Լինել երիտասարդ խորագրի արխիվներ

anush mkrtchyan

Եվս մի «ախպեր»

Տարիները մերսեդեսի պես արագ  անցնում են՝ իրենց հետևից թողնելով մի մեծ փոշու ամպ: Մենք վազում ենք բռնելու բոլոր լավ պահերը, բայց միշտ չի, որ հասնում ենք:

Ես սովորություն ունեմ վազել մանկություն, որտեղ մնացել են իմ լավ ընկերները, ում  հետ մի ժամանակ «մեջմտնելոցի» էինք խաղում:

«Մեջմտնելոցու» վարպետներից մեկը Վարազդատն էր: Ես հասկանում էի, որ անչափ անհաջողակ եմ, երբ իմ բոլոր հարվածներից նա «պաս» էր բռնում: Նրան խաղից հանելը ամենաուրախալի փաստն էր:

Մեր թաղում հիմա խաղի վարպետներ չեն մնացել, որովհետև խաղացողներն էլ չեն մնում: Վավային հարցրի՝ գնում ես հա՞, ասաց՝ տանում են,Նուշ:

Չի վախենում, վստահ եմ, գիտեմ, որ չի վախենում: Կկարոտի, անպայման: Նորմալ է, բոլորն են կարոտում, բայց  ուրախ եմ, որ մի  «ախպեր» էլ է ավելանում զինվորների թվին: Բանակը, ուղղակի տերմին չի, բանակը Վավայի նման տղերքն են, որ մենակ կարոտից են վախենում:

Ախպեր ջան, ընկեր ջան:  Գիտեմ , որ խաղ չի, բայց ուզում եմ, որ խաղի նման վարպետ լինես, ու  թշնամիդ ինձ նման անհաջողակ լինի: Ուզում եմ, որ երկու տարի շարունակես խաղալ, ոնց որ միշտ ես խաղում: Շատ «պաս» կբռնես, պիտի բռնես, իրավունք չունես չբռնելու: Երկու տարուց հետ ես գալու, ինձ Անիչկա ասելու ու ներվերս ուտելու համար:  Հետ գալուցդ խմելու ենք իրար հետ, ես՝ կոլա, դու՝ լիմոնադ: Տես, հա, խոսք ես տվել:

Բարի ճամփա, ընկեր իմ: Ես վերջին «պասն» եմ տալիս, որ տանես հետդ ու հետ բերես: Ու հետ գաս:

gohar poghosyan

Լավ և վատ խորհուրդներ մեծերից

Երբ ես տասը տարեկան էի, ինձ նվիրեցին համակարգիչ: Իմ ուրախությանը չափ ու սահման չկար, կարծես աշխարհը իմը լիներ: Ես համակարգչի դիմաց մնում էի օրական մեկից երկու ժամ և չէի հոգնում: Հայրիկս ոչինչ չէր ասում, սակայն հետո սկսեց բարկանալ և ամեն անգամ ինձ ասում էր.

-Բավակա՛ն է համակարգչի դիմաց նստես, տեսողությունդ կվատանա: Ես քեզ ասել եմ, որ ընդամենը մեկ ժամ կարող ես խաղալ:

-Ոչինչ էլ չի լինի, հայրի՛կ, ամեն ինչ լավ կլինի,- անընդհատ կրկնում էի ես:

-Արագ անջատի՛ր համակարգիչը: Այնպես մի արա, որ ընդհանրապես համակարգչի երես չտեսնես:

-Է՜հ, լավ կանջատեմ:

Այս ամենից հետո ես նեղանում էի հայրիկիցս և փակվում սենյակում: Ու այսպես ամեն օր: Ես ժամանակի ընթացքում համակերպվեցի, որ պետք է մեկ ժամ մնամ համակարգչի դիմաց և այդպես ինձ ավելի լավ էի զգում:

Մի անգամ մայրիկս ինձ ուղարկեց հարևանուհու տուն, որպեսզի նրան փոխանցեմ ինչ-որ թղթեր: Երբ մտա նրանց տուն, նա բարկանում էր երեխայի վրա և չէր թողնում նրան բակ դուրս գալ՝ պատճառաբանելով, որ ցուրտ է:

-Դրսում ցուրտ է: Մնա տանը և համակարգչով խաղա որքան կուզես,- ասում էր նա:

-Բայց ինչո՞ւ եք նրան ստիպում մնալ տանը և համակարգչով խաղալ: Չէ՞ որ նա դեռ փոքր է. դա նրա համար վնասակար է,- բացատրում էի ես:

-Վնասակար չէ, թող խաղա, գոնե այդպես գլուխս մի փոքր կհանգստանա:

Այս դեպքից մեկ տարի անց վեցամյա երեխան սկսեց ակնոց կրել: Նա այնքան էր մնացել համակարգչի դիմաց, որ վատացել էր տեսողությունը:

Ես սկսեցի մեղադրել ինձ՝  հայրիկիս չլսելու համար և նրանից ներողություն խնդրեցի: Ես շնորհակալ եմ նրանից իր խստության համար: Եթե չլիներ նրա խստությունը, միգուցե ես նույնպես ունենայի տեսողության հետ խնդիրներ:

inesa soghoyan

Իմ ազատությունը

Երբևէ մտածե՞լ եք՝ ազա՞տ եք, թե՞ ոչ: Գուցե ազատ եք, բայց միևնույն ժամանակ՝ անազատ: Ես դեռ մեկ տարի առաջ հագնում էի այն, ինչ հագնում էին բոլորը, լսում էի հասարակության կարծիքը ու ապրում էի դրանով, աշխատում էի ամեն բան անել, որ դուր գամ շրջապատիս: Կարծում էի՝ ազատ եմ ապրում: Շուտով մտածեցի, որ այդպես ճիշտ չէ, հասկացա, որ այն, ինչ ես համարում էի ազատություն, ավելի շատ անազատություն էր`շրջապատից կախվածություն: Հասկացա ու փոխեցի այն, ինչ խանգարում էր ազատ ապրել:

Այժմ սիրում եմ այն, ինչ ուզում եմ, ազատ արտահայտում եմ զգացմունքներս, լսում եմ ինձ ու հաճելի երաժշտություն, հագնվում եմ այնպես, ինչպես ինձ է հարմար, այլ ոչ թե մտերիմներիս, լսում եմ հասարակության կարծիքն ու անտեսում:

Ես հասկացել եմ՝ կյանքը մի մեծ ավտոբուս է, որտեղ պետք է նստես, եթե չես ուզում հոգնել: Երբ հասնում ես վերջին կանգառին, պետք է իջնես, բայց պետք է գոհ լինես քո ընտրած տեղից: Դա քո կամքն էր, դու կարող էիր համառություն դրսևորել և գտնել քո տեղը:
Շատերս չենք հասկանում, թե ինչպես է մեր շրջապատը ստիպում ապրել իր կարծիքով և դարձնում մեզ անազատ: Ազատությունը հեքիաթ է, որը բոլորը պետք է լսեն ու հասկանան միայն ճիշտ ձևով: Իսկ ճիշտը մեր չափորոշիչներն են:

Խմբագրության կողմից. Հետաքրքիր է լսել նաև ձեր կարծիքը: Դուք ինչպես եք պատկերացնում ազատությունը: Գրեք մեզ:

Ani Ghulinyan

Խորհրդի նման մի բան

Բազմաթիվ թևավոր խոսքերի մեջ «Այսօրվա գործը վաղվան մի թող»-ը մեծերն ամենաշատն են սիրում: Դե մենք էլ, ինչպես միշտ ձգտելով հակառակվել նրանց, ցույց ենք տալիս, որ տարբերություն չկա ծրագրած գործը այսօր կամ վաղը կատարելու մեջ:
Ինձ հետ վերջերս մի դեպք պատահեց: Այն ճանապարհի եզրով, որով ամեն օր դպրոց եմ գնում, տների շարասյուն կա: Արևը դուրս է գալիս տների հակառակ կողմից, ստվեր գցելով այն ճանապարհի վրա, որով անցնում եմ: Բայց մի տեղ ցերեկային լուսատուի համառ շողերը ճեղքում են տների շարքը ու մի ծառի արանքից թափանցում դեպի ճանապարհ: Մինչև այս անհայտ տեսարանը ես նկատեցի հոկտեմբերյան մի օր, երբ դասի զանգից 2 րոպե էր մնացել: Դեռևս աշխատող տեսախցիկս էլ մոտս էր, մարտկոցը մինչև վերջին բիծը լցված: Բոլոր նպաստավոր պայմանները կային հաջողված լուսանկար անելու համար: Իսկ ես առանց ոչինչ անելու թողեցի ու հեռացա, պատճառաբանելով, որ դասից եմ ուշանում, բայց իրականում տեսախցիկը պայուսակից հանելու, մի քանի քայլ առաջ գնալու, նկարելու համար հարմար դիրք ընտրելու գիտակցումն էր, որ թռավ-հասավ մինչև հոգուս խորքերը, ուր ապրում է իմ ալարկոտ բնավորությունը: Բնավորություն, որը ես միշտ փորձում եմ խեղդել, ու ասեմ ստացվում է, բայց հենց զգոնությունս թուլացնում եմ, այն թափանցում է իմ բոլոր հյուսվածքների մեջ ու խանգարում է ուզածս բաները կատարել:
Դպրոցի ճանապարհին, իր ալարկոտությունը արդարացնել փորձող մարդու բնավորությամբ մտածում էի, որ վաղը կնկարեմ, որ վաղը նույնիսկ կարող է ավելի գեղեցիկ լինել, քան այսօր է: Հաջորդ օրը մոռացա տեսախցիկս, մյուս օրը մարտկոցն էր նստել, այնուհետև՝ շաբաթ-կիրակի, անձրև եկավ, ու հինգ օր արևածագը իննից հետո էր լինում, հետո ձյուն եկավ, իսկ իմ պատկերաացրած նկարում ձյուն չպիտի լիներ, հետո արձակուրդներ: Այս ընթացքում ձնագնդիկի հետ շփումից փչացավ տեսախցիկս: Էկրանի միայն մի մասն է երևում, պատկերն էլ աղավաղում է: Այս նկարի հետ կապված բոլոր հնարավոր անհաջողությունները եղան, որ ես համոզվեմ այդքան լսած, բայց երբեք բանի տեղ չդրած խոսքի իրավացիության մեջ` այսօրվա գործը վաղվան չեն թողնում:

vahe stepanyan

Երբ 17 տարեկան ես ու ոչնչի հավես չունես

Երբ 17 տարեկան ես ու ոչնչի հավես չունես, քո կյանքը հավանաբար իմինից ոչնչով չի տարբերվում: Երևի դու էլ ես իմ պես ապրում մի օրվա երազանքով. ուղղակի ավարտել գործերը ու ընկնել մահճակալի վրա: Կուզե՞ք մի քիչ պատմեմ:

Ուղղակի բացում եմ աչքերս: Ոչ ոք չի արթնացնում: Ուղղակի նայում եմ դարակի վրա դրված մանուշակին: Ոչ ոք չի ստիպում: Առանց անհրաժեշտության նստում եմ, հագնվում: Լոգարանում նայում եմ անքնությունից կարմրած աչքերիս: Բացում եմ սառը ջուրը: Մի հինգ րոպե նայում եմ հոսող ջրին՝ պատմելով բաներ, որ երբեք ոչ ոքի չեմ պատմի: Հետո լվացվում եմ այդ սառը ջրով ու գալիս նստում բազմոցին: Նայում եմ դիմացի պատին: Սպասում եմ , որ ուշանամ դասերից: Հետո պայուսակս գցում եմ ուսերս ու մենակ քայլում այն 2 կիլոմետրը, որը 12 տարի շարունակ համարյա ամեն օր քայլել եմ:

Մտնում եմ դպրոց: Էլի դատարկություն: Ցրտից անզգայացած ձեռքերով բռնում եմ ջեռուցման մարտկոցը մինչև մատներս այրվի: Բարձրանում եմ դասարան: Էլի դատարկություն: Չնայած մի 6 հոգի կան դասարանում: Մի 2-3ը ինչ-որ բան են քննարկում դասարանի անկյունում: Մնացածներն էլ ամեն մեկը մի գիրք վերցրած մի անկյունում նստել ու կարդում է: Ես քթիս տակ մի բան եմ ասում, որը ինքս էլ չեմ հասկանում ու նստում տեղս: Հետո համոզվելով, որ նորից իզուր եմ եկել դպրոց, գլուխս դնում եմ սեղանին ու մտածում այն բաների մասին , որոնք արդեն վաղուց էական չեն: Մի քանի ժամ: Հետո դուրս եմ գալիս այնպես, ինչպես մտել էի: Մի քանի րոպե կանգնում եմ կանգառում: Երբ գալիս է ավտոբուսը, սպասում եմ , որ բոլորը նստեն, հետո գնում ու նստում եմ ամենահետևում: Բոլորը այդտեղից երևում են: Նայում եմ մարդկանց ոտքերին: Հետո ձեռքերին: Պատահում է՝ նաև դեմքերին: Դուրս եմ պրծնում ավտոբուսից ու վազում տուն: Մտնում եմ ներս: Չեմ պատասխանում տատիկի հարցին, թե ինչի է շունչս կտրվում: Միացնում եմ հեռուստացույցը , որ մենակ չզգամ ինձ: Մի բան եմ ուտում ու հեռուստացույցի ալիքները փոխելով ընկնում եմ բազմոցին: Նստում եմ մի ժամ: Գուցե և ավել: Հետո էլի ուշացած վազում եմ կանգառ: Հասնում եմ ավտոբուսի հետ միասին: Էլի գնում եմ հետևը, որ ես բոլորին տեսնեմ, բայց ինձ՝ ոչ ոք: Տարօրինակ է: Ավտոբուսն էլ է փոխվում: Մի 7-8 հոգի հազիվ լինեն մեջը: 2-ն էլ հաջորդ կանգառում են նստում:
Իջնում եմ մեր փոքրիկ քաղաքի խաչմերուկներից մեկում, նայում աջ, հետո՝ ձախ ու գնում պարապմունքի: Ոչինչ չեմ լսում: Ոչինչ չեմ հասկանում: Դողում եմ կանգառում 5 րոպե: Նույնիսկ ժամը 6-ին ավտոբուսի մեջ լիքը նստելու տեղ կա: Նորից մեր կանգառը: Ու նորից վազում եմ տուն: Հետո 3 ժամ ինչ-որ անիմաստ բաների վրա եմ ծախսում: Մի ժամ տրամադրվում եմ, որ նստեմ պարապելու: Պարապում եմ: Նկարում: Անջատում լույսերը: Պառկում եմ: Ինչ-որ բան եմ կարդում, մինչև քնեմ հեռախոսը ձեռքիս: Եթե բախտս բերի՝ 4 ժամ: Եթե չէ… Ոչինչ. իմ քունը միևնույն է, չէր տանում:
Ու այսպես ամեն օր: Անցնում է իմ ձմեռը եղանակի պես սառը, մռայլ ու միանման…

Sose Zaqaryan

Պատմություն առաջին աշխատավարձի մասին

-Բարև Ձեզ, կներեք Ձեզ անհանգստացնելու համար, չորսամյա Մարիամին ենք օգնում, երեխային վերականգնողական բուժում է հարկավոր, մայրն է խնդրել։

Այսպես էր սկսվում իմ աշխատանքը։ Ինչպես հասկացաք կամ կռահեցիք․ ես աշխատում էի մի բարեգործական խմբագրությունում, որը այդ ժամանակ օգնում էր չորսամյա Մարիամին։ Զանգահարում էինք մարդկանց և օգնություն խնդրում․ կային մարդիկ, ովքեր մինչև վերջ լսում էին և չէին անջատում։ Կային մարդիկ, ովքեր օգնում էին։ Մարդիկ էլ կային, ովքեր շատ հարց էին տալիս, մեզ համարում խաբեբա, վիրավորում։ Դե պատկերացրեք, տարբեր մտածելակերպի, սեռի, մասնագիտության մարդիկ։ Ինչպես ասում են՝ ինչքան մարդ, այնքան բնավորություն ու մտածելակերպ։

Իմ աշխատանքը ինձ դուր էր գալիս։ Կստեմ եթե ասեմ, որ այն ինձ դուր չէր գալիս,  մանավանդ, երբ աշխատում ես քո կուրսեցիների հետ։ Մի անգամ էլ մի մարդ երեխայի մորը մեծ գումար փոխանցեց, որից ես լավ զգացի, դե մեծ գումարը հարաբերական է։ Երբեմն ծիծաղելի դեպքեր էին պատահում։ Լինում էր դեպքեր, երբ համարները կրկնվում էին։ Մի անգամ այդպիսի դեպք ինձ հետ կատարվեց։ Զանգեցի մի կնոջ, ով հրաժարվեց օգնել։ Սխալմամբ նորից զանգահարեցի, և այդ կինը մինչ կսկսեր բարկանալ, ես չկորցրեցի ինձ և ասացի, որ սոցհարցում ենք կատարում քաղաքացիների զբաղվածության մասին։

Հա, մոռացա նշեմ, որ հիմա էլ չեմ աշխատում։ Պատճառն այն չէ, որ դասերս չէի հասցնում, ընդհակառակը, ավելի պարտաճանաչ էի սովորում։

Մի քանի օր առաջ ստացա իմ առաջին աշխատավարձը։ Ամբողջը վատնել եմ եղբորս նվեր գնելու վրա։ Կարծում եմ, որ տեղին եմ ծախսել, այդպես չէ՞, և քանի որ Ամանորի նախաշեմ էր, ես եղբորս համար տոնածառի խաղալիքներ գնեցի, ամբողջ տոնածառը իմ գնած խաղալիքներով զարդարեցի: Բոլորս ուրախ էինք, ես էլ ներքուստ հրճվում էի, որ կարողացել եմ ուրախացնել ընտանիքիս։ Այս խաղալիքները դարձան իմ ամենասիրելի իրերը, չէ որ դրանք իմ աշխատանքի արգասիքն էին, և առաջին կուրսեցուս առաջին նվերը մայրաքաղաքից։

Մայրս պատմեց, որ առաջին աշխատավարձը քառասուն ռուբլի է եղել, ստացել է ու նվիրական մասունքի նման պահել դարակում, մտածել է, որ այդ փողերը տարբերվում են ուրիշ փողերից, և ափսոսել է օգտագործել։

Հետո էլ ավելացրեց, որ իր աշխատավարձով որոշել էր իր Սուրիկ հորեղբորը նվեր գնել և այդպես էլ որոշումը չիրականացրեց։

Ես ուրախացա, որ իմ որոշումը կարողացել էի կատարել: Ես ու քույրս որոշել էինք մեր աշխատավարձերով եղբորս նվերներ գնել, և ես կատարեցի իմ խոստումը։

Հիմա, երբ  գրում եմ այս տողերը, տոնածառի  լույսերի տակ փայլփլում են եղբորս նվիրական խաղալիքները, իսկը իր փոքրիկ աչուկների նման։

milena antonyan (aragacotn)

Լինել պատանի

Ես կարծում եմ, որ պատանեկությունը մարդու կյանքի ամենահետաքրքիր հատվածն է: Հենց այս ժամանակ է, որ իրար են խառնվում երգերն ու դեպքերը, գրքերն ու գիտելիքները, մտքերն ու հեքիաթները: Փորձությունների շարան է սկսվում: Մենք` պատանիներս, փորձում ենք ամեն ինչին նայել փիլիսոփայորեն: Մեզ թվում է, թե այնքան ենք լսել նույն արտահայտությունները ու տեսել ուրիշի սխալները, որ արդեն անգիր ենք արել կյանքի ճիշտն ու սխալը, բայց… Բայց հետո հասկանում ենք, որ կյանքում ճիշտն ու սխալը տարբեր են ամեն մեկիս համար: Ու մենք, որ մի պահ դարձել էինք իմաստուններ, ճանապարհի մեջտեղում զարմացած կանգ ենք առել ու հետ ենք նայում մանկությանը՝ այնպես կարոտով… Մտածում ենք. երևի այն ժամանակ լավ էր, երբ չկար կեղծիք, միայն անկեղծ ժպիտներ էին, անկեղծ ընկերություն, անկեղծ ու մանկական խաղ ու ոչ թե ճակատագրի խաղ, որը ստիպում է քեզ որոշել՝ թաքնվե՞լ, թե՞ փնտրել, ցատկե՞լ, թե՞ քարանալ:

Հենց այս տարիքում ենք գործում մեծ սխալներ ու խախտում կյանքի կարևոր թեորեմները: Բայց հենց այս տարիներն ենք հիշում փայլող ժպիտով, երբ արդեն ուշ է լինում խենթությունների համար: Երբ հասկանում ենք, որ սառել ենք ամեն ինչի հանդեպ: Որ առաջվա նման այլևս չենք ուզում վայրկենական պատասխանել ընկերուհու նամակին: Երբ ավելի հաճելի են մթությունն ու մենությունը, քան ամբոխն ու երաժշտությունը: Բայց ցանկանում եմ, որ բոլորն ունենան ուրախ ու հետաքրքիր, իրադարձություններով լի պատանեկան կյանք: Ժպտացե՛ք, ինչքան էլ դժվար թվա պահը: Ամեն ինչ կանցնի, ինչպես պատանեկան տարիները: Միայն հիշողությունն է մնայուն:

 

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ. Քանի որ դու ինքդ այդ տարիքում ես, մենք ավելի մեծ հետաքրքրությամբ կկարդանք այն նյութերը, որոնք պատանեկան տարիքից կոնկրետ դրվագներ են: Ինչպես եք ապրում, ինչպես եք լուծում բարդ խնդիրները, ինչն է ձեզ ավելի շատ հուզում, ի վերջո, ինչպես եք հասունանում: Դե ինչ, սպասում ենք ոչ միայն քո, այլ քո հասակակիցների հոդվածներին:

mariam grigoryan

Կարծես գտել եմ պատասխանը

Ես Մարիամ Գրիգորյանն եմ, սովորում եմ 11-րդ դասարանում: Արդեն ժամանակն է, որ ընտրեմ ապագա մասնագիտությունս: Ծնողներս անընդհատ հորդորում են վերջնական որոշում կայացնել, քանի որ տատանվում եմ մի քանի մասնագիտությունների շուրջ:

Հիշում եմ, երբ փոքր էի, ուզում էի ուսուցչուհի դառնալ միայն նրա համար, որ մատյանը լրացնեմ:

Ես շատ եմ սիրում օտար լեզուներ և շնորհակալ պիտի լինեմ մայրիկիս, որ նա շուտ է նկատել դա և ուսումս տարել է այդ ուղղությամբ: Մի երկու տարի առաջ որոշել էի, որ պիտի դառնամ լեզվաբան կամ թարգմանչուհի, սակայն 10-րդ դասարանում հայոց լեզվի դասընթացից անցնում էինք տեղեկատվական ժանրը: Որպես տնային առաջադրանք գրեցի ակնարկ, ռեպորտաժ, հարցազրույց և թղթակցություն: Հենց այդ ժամանակ ինձ սկսեց հետաքրքրել այդ ոլորտը:

Ես գիտեմ, որ ոչինչ հենց այնպես չի տրվում, դրա համար էլ պետք է ջանքեր թափել: Շատ եմ աշխատում այդ ուղղությամբ: Դիտում եմ հաղորդումներ, ընթերցում եմ ամսագրեր և ինչու չէ, նաև գեղարվեստական գրքեր, փորձում եմ սովորել և ամեն ինչից վերցնել առավելագույնը: Դա կարծես դարձել է նպատակ, և ամեն կերպ ձգտում եմ հասնել դրան:

Կարծես գտել եմ պատասխանը:

Angelina Karapetyan

Նոր մասնագիտությունս

Արդեն 14 տարեկան եմ և մինչ այս տարիքը, ցանկացած մասնագիտության հավանություն եմ տվել և անպայման ասել, որ շարունակելու եմ այդ ուղղությամբ: էլ իրավաբան, էլ թարգմանիչ, քաղաքագետ, տնտեսագետ, ուսուցչուհի, ասեմ ավելին, նույնիսկ ցանկանում էի դառնալ հացթուխ:

Կլինեմ անկեղծ ու կասեմ, որ ամենաչսիրելի մասնագիտություններս եղել են բժիշկն ու լրագրողը: Երբ ինչ-որ մեկին հարցնում էի, թե ինչ է դառնալու, և պատասխանը ստանում էի` լրագրող, միշտ ասում էի, որ լրագրողներից պետք է վախենալ: Խոսքերս հետ եմ վերցնում, ու այժմ բոլորին ես եմ համոզում, որ լրագրողի մասնագիտությունը լավագույնն է, և բացարձակապես վախենալու չէ, որովհետև ինքս էլ հիմա ցանկանում եմ դառնալ լրագրող և աշխատում եմ փորձառու լրագրողների հետ:

Հարազատներս գրեթե ամեն օր հետաքրքրվում են իմ մասնագիտական փոփոխություններով, և ասեմ` զարմանում, ամեն անգամ նույն պատասխանը լսելիս.

-Լրագրող եմ դառնալու,- հպարտ-հպարտ պատասխանում եմ ես:

Սկսվեցին փնթփնթոցները.

-Է, Անգել, ախր, ի՞նչ լրագրող:

-Նորմալ մասնագիտություն ընտրի, որ առաջ գնաս:

Փնթփնթոցներին հաջորդում է իմ «թարս հայացքը» և մայրիկիս խոսքերը, որոնք ինձ ուժ են տալիս.

-Անգելս ինչ կցանկանա`այն էլ կդառնա: Եթե լրագրող, ապա ի՞նչ խնդիր կա:

Այնժամ ժպտում եմ և սկսում:

-Եթե դուք էլ ունենայիք որոշակի հետաքրքրություն մեդիա ոլորտի հանդեպ, մասնակցեիք 17-ի դասընթացներին ու ճամբարին, խորացնեիք գիտելիքներդ կինոյի, լրագրության և ֆոտոլրագրության մեջ, ապա այդպես չէիք մտածի:

Լրագրողի մասնագիտությունն այնքան էլ հեշտ չէ, և լրագրող դառնալու համար անհրաժեշտ է պատրաստակամություն, կամքի ուժ, հետաքրքրասիրություն, որը կբացատրվի ուշադրությամբ` հուզող հարցերի, մարդկանց և դեպքերի նկատմամբ:

Իսկ ես շարունակելու եմ ակտիվորեն թղթակցել 17-ին, դառնալ լավ լրագրող, և բոլոր մարդկանց, ովքեր վատ են տրամադրված այդ մասնագիտության հանդեպ, ապացուցել հակառակը:

Այդ ժամանակ ես ինձ լիարժեք կզգամ, որ կարողացա կարծրատիպերը կոտրել և սեր առաջացնել լրագրության հանդեպ:

Ani avetisyan

Վերջապես կողմնորոշվել եմ

Մեկ-մեկ մտածում եմ, թե ինչպես եղավ, որ ընտրեցի ապագա մասնագիտությունս, ավելի ճիշտ՝ ինչպես կանգ առա այն մասնագիտության վրա, որ ավելի հարազատ էր ինձ: Ախր, մինչև վերջերս աշխարհիս երեսին եղած գրեթե բոլոր մասնագիտությունները ունենալու ցանկություն ունեցել եմ: Հիշում եմ, երբ փոքր էի, ամենից շատ ցանկանում էի եգչուհի կամ դերասանուհի դառնալ: Դե, փոքր էի, ուզում էի, որ ինձ էլ հեռուստացույցով ցույց տան: Հետո, երբ մինչ դպրոցական տարիքի հասնելս մայրիկիս համոզում էի, որ ինձ էլ իր հետ դպրոց տանի, սկսեցի սիրել ուսուցչի աշխատանքն ու երազում էի ուսուցիչ դառնալ: Բայց, երևի նույն, ուսուցչի ընտանիքում լինելու պատճառով, դպրոցական դառնալուց հետո, որքան հնարավոր է, հեռու էի մնում այդ մասին մտածելուց: Անկեղծ ասած, հիմա էլ:

Եկավ մի տարիք, որ ամբողջ հոգով ու սրտով տարված էի զինվորականի աշխատանքով, մտածում էի, որ հենց դա էլ իմ ճակատագիրը կլինի: Մյուս կողմից էլ, նույն տարում Ռազմական ուսումնական հաստատություններում աղջիկների ընդունելությունը թույլատրվեց: Ու ամենակարևորը՝ ՆԶՊ-իս ուսուցիչն ասում էր, որ զինվորական համազգեստն ինձ շատ է սազում: Էլ ինձ ի՞նչ էր պետք…

Բայց հետո հասկացա, որ դա այնքան էլ ինձ համար չէ, կամ գուցե ինձ համար է, բայց ես պատրաստ չեմ դրան:

10-11-րդ դասարանում, չգիտեմ թե ինչպես, սկսեցի պաշտել մինչև 9-րդ դասարանն ինձ համար անտանելի պատմություն առարկան, որոշեցի` դառնալու եմ պատմաբան կամ իրավաբան, դե, հաշվի առնելով, որ համալսարանում դրանք նույն մասնաշենքում էին: Բայց էլի ինչ-որ բան սխալ էր, ես իմ բնավորությամբ չէի կարող անվերջ նստել ու խորանալ թվերի մեջ կամ փաստեր անգիր անել: Պատմություն միշտ կսիրեմ, բայց նրան կյանքիս ուղեկից չեմ դարձնի:

Մոռացա, մի ժամանակ էլ տարված էի նաև ՏՏ ոլորտով ու հատկապես, տեղեկատվական անվտանգությամբ, չեմ թաքցնում, հիմա էլ չէի հրաժարվի այդ ուղղությամբ մասնագիտանալուց: Բայց, ինչ արած….

Հիմա արդեն 12-րդ դասարանում եմ ու, ի զարմանս ինձ՝ հստակ որոշել եմ, թե ինչ մասնագիտություն եմ ուզում ունենալ, բայց երևի հիմա էլ դուք կզարմանաք, եթե իմանաք, որ ապագա մասնագիտությունս թվարկածներից ոչ մեկն էլ չէ: Հա, ընտրել եմ լրագրողի մասնագիտությունը, որը թերևս ամենահամապատասախանն է ինձ ու իմ բնավորությանը:

Ինչևէ, իսկ դուք ինչ էլ ընտրելու լինեք, անպայման հարցրեք ձեր սրտին, որովհետև նրանից լավ ձեզ ոչ ոք չի հասկանա:

Հ.Գ. Իսկ ես այդպես էլ մյուս 12-րդ դասարանցի թղթակիցների նման երևի նյութ չգրեմ նախաքննական պարապմունքների, կրկնուսույցների ու այն «սարսափելի» շտեմարանների մասին. դե, ինքնուրույն եմ պարապում: