
Լուսանկարը՝ Նարե Հարությունյանի
Նկարահանումների ուղևորվող մեր միկրոավտոբուսը հասավ Մարտունի քաղաք: Բաժանվելով խմբերի՝ մեր խումբը շարժվեց զոհված ազատամարտիկ Տիգրան Աբրահամյանի ծնողների տուն: Երբ մտանք տուն, միանգամից զգացվեց, որ ազատամարտիկի տուն է, որովհետև սենյակի մի անկյունում տեղադրված էր Տիգրան Աբրահամյանի նկարը, լուսանկարների ֆոտոալբոմը, իրեն պատկանող ծաղկամանը, որդու լուսանկարը:
-Իմ Տիգրանը, չեմ չափազանցում, շատ խելացի էր: Մի ամսվա ընթացքում կարող էր յուրացնել մեկ լեզու, գաղափար ուներ ամեն ինչից: Գիտեր նվագել ակորդեոն, դաշնամուր, կիթառ,- պատմում էր մայրը:
Այնուհետև մենք իմացանք, որ զավակի մահից 22 տարի հետո ակորդեոնի տուփը չէր բացվել, բայց այսօր բացվեց: Մայրը նաև ասաց.
-Ես չեմ իմացել, որ իմ որդին կամավոր էր գրվել և գնացել պատերազմ: Ուշացումով իմանալով, հարցրեցի «Ա՜յ, տղա՛, ո՞ւր ես գնում»: «Ես չգնամ, դու չգնաս, նա չգնա, բա ո՞վ գնա»,- պատասխանեց որդիս:
Մենք հետաքրքրվեցինք նաև որդու ընտանիքից։
-Տղաս, որ գնաց պատերազմ, կինը 6 ամսական հղի էր: Թոռս չի տեսել իր հորը և իսկական հոր կտորն է՝ հայրենասեր, խելացի, մասնագիտությամբ էլ բժիշկ:
Երբ մայրը չցանկացավ այլևս խոսել և դուրս եկավ, հայրը մեզ թաքուն պատմեց.
-Ես իմ որդուս որոշմանը միշտ համաձայն եմ եղել, թոռս էլ լցված է վրեժխնդրությամբ, և եթե նորից պատերազմ լինի, և թոռս՝ Գոռը, ցանկանա գնալ՝ ես կթողնեմ:
Մենք շատ էինք հուզվել:
Աբրահամյանների ընտանիքի յուրաքանչյուր անդամ յուրովի էր հայրենասեր: Վերադարձանք ճամբար` իմաստուն մայրիկի խելացի խոսքերը մեր սրտում պահած:
Նարե Հարությունյան
***
Արդեն երրորդ օրն էր ճամբարում: Պիտի գնայինք նկարահանումների: Մի քանի ֆիլմի առաջարկներ կային: Ուզում էի քարաքոսներով աշխատող նկարչի մասին պատմող ֆիլմի նկարահանումներին լինել, բայց այնպես ստացվեց, որ հայրենասիրության ու հայրենիքին ինքնազոհ եղած Տիգրան Աբրահամյանի մասին պատմող ֆիլմի նկարահանումներին գնացի: Գնացել էինք Մարտունի՝ նրա ծնողների տուն: Չգիտեմ էլ անգամ ինչպես սկսել այս տխուր-ուրախ հանդիպման պատմությունը: Հիմա ուզում եմ այնպես շարել հույզերս այս պատմության շղթայի վրա, որ այն կարդացողներն էլ գոնե ինչ-որ չափով զգացածս զգան:
Երբ հարցեր էինք կազմում, այնքան դժվար էր. պիտի փորձեինք հնարավորինս չհուզել նրանց մեր հարցերով: Երբ հասանք նրանց թաղամաս ու դռան զանգը տվեցինք, ինձ թվում էր, թե դուռը կբացեն շատ ծեր ու կյանքի հանդեպ վրեժխնդիր դարձած տատիկ-պապիկ: Մի վայրկյան հետո երկու բարի դեմք մեզ ներս հրավիրեցին: Ու ինչքան լավն էին…
Աստվա՜ծ իմ, ինչքան սեր, կուռ նվիրվածություն ու հայրենասիրություն կար իրենց փոքրիկ տան մեջ, իրենց կարոտի ու կորուստի, իրենց ափսոսանքի ու ինչ-որ տեղ հպարտության աշխարհում: Ինձ համակել է մի այնպիսի զգացում, որ գնացի, զրուցեցի ու ապրեցի այդ մի քանի ժամը նրանց հետ:
Սկսվեցին մեր հարցերը: Երբ առաջին հարցը պիտի տայի, ձայնս խզվել էր, դողում էի այն մեծ գիտակցումից, որ պատասխանատու եմ նաև պատասխանի ու արթնացող որդեկորույս վշտի համար: Դե, հա, մեր զրույցը ծանր էր: Ամեն անգամ, երբ մի նոր հարց էի տալիս, խորը շունչ էի քաշում, որ ոչ մի բառ բաց չթողնեմ, որ չսկսեմ…
Տիկին Անահիտը՝ Տիգրան Աբրահամյանի մայրը, ուժեղ, կիրթ ու հարուստ ներաշխարհի տեր այդ կինը, անընդհատ հուզվում էր, ու մեզ մեղավոր էինք զգում նրա աչքերում թախիծ արթնացնելու համար: Ինքն ու իր ամուսինը սրտիս են կապվել ամուր թելերով ու երեկվանից մտքումս են այդ ուժեղ, բայց, միաժամանակ, չափազանց փխրուն ու դյուրազգաց կերպարները: Ամբողջ ժամանակ փորձում էի ինձ պինդ պահել, բայց տիկին Անահիտի` «Սա էլ մենք ենք ամուսիններով, որ ոչինչ չմնաց մեզանից» նախադասությունը, միանգամից սիրտս լցվեց ու չդիմացա: Սենյակում անարև լռություն տիրեց, ու արցունքի կարոտով լցված կաթիլները տիկին Անահիտի քնքուշ այտերը գրկեցին: Հիմա գրում ու մտածում եմ, որ ապրումներ կան, որ մեզ հաղթում են ու մեզնից ուժեղ են, որ մեզ կիսում ու թևատում են: Երբ տիկին Անահիտն ասաց. «է՜հ, էրեխեք ջան, մենք ապրում ենք վիշտ»,-մնում էր միայն ասել. «Կյանքը թող շարունակվի»:
Եվ, իրոք, կյանքը թող շարունակվի՝ կենդանի պահելով սրտի բոլոր սերերը, կորցրած երազները՝ մեղմացնելով կորստի բոլոր ցավերը…
Շուշան Ստեփանյան
Ճամբարի օրակարգում կար մի կետ` ֆիլմերի գաղափարների քննարկում: Քննարկման ժամանակ առաջարկ եղավ ֆիլմ նկարել Մարտունում ապրող նկարիչ Սպարտակ Հայրապետյանի մասին, ով նկարում է քարաքոսներով:
Նորից ընտրության առաջ էինք. այս անգամ պետք է ֆիլմի նկարահանման թեմաները ընտրենք, իսկ թեմաները մեկը մյուսից հետաքրքիր էին: Մի կողմից` ձիարշավարան (ձիերը իմ տարերքն են, իսկ նրանց մասին ֆիլմի նկարահանման մասնակցելը` երազանք), հաջորդը զոհված ազատամարտիկի` Տիգրան Աբրահամյանի ընտանիքի մասին ֆիլմն էր, երրորդը` յուրահատուկ նկարչի` Սպարտակ Հայրապետյանի մասին էր, ով իր նկարները ստեղծում է քարաքոսներով:
Սեյրանի համառ պնդումներն իմ մտորումների պատճառը դարձան: Ամբողջ օրվա ընթացքում միտքս զբաղված էր Գավառի ու Մարտունու կարտոֆիլներով, Գավառին հատուկ ճաշատեսակներում և հնուց եկած սովորույթներում փռի մասին գրված հատվածներ որոնելով կամ մտաբերել փորձելով:
Փռի կարտոֆիլն իսկապես շատ համեղ էր:
Երկրորդ օրն էր, ինչ արդեն ճամբարում էինք: Ահա և նստած էինք ամենասպասված դասաժամին՝ կինոյին: Քննարկում էինք նախորդ օրվա առաջարկված թեմաները, որոնցով ֆիլմեր էին նկարահանվելու: Ճամբարի մասնակիցներով առաջարկել էինք 30 ամենատարբեր գաղափարներ: Մի քանի գաղափարներ դուրս մնացին ցուցակից՝ եղանակի պատճառով: Մոռացա նշել, որ Սևանի «զեփյուռիկը» ամբողջ օրը ոռնում էր պատուհանների տակ, էլ չխոսեմ` անձրևների և հնարավոր ձյան մասին: Այնուհետև մեզ բացատրեցին, որ որոշակի գաղափարներ ավելի ճիշտ կլինի ներկայացնել գրելով, ֆոտոշարքով, քան ֆիլմ նկարելով: Դե այդ փաստն էլ հաշվի առնելով, ևս մի քանի ապագա ֆիլմեր հանեցինք շարքից: պարզապես այնքան հեռու վայրերում էին, որ որոշեցինք ճամբարից հետո նկարել: Արդյունքում մնացին 16 ֆիլմերի գաղափարներ, որոնցից վերևի հորիզոնականներում էին «Սոֆիայի պապիկը» և «Ձիարշավարան» թեմաներով ֆիլմերի գաղափարները: Պարզվեց, որ բոլորը շատ-շատ են սիրում Սոֆիայի պապիկին, չնայած որ նրան չեն էլ ճանաչում: Սոֆիայի պապիկը 93 տարեկան է, նախկինում Գագարին ավանի դպրոցի տնօրենն է եղել, Հայրենական պատերազմի մասնակից ու ինչպես Սոֆիան էր հավաստիացնում, պարզապես շատ հետաքրքիր զրուցակից: Իսկ Մարտունու ձիարշավարան գնալ ցանկանում էին անխտիր բոլորը: Այս երկու գաղափարներից բացի բարձր ձայներ էր հավաքել արտագնա աշխատանքի վերաբերյալ թեման: Դե գաղտնիք չէ, որ հատկապես Գեղարքունիքի մարզում տղամարդիկ արտագնա աշխատանքի են մեկնում, և տան տղամարդու և կնոջ հոգսերը ծանրանում են կանանց ուսերին: Մենք պետք է Լճափ գյուղում նկարենք այդ ֆիլմը, մեր թղթակից Դիանան ասաց, որ կարելի է մայրիկին նկարել, որը հենց այս օրերին գնել է վառարանի փայտը և պետք է կոտրի, վառարանը տեղադրի: Սակայն Դիանայի մայրիկը իր համաձայնությունը դեռևս չի տվել:
Շատերին հետաքրքրեց նաև հովիվերի մասին ֆիլմ նկարելու Ներքին Գետաշեն գյուղի Անուշի գաղափարը: Իրենց գյուղի հոտերը մի քանի հովիվ պահում են սարերում: Այս տարի արջերը հարձակվել էին հոտի վրա ու գյուղացիներից մի քանիսի կովերը սատկացրել: Հովիվները ստիպված են փոխհատուցել վնասը, և մենք ուզում էինք թե իրենց նկարել, թե գյուղացիներին: Ցավոք սրտի, մի քանի զանգից հետո պարզեցինք, որ հենց այդ օրը հովիվներն իջել են սարերից:
