմ սերը փիսոների նկատմամբ բացարձակ ա, մոդուլով, հասկանու՞մ ես: Ես իրանց սիրում եմ առանց հպարտության, ուրիշ ոչ մի բան ես մոդուլով չեմ սիրում: Ես փիսոների հետևից վազում եմ իմ հպարտությունը մոռացած, ընդհանրապես ինձ մոռացած, հասկանու՞մ ես,- նկատելով, որ էլ ինձ ոչ ոք չի լսում, ձայնս կտրում եմ: Մոդուլով սեր, բան գտա ասելու:

Ուղղակի երևի մաթեմատիկան մի քիչ վրաս ազդել է: Արդեն կատակներս էլ են մոդուլով, մոդուլից դուրս են գալիս առանց հումորի զգացումի:

-Մարիամ, հասնու՞մ ես:

-Արմատ տասը րոպեից տանը կլինեմ:

«Արմատ տասը, շատ զվարճալի էր»,- ինքս ինձ ձեռ եմ առնում ամեն հիմար կատակից հետո: «Il vaut mieux երկխոսություններդ անգիր անես»: Ինքս ինձ ձեռ առնելու պատճառներից մեկն էլ վերջերս հայտնաբերած «շնորհս» է: Ես ոչինչ չեմ կարողանում անգիր անել: Նկատելով այս հատկությունս ուսուցիչներս տարբեր ռեակցիաներ տվեցին:

-Պետք էլ չի, շատ լավ, ամեն ինչ մտածելով կանես,- ասաց մաթեմիս դասախոսը:

-Ոչինչ, Մարիամ ջան, փորձիր կապել ինչ-որ բանի հետ, որ հիշես,- մխիթարեց ֆրանսերենի ուսուցչուհիս, որովհետև ֆրանսերենում պետք է գալիս ինչ-որ բաներ պարզապես հիշել: Ֆրանսերենը ուրիշ է:

-Թարգմանություն կանենք մինչև 40-ը,- հայտարարեց պարապմունքի վերջում ուսուցչուհիս:

-Բա՞ց միջակայք, թե՞ փակ,- հարցրի ես ու զարմացա, թե ինչու է ամբողջ խումբս ժպիտով ինձ նայում: -Նկատի ունեմ 40-ը ներառյա՞լ:

Իսկ հիմա այդ արտահայտությունը դարձել է մեր խմբի մշտական արտահայտություններից մեկը, բոլորն էլ արդեն այդպես են ասում` բաց միջակայք, կամ փակ…

Չգիտեմ ուղղանկյուն սեղանը փոքր հիմքի շուրջը պտտելիս ինչ պատկեր է ստացվում, բայց ինձ արդեն մի քիչ արձակուրդ է հարկավոր: