Meri Hakobyan Gagarin

Հայոց դյուցազունները

Հայաստանը սպորտի բնագավառում տասնամյակներ շարունակ գրանցել   է հաջողություններ, որոնցով հպարտացել և հպարտանում ենք մինչ օրս։  Մարզիկները մեր հայրենիքն են ներկայացրել աշխարհին, նրանց հաղթանակներն իսկապես թանկ են և  կարևոր մեզ համար։ Նրանք  մեր ողջ ժողովրդի և հատկապես` երիտասարդ սերնդի  մեծ խանդավառությունը և ոգևորությունն ապահովողներն են։

Սպորտում բազմաթիվ հաջողությունների հասած մարզիկներից  է նաև Արթուր Սաքունցը, որը դարձյալ զարմացրեց իր ֆիզիկական բացառիկ կարողություններով։

Ժամկետային զինծառայող Արթուր Սաքունցը սահմանել է  համաշխարհային ռեկորդ` 1,5 տոննա քաշով մեքենան  6 մետրից ավելի քաշելու համար` շրջանցելով չինացի մարզիկի ռեկորդը։ Սաքունցը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝սահմանելով համաշխարհային ռեկորդի նոր չափանիշ։

Մարզիկը  հարցազրույցի միջոցով  կիսվել է   իր գրանցած հաջողությունների մասին և ոչ միայն:

-Նախ ասեմ, որ սա իմ առաջին ռեկորդը չէր։ Զգացողություններս շատ հաճելի էին, փոքր ինչ նաև զարմացած էի, իսկ ամենակարևորը՝ հպարտություն էի զգում։

-Ո՞ր տարիքում եք արել ձեր առաջին քայլերը։

-Սպորտով զբաղվում եմ 4 տարեկանից, ռեկորդներ սկսել եմ գրանցել 16 տարեկանից։

-Այս բնագավառում ունեցե՞լ եք ձախողումներ և հիասթափություններ։

-Ձախողումներ շատ են եղել, սակայն երբեք չեմ հանձնվել։

-Ո՞րն է ձեր կյանքի կարգախոսը։

-Երբեք չհանձնվել։

-Ի՞նչ է ձեզ համար հայրենասիրությունը։

-Իմ կարծիքով յուրաքանչյուր ոք պիտի լինի հայրենասեր:  Հայրենասիրությունը մարդուն  վճռական է դարձնում: Հայրենասիրությունն այն է, երբ  պատասխանատվություն ես կրում քո երկրի, ժողովրդի հանդեպ։

-Ո՞ր երկրում կուզեիք լինել և ինչո՞ւ։

-Որևէ  նախընտրած երկիր չունեմ, իրականում շատ երկրներում կարող էի լինել, սակայն նախընտրում եմ մնալ իմ երկրում, քանի որ շատ եմ սիրում։ Ինձ համար իմ երկիրն ամենագեղեցիկն է ու ամենաապահովը։

-Ի՞նչ նախասիրություններ ունեք։

-Հիմնականում սպորտով եմ զբաղվում, նաև ազատ ժամանակ սիրում եմ ընթերցել։

-Եթե հնարավորություն ունենայիք ձեր երկրում ինչ-որ բան փոխել, ի՞նչը կլիներ դա։

-Արդարությունը կվերականգնեի։

-Հայկական զինվորական համազգեստը ուժի և տոկունության խորհուրդ ունի, ի՞նչ զգացողություններ ունեք դուք, երբ կրում եք այն։

-Ես հպարտությամբ եմ կրում համազգեստը և մեծ պատասխանատվություն եմ զգում հայրենիքիս հանդեպ։

-Ի՞նչ է ձեզ համար երջանկությունը, համարում եք ձեզ երջանիկ մարդ։

-Եթե ազնիվ ես, ապա երջանիկ ես։ Երբ ընտանիքիդ անդամները  ողջ և առողջ կողքիդ են, ապա դրանից մեծ երջանկություն չի կարող լինել։

-Եվ վերջում, ի՞նչ կցանկանաք մաղթել գալիք  2022 թվականին։

-Մաղթում եմ երկրիս խաղաղություն, սեր և Տիրոջ օրհնությունն ու պաշտպանությունը թող լինի բոլորիս հետ։

Շնորհակալ ենք, սիրելի՛ մարզիկներ, որ  ձեր օրինակով ոգեշնչում եք հազարավոր մարդկանց:

Ի հիշատակ մեր նահատակների

Արարատի մարզի Նարեկ համայնքում տեղի ունեցավ 8 մետր բարձրություն ունեցող խաչի և երկու խաչքարերի տեղադրումը։ Խաչքարերը տեղադրվել են ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մուշ Մհերի Հակոբյանի (Մուշը  զոհվել է  Հադրութում  սեպտեմբերի 30-ին)։ Իսկ մյուս խաչքարը նվիրվում է Շոթա Քաջիկի Բալեյանին, ով անհետ կորել է հոկտեմբերի 17-ից։

Խաչի և խաչքարերի օրհնության սրբազան  արարողությունը կատարեց Մասյացոտնի թեմի Շահումյանի Սուրբ Աստվածածին  եկեղեցու հոգևոր հովիվ  Տեր Դերենիկ քահանա Միքայելյանը։ Սրբազան խաչն օրհնելուց հետո արժանապատիվ քահանան պատգամեց, որպեսզի այն ծառայի  ոչ միայն համայնքի բնակիչներին, այլ նաև ողջ հայությանը։ Խաչի կառուցումը նախաձեռնել էր Նարեկ համայնքի բնակիչ Սարգիս Բալեյանը:

aniharutyunyanarm

Գյուղում հենց այնպես ոչինչ չեն սիրում

- Էս ձմեռը չեմ սիրում, էլի, – հայտարարեց Գևորգը, ու օղի թորելու սարքի մոտ հավաքված ընկերները հավասար շարժումով բարձրացրին գլուխները, զարմացած նայեցին մեկ Գևորգին, մեկ իրար։ Գևորգը, որ վերջին 6 տարում միայն ձմռան իշխանությունն էր ընդունում, հիմա հանկարծ հայտարարում է, որ չի սիրում։

Չսպասեց, որ ընկերները հայացքները բառեր դարձնեն ու առանց այդ էլ բոլորի համար հասկանալի հարցը տան՝ քեզ ի՞նչ եղավ, էդ ինչի՞։ Շարունակեց այնպիսի տոնով, որ թվաց՝ քիչ առաջվա հայտարարության հետ ասելիքն ընդհանրապես կապ չունի.

- Երեկ տղես էր զանգել։ Ասեց՝ չեն գալու էս տարի ձմեռը. գործը շատ ա։

Նույն հավասար շարժումով, ամեն ինչ հասկացածի հոգոցով ընկերները շարունակեցին իրենց գործը. մեկը կրակին էր հետևում, մյուսը օղու աստիճանն էր չափում, երրորդն էլ «զակուսկին» էր շարում սեղանին։ Գևորգը շարունակում էր ծխել ու չսիրել ձմեռը։

Առհասարակ գյուղում ոչ ոք հենց այնպես, ուղղակի իր կամքով ինչ-որ եղանակ չի սիրում։ Ամեն ինչ կապված է եղանակի բերած խնդիրների ու չբերած պտուղների հետ։ Մարդիկ հիմնականում սիրում են գարունը, որովհետև այստեղ գարունը միայն գեղեցիկ խոսքերով չէ, որ ասոցացվում է հույսի հետ: Գյուղացիների համար յուրաքանչյուր գարուն այգիների ծաղկման, հողի բերրիության ու ցրտահարված ծառեր չտեսնելու հույս է:

Ամառն ինչպե՞ս սիրես, երբ դաշտում գործ անելիս պատսպարվելու տեղ չկա, մի ծառ է, այն էլ մի քանի րոպեով սուրճ խմելու համար: Ամառն այնքան էլ չեն սիրում, որովհետև գյուղում սկսում են ապրել այլ ժամային գրաֆիկով. արթնանում են լույսը չբացված` մի քիչ հովին դաշտ գնալու, որ հասցնեն մինչև կեսօր գործն առաջ գցել: Կեսօրից հետո անհնար է. փողոցներում մարդ չես գտնի, բոլորը լրացնում են քունն ու սպասում երեկոյան հովին: Ամառը չեն սիրում երկար օրերի համար, որովհետև որքան ուշ է մթնում, այնքան շատ են գործ անում: Բայց ամառը նաև երբեմն սիրում են. տունը տաքացնելու մասին չեն մտածում, կոմունալները շատ չեն, ու տղամարդիկ ամեն օր ստիպված չեն վառարանի մոխիրը թափել:

Աշնանը գործը որքան շատ է լինում, մարդիկ այնքան գոհ են. չէ՞ որ նշանակում է` բերքն առատ է: Պատրաստ են առանց հանգստի հավաքել դաշտերից, պահածոյացնել, առավոտ կանուխ շուկա գնալ` դատարկ մեքենայով վերադառնալու հույսով: Աշունը սիրում են, երբ ամեն ինչ ըստ ցանկության է դասավորվում, ու մարդիկ պատրաստվում են ձմռանը` վաստակած հանգստին: Պատրաստվում ու վառելիք են գնում, խոպանից տղաներին ու թոռներին են սպասում, ու ձմեռը չեն սիրում, եթե նրանք որոշում են չգալ…

seyrannor

Ոչ ոք չի կարող փակել այն դուռը, որն Աստված է բացել ձեզ համար

Սիրելի կարդացող ու չկարդացող,

Ի՞նչ տվեց քեզ տարին ու ի՞նչ ստացար։

Ինձ համար դրանք ուղղակի թվեր են, որ ամեն անգամ ավելանում են ու դրան զուգահեռ ավելանում են մեր ուրախությունները, տխրությունները, հոգսերը, մտածմունքները, երջանիկ պահերը, հույսերը։ Թվերը ավելանում են, ու մենք միշտ հենց տարին փոխվելուց ենք փորձում նոր բան անել, փոխվել դեպի լավը, բարին, նպատակներ դնել կապված գալիք տարվա հետ, մինչդեռ կարող ենք դա անել ամեն օր, ամեն վայրկյան։

Մարդիկ միշտ կյանքը կապում են թվերի հետ, երբ թվերը «գոլդ» են, ուրեմն շատ հիասքանչ է ամեն ինչ։

Թվերը ոչ մի նշանակություն չունեն մեր կյանքում. մեր կյանքում նշանակություն ունեն, թե մենք ինչ ենք անում դեպի լավը հասնելու համար, ինչ ենք անում, որ հասնենք մեր նպատակներին։

Թող գալիք օրերը քեզ համար լինեն կողմնորոշման ու հասանելիության նպատակների ու նոր քայլերի, սիրելու ու սիրված լինելու, հոգ տանելու ու հարգված լինելու, օգնելու ու օգտակար լինելու, գտնելու ու երբեք չկորցնելու, խաղաղ մնալու օրեր։

Եկեք հիշենք, որ ոչ ոք չի կարող փակել այն դուռը, որն Աստված է բացել ձեզ համար։

Աստված թող բոլորիս առողջ ու խելամիտ պահի։

Tsovinar Galstyan

Մեր օրերի Ձմեռ պապը

Մայթերի սառեցնող անհայտության մեջ նա վազում էր, քարացած էր սառած մայթերի ու սառած օրերի միախառնումից…

Եսակորուստ օրերից նա քաղել էր մի փունջ բարիք…Դու ես քո օրը, տարիները գույներով լցնողը, բայց կան գույներ էլ, որ գալիս են ու լցվում քո կյանք անկախ քո ցանկություններից: Դրանք քեզ կփորձեն ծնկի բերել, թուլացնել, թևաթափ անել, բայց քո պարտականությունն է` դրանց անէացնել…

Նա խոսում էր, քայլում, մտածում, ու մեկ էլ հասկացավ, որ սառնագույն օրերն  ու ցրտից քարացած մայթերը ջերմացնում են: Երջանկությունն էր…

Մեզ դեռ փոքր տարիքից սովորեցնում են հավատալ ու սպասել Ձմեռ պապիկին, ու մենք սպասում ենք՝ հավատալով, որ գալու է դեկտեմբերի 31-ի գիշերը, ու մեր երազանքները կատարված կլինեն, մինչև առավոտյան կզարթնենք:

Մենք սովորում ենք հավատալ հրաշքների ու սպասում ենք դեկտեմբերի 31֊ի գիշերվան, որ առավոտ, երբ զարթնենք, հրաշքները կատարված լինեն:

Մեզ չեն սովորեցնում սովորել, մեզ չեն սովորեցնում հարգել, երևի  արժեքներ են, որոնք ոչ մի Ձմեռ պապ չի բերի ու չի տա:

Մենք մինչև հիմա սպասում ու երազում ենք` դրա համար իրական ոչ մի քայլ չանելով: Մենք պիտի  հասկանանք, որ հրաշքներն ու երազանքները կատարվում են, երբ հավատալուց զատ քայլեր ենք անում:

Ձմեռ պապիկը մեր ներսում է թաքնված, ու նա ամեն օր է մեզ պարգևելու հրաշքներ ու երջանկություն,երբ  մենք ինքներս սկսենք հավատալ:

Ես հավատում եմ հրաշքներին, հավատում եմ, որ մենք բժշկվելու ենք, որ ոտքի ենք կանգնելու ու քայլելու ենք առաջ։

Hayarpi Asatryan 2

Սպիտակ թղթեր են հարկավոր

Սպիտակ թղթեր են հարկավոր և հաճելի մի նոր սկիզբ, հներն արդեն հոգնել են գրչահարվածներից, հներն արդեն պատրաստ են դարսվել դարակում․ դրանք արդեն լցված են անցած օրերի դառն ու քաղցր հուշերով: Ալեկոծվող արցունքներից մինչև խելապակաս ժպիտներով են թաթախված թղթերը այդ…

Թղթեր կան, որոնք սրտիս մորմոքն են, սրտիս մեջ խոցված արնաքամ անող 44 այն սուր դաշույնն են, որ մխրճվել են` հավերժ մնալու, այնտեղից երբեք դուրս չգալու մտադրությամբ։

Մի տեղ գրված է, թե կորցնում եմ․․․  Իսկ այն թղթերը, ա՜խ, այն թղթերը, որտեղ գրված են փոքրիկ քայլերը մեծ նպատակի։ Վերելքների ու վայրէջքների, համառորեն պայքարելու ու չհանձնվելու մասին այնքան թղթեր են կուտակվել։ Թերևս այսօր որոշել եմ  դրանք դնել դարակում, ժամեր հետո 365 նոր ու  ճերմակ թղթեր եմ ունենալու, 365 նոր շանս` երջանիկ լինելու համար: 365 ու ավելի հնարավորություն` հարազատ մարդկանց կողքին լինելու, ժպտալու, շնորհակալություն հայտնելու կյանքին ամեն բացվող  օրվա համար։ Իսկ հաճելի սկզբի լավագույն ակնարկը պարզապես ժպտալն է:

Եկեք ընդունենք կյանքի մարտահրավերները, դրանք օգտագործենք  մեկ քայլ ավելի բարձրանալու համար։ Եվ հիշենք՝ ոչինչ հենց այնպես չի լինում։

Նոր սկիզբը նոր հնարավորություն է, պետք չէ բաց թողնել այն։

Mariam Shanazaryan

«Ես արդեն մի քիչ մեծացել եմ, մայրի՛կ»

Ոտքիս ծայրին թե կանգնեմ,

Մեծ սեղանին կհասնեմ․․․

Ոտքիս ծայրին կանգնելով շատ բաներ արել ու փորձում եմ անել ամեն օր, ինչպես սովորական մարդիկ, ինչպես դու, սիրելի՛ ընթերցող։ Սա կարծես փոքրիկ բաց նամակ է ուղղված մայրիկին․ նա կընդունի՞ արդյոք ընտրածս վերնագիրը՝ չգիտեմ, բայց կարելի է ընդունել, որ մի քիչ մեծանալը անցավ աչքս թարթելուն զուգահեռ։ Չէի ուզի այսքան շուտ հասկանալ, որ օրվա ժամանակը չի հերիքում մեզ, չէի ուզի այսքան շուտ հասկանալ, որ կան բաներ, որոնք կարող են շրջադարձային լինել, փոխել մեզ ու մի քիչ էլ հիասթափեցնել։

-Մայրի՛կ, մի՞թե դու գիտես ժամանակի՝ այսքան արագ թռչելու գաղտինքը, ասա՛ ինձ։

Ինչքան էլ փորձեմ քեզնից պատասխան կորզել, մեկ է, դու էլ չես իմանա, ի՞նչ իմանաս, դու մեծանում ես, մենք էլ վազում ենք ետևիցդ։
Տուն, շենք, փողոց, ճանապարհ, ոչինչ էլ ինձ արդեն այստեղ, քաղաքի այս խառնաշփոթ իրարանցման, մարդկանց՝ դիմակի տակ թաքնված «պերճ» դեմքերի մեջ չի զարմացնում։

Մի ժամանակ պատերազմ չտեսած սերունդը պատերազմի մասնակից է դառնում ամեն օր ու վայրկյան։ Մեր պատերազմն առաջինը հողի ու ջրի համար է, հետո՝ համաճարակի դեմ, հետո՝ առցանց-առերես, դասի գնալ-չգնալու, երբ համակարգիչն ասում է` stop: Հանդիպումն ավարտվեց, ասելիքդ պահիր մյուս դասաժամի համար, հետո, հետո․․․

Անվերջ շարան, չասված մտքեր, հետադարձ կապի բացակայություն։ Ու ի՞նչ։ Կռիվ եմ տալիս ես էլ․ մի քիչ մեծ եմ, չէ՞, դե։ Ամեն քայլափոխի ընտրության առաջ ենք կանգնում, և թե որն է ճիշտ մեր ընտրածների մեջ, մենք էլ չենք հասկանում։ Ապրում ենք այնպիսի մի իրականության մեջ, ուր կատարվում են բաներ, որոնք հանդիպում ենք մեր կարդացած գրքերից վերջիններում, որովհետև կյանքը մի տեսակ լցվել է անհավանական երևույթներով ու իրադրություններով։ Կան բաներ էլ, որոնք կուզեինք գրքի մեջ եղածի պես լիներ․ ազատություն, անկեղծ խոստովանություն, ավարտ։

Երեկ թեյում էինք տանը։ Աշուն էր, մեկի համար տերյանական, մյուսի համար` նյարդայնացնող, հաջորդի համար՝ վերջինը։ Այսօր արդեն մեկն է այն ձմեռներից, որին սպասում եմ միշտ, որովհետև գալու եմ քեզ մոտ, սիրելի՛ս։

Կգրկենք իրար, կուրախանանք, և ես այդ պահին ավելի ուժեղ կլինեմ․ձեռքերիս մեջ դու ես, ոտքերիս տակ` հայրենի հողը, որի համար դողում ենք, և որի համար պիտի էլ ավելի ուժեղանանք․ թույլ սրտով այն չես պահի երբեք էլ։

Վերջերս ավելի ինքնավստահ ենք դարձել, ավելի բաց ու լայն ճակատով ենք նայում ամենուր ու ամենքին, և դա էլ կարելի է համարել հետևանքն այն իրականության, որին բախվել ենք մենք՝ անվերջ պայքարող, անվերջ երազող, հույսով սպասող։

Մեկ-մեկ պատահում է այնպես, որ մոռանում եմ շուրջս կատարվող ամեն բան, կատակում եմ չափից շատ, խոսում դասերին ու դիտողություն ստանում կողքիս նստողին Սյունիքից Երևան ամբողջ լուրերը պատմելու պատճառով։ Մի քիչ մեծ լինելս չի ստիպում մոռանալ դպրոցից ժառանգած այդ «ավանդույթը»։

Նամակի ուղղությունը՝ հարավ։

Կընդունի՞ արդյոք ընտրածս վերնագիրը՝ չգիտեմ։

Հայրենիքի նվիրյալ Արման Ղուլյան

Քառասունչորսօրյա պատերազմի հերոսներից մեկն է Արման Հովիկի Ղուլյանը։ Ծնվել է 2002 թվականի հունվարի 2-ին Լոռու մարզի Օձուն գյուղում։ Սովորել է Ալավերդի քաղաքի  Սայաթ-Նովայի անվան թիվ 8 դպրոցում։ Երբ Արմանին հարցնում էին, թե ինչ է դառնալու, պատասխանում էր` գիտնական…

Երևանի ճարտարապետության և շինարարության համալսարանում մեկ տարի սովորելուց հետո 2020 թվականի օգոստոսի 11- ին մեկնում է պարտադիր զինվորական ծառայության։ Ծառայել է ամենայն պատասխանատվությամբ և սիրով։ Քառասունյոթ օրվա զինծառայող է եղել, երբ սկսվել է
Պատերազմը։ Հոկտեմբերի 25-26-ին տեղափոխել են Սղնախ գյուղ։ Վերջին հեռախոսազանգը եղել է հոկտեմբերի 27-ին։

Հինգ ամիս Ղուլյանների ընտանիքը համոզված էր, որ Արմանը գտնվում է գերեվարության մեջ, քանի որ երեք անգամ որոնողական աշխատանքներ են տեղի ունեցել, և Արմանին չեն գտել, չորրորդ որոնողական աշխատանքների ընթացքում գտնվել է Արմանի զրահաբաճկոնն ու գոտին, և ավաղ, մարտի 29-ին գտնվել է մարտիրոսված Արմանը։

-Չգիտեմ, այդ մեկ ամիսը ինչերի՞ միջով է անցել լույսս, բայց ինձ հետ միշտ խոսեց խիզախ ձայնով, կոտրված չեմ լսել ձայնը: Ես չեմ իմացել, որ ուժեղ տղա ունեմ,-պատմում է Արմանի մայրը` տիկին Հերմինեն,- շատ «թափանցիկ» էր, հոգատար, բարի: Դպրոցից բացակայելու հասկացողություն չկար: Ընկերներից մեկ տարի փոքր էր, բայց իրենցից լավ էր սովորում դպրոցում: Դպրոցական տարիներին նկարչության ու պարի է հաճախել, հինգ տարի էլ` ըմբշամարտի: Շատ ընկերասեր էր, իր ընկերների ուրախությունն էր։ Սիրում էր քրոջը սրտահան անել։ Մարթաս սիրում է մեծ ուշադրություն, և այդ պատճառով միշտ հոգու հետ էր խաղում ու վերջում ծիծաղում։ Հենց տեսնում էր քույրը զբաղված է, գալիս էր կողքիս նստում ու սկսում.
-Մամա՜ ջան, դու իմ մաման ես, մենակ ինձ ես սիրում, ես եմ նստել մամայիս կողքին, արի գրկեմ քեզ,- ու աչքի ծայրով նայում քրոջ արձագանքին, այնքան էր անում, մինչև Մարթաս լաց լինի, ու քահ-քահ ծիծաղում  էր Մարթայի մանկական միամտության վրա։ Դրսից ներս մտնող լույսս չմարեր, ու պատերի ջերմությունը չպակասեր։ Զարդերն ու՞մ են պետք, երբ տունդ ջերմացնող զարդին ես փնտրում`անվերջ ու ամենուր…

Արմանը ամփոփված է հայրենի Օձուն գյուղում։

Հավերժ փառք ու խոնարհում հերոս Արման Հովիկի Ղուլյանին։

Նախատոնական

Նոր տարվա սպասելիքներով,  քննական ծանրաբեռնվածությունից մի կերպ ազատված՝ վերջապես ժամանակ գտա երկու խոսքով ցույց տալու ընկերուհուս՝ Մարիամի ընտանեկան հավաքույթ-նախապատրաստումը գալիք տոներին, որն այնքան տպավորել էր ինձ։

Այդ օրը նա փոքր ինչ անհանգիստ էր, որովհետև ուզում էր և տնային գործերն ավարտել, և դասերը սովորել, և բաց չթողնել սպասված օրվա հետաքրքիր պահերը.

-Հեսա բոլորը հավաքվելու են մեր տուն։

Մեզ մոտ՝ Գավառում, այդ օրերին բոլորը հավաքվում են հիմնականում փախլավա պատրաստելիս, բայց երբ նրան հարցուփորձ արեցի, պարզվեց, որ բանն այլ է.

-Հատկապես սուջուխի (շարոցի) պատրաստումը մեր ընտանիքում մեծ արարողակարգ է,-պատմեց Մարիամը՝ թելած ասեղով ծակելով ընկույզների «փորիկները»,- Ամեն տարի այս օրերին, առավոտյան մաման նախապատրաստում է համեմունքների կապոցը և հետո դրանով խյուսը պատրաստում։ Այդ ընթացքում ես, քույրերս շարեր ենք անում, մինչև գալիս են տատիկը, մեծ քույրս իր ընտանիքով, հարևանները, և ընդհանրապես` ով պատահի։

Մի պահ դադար տալով՝ Մարիամը սկուտեղներ ու ափսեներ բերեց կողքի սենյակից և շարունակեց իր պատմությունը.

-Երբ շփոթը պատրաստ է լինում, մենք նախ տաք-տաք համտեսում ենք ու համի մասին կարծիքներ ասում,- ասաց նա ու մի ափսե տաք շփոթ ու ընկույզ հյուրասիրեց ինձ,- տատիկին միշտ համը չի գոհացնում, բայց մենք հավանում ենք։

Այնուհետև Մարիամի մայրն սկսեց շարերը թաթախել շփոթի մեջ ու կախել։

-Դե իհարկե, արդեն պատրաստի կախված շարերից մեկը պարտադիր պոկվում-ընկնում է,-հերթական շարոցի պոկվելու ժամանակ ծիծաղեց Մարիամն ու սկուտեղը ձեռքս տալով՝ հայտարարեց,- սա ամենազվարճալի պահն է։ Լավ խաղ է, արի խաղանք։ Պետք է այնպես անենք, որ գետնին չկաթկթի։

Ու մենք սկսեցինք սկուտեղները ձեռքներիս վազվզել կախված երկարուկ շարերի միջով։

Երբ ամեն բան պատրաստ էր, և հարևաններին հյուրասիրելու համար շփոթով լի մի-մի աման ձեռքներիս փողոց դուրս եկանք, Մարիամը չարաճճի ժպիտով մի բան փսփսաց.

-Գիտե՞ս, մի հետաքրքիր բան էլ կա։ Տատիկս միշտ ասում է, որ իրենն ավելի համով էր ստացվել,-մի պահ լիաթոք ծիծաղում է ու ավելացնում,- չնայած իր բաժինն էլ է մաման սարքում։

Էս էլ մեր շարոցների փոքրիկ, համեղ պատմությունը։ Սիրտներդ ուզեց, չէ՞։