Susanna Grigoryan

Վայրէջք թաց ասֆալտին

Հեչ պատկերացրել ես՝ ոնց ես 11-րդ հարկից ընկնում ցած՝ ասենք՝ պատուհանները լվանալիս: Օդում մի թեթև պտույտ ես տալիս ու վայրէջք կատարում թաց ասֆալտին: Վայրէջքի փափկությունը կարող ենք որոշել, եթե մարզասրահում բաց թողած պարապմունքներիդ թվին գումարենք ամենօրյա կալորիաների քանակն ու բաժանենք երկուսի: Քո դեպքում փափուկ չի ստացվի, ինչքան էլ ուզենք, բայց դա արդեն կարևոր չէ, որովհետև փողոցի մյուս ծայրից կլսվի էն շան հաչոցը, որի թաթը երեկ չէ անցած օրը տրորել էիր: Իր կյանքում հավաքած ողջ փորձն ու եռանդը գործի կդնի ու այնպես կհաչա, որ թաղամասի բոլոր շները հասկանան. ինքը հաղթել է: Ու շատ էլ ճիշտ կանի, քեզ տեղն է: Քայլելուց դիմացդ նայեիր:

Էն եգիպտացի տղային հիշո՞ւմ ես, որին խոստացել էիր, որ իրար հետ անգլերենով շփվելու եք, որ Հայաստան ես հրավիրելու, բայց հավեսդ կորել էր ու ուղղակի ընկերներիցդ ջնջել էիր: Հա, հա, հենց ինքը, որ էջի գլխավոր նկարը առյուծ էր: Գիտեմ, որ Եգիպտոսում չի իմանա` ինչ է պատահել, բայց որ իմանար, հաստատ կուրախանար:

Էն կինն էլ կուրախանար, որին ամեն անգամ ավտոբուսում տեղ չես տալիս: Հետո էլ արդարանում ես. «Գրքերս շատ էին», «Դասից հոգնած էի»: Հազիվ մի անգամ նստած կհասնի գործի:

Մահդ այնքան անիմաստ չի լինի, որ Գինեսի գրքում գրանցվես, բայց, մեկ է, էլի անիմաստ կլինի: Կարճ ասած՝ դարձյալ միջակություն: Բայց չմոռանանք, որ դու պատուհանները լվանալիս 11-րդ հարկից ցած չես ընկել ու շարունակելու ես նեղություն տալ բակի շներին, եգիպտացի տղաներին ու ավտոբուսի մորքուրներին: Գուցե արժի քայլեր ձեռնարկել, որ մահդ էլ ապրելուդ չափ անիմաստ չլինի:

 

anahit baghshetsyan

չՀայկական

Երեկոյան ժամը տասն է լինում: Սովորաբար այս ժամին ես ուղղակի տանը նստած դասագրքերս էի թերթում, բայց հիմա ամեն ինչ փոխվել է: Եթե ժամը տասին անկողնում պառկած չլինեմ, չեմ կարողանա առավոտյան 6:30 արթնանալ, հետո ամենօրյա խցանումների դժգոհ զոհը կդառնամ, դասի կմտնեմ զանգի արձագանքի հետ միաժամանակ, ու ուսուցչուհիս կրկին այլայլված դեմքով կնայի վրաս, որովհետև արդեն չորս ամիս է՝ չի ստացվում ինձ ուշացման նկատողություն տալ: Չնայած, որ ես արդեն վաղուց եմ հասկացել, որ խնդիրը ոչ թե շուտ քնելու, այլ անտանելի բարդությամբ արթնանալու մեջ է, շարունակում եմ ինքս ինձ հույս տալով պառկել քնելու: Աչքերս ամուր փակել եմ, բայց քունը նույնիսկ ձայն չի հանում: Սպասելուց հոգնում եմ: Հիշում եմ իմ անգործ ժամանակների ընկեր Սևակին ու նրա ամենատխուր ստեղծագործություններից մեկը, որ երևի թե գրել է, որ ես հիմա հիշեմ.

«…Քունս չի տանում,

Դու էլ մի քնիր,

Հետս էլ կրկնիր,

Թե ի՞նչ եմ անում

Ես ի՞նչ եմ անում

Ոչ Հայաստանում…»:

Ու ես էլ չգիտեմ, թե ես ինչ եմ անում ոչ Հայաստանում: Չգիտեմ` ուր են կորել 3-րդ դասարանի հայրենասիրական շարադրություններս ու զինվորներին գրված նամակներս: Գաղափար անգամ չունեմ՝ որ քամիների հետ են ինձ լքել հայոց պատմության էջերը ու որ քամիներն են ինձ ստիպել գնալ հակառակ ուղղությամբ: Չեմ հասկանում, թե որտեղից իմ մեջ գտա բավարար քաջություն Հայաստանը լքելու ու քայլերս դեպի անհայտ մթին ուղղելու: Տեսնես` ինչպե՞ս կարողացա Սևակի ու Սահյանի փոշոտ հատորները թողնել դարակում, իսկ ինքս հեռանալ դարակից մի օվկիանոս ու մի տասնյակ ժամային գոտի այն կողմ: Չգիտեմ՝ ինչպես ու ինչ միտումով կարողացա Հախվերդյանի ու Ֆորշի երգերը լսել չՀայկական փողոցներում, բայց մտովի լինել Հայաստանում: Նաև ինչ-որ անգիտակից որոշմամբ հայ գրողներին ավելի հաճույքով սկսեցի ընթերցել, հայ արվեստագետներին էլ ուրիշ աչքով նայել: Հայերենի կետադրությանն ու ուղագրությանը սկսեցի ավելի մեծ կարևորություն տալ: Ընկերներիս ուղղակի ուրիշ սիրով սիրեցի ու ավելի ամուր կամուրջներով կապվեցի: Բայց այս ամենի հետ մեկտեղ մի օտար անհանգստություն նվիրեցի մտքիս ու զգացմունքներիս, որ ստիպեց ամեն գիշեր մի քիչ անքնություն ունենալ ու ավելի վառ գույներով տեսնել Հայաստանը: Որ ստիպեց ամեն գիշեր հիշել, որ ես Հայաստանից հեռու եմ ու Հայաստանին կարոտած:

Սևակի տողերն ուղարկում եմ մտքիս հեռավոր անկյունը, որ կրկին վերադառնան վաղը գիշերը, իսկ ես գնում եմ քնելու… Առավոտյան անգլերենի ուսուցչուհին կրկին այլայլված հայացք կնետի վրաս, իսկ հոգեբանությանս ուսուցիչը կպատմի անքնության պատճառների ու գիտահետազոտական պարզաբանումների մասին, ինչ արած, ինքը Սևակի անունն անգամ չգիտի…

Մենավոր ծառի առեղծվածը

Շատ հնում, երբ դեռ մարդիկ չէին հավատում, որ արևն ու լուսինը իրար չէին կարող հանդիպել, կար մի գեղջուկ հողագործ, որը շատ իմաստուն էր։ Նա ապրում էր լճի մյուս ափին, և ամեն առավոտ հետևում, որ ոչ ոք չիմանա և չգտնի մի գանձ, որը թաքնված էր մի հնաբույն ծառի տակ։ Շատ մարդիկ գիտեին այդ գանձերի մասին, բայց ոչ ոք չէր կարողանում այդ ծառի տակից գանձը հանել, որովհետև այդ տեղը ծերուկն անիծել էր, մի եկեղեցի էր կառուցել և ասել՝ եթե այստեղից գանձը գողանաք և տանեք, ապա Աստծո ողջ ցասումը ձեր վրա կիջնի։ Ոչ ոք չէր համարձակվում գանձը հանել այդտեղից։ Անցան ամիսներ, տարիներ։ Բոլորը մոռացան գանձի մասին, բայց մի տղա իր պապիկից ու տատիկից լսել էր այդ գանձի և դրա զորության մասին և ցանկացավ գտնել գանձը և սովից փրկել բոլորին։ Անվախ ու քաջ տղան՝ չվախենալով ծերուկի ու աստծո ցասումից, որոշեց, որ պետք է հանի գանձը և բաժանի աղքատներին։ Նա վերցրեց իր գործիքները և սկսեց փորել ու փորել անդադար, փորել և այդ փորելու ընթացքում սկսվեց մրրիկ, շանթ ու ամպրոպ։ Տղան վախենում էր, բայց միևնույնն է, չէր հանձնվում։ Վերջապես այդքան փորելուց հետո գտավ մի տուփ, զգուշորեն բացեց տուփը և տեսավ մի մեդալիոն, որի վրա ծերուկի մոր նկարն էր։ Նրան սպանել էին չար մարդիկ։ Մեդալիոնի հետ նաև գրություն կար․ «Հավատալով գանձերին՝ մարդիկ տրվում են դրանց որոնմանը, բայց մոռանում են, որ իսկական գանձը նրանք ձեռք են բերում ապրելով ու հավատալով երազանքներին, որոնք իրականանալով դառնում են քո գտած ամենամեծ գանձը։ Այդպես էլ իմ հետ եղավ․ ես իմ ամբողջ կյանքը նվիրեցի այդ գանձը փնտրելուն, բայց ավաղ, ես մոռացա, որ պետք է ապրեմ։ Երբ ես գանձը գտա, արդեն զառամյալ ծերունի էի, և այն գցեցի ջուրը, իսկ այդ ծառի ամենախորքում պահեցի մայրիկիս մեդալիոնը ու խոսքը՝ «ապրիր այսօր, վաղն արդեն ուշ կլինի»»։

74389095_3538424542849223_3199314202418216960_n

Տղան զարմացավ և սկսեց հասկանալ, որ ինքն իրոք գանձ է գտել ու նրբորեն մեդալիոնը դրեց տուփի մեջ ու թաղեց ծառի ամենախորքում։ Միայն մի նշան թողեց, որ դարեր հետո կարողան գտնել․ դա ծառի կիսատ արմատն էր, որը նա փորել էր քարով։ Տղան իր գանձը գտած վերադարձավ տուն։ Եվ երբ նրան հարցրին, թե արդյոք նա գանձը գտել է, թե ոչ, նա պատասխանեց՝ Աստծո ու ծերուկի հանդեպ վախը ինձ չթողեցին գտնել գանձը։ Եվ ամուր գրկեց իր ընտանիքին։

IMG_20191112_120046

Օրագիր Լեհաստանից։ PWIT-2019

Ինչո՞ւ է IT ոլորտում աղջիկների դերակատարությունը օր օրի ավելի աճում և ինչո՞ւ է կարևոր խրախուսել նրանց։

IT ոլորտը չունի սահմաններ, այս միտքը այլևս ապացույցի կարիք չունի։ Եվ դա է պատճառը, որ մենք՝ աղջիկներս,  ամեն օր հստակ և վստահ քայլերով դուրս ենք գալիս հասարակական կարծիքով ձևավորված կաղապարներից՝ ապացուցելով, որ լավ կին, մայր լինելու հետ մեկտեղ մենք ունակ ենք ստեղծագործ մտքի և աշխատասիրության շնորհիվ փոխելու աշխարհը։

IMG_20191112_114804

Մոտ 3 տարի շարունակ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավան, «Perspektywy women in tech summit»-ի շրջանականերում հյուրընկալում է IT ոլորտում աշխատող և սովորող աղջիկների, ովքեր 2 հագեցած օրերի ընթացքում կիսում են իրենց գիտելիքները և անձնական փորձը։

IMG_20191113_132339

Նոյեմբերի 11-ին 15 հոգուց բաղկացած աղջիկների մեր թիմը Երևանից մեկնեց Վարշավա։ Հասնելուն պես ծանոթացանք հարևան Վրաստանի թիմի հետ, քննարկեցինք IT ոլորտում աղջիկների ներգրավվածության հարցը։ Այն, որ երկու հարևան երկրներում էլ պատկերը գրեթե նույնն է, ոչ մեկի համար գաղտնիք չէր, բայց փաստորեն Լեհաստանի նման երկիրը, որի  մշակույթը, կենցաղը մեզանից զգալիորեն տարբերվում է, ունի նույն խնդիրները, ինչ մենք։ Կանանց թիվը IT-ում տարիներ շարունակ զիջում է տղամարդկանց թվին, բայց այն ամեն օր աճում է՝ ի  շնորհիվ այնպիսի ծրագրերի, ինչպիսիք են «Girls in Tech»-ը  Հայաստանում, «Geek Girls Carrots»-ը՝ Լեհաստանում,  և նման այլ նախաձեռնությունները աշխարհի տարբեր անկյուններում։

IMG_20191112_151410

Այս օրերի ընթացքում ծանոթացանք Լեհաստանում իրականացվող երկու կարևոր նախաձեռնությունների հետ։ Դրանցից առաջինի նպատակը երեխաներին նորագույն տեխնոլոգիաների հետ ծանոթացնելն է, այստեղ երեխաները սովորում են ինքնուրույն ռոբոտներ ստեղծել։ Իսկ երկրորդը՝ «Geek Girls Carrots»-ը, 25-35 տարեկան աղջիկների համար է, այն հնարավորություն է տալիս նրանց աշխատաշուկայում պահանջված մասնագետներ դառնալ։ «Geek Girls Carrots»- ում բացի գործնական, երկարաժամկետ դասընթացներից՝ կազմակերպվում են նաև հանդիպումներ ոլորտում աշխատող հաջողակ կանանց հետ, ովքեր ոչ միայն կիսվում են սեփական փորձով, այլ նաև ոգեշնչում են մասնակից աղջիկներին։

phot

Չնայած նրան, որ մեր գրաֆիկը բավականին հագեցած է, մենք, իհարկե, բաց չթողեցինք Վարշավայի ամեն նեղլիկ փողոցով շրջելու, համեղ ազգային ուտելիքի խոհանոցները բացահայտելու, լեհերի հետ հավասար Լեհաստանի անկախության օրը նշելու և նույնիսկ հին քաղաքի կենտրոնում պոլոնեզ պարելու հնարավորությունը։

IMG_20191112_141258_1

Դե ինչ, սպասեք հաջորդ օրագրին․․․

 

valentina

Վաչոն՝ որպես հավաքական կերպար

-Ուղղակի ինքը ուրիշ ա։ Ինքը Վաչոյի պես չի։

-Վաչոն ո՞վ ա։

-Վաչոն իմ բոլոր սերերի հավաքական կերպարն ա։

-Հա, բայց ինչի՞ Վաչո։

-Որովհետև բոլորն էլ Վաչո են՝ անդուր, հիմար ու տգետ։ Էդքանը։

-Չեմ հասկանում։

-Ես էլ, բայց ինքը ուրիշ ա։

Սկսում ես հետաքրքրվել ֆուտբոլով, անգիր ես անում Ռեալ Մադրիդ թիմում խաղացող բոլոր ֆուտբոլիստների անունները (11 թե 13, թե գրողի տարած 14 հոգու անուններ), տարբերում ես անկյունայինը շրջանայինից (թե՞ ֆուտբոլում շրջանային չկա), ինքդ քեզ հաղթահարում ես էն փաստի համար, որ միայն ռադիատորն է եռում ու վերջապես սովորում ես, որ ձվածեղ սարքելու համար սկզբից ձեթն են լցնում, ոչ թե ձուն։ Խոսքով չես կծում, որ մերսեդես է սիրում, անգամ սկսում ես մեկ-մեկ քո սիրելի «բեմվե» մակնիշի մեքենայի թերությունները նշել, սկսում ես թարգել ճուտիկ, պոնչ ու ապուշ ասելու ջիգյարով սովորությունդ, որովհետև մտածում ես, որ հաջորդ անգամ նրա ժայթքելուց ճակատագրական «լավ»-եր կլինեն, կազմում ես հատուկ գրաֆիկ, որ չաղանաս։ Չաղանաս տեղը տեղին՝ սալիկներով ու թշիկներով։ Բայց ինքը էլի քո նամակին չի սպասում կամ քեզ չի հավանում, սատանի ականջը չկանչի՝ գուցե ուրիշին է հավանում։

Հպարտանում ես ինքդ քո մեջ, որ շատ խելացի ու «քյարթ» չի, ու դիմանում ես, որ ամեն անգամ պոնչո չանես էդքան լավը լինելու համար (բայց տեսնես՝ թմբը՞լ ա, թե՞ չէ), փորձում ես հանդուրժել իր յուրաքանչյուր «ֆազոտման» պրոցես (էս ինչ բառ էր, բայց «ջղայնացած» չէր սազի)՝ աղջկական դոմինանտությունը կոծկելով երեխայական հայացքների մեջ։ Ականջի հետև ես գցում էն փաստը, որ մագնիսի նույն բևեռները իրար չեն ձգում, այլ վանում են։

Քեզ լուրջ ես պահում, որ չմտածի, թե տարօրինակ ես։ Ու հասկանում ես, որ էդ քո ու ուրիշը դառնալու պայքարում հաղթում է քո եսը, որովհետև քոնը չի ո՛չ Մերսեդեսի մարտկոցը, ո՛չ Ռոնալդուի գնդակները, ո՛չ տնային պայմաններում պատրաստված լեչոյի տիրուհու կերպարը, ոչ էլ պոնչ չասելու (չ)հակումները, որովհետև դու ուզում ես լինել դու` քո պրակտիկ բոթասներով, խայթելու սովորությամբ, անիմաստ անեկդոտների պաշարով ու հա, հավերժական նիհար լինելու տոմսով։

Ու հա, հետո ի՞նչ, որ Վաչոյին նման չի։ Կամ էլ, եսիմ։ Կարևորն՝ ուրիշ ա։

Ոգեշնչման աղբյուր՝ Սյունե Սևադա

aniharutyunyanarm

Փոշոտ ու մենակ մշակույթ

Մեծ ու ազդեցիկ, իր ազդեցիկությամբ ու տխրությամբ երբեմն վախեցնող շինության ներսից հիմնականում օրվա ընթացքում երկու անգամ է նշանակալի ձայն լսվում. երբ գրադարանավարուհին առավոտյան հսկա դուռը սարսափեցնող ու երկար արձագանքող ճռինչով բացում ու ներս է գնում, իսկ երեկոյան` տուն: Երջանիկ օրեր են լինում, երբ կեսօրի մեռելային լռությունը խախտվում է երեխեքից որևէ մեկի աղմուկով. շինությունն ու գրադարանավարուհին ակամա ցնցվում են, անսովոր աղմուկից ուրախանում:

Մեծ ու ազդեցիկ, միշտ տխուր շենքը գյուղի մշակույթի տունն է, կամ էր, որովհետև շենքում արդեն վաղուց միայն գրադարանն է մնացել` շինության նման լուռ, փոշոտ ու շատերի համար արդեն անպիտան գրքերով:

Դռնից ներս մտնելով հայտնվում ես սառը, հսկայական ու դատարկ նախասրահում։ Այնքան մեծ, որ քո փոքրությունը հստակ զգում ես, սարսռում ես անգամ ամռանը ներսի ցրտից, ոսկորներիդ հասնող դողից։

Երբ ներս ես մտնում դահլիճ, փոշին կոկորդդ խեղդում է, ուզում ես դուրս փախչել, բայց նաև ինչ-որ ուժ պահում է քեզ ներսում, գուցե անխռով լռությունը, վախեցնող լռությունը, որ չպետք է լիներ հանդիսությունների համար նախատեսված դահլիճում, որտեղ մի ժամանակ բեմը փայլել է երեխաների աչքերից, գունավոր փուչիկներից ու լույսերից։ Դահլիճում, որտեղ մի ժամանակ խլացնող երաժշտություն ու երգ է լսվել, հիմա միայն հիշողություն է մնացել մի քիչ տարիքով մարդկանց մոտ, որոնք, եթե կանգնեն դահլիճում, բեմի վրա միայն անցյալից ստվերներ կտեսնեն։

Տասնյակ սենյակները մշակույթի տան, որտեղ տարիներ առաջ ամեն տեղ մի խմբակ է եղել, հիմա միայն կոտրված աթոռների ու մի քանի թեքված սեղանի գերեզմանոց են դարձել։

Այստեղ` մեծ շինության երկրորդ հարկում, որին հասնում ես կոտրված սալիկներով աստիճաններով, հնության հոտը շնչելով, գրադարանն է: Հին ու փոշոտ սենյակում գրադարանավարուհու կողքին շարված են գրքերը, որոնք կարդացվել ու հետ են վերադարձել: Նա վերցնում է այդ մի քանի գիրքը ու տանում, խնամքով դասավորում մյուս սենյակում` գրքերի արանքներում, որտեղ այդ գրքերը ոչ ոք չգիտի, թե ինչքան երկար քուն կմտնեն: Սենյակում, որտեղ գրքերն անաղմուկ սպասում են գրադարանավարուհու սեղանին հաջորդ ընթերցողին կամ երկար ժամանակ քուն մտնելուն, մի քանի փոշոտ աթոռ կա, որի փոշին ոչ ոք վաղուց արդեն չի սրբում, կարիք էլ չկա, երեխեքն էլ չեն գալիս, եթե գալիս են, վերցնում են գիրքն ու արագ հեռանում. մռայլ պատերն ու մի քանի կոտրած աթոռները խեղդում են:

Դատարկ շինությունը քո քայլերի ձայնն ավելի ուժեղ է արձագանքում, ձայնը լցվում է բոլոր սենյակները, դատարկ դարակներն ու հասնում գրադարան, մեռնում գրքերի առատության մեջ։

Դու էլ ես հասնում գրադարանին, տեսնում ես բոլոր դասականներին ու նոր գրողներին, հեքիաթների հերոսներին ու բոլորն էլ նստած են արդեն տարիներ շարունակ, բոլորն էլ մրսում են ձմռանը, բոլորն էլ փոշոտ են, բոլորն էլ մենակ են, որովհետև մեծ ու ազդեցիկ, դատարկ ու ցուրտ շինությունն էլ իր հսկա կեցվածքով երկար տարիներ փոշոտ ու մենակ է։

Ani Hakobyan

Հայաստանի երանգները

Մոտ մեկ տարի առաջ էր՝ կեսօրին,  Դսեղում Թումանյանի տուն-թանգարանից դուրս գալուց հետո էքսկուրսավար մոտեցավ  և ասաց, որ տասը րոպեից շարժվում ենք: Տասը րոպեից շարժվելու էինք դեպի Հայաստանի հոգևոր, մշակութային և խոշոր վանական համալիրներից երկուսը: Այնքան էլ շատ տեղեկություններ չունեի դրանց մասին, միայն պատմության դասերից գիտեի, որ երկուսն էլ համարվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտներ: Դա արդեն իսկ հպարտության տեղիք էր տալիս: Ճանապարհ ընկանք, և որոշ ժամանակ անց մեքենայի ուժեղ երաժշտությունը դադարեց, և դրան փոխարինելու եկավ էքսկուրսավարի ձայնը, որը սկսեց պատմել վանքերի մասին: Քիչ թե շատ իմացա, որ երկուսն էլ հիմնադրվել են 10-րդ դարում՝ Բագրատունիների օրոք, դարերի ընթացքում որոշ մասեր քանդվել են, այնուհետև վերակառուցվել, այժմ կանգուն են և համարվում են Հայաստանի  խորհրդանիշներից: Սկզբում այցելեցինք մեկը, հետո՝ մյուսը: Հեռավորությունը այնքան էլ մեծ չէր: Ամենալայն իմաստով կարելի է ասել, որ Լոռվա բնությունը մի ողջ տիեզերք է: Չնայած, որ մի շաբաթից այդտեղ արդեն ամառ էր սկսվելու, միևնույնն է, օդը սառն էր, և դա ինձ ստիպում էր սթափվել, բայց բնությունը իմ մեջ ստեղծել էր մի զգացողություն, որ վերածվել էր էներգետիկ ուրախության: Զգացողություն, որ ունակ է անցնել յուրաքանչյուր կենդանի էակի միջով և ստեղծել շոշափելի մի կապ, որն էլ իր հերթին ծնել էր ականջների սահմաններում, բայց միևնույն ժամանակ սրտի համար մատչելի մի մեղեդի: Երբ կյանքում այս պատկերը տեսել ես միայն նկարներով, իսկ հիմա՝ առանց որևէ ֆիլտրի, անզեն աչքով, իրականությունը իր ողջ գեղեցկությամբ զարմանք է առաջացնում:

Հիացած բնության պատկերով՝ մտնում եմ եկեղեցի: Մի պահ մտածելուց և նայելուց հետո հասկանում եմ, որ ամեն քարի մեջ մի բուռ սեր կա, գմբեթի քանդված մասից ընկնող լույսի մեջ՝ մի բուռ հավատ, ամեն վառված մոմի մեջ՝ մի բուռ հույս: Իսկ վերջում հասկանում ես, որ աշխարհի վրա ուրիշ մի տեղ դժվար թե կարողանաս գտնել նման եկեղեցին և վանքեր:

Հաղպատ և Սանահին: Այս երկու վանական համալիրների մասին էր խոսքը, որոնք այդ օրվանից դարձան Հայաստանի ամենագեղեցիկ և ամենատպավորիչ անկյուններից ինձ համար:

Սիրենք Հայաստանը և ապրենք նրանով։

 

Լուսանկարը` Սիրան Մանուկյանի

Մենավոր Կյանք

sona mkhitaryan

Ուղղակի շնորհակալություն

Ես Սոնան եմ, ապրում եմ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում և 12 տարի սովորել եմ տեղի Արա Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցում։ Սովորելուս միայն վերջին տարիներին անգլերեն դասավանդվեց դպրոցում։ Ես ֆրանսերեն եմ սովորել, իսկ անգլերեն սովորելուս ցանկությունը շատ մեծ էր, սակայն չունեի համապատասխան գրքեր ինքս սովորելու համար։ Հիմա դպրոցն ունի անգլերենի ուսուցչուհի, դպրոցն ունի հրաշք կադրեր մեր ապագայի համար, և ունի նաև անգլերենի ուսուցման համար նախատեսված բազմաթիվ գրքեր, որոնք Հայաստանի տարբեր մարզերի գյուղական համայնքներին են նվիրել «Մանանա» կենտրոնի Լոս Անջելեսի գործընկները։ Նրանց նախաձեռնությամբ տեղի ամերիկահայ երեխաները հավաքել են բազմաթիվ գրքեր, հավաքել են նաև ծանրոցները Հայաստան ուղարկելու գումարը։ image2

Ես և մեր դպրոցը շնորհակալություն ենք հայտնում բոլորին, ովքեր նախաձեռնել են այս ծրագիրը, քանի որ կարծում եմ՝ նման ուսուցանող գրքերը հատկապես գյուղական դպրոցների գրադարաններին պարզապես անհրաժեշտ են։ Դպրոցի աշակերտների համար դրանք կծառայեն իրենց նպատակին։ Աշակերտներից մեկը նույնիսկ անակնկալի էր եկել գրքերի շատ քանակից։ Հուսով ենք՝ այս բարեգործական նախաձեռնությունը շարունակական բնույթ կկրի, և գրքեր կուղարկվեն նաև այլ շրջաններ։image1

Mary Yengoyan

Ապրել և ստեղծագործել

Երաժիշտ, նկարիչ և ռեժիսոր Նարեկ Հակոբյանին Վարդենիսում ճանաչում են բոլորը։ Բոլոր միջոցառումներին նա ակտիվ մասնակցում է իր սրտակից բարեկամի՝ կիթառի հետ։ Նարեկը ծնվել է Վարդենիսում՝ երաժշտասեր ընտանիքում։

-Քանի՞ տարեկանից ես սկսել կիթառ նվագել և ինչո՞ւ հենց կիթառ։

-Կիթառ նվագել սկսել եմ 15 տարեկանից, հայրս նույնպես կիթառահար է, և նրա շնորհիվ իմ մեջ սեր արթնացավ այս գործիքի նկատմամբ։ Հետագայում ես սկսեցի ինքնակատարելագործվել։ Իսկ ստեղծագործել սկսել եմ 17 տարեկանից։

-Ի՞նչ դեր ունի կիթառը քո կյանքում։

-Կիթառը ինձ համար սոսկ երաժշտական գործիք չէ։ Այն շատ մեծ դեր է ունեցել իմ կյանքում կայանալու, միգուցե նաև ռեժիսորի մասնագիտություն ընտրելու հարցում։ Կյանքիս ամենակարևոր պահերին այն ինձնից անբաժան է եղել։

-Երաժշտական ո՞ր ժանրում ես ստեղծագործում։

-Ինձ հոգեհարազատ է հեղինակային երգը, որովհետև այն հնարավորություն է տալիս բացահայտել մարդուն, նրա ներաշխարհը, և այս երգերում յուրաքանչյուրը գտնում է իրեն հոգեհարազատը։ Այն կարծես անկեղծ զրույց լինի հանդիսատեսի հետ։

-Ինչի՞ մասին են քո երգերը։

-Իմ երգերը հիմնականում սիրո քնարական բնույթի են, որոնք ստեղծվել են ինձ հուզող հարցերի արդյունքում։

-Ո՞վ է քո ամենասիրելի հեղինակ-կատարողը։

-Սիրելի հեղինակ-կատարողներ շատ ունեմ, սակայն կառանձնացնեմ Վլադիմիր Վիսոցկուն, Ռուբեն Հախվերդյանին և Արթուր Մեսչյանին։ Նրանց ստեղծագործությունները ոգեշնչել են ինձ և մեծ ազդեցություն են գործել իմ՝ որպես հեղինակ-կատարողի կայացման վրա։

11nov (2)

-Արդյոք այսօր կա՞ հեղինակային երգի պահանջ։

-Քանի դեռ մարդիկ ապրում են, սիրում, ատում, ունեն իրենց հուզող հասարակական հարցեր, հեղինակային երգը պահանջ կունենա։

-Հանդես եկե՞լ ես որևէ պրոֆեսիոնալ հարթակում։

-Հուլիսի 19-21-ը տեղի ունեցավ «Հուսո առագաստ 2019» հեղինակային երգի միջազգային փառատոնը, որտեղ ես հանդես եկա իմ հեղինակային «Հենիր լուսինը իմ ուսին» երգով և հայտնվեցի լավագույն տասնյակում։ Փառատոնի հիմնական նպատակն է բացահայտել երիտասարդ հեղինակ-կատարողներին, հնարավորություն տալ նրանց շփվել այս ժանրի լավագույն երգահանների հետ և սովորել նրանցից։ Փառատոնն ընթանում է 2 փուլով՝ նախընտրական և եզրափակիչ։ 1-ին փուլում կազմակերպվում են լսումներ, ժյուրին ընտրում է լավագույն տասնյակ, որն էլ հանդես է գալիս 2-րդ՝ եզրափակիչ փուլում։ Փառատոնն ամփոփվում է բարդ ժանրի մի քանի սերունդների մասնակցությամբ գալա համերգով։

-Ի՞նչ տվեց քեզ մասնակցությունն այս փառատոնին։

-Նոր ծանոթություններ, ընկերներ, փորձ, անմոռանալի պահեր և շատ դրական էմոցիաներ։

-Ի՞նչ պլաններ ունես առաջիկայում։

-Շարունակելու եմ նվագել և ստեղծագործել։