
Լուսանկարը՝ Հռիփսիմե Վարդանյանի
Լուսանկարը՝ Հռիփսիմե Վարդանյանի
Ուզում եմ անդրադառնալ ինձ և շատերին հուզող մի քանի հարցերի: Կարծում եմ, որ բոլորն էլ քաջատեղյակ են գյուղական բնակչությունից, թե ինչքան վնաս կրեցին նրանք: Բայց ո՞ւմ է հիմա հետաքրքիր, թե ինչպես են գոյատևում այսօր գյուղացիները… Բնակչության մի մասը վարկերը սառեցրել են, մյուս մասը՝ զրկելով իրենց երեխաներին ինչ-ինչ բաներից, մի կերպ մարում են: Կան մարդիկ, ովքեր ունեն մեքենա, և տաքսի վարելով մի կերպ ապրում են: Մինչև գարուն ոչ ոք աշխատանք չի ունենա: Ամբողջ օրը տանը՝ հեռուստացույց, խաչբառ, ֆուտբոլ ու քնել:
Ամեն առավոտ, երբ դասի եմ գնում, տեսնում եմ մարդկանց, ովքեր տոպրակներով գնում են Երևան՝ աշխատանքի: Դե, հասկանալի է՝ շինարարության: Գոնե այդ հնարավորությունը կա, բայց բնակչության շատ քիչ հատվածն է աշխատում: Կբացվի գարունը, ու նորից կմտածեն, թե որտեղի՞ց պիտի սերմ գնեն, ի՞նչ գնով ու որոշեն, թե ո՞ր բանկից վարկ վերցնեն:
Երեխաներն էլ են նույն իրավիճակում: Խմբակները շատ քիչ են, որ հաճախեն: Ունենք մշակույթի տուն, որն անխնամ վիճակում է: Ունենք 3 խմբակ, որոնց հատկացված սենյակները մի կերպ է կարգի բերվել: Երեխաներն արդեն սովորել են փողոցի խաղերին, բայց պետք է նրաց մեջ նաև մտավորը զարգանա, որևէ ոլորտում իրենց գտնեն ու հենց փոքր տարիքից: Միգուցե տարիներ հետո այդ ոլորտում հասնեն մեծ հաջողությունների: Այ, տեսեք, քանդակագործության խմբակ բացվելու հույսեր կային, բայց հարմար սենյակ չլինելու պատճառով այդ թեման փակվեց:
Իհարկե այս հարցերը գրեթե բոլոր գյուղական համայնքներում կան, իսկ դրանց լուծումը կարծես երազանք է դարձել:
Այս գիրքը նվեր ստացանք մեզ շատ հարազատ դարձած մարդուց՝ Արմեն Խեչումյանից: Նա մեր ընտանիքի բարեկամն է դարձել դեռ շա՜տ վաղուց, երբ պապիկս աշխատել է հաստոցաշինական գործարանում: Այնտեղ Արմեն Խեչումյանը լաբորատորիայի վարիչ էր աշխատում, այդպես ծանոթացել և բարեկամացել ենք ընտանիքներով:
Արմեն Խեչումյանը տեխնիկական գիտությունների թեկնածու է: Նա իր թեզը պաշտպանել է Սանկտ Պետերբուրգում, իսկ հիմա ապրում է Ռուսաստանում և տարին գոնե մեկ անգամ այցելում է մեզ: Հենց այդ այցելությունների ժամանակ էլ նվիրեց Ամիրյան Անահիտի հեղինակային գիրքը «Երևանի նշանավոր ընտանիքները» վերնագրով, որտեղ տոհմածառի տեսքով նշվում է հատկապես իրենց տոհմը, քանի որ այն ամենամեծն է Երևանի նշանավոր ընտանիքների մեջ: Գիրքը նվիրված է Երևանի՝ 18-20-րդ դարերի այն նշանավոր անհատներին, որոնք կարևոր դերակատարություն ու ներդրում են ունեցել Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության, տնտեսության, արդյունաբերության, քաղաքականության, գիտության, բժշկության, մշակույթի, կրթության և այլ ոլորտներում: Աշխատության մեջ նյութերի ընձեռած հնարավորությունների սահմաններում, փորձ է արվել անդրադառնալու նաև նրանց ծագումնաբանության ու տոհմի պատմության հարցերին…
Գիրքը կազմելիս հեղինակներն օգտվել են Հայաստանի ազգային արխիվի, Երևան քաղաքի պատմության թանգարանի ֆոնդերի նյութերից, գրքում նշված էր, որ անհատական զրույցներ են ունեցել նշանավոր մարդկանց սերունդների ներկայացուցիչների հետ: Առանձին մասով ներկայացված են փաստաթղթեր, լուսանկարներ, անձնական իրեր, գունավոր պատկերներ:
Այս գիրքը շատ է տպավորել է իմ մեջ, քանի որ ինձ ծանոթ և հարազատ մարդկանց մասին էլ է նշված գրքի մեջ, ուստի ցանկացա ներկայացնել ձեզ, որպեսզի դուք էլ կարդաք, գուցե և ձեր կողքին էլ են ապրում Երևանի նշանավոր ընտանիքների սերունդներից, կամ էլ հանկարծ պարզեք, որ այդ սերունդներից մեկն էլ դուք եք:
Ես տարբեր տարիքներում տարբեր բաներ էի պատկերացնում խաղաղություն ասելիս: Նորածին երեխայի համար երևի խաղաղությունը մայրիկի կաթն է: Նրանք հանգիստ տեղավորվում են մայրիկի գրկում ու այնքան երջանիկ դեմքով են ուտում: Նրանց համար աշխարհն իրենց մայրն է, որի հետ անց են կացնում իրենց ողջ օրը:
Երեխան՝ մի քիչ մեծանալով, մոռանում է, թե ինչն էր իր համար խաղաղությունը մի քանի տարի առաջ: Ես, օրինակ՝ չորս-հինգ տարեկանում խաղաղություն ասելով պատկերացնում էի խաղալիքներով լիքը մի պարկ, որի միջից խաղալիքներ էին թափվում:
Երբ դարձա յոթ տարեկան և գնացի դպրոց՝ խաղաղություն ասելիս պատկերացնում էի, որ նստած դաս եմ սովորում և ամեն խնդիր հեշտությամբ լուծում եմ ու «հինգեր» ստանում:
Դառնալով յոթերորդ դասարան, ես խաղաղություն ասելիս պատկերացնում էի մի քանի ինձ դուր եկած գիրք, որոնք կարող էի հա կարդալ և չհոգնել:
Երբ դառնամ իններորդ դասարան, խաղաղություն ասելիս երևի կպատկերացնեմ իմ հավանած աղջկան, որի հետ հեռախոսով զրուցում եմ:
Երբ մեծանամ, ամուսնանամ, երեխաներ ունենամ, խաղաղություն ասելիս երևի կպատկերացնեմ, որ նստած թերթ եմ կարդում, կինս էլ կողքիս նստած է, իսկ երեխաներս խաղում են մեր դիմաց:
Երբ դառնամ պապ, ես երևի խաղաղություն ասելիս կպատկերացնեմ, որ ծխամորճը ձեռքիս նստած եմ բազկաթոռին, կողքիս կինս է նստած, իսկ սեղանի շուրջ նստած են տղաներս՝ իրենց ընտանիքներով:
Երբ էլի մեծանամ և դառնամ մի ծե՜ր մարդ, և իմ ամեն երազանք իրականացած լինի, ես կասեմ. «Փա՜ռք Աստծո», և ժպիտը դեմքիս կվայելեմ վերջին շունչս:
Մուշեղ Բաղդասարյան, 13տ., 2003թ.
Լուսանկարը` Տաթև Աղազարյանի
«Որքան, որ հազվադեպ է իսկական սերը, իսկական ընկերությունն ավելի հազվադեպ է»:
Լառոշֆուկո
Եվ ես այդ հազվադեպների շարքն եմ լրացնում: ՉԷ, չէ, խոսքն իսկական ընկերության մասին է: Ես գտել իմ Աննային, ում զրո ամբողջ մեկի հարյուր հազարերորդական տոկոս անգամ չեմ նախանձում և համոզված եմ, որ նա նույնպես: Պատմեմ Աննայի մասին: Դե, երևի նկարից տեսաք, որ Աննան ունի գանգուր մազեր, որոնց համար ես խելագարվում եմ: Աննայի օրը շա՜տ ծանրաբեռնված է՝ դասերից հետո հաճախում է տարբեր խմբակների, գալիս է Երևան` Թումո կենտրոն, որտեղ ստեղծում է շարժական գրաֆիկներ, անիմացիաներ, 3d մոդելավորում, զբաղվում լուսանկարչությամբև այլն, դպրոցում Աշակերտական խորհրդի տեղեկատվական հանձնախմբի նախագահն է, որտեղ կազմակերպում է հետաքրքիր միջոցառումներ և տեղեկացնում աշակերտներին կատարվելիք միջոցառումների մասին: Բայց, ցավոք, ընկերուհիս այս ամենն անում է իր առողջության հաշվին: Աննան եղել է բուսակեր, իսկ հետո դարձել մեր նման «գազանիկ», քանի որ առողջության հետ խնդիրներ էին առաջանում: Նա սիրում է փորձել իր կամքի ուժը և փորձություններ նախաձեռնել իր օրգանիզմի համար:
Աննայի մանկությունը լի է եղել փորձություններով, բայց նրա մոր շնորհիվ ամեն ինչ հարթվել է: Աննան իր հույզերն արտահայտում է նկարչության, երաժշտության և ստեղծագործելու միջոցով:
«Աննա, մի հատ իրական թվի ռացիոնալ ցուցիչով աստիճանները կբացատրե՞ս», կամ էլ` «Ան, ատոմի բաժանելիության էն երեք սկզբունքները բացատրի, էլի», ու Աննան բոլոր խնդրանքներին պատասխանում է ՝ «Հա, իհարկե, հիմա կբացատրեմ»:
Մի բանի համար եմ տխրում, որ Աննան ինքնավստահ չի: Ինչքան է եղել` ասել է. «Ես էս քննությանը հաստատ վեցից բարձր չեմ ստանա», ու եկել ասել է, որ տասը է ստացել:
Աննա ունի մի հետաքրքիր բնավորության գիծ: Ուրեմն, երբ ընկերուհիներով գաղտնի մի բան ենք զրուցում, ասում է. «Աղջիկներ, կամաց խոսեք, կլսվի, բարձր մի ասեք անուն», այն դեպքում, երբ մեր շուրջը օտար մարդ չկա: Ու ես էլ նրան պատասխանում եմ. «Ան, հո ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանում չե՞նք ապրում, որ մի բառ` ու ձերբակալում: Հանգիստ, սա 21-րդ՝ խոսքի ազատության դարն է»:
Ահա և Աննան՝ բազմակողմանի զարգացած մի մարդ, ով ընկերությունը երբեք չի հանգեցնում օգուտի:
«Տասնվեց տարի է անցել, ու այսքան տարվա ընթացքում մեր տուն ձեռք բերելու փորձերը ձախողվել են: Ամեն անգամ մի բան խանգարել է։ Նույնիսկ միտք կար, որ հայրիկս գնա արտերկիր` բնակարանի համար գումար վաստակելու, բայց ինչ-որ բան հորս, և նաև մեզ հետ էր պահում, ինչ-որ բան թույլ չէր տալիս գնալ: Միշտ մտածում էինք, որ ավելի լավ է ժամանակավոր կացարանում, սակայն բոլորս միասին լինենք: Գուցե դա հարազատ հողն ու ջո՞ւրն էին հետ պահում։ Չգիտեմ։ Բայց այն, որ հիմա հայրս մեր կողքին է, իսկ դա ամեն բանից վեր էր մեզ համար, և այն, որ մենք հիմա մեր սեփական տունն ենք կառուցում մեր հարազատ հողի վրա, փաստ է»,- սա հատված է ինը ամիս առաջ գրած հոդվածիցս, երբ դեռ նոր էինք սկսել մեր տունը կառուցել։ Նոր էինք սկսել և նույնիսկ չէինք էլ հավատում, որ երբևէ կավարտենք ու վերջապես կսկսենք ապրել մեր սեփական տանը, կունենանք մեր անկյունը այս մեծ աշխարհում։
Ինը ամիս առաջ ընդգրկվեցինք Վիվասել ՄՏՍ-ի և «Ֆուլեր» տնաշինական ընկերության կողմից իրականացվող ծրագրի մեջ, և սկսվեցին մեր կյանքի ամենահետաքրքիր, ամենադժվարին, ամենահագեցած ու ամենաանվերջանալի օրերը։ Այդ օրերից ամեն մեկը մյուսից առանձնանում էր իր հետաքրքրությամբ ու բովանդակությամբ։ Ամեն բացվող օր իր հետ բերում էր նոր հույզեր, հույսեր, նոր ապրումներ, իրադարձություններ։
Մեծ դժվարությունների արդյունքում մենք կարողացանք հասնել սպասվելիք արդյունքին։ Այդ դժվարին պահերին մեր կողքին էին մեր հարազատներն ու ընկերները, ովքեր սրտացավորեն եկել էին մեզ օգնելու․ հորս մորաքրոջ ամուսինը ՝ Վահագնը և նրա երեք որդիները` Վարդանը, Վահրամը, Վահեն, մորս մորեղբայր Սմբատը, ով մեզ օգնելու համար եկել էր Ռուսաստանի Դաշնությունից, եղբորս՝ Վիգենի բոլոր ընկերները՝ Սերժը, Էմանուելը, Կարապետը, Նարեկները, Կարենը, Էդուարդը, Վարուժանը, Զեյնալը, Աշոտը, Ժորան, մորեղբայրս՝ Անդրանիկը, մորաքրոջս ամուսինը՝ Հարությունը, մորս ազգական Վոլոդյան, հորս հորեղբայր Վահագնը իր որդու՝ Տիգրանի հետ, հորս մյուս հորեղբոր տղան՝ Արմանը, հորաքրոջս տղա Ռազմիկը, մորս ազգական Արսենը, պապիս ազգական Կամոն, մեր հարևան Էդգարը, Ամերիկայից եկած կամավորները՝ Կարապետը, Տեր Եփրեմը, Էլիսը, Սարգիսը, Ավետիսը, Վարդուհին, Արշալույսը, նրանց հետ եկած կազմակերպիչներ Սոնան ու Մելիքը։
Ես չեմ կարող նրանց բոլորի անունները չթվարկել, քանի որ նրանց աշխատանքի շնորհիվ է, որ մեր տունն այսօր կանգուն է:
Արդեն մեկ ամիս է, ինչ այստեղ ենք` մեր տանը և ոչ թե ժամանակավոր կացարանում: Եթե մոռացել եք, ասեմ, որ մենք ապրում ենք Ստեփանավանում, և 1988-ի երկրաշարժից հետո շատերի նման, մեր ընտանիքն էի ապրում էր ժամանակավոր կացարանում: Հետ հայացք գցելով մեր արած աշխատանքներին՝ ուղղակի ապշում ենք, թե ինչպես կարողացանք, ինչպես դա մեզ հաջողվեց, իրոք որ զարմանալու բան է։ Ապրելով այս տան մեջ՝ մտածում ենք, թե ինչպես ենք առաջ ապրել տնակում։ Ճիշտ է, մեզ այստեղ էլ դեռ շատ դժվարություններ են սպասվում, բայց այն, որ հիմա մենք ինչ էլ անենք, մեր ու մեր սեփական տան համար ենք անելու, դա իսկապես այդպես է։
Իրականում մեր ընտանիքին տանիքով ապահովելը զուտ որպես նյութական պարգև չի կարելի ընկալել մեզ օգնած մարդկանց կողմից՝ սկսած Ռալֆ Յիրիկյանից ու Աշոտ Եղիազարյանից, վերջացրած մեր հարազատներով, որովհետև նրանց տվածը մեզ ավելի վեհ բան է, քան դա: Նրանք ինձ ու իմ ընտանիքին հույս տվեցին, հույս, որ գրեթե մարել էր մեր հոգիներում, հույս, որ շատ բան կարող է փոխել, հույս` մարդասիրության հանդեպ, հույս` ապագայի ու մեր երկրի հանդեպ։ Անչափ շնորհակալ ու երախտապարտ ենք ձեզ, քանի որ հենց ձեր շնորհիվ է, որ ես հիմա ապրում եմ մեր տանը` իմ ընտանիքը ստիպված չի լինի բռնել օտարության ճանապարհը:
Սա իմ ու իմ ընտանիքի պատմության մի հատվածն էր, որ հյուսվեց հույսի, հիասթափության, հավատի, երջանկության, կարիքի, ուրախության ու կամքի թելերով։
Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի
Ամեն օր արևածագ է լինում, հետո՝ մայրամուտ: Մենք ոչինչ չենք կարող փոխել: Որքան էլ սիրենք արևը, այն ընդմիշտ մեզ հետ չի մնալու: Բայց այն ժամանակահատվածները, որոնք ընկած են արևածագի և մայրամուտի միջև, այն 12 ժամերը, որոնցից կազմված է մեր կյանքը, գտնվում են մեր ու ժամանակի լիակատար տիրապետության տակ:
Ամենից շատ ես չեմ սիրում միապաղաղ կյանքը, դրա համար եմ 17.am-ում նյութեր գրում, որ ծառից տերև ընկնելու մեջ լոկ ֆիզիկական ու բնական գործողություն չտեսնեմ, որ կողքիս ապրող հետաքրքիր մարդկանց չանտեսեմ: Դրա համար եմ գրքեր կարդում, որ «տուն-դպրոց-տուն» երթուղին երբեմն էլ երևակայական աշխարհներով, առասպելական մոլորակներով համալրեմ: Ես այս ամենն անում եմ նրա համար, որ տարբերեմ իմ կյանքի հազարավոր արևածագերը իրարից: Որ ամեն օրը ինչ-որ բանով հետաքրքիր դառնա, տպավորիչ, հիշվող: Օրինակ, այն օրը, երբ իմ առաջին նյութն էր հրապարակվել 17.am-ում, մայրամուտը շատ գեղեցիկ էր, իսկ արևածագը՝ սովորականից ավելի արևոտ:
Մենք անընդհատ փոփոխություններ ենք պահանջում: Պահանջում ենք, որ արևածագի փոխարեն մայրամուտ լինի: Բայց, ինչպես գրված է հայտնի գրքում. «Եթե ես իմ գեներալին հրամայեմ ծովային ճայ դառնալ,- մտածում էր 325 աստղակերպի թագավորը,- և եթե իմ գեներալը չկատարի հրամանը, ոչ թե նա, այլ ես մեղավոր կլինեմ»:
Մինչդեռ հարկավոր է հրամաններ արձակել այն ժամանակահատվածում, որի տերն ես դու: Եվ հրամայել ոչ թե ուրիշներին, այլ ինքդ քեզ: Այդպես մի օր ես ինքս ինձ, իմ մոլորակի վրա, միակ հպատակիս հրամայեցի լինել այնպիսին, ինչպիսին հաճելի է ինձ, ոչ թե ուրիշներին, ու ստացվեց, որովհետև հպատակը իրավունք չունի չկատարել թագավորի հրամանը: Նույնիսկ եթե թե՛ թագավորը, թե՛ հպատակը հենց ես եմ:
Կյանքը գեղեցիկ է նրանով, որ այն անընդհատ կարող ես փոխել, կարող ես չլճանալ, չմնալ նուն տեղում: Մենք էլ հո ծառ չենք, որ հավերժ մեր կանգնած տեղում մնանք, մահանանք այնտեղ, որտեղ ծնվել ենք:
Ես դեռ շատ մայրամուտներ ու արևածագեր կունենամ, յուրաքնչյուրը տարբեր ու յուրովի գեղեցիկ, բայց կարևոր է ոչ թե այն պահը, երբ արևը դադարում է երևալ, կամ նորից է դուրս գալիս, այլ այն, ինչը կատարվել է մինչ այդ:
Իմաստավորեք ձեր մայրամուտները, որ արևածագերն ավելի երջանիկ լինեն:
Այսօր տարվա ամենաերկար գիշերն է, մտածելու ժամանակը:
Ազգ, հայրենիք, պետություն։ Երեք վեհություն, առանց որի չկամ ես, չկաս և դու, չկա ոչ ոք։ Ու մինչ այսօր կա պայքար, կա կռիվ ու հաղթանակ, կա հերոսացում, որ վեհ մնանք, որ մնանք ազգ ու հայրենիք։ Սակայն պատերազմն արթուն է, խաղաղություն՝ չկա…
«Յուրահատուկ էր… Պիտի գար, որ լավ ապագա կառուցեր։ Խոստացել էր»,- լսվում է մի կնոջ լացակումած ձայն։
Ու բոլորն էին յուրահատուկ, բոլորն էին խոստացել։
Գարուն էր, ու էլի այն ապրիլը… Այն «յուրահատուկները», որ խոստացել էին գալ, մինչ այսօր չեն եկել։ Նրանք որոշեցին հավերժ մնալ սահմանին՝ դրժելով իրենց խոստումը։ Բայց սպասողները երևի երբեք էլ չդադարեն սպասել։
Պատերազմը, որ թվացյալ քնով էր անցել, նորից արթնացավ։ Մի փոքր ազգ էլի բռունցք դարձավ, որ շարունակի ապրել։ Ավա՜ղ… Տասնյակ կյանքեր արդեն մարել են, տասնյակ երազանքներ մնացել անկատար։
Քառօրյա պատերազմը, որն անվանում ենք նաև ապրիլյան պատերազմ, մինչ այսօր բոլորի աչքերում կարելի է վերապրել։ Շատերը կորցրին իրենց կյանքը՝ հերոսացան, իսկ մնացողները կորցրին կյանքի գույներն ու իմաստը։
Բայց առայժմ թողնեմ քառօրյա պատերազմը և խոսեմ 2014 թվականի հուլիս-օգոստոս ամիսների մասին։ Շատերը երևի չեն էլ հիշի, բայց էլի պատերազմ էր։ Տարին էր սկսվել թշնամու դավով։
Արմեն Հովհաննիսյան, Զորիկ Գևորգյան, Ազատ Ասոյան, Արարատ Խանոյան, Հովսեփ Կիրակոսյան, Սարգիս Մովսիսյան և շատ ուրիշներ իրենց կյանքի գնով անառիկ պահեցին մեր սահմանները։ Հիմա կուզեմ խոսել Սարգիս Մովսիսյանի մասին, առաձնացնելով նրան բոլորից, կպատմեմ այն, ինչ տեսա իմ աչքերով։ Բայց կարող եմ վստահ ասել, որ բոլորն էլ զգացել են այն, ինչ ես։
Երկու հազար տասնչորս թվական: Չարաբաստիկ ամառ: Իմ կյանքում առաջին անգամ ամառն այնքա˜ն մռայլ էր, այնքա˜ն ցավատանջ: Համատարած սուգ էր: Հանկարծահաս կրակոցներից զոհվել էին տղաները: Ինչ էր կատարվում: Կարծես երազ լիներ: Անհնար էր հավատալ, որ երեք-չորս օրում այդքան զինվորների կյանք մարեց: Ամեն ինչ թվում էր անիրական:
Այն, ինչ կատարվում էր հեռվում` սահմանում, հանկարծ մեր գյուղ հասավ, համակեց բոլորիս: Միթե Սարգիսն էլ: Ա˜խր, շատ ջահել էր, ա˜խր, նա միշտ ժպտում էր, ա˜խր, ծնողները հեռվում էին…
Ծանր օրեր եղան: Համագյուղացիներին պաշարել էին անցած տարիների ցավը: Թվում էր` խաղաղություն է, կյանքն ընթանում է սովորական հունով:
Ավա˜ղ, այդպես չէ: Չի քնում թշնամին երբեք: Գիտեին այդ մասին տղաները: Գիտեին, բայց չվախեցան, չվարանեցին:
Դպրոցական սեպտեմբերը տխուր էր: Բոլորը ափերը սեղմած աղոթում էին նահատակների հոգու հանգստության համար:
Ոչ ոք չէր ուզում հավատալ, որ նա այլևս չկա, էլ երբեք չի վերադառնալու այն տունը, որն ուզում էր շենացնել: Ցավը պատել էր բոլորին:
Այնքան էին պատմում, խոսում նրա մասին: Դեռ քանի˜ անկատար իղձեր ուներ, քանի˜ սպասող սրտեր, քանի˜ ասված ու չասված խոսքեր…
Սարգի°ս, տեղդ բաց է մնալու, մայրդ արցունքն աչքերին միշտ սպասելու է վերադարձիդ, հայրդ ցավով, բայց հպարտությամբ է ապրելու, ընկերներդ միշտ հիշելու են քեզ քո ժպիտով ու բարությամբ: Դու գնացիր անվերադարձ, անդառնալի է կորուստդ: Մխիթարող է մի բան միայն: Կյանքդ զոհեցիր հանուն կյանքի, հանուն երկրի: Գուցե հենց այդ է եղել վերջին միտքդ մարտի դաշտոմ, կռվի ժամանակ, և հենց դա է ստիպել քեզ կռվել մինչև վերջ, մինչև վերջին շունչդ: Իմացիր, քեզ սերունդներ են հիշելու, քանի դեռ հայ ազգն ապրում է, անմահ ես լինելու:
Հիմա Սարգիսի հիշատակին հուշարձան է կանգնեցվել դպրոցի բակում, որ որքան էլ սերունդները փոխվեն, նա մնա անմահ։ Եկողները ճանաչեն նրան և խոսեն ու պատմեն նրա մասին դարերով։ Եվ այսպես յուրաքանչյուրի ծննդավայրում կառուցել են հենց իր անմահության հուշարձանը։
2016-ն էլ կարծես ոչնչով չտարբերվեց 2014-ից, նույնիսկ գերազանցեց նրան։ Թշնամին ավելի վայրագորեն մտավ մեր հող, փորձեց պղծել այն իր ներկայությամբ, բայց փորձերն էլի ձախողվեցին։ Բայց չի լինում պատերազմ որտեղ չլինեն զոհեր, և ցավոք մենք էլի կորցրինք տասնյակ երիտասարդ կյանքեր։
Ու այսպես, դեռևս վաղ անցյալից հայրենիքը սկսեց կերտել իր հերոսներին։ Ազգն էլ պահեց նրանց անունները վեհ ու փառավոր։
Ահա այսպիսին է հայ ազգը, միշտ պատրաստ պայքարի ու հաղթանակի։ Եվ ես էլ լինելով մեր երկրի ապագան կերտողը, կոչ եմ անում սիրել հայրենիքը, ապրել նրա սահմաններում և ծաղկեցնել այն՝ հանուն նրա չխնայելով ոչինչ։ Քանզի Նժդեհն ասում էր՝ հոգեբանորեն անհայրենիք է նա, ով պատրաստ չէ ամեն վայրկյան մեռնելու իր հայրենիքի համար:
Այսօր` ժամը 23-ն անց 47 րոպեին, ես գրում եմ իմ ամենալավ պատմությունը:
Միգուցե շատ տարիներ անց այս օրը հայտնի դառնա ամբողջ աշխարհում, բայց այդ մասին դեռ ոչ ոք չգիտի: Ինչի մասին ուզենամ` կգրեմ:
Կարող եմ գրել իմ դժբախտությունների մասին, բայց կասկածում եմ, թե ինչ-որ մեկը ցանկանա կարդալ դրանց մասին:
Կարող եմ գրել, թե ինչպես եմ անցկացրել օրը, բայց այսօր ոչ մի հետաքրքիր բան էլ չի կատարվել:
Կարող եմ գրել դասերի մասին, բայց երևի բոլորն արդեն զզվել են դրանցից:
Կարող եմ գրել դասից փախչելու անհաջող փորձի մասին, բայց այդ մասին արդեն գրել եմ, իսկ նոր փորձ դեռ չեմ արել:
Կարող եմ գրել ժամանակակից սանրվածքների ու հագուստների մասին, բայց, ճիշտն ասած, հավես չկա:
Կարող եմ գրել, թե ինչ էինք անում անգլերենի ժամին, բայց դա էլ ձեր գործը չէ:
Կարող եմ գրել, թե ինչպես եմ անցկացնում ազատ ժամանակս, բայց ազատ ժամանակ համարյա չեմ ունենում:
Կարող եմ գրել…
Ճիշտն ասած, հիմա ժամը չգիտեմ, բայց արդեն շատ ուշ է, քունս էլ տանում է:
Ես չեմ կարողանում վերջացնել պատմությունս:
Իմ լավագույն պատմությունը չստացվեց: Խոստանում եմ, որ մի օր անպայման կգրեմ, և առաջինը այդ մասին դուք կիմանաք:
Լիլիթ Հովհաննիսյան, 13տ., 2002թ.
-Է՜հ, երեխեք ջան, ե՞րբ մեծացաք: Ոնց որ երեկ ըլներ, որ Նինան ընկավ՝ կոտրեց թևը,-պատմում էր տատիկս իր շուրջը հավաքած ութ թոռներին:
Մի պահ չհասկացա, թե ինչ ասաց տատիկս: Բայց մի պահ խորը շունչ քաշեցի և զարմացած հարցրեցի.
-Ո՞նց, տատ, ես կոտրե՞լ եմ իմ թևը:
-Հա՜, այ բալա:
-Վա՜յ, տատ կպատմե՞ս` ո՞նց եղավ:
Տատիկս ժպտաց և սկսեց իմ չարաբաստիկ պատմությունը:
-12 ամսական երեխա էիր: Արդեն կարողանում էիր քեզ պահել գետնի վրա և քայլել: Դեռ այդ ժամանակ չէիր կարողանում խոսել: Մի օր քեզ տարանք հյուրասենյակ: Հյուրասենյակում դրված էր մի մեծ բազմոց: Քեզ դրեցինք բազմոցի վրա: Դու մի կերպ վեր կացար և սկսեցիր քայլել բազմոցով մեկ: Ծիծաղում էիր, ու անընդհատ վազվզում: Աշխույժ երեխա ես եղել փոքր ժամանակ: Դե, բայց հիմա էլ, էլի, ընենց ոչինչ: Հա՜, շեղվեցինք թեմայից: Վազում էիր, երբ մամադ ներս մտավ և տեսավ, որ ընկել ես թևիդ վրա: Դե, մի քանի օր հետո, երբ մամադ..
Տատիկիս ընդհատելով հարցրեցի.
-Տատ, բա չե՞մ լացել:
-Դե, համբերի, էլի: Չէ, չես լացել: Ոչ էլ նվնվացել ես, ոչ մի էտենց բան… Հա՜… Մամադ, որ շորերդ փոխում էր, զգացի, որ ուռել ա, որ չես կարողանում շարժել:
Կրկին տատիկիս ընդհատելով հարցրեցի,
-Տատ, բա ո՞նց իմացաք:
-Դե, համբերի, Նինա ջան, հիմա հասնում եմ հենց այ քո հարցին: Հա՜, մամադ կանչեց հորեղբորդ: Նա եկավ, ձեռքով շոշափեց քո ձեռքը: Հետո զայրանալով ասաց` չե՞ք տեսել, որ Նինայի թևը կոտրվել է:
Մենք բոլորս զարմացել էինք, թե ինչպես կարող է 12 ամսեկան երեխու թևը կոտրվի, ու ինքը չլացի, նույնիսկ չնվնվա՞: Դե, քեզ տարանք Բարիսովկա (ներկայիս՝ Ծղուկ), մեր Արայիկը իր ոսկի ձեռքերով թևը կապեց, ու եկանք տուն:
-Տատ, վերջացրեցի՞ր…
-Հա, վերջացրեցի, այ անհամբեր:
-Տատ, էլի կպատմե՞ս իմ մանկությունից:
-Էհ, Նինա ջան, հիմա մեծացել եմ, ոչ մի բան չեմ հիշում:
Իսկապես: Ե՞րբ անցավ այդ 15 տարին, թե ինչպես կոտրեցի թևս, թե ինչպես մտնելով եկեղեցի, փչեցի բոլոր վառվող մոմերը, թե ինչպես էր ամեն օր կորում իմ ծծակը, թե ինչպես եմ սկսել խոսել: Ինչպես եմ կարողացել գիշերները հանգիստ քնել՝ առանց մորս անուշ քունը խանգարելու…
Ա՜խ, այդ ժամանակները… Եթե միայն կարողանայի մի պահ հետ տալ ժամանակը: