Մարիամ Նալբանդյանի բոլոր հրապարակումները

Դեպի խաղը, միսիս Հադսոն, դեպի խաղը

Screen Shot 2017-07-27 at 4.47.40 PMԼոնդոնի հերթական անձրևոտ երեկոներից մեկն էր: Նստած իմ բազկաթոռի մեջ, ծխելով ծխամորճս՝ թերթում էի ֆեյսբուքիս նորությունների շարանը: Հավատարիմ ընկերս՝ բժիշկ Վաթսոնը, նստած էր իմ առջևում. իր բժշկական սերիալներից էր նայում: Վաղուց ոչ մի հետաքրքիր բան մեզ հետ չէր կատարվել, անհետաքրքիր, գորշ օրերից իմ օրգանիզմն արդեն զզվել էր: Ինձ գործ էր պետք: Վաթսոնն ուշադրություն չէր դարձնում վրաս, անգամ բուխարու վառ կրակը չէր շեղում նրա ուշադրությունն իր հեռախոսի էկրանից: Բայց շուտով ֆեյսբուքը կարողացավ ինձ օգտակար լինել, երբ տեսա այդ հայտարարությունը: Գրված էր, որ իմ մասին ինչ-որ նոր կայք է բացվել, ու էլի մի քանի տող բան, որը, ես իհարկե չկարդացի, այլ միանգամից բացեցի կայքը: Հայտնի պրոֆիլս դիմավորեց ինձ: Տրամադրությունս կտրուկ բարձրացավ, կայքի նկատմամբ հետաքրքրությունս ցրեց գործի պակասից առաջացած վատ մտքերը: Սկսեցի թերթել կայքի բոլոր բաժինները, երբ մի պահ քարացա: Այնտեղ իսկապես հետաքրքիր գործ կար: Բաժիններով առանձնացված էին գործերը, որոշները պարզից էլ պարզ էին, իհարկե, ոչ ձեզ համար, իսկ որոշներն իսկապես հրաշալի էին՝ իսկական ծննդյան նվեր: Շտապեցի pdf տարբերակով ներբեռնել գործը, որ երկար մտորեմ: Ամեն մի նոր գործ տեսնելիս արյունս եռում էր. մասնագիտական հետաքրքրասիրություն, ինչ արած:

-Իմ կյանքը նորից վերաիմաստավորվեց,- բացականչեցի ես, այս անգամ արդեն գրավելով Վաթսոնի ուշադրությունը:

-Գործ ես գտել, ի՞նչ է,- ծածուկ հետաքրքրությամբ հարցրեց նա: Վերջերս նրա կլինիկայի գործերը սարսափելի վատ էին գնում: Նա, իհարկե, չէր խոստովանում, բայց անդադար թերթերը փորփրելն ու իր հիվանդներից չխոսելը հենց դրա մասին էին վկայում:

-Այո, բարեկամս, և ոչ միայն մեկը,- տեղիցս վեր ցատկեցի ես ու նրան նետեցի իր վերարկուն,- չի կարելի նստել տանը, երբ Լոնդոնում այսպիսի բաներ են կատարվում:

Լոնդոնի անձրևներն ու մշտական խոնավ եղանակն այլևս ինձ չէր անհանգստացնում: Ես գործ ունեի: Խաղն սկսված է:

Հ. Գ. Ուզո՞ւմ ես հետևել իմ՝ անկրկնելի խուզարկու Շերլոկ Հոլմսի և իմ անբաժան ընկեր բժիշկ Վաթսոնի արկածներին արդեն հայերենով, այցելիր http://www.holmes.am կայքը, գտիր նոր գործեր, բարեկամս, ու անցիր գործի: Կայքում նույնիսկ աուդիոգործեր էլ կարող ես գտնել, եթե սիրում ես, որ գործը քեզ անձամբ են պատմում: Կարող ես սկսել բացահայտել քո շուրջը թաքնված առեղծվածները, իսկ երբ հայտնվես փակուղում, նամակ գրիր ինձ, ես անպայման կօգնեմ քեզ: Հասցեն անփոփոխ է՝ Բեյքր սթրիթ, 221 Բ, անունը՝ Շերլոկ Հոլմս:

mariam nalbandyan

Նորից եղջերուների ու մի քիչ ավելի կարևոր բաների մասին

Հեչ մտածե՞լ ես եղջերուների մասին: Էն, որ սիրուն աչքեր ու անհավանական սիրուն եղջյուրներ ունեն: Մեծ, երկար: Կուզեի, գիտե՞ս, որ դու մտածած լինեիր եղջերուների մասին: Կասես՝ ցնդե՞լ ես, ի՞նչ մտածեմ: Կասեմ՝ քեզ ինչ, ինչ ուզում ես մտածի: Իսկ ինձ համար կարևորը եղջերուների մասին մտածելն ա:

Երևանի շոգը, գիտես, չէ՞, ինչ ա: Պատկերացրու մի 40 աստիճան, արևը վառում է, դու էլ լիքը երթուղայինով տուն ես գնում: Ու մի 40 րոպեի էլ ճանապարհ կա: Պետք ա, չէ՞ մի բանով քեզ զբաղեցնես, որ ավելի շատ չմտածես շոգի մասին: Այստեղ էլ եղջերուներն են գալիս: Կամ քույրդ ասում է՝ Սարգիս ձյաձյային հիշո՞ւմ ես: Ասում ես՝ հա, մենակ թե էդ չասես: Ասում է՝ էդ եմ ասում: Թոքերից: Մեկ էլ հիմա ես կապ հաստատում եղջերուների հետ: Եղջերուները իմ ուղեղի ինքնապաշտպանական ռեակցիան են: Երբ պահ ա գալիս, որ պետք ա մտածես, պետք ա էնքան մտածես մինչև մեռնելդ գա, պետք ա մտածես՝ ինչի՞ ա մանկությունդ փլվում առանց քեզ հարցնելու: Ո՞վ էր հարցրել ինձ՝ ուզո՞ւմ եմ, թե չէ: Այ, էդ պահին եմ մտածում եղջերուների մասին:

Չգիտեմ՝ ինձ հասկացա՞ր, թե չէ: Կարող ա տեսնես ինձ՝ ինչպես միշտ դժգոհ դեմքով, կարող ա հարցնես՝ քեզ ի՞նչ ա եղել: Կասեմ՝ քեզ ինչ: Կներես, եթե կոպիտ լինեմ, ուղղակի կզգամ, որ քեզ չի հետաքրքրում: Ուրիշ բան, եթե առանձին հարցնեիր, նայեիր աչքերիս մեջ, ու ես զգայի, որ քեզ հետաքրքիր ա: Կարող ա՝ պատմեի: Մյուսի էլ լյարդն ա: Ամենայն հավանականությամբ քիչ ա մնացել: Դե, ես արդեն հասցրել եմ ծանոթանալ էդ հիվանդության հետ: Իսկ ինքն ասում է՝ օրերը տաքանան, կլավանամ, էլի: Եթե մենակ լինեինք մի հով տեղ, մի քիչ էլ մութ լիներ, ես քեզ կպատմեի: Կպատմեի, որ նա ոչ թե իր հարազատներին ա էդպես հույս տալիս, այլ իսկապես տենց ա մտածում: Այ, այդքան միամիտ ա: Կպատմեի, եթե իհարկե աչքերիդ մեջ հետաքրքրություն տեսնեի, թե ամեն անգամ ինձ գյուղում տեսնելիս ոնց ա ուրախանում, ու ամեն անգամ ինձ նվերներ առնում, բայց հնարավորություն չունի, գիտե՞ս: Ուղղակի իմ մանկության ամենաջերմ մասն ա: Ես իրեն տատիկ եմ ասում, էդպես ենք ասում փոքր ժամանակվանից, բայց տարիքը տատիկի չի: Նորից, այս մի դեպքն էլ համակերպվելու չի:

Կպատմեի, մենակ թե դու ճիշտ հասկանաս: Հասկանաս, որ չէ, ես «դարդ» չեմ դարձել: Դու էդ, հուսով եմ, չես հասկանա, բայց հենց հետդ մի վատ բան ա լինում, բոլոր ընկերներդ, հատկապես՝ լավագույնները, էլ չեն ուզում հետդ շփվել: Մտածում են՝ «դարդ» ես դարձել, ու քո ամեն երկրորդ բառը դրանից ա լինելու: Մեկը ծնունդին չի կանչի մի հատ ստից պատճառաբանությամբ, որ չես էլ հավատա, մյուսը ընդհանրապես էլ չի խոսի հետդ: Մենակ թե դու այդպես չմտածես, հա՞: Քեզ կպատմեմ, երբ մենակ լինենք մի մութ տեղ, եթե նայես աչքերիս մեջ, ու աչքերիդ մեջ հետաքրքրություն տեսնեմ: Հետո հումորներ կանեմ, խոստանում եմ, նույնիսկ կծիծաղես: Ես էլ քո հումորների վրա կծիծաղեմ, խոստանում եմ: Ես դեռ ծիծաղել գիտեմ: Մենակ թե դու էլ չմտածես, որ մոռացել եմ: Թարսի պես էսօր գնացիր: Ես չէի ուզում:

Քայլելիս էլ երբեք վերև չեմ նայի, հիմար սովորություն էր: Կամ կնայեմ, եթե դու հետս քայլելիս լինես: Մեկ-մեկ ինձ «մեր օրերի հերոսը» կզգամ: Դու ինձ ներիր էդ մեծամտությանս համար, չէ մի, Լերմոնտովն էլ հենց ինձ ա ճանաչել: Դու ուղղակի նստիր ու հետս Ռախմանինով լսիր: Չնայած՝ եթե դու հետս լինես, կարող ա՝ «Սան-Սանս» լսելու տրամադրություն էլ լինի: Ասացի, չէ՞, ես «դարդ» չեմ: Ու եթե էսքանը կարդացիր, եթե մի մութ, հով տեղ նայեցիր աչքերիս մեջ, ու ես հետաքրքրություն տեսա, եթե լսեցիր մինչև վերջ ու չմտածեցիր, որ նվնվում եմ, ես քեզ ուղղակի շնորհակալ եմ:

Առնո Բաբաջանյանի անվան մրցույթ-փառատոնն ավարտվեց

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

2011 թվականից սկսած՝ երկու տարին մեկ անգամ, Երևանում տեղի է ունենում Առնո Բաբաջանյանի անվան միջազգային մրցույթ-փառատոն: Այս տարի հունիսի 17-24-ը կայացավ արդեն չորրորդ մրցույթ-փառատոնը: Հունիսի 24-ին մրցույթի փակման արարողությունն էր, իսկ առավոտյան ժամը 11-ին մրցույթի մասնակիցները, դափնեկիրները և ժյուրիի անդամներն իրենց հարգանքի տուրքն են մատուցել Առնո Բաբաջանյանին՝ կոմպոզիտորի հուշարձանի մոտ:

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Փառատոնի սպասված հյուրն էր կոմպոզիտորի որդին՝ Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի նախագահ Արա Բաբաջանյանը: Նա, ինչպես մեզ հայտնեցին, չէր կարողացել ներկա գտնվել արարողությանը առողջական խնդիրների պատճառով: Քանի որ մրցույթ-փառատոնը տեղի է ունենում երկու տարին մեկ անգամ, հուսով ենք, որ մյուս անգամ արարողությանը ներկա կգտնվի նաև Արա Բաբաջանյանը: Ես, որպես դասական երաժշտության, հատկապես՝ դաշնամուրի սիրահար, չէի կարող բաց թողնել մրցույթի փակման գալա համերգին ներկա գտնվելու հնարավորությունը: Գալա համերգը տեղի էր ունենում Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում: Ներս մտնելով՝ հիշողությանս մեջ անմիջապես արթնացան հին կադրեր: Ես էլ էի բախտ ունեցել մի անգամ հայտնվելու այս բեմում. երաժշտական դպրոցով համերգ էինք տալիս: Այդ ժամանակ ես էլ էի երազում դաշնակահար դառնալու մասին, բայց այնքան տաղանդավոր չէի, ինչքան այն պատանիներն ու երիտասարդները, որ շուտով պետք է ելույթ ունենային:

Սկսվեց փառատոնը: Հնչեցին բազմաթիվ շնորհակալության խոսքեր, շնորհվեցին դրամական պարգևներ, դիպլոմներ, մեդալներ, հատուկ մրցանակներ: Լավագույնները նվագեցին՝ թույլ չտալով հանդիսատեսին ձանձրանալ: Մասնակիցներից նույնպես հնչեցին շնորհակալության խոսքեր՝ ուղղված տատիկներին, ծնողներին, դասատուներին, բոլոր-բոլոր նրանց, ովքեր կապել էին իրենց երաժշտության հետ:

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Փառատոնից հետո ծանոթացա Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների IV միջազգային մրցույթ-փառատոնի դիպլոմակիր Թամարա Հովհաննիսյանի հետ (այս երկար արտահայտությունն էլ հենց նրա դիպլոմի վրայից եմ կարդացել): Նա էլ ինձ պատմեց մրցույթի կազմակերպման, փուլերի մասին: Այսպիսի միջոցառումների ժամանակ միշտ էլ հին ծանոթների կհանդիպես ու նոր ընկերներ ձեռք կբերես, երաժշտությունը միավորում է մարդկանց: Թամարայի հետ ինձ ծանոթացրեց մեր ընդհանուր ընկերուհին:

-Ամենալարված շաբաթն էր,- արդեն փառատոնի ավարտից հետո պատմում էր Թամարան,- իմ ամառը նոր է սկսվում:

Թամարան դաշնամուր նվագել սկսել է 6 տարեկանից, սովորել է Կոնստանտին Սարաջյանի անվան երաժշտական դպրոցում, որից հետո արդեն Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջում՝ Էդգար Խաչատրյանի դասարանում:

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

-Նշում եմ իմ ուսուցչի անունը, որովհետև հենց իր շնորհիվ եմ ես զգում իմ աճը, ու իր շնորհիվ էլ հայտնվել եմ այս մրցույթում: Մրցույթի գլխավոր կազմակերպիչը մեր քոլեջի տնօրենն է: Նախ, դասատուները որոշում են, թե որ աշակերտները հնարավորություն կունենան, այսինքն՝ կարող են մասնակցել մրցույթին: Հետո սկսվում են լսումները քոլեջի մասշտաբով, որոնց արդյունքում էլ որոշվում են մրցույթի մասնակիցները: Մրցույթն անցկացվում է երեք տարիքային խմբով՝ պատանեկան Ա խումբ, Բ խումբ և երիտասարդական խումբ: Պատանեկան Ա և Բ խմբերի լսումները, համեմատած երիտասարդական խմբի հետ, ավելի թեթև են անցկացվում՝ մեկ փուլով և ազատ ծրագրով: Իսկ երիտասարդական խմբի մրցույթն անցկացվում է երկու փուլով, յուրաքանչյուր մասնակից երկու փուլին էլ պարտադիր պետք է նվագի կոնկրետ ծրագիրը, որը նշված է պայմանների մեջ: Ես երիտասարդական խմբի մեջ էի: Ծրագիրը պայմանագրի մեջ նշվում է այսպես, օրինակ՝ Հայդեն, Մոցարտ, Բեթհովեն. այս երեք կոմպոզիտորներից պարտադիր պետք է նվագեինք մեկ ստեղծագործություն: Ծրագրում նշված էին նաև այն կոմպոզիտորների անունները, որոնցից պետք է նվագեինք էտյուդներ, դասական սոնատ, տվյալ երկրի կոմպոզիտորի ստեղծագործություն, այսինքն՝ եթե մեր մասնակից հյուրը Վրաստանից է, նվագում է վրացի կոմպոզիտորի ստեղծագործություն: Երկրորդ փուլում նվագում ենք Առնո Բաբաջանյանի նշված ստեղծագործություններից մեկը, 19-րդ և 20-րդ դարի կոմպոզիտորների ստեղծագործություններից: Ստացվում է ընդհանուր վեց ստեղծագործություն, որոնք պարապել սկսել եմ փետրվարից: Մեր առավելությունն այն էր, որ քոլեջում այլևս ծրագիր չէինք նվագում, բայց կան նվագակցության, կամերային դասեր, որոնք պարտադիր սովորում և նվագում էինք:

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Մրցույթի առաջին փուլում շատ-շատ էի հուզվում, և ոչ միայն ես, դասատուս նույնպես: Առաջին փուլն անց էր կացվում Արամ Խաչատրյանի անվան տուն-թանգարանում: Մրցույթից առաջ ես և դասատուս նստած էինք այգում, փորձում էինք կենտրոնանալ: Երբ ուզում էի խոսել ինչ-որ մեկի հետ, դասատուս թույլ չէր տալիս, ասում էր՝ սուս մնա, կենտրոնացիր: Իրականում, այդպես շատ ճիշտ էր: Լավ նվագեցի: Երկրորդ փուլում ավելի շատ էի հուզվում, որովհետև առաջին փուլում լավ էի նվագել, պատասխանատվությունն ավելի մեծ էր, ծրագիրն ավելի բարդ էր: Մեզ դնում էին գնահատականներ, բայց առաջին փուլի ժամանակ չէին ասում: Երկրորդ փուլից հետո նոր իմացանք մեր գնահատականները, թե ով ինչ տեղ է գրավել, ինչ մրցանակ է ստացել: Չգիտեինք միայն հատուկ մրցանակների մասին, դրանք արդեն իմացանք միայն փառատոնի ժամանակ: 

mariam nalbandyan

Երբ 18 տարեկան ես, բայց մեկ ա՝ ոչնչի հավես չունես

(Վահե Ստեփանյանի համարյա համանուն նյութից)

Լինում են, չէ՞, մարդիկ, որ նեղ փողոցի կենտրոնով դանդաղ քայլում են: Իսկ դու ոչ մի կերպ չես կարողանում առաջ անցնել, որովհետև վերոնշյալ մարդը ուղիղ մեջտեղով է քայլում: Եթե քայլեր մի փոքր աջ կամ ձախ, ամեն ինչ այլ կլիներ: Բայց նա քայլում է ուղիղ մեջտեղով ու քեզ լիքը ժամանակ տալիս՝ նյարդայնանալու ու տեղում քայլելու, կամ մտածելու ու տեղում քայլելու: Ընտրում ես դրանցից մեկը՝ նայած, թե առաջին դասդ ինչ է: Եթե ուշանալը վրադ թանկ չի նստի, կընտրես մտածելը ու էդ մի քանի վայրկյանում, մինչև ճանապարհը կլայնանա, վերադառնում ես էն գիշերվան: Էն, որ քննության էիր պարապում կամ անկապ նստած էիր: Լավագույն մտքերը քննությանը պարապելիս են գալիս: Ոչ այն պատճառով, որ Լորենցի կորը կամ Մասլոուի աշխատանքային մոտիվացիայի տեսությունը առանձնահատուկ ոգեշնչում են, այլ որովհետև չես ուզում սովորել: Իսկ այդ դեպքում ինչ ասես մտքիդ չի գա: Կմտածես հենց առաջին կուրսում համալսարանից դուրս մնալու, քննությանը պատուհանից թռչելու մասին: Հետո կորոշես ինքնակամ համալսարանից դուրս գալ ու գնալ գյուղում ապրել: Հետո մի քիչ էլ կմտածես՝ արդեն քո մասին: Կհաշվես վերջերս կյանքումդ տեղի ունեցած փոփոխությունները, հաշիվդ կկորցնես, մտքումդ մի ամբողջ նյութ կգրես փոփոխություններիդ մասին, վերնագիրն էլ կդնես «Փոփոխություններիս 9-րդ ալիքը» ու կորոշես, որ կյանքում երբեք, երբեք չպիտի գրես էդ նյութը, որովհետև չես ուզում: Փոփոխությունները միշտ չի, որ դեպի լավն են տանում: Բայց արդեն ուղեղդ միացել ա էդ ուղղությամբ, էլ չես կարող չմտածել: Կհաշվես կորցրածդ ընկերներին, գտածներիդ՝ չես հիշի: Որոշներին էլ բարև էլ չես տալիս, որոշների հետ էլ խոսում ես, իբր ամեն ինչ լավ ա: Հետո ավելի վատ բաներ կհիշես, ու կհասկանաս, որ էս սաղ հեչ ա: Ամենադժվարը, էն 9-րդ ալիքը՝ սարդ տեսնելու դեպքում «պապա» գոռալու հնարավորությունը էլ չունենալն ա: Մնացածը՝ հեչ:

Կնկատես, որ կյանքում առաջին անգամ անկապ, առանց թեմա նյութ ես գրում, ու մի բան կփոխվի, էլ առաջվանը չի լինի: Ուղղակի անտաղանդ ես, ուղղակի ոչ մեկն էլ չի կարդա: Քննությունից էլ կկտրվես: Հետո ընդհանրապես ուրիշ տեղ կգնաս, քո համալսարանի չորս ֆակուլտետները կհամապատասխանեցնես Հոգվարթսի չորս ֆակուլտետներին, բուիդ անունը կորոշես, կմնաս սեղմված 9-րդ ու 10-րդ հարթակների միջև: Մտքումդ մի քիչ Գոժիրա կերգես, կփոշմանես, որ յոթ տարի առաջ թողել ես դաշնամուրը, կնայես դաշնամուրին, մթության մեջ չի երևա: Կհիշես բոլոր դեպքերը, որ սխալ բաներ ես արել, մեռնելդ կգա: Կգնաս ջուր խմելու ու ոտքդ էլի կխփես անտեր սեղանին: Կհիշես՝ ինչքան վատ ես կողմնորոշվում տարածության մեջ, երազանքներիդ չեղած ցուցակից կջնջես մոտոմրցարշավորդ (гонщик- եսիմ՝ ոնց թարգմանեմ) դառնալու երազանքդ ու գոյություն չունեցող կատվիդ հետ խոսելով՝ դեմքիդ վրա կընկնես ինֆլյացիայի բանաձևերի վրա:

Լուսնի լույսի տակ տնտեսիդ հարցաշարը փայլում ա, ու դու հասկանում ես, որ ոչ մեկին էլ պետք չես: Հետո մաթեմիդ դասախոսի ձայնն ա հնչում ականջներումդ. «Դու անալիտիկ մտածողություն ունես…»:

Քննությունը ժամը 10-ին է, դեռ ուղիղ 6 ժամ կա: Կարծես դեռ շանս կա չկտրվելու:

Ճանապարհը վաղուց լայնացել է, բայց դու առաջ չես անցնում. հավես չունես: Հա մի բան էլ. այստեղ մի բան էն չի: Երևի, որ երկրորդ դեմքը փոխես առաջինի, իր տեղը կընկնի:

Լուսանկարչությունը և Գյումրին

IMG_1990-6Փետրվարի 18-ից մարտի 4-ը «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Էսպաս» կենտրոնում բացվել է «Լուսանկարչությունն ու Գյումրին» ցուցահանդեսը:  Մինչ ցուցահանդեսի բացումը մենք զրուցեցինք  «Լուսանկարչությունն ու Գյումրին» ծրագրի պատասխանատու Սոնա Անդրեասյանի հետ:  

IMG_1879-2-Պատմեք Ձեր աշխատանքի մասին, որտե՞ղ եք հիմա աշխատում:

-Աշխատում եմ «Կազա» շվեյցարական մարդասիրական կազմակերպության Գյումրու կենտրոնում: Ցուցադրված բոլոր լուսանկարները արվել են հենց Գյումրիում իրականացվող ծրագրի շրջանակներում: Ծրագիրը կոչվում է «Լուսանկարչությունն ու Գյումրին» և իրակացվում է այնտեղ գործող երեխաների ու դեռահասների զարգացման ծրագրի շրջանակներում: Ես վարում եմ լուսանկարչության դասընթացներ, հիմնական գործունեությունս դա է: Արդեն ինն ամիս է, ինչ աշխատում եմ Գյումրիում, ծրագիրը մեկնարկել է 2016 թվականի հունիսին:

IMG_2005-8-Ովքե՞ր են մասնակցում դասընթացներին:

-Մասնակցում են հիմնականում դեռահասների զարգացման ծրագրի այն մասնակիցները, ովքեր ցանկացել են նաև հաճախել ֆոտոյի դասընթացներին:

IMG_1989-5-Ինչպե՞ս առաջացավ ցուցահանդես կազմակերպելու գաղափարը:

-Ցուցահանդեսից խոսելուց առաջ, պետք է խոսեմ ծրագրի սկզբնական նպատակի մասին: Ծրագիրը կոչվում է «Լուսանկարչությունն ու Գյումրին», որովհետև տասնամյակներ շարունակ, երբ խոսում էին Գյումրու մասին, ասում էին, որ այն արվեստի ու արհեստի քաղաք է: Եվ այդ արվեստների շարքում, իհարկե, իր տեղն ունի նաև լուսանկարչությունը: Առհասարակ, եթե Հայաստանում խոսենք լուսանկարչության ստեղծման ու զարգացման մասին, պետք է նշենք հենց Գյումրի քաղաքը, քանի որ առաջին լուսանկարիչները և լուսանկարչատները հենց Ալեքսանդրապոլում են եղել: Ծրագրի նպատակներից մեկն էլ այն է, որ փորձենք Գյումրիում լուսանկարչական կյանքի ակտիվացմանը նպաստել, մարդկանց մոտ հետաքրքրություն առաջացնել այդ արվեստի նկատմամբ: Քանի որ լուսանկարչությունը հիմա շատ տարածված է, ծրագրի նպատակներից դարձավ նաև երեխաներին ցույց տալ, թե որն է գեղարվեստական լուսանկարչությունը: Այսինքն՝ լուսանկարների տեղատարափից կարողանալ առանձնացնել գեղարվեստական լուսանկարները և հասկանալ, թե ինչ չափանիշներով դրանք կարող են համարվել գեղարվեստական: Ծրագրի շրջանակներում մենք ուսումնասիրում ենք լուսանկարչության ստեղծման ու զարգացման պատմությունը, թե ինչ փուլեր է այն անցել, ինչ ժանրեր կան, ինչ լուսանկարիչներ կան: Ընթացքում նաև լուսանկարներ ենք անում՝ ըստ հանձնարարությունների: Օրինակ՝ եթե ուսումնասիրել ենք դիմանկարի ժանրը, դիմանկարներ ենք անում:

IMG_1984-4Ցուցահանդեսը ծրագրի այս փուլի վերջնակետն է: Այստեղ ներկայացված է 4 ամսիների աշխատանքներից կազմված ժողովածուն, ցուցադրված են առաջին խմբի երեխաների լուսանկարները (կան մի քանի խմբեր): Գյումրիում հիմա կա նաև մեկ այլ խումբ ավելի մեծերի՝ ուսանողների համար:

IMG_2004-7-Ինչ դժվարություններ են եղել թե՛ Երևանից Գյումրի տեղափոխվելու, թե՛ զուտ աշխատանքի հետ կապված:

-Դժվարություններ մտաբերել չեմ կարողանում, որովհետև երբեք դրանցից չեմ վախեցել: Իսկ Գյումրին շատ եմ սիրում, հակառակ դեպքում հիմա այնտեղ չէի լինի: Մի քիչ բարդ է մեծերի հետ աշխատելը, քանի որ նրանք արդեն ինչ-որ պատկերացումներ ունեն լուսանկարչության, կյանքի վերաբերյալ, դժվարությամբ են ընդունում քո ասածը: Իրենք արդեն իրենց մտքերն ունեն, իսկ դու գալիս ու ասում ես, որ մի որևէ բան իր մտածածի պես չէ, կարող է ուրիշ ձևով էլ լինել: Հատկապես գյումրեցիները դժվարությամբ են ընդունում դա, քանի որ մի քիչ համառ են: Իսկ փոքրերի հետ լավ է այն, որ դեռ ձևավորման փուլում են գտնվում ու հենց այդ ժամանակ էլ դու խոսքով կարողանում ես ներազդել նրանց ձևավորման վրա:

IMG_1919-3-Ի՞նչն է Ձեզ ոգևորում կամ թևեր տալիս այս աշխատանքում:

-Թևեր է տալիս այն, որ դու փորձում ես երեխաների հետ կիսվել այն փորձով ու գիտելիքներով, որն ունես այդ բնագավառում, և նրանք դրան արձագանքում են: Քո աշխատանքի արդյունքը ինչ-որ չափով տեսնում ես: Ինձ համար շատ կարևոր է, որ երեխաները առաջին հերթին մտածել սովորեն և պատասխանատվության զգացում ունենան այն աշխատանքի հանդեպ, որն անում են: Այսինքն՝ երբ լուսանկարում ես, հասկանաս, թե ինչ միտք ես դրել լուսանկարի մեջ, ինչ ես փորձում դրանով ասել: Հիմա, երբ ցանկացած ինֆորմացիա շատ հասանելի է դարձել, մարդիկ սկսել են իրենց գործի արժեքը չզգալ, անընդհատ վերցնողի ու պահանջողի դերում են: Պետք է կարողանաս նաև ինքդ կյանքին ինչ-որ բան տալ՝ միայն վերցնելու ու պահանջելու փոխարեն: Ինձ համար գլխավոր նպատակ է եղել այն, որ երեխաները հասկանան, որ եթե քաղաքում կա որևէ խնդիր, իրենք էլ կարող են այդ խնդրին ինչ-որ կերպ արձագանքել:

IMG_1907-2-Ի՞նչ ապագա պլաններ ունեք:

-Դեռևս բոլոր պլաններս կապված են այս ծրագրի հետ, շարունակելու ենք աշխատանքները: Հաջորդ ցուցահանդեսը կլինի երևի հունիսին: Սեպտեմբերից արդեն կաշխատեմ մեկ այլ ծրագրով, արդեն երաժշտական:

-Ի՞նչ տվեց Ձեզ այս ծրագիրը, նախկինում փորձ ունեի՞ք երեխաների հետ աշխատելու:

-Երեխաների հետ աշխատելու փորձ ունեցել եմ միայն կոնսերվատորիայում սովորելու տարիներին: Բայց դա էլ երաժշտական փորձ էր, մեր դասընթացներից մեկն էր: Այդ ժամանակվանից էլ զգացել եմ, որ երեխաների հետ աշխատել շատ եմ սիրում: Աշխատանքը, իհարկե, շատ բան է տալիս: Նույն հարցի շուրջ երեխաները կարող են շատ տարբեր կարծիքներ ու պատկերացումներ ունենալ: Երեխաների հետ շփումը շատ զարգացնում ու շատ հարստացնում է:

-Քանի՞ հոգի է մասնակցել դասընթացներին:

-Ընդհանուր՝ մոտ 15 հոգի, բայց հիմնական հաճախող երեխաները 9-10 հոգի են: Այս ցուցահանդեսին ներկայացված են 7 հոգու աշխատանքներ:

-Երեխաները մասնակցո՞ւմ են ֆոտոների ընտրությանը:

-Ֆոտո անելուց հետո, մենք միշտ ամբողջ խմբով նստում, նկարները հերթով նայում և քննարկում ենք՝ որ ֆոտոն է լավը, որը՝ ոչ, և ինչու: Այդպես էլ լուսանկարներն են ընտրվում, որոնք նաև գնում են արխիվ: Այս անգամ ընտրությունը այդպես ենք կատարել:

IMG_1946-3-Հիմնականում ի՞նչ են սիրում նկարել երեխաները:

-Տարբեր նախասիրություններ ունեն: Կան մարդիկ, ովքեր սիրում են դիմանկարներ անել, կամ բնանկարներ: Երեխաներից մեկը՝ Արփին, կարծում եմ դոկումենտալ ֆոտոյով կարող է զբաղվել հետագայում, քանի որ սիրում է ուսումնասիրել, տնտղել ամեն ինչ:

-Ցուցահանդեսը ի՞նչ թեմայով է:

-Կոնկրետ ուղղվածություն կամ թեմա չկա, որի շուրջ աշխատել են երեխաները, ներկայացված են հավաքական աշխատանքներ: Այդ պատճառով էլ ցուցահանդեսը կոչել ենք հենց ծրագրի անունով՝ «Լուսանկարչությունն ու Գյումրին»:

Ցուցահանդեսին մասնակցում էին նաև լուսանկարների հեղինակները, որոնց հետ նույնպես զրուցեցինք:

Լուսանկարը՝ Արսեն Վարդանյանի

Լուսանկարը՝ Արսեն Վարդանյանի

-Ես Արսենն եմ, ինձ համար լուսանկարչությունը ավելի շատ բացահայտում էր: «Կազա» հիմնադրամում շատ խմբակների էի հաճախում: Սկսեցի հաճախել նաև լուսանկարչության և շատ մեծ բացահայտումներ արեցի: Հիմա ես գիտեմ, թե ինչ է գեղարվեստական լուսանկարչությունը, աշխատում եմ և փորձում եմ արդյունք ստանալ: Խմբակին հենց սկզբից չեմ հաճախել, եկել եմ կեսից ու հիմա հույս ունեմ լրացնել բաց թողածը: Իմ սեփական ֆոտոապարատը չունեմ, լինում է՝ ընկերներից եմ վերցնում, կամ բարեկամներից: Կարծում եմ, ֆոտոապարատը այդքան էլ կարևոր չէ, ինչքան գաղափարը, որը դու փորձում ես ներկայացնել: Իսկ ֆոտոապարատը միայն որակն է ապահովում:

Լուսանկարը՝ Անի Հմայակյանի

Լուսանկարը՝ Անի Հմայակյանի

-Ես Անի Հմայակյանն եմ, 14 տարեկան: Սկզբում լուսանկարչության դասընթացին մասնակցելը ուղղակի զբաղմունք ու հետաքրքրասիրություն էր, չէի էլ մտածում, որ կարող եմ շարունակել ու հետագայում ցուցահանդեսի էլ մասնակցել: Դասընթացներին հաճախելուց մեկ շաբաթ հետո արդեն հասացա, որ լուսանկարչությունը այն չէ, ինչ բոլորն են մտածում: Այն մի ուրիշ աշխարհ է, որտեղ ամեն ինչ յուրահատուկ է: Լուսանկարչությունը արդեն իմ կյանքի անբաժանելի մի մասն է դարձել, և ինչ էլ լինի, ես չեմ մոռանա այն աշխատանքը, որը կատարեցինք մենք: Իմ բոլոր լուսանկարները ունեն մի նմանություն՝ խոսքի ազատության գաղափարը: Սիրում եմ նկարել սև ու սպիտակ, որովհետև այդպես ավելի ցայտուն է երևում լուսանկարի իմաստը:

IMG_1900-Ես Անգինն եմ, ծրագիրն ինձ տվել է նոր հայացք, նոր պատկերացումներ: Դասընթացներից առաջ լրիվ ուրիշ կերպ էի վերաբերվում առօրյայիս, շրջապատիս, իսկ հիմա ուրիշ աչքերով եմ նայում այդ ամենին: Լուսանկարներիս հիմնական գաղափարը ազատությունն է: Նկարում եմ սև ու սպիտակ, որովհետև կարևորում եմ իմաստը և ոչ թե գույնը:

Լուսանկարը՝ Հովհաննես Սարգսյանի

Լուսանկարը՝ Հովհաննես Սարգսյանի

-Ես Հովհաննեսն եմ: Մինչ լուսանկարչության դասընթացները, արդեն հաճախում էի «Կազա» կենտրոն: Սիրում եմ լուսանկարչությունը, որովհետև այն հնարավորություն է տալիս շատ պահեր անմոռաց դարձնել, կանգնեցնել ակնթարթը ու ավելի հետաքրքիր դարձնել: Ավելի շատ սիրում եմ դիմանկարներ անել:

Լուսանկարը՝ Արփի Բարսեղյանի

Լուսանկարը՝ Արփի Բարսեղյանի

-Ես Արփին եմ, 13 տարեկան եմ: Ավելի շատ սիրում եմ նկարել կենդանիների, քան մարդկանց: Շատ վաղուց լուսանկարչության խմբակ էի փնտրում, որ հաճախեմ, մայրիկիս միշտ խնդրում էի ինձ տանել տարբեր ցուցահանդեսների: Երբ բացվեց լուսանկարչության խմբակը, շատ ուրախացա: Բացի գիտելիքները, այն ինձ տվել է նաև շատ լավ ընկերներ:

Լուսանկարը՝ Լուսինե Չաքմիշյանի

Լուսանկարը՝ Լուսինե Չաքմիշյանի

-Ես Լուսինեն եմ, 14 տարեկան: Լուսանկարներս արել եմ Գյումրիում: Ես էլ մինչ խմբակի բացվելը հաճախում էի «Կազա»: Երբ իմացա խմբակի մասին, շատ հետաքրքրված էի: Սկսեցի հաճախ կառույցներ, քան բնություն:

mariam nalbandyan

Երևանում օդն ու արևը ուրիշ չեն

Երեկ 17.am-ում կարդացի մեր Լոռու թղթակից Սեդա Մխիթարյանի հարցազրույցը ուսանողուհի քրոջ հետ: Անկեղծ ասած, ինձ շատ հետաքրքրում է, թե ինչպես են ապրում և սովորում իմ հասակակիցները մեր երկրի այլ քաղաքների բուհերում: Բայց մի բան ինձ շատ վշտացրեց. իմ հասակակիցն արդեն համարյա ապացուցված աքսիոմայի նման բացատրում էր, թե` «Ես որպես լոռեցի երիտասարդ ինձ չէի տեսնում և հիմա էլ չեմ տեսնում երևանյան միջավայրում, որտեղ ըստ իս, մարդկային որակները բավականին այլ են»:

Ես նույնպես լոռեցի եմ: Մինչև դպրոց գնալս ապրել եմ Օձուն գյուղում: Դրանից հետո էլ, ամառները միշտ գնում էի գյուղ՝ մեր տուն: Հիմնականում բոլորը նշում են՝ գնում եմ տատիկիս տուն, իսկ ես երբեք չեմ ասել այդպես, միշտ էլ ասել եմ մեր տուն:

Երբ փոքր էի, իսկական տան ջերմությունը գյուղում էի զգում միայն, որովհետև տատիկս այնտեղ էր: Հետո կամաց-կամաց սկսեցի ավելի ուշ-ուշ գնալ գյուղ: Մեծացա, դասերս շատացան, կամ էլ ուղղակի տատիկն էլ այնտեղ չէր:

Հետո զգացի, որ ամառները ուզում եմ անցկացնել Երևանում, որ ընկերներիս հետ լինեմ, ու ավելի քիչ ժամանակով էի գյուղ գնում: Շուտով Երևանում էլ արդեն սկսեցի տան ջերմություն զգալ, սիրեցի իմ տունը, իմ քաղաքը: Երևի դարձա այն, ինչը որ շատերը հիմա սիրում են անվանել «երևանցի»:

Բայց իրականում ո՞վ է երևանցին: Ե՞ս, որ լոռեցի եմ, բայց այստեղ եմ ապրում, գյուղում աշխատանք չգտած երիտասա՞րդը, թե՞ դու, իմ սիրելի հասակակից, որ ուղղակի եկել ես Երևան` սովորելու նպատակով: Գուցե նկատի ունես էն մեր լավ ընկերոջը, որ Երևանում է ծնվել, ու շուտ-շուտ սիրում է նշել, որ ինքը բնիկ երևանցի է: Չգիտեմ, դու ում ես համարում երևանցի, բայց ինձ կարող ես վստահել, որովհետև ես շփվել եմ վերը թվարկված բոլոր մարդկանց հետ:

Երբ նոր էի եկել Երևան, հինգ տարեկան էի ու բարբառով էի խոսում: Հաճախում էի զրո դասարան, նախապատրաստական քոլեջի նման մի բան էր: Առաջին շփումս երևանցիների հետ դա էր: Երևանցի ասելով՝ ես նկատի ունեմ իմ քոլեջի երեխեքին, դու էն վերը թվարկվածներից ում ուզում ես հասկացիր: Երկու օր հետո մի ընկերուհի ձեռք բերեցի, որ ինձ հետ նույն խաղերն էր սիրում, ու մի ընկեր, որ ինձ ամեն օր ճկվող մատիտ էր նվիրում, եթե կհիշես, դրանք մի ժամանակ շատ տարածված էին: Հետո սկսեցի դպրոց գնալ, ու նույն երևանցի երեխեքի հետ խաղում էի, սիրում էինք կամ չէինք սիրում նույն առարկաները, նույն ուսուցիչներին: Ճիշտն ասած, ոչ ես, ոչ իրենք մեր մեջ տարբերություն չէինք զգում: Շարունակում էի նոր ընկերներ ձեռք բերել, իսկ ամառները, երբ գնում էի գյուղ, շարունակում էի շփվել իմ գյուղի ընկերների հետ: Ճիշտն ասած՝ ոչ ես, ոչ իրենք մեր մեջ տարբերություն չէինք զգում:

Հիմա արդեն ես եմ երևանցի, եթե վերջիվերջո որոշեցիր ինձ այդպես անվանել: Արդեն ուսանող եմ, ու մեր կուրսում մարզերից եկած շատ երեխաներ կլինեն երևի: Զարմացար, չէ՞, որ ասում եմ` երևի: Դե, խոստովանեմ, չգիտեմ` քանի հոգի կա, ով որտեղից է, որովհետև մարդու հետ ծանոթանալիս առաջին բանը բարևից հետո, որ հարցնում եմ, նրա որպիսությունն է, ոչ թե այն, թե որտեղից է: Դա առանձնապես չի էլ հետաքրքրում, երբ մի մարդու հետ նույն հետաքրքրություններն ունես: Ու մենք, անկախ նրանից, թե ով որտեղից է եկել, սիրում ենք ֆրանսերենն ու շատ ենք վախենում «տնտեսագիտության» քննությունից: Եթե ես, այնուամենայնիվ, երևանցի եմ, կարող եմ հաստատ ասել, որ նույնն եմ մնացել թե Օձունում, թե Երևանում: Ու չեմ կարծում, որ առանձնահատուկ եմ, ամենայն հավանականությամբ բոլոր հասակակիցներս էլ նույնն են մնում, Երևանի օդը ուրիշ չէ:

Գուցե շատերը մտածեն, որ եթե Երևանում ենք ապրում, մեզ ամեն ինչ ավելի հե՞շտ է տրվում: Երանի այդպես լիներ, տեղափոխվեինք Երևան, ու բոլոր պրոբլեմները միանգամից լուծվեին: Երևանում էլ մենք ամեն օր ունենք նույն խնդիրները, նույն մտահոգությունները ուսման վարձի, տրանսպորտի, դասերի ու առավոտը ինչ հագնելու վերաբերյալ: Այնպես որ, եթե մի օր որոշես Երևան գալ, իմացիր, որ մենք շատ շուտ կընկերանանք ու չենք էլ զգա՝ ով որտեղից է: Հիմա մի ֆրանսիացու հետ եմ շփվում` ֆրանսերենս բարելավելու համար: Համարյա իմ տարիքի է, ու պատկերացրու, նա էլ նույն հետաքրքրություններն ունի, ինչ ես:

Վերջերս գյուղում էի: Այնպես կուզեի կիսատ թողնել ուսումս ու գնալ գյուղում վառարանի կողքին նստել: Իսկական կրակի ջերմությունը ուրիշ է, չէ՞, անկախ նրանից` երևանցի ես, թե լոռեցի:

Աղվերանի մեդիա ճամբար. Վարպետության դաս. Նանե Սահակյան

Մեր այսօրվա զրուցակիցը «Ազատություն» ռադիոկայանի լրագրող-մոդերատոր Նանե Սահակյանն է: 

-«Մանանա» կենտրոն սկսել եմ հաճախել 12 տարեկանից: Այն ժամանակ կենտրոնում դեռ զարգացած չէին ֆիլմի, ֆոտոյի և մյուս ստուդիաները այնպես, ինչպես հիմա: Դրա համար ավելի շատ աշխատում էինք գրավոր տեքստերի՝  հոդվածների վրա: Բայց կամաց-կամաց զարգացան բոլոր ստուդիաները, և ես էլ ունեցա իմ ֆիլմը, որը իմ տատիկի մասին էր` «Իմ հերոսը» շարքից: «Մանանա» հաճախել եմ ոչ միայն մինչև դպրոցն ավարտելը: Ավարտելուց հետո էլ ես և իմ խմբի մի քանի երեխաներ գնում էինք «Մանանա» ֆիլմեր դիտում, քննարկում: Ես լրագրություն  սովորել եմ այստեղ: «Մանանայում», իհարկե, չեմ սովորել գրել լուր, պատրաստել լրատվական հաղորդում, բայց սովորել եմ գրել էսսեներ, պատմություններ: Դրանք հիմա «Ազատություն»-ում մենք անվանում ենք «սթորիներ», որոնք ամենապահանջվածն են, ամենակարևորն են և ամենաշատն են դիտվում: Սովորելով ԵՊՀ-ի ռոմանոգերմանական ֆակուլտետում՝ արդեն աշխատում էի լրագրող, սակայն այդ ֆակուլտետը լրագրողներ չի պատրաստում: Հիմնական տարբերությունը լրագրության ֆակուլտետի և «Մանանա» կենտրոնի միջև այն է, որ լրագրության ֆակուլտետը առաջին իսկ կուրսից սկսում է ձևավորել ցանց կոչվածը, երբ դու ծանոթանում ես քո ապագա կոլեգաների հետ, կապեր ես ձեռք բերում, իսկ կապերն այս ոլորտում շատ անհրաժեշտ են: Մնացած ամեն ինչը, ինչ տալիս է այդ ֆակուլտետը, ես ստացել եմ «Մանանայում»: Բակալավրիատը սովորել եմ օտար լեզու և գրականություն, իսկ մագիստրատուրան՝ մշակութաբանություն: Երկուսն էլ սովորել եմ իմ հետաքրքրասիրությունից դրդված և ոչ այն պատճառով, որ այդ կրթությունն ինձ օգնելու էր հետագայում աշխատանք ունենալ: Աշխատել սկսել եմ 18 տարեկանից, թղթակցել եմ տարբեր թերթերի, իսկ 20-21 տարեկանից սկսել եմ աշխատել «Ազատություն» ռադիոկայանում: Սկզբում ռադիոկայանի  երիտասարդական ռադիոհաղորդման խմբագրակազմում էի աշխատում: Վերջին տարիներին «Ազատություն» ռադիոկայանը դարձել է ինտերնետային հեռուստատեսություն, որտեղ աշխատում եմ որպես լրագրող-մոդերատոր:

Հիմա մի քիչ խոսեմ լրատվական հաղորդման մասին, որի վրա հիմա ես աշխատում եմ, և որը ամենալավը գիտեմ: Կարելի է ասել՝ լրագրության ամենակայացած ոլորտներից է, որովհետև չկա այդպիսի հեռուստաընկերություն, որը չունենա լրատվական հաղորդում: Լրատվական հաղորդումները հիմնականում մեկ ժամանոց հաղորդումներ են լինում, որոնք լուսաբանում են քաղաքական իրադարձություններ,  սոցիալական, երբեմն՝ իրավական և մշակութային: Օրինակ՝ CNN-ի հաղորդումները պրոֆիլային են. տնտեսական, ֆինանսական, Մերձավոր Արևելքի, Ամերիկայի ներքին քաղաքականության մասին հաղորդումները առանձին են ներկայացվում, որովհետև CNN-ը պրոֆեսիոնալ լրատվական ալիք է, որը 24 ժամ լուրեր է ներկայացնում: Հայաստանում այժմ լրատվական ալիք չկա: «Արմնյուզն»  էր, որը փակվեց որպես լրատվական ալիք և դարձավ ժամանցային:

Նայելով բոլոր ալիքների լրատվական ծրագրերը՝ կնկատեք, որ լուրերը հաճախ կրկնվում են, որովհետև Երևանում ինչ-որ ասուլիս է լինում, իսկ լրագրողները հիմնականում հակված են հեշտ ճանապարհով գնալ: Լրագրողները գնում են ասուլիս, որտեղ մարդիկ խոսելով ներկայացնում են պատրաստի նյութը, իսկ իրենք էլ նեղություն չեն քաշում զանգելու, խնդրելու, պայմանավորվելու: Այդ պատճառով էլ նույն ասուլիսը լուսաբանվում է 4-5 հեռուստակայանների կողմից, և տարբեր ալիքներ դիտելով՝ ստացվում է այնպիսի տպավորություն, որ նույն բանն եք նայել:

Լրատվական հաղորդման մեջ տեղ են գտնում 6-ից 10, կամ մի քիչ ավելի տեսանյութեր՝ 3-3,5 րոպե միջին տևողությամբ: 3,5 րոպեն մեծ ժամանակ է հեռուստատեսային եթերի համար, այդ ժամանակում կարելի է շատ բան պատմել: Հաղորդումները հիմնականում սկսվում են պաշտոնական լրահոսով, թե ինչ է ասել նախագահը, ինչ ելույթ է ունեցել վարչապետը և այլն: Բոլոր լրատվական ծրագրերը ունեն ընդհանուր գծեր, պատրաստվում են նույն ֆորմատով: Բոլորն էլ սկսվում են ինչ-որ ձանձրալի, պաշտոնական լուրերով, իսկ զվարճալի, կամ մշակութային լուրերը ներկայացվում են ամենավերջում: Լրատվությունը միշտ պետք է լինի չեզոք և չպաշտպանի ոչ մի կողմին, քանի որ լրագրողի գործը ընդամենը պատմելն է, և նա պետք է ներկայացնի բոլոր կողմերի տեսակետները:

«Ազատություն» ինտերնետային հեռուստատեսությունը կարելի է քննադատել տեխնիկական սխալների համար: Որպես հեռուստատեսություն այն ունի ընդամենը 2 տարվա պատմություն: Եթե նայեք մեր տեսանյութերը, կնկատեք մոնտաժի թերություններ, որոշ բաներ շատ կոպիտ են արվում, շատ արագ, մեր թիմում հիմնականում երիտասարդներ են, որոնք սովորում են:

Օրը «Ազատությունում» սկսվում է ժողովով, որը սկսվում է մոտ 10 անց կես, քանի որ երեկոյան շատ երկար ենք աշխատում՝ պատահում է մինչև գիշերվա ժամը մեկը, երկուսը, և առավոտյան ավելի շուտ չենք կարողանում հավաքվել: Ուրիշ խմբագրություններում, հետաքրքրվել եմ, կան կոորդինատորներ, որոնք թեմաները գրում են ու լրագրողներին ուղարկում կոնկրետ հանձնարարությամբ: Մեր խմբագրությունում լուրեր հայթայթելու ծանր պարտականությունը դրված է լրագրողի վրա, այսինքն՝ ոչ ոք մեզ կոնկրետ տեղ չի ուղարկում, մեզ ստիպում են ստեղծագործել: Մենք ինքներս ենք որոշում, թե ինչ պետք է անենք, այսինքն ինքներս ամեն օր պետք է գտնենք հետաքրքիր պատմություններ: Պատահում է, որ պատմությունները այդքան էլ լավ չեն ստացվում և տեղ չեն գտնում եթերում, այլ պարզապես հայտնվում են youtube-ում: ժողովի ժամանակ քննարկվում են պատմությունները, խմբագիրը կարող է ասել՝ ոչ, լավ թեմա չէ, ուրիշը գտիր: Լրատվական հաղորդումը կառուցվում է ըստ լուրերի կարևորության: Օրինակ՝ վերջին լուրերի հետ կապված. եթե «Սասնա ծռերը» գրավել է ոստիկանական բաժանմունքը, և ամբողջ երկիրը դրանով է ապրում, բնական է, մենք չենք լուսաբանի մեկ ուրիշ պատմություն, որը շատ հետաքրքիր է, բայց ոչ քաղաքական: Կլուսաբանենք, գուցե, մի ուրիշ օր, հակառակ դեպքում, դա չի լինի լրատվական հաղորդում: Լրատվական օրն է թելադրում, թե «Ազատության» լրագրողն ինչ անի: Մեր լրագրողները միշտ պիտի լինեն իրադարձությունների զարգացման կենտրոնում:

Ինչով է տարբերվում «Ազատությունը» մյուս լրատվականներից: «Ազատության» լրագրողը ոչ թե պարզապես նկարում է, թե ինչ է ասել այսօր վարչապետը կառավարության նիստի ժամանակ, այլ փորձում է երկրորդ կարծիքը գտնել, դրա մասին հարցնել ընդդիմության ներկայացուցչին կամ փորձագետին: Այսինքն, «Ազատությունը» փորձում է գտնել մի քանի կարծիք մի հարցի շուրջ: Դա մեր լրատվական հաղորդման սկզբունքն է: Երբեմն մեզ մեղադրում են միակողմանի կարծիք ներկայացնելու մեջ, վերջերս անգամ նամակ ստացանք անանուն մեյլից, որտեղ ասվում էր, որ մենք սադրում ենք մարդկանց: Ընդդիմության ձայնը ներկայացնող հարթակ հիմա պարզապես չկա, այդ պատճառով «Ազատությունը» իրեն թույլ է տալիս մի փոքր ավելի ժամանակ հատկացնել ընդդիմախոսներին, որովհետև այդ մարդիկ եթերից զրկված են:

«Ազատությունը» 24-ժամյա հեռուստաընկերություն չէ, բայց արտակարգ իրավիճակների դեպքում 24 ժամ եթեր ենք հեռարձակում: Մեր ռեսուրսները չեն բավականացնում 24 ժամ անդադար պատրաստի արտադրանք տալ (մոնտաժված հաղորդում, մեկնաբանություն, վերլուծություն), բայց բավականացնում են դեպքի վայրից ուղիղ եթեր հեռարձակել: Ուղիղ եթեր հեռարձակելու մեր սարքվորումը մեծ քառակուսի տուփի նման բան է, որը օպերատորը մեջքին է հագնում: Դրա մեջ մոտ մի տասը հատ ինտերնետի չիփ կա, օգտագործվում է միանգամից դրանց բոլորի հզորությունը: Եթե մի կապը չաշխատի, մյուսից կօգտվենք, բայց եթե ընդհանուր որոշում լինի մեզ թույլ չտալ եթեր հեռարձակել, կարող են ուղղակի անջատել ինտերներտը, քանի որ մենք ինտերնետային հեռուստաընկերություն ենք:

«Ազատություն» ռադիոկայանը ֆինանսավորում է ստանում ԱՄՆ-ի պետդեպարտամենտի, որոշ եվրոպական կառույցների կողմից: Ռադիոկայանն ունի տասնամյակների պատմություն, ունի ծառայություն Աֆղանստանում, Իրանում, հետխորհրդային երկրներում, արևելաեվրոպական որոշ երկրներում, որտեղ առկա են խոսքի ազատության, մարդու իրավունքների և ժողովրդավարության խնդիրներ: 2008 թվականին, երբ Հայաստանում անընդհատ հանրահավաքներ էին ընտրություններից հետո, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ մենք պետք է երջանիկ լինենք, երբ գա օր, որ Հայաստանում փակվի «Ազատություն» ռադիոկայանը, քանի որ դա նկշանակի, որ Հայաստանում արդեն կա խոսքի ազատություն, ժողովրդավարություն: «Ազատություն» ռադիոկայանում կա խոսքի ազատություն, քանի որ ֆինանսավորումը ուրիշ տեղից է, մեզ վերահսկելու լծակներ չկան:

Լրագրողը, որևէ հեռուստաընկերությունում աշխատանքի անցնելուց առաջ, ստորագրում է հատուկ փաստաթուղթ, որտեղ նշված է, թե լրագրողը ինչպես պետք է իրեն պահի: Ընդհանուր կետերն են` լրագրողի օբյեկտիվությունը, սոցիալական հարթակում չեզոքությունը և այլն: Վերջերս ավելացրել են ևս մի կետ, որը վերաբերվում է սոցիալական ցանցերին. լրագրողը սոցիալական ցանցերում էլ իրեն պետք է պահի որպես լրագրող: «Ազատությունում» ևս, ես կզկվեմ աշխատանքից, եթե սոցիալական մեդիայում հայհոյեմ քաղաքական գործիչներին, ագրեսիվ կոչեր հնչեցնեմ, հարցազրույց վերցնեմ մի մարդուց և այն տեղադրեմ սոցիալական իմ էջում` ծաղրելու նպատակով: Բայց սա չի նշանակում, որ ես չեմ կարող քննադատել որևէ երևույթ, եթե կարծում եմ, որ քննադատելու տեղ կա: Լրագրողը նաև չի կարող իրեն պահել որպես ակտիվիստ: Անցած տարի Ազգային ժողովում քննարկումներ էին ընթանում կարևոր հարցի շուրջ: Լրագրողները պաստառներով գնացել էին բողոքի ակցիայի: Մեր լրագրողը չէր գնացել, սակայն եթե գնար, հաստատ նկատողություն կստանար, որովհետև ցույցի գնալը ակտիվիստի պահվածք է: Լրագրողը պետք է կարողանա գրելու միջոցով իր ասելիքը ժողովրդին հասցնել և ոչ թե ցույցի գնալով:

«Ազատությունը» տասնյակ տարիներ եղել է ռադիոկայան, ինտերնետային հեռուստատեսություն է դարձել միայն վերջին 2-3 տարիների ընթացքում այն պատճառով, որ տեխնիկական հնարավորությունները դա հիմա թույլ են տալիս: Ժողովուրդը հիմա քիչ է հեռուստացույց նայում և լուրերին ավելի շատ հետևում է ինտերնետով: «Ազատություն» ռադիոկայանում չկան հաղորդավարներ, կան մեկնաբաններ: Այսինքն, լրագրողը ինքը գրում է լուրը, և ինքն էլ ներկայացնում է: Տվյալ դեպքում, կարևոր չէ արդեն նրա արտաքին տեսքը և ձայնը: Հաղորդավար կոչվածը լրատվական հաղորդումներում վերանում է: Լրագրողը կարդում է իր տեքստը անձամբ, հուշարար կոչվող սարքի միջոցով, որը թույլ է տալիս սեղանի տակ ոտքով փոխել տողը:

Ամենադժվար գործը մարդկանց հետ շփվելը և մարդկային պատմություն նկարելն է: «Ազատությունում» էլ կա լրագրող, որ շատ ճարպիկ է, լավ լրագրող է, բայց երբեմն չի կարողանում շփվել հուզված, բարկացած մարդկանց հետ: Եթե ուզում եք մեդիայի ոլորտում աշխատել, կարևոր չէ, կլինեք լրագրող, խմբագիր, թե մոնտաժող, կինոռեժիսոր կամ ֆոտոլրագրող, ամենակարևոր բանը, որ պետք է սովորել, մարդկային պատմություն նկարելն է, շրջապատող աշխարհը ուսումնասիրելը և բացահայտելը: Լրագրող լինելու համար շատ կարևոր է նաև իմանալ քո ոլորտը, որտեղ աշխատում ես, ունենալ տեխնիկական հմտություններ՝ նյութ գրել, մոնտաժ անել: Լրագրությունը մասնագիտություն չէ, լրագրությունը կենսակերպ է: Այսինքն, եթե դու լրագրող ես, դու երբեք քո աշխատանքը կոնկրետ ժամի չես ավարտում և տուն չես գնում: Օրինակ, «Ազատությունում» ներքնակ կա փռած, մարդիկ կան, որ օրերով իրենց երեխաներին ուղարկում են իրենց ծնողների մոտ: Լրագրողի կյանքը երբեք կանոնակարգված չէ: Մեր լրագրող տղաներից մեկը 14 օր մնաց Խորենացի փողոցում, այնտեղ էլ քնում էր: Լրագրողի համար տանջվելը այդքան էլ կարևոր չէ, որովհետև լավ լրագրողը հաճախ մրցակցության մեջ է մտնում, և իր համար էլ կարևոր չէ տուն չգնալը, շատ տանջվելը: Թերթերում առավել ևս, մինչև ուշ գիշեր կարող են նստել, սպասել որևէ իրադարձության հանգուցալուծման, որպեսզի տպաքանակը ուղարկեն տպագրատուն, որ մարդիկ առավոտյան թարմ նորություններ կարդան:

Զրույցը գրի առան Սարգիս Մելքոնյանը և Մարիամ Նալբանդյանը

CRUMBS, այսինքն` փշրանքներ…

«Մենք այնքան համով պիտի թխենք, որ անգամ փշրանքները վերջում ուզենան ուտել»: 

Հարցազրույց «Քրամբս» հացթուխարանի տնօրեն` Անի Հարությունյանի հետ

-Կպատմե՞ք Ձեր մանկության մասին: Որտե՞ղ եք սովորել և ի՞նչ հետաքրքրություններ ունեք:

-Դժվար հարց էր: Դե, դպրոցում եմ սովորել, ինչպես բոլորը, բայց շատ դպրոցներ եմ փոխել: Երևի մոտ 8 դպրոց եմ փոխել 10 տարվա ընթացքում, որովհետև ինձ անընդհատ դուր էր գալիս նոր ընկերներ ձեռք բերելը, և երևի դրա հեշտագույն միջոցը մի դպրոցից մյուս դպրոց գնալն էր ու նոր ընկերներ ձեռք բերելն էր, և մյուս դասարանիս ընկերների հետ էլ էի միշտ իմ կապը պահպանում:

Հետաքրքրություններս անընդհատ փոփոխվում էին, ու մինչև հիմա այդպես է: Ժամանակ առ ժամանակ ինձ մի նոր բան էր հետաքրքրում, և ես սկսում էի դրանով զբաղվել: Հաճախել եմ «Մանանա» որոշ ժամանակ, գնացել եմ կարատեի, գնացել եմ պարի, գնացել եմ գոբելենի, գնացել եմ ուրիշ տեսակի գոբելենի, գնացել եմ խոհարարության խմբակների ու այդպես մի շարք բաների, որովհետև պարբերաբար իմ հետաքրքրությունները փոխվում էին, ու ես այդպես իմ ժամանակը տրամադրում էի դրանք ուսումնասիրելուն: Օրինակ, հիմա էլ: Հիմա նոր սկսել եմ «սքվոշ» խաղալ սովորել ու փորձում եմ պարապլանով թռչել: Չգիտեմ` ինչ կլինի վերջում, բայց փորձում եմ: 10 տարի այստեղ եմ սովորել, դպրոցից հետո գնացել եմ ուրիշ դպրոց, բայց այստեղ չէ՝ Անգլիայում: Այնտեղ 12 տարի է դպրոցը, այսինքն, ևս երկու տարի այնտեղ եմ սովորել ու արդեն դրանից հետո ընդունվել եմ այնտեղ համալսարան: Իսկ ավարտելուց հետո վերադարձել եմ  Հայաստան:

-Իսկ ի՞նչ մասնագիտություն ունեք:

-Ես սովորել եմ կառավարում այնտեղ, բայց ընդհանուր էր, ավելի շատ` բիզնես կառավարում: Այտեղ սովորել եմ, թե բիզնեսը ինչից է կազմված, ինչպես կարելի է կառավարել, ավելի շատ ինֆորմացիա եմ ստացել: Ավելի կոնկրետացված ինչ-որ մասնագիտություն չունեմ:
-Ինչո՞ւ որոշեցիք Հայաստան վերադառնալ:
-Ճիշտն ասած, 5 տարի, որ ես այտեղ էի, ամեն տարի ծրագրում էի, որ շուտ վերջանա, որպեսզի վերադառնամ: Ես հենց առաջին օրվանից շատ ուզեցել եմ վերադառնալ, այսինքն` իմ նպատակն էր` գնալ, ստանալ կրթություն և վերադառնալ: Ես երբեք ծրագիր չեմ ունեցել այնտեղ մնալու: Այսինքն, ի սկզբանե ես գնացել եմ միայն ուսում ստանալու նպատակով և վերադարձի ակնկալիքով, այդպես էլ եղավ:

-Իսկ երբ վերադարձաք, ի՞նչ աշխատանքների մեջ Ձեզ փորձեցիք:

-Երբ վերադարձա, սկզբից որոշեցի, որ մի քանի տեղ պետք է անցնեմ պրակտիկա: Մի քանի կազմակերպություններում կարճատև պրակտիկա անցա, հետո հասկացա, որ դա իմը չէ, որովհետև ես նորից արագ ձանձրանում եմ և որոշեցի, որ միգուցե պետք է ձեռնարկել ինչ-որ գործ, որով կզբաղվեմ: Եվ ավելի շատ հետաքրքրություններ կլինեն, որովհետև բազմաբնույթ կլինի այդ գործը, և ես տարբեր բաներ պիտի ուսումնասիրեմ: Եվ այդպես դրեցի իմ առաջին գործը. տարբեր տեսակի բաներ էի ներմուծում Գերմանիայից: Դա մի կազմակերպություն էր, որ արտադրում էր այդ ամբողջը` անձեռոցիկներ, մոմեր, տարբեր տեսակի մեկանգամյա օգտագործման պարագաներ, ափսեներ, բաժակներ, ու դրանք վաճառում էի արդեն մեծ սուպերմարկետների ցանցին:

-Իսկ չե՞ք ուզել աշխատել որևէ բարձր վարձատրվող կազմակերպությունում:

-Որ պատկերացնում եմ, պետք է ժամը 6-ին կամ 7-ին արթնանամ ու ամեն օր հագնեմ իմ կոստյումը, չէ: Անկեղծ, չէ: Շատ հաճախ եմ այդ հարցը ինձ տալիս, բայց ես սիրում եմ հագնել իմ բոթասները, ես սիրում եմ հագնվել հարմար ու գալ հարմար գործի: Որ պատկերացնում եմ` պետք է այդպես ստիպված ամեն օր վերնաշապիկս արդուկած հագնեմ, հավեսս փախնում է: Պատրաստ եմ ուրիշ գործ անել, շատ, միայն այդպես չհագնվեմ:

-Ինչպե՞ս որոշեցիք ստեղծել Crumbs-ը:

-Crumbs-ի գաղափարին բավականին երկար եմ եկել, որովհետև այդ ապրանքներից, որ ներմուծում էի, ինչ-որ ժամանակ հետո նորից ձանձրացա և որոշեցի, որ պետք է մի նոր բան էլ ձեռնարկել:  Ունեի բազմաթիվ մտքեր: Հիմա մեկ-մեկ, որ հետ եմ գնում,  տետրակներս նայում եմ, թե ինչ նշումներ եմ արել՝ սկսած, որ ես բժշկական լաբորատորիա էի բացում, հետո արտադրում էի կարտոֆիլի սառեցված ֆրի… Տարբեր մտքեր կային: Հետո մի անգամ այնպես եղավ, որ մենք տանը զրուցում էինք, քանի որ ես շատ սիրում եմ խոհանոցում գործ անել` դա կլինի խմորեղեն սարքել կամ ուղղակի ճաշ եփել: Այդ ժամանակ մտածեցի, որ պետք է այնպիսի մի բան անել, որ կապված է իմ հետաքրքրության հետ, որովհետև լաբորատորիայից գլուխ չէի հանում, բժշկությունից շատ հեռու եմ, չնայած որ փորձեցի բոլոր այդ բժշկական տերմինների հետ ծանոթանալ, բայց անհույս: Մեր ընտանիքում շատ են սիրում խմորեղեն: Ու մերոնք հարցրեցին, թե  ինչո՞ւ  չեմ փորձում լավ խմորեղեն արտադրել: Սկսեցի ուսումնասիրել: Ուսումնասիրեցի, ուսումնասիրեցի, հետո ասացի, թե` ի՞նչ կլիներ, եթե ես արտադրեի լավ հաց: Ու հետո ասացի, որ եթե ես ուզում եմ հաց թխել, դրա համար պետք է գնամ սովորեմ հաց թխել ու շատ հանկարծակի, հիշեցի, որ հայրս ունի զարմուհի, որը Փարիզում է ապրում: Ասացի` մի հատ գրեմ: Գրեցի, թե կարո՞ղ է իրենց մոտ կա ինչ-որ շատ լավ հացթուխարան, որ իրեն դուր է գալիս: Ու կարո՞ղ է նա իրենց դիմել, ու իրենք պատրաստակամ լինեն ինձ սովորեցնել: Անցավ մի շաբաթ, ինքը գրեց, որ այո, ինքը խոսել է, և նրանք ասել են` թող գա: Դե, ես էլ գնացի: Ու այդպես սկսվեց ամեն ինչ, որովհետև մինչև այդ ոչ մի ծրագիր լուրջ չկար: Հետո գնացի մի ամիս Փարիզում աշխատեցի այդ հացթուխարանում: Գիշերները աշխատում էի այդ հացթուխի հետ, առավոտյան շուտ գալիս էի նորից: Մեկ այլ խոհարար կար, որ սարքում էր խմորեղենը: Խմորեղենն էլ նրա հետ էի սովորում թխել: Ոտքով, ձեռքով իրար հասկանում էինք, որովհետև իրենք անգլերեն չգիտեին, ես ֆրանսերենին շատ լավ չէի տիրապետում: Մի ամիս հետո արդեն սկսեցին իրենք անգլերեն խոսել, ես էլ սկսեցի ֆրանսերեն խոսել: Հետո այնպես ստացվեց, որ էլի ընկերներ ունեինք Շվեյցարիայում, որ ասացին, թե կարո՞ղ է` ուզում եմ գնալ, տեսնել Շվեյցարիայում հացը ինչպես են պատրաստում, որովհետև այնտեղ ուղղվածությունը մի քիչ այլ է: Դե, Շվեյցարիայում շատ համեղ հացեր կան: Ասացի, որ եթե այնտեղ դեմ չեն լինի ինձ վերցնել, ես կգամ: Այնտեղ էլ դեմ չեղան մարդիկ: Ես վերցրեցի, հավաքեցի իմ իրերը և Փարիզից գնացի Լյուցերն քաղաք: Այնտեղ էլ խոսում էին գերմաներեն, ես գերմաներեն չեմ խոսում, ու չէին խոսում անգլերեն: Մի ամիս էլի ոտքով, ձեռքով իրար բացատրեցինք, իրար հասկացանք, բայց այնտեղ գիշերն էին աշխատում, այսինքն` գիշերը ժամը 3-ին սկսում էին, ու մինչև ցերեկը 12-ն էր: Ես էլ մնում էի հյուրանոցում, ու միակ տարբերակը` հասնելու գործի, դա հեծանիվն էր: Հյուրանոցի աշխատող տղան չեր հասկանում, թե ինչ է կատարվում: Իջնում էի ներքև գիշերը 3-ին: Դռնապան տղան, որ դուռը փակում էր, դե հյուրանոցում գիշերը ժամը 3-ին ոչ մեկը ներս ու դուրս չի անում, բարևում էի, ինքն էլ՝ ինձ, հարցնում էի, թե` կարո՞ղ եմ հեծանիվս վերցնել պահեստից: Առաջին օրերին տղան չէր հասկանում, թե ինչ է կատարվում, հարցնում էր, թե ո՞ւշ եմ գալու, որպեսզի դուռը փակի: Ասում էի՝ փակեք, ես առավոտյան եմ գալու: Մեկ, երկու, երեք, մի օր ասաց.
-Կներեք, էլի, մի հարց տամ: Ո՞ւր եք գնում գիշերը:
Ասացի, որ գնում եմ գործի, հաց եմ թխում:
Ու ինձ մի օր անգամ գիշերը կանգնեցրեց ոստիկանը: Մարդ չկա փողոցում, մենակ ես եմ ու ես: Գիշերվա 3-ին մարդ չկա, պարզ է: Այնտեղ փողոցներում առանձնացված մաս կա հեծանվորդների համար, այստեղ չունենք: Լուրջ դեմքով կանգնած էր ոստիկանը, ինձ էր սպասում երևի, չգիտեմ: Մենակ ես էի, էլ մարդ չկար: Ասաց, որ իմ հեծանիվը չունի հետևի լույսեր, ու եթե չեմ ուզում տուգանվել, խնդրում է, որ իջնեմ հեծանիվից և կողքով քայլելով գնամ: Տխուր դեմքով էլի հետ գնացի:

Դրանից հետո եկա Հայաստան ու սկսեցի աշխատել այս ծրագրի վրա, այսինքն` հացը դարձավ հաց և խմորեղեն, հացն ու խմորեղենը դարձավ սրճարան, ու այդպես ամբողջական դարձավ Crumbs-ի ստեղծման միտքը:

-Դժվար չէ՞ր հարմարվել այդ պայմաններին, չէ՞ որ մենակ էիք ու տեղափոխվում էիք մի վայրից մյուսը:

-Չէ՝ հաշվի առնելով իմ հինգ տարվա փորձը, որ ես ապրել եմ Անգլիայում և եղել եմ մենակ: Ես շատ հանգիստ ճանապարհորդում եմ մենակ, և ինձ դա շատ դուր է գալիս: Ես չեմ ձանձրանում: Հետո ես ձեզ ասեմ՝ այնքան շատ էր գործն ու ծանրաբեռնվածությունը, և ինձ համար անսովոր էր: Ես վերադառնում էի լուսադեմին հյուրանոց, ինձ ստիպում էի  չքնել: Նորից դուրս էի գալիս, մի քիչ պտտվում էի, որովհետև պետք է այնպես անեի, որ ինչ որ ժամի քնեի, որպեսզի ժամը 3-ին վեր կենայի: Այդպես ամեն օր չէի կարողանում իմ շորերը տանել լվացքատուն, ստիպված ամեն օր լվացք էի անում հյուրանոցի սենյակում, և հյուրանոցի սպասուհին չէր հասկանում, թե ինչ է կատարվում, որովհետև ամեն օր հագուստներ էին կախած չորանալու: Միշտ ցերեկը գալիս էր, ես ասում էի` քնած եմ, եթե հնարավոր է, թող ավելի ուշ գա: Ու այդպես մի ամիս: Չէ, դժվար էր, իհարկե, բայց հավես էր: Լիքը նոր բան եմ սովորել, ընկերներ եմ ձեռք բերել այնտեղ, որ մինչև հիմա մեկ-մեկ գալիս են Հայաստան տարբեր գործերով ու միշտ գալիս են ինձ հյուր: Հաճելի է:

-Իսկ ինչու՞ անվանեցիք Crumbs:

-Մի ցուցակ անուններ էի գրել, մտածում էի, թե որ մեկն է ինձ դուր գալիս: Հետո որոշեցի crumbs, այսինքն` փշրանքներ, այսինքն` մենք այնքան համով պիտի թխենք, որ անգամ փշրանքները վերջում ուզենան ուտել:

-Աշխատանքի ընթացքում ի՞նչ դժվարություններ առաջացան

-Բազմաթիվ: Եվ այդ դժվարությունները միշտ կան: Սկզբնական շրջանում ամենադժվարը գտնել մեզ համար հացթուխ, որովհետև խմորեղենը շատ ավելի հեշտ է սարքել, այն պատճառով, որ խմորեղենի դեպքում, ենթադրենք, գրված է` օգտագործել այսքան կարագ, այսքան շաքարավազ, հարել այս հերթականությամբ, և եթե ճիշտ ես անում քայլերը, վերջում ստանում ես ճիշտ արդյունք: Հացը շատ ավելի բարդ է: Երբ աշխատում ես թթխմորի հետ, ցանկացած բան ազդում է նրա վրա: Եթե մի քիչ այսօր ջերմաստիճանը ավելի բարձր է, խմորը իրեն մեկ այլ ձև է պահում, մի քիչ ավելի ցածր է՝ մեկ այլ ձև, ջրի ջերմաստիճանը ուրիշ է, լրիվ այլ ձև: Այսինքն՝ անընդհատ տատանվում է, և դու պետք է լուրջ հմտություն ունենաս, որ կարողանաս աշխատել: Եվ ես չէի կարողանում գտնել համապատասխան մասնագետներ: Ստիպված գիշերները հիմնականում ես էի աշխատում, մեկ այլ աղջկա՝ Ռոզայի հետ, մինչև կամաց-կամաց մենք գտանք և հավաքեցինք մեր աշխատակիցների թիմը: Իսկ դժվարություններ անընդհատ լինում են, տարբեր բաների հետ կապված: Ուղղակի արդեն սովորել ենք: Դրանք արագ հաղթահարում ենք և անցնում առաջ:

-Իսկ բաղադրատոմսերը միայն այնտեղից բերվածնե՞րն են, թե՞ ուրիշ տեղերից էլ էիք օգտվում:

-Չէ, ընդհանրապես: Իրականում այնտեղի իմ գիտելիքները ավելի շատ տեխնիկական մասն էին ապահովում, այսինքն, որպեսզի ես պատկերացնեի պրոցեսը, իսկ բաղադրատոմսերը, քանի որ, ինչպես ասացի, մեր ֆրանսերենի, անգլերենի և գերմաներենի իմացությունները չէին համընկնում, շատ դժվար էր ինչ որ բաղադրատոմս կամ բան իրենցից վերցնել: Ես շատ մեծ գրադարան ունեմ և ամեն ամիս ինձ նվեր եմ առնում խոհարարական նոր գիրք:

-Այսինքն, գրքերի՞ց եք վերցնում բաղադրատոմսերը:

-Շատ օգտվում եմ գրքերից, շատ օգտվում եմ բլոգներից, օնլայն տարբեր տեսակի բլոգներից, բայց միշտ աշխատում եմ այդ բաղադրատոմսերի վրա: Այսինքն, իրենք վերջնական մշակում են անցնում: Շատ բաներ եմ փոփոխում մեջը: Թե հարմարեցնում եմ մեր ունեցածի հետ, այսինքն՝ բաղադրիչներ կան, որ այստեղ դժվար է գտնել: Դա ես հարմարեցնում եմ Հայաստանում մեր ունեցածին:  Կամ մի բան փոխում եմ: Ենթադրենք`  շաքարավազի քանակը դուր չի գալիս, որովհետև կարող է շատ է: Ես չեմ սիրում, երբ շատ քաղցր է լինում,այդ եմ փոփոխում: Կարող է երկու տարբեր տորթերի միջուկ վերցնենք, միացնենք,  ուրիշ բան ստանանք:  Այսինքն՝ այսպես անընդհատ տարբեր բաներ փորձելով ենք անում:

-Որպես այս բնագավառում արդեն փորձառու մարդ, ի՞նչ դժվարություններ կարող են առաջանալ Հայաստանում առհասարակ բիզնես ստեղծելիս:

-Ինձ համար ամենադժվարը եղել է ճիշտ թիմ հավաքելը, դժվարությունները հաղթահարելով ես հիմա ունեմ շատ լավ թիմ: Մենք մոտավորապես քառասուն աշխատող ունենք Crumbs-ում: Ես շատ սիրում եմ մեր թիմը, բայց դա երկար և դժվար աշխատանքի արդյունք է:  Բացի այդ, սննդի բնագավառի համար, դժվարություն է` գտնել այստեղ տարբեր բաղադրիչներ:  Սակայն ասացի,էլի կարելի է ինչ որ մեկ այլ բանով փոխարինել: Ամեն բնագավառի համար դժվարությունը սպեցիֆիկ է լինում: Ես ամենաշատը կարևորում եմ թիմը, և դա ամենադժվարն է: Բայց հենց հաջողում ես, արդեն շատ հեշտանում է գործդ:

-Իսկ Դուք պատրա՞ստ էիք այդ դժվարություններին, թե եթե իմանայիք, կսկսեի՞ք:

-Միանշանակ կսկսեի: Ես միշտ, երբ դժվար պահ է լինում,  մտածում եմ այսպես. «Ուրեմն տարբերակ չկա, Անի, դու պետք է սա լուծես: Հիմա կա տարբերակ 1` տզզալ և ասել, որ սա չի լուծվում, կամ տարբերակ 2` ուղղակի լուծել և առաջ անցնել»: Առաջին տարբերակը` տզզալը, շատ չի օգնում, որովհետև մեկ է, այդ խնդիրը չի անհետանում: Դրա համար ես միշտ ընտրում եմ 2-րդ տարբերակը: Պետք է խնդրին լուծում տալ և անցնել առաջ: Կապ չունի, ինքը ինչպիսին է, որովհետև, եթե խնդիր կա, ուրեմն լուծում էլ կա: Պետք է լուծումը գտնել: Իսկ երբ առհասարակ  դժվարություն չի լինում, շատ անհետաքրքիր է դառնում:

-Կարո՞ղ է մի օր էլ ձանձրանաք Crumbs-ից:

-Ոչ թե Crumbs-ից կձանձրանամ, այլ կձանձրանամ, եթե նոր նախագծեր չունենամ: Այսինքն, եթե չունենա մեծանալու , ավելի լավանալու , նոր բան ավելացնելու հնարավորություն: Ես ձանձրանում եմ նրանից, որ հետաքրքիր նորություն չկա ինձ համար: Ենթադրենք, նախորդ իմ գործից ես ձանձրացա, որովհետև ես հասկացա, որ շուկան շատ փոքր է, և ես նոր գործընկերներ շատ չէի կարողանում ձեռք բերել: Այն գործընկերները, որ արդեն ունեի, իրենք են և վերջ: Ու ոնց որ մենք մնացել էինք մի տեղում: Մեծանալու շատ հնարավորություններ չկար Հայաստանում, դրա համար էր նաև, որ ես դրանից ձանձրացա: Իսկ օրինակ Crumbs-ում միշտ մի նոր բան կարելի է մոգոնել: Կարելի է մենյուն փոխել, այդ նշանակում է մեծ աշխատանք նորից` գտնել բաղադրատոմսեր, մշակել բաղադրատոմսերը, փորձարկել, արդեն մի 2-3 ամիս կարող է տևել: Կամ ամեն տարի մենք մի նոր սրճարան ենք բացել: Միայն այս տարի չենք բացել, դրա համար հիմա պետք է տեղը լրացնել  նոր նախագծով: Ուզում եմ ասել, դեռ այնպես չի եղել, որ ձանձրանամ, որովհետև միշտ մի բան կա անելու: Վերջացրեցինք այս մեկը, կարգավորեցինք, որոշեցինք, որ բացում ենք 2-րդ սրճարանը, մի տարի գնաց դրան: Մինչև կազմակերպում ես, մինչև դիզայնը անում ես, մինչև գտնում ես ամեն մի մանրուք, մինչև վերանորոգում ես, մինչև գնում-գալիս ես, մի տարի անցնում է: Մի տարի անցավ, մի քանի ամիս էլ աշխատում ես, որ այդ մի սրճարանը մտնի հունի մեջ: Մեկ էլ մի քիչ անցնում է, ասում ես, որ կարելի է երրորդն էլ բացել, որովհետև երրորդի կարիքը կա, ու էլի նույն այդ պրոցեսը: Այսինքն, այդ ընթացքում ամեն մի սրճարան իր հետ բերել է իր դժվարությունները: Սկսած նրանից, որ այս մասում ջուր չունենք, բայց պետք է ջուր քաշենք, որովհետև այդտեղ մեզ պետք է լվացարան, ու այսպիսի լիքը-լիքը տարբեր հարցեր կան, որ հենց այդ լուծելն էլ հետաքրքրություն է մտցնում:

-Իսկ Ձեր տարիքը Ձեզ թո՞ւյլ էր տալիս զարգացնել Crumbs-ը:

-Եթե ես այդպես կենտրոնանայի իմ տարիքի վրա ու լսեի աջ ու ձախ, ապա ոչ մի բան չէր ստացվի: Ինձ բոլորը ասում էին, թե ես շատ երիտասարդ եմ, արդյոք, գիտե՞մ` ինչ է նշանակում հացթուխարան դնելը. դա գիշերները չքնելն է, ընդմիշտ չքնելը: Ես այդպես չեմ կարծում: Եվ չեմ կարծել: Ես մտածել եմ, որ ոչ, այդպես կլինի սկզբում, իսկ որոշ ժամանակ հետո գիշերը հանգիստ կքնեմ և կկարողանամ այնպես անել, որ մեր հացթուխները առանց իմ ներկայության հացը թխեն: Եվ այդպես էլ եղավ: Ու ինձ թվում է, որ իմ տարիքը երբեք ինձ չի խանգարել, ընդհակառակը` ինչ-որ տեղ առավելություն է:

-Իսկ մարդ ինչպիսի՞ հատկանիշներ պետք է ունենա, որ սկսի իր սեփական գործը:

-Ամենակարևոր հատկանիշը, ես կարծում եմ, իր ուժերին հավատալն է, և սիրով սկսել այն գործը, ինչը ուզում է անել: Մնացածը հաղթահարելի է միանշանակ: Եթե դու հավատաս քո գործին և քո ուժերին, ապա գործը կարող ես սկսել և հաջողել: Ու նաև ինձ համար, օրինակ, շատ կարևոր է, երբ ինչ անում ես, անես որակյալ: Օրինակ՝ մենք անում ենք մեր ուտելիքի լուսանկարները: Ես շատ պահանջկոտ եմ այդ հարցում, ինձ համար շատ կարևոր է, որ մենք ունենանք լավ, սիրուն լուսանկար: Ես ուզում եմ նայել այդ լուսանկարին ու իմ ախորժակը բացվի: Եթե պիտի վատը լինի, ես ավելի լավ է` չդնեմ: Մենք նկարել ենք վերջերս փոքրիկ, 30 վայրկյանանոց վիդեո: Մենք չենք նկարել, մենք այլ կազմակերպության հետ ենք աշխատում, բայց նորից իմ պահանջները եղել են շատ բարձր, այդ վիդեոն պետք է լինի լավագույններից: Ամեն տեղ չի դա այդպես: Գործի մեջ տեղեր կան, որ մենք միանշանակ թերանում ենք և անընդհատ փորձում ենք շտկել: Բայց երբ ձգտում ես ամենալավը անել, գոնե ինչ որ չափով  հասնում ես  նպատակիդ: Ինչքան ավելի շատ ես ձգտում, այնքան ավելի մոտ ես լինում ամենալավը անելուն:

-Ձեր տեսականուց ամենաշատը ի՞նչն եք սիրում:

-Այս վերջին շրջանի ամենասիրածս բանը դա կարկանդակն է, անկեղծ կասեմ: Վերջերս ամեն օր կարկանդակ եմ ուտում: Բայց հետո կարող է ինչ որ ժամանակ անցնի, ուրիշ բանի անցնեմ: Հացերից մի երկու հաց կա, որ շատ-շատ եմ սիրում:  Գերմանական հաց ունենք ծլեցրած սերմերով, շատ-շատ եմ սիրում:  Տորթերից` «Կանաչ մատչա» թեյով խմորեղեն ունենք, որ շատ սիրում եմ: Սիրում եմ չիզքեյք: Իրականում ամեն ինչն էլ համարյա սիրում եմ, որովհետև, եթե մի բան չեմ սիրում, չեմ հանում վաճառքի: Մի սենդվիչ ունենք, որ մարդիկ սիրում են, ես չեմ սիրում, բայց հիմնականում ամեն ինչ ես սիրելով եմ մտցնում մենյուի մեջ: Մի սենդվիչ ունեինք, հանեցինք ճաշացանկից, որովհետև այդպես շատ չսիրեցին մարդիկ, թեև ես շատ եմ սիրում:  Ինձ թվում է մի օր ես հետ կբերեմ, ու մարդիկ կսիրեն:

-Երբ թխվածքները թխում եք, ու չի վաճառվում, ի՞նչ եք անում:

-Հիմնականում հաշվարկն այնպես է արվում, որ այդպիսի դեպքեր չլինեն, բայց դե իհարկե, լինում են: Բայց այնքան քիչ է մնում, օրինակ՝ կարող է մի կտոր մնալ կամ երկու կտոր, ուտում ենք մեր սուրճի հետ: Ենթադրենք՝ մենք ունենում ենք ձվի սպիտակուց, որ շատ է մնում մեզ մոտ: Դրանից մենք սարքում ենք տարբեր գունավոր, սիրուն բեզեներ և ամեն շաբաթ ուղարկում ենք երեխաների համար հատուկ դպրոց: Նույնը անում ենք հացերի հետ: Եթե հացերը մնում են, մի մասը ուղարկում ենք այդ դպրոց, մի մասը սարքում ենք պաքսիմատ, մի մասը, եթե այսօր մնաց, հաջորդ օրը կարող է լանչին հյուրասիրություն լինի մեր հաճախորդներին: Ասեմ որ մեր հացերի պահպան ժամկետը շատ երկար է: Ես փորձել եմ հաշվարկը այնպես անել, որ ավելի լավ է ասենք, իրենց ուզածը վերջացել է, քան ավելորդ արտադրենք: Ես շատ դեմ եմ, երբ լինում է ուտելիքի կորուստ:

-Իսկ եղե՞լ է, որ Դուք խոհարարների հետ թխեք:

-Իհարկե: Ամենասկզբից միայն այդպես է եղել: Սկզբից ոչ մեկը չի եկել, ես եմ փորձարկել, հետո եկել են մարդիկ: Ես հիմնականում միշտ առաջին անգամ ինքնուրույն եմ փորձարկում, հետո եթե հաջողվում է, արդեն մյուսների հետ եմ անում, միասին ենք անում կամ ես իրենց ցույց եմ տալիս:

-Մենյու կազմելիս ի՞նչն եք հաշվի առնում: Օրինակ` պիցայի խմորը իրականում շատ բարակ է, բայց Հայաստանում շատ տեղեր պիցան շատ հաստ են անում, որովհետև հայերը հաց շատ են ուտում:

-Ճիշտ է: Ինձ համար շատ կարևոր է, որ ճաշակը մեզ մոտ ավելի զարգանա: Այնպիսի բաներ կան, որոնց մենք ծանոթ չենք: Եթե ես նման մի բան մտցնում եմ մենյուի մեջ, ապա ես փորձում եմ միշտ թողնել իրեն իր օրիգինալ ձևով: Ենթադրենք, մենք թխում ենք բագետ: Հաճախ բողոքում են, ասում են, թե ինչու է բագետը չոր, ինչի՞ է բագետի վրայի մակերեսը խրթխրթան, բայց բագետը այդպիսին պիտի լինի: Ասում են, որ ուրիշ խանութում փափուկ է: Բայց բագետը չի կարող երբեք փափուկ լինել, այն կարող է ունենալ փափուկ միջուկ, բայց ինքը վրայից պիտի լինի խրթխրթան: Պիտի այսպես բռնես ու կոտրես, ու այդ խրթոցը լսես: Ինձ համար դա շատ կարևոր է, ես չեմ պատրաստվում փոխել: Իմ բագետը փափուկ չեմ պատրաստվում սարքել, պետք  է լինի խրթխրթան, մեջը` փափուկ:  Քանի որ մենք սովոր չենք, սկզբի շրջանում, երբ ուտում ես սենդվիչ, մի քիչ բարդ է, բայց մի երկու անգամ ուտում ես, արդեն սովորում ես: Բայց մի շարք բաներ հաշվի եմ առնում: Հաշվի եմ առնում, որ վերջերս մեր քաղաքում շատերը սկսել են դառնալ բուսակեր, և հիմա մեր մենյուի մեջ կան մի քանի սենդվիչներ բուսակերների համար նախատեսված: Մսակերներն էլ են ուտում, որովհետև շատ համով են այդ սենդվիչները: Ես, օրինակ՝ շատ փորձում եմ կրճատել կոլայի, ֆանտայի և մնացած նմանատիպ խմիչքների օգտագործումը, դրա համար ալտերնատիվ լուծումներ եմ փնտրել: Ենթադրենք՝ մենք տալիս ենք կոմպոտ, տալիս ենք տնական լիմոնադներ, կոլա էլ ենք տալիս ստիպված, որովհետև շատ են պահանջում մեր հաճախորդները, բայց փորձում ենք նաև մի քիչ նոր բաներ էլ մտցնել և առաջարկել:

-Ովքե՞ր են Ձեր հիմնական հաճախորդները:

-Տարբեր մարդիկ են: Շատ: Ունենք շատ փոքր, այսինքն, մի տարեկան հաճախորդներ, որոնք շատ սիրում են Crumbs-ը: Ունենք երիտասարդներ, ունենք ձեր տարիքի երիտասարդներ, հաճախորդներ: Ունենք արտասահմանից շատ հաճախորդներ, որ Հայաստանում ապրում են, աշխատում են կամ սիրել են Հայաստանը տեղափոխվել են: Դժվարանում եմ ասել, շատ տարբեր են մեր հաճախորդները: Շատ նվիրված են Crumbs-ին, որը շատ ուրախացնում է ու հաճելի է:

-Իսկ երբ Ձեր ընկերներն են գալիս, Դուք հյուրասիրո՞ւմ եք, թե գալիս են որպես հաճախորդ:

-Հիմնականում հյուրասիրում եմ այն ժամանակ, երբ ես այդ ցանկությունը ունենում եմ, այսինքն, միշտ չեմ հյուրասիրում, որովհետև դա ճիշտ բիզնես-մոդել չէ: Ես հյուրասիրում եմ, իհարկե, երբ ես եմ իրենց հրավիրում, երբ այդպիսի տրամադրություն եմ ունենում, բայց  պարտադրված ինձ չեմ զգում: Իրենք էլ հաճախ, որ հյուրասիրում եմ, կատակով ասում են, թե այսպես որ գնա, իմ բիզնեսը երբեք բիզնես չի դառնա:  Մենք շատ հաճախ լինում է, որ ուղղակի մեր հաճախորդներին ենք հյուրասիրում որևիցե մի բան:

-Իսկ որո՞նք են Ձեր հետագա պլանները: 

-Այս պահի դրությամբ մենք ունենք մի փոքրիկ մեքենայի կցորդ, որը ժամանակին ծառայել է որպես լաբորատորիա, Սովետի ժամանակ: Հիմա ես վերանորոգել եմ այդ փոքր կցորդը, մաքրել ենք, փոքր խոհանոց ենք սարքել և ծրագրում ենք, մոտ ժամանակներս մի տեղ մեր քաղաքում կանգնեցնել, և կլինի մի հատ էլ փոքրիկ Crumbs-ի կետ: Այս պահի դրությամբ դրա վրա ենք աշխատում:

 -Շարժակա՞ն կցորդ:

-Այո, շարժական կցորդներից, բայց չի շարժվելու, մի տեղ կանգնած կլինի, բայց նախատեսված էր շարժական լինելու համար: Տեսնենք, եթե այդ նախագիծը հետաքրքիր լինի, հետագայում կզարգացնենք, նոր կետեր կավելացնենք:

-Իսկ Crumbs-ի դիզայնը, էլի՞ Ձերն է:

-Ամենասկզբում ընկերուհիս շատ է ինձ օգնել: Փայտի գույնը միասին ենք երկար որոշել, լամպերի պահը միասին ենք էլի որոշել, իր օգնությունը շատ է եղել, բայց այո, ոչ մի առանձնահատուկ այդպիսի այլ կազմակերպություն չի աշխատել դիզայնի վրա: Իմաստը եղել է, որ լինի շատ պարզ, լուսավոր, մաքուր, ոչ մի ավելորդ բան չլինի, բայց նաև, փոքր աքսեսուարներ կան, որ լրացնում են: Ենթադրենք, վարագույրների վրայի ասեղնագործությունը, որ մենք հատուկ խնդրել ենք, որ անեն: Կամ մի երկու հատ կախիչ: Օրինակ՝ կոմոդը իմ պապիկի մայրիկինն է եղել: Շատ երկար ժամանակ մեր ամառանոցի տանն էր, ձմռանը խոնավությունից փչանում էր:  Ես ասում էի, որ մի օր կբերեմ Երևան, ու կոմոդը կդնեմ ամենասիրուն տեղում, ու այդպես էլ եղավ:

-Ձեր մասնագիտությունը Ձեզ ինչքանո՞վ օգնեց:

-Իմ մասնագիտությունը ինձ ընդհանուր գաղափար, բնականաբար, տվել էր բիզնեսի կառավարման մասին, բայց իրականում պրակտիկայում ամեն ինչ շատ տարբերվում է, նամանավանդ, ես իմ կրթությունը ստացել եմ Անգլիայում, և այնտեղ մի քիչ տարբերվում է այստեղից: Օգնել է իհարկե, բայց երբ արդեն սկսում ես աշխատել, տեսնում ես, որ ամեն ինչ չէ, որ այնպես է լինում, ինչպես դասագրքերում էր: Իդեալական պայմաններ և իդեալական խնդիրներ չեն լինում: Բայց, իհարկե, օգնել է: Կրթությունը նաև ինձ օգնել է կարողանալ մարդկանց հետ կապեր ստեղծել, շփում ստեղծել: Ես կարող եմ ասել, որ ինձ ամենաշատը օգնել է իմ կրթությունը այլ հարցերում: Մենք շատ հաճախ դպրոցում տարբեր նախագծերի վրա էինք աշխատում, անում էինք թիմային աշխատանք, այսինքն, մենք միասին պիտի աշխատեինք որևիցե մի նախագծի վրա, և այդ աշխատանքի բաժանումը, թե ով է հետևելու, որպեսզի ժամանակին հանձնենք, ճիշտ հանձնենք, ով որ մասը պիտի իր վրա վերցնի, դա երևի ամենաշատն է ինձ օգնել, որպեսզի հետագայում կարողանամ ստեղծել իմ գործը:

-Աշխատանքի ընթացքում կատարված ի՞նչ զվարճալի դեպք կպատմեք:

-Կրտսեր եղբորս`Արամին, տարել էի Բայրոնի մասնաճյուղ, որտեղ խոհանոցը շատ փոքր է, ու այդ փոքր խոհանոցում լույսերն անջատվել էին, բայց պետք է արտադրենք: Մի փոքր վառարան կա, փոքր-փոքր, բայց պիտի անենք այդ հացերը, ճար չկա, մարդիկ առավոտյան սպասում են: Հիմա այդ փոքր վառարանի մեջ տանջվելով, չգիտեմ ինչ ֆոկուս-մոկուսներ անելով թխում ենք այդ հացերը: Արդեն առավոտվա ժամը 8-ն է, նոր վերջացրել ենք: Արամը քնել էր վառարանի մոտ, ես հոգնած եկա սրճարանում ասացի, թե 5 րոպե քնեմ: Պառկեցի ու քնել եմ, արդեն եկել են մատուցողները, արդեն բացել են սրճարանը, ու ես քնած եմ, չեն արթնացնում: Մեկ էլ արթնացա նրանից, որ հաճախորդներս մտան, բարևեցին, տեսան, որ ես քնած եմ, մեկ էլ մատուցողներից մեկը ասաց.
-Խնդրում եմ, էլի, կամաց, մեր տնօրենն է, քնած է:
Այդ մարդն էլ լուրջ պատասխանեց, որ  ոչինչ, լուրջ-լուրջ նստեց իր սուրճը խմելու, մեկ էլ ես  քնաթաթախ՝ մի աչքս մի տեղ, մի աչքս մյուս, վեր կացա, նստեցի, բարևեցի, ասաց, որ  քնեմ, հանգիստ քնեմ: Այնքան էինք ծիծաղել…

-Հիմա քանի՞ մասնաճյուղ ունեք:

-Երեք. Գլենդել Հիլզ թաղամասում՝ Արգիշտի փողոցի վրա, Մաշտոցի պողոտայի վրա ու Բայրոնի:

Զրույցը վարեցին` Լիլիթ Վարդանյանը, Արթուր Համբարձումյանը, Արամ Հարությունյանը, Մարիամ Նալբանդյանը

Հարցազրույցը գրի առավ Անի Ջիլավյանը, 17 տարեկան

lil vardanyan

Չմոռանաք մեզ

2005 թիվն էր, մտանք դպրոց: Աղոտ հիշում եմ բոլոր փուչիկները, ուրախ դեմքերը: Բոլորս հերթով կանգնում էինք աթոռին ու ինչ-որ հանելուկներ ասում: Հետո զանգ հնչեցրին, և բոլորիս տարան դասարաններ: Այլևս ոչինչ չեմ  հիշում, չէ՞ որ 12 տարի է անցել: Բոլորը շնորհավորում էին մեզ, իսկ մենք չէինք էլ հասկանում, թե ինչի համար: Ուղղակի մեզ արդեն շա՜տ մեծ էինք զգում, արդեն դպրոց գնացող մե՜ծ աղջիկներ ու տղաներ:

Հիշում եմ ծուռումուռ ձեռագիրս, մայրիկիս համբերատար դեմքը ինձ «Ձ» տառը սովորեցնելիս: Այդ չարաբաստիկ «Ձ» տառը…

Առաջին մեծ հաղթանակս 9-ի բազմապատկման աղյուսակն էր: Շատ դժվար հիշվեց, է…

Հինգերորդ դասարանում առաջին անգամ «2» ստացա: Հիշում եմ` բնագիտությունից էր, սովոր չէի, որ արդեն դժվար առարկաներ ենք անցնում: Հիշում եմ` ինչպես էի լաց լինում «2»-ի համար: Ու չէի հասկանում, թե ինչու են մեծերը ժպիտով մխիթարում ինձ: Հիմա ինքս եմ ժպտում դա հիշելիս:

Հիշում եմ կողքիս նստող տղային: Մենք դասարանի ամենաբարձրահասակներն էինք: Նա ամեն օր ինձ մատիտներ էր նվիրում ու շարք կանգնելիս ձեռքս կապտեցնելու աստիճան պինդ էր սեղմում: Հետո գնաց մեր դասարանից, արդեն դեմքն էլ լավ չեմ հիշում:

Փոքր էինք, երբ դպրոցները դարձան «ավագ» կամ «հիմնական»: Երբ վրա հասավ  9-րդ դասարանը, պետք է հեռանայինք: Այստեղից էլ սկսվեց իմ «դավթաշենյան» պատմությունը: Մե՜ծ, անծանոթ դպրոց, անծանոթ մարդիկ: Մտածում էի` ամեն ինչ վատ է լինելու, բայց հույսերս չարդարացան: Բոլորն էլ լավ ընդունեցին ինձ, շուտ սովորեցի և՛ անծանոթ թաղամասին, և՛ անծանոթ դպրոցին:

Ու վերջնական ձևավորվեց մեր դասարանը, իսկ ավագ դպրոցի երեք տարիները այնքան արագ անցան, ինչպես գծային հավասարումները: Կան չէ՞, հեշտ հավասարումներ, լուծումը մի րոպե էլ  չի տևում, և կան դժվար պարամետրական հավասարումներ. քննությանը դրանցից ամենաշատն եմ վախենում, բայց չմտածեմ քննության մասին, այսօր իմ վերջին զանգն է:

Այսօր բոլորիս համար շատ խառը օր է, երբ չգիտենք ինչ անել` ուրախանա՞լ, թե՞ տխրել: Առաջին հերթին, շնորհակալ ենք բոլոր նրանցից, ովքեր մեզ հանդուրժել են այս բոլոր տարիների ընթացքում: Եվ ներե՛ք մեզ, եթե ինչ-որ տեղ չենք արդարացրել ձեր հույսերը: Հիմա շատ տխուր և անսովոր է, չգիտենք` մեզ ինչ է սպասվում: Կկարոտենք ամեն ինչը, անգամ շենքը, դասարանը: Կկարոտեմ անգամ իմ հավատարիմ երթուղայինը, որն ինձ ամեն օր բերում էր այստեղ: Հրաժեշտ տալը միշտ էլ դժվար է. ևս մեկ անգամ շնորհակալ ենք ամեն ինչի համար:

Չմոռանաք մեզ` ձեզ բոլորիդ շատ սիրող տասներկուերորդցիներ:

Անելանելի երազներից մինչև մոդուլով սեր

Սենյակում, չգիտեմ ինչու, մութ է, ես էլ, չգիտեմ ինչու, պառկած եմ, բայց դա կապ չունի, ես պարզ նախադասությունները փոխակերպում եմ բարդի: Ես շատ կարևոր գործ եմ անում, շատ: Ինչ-որ զարթուցիչիս ձայնին նման ձայն է լսվում: Միայն թե ոչ հիմա, ախր ես փոխակերպումներ եմ անում, չի կարելի հիմա արթնանալ: Հինգ րոպեից, գոնե հինգ րոպեից, գոնե մի նախադասություն էլ գրեմ, նոր: Զարթուցիչս ձայնը չի կտրում: Ես ամուր զգում եմ գրիչը ձեռքերիս մեջ: Գրի՞չ, ձեռքերիս մե՞ջ, հիմա հաստատ բարձս կթանաքոտեմ: Զարթուցիչի ձայնը գնալով ուժեղանում է: Ի՞նչ գրիչ, ձեռքերիս մե՞ջ, անկողնու՞մ: Հա, էլի իմ աննորմալ երազներից էր: Լավ է արթնացա: Մի կերպ բացում եմ աչքերս, կամ հաճախ չեմ էլ բացում ու սողում եմ դեպի լոգարան: Կարևորը վեր կենալն է, արթնանալը` հետո: Պատրաստվում եմ ու գնում դեպի կանգառ, որ դպրոց գնամ: Երթուղայինում գարնանային հաճելի արևը ընկնում է վրաս, աչքերս նորից փակվում են: 

-Արագացրու, Մարիամ, արագացրու:

-Չէ, ես չգիտեմ պատասխանը: Իսկ գուցե հատույթը AC կողմո՞վ է անցնում:

-Ես չգիտեմ:

-Դու հիմա բաց կթողնես կանգառդ: Դու պետք է լուծես խնդիրը, թե չէ չես կարող իջնել:

Կանգառը մոտենում է: Ես պետք է լուծեմ տարածաչափական բարդ խնդիրը, թե չէ չեմ կարողանա իջնել: Տագնապը ուժեղանում է, և ես զգում եմ սրտիս զարկերը: Մտածիր, մտածիր, մտածիր, թե չէ հավերժ երթուղայինում կմնաս: Վախն ավելի է ուժեղանում ու վերջապես բացում եմ աչքերս:

-Կանգառում կկանգնեք:

Ինչ լավ է, որ իրականում երթուղայինի դռների վրա ծածկագիր չկա երկրաչափության խնդրի տեսքով: Լուծիր խնդիրը, թե չէ հավերժ քնած կմնաս, կամ երթուղայինի մեջ: Ինչ լավ է, որ սրանք ընդամենը իմ երազներն են, արդեն սովորական դարձած իմ հիմար երազները: Դպրոցի մոտ ինչ-որ կատվի հետևից եմ ընկնում ու գնում դասի:

-Էլի փիսոների հետևի՞ց էիր վազում,- հարցնում է ընկերուհիս:

-Հա,- պատասխանում եմ ես ու տեսնելով մշտական դեմքը` ինձնից ու իմ փիսոներից հոգնած, շարունակում եմ,- չէ, դու չես հասկանում: Իմ սերը փիսոների նկատմամբ բացարձակ ա, մոդուլով, հասկանու՞մ ես: Ես իրանց սիրում եմ առանց հպարտության, ուրիշ ոչ մի բան ես մոդուլով չեմ սիրում: Ես փիսոների հետևից վազում եմ իմ հպարտությունը մոռացած, ընդհանրապես ինձ մոռացած, հասկանու՞մ ես,- նկատելով, որ էլ ինձ ոչ ոք չի լսում, ձայնս կտրում եմ: Մոդուլով սեր, բան գտա ասելու:

Ուղղակի երևի մաթեմատիկան մի քիչ վրաս ազդել է: Արդեն կատակներս էլ են մոդուլով, մոդուլից դուրս են գալիս առանց հումորի զգացումի:

-Մարիամ, հասնու՞մ ես:

-Արմատ տասը րոպեից տանը կլինեմ:

«Արմատ տասը, շատ զվարճալի էր»,- ինքս ինձ ձեռ եմ առնում ամեն հիմար կատակից հետո: «Il vaut mieux երկխոսություններդ անգիր անես»: Ինքս ինձ ձեռ առնելու պատճառներից մեկն էլ վերջերս հայտնաբերած «շնորհս» է: Ես ոչինչ չեմ կարողանում անգիր անել: Նկատելով այս հատկությունս ուսուցիչներս տարբեր ռեակցիաներ տվեցին:

-Պետք էլ չի, շատ լավ, ամեն ինչ մտածելով կանես,- ասաց մաթեմիս դասախոսը:

-Ոչինչ, Մարիամ ջան, փորձիր կապել ինչ-որ բանի հետ, որ հիշես,- մխիթարեց ֆրանսերենի ուսուցչուհիս, որովհետև ֆրանսերենում պետք է գալիս ինչ-որ բաներ պարզապես հիշել: Ֆրանսերենը ուրիշ է:

-Թարգմանություն կանենք մինչև 40-ը,- հայտարարեց պարապմունքի վերջում ուսուցչուհիս:

-Բա՞ց միջակայք, թե՞ փակ,- հարցրի ես ու զարմացա, թե ինչու է ամբողջ խումբս ժպիտով ինձ նայում: -Նկատի ունեմ 40-ը ներառյա՞լ:

Իսկ հիմա այդ արտահայտությունը դարձել է մեր խմբի մշտական արտահայտություններից մեկը, բոլորն էլ արդեն այդպես են ասում` բաց միջակայք, կամ փակ…

Չգիտեմ ուղղանկյուն սեղանը փոքր հիմքի շուրջը պտտելիս ինչ պատկեր է ստացվում, բայց ինձ արդեն մի քիչ արձակուրդ է հարկավոր: