- Լուսանկարը` Անի Ավետիսյանի
- Լուսանկարը` Անի Ավետիսյանի
- Լուսանկարը` Անի Ավետիսյանի
- Լուսանկարը` Անի Ավետիսյանի
- Լուսանկարը` Անի Ավետիսյանի
- Լուսանկարը` Անի Ավետիսյանի
- Լուսանկարը` Անի Ավետիսյանի
- Լուսանկարը` Անի Ավետիսյանի
- Լուսանկարը` Անի Ավետիսյանի
Եթե մտածում ես, որ օդանավը վախենալու ատրակցիոն է՝ կշտապեմ հիասթափեցնել քեզ: Դա ամենևին էլ այդպես չէ: Դա քեզ ասում է ամբողջ կյանքում օդանավերի վթարների մասին ֆիլմեր դիտած և այսօր առաջին անգամ օդանավ նստած մարդը: 6:45 Երևան-Կիև թռչող օդանավը թափ հավաքեց ու բարձրացավ օդ: Այդ օդանավին հաջորդելու էր Կիև-Վիեննա չվերթը: Եվ այդ օդային ճանապարհների վրա, պատուհանից ճերմակ ամպերին նայելով, ես սպասում էի կյանքիս ամենակարևոր շաբաթներից մեկի մեկնարկին:
Մի խումբ երիտասարդներ այսօր հավաքվելու են Ավստրիայի Գրազ քաղաքում` պատրաստ իրենց ամբողջ էներգիան տրամադրել մեդիայի զարգացմանը: Այո՛, քաղաքի անունը Գրազ է ու «գրազ գալու» հետ էլ կապ չունի:
Մեդիան զարգացում է ապրում նորագույն տեխնոլոգիաների միջոցով: Սա այն գաղափարն է, որի համար էլ այս շաբաթը ամենասպասվածներից էր: Ի՞նչը կարող է ավելի լավ լինել միաժամանակ ապագա ծրագրավորողի ու լրագրողի համար, եթե ոչ այդ երկու մասնագիտությունները միավորող ծրագիրը, հնարավորությունը ՝ ստանալ ոչ միայն կիրառելի գիտելիքներ, այլ նաև շփվել ու ծանոթանալ ամենատարբեր երկրների երիտասարդների հետ, ովքեր կիսում են գաղափարներդ:
Լուսանկարը` Դիանա Շահբազյանի
Երկար ճանապարհից հետո հասանք Վիեննա, որտեղից պետք է գնացքների կայարան գնայինք: Կարճ ասած, հենց այստեղից էլ սկսում են մեր արկածները: Հարյուրավոր ավստրիացիներ, ովքեր հազարավոր անգամներ ցույց էին տալիս մեզ ճանապարհը և հազարավոր անգամներ էլ շեղում ճիշտ ճանապարհից:
Լուսանկարը` Դիանա Շահբազյանի
Դիանայի հետևից քայլելով, ոչինչ չհասկանալով պայուսակս այս ու այն կողմ էի քշում, հիշելով ամենակարևորը, որ չկորչեմ ու ոչինչ չկորցնեմ: Արդյունքում գտանք ինչ-որ պետք էր, ու հասանք` ուր պետք էր: Դեռ երկար ժամանակ ունեինք Վիեննայում շրջելու համար և իհարկե առիթը բաց չթողեցինք:
Լուսանկարը` Դիանա Շահբազյանի
Գիտեմ, այնպես չէ, որ ես Եվրոպական շատ քաղաքներ եմ կյանքում տեսել, բայց Վիեննան անկասկած ամենագեղեցիկ ճարտարապետություն ունեցողներից մեկն է: Հնի ու նորի ներդաշնակ միաձուլում, որը ուղղակի գլխապտույտ է առաջացնում: Ու կապ չունի, որ հորդառատ անձրև է գալիս, ու ոտքից գլուխ թաց ես, կապ չունի, որ ցրտից դողում ես: Կապ չունի՝ որովհետև դու դեռ երբեք առիթ չես ունեցել այդ գլխապտույտը զգալու ու հիմա ուղղակի պարտավոր ես դա անել:
Լուսանկարը` Դիանա Շահբազյանի
Զբոսնելուց հետո վերադարձանք կայարան:
3 ժամ էլ մեզանից գնացքը խլեց, եթե չհաշվենք, որ մի ժամ էլ ուշացավ ինչ-որ գործադուլների պատճառով: Հասանք Գրազ…
Հյուրանոցում մեզ դիմավորեց բարձրահասակ, ժպտերես Մարտինը, ումից նախորդ շաբաթների ընթացքում անընդհատ նամակներ էի ստանում: Սենյակներում հիմնավոր տեղավորվելուց հետո, մնացած մասնակիցներին հայկական անուշեղեն հյուրասիրեցինք, բացատրելով, որ մեր սուջուխը, վրացիների չուչխելայից տարբերվում է: Հայկական նռան գինին նպաստեց նրան, որ մասնակիցները սկսեն պարել ու երգել: Դե ինչ ասեմ, հիմա քնելու ժամանակն է, մինչ վաղը: Վաղն արդեն մեր օրագրում կկարդաք, թե ինչ ենք սովորում, ինչ կա-չկա մեդիա ոլորտի նոր զարգացումների մեջ:
Ֆիզիկայի ժամ: Խոսում են հոսանքի ուժի մասին: Այո՛, խոսում են, որովհետև ես ընդհանրապես չէի էլ լսում: Գլուխս հենել եմ արմունկներիս ու աչքերս փակել: Ի դեպ, երբ մի քիչ երկար եմ ձանձրանում, սկսում եմ տարօրինակ բաներ մտածել: Քիչ էր մնացել, որ մտորումների մեջ ընկնեմ, բայց հանկարծ լսեցի.
-Ուրեմն, դասը պատասխանելու է գալիս…
«Մենակ թե ես` չէ, մենակ թե ես` չէ, խնդրում եմ»:
-Աննա, արի գրատախտակի մոտ:
«Հուուո՜ւ, լավ պրծա, այ, հիմա կարամ հանգիստ խորասուզվեմ մտքերիս մեջ»: Նայում եմ ուսուցչին ու մտածում. «Տեսնես, որ գնա տուն, ի՞նչ ա անելու: Հա՞ց ա ուտելու: Հա՞ որ: Մի՞թե ուսուցիչները հաց էլ են ուտում (չգիտես՝ ինչի, միշտ մտածել եմ, որ ուսուցիչները ապրում են ռոբոտի նման. ո՛չ հաց են ուտում, ո՛չ քնում են, ո՛չ բարեկամներ ունեն, ո՛չ էլ ընտանիք): Դե հա, եթե ինձ էլ միշտ դպրոցում տեսնեին, ես էլ ամեն օր միայն դաս սովորեցնեի, լուրջ բաներից խոսեի, հաստատ իմ մասին էլ էդպես կմտածեին: Լավ, բա հետո՞: Ախր, հետաքրքիր ա, տեսնես` ի՞նչ ա ուտելու: Երևի համով ինչ-որ բան, օրինակ՝ իտալական պաստա, մինչդեռ ինձ տանը սպասում է հնդկաձավարով փլավը: Երանի իրենց: Իսկ կարո՞ղ ա` հարցնեմ հենց իրենից: Չնայած՝ իմ ֆիզիկայի ուսուցիչը էնքան խիստ ա ու կոպիտ, որ կարող ա հաջորդ անգամ էլ ի վիճակի չլինեմ մտածելու: Ինչ ծիծաղելի ա, ասենք՝ պատկերացրեք․ Միլենան մի շաբաթ դասի չի գա, որովհետև դասատուին հարցրել ա, թե ինչ ա էսօր ուտելու»:
Զանգը տվեց, ու մտքերս էլ իսկույն ցրվեցին: Բայց գիտեմ, շուտով հետ են գալու մինչև հաջորդ ժամը: Որոշեցի սուսուփուս գնամ՝ առանց ապուշ հարցերի:
Հիմա էլ աշխարհագրության ժամ է, էլի եկան էն մտքերը, թե ինչ է անելու ընկեր Միսկարյանը վերջին դասից հետո: «Երևի գնալու ա տուն, գրքերը բացի, մեր հաջորդ դասը աչքի տակով անցկացնի, հետո գրավորները ստուգի, հետո նոր թեստեր կազմի: Մի րոպե, բա ո՞վ ա ճաշ պատրաստելու, բա` տեսնես երեխաների դասերը ստուգելո՞ւ ա: Ուֆ, եսիմ, է, չեմ պատկերացնում, ինձ թվում ա, որ ուսուցիչները մենակ դաս սովորեցնելու համար են»:
Արդեն դասերն ավարտվել էին: Տուն եմ գնում, գլուխս էլի լիքն է էդ տարօրինակ մտքերով: Էսօր պիտի գնամ պարապմունքի, շուտ հասնեմ տուն, հնդկաձավարս ուտեմ, փոխվեմ ու դուրս գամ: Բա տեսնես ընկեր Սիմոնյանը վերջը ի՞նչ ա ուտելու:
Լրիվ մոռացել էի: Մաման մի երկու բան էր ասել, որ տուն գնալուց առնեմ: Մտա սուպերմարկետ, անսպասելիորեն տեսա, որ նույն ընկեր Սիմոնյանը կարտոֆիլ է գնում, հետո մոտեցավ ու ձեթ վերցրեց: Այ, հիմա պարզ է, ի՜նչ պաստա, ի՜նչ Իտալիա, տապակած կարտոֆիլ է ուտելու: Կարծիքս լրիվ փոխվեց, արդեն պատկերացնում էի, թե ոնց են ուսուցիչները առևտուր անում, հաց ուտում, ու թե ոնց են ընդհանրապես դասից բացի ուրիշ բան անում:
Պատկերացումներս լրիվ արդարացրին իրենց, երբ պարապմունքի գնալուց ավտոբուսի մեջ տեսա ռուսերենի ուսուցչուհուս, բարևեցի ու թեթև ժպտացի: Հաջորդ օրն էլ, երբ ընկերուհուս հետ մտա խանութ՝ մի երկու բան փորձելու, տեսանք քիմիայի ուսուցչին: Բարևեցինք: Մերին հարցրեց.
-Ընկեր Կարապետյան, ի՞նչ եք կարծում՝ էս բլուզը շատ աչք ծակող գույն ունի՞:
-Չէ, ընդհանրապես, քեզ էլ շատ կսազի:
-Լո՞ւրջ: Մերսի:
Ապշել էի: Մի՞թե ուսուցիչները էդքան անմիջական կարող են շփվել աշակերտների հետ: Դպրոցում աշխարհի չափ նկատողություն են անում, իսկ դրսում հաճելի խորհուրդներ են տալիս:
Դասերի ժամանակ էլ չեմ անհանգստանում, թե տեսնես` էս դասատուն ինչ է անելու տանը, ինչ է ուտելու, ոնց է շփվում ընտանիքի հետ: Արդեն հստակ գիտեմ, որ ընկեր Սիմոնյանը շատ լավ առևտուր է կարողանում անել, տիկին Արամովնան, չնայած իր բարձրաճաշակ հագուկապին, անձնական մեքենայի փոխարեն ավտոբուսով է տուն գնում, իսկ այ, քիմիայի ուսուցիչս շատ բարձր ճաշակ ունի հագուստի հարցում:
Գուցե մեզ պակասում է հենց իրար ավելի լավ ճանաչելու հնարավորությո՞ւնը: Գուցե, եթե իմանանք իրենց խնդիրների մասին, առօրյա կյանքի, դպրոցից դուրս զբաղմունքի, ի վերջո հասկանանք իրար ու կոտրենք մեզ բաժանող պատնեշները: Գուցե…
Սովորաբար, երբ 12-րդ դասարանում սովորողները հանկարծ անհետանում են սոցիալական կայքերից, նկարներ չեն տեղադրում իրենց էջում, սկսում են նամակներին ուշ-ուշ պատասխանել, կամ էլ ընդհանրապես չպատասխանել, նշանակում է, որ հասել է այն պահը, երբ նրանք պետք է պատրաստվեն ընդունելության քննություններին: Այս նախաբանը և այն ամենը, ինչ կկարդաք հաջորդիվ, իրականում իմ՝ 17.am-ում և սոցիալկան հարթակներում ակտիվ չլինելու արդարացումն է:
Սկսենք նրանից, որ դեռ մանկուց, տեսնելով ավարտական դասարաններում սովորողներին այդքան ծանրաբեռնված ձևով պատրաստվելիս, փոքր-ինչ վախով, բայց անհամբերությամբ սպասում էի իմ հերթին: Իհարկե, ես չգիտեի, որ նրանք, ովքեր պատրաստվում են քննություններ տալ, կրճատում են քնի ժամերը (սարսափելի մեծ զոհաբերություն, բայց, դե ինչ արած), չեն հասցնում դասերը լիարժեք պատրաստել, ես կասեի՝ ընդհանրապես մոռանում են դասերի մասին, սկսում են երազել հասարակ բաների մասին, ինչպիսիք են ֆիլմ դիտելն ու ընկերների հետ դուրս գնալը: Մի հետաքրքիր բան էլ կա, որ մի քիչ էլ ծիծաղելի է հնչում՝ նրանք սկսում են հաց ուտելը երկար ձգել, որ մի քիչ հանգստանան այդ ընթացքում: Մեկ էլ մի բան, որ պատահեց իմ, բայց հավանաբար ոչ մեծամասնության դեպքում (դե, պատճառը պարզ է, նրանք մինչև այդ էլ սուրճ խմում էին), սկսեցի սուրճ խմել: Ես՝ սուրճի հանդեպ մշտական արհամարհական վերաբերմունք ունեցողս, սուրճ եմ խմում, որ կարողանամ արթուն մնալ:
Լավ, մի ամսվա կուտակված բողոքի ալիքը դուրս հանելուց հետո՝ փորձեմ վերլուծել այս փոփոխությունը մեկ այլ տեսանկյունից՝ ավելի փիլիսոփայորեն: Իրականում կարծում եմ, որ այս պահը կյանքում շրջադարձային է ու մի կարևոր փուլի սկիզբն է մատնանշում: Արդեն սկսում ես հստակեցնել նպատակներդ ու դրանք հերթով իրագործել մեծ երազանքիդ հասնելու համար: Ավելի է հստականում այն ուղին, որով պատրաստվում ես շարժվել ապագայում: Ու եթե անկեղծ, չնայած ծանրաբեռնվածությանը, հաճելի է, երբ գիտես՝ ինչ ես անում և ինչի համար:
Մի խոսքով՝ ամեն ինչ ունի իր լավ ու վատ կողմերը, բայց արժեքավոր ու անգնահատելի է դրականը տեսնելու կարողությունը: Այն նպատակը, որի համար շատ ժամանակ ու էներգիա եմ ծախսում, արժանի է դրան:
Հարցազրույց թումանյանագետ Հրայր Ուլուբաբյանի հետ
-Ողջույն, պարոն Ուլուբաբյան: Բոլորը Ձեզ ճանաչում են որպես թումանյանագետ, բայց, կարծեմ, Դուք միանգամայն այլ կրթություն եք ստացել։ Փորձենք բացահայտել՝ ինչպես և ինչու կյանքի ուղին տարավ Ձեզ դեպի թումանյանական պարզ ու բարդ աշխարհը:
-1973 թվականին ավարտել եմ պոլիտեխնիկը և մինչև 1987 թվականն աշխատել եմ տարբեր գիտահետազոտական ինստիտուտներում որպես ինժեներ-կոնստրուկտոր։ Իմ այդ գործունեության վերջին տարիներին մեր երկրում դպրոցը լքվում էր ուսուցիչների կողմից ցածր աշխատավարձի պատճառով։ Այդ ժամանակ մամուլում հաճախ էին հնչում ահազանգեր, կոչ–հրավերներ՝ դպրոցում աշխատելու… Ես որոշեցի գնալ դպրոց՝ մտածելով, որ, թեկուզ ավելի ցածր աշխատավարձով, նոր սերնդի դաստիարակությամբ զբաղվելով՝ մեր հայրենիքին ավելի մեծ օգուտ կտամ, քան իմ մասնագիտությամբ աշխատելով… Գնացի 183 դպրոցը, և սկսվեց իմ մանկավարժական գործունեությունը։ Սակայն 1988-ի փետրվարին Իգոր Մուրադյանի և էլի մի քանի ընկերների հետ միասին Երևանում կազմակերպեցինք Արցախյան շարժման հայաստանյան առաջին հանրահավաքները… Փետրվարի վերջին օրերին, մեր այդ խաղաղ ցույցերին ի պատասխան, Ադրբեջանի ղեկավարները Մոսկվայի աջակցությամբ Սումգայիթ քաղաքում կազմակերպեցին հայերի ցեղասպանություն…
Երբ 1990–ին իշխանության եկավ ՀՀՇ–ն, ես զգացի և հասկացա, որ մեր երկրի ապագան վտանգված է։ Անհրաժեշտութուն զգացի զբաղվելու երկրի զարգացման գաղափարախոսությամբ, որի մեջ կարևոր, առանցքային դեր պետք է ունենար մանկավարժությունը, նոր սերնդի դաստիարակության գործը… Աշխատանքի անցա ՀՀ ԿԳ նախարարության ուսումնամեթոդական կենտրոնում` նոր դպրոցի ծրագրեր մշակելու նպատակով։ Նոր սերնդի դաստիարակության գործում մեծ դեր պետք է ունենա հայ գրականությունը, որի առանցքային դեմքը, իմ խորին համոզմամբ, կարող է լինել «մեր նոր քերթության անհաս Արարատը»՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։ Ահա թե ինչպես և ինչու սկսեցի զբաղվել այդ չափազանց բարդ, բայց շատ կարևոր (մեր գլխավոր նպատակի համար) գործով՝ թումանյանագիտությամբ։
-Շատերը համարում են, որ Թումանյանի ստեղծագործական աշխարհը լիակատար ուսումնասիրված է, և այլևս բացահայտելու ոչինչ չկա: Դուք ի՞նչ կարծիքի եք այս մասին, ի՞նչ խնդիրների է առնչվում մերօրյա թումանյանագիտությունը:
-Սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե Թումանյանի ստեղծագործական աշխարհը լիակատար ուսումնասիրված է, և որ այլևս բացահայտելու ոչինչ չկա: Նախ, հարկ եմ համարում հիշեցնել, որ երբ 1994 թվականին Թումանյանի ծննդյան 125–ամյակի առթիվ հարգարժան գիտնական ակադեմիկոսը՝ թումանյանագետ Էդ. Ջրբաշյանը գրեց «Թումանյանագիտության հերթական խնդիրները» ծրագրային հոդվածը, դրանում նա թվարկեց մի շարք դեռևս չուսումնասիրված հարցեր։ Բացի դրանից՝ ընթերցելով այդ հոդվածը՝ նկատեցի, որ կրկին անտեսված են Թումանյանի կրոնափիլիսոփայական, թաքնագիտական աշխարհայացքին վերաբերող հարցերը: Եվ, անհրաժեշտաբար, ստեղծվեց թումանյանագիտության երկրորդ ճյուղը։ Գրեցի ծրագրային հոդված՝ «Թումանյանագիտության երրորդ փուլը և նրա խնդիրները», որը որոշ կրճատումներով ու աղավաղումներով տպագրվել է «Կրթությունը եվ գիտությունը Ղարաբաղում» պարբերականի 1997թ. N 1-ում։ Նշեմ նաև, որ Թումանյանն իր մահից երկու ամիս առաջ ասել է․ «Ես գիտեմ՝ մի օր, իհարկե, ոչ շուտ, իմ կյանքը մեծ հետաքրքրություն ու աղմուկ է հանելու, շատ բան է պարզվելու, տեսնելու են բոլորովին ուրիշ բան… Գրվածքներս դեռ լավ չեն կարդացել, տեսել…»։ Կարելի է ասել՝ պաշտոնական, ակադեմիական թումանյանագիտությունն այդ «ուրիշ բան»–ի մասին ոչինչ չի ասել։ Ես զբաղվել եմ, հիմնականում, այդ «ուրիշ» Թումանյանի բացահայտմամբ։ Ճիշտն ասած՝ չգիտեմ, թե ինչ խնդիրների է առնչվում մերօրյա ակադեմիական թումանյանագիտությունը։
-Զարգացման ինչպիսի՞ հեռանկարներ ունի թումանյանագիտությունն այսօր, և արդյո՞ք նոր սերունդը հետաքրքրված է այս ուղղությամբ:
-Իմ նշած թումանյանագիտությունը կարող է ծառայել ինչպես հայ գրականության ներկա քաոսային վիճակից ու ճգնաժամից դուրս գալուն, այնպես էլ ազգային գաղափարախոսություն մշակելու գործին։ Ինչ վերաբերում է նոր սերնդին. ավագ սերունդը շարունակում է նրան շեղել իրական արժեքներից։ Անհրաժեշտություն կա ստեղծելու մի նոր թումանյանական «Վերնատուն»։
-Դուք ձեր բազմաթիվ հոդվածներում բացահայտում եք ո՛չ միայն Հովհաննես Թումանյան պոետին, այլև դիտում եք նրան տարբեր հարթություններում՝ Թումանյան-բժիշկ («Ամենայն Հայոց Բանաստեղծը նաև բժիշկ»), Թումանյան-բնասեր («Թումանյանի վերաբերմունքը կենդանիների նկատմամբ»), Թումանյան-քաղաքացի և այլն, նույնիսկ բանաստեղծություն ունեք նվիրված մեծ պոետին (Թումանյանին, 12.03.96), կարո՞ղ ենք ասել, որ թումանյանական աշխարհն ու թումանյանագիտությունը Ձեզ համար ոչ միայն մասնագիտություն է, այլև կենսակերպ:
-Ինձ համար թումանյանագիտությունը միջոց է, կարևոր գործոն է բարձր կուլտուրայի երկիր Հայաստանի գաղափարախոսության հիմքերն ամրապնդելու համար, հայ գրականության զագացման չափանիշներն ու ուղենիշները մշակելու համար։
-Գրող լինելուց բացի՝ Թումանյանը նաև մեծ փիլիսոփա է, ինչի ապացույցը նրա բազմաթիվ քառյակներն են: Զարմանալի է, բայց այդքան փոքր ծավալի մեջ արտահայտված գաղափարները հայելային արտացոլմամբ մեր իրականությունն են պատկերում: Ինչպե՞ս է հեղինակը կարողացել այդքան ճշմարտացիորեն զգալ ժամանակի զարկերակը: Կա՞ արդյոք մի քառյակ, որ Դուք հատկապես առանձնացնում եք:
-Թումանյանը մեր այն հանճարն է, որն իր մտածողության, գիտակցության մեջ համադրել է կրոնը, փիլիսոփայությունն ու գիտությունը։ Իմ ուսումնասիրությունները հաստատում են, որ բանաստեղծի ողջ կյանքի և ստեղծագործության նշանաբանն էր՝ «միշտ դեպի Վեր», որ նույնն է՝ դեպի Աստված, կատարյալը, անհունը, անհայտը, անճառ մինը։ Եվ այդ հոգու վերելքի ճանապարհին նա դառնում է հեռազգաց (տելեպատ), պայծառատես ու սրտագետ (գաղտնագետ)… Վստահորեն կարելի է ասել, որ ոչ միայն մեր օրերի բանաստեղծներն ու գրողները, այլ նաև փիլիսոփաներն ու հոգեբանները շատ բան կարող են սովորել մեր Մեծ Լոռեցուց…
Թումանյանը քառյակներ շատ ունի, որոնք հատկապես առանձնացնում եմ, կախված միջավայրից, զրույցի թեմայից, մի խոսքով՝ կախված նպատակից։ Հիշեցնեմ դրանցից երեքը։ Մեկը արևելյան փիլիսոփայության, բուդդայականության, յոգայի մեջ հայտնի հոգու վերամարմնավորման օրենքն է, որը Թումանյանը շատ սեղմ ու գեղեցիկ ձևով ամփոփել է քառյակի մեջ.
Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՛նչ կա որ.
Ես եղել եմ, կա՛մ, կլինեմ հար ու հավետ, ի՛նչ կա որ,
Հազար էսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՛նչ կա որ:
Երկրորդը քառյակն է, որը կոչվում է «Սի՛րտ».
Դու գիտես մենակ ճամփեն երկնքի,
Դու գիտես գաղտնիքն երջանիկ կյանքի,
Դու գիտես ամենն ամենից առաջ,
Քու խոսքն է օրենքն ամեն օրենքի։
Սա Թումանյանի միակ քառյակն է, որ վերնագիր ունի։ Մի պահ պատկերացրեք քառյակն առանց վերնագրի. կստացվի մի բարդ հանելուկ…
Երրորդ քառյակը, որ հաճախ առանձնացնում եմ գաղափարական, քաղաքական կողմնորոշումների մասին զրույցներում, սա է․
Արյունալի աղետներով, աղմուկներով ահարկու,
Արևմուտքի ըստրուկները մեքենայի և ոսկու՝
Իրենց հոգու անապատից խուսափում են խուռներամ
Դեպ Արևելքն աստվածային՝ հայրենիքը իմ հոգու…
Մեկ-մեկ տանը նստած՝ մտածում եմ. «Մամա ջա՛ն, արդեն չորրորդ կուրս եմ»: Անկեղծ, ոնց որ երեկ լիներ, որ լացելով հավաքում էի իրերս, գրկում հարազատներիս ու, Երևանի և ուսանողական կյանքի մասին առասպելներով, ճամփա ընկնում դեպի նոր՝ ավելի բարդ ու հետաքրքիր, ավելի հագեցած ու աշխույժ կյանք: Նայում եմ ամսաթվին ու արդեն մեկ ամսից ես դասի չեմ լինելու: Չգիտեմ, մի տեսակ ոչ լիարժեքության զգացում կա մեջս ու երկմտանքներ անընդհատ. ո՛չ ուզում եմ դասի գնալ, ո՛չ ուզում եմ ավարտել: Տարօրինակ է, չէ՞:
Այս տարի ես լրիվ տարբերվում եմ մնացած երեք տարիների ուսանողի իմ կերպարից: Չկար մի օր, որ դասի չնստեի, առանց տնայինն անելու հանգիստ քնեի ու չնեղսրտեի անպատրաստ լինելուս համար: Իսկ հիմա, էհ, հեչ էլ պետքս չէ, որ մի օր կուշանամ դասից, անպատրաստ կլինեմ կամ թերի կպատասխանեմ: Ես էլ չեմ հասկանում, թե ոնց կարող էի այսքան արագ ծուլանալ ու անհավես դառնալ: Հիմա էլ փոշմանել եմ, որ չորս տարիներս տվել եմ լեզու սովորելուն. մի բան, որ մի քանի ամիս լավ պարապելու դեպքում էլ կսովորեի: Չնայած, գիտեմ, որ սա է իմը, իմ անգլերենն ու լեզվական ուժեղ մտածողությունը:
Ինքս ինձ մխիթարելու համար մտածում եմ, որ երևի վերջին պահին փոշմանած լինելու, ծուլանալու պահերը գրեթե բոլոր ավարտողների հետ են լինում, ու փորձում եմ բնական համարել դա, որ ավելի չնեղվեմ:
Երկուշաբթի գիտեմ, որ, օրինակ, պարտադիր պիտի առաջին ժամը նստեմ, բայց առավոտյան հասկանում եմ, որ հերիք է, ինչքան առաջին ժամերին գնացել եմ, և ուրախ-ուրախ գիտակցում եմ, որ քնից թանկ բան չկա կյանքում: Գիտեմ, է, ախր, որ պատմության մեջ լինելու եմ միակ ուսանողը, որն ավարտելիս հոնգուր-հոնգուր լացելու է, ու արդեն ինձ տրամադրում ու համոզում եմ, որ պիտի պինդ պահեմ ինձ: Դպրոցում գրեթե բոլորը գիտեին, որ ամենածանրը ես եմ տանում դպրոցը լքելու փաստը, չեմ ուզում, որ նույնը համալսարնում իմանան: Շատ արագ եմ մերվում ու կապվում այն մարդկանց ու այն միջավայրին, որտեղ ապրում եմ ու որտեղ սիրում ու սիրված եմ, դրա համար էլ բաժանվելն ու ավարտելն այդչափ տանել չեմ կարողանում: Ու գիտեմ, որ հենց ավարտենք, փոշմանելու եմ, որ առաջին ժամերին բացակայել եմ, որ վերջին ժամերին զանգել եմ դասախոսներին ու ասել, որ գնում ենք տուն, բայց, ախր, դասի էլ չեմ կարողանում նստել, է:
Ու մի տարօրինակ բան էլ. ես դեռ չեմ պատկերացնում իմ՝ ավարտելուց հետո-ն, ու երբ ինձ հարցնում են, թե ինչ եմ ուզում աշխատել, ես սառը հոգոց եմ հանում ու ասում, որ չգիտեմ: Եվ, իսկապես, չգիտեմ: Ամեն ինչ այնքան վերացական ու այնքան անորոշ է ինձ մոտ հիմա, որ ինքս ինձ հետ սկսում եմ կռիվ անել ու փորձել հասկանալ, թե վերջապես ինչն է ամենից հոգեհարազատը ինձ:
Եվ, վերջում, իհարկե, միշտ նույն եզրահանգմանն եմ գալիս՝ իմը անհագ երազելն ու սիրելն է, սենց բան կլինի՞. դրանցով հո չե՞ս մտնի խանութ ու ասես. «Գիտե՞ք ինչ, ես շատ երազկոտ եմ, ինձ երկու հաց և մեկ պաղպաղակ տվեք»…
Ժողովրդական թատրոնի հիման վրա ձևավորված Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնը նոյեմբերի 24-ին իր դռները բացեց անդրանիկ ներկայացման՝ Օսկար Ուայլդի «Սալոմե» պիեսի բեմադրությամբ։
Հիշեցնենք, որ Գավառի թատրոնը հիմնադրվել է 1895 թ.-ին, իսկ թատրոնի կարգավիճակ է ստացել 1935 թ.-ին։ 2011թ.-ից սկսված դրամատիկական թատրոնի հիմնանորոգումից հետո նոյեմբերի 19-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի, Կրթության ու գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի և Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ թատրոնի շենքի հանդիսավոր բացումը։
«Սալոմե» պիեսի առաջին ներկայացումը նախատեսված էր հատուկ հյուրերի համար, մուտքը՝ հրավիրատոմսերով։ Պիեսում որոշակի տարբերություններով ներկայացվում են աստվածաշնչյան դրվագներ՝ մերժված սիրուց վրեժխնդրությամբ լցված Սալոմեի խելացնոր սիրո և Յոքանանի (Հովհաննես Մկրտչի) կործանման մասին։
Գավառի պետական դրամատիկական թատրոնի վերաբացման կապակցությամբ տնօրեն Հայկ Ղափանցյանը թատրոնի պատմությունը ներկայացնելու հետ մեկտեղ իր ելույթի խոսքում հպարտությամբ շեշտեց դրամատիկական թատրոնի 135 տարվա պատմության մասին, իսկ բեմականացմամբ տպավորված երիտասարդ հանդիսատես Ալլա Վարդանյանն ասում է.
-Բեմում տեսա համագործակցություն, տարածության և ժամանակի զգացողություն, պրոֆեսիոնալ խաղ, որը հուզեց շատ-շատերին: Ներկայացման ողջ ընթացքում դերասանները իրենց խաղի միջոցով կարողացան հուզել և իրենց ձեռքում պահել հանդիսատեսի ուշադրությունը։ Դերասանական կազմը երկար տարիների դադարից հետո վերջապես բեմ վերադառնալով՝ իր հերթին ստացավ բավարար տպավորություններ:
-Ամբողջ ստեղծագործական, տեխնիկական սպասարկող անձնակազմը սրտատրոփ սպասում էր այն օրվան, երբ վերջապես պետք է բացվեր վարագույրը, լսվեր առաջին երաժշտությունը, և դուրս գային դերասանները բեմ՝ բեմի կարոտն առնելով, որ տարիներ
շարունակ զգացել են: Ամեն Աստծո օր երազել ենք, որ բացվի թատրոնը, ունենանք մեր սեփականը և վերականգնենք մեր հին ավանդույթները, որոնք երկար տարիներ պահպանվել են,- ասում է դերասան Հովհաննես Օհանյանը և ավելացնում,-հանդիսատեսների առումով սպասելիքներս չբավարարվեցին, քանի որ չնայած առաջին
ներկայացումն էր, բայց դահլիճում, այնուամենայնիվ, կային դատարկ աթոռներ: Իսկ ինչ վերաբերում է շենքի հարմարավետությանը, ապա կան շինարարական և ճարտարապետական թերություններ: Ամենամեծ թերությունը համարում եմ դրսի ջրահեռացումը, որն ընդհանրապես բացակայում է ու, ցավոք սրտի, շենքն արդեն նստվածքներ ունի, և տարիների ընթացքում նստվածքների ավելացումով՝ շենքը կդառնա վթարային: Մի քանի տեղ՝ ընդհուպ մինչև մարզպետարան, բարձրաձայնել եմ այդ մասին, որ ջրահեռացման բացակայության պատճառով անձրևաջրերը ներծծվում են շենքի հիմք, բայց դեռևս խնդրին լուծում չի տրվել:
Հովհաննես Օհանյանը հայտնում է նաև, որ բացի վերոնշյալը, թատրոնն ունի նաև այլ խնդիրներ, որոնցից մեկը լուսաձայնային համակարգի անհարմար դիրքն է և հերմետիկ փակվող պատուհանները, որոնց պատճառով դերասանների ձայնը լսելի չի դառնում կապն ապահովողին, բեմի լուսավորողին, որպեսզի ճիշտ խոսքից հետո կարողանա համապատասխան լուսավորություն կամ երաժշտություն ապահովել:
Այնուամենայնիվ, թատրոնի անձնակազմը արդեն նոր ներկայացումներ է նախապատրաստում, այժմ աշխատանքային փուլում է Ամանորյա մանկական ներկայացումը:
Ամեն ինչից անկախ` յուրաքանչյուր ընտրությունից առաջ ժողովուրդը միշտ էլ որոշակի հույս ունենում է` մի քիչ, շատ քիչ, հոգու էն ամենախորքում, որ այս անգամ ուրիշ է լինելու, որ մարդիկ իրոք իրենց ընտրությունն են կատարելու, որ նորից չեն հիասթափվելու ու խաբվելու: Խնդիրներն ամենուր են, լուծումներին սպասում են բոլորը, բայց գյուղում ավելի շատ են սպասում, ավելի շատ են ուզում հավատալ, որ հաջորդ տարի բերքը գետնին ու ծառերին չի մնա, ջուրը ժամանակին կլինի, հարկերը աշխատածից ավելի շատ չեն լինի, ու հավատում են` ուզած-չուզած, որքան էլ բողոքում են, մեկ է, ընտրությունից առաջ էլ, հետո էլ, իրենք իրենց հողի հետ են, ծառերի ու այգիների, կենդանիների հետ են: Բողոքում ու ցանում են, բողոքում ու բերքահավաք են անում ու ամեն սերմի հետ հավատ են ցանում, որ բերքը առատ է լինելու, բերքահավաքին հույս են հավաքում, որ բերքը ամբողջությամբ վաճառելու են ու ձմեռն ավելի ապահով են դիմավորելու:
Այս տարի բերքը այդքան էլ լավ չի վաճառվել, ճանապարհներին է մնացել, բայց Ռաֆիկ պապը, անկախ ամեն ինչից, ձմռանն է պատրաստվում: Փայտը կոտրատելու ձայն եմ լսում իրենց բակից, գնում եմ ու թակում դարպասը, բայց կացնի ձայնն ավելի բարձր է: Հենց այդպես ներս եմ մտնում, որովհետև Ռաֆիկ պապի բակ մտնելիս դարպասը թակելը կարևոր ու պարտադիր չէ. դռներն ու սրտերը միշտ բաց են:
-Ռաֆիկ պապ, ի՞նչ կասես, ի՞նչ ես սպասում ընտրություններից, մի բան կփոխվի՞:
Հարցիցս հետո ծիծաղելով ասում է․
-Էլի թուղթն ու գրիչն առած եկա՞ր,- ու շարունակում,- ամեն անգամ բարձրանում, սիրուն-սիրուն խոսում են, վերջում տեսնում ենք` սայլը տեղից չի շարժվում, ես ի՞նչ գիտեմ` էս անգամ էլի տարբեր մարդիկ նույն պատմությունը չե՞ն կրկնի: Ինչ էլ լինի, ես հո ուրիշ տարբերակ չունե՞մ: Էլ էս երկրից, էս գյուղից գնացողը չեմ, ով էլ գա` պիտի հարմարվեմ: Ես իմ հողի ու անասունի տերն եմ, ինձ հերիք ա, որ գոնե մի քիչ հարկերը թեթևացնեն, որ գյուղացին իրա տանջանքի դիմաց գոնե իրա բերքից մի քիչ օգուտ ունենա:
Որոշում եմ շատ չխոսեցնել Ռաֆիկ պապին, որ ցախի օրվա բաժինը շուտ կոտրի` գնա տուն, որ հասցնի հանգստանալ, թեյ խմել, մի քիչ լուրեր նայել ու քնել` հաշվելով, որ երեք օրից արդեն կվերջացնի, չորրորդ օրը կոտրած փայտը կպահեստավորի ու վառարանը կդնի:
Փողոցի վերևից իջնում եմ դեպի մեր տուն ու հարևան Հրաչի երգելն եմ լսում: Մեր ու իրենց բակը բաժանող պատի մոտ կանգնում ու հանգիստ խոսում եմ, փոքր տարիքում անգամ այդ պատով իրենց բակ էի մտնում: Իսկական հարևանություն եմ ասել, է՜: Միշտ ընդդիմադիր Հրաչն էլի դժգոհ է, ասում է, որ մոտակա 4-5 տարին հույս չունի, որ ինչ-որ փոփոխություն կլինի կամ փոփոխությունը կհասնի գյուղին.
-Բոլոր երկրներում գյուղացիներին 2 տոկոսով վարկեր են տալիս, դուք մեր վարկերի տոկոսները տեսե՞լ եք: Գյուղացին մի վարկը փակելու համար մյուսն է վերցնում, իրեն էլ ոչ մի բան չի մնում: Շատ կուզեի, որ երբ բերքը հասներ, ոչ թե գյուղացին ընկներ շուկաները, որ իր բերքը ծախեր, այլ գային, դաշտից մեծ մեքենաներով գնեին ու տանեին, որ գյուղացին ժամանակ ունենար ամբողջ օրը ծառերով ու բերքով զբաղվելու, որովհետև էդ բոստանը մշտական խնամքի կարիք ունի:
Եկա, Հրաչին նորից խոսեցրի, դարդերը խառնեցի ու թաքուն հեռացա, որ ընկերուհուս հետ թեյ խմեմ: Մենք ամեն ինչից խոսում ենք, բայց քաղաքականությունից, ընտրություններից` հազվադեպ: Իրենց ծառերի նուռն ուտելով, թեյով տաքանալով կամաց-կամաց թեման բացում եմ.
-Նար, ընտրության գնալո՞ւ ես, իրար հետ գնանք:
-Չգիտեմ, որ գնալու լինեմ` կասեմ քեզ:
-Ի՞նչ ես մտածում, բա:
-Գիտես, որ քաղաքականությունն ինձ չի հետաքրքրում, բայց հավատում եմ, դե, գոնե ուզում եմ հավատալ, որ ինչ-որ բան կփոխվի, կամ արդեն փոխվել ա, ոնց դու ես հավատում ու շատերը: Առաջին անգամ ես, չէ՞, ընտրելու: Կգնանք, կընտրես, որ քո ընտրությունը հաղթի, կհասկանաս, որ փոխվել ա, որ հավատալդ իզուր չէր: Ես առաջին անգամ չեմ գնում, բայց էս անգամ ես էլ հույս ունեմ, որ իմ ընտրությունը տեղ կհասնի:
Իմ գյուղում ու մնացած գյուղերում մեծահասակների մտածմունքի թեման հողն ու ջուրն են, կանայք խոպանից ամուսիններին ու որդիներին են սպասում, աշխատատեղերի բացվելուն են սպասում, երիտասարդները գյուղում հետաքրքրությունների են սպասում, ես էլ եմ սպասում, որ գյուղերին կնկատեն, որ այնպես կանեն, որ ուսանողները հաճույքով վերադառնան գյուղ դասից, իմանան, որ երեկոյան արդյունավետ ժամանց են ունենալու, բոլորով մի տեղ հավաքվելու տեղ են ունենալու:
Ու էսպես գյուղում ու Հայաստանում ամեն ընտրությունից առաջ նոր հույսեր են վառվում: Այս անգամ հույսերը մեծ են, սպասումները` շատ, ու որքան շատ ենք սպասում, հիասթափությունն այնքան մեծ է լինում:
Բայց սա լրիվ ուրիշ պատմություն է, այս անգամ մենք հիասթափությունը տան ամենախորը դարակում պահելու ու նոր ընտրության ենք գնալու:
Մոխրագույն, մոխրագույն, մոխրագույն․․․ Սև, չէ, լավ, մոխրագույն:
-Էս մի հատ կփոխանցե՞ք:
-Մի հատ ստացի:
-Կանգառում կկանգնեք:
Շրըխկ։
Լավ էր, էս անգամ չկոտրեցի դուռը։
Աբովյանով ներքև․․․ Բայց սա հաստա՞տ Աբովյան փողոցն էր։
Լավ, ոչինչ, մի բան կանեմ։ Ո՞ւմ են պետք փողոցի անունները, կարևորը՝ ներքև, շատ ներքև։
Ժամը երեքն էր։ Ոչ շուտ էր, ոչ ուշ։ Տուն չեմ գնա, որովհետև երբեք էլ տուն չեմ հասնում, միշտ մոլորվում եմ։ Միշտ ինչ-որ մի բան այն չի ստացվում։ Երևի դառը սուրճն է պատճառը։ «Հա, հաստատ դառը սուրճն է պատճառը»,- մտքիս մեջ հաստատեցի իմ՝ վաղուց հաստատված միտքը։
-Բարլուս, տղերք,- բարլո՞ւս, այսինքն՝ բարի լույս, բայց հեչ էլ լույս չէր, է։
Բակային տրամադրությունից պետք է շտապ դուրս գալ։ Դե, սա Երևանն է, մի քայլ ձախ՝ քաղաքի կենտրոնում ես, աջ ոտքով պտույտ՝ շենքերի բակում։
Կեղտոտ օդը շփվում է մաշկիս հետ, ու ես մտովի փորձում եմ հաշվել, թե քանի-քանի բակտերիաների հետ մոտիկից ծանոթացան մազանոթներս։
Օդը հեռավոր սարերից, և ինչու ոչ, երկրներից բերում է զովացուցիչ թրթիռ, որը հուզում է սրտի յուրաքանչյուր բաբախոցը․․․ Իսկ ինչի՞ս են պետք երկար ու անհասկանալի բառերն ու նախադասությունները։ Ոչինչ, ի՞նչ անենք։ Կարևորը՝ օդը կա, ու ես շնչում եմ, թե որտեղից ու ինչ է բերում՝ բնավ էլ չի հետաքրքրում։
«Ատում եմ քեզ, Երևան իմ հարազատ, որ այդքան գեղեցիկ ես, կեղծ ու անպիտան․․․»
Կաթ, կաթ, կաթ… Կաթ` մեկ, կաթ` երկու։ Ուսերս կամաց-կամաց թրջվում են։
Երկինքը կրկին հուզվել է։ Ուրեմն անձրև է գալիս։ Դպրոցում մեզ սովորեցրել են, որ կա երեք ագրեգատային վիճակ՝ հեղուկ, պինդ ու գազային։ Կիրառելով ամբողջ գիտելիքներս քիմիայից ու վերլուծելով իրավիճակը՝ հասկանում եմ՝ հեղուկ վիճակում է անձրևը։
«Բայց հա՞ որ»։
Իսկ հեղափոխության իմաստը ոչ մեկն էլ չի հասկանում։
«․․․որ հիմարի պես թթվել ես վրաս ու տանում ես իմ՝ այդքան սպասված օրերն ուրախ ու հրաշալի»…
-Ողջույն, մենք հարցում ենք անցկացնում Երևանի փողոցներում, կկարողանա՞ք մեզ մի քանի րոպե տրամադրել։
-Ոչ, շտապում եմ։ Կներեք,- ես Երևանին անգամ մեկ րոպե ավել չեմ տրամադրում, ուր մնաց քեզ՝ բարձրահասակ գեղեցկադեմ երիտասարդիդ և քո կողքի աղջկան, որը աչքերի մեջ եղած սպասումով կարծում էր, որ պետք է համաձայնեմ։
Ընդդիմանալով ամբոխի աղմուկին՝ առաջ եմ շարժվում։ Փոքր ժամանակ ինձ սովորեցրել են միայն առաջ շարժվել։ Կանգնել ու հանգստանա՞լ՝ ոչ, դա հաղթողների համար չէ։ Իսկ ես՝ ամբոխի միջից միակս իմ տեսակի մեջ, պետք է լինեմ հաղթող։ Հաղթող տանը, փողոցներում, սրճարաններում, մրցույթներում։ Կապ չունի, կարևորը՝ հաղթող։
«․․․և ինչքա՜ն զզվելի էիր դու, երբ ստիպում էիր շեկ աղջկան հուզվել, իսկ ասֆալտդ չափից դուրս ինքնահավան էր, որովհետև չգրկեց ու չտաքացրեց նրան»…
Աղտոտումն ամենևին էլ կապ չունի, հասկանո՞ւմ եք։ Ո՞նց բացատրեմ։ Ախր, կապույտ է ամեն ինչ։ Ողողված է ամեն ինչ կապույտով և ակամա հոգին է ցանկանում մեռնել տխրությունից։ Եվ ես չգիտեմ՝ կա՞ արդյոք հոգին, թե՞ ոչ։
Ինչպես բացատրեմ ես ձեզ, ինչպե՞ս նկարագրեմ։
Կարծես ցերեկվա ժամերի երկնքի կապույտը իջել է ներքև։ Ծանրացել ու իջել։ Հենց այդպես։
Թառել է ուսերիս ու չի ցանկանում գնալ, ոչ մի դեպքում։ Ծանր մարդու պես, ծանր հիշողությունների պես վրաս է մնացել։ Եվ ես ինչպե՞ս քշեմ իմ կապույտին, ախր ես ատում եմ նրան։
«․․․ախր, անտանելի քաղաք ես, Երևա՛ն։ Զզվելի քաղաք ես։ Մեռածների ու կիսատների քաղաք ես։ Միշտ տանում ես ու տանում, բայց երբեք չես տալիս ու տալիս։ Որքա՞ն ես ինձ քարշ տվել անկյունից անկյուն, որքա՞ն»…
Որքան եմ ես քանդվել այստեղ, և դեռ հարց է՝ կդադարե՞մ քանդվելուց, թե՞ ոչ։
Կետադրական նշաններս ինձ մի օր կսարքեն կենդանի մսաղաց․ երբեք ճիշտ չեն դրվում իրենց տեղում։
«․․․բայց միևնույն է, միայն դու ես ինձ հետ եղել երեկ, կաս այսօր ու երևի թե կլինես վաղը։ Հուսամ, որ չես լինի, Երևան։ Որքան եմ ատում քեզ, որ այդքան գեղեցիկ ես, կեղծ ու անպիտան»:
Հենց այս շքամուտքն էր։ Հա, հաստատ հենց սա էր տանում դեպի տուն․․․
Քայլում եմ փողոցով, մտածում եմ, թե որն է իմ աշունը։ Դե հա, տերևաթափ, անձրև, մշուշ, միգուցե, կոտրված սրտեր։ Բայց էլ ի՞նչ: Անձրևը: Շատերը չեն սիրում, քանի որ թրջվում են, անհարմար է և այլն, բայց ինձ համար աշնան անձրևը ուրիշ բան է նշանակում։ Անձրևի հետ ես կորցնում եմ անհանգստությունները, հոգնածությունը և ուղղակի վայելում։
Գրելս ընդհատեցի և մտա գրախանութ։ Երևի իմ ամենասիրելի գրախանութներից մեկն է։ Ներսում տիրում է լռություն ու հնչում է ջազ երաժշտություն։ Ես իմ բառարանի պատրվակով մտա ու նոր գիրք գտնելու պատրվակով մնացի այնտեղ։ Վերջապես բոլոր գրքերին ու բլոկնոտներին դիպչելուց հետո խորը շունչ քաշեցի ու շարունակեցի ճանապարհս։ Չնայած ցրտին ու անձրևի սառը կաթիլներին, ես ինձ շատ բավարարված էի զգում, նույնիսկ ականջակալների կարիք չունեի։
Աշունն արդեն վերջանում է: