qristine epremyan

Խնդրանք Աստծուն

Հայկական բոլոր ընտանիքներում արու զավակի ծնունդը ամենասպասվածն է, և դա գիտենք բոլորս: Ցանկացած ընտանիք պիտի իր ժառանգն ունենա, իսկ այդ ժառանգն էլ դառնում է ընտանիքի ուրախությունը:

Հիմա ուզում եմ այդպիսի մի դեպք պատմել, որտեղ…

Քեռիս ապրում է Շիրակի մարզում՝ Սարակապ գյուղում: Կարծում եմ՝ գիտենք, որ հեռավոր գյուղերում ավանդապաշտությունը մի փոքր ավելի շատ է ընդգծված: Եվ այնտեղի բնակիչների համար առավել քան կարևոր է մի տղա ունենալ, որին կկոչեն իր պապի անունով: Եվ ահա, նրա ընտանիքում ծնվում են երկու աղջիկներ: Դե… Բոլորն էլ ասում են` երեխան երեխա է, կարևորը առողջ լինի, բայց…

Մոտ տասը տարի հետո նրանք արդեն սպասում էին իրենց տղայի ծնվելուն, ով պետք է դառնար տան լիությունն ու հպարտությունը: Բայց բախտը հաճախ չէ, որ ժպտում է մարդկանց:

Տղան ծնվեց հիվանդությամբ, և բժիշկներն անգամ հույս չտվեցին, որ նա կապրի: Բայց երևի այդ տղային Աստված էր ուղարկել, և նա ինչ որ առաքելություն ունի երկրի վրա:

Այսպես ասած, բամբակների մեջ մեծացրին այդ երեխային: Ինչպես կարգն է՝ պապի անունով էլ կնքեցին: Իսկ տատիս սերն այնքան մեծ է երեխայի նկատմամբ, որ երևի չկարողանամ նկարագրել: Հիմա տղան արդեն տասներկու տարեկան է, չնայած հիվանդությանը՝ քայլում է, գնում դպրոց, աղբյուրից ջուր բերում տան համար և մի շարք այլ գործեր անում: Այնքան սեր կա նրա մեջ, բոլորին սիրում է, բոլորի հետ շփվում, գրկելուց էլ այնքան ամուր է գրկում, որ քիչ է մնում խեղդվես:

Ափսոս, որ չի կարողանում հասկանալի խոսել: Նրան անծանոթ մարդը չի կարող հասկանալ, թե ինչ է ասում, իսկ դա ընկճում է նրան:

Սուրբ Ծննդյան օրը գնացել էի տատիս այցելության: Ինչպես միշտ, քեռուս տղան, ինձ տեսնելով, ուրախությունից պարում էր, և տվեց իր «ավանդական» հարցը՝ տորթը բերե՞լ ես (ես միշտ, հյուր գնալիս, նրան տորթ եմ տանում):

Եվ հենց այդ օրը տատս մի բան պատմեց.

«Էսօր քեռուդ հետ նստած Սուրբ Ծնունդի Պատարագն էինք նայում, ու գիտե՞ս ինչ եղավ, ապերը (մենք էդպես էնք դիմում քեռուս տղային) չոքեց հեռուստացույցի առաջ ու սկսեց «Հայր մեր»-ն ասել, վերջում էլ ավելացրեց. «Հիսուս ջան, խնդրում եմ ինձ լեզու տուր, որ խոսեմ»:

Մի պահ իսկապես քարացա, հետո ոչ մի մեկնաբանություն չկարողացա տալ տատիս պատմածին: Իսկ երեխան ժպիտով նայում էր ինձ, ու պտտվում շուրջս…

Ո՞վ գիտե, գուցե մի օր հրաշք կատարվի, և Աստված տա երեխային այն, ինչը նա իրոք այդքան սրտանց խնդրել էր…

Nelli Khachatryan

Վերջացավ

Չարազը վերջացավ… Է, ասում եմ չարազը, Նոր տարին: Չնայած չարազի վերջանալն ուղիղ համեմատական է Նոր տարվա ավարտին: Հեռուստացույցով էլ վերսկսել են սերիալներն ու շոու-ծրագրերը:

Հարևանի փոքրիկ տղան անտարբերությամբ է արդեն նայում մեր տոնածառին ու լույսերին: «Բոնբոներկաները» արդեն հերթով շարվել են իրենց տեղերում, ամանորյա սփռոցն էլ անհամբերությամբ սպասում է կրկին իր մուտքին: Խեղճը չգիտի, որ դեռ մի տարի այդպես ծալված մնալու է դարակում: Իսկ այ, մակարոնեղենն ու կարտոֆիլը հաստատ մի լավ ուրախացել են ու վերջին հատիկ տոլմային ու բլինչիկին ամահրանքով են նայում: Իսկ հայելիները տեսնում են հաղթած կամ հաղթված դեմքեր, ավելի ճիշտ քաշեր:

Մանդարինը դադարում է հոգեվիճակ լինել և դառնում ուղղակի միրգ, իսկ եղջերուն ուղղակի կենդանի: Ձյունը դառնում է նյարդայնացնող, իսկ Ձմեռ պապիկները՝ գործազուրկ: Մի խոսքով, ավարտվում է Ամանորը…

Մի րոպե… Շտապեցի… Դուռը ծեծում են… Հայրիկի հորեղբոր թոռներն են: Լավ է, ոչինչ… Ուղղակի թեթև սեղան կդնենք:

Ամփոփում ենք

Լուսանկարը` Անի Ջիլավյանի

Լուսանկարը` Անի Ջիլավյանի

-Իսկ եթե էս տարի տոնածառ չդնե՞նք,- ասաց մայրիկս, երբ մտա սենյակ: 

-Բայց ինչի՞,- զարմացած հարցրեցի ես:

-Դե, բա էլ ե՞րբ եք դնելու, արդեն դեկտեմբերի 30-ն ա: Քիչ հետո խանութ ենք գնալու, կարելի ա էդ մեր մեծի փոխարեն մի հատ փոքրն առնել:

-Է~,- միանգամից դժգոհությունս հայտնեցի ես,- չէ, ես համաձայն չեմ: Ես եմ դնելու, կդնեմ մերը, բայց վաղը:
Վերջերս, ինքս ինձ համար ավանդույթ եմ դարձրել` տոնածառը միշտ դեկտեմբերի 31-ին եմ դնում, ինքս էլ չգիտեմ, թե ինչու:

-Լավ,- ժպտաց մայրիկս,- խանութ կգա՞ս մեզ հետ:

-Հա, իհարկե,- ուրախ համաձայնեցի ես ու գնացի պատրաստվելու: Ես սիրում եմ ամանորյա անցուդարձը: Նախատոնական իրարանցումը ինչ-որ հետաքրքիր ու գրավիչ բան ունի իր մեջ: Բոլորի երկար ցուցակները, խառնված դեմքերն ու լիքը զամբյուղները և՛ նույնացնում են մարդկանց, և՛ մի քիչ վախեցնում, քանի որ թվում է, թե բոլորը պատրաստվում են աշխարհի վերջին կամ այլմոլորակայինների հարձակմանը: Խանութների փեղկերը գեղեցիկ զարդարված են, և դրանցով հիանալուն խանգարում են միայն դրանց շուրջը հավաքված մի խումբ սելֆի անողները: Սպիտակ հեքիաթ հիշեցնող փողոցով քայլում են մարդիկ, ովքեր քայլում են շտապելով, երևի իրենց տոլմայի ու բլինչիկի մասին մտածելով, և միայն երեխաների աչքերում կարելի է տեսնել մի արտասովոր փայլ, Ձմեռ պապիկի սպասում ու հրաշքի կատարման ակնկալիք:
Խանութում անասանելի շատ մարդ կա: Իրար հրմշտելով, իրար զամբյուղների մեջ նայելով ու փորձելով միմյանց չկորցնել, նրանք շարժվում են առաջ՝ դեպի մյուս բաժին: Խանութում հնչում է հաճելի ամանորյա երգ, որը, ցավոք, այդքան էլ չի համապատասխանում տիրող իրավիճակին: Գնումները կատարելուց հետո մենք կանգնեցինք «ծովից ծով» հերթերից մեկում: Հերթի սկիզբը չէր երևում, իսկ վերջն ավելանում էր ու ավելանում: Մեր դիմացը կանգնած էր մի երիտասարդ ընտանիք:
-Պա՛պ, հլը տես ի~նչ կոնֆետ ա,- լսվեց նրանց փոքրիկի ձայնը:
-Հա, բալես, տանն ունես սրանից, չէ՞,- հայրը ժպտաց, քանի որ հերթի երկու կողմից մարդիկ նայում էին իր տղային:
-Իմն ուրիշ ա, էս ավելի մեծ ա,- հիացած ասաց երեխան:
-Հետո սրանից էլ կառնենք քեզ,- ասաց հայրն, ու երեխան լռեց՝ շարունակելով նայել կոնֆետին:
Քիչ անց, երբ հերթը մի փոքր առաջ գնաց, նորից լսվեց արդեն բոլորիս ծանոթ ձայնը.
-Պա՛պ, տես ի~նչ կոնֆետ եմ գտել… Ընտի~ր:
-Սրանից էլ կառնենք քեզ, բալես: Էսօր չէ, հետո կառնենք:

Լուսանկարը` Անի Ջիլավյանի

Լուսանկարը` Անի Ջիլավյանի

Երեխան նորից լռեց: Նա շարունակեց հիացած նայել շոկոլադին՝ կարծես նայում էր եգիպտական բուրգերին կամ մի այլ հրաշալիքի: Ինձ համար շատ ուրախալի էր, որ երեխան հոր խոսքերից հետո լաց չեղավ ու չպահանջեց գնել կոնֆետը, այլ համաձայնեց գնել այն հետո: Նրա հավանած ընտիր կոնֆետը ուներ շատ գեղեցիկ տուփ, երևի հենց դա էլ «ընտիրության» պատճառն էր: Հաճախ, այդպիսի կոնֆետներն այդքան էլ համեղ չեն լինում, չնայած, որ դրանց գները միջինից բարձր են լինում: Ես մտածում էի կոնֆետների մասին, քանի որ և՛ սխալ էի համարում գցել մեծ նոր տարվա սեղան, բայց չգնել կոնֆետ երեխայի համար, և՛ հասկանում էի ծնողների՝ այդպես վարվելու պատճառը: Մտքերով տարված՝ ինքս էլ չհհասկացա, թե ինչպես հասավ մեր հերթը: Շուտով դուրս եկանք խանութից ու վերադարձանք տուն:
Հաջորդ օրը ես անցա տոնածառը դնելու կարևոր գործին: Մեր 2 մետրանոց տոնածառը պետք է դնել զրոյից, քանի որ նրա ճյուղերն առանձին են, և պետք է դրանք հատ-հատ ամրացնել հատուկ ձողին: Ես դասավորեցի ճյուղերը, բերեցի ձողը և երբ ուզում էի այն կանգնեցնել, տեսա, որ պահող չորս տոտիկները տոնածառի տուփի մեջ չեն: Ես բոլորին հարցուփորձ անելով գնացի այն սենյակ, որտեղ մյուս եղանակներին «ապրում է» մեր տոնածառը: Երկար որոնումներից հետո ես գտա երկու տոտիկ, հետո՝ ևս մեկը, սակայն չորրորդն այդպես էլ չէր երևում:
-Գտա՞ր,- հարցրեց մայրիկը՝ ներս մտնելով:
-Մնաց մի հատը գտնեմ:
-Դե շատ ժամանակ մի՛ ծախսիր դրա վրա, կարելի ա տոնածառ չդնել:
-Չէ, պիտի դնենք,- ասացի ես, շարունակելով փնտրտուքներս: Ես շատ էի ուզում դնել այն: Տոնածառը Նոր տարվա ամենավառ սիմվոլներից մեկն է: Ամեն մի խաղալիք ունի իր պատմությունն ու հիշողությունը: Ամեն անգամ, երբ տոնածառի լույսերն եմ դնում, հիշում եմ, որ երբ զարմիկս 4 տարեկան էր, ասում էինք, որ երբ ասի՝ «Լույսե՛ր, վառվեք», դրանք կվառվեն, ու երբ ասի. «Լույսե՛ր, անջատվեք», դրանք կանջատվեն: Նա զգուշորեն մոտենում էր տոնածառին, հիացած նայում լույսերին ու հրամայում դրանց անջատվել: Մենք արագ անջատում էինք: Նրա դեմքին լայն ժպիտ էր հայտնվում, և նա հրամայում էր, որ լույսերը վառվեն: Մենք միացնում էինք լույսերն, ու նա ուրախ ծափ էր տալիս: Հիշում եմ այս պատմությունն, ու դեմքիս ժպիտ է գալիս:
Մի պահ ես հասկացա, որ չնայած 17 տարեկան եմ, միևնույն է, տոնածառը ինձ անհրաժեշտ է, որպեսզի զգամ ամանորյա տրամադրությունը լիարժեքորեն: Ես վերադարձա տոնածառի մոտ, որ ևս մեկ անգամ փնտրեմ տոտիկին՝ տոնածառի ու խաղալիքների տուփերի մեջ, երբ պապիկս ասաց.
-Հիմա մի բան կմտածենք, երեք ոտքն էլ լավ է:
Ես ժպտացի, ու մի քանի րոպեից պապիկը լուծում գտավ: Նա տոտիկին փոխարինող հենակ գտավ և տոնածառը ամուր կանգնեցրեց: Մենք սկսեցինք զարդարել այն: Ամեն մի խաղալիք կախելիս հիշում էի, թե ինչպես ենք գնել այն: Օրինակ, Ձմեռ պապիկին, ձնեմարդուկին ու պինգվինին, որ կարծես նստած են սառցե խորանարդի վրա, գնել ենք վերջերս: Մտանք խանութ, որ հագուստ նայենք, սակայն չդիմանալով խաղալիքների գեղեցկությանը, գնեցինք նրանց: Հիշում եմ նաև հայրիկիս տված մի խաղալիք, որին ես անչափ սիրում էի, սակայն, ցավոք, այն կոտրվել է: Խաղալիքը դեղնավուն գունդ էր, վրան՝ Սպիտակաձյունիկի ընկերները՝ յոթ թզուկները, որոնք տոնածառն էին զարդարում՝ միմյանց խաղալիքներ փոխանցելով: Ջերմ հիշողություններով լցված դրեցինք փայլերն, ու մնաց անցկացնել լույսերը: Ես որոշեցի ստուգել դրանք մինչ անցկացնելը: Միացրեցի ու տեսա, որ կապույտ գույնը լավ չի վառվում, սակայն դեղինը, կարմիրն ու կանաչը լավ աշխատում են: Ես տարա այն հայրիկիս մոտ, որ տեսնի ինչ խնդիր է: Մենք գտանք պոկված մասը: Ես օգնեցի, որ կպցնենք այն, և երբ վերջացրեցինք, ստուգելու համար միացրեցինք, բայց հիմա էլ աշխատում էր միայն դեղինը: Մենք կարծեցինք, որ սխալ ենք արել միացումը, բայց ես տեսա, որ լույսերը մի քանի տեղից պոկվել են: Ես մտածեցի, որ կարելի է ժամանակավոր անցկացնել միայն դեղին վառվող լույսերը, սակայն մինչ հասա տոնածառի մոտ, նրանք էլ որոշեցին միանալ իրենց ընկերներին և նույնպես դադարեցին աշխատել:
-Ստացվե՞ց,- հարցրեց մայրիկը, մոտենալով տոնածառին:
-Շա~տ լավ սարքեցինք,- ասացի ես, ու հայրիկի հետ ծիծաղեցինք:
-Արդեն կիսափչացած էին: Վաղն ուրիշ լույսեր կառնենք,- ասաց հայրիկս:
Հաջորդ օրը մենք նոր լույսեր գնեցինք: Այժմ դրանք փոխում են իրենց գույները, լուսավորում մութ սենյակն ու տալիս ինձ անսպառ ամանորյա տրամադրություն:

Լուսանկարը` Անի Ջիլավյանի

Լուսանկարը` Անի Ջիլավյանի

Ես կցանկանամ, որ «Նոր տարի» ասելով մարդիկ մտածեն ոչ թե ուտելիքների, ծախսի, ցրտի, «ներկա» ստանալու համար հյուր գնալու մասին, այլ հիշեն, որ այս տոնը ընտանեկան է, լի ջերմությամբ ու գեղեցկությամբ: Եկե՛ք գոնե հաջորդ տարիներին դիմավորենք ու անցկացնենք Նոր տարին մանուկների պես մաքրությամբ, միամտությամբ, հավատով ու հույսով լի, անկեղծ սիրով ու բարությամբ: Եկե՛ք մենք էլ ամանորյա գիշերը պահենք երազանք ու հավատանք, որ այն անպայման կիրականանա, չէ՞ որ երբեմն երազանքներն իրականանալու հատկություն ունեն:

Anna Andreasyan

Սովորական դարձած տոնը

Ամանորի թեմայով տարբեր հոդվածներ են գրվում: Ես էլ մեկը ավելացնեմ դրանց թվին և ավարտենք: Այն գեղեցիկ տոն է՝ սիրված շատերի կողմից: Իմ կողմից էլ այն շատ սիրված ու սպասված տոն է, բայց նաև մի տեսակ գլխացավանք: Հատկապես տնային տնտեսուհիների համար այն ուղղակի տանջանք է: Նրանք մի ամբողջ շաբաթ պատրաստություններ են տեսնում, տարբեր բաներ պատրաստում և հանգստանալու ժամանակ չեն ունենում: Բայց տոները հանգստանալու և ուրախանալու համար են, ոչ թե գործ անելու: Մեր հարևանը բողոքելու ընթացքում ասում էր, թե լավ կլիներ նախագահը հայտարարեր, որ էլ Նոր տարի չենք անելու: Չեմ հասկանում մեզ պաշտոնական հայտարարությո՞ւն է պետք Ամանորը նշելու կամ չնշելու համար: Ախր, այն նշում ենք մեր իսկ ուրախության համար, ոչ թե ցույց տալու: Մի տեսակ Ամանորը պարտականություն է դարձել շատերի համար: Այն ասես կորցրած լինի իր խորհրդավորությունը: Դարձել է սովորական մյուս շատ տոների նման:

Բոլորը առևտուր էին անում, պատրաստվում էին և զուգահեռաբար բողոքում ու ասում. «Հավես չկա»: Եվ ինձ հանդիպած մարդկանց մեծամասնությունը այսպես «անհավես» վիճակում էին:

Պետք է հասկանանք, որ մենք ինքներս պետք է կարողանանք ուրախ անցկացնել տոնը: Մենք ինքներս ենք այն դարձնում խորհրդավոր, հրաշքներով լի: Տոնը նույնն է միշտ, մարդիկ են փոխվում և դառնում անտարբեր ամեն ինչի հանդեպ:

anush mkrtchyan

Նաշոկ, թռի՛ շալակս…

Բոլորս էլ ունենք, չէ՞, այնպիսի բարեկամներ, ում գալուն միշտ սպասում ենք ամենաշատը: Դեռ մանկուց միշտ սիրում էի, երբ հորաքրոջս ընտանիքը գալիս էր գյուղ: Եթե անկեղծ, առավել շատ սպասում էի հորաքրոջս որդուն ՝ Հովիկին:

Փոքր ժամանակ ամենասիրածս տեղը աշխարհում Հովի ուսերն էին: Դե, տան փոքր լինելն այդպես է. թռնում էի նրա շալակն, ու Հովիկը համբերատար ինձ ման էր տալիս տնով մեկ: Իսկ ամռանը ինձ նստեցնում էր հեծանիվի առջևում, ու թեև շատ արագ էր քշում, բայց իր հետ երբեք չէի վախենում: Իրականում նա բացի ինձ շալակելուց ուրիշ տաղանդներ էլ ուներ: Լուցկու հատիկներից տուն էր սարքում, ինչ լար գտնում էր, կպցնում էր իրար, ու հոպ, ևս մի ինքնաթիռ, կամ անօդաչու թռչող սարք ու նմանատիպ այլ բաներ:

Բայց հետո մենք մեծացանք, ավելի ճիշտ, ես մեծացա, ու ինձ շալակելն էլ հեշտ գործ չի: Իսկ Հովը գնաց բանակ: Դրանից հետո էլ հեծանիվ էլ չեմ նստել, ու արդեն երկու տարի է, ինչ հորաքրոջս գալուց սպասում եմ, որ ուր որ է՝ Հովը կմտնի ու կասի.

-Նաշոկ, թռի շալակս:

Հա, հա, Նաշոկ: Մենակ նա է ինձ այդպես դիմում, չգիտեմ էլ՝ ինչու: Անկեղծ ասած, չեմ սիրում, որ անունս աղավաղում են, բայց Հովի ասածից չեմ նեղվում, արդեն սովորական է դարձել:

Էս բազմատաղանդ մարդու կյանքում մի հետաքրքիր բան էլ կա: Նա ծնվել է ոչ ավել ոչ պակաս, փետրվարի 29-ին: Հիշում եմ մի անգամ հարցրի.

-Հով, դու չորս տարին մեկ ես մեծանո՞ւմ:

Չէ, փաստորեն մանկական պատկերացումներս սխալ դուրս եկան, ու նա սովորական մարդկանց պես ամեն տարի մեծանում է: Ասեմ ավելին, մեծացել է այնքան, որ արդեն բանակից հետ գալու ժամանակն է:

Այս երկու տարին ավելի արագ անցան, քան մեր հեծանիվը, ավելի արագ, քան նրա ինքնաթիռն էր:

Հուսամ, որ բանակից հետո նա այս տողը չի մոռացել.

-Նաշոկ, թռի շալակս…

Stella Avetiqyan

Չմարող հույսս ու նպատակիս հասնելու ձգտումը

Սովորականի պես գնացի դպրոց, հանեցի վերարկուս, պայուսակիցս` հանրահաշվի գիրքն ու տետրը, գրիչս ու, ինչպես միշտ, գնացի իմ ընկերուհի Անի Ղուլինյանի սեղանի մոտ:

-Բարև, ի՞նչ կա, ինչպե՞ս ես:

-Դե՜, Ստել ջան, ընկերուհիդ գնում ա ճամբար:

-Ո՞նց, առանց ի՞նձ, ի՞նչ ճամբար:

-17-ի:

-Ո՜ւխ, երանի քեզ:

Ու արդեն ուսուցիչը մտավ ներս: Սկսեցինք դասը, բայց ինձ համար այն դեռ սկսված չէր: Գիտեի, թե ինչ պատճառով ես չեմ ընտրվել որպես ճամբարի մասնակից, բայց հոգուս խորքում մի զգացում կար՝ հույսի նման մի բան, որ ես էլ կմասնակցեմ: Ճիշտ է, մի քանի նկատողություն ստացա, բայց դե կարևորը մի շատ կարևոր բան որոշեցի. լինել 17-ի ակտիվ թղթակից:

Այդ օրը դասն ավարտվեց, օրն էլ ավարտվեց, ու գնացինք տուն: Հաջորդ օրը իմացա, որ Անին մեզ հետ է Երևան գնալու, ես՝ հանգստանալու, Անին՝ ճամբարի: Ու երկուսս էլ սպասում էինք ուրբաթ օրվան:

Եկավ չորեքշաբթին՝ անհամբեր դեմքեր, եկավ հինգշաբթին՝ էլի անհամբեր դեմքեր: Նույնիսկ ուրբաթ օրն էինք անհամբեր, թե երբ պիտի գա 4-րդ ժամը: Շատ չհոգնեցնեմ: Գնացինք Երևան՝ ճանապարհին էլի մի ներքին հույսով, գիշերը մնացինք մեր տանը և առավոտյան Անին, ես ու մայրիկս գնացինք «Մանանա» կենտրոն: Զրուցում էինք, մեզ պատմեցին «Մանանայի» անցած ուղու մասին, պատասխանեցին մայրիկների հարցերին և ծանոթացրեցին ճամբարի օրակարգի հետ: Ես լուռ կանգնած էի ու հանկարծ լսեցի, որ վերջին պահին մի երկու մասնակից հիվանդացել է և ճամբար չի գնալու: Այդ պահին հույսս ավելի մեծացավ, ու արդեն մտքում պլանավորում էի, թե ինչ կանեի, եթե ստանայի ճամբար գնալու հնարավորություն: Մտածում էի, թե ինչքան ժամանակում կենտրոնից կհասնեմ մեր տուն, կվերցնեմ իրերս ու հետ կգամ ուրախ-զվարթ: Բայց… Ոչինչ չեղավ: Իհարկե, հասկանում եմ, որ ես «նորեկ» եմ, բայց հիշեցի հանրահաշվի դասին դրած իմ նպատակը. դառնալ ակտիվ թղթակից: Ու ես մինչ հիմա էլ չեմ կորցրել հույսս, որ մի օր կտեսնեմ բոլո՜ր-բոլո՜ր թղթակիցներին իրար կողքի:

Ուրախ եմ, որ 17.am-ի թղթակիցն եմ:

Տասը օր

Լուսանկարը` Եվա Խեչոյանի

Լուսանկարը` Եվա Խեչոյանի

Ձմեռային արձակուրդներն ավարտվեցին: Իրականում տասը օրն էլ քիչ բան չի: Տասը օրում սովորություն է դառնում ամեն երեկո, կազմածդ ցուցակում՝ ֆիլմերի անվանումների դիմաց, «պլյուսներ» դնելը: Տասը օրվա ընթացքում վերջապես ձեռքդ ես վերցնում այն գիրքը, որ ամիսներ առաջ հանել էիր գրադարակից՝ հույսով, որ կհասցնես կարդալ: Տասը օրում սովորություն է դառնում մինչև ժամը տասը քնելն ու ամեն օր, պարտաճանաչ կերպով «Ճակատագրի հեգնանքը» ֆիլմը հեռուստացույցի տարբեր ալիքներով վերանայելը: Տասը օրում սովորություն է դառնում ամեն առավոտ հյուրասենյակում տոնածառ տեսնելը:

-Ի՞նչ անենք, էրեխեք, չհավաքե՞նք տոնածառը:

Հախվերդյանի «Ձյուն»-ն ենք լսում… Հայրիկիս առաջարկն արձագանք չի ունենում: Տոնածառն արդեն մեր տան մի մասն է, որն ապահովում է մեր ջերմ ամանորյա տրամադրությունը: Տոնածառի խաղալիներից յուրաքանչյուրի վրա ամանորյա տրամադրության մի կաթիլ կա: Տոնածառի հեռանալուց հետո տնից հեռանում են տանը թևածող կապույտ երազներից պոկված վերջին արծաթե թիթեռնիկները: Իսկ նրանց հետ հեռանում է մեր քաղաքի երազկոտ կտուրներին իջած ճերմակ հանդարտությանը:

zara gevorgyan

Թեթև ապրեք

Հնդկական սերիալները գրավել են բոլորին: Սկզբում «Մերժվածը», հետո` «Ինչ կոչել այս սերը»: Սկզբում ես էլ բոլորի պես մեծ հետաքրքրությամբ նայում էի այդ սերիալները, բայց հիմա… Հիմա արդեն այդ սերիալները ոչ միայն հեռուստատեսությամբ  են, այլ իմ շրջապատում: Մարդկանց մեծ մասը արդեն դիմացինի անուններն է փոխում և նմանեցնում սերիալների դերասաններից որևէ մեկին.

«Վայ, էս ինչ նախանձ երեխա ա, ոնց որ Տապասյան հլնի: Էս մեկն էլ նենց դոդ ա, լրիվ Իչան ա, բա էսի-էսի, լրիվ էն գիժ Քուշին ա»,- ու նմանատիպ շատ արտահայտություններ:
Բա, պատմեմ մի դեպք. հունվարի 1-ին մեր հարևանը գալիս է մեր տուն՝ Նոր տարի շնորհավորելու, ու այդ պահին հեռուստացույցով «Մերժված»-ն է գնում, և հենց այն պահին, որ  բոլորի կողմից «սիրված» մորաքույրը բղավում է Իչայի վրա, հարևանս էլ դիմելով հայրիկիս, ասում է.
-Վայ, Վահե ջան, էս պառավը շատ ա նեղում խեղճ աղջկան,  ընենց եմ ներվայնանում:
Էհ, Նոր տարվա օրո՞վ էլ: Այ, էստեղ են ասել՝ Ռամն ինձ օգնական: Դե, ժողովուրդ ջան, կինո է, էլի, թեթև ապրեք: Մի քայքայեք ձեր նյարդերը սերիալների պատճառով, թե չէ Ռամն էլ, Վռամն էլ չեն կարող օգնել ձեզ:

mariam hayrapetyan

Ինչո՞ւ

Գնացքը կարծես անվերջ կգնա, բայց սա գնացքը չէ, սա մարդու բանականությունն է, որ  անվերջ է թվում ու տանում է դեպի խոր անդունդը, ու հարցից՝ հարց: Գլխավոր հարցը մեկն է՝ ինչու՞,  երբ հարազատ հոգիդ  ըմբոստանում է մտքերիդ դեմ, պահանջելով իր իսկ հանգիստը: Ես գիտեմ նաև, որ սա փիլիսոփայության համար մեկ հարցն է, որ կարող է շարքից հանել յուրաքանչյուր միտք, որոնելով պատճառահետևանքային կապը արարքի և հետևանքի միջև:  Գնացքը մեղավոր չէ, որ իր նստարանին նստածը, մտքում ամեն երրորդ հարցը հնչեցնում է «ինչո՞ւ», ու  կամ էլ գտնում է իր «ինչո՞ւ»-ի պատասխանը կամ էլ՝ չէ,  կամ էլ պատասխանն ավելի դաժան է ստացվում, քան չգտնելու դեպքում էր:

Գնացքը մեղավոր չէ, որ մարդիկ, որ իր ներսում են, միաժամանակ այսքան նման են, ու այսքան տարբեր, որ նրանց ցանկությունները միաժամանակ այսքան տարբեր են, սակայն և բոլորի ուզածը վերջում մեկն է:

Գնացքը մեղավոր չէ, որ մեկը  չհարմարվելով չոր նստարաններին, կամ դա նույնն է, ինչ  իր իսկ ճանապարհի վայրիվերումներին, փորձում է քնել, ազատելով միքտը իր իսկ գործած սարդոստայնից, որը շարունակելու դեպքում, կարող է խելագարության հասցնել:

Գնացքը մեղավոր չէ, որ մեկը չարաշահելով մյուսի համբերությունը, կզրկի կյանքը գույներից  ու հավատից:

Գնացքը մեղավոր չէ, որ մեկը կփորձի իր իսկ կյանքի էջը շրջել, ցանկանալով, ամեն բան սկսել նորից, մյուսը կգա ու կկեղտոտի այս անգամ էլ այս նոր էջը:

Գնացքը դա նույն կյանքն է, իր  չորս կամ ավել վագոններով: Նրա յուրաքանչյուր նստարանին նստած է  մի տիեզերք, որ ուզում է պարզապես լիաթոք ժպտալ:

Գնացքը չէ մեղավորը, որ մեկն ու մյուսը  կարող են խորտակել երրորդին: Եվ վերջապես գնացքը մեղավոր չէ, որ յուրաքանչյուր նստարանի վերևում հասարակ թելի հպումով կմարվի լամպը, իր իսկ տիրոջ կողմից: Կմարեն բոլորը՝ մեկը մյուսի հետևից: Եվ որովհետև տերը ուզեց առանձնանալ մթության մեջ ՝ ինքն իր հետ: Ահա թե ինչպես աստիճանաբար կյանքը կորցնում է իր գույները:

Իսկ ինձ համար գնացքից հետո միշտ մետրոն է՝ լի արագությամբ ու շտապող մարդկանցով: Գուցե իրենք  իրենցից են շտապում հեռանալ, երևի նոր հնարավորության ակնկալիքով: Բայց ես չեմ կարողանում շտապել: Ինձ նույնիսկ դա դժվար է տրվում:

Seroj araqelyan

2016-ի ավարտը և 2017-ի սկիզբը

Չգիտեմ` ով ոնց, բայց ես կարելի է ասել, ամեն տարի մեր գյուղի՝ Բաղանիսի միջոցառումը համեմատում եմ անցած տարվա միջոցառումների հետ: Համեմատել ասելով, ներկայացնում եմ ինչը կար, որ այս տարի չկա: Հա, անցած տարի ձյուն կար, իսկ այս տարի ձյուն չկար, բայց բերեք ձյունը թողնենք երկրորդական, որովհետև ձնից բացի կան էլ ավելի կարևոր նշանակություն ունեցող իրադարձություններ: Օրինակ, մարդիկ ովքեր ներկա էին անցյալ տարի, հիմա ներկա չեն, թե բանակի, թե արտագաղթի պատճառով: Իսկ ովքեր գյուղից գնացել էին, զանգահարում էին և հարցնում. «Ի՞նչ կա, ո՞նց ա մթնոլորտը գյուղում, երևի հավեսա, չէ՞, անցնում, միջոցառումը». ու շատ ափսոսում, որ էստեղ չեն: Բայց չեն հասկանում, որ իրենց գնալուց հետո միջոցառումներն էլ են անհավեսացել:

Երբ սպասում ես գյուղից հեռացածներին, ովքեր իջնելու էին, որպեսզի միասին դիմավորենք ամանորյա հանդեսները, բայց ոչ իջնող կա, ոչ մի բան: Ու զգացվում է շատ մարդկանց պակաս, ովքեր միշտ ներկա էին գտնվում, և անհնար էր չնկատել իրենց ներկայությունը:

Անցյալ տարի կար և Ձմեռ Պապ և Ձյունանուշ և ձի կառքի հետ միասին: Բայց այս տարի միայն Ձմեռ պապիկն էր՝ իր մեծ պարկի մեջ լցրած տոպրակներով, ով միայնակ մի կերպ բարձրանում էր գյուղամեջ և ընդառաջ էր գնում դեպի իրեն վազող երեխաներին: Անգամ երեխաներն էին քչացել: Անցած տարիների վազքից լսվող ոտնաձայները չէին և ոչ էլ ուրախության ճիչերը Ձմեռ պապիկին տեսնելուց: Այդ աղմուկի մեջ ականջովս ընկավ նաև այս արտահայտությունը. «Մյուս տարի իսկի տոնածառ չի լինելու»:

Որ ճիշտ ասեմ, այդ ամենը լսելուց հետո հիասթափվեցի, ու էլ ավելի տրամադրությունս ընկավ: Բայց հետո իմ մեջ ասացի, թե ինչու պետք է էդպես լինի, ինչ անենք, թե մեկը մի բան ասաց: Միայն պետք է լավատես լինել:

Հիմա հույս ունեմ, որ մյուս տարվա միջոցառումը ավելի ուրախ կլինի և մարդկանցով լեցուն, քանի որ բանակից շատերը վերադարձած կլինեն, և հույս ունենանք, որ գոնե արտագաղթածների մի մասը հետ կվերադառնա հայրենի գյուղ: Իսկ ես մեկ անգամ էլ կդիմավորեմ, հետո երկու անգամ գյուղում չեմ դիմավորելու, ինչպես գյուղի մի շարք երիտասարդներ, ովքեր հիմա դիրքերում մեր անդորրն են պահպանում: