Մի փոքր գրադարանից, Շերլոկից ու հարևանների խոսելու նոր թեմայից

Հերթական ձանձրալի օրն էր այն շոգ ու անտանելի օրերից, որ արձակուրդներ են կոչվում, ու էլի պետք է ինչ-որ զբաղմունք գտնեի օրս անցկացնելու համար՝ ամբողջ օրը մեռած ձևանալուց բացի, իհարկե: Սովորաբար տանը մենակ չեմ մնում, իսկ այսօր մի երկու ժամ մենակ էի: Դե հա, միակ բանը, որ մտքովս անցավ, ու կանցներ նաև ինձ նման այլ մանկամիտների մտքով՝ պատերին կախված փափուկ խաղալիքներին «տաղանդ» ցույց տալն էր: Վերցրի սանրը, իբրև բարձրախոս, էլի, կապեցի մայրիկի կանաչ, կարմիր շալերն ու բարձրացա բազմոցին (դա էլ աստղային բեմս է). համերգն սկսված է: Ես իմ մի քանի ժամն անցկացրի՝ ինձ հայկական շոուբիզնեսի ամենապայծառ աստղը զգալով, իսկ հարևաններն իրենց մի քանի օրը՝ Ժուլետի թոռան՝ չստացված աստղ Աստղից բողոքելով: Հրաշալի է…

-Իսկ մնացած օրն ի՞նչ անեմ, Ուոթսոն (Ուոթսոնը փափուկ խաղալիքիս անունն է, գիտե՞ք, նա անչափ գաղտնապահ ու լավ ընկեր է):

Ա՜խ, դե իհարկե: Չէի՞ կարող ավելի շուտ հիշել «Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին» գրքի մասին՝ մինչ հարևանների բուռն քննարկման առարկա դառնալը: Մի բան ասեմ, էլի: Մի քանի ամիս առաջ էի գրադարանից վերցրել այդ գիրքն ու, մոռանալով դրա մասին՝ ոչ կարդացել էի, ոչ էլ ժամանակին վերադարձրել գրադարան: Մի քանի օր առաջ էլ գրադարանավարուհին զանգել ու սիրալիր հետ էր պահանջել գիրքը, դե ինչ արած, տարա հանձնեցի: Շատ անպատասխանատուն եմ, է՜:

Մի քսան րոպե անց գիրքն ինձ մոտ էր, մերոնք էլ՝ տանը: Բայց այնքան դժվար է ինչ-որ բան կարդալը, երբ մի քանի հեռուստացույց միանգամից միացնում են, ձայնն էլ մինչև հարյուրը բարձրացնում: Ինչ արած, պետք էր մի փոքր ու խաղաղ անկյուն գտնել: Վերցրի գիրքն ու իջա նկուղ: Դե, մեր նկուղն էլ ոնց որ իննսունականների փոքր բնակարան լինի՝ հին մահճակալ, փայտյա գրապահարան, խոհանոցային հին կահույք, պապիկի քաշած օղիով լի մեծ տարրաներ, հին սպասք, մանկական օրորոցներ ու «ճռռիկներ», և իհարկե, հով ու զով օդ: Տեղավորվեցի մահճակալին ու սկսեցի կարդալ: Կարդում էի ինքնամոռաց, ասես՝ աշխարհից կտրված: Եսիմ, դժվար թե մեկը կարդա «Շերլոկին»՝ առանց հետաքրքրությունից այրվելու: Ամառվա մի աննշան մասը կամ էլ հենց ողջ ամառն անցկացնելու հիանալի տարբերակ է գիրք կարդալը՝ դետեկտիվ, ֆանտաստիկ, գիտաֆանտաստիկ, էլի դետեկտիվ: Լավ, վերադառնանք նկուղ: Հասել էի «Բասկերվիլների շանը», երբ դեպքերը շատ արագ էին զարգանում, երբ ուր որ է, Ուոթսոնը կբացահայտեր իրեն ու երիտասարդ Բասկերվիլին հետևողին՝ այն գրանիտե սյան վրայի մարդուն, ու մեկ էլ հոպ՝ տեսնեմ մի տասը էջ պատռված է: Ու վերջ. կար կարդալ, չկա կարդալ: Պետք է տանեի գրադարան ու եթե բախտս բերեր, փոխեի նորով:

Երբեք ինձ նման թափթված մի եղեք: Եթե գիրքը չեք կարդում, մի վերցրեք այն ու ամիսներով ձեր տանը պահեք, չէ՞ որ մարդիկ կան, որ սպասում են դրան, որ բերեք, հանձնեք ու իրենք տանեն կարդան միգուցե նկուղում՝ մահճակալի վրա պառկած, կամ էլ գուցե տանը՝ դիմանալով բարձր ձայներին: Ու ոչ էլ վնասեք գրքերն ու պատռեք էջերը, որովհետև ինձ նման մարդիկ էլ կան, որ հասկանալով իրենց սխալը, որոշում են իրենց ամառը ոչ թե համացանցում անցկացնել, այլ գրքեր կարդալ, շա՜տ գրքեր:

Լավ, գնամ տեսնեմ՝ այդ ինչեր են խոսում հարևաններն իմ անկեղծ ելույթի մասին:

ella mnacakanyan yerevan

Ծաղկաձորյան օրագիր

Ճամբար գնալուս որոշումը ստացվեց այնքան հապճեպ ու չնախատեսված, ինչքան, օրինակ, թրջվելու որոշումն է կայանում, երբ ընկերներիցդ մեկի թեթև ձեռքով հայտնվում ես ջրով լի լողավազանի մեջ: Սկզբում ինչ-որ անսովոր խուճապի մեջ ես, հետո զգում ես, որ արժեր թրջվել, հովացար: Գուցե տարօրինակ համեմատություն արեցի, բայց իսկապես նման զգացողություն էր մոտս: Պատճառը երևի այն էր, որ ապրածս 17 տարիների ընթացքում երբևէ ճամբար չէի գնացել ու մոտավոր պատկերացում չունեի անգամ ճամբարային առօրյայի մասին: Չէ՛, չնայած, անցած տարի եմ առաջին անգամ ճամբար գնացել, այն էլ՝ հանրապետությունից դուրս, բայց դա բոլորովին այն չէր, ինչ կարող է լինել հայրենիքումդ, ուր ազատ ես մայրենի լեզվով շփման մեջ ու չես վախենում, թե կկորչես տեղանքին ծանոթ չլինելու պատճառով: Ինչևէ, խոստանում եմ մեկ այլ առիթով պատմել նաև այդ ճամբարի մասին, բայց հիմա անդրադառնամ իմ կյանքի առաջին «հայրենական» ճամբարին:

Իրականում, որոշմանս ճիշտ ու տեղին լինելը հասկացա հենց էն պահին, երբ գիշերը շոգից տանջվելու փոխարեն ամուր փաթաթվել էի հաստ վերմակի մեջ ու մուշ-մուշ քնել: Որոշմանս ճշմարտացիության երկրորդ փաստարկը թիմային խաղերն էին, որոնց ընթացքում, ի հակառակ հայկական սովորության, կարողացանք համախմբվել ու թիմային աշխատանքի միջոցով էնպես խաղալ, որ մեր իսկ խաղացածից գերագույն հաճույք ստացանք: Ի դեպ, թիմերի բաժանվել էինք պատահականության սկզբունքով՝ ըստ գույների, ու գրեթե ոչ մեկս մյուսին չէր ճանաչում, բայց ի վերջո այնպես էինք մտերմացել իրար հետ, որ չէինք ուզում բաժանվել:

-Չենք ընկճվում, կանաչներն ամենալավն են,- մոտավորապես հենց էսպիսին էր մեր կարգախոսը ամեն չստացված փորձությունից հետո:

Չնայած, որ չորս օրվա ընթացքում մեզ այդպես էլ չհայտնեցին, թե որ թիմն է հաղթել՝ պատասխանն ակնհայտ է՝ իհարկե լավագույն կանաչները, այստեղ ուրիշ տարբերակ չէր էլ կարող լինել (մյուս թիմերի աչքից հեռու, նրանք էլ իրենց մասին են էդպես մտածում):

Կարճ ասած՝ «հայրենական» ճամբարը վերջին շրջանի կյանքիս լավագույն բացահայտումներից էր, որի պակասը, ցավոք, դեռ երկար եմ զգալու: Իսկ կանաչներս ու մնացածը իրար խոստացանք մյուս տարի ևս անպայման հավաքվել՝ նոր արկածներ գտնելու հավես ակնկալիքով:

elita balyan

Էկոտուրիզմը Կալավանում

Մեր գյուղը զբաղվում է էկոտուրիզմի զարգացմամբ, դրան զուգահեռ՝ հիմա զբաղվում է օրգանական մրգի և բանջարեղենի աճեցմամբ: Դրա վերաբերյալ ժողովներից մեկի ընթացքում էլ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը ծանոթացել է Կալավանում գործող «Time land» հիմնադրամի հիմնադիր-ղեկավար Ռոբերտ Ղուկասյանի հետ և տեղեկանալով նրա կողմից կատարվող ծրագրերի մասին՝ որոշել է այցելել Կալավան: Նույն օրը եկել է Կալավան և ծանոթացել կատարվող աշխատանքներին: Այցելել է այն բնակիչների տները, որոնք ցանկանում են իրենց տները դարձնել հյուրատուն: Այց է կատարել նաև դպրոց, գյուղապետարան, տեղեկացել է խնդիրների մասին, այնուհետև համտեսել է անտառային խոհանոցի բարիքները:

Կարեն Բոթոյանը մեր գյուղը շատ է հավանել, այն անվանել է փոքրիկ Շվեյցարիա և խոստացել, որ հաջորդ անգամ կգա ընտանիքի հետ՝ հանգստանալու:

Պատմություն տան մասին

Երկրագնդի կապույտ մակերեսի վրա կանաչով ներկված գյուղ կոչվող մի տարածք կար: Այնտեղ կյանքը շագանակագույն էր՝ մոխրագույն բծերով, իսկ դրսից վարդագույն էր՝ կանաչի վրա:

Գյուղում աշխարհի մնացած վայրերում ապրող մարդկանցից չտարբերվող մարդիկ էին ապրում, ապրում էին գրեթե նույն կերպ, ինչպես աշխարհի բոլոր մնացած վայրերում, բայց և տարբեր նրանցից: Այստեղ էլ օրը սովորականի նման էր սկսվում, սովորականի նման մարդիկ քնում էին, արթնանում, տղաները բանակ էին գնում, շատերն էլ հեռանում էին երկրից: Այստեղ օրը մթնում ու լուսանում էր նույն կերպ, երեկոներն այստեղ նույնքան գեղեցիկ էին, խաղաղ: Սովորականի նման այստեղ ամեն օրը հաջորդում էր մյուսին։ Սովորականի նման այստեղ էլ տարիներով ոչինչ չէր փոխվում:

Սովորականի նման, և այսօր էլ, գյուղում ամեն ինչ նույնն է:

Սովորականի նման այսօր էլ այստեղ շատերն են ապրում, տուն են կառուցում, սիրում են, սիրվում ու ատում: Տղաները բանակ են գնում, գալիս են կամ չեն գալիս, շատերն են հեռանում երկրից ու հետ չեն դառնում: Այստեղ իմ ու քո հայրենիքն է ամբողջանում, սովորականի նման, բայց անսովոր կերպով։

Ծնվել ու ապրել գյուղում։ Գիտե՞ք, այնքան էլ հեշտ չէ։

Ապրել գյուղում նշանակում է հողը զգալ մարմնի բոլոր բջիջներով, նրան տալ բոլոր հույսերն ու երազանքները և սովոր լինել փոխարենը ոչինչ չստանալուն:

Նայել ծառերին ու այնտեղ՝ նրանցից կախված տեսնել գյուղացու ողջ տարվա աշխատանքը: Մեղուների ներդաշնակ ձայնի մեջ «Հորովել»-ի մեղեդին գտնելն ու մեղուներին չզիջելով՝ աշխատելը։

Հաշվել կարկուտի յուրաքանչյուր հարված ու այն համեմատել գյուղացու սրտի զարկերի հետ, հետո պատառոտված տերևներից այն կողմ տեսնել նրա՝ նույնքան պատառոտված նպատակները:

Իմանալ նաև նրա՝ աշխարհի գույները հողից դուրս փնտրելու բոլոր ջանքերն ու նորից դեպի նա վերադառնալը: Հիասթափությունը, բարկությունն ու բախտից, աշխարհից խռովելը, ինքն իր հետ վիճելն ու հաշտվելը։ Սիրելը։

Զգալ ելակի դաշտերում նրա թողած ժամերի ու օրերի հաշիվը, անվերջ կորացող մեջքի ու հոգնած ոտքերի ցավը:

Նշանակում է իմանալ նրա՝ աշխարհում վարդագույնը մի քիչ ավելացնելու բոլոր փորձերը, պարզության մեջ կեղծիք չմտցնելու ջանքերը: Իմանալ նրա՝ քչով գոհանալու ու իր քիչը՝ աշխարհի հետ կիսելու մաքրությունը…

մարինե իսրայելյան

Մտորումներ

Երբ մտածում եմ գոյի և չգոյի մասին, անձս երկատվում է. իմ էության մի կողմը անվերապահորեն հավատում ու օրհնում է Աստծո արարչագործությունը, ընդունում Ադամին ու Եվային, դրախտն ու դժոխքը, նրանց հետ՝ նաև հոգու հարատևությունը, իսկ մյուս կողմս, չժխտելով, ավելի ճիշտ կլինի ասել՝ հմտորեն շրջանցելով առաջին եսի համոզմունքները, հստակ գիտի, որ երբ մի օր ես չլինեմ, փակեմ աչքերս՝ այլևս չբացելու պայմանով, ինձնից այլևս ոչինչ չի լինի, կձուլվեմ տիեզերքի հավերժական գոյությանը անգոյության մեջ:

Երբեմն այս երկու «ես»-երը իմ մեջ կատաղի պայքարի են ելնում, որից փոթորկվում է ողջ էությունս, ինքս ինձ կորցնելու աստիճան խառնվում է ամենը, և քանի որ ոչ մեկից պատասխան չեմ կարողանում ստանալ, իմ մեջ ծնվում է մի երրորդ՝ անորոշ «ես», որի լավագույն լուծումը փոթորիկը խաղաղեցնելու համար նրանից խուսափելն է: Խուսափել, բայց չէ՞ որ դա չի ապահովագրում նմանատիպ նորանոր փոթորիկներից:

Առաջին «ես»-ի դիրքը պաշտպանելու համար Աստվածաշունչը բավականին մեծ փաստական նյութ է հաղորդում, դրա համար ինձ ավելի հուզում է երկրորդը: Մահը հավերժական անզգայություն է, անվերադարձ քուն: Քունն էլ մահվան փոքր եղբայրն է, երբ դու չկաս, բայց օրգանիզմդ քեզնից թաքուն շարունակում է գործել: Եթե հոգին գոյություն ունի և կարող է մարմնից դուրս ևս ապրել, ապա ինչի՞ց է, որ քնած ժամանակ ես ինձ չեմ զգում: Ոմանք կասեն՝ իսկ ի՞նչ են երազները. երազները մեր ուղեղի գործունեության արդյունքն են, որոնք մենք կա՛մ հիշում ենք, կա՛մ ոչ: Ամեն գիշեր մարդը հազարավոր երազներ է տեսնում: Արթնանալուց առաջ կա մի պահ, երբ այդ բոլորը գումարվում են իրար, և ես հիշում եմ այդ գիշեր տեսած բոլոր երազներս՝ բոլոր մանրամասնություններով: Երբեմն այդ ահռելի ինֆորմացիայից, որ ուղեղս միաժամանակ ակտիվ է պահում, խենթանալս գալիս է: Արթուն ժամանակ երբեք այդպես չի լինում: Բայց մի ակնթարթ հետո դրանք այնպես են անհետանում, կարծես չեն էլ եղել՝ մտահորիզոնումս թողնելով միայն փոքրիկ առկայծումներ: Ուրեմն՝ նույնիսկ քնած ժամանակ մեր մեջ ինչ-որ բան աշխատում է, բայց դա հոգին չէ, այլ ուղեղը, քանի որ եթե ես չարթնանամ, ապա բնավ չեմ հիշի, թե ինչ եմ տեսել երազների խորհրդավոր աշխարհում: Եթե չարթնանամ՝ ուղղակի չեմ լինի, և վերջ: Այդ պահին կողքից մյուս «ես»-ը բղավում է՝ իսկ Աստվա՞ծ, իսկ Աստվածաշո՞ւնչը, երկնքի արքայությո՞ւնն ու քո հավատն առ նշյալը: Ծանր լռություն է տիրում: Որոշ ժամանակ շվարած դիտում եմ մարտադաշտը, որտեղ կողմերը միմյանց դեմ պայքարելուց ուժասպառ եղած հետ են քաշվել՝ սպասելով վերջաբանին. զգում եմ՝ եթե նրանք չհաշտվեն, ես կկործանվեմ: Անտեսանելի մեկի ձայնն ասում է՝ կոնֆետ կեր: Զարմանում եմ տվյալ պահին այդ պահանջի խիստ անհամապատասխանությունից, բայց ուտում եմ (բոլոր պայուսակներն ինձ համար մի առանձնահատուկ գրպան են ունենում՝ կոնֆետի գրպանը): Մտքերիս մի նոր փոթորկալից հողմ է տիրապետում, հակադիր կողմերը շառաչուն ոլորապտույտով գրկախառնվում են՝ դեպի երկինք սլացող սյուն պատկերելով: Ամեն ինչ դանդաղորեն հանդարտվում է, մնում եմ ես՝ ուժասպառ: Զարմանալին կոնֆետն էր, որը, պարզվում է, ո՛չ թե փրկարար դեղահաբ էր, այլ խորամանկորեն ընտրված շեղող գործոն:

gayane harutyunyan

Վտանգավոր է

Սենյակիցս դուրս եկա և տեսա մայրիկիս՝ կարմրած աչքերով: Մի վայրկյանում մտքովս ամեն ինչ անցավ:

-Մամ, ի՞նչ ա եղել:

-Մորքուրին օձը կծել ա:

Օձը թունավոր գյուրզա էր: Մորաքրոջս ամուսինը նրան շտապ հասցրել էր Արարատի հիվանդանոց: Այնտեղ երկու հակաթույն էին ներարկել և տեղափոխել Երևան: Երևանում ասացին, որ երեք օրից վտանգն արդեն կանցնի: Բարեբախտաբար, այդպես էլ եղավ, և մորաքույրս հիմա քիչ-քիչ ապաքինվում է:

Զգույշ եղեք:

mane minasyan -2

Եթե կարողանայի փոխել մեկ բան

Երբ փոքր էի, երազում էի կախարդական փայտիկ ունենալ, որպեսզի առվակների ջուրը դարձնեի նարնջի հյութ, տերևները՝ գունավոր կոնֆետներ, քարերը՝ պաղպաղակներ, իսկ անձրևի փոխարեն քաղցր բամբակներ տեղային:

Երբ մի փոքր էլ մեծացա, կախարդական փայտիկ էի ուզում՝ մաթեմատիկայի դասին իմ փոխարեն ուրիշին նստեցնելու համար:

Հիմա, երբ արդեն դեպի կյանք ոտք դնելու ճանապարհին եմ, ինքս ինձ հարց եմ տալիս, թե արդյոք ի՞նչ կցանկանայի փոխել, եթե ունենայի նման հնարավորություն:

11 տարեկան էի, երբ իմացանք, որ տատիկիս ու պապիկիս ապրելու շատ քիչ ժամանակ է մնացել: Ես այդքան էլ գիտակից չէի այդ ժամանակ և չէի հասկանում պահի լրջությունը:

12 տարեկան էի, երբ 17 օրվա ընթացքում կյանքին հրաժեշտ տվեցին տատիկս ու պապիկս:

Ինձ համար դժվար էր, սարսափելի դժվար:

Մայրս կորցրել էր հորը, հայրս՝ մորը:

Մեր ընտանիքում իսկական ողբերգություն էր:

Արդեն հինգ տարի է անցել, մենք շարունակում ենք ապրել, ապրել առանց նրանց, ապրել ինչ-որ չափով կիսատ:

Գիտե՞ք, տատիկս ուսուցչուհի էր, այն էլ՝ մաթեմատիկայի:

Տատս ինձ համար կնոջ լավագույն իդեալն էր: Մեր տան խաղաղությունը:

Պապիկս օրինակ էր ինձ համար, օրինակ այս կյանքում արժանապատիվ ապրելու համար:

Կյանքիս լավագույն մարդիկ ինձ մենակ թողեցին, երբ ես դեռ չէի էլ հասցրել նրանց պատմել, թե ինչքան հպարտ էի իրենց թոռնուհին լինելու համար: Կախարդական փայտիկ եմ ուզում, ուզում եմ փոխել այս կյանքում մի բան. ուզում եմ նրանք, ովքեր երկնքում են, հետ վերադառնան:

Լուսինն է մեղավոր

Լուսանկարը` Ստելլա Ավետիքյանի

Լուսանկարը` Ստելլա Ավետիքյանի

00:52

Պառկեցի քնելու:

01:10

Ժամը նայեցի, դեռ չի ստացվում քնելս:

«Է՜, ինչքան ժամանակ ա, ինչ նյութ չեմ գրել, բա սենց կլինի՞»,- մտածում եմ ես: Ու բազմաթիվ նյութեր են պտտվում գլխումս:

01:24

Հանկարծ բաց պատուհանիցս ուժեղ լույս ընկավ սենյակս: Մտածեցի՝ մեքենայի լույս է, բայց այդ պահին չգիտակցեցի, որ 7-րդ հարկի տան պատուհանից երբեք մեքենայի լույս չի ընկնի: Լույսի վերաբերյալ մտորումներս տևեցին մի քանի վայրկյան: Գլուխս բարձրացրի բարձից (անկեղծ ասած՝ ալարելով, բայց հետաքրքրությունս ծուլությանս հաղթեց) ու դեպի պատուհանը նայեցի: Տեսնեմ՝ լիալուսինն է: Այնքան մեծ էր, կարծես շատ մոտ լիներ: Լույսն էլ սովորականից ուժեղ էր: Ըհը՜, նյութ կստացվի:

01:30

Ինձ չկորցրի, հեռախոսս հանեցի ու ահագին նկարեցի՝ գիտակցելով, որ վերջում հաստատ մեկն է լավը լինելու:

01:35

Բացեցի Word-ը ու սկսեցի գրել:

Հիմա էլ եմ նայում լուսնին ու արդեն մի քանի ամպերի կույտ ճանապարհել եմ, որոնք գալիս էին, փակում լուսինն ու էլի անցնում:

Գիտե՞ք, առաջին անգամ եմ նրան այսքան գեղեցիկ տեսնում կամ, գուցե, ե՞ս եմ ուրիշ աչքերով նայում:

01:57

Կարծում եմ՝ եթե լուսինը չլիներ, հիմա արդեն քնած կլինեի ու չէի էլ գրի:

Հ. Գ. Վերնագիրը միանգամից մտքիս եկավ այն ժամանակ, երբ հասկացա, որ լույսը հենց լուսնինն է, լիալուսնինը:

Vahe_Dabaghyan

Նոր Բայազետի Սուրբ Աստվածածին եկեղեցու պատգամը

Լուսանկարը` Վահե Դաբաղյանի

Լուսանկարը` Վահե Դաբաղյանի

1828 թ.-ին Արևմտյան Հայաստանի Բայազետի փաշայությունից ներկայիս Գավառի տարածք տեղափոխված բնակչությունը համայնքը կոչեց Նոր Բայազետ: 1848 թ.-ին կառուցվեցին եկեղեցի և զանգակատուն: Եկեղեցին երկրաշարժից փլուզվեց, իսկ զանգակատունը կանգուն մնաց մինչև 1930 թվականը: 1905թ.-ին թեմի առաջնորդ (հետագայում՝ կաթողիկոս) Խորեն Մուրադբեկյանի նախաձեռնությամբ, Կոլոտ Հայրապետի (Հայրապետ աղա Խաչատրյան) ֆինանսական աջակցությամբ և Վասիլի Միրզոյանի ճարտարապետությամբ փլուզված եկեղեցու փոխարեն կառուցվեց Սբ. Աստվածածին եկեղեցին՝ 40.2 մետր բարձրությամբ (ներառյալ խաչը):

Շինարարությանը աջակցել են նաև հարևան գյուղերի բնակիչները՝ գլխավորապես նորատուսցիները, որոնք սայլերով անմշակ քարեր են ուղարկել: Կառույցին ծնունդ տվող որմնադիրները եղել են գյումրեցիներ: Գյումրիում ևս կա նմանատիպ եկեղեցի, ինչով էլ պայմանավորված է եղել նրանց մասնակցությունը շինարարությանը: Ամենատարեց վարպետը եղել է Նաջար-Պողոսենց Երվանդը, որը հեղինակել է եկեղեցու գմբեթի մանրակերտը և կամարակապ պատուհանները: Կառույցի արտաքին և գեղագիտական ձևավորումները ևս նրա մտահաղացումներն են և ձեռքի աշխատանքները:

1905 թ.-ին Խրիմյան Հայրիկի ձեռամբ եկեղեցին օծվել է ու այնտեղ մատուցվել առաջին պատարագը: Խորհրդային աստվածամերժության տարիներին՝ 1920-1945 թթ. այն ծառայել է որպես հացի պահեստ: Երկրորդ աշխարհամարտից հետո 12 եկեղեցական հայրեր այնտեղ անցկացրել են ջրօրհնեք:

Եկեղեցու մասին այս տեղեկությունները հավաքել է Գավառի երկրագիտական թանգարանի ավագ գիտաշխատող Հասմիկ Հովեյանը:

Եկեղեցու ուխտի օրը համընկնում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի հետ: 1995թ.-ից Սբ. Աստվածածինը Գեղարքունյաց թեմի առաջնորդանիստ եկեղեցին է, որտեղ կատարվում են կնունքի, պսակադրության արարողություններ և ամեն կիրակի մատուցվում է Սուրբ Պատարագ:

Եկեղեցին, նորակառույց հրապարակը և Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի նորակառույց շենքը միասին կազմում են Գավառ քաղաքի ճարտարապետական դիմագիծը: Պատահական չէ, որ քաղաք ժամանած հյուրերին հիմնականում հենց այստեղ են առաջինը ուղեկցում, որպեսզի նրանք հաղորդակից դառնան քաղաքի պատմական ոգուն և ստանան Աստվածածնի օրհնությունը:

Լուսանկարը` Վահե Դաբաղյանի

Լուսանկարը` Վահե Դաբաղյանի

Սուրբ Աստվածածինը ոչ միայն հավատի օջախ է, այլև նորբայազետցիների համախմբվածության խորհրդանիշը: Այն իր վեհությամբ քաղաքի բնակիչներին մշտապես հիշեցնում է համախմբվելու և իրենց համայնքը միասին կառուցելու մասին:

Եկեղեցին մեր պապերի՝ միասնական գործելու և քաղաքը շենացնելու պատգամն է՝ ուղղված գալիք բոլոր սերունդներին:

Ani Harutyunyan

Կապույտ փայտե դռնից այս կողմ

Դուրս եմ գալիս երկու անգամ տեսած, բայց արդեն հարազատ ու սարսափելի դարձած կապույտ փայտե դռնից։ Ջղային դեմքով պահակ-ոստիկանն է նստած դռան դիմաց։ Նայում եմ, ու գրկելս գալիս է, ժպտում եմ, բայց ավելի շուտ պատն է ժպիտիս արձագանքում։ Ինչևէ, չեմ ընկճվում։

Տեսնում եմ երկու օրում հարազատ ու հեչ էլ սարսափելի չդարձած մարդկանց։ Մի քանիսը կապույտ դռնից ներս մտնելու իրենց հերթին են սպասում, անսահման հետաքրքրությամբ մոտենում են, քննում, ինչ-որ բաներ հարցնում, ու ես նորից եմ սկսում պատմել. կարծես հերիք չէր առաջին անգամը, շունչս լավ չէր կտրվել պատմելիս, չէ, ես ավելի լավ կարող էի, եկեք էլի պատմեմ, նույնը նորից, բայց՝ լիարժեք։

Ա՜հ, մա՛մ, դու սպասում ես զանգիս։ Կզանգեմ հիմա, հենց հեռախոսս հանեմ, կտեսնեմ բաց թողած զանգդ ու կհիշեմ։

Պահակի դեմքը չի փոխվում, պատն էլի ժպտում է նոր դուրս եկողին։ «Կարո՞ղ եմ ջուր խմել»… Ի՞նչ, հա՜, էլ հարցնել պետք չի, կապույտ դուռը դրսից փակել եմ՝ հարցերն ու մեկ-մեկ կցկտուր տրված պատասխանները ներսում թողած։

Հա՛, տա՛տ, հիմա մամային զանգեմ, քեզ էլ կզանգեմ, կասեմ՝ շնորհավոր, երեք ուսանող թոռ ունես։ Գիտեմ, անգիր գիտեմ խոսքերդ. մի քանի անգամ «կտանես ցավս», մի քանի անգամ էլ «ջանիս կմեռնես»։ Հիմա քեզ էլ հերթ կհասնի։

Աստված իմ, հեռախոսս պայթում է։ Երանի հավաքեի բոլորին մի տեղ ու միանգամից ամեն ինչ պատմեի, չէ՞։

Վերջին 365 օրվա ընթացքում առաջին անգամ հանգիստ տուն եմ գնում։ Գնում եմ չավարտած գրքերս կարդալու, երկար սպասված ֆիլմերը դիտելու, ուղղակի սառած նստելու ու ժամերով մի կետի նայելու, գնում եմ, որ վերջապես հանգիստ խղճով ոչինչ չանեմ։

-Տա՛տ, էլի ուսանող թոռ ունեցար…

-Աստված ձայնս լսեց, բալե՛ս, իմ արև-արեգա՛կ։

Լավ, տա՛տ, խոստանում եմ՝ նորից ուշադիր կլինեմ բառապաշարիդ։