hasmik vardanyan

Երեք կյանք

Մանկություն, պատանեկություն, երիտասարդություն. հետաքրքիր օղակներ են, չէ՞:

Մանկություն: Ամենաուրախ, անհոգ տարիները: Երբ ոչ մի լուրջ խնդրի մասին չենք մտածում, երբ մեզ համար հասանելի չեն Հայաստանում տեղի ունեցող ընտրությունները կամ աշխարհի տարբեր ծայրերում տեղի ունեցող իրադարձությունները: Երբ ուղղակի անում ենք այն, ինչ խելքներիս փչում է: Բայց անընդհատ ուզում ենք մեծանալ ու ավելի ազատ լինել, բայց չենք գիտակցում, որ ազատությունն ու մանկությունը կարելի է նույնականացնել, քանի որ կախված չենք ոչ մեկից:

Պատանեկություն: Սա օղակի այն հատվածն է, որտեղ գտնվում եմ ես: Այս հատվածում դառնում ենք ավելի գիտակից, մի քիչ լրջացած, բայց էլի չհասունացած: Ասում են՝ պատանեկությունը ամենավտանգավոր օղակն է: Երբ կարող ես շատ հեշտությամբ ճիշտ ճանապարհից շեղվել: Բայց պատանեկության շրջանում էլի, երանի ենք տալիս, դե երևի, մի մասը մանկությանը, մի մասն էլ՝ նոր եկող երիտասարդությանը:

Երիտասարդություն: Մարդու օնտոգենետիկ զարգացումն է 20-ից մինչև 30 տարեկան: Երիտասարդությունը կապում ենք ընտանիքի ստեղծման, մասնագիտության յուրացման ու շատ շատերի խոսքերով՝ ամենագեղեցիկ տարիների հետ:

Ես դեռ ինձ երիտասարդ չեմ համարում ու չեմ կարող ասել, թե երիտասարդ տարիքում ինչին երանի կտային բոլոր երիտասարդները:

Խոսեցի այս երեք օղակների մասին: Իրականում յուրաքանչյուր մարդ յուրովի է անցնում այս շրջանները: Ամեն մեկն իրեն հատուկ մանկությամբ, արկածներով լի պատանեկությամբ և կարևոր որոշումներով լեցուն երիտասարդությամբ: Բայց իմ կարծիքով, կա մի բան, որը ընդհանուր է, թե՛ այդ օղակների, թե ընդհանրապես կյանքի ընթացքում բոլոր փուլերի համար` բոլորս երանի ենք տալիս անցյալին կամ ապագային:

Եթե ինձ հետ համակարծիք եք կամ հակառակը, խնդրում եմ արձագանքեք:

anush hovhannisyan

Գրքասերը

Կյանքը պետք է լցված լինի գրքերով, որոնք լի են կյանքով:

Մարկոս Ավրելիոս

Այսօր փետրվար 19-ն է, ոմանց համար ուղղակի կիրակի, իսկ ոմանց համար, այդ թվում նաև ինձ համար, մեծ տոն՝ գիրք նվիրելու օր և ամենայն հայոց բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը:

Սիրում եմ նվիրել ու ստանալ, բայց պաշտում եմ, երբ ինձ են նվիրում իմ նախընտրած գիրքը: Ընթերցելուց հետո այդ գիրքը կմնա ու անընդհատ կհիշեցնի այն մարդու մասին, ով նվիրեց ինձ այդ մեծ աշխարհի մի մասնիկը:

Փոքր տարիքում ինձ համար գրքերը անգամ ձանձրալի էին թվում, սակայն ամեն ինչ փոխվեց մի քանի տարի առաջ, հենց այս նույն օրը, երբ դասընկերուհիս ինձ նվիրեց Ռաֆայել Սահակյանի «Արևի արցունքները» գիրքը: Հիմա կանկեղծանամ. վերցրեցի գիրքը և ուրախ եկա տուն: Օ՜, այո, ես գիրք նվիրելու օրը նվեր ստացա, այո, ես հաջողակ եմ, ես իմ սեփական գիրքն ունեմ:

Բերեցի, թերթեցի մի քանի էջ, մի երկու տող կարդացի ու դրեցի գրապահարանում: Հետո անգամ մոռացա գրքի մասին: Մի օր, չգիտեմ ինչու, որոշեցի կարդալ: Կարդացի ու հասկացա, որ այսքան ժամանակ ուղղակի անտեսել եմ այն հրաշքը, որը ինձ էր պատկանում:

Գիրքը մի տղայի մասին էր՝ Արեգի: Ընթերցելուց հետո հասկացա, որ սիրահարվել եմ հենց գրքի հերոսին: Սակայն տղան վերջում ավտովթարից մահանում է, ու ինձ համար դա անսահման դժվար էր կարդալ: Ամբողջությամբ այդ գրքի մեջ էի ապրում Արեգի հետ, ընթերցում Արեգի հետ, տխրում ու ուրախանում, սիրահարվում ու հիասթափվում, իսկ վերջում այնքան դաժան էր ամեն ինչ… Ու այդ գիրքը դարձավ իմ գրասեղանի մշտական զարդը:

Իսկ հիմա, արդեն երեք տարի անց, հպարտանում եմ իմ փոքրիկ գրադարանով: Փոքրիկ, բայց մեծ պատմությամբ ու ասելիքով: Չեմ դադարում համալրել ու մեծացնել այդ աշխարհը, ու այս օրը այն մեկ գրքով ավելացնելու հրաշալի առիթ է: Երբեք պետք չէ մեր մեջ քնեցնել ընթերցասերին և պետք չէ սպասել, որ ինչ-որ մեկը մեզ նվիրի գիրք: Թեև իմ գրադարանը ստեղծվեց հենց նվիրած գրքով, և պատճառ դարձավ, որ դառնամ ընթերցասեր: Ինքներս մեզ նվիրենք այդ անսահման տիեզերքի մի փոքրիկ պատառիկը ու հարստացնենք մեր հոգին: Պարզապես չվախենանք գրքամոլ լինելուց, ուղղակի ապրենք գրքերով…

Շնորհավոր մեր տոնը, Գրքասերներ:

vahe stepanyan

Սարսափների արքան

1947 թվականին, երրորդ հանրապետության անկախությունից ուղիղ 44 տարի առաջ՝ սեպտեմբերի 21-ին, ԱՄՆ-ի Մեն նահանգի Պորտլենդ քաղաքում ծնվեց Սթիվեն Քինգը: Սթիվենը դեռ 2 տարեկան էր, երբ 1949-ի խաղաղ երեկոներից մեկին հայրը գնաց ծխախոտի հետևից ու չվերադարձավ: Չէ, չէ. չէր մահացել: Ուղղակի հոգնել էր: Հետագայում այդպես էլ չիմացան. փախել էր Կոնեկտիկո՞ւտ, թե՞ ինչպես Սթիվի մայրն էր Սթիվին ու եղբորը ասել, նրան մարսեցիներն էին առևանգել:

Չնայած ես կարդալ շատ եմ սիրում, բայց ճիշտն ասած, նույնիսկ իմ ամենասիրելի գրողների կենսագրությունից ոչինչ չգիտեմ: Բայց դե Սթիվեն Քինգը բացառություն է: Ես նրա կյանքի մասին կարդացել եմ երևի այնքան, ինչքան իր գրքերից եմ կարդացել: Իսկ ես նրա երկրպագուն լինելով, ամենաքիչը 10 գիրք կարդացած կլինեմ: 12: Հաշվեցի: Իհարկե, բոլորից չեմ կարող խոսել մի նյութի մեջ, բայց խոստանում եմ. եթե դուր գա՝ կգրեմ Սթիվենի գրքերից էլի մեկի մասին:
Իսկ հիմա… 11/22/63: Այո: Այս թվերը բացի ԱՄՆ 35-րդ (և արդարության համար ասեմ, իմ ամենասիրելի) նախագահ Ջոն Ֆ. Քենեդու սպանության օրվանից, Սթիվեն Քինգի ամենաստացված գրքերից մեկի անունն է: Ալտերնատիվ պատմություն ժանրում գրված այս ֆանտաստիկ նովելի հիմնական թեման ժամանակի մեջ ճամփորդությունն է: Գիրքը լույս է տեսել 2011-ին: Բայց այնուամենայնիվ, իր ժանրի մեջ արդեն կարող է համարվել դասական նմուշ: Գրքի գործողությունները 2009-ին են տեղի ունենում: Դա առաջին գլխում: Իսկ հետո Ջեյքը… Ստոպ: Ո՞վ է Ջեյքը: Երևի թե սկզբից սկսեմ:
Ջեյկոբ Էպինգը՝ նույն ինքը՝ Ջեյքը, ապրում է Մեն նահանգի Լիսբոն Ֆոլս քաղաքում: Ջեյքի կյանքը ոչնչով չէր տարբերվում կենտրոնական Մենի բոլոր մնացած անգլերեն լեզվի ու գրականության ուսուչիցների կյանքից: Ջեյքը արդեն 35 տարեկան էր, ու չհաշված ընկերոջ հետ Կանադայում կատարած ավտոստոպով ճանապարհորդությունը, իր կյանքում ուրիշ ոչ մի առանձնահատուկ բան չէր արել: Ջեյքը հասցրել էր ամուսնանալ ու բաժանվել, ու ըստ իր հաշվարկների, լավ էլ երջանիկ մարդ էր: Նա Լիսբոն Ֆոլսի միջին դպրոցում երեխաներին դաս տալուց բացի նաև ուներ դասարան մեծերի համար, որտեղ սովորում էին երիտասարդ ժամանակ տարբեր պատճառներով դպրոցը չավարտած մարդիկ: Դուք երևի մտածում եք, որ սա ոչնչով չգրավող գորշ կյանք է: Համաձայն եմ: Դեռևս համաձայն եմ… Իմիջիայլոց, Ջեյքը շատ զուսպ մարդ էր և կյանքում մի քանի անգամ էր լաց եղել ընդամենը: Վերջին անգամ Ջեյքը լաց էր եղել դպրոցի աշակերտ, ինչպես նաև հավաքարար 50-ն անց Հարրի Դանինգի «Օր, որը փոխեց իմ կյանքը» թեմայով գրված շարադրությունը կարդալիս: Հարրին պատմում էր, թե ինչպես էր 1958 թվականին, Հելոուինի օրը, իր հայրը խմած մտել տուն, մուրճով սպանել մորը, 2 եղբայրներին ու փոքրիկ քրոջը: Իսկ ինքը հրաշքով էր փրկվել ու մնացել հաշմանդամ ամբողջ կյանքում:
Թե ինչի համար ես պատմեցի այս կտորը, դուք կհասկանաք գիրքը կարդալիս: Իսկ հիմա, թերևս, անցնենք առաջ:
Ջեյքը իհարկե ցնցված շարադրությունից, գերազանց է դնում Հարրիի աշխատանքին, և Հարրին վերջապես ստանալով իր դպրոցի ատեստատը, այն դնում է շրջանակի մեջ ու կախում իր սենյակի պատից:
2 տարի անց 2011-ի հուլիսին, երբ Ջեյքը արդեն վերջին աշխատանքներն էր ստուգում դպրոցում արձակուրդ գնալուց առաջ, նա զանգ է ստանում իր բարեկամ Էլ Տեմպլտոնից: Էլը խնդրում է Ջեյքին շտապ գալ իր խորտկարան: Ինչ գլուխ ցավեցնեմ, Ջեյքը գնաց: Ու տեսավ այն, ինչին ոչ մի կերպ չէր սպասում: Դեռ երեկ իրեն սպասարկող չաղլիկ սևահերից բան չէր մնացել: Էլը բացատրեց, որ մեկ օրվա մեջ հասցրել է ծերանալ հինգ տարով ու արդեն մահանում է թոքերի քաղցկեղից: Ջեյքը այնքան էլ չզարմացավ՝ իմանալով, որ Էլը թոքերի քաղցկեղով է հիվանդ, որովհետև գիտեր, որ 60-ն անց այդ տղամարդը արդեն 50 տարի ծխում էր նույն դեղին «Քամելը», որը նրա բերանում էր նույնիսկ հաճախորդներին սպասարկելիս: Բայց ո՞նց կարելի է ծերանալ հինգ տարով մեկ օրում… Էլը բացատրեց, որ ամենի պատճառը իր սրճարանի պահեստում է: Ու Ջեյքը արդեն մահամերձի զառանցանք համարելով Էլի պատմությունը, որ այնտեղ ժամանակի պորտալ կա, համենայն դեպս չմերժեց նրա խնդրանքը ու Էլի ցույց տված տեղով քայլեց դեպի պահեստի պատը: Նա չէր էլ կարող պատկերացնել, որ փակ աչքերով իջնելով ինչ-որ անտեսանելի աստիճաններով, կհայտնվի… ըմմ… Հիմա դուք կհարցնեք, թե ուր: Այս հարցը անտեղի է. տեղը նույնն է՝ Երկիր մոլորակ, Հյուսիսային Ամերիկա, ԱՄՆ, Մեն նահանգ, Լիսբոն Ֆոլս քաղաք: Այստեղ կսազի մեկ այլ հարց: Ջեյքը հայտնվեց… Ե՞րբ: Լավ հարց է: 1958 թ., սեպտեմբերի 9, ցերեկ,11:58: Իսկ այ, ինչեր կլինեն հետո, ես չեմ ասի: Սա ընդամենը 2 գլխի նկարագիր էր 50-ից ավել գլուխ ունեցող գրքի:
Ուղղակի կնշեմ պորտալի օրենքները, որոնք Էլը բացահայտել էր իր պրակտիկայով.
-Պորտալը միշտ տանում է նույն ժամանակը. 1958 թ. սեպտեմբրի 9, 11:58:
- Անկախ այն բանից, թե դու ինչքան ժամանակ ես անցկացնում անցյալում, ներկայում քո ճամփորդությունը կտևի ուղիղ 2 րոպե: Ոչ ավել, ոչ պակաս:
-Անցյալը կարող ես փոխել, բայց ամեն հաջորդ ճամփորդությունը նախորդի բոլոր փոփոխությունները չեղարկում է:
-Անցյալը չի ուզում փոփոխվել, և ինչքան մեծ է փոփոխությունը, անցյալը ավելի ուժեղ է դիմադրում:
Ուղղակի վստահեք ինձ և բացեք գիրքը: Այս ժանրում գրված այսպիսի գրքեր չկան: 11/22/63-ը «Սարսափների արքայի» ամենաստացված գրքերից է, եթե ոչ՝ ամենաստացվածը: Սա ձեզ համար ոչ Կոելյո է, ոչ Կաֆկա, ոչ Ֆրեյդ: Սա Սթիվեն Քինգն է, իր ողջ հմայքով…

Անծանոթ ուղեկիցներ

Լուսանկարը` Սիրան Մանուկյանի

Լուսանկարը` Սիրան Մանուկյանի

Քայլում էր ու զմայլվում նոր բացված, բայց դեռևս ձնախառը գարնան գեղեցկությամբ: Արևը սառն էր, բայց հաճելի էր զգալ նրա գոյությունը: Տաք օրերի շունչը կարծես արբեցնում ու կենդանացնում էր: Երկար, մութ ու խոնավ օրերից հետո առաջին անգամ էր այս մի քիչ ջերմությունը, ու մարդիկ դուրս էին եկել վայելելու երկար սպասված տաքությունը:

Լուսանկարը` Սիրան Մանուկյանի

Լուսանկարը` Սիրան Մանուկյանի

Կարոտել էր իր այգին, նստարանը, որը ժամանակին շատ հարազատ էր եղել: Ու մի պահ նրան թվաց, որ շատ ժամանակ է անցել, ու նստարանը ծերացել է: Իսկ թափված ներկի ծեփերը նրան ավելի խղճուկ էին դարձնում: Մոտեցավ, բայց չկարողացավ նստել միանգամից: Կանգնած նայում էր, հիշողությունները նրան շատ հեռու էին տարել: Հիշեց այստեղ անցկացրած նախորդ գարունները: Ճիշտ է՝ հիշողությունները շատ ջերմություն էին պարունակում, բայց նա այդ պահին ոչինչ չզգաց: Այնպես հիշեց, կարծես ինչ-որ մի տեղ լսել կամ կարդացել էր այդ մասին, և դա նրան ընդհանրապես չէր վերաբերում: Հետո թեթև ժպտաց ու շարունակեց քայլել՝ դժվարությամբ առաջ գցելով վիրավոր ոտքը: Առաջին անգամ հիշողությունները նրան չտխրեցրին, ու նա իրեն լավ զգաց:

Նա հեռացավ, իսկ ես, այգում նստած, դեռ երկար նայում էի նրա հետևից…

Sargis Melkonyan

Երկինքը աստղազարդ է

Ո՞րն է բոլոր ժամանակների ամենասիրածս զբաղմունքը։ Իհարկե, երկնքին նայելը։ Հաստատ դուք էլ եք փոքր ժամանակ նայել երկնքին ու ամպերը կենդանիների, թռչունների և այլ առարկաների նմանեցրել։ Բայց ինձ ամպերն այդքան էլ չեն հետաքրքրում, կարևորը՝ թե ինչ կա ամպերից վերև։ Երևի դա մանկուց է եկել, կամ «գեներով է ժառանգվել», ինչպես սիրում է ասել մեր կենսաբանության ուսուցչուհի ընկեր Բաղդասարյանը՝ Մենդելի տեսությունը բացատրելիս։

Սիրում եմ ազատությունը՝ չափից դուրս։ Ու սահմանափակվել երկնքին նայելով՝ ուղղակի չեմ կարող կամ չեմ ուզում։ Բայց նաև չեմ հավատում անվերջությանը։ Ճիշտ է, մաթեմատիկայում շատ ենք հանդիպում անվերջ թվերի, բայց դա միայն մաթեմատիկայում։ Իրական աշխարհը լրիվ այլ կերպ է։ Ինչպե՞ս կարող է տիեզերքն անսահման լինել: «Եթե ուղիղ գնանք, մի օր անպայման կհասնենք եզրին ու կընկնենք ներքև»։ Ծանոթ խոսքեր են, չէ՞, հա, ես էլ եմ լսել։ Իսկ ձեզ չի՞ թվում, որ տիեզերքը գնդաձև է, ուղղակի մենք անկարող ենք հատել տիեզերքը, որովհետև մենք դրա համար չենք ստեղծված։ Մենք ուրիշ առաքելություն ունենք:

Ո՞րն է բոլոր ժամանակների ամենասիրածս զբաղմունքը։ Իհարկե, երկնքին նայելը, երբ պառկում ես կանաչ խոտի վրա ու անշարժ նայում ես աստղերին։ Դու զգում ես, որ գլխավերևումդ ամեն բան պտտվում է։ Եվ սկսում ես արժևորել կյանքի ամեն վայրկյանը, փոխել կարծիքդ առարկաների ու երևույթների մասին, որովհետև այդ ժամանակ ես միայն գտնում քո իրական «ես»-ը, երբ գտնվում ես երկնքի ու երկրի միջև, երբ նայում ես աստղերին ու հասկանում ես (սերիալների պես բուն ասելիքը թողնում եմ վերջում), թե ինչքա՜ն փոքր էակ է մարդը, ինչքա՜ն թույլ ու անօգնական։ Բայց նաև հասկանում ես, թե ինչքա՜ն հզոր է մարդը, երբ սիրում է։ Նա ամեն ինչի պատրաստ է: Ու ավելի հզոր բան չկա աշխարհում, քան սերը, որովհետև Աստված ինքնին սեր է:

Ո՞րն է բոլոր ժամանակների ամենասիրածս զբաղմունքը։ Իհարկե, երկնքին նայելը, երբ պառկում ես կանաչ խոտերի վրա ու մտածում անցյալի, ներկայի ու ապագայի մասին:

Գյուղը նորից տաքացավ

Փոքրիկ ու տաքուկ գյուղ է իմ Շենիկը: Չորս կողմը փոքր ու քարքարոտ լեռներ են, դատարկ փողոցները իրար են միացված խճճված ճանապարհներով, բարձր բարդիները շարված են փողոցների ծայրերին՝ իբրև արթուն հսկիչներ:

Տարվա բոլոր եղանակները գյուղում գեղեցիկ ու տարբեր կերպ են արտահայտվում:

Այս տարի ձմեռը սկսվեց սաստիկ ցրտով: Վերջին տարիներին գրեթե ձյուն չտեսած ճանապարհները կորան բքի մեջ: Ամեն կողմից լսվում էր, որ ցուրտ ձմեռ է լինելու, վառելիքի հարց պետք է լուծել:

Փետրվարը նույնպես սկսվեց ձյունոտ: Ճանապարհների սառույցը կոտրեց վերևի փողոցից եկած լուրը՝ գյուղում 3 երեխա է ծնվել նույն օրում:

Մեր գյուղի պես փոքր գյուղերում նման լուրերն արագ են տարածվում: Աջից ու ձախից լսվում էին օրհնանքներ. «Առողջ լինեն, երջանիկ»: Գյուղը նոր կյանք առավ: Հացատների ժանգոտած կողպեքները բացվեցին, թոնիրները՝ վառվեցին: Ուրախություն է, նշել է պետք:

Խորովածի հոտը մեր բակ էլ հասավ: Կա-չկա՝ վերևի փողոցից է: Հացատներից դուրս եկած ծուխը նստեց գյուղի վրա ու տաքացրեց այն: Թոնրի կրակը մարեց ու իջավ: Գիշերը գյուղը քնեց:

Էլի ցուրտ է, ցուրտ փետրվար:

lilit harutyunyan lchshen

Շրջադարձային հանդիպում

Հարցազրույց 17.am-ի թղթակից Օֆելյա Հովհաննիսյանի հետ, ում հետ ծանոթացել եմ Գավառում կայացած 3-օրյա դասընթացների ժամանակ:

-Ի՞նչ զգացումներ ունեիր, երբ «Մանանա» կենտրոնի ներկայացուցիչները եկան ձեր դպրոց:

-Երբ «Մանանա» կենտրոնի ներկայացուցիչները եկան մեր դպրոց, ես չէի ուզում ներկայանալ սեմինարին, քանի որ չգիտեի, թե ինչի մասին են նրանք պատմելու մեզ: Բայց դեռ շատ չանցած՝ իմ և նրանց մեջ ինչ-որ հարազատ կապող օղակ նկատեցի:

-Ինչո՞ւ որոշեցիր, որ հայտ պիտի ուղարկես։

-Այնքան էի ոգևորվել նրանց պատմություններից, որ որոշեցի սեմինարից անմիջապես հետո հայտ ուղարկել: Եվ չեմ փոշմանել, քանի որ «Մանանան» ինձ ինքնահաստատվելու և իմ մտքերը արտահայտելու հնարավորություն տվեց:

-Ձեր դպրոցից էլի երեխաներ կայի՞ն, որ հայտ ուղարկեցին։

-Այո՛, ընկերուհիս նույնպես ուղարկեց։ Մենք երկուսս էլ նույն օրը հայտ ուղարկեցինք, բայց ցավոք ընկերուհիս չկարողացավ անցնել: Սակայն նա կրկին հայտ է ուղարկել, և ես հուսով եմ, որ այս անգամ կանցնի:

-«Մանանայի» կազմակերպած դասընթացից հատկապես ո՞ր օրն էր հիշարժան քեզ համար։

-Ոչ մի օր չեմ կարող հատուկ առանձնացնել, քանի որ այդ երեք օրերն էլ շատ հետաքրքիր անցան: Յուրաքանչյուր օր նոր բան էինք սովորում: Կային բաներ, որոնց ես ծանոթ չէի, բայց այդ երեք օրվա ընթացքում ես շատ բան հասկացա և սովորեցի:

-17-ի թղթակից լինելը կազդի՞ քո մասնագիտական կողմնորոշման վրա։

-Դեռ չեմ որոշել ինչ մասնագիտություն եմ ընտրելու, բայց կարծում եմ, որ շատ հարցերում լրագրության հետ առնչություն հաստատ կունենամ: Ամեն դեպքում՝ լրագրության բաժինը ինձ համար շատ կարևոր է:

-Իմ կարծիքով 17-ի թղթակից լինելը շատ մեծ հաջողություն է: Երբ դպրոցում իմացան քո այդ մեծ հաջողության մասին ինչպե՞ս արձագանքեցին։

-Երբ արդեն պարզ էր, որ ընտրվել եմ և պետք է դասընթացի մասնակցեմ, դասընկերներս շատ էին ուրախացել, ուսուցիչներս ևս շատ լավ արձագանքեցին, իսկ իմ ուրախությանն ու անհամբերությանը չափ չկար:

-Ի՞նչ փոխվեց քո կյանքում 17-ի թղթակից դառնալուց հետո։

-Իմ կյանքում դրական փոփոխություններ եղան, և խոսքերս կհասկանան նրանք, ովքեր ևս թղթակից են: Ես հիմա կարողանում եմ և հարցազրույց վերցնել, և ճիշտ լուսանկարել, ինչպես նաև տարբեր թեմաներով նյութեր գրել:

Ani Ghulinyan

Երբ ընտանիքն է հարմարվում հայրենիքին

Դեռահասության շրջանում շատերն են ցանկանում նմանվել սիրելի գրքի, ֆիլմի հերոսին: Փորձում են կրկնօրինակել նրանց սանրվածքը, բնավորությունը, պահվածքը: Ինձանից շատ ժամանակ պահանջվեց հասկանալու համար, որ հերոսներին պետք չէ էկրաններից այն կողմ, կամ գրքի թերթերի մեջ փնտրել: Չէ՞ որ ամեն մարդ էլ մի գրական հերոս է, հերոսը՝ հենց իր ստեղծած վեպի:

Իմ հերոսներից մեկն էլ քեռիս է: Շատ հեշտ է ֆեյսբուքյան հարթակում պաթետիկ արտահայտություններ անելը. «Կմեռնեմ հանուն հայրենիքիս», «Հայրենիքից թանկ բան չկա»: Բայց շատ դժվար է դա իրականում ապացուցելը, հանուն հայրենիքի որոշ թանկ բաներ իրոք զոհելը, կյանքից էլ թանկ բաներ, ինչպիսին, օրինակ, ընտանիքն է:
Քեռիս 15 տարի է, ինչ աշխատում է ՀՀ Զինված ուժերում, փոխգնդապետ է: Նրա մեծ աղջիկը, որը հազիվ ինը տարեկան լինի, հասցրել է 3-4 մանկապարտեզ ու 2 դպրոց փոխել ու դեռ երևի էլի կփոխի: Մինչև դպրոց գնալը նա Շամշադինի, Լոռու բարբառներով ու երևանցու արտահայտություններով էր խոսում: Բայց, կարծես, այս ընտանիքը այդքան էլ դժգոհ չէ այս իրավիճակից, որովհետև երբեմն պետք է ոչ թե հայրենիքը հարմարեցնել ընտանիքին, ինչպես շատերն են անում, այլ ընտանիքը` հայրենիքին:
Չի կարելի չխոսել նաև քեռուս կնոջ մասին: Աղջիկները, առհասարակ, երազում են ամուսնանալուց հետո ճամփորդել կամ մեծ ընտանիք, տուն ունենալ, բայց ոչ երբեք մի քանի ամիսը մեկ իրերը հավաքած Հայաստանի մի բնակավայրից մյուսը տեղափոխվել: Բայց գալիս է ժամանակ, երբ երազանքներն էլ են հարմարվում հայրենիքին:
Երբեք չեմ լսել քեռուցս գեթ մեկ հայրենասիրական արտահայտություն, բայց միշտ իմացել եմ, որ իսկական հայրենասերի կողքին եմ ապրում. հայրենասերի ոչ թե խոսքով, այլ գործով: Եվ ոչ թե մի հայրենասեր մարդու, այլ մի ամբողջ ընտանիքի:

mariam tonoyan

Գավառի Հացառատ թաղամասում հայտնաբերված պատմական գանձերը

Այցելել էի պապիկիս ու, ինչպես սովորաբար, սկսեցինք ժամերով զրուցել: Նրա հետ միշտ ինչ-որ հետաքրքիր զրույցի եմ բռնվում:

-Պա՛պ, այսօր ի՞նչ կպատմես:

-Դե, ի՞նչ պատմեմ,- մի պահ լռեց պապս,- լսե՞լ ես, որ մեզ մոտ՝ Հացառատում, ուրարտական դամբարան են գտել:

-Իրո՞ք,- հետաքրքրվեցի ես,- ինչպե՞ս:

-Գերեզման փորելիս:

Հետաքրքրված սկսեցի հարցուփորձ անել: Պարզվեց, որ հայտնաբերվել են կավանոթների բացառիկ նմուշներ, խեցեղենի կտորներ, երկաթյա զենքերի բեկորներ, մարդկանց ու կենդանիների ոսկորներ: Գտել էին հասուն տարիքի մարդկանց ոսկորներ, որոնցից չորսը, ինչպես պարզվեց, տղամարդկանց ոսկորներ էին: Թաղումը հավանաբար բարձրաշխարհիկ մարդու թաղում էր, քանի որ կային նաև ինքնակամ զոհաբերություններ:

-Պա՛պ, բա դամբարանը որքա՞ն հին է:

-Չգիտեմ՝ ինչքանով է ճիշտ, բայց ասում էին՝ գերեզմանատան
«Բերդի գլուխ» ամրոցի շերտի տարիքի է: Նշանակում է՝ բավականին երկար ժամանակ են ուրարտացիները բնակվել այստեղ:

-Հետաքրքիր է,- որոշեցի ես,- պեղումները շարունակվո՞ւմ են:

-Ասում են, թե մարտից էլի վերսկսելու են պեղումները: Գանգերն են փորձում վերականգնել, ափսոս, փշրված են:
Որքան հաճելի է լսել, որ քո բնակավայրից գտնվել է պատմական ու մշակութային նշանակություն ունեցող մեծ ժառանգություն:

narek babayan

Արվեստ է

Քայլում եմ փողոցով ու նայում եմ շուրջս: Տուն, ծառ, պատուհաններ, տարբեր տեսակի ու ձևի դարպասներ: Սրանց կարելի է հանդիպել գյուղական բոլոր համայնքներում: Քաղաքում մի քիչ այլ է՝ շենքեր, խանութներ, մեքենաներ: Իսկ հիմա, դադարե՛ք կարդալ նյութս ու մտածե՛ք՝ ո՞ր բառը կարող է միավորել թվարկածներս:

Արվեստ: Իմ կարծիքով արվեստն ամենուր է: Կար ժամանակ, երբ մտածում էի, որ արվեստը մշակույթի հետ կապ ունեցող երևույթ է, մոտավորապես այսպես. արվեստն ունի մի քանի ճյուղ՝ երգ, պար, նկարչություն, երաժշտություն և այլն: Անգամ դեմ էի այն կարծիքին, թե կինոն ու լուսանկարչությունը նույնպես արվեստի գործ են: Ինչպե՞ս կարող են նոր տեխնոլոգիաների հետ կապ ունեցող բաները լինել արվեստ: Լավ էի մտածում, չէ՞: Չէ, իհարկե: Հիմա կարծիքս լրիվ ուրիշ է: Նստած հավաքում եմ համակարգչով այս նյութը, նայելով մոնիտորին: Մոնիտորը ստեղծված է մարդու կողմից, ունի հաճելի դիզայն ու հարմարավետ է: Իսկական արվեստի գործ: Նայում եմ պատուհանից դուրս: Մեքենա է կանգնած: Ինչո՞վ այն արվեստ չէ: Գեղեցիկ տեսք ունի, անհրաժեշտ է ամեն տեղ:

Ես անգամ սահմանում եմ մտածել արվեստի համար: Մարդու կողմից ստեղծված և արված ամեն ինչ արվեստ է: Դե, հա: Այգիներն ու կտավները արվեստ են: Դերասանական խաղն արվեստ է, նկարչությունն արվեստ է: Ամեն ինչ արվեստ է: Ես էլ եմ ուզում արվեստի մի ճյուղով զբաղվել: Լրագրություն: Ինչի կասկածող կա՞, որ մարդկանց հետ ճիշտ շփվելը, նրանց գրագետ ու լավ ձևով նորություններ հայտնելը արվեստ է: Իհարկե, արվեստ է:

Բնությունն էլ է արվեստ, բնական արվեստ է: Բա, տեսնո՞ւմ եք, անգամ արվեստի տեսակներ հորինեցի՝ բնական ու արհեստական: Դե, պարզ է՝ մարդու կողմից ստեղծվածը արհեստական արվեստ է, իսկ անտառները, լեռները, օվկիանոսները բնական են: Մի քիչ խառը ստացվեց: Մի րոպե, ուրեմն ըստ իմ ասածի, մարդը բնական արվե՞ստ է: Հըմմ, հա, ինչի չէ՞: Արվեստ է, իսկակա՜ն արվեստ: