gayane avagyan

Ախ, այդ թեյնիկի ձայնը, որը խանգարում էր երազել…

Ասում են` երազներով ապրել չի կարելի: Բայց առանց երազների էլ կյանքը անհետաքրքիր կլինի:

Ինչպես ամեն երեկո, այսօր էլ նստած եմ իմ սենյակում`գրասեղանիս առաջ, ականջակալներս ականջներիս  ու տեղափոխվել եմ ապագա: Նույնիսկ մոռացել եմ, որ թեյնիկը գազի վրա է, ու հիմա ուր որ է` կեռա: Մերոնք էլ հյուր են գնացել. ես ու քույրս ենք տանը: Դե, պարզ է, քույրս ֆիլմ է դիտում ու դժվար թե ֆիլմը թողներ ու թեյնիկին նայեր: Ես էլ սովորությանս համաձայն, մոռացել եմ, որ թեյ եմ պատրաստելու: Մինչ թեյնիկը եռում է, ես մրսելով  թափառում եմ փողոցներով: Երեկո է, փողոցները լուսավորվում են  լապտերների թեթև լույսով: Անձրև է գալիս, ես էլ մրսում եմ ու դողացնում: Նստել եմ նստարանին ու շուրջս եմ նայում:

Ամեն ինչ անծանոթ է: Չէ, սա իմ Աբովյանը չէ, քաղաքիս ծանոթ դեմքերն էլ չկան: Կարծես թե ես միայնակ եմ այս տարօրինակ վայրում ու  «Բիթլզ» եմ լսում: «Բիթլզ», անձրև, մենություն ու ես. կատարյալ պահ: Հանկարծ ոտնաձայներ լսեցի: Մինչ ես ուշադիր շուրջս եմ նայում, ինչ-որ մեկի  հագուստը` կոստյումը,  ինձ ջերմորեն տաքացրեց: Ես շրջվեցի, որ տեսնեմ, թե ով է այդ բարին: Հանկարծ երաժշտությունս ավարտվեց, ու մի ձայն հնչեց ականջներումս: Մտածեցի` քամու ձայնն է, բայց ոչ, ներկան է կանչում ինձ:

Ախ, այդ թեյնիկի ձայնը, որ խանգարում էր երազել…

«Երիտասարդները հանուն խաղաղության» երիտասարդական ճամբարը մեկնարկել է

Տանը համարյա չլինելով ու էստեղ-էնտեղ տարբեր ծրագրերով գնալ-գալուց մի քիչ հոգնած, մեկ-մեկ գլուխս դնում եմ բարձին ու ինքս ինձ հարց տալիս.

-Լավ, Լուս ջան, դու ե՞րբ ես հանգստանալու:

Հետո հիշում եմ, որ ամառը սկսելուց առաջ ես նպատակ էի դրել, որ հնարավորինս շատ ծրագրերի մասնակցեմ ու գերհագեցած անց կացնեմ ամառս: Ամառը չհանգստանալը, կամ սիրած գործով զբաղված լինելով ինքդ քեզ հանգստացնելը, իր մեջ մեծ փիլիսոփայություն է պարունակում: Ակադեմիական գիտելիքների մեծ մասը համալսարանում, դպրոցում դու ստանում ես ստիպված: Ու ինչպես մնացած ստիպված բաները, էնպես էլ վերոնշյալ գիտելիքը, ունենում է նույն ճակատագիրը, ինչը, օրինակ, կարող էր ունենալ տարբեր հնարքներով գեղեցիկ ծալծլած անձեռոցիկը: Աշխատում-աշխատում ես, ջանքեր ես գործի դնում, ուզում ես ավելի լավ արդյունք ունենալ. ավելի լավ արդյունք, ավելի շատ ջանք, ավելի շատ ջանք, ավելի շատ իզուր ծախսած ժամանակ: Ու հետո, այ, հետո, մենք էդ անձեռոցիկը ուղղակի մի կողմ ենք շպրում, շատ հաճախ անձեռոցիկ լինելով հանդերձ, որպես անձեռոցիկ էդ արվեստի գործը չենք օգտագործում: Ու եթե մտքիդ կա ինքդ քեզ զարգացնելու, սովորելու, հող նախապատրաստելու` «մատով ցույց տալու» մարդ դառնալու համար (եթե ոչ գոնե հասարակության լայն հատվածի համար, ապա գոնե թոռներիդ համար կարելի է), ամառները ամենանպատակահարմար միջոցն է նպատակիդ հասնելու համար: Մի քանի տարի առաջ ես որոշեցի, որ հետ այդու ես ամառներս չեմ վատնելու կամ գոնե չեմ բավարարվելու միայն գրքեր կարդալով: Ես էդպիսի պայմանագիր ունեմ` կնքված ինքս ինձ հետ: Ծրագրերի ընդմիջման ընթացքում մի օր տուն կհասնեմ, կգտնեմ էդ պայմանագիրը (հուսով եմ տանեցիները տունը մաքրելիս դեն չեն նետել), տարին ու օրը ճշգրիտ կասեմ: Բայց էսօր ես ուզում եմ իմ ամենաառաջին ծրագրի մասին պատմել, որին մասնակցել եմ, ու որից սկսվել են իմ զբաղված ամառները, նաև աշունները, գարունները ու ձմեռները: Իմ ամենաառաջին ծրագիրը Խաղաղության ճամբար էր`կազմակերպված «Սյունիք- Զարգացում» ՀԿ-ի կողմից: Երբ ինքս մասնակցեցի, բավականին փոքր էի, բավականին շատ խնդիրների եմ հանդիպել էդ ընթացքում: Շատ դժվարությունների եմ հանդիպել, որոնց վրա սկսել եմ սովորել: Հավատացեք, դժվար է կրթությունը մենակ ֆորմալին սովորեցրած մտածելակերպով հարմարվել ու սովորել մի վայրում, որտեղ դասերը անց են կացվում աստիճաններին նստած, որտեղ նկարում ենք մեր պատմությունը, որտեղ խաղերի միջոցով փորձում ես ընկերանալ ու ընկերությունդ ամրապնդել: Այն էլ` ռուսերենով, այն էլ` վրացիների հետ: Ես չէի հիշի էս ամենը հիշողության գերլարման պարագայում անգամ, եթե չլինեի հիմա նույն տեղում, բայց այս անգամ արդեն ոչ մասնակից: Չէի հիշի, եթե չլսեի ինչ են խոսում հայ մասնակիցները, կամ ինչպես ես փորձում բացատրել մի բանը մեկ այլ ազգի մասնակցի, ով քեզ պես ռուսերենից կաղում է: Ու էդպես մի խոսակցությունը, որ մողեսի մասին է, դառնում է առակ ճանճի մասին: Իմ ամենաառաջին ծրագրից մինչև հիմա իսկապես երկար ժամանակ է անցել: Որպես լրագրող այստեղ հայտնվելը բացի հիշողություններ արթնացնելուց, մեծ պատասխանատվության է ենթարկում նաև: Երբ աճդ զգացնել է տալիս, այս նվաճումդ էլ դիտակում ես որպես շնորհակալություն` ինքդ քեզ գտնելու կամ ավելի ճիշտ չկորցնելու համար:

Լուսանկարը՝ Լուսինե Կարապետյանի

Լուսանկարը՝ Լուսինե Կարապետյանի

Երբ ինքս էի որպես մասնակից, ծրագիրը չէր կոչվում այնպես, ինչպես հիմա է, բայց նպատակը նույնն էր. «Ճամբարներ հանուն Հարավային Կովկասի խաղաղության»: Ինձպեսները, ովքեր մասնակցել են ծրագրի ամենաառաջին ճամբարներին, դժվար հիշեն, թե ինչ են սովորել ու զգացել 21 տարի առաջ: Ժամանակին ընկեր Նառա, իսկ այսօր արդեն ծրագրի ղեկավար Նաիրա Հարությունյանի հետ ունեցած մեր զրույցից հասկացա, որ ծրագիրը գործում է 1995 թվականից ի վեր: Սկզբում այն նախատեսված է եղել միայն Արցախյան պատերազմի մասնակիցների երեխաների, հետո ավելի մեծ շրջանակներ է ընդգրկել` ընդհուպ մինչև ազգային փոքրմասնությունների ներկայացուցիչներ: Ճամբարը «Սիրանույշ» է կոչվում այն բարերար կնոջ անունով, ով ֆինանսավորել է ճամբարի կառուցումը, իսկ ճամբարների հովանավորությունն ի սկզբանե իր վրա է վերցրել Սյունյաց թեմը: Ճամբարները երկուսն են` Հայաստանում և Վրաստանում` համապատասխանաբար` «Սյունիք-Զարգացում» և «Լազարուս» հասարակական կազմակերպություններն են իրագործում: Չգիտեմ հիմա ինչքանով է իրատեսական կասեմ, բայց գուցե ես ինքս էլ մի քանի տարի հետո լինեմ այստեղ դասընթացավար և ջոկատավար, ինչպես 12 երիտասարդները, որոնք հիմա իրենց պատասխանատվության տակ են առել 60 մասնակցի:

Լուսանկարը՝ Լուսինե Կարապետյանի

Լուսանկարը՝ Լուսինե Կարապետյանի

Գրելու ընթացքում հասկացա, թե ինչ մեծ պատասխանատվություն է պահանջում էստեղ դասընթացավար լինելը: Նրանց հետ խոսելիս ու խզված ձայները, չգիտեմ, ինձ մոտիվացրեցին, թե հակառակը, բայց փաստը, որ նրանք էլ նշեցինք` մեծ հաճույք է աշխատել նույն սերնդի ներկայացուցիչների հետ: Միգուցե սա էլ լինի իմ նոր պայմանագիրը, որ կկնքեմ ինքս ինձ հետ ու ինքս ինձ կխոստանամ, այստեղ ջոկատավար լինելու համար էներգիա հավաքել, ապագայում այստեղ նորից հայտնվելու ոչ որպես թղթակցի, այլ արդեն ջոկատավարի ու դասընթացավարի «ուսադիրներով»: Առանց միգուցեների, հաստատ կգամ:

Լուսանկարը՝ Լուսինե Կարապետյանի

Լուսանկարը՝ Լուսինե Կարապետյանի

Լուսանկարը՝ Լուսինե Կարապետյանի

Լուսանկարը՝ Լուսինե Կարապետյանի

Ոչ թե նրա համար, որ այստեղ հարմար է, ոչ միայն նրա համար, որ այստեղ բնությունը ուղղակի շշմելու է, ոչ միայն նրա համար, որ աշխատելու եմ սերնդակիցներիս հետ, այլ գաղափարի համար, կյանքը խաղաղ ապրելու, ատելության դեմ պայքարելու, նույն բնությունը չապականված, սերնդակիցներիս երջանիկ տեսնելու համար:

hripsime baloyan

Նպատակաերազանքային

Շատերս նպատակ եւ երազանք բառերը սխալ ենք ընկալում եւ կյանքում էլ սխալ օգտագործում: Երբեմն  էլ նույն իմաստի տակ ենք գործածում: Օրինակ, երբ ասում ենք նպատակներիդ, երազանքներիդ իրականացում եմ ցանկանում: Առաջին հայացքից ամեն բան կարգին  եւ ճիշտ է թվում, բայց ես հիմա կփորձեմ բացատրել այդ բառերի իմաստը եւ նրանց մեջ եղած հսկայական տարբերությունը:

Ըստ իս, երազանքները անհնարին պետք է լինեն, եւ դրանց իրականացում ցանկանալը սխալ է: Օրինակ, երբ տվյալ անձը ուզում է ձեռք տալ աստղերին, լուսնին կամ արեգակին,  դա երազանք է, ոչ թե նպատակ, որովհետեւ դա անհնարին է: Իսկ երբ ասում է` երազում եմ դառնալ բժիշկ, արդեն սխալ է, հարկ է ասել` նպատակ ունեմ դառնալ բժիշկ, որովհետեւ այն իրատեսական է եւ հնարավոր: Եթե հնարավոր բան է մտքինը, ապա այն պետք է դարձնել նպատակ եւ նրա հետեւից գնալ:

Եկեք առանձնացնենք մեր նպատակները երազանքներից եւ հնարավորը չդարձնենք անհնար: Փորձենք անել ամեն ինչ մեր նպատակներին հասնելու համար, որպեսզի դրանք չդառնան երազանք, բայց դրա հետ մեկ տեղ չդադարենք երազել, քանի որ երազելը մնում եւ մնալու է հաճելի  ու գեղեցիկ երեւույթ:

Ահա եւ փորձեցի իմ տեսանկյունից պարզաբանել այդ բառերը իրենց իմաստով, սակայն յուրաքանչյուրն ունի իր մոտեցումը,հետաքրքիր կլիներ իմանալ նաեւ ձերը:

Sona mkhitaryan

Երազանքներ, որոնք չիրականացան

Նախորդ հոդվածիս մեջ գրել էի, որ 2 շաբաթից հասնելու է ծիրանը: Մեր գյուղում շատ կան այնպիսի մարդիկ, ովքեր ունեն ծիրանի այգիներ: Այդ այգիներին գրեթե բոլորը ասում են ծիրանանոց: Երեխաների համար սկսվել է, այսպես կոչված, «գործի սեզոնը», ինչպես նրանք են ասում: Ամեն քայլափոխի կանգնած են խմբով տղաներ, որոնք միասին քննարկում են, թե ում մոտ արժե գնալ, որ իրենց «ձեռք տա»: Այնքան  են խոսում, պլանավորում: Երեկ մեր փողոցի տղաները կանգնած որոշում էին ժամը, վայրը, թե որտեղ պետք է հավաքվեն:

-Ախպերս, առավոտը 7-ին մեր կռուգը:

-Չուշանաս հանկարծ, 2 րոպե էլ ուշացար, էթալու եմ:

Ու այս նույն բառերը մեկը մյուսին անընդհատ ասում էին:

Ես մոտեցա իրենց, հարցրեցի, թե ինչ են այսքան երկար խոսում ու քննարկում:

-Վաղը արդեն գործի ենք: Վերջապես… Մեռանք տունը նստելով:

-Բա ի՞նչ ես առնելու հավաքած գումարով:

-Հեռախոս եմ ուզում առնել, տենամ` ոնց կլինի:

-Բայց էդքան կաշխատե՞ս, որ մի հեռախոսի գին լինի:

-Տո հա, ոնց չէ… Մի 70 հազար նաղդ աշխատող եմ:

Ես էլ բան չասացի: Գիտե՞ք ինչ, գյուղի երեխաները դժվար կյանքով են ապրում, բայց արժանապատիվ են ապրում:

Բայց դեռ չեմ ավարտել հոդվածս:Այս երեխաների ուրախությունը այդքան էլ երկար չտևեց:Նրանք իրենց աշխատած գումարը հավաքում էին և մեծ հույսեր ունեին կապված իրենց բերքի հետ:Դե, կհավաքեին բերքը, կվաճառեին և հավաքված գումարները կմիացնեին իրար: Ափսոս…

Օրեր առաջ մեզ մոտ այնպիսի առատ անձրև և կարկուտ եկավ, որ իր հետ լվաց ու տարավ բոլորի հույսերն ու երազանքները: Բոլորի հույսը իրենց հողամասերն էին: Ամբողջ տարին տանջվելով մշակում են, առանց մի պահ պատկերացնելու, որ հնարավոր է մի գիշերվա մեջ ամեն ինչ մնա ջրի տակ:

Այդ գիշեր հարևաններից մեկը մեզ ձայն տվեց և լապտեր էր խնդրում: Գնում էին իրենց դաշտ, տեսնեին, թե ինչ վիճակ է: Մեկ ժամ էլ չանցավ և հետ եկավ.

-Հը՞ն, ի՞նչ վիճակ էր:

-Բան չկար: Առաջ էլ չենք գնացել. ջուրը շատ բարձր էր, ամեն ինչ մնաց  ջրի տակ:

Այդ գիշեր ես անընդհատ մտածում էի այդ մասին, թե ինչ պիտի անեն այդ մարդիկ: Առավոտյան արդեն բոլորի խոսակցության թեման դա էր.

-Այ մարդ, ո՞նց կլինի բա էս ժողովրդի հալը:

-Մեղք էլ են, հա…

Եվ այսպես շարունակ: Գյուղապետարանում ասել են, որ հողի և ջրի վարձերը չեն պահանջի տուժածներից, բայց… Բայց դա հարցի լուծում չէ:

Ու այդպես էլ երեխաներից շատերի հեռախոս, հեծանիվ, Nike սպորտային կոշիկ գնելը երազանք մնաց:

Շուշան Վահանյան

Ավարտելուց հետո

Երբ ինձ ասում էին.

-Վերջ, էլի, դպրոցը ավարտեցիր:
Ես միշտ հակառակվում էի: Չէ, հլը չեմ ավարտել, կավարտեմ էն ժամանակ, երբ քննություններս բարեհաջող հանձնեմ:

Քննություններս էլ հանձնեցի, էլի շնորհավորում էին ավարտելու կապակցությամբ ու էլի ասացի` չէ, հլը չեմ ավարտել: Սպասեք` վկայականն էլ ստանամ, ու նոր: Ու իրոք, ինձ համար դպրոցն ավատելը վկայականն ստանալն էր:

Չեք պատկերացնի, երբ դասընկերուհիս եկավ մեր տուն ու ասաց.
-Վաղը գնալու ենք դպրոց` վկայական ստանալու:
Ուրախացա:
-Վերջապես… Ինչքան էի սպասում:
Առավոտյան եկանք դպրոց: Ճիշտ է, ուրախ էինք, կատակներ էինք անում, խոսում, քննարկում առաջիկա էքսկուրսիայի, անելիքների մասին, բայց կար խորը հուզմունք, ու բոլորս էլ հասկանում էինք: Վերջ դպրոցական կյանքին. վերջին զանգ, դպրոցական վերջին ավարտական քննություններ, վկայական…
Ու այդ օրը ես հասկացա, որ վերջ, մենք արդեն էլ սրտատրոփ չենք սպասելու սեպտեմբերի մեկին, որ գնանք մեր սիրելի դասարան, տեսնենք սիրելի դասընկերներին, սիրելի դասղեկին և ուսուցիչներին: Հետո մի պահ ուշքի եկա: Ես ապրում եմ Շիրակի մարզի Բանդիվան գյուղում: Նրանք, ովքեր բուհ կընդունվեն, արձակուրդներին կտեսնենք, տղաներին` 2 տարի բանակում ծառայելուց հետո, իսկ մյուսները… Մյուսնե՞րը, ի՞նչ են անելու մյուսները, որոնք հնարավորություն չեն ունենա ուսումը շարունակելու, աշխատանք կգտնե՞ն գյուղում: Երևի ամենաշատը այս անորոշությունից էինք տխուր:

Լուսանկարը՝ Արմինե Սահակյանի

Իրարանցում

Անձրևի ձայնն է։ Ծիրանենիների տերևներն էլ քամուց են խշխշում։ Այգում իրարանցում է։ Փոթորիկը նստարաններն այս ու այն կողմ է շպրտում, հորդ անձրևն էլ կատաղած շառաչում է։ Իսկ ինձ այդ իրարանցումից պատուհանն է բաժանում՝ իրարանցում, որը ես չեմ տեսնում։ Դրսում մութ է, գիշեր է՝ անաստղազարդ ու կատաղի մի գիշեր։ Տան լույսերն անջատել եմ։ Ոչինչ ու ոչ ոքի տեսնել չեմ ուզում, լսել էլ չեմ ուզում, բայց դրսի իրարանցման ձայնը ո՞նց կտրեմ։ Նստած եմ պատուհանագոգին ու նայում եմ։ Չգիտեմ էլ, թե ուր եմ նայում․ իրարանցման մեջ ինձ եմ փնտրում գուցե։

Մութ է։ Այնքան մութ է դրսում ու ներսում, որ թվում է, թե ոչինչ չպիտի երևա։ Ես եմ այդպես ուզում, ուզում եմ ոչինչ չտեսնել։ Սովորաբար այդպես է չէ՞․ երբ մտնում ես մութ սենյակ, ոչինչ չես տեսնում, չես կարողանում գտնել քեզ անհրաժեշտ իրը։ Իսկ ինչո՞ւ եմ հիմա ես տեսնում ամեն ինչ։ Տեսնում եմ, թե ինչպես է նստարանը հարվածում շան փոքրիկ տնակին։ Փակում եմ աչքերս ու տեսնում անձրևի կաթիլները, զգում եմ, թե ինչպես են դողում տերևները ցրտից։ Ինչո՞ւ եմ տեսնում։ Ինչո՞ւ եմ զգում ցավը, որը լռեցնելու համար անջատել եմ լույսերը, փակել դռներն ու պատուհանները։

Այսօր ցավ կա մթության մեջ․ տերևների, նստարանների, ամբողջ այգու ցավն ու իմը։ Մթության մեջ մոռացում չկա, փախուստ ու սփոփանք էլ չկա։ Իրարանցումից, փոթորիկից, վարար անձրևի սրբող, տանող կաթիլներից ու այգու ցավից ինձ մի բարակ ապակի է բաժանում։ Ձեռքիս թեյ չկա։ Ես միշտ թեյ եմ խմում, որ տաքանամ, որ հոգիս տաքանա գոնե մի քիչ։ Այսօր չկա, չեմ վերցրել։ Այսօր սառնությունն օվկիանոս է, իսկ թեյի տված չնչին տաքությունը ոչինչ չի փոխի։ Թեյ չկա՛ ու այսօր տրվել եմ ես սառնությանը, նստել պատուհանագոգին ու լսում եմ, տեսնում աղմուկը, այգու պայքարը, որից բաժանում է ինձ նույնքան սառը մի պատուհան, ընդամենը մի ապակի։ Չգիտեմ էլ՝ արդյոք բաժանում է, թե ձուլում այդ պայքարին։ Ես տեսնում եմ։ Ընկնող տերևները չեմ տեսնում, չէ՛, նրանց վար գցող սառնությունն եմ տեսնում աչքերս փակելիս։ Ինչո՞ւ եմ տեսնում, եթե ապակին բաժանում է ինձ այդ ցրտից։ Կայծակ չկա՛, ոչ էլ ամպրոպ կա դրսում։ Գոռոց չկա, կա միայն ցավով լի սառնություն, ատելությանը ձուլված անձրև։ Բայց ես տեսնում եմ, ես գիտեմ, որ ծիրանենու ամենաբարձր ճյուղի տերևը ամենաշատն է մրսում ու ամենաշատը վախենում մեռնելուց, ցած ընկնելուց։ Ես զգում եմ։ Ինչո՞ւ եմ զգում, տերևի ցավն ինչո՞ւ է հոգիս քանդում։

Ապակին է բաժանում ինձ հոգուս քաոսից։ Բայց մի՞թե հոգեկան քաոսից նյութեղեն պատուհանը կարող է պաշտպանել, պատսպարել։

astghik qeshishyan

Գտնված երազը, որ կորցնում ենք

Երեկ քննություններն ավարտելուց հետո առաջին անգամ հյուր էի գնացել: Բարեկամիս երեխաների հետ շփվել գրեթե չհաջողվեց. մուտֆիլմ էին դիտում: Որոշեցի ինքս միանալ նրանց, բայց 10-15 րոպե անց իրոք փոշմանեցի: Դե պատկերացրեք՝ մուլտֆիլմը որքան սարսափելի պիտի լինի, որ գերադասեմ վերադառնալ մեծերի մոտ ու լսել նրանց ձանձրալի զրույցները: Ո՛չ լեզուն հասկացա, ո՛չ կերպարներին, ոչ էլ առավել ևս սյուժեն. անտրամաբանական արարածները անկապ, անիմաստ ձայներ էին արձակում, ու չէի էլ հասկանում՝ ով ում բարեկամն է, ով ինչ է ուզում անել: Իսկ երեխաները ոգևորված դիտում էին ու կրկնօրինակում դրանց ձայներն ու շարժումները:

Ես իհարկե կարող էի գրել. «Բա մեր ժամանակ էսպե՞ս էր» ծամծմված նախադասությունը, բայց չէ՞ որ ինքս էլ այս ժամանակից եմ ու գիտակցում եմ՝ բոլոր ժամանակներում էլ եղել են, կան, կլինեն լավն ու որակյալը նախընտրող երեխաներ, միայն թե ծնողներն էլ պիտի ուղղորդեն ու օգնեն:

Երբ փոքր էի, հայրս հայկական մուլտֆիլմերի սկավառակ նվիրեց: Ես այդպես էլ ամբողջ պարունակությանը չծանոթացա, քանի որ «սիրահարվել էի» երկար մազերով, վարդագույն զգեստով, այնպե՜ս քնքուշ ու այնպե՜ս բարի աղջնակին և նրա՝ քունը կորցրած պապիկին ու միայն իրենց էի դիտում, իրենց հետ մեծանում: Վստահ եմ՝ հասկացաք՝ խոսքը «Գտնված երազ»-ի մասին է, որը մինչ օրս էլ իմ ամենասիրելի մուլտֆիլմն է: Շատ եմ սիրում նաև «Պինգվինաշենը»: Փոքրիկ Վինի` «Նախ անում եմ, ինչ կամենամ, հետո դիմում ծնողներիս: Հարմա՜ր է այդպես:» արտահայտությունը իմ ու շատ ուրիշների մանկության կարգախոսն էր, որով արդարացնում էինք մեր չարաճճիությունները…

Միայն բարեկամի երեխաները չէին, որ «ստիպեցին» ինձ գրել մուլտֆիլմերի մասին: Այսօր Հանրային հեռուստաալիքը հերթական անգամ ցուցադրեց «Հայելին» մուլտֆիլմը: Ու ես հերթական անգամ սկսեցի մտածել այս մասին. «Ընտիր մտահղացում է և շատ ավելի խորը գաղափար ունի, քան շատ ֆիլմեր, բայց ախր, ինչո՞ւ են կերպարները, միջավայրը այսքան մռայլ ու անտեսք: Արդյո՞ք այս վախենալու հերոսները ինչ-որ ձևով կկարողանան գրավել մանուկներին: Չէ՛, համոզված եմ, որ չեն կարող: Փոքրիկ Աստղիկին հաստատ չէին գրավի»: Ուրեմն, ինչո՞ւ «Հայելու» հավես սցենարին և հայկական շատ այլ մուլտֆիլմերի սցենարներին նոր ու պայծառ զգեստներ չհագցնենք, որ երեխաները հաճույքով դիտեն, մեծերն էլ չասեն. «Բա մեր ժամանակ էսպե՞ս էր»:

emma qosakyan

Աղմկեք իմ սրտում ու հոգում…

Երեկ քայլում էի փողոցով, ու հանկարծ ականջիս հասավ քիչ հեռու կանգնած զրուցակիցների խոսակցությունից մի մաս. «Մարդկությունը օր-օրի փոխվում է, օր-օրի փչանում»,- կրկնում էր տարեց մի մարդ:

Անկեղծ ասած, երբեք չէի մտածել այս ու նմանատիպ հարցերի շուրջ: Հատկապես վերջերս միակ մտահոգությունս բուհ ընդունվելն էր: Եկա տուն շատ տպավորված իմ լսածով: Ու մտածում եմ, փաստորեն օր-օրի դեպի բացասականն է քայլում այն մարդկությունը, որի մի մասն եմ նաև ես: Բայց, չէ, չհամաձայնեցի լսածիս հետ: Թեև կան թերի կողմեր, բայց լույսն ու էներգիան ավելի շատ է: Սակայն մի սև գիծ կա, որ չեմ կարող չնկատել: Մարդիկ դարձել են «աղմկոտ», դարձել են շատախոս: Նրանք հաճախ խոսում են դատարկ բաների մասին: Անվերջ կրկնում են. «Ես ունեմ, ես կտամ, ես կգամ, ես քեզ հետ եմ, ես, ես, ես…»:

Ասում են, բայց հաճախ չեն նկատում, որ ինչքան էլ գոռան, տանը սյուն է հարկավոր: Սյունն ինքն իրեն չի կառուցվեու, պետք է իրենք կառուցեն: Մարդիկ մոռացել են, որ պետք է շատ գործել ու քիչ խոսել: Պետք չէ անվերջ կրկնել, թե ես լավ երգիչ եմ, ավելի լավ է` երգել ու ցույց տալ: Պետք չէ անվերջ կրկնել, թե քեզ հարգում եմ` պետք է ցույց տալ:

Ու այսպես, այս «պետք է»-ների շարքը, թվում է, անվերջ է: Նրանք թող աղմկեն իրենց քայլերով, պահվածքով, վարքագծով մեր սրտում ու հոգում: Այնպես աղմկեն հոգում, որ ոգևորությունից չքնենք ողջ գիշեր, այլ ոչ թե հոգնությունից, մենակ ու լքված զգալուց: Եվ ոչ թե մտածենք, թե առավոտյան ինչպես ենք մեր խնդիրը լուծելու, այլ նյարդայնացած մտածելու, թե վաղն էլի նույն խոսքերն ենք լսելու, գլխացավ առաջացնող կրկնությունները:

Ես անցորդ տարեց մարդու հետ մեկ է, չեմ ուզում համաձայնվել, որովհետև չեմ ուզում դառնալ այդպիսին: Պարզապես պետք է մեզնից սկսենք, ոչ թե պահանջենք: Պարզապես պետք է հայտնվել ճիշտ պահին ճիշտ վայրում ու աղմկել բարձր, շատ բարձր` մեր ջերմությամբ, հոգատարությամբ, դիմացինի հանդեպ սիրով, դրական էներգիայով` մինչև դիմացինի սրտի ամենանուրբ թելերը…

Լուռ աղմկենք:

Անանձնական մտահոգություններ

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Թույլ տվեք միանգամից ասել, որ ինձ հուզում է այն ամենը, ինչ հուզում է Հայաստանին, քանի որ այն կենդանի օրգանիզմ է, ինչպես մեզանից յուրաքանչյուրը: Հազար ու մի բան է անցել մեր երկրի գլխով, ավելի ճիշտ՝ Հայկական լեռնաշխարհի: Պետք է խոստովանեմ, որ Հայաստանի պատմության թանգարանում աշխատելու տարիներն ինձ շատ փոխեցին. ստիպեցին ավելի խորը զգալ իմ արմատները, դե իսկ ճամփորդությունը դեպի Արևմտյան Հայաստան՝ ինչ ասել է գերտերությունների շահեր, աշխարհաքաղաքական նկրտումներ, անարդարություն և այլն: Հայաստան ժամանող զբոսաշրջիկների հետ աշխատելով` ես տեսնում էի ու տեսնում եմ այն, ինչը գուցե սովորական ճամփորդությամբ չէի էլ նկատի: Այն կարծես ջրի երես է հանում քո երկրի, պետության ու հասարակության բոլոր լավ ու վատ կողմերը, որոնք քեզ՝ որպես ՀՀ քաղաքացու, քո երկրի ներկայով ու ապագայով մտահոգված մարդու, ինչպես ուրախացնում, այնպես էլ տխրեցնում է ու հուզում: Անկախությունը մեզ տվեց ինչպես մի շարք հնարավորություններ, այնպես էլ մի շարք խնդիրներ. այս 25 տարիների ընթացքում մենք առերեսվեցինք ու ամեն օր առերեսվում ենք մեր ազգային հոգեկերտվածքի, մտածելակերպի այնպիսի դրսևորումների հետ, որոնք Խորհրդային Միությունը կարողանում էր ճնշել՝ հաստատելով հասարակական իր անբեկանելի օրենքները համապատասխանաբար հասարակության յուրաքանչյուր խմբի նկատմամբ, և որոնք Միության փլուզումից հետո՝ այժմ, երևան են գալիս իրենց խաթարիչ հասարակական դրսևումներով և հետևանքներով, որոնք անմիջականորեն ու գերակշիռ կերպով ազդում են մարդկանց՝ երկրի նկատմամբ ունեցած իրենց վերաբերմունքի վրա: Անշուշտ, այդ դրսևորումներն ունեն ինչպես իրենց օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ: Հավանաբար հենց դրանցով էլ պայմանավորված է իմ՝ այդքան շատ ընկերների, ընտանիքներով Հայաստանից հեռանալը՝ ասելով. «Ստեղ ապագա չկա»:

Ինձ հուզում է այն, որ իմ մասնագիտությունը՝ սոցիոլոգիան, ապահովված չէ հայալեզու գրականությամբ, ու երեք տարի առաջ դրանով զբաղվելու իմ մղումը պայմանավորված էր նրանով, որ ուսման վեցը տարիների ընթացքում, մասնագիտանալով օտարալեզու գրականությամբ, ես տեսնում ու լսում էի, որ աստիճանաբար այն ազդում է ուսանողների լեզվամտածողության վրա, որի հիմքն իրականում հայերենն է և ոչ թե ռուսերենը, անգլերենը, ֆրանսերենը, գերմաներենը կամ էլ իտալերենը: Իմ խորին համոզմամբ, մեր հայոց լեզվի ճկունությունը, հարստությունն ու գեղեցկությունը թույլ է տալիս կատարել ամեն տեսակ թարգմանություններ: Ըստ իս, սոցիոլոգիան (այդ թվում և վերջինիս տերմինաբանությունը) հրաշալի տեղավորվում է հայոց լեզվի շրջանակներում: Դե իսկ մնացածն արդեն կախված է թարգմանչից:

Ինձ հուզում է մեր երեխաների դաստիարակության, կրթության հարցը՝ ընտանիքից, մանկապարտեզից ու դպրոցից սկսած: Սա բարդ հարց է, որի մեջ ես այժմ չէի ցանկանա շատ խորանալ: Միայն կասեմ, որ անկախությունը հնարավորություն տվեց մեզ տեսնել, թե ինչ է կատարվում դրսում, գնալ, անմիջական մասնակցություն ունենալ ամենատարբեր միջազգային ծրագրերի, ընդլայնել մտահորիզոնն ու աշխարհայացքը, որն, ինչ խոսք, հրաշալի է: Բայց մեդալի մյուս երեսին նայելով, ես տեսնում եմ, որ այսօր (ինչպես և մշտապես բոլոր հասարակություններում) ավագ սերնդի գերխնդիրն է` դաստիարակել Հայաստանն ու Արցախը սիրող, իր ապագան Հայաստանում տեսնող ու Հայաստանի հետ իր կյանքը կապող քաղաքացու, հասարակության լիարժեք անդամի, սեփական երկրի ժառանգությանը, ինչպես նաև համաշխարհային, իրավունքներին ու պարտականություններին քաջածանոթ մարդու, որը, չնայած բոլոր դժվարություններին, խոչընդոտներին, չի հեռանա սեփական երկրից, այլ կձգտի ամեն գնով ինչ-որ ներդրում ունենալ այս կամ այն ոլորտի զարգացման մեջ, այլ ոչ թե ասի. «Դե հիմա ինչ էլ լինի, Ռուսաստանը կա ու կա», ու օրերը հաշվի Հայաստանից փախչելու համար: Գտնում եմ, որ ցանկացած երկրի, պետության քաղաքացուն «ներսը» պետք է հետաքրքրի ավելի, քան «դուրսը»: Եվ վերջապես՝ ապագա կա ամենուր: Պետք է միայն անկոտրում կամք, ցանկություն, սեր ու սեփական իրավունքների, պարտականությունների ու օրենքների իմացություն: Իսկ իրավունքները տրված չեն դրանցից օգտվելու համար, այլ տրված են պայքարելու համար: Եվ ես մնում եմ այստեղ՝ Հայաստանում, ստեղծելու, արարելու և ապացուցելու, որ «ստեղ կա ապագա»:

Ամեն բան լավ է լինելու

Ամեն անգամ երբ անցնում էի այդ ծաղկի խանութի կողքով, մի նոր ու տարբերվող բան էի տեսնում և միշտ ուզում էի մտնել այդ խանութը: Մի օր իմացա, որ այդ խանութի տերը` Հայարփի Սարդարյանը, դարձել է Հայաստանում տարվա լավագույն կին-գործարար: Ես շատ ուրախացա, որովհետև դրանից լավ առիթ` հարցազրույց վերցնելու, հանդիպելու նրա հետ, չէր կարող լինել: Դե ինչ, պայմանավորվեցի նրա հետ, լրագրողին վայել դիրք ընդունեցի ու ճամփա ընկա: Այժմ ձեզ եմ ներկայացնում մի երիտասարդ ու ստեղծագործ աղջկա:

«Ինչ-որ բանի հասնելու լավագույն միջոցը նպատակասլացությունն է»:
Հայարփի Սարդարյան

-Հետաքրքիր է իմանալ ի՞նչի մասին էիք երազում փոքր տարիքում:

-Փոքր տարիքում ինչքան որ ինձ հիշում եմ, երազում էի մանկավարժ դառնալու մասին, որը կապ չունի ընդհանրապես այս բիզնեսի հետ: Առաջին մասնագիտությամբ մանկավարժ եմ (այդ ուղղությամբ կատարվել է երազանքս): Բիզնեսի մասին չէի մտածում, ընդհանրապես մտքովս էլ չէր անցնում:

-Ձեր ընտանիքում զբաղվո՞ւմ էին այս բիզնեսով, թե՞ ինքներդ եք սկսել:

-Որպես բիզնես չէ, բայց երկար տարիներ հայրս մշակում էր ծաղիկներ: Դա ուղղակի իր սիրելի զբաղմունքն էր:

-Ինչպե՞ս եղավ, որ սիրելի զբաղմունքը դարձավ բիզնես:

-Դե, ուղղակի այդպես ստացվեց: Որոշեցինք հայրիկի զբաղմունքը դարձնել մեկ այլ եկամտաբեր մասնագիտություն, և ահա ստացվեց սա: Այս գործի մեջ ամենքս ինչ-որ չափով մեր ներդրումն ունենք, որ հասել ենք այսպիսի հաջողության:

-Իսկ քանի՞ տարեկանից եք սկսել լուրջ զբաղվել այս գործով:

-Եթե լուրջ, 22 տարեկանից: Արդեն 2 տարի է, ինչ այս գործի մեջ եմ:

-Ինքնե՞րդ եք զբաղվում ծաղիկներով:

-Ծաղիկների աճեցմամբ զբաղվում է հայրս, մնացած գործերով` կազմակերպչական, վաճառքի և մարքեթինգի հետ կապված, ես և եղբայրս:

-Որո՞նք են աշխատանքի հիմնական դժվարությունները:

-Իմ կարծիքով դժվարություններ չկան, եթե սիրում ես գործդ, սիրում ես ծաղիկներ մշակել: Դրա հետ կապված դժվարություն չկա համենայն դեպս ինձ համար, որովհետև ես շատ եմ սիրում իմ աշխատանքը:

-Արդյո՞ք ձեզ չի խանգարել հասակակիցների տարբեր մտածելակերպը:

-Իմ կարծիքով, ընդհանրապես չի խանգարել, ընդհակառակը ոգևորել է ինձ: Ես այս տարիքում ինչ-որ չափով կայացած բիզնես ունեմ, մինչդեռ իմ հասակակիցներից շատերը նույնիսկ աշխատանքի վայր չունեն:

-Ինչպե՞ս որոշեցիք խանութ բացել Եղեգնաձորում:

-Միտքը եղբայրս առաջարկեց, բայց ընտանիքում տարաձայնություններ եղան: Մի քանի ամիս համոզում էինք հայրիկին (ամենադժվարը նրան համոզելն էր), բայց 3-4 ամիս համառ պայքար մղելուց հետո մենք հաղթեցինք, և ստացվեց:

-Իսկ ինչո՞ւ է խանութի անունը Verdi:

-Անվանման մասին էլ երկար ժամանակ մտածեցինք, որպեսզի և օրիգինալ լինի և ինչ-որ իմաստ արտահայտի: Եվ վերջիվերջո որոշեցինք Verdi, որը իտալերենից թարգմանաբար նշանակում է շատ կանաչ, կանաչներ, ծաղիկների հետ կապված:

-Ո՞ր ծաղիկներն են ավելի շատ նախընտրում հաճախորդները:

- Հիմնականում վարդեր` իր բոլոր տեսակներով, բայց վերջին ժամանակներս նկատվում է տնային և դաշտային ծաղիկների պահանջարկ:

-Իսկ ո՞րն է ձեր սիրելի ծաղիկը:

- Հետաքրքիր հարց էր: Միշտ մտածել եմ այդ հարցի շուրջ և գրեթե հասկացել եմ, որ խոլորձը (օրքիդեա): Այն դժվար մշակվող, երեխայի բնավորություն ունեցող ծաղիկ է: Սիրում է միշտ ուշադրության կենտրոնում լինել և շատ խնամք է պահանջում:

- Եղե՞լ է մի պահ, որ հոգնեք ծաղիկներից:

-Ոչ, երբեք չի եղել այդպիսի զգացում, երևի թե չի էլ լինի: Շատ հաճախ եմ ինձ «բռնացնում» այն մտքի վրա, որ ինձ այլևս չեն զարմացնի ծաղիկներով, բայց որ հոգնեմ ծաղիկներից` երբեք:

-Ո՞րն է ձեր առաջին հաջողությունը այս ոլորտում:

-Երևի թե այս մրցանակը առաջին հաջողությունն է եղել այս ոլորտում. «Տարվա լավագույն բիզնես լեդի»: Այս կոչումը և պարտավորեցնող է և ոգևորող` ավելի լավ աշխատելու և լավ արդյունք ստանալու համար:

-Շատ բարի, պատմեք մի փոքր մրցանակաբաշխության մասին: Ինչպե՞ս ստացվեց, որ հաղթեցիք:

-Ճիշտն ասած, չէի սպասում մրցանակ ստանալ: Ուղղակի հայտը լրացրել ենք, ուղարկել: Որ ինձ կկանչեն մրցանակաբաշխության, չէի սպասում, բայց ստացվեց:

-Ձեր կարծիքով ի՞նչ հատկանիշներ են պետք բիզնես լեդի դառնալու համար:

-Նախ, բիզնեսում ամենակարևորը նպատակասլացությունն է, որովհետև շատ դժվարություններ կան հաղթահարելու: Նպատակին հասնելու համար ջանքեր գործադրել, երկրորդը` կամքի ուժ, մնացածը մասնագիտական է` մարդկանց հետ շփվելու ունակություն, համագործակցելու և իհարկե, լավատեղյակ լինել սեփական աշխատանքից, ոլորտից:

-Ինչպես ասում են` կարևորը մարդ ինքն իրեն կարողանա գնահատել: Համարո՞ւմ եք ձեզ կայացած բիզնես լեդի:

-Մտածելու տեղիք տվեցիք: Իմ կարծիքով, այո, բայց դեռ շատ երկար ճանապարհ ունեմ անցնելու:

-Իսկ ո՞ր հատկանիշներն են պակասում, կամ որը պետք է շտկեք, որպեսզի դառնաք կայացած բիզնես լեդի:

-Այդ ուղղությամբ երբեք չեմ մտածել: Բայց երևի թե ինձ խանգարում է իմ սահմանափակ մտածելակերպը, կաշկանդվածությունը, որովհետև շատ մարդկանց հետ շփվելիս այդ գիծը իրոք խանգարում է ազատ լինելու համար: Ինձ թվում է այսքանը:

-Ապագայում ի՞նչ պլաններ ունեք:

-Որոշակի հեռանկար կա բիզնեսը ընդլայնելու, ծաղիկների տեսականին ավելացնելու: Ճիշտ է, ջերմոցը դեռ նոր է, այդքան շատ ծաղիկներ չունենք, բայց կարևորը` ցանկությունը կա: Ուզում ենք նաև բացել մասնաճյուղեր:

-Երբ հուսահատվում եք, ինչպե՞ս եք ձեզ ոգևորում:

-Ասում եմ`ամեն բան լավ է լինելու:

-Եվ վերջապես, ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ բիզնես լեդիներին, ինչպե՞ս պետք է սկսեն աշխատանքը, ի՞նչ անեն, ի՞նչ չանեն և այլն:

-Եթե մի քիչ մասնագիտորեն, ապա պետք է ամենակարևորը` լավ բիզնես-ծրագիր մշակել, հասկանալ, թե ինչ են ուզում, որից հետո, եթե իրոք տեղյակ են շուկայից, և մեծ ցանկություն ունեն, ամեն ինչ կստացվի: Ուղղակի այստեղ կարող է մի քիչ ֆինանսների հետ խնդիրներ առաջանալ, դա էլ, եթե ինչ-որ կետից սկսեն, անպայման ամեն ինչ լավ կլինի: