Մշակույթ խորագրի արխիվներ

susanna harutyunyan girq erkrord kiraki

«Երկրորդ կիրակին ներառյալ»

 «Մանանա» կենտրոնը և Հայաստանի պատանի թղթակիցների 17.am կայքը հայտարարել էին Սուսաննա Հարությունյանի «Երկրորդ կիրակին ներառյալ» պատմվածքների ժողովածուի վերաբերյալ անդրադարձների մրցույթ: Մենք ստացել ենք բազմաթիվ անդրադարձներ, և մինչ ժյուրին կհայտարարի արդյունքները, դուք նույնպես կարող եք կարդալ և որոշել հաղթողներին:

«Լուսնի մահվան օրը»

Միայն սիրտն է սրատես։ Ամենակարևորը աչքով չես տեսնի…                                                 Այս ստեղծագործությունը ևս միայն կարդալով չես հասկանա, այն պետք է զգալ, զգալ մտքով, հասկանալ սրտով, բացատրել բանականությամբ։ Մայրը դստերը պատմում է իր կյանքի պատմությունը։ Եվ ի՞նչ  է դա։ Ընդամենը գառ մորթել։ Ո’չ։ Ո’չ։ Մի բան հաստատ այն չէ։ Մարդու կյանքը չի կարող միայն գառ մորթելով եզրափակվել։ Գառ մորթելը միջոցն է ցույց տալու այն կյանքի ուղին, որով անցել է մայրը, ըստ երևույթին` Լուսինը։

Անցել է մի օր տխուր ժամանակ լույսով, մի օր ուրախ ժամանակ գիշերը, մի օր աղջիկն էր առողջ, մի օր բրոնխներն էին հիվանդ, մի օր թոքաբորբ էր. շատ նվազ երեխա էր, բայց մի բան անփոփոխ էր. միջոցը նույնն էր` գառը մորթվում էր։ Մի օր, օր, օր, ու եկավ այն օրը, երբ էլի գառ պիտի մորթվեր, բայց այս անգամ այդ օրը չէր մոռացվելու. երեխան հիվանդ էր, իսկ մոր ընկերուհին եկել էր իր տուն երեխաների  հետ, պետք էր դստերը բժշկի հասցնել, տանը մնաց մայրն ընկերուհու երեխաների հետ, իսկ երեխայի հայրը ընկերուհու հետ գնաց քաղաք` բժշկի։ Գալիս կանգ են առնում անտառի մոտ, իջնում են հայրն ու մոր ընկերուհին, երեխան ջերմում է, տառապում, վարորդը` հետը։ Գալիս են գյուղ, մայրն իմանում է, ընկերուհին լիրբ էր, բայց ինչպես ամեն տարի, այս տարի էլ բեռուբարձով է ճամփու դնում։

Ասում են` հիմար է եղել, իսկ ես կասեի` արժանապատիվ կին, դա լավագույն պատիժն էր, որ կարող էր տալ «ընկերուհուն»։                                                                                                                       Հենց այդ օրը մորթվեց այն անմեղ գառը։

Պատմության մեխը սա է։ Կարդում ես ու մի պահ չես հասկանում` մորթվեց կենդանի՞ն,  մա՞րդը, թե՞ մարդկայինը։ Բայց այստեղ ակնհայտ է դառնում` մորթվեց Լուսինը։ Բայց չմորթվեց մարդկայինը։ Մայրը ներում էր, ներում էր օր օրի սիրուհիների թիվն ավելացնող ամուսնուն (մեկի եղբոր հետ էր խաբար անում, մեկի մարդու ականջին էր հասցնում, մի օր էլ մեկին տեսավ ու քիչ էր մնում ցեխաջրի մեջ խեղդեր), ներում էր ընկերուհուն  իր ամուսնու հետ դավաճանելու համար, ներում էր ու հաշտվում։ Հաշտվում էր` ցավուդարդը հանելով, ցավուդարդը հանում էր մորթելով, գառ մորթելով, բայց այս անգամ գառին էր խղճում։ Մի «գառ» էլ ինքն էր կյանքում. ինքն էլ էր տառապել, բայց ինչպես գառը անմեղ էր, չէ՞:

Հա անմեղ էր, չնայած որ, ոչ ոք անմեղ չէ, դե բացի գառներից։ Բայց  կյանքում կան մարդիկ, որոնք անմեղ են, գոնե տվյալ իրավիճակում, գոնե այդ պահին։ Նրանցից մեկն էլ  Մայրն էր, որը մորթեց գառանը, բայց մեղավոր իրեն զգաց, այնպես արեց, որ արյունն էլ երեխաները չտեսնեն. արյուն ենք թափում, բայց չենք ուզում, որ տեսնեն, ինչո՞ւ։ Երևի խիղճն է, այստեղ խոսեց խիղճը, բայց ո՞ւմ նկատմամբ ունեցած խիղճը. ինքներս մե՞ր, դիմացինի՞, թե՞ նրա հարազատների, գուցե հենց նրա, ում արյունը թափվեց։ Խեղճը գա՞ռն էր, թե՞ գառ մորթողը։ Խեղճը Լուսինն էր։

Բայց մորթելն էլ էր ինքնաարտահայտվելու, բարկությունը թոթափելու ձև։                     Մայրը  գիտեր,  որ գառն անմեղ է, դրա համար էլ չէր տանջում. թուրքի պես մորթեց։ Գառին մորթում էր այնպես, ինչպես իրեն ցավ պատճառողին։ Ու էլ էդ մարդու նկատմամբ քեն չէր պահում. արդեն «մորթել» էր։ Այստեղ գառների մորթելը խորհրդանշում է մոր կրած ցավն ու ապրած դառնությունները։

Մոր ջահելությունից մինչեւ ծերություն գառ մորթվեց` տարվա բոլոր եղանակներին, օրվա տարբեր ժամերի ու  տարբեր պարագաներում։ Խղճում էր գառանը։ Խիղճը դեռ տանջում էր, բայց խղճի մասին խոսք լինել չէր կարող. գառը պիտի մորթվեր։

Ամեն թափված կաթիլ արյուն մի վիշտ էր, մի բեռուբարձ,  մի դավաճանություն, մի սփոփանք ու մի Լուսին, մի Լուսնի մահվան օր։ Մարդիկ այս պատմվածքը կարդալով փոխվեցին, իրոք փոխվեցին, երեք-չորս էջ է, բայց հասկանալ է պետք, գրավեց վերնագիրը, սպասեցի, որ հերթը հասնի լուսնին, բայց իբր չհասավ, մի քիչ ավելի ուշադիր լինելով գտա լուսնին, բայց նա արդեն մորթվել էր։

susanna harutyunyan girq erkrord kiraki

«Երկրորդ կիրակին ներառյալ»

«Մանանա» կենտրոնը և Հայաստանի պատանի թղթակիցների 17.am կայքը հայտարարել էին Սուսաննա Հարությունյանի «Երկրորդ կիրակին ներառյալ» պատմվածքների ժողովածուի վերաբերյալ անդրադարձների մրցույթ: Մենք ստացել ենք բազմաթիվ անդրադարձներ, և մինչ ժյուրին կհայտարարի արդյունքները, դուք նույնպես կարող եք կարդալ և որոշել հաղթողներին:

Արգո, ես երրորդ հարկի տղան եմ, որ հավատում է քեզ, հավատում  գյուղական քո եռահարկ  տան գոյությանը, թեև  չգիտեմ տեղը քարտեզի վրա։

Արգո, քեզ համար հաց պահող ու անվերջ քեզ սպասող  կինն եմ ես, որի հացը թեև մամռակալած է ու չոր, բայց պահված է միմիայն քեզ համար։

Արգո, ես  այն խոզատերն եմ, որն ամեն կերպ ջանում է քո բաժին հացը խոզերին բաժին հանել։

Արգո, ոստիկանն եմ ես՝ ուղն ու ծուծով, կարգին ոստիկանը ու  ամեն կերպ ջանում եմ գտնել քեզ, թեկուզև անշնչացած։

Ի՞նչ , Արգո, հիմա ո՞վ եմ ես․ հա, մի զարմացիր, ես քեզ նման չեմ։

Արգո, Արգո, դու ամենքի մեջ ապրող վերադարձի  հույս։ Դու կարող ես անսպասելիորեն լքել մեզ՝ վերադարձի ոչ մի շող անգամ չթողնելով։ Բայց մեր մեջ ապրող երրորդ հարկի տղան միշտ քեզ հետ է  ու հավատում է, հավատում քո հեքիաթներին, քո եռահարկ հույսի գոյությանը, քո վերադարձին։

Արգո, մեր Եռահարկ հույսի տանտեր, մեր անմար հավատ,  դու կարող ես քարշ տալ քո գոյությունը մի կտոր չոր հացով ու թերմացքով և շարունակել  վստահորեն  նայել երկինք, քեզ հետ տանել քեզ հավատացողներին։

Արգո, մեր մեջ ապրող կինը միշտ հաց պիտի ունենա պահած  քեզ համար, որ  հուսը  չմեռնի, որ հույսի եռահարկ տան օճորքը չփլվի  հանկարծ․․․

Արգո, ոչինչ  չունենք պահանջելու քեզնից, ի՞նչ երեսով․ կարևորը գիտենք, որ դու կաս, ապրում ես  մեր կողքին, մեր տված չոր հացով ու հին ճաշով․ ինչ փույթ, թե դու  երբեմն լքում ես մեզ, բայց կարևորը,  որ մենք շարունակում ենք հավատալ քո վերադարձին ու գոյությանը և մեր հավատ չորահացը  դեռ պահում ենք մեզ մոտ, պահում փայփայանքով՝ սալի տեղակ չոր,  մամռած  հացն ենք նախընտրում, թեկուզ և մամռած, թեկուզ և չորացած հացը հաց է մնում՝ հույս ծնող,  հույս ամբարող, իսկ սալը, չէ,  խոզատեր, սալդ չի ուտվի առանց հացի․․․․․

Արգո, մեր հույս, մեր հոգու նկուղում դու միշտ կաս,  ու մենք միշտ քեզ համար սնունդ ունենք պահած։ Հետո ի՞նչ, որ երբեմն դուռդ փակում ես մեր առջև, երբեմն լքում  մեզ, կամ գուցե մենք ուժգին չենք բախում դուռդ, կամ երկարորեն քեզ մոռացության, սովի մատնելուց հետո  դու անզոր, ուժասպառ ես դառնում ձայնելու մեզ։

Արգո, Արգո, չլինի՞ հանկարծ դու մեզ լքես․․․ Բա մեր հույսի ձի՞ն, մեր հրեղեն ձին ինչպե՞ս մեզ տանի բերկրության արահետ, որ թևածենք կապանքներից ազատ․․․

Արգո, երբեմն կորցնում ենք քո հասցեն ու մնում շվարած, բայց երրորդ հարկի տղան շարունակում է, շարունակում հավատալ  քեզ, հավատալ, որ կաս, որ դու ճոխացնում, ոսկեզօծում  ես քո եռահարկ տունը,  իսկ ահա «ամենանգետ» մոլորյալ  ոստիկանը խաղատներում է փնտրում քեզ, ուր դու երբևէ ոտք չես դրել, փնտրում է քո դիակը․ ծիծաղելի է՝ քո դիակը․․․ Արգո, մեր հույսի տուն, ոչ մի խուզարկու աչք չի կարող  գտնել քեզ, երբևէ  չի կարող քեզ մեռած տեսնել։

Արգո, ինչքան քիչ բան է պետք քեզ լինելու համար և ապրեցնելու համար, մեր մշտանորոգ հույս։

Իմ մանուկ Արգամ, դու իմ վերադարձի հույսն ես՝ կապույտի մեջ սավառնող։ Ինչպե՞ս կարող եմ ապրել առանց քեզ այս փոքրիկ երկրում։

susanna harutyunyan girq erkrord kiraki

«Երկրորդ կիրակին ներառյալ»

«Մանանա» կենտրոնը և Հայաստանի պատանի թղթակիցների 17.am կայքը հայտարարել էին Սուսաննա Հարությունյանի «Երկրորդ կիրակին ներառյալ» պատմվածքների ժողովածուի վերաբերյալ անդրադարձների մրցույթ: Մենք ստացել ենք բազմաթիվ անդրադարձներ, և մինչ ժյուրին կհայտարարի արդյունքները, դուք նույնպես կարող եք կարդալ և որոշել հաղթողներին:

ANusharakelyan Պատմություն այն մասին, թե ինչու անհետացավ Արգոն, ինչպես լինում էր ամեն տարի, ու ինչպիսի մեկնաբանություններ էին անում հարևանները՝ առանց ճշգրիտ տեղեկություններ իմանալու: Թերևս շատերի համար ծանոթ պատմություն է. լինում է, չէ՞, երբ չգիտես իրականում ինչ է տեղի ունեցել, բայց այնքան «հավաստի» փաստեր են ի հայտ գալիս, որ ակամայից խճճվում ես: Կյանք է, պատահում է և կպատահի, ոչ ոք ոչնչից չի կարող խուսափել:

«Ոստիկանները դիակը դեռ չէին հայտնաբերել ու շենքի ժողովրդին էին խոսեցնում հետքի վրա ընկնելու համար»: Իհարկե, առաջին հերթին մտածում են վատի մասին. մարդը երկրորդ կիրակին արդեն ներառյալ անհետացել է: Դե, ինչքան էլ հարևանի փոքրիկ տղան ասում էր, թե գնացել է երեքհարկանի տունը վերանորոգելու, ո՞վ պիտի հավատար, բնականաբար, ոչ ոք: Ինչպես՞ կարող էր նրա նման անձնավորությունը այդպիսի տուն ունենալ: Բայց ո՞վ գիտի, միգուցե իսկապես ունի, միգուցե չունի…

Հիմա հասկանանք, թե ով է Արգոն, ի դեպ, լրիվ անունը Արգամ է: Ապրում էր մենակ, օգնում էր բոլորին, կրթություն չէր ստացել, բայց ուներ որոշակի գիտելիքներ, լավ էր հասկանում կենցաղային հարցերից, մեկ-մեկ էլ փիլիսոփայում էր: Մի խոսքով, Արգոն այն մարդկանցից էր, որը ոչ մեկին չէր խանգարում, ոչինչ չէր պահանջում, բայց որի կյանքը չափազանց մեծ հետաքրքրություն էր առաջացնում շատերի մոտ:

Փորձառու ոստիականը, որը պետությունից բազում պարգևներ ունի ստացած, չէր կարողանում գտնել «էդ քնձռոտ Արգոյին»: Չէ՞ որ նա երեք օրում էր կարևոր բացահայտումներ անում, իսկ հիմա չի կարողանում գտնել նրան: Ու սկսում է անել ենթադրություններ՝ հիվանդ է, մարդասպան կամ էլ այլասերվածի մեկը: Իսկ կանանց միակ հոգսը չորացած հացն էր, ափսոս է, չփչանա հանկարծ: Ոստիկանի հարցերին նրանք պատասխանում էին, թե ուրիշ տղամարդ է, ինչ իմանան, թե ուր է գնում-գալիս: Ամեն ինչ գիտեն Արգոյի մասին, բացի այն փաստից, թե ու՞ր էր ամեն տարի անհետանում:

Մի քանի օր անց Արգոն վերջապես հայտնվում է: Ոչինչ չէր փոխվել, մնացել էր նույնը, թեկուզ երևում էր, որ այս անգամ ավելի շատ էր հոգնել: Ոստիկանի ու մնացածի հարցերին պատասխանում էր, թե գնացել էր իր տունը կարգի գցելու: Բայց ո՛չ լսում էին, ո՛չ էլ հավատում: Այս պարագայում, չգիտես էլ, թե ում կողքին կանգնես: Մի բան է ակնհայտ. ամեն մեկն ունի իրավունք տնօրինելու իր կյանքն այնպես, ինչպես ցանկանում է՝ չխանգարելով ու չվնասելով ոչ ոքի: Բնական երևույթ է նաև այն, որ ոմանք հետաքրքրությունից, ոմանք անհանգստությունից դրդված փորձում են խառնվել ու ինչ-որ չափով օգուտ տալ, սա էլ բնական երևույթ է, բայց ինչպես ասում են՝ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ:

Այսպիսով, ունենք պատմություն մի հերոսի ու նրա շուրջը պտտվող իրադարձությունների մասին: Այս անգամ ավելի շատ ժամանակով անհետացած, ավելի շատ բոլորին իրար խառնած մի պատմություն: Հայտնվեց Արգոն, կենցաղային հարցերը լուծվեցին, ամեն մեկը գնաց իր գործին: Սա, իմ կարծիքով, պատմության մի մասն է միայն:

Արգոն երբեմն փիլիսոփայում էր: Այն հարցին, թե մի քիչ էլ ապրիր, այդքան մի չարչարվիր, նա պատասխանում էր՝ «Հայերը չունեն քավարան, նրանց քավարանը համատեղվում ա կյանքի հետ»: Հայը այդպիսինն է: Ամբողջ կյանքի ընթացքում չարչարվում է, տառապում, գործած ու չգործած մեղքերի համար պատասխան տալիս: Նույնիսկ շատ ժամանակ իրեն հարց էլ չի տալիս, թե ինչու՞ է այդպես: Լինում է նաև, երբ ընդվզում է, դեմ գնում ճակատագրին, բայց շարունակում կատարել իր առջև դրված պարտականությունները, պահանջները, ու նորից մոռանում սեփական իրավունքների մասին: Հերթը կհասնի՞ արդյոք ապրելուն, դրա համար մտածելու ժամանակ չկա: Գործած ու չգործած մեղքերը քավելու համար էլ ժամանակ է լինելու, բայց ո՞վ է ուշադրություն դարձնում դրան. շատ քչերը: Տառապել ու չարչարվել՝ մոռանալով ապրելու մասին. այս է իրականությունը:

Սրան զուգահեռ ունենք նաև Արգոյի հետևյալ միտքը. «Բայց ո՞նց կլինի,- չէր հասկանում Արգոն,- ո՞նց կարելի ա ապրել առանց վերադարձի հույսի… Անհնարա ա առանց վերադարձի… Լավ ա էստեղ տուն չունենամ, բայց վերադառնալու տեղ ունենամ: Թե չէ` ո՞նց կլինի… Բա մարդ կապրի՞ առանց վերադարձի հույսի…»:  Երբ ասում էին, թե վաճառիր տունդ, նա այդպես էր պատասխանում: Արգոն ամեն տարի անհետանում էր ու հայտնվում, նա միշտ վստահ էր, որ վերադառնալու տեղ ունի, այդ հույսը երբեք չէր լքում նրան: Եթե վերադառնալու այդ հույսը չլիներ, միգուցե նա ընդմիշտ անհետանար: Ո՞վ գիտի, ոչ ոք:

Հույսը այդպիսինն է: Ուղղակի չենք կարող ապրել առանց դրա: Բնավ էլ նշանակություն չունի, թե վերադառնալու, ապրելու, արարելու, առաջ գնալու հույս ենք փայփայում: Կարևորը այն կա, այն միշտ պիտի մեզ հետ լինի, մինչև վերջին վայրկյանը: Արգոն էլ միշտ հույսը սրտում էր ապրում, վերադառնալու ու կիսատ գործը շարունակելու հույսով:

Պատմվածքում ներկայացված են մի շարք երևույթներ՝ մարդկանց կենցաղը, նրանց ներաշխարհն ու հոգեկան ապրումները, կյանքի մասին ամեն մեկի դատողությունները, տարբեր իրավիճակներից դուրս գալու ու ենթադրություններ անելու նմանություններն ու տարբերությունները:

Պատմությունն սկսվում է Արգոյի անհետացման լուրից, վերջանում Արգոյի միշտ վերադառնալու հույսով: Ըստ այդմ, այդպես էլ հստակ չիմացանք անհետանալու բուն պատճառը: Բոլորն էլ գիտեն, որ ամեն տարի նա միշտ անհետանում է, միաժամանակ չգիտեն, թե այս անգամ ինչպես կավարտվի պատմությունը: Միայն մեկ մարդ գիտի, և դա Արգոն է:

Պատմությունը գրված է այնպիսի ոճով ու լեզվով, որ այն ավելի պատկերավոր է դարձնում: Կարդալու ընթացքում այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե դու ինքն ներկա ես եղել, զրուցել ես բոլորի հետ, մի տեղ նաև անհանգստացել ես, թե երկրորդ կիրակին ներառյալ ու՞ր կորավ մեր պատմության հերոսը, ինչպե՞ս օգնել բազմափորձ ոստիկանին գտնել նրան…

Ցանկացած պատմության հիմքում միշտ ՄԱՐԴՆ է: Հարուստ, աղքատ, կիրթ, անկիրթ, դաստիարակված, անդաստիարակ, բարի, չար, բարձրահասակ, ցածրահասակ. սրանք երկրորդական նշանակություն ունեն: Ինձ համար ամենագլխավորը, թե տարբեր պարագաներում նրանք ինչպե՞ս են իրենց դրսևորում, ի՞նչ լուծումներ ու հնարներ են գտնում: Փորձում եմ նաև ինձ պատկերացնել նրանց փոխարեն, ես ինչպե՞ս կվարվեի, եթե այդ իրավիճակում հայտնվեի: Միգուցե լավը դառնա վատ, վատը` լավ, կամ էլ մնան նույնը: Ամեն դեպքում, հետաքրքրական է իրադարձություններին հետևելը և հետևություններ անելը: Իսկ այս պարագայում մինչև վերջ լարվածությունը կար, թե այս անգամ ի՞նչ կլինի. արդեն իմացանք: Նա, ով գնում է, միշտ էլ վերադառնում է, եթե հույսը միշտ կողքին պահած ունի:

Այսպիսով, մի փոքրիկ պատմության մեջ կարող ես գտնել քեզ հուզող բազում հարցերի պատասխաններ, բացահայտել նոր իրավիճակներ, տողատակերի տակ գտնել թաքնված խորհուրդ ու պատգամ, յուրաքանչյուրի արածի ու ասածի մասին նայել այլ տեսանկյունից, չլինել միայն քննադատող ու ամեն ինչին հակադրվող: Այս ամենից ձևավորվում է տեսակետ, որը օգնում է հետևություններ ու համեմատություններ անել ուրիշ ստեղծագործություններ ընթերցելիս:

susanna harutyunyan girq erkrord kiraki

«Երկրորդ կիրակին ներառյալ»

 «Մանանա» կենտրոնը և Հայաստանի պատանի թղթակիցների 17.am կայքը հայտարարել էին Սուսաննա Հարությունյանի «Երկրորդ կիրակին ներառյալ» պատմվածքների ժողովածուի վերաբերյալ անդրադարձների մրցույթ: Մենք ստացել ենք բազմաթիվ անդրադարձներ, և մինչ ժյուրին կհայտարարի արդյունքները, դուք նույնպես կարող եք կարդալ և որոշել հաղթողներին: 

mariam tonoyan

Բացեցի գիրքը, ու իրականությունը շուրջս թափվեց, որ այնքա՜ն ծանոթ էր ինձ, բայց  միաժամանակ դժվարընդունելի։ Պատմվածքների այս ժողովածուն ծովի էր նման. խորը ու փոթորկուն, երբեմն հայելահարթ, երբեմն ալեկոծ… Սկզբում միշտ ամեն տող պարզ է, ամեն բան իր բնականոն, բայցև դեռ ամբողջովին չբացահայտված ընթացքի մեջ է, բայց եթե մի փոքր էլ լողաս, հաղթահարես պարբերությունները, կնկատես, որ ավազը  սղում, գնում է ոտքերիդ տակից, դու արդեն ծովի խորքերում ես ու խորտակվում ես իրականության անսպասելի ալիքների մեջ։

Երբ կարդում ես այն մասին, ինչին հաճախ ականատես ես եղել, ինչը դու արդեն գիտես, բայց որի մասին երբեք խորապես չես մտածել ու իրերի միակողմանի տեսակետով բավարարվել ես, սկսում ես այլընտրանքներ քննել, ճանաչել նախ քեզ ու քո տեսակետը, ապա քոնին ավելացնելով հեղինակի դիտարկումը՝ զգալ, որ հասունանում է աշխարհընկալումդ։

Պատմվածքների հերոսները հայեր են՝ իրենց նիստուկացով, քաղցրահունչ բառապաշարով, հայկական համընդհանուր հոգսերով ու մտքերով. «Հայերը չունեն քավարան, նրանց քավարանը համատեղվում ա կյանքի հետ»։

Հայկական քավարանում էր ապրում նաև «Երկրորդ կիրակին ներառյալ» պատմվածքի գլխավոր հերոսը՝ Արգոն։

Դեպքերի զարգացումը սկսվում է նկուղի դռան առջև հավաքված մարդկանց՝ խոզատիրոջ ու Արգոյի հարևան կանանց վեճից։ Խոզատերը համոզում էր հարևաններին, որ իրեն տան հավաքած, նամշած հացը, և ինքը փոխարենը սալ կտա նրանց, բայց, չնայած առջևում ձմեռ է, և սալ պետք է, հարևանները պնդում են, որ Արգոյին պետք կգա. «թրջում է, վառարանի վրա տաքացնում, ուտում»։

Արգոն ապրում էր հարևանի նկուղում, ճգնավորի նման. չէր ծխում, չէր խմում, իր հաշվին ո՛չ ուտում էր, ո՛չ հագնվում, խալի ու պատուհան լվանալով փող էր վաստակում, հարևանների երեխաներին օգնում էր փողոցն անփորձանք անցնել, տանում էր դպրոց, տուն էր բերում։ Պարապ ժամանակ երեխաներին կանչում էր, զրուցում, հարցեր տալիս։ Կրթություն չուներ, բայց որոշ բաներ գիտեր Աստվածաշնչից, հեքիաթներից, նույնիսկ քիմիայից։ Հարևանների հին ճաշերի մեջ սոդա էր լցնում, եռացնում, ուտում, որպեսզի փող խնայի։

-Վատ բանի ընդունակ չի,- ասում էին հարևանները։

Կանայք անընդմեջ թակում են նկուղի դուռը, բայց արդեն մեկ շաբաթ է՝ Արգոն չկա ու չկա։ Խոզատերը ամեն օր գալիս, հնացած հացը չստանալով, դժգոհ հեռանում է։ Ափսոս էր՝ երկու պարկ չոր հացը անտեր թողնելը, բայց հարևան տիկնայք անդրդվելի հավատարմությամբ սպասում էին Արգոյի վերադարձին։

Բարյացկամ հարևանները շարունակում են չոր հաց հավաքել, որպեսզի երբ Արգոն գա, ուտելու բան ունենա։

Ոստիկանը, որ պետությունից բազմաթիվ պարգևներ էր ստացել ցանկացած հանցագործություն երեք օրում բացահայտելու համար, զայրանում էր այն փաստից, որ «աշխարհը խուզարկել էր, Արգոն իր քնձռոտ հալով չէր բացահայտվում»։  Իսկ երրորդ հարկի հարևանի տղան ամեն անգամ պնդում էր, որ նա ինչ-որ գյուղում, երեքհարկանի տուն ունի ու հավաքած գումարով իր տունն է ճոխացնում, բայց ո՞վ կհավատար հեքիաթ հիշեցնող այդ վարկածին։

Բայց ահա հայտնվեց նա, ում արդեն փնտրում էին երկրորդ կիրակին ներառյալ։ Ոստիկանը, ում չէր հաջողվել գտնել կորածին, հեռատեսորեն որոշում է խոսք կորզել.

-Մեր երկրի վատն էն ա, որ փոքր ա, էնտեղ հնարավոր չի կորչել, բոլորը գիտեն քո քնել-արթնանալու, մեռնել-ապրելու ժամերը: Հնարավոր չէ տանից դուրս գալ և այլևս չվերադառնալ: Ես ամեն ինչ գիտեմ, ուղղակի քո ազնվությունն եմ փորձում:

Արգոն հաստատում է տղայի վարկածը, թե երբ փող է հավաքվում, գնում է իր եռահարկ տունը նորոգելու։ Ոստիկանը միայն իր աչքերով աշխարհից կտրված, հեռու, գյուղական տունը տեսնելուց հետո հանդիմանում է Արգոյին թե՝ ծախի, քաղաքում հարմարավետ տուն առ։

-Բա որ ծախեմ, ես ո՞ւր կվերադառնամ, տարվա մեջ իմ էրկու-իրեք օրը ո՞ւր կկորչեմ… Ո՞նց կարելի ա ապրել առանց վերադարձի հույսի… Անհնար ա առանց վերադարձի… Լավ ա էստեղ տուն չունենամ, բայց վերադառնալու տեղ ունենամ։ Թե չէ՝ ո՞նց կլինի… Բա մարդ կապրի՞ առանց վերադարձի հույսի։

 

Այս պատմվածքում ամեն կերպար իր մտատանջանքն ունի. խոզատերը մտահոգված է իր խոզերին կերակրելով, տիկնայք՝ հացը խոզատիրոջը տալով-չտալով, ոստիկանը՝ իր գործի բարեհաջող ավարտով, Արգոն՝ վերադարձի հույսով…

«Երկրորդ կիրակին ներառյալ» պատմվածքը բազմաշերտ է։ Այն կարելի է վերլուծել որպես պատմություն վերադարձի ու հույսի մասին, կարելի է վերլուծել որպես ազգային ոգու ու հոգեկերտվածքի հոգեբանական պատմություն, այն կարելի է վերլուծել նաև  փիլիսոփայորեն և բոլորովին նոր տեսակետի հանգել։

Պատմվածքի վերջին տողերը կարդալիս ակամա աչքերիս առջև պատկերացան սփյուռքահայ այն գործարարները, ովքեր օտարության մեջ աշխատում-աշխատում են և Հայաստանում ներդրումներ են անում, որքան էլ որ այն անհարմար աշխարհագրական դիրք ու պայմաններ ունենա կամ հեռավոր ու գյուղական թվա, որովհետև հայրենիքն էլ Արգոյի տան նման այն վայրն է, որտեղ միշտ վերադառնում են, թեկուզ երկու-երեք օրով աշխարհից կորչելու համար։

Արգոյի տունը ինքնին հույս էր, որը միշտ ամեն վերադարձի ժամանակ նորոգվում էր։ Հայի երակների, դիմագծի, խառնվածքի մեջ հույսը միշտ ներարկված է եղել։ Արգոն աշխատում էր, քրտինք թափում, զրկում իրեն հաճույքներից, հավաքած գումարով տունը նորոգում շատ հայ տղամարդկանց նման, ովքեր անում են դա հանուն իրենց տան, հանուն ընտանիքի բարեկեցության։ Թեև պատմվածքում տունը քարաշեն կառույց է, բայց այն խորհրդանշական է, չէ՞ որ, հայը միշտ այդ կառույցի մեջ հոգի է դնում, միշտ բնակեցնում է այն, որպեսզի երբ վերադառնա (հայերը սիրում են վերադառնալ) իրեն սպասողներ լինեն։ Գուցե Արգոն զրկում էր իրեն հաճույքներից հենց ա՞յդ հույսի համար, որ ոչ միայն տունն էր, այլ ապագա ընտանիքը։

Գրքում տեղ գտած մյուս պատմվածքները ևս կարդալով կարելի է հստակ պատկերացում կազմել Հայի մասին։ Դեպքերի հաջորդական ընթացքի մեջ աչքից անվրեպ է մնում հայի հարգանքը («Իսկական հարգանքն էն ա, որ մատուցվում ա մարդու բացակայությամբ՝ նրա անվանը, նրա հիշատակին…»), հայրենասիրությունը («Ձեզ ինչի՞ ա թվում, որ դուք հիշողություն ունեք, իսկ հողը՝ չէ։ Հողը չի ընդունի քեզ, Թաթոս, որովհետև դու էս հողի վրա ոչ արյուն ես թափել, ոչ քրտինք»), արժանապատվության ու պատվի բարձր գիտակցությունը («Ի՞նչ մեղքս թաքցնեմ, միշտ ուզում էի, որ մեռներ, որ իմ ստորացումը ինձ հիշեցնող չլիներ, թե չէ ամեն տեսնելուց ապրում էի էդ վիճակը»), հյուրասիրությունը («Մտածեց՝ ո՞նց եփի այդ միակ ու մի կիլոյանոց աքլորը, որ այսքան մարդու փոր լցնի»), կյանքի մասին պատկերացումները («մահն էլ են վաստակում, հո հանաք չի՞»), նվիրվածությունը («Բայց էդ դեպքում… սրտիս անկյուններում անուններ կան թանկ պահած, բա դրանց ճակատագիրը ո՞նց պիտի լինի»)։

46643977_2405809946102764_5417698483345817600_o

«Գիրք, թատրոն, համերգասրահ. պետք է աշխատել վերադառնալ դրան». Աննա Մայիլյան

Աննա Մայիլյանը տարիներ շարունակ ներկայացնում է հայ հոգևոր և դասական երգը համայն աշխարհին: Նա ՀՀ վաստակավոր արտիստ է: Մեծ ճանաչում է ձեռք բերել` կատարելով հոգևոր երգ: Երգում է նաև հայ կոմպոզիտորների ռոմանսներ, ժամանակակից ստեղծագործություններ,  արևմտաեվրոպական  կոմպոզիտորների վոկալ գործեր, համագործակցում է ռոք և ջազ ժանրի երաժիշտների հետ:

-Ե՞րբ եք առաջին անգամ լսել հոգևոր երգեր և ե՞րբ եք որոշել դառնալ երգչուհի:

-Չեն որոշում դառնալ, դա ասեմ, որովհետև հիմա շատ ընդունված է երգչուհիներին այդ հարցը տալը: Եվ մեր այսօրվա իրականության մեջ բոլոր «աստղերն» ասում են. «Ես որոշեցի դառնալ»: Դու չես որոշում դառնալ, այդպես ստացվում է, մանավանդ եթե պետք է երգես հոգևոր երգեր: Ինձ թվում է` Աստված է դա որոշում, Ինքն է ուղղորդում քեզ: Առանց Երկնքի այդ գործն անել ուղղակի հնարավոր չէ: Երբ ես փոքր էի, արդեն հանրահայտ էր Լուսինե Զաքարյանը, ով, կարող ենք ասել, առաջինն էր կանանցից, որ բերեց այդ երգը հանդիսատեսին: Ասեմ, որ միջնադարում մեր եկեղեցին արգելում էր կանանց երգեցողությունը: Ընդունված էր, որ պետք է տղամարդիկ երգեն, այսինքն` հոգևորականները: Իսկ արդեն Կոմիտասը մեծ աշխատանք արեց այդ առումով և ստեղծեց երգչախումբ: Իհարկե, այդ երգչախմբում կային թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ: Իսկ Լուսինե Զաքարյանը եղավ առաջին երգչուհին, ով հանդիսատես ունեցավ այդ բնագավառում: Եվ լսելով Լուսինե Զաքարյանին` ես չէի կարող չոգևորվել, չվարակվել, չցանկանալ օրերից մի օր այդ երաժշտությունը հնչեցնել իմ ձայնի միջոցով: Իհարկե, երբ փոքր ես, դա չես հասկանում, բայց ես զգացի շատ վաղ տարիքից, որ այդ երաժշտությունը շատ եմ սիրում, այդ երաժշտությունն իմ հոգու մեջ է: Եվ այդպես, կամաց-կամաց եկավ հասավ գիտակից տարիքը: Արդեն ուրիշ ճանապարհ չկար. այդ երգը հնչեց նաև իմ մեկնությամբ, ինչի համար շատ ուրախ եմ, շատ շնորհակալ եմ Աստծուն:

-Ի՞նչ է հոգևոր երաժշտությունը:

-Հոգևոր երաժշտությունը, եթե տեսականորեն բնութագրենք, հոգևոր թեմաներով, աստվածաշնչյան թեմաներով գրված երաժշտություն է: Հայ հոգևոր երաժշտությունը հրաշալի կառուցվածք ունի, այնտեղ կան երգի տարբեր տեսակներ: Զուտ մեծ պոետիկ կտորներն են կոչվում շարականներ: Շարականները բաղկացած են մասերից, դրա համար էլ կոչվում են շարականներ, այսինքն` «շարք» բառից է: Կան պոեզիայի ուրիշ փոքր տարբերակներ, օրինակ` տաղեր: Տաղերն էլ շատ հետաքրքիր են իրենց կառուցվածքով: Եվ քանի որ հոգևոր երաժշտությունը ունի թե կատարման, և թե կառուցվածքային կանոններ, այն  դասվում է մասնագիտացված դպրոց ունեցող արվեստի տեսակին: Դրանք ստեղծվել են պրոֆեսիոնալ մարդկանց՝ բարձրաստիճան հոգևորականների կողմից, ովքեր լիովին տիրապետել են այդ արվեստի ստեղծման օրենքներին:  Հինգերորդ դարում Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի շնորհիվ ստեղծված հոգևոր երգի դպրոցը հիմնված է հնագույն հայ ազգային հարուստ ավանդույթներով լի երգի վրա:  Հայտնի են բազմաթիվ հրաշալի հեղինակներ, սակայն որոշ  հոգևորականներ նույնիսկ չէին ստորագրում իրենց անունը այդ երգերի տակ` համարելով, որ դա այնպիսի մի հրաշք է` տրված իրենց երկնքից, որ ի՞նչ է իրենց անունը այդ հրաշքի առջև, և դրա համար մենք ունենք բազմաքանակ անանուն ստեղծագործություններ:

-Ովքե՞ր են հոգևոր երաժշտության նշանավոր դեմքերը:

-Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևը, Կոմիտաս Աղցեցին, Հովհաննես Օձնեցին, Հովհաննես Իմաստասեր Սարկավագը, Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Մխիթար Այրիվանեցին և այլոք: Եվ կան, իհարկե, արդեն ուշ շրջանի հրաշալի ստեղծագործողներ, ովքեր արդեն մի քիչ դուրս են հոգևոր բնագավառից, ասենք` Բաղդասար Դպիրը: Բայց Բաղդասար Դպիրի «Ի ննջմանեդ արքայական» տաղը  հաճախ երգվում է որպես մեղեդի:

-Միայն հոգևոր երգե՞ր եք երգում:

-Ո՛չ: Ես շատ բազմաժանր երգչուհի եմ, կատարում եմ նաև ռոմանսներ, հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ և, իհարկե, կատարում եմ եվրոպական բարոկկո երաժշտություն` Բախ, Վիվալդի, Մոցարտ: Կատարում եմ ժամանակակից երաժշտություն, նաև համագործակցում եմ, միգուցե ձեզ համար տարօրինակ լինի, ջազ և ռոք խմբերի հետ, և մեր համագործակցությունը շարունակական է: Այնպես որ, միայն հոգևորը չէ, բայց հոգևոր երաժշտությունն այնպիսի բարձունք է, որը տրվում է ոչ բոլորին. շատ բարդ է, հոգևոր երգը կատարելու համար շատ-շատ բաներ են պահանջվում` և՛ կրթություն, և՛ կարողություն, և՛ հավատք, հենց այնպես չես կարող կատարել այդ երաժշտությունը և ոչ ամեն օր կարող ես կատարել: Օրինակ, ես այսօր ձեզ մոտ գալիս եմ ձայնագրությունից: Անկեղծորեն, ես այսօր երկու ժամում կարողացել եմ ձայնագրել ընդամենը երկու երգ, որովհետև պիտի տրամադրված լինես, աղոթքդ պիտի ստացվի: Եթե ուշադրությունդ լինի միայն  կատարման տեխնիկայի վրա, այսինքն` գիտես` ձայնն ուր է գնում, կոկորդդ ոնց պիտի աշխատի,  քիմքդ ոնց բարձրացավ, ռեզոնատորները ոնց աշխատեցին, դա կբերի նրան, որ զուտ լավ, մաքուր կերգես: Բայց հոգեպես պատրաստ չես: Դրա համար պետք է տարիների փորձ ունենաս, նաև միշտ զգույշ լինես քո կյանքի հանդեպ, միշտ կարողանաս լինել երկնքի հետ, որպեսզի Ինքը օրերից մի օր քեզ վրա չբարկանա և ասի, որ վե՛րջ, էլ չես երգում:

36601485_1753956064670551_8287810872819056640_n

-Ո՞րն է տարբերությունը փոփ երաժշտության և հոգևոր երգերի միջև:

-Փոփ երգն ի՞նչ է. պոպուլյար, այսինքն` հանրամատչելի: Փոփ երաժշտության պարագայում, իհարկե, օգտագործվում են ժամանակակից ռիթմեր, գործիքավորում, այդ երգը գրվում է շատ թեթև, որպեսզի շատ մատչելի լինի, որ անմիջապես բոլորին հասու դառնա: Ասացի և մի քիչ մտածեցի… Օրինակ, նույն բանը կարելի է անել հոգևոր երգի ասպարեզում` դարձնելով այն պոպուլյար, բայց դա չի նշանակում, որ ինքը դարձավ ժանրին համապատասխան, այսինքն` հոգևոր երգն էլ պոպուլյար կարող է լինել, օրինակ` «Սուրբ-սուրբ» շարականը, բոլորը գիտեն «Տեր, ողորմյան»: Բայց դրանք չեն մտնում փոփ երաժշտության մեջ: Ժանրերի տարբերություն կա: Էստրադային ժանրն ունի իրեն համապատասխան գործիքավորում, տեքստի կառուցվածք, ժամանակակից ռիթմեր: Շարականն ունի լրիվ ուրիշ կառուցվածք: Մեր շարականների, հոգևոր երգի ավանդույթն է ակապելլան, այսինքն` մեկ ձայն է կատարում: Բազմաձայնվել է շատ ավելի ուշ` Եկմալյանի, Կոմիտասի միջոցով: Գործիքավորում չկա: Տեքստը տարբերվում է պոպուլյար երգի տեքստից: Հոգևոր երգն աստվածաշնչային երգ է: Էստրադային երգն ունի քառյակային կառույց` քառյակ, կրկներգ, քառյակ, կրկներգ: Շարականներում էլ կա նման բան, բայց շարականը մասերից  է բաղկացած: Ինչպես ասացի, գործիքավորման տարբերություն կա: Շարականներ կան, որոնք գործիքավորում են, և ես, այդ ամենը լսելիս, սարսափում եմ: Հիմա փորձում են խառնել ամեն ինչը` հասցնելով պոպուլյարի: Բայց, միևնույնն է, համը կորում է, շարականի այդ գեղեցկությունը մի անգամ դրեցիր այդ ռիթմի տակ, այն արդեն ոչ մի բան է:

-Կպատմե՞ք այլ ազգերի հոգևոր երաժշտության և այդ ասպարեզում ամենանշանավոր դեմքերի մասին:

-Ես երաժշտագետ չեմ, ես երգչուհի եմ: Կարող եմ ուղղակի իմ վերաբերմունքն ասել: Ես շատ-շատ եմ սիրում Բախի երաժշտությունը: Ինձ համար դա ամեն ինչ է: Հաճախ զուգահեռներ եմ անցկացնում Բախի և մեր հոգևոր երաժշտության միջև: Ինձ թվում է, որ Բախը լավ ծանոթ էր հայ հոգևոր երաժշտությանը, որովհետև մեր միջնադարը հայտնի էր: Մենք ունեցել ենք շատ փայլուն մշակույթ միջնադարում, և, իհարկե, այն ժամանակվա աշխարհը գիտեր, որ հայերն առաջին քրիստոնյաներն են: Եվ ես չեմ կարծում, որ աշխարհի երաժիշտները չեն փորձել ճանաչել, իմանալ հայերի երաժշտությունը որպես առաջին քրիստոնյաների երաժշտություն: Ինձ համար Մոցարտի «Ռեքվիեմը» գագաթնակետն է ընդհանրապես ռեքվիեմների մեջ, եթե ոչ ընդհանրապես երաժշտական գրականության մեջ: Կան նաև ժամանակակից ստեղծագործողներ, բայց, ինչպես ասում ենք նաև մեր հոգևոր երաժշտության մասին, աշխարհի մակարդակով էլ հիմա կարծես թե համը կորել է: Գիտե՞ք, կատարման տարբերություն էլ կա հայ և ոչ հայ հոգևոր երգերի մեջ: Իհարկե, զուգահեռները շատ են:  Տարբերությունը կապված է  եվրոպական և արևելյան քրիստոնեական մշակույթների ավանդույթների, լեզվական առանձնահատկությունների, զարգացման տարբեր ժամանակաշրջանների հետ։ Հայ հոգևոր երաժշտությունը բազմերանգ և բազմազգաց է: Մենք` հայերս, տաք ժողովուրդ ենք, շատ հին ժողովուրդ ենք, այնպես որ` չենք կարող շատ հանգիստ, սառած դեմքով կատարել այդ երաժշտությունը:

-Շարականները երգվում են գրաբարով, արդյո՞ք դժվար չէ սովորել երգերի բառերը:

-Դժվար է, իհարկե, բայց տարիների ընթացքում այնքան ես արդեն սովորում այդ ամեն ինչին, որ մեխանիկորեն արդեն բառերը լցվում են քո մեջ: Երբ ձայնագրում էինք Ավագ Շաբաթվա շարականները, երգիչներով իրար հրաժեշտ տալիս արդեն գրաբարով էինք փորձում ցտեսություն ասել: Հաճախ փորձում ենք նույնիսկ ողջունել իրար, ինչ-որ բառեր փոխանակել գրաբարով, դա շատ գեղեցիկ է: Ես միշտ ասում եմ` եթե հայերս առ այսօր շարունակեինք խոսել գրաբարով, մենք կդառնայինք երևի աշխարհի ամենաարիստոկրատ ազգը:

-Դուք ինքներդ սովորաբար ի՞նչ երաժշտություն եք լսում:

-Ես ընդհանրապես չգիտեմ` լավ է, թե վատ, շատ քիչ եմ լսում երաժշտություն, որովհետև ամբողջ օրը երաժշտության մեջ եմ: Բայց դպրոցական տարիներին ես շատ սիրել եմ լսել ժամանակի բարձրակարգ էստրադային  երաժշտություն: Անգիր գիտեի այն ժամանակվա էստրադային երգերը: Մեր դասարանում կար մի դաշնամուր, ես ամեն առավոտ դասի մոտ կես ժամ շուտ էի գնում և դաշնամուրի վրա իմպրովիզներ անում: Ես ստիպեցի այդ դաշնամուրը բերել մեր դասարան: Եվ հաճախ, երբ մենք չէինք ուզում այսինչ կամ այնինչ դասն անել, դասընկերներս ինձ խնդրում էին, որ ես սկսեի երգել, և կային ուսուցիչներ, որոնք շատ էին սիրում ու համաձայնվում էին: Ես սովորել եմ թիվ 20 դպրոցում: Ջազ շատ եմ սիրում, բայց երկար լսել չեմ կարող: Ռոք էլ կարող եմ լսել, բայց ոչ ծանր ռոքը։ Սիրում եմ հնագույն եվրոպական երաժշտություն, գերմանական ռոմանտիկ շրջանի երգեր։ Հայ ազգային երգի հետ մեկտեղ առաջնահերթ է հենց այդ երգի ժանրը ՝ գերմանական երգը։

-Սովորաբար մենք երաժշտություն ենք լսում, երբ ուզում ենք հանգստանալ, այդ դեպքում Դուք ի՞նչ եք անում:

-Ես ուզում եմ հանգստանալ երաժշտությունից: Առաջ շատ էի նկարում: Ցավոք սրտի, հիմա դրա ժամանակն էլ չի լինում: Ես շատ սիրում եմ ձեռագործ, ձեռքի աշխատանք, սիրում եմ գործել, կարել: Ինձ դա հանգստացնում է: Շատ եմ սիրում շփվել մարդկանց հետ, որոնցից ունեմ տեղեկություն ստանալու լավ հնարավորություն: Ամբողջ օրը երաժշտության մեջ եմ: Ես դասավանդում եմ Կոնսերվատորիայում, դա ահռելի քանակությամբ երաժշտական տեղեկություն է, դրա համար էլ տեղ չի մնում տանը երաժշտություն լսելու համար:

-Ինչպիսի՞ն է երաժշտական կյանքը Հայաստանում:

-Շատ բուռն է, բազմատեսակ, ակտիվ ինչպես միշտ: Պետք է իսկապես տեղեկացված լինել և այցելել համերգադահլիճներ. հիմա շատ լավ երաժիշտներ են գալիս Հայաստան հյուրախաղերի, լավ փառատոներ ունենք և ոչ միայն երաժշտական ասպարեզում, նաև կինոյի, թատրոնի: Սա հարցի դրական կողմն է։ Բացասականը ՝ օտարածին երաժշտությունն է, որը գնալով ավելի և ավելի վտանգ է սպառնում մեր ինքնությանը։

-Ի՞նչ կարելի է անել` երաժշտական հեռուստաեթերը փոփոխելու համար:

-Անկասկած, հեռուստաեթերը շատ մեծ դաստիարակչական դեր է կատարում: Բայց ո՞վ ասաց, որ մենք բոլորս պետք է ամբողջ օրը նայենք հեռուստացույց: Ավելի ճիշտ կլինի, որ մենք այցելենք թատրոններ և համերգասրահներ, այդ ժամանակ սրահները լիքը կլինեն: Ինչ վերաբերում է հեռուստատեսությանը, կան ալիքներ, որոնք հեռարձակում են հետաքրքիր հաղորդումներ, համերգներ, բազմաթիվ ինտերնետային օպերատորներ կան, որոնք առաջարկում են հատուկ հեռուստատեսային ալիքների ցանկ, որ կարելի է ընտրել և զերծ մնալ անցանկալի եթերներից։ Բայց ասում եմ` պետք չէ ամբողջ օրը հետևել հեռուստատեսությանը, դա մեզ կկտրի մշակույթի հետ անմիջական, կենդանի շփումից։ Գիրք, թատրոն, համերգասրահ. պետք է աշխատել վերադառնալ դրան:

-Իսկ ինչո՞ւ է Հայաստանում հեռուստացույցը միշտ փոփ ցույց տալիս և ոչ թե հոգևոր երաժշտություն:

-Ես առաջ եթերում շատ էի լինում հոգևոր երաժշտությամբ: Այս վերջին տարիները խայտառակություն է մեր եթերը: Իսկապես, մարդ է մահանում, նոր հիշում են այդ երգերը, բայց այդ երգերի տեքստերը փառաբանիչ են, տխուր չեն: Մանավանդ ես փորձում եմ կատարել պայծառությամբ: Ո՞ւմ մեղավորությունն է նման եթերը. մեր` կատարողներիս մեղավորությունը չէ: Մարդիկ կան, որ այդ ամենը ղեկավարում են:

-Կա՞ն Ձեզ համար երգիչ իդեալներ, որոնց կցանկանայիք նմանվել:

-Ո՛չ, բացառվում է նման բան, նմանվելը սխալ բան է: Իդեալներ կան, ավելի ճիշտ` իդեալներ չէ, այլ սիրած երգիչ-երգչուհիներ, օրինակ` Թերեզա Բերկանցան, Արաքս Դավթյան, Էլիզաբեթ Շվարցկոպֆ, Ֆիշեր Դիսկաու։ Կարևոր չէ` որքան ես մասնագիտացել քո արվեստի մեջ, միշտ սովորելու բան կա: Իսկ նմանվել բացառվում է: Նաև այդ է պատճառը, որ հաճախ չեմ լսում, որովհետև ականջը կարող է կրկնօրինակել, ուսանողներիս էլ թույլ չեմ տալիս, որ հաճախ լսեն: Լսեց մի երկու անգամ, որպեսզի հասկանա` ինչ կա անելու, ասենք, լեզվի հետ կապված, երաժշտական գծերի կառուցվածքը հասկանալու համար և վերջ:

-Ասում են` արտասահմանյան ժամանակակից երաժշտության որակը բարձր է, Դուք համաձա՞յն եք:

-Որակը` տեխնիկական առումով, իհարկե, բարձր է: Երգելու առումով, կարծում եմ, որ ամերիկյան դպրոցը բարձր է, որովհետև ունի էստրադային երգի դպրոց, հստակ գործող դպրոց: Իրենք անպայման ստանում են համապատասխան երաժշտական կրթություն և վոկալ լուրջ դպրոց: Մեզ մոտ «աստղերը», ցավոք սրտի, գտնում են, որ իրենք կրթություն պետք է չունենան: Եթե երկու նոտա կպցրեցիր իրար, համակարգիչն էլ ուղղեց, երգիչ ես: Այնտեղ հստակ դպրոց է գործում: Այնտեղի դահլիճների հնարավորությունն էլ, իհարկե, անհամեմատելի է մեզ հետ: Բայց ասեմ, որ համաշխարհային ընդհանուր անկում կա մշակութային ասպարեզում։ Հիմա ավելի հետ ենք, քան տարիներ առաջ:

-Ի՞նչ երգիչների, երաժիշտների հետ եք համագործակցել:

-Համագործակցել եմ շատ դասական երգիչների հետ, էստրադային երգիչների հետ էլ եմ համագործակցել: Նախ հայ փոփ աստղերից նշեմ, որ շատ հաճելի էր ինձ համար համագործակցությունը Արսեն Սաֆարյանի հետ, մենք երգեցինք Շառլ Ազնավուրի «Ավե Մարիան»: Շատ-շատ գեղեցիկ երգ ձայնագրեցինք` հայերեն թարգմանությամբ, և ներկայացրեցինք հանդիսատեսին մի քանի համերգներում: Ֆորշի հետ ձայնագրել ենք եվրոպական հոգևոր երգերից մեկը: Համագործակցել եմ Արմեն Մարտիրոսյանի ղեկավարած Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ: Իսկ օտար անուններից` «Պրոմեթեո» իտալական քառյակն է, որը եկավ Հայաստան, ես էի հրավիրել, մենք հրաշալի համերգ ունեցանք: Այս քառյակը շատ հայտնի է Իտալիայում, լարային կվարտետ է: Ամբողջ մի բաժին Կոմիտաս միասին ներկայացրեցինք, իսկ առաջին բաժինը եվրոպական երաժշտություն էր: Սաչիո Հայաշիի հետ եմ համագործակցել, ճապոնացի բարոկ ֆլեյտահարուհի է: Համագործակցել եմ ավստրալացի կլառնետահարուհի Ջիլիան Հոուվելի հետ, ամերիկյան կոմպոզիտոր և ջութակահար Քոլին Դիքսոնի հետ: Համագործակցել եմ հրաշալի ֆրանսիացի դաշնակահար Վիլֆրիդ Հումբերթի հետ, Դրեզդենի և Թելավիվի կամերային նվագախմբերի հետ, մաեստրոներ Զավեն Վարդանյանի, Արամ Ղարաբեկյանի, Ալեքսանդր Սիրանոսյանի (Ֆրանսիա), Հովհաննես Չեքիջյանի, Տիգրան Հեքեքյանի, Հայկ Դավթյանի (Ֆրանսիա), Էկկեհարդ Կլեմ (Գերմանիա) և այլոց հետ:

-Հոգևոր երաժշտության փառատոների մասնակիցները պե՞տք է անպայման քրիստոնյաներ լինեն:

-Ո՛չ: Ես մասնակցել եմ բազմաթիվ փառատոների` մրցութային և ոչ մրցութային: Հրավիրվում են պարսիկներ, ադրբեջանցիներ, թուրքեր, եվրոպացիներ, ասիացիներ, ամերիկացիներ, նույնիսկ այնպիսի ցեղեր, որ չենք էլ իմացել` հոգևոր երգ են երգում: Կարող եմ ասել, որ հայ հոգևոր երգը միշտ լինում է բարձունքի վրա: Բացարձակապես խտրականություն չկա: Եթե լսել եք «Ֆես» փառատոնի մասին, շատ կարևոր փառատոն է, Մարոկկոյում է լինում: Ե՛վ քրիստոնյա աշխարհն է, և՛ հրեա, և՛ մահմեդականներն են, այսինքն` կազմակերպիչների նպատակն է մի տեղ հավաքել այդ բոլոր կրոնների ներկայացուցիչներին: Աստված մեկ է, մենք բոլորս հավատում ենք Աստծուն: Ամեն դեպքում իմ նպատակն է պատշաճ կերպով ներկայացնել հայ հոգևոր և դասական երգը, որպեսզի ունկնդիրը երկար ժամանակ հիշի և նորից ցանկանա լսել մեր տիեզերական երգը։

-Եղե՞լ են համերգներ կամ մրցույթներ, որոնցից հրաժարվել եք:

-Մրցույթներ` ո՛չ, որովհետև մրցույթն այնպիսի բան է, որ երգչի կյանքում անպայման պետք է լինի, և հրաժարվել մրցույթից չես կարող, եթե  մասնակցելու համար ոչինչ չի խանգարում: Իսկ փառատոներ եղել են, որ հրաժարվել եմ, այո՛:

-Կոնսերվատորիայի ուսանողները սիրո՞ւմ են հոգևոր երաժշտություն: Կա՞ն ուսանողներ, որոնք տարբերվում են մյուսներից:

-Այո՛, իհարկե: Պարտադիր: Շատ լավ ձայներ կան, հրաշալի ձայներ, բայց ակնհայտ են նրանք, ովքեր պիտի դառնան բեմի մարդ: Ուսանողները կոնսերվատորիայում անցնում են հոգևոր և ժողովրդական երգ որպես պարտադիր առարկա։ Ունենք շատ լավ մասնագետ – ուսուցիչներ, երաժշտագետներ:  Այդ առարկայի քննությունը բավականին բարդ է, քանի որ ուսանողը պետք է բազում երգերի հատվածներ անգիր կարողանա արտաբերել։ Բայց եթե խոսենք այս երգաոճի բեմական կատարման մասին, ապա պետք է ասել, որ բոլորին անխտիր տրված չէ լինել այս ասպարեզում, քանի որ միայն լավ ձայն ունենալը այստեղ շատ քիչ բան է նշանակում։ Այս ժանրը  բացի իրեն բնորոշ երգեցողության ոճական առանձնահատկություններից, պահանջում է հատուկ նվիրում, ճաշակ, հայրենասիրություն, հոգևոր կրթություն։

-Ցանկացած երգիչ կարո՞ղ է շարական երգել:

-Ինչո՞ւ ոչ: Եթե ուզում է, եթե սիրում է… Այնպես չէ, որ ստիպեցիր` երգեց: Եթե սիրում է, իհարկե, խնդիր չկա:

-Իսկ ձայնի առումո՞վ:

- Վերը արդեն նշեցի, թե ինչ է հարկավոր հոգևոր երգը կատարելու համար։ Սկզբնական շրջանում  շատ կարևոր է հմուտ ուսուցչի ուղղորդումը։ Դա, իհարկե, կախված է նաև ուսանող-ուսուցիչ հարաբերությունից, թե ինչքանով է ուսուցիչը ճիշտ բացատրում, ինչքանով է ուսանողը ճիշտ հասկանում:

-Կոնսերվատորիան ավարտող ուսանողները հնարավորություն ունենո՞ւմ են հետո այստեղ շարունակելու իրենց կարիերան, թե՞ գնում են արտասահման:

-Այսպես ասեմ` ով փնտրում է, նա գտնում է: Կախված է, թե ինչքանով ես դու քեզ տեսնում այստեղ, և ինչքանով ես պատրաստ էներգիա, ուժ և ամեն ինչ ներդնելու, որպեսզի մնաս հավատարիմ քո երկրին: Ինձ թվում է` օպերային երգիչը պետք է փորձի անպայման իր ուժերն արտերկրում: Ես ինձ նվիրել եմ իմ ազգային երգարվեստին, և այս առումով շատ կարևոր է, որ ես ապրում եմ իմ հայրենիքում։ Միևնույն ժամանակ դա չի խանգարում լինել տարբեր երկրներում համերգներով։

-Քանի՞ թողարկված ձայնասկավառակ ունեք, և ի՞նչ ժանրի մեջ են:

-Քսան ձայներիզ և երեք տեսաերիզ:  Այն ամենն է, ինչ անմիջապես վերաբերում է իմ գործունեությանը ՝ հոգևոր երգեր, Կոմիտասյան երգեր, հայ կոմպոզիտորների երգեր և ռոմանսներ, գերմանական երգեր, բարոկ արիաներ։

-Գերմանական երաժշտության հանդեպ Ձեր սերն ինչի՞ հետ է կապված:

-Դպրոցում գերմաներեն եմ անցել, միգուցե դա է եղել պատճառը, որովհետև ես շատ էի սիրում իմ ուսուցչուհուն և երբ ավարտեցի դպրոցը, փայլուն խոսում էի գերմաներեն: Հետագայում, երբ ունեցա հնարավորություն խորը ուսումնասիրելու գերմանական երգը, հասկացա, որ երգարվեստի բարձունքներից մեկն է, որը տալիս է երաժշտական լուրջ գիտելիք, և եթե կարողանում ես տիրապետել այդ գիտելիքին և կատարել այդ հրաշալի ժանրը, ուրեմն կարող ես ամեն ինչ։ Գերմանական երգը շատ զուգահեռներ ունի հայկականի հետ։ Մեր լեզուները երգեցիկ հնչողությամբ շատ մոտ են։ Գերմանական երգի կարևորագույն առանձնահատկություններից առաջինն է ՝ բառի ճշգրիտ արտաբերումը մեղեդու միջոցով։ Այս տեխնիկային տիրապետելը ժամանակ է պահանջում և համբերություն։

Ի սկզբանե սիրում էի գերմանական ամեն ինչը, հայկականից հետո, իհարկե։  Բայց հետո, երբ այցելեցի Ֆրանսիա, սիրահարվեցի Փարիզին, հետո Հռոմն էր, հետո այլ հրաշալի վայրեր: Բայց ինչքան էլ մենք սիրենք օտար մշակույթը և երկրները, միևնույնն է, վերադառնում ենք Գեղարդ կամ մեր Ջրվեժի եկեղեցին, միանգամից փոխվում է ամեն ինչ: Ես գիտեմ, որ բոլոր երեխաների ցանկությունն է այցելել Փարիզ և Հռոմ: Դա շատ լավ է, ես ցանկանում եմ, որ բոլորդ հնարավորություն ունենաք ճամփորդելու, այլապես մենք չենք գնահատի մեր սեփականը:  Իսկ հեռվից հայրենիքի հանդեպ սերը  էլ ավելի է ուժեղանում։

-Ինչպե՞ս է գրվում Պատարագը, ամեն մարդ կարո՞ղ է այն գրել:

-Ո՛չ, իհարկե, դա կարող են անել կոմպոզիտորները։ Բայց նմանները շատ քիչ են։  Կարծում եմ դրա համար բացի մասնագիտական հմտությունից  հոգևոր մեծ ներաշխարհ է պետք ունենալ, աղոթքով շնորհ ստանալու կարողություն։ Այսօր ամենաընդունվածը և սիրվածն են Կոմիտասի և Եկմալյանի Պատարագը, սակայն Պատարգ են գրել նաև Էմի Աբգարը, որը ստեղծագործել է Կոմիտասից շատ ավելի շուտ, նաև Կարա-Մուրզան,  Չորեքչայնը, Չիլինկիրյանը,  Մեխանեջյանը և այլոք:

-Նոտայագրությունն ուշ է մտել հայ մշակույթ: Դրանից առաջ եղել են խազերը: Հիմա այդ խազերն օգտագործվո՞ւմ են:

-Կոմիտասը գտավ խազերի գաղտնիքը, բանալին և կարողացավ վերծանել և եվրոպական նոտագրությամբ գրի առնել բազմաթիվ շարականներ և ժողովրդական երգեր։ Ցավոք սրտի մենք՝ սովորական երաժիշտներս, հատուկ դասընթացներ չենք անցնում, որպեսզի կարողանանք կարդալ խազերը, բայց որոշ հոգևորականներ դա կարողանում են անել։ Կան երաժշտագետներ, հատուկ մասնագետներ, որոնք դա կարողանում են անել։

-Ամեն կիրակի Դուք գնում եք եկեղեցի` Պատարագ երգելու: Ինչո՞ւ եք դա անում:

-Անում եմ, որովհետև նախ ես Հայ Առաքելական եկեղեցու անդամ եմ, հավատում եմ Աստծուն, և համարում եմ իմ պարտքը` ամեն կիրակի աղոթքս առ Աստված հղելու, առավել ևս երգեցողության միջոցով: Դա ինձ համար մեծ պարգև է: Մենք հայ Առաքելական եկեղեցու զավակներ ենք, մեր հավատքը քրիստոնեությունն է, և մենք պարտավոր ենք ամեն կիրակի եկեղեցի գնալ: Բացի այդ, դա դառնում է արդեն պահանջ, և եթե չի ստացվում որևէ կիրակի գնալ պատարագի, այդ օրը շատ տխուր և դատարկ է անցնում։ Վերջերս նման կիրակիներ հաճախ եմ ունենում չափազանց զբաղվածությանս պատճառով։ Առաջ բավականին ծանր էի տանում այդ փաստը, բայց հետո հասկացա, որ կյանքս ունի հատուկ փուլեր, և ես հիմա իրավունք չունեմ հոգուս խաղաղությունը խախտել իմ սեփական սխալ զգացումներով։ Եթե Աստծուն պետք է, որ ես այս չափ զբաղված լինեմ, ուրեմն այս շրջանը աղոթքս կանցնի աշխատանքիս հետ զուգահեռ, հենց աշխատանքի ժամանակ։

-Ինչպե՞ս են օտարերկրացիներն ընդունում հայ հոգևոր երաժշտությունը:

-Մեր երաժշտությունը միշտ ընդունվում է մեծ խանդավառությամբ: Օտար հանդիսատեսը հաճախ զարմանում է, թե այս փոքրիկ երկիրը, որ նույնիսկ չգիտեն` որտեղ է գտնվում, այս ինչ մշակույթ ունի: Ախր, մենք մեղավոր ենք, որովհետև մենք մեր երկրի վարկանիշը չենք բարձրացնում: Երբ որ մենք կունենանք միասնական մտածելակերպ, ամեն ինչ լավ կլինի: Այդ գործում շատ մեծ գործ ունի անելու մեր պետությունը, ժողովուրդը:

Հարցազրույցը գրի առավ Գայանե Մարտիրոսյանը, 14տ.

tatevik haroyan

Ինչու գնալ թանգարան

Մայիսի 18-ը Հայաստանում և աշխարհի մոտ 150 երկրներում նշվում էր թանգարանների միջազգային օր: Այն հռչակվել է թանգարանների միջազգային խորհրդի որոշմամբ 1977 թվականի մայիսի 18-ին:

Առաջին հայացքից կարելի է ասել՝ սա մի տոն է, երբ թանգարանները անվճար են, ու կարելի է այցելել ու ժամանակ անցկացնել, անգամ չորոշելով՝ որն արժե գնալ կամ, առհասարակ, մեզ ինչ է տալիս թանգարան գնալը:

Սակայն թանգարան գնալը, թանգարան մտնելը և թանգարանի ցուցադրությունները յուրացնելը էսթետիկ հաճույք են, ինչպես նաև թատրոնը, որտեղ հազվադեպ ենք լինում․ ժամանա՞կն է քիչ, թե՞ հետաքրքրությունը:

Երեկ թանգարանների միջազգային օրն էր, հասցրի լինել միայն Հայաստանի պատմության թանգարանում, որը հիմնադրվել է 1919 թ.-ին, իսկ այցելուների համար բացվել է 1921 թ.-ի օգոստոսի 20-ին: Ինչո՞ւ լինել հենց հենց այս թանգարանում։ Առաջին՝ այն գտնվում է Հանրապետության հրապարակում, որի կողքով բազմիցս անցած կլինեք, և որ ամենակարևորն է, այնտեղ ներկայացված են մեր ազգի պատմությունը, մշակույթը, ցուցադրված են մեր երկրի տարբեր տարածաշրջանների տարազներ, զարդեր, կարևոր անձանց որոշ անձնական իրեր։ Շատ հետաքրքիր էր Անի քաղաքի և նրանում գտնվող եկեղեցիների մանրակերտը, որտեղ ներկայացված էին քաղաքի եկեղեցիները և պարիսպները, որոնք կառուցվել են տարբեր արքաների կողմից։ Հետաքրքիր էր տեսնել արքաների հատած դրամները, նրանց զենքերը, տարբեր ժամանակներում կիրառված սրերը, նիզակները, վահանները։ Կարծես պատմության միջով անցնես, ու ամեն անգամ մի բաժին մտնելիս՝ նոր մի զգացողություն է համակում քեզ։ Հաճելին այն է, որ այլազգիները նույնպես սիրով ու հետաքրքրությամբ էին նայում ցուցադրվող յուրաքանչյուր դետալի:

Իհարկե, այսքանը շատ քիչ է, որ պատկերացնեք այն հաճույքը, որը տալիս է այդ թանգարանը (անգամ վիքիպեդիան այդ հարցում չի օգնի): Եվ սա միայն մեկն է այն թանգարաններից, որ կան մեզ մոտ:

Կարևորն այն է, որ թանգարան մտնելիս հասկանանք՝ ուր ենք եկել և ինչ ենք ուզում տանել այստեղից:

marine israyelyan

Պատմական պիեսները մերօրյա դրամատուրգիայում

Ժամանակակից հայ դրամատուրգիայում խիստ նկատելի է պատմական պիեսների պակասը և այս ժանրի հանդեպ ժամանակակից դրամատուրգների ոչ բարյացակամ վերաբերմունքը: Այո, քչերն են ծավալում նման գործունեություն, քչերն են բեմից կենդանի խոսքով հային իր պատմությունը մատուցելու հնարավորություն ընձեռում բեմադրիչներին: Այս ասպարեզում առանձնանում է խորհրդահայ նշանավոր դրամատուրգ Գևորգ Սարգսյանը, որն այսօր էլ շարունակում է իր առաքելությունը՝ որպես թատրոնի անմնացորդ նվիրյալ: Նրա «Հավերժի ճամփորդները» ժողովածուն եզակի է՝ որպես Մաշտոցի, Խորենացու, Նարեկացու, Թումանյանի և Րաֆֆու մասին ասված դրամատուրգիական խոսք: Հենց Գևորգ Սարգսյանից «վարակվելով» էլ վերջերս լույսընծայվեց նրա կրտսեր ընկերոջ՝ դրամատուրգ Մխիթար Մոս-Մուշեղյանի «Երբ անցյալն է աղաղակում» պատմական պիեսների ժողովածուն, որտեղ երեք պիեսներից մեկում՝ «Բաղրամյան»-ում, նորովի է բացահայտվում Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի կերպարը, «Լևոն 6-րդ Կիլիկիո արքա» պիեսում ներկայացվում է կիլիկյան հզորագույն արքա Լևոն 6-րդի դրամատիկ վախճանը, իսկ «Սքանչելին» պիեսում տեսնում ենք իտալական հանրահայտ Մեդիչիների տոհմից Լորենցո Մեդիչիի և Հռոմի պապի անողոք պայքարի հանգուցալուծումը:

Պատմական պիեսների որոնումներում հետաքրքիր բացահայտում էր լուսահոգի գրող, թատերագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լևոն Մութաֆյանի պիեսների «Ճեպընթաց համար 34» ժողովածուն: Առաջին հայացքից միանգամայն ժամանակակից այս խորագրի ներքո լույսընծայված գիրքը, որն ի դեպ 2015-ին արժանացել է նաև ՀԳՄ Լևոն Շանթ մրցանակի, իր մեջ ամփոփում է դարերի պատմությունը: Այս գրքում հանդիպում ենք սեփական կրքերի մեջ այրվող Շամիրամին, հետևում նրա աշխարհակործան մտքի դիվային ընթացքին, բացահայտում Աշոտ Երկաթ Բագրատունյաց արքայի հոգու երկվությունը, Գևորգ Մարզպետունի իշխանի անձնվիրության ակունքները, և առիթ ունենալով վերստին առերեսվելու մեր մշտաներկա անցյալին, կրկին սկսում խորհել՝ ուր են մեր բեմադրիչները և ինչ են անում մեր թատրոնները: Մի՞թե մոռացել են այն պարզ ճշմարտությունը, որ թատրոն հաճախող թե՛ ավագ, և թե՛ երիտասարդ հանդիսատեսը պետք է այնտեղից դուրս գա մաքրագործված, պետք է լինի ու մնա տեսածի ազդեցության տակ, և իհարկե, դաս առնի դրանից: Ինչ ենք տալիս մենք հայ հանդիսատեսին… Մեծ հաշվով՝ ոչինչ: Եվ եթե չենք տալիս, ապա ինչու ենք բողոքում թատրոնի մշտապես արդիական խնդրից՝ հանդիսատեսի պակասից:

Այս պիեսները ևս մեկ հրաշալի առիթ են խորհելու և առերեսվելու մեր թատերական իրականության հետ, ինչը չանելու դեպքում մենք օրավուր կոչնչացնենք թատրոնի դերն ու նշանակությունը, թատրոնի սրբազան առաքելությունը:

 

Տաթև Հարությունյանի «Մտքի թռիչքը»

Ապրիլի 6-ին Գյումրու «Գալերի 25»-ում բացվեց երիտասարդ նկարիչ Տաթև Հարությունյանի «Մտքի թռիչք» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը:

Սկսեցինք այսպես պաշտոնապես և հպարտությամբ, որովհետև Տաթևը 17.am-ի մեր առաջին թղթակիցներից է: 2013 թվի գարնանն էլ հանդիպեցինք Տաթևին իր առաջին ցուցահանդեսի բացմանը, ծանոթացանք, ընկերացանք, ոգեշնչվեցինք և նկարահանեցինք «Զբոսանք» ֆիլմը: Նրանք, ովքեր չեն դիտել այն, կարող են հիմա նայել այս հղումով:

Ցուցահանդեսը մարդաշատ էր: Բացմանն իրենց ողջույնի խոսքով հանդես եկան Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրու գեղարվեստի ակադեմիայի դասախոս Գարիկ Մանուկյանը, «Գալերի 25»-ի տնօրեն Ալեքս Տեր-Մինասյանը և այլոք:

Տաթևի աշխատանքները հենց մտքի թռիչք են, հասունացման ու որոնման նոր ճանապարհին ասես մի պահ կանգ առած` մինչև հաջորդ թռիչքը:

Կյանքը թատրոնի մեջ և թատրոնը կյանքի

Նա սովորաբար թատրոն է գալիս բոլորից շուտ, միայնակ նստում դատարկ դահլիճում, ուշի ուշով հետևում իրար հետևից ներս մտնող մարդկանց աղմկալի անցուդարձին, ու մտքերի հորձանուտի մեջ խորասուզվում,  մինչև հայտարարվում է ներկայացման մեկնարկի մասին։

…Կրքերով լի, գունեղ, վառ, պայծառ, մեկ մեղմ, մեկ ահարկու, անվերջ նոր գույներ բերող ու երբեք չհնացող. ահա թատրոնը նրա աչքերով՝ այդ 17-ամյա պատանու, ով կյանքը թատրոնի՛ մեջ է տեսնում և թատրոնում կյա՛նքն է տեսնում։

-Մի օր ինձ բախտ վիճակվեց տեսնել Հակոբ Պարոնյանի պիեսներից մեկի ներկայացման փորձերը, որի ժամանակ շատ լավ մարդկանց հետ ծանոթացա,-պատմում է ապագա դերասան Ռազմիկ Հովհաննիսյանը,- Մինչև փորձերին ներկա գտնվելը՝ ես մտա բեմ։ Բեմը դատարկ էր։ Ես սկսեցի խոսել թատրոնի հետ։ Դրանք իմ կյանքի լավագույն պահերն էին։ Ես ու թատրոնը կրկին զրուցում էինք…

«Թատրոնը դերասանի կինն է, կինոն՝ սիրուհին։ Ուր էլ գնաս, տուն ես վերադառնալու»,-ասում էր մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանը։ Եվ իրոք,  բնատուր դերասանական շնորհով օժտված Ռազմիկը մասնագիտության ընտրության հարցում ի վերջո կողմնորոշվել է և վերադարձել դեպի թատրոն՝ այն վայրը, որտեղ դերասանը մարմնավորելով կերպարին և՛ լացում է, և՛ ծիծաղում, իսկ հանդիսատեսը չի էլ կռահում, թե դերասանն ի՛նքը ինչ տրամադրություն ունի։

-2016թ.-ին նկարահանվեցի Սոս Սարգսյանի համանուն վիպակի՝ «Լակոտի» հիման վրա նկարահանված Ալբերտ Մկրտչյանի ֆիլմում։ Այդ օրվանից սիրեցի արվեստը, կինոն, թատրոնը։ Ընտանիքիս անդամները միշտ գնահատել են արվեստը, բայց մեծագույն հարգանքը դեպի թատրոնը ու կինոն, կարծում եմ, որ իմ միջոցով է փոխանցվել նրանց։ Օրերս լցված են թատրոնով. ամեն օր կարդում եմ բեմական արվեստի մասին բազմաթիվ ձեռնարկներ, ասմունքում եմ, քննադատորեն դիտում եմ ֆիլմեր ու ներկայացումներ, քաղում դրանցից ինձ համար կարևորն ու անհրաժեշտը։ Կարճ ասած՝ ապագա մասնագիտությունս ապրելակերպ եմ դարձրել։

Ռազմիկը կարծում է, որ դերասան դառնալու համար երեք հատկանիշ է անհրաժեշտ ունենալ՝ աստվածատուր շնորհ, աշխատասիրություն և սեր, անսպա՜ռ սեր դեպի թատրոնը։ Իր խաղացած դերերից առանձնացնում է  Հովհաննես Թումանյանի «Նեսոյի քարաբաղնիսը», որտեղ նա մարմնավորում էր Աբգարի դերը, իսկ հաջողությունների մասին առայժմ լռում է.

-Մեծ հաջողությունները դեռ առջևում են, որովհետև թատրոն գնալիս մի թաքուն զգացողություն ունեմ՝ մի բարի նախանձ, թե երբ եմ տրվելու այդ հրաշքին ու զգալու իսկական դերասան լինելու հաճույքը,- ասում է նա,- ներկայիս մեծագույն հաջողությունը ճիշտ ժամանակին ճիշտ մարդկանց հանդիպելն է։ Հպարտորեն եմ ասում, որ թատրոնի հանդեպ ունեցած սիրուս շնորհիվ ձեռք եմ բերել Լուսին Կիրակոսյանի, Լուիզա Ղամբարյանի պես ընկերներ, որոնք միշտ պատրաստակամ են օգնելու։ Չնշել չեմ կարող նաև իմ լավագույն ուսուցչի՝ Տաթև Ղազարյանի մասին, ում տված դասերն անգերազանցելի ներգործություն են ունեցել ինձ վրա։

Իր աշխատասիրությամբ ու բոլոր դժվարությունները պատվով հաղթահարելու և իր երազանքին հասնելու ձգտումով Ռազմիկը օրինակ է իր հասակակիցների համար, իսկ նրա կյանքի ճանապարհին նրա համար լավագույն օրինակը և ոգեշնչման աղբյուրը մշտապես եղել է Սոս Սարգսյանը.

-Ես նրան չեմ տեսել, բայց ամեն վայրկյանս լցված է Սոս Սարգսյանի անտես ներկայությամբ։ Նա ասում էր, որ անհրաժեշտ է միշտ լսել սրտի և հոգու կանչը։ Նրա շնորհիվ ես լսեցի իմ սրտի կանչը, այն, որ թատրոն է կոչվում…

Հ.Գ. Թող ներող լինի Ռազմիկը ամբողջ տեքստում «Թատրոն» բառը  փոքրատառով գրելու համար։ Նա միշտ այն մեծատառով է գրում։

«Ես միշտ ձեզ հետ եմ, ձեր մեջ»

Շիրակի մարզի Արթիկ քաղաքի 4-րդ հիմնական դպրոցում կազմակերպվել էր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա և գիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառում։ Միջոցառումը կազմակերպել էին 2-րդ դասարանի դասվար Լուսինե Պետրոսյանը և 3-րդ դասարանի դասվար Աննա Ոսկանյանը։ Թե՛ երկրորդ, թե՛ երրորդ դասարանի աշակերտները մեծ ոգևորությամբ էին պատրաստվել ու մասնակցել միջոցառմանը։

Միջոցառումը սկսվեց «Լոռեցի Սաքոն» պոեմի նախերգանքով։ Հանդիսատեսը դիտեց կարճամետրաժ ֆիլմ Դսեղի գեղեցիկ բնության մասին։

«Մեր գյուղն էն է, որ հպարտ

Լեռների մեջ միգապատ

Խոր ձորերի քարափին,

Ձեռը տված ճակատին՝

Միտք է անում տխրադեմ

Ի՞նչ է ուզում՝ չգիտեմ»։

Հետո Թումանյանը սկսեց խոսել իր իսկ ստեղծած հերոսների հետ։ Թումանյանը մեծ գորովանքով է դիմում Գիքորին, Սասունցի Դավթին, քեռի Քուչիին, Քաջ Նազարին, Սարոյին ու Անուշին։

Աշակերտները բեմադրեցին «Պոչատ աղվեսը», «Ծիտը» հեքիաթներից հատվածներ։ Բեմադրության մեջ ծիտը և աղվեսը ամեն ինչ անում են իրենց նպատակին հասնելու համար։ Քաջ Նազարն էլ հայ տղամարդուն բնորոշ վճռականությամբ և կնոջն ապացուցելու ձգտումով գնաց «քարվան կտրելու»։

Թումանյանի բոլոր հերոսները մոտ ու հարազատ են, արյունակից այնքան, որ նրանց ուրախությունն ու տառապանքը, նրանց փորձն ու փորձանքը ընթերցողինն են։ Թումանյանի ստեղծագործությունների աշխարհի դուռը բացելիս ու ներս մտնելիս զարմանում ու հիանում ես։

Հեքիաթային տրամադրությունն ընդհատվեց «Ամպի տակից ջուր է գալիս» երգով ու աղջիկների նազանի պարով։ Այսօր էլ Անուշի պես շատ սիրահարներ չեն կարողանում մոռանալ իրենց սիրած յարին։

Միջոցառման ավարտին մասնակիցները միմյանց գրքեր նվիրեցին։ «Ես միշտ ձեզ հետ եմ, ձեր մեջ»,- սրանք են թումանյանական խոսքերը, և իրոք, նա միշտ մեզ հետ է, քանի դեռ մենք նրան հիշում ենք։