vahe stepanyan

Հանկարծակի աշուն

Աշուն։ Ես զգացի, որ աշուն է միայն այսօր։ Այսօր, երբ ոչինչ չկասկածելով, բացեցի աչքերս, սովորականի պես, սովորականի պես 23 վայրկյան նայեցի խունացած առաստաղիս  երկնագույնին։ Հետո, երբ անցավ 23-րդ վայրկյանը, սովորականի պես վեր թռա։ Բայց չանցավ երևի մի լրիվ վայրկյան, ու ես նորից պառկած եմ՝ վերմակիս մեջ կուչ եկած։

Անսովոր էր։ Ախր, մրսեցի։ Քանի ամիս չէի մրսել։ Մրսեցի , որովհետև աշնանային սառն ու թարմ օդը լցվում էր սենյակս իմ կոտրված ապակիներով պատուհանից։ Ամռանն էր կոտրվել։ Չէ, կներեք, գարնանը՝ մայիսի վերջին։ Գիժ քամին էր, էլի։ Ու ես մինչև հիմա ականջ չդրեցի ոչ մեկին ու մնացի փակվող փեղկերով, բայց իրենից անկախ, միշտ բաց պատուհանով։

Էդպես էլ էդ պատուհանից ներս մտած սառը օդը «արմունկով բզեց կողքիցս» ու պարզ լսվող, հոգնած ձայնով ասաց.

-Վահե, այ, Վահե։

-Հը՞։

-Տես, աշուն ա։

Տաքացա։ Մարմնիս կծիկը բացվեց։ Ու հետո լավ զգացի։ Շատ լավ։ Ես արթուն եմ ժամը 6-ին։ Կարող եմ հանգիստ 2 ժամ էլ քնել։ Կամ պառկել ու մտածել։ Էնքա՜ն մտածելու բաներ կան…

Մտածեցի աշնան մասին։ Հետո գաղտնի ուրախացա, որ աշունը նոր է սկսվել։ Վերջապես հաճույքից ժպիտ ձգվեց դեմքիս, երբ հասկացա, որ իմ հոկտեմբերին դեռ 2 շաբաթ էլ կա։ Ոտքս դուրս կախեցի վերմակիս տակից ու նորից զգացի. հա, էլի, իրոք որ: Աշուն է, որ կա։ Աշուն, որին ես սպասել եմ։ Գիտեք` ինչո՞ւ։ Որ մրսեմ …

«Անկախությունը տարբեր սերունդների աչքերով»

Լուսանկարը՝ Գայանե Ավագյանի

Լուսանկարը՝ Գայանե Ավագյանի

Զարմանալի է, բայց կան բառեր, որոնք գույն ունեն, համ ու հոտ, ձև ու ձևապատկեր: Ո՞րն է ազատության  գույնն ու հոտը, ձևն ու ձևապատկերը: Այս հարցերին փորձել են պատասխանել Կոտայքի մարզի տաղանդավոր մանուկները: Աբովյան քաղաքի Հայ-Ռուս բարեկամության թանգարանում  տեղի ունեցավ «Անկախությունը տարբեր սերունդների  աչքերով»  նկարների ցուցահանդես: Կոտայքի մարզի երիտասարդ և փոքրիկ նկարիչները ազատության մասին իրենց գաղափարները հանձնել էին թղթին: Նկարների առարկաները  տարբեր էին`աղավնիներ, բնության երևույթներ, Երկիր մոլորակ, ՀՀ խորհրդանիշներ, մանուկների վառ աչուկներ և իհարկե, երփներանգ  գույներ, այս ամենը ներառված էին փոքրիկների նկարներում: Ապագա նկարիչներից ամենախիզախները  մեզ պատմեցին իրենց և իրենց նկարների մասին.

Շահբազյան Սուսաննա

Լուսանկարը՝ Գայանե Ավագյանի

Լուսանկարը՝ Գայանե Ավագյանի

-Այսօրվա ցուցահանդեսին դրվել է իմ նկարած կուժերը: Տասը տարեկանից նկարում եմ: Սիրում եմ բնության տեսարաններ նկարել: Երբ փոքրիկ էի  անընդհատ նկարում էի, երբ դարձա տասը տարեկան, մայրիկս ինձ տարավ նկարչության դասերի: Ուրախացա, երբ իմացա ցուցահանդեսին իմ նկարն էլ է լինելու:

Արամյան Քնարիկ

Լուսանկարը՝ Գայանե Ավագյանի

Լուսանկարը՝ Գայանե Ավագյանի

-Նկարել եմ արագիլ` շրջապատված պատերով: Արագիլն ուզում է պատերի ներսից դուրս գալ և ազատ թռչել իր համար դեպի ազատություն: Ազատության մեջ վառ գույներ կան: Արագիլն էլ իմ խաղաղության խորհրդանիշն է: Խաղաղության գույնն էլ սպիտակն է:

Էլիզա Բաղրումյան

-Որոշեցի ցուցահանդեսին ներկայացնել իմ նկարած կուժը, որի մեջ վառ գույների ծաղիկներ են: Ծաղիկներն էլ խորհրդանշում են  խաղաղությունը: Խաղաղությունն էլ, մտածում եմ, վառ գույներ ունի:

Չերքեզյան Նոյեմի

Լուսանկարը՝ Գայանե Ավագյանի

Լուսանկարը՝ Գայանե Ավագյանի

-Ես Բյուրեղավանից եմ: Երբ ասացին ցուցահանդեսի մասին, որոշեցի նկարել Հանրապետության հրապարակը գեղեցիկ գույներով: Ուզում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը այսպես գունավոր միշտ լինի: Մարդիկ էլ, տեսնելով խաղաղության  գույները, ուրախանան:

Լուսանկարը՝ Գայանե Ավագյանի

Լուսանկարը՝ Գայանե Ավագյանի

Լուսանկարը՝ Գայանե Ավագյանի

Լուսանկարը՝ Գայանե Ավագյանի

Լուսանկարը՝ Գայանե Ավագյանի

Լուսանկարը՝ Գայանե Ավագյանի

Mane Minasyan

Հայաստան ասելիս

Փոքր տարիքում, երբ այս նույն ամսաթիվն էր մոտենում, վերցնում էի հանրագիտարաններն ու պատմության գրքերը, սկսում փորփրել անցյալն ու իր գաղտնիքները:

Այս տարի, քանի որ մի քիչ մեծացել եմ, ուզում եմ խոսել այն մարդկանց հետ, ովքեր տեսել են Հայաստանը ոչ անկախ տարիներին, տեսել ու ապրել են անկախ Հայաստանում, այն մարդկանց հետ, ովքեր կյանքի գնով են պահպանել այդ անկախությունն, ու այն մարդկանց, ովքեր ծնվել ու ապրում են անկախ Հայաստանում, ովքեր տերն են այս անկախ Հայաստանի:

Ուզում եմ հասկանալ այս 25 տարվա պատմությունը, ուզում եմ իրենց հպարտ աչքերը տեսնել Հայաստան ասելիս:

Ուզում եմ ու այդպես էլ անում եմ:
Վերցրեցի  թուղթն ու գրիչը, ու քայլերս ուղղեցի դեպի ուսուցչանոց: Ուսուցչանոցի աթոռներն ազատ էին, սակայն ես պետք է գտնեի դպրոցի քայլող հանրագիտարանին՝ պատմագետ Վերա Խաչատրյանին: Քայլերս ուղղվում են դեպի այն դասարան, որտեղ, ըստ դասացուցակի նա դաս է պարապում:
Դուռը կիսաբաց էր, միջանցքի լռության մեջ լսվում էր միայն նրա ձայնը. «Անկախությունը յուրաքանչյուր հայի համար դարերով  երազած օդ ու ջրի նման անհրաժեշտ մի իրողություն է»… Ըհը, թեման էլ համապատասխանում է:
Մտնում եմ ներս ու անմիջապես հարցնում.

-Իսկ ի՞նչ տվեց այդ անկախությունը:

-Անկախությունը մեզ տվեց անկախ հայրենիք, առաջին հերթին, որտեղ ես երազում էի ապրել ազատ, կենսամակարդակը բարձր հայրենիքում` հայրենի հողի վրա, բայց ինչպես մեր հայոց մեծերից մեկն է ասել. «Ես  այսօր համոզվեցի,  որ պետությունը պատկանում է իշխանությանը, իսկ երբ վտանգ է սպառնում այդ տարածքին, այն վեր է ածվում հայրենիքի և տրվում հասարակ ժողովրդին»:

-Իսկ ի՞նչ կորցրեցինք անկախացման ընթացքում:

-Այս ընթացքում հայ ժողովուրդը կորցրեց այն բավականին բարձր մակարդակի հասած սոցիալական ապահով վիճակն ու կենսամակարդակը: Ճիշտ է, նվաճումներ ունեցանք շատ բնագավառներում, բայց այն միջին բարձր սոցիալական վիճակը, որում գտնվում էին մեր ժողովրդի 90%-ից ավելին, այսօր չկա: Այսօր կա հասարակության բևեռացում` մի բուռ վերնախավ ու մեծամասնականների խիստ ցածր կենսամակարդակ, որը անհանդուրժելի է յուրաքանչյուր դեմոկրատական երկրում:

-Մի՞թե արժեր այս տառապանքի ուղին անցնել:

-Արժեր, գտնում եմ, որ արժեր, որովհետև ինչ-որ տեղ հույսի նշույլ ունեմ, որ կշտկվի, կուղղվի ամեն ինչ, որ պղտորված ջրերը դեռ կպարզեն,  որ ջրի հատակի ծանր քարերը դեռ կերևան:

Եվ կունենանք այն, ինչ-որ երազել են դարերով մեր ժողովրդի լավագույն զավակները, ինչի համար պայքարել են, ինչի համար ամենաթանկն են տվել` կյանքը: Կյանքն են տվել, եթե դա չլինի, ապրելն անիմաստ է դառնում:

 Արժեր, ոչ անկախ Հայաստանը տեսած այս կնոջ աչքերի փայլն իրոք արժեր տեսնել: Ու այդ պահին մտածում եմ, եթե նույն հարցին պատասխանի պատերազմի ժամանակ հորը կորցրած, պատերազմի մասնակցած մարդը, նրա աչքե՞րն  էլ այսպես կփայլեն:
Դուրս եմ գալիս դասարանից ու շտապում գտնել դպրոցի ՆԶՊ-ի ուսուցիչ պարոն Վարդանյանին:

-Պարոն Վարդանյան, արդյո՞ք սա Անկախ Հայաստան է:

-Վստահ եմ իմ ու ինձանից հետո եկող սերնդի վրա, որովհետև ճանաչելով նրանց, շփվելով նրանց հետ, հասկացել եմ, որ նրանք են կերտելու ու տանելու դեպի հզորացման մեր պետությունը: Մեր անկախությունը մենք պահպանելու ենք:

-Քառօրյա պատերազմի ժամանակ գտնվում էիք առաջնագծում, ի՞նչն էր Ձեզ այնտեղ հասցրել:

-Ապրիլյան դեպքերին մասնակցելն արդեն ինքնին ասում է, թե ես ինչու էի գնացել այնտեղ. հայրենիքը պաշտպանելու: Ես չէի գնացել զոհվելու, այլ պաշտպանելու հայրենիքս: Չնայած կարող եմ ասել, որ հայրս էլ է զոհվել հանուն հայրենիքի, իսկ ես նրա որդին եմ, ընդամենը:

Փայլեցին, նրա աչքերն էլ փայլեցին, իմն էլ երևի փայլեց, երբ լսեցի, որ մենք նույնպես արժանի զավակ ենք այս հզոր պետությանը: Հասակակիցներիս աչքերի փայլն էլ եմ ուզում տեսնել: Քայլում եմ դեպի դասարան:

Կանգնում եմ մեջտեղում ու հարցնում.

-Ի՞նչ եք զգում Հայաստան ասելիս:

-Հայաստան ասելիս հպարտություն եմ զգում,- Վահեն էր, նրա աչքերն էլ փայլեցին:

Ձանգում եմ մտերիմներիցս մեկին.

-Միլ, Հայաստան ասելիս ի՞նչ ես զգում:


-Մա՞ն, ինչի՞ ես միանգամից էդ հարցը տալիս: Սեր եմ զգում, պարզ չի՞:

Փայլեցին, ևս մի հայի աչքեր փայլեցին…

Իմն էլ է փայլում,  առավոտայն ինձ հուզող հարցի պատասխանն եմ գտել, հա, առավոտյան մտածում էի` արդյո՞ք սա Անկախ Հայաստանն է,  հիմա հաստատ կարող եմ ասել, որ, Այո, սա է հենց Անկախ Հայաստանը:

Շնորհավոր իմ ու քո, մեր Հայաստանի անկախացման 25 ամյակը:

milena khachikyan

Երբ առջեւում անկախության օրն է

«Պիտի գնաս տուն ու գրես: Պիտի թողնես ամեն տեսակ դաս կամ պարապմունք, թողնես ու գրես: Պիտի էնպես գրես, որ կարդան ու ծայրեծայր զգան, որ կարդան ու… Հավատան քեզ»:

-Կարո՞ղ ես, փորձի՛ր,- կրկնում էի ինձուինձ ողջ ճանապարհին:

Երեկոյանում էր: Դուրս էի եկել տանից ու չէի կարողանում հասնել ուզածս տեղը: Դե պարզ է՝ խցանում էր: Սովորական բան է երեկոյան Երևանում, հատկապես, երբ առջևում անկախության օրն է:

Ուրեմն՝ Իսակովի պողոտայում էի: Ինձ համար մի կողմ քաշված՝ Բրել էի լսում.

Ne me quitte pas,
ne me quitte pas,
ne me…

«Ու տուն կդառնանք հաղթությամբ էսպես,
ծափով-ծիծաղով ախպերս ու ես…»

Գլուխս բարձրացրի՝ Բրելին ընդհատելով: Պատուհանիս մյուս կողմում ՊՆ ավտոբուսներից էր, ներսում՝ մի խումբ զինվորներ: Ժպտում էին ու երգում, երգում էին ու ժպտում: Ներքին ինչ-որ խաղ կար իրենց մեջ, ինչ-որ անհոգ վիճակ, որ պարտավորեցնում էր էդքան լուրջ չլինել: Մինչ կհասցնեի ժպտալ, ավտոբուսը առաջ ընկավ՝ իր հետ տանելով հազար ու մի սպասում, հազար ու մի երազ:

«Անկախության տոնի նախապատրաստական միջոցառումներին են եկել երևի », – մտածեցի ինձուինձ:

Խցանումը դեռ շարունակվում էր, երբ մեզ զուգահեռ երևաց երկրորդ ավտոբուսը: Էստեղ տղաները լուրջ էին, քիչումիչ ժպտում էին, բայց լուրջ էին ավելի: Թվում էր՝ պարտավորեցնում էին զգոն լինելու, լինելու միշտ պատրաստ գրեթե ամենին:

Շարունակում էի նայել պատուհանից, երբ խցանման մեջ հայտնված մեքենաներից մեկի դուռը բացվեց, և մի կին շտապելով դուրս եկավ էնտեղից: Զարմացա, չգիտեի՝ ինչն ինչոց է: Մեկ էլ տեսնեմ՝ մոտեցավ տղաներին, պատուհանի միջով երկու տուփ ծխախոտ փոխանցեց և արագ վերադարձավ իր մեքենան: Ես չգիտեմ՝ ինչպես գրեմ էս սիրուն պահի մասին, որ չփչացնեմ, որ լիարժեք փոխանցեմ տեսածս մարդկայինը:

Ամերիկահայ Վիլյամը ասում էր՝ փնտրիր ամենուրեք բարին և ժպտա կեցության անծայր խնդության ու գաղտնիքի հանդեպ: Ես սրանից ուժեղ բարություն կգտնեի՞, իսկ զինվորի ժպիտից ուժեղ խնդությո՞ւն:

Տղաները վերցրին ծխախոտը որքան զարմացած, նույնքան էլ սիրով: Երևում էր, թե իր փոքրիկ քայլով էդ կինն ինչպես շոյեց ինքն իրեն, դե տղաների մասին էլ չասեմ:

Մի քանի րոպեից տեսադաշտս փոխվեց, ականջակալներիս երգը՝ ևս:

И на рассвете вперёд уходит рота солдат
Уходит, чтоб победить и чтобы не умирать
Ты дай им там прикурить, товарищ старший сержант
Я верю в душу твою солдат, солдат, солдат.

Լյուբեն է՝ երբեք չհնացող իր երգերով…

Օրվա վերջում, երբ անցնում էի նույն ճանապարհի հակառակ ուղղությամբ, տեսա նույն ավտոբուսներն արդեն լրիվ դատարկ, տեսա ու հասկացա, որ պարտավորեցնող է ապրելը: Էսքան բան:

Պիտի գայի տուն ու գրեի: Պիտի թողնեի ամեն տեսակ դաս կամ պարապմունք, թողնեի ու գրեի: Պիտի էնպես գրեի, որ կարդային ու ծայրեծայր զգային, որ կարդային ու հավատային ինձ… Հավատային վաղվա օրվան:

marta minasyan

Ընտրությունները Սիսիանում

Երևի բոլորիդ ծանոթ է այն երևույթը, որ յուրաքանչյուր ընտրությունների ժամանակ (խոսքը միայն նախագահի ընտրությունների մասին չէ) այս տարի մեր քաղաքում էլ քաղաքապետի ընտրություններն են կայանում: Ես առաջին անգամն է, որ ակտիվորեն հետևում եմ այդ ամենի ընթացքին:

Ես գիտեի, որ մեր քաղաքում բոլորը միմյանց ճանաչում են: Սակայն այս անգամ ավելին էր. քաղաքացիները չափազանց լավ տեղյակ են մեկը մյուսից, և քանի որ հիմա քաղաքապետի ընտրություններ են, նրանք խոսում են թեկնածուներից:

Ինչ ասես չիմացանք այդ մարդկանց մասին: Էլ չեմ ասում, որ զանազան հոդվածներ են գրվում նրանց մասին: Կային բազմաթիվ հոդվածներ` քննադատական, գովաբանող, օրինակ` «Քաղաքապետի  աթոռին քրեական հանցագործ», «Քաղաքիս դիմագիծը», ինչպես նաև թեկնածուներին ներկայացնող  լուսանկարներ և այլն:

Քաղաքապետի ընտրություններին  զուգահեռ անցկացվում են Սիսիանի ավագանու ընտրություններ, և սա ինձ համար փոքր ինչ  ցավոտ հարց է: Ավագանու թեկնածուները հիմնականում երիտասարդ են: Իմ բախտը բերել է, որ ընտրելու իրավունք չունեմ: Դա լավ է նրանով, որ չեմ տատանվի, թե ում ընտրեմ, քանի  որ ես ճանաչում և հավատում եմ գրեթե բոլոր ուժերին և  բոլորին շատ եմ հավանում: Մեկի մասին իմանալուց հետո իմանում եմ մյուսի մասին: Օրինակ, այսօր ևս նոր ավագանու թեկնածուի պաստառ տեսա  և նրան ևս  հաջողություն մաղթեցի:

Ինչ ասեմ…Առաջին տարին հետևեցի ընտրություններին և բավական շատ բան իմացա մեր քաղաքի բնակիչների մասին:

Հաջողություն եմ մաղթում բոլորին: Թող իսկապես ընտրվեն նրան, ովքեր իրենց խոստումները կիրագործեն:

narek babayan

Աղվերանի մեդիա ճամբար. Սենց էլի

Բարև։ Եթե դու կարդում ես այս նյութս, ուրեմն դու կամ ուղղակի 17-ի հետևորդ ես ու հանդիպել ես այս նյութիս, կամ էլ իմ ծանոթներից ես, ով ինձ հարցրել է, թե ինչի մասին էր մեր ճամբարը, ոնց անցավ ու ինչ արեցինք, ես էլ ալարելով պատասխանել, ասել եմ, որ գաս ու կարդաս  այս նյութս։ Դե, կամ էլ երկուսը մեկում։

Սկսեմ դրանից, ինչը բոլորը գիտեն։ Մեր ճամբարի նպատակը սաներին ավելի հմտացնելն էր ֆոտոյի, կինոյի ու լրագրության մեջ։ Դե, դա ճամբարի չոր ու ցամաք սխեման է։ Իրականում ճամբարը մեզ երևի ամեն ինչ տվեց։ Այսպես ասած՝ կատարելագործեց մեզ։ Իմ կարծիքով, դրա համար մեզ ամենաշատը պետք էր ուղղակի շփվել ուրիշ մարդկանց հետ, ինչը «Մանանա» թիմը լիովին ապահովեց։ Դե, հո մենակ էդ չէ՞ր, սենց որ խոսեմ, մի գիրք կգրեմ, կդառնամ գրող, ողջ կյանքս ինձ կտամ գիրք ու գրչին, ազատ ժամանակ չեմ ունենա։ Այնպես որ, իմացեք. անմոռանալի լավ էր, ում հասնեմ, պատմելու եմ,եթե չալարեմ էլի։

Դե լավ, երկար չծավալվեմ, խոսելս չի գալիս։ Կարոտում եմ բոլորին ու ամեն ինչ՝ սկսած միստիկ Պ տառից, ավարտած մեր սենյակակից տղաներով։ Էհ, ինչ արած։ Հո հավերժ չէ՞ր լինի էս ամենը։ Մի օր պիտի ավարտվեր, էլի։ Գնամ սրտաճմլիկ «փոստեր» անեմ` նվնվանք։

Աղվերանի մեդիա ճամբար. Հարազատ դարձած դահլիճը

Արդեն ժամը 13:30 է: Ես վաղուց արդեն նախաճաշել եմ և անհամբերությամբ սպասում եմ, թե երբ են հայտարարելու, որ հավաքվում ենք կոնֆերանս դահլիճում: Դեռ այսպիսի բան չէր եղել, որ նախաճաշից այսքան անցնի, և մենք դեռ ազատ լինենք: Չեմ հասկանում, ո՞ւր են ընկերներս, որ իրենց ժպիտներով ինձ էլ են ստիպում ժպտալ: Գուցե բոլորը քնա՞ծ են մնացել, բայց այսքա՜ն երկար: Անհնար է: Իսկ եթե պատրաստվում են ֆոտոարշավի կամ ֆիլմի նկարահանման: Այդ դեպքում ինչո՞ւ ինձ էլ չեն ասել: Ինչո՞ւ եմ ես այստեղ նստած սպասում և չեմ պատրաստվում:

Ա՜խ, հա՜: Ոնց էի մոռացել: Մենք արդեն տանն ենք: Եվ ես արդեն պետք է գործեմ իմ սեփական օրակարգով, ոչ թե ճամբարի: Էլ անընդհատ չեմ նայելու օրակարգին, որ տեսնեմ՝ ով է գալու վարպետության դասի: Էլ անհամբերությամբ չեմ սպասելու «ազատ ժամանց»  կետին ու մտածելու, թե այսօր ինչ խաղ ենք խաղալու: Գիտեք, երևի տանը մի հարմար անկյուն գտնեմ ու անունը դնեմ կոնֆերանս: Այդ անկյունը պետք է լինի տրամադրող, աշխատանքային, բայց միևնույն ժամանակ, չճնշող ու շատ հաճելի:

Բայց չէ: Մի կարևոր բան պակաս կլինի՝ մարդիկ, ովքեր ինձ շրջապաըում էին կոնֆերանսում: Իսկ ինչպես գիտեք, կոնֆերանսը երբեք այսքա՜ն հաճելի վայր չէր լինի, եթե ես մենակ լինեի այնտեղ, և չլինեին իմ սիրելի ընկերները: Այն շատ թանկ էր, որովհետև բոլորս միասին էինք՝ մեր մեծ ընտանիքով:

anush mkrtchyan

Աղվերանի մեդիա ճամբար. Գայանեն

Երևի գիտեք, որ Աղվերանում էի, «Մանանայի» մեդիա ճամբարին: Նախքան ճամբարը որոշվել էր, թե ով ում սենյակից է լինելու և սկսեցին հայտարարել սենյակակիցներիս անունները: Լսեցի Գայանեի անունը: Հայացքով փնտրեցի ու գտա ժպտերես, երևի իմ հասակի մի աղջկա, ով իմանալով, որ իրար սենյակից ենք լինելու, հեռվից ինձ ձեռքով արեց՝ որպես ծանոթության նշան:  Հետո մի քանի բառ էլ խոսեցինք ու արդեն Աղվերան հասանք, մտանք սենյակ ու …

Դե ինչ են անում աղջիկները, երբ նոր են ծանոթանում, դուք պատկերացրեք…

Հիմա այն մասին, թե ով է Գայանեն: Ինձ համար Գայանեն աշխարհի ամենաքնքուշ էակներից է, սակայն միաժամանակ ուժեղ մարդ է, նպատակասլաց ու սիրում է օգնել: Դեռ բերանս չեմ բացել, որ մի բան ուզեմ, ու Գայանեն ասում է.

-Հա ջան:

Ուղղակի այսպես կավարտեմ.

-Գայ, ես քեզ շատ սիրեցի, միշտ ժպտա, կսպասեմ քո նյութերին 17-ում ու նոր հանդիպման:

serine harutyunyan

Աղվերանի մեդիա ճամբար. Զորացրվեցինք, բա հետո ՞

«Էրեխեք, լավ էլի, թողեք հանգիստ զորացրվենք, գնանք»: Այս արտահայտությունը կարելի էր լսել մեդիա ճամբարի շատ մասնակիցներից, հատկապես՝ Էլյանորայից, երբ ինչ-որ մեկը փորձում էր անկարգություն անել: Դե, հիմա ասեմ, ախր, այ երեխեք ջան, կարո՞ղ է` խելոք չմնայինք, չզորացրեին: Հաստատ հյուրանոցում չէին պահի, բայց նույնիսկ եթե «պատժախուց» ուղարկեին, գոնե իրար հետ կլինեինք: Առօրյան համեմված կլիներ Ժորայի ու իր աշակերտների յուրահատուկ պարերով, Եվայի ծիծաղելի ու վարակիչ ծիծաղով, Սարգսի հարցերով, Մարթայի մարզասրահ գնալու կոչերով, Հռիփսիմեի հաց չուտելով ու էլի լիքը անմոռանալի բաներով: Հա՜, ու իհարկե, «պատժախցի» ներքևի հարևանների բողոքներով:
Երեխեք, արդեն կարոտել եմ, կարոտել եմ մեզ միասին: Կարոտել եմ մեր ճաշարանը, մեր կոնֆերանսը: Անգամ միջանցքով ուշացած դեպի կոնֆերանս վազելն եմ կարոտել: Նյութ գրելու պատճառով գիշերը չքնելն եմ կարոտել: Կարոտել եմ, ու թեկուզ միայն ձեզ նորից տեսնելու համար ծույլիկություն չեմ անելու, նյութեր եմ գրելու, ֆոտոներ ու վիդեոներ եմ անելու: Անպայման, մի օր էլի տեսնելու եմ ձեզ: Տեսնելու եմ մեզ, միասին:
«Էրեխեք, լավ էլի, թողեք հանգիստ զորացրվենք»: Զորացրվեցինք, բա հետո՞…

Լուսանկարը՝ Մարիա Պողոսյանի

Ցախի օրեր

Գաղտնիք չէ, որ գյուղում ձմեռը ամառվանից է սկսում: Ամռանը պատրաստում ենք մրգային կոմպոտներ, չրեր, մուրաբաներ… և կտրում ենք ցախ: Ցախ կտրելն իմ ամենասիրելի զբաղմունքներից մեկն է աշխարհում: Կտրում են հիմնականում ամռանը և վաղ աշնանը: Վերջերս գնեցինք մոտ 5 խորանարդ մետր վառելափայտ: Դե, բնականաբար, ես միայնակ չկոտրեցի ամբողջը: Գործին միացան եղբայրս, հայրս, և գյուղի տղերքը: Մինչև գիշեր կեսը կոտրեցինք: Կոտրելու ընթացքում միտք հղացավ նկարել անիմացիոն ֆիլմ: Երևի կարիք չկա ասելու, արդեն հասկացաք, որ ֆիլմի հետ կապված բոլոր հմտությունները սովորել եմ մեդիա ճամբարում՝ ուրիշ որտե՞ղ…

Առավոտյան վաղ արթնացա, լվացվեցի, վերցրի հեռախոսն ու իջա բակ: Մի գլդորան օգտագործեցի որպես եռոտանի: Փայտերի օգնությամբ հարմարեցրի հետախոսը դրա վրա: Ու սկսեցի դասավորել փայտերը:

Ամեն փայտ դնելուց հետո գալիս ու նկարում էի:  Այնուհետև մոնտաժեցի ֆիլմը: Ֆիլմի հետ կապված ամբողջ աշխատանքը կատարվել է երեք ժամում: Թե՛ նկարահանումը, թե՛ մոնտաժը ես եմ արել: Հուսամ կհավանեք: Բարի դիտում :