davit aslanyan

Առողջությունից թանկ առողջ սնունդ կամ առողջ սնունդը առողջությունից թանկ է

Մեր օրերում, երբ առողջ սնունդ քարոզվում է գրեթե ամենուր, այն շարունակում է մնալ թանկ և շատերի համար ոչ մատչելի: Եվ սա կարծիք չէ, այլ փաստ: Իսկ ի՞նչ է առողջ սնունդը: Մրգերի ու  բանջարեղենի օգտագործո՞ւմ, թե` արագ սննդի ու խոլեստերինի բացառում: Կարծում եմ և՛ մեկը, և՛ մյուսը: Միայն թե հավասարությունը պահելը այնքան էլ հեշտ չէ, ու շատ հաճախ նաև թանկ արժե: Իսկ հիմա մտածենք ինչպես սպառողը: Թանկարժեք սնունդը դարձնել սննդակարգ ոչ բոլորին է հասանելի, իսկ նրանք, ում համար այն հասանելի է, դժվար թե հրաժարվեն ավելի թանկ անառողջ սննդից: Մյուս կողմից, միշտ կարելի է լսել գյուղացիների բողոքները մթերքը իրացնել չկարողանալու և էժան մթերումների մասին: Եթե մթերումներն են էժան, ապա մեղավոր են վերավաճառողները: Մյուս կողմից, մայրուղիներում միրգ ու բանջարեղեն վաճառող գյուղացիների կրպակներում գներն էապես չեն տարբերվում, որակը` նույնպես: Փաստորեն առողջ սննդից առաջ դեռ առողջ մրցակցություն է հարկավոր: Ու հենց այս անառողջ մրցակցությունից են ծնվում առողջ ֆրեշների անհամեմատ բարձր գները ոչ այնքան առողջարար կոլայի և մյուս գազավորված զովացուցիչ ըմպելիքների հանդեպ:

Իսկ ինչպե՞ս բուժել մրցակցությունը: Ցավոք, այս հարցի պատասխանը դեռ չեմ գտել: Բայց քանի դեռ առողջ սնունդը մնում է ավելի թանկ, քան առողջությունը (դեղորայքն ու բուժումը), շարունակում ենք բուժել ոչ թե մրցակցությունը, այլ`մեզ:

Եթե հանկարծ

Ես բացում եմ աչքերս, և թվում է՝ ամեն ինչ լավ է: Դպրոցում ինձ ոչ մեկը չի սպասում, գնալու ոչ մի տեղ չունեմ, մայրս էլ տանն է, և ուրեմն՝ բարի լույս: Հետո նայում եմ գրասեղանիս, որտեղ կողք-կողքի «լռում են» իմ Սարոյանն ու շտեմարանը, և հասկանում եմ, որ այսօր էլ առաջինի համար գուցե ժամանակ չմնա: Մի քանի ամիս է մնացել, շուտով ամեն ինչ կավարտվի, և շտեմարաններն այլևս չեն խլի իմ ժամանակը, իսկ այսօր…Այսօր դեռ կիրակի է, և ուրեմն ինչ-որ բան այն չէ: Չգիտեմ՝ ինչու իմ բոլոր կիրակիները դժվարությամբ են առաջ շարժվում, ես փորձում եմ Սարոյանի փիլիսոփայությամբ հասկանալ, թե իմ աշխարհում որտեղ և ինչն է սխալ, բայց…

Կար ժամանակ, երբ ինձ համար կարևոր չէին եղանակը, ամիսը, օրը, երբ ես օտար էի ամեն տեսակ մեղքին, կորստին…Հայրս պատմում է, որ մի անգամ մանկապարտեզի ճանապարհին հիսուն անգամ իր անունն եմ տվել ու հարցրել՝ իսկ ինչի՞ց է որ, իսկ ինչո՞ւ է, ինչի՞ համար և այլն: Հարցերն, իհարկե, այսօր էլ են շատ, և չնայած նրան, որ այսօր էլ հայրս իմ ամենալավ ընկերն է, ես դրանք չեմ բարձրաձայնում: Ի վերջո հարցեր կան, որոնց պատասխանները միայն մենք գիտենք: Մի օր ես էլ կգտնեմ, մի օր ինքնուրույն կհասկանամ…

Մենք միշտ կարոտում ենք ինչ-որ քաղաք, ինչ-որ փողոց, ինչ-որ մեկին: Հետո ժամանակ է անցնում, քաղաքները փոխվում են, դեմքերը՝ մոռացվում: Քայլում ենք ուրիշ փողոցով, ուրիշ մտքերով և անգամ ծիծաղով ուրիշ, իսկ հետո…Նորից նույնը: Մենք միշտ կարոտում ենք ինքներս մեզ:

-Հերիք է պարապես, մի քիչ ուրիշ բանով էլ զբաղվիր, – լսում եմ մորս ձայնը և հասկանում, որ արդեն մի քանի ժամ է՝ փակված եմ սենյակումս և պարապելուն զուգընթաց վազում եմ մտքերիս հետևից անվե՜րջ, անվե՜րջ: Փակում եմ բոլոր տետրերս և մոտենում դաշնամուրին, որին վերջին ժամանակներում, ցավոք, հասցնում եմ կարոտել:

Երկու տարի առաջ որոշեցի նվագել սովորել: Տանը գործիք չունեի, և որոշումս մի քիչ անիրական թվաց: Բայց ես չհանձնվեցի: Եվ թեկուզ ոչ ոք չհասկացավ, թե երաժշտությունից հեռու այս աղջիկը ինչու հանկարծ սկսեց դաշնամուր նվագել, և թեկուզ ինքս էլ շատ ուշ հասկացա, բայց…Գուցե երաժշտությունը բոլոր այն մարդիկ են, ովքեր այլևս մեր կողքին չեն:

-Այ ապրե՛ս, մի քիչ նվագիր, հանգստացիր:

Մայրս ավարտել է թավջութակի բաժինը, բայց զուգահեռ անցել է նաև դաշնամուր, ինչի համար այսօր ամենաուրախը ես եմ, քանի որ այլևս դասընթացների չեմ հասցնում գնալ, և բոլոր դժվար պահերին առաջինը նա է ինձ օգնության հասնում: Ես միշտ հիացել եմ մորս լսողությամբ, ձայնով, նվագով և զարմացել եմ, թե ինչու նա ժամանակին երաժշտությամբ չի շարունակել:

-Եթե երաժշտությունն ընտրեի, այսօր հորդ հանդիպած չէի լինի, – ասում է նա և վերջակետ դնում:

Եթե այսպես անեի, այդպես կլիներ, այդպես չանեի, այնպես չէր լինի, եթե այսպես, այդպես, այնպես…Իսկ ի՞նչ գիտենք մենք, թե ինչ կլիներ, եթե եթեներից չկառչեինք: Մենք…Իրականում մենք ոչինչ չգիտենք:

Երանի ես կարողանայի շարունակել մորս կիսատ թողած ճանապարհը…

Օրը ավարտվում է արդեն: Դա հիանալի առիթ է ծնողներիս գրկելու համար, ինչը ես երբեք բաց չեմ թողնում:

-Ամեն գիշեր տասնհինգ րոպե մորն է գրկում, տասնհինգ րոպե՝ ինձ, և առավոտյան մենք ուշանում ենք աշխատանքից, – կատակում է հայրս:

Հետո համբուրում եմ եղբորս ու ներում իր՝ այդ օրվա բոլոր չարաճճիությունները:

-Երեխա է, բա առանց դրա՞նց, – մխիթարում է հայրս ամեն անգամ, երբ նրան ինչ-որ բան բացատրելու համար չեմ կարողանում հարմար բառեր ընտրել:

Գրկե՛ք իրար ավելի հաճախ ու ավելի պիտդ, որպեսզի հետո, շա՜տ հետո եթեները գլուխ չբարձրացնեն:

Ժամը տասներկուսն է, պարապմունքս՝ դեռ անավարտ, բայց դա արդեն կարևոր չէ: Ինձ մնում է վերցնել գիրքս, տետրս, մատիտս, միացնել երաժշտությունը և կտրվել աշխարհից մի քանի ժամով:

-Քնի՛ր, ուշ է:

Մի օր ես կհամոզեմ մորս, որ գրող մարդը չի կարող պառկել ու քնել՝ առանց կարդալու, գրելու կամ…Մի քանի ժամով աշխարհից կտրվելու, ինչը վերջին ժամանակներում միակ բանն է, որ ինձ մոտ իսկապես լավ է ստացվում…

-Բարի գիշեր:

Դոլարը

Լուսանկարը՝ Մարիամ Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Մարիամ Հովհաննիսյանի

-Հերիք է տանջեք այդ խեղճին:

Սա ասում եմ ամեն անգամ, երբ տեսնում եմ, թե ինչպես են տանջում Դոլարին: Դոլարը մեր բակի շունն է: Նա շատ մարդասեր շուն է. երբեք որևէ մեկին չի վնասում: Ես շատ եմ սիրում նրան: Ինձ միայն նրա անունը դուր չի գալիս: Կարծում եմ` այն այդքան էլ չի համապատասխանում: Շատերը նրան այլ կերպ են անվանում` Ռուբլի: Իսկ ես նրան Դոնար եմ ասում, քանի որ աղջիկ է: Բակում ապրող բնակիչներին ճանաչում է: Սակայն բոլոր մեծահասակները նրան չեն սիրում:

Հիշում եմ, մի անգամ նա վազում էր մի տարեց կնոջ հետևից, քանի որ կինը հագել էր երկար կիսաշրջազգեստ,  և Դոլարը պարզապես ուզում էր  խաղալ  զգեստի փեշերի հետ: Տարեց կինը մեղադրեց երեխաներին` ասելով, թե հենց նրանք են այնպես արել, որ շունը ընկնի իր հետևից:

Նա շատ աշխույժ է, վազվզում է բոլոր մեքենաների և կատուների հետևից: Ուտելու բան գրեթե չունի: Նրան ճանաչողներն են կերակրում իրեն: Դոլարին շատերն են սիրում, բայց սիրելով հանդերձ, շատ են չարչարում. երեխաները նրան ոտքով են սիրում կամ անընդհատ վազացնում են. ինչ որ բան են գլորում, որ նա վազի:

Դոլարը զգայուն կենդանի է: Սիրում է երբ իրեն շոյում են և դա ցույց է տալիս իր պոչը շարժելով: Նա միշտ էլ կմնա մեր սիրելի շունը:

Ցրտի դեմ տաք հիշողություններ

Ցուրտ է: Իրոք ցուրտ է: Ուզում ես դուրս գալ, բայց չես հասցնում մի 10 քայլ էլ անել, երբ հունվարի ցուրտ քամին այնպես է փչում դեմքիդ, որ միանգամից փոշմանում ու հետ ես դառնում տուն: Ցուրտը դրսում է: Դրսի ցրտի դեմ ինձ օգնում է թեյը, որը ես կուլ եմ տալիս կոպիտ ասած «լիտրերով»: Բայց ախր ներսից էլ ա ցուրտ: Դրա համար ես վերցնում եմ իմ թեյը, փաթաթվում տաք վերմակի մեջ ու պայքարում ներսի ցրտի դեմ: Պայքարում եմ տաք հիշողություններով:

Ամառ: Սիրում եմ ամառը հենց միայն դրա համար, որ ամառը իր հետ բերում է հագուստի «շորտիկ-մայկա-լաթ» համակցությունը: Շոգ է: Ավելի լավ: Քայլում եմ փողոցով դեպի «ցածի թաղեր»: Գետնից գոլորշի է բարձրանում: Բարձրանում ու տաքացնում է իմ առանց այն էլ արևից սևացած մարմինը:
-Աշ, այ Աշոտ:
-Սպասի, հեսա էկամ:
Եկավ: Էլի արևից սևացած մարմին:
Բոլորս էլ սև ենք: Իջնենք դաշտ, մի քիչ ֆուտբոլ խաղանք: Հասանք: Ավելի ճիշտ, հասանք էն այգուն, որը կտրում էր մեզ ֆուտբոլի դաշտից: Այգին էլ հո մի փոքրիկ անտառ է՝ փռված լանջի վրա: Գնդակը առա Արմենի ձեռքից ու «տշեցի» այգու խորքերը:
-Դե քել` գտի:
-Արագացու:
Էհ, գտա: Մի հատ էլ հարված, երևի արդեն ընկավ ֆուտբոլի դաշտ: Հա, ո՞վ պիտի վերցնի, թող մնա: Ախր էս ծիրանի ցոգոլները մեզ են սպասում: Ցույց տալով ալպինիզմի ամենաբարդ հնարքները, մենք բարձրացանք բոլոր ծառերը: Խակ-հասուն՝ ամենը լցրինք փորներս: Հետո էլ` գրպաններս:
-Ռաֆիկ, ջեբերդ լից, հետո, որ ասիր` էս մե հատ տու ցոգոլը, վռելու եմ կլխիդ:
Տռզած հասանք դաշտ: Պառկեցի, աչքերս փակեցի:
Դըխկ: Էն ի՞նչ էր: Հաա՜: Աչքիս Ռաֆոն ցոգոլ ուզեց, Աշոտն էլ իսկականից «վռեց» գլխին: Աչքերս բացում եմ ու տեսնում, որ Ռաֆոն դաշտի կանաչ խոտերին թավալ է տալիս գլուխը բռնած: Հա էլի: Արմունկս հենում եմ գետնին ու սպասում, թե երբ Ռաֆոյի «ցավի նոպան» կվերջանա, ու երբ Աշոտը կհասկանա, որ Ռաֆոն հեսա կընկնի հետևից:
-Աշոտ, փախի, Ռաֆոն հելավ:
Ու հետագա 20 րոպեն ես հետևում եմ, թե ոնց են 16 տարեկան «տղամարդիկ» վազում դաշտի կանաչի վրայով: Ռաֆոն հասավ ու… Ու էսքան վազեց, որ մի հատ քցի գետին ու կատակով փորից խփի:
-Վահե, հել, հենա պոլնի մարդ եկավ, հել, հեսա խաղում ենք: Գլուխս թեքեցի այգու կողմ: Մի 20 հոգի ավիրելով մեր «անտառը», իջնում է ցած:
-Չէ, խաղացեք, ես քնում եմ:

Սողեսող հասա ծիրանենու հովին, պառկեցի թարմ կանաչին ու աչքերս փակեցի:
Աչքերս բացվեցին: Քնել էի: Քնել էի վերմակիս մեջ փաթաթված, թեյը կողքիս: Փորձեցի թեյից մի կում: Ֆու: Վաղուց սառել է: Հա, ոչինչ: Դրա փոխարեն ներսից տաքացա: Երևի դուք էլ տաքացաք: Բա որ ասում եմ` ցրտի դեմ տաք հիշողություննե՞րն են օգնում…

Պապիկիս «տունը». այնտեղ, որտեղ ապրում է մանկությունս

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Երբ ներս մտանք, առաջինը մեզ դիմավորեց ռադիոյի ձայնը, որը պապիկը միացրած էր թողել նախորդ օրվանից: Բարևելով պապիկին` հարմար տեղավորվեցինք պապիկի «տանը», քանի որ նրանց տանը ոչ ոք չկար: Պապիկի տունը իր արհեստանոցն է: Գտնվելով նրա համար այդքան հոգեհարազատ վայրում` սկսեցի մի քանի հարց տալ նրան.

-Պապ, իսկ դեմ չե՞ս լինի, որ հարցազրույց վերցնեմ:

-Խի՞: Չնայած լավ, որ էդքան ուզում ես`վերցրու:

-Պապ, ես քեզ շատ եմ սիրում,- ոգևորված, որ հարցազրույց վերցնելու հնարավորություն եմ ստացել և սիրաշահելով պապիկին` սկսեցի հարցախեղդ անել նրան:

-Պապ, քանի՞ տարի առաջ ես հիմնել արհեստանոցդ: Իսկ ո՞նց որոշեցիր արհեստանոց սարքել,- մոռանալով, որ պետք է թույլ տամ, որ նա պատասխանի` ես շարունակում էի անընդմեջ նրան հարցեր տալ:

Եվ հարցազրույցի ընթացքը ընդհատում է մայրիկիս զանգը: Պապիկս սիրում է մայրիկին բարկացնելու համար անընդհատ հիշեցնել, որ ռուսական ռուբլու փոխարժեքը գնալով իջնում է.

-Մամային ասա` ռուբլին դարձելա 7:

-Պապ, մեկ ա, չի հավատա: Ամեն օր հենց քնից հելնում ա, առաջինը էտ ա նայում. դժվար կարողանաս խաբել: Լավ, արի շարունակենք մեր հարցազրույցը:

-Մինչև այստեղ տեղափոխվելը կոոպերատիվ արհեստանոց ունեինք, տելեվիզրներ էինք ռեմոնտ անում, տելեվիզրներ էինք ստանում-ծախում, հետո, որ զավոդը փակվեց, էդ էլ փակվեց, որոշեցի տեղափոխվեմ ստեղ, շարունակեմ:

-Լրիվ քո միջոցներով ե՞ս սարքել արհեստանոցը:

-Հա, բա ինչ: Էն դժվար տարիներին եմ սարքել, որ լույս չկար, փող չկար: Ժամանակ ա եղել, որ դետալ, բան եմ ծախել, որ քար եմ առել շարելու համար: Հետո ժամանակի ընթացքում քիչ-քիչ սարքել եմ էլի ձեռի հետ:

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Պապիկիս շնորհիվ էր, որ անլույս տարիներին մայրիկիս ընտանիքը և ամբողջ հարևանությունը կարողացել է դիտել «Ստրկուհի Իզաուրա» և «Կասանդրա» հեռուստասերիալները:

«Հենց լույսերը գնում էին, պապան իրա սարքերից բերում միացնում էր ու սերիալ նայող հարևանությունը միանգամից հավաքվում էր մեր տանը` սերիալ նայելու»,- միշտ ասում էր մայրս` «մութ ու ցուրտ տարիներից» պատմելիս:

-Մենա՞կ ես այստեղ աշխատել:

-Հա:

-Իսկ բոլոր մասերը դո՞ւ ես գնել, պապ:

-Ասենք` ինչքան էն ժամանակ մենք առել ենք կոոպերատիվ արհեստանոցի համար, դրանք եմ բերել, դե մնացածն էլ ժամանակի ընթացքում առել եմ:

-Իսկ այնտե՞ղ էլ ես մենակ աշխատել:

-Չէ: Աշոտ պապին ա եղել (պապիկիս ավագ եղբայրը). մեր կոոպերատիվի նախագահն էր: Հիմնականը ես ու ընկերս էինք աշխատում: Ինքն էլ երկրի քանդվելուց հետո, որ էդ սաղ գործարանները փակվեցին, գնաց Ռուսաստան: Բայց ես ասեցի մնամ, ստեղ բզբզամ, մի բան անեմ էլի:

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

-Ուրիշ ի՞նչ կասես ձեր արհեստանոցի մասին. Սիրո՞ւմ ես քո արհեստանոցը,-ինձ լրագրող պատկերացնելով` ասացի ես:

-Այո: Բա ոնց չեմ սիրում: Որ չսիրեի, սաղ օրը կնստեի՞ ստեղ: Ինձ համար էս արհեստանոցը տուն ա, ամեն ինչ ա: Նստում եմ, հավեսով զբաղվում եմ, որ գործ էլ չլինի` ես ինձ գործ կճարեմ, մի բան կգտնեմ, կսարքեմ, կձգեմ: Որ չսիրեի հիմա սրանք սաղ ծախել էի, վերացրել էի: Ամեն մեկը իրա գործը պիտի սիրի, Հռիփսիմե ջան: Օրինակ ես իմ գործը սիրում եմ, ի միջի այլոց չեմ անում էլի, սիրելով եմ անում:

-Պապ, բայց կրթություն ունե՞ս, որ կարողանում ես անել:

-Չէ: Ինձ-ինձ սովորել եմ, հետո գնալով, աշխատելով փորձ եմ ձեռք բերել: Զավոդում որ աշխատել եմ, ապարատուրաներ եմ ռեմոնտ արել. ըտեղից էլ քիչ-քիչ սովորել եմ: Կամ էս տելեվիզրներն ես ռեմոնտ արել, կամ էն ապարատուրաները. նույն բանն ա: Ընդեղ մագնիտաֆոններ, տելեվիզրներ, ռադիո էինք սարքում: Դաժե թազա տելեվիզրներ, ռադիոներ էինք զավոդներից ստանում-ծախում:

Պապիկս մի քանի տարի առաջ իր արհեստանոցում նույնիսկ փոքր սենյակ ուներ, որտեղ փոքրիկ մահճակալ կար, սեղան, աթոռներ, հեռուստացույց. մի խոսքով, տան գրեթե բոլոր հարմարությունները: Դա պապիկի արհեստանոցում մեր ամենասիրելի վայրն էր: Բայց հետո պապիկը տեղի պակասի պատճառով այն քանդեց: Եվ ահա կողքից իր դժգոհությունն է հայտնում քույրս.

-Պապի, ինչի՞ ես քանդել, ես սիրում էի էդ սենյակը:

-Սպասի` հեսա գնամ շարեմ.- կատակի է տալիս պապիկս: -Ասա` էլ ի՞նչ ասեմ:

Մինչ ես նոր հարց կմտածեի, քույրս իրեն հետաքրքրող հարցը տվեց պապիկին.

-Իսկ ի՞նչ կա էն սեյֆի մեջ:

-Դետալներ,- արհեստանոցի ամեն մասում պապիկի աշխատանքային դետալներն են:

-Հաստա՞տ դետալներ,- ծիծաղելով շարունակում է քույրս: Պապիկը հաստատում է:

-Լա~վ: Դա ես դեռ կպարզեմ:

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Պապիկը, վեր կենալով «իր տան» բազկաթոռից, մոտենում է իր աշխատանքային սեղանին, միացնում դրա վրա դրված սարքերից մեկը և բացատրում, թե ինչի համար է այն նախատեսված: Փաստորեն ես արդեն գիտեմ, թե ինպես են ստուգում. արդյոք լարի միջով հոսանք անցնում է, թե` ոչ: Վերադառնալով իր տեղը` պապիկը շարունակում է.

-Առավոտից իրիկուն ստեղ մնալով` ավելի լավ եմ հանգստանում, քան թե տուն  գնալով: Կոֆեն իմ ձեռով սաքում եմ, խմում եմ, էդ բաժակները լվում-դնում եմ իրանց տեղը:

Այս ամբողջ ընթացքում շարունակվում էր լսվել պապիկի ռադիոյի ձայնը, որը առաջինը մեզ դիմավորեց. մեկ նորություններ էին հաղորդում, մեկ երաժշտություն էր հնչում.

-Պապ, սիրո՞ւմ ես ռադիո լսել:

-Հա. բա ինչ եմ անում: Ստեղ էլ ունեմ, գործի տեղն էլ ունեմ: Առավոտը մի կես ժամ շուտ եմ գնում, ռադիոն միացնում եմ, նորություններ եմ լսում: Ստեղ էլ (արհեստանոցում) առավոտը հենց մտնում եմ, միացնում եմ, դաժե մեկ-մեկ մոռանում եմ, գիշերն էլ եմ միացրած թողնում, իրան-իրան սաղ գիշեր երգում ա,- թեթևակի ժպտալով ասում է պապիկը: -Ռադիոն լավ բան ա. երաժշտությունը կա, նորությունը կա, ամեն ինչ լսում ես: Մերոնք են, որ հետաքրքրություն չունեն:

-Ո՞ր ալիքն ես հաճախ լսում:

-107.7-ը` Հանրայինը, էլի:

Հետաքրքիր զրույցից հետո պապիկին հրաժեշտ տալով` դուրս եկանք: Երբ հեռանում էինք, շարունակվում էր լսվել պապիկի ռադիոյի` մեզ ճանապարհող ձայնը, որը գնալով ավելի ու ավելի աղոտ էր լսվում…

մարթա մինասյան սյունիք

Բարև, ես Մարթան եմ

Ով եմ ես: Երբ ինձ այդ հարցը տալիս են, ես պատասխանում եմ, որ ես 14-ամյա աղջիկ եմ, ով իր կյանքն ուզում է հետաքրքիր անցկացնել ու ամեն օր մի նոր զբաղմունքով իր օրը հետաքրքիր է դարձնում: Սակայն երբ ես եմ այդ հարցն ուրիշին տալիս, օրինակ, մայրիկիս, նա պատասխանում է, որ ես գեղեցիկ, խելացի ու շատ ինքնավստահ աղջիկ եմ, ում մեջ կա մեծ կամքի ուժ` հասնելու որևէ նպատակի: Հայրիկս կարճ է պատասխանում: Ասում է, որ ես մեր ընտանիքի լույսն եմ, ու իմ ներկայությունն իրեն դարձնում է ամենաերջանիկ հայրն աշխարհում: Քույրիկս էլ ասում է, որ ես նրա համար բացի ավագ քույր լինելուց, նաև խորհրդատու և մեծ օրինակ եմ: Ընկերներս միշտ ասում են, որ ես շատ ուժեղ եմ, քանի որ ամեն հարցին թեթև եմ վերաբերվում և ոչինչ չեմ բարդացնում: Դա իմ ընտանիքի և ընկերներիս կարծիքն է, իսկ այժմ ես ինքս ինձ ներկայացնեմ: Իմ անունը Մարթա է, ազգանունս` Մինասյան: Երևի անունս մի քիչ տարօրինակ թվաց, քանի որ քիչ գործածվող է: Ծնվել եմ 2001 թվականի մայիսի 11-ին: Ապրում եմ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում: Ես սիրում եմ իմ քաղաքը, քանի որ այստեղ ես ունեմ հաճելի հիշողություններ: Ես սովորում 4-րդ հիմնական դպրոցի 9 ա դասարանում: Մեր դասարանում 19 հոգի ենք`9 աղջիկ և 10 տղա: Ես սովորում եմ հարվածային, իմ սիրելի առարկաներն են` ռուսերենը, անգլերենը, մաթեմատիկան, հայոց լեզուն և գրականությունը: Սիրում եմ և տիրապետում եմ ռուսաց լեզվին, գիտեմ անգլերեն: Հաճախում եմ Սիսիանի երաժշտական դպրոցի վոկալի բաժին, ինչպես նաև սովորում նվագել դաշնամուր և երգում եմ երգչախմբում: Սիրում եմ նվագել դաշնամուր և կիթառ, սակայն կիթառ նվագել չգիտեմ: Լսում եմ տարբեր ժանրի երգեր:

Իսկ հիմա, թե ինչն է ինձ հուզում: Ինձ հուզող հարցերից մեկն այն է, որ իմ քաղաքում` Սիսիանում, երիտասարդների կամ երեխաների համար նախատեսված զբաղմունքի կամ ժամանցի վայրեր չկան: Ներկա պահին իմ քաղաքում գրեթե չեն կազմակերպվում միջոցառումներ, միայն տոն օրերին, այն էլ ոչ այն կերպ, որ հետաքրքիր անցնի ժամանակը: Բայց այդ միջոցառումներին մարդիկ հիմնականում գալիս են այն պատճառով, որ ինչ-որ մեկին տեսնեն, կամ էլ պարզապես տնից դուրս գալու համար, իսկ այն օրերը, որոնք տոն չեն, մարդկանց մեծ մասը տանն է, երիտասարդները դրսում անիմաստ զբոսնում են, կամ էլ տանը համակարգչի դիմաց են: Երեխաներն էլ տանը նստած դիտում են հեռուստացույց, կամ էլ դարձյալ համակարգչով խաղում: Ես ինքս չեմ սիրում այդպիսի իրավիճակներ, բայց, քանի որ իմ շրջապատի մարդիկ հաճախ նման բաներով զբաղված են լինում, հետևաբար ինձ հետ չեն կարող ժամանակ անցկացնել, ես տանն եմ մնում և, սովորությանս համաձայն, կամ գիրք եմ ընթերցում, կամ երաժշտություն միացնում ու երգում-պարում:

Ես շատ եմ ուզում հետաքրքիր ապրել և ընդառաջ գնալով այդ ցանկությանս, երբ նստում եմ համակարգչի դիմաց, անդամակցում եմ տարբեր խմբերի, որոնք կան նաև իմ քաղաքում: Երբեմն էլ, եթե հաջողվում է, հրավիրում եմ ընկերներիս կամ հարազատներիս որևէ վայր և հետաքրքիր և ուրախ ժամանակ անցկացնում: Հավատացեք, հետաքրքիր ապրելը շատ հաճելի է:

նարեկ բաբայան

ՄԹՋ. Հիմա կասեմ, թե ինչու

Փոքր տարիքում, երբ Ռուսաստանում էինք ապրում, մայրս հաճախ էր հեռախոսով խոսում Հայաստանում ապրող իր ընկերուհու հետ։ Խոսակցությունից հետո միշտ պատմում էր նրա, նրա տղայի մասին։ Ես արդեն պատկերացում էի կազմել վերջինիս մասին: Անունը` Արտյոմ, իմ տարիքին, իմ խելքին և այլն։ Որոշ ժամանակ մտովի ընկերություն էի անում պատկերացրածս Արտյոմի հետ։

2007-ին եկանք Հայաստան, մեր հարազատ գյուղը` Մալիշկա։ Երեկվա պես հիշում եմ դպրոցում անցկացրած առաջին մի քանի օրը։ Մայրս ինձ վերջապես ծանոթացրեց իր ընկերուհու և իհարկե, Արտյոմի հետ։ Մորս ընկերուհին էլ իր հերթին ծանոթացրեց ինձ առաջին Դավթի հետ, ներկայացնելով որպես Արտյոմի լավագույն ընկեր։ Այդպես ես ծանոթացա երկրորդ ընկերոջս հետ։  Թե ինչու ես ասացի առաջին Դավիթ, կիմանաք քիչ հետո։

Այդ ժամանակ մեր դպրոցն այնքան էլ լավ վիճակում չեր, ուստի մենք որոշ ժամանակ դասերը պարապում էինք միջանցքում։ Հիմա այդ միջանցքը տեսնելիս միշտ հիշում եմ մի տղայի, որը գժի պես ծիծաղում էր ամեն ասածիս վրա։ Եվ քանի որ նա մի քիչ գժի նման էր, նա իմ լավագույն ընկերներից է, անունը՝ Ռոբերտ։ Ամենից լավ հիշում եմ մի «Գագոյի» , ում անունը ամենևին էլ Գագո չէր։ Այդ ժամանակ մի թյուրիմացություն էր տեղի ունեցել։

Երեխաներ.

-Դավո, հլը նայի՛: Դավո, արի ստեղ:

Ուսուցրուհի.

-Դավիթ, կանգնի՛ր։

Ես այդ ժամանակ այնքան էլ լավ չէի տիրապետում հայերենին և չգիտեի, որ Դավոն Դավիթ անվան կարճ տարբերակն է, ամենահավանական անունը, որը կարող էր ունենալ այդ տղան, ինձ համար Գագոն էր։ Եվ ես միանգամից վեր թռա։

-Մի րոպե՜, բայց իրա անունը Գագո չէ՞ր։

Այդ թյուրիմացությամբ ես ծանոթացա մյուս ընկերոջս՝ երկրորդ Դավթի հետ, ում հետագայում Կոստանյան ազգանվան պատճառով կնքեցինք Կոստո անունով։ Նա ինձ ծանոթացրեց իր հորեղբոր տղայի՝ Հայկի հետ, ում հետ ես նույնպես ընկերացա, սակայն հիմա նա այնքան էլ չի մտնում մեր ընկերության մեջ, դրա մասին հետո։

Արդեն նշեցի, որ առաջինը ճանաչել եմ Արտյոմին, բայց մոտիկ եմ եղել Սարմենի հետ։ Հիշում եմ, թե ինչպես էինք ուշանում դասերից և ստիպված նստում վերջում, կամ իրար հետ դասերից հետո ուրախ-ուրախ վազում տուն և այլն․․․ Նա նույնպես հիմա իմ գիժ ընկերներից է։

Աստիճանաբար սկսեցի ծանոթանալ և շփվել բոլորի հետ։ Մեր առաջին «սխրագործությունը» եղավ այն, որ ես, Արտյոմն ու Կոստոն սարից մի մեծ քար գլորեցինք հարևաններից մեկի տան վրա։ Մենք արդեն սողեսող փախուստի էինք դիմում «դեպքի վայրից», երբ Կոստոն վեր կացավ և ներողություն խնդրեց։ Մենք «գեղեցիկ գովեստի խոսքեր» լսեցինք։ Գլուխներս կախ, բայց հանգիստ սրտներով գնացինք տուն։

5-րդ դասարանում ես ծանոթացա Վահեի և երրորդ Դավթի հետ, ովքեր եղբայրներ էին։ Վահեն՝ ինձանից մի տարի մեծ, Դավիթը՝ փոքր։ Ցավոք, այդ նույն տարում Հայկը մեկնեց Ռուսաստան։ Ուստի մենք համեմատաբար ավելի քիչ ենք շփվում նրա հետ։

Մի գեղեցիկ օր, երբ մենք մեր սիրելի գործով էինք զբաղված, ավելի կոնկրետ՝ ուրիշի այգու ելակներն էինք ուտում, Կոստոն ասաց․

-Տղեք, մենք ՄԹՋ ե՜նք։
-Այսի՞նքն։
-Դե, այսինքն Մալիշկայի թալանչի ջոկատ։
-Հահ, լավ ասացիր,- ասացին մեզնից մի քանիսը։

Մենք, իհարկե, հասկացանք, որ Կոստոն այդ ժամանակ կատակ արեց, բայց այդ կատակի հիման վրա էլ մենք մեզ մինչև հիմա էլ  անվանում ենք ՄԹՋ, դե իհարկե, էլի կատակով։

Ցավոք, 8-րդ դասարանում Վահեն ու Դավիթը տեղափոխվեցին Երևան, ուստի նրանց հետ նույնպես ավելի քիչ ենք շփվում։

Այսպիսով, ՄԹՋ-ի հիմնական «հերոսներն» են՝ Նարեկ, Դավիթ, Դավիթ (Կոստո), Արտյոմ, Ռոբերտ, Սարմեն։ Մեր «աչքերն ու ականջները» դրսում՝ Վահե, Դավիթ, Հայկ։

Էհ, ցուրտ եղանակին ինչ ասես կհիշես… 

Ժամանակից շուտ

Մի քանի ամսից հրաժեշտ եմ տալու դպրոցիս: Երբեք չէի մտածի, որ այդ փաստը կարող է ինձ տխրեցնել: Եղել են պահեր, երբ դժգոհել ու բողոքել եմ դպրոցից, դասերից: Չեմ ուզեցել հաճախել, սովորել, բայց հիմա եմ հասկանում, որ սխալ եմ եղել: Կարոտով եմ հիշում դպրոցական տարիներս, որոնք էլ չեն կրկնվելու: Անկեղծ կլինեմ և կխոստովանեմ, որ սկսել եմ փոքրիկներին բարի նախանձով նախանձել, որովետև նրանց համար նոր են սկսվելու դպրոցական հաճելի ու գեղեցիկ տարիները, իսկ ինձ համար արդեն ավարտվում են: Կապվել եմ դպրոցիս հետ, ամեն մի անկյան, ամեն մի դասասենյակի հետ, ուսուցիչներիս մասին էլ չեմ խոսում, ովքեր ինձ համար միայն ուսուցիչ չեն եղել, այլ նաև ծնող, ընկեր, հոգեբան: Չեմ ուզում բաժանվել նրանցից, արդեն պատկերացնում եմ, թե վերջին դասին ինչքան եմ տխրելու ու արտասվելու, բայց միևնույն ժամանակ շնորհակալ եմ, որ ինձ բախտ վիճակվեց սովորել հենց այս դպրոցում, հենց այս ուսուցիչների հետ և հենց այն երեխաների հետ, որոնք հիմա իմ դասարանի մասն են կազմում: Նրանց շնորհիվ ես հիշելու շատ բան կունենամ, նրանց շնորհիվ լավ հիշողություններով կավարտեմ այս տարիները և, ի վերջո, նրանց շնորհիվ ես շատ բան հասկացա և սովորեցի: Շնորհակալ եմ:

Ձմռան հրաշքը…

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

Շատերն ասում են, որ ձմեռը հրաշքների ժամանակահատվածն է, և իրոք: Ձմեռը իր կախարդանքով մարդկանց ստիպում է հավատալ հրաշքների, հավատալ սիրուն և հավատալ անհավատալիին: Դուրս ես գալիս փողոց այս սառնամանիքին, և հոգիդ լցվում է սառցե կախարդանքով, հույսով, որ բոլոր երազանքներդ կիրականանան: Իսկ երբ ձյուն է գալիս, կարելի է ժամերով շրջել քաղաքով մեկ: Ձյան փաթիլները, կարծես, երկնային ուրախության և երջանկության սառցե մասնիկներ լինեն, որ շաքարավազի հատիկների նման լցվում են կյանքի թեյի մեջ՝ մարդկանց առօրյան ավելի քաղցրացնելու և կյանքի դառնությունները անտեսել ստիպելու համար: Քայլում ես ձյան վրայով և զգում,  թե ինչպես է ձյան ճռթճռթոցը շոյում ականջդ, հանգստացնում հոգիդ ու միտքդ, որ ձգտում էին խաղաղության, սպասում էին ձմռանը, առաջին ձյանը, առաջին ձնագնդիկին: Սպասում էին վերածննդին, նրան, որ ձյունը պետք է մաքրի ու իր հետ տանի այն բոլոր  դժվարություններն ու ցավերը, որ կային մինչև ձմռան գալը: Մանկանում ես ձմռան հետ, դառնում ավելի ազնիվ, մտերիմ, ջերմ ու շփվող: Կարծես ինչքան դրսում ձմեռ է, այնքան  ամառ է ներսումդ՝ այնքան ջերմ ու մտերիմ:  Պետք է վայելել ձմռան ամեն մի ակնթարթը, գնահատել ամեն մի փաթիլի սերը, որը անսահման է մարդկանց նկատմամբ: Նրանք իրենց հետ կյանք են բերում, բայց մնալով այստեղ, իրենք են մեռնում: Մի պահ նայիր դուրս, տես` ինչքան սիրուն է ամեն ինչ: Երանի ձմեռը երբեք չվերջանար:

Բանակը մենք ենք, բոլորս

Երեկ վաղ առավոտից թե հեռուստատեսությամբ, թե սոցիալական ցանցերով, հեռախոսով ու պարզապես փողոցում իրար հանդիպելիս մարդիկ ասում էին. շնորհավո՛ր տոնդ, հա՛յ զինվոր, հա՛յ սպա, անմահացա՛ծ հերոս, հայ քաջորդուն ծնունդ տվող առյուծածին մայր: Ես էլ առաջինը շնորհավորում եմ հայրիկիս: Չէ որ նա էլ այն մարդկանցից մեկն է, ով մասնակցել է ազատագրական մարտերին, ով կռվել է հանուն հայրենիքի: Հայրս «Սևքարեցի Սաքո» կամավորական ջոկատի անդամներից է: Ջոկատը կազմավորվել է 1989 թվականի հունվարին և կոչվել Իջևանի Սևքար գյուղի, այսինքն մեր համագյուղացի, լեգենդար հայդուկապետ Սևքարեցի Սաքոյի անունով: Կազմված է եղել մոտ 32 հոգուց: Սկզբում միայն մի քանիսն են զենք ունեցել, այն էլ որսորդական հրացաններ: Միայն հետո են ապահովվել անհրաժեշտ զինամթերքով: Դրա հետ կապված ջոկատի անդամները հաճախ են հիշում,թե ինչ է եղել, երբ առաջին անգամ ձեռքներին նռնականետ է հայտնվել: Փորձարկելու ժամանակ առաջին արկով պատ են քանդել:

Պատերազմի ընթացքում համագյուղացիներն էլ են ամուր թիկունք եղել՝ յուրաքանչյուրն իր ձևով: Տատիկս, օրինակ, մեծ սիրով ու ջերմությամբ է հյուրընկալել կռվող տղերքին՝ հյուրասիրել, լվացել նրանց գուլպաները, չորացրել ու կրկին ճանապարհել սահման: Ու այսօր, երբ ամեն կողմից լսում եմ շնորհավորանքներ, չեմ զարմանում, քանի որ այսպես, ազգովի ենք կազմավորել Հայոց բանակը:
Տա՛ Աստված, որ այս հուշերը մնան լոկ իբրև հուշ: Հետ չդառնան անցած դառը օրերը: Մեր սահմաններն ամուր լինեն, երկիրը՝ խաղաղ, ժողովուրդն էլ միշտ իր զավակի պես սիրի ու փայփայի իր բանակը: