Mariam barseghyan

Ուզում եմ միշտ ընտրություններ լինեն

Ուզում եմ, որ քաղաքս` Վանաձորը,  ինչպես հիմա, թնդա լիությունից, որ միշտ երգի, պարի: 

Տարօրինակ է, բայց ուզում եմ կարգին ավտոբուսով դասի գնալ ու երջանիկ կլինեմ, որ այնքան մարդ նստած լինի, որ էլի կանգնած գնամ:

Ուզում եմ Դիմաց թաղամասիս այգին միշտ մաքուր լինի, ուզում եմ Արցախ պուրակումս կարգին հատակ լինի ու վաղուց իր դարը ապրած ճոճանակ չլինի:
Ուզում եմ տուն գալուց խաչմերուկում կանգնած Ռուսաստան տանող ավտոբուս չլինի, որ Վանաձորս իր հետևից չդատարկի:
Ուզում եմ Քիմգործարանիցս նորից սկսի ծուխ դուրս գալ:
Ուզում եմ ամեն քայլափոխի ուսապարկը ուսերին Վանաձորովս հիացող զբոսաշրջիկ տեսնեմ: Ուզում եմ քաղաքս իմ հետ ապրի, զարգանա ու առաջ նայի:

Ուզում եմ քաղաքս «Լուսավոր» լինի, «Բարգավաճ» լինի, ուզում եմ, որ քաղաքս «Նոր էջ» սկսի ու նոր գիրք գրի, հին գրքի երկրորդ հատորը:

Ու գիտեմ, որ ամեն ինչ լավ կլինի, որ հոկտեմբերի 2-ը մեր կյանքը կփոխի, որովհետև մենք ի սրտե ուզում ենք, որովհետև Վանաձորը դրան արժանի է:

Մնում է միայն սպասել…

Հեշթեգ՝ Դբա Ռոքը

Ցուրտ Վանաձորին ինչ-որ ջերմություն էր պակասում: Այդ ջերմությունը եկավ սեպտեմբերի 25-ին տաք մարդկանց հետ՝ նույն ավտոբուսով: Ու քանի որ սպասվող իրադարձությունից Վանաձորում քիչ է լինում, ամեն մեկն իր շրջապատին վերցրեց ու եկավ համերգատեղ. դրա շնորհիվ էլ շատերս տեսնվեցինք մեր կորած ընկերների հետ ու մինչ համերգը կսկսեր, մի լավ կարոտներս առանք: 

Լուսանկարը` Դիանա Գրիգորյանի

Լուսանկարը` Դիանա Գրիգորյանի

Առաջին շարքում էինք կանգնած ու էն, ինչ մենք ենք տեսել ու զգացել, չենք մոռանա: Մեջս տպավորվել է Վանի դեպի ձախ՝ մեր կողմ նայելը, Անդրեի՝ աչքերը փակ երգելը, Ալբերտի՝ գժական ելույթը, «Լուսնելույսի» էներգիան ու Մհերի՝  «Քո աչքերը»:

Լուսանկարը` Դիանա Գրիգորյանի

Լուսանկարը` Դիանա Գրիգորյանի

Առաջին անգամ զգացի  «հոգևոր սնունդ» ասվածի իմաստը, զգացի հոգուս վրա՝ ամենանուրբ ձևով: Ու գիտեմ՝ մի քանի օր տանը, դասերին, պարապմունքներին ու քաղաքում քայլելիս քթիս տակ «Նեմրա» եմ երգելու ու համերգ չեկողներին ասելու եմ, թե իրենք ինչ չեն գտել:

Լուսանկարը` Դիանա Գրիգորյանի

Լուսանկարը` Դիանա Գրիգորյանի

marat sirunyan

«Պատերազմը միայն կռվող զինվորով չեն հաղթում, պատերազմը աշխատանքով են հաղթում»:

Հարցազրույց կամավոր-ազատամարտիկ` Դերենիկ Կուրղինյանի հետ

Ձեզ եմ ներկայացնում վարածս առաջին հարցազրույցը, որն անցկացրել եմ Արցախյան ազատամարտի մասնակից, Քառօրյա պատերազմի կամավոր՝ Դերենիկ Կուրղինյանի հետ: Դերենիկ Կուրղինյանը Լեռնավան համայնքից դեպի Արցախ կամավոր մեկնած մի քանի քաջորդիներից մեկն է, ով իր արածի մասին պատմում է այնքան համեստորեն, կարծես այդպես էլ պետք է լիներ, որ իր արածը ոչ թե հերոսություն է, այլ ողղակի պարտք, որը չէր կարող չտալ…

-Պարոն Կուրղինյան, կխնդրեի նախ ներկայացնեիք Ձեր անցած մարտական ուղին:

-1990-ի դեկտեմբեր ամսին մեկնել եմ Դաշտային Ղարաբաղ, այսինքն, Գետաշենի ենթաշրջան: Մեր լուսահոգի Վալոդի (Վոլոդյա Հովհաննիսյան`Քեռի) և Սպիտակի տղաների հետ: Մեր գյուղից ավելի ուշ Մարտունաշեն-Գետաշեն եկել է միայն Վաչիկը՝ Մկրտչյան Վաչիկը: «Օղակ» օպերացիայից հետո, 1991թ.-ին եղել ենք Իջևանի Վազաշենում, եղել ենք Հայաստանի սահմաններում, իսկ 1992թ-ի փետրվարին արդեն սկսվեց Խոջալուի ազատագրումը: Մենք մասնակից եղանք Շուշիի ազատագրմանը, հետո եղանք Մարտակերտում: Ճիշտ է, իմ աշխատանքն էնպիսին էր, որ ինձ համար գնալը դժվար էր. աշխատում էի գյուղսովետում (այժմյան գյուղապետարան), բայց էլի ժամանակ գտնում էի ու գնում… Վերջին գնալս եղել է 1994 թ.-ի փետրվարին` 10 օրով, իսկ մայիսին եղավ զինադադարը…

-Իսկ Քառօրյա պատերազմի մասին ի՞նչ կասեք:

-Առհասարակ սկսած 1994թ.-ի զինադադարից, ոչ մի անգամ ես չեմ հավատացել, որ պատերազմը դադարել է: Պատերազմը շարունակվել է, ուղղակի ավելի թույլ արտահայտված, բայց պատերազմը շարունակվում էր ու ներկա պահին էլ շարունակվում է: Ուղղակի 2016թ.-ի ապրիլին, պարզից էլ պարզ է՝ Ադրբեջանը իր հզորությունը՝ ֆինանսական հզորությունը ցույց տվեց:  Փառք Աստծո, հաջողության չհասավ, բայց իհարկե շատ տհաճ էր… Էդ ժամանակ, էսպես ասած, ակտիվ ֆազն էր, 4-5 օր: Հիմա մենք ինչ-որ հանգստություն ենք ասում, որովհետև արդեն սովորել ենք, բայց երբեք մենք՝ հայերս, չենք կարող ասել՝ խաղաղության մեջ ենք ապրում: Էդ խաղաղությունը մենք ինքներս ենք ստեղծում, բայց Հայաստանի մի մասում, Ղարաբաղում պատերազմը կա, ու ցավոք սրտի, երկար կմնա…

90-ականներին ուրիշ մոտեցում էր: Ճիշտ է, կար ազգային շարժում, բայց ոչ բոլորն էին հասկանում դրա կարևորությունը: Բայց այս՝ ապրիլյան պատերազմի դեպքում արդեն մարդիկ հասկացան՝ չհասկացողն էլ հասկացավ, որ միակ միջոցը, որ մենք կարող ենք ապրել այս արևի տակ, գոյություն ունենալ՝ մեր ձեռքում է, մեր զինվորի ձեռքում է, մեր ժողովրդի ձեռքում է: Պետք է հզորանալ տնտեսապես, սիրել երկիրը ու նվիրաբերվել երկրին…-Այ, իսկ ի՞նչ էր փոխվել հակառակորդի մեջ այս տարիների ընթացքում, կա՞ր արդյոք փոփոխություն, թե՞ ոչ:

-Ցավոք սրտի, այդ չորսօրյա գործողություններին հնարավորություն չունեցա մասնակցելու: Բայց իմ տեսած այս հակառակորդը կարելի է ասել՝ ոչնչով չի փոխվել: Էդ նույն բանն է, որ մարդուն հարգում ես հասարակ շորերով, գիտես որ արժանիք ունի: Մարդ էլ կա՝ հագած-կապած, ամեն ինչի մեջ կորած, բայց արժանիք չունի: Այսօրվա հակառակորդն էլ՝ զինված է, վարձկան ուժ է, առաջվա կրկնությունը: Ուղղակի ավելի հզորացած, ավելի հարստացած, այսինքն, գերազանցում են զինատեսակով, բայց միայն զինատեսակը չէ, որ պիտի հաղթի… Էլի նույն հակառակորդն է՝ «կռիսական». գլխին խփեցիր` լացելով կվազի, բանի տեղ էլ չդրեցիր՝ քարը հետևիցդ գլխիդ կտա:

-Մեր զինվորների՝ ձեր գործի շարունակողների մասին ի՞նչ կասեք:

-Մեր զինվորները… Ես ուղղակի Սարդարապատի օրինակը կբերեմ՝ Վեհիպ փաշայի խոսքերը: Երբ հայերը ջարդեցին գելիպոլյան, այսինքն, դարդանելյան կորպուսը Սարդարապատի ճակատամարտում մի քանի հայ կամավորներով, Ղարաբաղի կամ Բեկ-Փիրումով խմբի տղաներով, փոքր ուժերով հաղթեցին այդ հզոր թուրքական դիվիզիաներին, էն ժամանակ Վեհիպ փաշան ասել էր. «Ինձ տվեք մի դիվիզիա հայ զինվոր, և ես Կովկասը կվերցնեմ»: Դա թուրք հրամանատարի խոսքերն են… Եվ հայ զինվորը իրոք որ զինվոր է, բառիս բուն իմաստով: Մեր 18, 19, 20 տարեկան տղերքը կամ մեր երիտասարդ սպաները… Խոսքեր չկան… Ու մեծամիտ էլ չեն: Հայ գեների մեջ կա, դարերով պայքարող ժողովուրդ են` հաղթանակներ, պարտություններ, նորից հաղթանակներ: Իսկ զինվորներն իրոք, եթե աշխարհում լավագույնն էլ չեն, ուրեմն լավագույններից մեկն են: Փառք ու պատիվ մեր զինվորներին, էն երեխեքին, որ արդեն երեխա չեն, արդեն հասուն մարդիկ են…

Մի առանձնահատուկ ու գեղեցիկ պատասխան ստացա իմ այն խնդրանքին, որ ազատամարտիկը պատերազմից որևե հետաքրքիր դեպք պատմի:

-Չեմ հիշի… Պատերազմում ի՞նչ հետաքրքրություն…,- դեմքը խոժոռեց նա…

Բայց մի փոքր անց փորձեց հիշել ու պատմեց, չգիտեմ խնդրանքս չուզեց անտեսել, թե այնուամենայնիվ  ինքն էլ ուզեց հուշերում գտնել այդպիսի բան, բայց կարևորն այն է որ ի վերջո Արցախյան պատերազմի երկու գեղեցիկ պատմությունների ականջալուր եղա:

-Մի անգամ ես գնացի Գետաշենի Ուշի-Արմավիր, էնտեղ հայկական գյուղ կար, թուրքերի ձեռքն էր անցել, եկեղեցի կար նոր շինած: Ձիով գնացի տեսնելու, ընկա կրակի տակ: Ողորմած հոգի Վալոդը գալիս, տղաներից հարցնում է, թե ուր եմ: Ասում են, որ գնաց եկեղեցին տեսնելու: Ինձ իրականում չէին կարող խփել, որովհետև անտառոտ տեղանք էր, ես էլ ձիով էի, բայց տեսա, որ անտառը հնձում են՝ «պուլիմյոտով»՝ էդ Վալոդն էր. մտածելով որ էնտեղ եմ, էլ չգիտեր ում էր կրակում…
Դա եղել է իմ ամենաանպատասխանատու քայլը ողջ պատերազմի ժամանակ: Մնացած տեղերում եղել եմ շատ աչալուրջ, եղել եմ զգույշ:
Շուշիի ազատագրումն էր շատ հետաքրքիր: Քյոսալանի դրոշը ես բերեցի՝ երկրորդ համարը: Հետո գիտե՞ս ինչ կա. Շուշիի գրավումից մի օր հետո, որ տոն էր, ես էնքան հոգնած էի՝ Խոջալուի կազարմայում քնած էի: Մինչև գնացի, արդեն հիմնական տոնակատարությունը վերջացել էր: Շուշիի հենց Ղազանչեցոց եկեղեցում ես ակորդեոնով Մակար Եկմալյանի «Սուրբ-սուրբ»-ն եմ նվագել, էդ եղել է իմ կյանքի ամենահիշարժան օրը… Քիչ էին աղոթողները, արտասահմանցի կային, հայեր կային, արդեն Շուշին ազատվել, լցվել էր, ու ես նվագում էի, իրենք էլ ուշադիր լսում՝ ինձ հետ «Սուրբ-սուրբ»-ը երգում էին:
Դա է ինձ հիշեցրել էդ տարիներին, որ ես երաժիշտ եմ եղել մասնագիտությամբ…Տեսնելով Դերենիկ Կուրղինյանի բազում շքանշանները, ուզեցի հենց հերոսից պարզել, թե ի՞նչ է շքանշանը՝ հերոսի համար:

-Առաջին հերթին շնորհակալության զգացում, բավարարվածություն, հպարտություն, իսկ մյուս կողմից պարտավորություն: Մեդալը մեդալ ա, մեդալի տակ շատ բաներ կան, լավ բաներ կան թաքնված մեդալի տակ: Հազարավոր մարդիկ են մեդալներ ստացել, բայց էս մեդալով է ստեղծվել մեր պետականությունը, ոչ թե մեդալ վաստակելով: Սա այն է, որից դու քեզ լավ ես զգում, այն է, որ կա մի բան, որը կասի՝ շնորհակալ են քեզնից: Շնորհակալություն ես շատ եմ ստացել, կապ չունի, թե ումից՝ ծանոթից էլ, անծանոթից էլ: Ով չի ասել` չեմ նեղացել, ով հակառակն է ասել` էլի չեմ նեղացել: Էս մեդալներն ինձ հիշեցնում են, թե որտեղ, ինչ է եղել: Հիշեցնում է իմ ընկերներին, որոնցից շատերն էլ չկան, ցավոք սրտի, փառք ու պատիվ մեր հերոսներին, լավ ընկերներ՝ Վալոդը,  Զենվելը, Սահակը, Վալերները, Արտուշը՝ երիտասարդ մարդիկ, որ գնացին… Էս մեդալները միայն իմը չի, իրենցն էլ է: Չնայած իրենք էլ ունեն. իրենք շատ մեծ բան են արել: Ինչ-որ տեղ վրեժի զգացում էլ է առաջացնում պատերազմի նկատմամբ: Ամեն հայ զինվորի մահ պետք է ընկերոջ մեջ ցավ առաջացնի և վրեժի զգացում: Որովհետև մենք այդքան մարդկային ռեսուրս չունենք, մենք այդքան էժան չենք գնահատում մարդուն, որ զոհվի… Հալալ լինի մեր զինվորներին, պատվով իրենց պարտքն են կատարում մարդիկ…

-Կա՞ մի մեդալ, որ առանձնացնում եք մնացածից:

-Շուշիի ազատագրության մեդալը: Շուշին որովհետև իր ստեղծման օրից միայն մի բանակ է կարողացել գրավել, դա հայկական բանակն է եղել՝ իր քաղաքն ինքը գրավել է: Դա ամենաթանկ մեդալս է…Հետո առանց սպասելու որևե հարցի, ամփոփում է իր խոսքը.

-Ես ասում եմ այն, ինչ գիտեմ ու զգացել եմ, բայց մի բան էլ պետք է ասեմ՝ պատերազմը միայն կռվող զինվորով չեն հաղթում, պատերազմը աշխատանքով են հաղթում: Օրինակ՝ մեր ժողովրդի կատարած հանգանակությունները թե’ այն պատերազմին, թե’ այս պատերազմին: Միջոց է պետք… Սոված փորով, առանց զենքի ոչ մի զինվոր չի կարող կռվել, եթե թիկունք չունի… Փառք Աստծո, մենք թիկունք ունեինք թե’ այն ժամանակ, թե այս ժամանակ: Ինչ-որ տեղ թույլ, ինչ-որ տեղ ուժեղ, բայց պատերազմն ազգովի են հաղթում, իսկ մեր ազգն արժանի է հարգանքի և պատվի…

Մեր գյուղից էլ մինչև անգամ տաք շորեր ենք տարել 90-ականներին Արցախ: Այնքան էին բերում, որ մեքենայում չէինք կարողանում  տեղավորել…Մեր ժողովուրդը միշտ պատասխանատու է վերաբերվել այս հարցերին, ու ես շնորհակալ եմ թե’ գյուղից, թե շրջանից, թե’ ողջ հայ ժողովրդից…

Խոսքն ավարտելուց հետո գիրկն է առնում թոռանն ու հավաստիացնում՝ իր գործը շարունակողն է…

Տեսախցիկից դուրս մի պատմություն ևս պատմեց ազատամարտիկը, որը ևս կուզեի ներկայացնել ձեզ:

-Մարտական գործողություններից մեկի ժամանակ թշնամու զինվորները նահանջի պահին թողնելով իրենց վիրավոր ընկերոջը փախչում են: Ոտքից վիրավոր ադրբեջանցի զինվորը, չկարողանալով փախչել, մնում է մարտի դաշտում անօգնական: Տղաները նկատում են նրան, մեկն ուզում է կրակել, սակայն մեր ազատամարտիկը թույլ չի տալիս: Վտանգելով իր կյանքը, վիրավորին դուրս է բերում կրակի գոտուց, սկսում է վերքը մշակել, ներարկում է իր բաժին հակաբորբոքայինը (այսինքն, եթե իրեն հարկավոր լիներ, այլևս չէր ունենա), և երբ վիրակապելիս ինչ-որ պատճառով մի պահ շրջվում է, լսում է կրակոց: Հայացքը թեքում է և տեսնում , որ տղաներից մեկն էր կրակողը, իսկ ադրբեջանցին արնաշաղաղ ընկած էր: Դերենիկը բարկացած սկսում է մեղադրել այդ տղային, ասում, որ գոնե մի հայ գերու հետ կփոխանակեին: Բայց կրակող տղան պատասխանում է, որ ուշադիր նայի այդ թուրքին: Նայելուց հետո չէր հավատացել տեսածին՝ ադրբեջանցի վիրավորը, ում փրկելու համար սեփական կյանքն էր վտանգել, ձեռքը տարել էր իր իսկ զենքին, որը բուժօգնության ժամանակ դրել էր կողքին: Իսկ նպատակը, կարծում եմ, բոլորին է պարզ… Պատմում էր, բայց կարծես դեռ չհավատալով, որ բանական մարդը նման բանի կարող է ունակ լինել… Եվ ևս մի անգամ վերահաստատում, որ մենք ազնիվ ազգ լինելով, ինչ-որ տեղ խղճում ենք թշնամուն, նույնիսկ կռվի դաշտում:

Նախընտրական Վանաձորը

Լուսանկարը՝ Մերի Անտոնյանի

Լուսանկարը՝ Մերի Անտոնյանի

Հոկտեմբերի երկուսին Վանաձորի բնակչությունը պատրաստվում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, իսկ ապագա ՏԻ մարմիններն էլ ջանք չեն խնայում ժողովրդին իրենց կողմը գրավելու համար ու քաղաքը վերածում են տոնախմբության թեժ կետի: Վանաձորի ամեն անկյունը դառնում է բեմ ու պարահրապարակ։ Արդյունքում շահում է երիտասարդությունը, ով վաղուց կարոտել է համերգներին, ու հավասար եռանդով ու աշխուժությամբ մասնակցում է բոլոր միջոցառումներին՝ առանց հաշվի առնելու կազմակերպչի կուսակցական պատկանելությունն ու ընտրություններին նրան նախապատվություն տալ-չտալը։ Ուղղակի այս օրերին անհամեմատ շատանում են տնից դուրս գալու, ընկերներով հավաքվելու, ուրախանալու առիթները, որից էլ երիտասարդներն անթերի օգտվում են։

Հայտնիներին Վանաձորում հյուրընկալելը դարձավ սովորություն, աչքներս էլ արդեն սովորեց, էնքան, որ շատ քչերը վերջին օրերին նկարվեցին մեր հյուրերի հետ, որովհետև համացանցում այդ տիպի նկարներն արդեն «շաբլոն» են դարձել, բոլորի հեռախոսների մեջ էլ հաստատ մի որևէ հյուրից մի նորաթուխ կարճամետրաժ ֆիլմ կլինի։

Մի քանի օրվա մեջ մեր քաղաքում հյուրընկալեցինք վիտամինցի տղաներին, լիքը դիջեյների, The Beautified Project խմբին ու «Ռոք ֆեստ»-ի մասնակից այլ ռոք խմբերի, իսկ օրվա խոսակցության թեման էր Ռուբեն Հախվերդյանի այցն ու համերգը Հայքի հրապարակում։

Սեպտեմբերի 25-ին Հայքի հրապարակի բեմ բարձրացավ հայտնի և սիրված երգիչ ու երգահան Ռուբեն Հախվերդյանն ու լցրեց ցուրտ օրը իր ջերմ երգ-նվագով։ Սկզբից մի երգ երգեց, հետո մրսեց, գնաց գլխարկ դնելու ու հետ եկավ արդեն տաք-տաք՝ մեզ էլ իրենով տաքացնելու։ Երգեց իր առաջին երգը, որ գրել է տասնվեց տարեկանում.

Եթե իմանայի՜ր, որքան եմ լաց եղել ես քո գնալուց հետո….

Մինչև հիմա այդ երգը լսելիս ես իմ զգացմունքներն էի վառում հոգումս, բայց եթե դուք էլ տեսնեիք, թե արդեն հասուն այդ մարդը ինչպես էր հուզվել պատանու նման, ու թե ինչպես հավաքվածներին նկատելի կերպով սրբեց արցունքները, այդուհետ դուք էլ, ձեր սերն ու արցունքները մոռացած, ամեն անգամ աչքի առաջ կունենայիք նրան՝ հուզումը զսպելու համար աչքերը փակ երգելիս ու ավարտելուց հետո թաշկինակով աչքերը սրբելիս։

Թեև ասաց, որ սիրո մասին շատ քիչ է գրում, բայց զգացի, որ իր համար երևի ամենակարևորը հենց այդ քչերն են, երբ մի երեկոյի ընթացքում երկու անգամ կատարեց «Մեր սիրո աշունը», որն, իր խոսքով, երգում է արդեն 50 տարի։ Ու հենց այդ քչերը երգելիս էր աչքերը փակում. երևի ինքն էլ վաղուց գլխի է ընկել, որ ամենալավ պահերը հոգով ենք զգում, փակ աչքերով։

Եթե որևէ հրաշքով դեռ չեք լսել այդ երգը, շտապեք, հենց հիմա լսեք ու հետևեք, թե ինչպես է երաժշտությունը գնում ու կպչում ձեր սրտերի նուրբ լարերին։ Բախտ ունեցեք ու ձեր կյանքում մի անգամ լսեք հենց Հախվերդյանի նվագը կիթառով, նրա երգը՝ խռպոտ ձայնի, յուրահատուկ երկար, ռոմանտիկ ու, ասես, ներսից եկող «ը՜մմմ» -ի ու երգեցիկ ձայնի հաջորդումներով։

Հախվերդյանի նվագից մեր երկինքն էլ էր ոնց որ թե հուզվել, ամպերը նրբացել, փունջ-փունջ կախվել՝ ունկնդրում էին։ Կարծում եմ՝ ոչ այնքան նվագը, որքան երգչի, իմ, սիրահարների ու մեր նման շատ մարդկանց սրտերի միջինը (երևի հենց սերը) հասել էր երկինք ու ամպերին «դիվադադար» արել։

Ես շատ կուզեմ, որ Վանաձորը միշտ տոնական տրամադրությամբ լինի, մենք միշտ ուրախանալու առիթներ ունենանք, լավ հյուրերի կարոտ էլ չմնանք։

Լուսանկարը՝ Մերի Անտոնյանի

Լուսանկարը՝ Մերի Անտոնյանի

Diana Grigoryan

Երևի չենք ասի

Նորից առավոտ է: Մեզ ստիպելով արթնանում ենք, մի քանի կիլոգրամանոց պայուսակների ծանրությունը դնում ենք մեր ուսերին ու շտապում կանգառ՝ դպրոց գնալու: 12 տարի անընդհատ ծանրացող ու թեթևացող պայուսակներով, ուշացումներով, արձակուրդներով և… և չասված խոսքերով: 12 տարվա մեջ փոփոխությունները եղել են միայն մարդկանց դեմքերը: Այդ էլ, որ մեզ թողնեին, չէինք փոխի: 12 հանած մեկ տարի գնում-գալիս ենք, նստում-կանգնում, ծիծաղում, բողոքում ու խոսում: Միայն խոսում ենք, իսկ կարևոր բառերը մնում են չասված: Չենք խոստովանում, որ կարոտելու ենք անգամ գրատախտակի մոտ դրված կավիճը, որը միգուցե հաջորդ 45 րոպեում իր կյանքն ավարտի մեզ ինչ-որ բան հասկացնել փորձող ուսուցչի ձեռքում:

Մենք չենք ասում կարևորը, թաքցնում ենք ներսի գրպաններում և սպասում հարմար առիթի՝ այն հանելու համար: Ու չասված խոսքերը մնալու են չասված, որովհետև վերջում բոլոր գրպաններից միայն արցունքներ ենք գտնելու, իսկ հետո գնալու ենք մեր ճանապարհներով:

Գուցե տարիներ անց մեկ-երկուսին տեսնենք, բարևենք ու պատմենք վերջին 30 տարվա կյանքից, մյուսներին չճանաչենք ու անցնեք կամ էլ՝ ընդհանրապես չտեսնենք ու մտածենք՝ ինչպես եղավ, որ գրպանները դատարկվեցին:

Նորից առավոտ է, ու մեզ ստիպելով արթնացել ենք, որ դպրոց գնանք:

Երբ իրականությունը միաձուլված է թատրոնին

Հարցազրույց Ստեփանավանի անվանի դերասանուհի՝ Անժելա Մելքոնյանի հետ:

Երկար ժամանակ չպահանջվեց մեզնից հասնելու այնտեղ, որտեղ ապրում է Անժելա Մելքոնյանը: Ամբողջ ճանապարհին մտավախություն կար. արդյո՞ք նա տանը կլինի: Համոզված ենք, եթե չիմանայինք՝ ում տուն ենք եկել, հաստատ կհասկանայինք, որ դա արվեստագետի տուն է: Մոտեցանք դռանը և վախվորած թակեցինք: Կարծես թե մեր մտավախությունը տեղին էր, քանի որ դուռը բացող չկար: Սակայն ի ուրախություն մեզ, հանկարծ նկատեցինք մեզ մոտեցող մի կնոջ, ով հենց ինքը`Անժելա Մելքոնյանն էր: Նա, տեսնելով մեզ, հանկարծակիի եկավ: Մոտենալով մեզ՝ ցանկացավ իմանալ, թե ովքեր ենք մենք: Երբ ներկայացանք, առաջարկեց չկանգնել դռան դիմաց և ներս անցնել: Զգացվեց, որ մենք գործ ունենք մի բարեհամբույր կնոջ հետ: Հուզվեց, երբ իմացավ ինչու ենք նրան այցելել, և որն էր մեր այցի նպատակը: Մտնելով տուն առաջին բանը, որ մենք նկատեցինք, պատին փակցված նկարներն էին` ինքն էր և իր ընտանիքը: Եվ այսպես, հարմար տեղավորվելով սկսեցինք տալ այն հարցերը, որոնք պատրաստել էինք այս հարցազրույցի համար:

-Ե՞րբ և որտե՞ղ եք ծնվել:

-Ծնվել եմ 1943 թվականի հունիս ամսին Ստեփանավան քաղաքում:

-Իսկ որտեղի՞ց են գալիս ձեր արմատները։ 

-Մայրս Մուշի գաղթականներից էր, հայրս՝ լոռեցի: Մայրս իր երեք եղբոր և քրոջ հետ եղել է Թիֆլիսի ամերիկյան որբանոցներից մեկում: Այդ տարիներին հայրս այնտեղի վարորդն է եղել: Սնունդ է տարել-բերել, և տեսնելով մորս`սիրուն աղջիկ, երկար հյուսերով, հավանել է: Որոշել է, որ մայրս պետք է իր կինը դառնա: Այդպիսով մորս իր քրոջ և եղբայրների հետ հայրս վերցրել, և Հայաստան են տեղափոխվել: Մորաքույրս ապրել է Երևանում, մեծ մորեղբայրս եղել է դասախոս` Երևանում, մյուս մորեղբայրս աշխատել է ինժեներ` Վանաձորում, իսկ մյուսն էլ անասնաբույժ` Ստեփանավանում:

-Կպատմե՞ք, թե ինչպե՞ս են անցել Ձեր մանկության և պատանեկության տարիները:

-1950-1951 թթ-ներին հաճախել եմ առաջին միջնակարգ դպրոց: Այնուհետև ավարտել եմ Էջմիածնի Ակումբագրադարանային տեխնիկումի արվեստի բաժինը: 1955 թ-ին տեղափոխվել եմ Ստեփանավանի Մշակույթի պալատ: Եղել եմ և՛ մեթոդիստ, և՛ երգչուհի, և՛ պարուհի, և՛ ասմունքող, և՛ հաղորդավարուհի, և՛ դերասանուհի: Այս տարիներին էլ ծանոթացել եմ ամուսնուս` Հերբերտ Խարազյանի հետ: Ամուսինս երաժիշտ էր, երգում ու յոթ գործիքի էր տիրապետում: Մշակույթի պալատում երկար տարիներ աշխատելուց հետո ամուսինս դառնում է տնօրեն:

-Կպատմե՞ք Ձեր համատեղ կյանքից: 

-Բավականին երջանիկ. լի շատ հյուրախաղերով, տարբեր քաղաքներ այցելելով, նույնիսկ Հայաստանից դուրս: Ունեցել ենք երեք դուստր, յոթ թոռ և ինը ծոռ:

Շատ երջանիկ կյանք ենք ունեցել միասին։ Մեր սպիտակ թուղթ հիշեցնող կյանքում միայն մի սև կետ կարող եմ նշել, որը մինչև հիմա էլ չենք կարողանում, ցավոք սրտի, վերացնել։ Ինչպես 88-ի երկրաշարժից տուժած բոլոր ընտանիքները, այնպես էլ մենք, մեր տունը կորցնելով՝ հայտնվել ենք այստեղ։ Ճիշտն ասած, էրեխեք ջան, սա իմ տունը չի։ Երկրաշարժից հետո մինչ այժմ տուն չեմ ստացել։

-Հայաստանից դուրս ո՞ր քաղաքներում եք հյուրախաղերի եղել:

-Վրաստանի շրջանում, Սուխումիում, Սոչիում, Մերձբալթիկայի երկրներում` Լատվիա, Լիտվա, մի շարք այլ քաղաքներում: Ի դեպ, Մերձբալթիկայում մենք մրցույթի ենք մասնակցել ու առաջին տեղն ենք գրավել։ Նշեմ նաև, որ իմ լավ աշխատանքի համար ինձ ուղարկել են Լեհաստան, որտեղ մի քանի օր մնալուց և նրանց մշակույթը ուսումնասիրելուց հետո հետ եմ վերադարձել։ Ունեմ բավականին պատվոգրեր, խրախուսանքներ։

-Իսկ հիշու՞մ եք առաջին պիեսը, որում խաղացել եք:

-Իհարկե, հիշում եմ: Արամաշոտ Պապայանի «Աշխարհն, այո՛, շուռ է եկել»։ Խաղացել եմ նաև այլ պիեսներում, որոնցից են Իոսելիանիի «Քանի դեռ սայլը շուռ չի եկել», Սունդուկյանի «Պեպո»-ում` Բազազ Արտեմի կնոջ` Եփեմիայի դերը, և մի շարք այլ պիեսներում:

-Ո՞րն է եղել Ձեր ամենասիրելի պիեսը, որում Դուք խաղացել եք:

-«Քանի դեռ սայլը շուռ չի եկել»` Ժուժունայի դերը, իսկ ամուսինս էլ մարմնավորել է Դաթոյի կերպարը: Ուրեմն, ինձ ու ամուսնուս բեմի վրա պսակում են, հարսի շորերով և այլն։ Հաջորդ օրը մեկ էլ բարեկամները զանգում են․ «Բա կարմիր խնձորը ե՞րբ ա» (ծիծաղում ենք)… Ի ուրախություն ինձ, ամուսինս թատրոնում միշտ իմ խաղընկերն է եղել։ Պատկերացնո՞ւմ եք, միասին 34 տարի աշխատել ենք։

Մի անգամ էլ «Պեպո»-ն ենք բեմադրում։ Մի փոքրիկ էպիզոդ կար, որ ես ՝ Եփեմիան, պետք ա ամուսնուս՝ Գիգոլի գլխին խփեմ։ Մեկ էլ ինձ կանչեց կուլիսներ, ասավ. «Անժո, քարտուղար բան սաղ նստած են, էդ պահը կհանես էլի, խնդրում եմ, տնօրեն մարդ եմ»։ Ես ել մտա դերիս մեջ ու խփեցի։ Հետո եկել ա, ասում ա․«Ախչի, ես քեզ չասի՞` չխփես, ամոթ չի՞»։

-Ո՞վ է Ձեր սիրելի դերասանը:

-Շատ են, էրեխեք ջան: Հրաչյա Ներսիսյան, Բաբկեն Ներսիսյան, Սոս Սարգսյան, Խորեն Աբրահամյան, Գուրգեն Տոնունց, Գալյա Նովենց, Լաուրա Գևորգյան: Իսկ այժմյան դերասաններից` Խորեն Լևոնյան, Անի Երանյան, Նազենի Հովհաննիսյան:

-Բացի թատրոնից որևէ այլ վայրում աշխատե՞լ եք:

-Թատրոնից դուրս գալով` յոթ տարի աշխատել եմ անտառտնտեսությունում որպես հաշվապահ և գանձապահ: Հետո տեղափոխվեցի Բիզնես կենտրոն, այստեղ էլ աշխատելով յոթ տարի:

-Իսկ ինչո՞ւ դուրս եկաք թատրոնից:

(Նա փոքր-ինչ մռայլվեց, փորձեց խուսափել հարցին պատասխանելուց: Երկար ու ճնշող լռությունից հետո վերջապես խոսեց:)

-Դե, երբ ամուսինս 1997 թ-ին մահացավ, շատ երիտասարդ էր, էրեխեք ջան, 53 տարեկան, այդ պատճառով էլ թողեցի թատրոնը: Աշխարհը ինձ համար կարծես դադարեց գոյություն ունենալուց։

-Եղե՞լ է այնպիսի մի բան, որի համար շատ եք ափսոսում:

-Կուզենայի, որ ինքը չմահանար: Նրա մահից հետո ես շատ կոտրվեցի:

-Ճիշտ է, հիմա նա չկա, բայց կարևորն այն է, որ ճանաչել եք միմյանց, ունեցել եք լավ և օրինակելի ընտանիք, շրջապատված եք եղել Ձեզ սիրող և հարգող մարդկանցով:

-Հա, էրեխեք ջան: Կարևորն այն է, որ մեր ընտանիքում վեճ և տարաձայնություններ չեն եղել: Ես և Հերբերտը աշխատել ենք մեր երեք աղջիկների ներկայությամբ երբեք չվիճել և օրինակ ենք եղել մեր զավակների համար։ Դե, էրեխեք ջան, էլ ինչ ասեմ, կարծես թե վերջ։

-Շատ շնորհակալ ենք մեզ ժամանակ տրամադրելու և հաճելի զրույցի համար։

-Ձեզ էլ շնորհակալություն, էրեխեք ջան, շատ զգացված եմ, շնորհակալ եմ, որ հիշել եք ինձ։

Հարցազրույցը վարեցին` Նինա Բաղոյանը (15տ.) և Լիլիթ Սուքիասյանը (16տ.)

seda mkhitaryan

«Հմիկվա քյասիբնին խելքի քյասիբ են»

«Քյասիբ» մեր բարբառով աղքատ է նշանակում, իսկ մեջբերումն էլ տատիս շատ կրկնվող խոսքն է, որ ասում է գրեթե ամեն օր ու մեզ հորդորում աշխատել և անտեղի ու «սուտի» բաների վրա գումար չծախսել։

Առհասարակ, տատս շատ տնտեսող կին է, նրա սիրելի արտահայտություններից մեկն էլ հետևյալն է. «Գնացկան ջրին էլ ղադրը կանեն», եթե վերածեմ գրականի, կհնչի այսպես․ «Հոսող ջուրն էլ պետք է տնտեսել», ինձ համար գրականով շատ խորթ է հնչում և գրեթե իմաստ չի արտահայտում, բայց քարընջա բարբառով (Քարինջ գյուղի) սա շատ դիպուկ է ասված այն մարդկանց համար, ովքեր տեղին-անտեղին ծախսում են իրենց ունեցվածքը։ Տատս, ինչպես գրեթե իր հասակակից բոլոր մարդիկ, միշտ գովերգում է «սովետը» ու ասում, որ այն ժամանակ պարապ մարդ չկար, ու բոլորը մի բանով զբաղվում էին, իսկ հիմա, ինչպես տատս է ասում, «պարապների թիվ ա»։ Նա հիմա արդեն յոթանասունն անց է, բայց ամեն պահի ուզում է մի բանով զբաղվել, բայց առողջական խնդիրները թույլ չեն տալիս։

Ես էլ եմ կարծում, որ մեր օրերում չաշխատող մարդիկ շատ կան: Հատկապես գյուղում առանց աշխատելու չի լինի։ «Հըմի մեր գեղըմը էնքան քյուլփաթ կա, որ ձմռվա կառտոլ չունի, փողը տալ տի` առնիլ, որովհետև սաղ գարունքը պարապ ման են էկել ու մատներուն մատին չեն տվել, որ մի բան գցեն հողի տակը, դրան էլա փող չտան, կամ թե չէ` էս չիմ խոտհարքնին անհնձիլ բրախըմ են, գնըմ խոտ առնըմ, բերըմ, որ ձմեռը ըպրանքին տան: Դրա հմա էլ կարըմ չեն ծերը ծերին հըսցընեն»։ Լրիվ համաձայն եմ տատիս հետ, «ՀՄԻԿՎԱ ՔՅԱՍԻԲԸ ԽԵԼՔԻ ՔՅԱՍԻԲ Ա»։

ani ghulinyan

Ես եմ պատուհանի մոտ նստելու

Դասարանական էքսկուրսիաներ բոլորս էլ գնացել ենք: Դրանք ուսումնական ծանր տարվա ընթացքում, դպրոցական հոգսերից հանգստանալու հիանալի միջոց են: Ասում են` մարդու հետ մինչև ճանապարհ չգնաս, չես իմանա, թե ինչպիսին է նա: Այդ առումով էքսկուրսիաները մեզ լավ հնարավորություն են տալիս մեր ընկերներին ու համադասարանցիներին ավելի լավ ճանաչելու:

Կան արտահայտություններ, որ արվում են էքսկուրսիաներից առաջ ու դրանց ընթացքում, այդ արտահայտությունների գործածումը արդեն ավանդույթ է դարձել, համենայն դեպս մեր դասարանում: Օրինակ`«Ես եմ պատուհանի մոտ նստելու», «Վարորդին ասեք` երգի ձայնը բարձացնի» և այլն:

Գոյություն ունեն նաև չգրված օրենքներ էքսկուրսիաների համար`
Օրենք համար 1. Ավտոբուսի հետևում միշտ ավելի ուրախ է անցնում, քան առջևում:
2. Միշտ մեկը ճանապարհին իրեն վատ է զգում, ու իր պատճառով մեքենան կանգնեցնում են:
3. Վարորդի երգերը սովորաբար երեխաների ճաշակով չեն:
4. Միշտ կա մեկը, ով ամբողջ ընթացքում թթված նստում է ու բոլորի տրամադրությունը փչացնում:
5. Կա մեկը, որի աչքերը բոլոր դասարանական նկարներում փակ են:
6. Ուտելիքը միշտ ավելանում է:
7. Բոլորն սկսում են ակտիվանալ էքսկուրսիայի միայն վերջում:
Եվ այսպես շարունակ:
Դասարանական էքսկուրսիաները դպրոցականների կյանքի կարևոր ու անմոռանալի պահերից են: Տարիներ անց կարոտով ենք հիշելու դրանք ու մեր խենթությունները: Առաջ էքսկուրսիաները մեզ համար միայն ընկերների հետ ժամանակ անցկացնելու միջոց էին, դե…հիմա էլ, բայց դրանք հիմա մեծամասամբ կրում են ուսումնաճանաչողական բնույթ:
Արդեն 10-րդ դասարան եմ, ավարտելուն մնացել է երեք տարուց էլ քիչ ժամանակ, որը չեմ էլ հասկանալու ինչպես է անցնելու, և հիմա նոր սկսել եմ գնահատել դպրոցական տարիներիս քաղցրությունը, իսկ ավարտելու մասին բոլոր մտածմունքները իմ մեջ ինչ որ տխուր զգացում են առաջացնում:
Դպրոցը կավարտվի, մեր հուշերում կմնան միայն մեր խենթությունները, լավագույն ընկերները ու էքսկուրսիաների անմոռանալի պահերը:

meri antonyan

Տասնութ տարվա անկատար երազանքս էսօր կատարվեց

Երբ բոլորիս, ինչո՞ւ չէ՝ նաև իմ ներկայությամբ խոսում են ինժեներների, ծրագրավորողների, ֆիզիկ-մաթեմատիկոսների ու նման այլ մասնագիտությունների տեր մարդկանց մասին (շատերը, սրանք լսելով, ուզում են գլուխներն առնել, փախչել, որովհետև հիշում են իրենց մաթեմատիկայի ու ֆիզիկայի դասերը, թեորեմների ու օրենքների վրա գլուխ ջարդելն ու էլի արդյունքի չհասնելը), միանգամից ենթագիտակցության խորքերից դուրս է ցատկում գրքերի ու համակարգիչների մեջ թաղված, ամբողջ օրերով աշխատասենյակում փակված, դեմքի անկենդան արտահայտությամբ մի մարդու կերպար, որի ոչ մի ասած խոսքը թվում է, թե չենք հասկանալու։ Անկեղծանամ. փոքր տարիքում ես հենց այսպիսի պատկերացում ունեի:

Գիտե՞ք, վերոնշյալ մարդիկ էլ մեր նման ունեն երազանքներ, զգացմունքներ, նախասիրություններ, ու դրանք կարող են բնավ էլ կապված չլինել քիչ առաջ նշածս «գլուխ առնել – փախնելու» բաների հետ։ Իրենք էլ կարող են լինել ռոմանտիկ, երբեմն՝ շատ ավելի, քան մենք, դուք։ Իրենց սենյակի պատերն էլ կարող են ներկված լինել «աղջկական» վառ գույներով, մահճակալի վրա կարող է Թեդի դրված լինել, սեղանին էլ՝ ինքնուրույն պատրաստած սիրուն բաներ, իրենք էլ կարող են լինել արվեստասեր։

Տեսնես՝ քանի՞ հոգի հավատաց։ Բայց հավատացեք, ճիշտ եմ ասում, համենայն դեպս՝ որպես ապացույց իմ օրինակն ունեմ աչքիս առաջ։ Ես էլ եմ ստանում տեխնիկական կրթություն, երբեք չեմ բողոքել էն «վախենալու» առարկաներից, խնդիր լուծելն էլ շատ լավ է ստացվել, բայց ամբողջ կյանքումս երազել եմ արվեստի հետ կապված մարդ լինել։ Բառերով նկարագրելու չի, թե ինչքան եմ ուզեցել երգել թեկուզ մի երգ, նվագել որևէ երաժշտական գործիքի վրա. դաշնամուր, ջութակ, քանոն, լա՜վ, գոնե դհոլ… Երևի ամբողջ հոգով ուզելն էլ դա է. միշտ թվացել է, թե ահա հոգիս մեջիցս դուրս կգա ներքին մեծ ձգտումից։ Ծնողներս երկուսն էլ երաժշտական կրթություն ունեն. մայրս դաշնամուր է նվագում, հայրս՝ ջութակ, դաշնամուր ու էլի չգիտեմ ինչեր։ Երկուսն էլ իրենց կամքին հակառակ են գնացել երաժշտական դպրոց, դրա համար էլ ինձ ու քրոջս երաժշտական կրթության չեն տվել։ Երկուսն էլ լավ երաժշտական լսողություն ունեն, քիչ-միչ էլ երգում են։ Մեր տանն ունեցել ենք ջութակ, ակորդեոն, դհոլ, ԵՐԿՈՒ դաշնամուր, բայց ոչ մեկով նվագել չեմ իմացել, միայն կարողացել եմ տխրախառն հիանալ գործիքներով։ Միշտ ասել եմ. «Թող ես փոքր ժամանակ չուզեի նվագել, թող չեմուչում անեի, բայց ստիպեի՛ք, հիմա գոնե մի բան նվագել կիմանայի, մեջներիդ ամենաանտաղանդը ես չէի լինի, կմեծանայի, ձեզ էլ շնորհակալություն կասեի»։

Դեռ փոքր հասակից ուղեղումս տպվել է Բեթհովենի «Für Elise»-ի նվագը մայրիկիս կատարմամբ, որ իմ ամենա-ամենասիրածն է։ Մինչև հիմա էլ երազում եմ այն նվագել այնպես, ինչպես մայրս։ Լինում են, չէ՞, հեքիաթներ, որ երեխա ժամանակ շատ ենք հավանում ու ամեն անգամ քնելուց առաջ խնդրում ենք հենց դա պատմել։ Լինում են… Սա էլ իմ հեքիաթն էր, որ խնդրում էի մայրս նվագեր անընդհատ, որ չդադարեցներ։

Մեծացա, էլի բան չփոխվեց։ Երեկ նորից, մի քանի տարվա ընդմիջումից հետո, նույն երգը «պատվիրեցի»։ Երաժշտությունից բան չեմ հասկանում, երևի ակորդը, նոտան ու օկտավան, բեմոլն ու դիեզը իրարից չեմ տարբերում, չեմ էլ հասկանում՝ Բեթհովենն ինչ է ուզեցել երաժշտությամբ փոխանցել, բայց նվագը լսելիս երեկ զգացի, որ մեջս ոնց որ մի բան հալվեց, փորումս թիթեռնիկներ թռվռացին, հուզվեցի։ Ինքս ինձ հետ պայմանագիր կնքեցի, որ ամեն գնով սովորելու եմ նվագել, գոնե միայն այս մեկը։ Այսօր առավոտյան առաջին անգամ նվագեցի դաշնամուրով։ Նվագեցի Բեթհովենի «Für Elise»-ը… Բայց առայժմ միայն աջ ձեռքով։

Մի քանի ժամ եմ տանջվել, որ երբեք-երբեք չնվագած մատներս հարմարացնեմ դաշնամուրի ստեղների վրա ու մի մատով չնվագեմ։ Տանջանքներիս թեժ պահին մեկ էլ հայրս թե.

-Ազիզ ջան, իսկ արժի՞, որ դրա վրա ժամանակ ծախսես։ Ավելի լավ չի՞ մասնագիտական ուղղությամբ պարապես։

Բան չպատասխանեցի, նորից անցա տանջանքներիս։ Ախր, «տանջանք» բառն էլ տեղին չի է՜, դա ուղղակի … Քա՛ղցր տանջանք էր։ Մի քիչ սովորեցի թե չէ, զանգեցի մայրիկիս (աշխատանքի էր).

-Մամ, մի հատ լսի։

Մոտեցրել էի հեռախոսը դաշնամուրին ու նվագո՜ւմ էի։

-Էդ դո՞ւ ես նվագում, կյանք ջան։

-Հա՜, բա էլ ո՞վ։

Գնացի տատիկիս տուն.

-Տա՜տ, նվագել եմ սովորել։

Չգիտեմ՝ ոնց նկարագրեմ, որ պատկերացնեք իրար խառնված ոգևորությունս, ուրախությունս ու խանդավառությունս։ Ներսումս տիրող հաճելի անհանգստությունը հասկացա՞ք։ Դեմս դուրս եկած ամեն մեկին ուզում եմ հրավիրել նվագելս լսելու։ Ա՜հ, երևի գժվել եմ կամ էլ շատ շուտով կգժվեմ։

Աբովյանական ոճով ասված՝ տասնութ տարվա անկատար երազանքս էսօր կատարվեց։

Anahit Ghazakhetsyan

Կներե՞մ, Հայաստան

Դու էն չես, Հայաստան:

Գրում եմ, ու միանգամից մտքիս են գալիս բոլոր էն ուսուցիչները, ովքեր մեկ-մեկ պաթոսաշատ տողեր են ասում, թե՝ «Հայաստանը մեր հայրենիքն է, մենք պարտավոր ենք էս-էն» կամ հեռուստատեսային էն հաղորդումները՝ «Դարերի միջով անցած, բայց գոյատևած երկիր իմ Նաիրյան, և այլն, և այլն»:

Գիտե՞ս, այ Հայաստան, սիրտս խառնում է էս բոլոր արտահայտություններից: Ոնց որ պատմության քառահատորյակով աշխարհընկալմանս գլխին տան: Անկախությունդ պաթոսով են չափում, դրա համար բոլորը գիտեն, լսել են հայրենիք բառը, բայց գոնե հեռու պատկերացում էլ չունեն՝ ինչ ա դա:

Ամեն տարի սեպտեմբերի 21-ին ֆեյսբուքիս պատին պարտադիր ինչ-որ գրառում էի անում, որի տողերում կամ տողատակերում անպայման կկարդացվեր՝ կներես, Հայաստանս:

Այ հիմա նստել, մտածում եմ՝ ինչի՞ համար պիտի ինձ ներես:

Երևի նրա, որ քեզ բոլորի պես սոսնձել եմ «երկիրը երկիր չի» արտահայտությո՞ւնը: Գիտե՞ս՝ մենք էդ չուզելով ենք ասում, բայց ասելու մեր տոնը էնքան հստակ է, որ էլ դու` սուս: Բայց հո ինչ-որ բան հասցնո՞ւմ է ասելուն:

Կներես, հա՞ ինձ, Հայաստան, որ իմ քաղաքի քիմգործարանը չի աշխատում ու երեկոյան պարապմունքից հետ գալիս ցրտի պես զգում եմ քաղաքի դատարկվածությունը:

Կներես էլի, որ մենք օրուգիշեր քեզ համար այլընտրանքներ ենք որոնում, որ փորձում ենք չակերտալքել «անկախիդ» կարգավիճակը:

Փորձիր ներել ինձ, որ դեռ գյուղեր ունես՝ աշխարհից կտրված, որ կարգին ավտոճանապարհներ չունես:

Կներես, իմ Հայաստան, որ մի բուռ, բռաչափ երկիր ես, բայց բռունցք չես դառնում:

Կներես, Հայաստան իմ, որ ընդամենը 29, 8 հազար կմ2 ես՝ 1000 քաղաքական կողմնորոշումներով:

Կներես, Հայաստանս, որ օդանավակայաններդ հրաժեշտ տվողներով են լցված:

Կներես, որ անունդ տալիս ժայռի մեջ մի բույն չեմ հիշում, այլ ինչ-որ կառավարական խումբ, ինչ-որ Ազգային Ժողով ու չգիտեմ` էլ ինչ:

…Իսկ դու, դու իրականում առավել ես, քան պաթոսախեղդ հայրենիք բառը: Դու Գրիգոր Լուսավորչի փողոցում գտնվող մեր տունն ես, դու տատիկիս եփած դոլման ես, Գյումրու հին-հին փողոցները, Սյունիքի ու Արցախի բարբառը, դու Չարենցի թանգարանն ես, Խուստուփի լանջերն ու գագաթը, դու Նժդեհի «Ցեղակրոն»-ն ես, «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը, քեզնից մի մաս Վիլյամ Սարոյանի բեղերում կա, մի մաս էլ՝ Մաթևոսյանիս ճակատի կնճիռներում, դու իմ մեջ միանշանակ ես, երևի նրանից է, որ դու Ես եմ… Որ դու նաև մենք ենք:

Հ.Գ. Իսկ դու կներես իրականում, որ չունեցածդ երեսովդ եմ տալիս: Ասում եմ, որ ունենաս:
Որ լինես: