Տարբեր մարդիկ իրենց զգացմունքները արտահայտում են տարբեր կերպ: Ես մարդկանց այն խմբին եմ պատկանում, որոնց հուզելը դժվար է: Չեմ ասում զգացմունքային չեմ, ուղղակի միշտ չէ, որ կարողանում եմ լաց լինել…
Առաջին իսկ օրվանից, երբ ոտք դրեցի 17.am, միշտ ուրախ պահեր եմ ունեցել: Ամեն մի փոքրիկ հաջողությունից թռվռացել եմ, այդ պահերին կարծես աշխարհը նվիրեն ինձ: «Մանանա»-ից ամեն անգամ զանգ ստանալուց սիրտս սկսում էր շատ արագ բաբախել: Արդեն իսկ զգում էի, որ մի բան փոխվելու է:
Վերջին զանգին ստացա մրցանակաբաշխությանը մասնակցելու հրավեր: Ոգևորված էի: Հաճախ չէ, որ կրկին կհանդիպեի ամենաբարի աշխատողներին և կտեսնեի ընկերներիս, որոնց հետ միայն 17.am-ի միջոցով ծանոթացա:
Եվ ահա ոգևորված հասա Երևան: Գրեթե մեկ շաբաթ պլաններ էի կազմում: Հասա, և սկսվեց մրցանակաբաշխությունը, այնքան ոգևորված էի… 17.am-ը ժյուրի ուներ, և նրանք ընտրել էին նաև իրենց հավանած ակտիվ թղթակցին՝ իրենց կողմից պարգևատրելու համար:
Առաջինը բեմ բարձրացավ լրագրող Ռուզան Մինասյանը, մի քանի խոսք ասելուց հետո արտաբերեց իմ անուն ազգանունը: Հուզված էի, չգիտեի՝ ինչ անել: Ուղղակի չէի հավատում: Մի քայլ առաջ եկա, հետո հետ քաշվեցի՝ մտածելով, որ գուցե սխալվել են, բայց փաստորեն, չէ… Բարձրացա բեմ, կանգնեցի նրա կողքին, ասաց, որ իմ արած գործերը շատ է հավանել, որ կարողանում եմ պատկերացնել շատ լավ և ինձ մեկնեց մի մեծ նվեր… Նա ինձ հանձնեց լրագրողի իր աշխատանքային գործիքը՝ տեսախցիկը, որով ինքն էր իր նյութերը նկարահանում ու նկարում:
Երբեք չէի պատկերացնի, որ ինձ հետ նման բան կլինի: Գլուխս մեխանիկորեն կախեցի: Մեծ հպարտություն էի զգում, շատ ոգևորված էի և շատ հուզված: Գրկախառնվեցինք և իջա բեմից: Ոտքերս դողում էին, մի պահ մտածեցի, թե երազ է…Աչքերս լցվել էին, եթե մենակ լինեի, հաստատ մի լավ ժպիտով կլացեի` ժպիտով, որովհետև դրանք ուրախության արցունքներ կլինեին: Շատ պարտավորեցնող էր Ռուզան Մինասյանից նման նվեր ստանալը: Բեմիս իջնելուց հետո արդեն մտածեցի, որ չպետք է բավարարվեմ միայն լուսանկարներ անելով`պետք է նաև ֆիլմի սցենարներ մտածեմ: Շատ շնորհակալ եմ նրան ինձ այդպիսի հնարավորություն տալու համար, հավատացած եղեք, որ ձեր հույսերը կարդարացնեմ`անպայման կարդարացնեմ…
Ախ, որ պատկերացնում եմ, թե ինչեր կկորցնեի, եթե չթղթակցեի 17.am-ին… Սա իմ առաջին հաջողությունն էր, բայց ոչ վերջինը: Այժմ նստած եմ երթուղային մեքենայում և Երևանից-Լիճք եմ վերադառնում, գալիս եմ իմ գյուղ՝ ուրախությունս ընտանիքիս, ընկերներիս հետ կիսելու համար:
Իմ հետևում մի կին էր նստած իր երեխաների հետ, որդին մեկ տարեկան էր և արտասանում էր իր առաջին բառերը` մայրիկ, հայրիկ, ամենաթանկ բառերը աշխարհում…
Նա ասում էր իր առաջին բառերը, ես անում եմ իմ առաջին քայլերը: Եվ այդ ամենի համար շնորհակալ եմ ծնողներիս, շնորհակալ եմ 17.am-ի աշխատակազմին և իհարկե, Ռուզան Մինասյանին՝ ինձ այսպես ոգևորելու և խրախուսելու համար:
Սպասեք ապագա լրագրող Լիլիթ Խլղաթյանին, ես արդեն արել եմ իմ առաջին քայլը:
Սոնան ասում է, որ քաղաքի գարունը սկսվում է այն ժամանակ, երբ նա նայում է իր տատի զմրուխտե, կանաչ աչքերին: Ինչքան մեծ կարոտ կա սրանում, չէ՞: Այ, նման մի կարոտ էլ մենք՝ տասնյոթցիներս, ունենք, որ հաճախ իրար հենց այստեղ էլ գտնում ենք՝ պարզ ու անկեղծ պատմությունների, ուրախ ու տխուր նյութերի էջերում:
Դվժար թե մտածեի այս մասին, եթե չլիներ Անահիտը, որ, ինձ տեսնելով, ամեն անգամ վազում է ընդառաջ՝ մոռանալով փողոցը, մեքենաներն ու մարդկանց: Դժվար թե մտածեի այս մասին, եթե չլինեին Լիդուշի ու Լուսոյի ամուր գրկերը, Միլենի խաղաղությունն ու Դիանի ժպիտը: Դժվար թե մտածեի այս մասին, եթե չլինեին Սոֆին, Զարան, Աստղիկը, Սոնան, Մանեն ու Անին՝ ճամբարային մեր ուրախ հուշերով: Եվ դժվար թե մտածեի, եթե չկարդայի տիկին Ռուզանի գրածը այն մասին, որ ինքն օրվա լռության մեջ լսում է միշտ քչքչոցը հարյուրավոր աղբյուրների, որոնք հենց մենք ենք՝ մեր հոգսերով ու երազանքներով:
Շնորհակալություն օրվա, ժպիտների ու գեղեցիկ նվերների համար: Հաճելի է լինել գնահատված, արժևորված… Չէ:
Ես էսպես էլ չեմ ուզում սկսել ասելիքս: Ու երևի չգիտեմ էլ` ոնց սկսեմ: Չգիտեմ ոնց սկսեմ, ինչից սկսեմ, ուր տանեմ, ուր հասնեմ: Բայց մի րոպե: Ես արդեն ինչ-որ բանի հասել եմ: Ինչ-որ լուրջ ու կարևոր բանի: Անիմաստ է ասելս, թե ապրիլի 28-ը ինչ օր էր: Ես էլ գիտեմ, դու էլ, այն երրորդ մեկն էլ: Դրա մասին արդեն շատ է խոսվել: Ոչ էլ ուզում եմ պատմել, թե ես ինչպես եմ հայտնվել այստեղ: Հնարավոր է, որ քո պատմությանը նման է: Ասենք, որ դպրոցից եմ իմացել: Բայց չէ: Էդպես չի եղել: Ինչը նշանակում է, որ հնարավոր չէ: Բայց երևի նրա պատմությանն է նման: Հիմա դրա մասին խոսելու հավես չունեմ ու ամենայն հավանականությամբ դու էլ դրա մասին լսել-կարդալու հավես չունես: Շատ ես լսել:
Դահլիճում նստած մի տեսակ անջատված ծափահարում էի, երբ հանկարծ անունս հնչեց: Չէի սպասում անունս լսելուն: Բայց ստացվեց: Ես երկրորդ շարքում էի նստած ու դահլիճից բեմ տանող ճանապարհը ոչ երկար էր թվում, ոչ կարճ, ոչ տագնապող: Կարճ ասած, չէր էլ թվում: Քայլում էի, որովհետև դահլիճում արդեն շողացող ու հարազատ դեմքեր էին նշմարվում: Դե ես էլ եմ մրցանակակիր:
Անակնկալի եկա, երբ անունների վերջում հնչեց նաև իմ անունը, ու ես՝ Մանանայի շրջանավարտ և աշխատակից Մանե Տոնոյանի անհատական հովանավորությամբ, ում շնորհակալ եմ իմ նյութերը կարևորելու, գնահատելու ու մրցանակի արժանացնելու համար, արժանացա մրցանակի, ստացա դիպլոմ «Իրական կյանքը լավագույնս արտացոլելու համար»: Հուզմունք ու անսպասելի անակնկալի արժանանալու զգացումը պարուրեց ինձ:
Մի օրվա մեջ 7-8 ժամ ճանապարհ գնալու և հոգնածության մասին մոռանում ես, երբ հանդիպում ես «Մանանայի» անդամներին, երբ հիշում ես նրանց հետ անցկացրած ակնթարթները…
Հետո եկավ ինձ համար այդ օրվա ամենահիշարժան պահը: Ծյոմը երկու խոսք ուներ ասելու: Անկեղծ, շատ հուզվեցի: Թող նրա մնացած ասածները մնան այնտեղ, որովհետև ես դա խիստ անձնական եմ համարում: Բայց էս մի կտորը պիտի ասեմ:
Երեկ իմ աշխատանքի արդյունքը գնահատվեց։ Ստացա դիպլոմ և մրցանակ «Գյուղական պատմությունների համար»: Աննկարագրելի ուրախ էի։ Մրցանակը ստանալուց հետո մեծ երախտագիտություն ու պատասխանատվություն եմ զգում։ Այնքան պահեր են եղել, երբ չեմ կարողացել նյութ գրել, «մուսա» չեմ ունեցել։ Բայց երբ ինձ քաջալերել են, որ նյութ գրեմ, «մուսաս» միանգամից եկել է։ Այսօր առավոտյան էլ կարծես 17-ի աշխատակազմի ձայնն էր ակաջներիս մեջ, և ես արթնացա ու հիշեցի, որ պետք է անպայման նյութ գրեմ։
Ծափահարություններից հետո գնացի նստեցի, անցավ երկու րոպե և մոտեցավ Լիլիթը:
Ես էլ նույն ձևով եմ սկսել: Մեկուկես տարի առաջ դպրոցի տնօրենն ասաց, թե ժուռնալիստներ են գալիս հարցազրույց վերցնելու: Վահեն երկար ժամանակ թղթակցում էր 17-ին ու ոչ մի անգամ չէր ասել. «Երեխեք, սենց բան կա, կարաք դուք էլ մասնակցեք»: Ինչևէ, հիմա արդեն «Մանանայի» սան եմ: Ես ու Նարեկը այնքան աչքի չենք ընկնում նյութեր գրելով, ավելի շատ մենք անում ենք ֆոտոներ ու նկարում ֆիլմեր: Երևի ծիծաղելի կհնչի, բայց մեր առաջին լուրջ վավերագրական ֆիլմը մենք նկարել ենք հեռախոսներով: Հա, հա, հենց հեռախոսներով: Իմ կարծիքով, դա շատ հաջողված ֆիլմ էր: «Մանանայի» շնորհիվ էլ սկսվեց մեր երազանքների իրականացումը: Ես երկար երազելուց հետո ունեցա պրոֆեսիոնալ ֆոտոխցիկ, որով կկարողանայի ավելի լավացնել ֆիլմի որակը, իսկ հիմա արդեն «Մանանայի» ջանքերով ես ու Նարեկը, հա, ավելացնեմ, մեզ միշտ ասում են եղբայրներ ենք, բայց չէ, ընկերներ ենք: Ես ու Նարեկը որպես լավագույն թիմ ստացանք GoPro տեսախցիկ, էքստրեմալ վիդեոներ են սպասվում: Սրանից հետո մենք արդեն պարտավորված ենք անել ամեն ինչ մեր պատանի թղթակիցների ցանցի համար: Հա, մոռացա ավելացնեմ, որ կարող է շատերիդ համար երկրորդ տունը դպրոցը լինի, բայց ինձ համար իմ երկրորդ տունը «Մանանայի» գրասենյակն է, որտեղ բոլորն ինձ հարազատ են: Եվ այսպես, լավագույն թի՞մ: Ուրեմն սպասեք լավագույն թիմից լավագույն ֆիլմերը: Նարեկի հետ՝ ի գործ: